== Գլուխ տասներորդ։ Պարոն Մարվըլի այցելությունը Այպինգ ==
Երբ խուճապի առաջին փոթորիկը հանդարտվեց, Այպինգում ծայր տվին վեճերը։ Թերահավատությունը հանկարծ ցցեց գլուխը, մի քիչ անհանգիստ ու անվստահ, բայց այդուհանդերձ թերահավատություն էր դա։ Շատ ավելի հեշտ էր չհավատալ Անտեսանելի Մարդու գոյությանը. իսկ ովքեր նրա հօդս ցնդելն էին տեսել կամ էլ իրենց մարմնի վրա զգացել էին նրա բռունցքների ուժը՝ ձեռքի մատների վրա էին համրվում։ Այս վկաներից պարոն Ուեջըրզն առայժմ չէր երևում․ նա անմերձենալիորեն քաշվել էր իր իսկ տան սողնակների և նիգերի ետևը, իսկ Ջեֆըրզը անզգա պառկել էր «Կառք ու ձիեր»-ի հյուրասենյակում։ Մարդկային փորձառության սահմաններից դուրս եկող մեծ և արտասովոր մտքերը շատ ավելի քիչ են ներգործում տղամարդկանց ու կանանց վրա, քան աննշան, բայց և այնպես շոշափելի նկատառումները։ Այպինգը զվարթորեն դրոշազարդվել էր, և ամեն ոք զուգվել էր։ Վերջին մեկ-երկու ամսում ամենքը սրտատրոփ սպասել էին Հոգեգալստյան տոնին։ Կեսօրից հետո, մինչև իսկ նրանք, ովքեր հավատում էին Անտեսանելիի գոյությանը, փորձնական կարգով վերսկսեցին իրենց մանր-մունր զվարճությունները, ենթադրելով, թե նա ընդմիշտ հեռացել էր, իսկ թերահավատների համար արդեն կատակի նյութ էր դարձել։ Բայց բոլոր մարդիկ, թերահավատ, թե հավատացող, ամբողջ օրն արտակարգորեն սիրալիր էին։
Հեյմենի մարգագետինը զվարթ տեսք էր ընդունել այնտեղ կանգնած վրանով, որի տակ տիկին Բանթինգը և ուրիշ լեյդիներ թեյ էին պատրաստում, մինչ դրսում, կիրակնօրյա դպրոցի երեխաները վազքի մրցման էին դուրս գալիս և զանազան խաղեր խազում փոխերեցի և օրիորդներ Քասի և Սեքբաթի աղմկոտ ղեկավարությամբ։ Անկասկած, մթնոլորտում թէթև մի անհանգստություն կար, բայց մեծ մասամբ մարդիկ իրենց մտավախությունները թաքցնելու ողջմտությունն ունեին։ Պատանիներին չափազանց գրավում էր թեք ձգված մի ճոպան, որի ճախարակի բռնակից կախված՝ նրանք գահավեժ զարնվում էին մյուս ծայրում գտնվող պարկին։ Կային նաև ճլորթիներ, հրաձգարաններ ու պարի հրապարակներ, իսկ ճլորթիներին կից զետեղված շոգե երգեհոնը օդը լցնում էր մազութի սուր հոտով և նույնքան սուր հնչող երգերով։ Ակումբի անդամները, որոնք առավոտյան եկեղեցի էին գնացել, փայլում էին իրենց վարդագույն ու կանաչ կրծքանշաններով, իսկ ավելի զվարճասերները իրենց խողովակաձև գլխարկները պճնել էին վառ գույնի ժապավեններով։ Ծերուկ Ֆլեչըրը, որ մի քիչ խիստ պատկերացում ուներ տոնական հանգստի մասին ինչ երևում էր պատուհանի հասմիկների կամ էլ բաց դռան միջով (նայած ո՛ր կողմից կբարեհաճեիք դիտել)․ նա զգույշ կանգնել էր երկու աթոռների վրա երկարած տախտակին, և իր հյուրասենյակի առաստաղն էր սպիտակեցնում։
Ժամը չորսի մոտերքը սարահարթի կողմից մի անծանոթ մոտեցավ գյուղին։ Կարճ ու գիրուկ մի մարդ էր նա, չափազանց քրքրված գլխարկով։ Երևում էր, որ շնչակտուր էր․ այտերը փոխնիփոխ ուռչում էին ու սմքում, պեպենոտ դեմքը վախեցած էր, և նա քայլում էր մի տեսակ ակամա արագությամբ։ Եկեղեցու անկյունը հասնելով, նա թեքվեց ու բռնեց «Կառք ու ձիեր»֊ի ճանապարհը։ Ուրիշների նման ծերուկ Ֆլեչըրն էլ տեսավ նրան և իրոք, ծերունի ջենտլմենին այնքան գրավեց անծանոթի արտակարգ խռովահույզ վիճակը, որ անուշադրությամբ թույլ տվեց, որ վրձնի ամբողջ կրաջուրը բաճկոնի թևքով ներս հոսի։
Հրաձգարանի տիրոջ վկայությամբ անծանոթը լսելի ձայնով ինքն իրեն խոսում էր։ Նույնը նկատեց և պարոն Հաքսթըրը։ Մարդը կանգ առավ «Կառք ու ձիեր»֊ի արտասանդուղքի առաջ և, ըստ պարոն Հաքսթըրի, մի բուռն ներքին պայքար մղեց նախքան բռնադատեg ինքն իրեն, որ պանդոկ մտնի։ Ի վերջո աստիճաններով վեր բարձրացավ, ու, ինչպես նկատեց պարոն Հաքսթըրը, դեպի աջ թեքվեց ու բացեց հյուրասենյակի դուռը։ Պարոն Հաքսթըրը սենյակի ներսից և խորտկարանից լսեց ձայներ, որոնք զգուշացրին անծանոթին, թե սխալ դուռ է ծեծում։
― Այդտեղ չի կարելի,— գոչեց Հոլը և անծանոթը ձախլիկ շարժումով փակեց դուռը և խորտկարան մտավ։
Մի քանի րոպե անց վերերևաց․ ձեռքով շրթները սրբելիս նա ընդունեց հանգիստ բավարարության այնպիսի մի տեսք, որը շինծու թվաց պարոն Հաքսթըրին։ Նա մի քիչ կանգ առավ ու շուրջը դիտեց, ապա պարոն Հաքսթըրը տեսավ, որ գողեգող քայլվածքով ուղղվեց դեպի դարպասն այն բակի, որի վրա բացվում էր հյուրասենյակի պատուհանը։ Անծանոթը մի քիչ վարանելուց հետո, կռթնեց դարպասի ձողափայտերից մեկին, գրպանից հանեց կավե կարճ ծխամորճը ու պատրաստվեց լցնել այն, մատները դողում էին։ Նա անճարակորեն վառեց ծխամորճը և բազուկները խաչաձև ծալելով սկսեց ծխել, ընդունելով ձանձրացած մարդու կեցվածք, որին բնավ չէին սազում այն արագ հայացքները, որ մերթ ընդ մերթ նետում էր բակի մյուս կողմը։
Պարոն Հաքսթըրը այս բոլորը տեսավ ծխախոտի կրպակի պատուհանում զետեղված թիթեղյա տուփերի վրայով և անծանոթի տարօրինակ շարժուձևերը նրան մղեցին շարունակելու հսկողությունը։
Քիչ անց, անծանոթը ընդոստ ուղղվեց տեղում և ծխամորճը գրպանը դրեց։ Ապա չքացավ բակում․ պարոն Հաքսթըրը իսկույն գլխի ընկավ, թե ինչ֊որ մանր գողության ականատես է լինում, մի պտույտ գործեց կրպակի շուրջը և փողոց վազեց, որպեսզի կտրի գողի ճանապարհը։ Մինչ այդ, երևաց պարոն Մարվըլը, գլխարկը թեք դրած, մի ձեռքում՝ սեղանի կապույտ ծածկոցով մի փաթեթ, մյուսում՝ երեք գիրք, որոնք ինչպես հետո պարզվեց, կապված էին երեցի տաբատակալով։ Հենց որ Հաքսթրրին տեսավ, նա մի տեսակ տնքոց արձակեց և միանգամից շրջվեց դեպի ձախ և սկսեց վազել։
― Բռնեցե՛ք գողին,— բղավեց Հաքսթըրը և ընկավ անծանոթի ետևից։
Պարոն Հաքսթըրի ապրումները շատ բուռն, բայց կարճատև եղան․ տեսավ, թե ինչպես հենց իր քթի տակ մարդը նետվեց դեպի եկեղեցու անկյունը և բռնեց բլրի ճամփան։ Ավելի հեռվում տեսավ գյուղի դրոշներն ու տոնախմբությունը և իր կողմը դարձած մի քանի մարդկանց դեմքերը։
― Բռնեցե՛ք,— հորից գռռաց Հաքսթըրը։
Հազիվ մի տասը քայլ էր վազել, երբ ինչ֊որ խորհրդավոր ձևով բռնեցին սրունքները և նա այլևս չէր վազում, այլ աներևակայելի արագությամբ թռչում էր օդում։ Եվ հանկարծ քթին դեմ ու դեմ տեսավ գետինը։ նրան թվաց՝ աշխարհը շաղ եկավ միլիոնավոր ոլոր֊մոլոր կայծերով, իսկ հետագա դեպքերն այլևս չհետաքրքրեցին նրան։
== Գլուխ տասնմեկերորդ։ «Կառք ու ձիեր» պանդոկում ==