Ամենակորստաբերն այն էր, որ գաղթականության պատճառով, Ղարաբաղի հայ ժողովրդի բացակայության ժամանակ, նրանց երկրները, գյուղերը, հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ դեպքից օգուտ քաղելով, Շուշի բերդի Իբրահիմ-խանը և նրա հաջորդ Մեհտի-խանը գրավեցին մելիքների երկրները և բնակեցրին մահմեդականներով։ Երբ Ղարաբաղի գաղթականների մի մասը կրկին վերադարձավ իր հայրենիքը, մելիքներին մեծ ջանք էր հարկավոր, որ կարողանային խաներից հետ խլել իրանց գյուղերն ու հողերը և, նոր բնակեցրած մահմեդականներին հեռացնելով, նրանց տեղը հաստատեին երկրի վաղեմի բնակիչներին՝ հայերին։ Ռուսաց նոր տիրապետությունն այդ ժամանակ դեռ այն աստիճան օրորվող դրության մեջ էր, որ ռուսները ոչ միայն ժամանակ չունեին, այլ մինչև անգամ հարկավոր չէին համարում մելիքների և խաների կալվածական վեճերի մեջ մտնել, և այդ էր պատճառը, որ մելիքներից շատերը կորցրին իրանց ընդարձակ կալվածները, կամ ձեռք բերեցին նրանց մի մասը միայն։ Ինչպես ասում են, խաների «խաթրին» այդ ժամանակ չէին ուզում դիպչել, իսկ հավատարիմ, քրիստոնյա մելիքներին շողոքորթելու հարկ չկար։
===XLI===
Մնում է մեզ մի քանի խոսք ասել Գյուլ-Յաթաղ բերդի Մելիք-Ալլահվերդյան Մելիք-Ռուստամի մասին, և մենք շուտով կվերջացնենք Խամսայի մելիքությունների հետ։
Ընթերցողը հիշում է, որ Մելիք-Ռուստամը Խամuայի տիրապետող մելիքների կարգից չէր, այլ Շուշի բերդի մահմեդական խաներին մատուցած ծառայությունների համար մելիքություն ստացավ։ Նա իր զորքերով օգնեց Իբրահիմ-խանին Գանձակի պաշարման ժամանակ և Մելիք-Մեջլումի սպանման պատճառը դարձավ (տես գլ. XXXIII)։ Նա Աղա-Մամադ-խանի սպանվելուց հետո օգնեց Իբրահիմ-խանին, և վերջինը կրկին Շուշի բերդի տերը դարձավ (տե՛ս գլ. XXXIV)։ Նա ուրիշ շատ ծառայություններ կատարեց Շուշի բերդի բռնակալի օգտին ի վնաս հայոց մելիքների, այդ բոլորը իրանց տեղերում պատմել ենք։
Ղարաբաղի մելիքների վերջին գաղթականության ժամանակ Մելիք-Ռուստամը իր հայրենիքից չհեռացավ։ Նրա հարաբերությունները Շուշի բերդի Իբրահիմ-խանի հետ այնքան լավ էին, որ նա կարիք չուներ օտար երկրներում ապահովություն որոնելու։ Բայց մյուս կողմից նրան սպառնում էր մի վտանգ, այն էր Գանձակի Ջավադ-խանի վրեժխնդրությունը։
Ջավադ-խանը չէր կարող մոռանալ, որ նա, Իբրահիմ-խանի հետ միանալով, պաշարեց իր բերդը, դավաճանությամբ իր աներ Ապրես-աղային մտցրեց բերդի մեջ, տեղային հայերին ապստամբեցրեց իր դեմ, Մելիք-Մեջլումին սպանել տվեց և այլն։
1799 թվին, այսինքն՝ Մելիք-Մեջլումի մահից երեք տարի հետո, Ջավադ-խանը հարմար ժամանակ գտավ Մելիք-Ռուստամից վրեժխնդիր լինելու։ Նա իր զորապետներից մեկի առաջնորդությամբ, որին կոչում էին Մըրղ-հաջի, որը ավելի հսկա էր, քան թե հասարակ մարդ, բազմաթիվ ասպատակներ է ուղարկում Մելիք-Ռուստամի երկիրը ավերակ դարձնելու և նրան գերի բերելու համար։ Մելիք-Ռուստամը, այս լսելով, վեր է առնում իր ձիավորների խումբը և դուրս է գալիս թշնամու հանդեպ։ Մելիքի հետ է լինում նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանան<ref>Այդ տեր-Հարությունը Աստվածատուր քահանայի որդին էր և նշանավոր Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) տոհմիցն էր, Ջրաբերդի Մեծ-շեն կոչված գյուղից, ուր մինչև այսօր ապրում են Դալի-Մահրասայի ժառանգները և հայտնի են իրանց քաջությամբ։</ref>։ Նրանք հանդիպում են թշնամուն Սուլթանի տափ կոչված դաշտում<ref>Սուլթանի տափը գտնվում է Մարդակերտ գյուղի մոտ, Թարթար գետի աջ ափի մոտ։</ref>։ Թշնամին մի քանի անգամ ավելի բազմաթիվ է լինում, քան մելիքի զորքերը։ Բայց որովհետև այդ ժամանակվա կռիվների մեջ հակառակ կողմերի բախտը վճռվում էր շատ անգամ առաջնորդող անձինքների մենամարտությամբ, քան թե զորքերի հավաքական պատերազմով, այդ պատճառով Մըրղ-հաջին կայծակի արագությամբ նետվում է Մելիք-Ռուստամի վրա։ Վերջինը ժամանակ չէ տալիս նրան իր մոտ հասնելու և հեռվից հրացանի գնդակով ցած է գլորում նրա ձին, և հսկան մնում է ձիու տակը։ Այդ միջոցին Մելիք-Ռուստամն արծվի արագությամբ վրա է հասնում, թուրը մերկացնում է, պատրաստվում է սպանել նրան։ Բայց հսկան աղաչում է խնայել իր կյանքին, հայտնելով, թե անձնատուր է լինում է Մելիքը մեծահոգությամբ խղճում է նրան և, իր թուրը պատյանում դնելու միջոցին, ուխտազանց թուրքը, որ թավալված էր նրա ոտների մոտ, տակից հանկարծ արձակում է ատրճանակը և մելիքին մահացու վերք է պատճառում։ Այդ միջոցին վրա է հասնում մելիքի նիզակակից տեր-Հարությունը, գտնում է նրան հոգեվարքի մեջ։ Թողնելով նրան նույն դրության մեջ, հարձակվում է Մըրղ-հաջիի վրա և սպանում է նրան։ Բայց ինքն ևս սպանվում է նույն կռվի մեջ, երբ կատաղած մահմեդականները, տեսնելով իրանց առաջնորդի դիակը, ավելի սաստկացնում են կռիվը։
Մելիք-Ռուստպմի գլուխը կտրում են և տանում Գանձակ, նվիրում են նրա թշնամի Ջավադ-խանին, որից տեղային հայերը խնդրելով առնում են քաջ մարդու գլուխը և թաղում են իրանց եկեղեցու դռան մոտ։ Իսկ մարմինը թաղվում է իր հայրենի Գյուլ-Յաթաղ բերդի գերեզմանատանը<ref>Մելիք-Ռուստամի և նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանայի շիրիմները կից ենք դրած են միմյանց մոտ. երկուսի տապանաքարերն ևս կրում են միևնույն թվականը՝ հայոց ՌՄԽԸ (1799)։</ref>։
Մելիք-Ռուստամը որդի չթողեց<ref>Մելիքի մահից չորս ամիս հետո նրա կին Վարթ-խաթունը ծնեց Բալա-բեկին։</ref>. այդ պատճառով նրա մահից հետո մելիք եղավ նրա եղբոր՝ Միրզա-բեկի որդի Րովշանը։
Մելիք-Րովշանը իր նախորդների նման բարեկամ չմնաց Շուշի բերդի խաներին և մասնակցում էր ռուսաց կռիվներին խաների դեմ։ Գանձակի պաշարման ժամանակ նա իր խումբով գտնվում էր իշ. Ցիցիանովի բանակի մեջ և քաջությամբ կովում էր Ջավադ-խանի դեմ, որի հետ ունեցած թշնամությունը, թե Մելիք-Ռուստամի սպանման պատճառով և թե առաջ, մեր ընթերցողներին հայտնի է։
Երբ իշ. Ցիցիանովը գրավեց Գանձակը, Մելիք-Րովշանը թողեց Ջրաբերդը և իր ընտանիքով տեղափոխվեցավ այդ քաղաքը, վայելոււմ էր իշ. Ցիցիանովի առանձին համակրությունը։
Այնուհետև նա շատ ծառայություններ արեց ռուսաց զորքերին, թե նյութապես և թե իր քաջ ձիավորների խումբերով օգնելով նրանց։ Երբ պոլկովնիկ Կարյագինը, Շուշի բերդի մոտ ջարդվելով պարսից բազմաթիվ զորքերից, փախավ և ամրացավ Շահբուլաղի բերդի մեջ<ref>Շահբուլաղի բերդը մի ամայի բերդ էր այդ ժամանակ, կառուցած Թառնագյուրտի (Տիգրանակերտի) հին ավերակների վրա։ Այդ բերդը շատ մոտ է Շուշի բերդին։</ref>, այստեղ նրա հրամանատարության ներքո հանձնված ռուսաց զորագունդը, ամեն կողմից պաշարված պարսից զորքերով, անպատճառ կոչնչանար քաղցածությունից, եթե Մելիք-Րովշանը նրանց օգնություն չհասցներ։ Նա իր ձիավորների խումբով պատռեց, անցավ պարսից զորքերի միջով և Կարյագինի զորագնդին ուտեստի պաշար հասցրեց։
Այդ բոլորը այն աստիճան հռչակեցին Մելիք-Րովշանի անունը, որ ռուսները կամենում էին ուղարկել նրան իր ձիավորների հետ դեպի Կարսի կողմերը տաճկաց սահմանների վրա։ Երբ նա պատրաստվել էր գնալու, մի գիշեր Գանձակի կամուրջից անցնելու միջոցին, անհայտ ձեռքից հրացանի մի գնդակ արձակվեցավ, և նա մեջքից վերք ստացավ։
Մելիք-Րովշանը ոչ ոքի վրա չէր կարող կասկածել, բացի Մելիք-Մեջլումի որդի փոքր Մելիք-Աթամից, որ այդ ժամանակ Գանձակումն էր գտնվում։ Հին տոհմային թշնամությունը նորից գրգռվեցավ երկու ոխերիմ ընտանիքների մեջ, որոնք, որպես տեսանք մեր պատմության ընթացքում, շատ չարիքներ էին գործել միմյանց դեմ։ Մելիք-Րովշանը գանգատվեց, և Գանձակի ռուս բերդապահը կալանավորեց փոքր Մելիք-Աթամին։ Բայց երբ ոչինչ չհաստատվեցավ, մի քանի օրից հետո Մելիք-Աթամին արձակեցին։ Այդ սաստիկ վիրավորեց Մելիք-Րովշանին, և նա բողոքեց ռուսաց բարձր կառավարությանը բերդապահի դեմ։ Վերջինս սաստիկ հանդիմանություն ստացավ և մի քանի օր տնային բանտարկության ենթարկվեցավ։
Բայց երբ իշ. Ցիցիանովը Բաքվի մոտ սպանվեցավ, այնուհետև Մելիք-Րովշանը կորցրեց իր պաշտպանին, և նրա հարաբերությունները Գանձակի բերդապահի հետ հետզհետե թշնամական դարձան։ Մելիք-Րովշանը մտածեց հեռանալ Գանձակից։ Նա իր հայրենիքը՝ Ջրաբերդ, գնալ չկարողացավ, որովհետև Շուշի բերդի Ւբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի հետ նույնպես լավ հարաբերությունների մեջ չէր։ Կարյագինի անցքի պատճառով նա հրավիրել էր իր վրա Շուշի բերդի խաների ատելությունը, որոնք թեև ռուսներին առերես հպատակություն էին ցույց տալիս, բայց սրտով կապված էին պարսիկների հետ։
Իր անձնանվեր, բայց չվարձատրված ծառայությունների համար վշտացած, Մելիք-Րովշանը թողեց Գանձակը և գնաց Շաքի Դաշ-բուլաղ գյուղը, որ հիմնել էր մի ժամանակ (տե՛ս գլ. XXVII) նրա հորեղբայր Մելիք-Ռուստամը, և այնտեղ առանձնացավ, իրան առժամանակ հեռու պահելով պատերազմի դաշտից։ Դաշ-բուլաղում դեռ բնակվում էին Մելիք-Ռուստամի Ջրաբերդից տարած հայ գաղթականները։ Մելիք-Րովշանը նրանց իր հպատակության ներքո առեց և խաղաղ կյանք էր վարում։ Այնտեղ մի քանի տարուց հետո վախճանվեցավ նա, այն վերքի պատճառած հիվանդությունից, որ ստացել էր նա Գանձակի կամուրջի վրա։ Նա թողեց մի որդի Ալլահվերդի-բեկ անունով, որը այդ տոհմի մեջ Մելիք-Ալլահվերդի II էր<ref>Մելիք-Ալահվերդի II մնացին երեք որդիներ՝ Միսայել-բեկ, Ղահրաման-բեկ և Մեջլում-բեկ։</ref>, որի հետ այդ տոհմի մելիքությունը վերջացավ։
Խոսելով Կարյագինի անցքի մասին, մենք չենք կարող չհիշել մի քաջ տղամարդի անունը, որը նշանավոր եղավ ռուսաց զանազան կռիվների մեջ։ Դա էր կսապատցի Մելիք-Վանի Աթաբեկյանը։
Թեև Աթաբեկյանները հայոց հին ազնվականների ծագումից էին, բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն) մի հասարակ արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ։ Վանին իր պատանեկության հասակում աշխատում էր հոր արհեստանոցում և նրա լավ օգնականն էր։ Բայց այդ զբաղմունքը շուտով ձանձրացրեց նրան, երբ Ղարաբաղում ամեն րոպե լսվում էր զենքի շառաչյունի ձայնը, որոտում էր պատերազմների աղմուկը,— նրա տոհմային արյունը եռ եկավ, մտածեց թողնել ոսկերչի փուքսն ու մուրճը, վճռեց զենք կրել և նետվել կովի դաշտը։ Նա, առանց իր դիտավորությունը հայտնելու իր ծնողներին, ծածուկ հեռացավ հայրենի տնից։ Մի ժամանակ իմացան, որ Վանին Ջրաբերդի Մելիք-Րովշանի մոտ ծառայության է մտել, նրա հեծելազորքի խումբերից մեկի գլխավորն է դարձել և կոչվում է Վանի յուզբաշի (հարյուրապետ Վանի)։
1804 թվին Ջրաբերդի բնակիչներից 300 ընտանիք, Իբրահիմ-խանի գազանությունից ազատվելու համար, գաղթեցին Գանձակ և բնակվեցան այդ քաղաքի շրջակայքում։ Տոթի և անսովոր կլիմայի պատճառով նույն տարվա ամառը այդ գաղթականներից մոտ 500 հոգի մեռան, մնացածները փախան Գանձակի գավառի Ոսկանապատ գյուղը, ուր օդը համեմատաբար ավելի հովասուն էր։
Այդ գաղթականների հետ գտնվում էր և Վանի յուզբաշին։ Գանձակում նա ծանոթացավ պոլկովնիկ Կարյագինի հետ այն ժամանակ, երբ Կարյագինին հրամայված էր Շուշի բերդին օգնությանն հասնել։ Դա այն ժամանակն էր (1806), երբ պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բազմաթիվ զորքերով պաշարել էր Շուշի բերդը, երբ տեղային Իբրահիմ-խանը, թեև ռուսաց կառավարությանը հպատակության երդում էր տվել, բայց հենց որ Աբաս-Միրզայի զորքերը մոտեցան Շուշի բերդին, նա իր ընտանիքով դիմեց ռուսաց նենգավոր թշնամու՝ Աբաս-Միրզայի բանակը և կես ճանապարհի վրա սպանվեցավ Մելիք-Ջումջուդի և մայոր Լիսանևիչի ձեռքով (տե՜ս գլ. XXXIX)։ Բայց Շուշին դարձյալ պաշարված մնաց Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերով։ Մայոր Լիսանևիշը և Մելիք-Ջումշուդը, փակված բերդի մեջ, ունեին իրանց ձեռքի տակ խիստ աննշան թվով զինվորներ թշնամուն ընդդիմադրելու համար։ Նրանց գլխավորապես օգնում էին բերդի մեջ բնակվող հայերը և դրսից օգնություն էին սպասում։
Օգնությունը պիտի հասցներ պոլկովնիկ Կարյագինը, որը արդեն Գանձակից ճանապարհ էր ընկել, և հայ հեծելախումբով նրան առաջնորդում էր Վանի յուզբաշին։ Ռուսաց զորախումբը բազ կացած էր 600 զինվորներից և ունեին 2 թնդանոթներ միայն։ Նրանք Գարգար գետի մոտ հանդիպեցին պարսից առաջապահի զորքերին, թվով ավելի քան 10,000, որ գտնվում էին Փիր-Ղուլի-խանի հրամանատարության ներքո։ Կռիվը սկսվեցավ հիշյալ գետի ափերի մետ։ Չնայելով, որ թշնամու զորքը թվով անհամեմատ ավելի էր, քան թե ռուսաց զինվորները, և Վանի յուզբաշու հեծելախումբը, այսուամենայնիվ, պարսիկները սկզբում սարսափելի կերպով ջարդվեցան և իրանց թնդանոթները և այլ ռազմամթերքը թողնելով պատերազմի դաշտի վրա, պատրաստվում էին փախչել, երբ նրանց օգնության հասավ ինքը Աբաս-Միրզան ավելի բազմաթիվ զորքերով։ Վանի յուզբաշու հեծելախումբը և ռուսաց զինվորները մի քանի օր քաջությամբ պաշտպանվում էին, բայց ի՞նչ կարող էր անել մի բուռն զորքը Աբաս-Միրզայի ահագին բազմության դեմ։ Կարյագինը վերք ստացավ. նրա զինվորներից կեսը չմնաց, մեծ մասը ընկան կռվի դաշտում, մնացածները ամրացան մերձակա Շահ-բուլաղի ամայի բերդում<ref>Այդ ժամանակն էր, որ Մելիք-Րովշանը, ուտեստի պաշար հասցնելով, ազատեց նրանց սովամահ լինելուց, իսկ Մելիք-Ջումշուդը, Շուշի բերդից իր ձիավորների խումբով վրա հասնելով, ազատեց նրանց իսպառ կոտորվելուց։</ref>։
Ռուսաց զորքը բոլորովին կոչնչանար այդ ամայի բերդի մեջ, թե քաղցածությունից և թե թշնամու կրակեց, եթե ութն օրվա սարսափելի պաշարումից հետո Վանի յուզրաշին նրանց գիշերով դուրս չբերեր այնտեղից և չազատեր բոլորին, փախցնելով հայոց Մոխրաթաղ գյուղը։ Այստեղ նա իր սեփական ծախքով բավական ժամանակ պահեց և կերակրեց ռուսաց զորքերին, մինչև նրանք նոր օգնություն ստացան և Աբաս-Միրզայի ահագին զորությունը ցրիվ տալով հալածեցին մինչև Երասխ գետի աջ կողմը։ Այդ կռիվների ժամանակ մեծ քաշություններ գործեցին Մելիք-Ջումշուդը, Մելիք-Րովշանը և Վանի յուզբաշին։
Այնուհետև Վանի յուզբաշին իր սեփական հեծելախումբով մասնակցում էր ռուսաց զանազան կռիվների մեջ և ամեն տեղ հայտնվում էր իր զարմանալի քաջություններով։ 1812 թվի ձմեռը Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ կրկին անգամ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ ռուսաց տրոիցկի պոլկի բատալիոնը, մայոր Ժինեի զորապետության ներքո, գտնվում էր Թարթար գետի մոտ, Սուլթան-բուդ կոչված ձմեռանոցում։ Պարսից հեծելազորները Ջաֆար-Ղուլի-խանի<ref>Ջաֆար-Ղուլի-խանը Մամադ-Հասան-աղայի որդին էր, իսկ այդ վերջինը Շուշի բերդի Իբրահիմ-խանի որդին էր։</ref> առաջնորդությամբ հարձակվում են հիշյալ ձմեռանոցի վրա և ռուսաց ամբողջ բատալիոնը ջարդում են։ Այդ միջոցին Շուշի բերդից օգնություն ուղարկեցին Վանի յուզբաշուն 200 ռուս զինվորներով, 2 թնդանոթներով և իր սեփական հայ ձիավորներով։ Բայց մինչև նրա հասնելը պարսիկները գործը արդեն վերջացրել էին։ Վանի յուզբաշին այդ տեղեկությունը ստացավ կես ճանապարհի վրա, այն ժամանակ, երբ պարսիկները վերադառնում էին կոտորածից և պատահեցան նրան։ Նա ստիպվեցավ ամրանալ Շահ-բուլաղի բերդում, որը իսկույն պաշարվեցավ Ջաֆար-Ղուլի-խանի զորքերով։ Մեծ քաջություն էր հարկավոր Վանի յուզբաշուն, որ կարողանար իր փոքրաթիվ զորքերով պատերազմել պարսից ահագին բազմության դեմ, իսկ այդ քաջությունը ունեցավ նա, մի քանի օր շարունակ պատասխանելով թշնամու ամեն կողմից տեղացող կրակներին։
Վերջը թնդանոթների հարվածներից բերդի դռները խորտակվում են, պարսից զորքերը կատաղությամբ ներս են թափվում, բայց մեծ է լինում նրանց զարմանքը, երբ բերդի մեջ ոչ ոքի չեն գտնում։ Վանի յուզբաշին մի օր առաջ իր զորքերը գիշերով դուրս էր բերել բերդից և լեռների վրայով, սարսափելի բարձրավանդակներից տարել էր հայոց Ֆարուղ կոչված գյուղը։ Բերդի մեջ թողել էր նա իր մարդիկներից մի քանի հոգի միայն, որոնք թշնամուն խաբելու համար ժամանակ առ ժամանակ պատասխանում էին։ Հենց որ պարսիկները ներս մտան, այդ մարդիկը սատանայի նման աներևութացան։
Իրանց կամավոր զորքերով ռուսաց տիրապետությունը Անդրկովկասում հաստատելու գործին ամենայն անձնվիրությամբ նպաստող հայոց քաջերից մեկն էր Վանի յուզբաշին։ Երբ 1812 թվին, 20 հոկտեմբերի գեներալ Կոտլարևսկին ջարդեց Աբաս-Միրզայի զորքերը Երասխի աջ ափի վրա, Ասլանդուզի ճակատամարտում, Վանի յուզբաշին իր մարդիկներով կռվում էր պարսից դեմ։ Հետևյալ տարին (1813, 1 հունվարի) Լենքորանի բերդը գրավելու միջոցին, Վանի յուզբաշին ն ույն գեներալ Կոտլարևսկիի քաջ գործակիցներից մեկն էր։
Բայց հայերը առհասարակ օտարի ծառայության մեջ մի առանձին համեստություն ունեն, մեծ գործեր կատարել, բայց փոքր պահանջներով բավականանալ։
Վանի յուզբաշին իր մատուցած ծառայությունների ճամար ստացավ ռուսաց կառավարությունից պրապորշչիկի աստիճան, մեդալ և մշտական թոշակ։ Իսկ Շուշի բերդի Մեհտի-խանը (Իբրահիմ-խանի որդին) ընծայեց Վանի յուզբաշուն որպես սեփականություն իր հայրենի Կսապատ գյուղը և շնորհեց '''մելիքության''' տիտղոս։ Նա կոչվելու էր այնուհետև Մելիք-Վանի։
Ջրաբեբդի հին տիրապետող մելիքների (Մելիք-Իսրայելյանների) վերջին ժառանգները (Մելիք-Աթամ II) տեղափոխված լինելով Գանձակի գավառը, իսկ նոր մելիքների (Մելիք-Ալլահվերդյանների) վերջին ժառանգը (Մելիք-Րովշանը) տեղափոխված լինելով Նուխվա գավառը, Ջրաբեըդը մնացել էր առանց մելիքների կառավարության։ Իր արժանավորություններով Ջրաբերդը կառավարելու և այդ գավառը ժամանակի փոթորիկներից պահպանելու համար ընդունակ էր միայն Մելիք-Վանին, և նա ստացավ Մեհտի-խանից ամբողջ Ջրաբերդի մելիքությունը։
Մելիք-Վանին իր պատերազմական արժանավորությունների հետ ուներ և կառավարչական ընդունակություններ։ Նա ամբողջ 42 տարի խաղաղությամբ վարեց Ջրաբերդի մելիքության պաշտոնը, աշխատվեց այդ երկրի ցրված բնակիչներին հետզհետե վերադարձնել իրանց հայրենիքը և ծաղկացրեց երկրագործությունը ու արհեստը։ Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ (1854) և նրանից հետո Աթաբեկյանների տոհմը ավելի և ավելի նշանակություն ստացավ Ղարաբաղում<ref>Մելիք-Վանին թողեց չորս որդի՝ Հովսեփ-բեկ, Սարգիս-բեկ, Աթաբեկ (պոլկովնիկ) և Միքայել-բեկ։ Իսկ Մելիք-Վանիի եղբայր Հակոբ-յուզբաշին ուներ մի որդի միայն՝ Ասլան-բեկը, դրանից ծնվեցան՝ Ներսես-բեկ, Մովսես-բեկ և Նիկոլա-բեկ։</ref>։
===XLII===
1808 թվին վախճանվեցավ Ղարաբաղի Իսրայել կաթողիկոսը։ Դա այն չարագործն էր, որ մատնեց հայոց մելիքներին, որ Հովհաննես կաթողիկոսին սպանել տվեց և իր դավաճանությամբ Իբրահիմ-խանի սիրելին դարձավ (տե՛ս գլ. XX և XXI)։
Մեզ հայտնի է, որ նույն չարագործից հալածվելով, սպանված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների հետ ապրում էր Վրաստանի Հաղպատա վանքում։ Այնտեղ մնաց նա ամբողջ 14 տաբի (տե՛ս գլ. XXXVII)։
Երբ Սարգիս կաթողիկոսը լսեց իր ոխերիմ հակառակորդի՝ Իսրայել կաթողիկոսի մահը, երբ իմացավ, որ Իբրահիմ-խանը հայերի անհաշտ թշնամին, սպանված է, և երբ տեսավ, որ հայոց մելիքները իրանց հպատակների հետ Վրաստանից տեղափոխվեցան Ղարաբաղ, ինքն ևս մտածեց վերադառնալ Գանձասարի վանքը և կրկին տիրանալ Աղվանից կաթողիկոսության աթոռին, որից բավական ժամանակ անջատված էր։
Նախ ուղարկեց նա իր եղբոր ուրդի Բաղդասար վարդապետին, որ հետո ինքը գնա։
1808 թվին, այսինքն՝ հենց նույն տարվա մեջ, երբ Իսրայել կաթողիկոսը վախճանվեցավ, Բաղդասար վարդապետը Թիֆլիսից ճանապարհ ընկավ դեպի Ղարաբաղ<ref>Բաղդասար վարդապետի հետ Ղարաբաղ գնաց Սարգիս կաթողիկոսի մյուս եղբոր (Գաբրիել-բեկի) որդի Մելիք-Գրիգորը։ Այս ծանոթության մեջ հարկավոր ենք համարում նկատել և այն, որ Սարգիս կաթողիկոսի ազգականների թվում Վրաստանում գտնվում էր և նրա եղբայր Ալլահ-Ղուլի-բեկը։ Այդ դավաճանը նույն անձնավորությունն է, որ Իբրահիմ-խանի մոտ մատնեց Ղարաբաղի մելիքներին, նրանց ռուսաց կառավարության հետ ունեցած գաղտնի հարաբերությունների համար (տես գլ. XX)։ Վրաստանում նա մի ժամանակ անպատիվ կերպով թափառում էր, մինչև Ղարաբաղի մելիքները վրեժխնդիր եղան նրանից և գլուխը կտրելով մարմինը անհետացրին...</ref>։ Նա գտավ Գանձասարի վանքը բոլորովին ամայի դրության մեջ։ Եռանդոտ, գործունյա և ժրաջան վարդապետը կարողացավ փոքր ժամանակում ոչ միայն կարգի դնել վանքը, այլ նրան հաջողվեցավ մասամբ ետ խլել վանքի ընդարձակ կալվածները, որ զանազան թուրք բեկեր կամ հայ ազնվականներ տիրացել էին։
Երբ Գանձասարի վանքում ամեն ինչ կարգի էր դրված, Սարգիս կաթողիկոսը թողեց Վրաստանը և Հաղպատա վանքից տեղափոխվեցավ Ղարաբաղ (1812)։ Նրա հետ գնացին Ղարաբաղի գաղթականներից նրանք, որ դեռևս մնացել Էին Վրաստանում։
Սարգիս կաթողիկոսը Գանձասար տեղափոխվելով, շուտով նրա և Էջմիածնի մեջ նոր վիճաբանություններ ծագեցան։ Այդ վիճաբանություններին առիթ տվեց կաթողիկոսի փառասիրական վարմունքը։
Մեր պատմության XXXVII գլխում տեսանք, որ Սարգիս կաթուղիկոսը Վրաստանում գտնված ժամանակ, այնտեղից Էջմիածին գնալով, խոստումն տվեց, որ այլևս չի պիտի գործածե կաթողիկոuական տիտղոս և կնիք, այլ պիտի բավականանա միայն արքեպիսկոպոսական տիտղոսով ու կնիքով, և դրա համար նրան հանձնեցին Հաղպատա վանքի վանահայրությունը և Վրաստանում գտնված ղարաբաղցի գաղթականների առաջնորդությունը։ Եվ ամբողջ 14 տարի Վրաստանում կառավարում էր իր հոտը որպես արքեպիսկոպոս։ Բայց հենց որ վերադարձավ Ղարաբաղ, կրկին սկսեց իրան Աղվանից կաթողիկոս կոչել և կաթողիկոսական իրավունքների գործ դնել։ Սարգսի այդ վարմունքը, իհարկե, պետք է հուզեր մի նոր կռիվ նրա և Էջմիածնի մեջ։
Էջմիածնից նրան ազդարարեցին, որ պահպանե իր խոստմունքը, բայց նա ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլ, դիմելով Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի պաշտպանությանը, իրան բոլորովին Էջմիածնից անկախ հայտնեց։ Այդ երկպառակություններդ տևեցին երեք տարի, մինչև 1815 թվին Էջմիածնի բարձր հոգևոր կառավարությունը, ռուսաց իշխանության ուժով, հարկադրեց Սարգսին հրաժարվել կաթողիկոսության տիտղոսից և տվեց նրան միտրոպոլիտության տիտղոս արքեպիսկոպոսի աստիճանով։ Այնուհետև վերջացավ Աղվանից կաթողիկոսությունը, որ սկսված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի ժամանակից։
Դեռ իր կենդանության ժամանակ Սարգիս միտրոպոլիտը իր եղբորորդի Բաղդասար վարդապետին ուղարկեց Էջմիածին, որ եպիսկոպոս ձեռնադրվի, որպեսզի իր հաջորդը նա լինի։ Որպես Աղվանից կաթողիկոսությունը դարերով շարունակվում էր։ Հասան-Ջալալյանների տոհմի մեջ, Սարգիսը ցանկանում էր, որ Աղվանից միտրոպոլիտությունը ևս, որը իրանից սկսվեցավ, նույնպես շարունակվեր նույն տոհմի մեջ։
Բաղդասարը Էջմիածին գնալով՝ 1820 թվին Եփրեմ կաթողիկոսի ձեռքով եպիսկոպոս ձեռնադրվեցավ և, վերադառնալով Գանձասարի վանքը, Սարգսի ծերության պատճառով, համարյա ինքն էր կառավարում վիճակի հոգևոր իշխանությունը։
1826 թվին Ղարաբաղը ենթարկվեցավ մի նոր դժբախտության. պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80 000 հոգով անցավ Երասխը, տիրեց Ղարաբաղին. տեղային մահմեդականները միացան պարսիկների հետ. Շուշիի բերդապահ պոլկովնիկ Րեուտը ռուսաց փոքրաթիվ զորքերով մնաց փակված բերդի մեջ։ Աբաս-Միրզան 48 օր պաշարված դրության մեջ պահեց բերդը։ Միևնույն ժամանակ Ֆաթալի-շահի փեսա Ամիր-խան սարդարը և Աբաս-Միրզայի երեց որդի Մահմատ-Միրզան, զորքերի ահագին բազմությամբ, անցան Գանձակի գավառը, տիրեցին Գանձակի բերդին և այնտեղից առաջացան մինչև Շամքոր, պատրաստվում էին գնալու, որ Թիֆլիսը տիրեն։ Երկրի քրիստոնյա ազգաբնակությունը գտնվում էր սարսափի և մահվան տագնապի մեջ։
Մեր պատմության հետագա գլուխներում ցույց կտանք, թե որպես հայազգի իշխան գեներալ Մադաթովի փառավոր հաղթություններով պարսիկները ջարդվեցան և կրկին փախան դեպի Պարսկաստան, իսկ այժմ կասենք այնքանը միայն, որ վերաբերում է Սարգիս միտրոպոլիտին։
Հայերին սպասում էր ընդհանուր կոտորած։ Սարսափած ժողովուրդը ամեն ինչ թողած ցրիվ էր եկել, թաքնվել էր լեռների և անտառների մեջ։ Աբաս-Միրզան, Պարսկաստանի այդ հայրենասեր թագաժառանգը, Ղարաբաղի ռուսաց զորքերով գրավվիիլը վերաբերում էր ոչ այնքան ռուս զինվորների հաղթական սվիններին, որքան հայերի գործակցությանը հօգուտ ռուսների (և իրավ, ռուսները Ղարաբաղը տիրելու համար ամենևին արյուն չէին թափել)։ Այդ էր պատճառը, որ նա կամենում էր պատժել հայերին, որոնք, նրա կարծիքով, դավաճանել էին Պարսկաստանի դարևոր հպատակության դեմ։
Աբաս-Միրզայի բարկությունը ամոքելու համար և հայ ժողովրդին նրա վրեժխնդրությունից ազատելու համար ծերունի Սարգիս միտրոպոլիտը վեր առեց իր հետ Ջրաբերդի իշխող Մելիք-Վանի Աթաբեկյանին և Գյուլիստանի իշխող Մելիք-Հովսեփ II<ref>Մելիք-Հովսեփ II հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի երեց որդին էր։</ref>, Մելիք-Բեգլարյանին, և երեքը միասին գնացին Աբաս-Միրզայի մոտ։ Պարսից թագաժառանգը ընդունեց նրանց Խան֊քենդի գյուղում, որը գտնվում Է Շուշի բերդից մի քանի վերստ հեռավորության վրա։
Ծերունի միտրոպոլիտը իր արտասուքով և Աթարբեկյան Մելիք-Վանին իր պերճախոսությամբ կարողացան ոչ միայն ամոքել թագաժառանգի բարկությունը, այլ արժանացան նրա առանձին հարգանքին։ Աբաս-Միրզան շնորհեց նրանց փառավոր «խալաթներ» և հանգստացնելով ճանապարհ դրեց, խոստանալով, թե հայոց ժողովրդին ոչինչ վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին և կդադարեն ռուսներին օգնելուց։
Իհարկե, հայերը չէին կարող չհամակրել ռուսներին և, որպես հետո կտեսնենք, նրանք եղան, որ ամեն հնարներով նպաստեցին իշխան Մադաթովի հաղթություններին Աբաս-Միրզայի դեմ և Ղարաբաղը բոլորովին մաքրեցին պարսից զորքերից։ Այսուամենայնիվ, Սարգիս միտրոպոլիտի և նրա ընկեր երկու մելիքների տեսությունը Աբաս-Միրզայի հետ բավական թանկ նստեց նրանց համար։
Երբ պարսից զորքերը հեռացան Ղարաբաղից, իշխան Մադաթովը նրանց երեքին էլ կալանավորել տվեց։ Ռուսաց անհաշտ թշնամու հետ տեսություն անելը համարվեցավ նրանց համար մի տեսակ դավաճանություն։ Սարգիս միտրոպոլիտին ուղարկեցին Թիֆլիս, այնտեղ բանտարկվեցավ։ Իսկ Աթաբեկյան Մելիք-Վանիին և Մելիք-Բեգլարյան Մելիք-Հովսեփին աքսորեցին Բաքու, որ այնտեղից տանեն Սիբիր։
Ութն ամիս թե մելիքները և թե Սարգիս միտրոպոլիտը բանտարկված մնացին։ Վերջը նրանց անմեղությունը հայտնվելով՝ ազատվեցան։
Սարգիս միտրոպոլիտը ազատվեցավ Ներսեսի (փերջը կաթողիկոս) աշխատությամբ։ Բայց այն տանջանքները, որ նա կրեց իր բանտարկության ժամանակ, սաստիկ մաշեցին նրա ծերացած կազմվածքը։ Նա բոլորովին հիվանդ վերադարձավ Թիֆլիսից և նույն հիվանդությունով 1828 թվին վախճանվեցավ։
Սարգսի մահից երկու տարի հետո (1830) Ղարաբաղի մելիքները խնդիրքով դիմեցին Էջմիածնի Եփրեմ կաթողիկոսին, որ հանգուցյալի եղբորորդի Բաղդասար եպիսկոպոսը նրա փոխարեն միտրոպոլիտ նշանակվի։ Բաղդասարը կանչվեցավ Էջմիածին և նույն տարվա մեջ uտացավ միտրոպոլիտության աստիճան։
Պետք է մի առանձին բախտ համարել, որ այն ժամանակներում, երբ ռուսները տիրեցին Ղարաբաղին և Երևանյան նահանգին, Էջմիածնում գտնվում էր Ներսեսի նման մի եկեղեցական, իսկ Գանձասարի վանքում՝ Բաղդասար միտրոպոլիտը։ Այդ երկուսը իրանց գործունեությամբ բավական նման էին միմյանց, այն զանազանությամբ միայն, որ Ներսեսը ուներ քաղաքական իդեալներ, իսկ Բաղդասսարը՝ եկեղեցական և վանքային բարեկարգության եռանդ։
Եթե չլիներ Բաղդասար միտրոպոլիտը, այսօր Գանձասարի վանքը և Ղարաբաղի մյուս վանքերը չէին ունենա մի քանի հարյուր հազար դեսյատին տարածությամբ վանքային կալվածներ։
Ղարաբաղի մելիքների և Սարգիս միտրոպոլիտի Վրաստանում գաղթած ժամանակ, Ղարաբաղի վանքապատկան կալվածների անտեր մնալով, ընկել էին զանազան թուրք բեկերի ձեռքը։ Բաղդասար միտրոպոլիտի մեծ ջանքերին ենք պարտական, որ կարողացավ ազատել և կրկին վանքերի անունով հաստատել, եթե ոչ կորուսած կալվածների ամբողջը, այլ գոնե նրանց մեծ մասը։
Պատմության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել և այն, որ Բաղդասար միտրոպոլիտը, որպես առհասարակ մեր բոլոր բարձրաստիճան եկեղեցականները, ուներ և իր թույլ կողմերը։ Այն է, որ իր աղքատ ազգականների՝ Հասան-Ջալալյանների, վիճակը ապահովելու համար, նրանց օգտին վանքային կալվածներից փոքրիկ բաժիններ հանեց... Այդ բաժիններից իր մասը ստացավ և միտրոպոլիտի '''վեզիրը'''։
Բայց այդ բոլոր թուլությունները, համեմատելով այն մեծ ծառայությունների հետ, որ նա կատարեց, վանքապատկան կալվածքները կորզելով զանազան հափշտակիչների ձեռքից, այդ թուլությունները, կրկնում ենք, պետք է ներելի համարել...
Ղարաբաղի վանքապատկան կալվածքների վերաբերությամբ ավելի անազնիվ կերպով վարվեցավ Իսրայել կաթողիկոսը, Սարգիս կաթողիկոսի (հետո միտրոպոլիտի) ժամանակակիցը։ Չմոռանանք, որ այդ Իսրայել կաթողիկոսը, Իբրահիմ-խանի սիրելին, հայոց մելիքների մատնիչը, Գանձասարի վանքի Հասան-Ջալալյան կաթողիկոսների տոհմից չէր, այլ Երիցմանկանց վանքի ինքնիշխան և հակաթոռ կաթողիկոսներից մեկն էր։ Գուցե ընթերցողը հիշում է, որ Ղարաբաղի մելիքների և Սարգիս կաթողիկոսի Վրաստան գաղթած ժամանակ, Իբրահիմ-խանի պաշտպանությամբ, այդ Իսրայելն էր վարում Աղվանից կաթողիկոսության իշխանությունը։ Այդ դավաճանը վախճանվեցավ իր ազգականներից մեկի տանը, որի մռայլոտ անունը հիշելու ցանկություն չունենք։ Նույն տան մեջ կաթողիկոսը հավաքած ուներ Ղարաբաղի մի քանի հարուստ վանքերի արծաթեղեն անոթները, սրբությունները և թանկագին զգեստները։ Կաթողիկոսի վախճանվելուց հետո այդ բոլորը մնացին որպես սեփականություն նրա ազգականի։ Դա մի մեծ կորուստ չէր լինի, եթե նույն տան մեջ չմնային և զանազան վանքերի կալվածագրերը։
Եթե Բաղդասար միտրոպոլիտին չհաջողվեցավ ձեռք բերել Ղարաբաղի վանքապատկան բոլոր կալվածքները, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ կալվածագրերը մնացել էին նույն մարդու մոտ, որի տանը վախճանվեցավ Իսրայել կաթողիկոսը։ Այդ պարոնը զանազան զարտուղի և մթին ճանապարհներով կամ ինքը տեր եղավ նույն կալվածքներին և կամ թույլ տվեց, որ թուրքերը տիրեն, ծածուկ նրանցից փողեր ստանալով և վանքային կալվածագրերը ոչնչացնելով, որ իր գողությունը չհայտնվի։
Բաղդասար միտրոպոլիտը սկզբում ուշադրություն դարձրեց Խաչենի գավառում գտնվող և Գանձասարի վանքին պատկանող կալվածները թափել հափշտակողների ձեռքից։ Այդ կալվածները այնքան լայնատարած էին, որ նրանց վրա զետեղված էին 60-ի չափ վանքապատկան
գյուղեր, իրանց հարուստ անտառներով, արգավանդ վարելահողերով և արոտատեղիներով։ Բայց նա կարողացավ միայն 30 000 դեսյատինի չափ կրկին սեփականացնել վանքին, իսկ մնացյալ մեծ մասը մնացին վիճելի։
Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների նպատակը վանքապատկան կալվածների վերաբերությամբ այն չէր, որ նա դրանցով ապհովեցներ վանականների և վանքերի գոյությունը, այլ գլխավորապես այն էր, որ նրանք լինեին եկամուտների մշտական և հաստատուն աղբյուր Ղարաբաղի զանազան տեղերում դպրոցներ հիմնելու համար։
Ինքը, Բաղդասար միտրոպոլիտը, թեև անուս և, որպես ղարաբաղցի, կոշտ-կոպիտ մարդ էր, բայց, որպես ղարաբաղցի, ուներ և բնական խելք, տոկունություն և հեռատեսություն<ref>Բաղդասար միտրոպոլիտի զվարճախոսությունները, նրա կյանքից ստեղծված անեկդոտներ, Ղարաբաղի հայ հասարակության մեջ նույն ժողովրդականությունն են ստացել, որպես Մոլլա-Նասրատտինի առակները։</ref>։ Նա ուսում չուներ, բայց սաստիկ ուսումնասեր էր։ Սկզբում հիմնեց նա Գանձասարի վանքում մի դպրոց և Նուխիի կողմերից հրավիրեց ճարտասան և լավ հայկաբան Հովսեփ վարդապետին<ref>Այդ Հովսեփ վարդապետը, որ բազմաթիվ հասցրած աշակերտներ և մինչև այսօր լավ անուն է թողել Ղարաբաղում, որպես հետո իմացվեցավ, նա իսկապես եպիսկոպոս է եղել, բայց իր բարձր աստիճանը թաքցնելով, պարապվում էր մանկավարժությամբ իբրև մի հասարակ վարդապետ։</ref>, որպես վարժապետ և նույն դպրոցի կառավարիչ։
1836 թվին Շուշի բերդում հասատվեցավ վիճակային հոգևոր կառավարության կոնսիստորիա։ Բաղդասար միտրոպոլիտը հրավիրվեցավ Էջմիածին և, այնտեղ հավատարմության երդում տալով, կարպեցի Հովհաննես կաթողիկոսից նշանակվեցավ Ղարաբաղի թեմական առաջնորդ (1837)։ Շատ հասկանալի է, որ դրանով Բաղդասարի իրավունքները սահմանափակվեցան։ Մինչև այն օր նա համարվում էր Աղվանից միտրոպոլիտ և ազատ էր իր հոգևոր իշխանության մեջ, բայց կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա բոլորովին ենթարկվեցավ Էջմածնի իրավասությանը, որը ոչ սակավ խոչընդոտներ դրեց միտրոպոլիտի ազատ գործունեությանը...
Կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա հարկադրվեցավ թողնել Գանձասարի վանքը, Աղվանից բազմադարյան կաթողիկոսարանը և տեղափոխվեցավ Շուշի բերդը։ Այստեղ սպասում էր միտրոպոլիտի գործունեությանը ընդարձակ ասպարեզ, միևնույն ժամանակ ծանր աշխատանք։
Միտրոպոլիտի առաջին ջանքն եղավ դուրս կորզել Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր և ուրիշ մի քանի թուրք բեկերի ձեռքից Խոթա վանքի<ref>Խոթա կամ Խութա վանքը գտնվում է վերին Խաչենի մեջ, Թարթար գետի ափի մոտ։ 1214 թվին իր սեփական ծախքով այդ վանքը հիմնեց իշխանուհի Արզում խաթունը Թադեոս առաքյալի անունով։ Չնայելով, որ մի ամենահարուստ լորդի չափ կալվածքներ ունի այդ վանքը, բայց, այսօր, մեր ծույլ եկեղեցականների անհոգությունից, նա գտնվում է բոլորովին ամայի դրության մեջ և ծառայում է խաշնարած թուրքերի համար որպես գոմանոց։</ref> լայնատարած կալվածները, որոնց, միևնույն հանգամանքների պատճառով, որպես Ղարաբաղի մյուս վանքերի կալվածները, անիրավությամբ տիրել էին։
Այս անգամ միտրոպոլիտի հակառակորդները բավական զորավոր և ազդեցության տեր անձինք էին։ Բայց տոկուն և ամեն դժվարություններից չհուսահատվող Բաղդասարը մի քանի տարի շարունակ դատ վարեց խանի դստեր և մյուս բեկերի հետ, մինչև կարողացավ վերջապես նրանցից հետ խլել հիշյալ վանքի կալվածները, որոնք մոտ 150 000 դեսյատինի չափ ընդարձակությամբ տարածվում են Թարթար գետի հյուսիսային և հարավային ափերի երկարությամբ և ընդհանուր անունով կոչվում են՝ Դոդխու-Քալբաջար, Լևա և Մարջումակ։ Իր դատավորության ծախքերի համար միտրոպոլիտը գործ դրեց մինչև 30 000 ռուբլի, որը այն ժամանակ մեծ գումար էր։
Խոթա վանքի կալվածները, այղ միլիոնների արժեք ունեցող ազգային մեծ հարստությունը, կարելի է մի ամբողջ գավառ համարել։ Նրանց մեջ բացի հրաշալի, կուսական անտառներից, բացի ընդարձակ արոտատեղիներից և լեռներից, բացի լայնատարած և արգավանդ վարելահողերից, զետեղված էին թվով մինչև 100 գյուղեր։ Նրանց լեռների բարձրավանդակների վրա և հովիտներում թափառում էին թվով մինչև 20 զանազան խաշնարած ցեղեր, զանազան անուններով։ Դրանք Խոթա վանքին (այսինքն՝ Ղարաբաղի հոգևոր իշխանությանը) չնչին հարկ էին վճարում, եթե ասեմ որքան,— շատ ծիծաղելի կլիներ...
Բաղդասար միտրոպոլիտը արդարև թողեց ազգի համար մի մեծ հարստություն, բայց նրա անպիտան հաջորդները հետզհետե վատնեցին այդ հարստությունը<ref>Մեր 1881 թվի Սյունյաց աշխարհի ճանապարհորդության մեջ, որը դեռևս ի լույս ընծայված չէ, մի օր կկարդան Ղարաբաղի վանքապատկան կալվածների թշվառ դրության նկարագիրները ընդհանրապես, իսկ Խոթա վանքի կալվածների բարբարոսաբար վատնումը՝ մասնավորապես։ Իսկ առայժմ այսքան կասենք, որ Նաղդասար միտրոպոլիտի վախճանվելուց հետո, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության անհոգությունից, և Ղարաբաղի թեմական առաջնորդների մի քանիսի կաշառակերությունից, Խոթա վանքի կալվածների մի մասը դարձյալ անցավ Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր ձեռքը։ Մի մասին տիրեց գեներալ Հասան-բեկ Աղալարովը, մի մասը անցավ ուրիշ բեկերի ձեռքը, մի մասը ևս անտեր, անխնամ մնալով, տիրեցին կամ մասնավոր անձինք, և կամ արքունի գանձարանը։ Այժմ զուտ անվիճելի կալվածքը Խոթա վանքի տիրապետության ներքո մնացել է մոտ 100 000 դեսյատին, իսկ մնացյալ կեսը վիճելի է, և այդ մի քանի տարի է, որ հոգ[ևոր] կառավարությունը սկսել է նորից դատ վարել, գուցե հետ դարձնե իր կորուստը։</ref>։
Բաղդասար միտրոպոլիտի օգտավետ աշխատությունների թվում կարելի է հիշել նրա 1843 թվին կառուցած հոյակապ առաջնորդարանը, որը Շուշի բերդի փառավոր տներից մեկը կարելի է համարել։ Նույն առաջնորդարանին կից գնեց նա ընդարձակ գետին, որի վրա դիտավորություն ուներ իր արդեն բաց արած հոգևոր դպրոցի համար առանձին շենք կառուցանել, բայց վաղահաս մահը միտրոպոլիտի այդ ձեռնարկությունը թողեց անկատար<ref>1872 թվին Սարգիս արքեպիսկոպոս Հասան Ջալալյանը ավարտեց դպրոցի շենքը և առաջնորդարանի շինությունը ավելի ընդարձակեց։ Այն օրից այդ տան մեջ զետեղվեցան Շուշիի թեմական դպրոցը, առաջնորդարանը և կոնսիստորիան։</ref>։
Բաղդասար միտրոպոլիտի աշխատություններից մեկն էլ այն եղավ, որ թուրքերի և ռուսների ձեռքից ազատեց Ամարասա սուրբ Գրիգորիսի վանքը։ Այդ վանքը, բավական ժամանակ անտեր մնալով, թուրքերը գրավել էին և, տալով նրանց իրանց հասկանալի մի անուն, Աղ-օղլան<ref>Աղ-օղլան նշանակում է սպիտակ տղա։ Ամարասա վանքում ամփոփված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի մարմինը, որը իր մանկության հասակում կաթողիկոս ձեռնադրվեցավ։ Երևի, հենց դրա համար էլ այլազգիք նրան կոչեցին «սպիտակ տղա»։</ref>, համարում էին իրանց սրբավայր։ Վանքի շրջակա հողերը և Ամարասա ձորի ամբողջ կալվածները թուրքերի տիրապետության նրքո էին։ Իսկ վանքի ընդարձակ սենյակները և ամբողջ շինությունը, բացի տաճարից, ռուսները ծառայեցնում էին որպես մաքսատուն։
Միտրոպոլիտի աշխատությամբ 1848 թվին, ռուսաց կառավարության հրամանով մաքսատունը տեղափոխվեցավ Երասխի ափի մոտ, Ջաբրայելում, իսկ վանքը իր կալվածներով դարձավ սեփականություն հայոց հոգևոր կառավարության։
Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոնարից, երբ նրանց ռուսաց կառավարության հրամանով հեռացրին Ղարաբաղից։ Նա բավական նշանավոր գումար ուղարկեց Վենետիկի Մխիթարյանների վանքը և բերել տվեց մի-մի օրինակ նրանց բոլոր հրատարակություններից և կազմեց հոգևոր դպրոցին կից մի հարուստ գրադարան, այնտեղ հավաքելով և Ղարաբաղի վանքերում գտնված նշանավոր գրչագիր մատյանները։ Այդ գրքերը հետզհետե տպագրելու դիտավորություն ուներ իր սեփական տպարանում<ref>Այդ հարուստ գրադարանը այժմ համարյա բոլորովին կողոպտված է. բազմաթիվ գրչագիր մատյանները այս և այն անձանց ձեռքն են անցել, մենք գտանք այնտեղ մի գրչագիր Աղվանից պատմության միայն, որի կես մասը կտրած էին։</ref>։
Գուցե այդ գործունյա և եռանդոտ մարդն ավելի մեծ օգուտներ կհասցներ Ղարաբաղին, եթե մի քանի տարի ավելի ևս ապրելու լիներ։ Մաշող հոդացավը, որ ստացել էր նա վերջին ժամանակներում, սկսեց սաստկանալ և 1854 թ. հունիսի 27-ին նրան գերեզման տարավ 79-ամյա հասակում։ Նրա մարմինը թաղվեցավ Գանձասարի վանքի գավթի մեջ, իր երկու հորեղբայրների՝ Հովհաննես կաթողիկոսի և Սարգիս միտրոպոլիտի շիրիմների մոտ<ref>Գերեզմանը կրում է հետևյալ տապանագիրը.<br>«Այս է տապան միտրոպօլիտին՝ Բաղդասարայ մեծի Արհին, կայսերապսակ հովուապետին, տանս Աղուանից հայոց ազգին։ Յազգէ Ջալալ մեծ իշխանին, տեառն Արցախական աշխարհին։ Թուին ՌՅԳ. 1854, յուլիս 9։»</ref>։ Նրա մահից հետո Աղվանից միտրոպոլիտությունը բոլորովին վերջացավ։
Բաղդասար միտրոպոլիտից հետո Ջալալյանների տոհմից միայն Սարգիս արքեպիսկոպոսը բավական ժամանակ վարեց Ղարաբաղի թեմական առաջնորդի պաշտոնը. նրա մահից հետո Հասան-Ջալալյաններից այլևս նշանավոր եկեղեցականներ չհայանվեցան։
Խաչենի Հասան-Ջալալյան վերջին մելիքներից նշանավոր եղավ Բաղդասար միտրոպոլիտի եղբայր Մելիք-Ալլահվերդի II, որը վախճանվեցավ 1827 թվին և նրանից հետո այդ տոհմի մելիքությունը վերջացավ։ Նա թողեց չորս որդի՝ Երեմիա քահանա, Մովսես վարդապետ, Աբրահամ-բեկ և Հովսեփ-բեկ։
===XLIII===
1813 թ. հոկտեմբերի 12-ին կայացավ Գյուլիստանի դաշնադրությունը Զեյվա բերդի<ref>Զեյվա բերդը Մելիք-Բեգլարյանների բերդն է։</ref>մոտ, որի զորությամբ պարսից պետությունը թողեց հօգուտ Ռուսաստանի՝ Ղարաբաղի, Շամախու, Գանձակի, Շաքիի, Թալիշի, Բաքվի, Ղուբայի և Դերբենդի խանությունները։
Երևում էր, որ այդ դաշնադրությամբ պիտի վերջանային պարսից կռիվները ռուսաց հետ, և պիտի դադարեին պատերազմասեր Աբաս-Միրզայի անընդհատ հարձակումները ռուսաց նոր գրաված երկրների վրա։ Բայց հաշտությունը երկար չտևեց։ Այդ հաշտությունը Աբաս-Միրզայի կողմից ավելի ժամանակ վաստակելու համար էր, որ Պարսկաստանը կազդուրե իր ուժերը և նորոգված զորությամբ հետ խլե իր կորցրած գավառները։
Վերոհիշյալ խանությունները պահպանելու համար և դեռ չզսպված կովկասյան լեռնաբնակներին նվաճելու համար հարկավոր էր մի մարդ, որ ծանոթ լիներ տեղային պայմանների հետ։
Այդ ժամանակներում իր զարմանալի հաղթություններով արդեն մեծ փայլ և հռչակ էր ստացել հայազգի իշխան գեներալ Մադաթովը, մանավանդ այն կռիվների մեջ, որ Ռուսաստանը ունեցավ թուրքերի հետ։ Այդ հերոսը համարվում էր ռուսաց քաջ և ընդունակ զորավարներից մեկը, և նրա արևելյան ազգերի սովորություններին և նրանց հետ պատերազմելու եղանակներին ծանոթ լինելը միշտ նպաստում էր նրա անվրեպ հաջողություններին։
Իշխանի այդ հատկությունները ի նկատի առնելով, գեներալ Երմոլովի առաջարկությամբ, երբ այդ վերջինը նշանակվեցավ Անդրկովկասի գլխավոր կառավարիչ, միևնույն ժամանակ, 1816 թվին, բարձրագույն հրամանով իշխան Մադաթովը նշանակվեցավ Անդրկովկասի առանձին զորաբաժնի հրամանատար։
Իսկ 1817 թ. նշանակվեցավ նա Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի խանությունների զինվորական-նահանգային գլխավոր (военно-окружной начальник)։ Նրան հանձնված էր հսկել հիշյալ խանությունների կառավարության և բարեկարգության վրա։
Իշխան Մադաթովը դուրս էր եկել Ղարաբաղից տրեխներով, բայց վերադարձավ իր հայրենիքը գեներալ-լեյտենանտի աստիճանով, կուրծքը զարդարած բազմաթիվ շքանշաններով։ Բոլորը, ինչ որ չուներ նա, ստացել էր տոկուն զինվորի և քաջ պատերազմողի աշխատությամբ։ Հայրենիքը ուրախությամբ ողջունեց նրան. բոլոր հայերի սրտերը լցված էին պարծանքով և հպարտությամբ։ Մելիքների ոգևորությանը չափ չկար. բոլորը հույս ունեին, որ իշխանի շնորհիվ կվայելեն իրանց վաղեմի իրավունքները։
Երկու տարի զբաղվեցավ իշխանը կովկասյան լեռնաբնակների հետ ամենադժվարին կռիվներով, և նա պսակեց իր հաղթությունները ամբողջ հյուսիսային Դաղստանը նվաճելով և տեղային կիսավայրենի, ավազակաբարո ցեղերը հանգստացնելով։
Վերադառնալով Ղարաբաղ, նա սկսեց զբաղվել իր հսկողությանը հանձնված երեք խանությունների բարեկարգություններով. հիմնեց նրանց մեջ գավառական դատարաններ կամ '''դիվաններ''', և ինքը շատ անգամ ներկա էր գտնվում գործերի քննությանը։
Իսկ Ղարաբաղի կառավարիչը դարձյալ մնացել էր Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանը, որը այդ ժամանակ ռուսներից գեներալի աստիճան էր ստացել և պահպանում էր խաների, թեև սահմանափակված, բայց վաղեմի իրավունքները։ Սահմանափակված ասում ենք նրա համար միայն, որ նրան արգելված էր պատժել, մահվան դատապարտել, իսկ մյուս արտոնությունների վերաբերությամբ, կարելի է ասել, որ նա այժմ ավելի իրավունքներ էր բանացնում, քան թե ուներ պարսիկ տիրապետության ժամանակներում։ Նա ինքնակամ կերպով հողեր, գյուղեր, կալվածներ էր ընծայում, ուր որ ցանկանում էր (իհարկե, ոչ իր սեփականությունից) կամ խլում էր մեկից և մյուսին էր տալիս, մի խոսքով, վարվում էր երկրի հողի և հպատակների հետ իբրև նրանց լիակատար տերը։
Մեհտի-խանի այդ կամայականությունը առաջ եկավ Ղարաբաղի նոր տիրապետող ռուսների սխալ հասկացողությունից առհասարակ խաների նշանակության մասին և նրանց իրավունքների ո՛ր աստիճան տարածվելու մասին։ Ռուսները, որոնք իրանց երկրում տեսել էին ճորտություն, տեսել էին կալվածատերերի անսահման իրավունքները իրանց հողերի և ճորտերի վերաբերությամբ, որոնց մինչև անգամ որսորդական շների հետ էին փոխում,— հասկանալի է, որ ռուսներին չէր կարող օտարոտի երևնալ խանի վարմունքը, մանավանդ, որ արդեն համարում էին նրան իբրև Ղարաբաղի տիրապետող և ժառանգական իշխան (владетельный князь)։
Այդ ժամանակ ռուսները շատ փոքր ծանոթություններ ունեին Պարսկաստանի կառավարչական կարգերի, օրենքների և սովորությունների մասին։ Խանը, եթե ուներ մի գյուղ կամ այլ կալվածք, իբրև հասարակ սեփականատեր, կարող էր վաճառել։ Բայց նա երկրի տերը և թագավորը չէր, որ իրավունք ունենար հասարակաց հողերը բաշխելու, ընծայելու ում որ ցանկանար, կամ հետ խլելու ումից որ ցանկանար։ Կրկնում ենք, որ խանի այդ կամայականությունը առաջ եկավ ռուսաց այն ժամանակվա պաշտոնակալների սխալ հասկացողությունից խաների նշանակության մասին, և այդ սխալից աշխատեցին օգուտ քաղել խաները։ Այդ կտեսնենք հետո։
Մեր պատմության նպատակից դուրս է և շատ երկար կլիներ բացատրել, թե այն ժամանակ կալվածական կամ հողատիրական (մուլքադարության) որպիսի օրենքներ կամ սովորություններ էին տիրում Պարսկաստանում ընդհանրապես և Ղարաբաղում, իբրև պարսկական մի գավառ, մասնավորապես։ Բայց այսքանը կասենք, nր Ղարաբաղում, ինչպես ամբողջ Պարսկաստանում, հողը '''համայնքի''' (էլլիգի) սեփականություն էր, ոչ այն կարգով, որ համայնքը պարտավոր էր յուրաքանչյուր ընտանիքը կազմող անդամների թվի համեմատ հողը բաժանել գյուղացիների մեջ, այլ յուրաքանչյուր գյուղացի իր ձեռքում գտնված հողի տերն էր. նա իրավունք ուներ վաճառելու, գրավ դնելու կամ իր դրացուց ավելին գնելու։ Իսկ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գյուղ ուներ, իր գյուղատերը. այդ գյուղատերը կարող էր լինել մի որևիցե մելիք, խան կամ այս և այն վանքը։ Գյուղատերը վայելում էր այն իրավունքը միայն, որ ստանում էր գյուղացիների վարուցանքի կամ առհասարակ մշակության բերքի մի որոշ մասը (չոփբաշի)։ Բայց նա իրավունք չուներ մեկ գյուղացու ձեռքում գտնված հողը խլել և մյուսին տալ և մինչև անգամ, եթե ինքը, գյուղատերը, ցանկանալու լիներ իրան պատկանող գյուղի հողերի վրա վարուցանք անել, գյուղացիները նրան թույլ չէին տա։ Դրա համար գյուղատերը ուներ իր ազատ հողերը, որոնց վրա նա վարուցանք էր անում։
Ամբողջ Ղարաբաղի '''գյուղատերությունը'''<ref>Գյուղատերություն ասելով պետք է հասկանանք մշակության բերքից մի որոշ մասը ստանալու իրավունքը։</ref> պատկանում էր կամ հայոց մելիքներին կամ հայոց վանքերին։ Խաները սկզբում ոչ գյուղեր և ոչ մասնավոր կալվածներ չունեին։
Մի քանի փաստեր բավական են այդ իրողությունը ապացուցանելու համար։ Փանահ-խանը, որպես մեր ընթերցողներին հայտնի է, առաջինը եղավ, որ հետզհետե տկարացնելով մելիքների զորությունը, Ղարաբաղի մահմեդական խանության հիմքը դրեց։ Նա Ղարաբաղի ամբողջ գավառում մի տեղ չուներ, որի վրա բերդ հիմներ. Շուշի բերդի տեղը գնեց Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարից։ Նա ամբողջ Ղարաբաղում մի կտոր գետին չուներ, որ ծառայեցներ իր տոհմային գերեզմանատան համար, և այդ պատճառով Խաչենի Հասան-Ջալալյան իշխաններից գնեց Աղդամը (Ասկարանի մոտ), որ մինչև այսօր ծառայում է նրա ժառանգների համար իբրև տոհմային գերեզմանատուն։
Փանահ-խանի որդի Իբրահիմ-խանը, որը ավելի զորավոր եղավ, քան թե իր հայրը, նույնպես զուրկ էր կալվածներից, Ղարաբաղում հողեր չուներ նա, թեև համարվում էր այդ գավառի իշխող խանը։ Իր ժառանգների և եղբայրների ապրուստը ապահովացնելու համար, Ղարաբաղի սահմաններից դուրս, Բարդայի մահալում, գնեց նա կալվածներ Նուխվա բեկերից։ Այդ բոլորից երևում է, որ խաները ոչ թե երկրի տերն էին, այլ երկրի կառավարիչներն էին, նշանակված պարսից պետությունից։
Երկրի արմատական տերը հայոց հինգ մելիքական տների ներկայացուցիչներն էին, որոնք դարերով, սերունդից սերունդ, ժառանգաբար տիրում էին Ղարաբաղին։
Երբ հայոց մելիքները իրանց հպատակների հետ, որպես ցույց տվեցինք նախընթաց գլուխներում, գաղթեցին Վրաստանի, Շիրվանի և Գանձակի գավառները, այդ ժամանակ նրանց հողերն ու գյուղերը անտեր ու դատարկ մնալով, իրավ է, Իբրահիմ-խանը տիրապետեց, և գաղթածների տեղի լցրեց մահմեդական բնակիչներով։ Բայց երբ, տարիներից հետո, մելիքները իրանց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից, այդ ժամանակ հեռացրին մահմեդականներին և կրկին տեր եղան իրանց վաղեմի գյուղերին և հողերին։
Բայց որովհետև գաղթականների մի մասը մնաց օտար երկրներում, և մելիքներից մի քանիսի (որպես էին Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները) վերջին ժառանգները բոլորովին ոչնչացան, այդ պատճառով, նրանց հողերը անտեր մնալով, Իբրահիմ-խանը տիրեց, այսինքն, սկսեց ինքն ստանալ մշակության բերքի այն մասը, որ առաջ ստանում էին այն հողերի նախկին տիրապետողները։ Բայց իսկապես Իբրահիմ-խանը միայն վայելող էր և ոչ թե սեփականատեր իր ընդարձակ նշանակությամբ։ Նա բացի բերքի մի որոշյալ մասը ստանալուց, ուրիշ իրավունքներ չաներ ոչ հողի և ոչ հողը մշակող գյուղացիների վրա։ Գյուղացիները ազատ հպատակներ էին պետության, իսկ հողը սեփականություն էր գյուղական համայնքի նույն ձևով, որպես ցույց տվինք վերևում։
Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի ժամանակ հանգամանքները փոխվեցան։ Այդ ժամանակ ռուսները թեև տիրել էին Ղարաբաղին, բայց կալվածական հարցը և խաների իրավունքների չափը դեռևս որոշված չէր։ Թողյալ այդ, ռուսները, որպես վերևում հիշեցինք, խիստ բարձր կարծիք ունեին խաների նշանակության մասին։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Մեհտի-խանը սկսեց ավելի իրավունքներ բանացնել, քան թե որ ուներ առաջ։
Թե խանը և թե նրա շրջապատողները շատ լավ հասկանում էին, որ իրանց իշխանությունը արդեն անցել էր,— հասկանում էին, թե որքան ժամանակավոր և անհաստատ էր իրանց դրությունը և այդ պատճառով շտապեցին ժամանակից օգուտ քաղել։
Մեհտի-խանը սկսեց աջ ու ձախ իր մերձավորներին, բարեկամներին, ազգականներին ամբողջ գյուղեր, կալվածներ և հողեր պարգևել։ Նրա կամայականությանը ավելի վստահություն տվողը եղավ ինքը իշխան Մադաթովը, որը, իբրև նահանգաչին-զինվորական գլխավորը, ռուսաց կառավարությունից նշանակված էր խանի գործողությունների վրա հսկելու և նոր գրաված երկրի մեջ կարգ պահպանելու համար։
Իշխան Մադաթովի ծագումը մենք մասնավորապես ցույց տվինք մեր պատմության XXXVI գլխի մի ծանոթության մեջ։ Նրա հայրը՝ Մեհրաբյանց Գյուքին, հասարակ գյուղացի էր, բնակվում էր Չանախչի (Ավետարանոց) բերդում, և մի ստոր պաշտոն էր կատարում Վարանդայի տիրապետող Մելիք-Շահնազարյունների տանը։ Նրա մոր եղբայր Պետրոս յուզբաշի Մադաթյանը Մեյիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի տան նազիրն (տնտեսն) էր։ Իշխանը կրեց իր մոր տոհմի ազգանունը, որը փոքր-ինչ պատվավոր էր և, իր Ռոստոմ անունը փոխելով, կոչվեցավ Վալերիան Գրիգորևիչ Մադաթով։
Որպես իր իշխանական տիտղոսը ստացավ նա Ս. Պետերբուրգում Մելիք-Շահհազարյան Մելիք-Ջումշուդի շնորհած վկայականով (տե՛ս գլ. XXXVI), այժմ իր բարձր փառքով իր հայրենիքը՝ Ղարաբաղ, վերադառնալուց հետո, ցանկացավ նույն Մելիք-Շանազարյանների, իր բարերարների, հայրենական կալվածների վրա ինքը կալվածատեր լինել։ Մեհտի-խանը ընծայեց նրան Վարանդայի գավառում 15 գյուղեր իրանց ընդարձակ հողերով, սահմաններով և բնակիչներով։ Այդ գյուղերը Մելիք-Շահնազարյանների դարևոր կալվածներն էին։ Ամբողջ Վարանդան, որպես ընթերցողին հայտնի է, ամենահին ժամանակներեից Մելիք-Շահնազարյանների տիրապետության ներքո էր գտնվում։
Հիշյալ 15 գյուղերի թվում գտնվում էր և Չանախչի (Ավետարանոց) բերդը, որի մեջ զետեղված էին Մելիք-Շահնազարյանների ամրոցները. այնտեղ էին՝ Մելիք-Հուսեին I, Մելիք-Բաղիի և Մելիք Շահնազար II պալատները։ Իշխան Մադաթովը այդ վերջինի պալատը քանդել տվեց և նրա տեղում իր համար մի նոր պալատ հիմնեց։ Երբ նրանից հարցրին, ինչո՞ւ էր քանդել տալիս, նա ծիծաղելով պատասխանեց. «Երբ Մելիք-Շահնազարը այդ պալատը շինել էր տալիս, ես դեռ մանուկ էի. նա ինձ շատ քարեր է կրել ավել այդ պալատի շինվածքի համար. մինչև այս օր էլ այն ցավը զգում եմ մեջքիս վրա...»։
Մեհտի-խանի պարգևագրի բովանդակությունը, որով հիշյալ 15 գյուղերը ընծայվեցան իշխան Մադաթովին, ինքնըստինքյան ցույց է տալիս այդ պարգևագրի ինչ բնավորությամբ հեղինակված լինելը։ Խանը իր պարգևագրի մեջ հայտնում է, որովհետև իշխան Մադաթովի նախնիքը վաղեմի ժամանակներից Ղարաբաղում տիրապետում էին հիշյալ 15 գյուղերին իրանց ընդարձակ սահմաններով, իսկ իշխանի բացակայության ժամանակ այդ կալվածները խլվեցան (ո՞վքեր խլեցին), ուստի ինքը խանը այդ գյուղերը կրկին վերադարձնում է իշխանին, որպես իր նախնիքների օրինավոր ժառանգին և այլն։
Իսկ ովքե՞ր էին նրա նախնիքը,— հայտնի է։ Ունեի՞ն արդյոք նրանք կալվածներ,— այն ևս հայտնի է...
Թե որ աստիճան իշխան Մադաթովի մատը գործել էր այդ պարգևագրի խմբագրության մեջ, հայտնի է նրանից, որ իշխանը ստացավ այդ գյուղերն իրանց բնակիչների հետ ճորտության իրավունքներով։ Ճորտությունը թե պարսկական և թե տաճկական Հայաստանում երբեք գոյություն չէ ունեցել։
Իշխանը թեև ծնված էր Ղարաբաղում, բայց իր կրթությունը ստացած լինելով ռուսաց մայրաքաղաքների բարձր ազնվական շրջաններում, նույն ժամանակվա արիստոկրատիայի ոգվով Էլ զարգացած էր։ Ռուսաստանում այն ժամանակ ճորտություն կար. իսկ ճորտությունը նրա համար մի անհրաժեշտություն էր. նույնը ցանկացավ մտցնել իրան ընծայված գյուղերի մեջ։
Հասկանալի է, որ մի այսպիսի օտարոտի, միևնույն ժամանակ անմարդասեր նորաձևությունը պիտի գրգռեր նրա դեմ գյուղացիների դժգոհությունը մի կողմից, իսկ Մելիք-Շահնազարյանների ժառանգների բողոքը մյուս կողմից, որովհետև հիշյալ կալվածները նրանց տոհմին էին պատկանում։
Բայց ամենավնասակարն այն էր, որ իշխան Մադաթովի վարմունքը թուլացրեց Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների ժառանգական իրավունքները և դրա հակառակ բարձրացրեց խանի նշանակությունը։
Երբ որ նա խանի պարգևագրով ընծա ստացավ 15 գյուղեր, շատ հասկանալի է, որ այդ պարգևագիրը վավերական դարձնելու համար ինքը, իբրև տեղային նահանգային-զինվորական գլխավոր, որ կարգված էր խանի գործողությունների վրա հսկելու համար, ոչ միայն ստիպված էր ճանաչելու խանի մեջ '''բաշխելու''' և '''ընծայելու''' իրավունքը, այլ պիտի աշխատեր այդ իրավունքը ճանաչել տալ և ռուսաց կառավարությանը, որը դեռևս տեղային գործերի հետ լավ ծանոթ չէր։ Մյուս կողմից, նա պիտի աշխատեր ոչնչացնել մելիքների տիրապետական իրավունքները, երկրի տեր և իշխանը ցույց տալով միայն խանին։ Այսպես էլ վարվեց նա։
Դրա հետևանքն այն եղավ, որ Մեհտի-խանը սկսեց Ղարաբաղի բուն, արմատական կալվածատերերին (որպես էին հայոց մելիքները, վանքերը և հայ ժողովուրդը) զրկել և նրանց հողերը աջ և ձախ բաժանել իր ազգականներին և մերձավորներին։ Հայոց մելիքներից այդ ժամանակ նշանավոր մարդիկ չէին մնացել, որ կարողանային խանի զեղծումների մասին բողոքել, տեղեկություններ տալ, ուր որ հարկն էր։ Իսկ իշխան Մադաթովը, որպես ասում են, մատների միջից էր նայում խանի անկարգությունների վրա և թույլ էր տալիս նրան բաշխումներ անել, պարգևներ տալ, որպեսզի իր ստացածը ևս օրինական ձև ստանա, այսինքն՝ խանի մեջ հաստատվի ընծայելու, պարգևելու իրավունքը։
Ով որ ուշի-ուշով քննել է Ղարաբաղի խոշոր կամ մանր կալվածատերերի ձեռքում գտնված թղթերը, անպատճառ նկատած կլինի, որ այդ թղթերը, խիստ մասնավոր բացառությամբ, գրված են Մեհտի-խանի ժամանակներում և վավերացրած են նրա կնիքով։ Իսկ Մեհտի-խանի նախորդների՝ Փանահ-խանի և Իբրահիմ-խանի ժամանակներից, որոնք ավելի զորավոր մարդիկ էին, որոնք մի ժամանակ ամբողջ Ղարաբաղը իրանց իշխանության ներքո ունեին, այդ խաներից տված խիստ հազիվ են գտնվում այնպիսի թղթեր, որ դրանք որևիցե մեկին գյուղ կամ մի մեծ կալված ընծայած լինեին։
Այդ առատ բաշխումները կատարվեցան Մեհտի-խանի ժամանակ, երբ ռուսները տիրել էին Ղարաբաղին և երբ իշխան Մադաթովը կարգված էր տեղային նահանգային զինվորական գլխավոր և նրան հանձնված էր հսկել խանի գործողությունների վրա։
Թե ո՛րպիսւի մարդիկ էին ստանում գյուղեր, ընդարձակ կալվածներ, մենք կբերենք մի քանի օրինակներ.
Ֆարաջուլլայ-բեկ, Ռահիմ-բեկ, Իբրահիմ-բեկ և Հասան-բեկ, եղբայրները ստացան Մեհտի-խանից 8 գյուղեր։ Դրանց հայրը (Ուղուրլուն) Մեհտի-խանի հոր մոտ դահճի, պաշտոն էր կատարում։
Մեհտի-խանի ղաթրչի (ջորեպան) Մուրադի որդիքը՝ Վալի-բեկ և Թայիր-բեկ, նույնպես ստացան մի քանի գյուղեր։
Տեղ անունով հայաբնակ գյուղը, որը մի քանի հարյուր տուն բնակիչ ունի, պատկանում էր հայազգի Մելիք-Գեորգին։ Այդ գյուղից մի հասարակ հայ մշակ տարել էին Շուշի բերդի պարիսպների վրա բանեցնելու. որովհետև նրան շատ էին աշխատեցնում, նա բարկությունից մահմեդականություն ընդունեց և կոչվեցավ Ղասըմ։ Այդ Ղասըմի որդի Ռոստոմ-բեկը դարձավ Մեհտի-խանի տան նազիրը (տնտեսը), իսկ վերջինի որդի Ասատ-բեկը խանից պարգև ստացավ Տեղ գյուղը։
Պատմում են, երբ Մեհտի-խանի եղբոր որդի Ջաֆար-Ղուլի խանը նկատեց, որ Ղարաբաղի գյուղերը այսպես առատությամբ բաժան-բաժան է անում, ինքն ևս 12 գյուղերի ցուցակ կազմեց, և որովհետև իր հարաբերությունները իր հորեղբոր հետ լավ չէին, վերոհիշյալ նազիր Ռոստոմ-բեկի միջնորդությամբ ներկայացրեց Մեհտի-խանին, խնդրելով, որ իր անունով հաստատե ցույց տված գյուղերը։ Ռnստոմ-բեկը 12 գյուղերի պարգևագիրը գրել տվեց և, խանի կնիքով վավերացնելով, հանձնեց Ջաֆար-Ղուի-խանին։ Իսկ այդ վերջինը մի քանի օրից հետո փոշմանեց, ինչո՞ւ հայոց Խնածակ գյուղը ևս չէ մտցրել այն ցուցակի մեջ, որովհետև այդ գյուղը Շուշի բերդին բավական մոտ էր և կարող էր իր համար լավ ամառանոց լինել։ Նա կրկին դիմում է նազիր Ռոստոմ բեկի միջնորդությանը։ Նազիրը, պարսից սովորության համեմատ, խանի պարգևագիր լուսանցքի (հաշիա) վրա ավելացնում է Խնածակ գյուղի անունը և ներկայացնում է կնքելու։ Բայց Մեհտի-խանը զարմանում է, նա բնավ չէ հիշում, որ մի այդպիսի պարգևագիր տված լիներ իր եղբոր որդուն, որին սաստիկ ատում էր։ Նա փոխանակ կնքելու, թուղթը պատռում է և մի կողմ է ձգում։ Բանից դուրս է գալիս, որ սկզբում այդ թուղթը խանին վավերացնեի էին տվել այն րոպեների մեջ, երբ նա բնական դրության մեջ չէր գտնվում...
Մեհտի-խանը սովորություն ուներ սաստիկ մեծ քանակությամբ ռոմ գործածելու և խիստ հազիվ էր պատահում, որ նա զգաստ դրության մեջ գտնվեր։
Եվ այսպես Մեհտի-խանի ազգականները, ջորապանները, ախոռապանները և այլ մերձավորները, «բեկ» տիտղոս ստանալով, միևնույն ժամանակ ստացան գյուղեր, ընդարձակ հողեր և այլն։ Իսկ այդ բոլորը խլվեցավ հայոց մելիքների սեփականությունից։
Բայց այդ անկարգությունները երկար շարունակվեք չէին կարող։ Ամենքը գիտեին, որ ռուսաց կառավարությունը վերջ ի վերջո կհասկանար այդ զեղծումները և խանի կամայականությանը սահման կդներ։
Միևնույն ժամանակ գիտեին և այն, որ մշտական արբեցության մեջ գտնվող Մեհտի-խանը խիստ վատ հիշողություն ունի. նա իր երեկվա ասած խոսքը, տված թուղթը կարող է այսօր մերժել։ Այդ էր պատճառը, որ խանի դրությունից օգուտ քաղողները աշխատեցին մի կերպով հեռացնել նրան Ղարաբաղից, որպեսզի նրանից ստացած թղթերը պահպանեն իրանց նշանակությունը։
Մեհտի-խանը բավական երկչոտ մարդ էր։ Ամեն կողմից սկսեցին վախեցնել նրան, թե ռուսները դիտավորություն ունեն նրան սպանել տալու, Սիբիր ուղարկել և այլն։ Ասում են, թե ինքը իշխան Մադաթովը նույնպես կողմնակի կերպով նպաստում էր խանի անվստահությանը։
1822 թվին Մեհտի-խանը փախավ Պարսկաստան<ref>Պատմում են, որ խանի փախուստը այն աստիճան շտապով կատարվեցավ, որ կնիքը մոռացությամբ թողեց իր քարտուղար Միրզա-Ջամալի մոտ. և խանի բացակայությունից հետո այդ կնիքը երկար ժամանակ գործ էր ածվում...</ref>։ Բայց նրա փախուստը ճանապարհ բաց արեց պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 1826 թվի մի նոր արշավանքին դեպի Ղարաբաղի և Գանձակի կողմերը, որը ռուսներին բավական հոգսեր պատճառեց, և որի ժամանակ հայերը դարձյալ ցույց տվին իրանց անձնվիրությունը։
===XLIV===
1826 թվի ամառը պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 180 000 զինվորներով դարձյալ անցավ Երասխ դետը։ Ֆաթալի-շահի անձնավստահ որդին, որը առաջին փորձն էր արել իր զորքերի մեջ մտցնելու եվրոպական կրթություն, որը նպատակ էր դրել վերականգնելու Պարսկաստանի վաղեմի փառքը, չէր կարող համբերել, որ Պարսկաստանի մի ամենալավ մասը, որպիսին էր Անդրկովկասը, տիրեին ռուսները։
Նրա բանակի մեջ գտնվում էին Ղարաբաղի Մեհտի-խանը, Շաքիի Սելիմ-խանը և Շիրվանի Մուստաֆա-խանը, որոնք առաջ ռուսաց կառավարության հպատակության երդում էին տվել, իսկ հետո դավաճանելով, փախել էին Պարսկաստան, և պարսից զորքերի հետ վերադառնալով, աշխատում էին ապստամբեցնել Անդրկովկասի մահմեդականներին ռուսների դեմ։ Նրա զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրացի ազնվականների հետ, որոնք հուզում էին Ղազախի, Բորչալուի և Շամշադինի թարաքամաններին ռուսների դեմ։
Անցնելով Երասխը և մտնելով Զանգեզուրի մահալը, Աբաս-Միրզան բոլորովին ջարդեց ռուսաց մի բատալիոն, որ գտնվում էր Կորիս գյուղում։ Այստեղից արագությամբ մտավ նա Ղարաբաղի գավալը և տիրեց ամեն տեղ։
Ղարաբաղի պահպանության համար ռուսները թողել էին եգերյան զորագունդից 6 ռոտա միայն, պոլկովնիկ Ի. Ա. Րեուտի հրամանի ներքո, որոնք գտնվում էին Չանախչի ավանում, որը այդ ժամանակ պատկանում էր իշխան Մադաթովին։ Երբ պարսից զորքերը մոտեցան, պոլկովնիկ Րեուտը թողեց Չանախչին և, իր զինվորների հետ փախչելով, հազիվ կարողացավ ամրանալ Շուշի բերդում։
Պարսիկները գրավեցին Չանախչին և Աբաս-Միրզայի առաջին գործը եղավ հրամայել, որ քանդեն իշխան Մադաթովի պալատը, որը կառուցել էր նույն ավանում։
Նախընթաց գլխում տեսանք, որ իշխան Մադաթովը ստացավ Մեհտի-խանից 15 գյուղեր, որոնց թվում գտնվում էր Չանախչին։ Այդ գեղեցիկ ավանը Մելիք-Շահնազարյանների ամրոցն էր. այնտեղ էին գտնվում այդ տոհմի վաղեմի պալատները։ Իշխան-Մադաթովը այդ պալատները քանդել տալով՝ նրանց ավերակների վրա հիմնեց իր նոր պալատը, որի փառքը երկար վայելել չկարողացավ նա...
Աբաս-Միրզան, Չանախչին ավերակ դարձնելով, անցավ և պաշարեց Շուշի բերդը։ Իր առաջապահ զորքերը իր երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան սարդարի<ref>Ամիր-խան-սարդարը Աբաս-Սիրզայի հոր՝ Ֆաթալի շահի փեսան էր։</ref> առաջնորդությամբ ուղարկեց նա դեպի Գանձակի գավառը, որոնք տիրեցին Գանձակի բերդին, բոլորովին ոչնչացրին մերձակա գերմանական կալոնիաները, առաջացան մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը տիրելու համար։
Ամբողջ անդրկովկասյան քրիստոնյաները գտնվում էին սարսափի մեջ. բոլորը սպասում էին, որ Աղա-Մամադ-խանի բարբարոսությունները պետք է կրկնվեն։ Տեղային մահմեդականությունը մեծ հուզմունքի մեջ էր, բոլորը պատրաստված էին միանալու պարսիկների հետ, ռուսներին ջարդելու համար և պարսկական իշխանությունը կրկին Անդրկովկասում վերականգնելու համար։
Իշխան Մադաթովը այդ ժամանակ գտնվում էր կովկասյան հանքային ջրերի մոտ, ուր գնացել էր իր առողջությունը կազդուրելու։ Այնտեղ տեղեկություն ստացավ Վրաստանի գլխավոր հրամանատար գեներալ Երմոլովից, թե որպիսի վտանգ էր սպառնում Անդրկովկասին։ Նա մոռացավ իր հիվանդությունը և երկու օրվա մեջ ջրերից հասավ Թիֆլիս։ Անմիջապես (10 օգոստոսի) նրան առաջարկվեցավ ընդունել այն զորքերի հրամանատարությունը, որ պատրաստել էին ուղարկելու պարսիկների դեմ։ Իշխանը մեծ ուրախությամբ ընդունեց, որովհետև վտանգը գլխավորապես իր հայրենիքին էր սպառնում։
Մինչև իշխան Մադաթովի հասնելը, դառնանք դեպի Շուշի բերդը, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։
Աբաս-Միրզայի բոլոր ջանքերը բերդը տիրելու համար իզուր անցան։ Իզուր նրա մոտ գտնված ֆրանսիացի և իտալացի ինժեներները գործ էին դնում իրանց բոլոր արհեստը։ Բնությունից անառիկ ստեղծված բերդը գրավելու հնար չկար։ Նա ընդդիմացավ 48 օրվա սարսափելի պաշարման։
Բայց միայն բերդի բնական ամրությունը չէր, որ նրան պահպանեց թշնամու հարձակումներից։ Նրան պահպանեց գլխավորապես հայերի անձնազոհությունը։
Բացի բերդի մեջ բնակվող հայերից, այնտեղ շրջակա գյուղերից հավաքվել էին բազմաթիվ հայեր։ Այնտեղ կային, որպես վերևում հիշեցինք, 6 ռոտա ռուս զինվորներ միայն, պոլկովնիկ Րեուտի հրամանի ներքո։ Թե ինչպես էին գործում հայերը, մենք իբրև ապացույց, մեջ կբերենք մի փոքրիկ կտոր իշխան Մադաթովի կենսագրությունից։
«Ոչինչ չէր կարող խռովեցնել մի '''բուռն''' ռուսներին, որոնք ընկերաբար միանալով '''հայերի''' հետ (դրանք ըստ մեծի մասին իշխան Մադաթովի կալվածներիցն էին), քաջությամբ պատասխանում էին պաշարված բերդի բոլոր կետերի վրա թշնամու հարձակումներին, որը թվով երեսուն անգամ ավելի էր, քան թե բերդի մեջ գտնված գարնիզոնը, որը չուներ ոչ բավականաչափ ուտելու պաշար և ոչ հրանոթներ, որոնք մնացել էին Չանախչիի մեջ, 42-րդ եգերյան զորագունդի բնակության տեղում։ Տեսնելով գարնիզոնի այդքան համառ ընդդիմադրությունը, և հույս չունենալով ուժով նվաճելու նրան, Աբաս-Միրզան աշխատում էր տկարացնել նրան գիշերային անընդհատ հարձակումներով և կրակ թափելով... Վերջապես և դրա մեջ հաջողություն չգտնելով, սկսեց զանազան խոստմունքներով հրապուրել բերդի մեջ գտնված '''հայերին''', աշխատելով համոզել նրանց, որ բաժանվեն ռուսներից։ Բայց և այդ ձեռնարկության մեջ հանդիպեց հայերի կողմից միահոգի և հաստատուն մերժման։ Սահմանագլխի այդ նշանավոր բերդի գրավումը անպատճառ կունենար մեզ (ռուսների) համար չափազանց վատ հետևանքներ, որովհետև, Աբաս-Միրզան, տիրելով նրան, այլևս արգելք չէր ունենա կանգնեցնել իր արշավանքը և ուղղակի առաջ կխաղար դեպի Թիֆլիս, ուր կարող էր հասնել, նախքան թե մեր զորքերը ժամանակ կգտնեին միանալու, որ պաշտպանեին այդ քաղաքը։ Շուշիի մեջ կատարված գործողությունները սքանչելի էին։ Գիշերով պատրաստված վառոդի և գնդակների քանակությունը գործ էր ածվում ցերեկով։ Մինչև անգամ (հայոց) կնիկները և մանկահասակ աղջիկները ցույց էին տալիս եռանդ և քաջություն, օգնում էին պաշարվածներին հենց պատնեշների վրա, կռվելու ժամանակ բաժանելով նրանց պատրոններ։ Դեռ մինչև այսօր պատմվում են շատ զրույցներ Շուշիի բնակիչների այդ ժամանակի ինքնազոհությունների մասին...»<ref>«Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863. Երես 115—116.</ref>։
Այդ ինքնազոհության օրինակներից մենք կհիշենք մեկը միայն, որի մեջ փայլում է ղարաբաղցի կնոջ հերոսությունը։
Հենց նույն օրը, երբ Աբաս-Միրզայի զորքերը պաշարում են Շուշի բերդը, մի աղքատ կին իր ամուսնի հետ տարել էին մի պարկ ցորյան ջաղացը աղալու համար։ Շուշի բերդի ջրաղացները գտնվում են Գարգար գետի ձորի մեջ, Հյունուտ անունով գյուղի մոտ։ Ով որ տեսել է այդ անդնդախոր ձորը, ով որ տեսել է այն նեղ ճանապարհը, որ քարափների կուրծքի վրայով սարսափելի գահավեժներից բարձրանում է դեպի բերդը, կարող է երևակայել, թե ո՛րքան քաջություն, ո՛րքան սրտի ամրություն պետք էր մի կնոջ, որ նա կարողացավ այդ ճանապարհով գնալու ժամանակ ոչ միայն իր անձը ազատել պարսիկ սարվազների ձեռքից, այլ կոտորեց նրանցից շատերին։
Աղքատ կնոջ ամուսինը ալյուրի պարկը շալակած, երկուսը միասին բարձրանում էին քարափներից, հանկարծ վրա են հասնում մի խումբ սարվազներ։ Ամուսին այրը պարկը ցած է գցում և սկսում է փախչել։ Իսկ կինը մնում է, սկսում է քարերով կռվել սարվազնեթի հետ։ Նրան հաջողվում է մեկին ցաղ գլորել և խլել նրանից հրացանը ու սուրը։ Այնուհետև, մի կողմից պատերազմելով սարվազների հետ, մյուս կողմից՝ ալյուրի պարկը իր ետևից քարշ տալով, նա բարձրանում է դեպի բերդը։ Բերդի միջից հեռվից տեսնում են նրա կռիվը և աղաղակներով քաջալերում են։ Նա ազատում է իր զավակների ապրուստի պաշարը և մինչև բերդը մտնելը սպանում է մի քանի սարվազներ։
Մինչև այսօր ամեն մի շուշեցի չէ մոռացել այդ կնոջ անունը, նրան կոչում էին Խաթայի<ref>Պոլկովնիկ Րեուտի առաջարկությամբ ռուսաց կառավարությունը նշանակեց այդ կնոջ համար ցմահ պենսիս։</ref>։
Շուշի բերդը հայերի օգնությամբ ամբողջ 48 օր պաշտպանվեցավ Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերի դեմ։ Այդ սահմանագլխյան բերդը մի հզոր խոչընդոտ էր, մի մեծ արգելք էր նրա արշավանքի առաջադիմությանը դեպի Անդրկովկասի խորքերը։ Եթե Աբաս-Միրզան այստեղ աջողություն գտներ, գործերի դրությունը շատ պիտի դժվարանար ռուսների համար։ Ղարաբաղի Մեհտի-խանը, այդ ռուսներից հարգված և գեներալի աստիճանի հասցրած դավաճանը, արդեն ոտքի էր կանգնեցրել Ղարաբաղի մահմեդական բnլnր խաշնարած, կիսավայրենի ցեղերին ռուսների դեմ։ Բացի Աբաս-Միրզայի կանոնավոր զորքերից, ռուսաց սահմանների մոտ թափառող պարսից բոլոր ավազակ ցեղերը, ինչպես էին շահսևանները, ղատադաղցիները, ահագին խումբերով անցել էին Երասխը ավարառության և կողոպուտի նպատակով։
Բայց Շուշին պաշտպանվում էր։
Այդ ժամանակ Աբաս-Միրզայի առաջապահ զորքերը նրա երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան-սարդարի առաջնորդությամբ, տիրելով Գանձակին, անցել էին մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը գրավելու համար։
Դեռ Օգոստոսի 4-ին ռուսաց զորքերը Թիֆլիսից։ ճանապարհ էին ընկած թշնամու առաջը առնելու համար։ Իշխան Մադաթովը սկզբում նրանց հետ չէր. նա արագությամբ հետո հասավ իր հրամանատրությանը հանձնված զորքերին Կարմիր-կամուրջի մոտ և այնտեղից առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։
Զագամ գետի մոտ իշխան Մադաթովը հանդիպեց վրաց իշխանազն Ալեքսանդրին, որը 2 000 պարսիկ զորքերով և մի քանի վրացի ազնվականների հետ կամենում էր անցնել դեպի Նուխվա գավառը, լեզգիներին և տեղային մահմեդականներին ապստամբեցնելու ռուսների դեմ։ Իր զորաբաժնից իշխան Մադաթովը առեց փոքրաթիվ ձիավորներ և հարձակվեցավ Ալեքսանդրի վրա։ Կարճատև կռվից հետո վրաց իշխանազնը ստիպվեցավ խույս տալ դեպի Շամքորի լեռները։
Հաջողակ ձեռքով ջարդելով թշնամու առաջապահ գունդերը, իշխան Մադաթովը սեպտեմբերի սկզբներում հասավ Շամքոր գետի մոտ, որի աջ ափի վրա սպասում էր նրան պարսից գլխավոր զորությունը, պատերազմական կարգով։ Նրանց թիվը անցնում էր 10 000-ից, չհաշվելով Ղազախի և Շամշադինի թուրքերին, որոնք ահագին խումբերով միացել էին պարսիկների հետ։ Այդ խառնիճաղանջ բազմությանը առաջնորդում էր Ամիր-խան-սարդարը, որը շահի փեսան և նրա լավ զորապետներից մեկն էր, բացի նրանից, զորապետների թվում գտնվում էր Աբաս-Միրզայի երեց որդին։
Իսկ իշխան Մադաթովը ուներ իր հրամանի ներքո միայն 2 բատալիոն, 2 ռոտա և 4 թնդանոթներ։ Բայց քաջ և փորձված զորավարի անձնավստահությունը փշրեց թշնամու ահագին զորությունը։ Նրա ահարկու անունը, որը արդեն մահմեդականների մեջ առասպելական նշանակություն էր ստացել, բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եվ իշխան Մադաթովը իր պատերազմական ճարպկությունների մեջ գիտեր այնպիսի հնարքներ բանացնել, որ ազդեր արևելքցիների երևակայության վրա։ Որպես Հոմերոսի հերոսները Տրոյան գրավելու համար կազմեցին իրանց ամեհի փայտեղեն երիվարը, այնպես էլ իշխան Մադաթովը սարքեց մի ահագին սայլ, որը, իբրև մի հրեշավոր մեքենա, հանդարտ ընթացքով առաջ էր տանում իր զորքերի առջևից։ Սայլի միջից որոտում էին թնդանոթները, որ կապված էին նրա վրա։ Սարսափած թշնամին կարծում էր, որ այդ վիթխարի հրեշը իր բերանիցն էր հոսում անընդհատ կրակը ու գնդակները։
Պարսիկները չարաչար կերպով ջարդվեցան։ Նրանց գլխավոր հրամանատարը՝ Ամիր-խան-սարդարը, սպանված ընկավ կռվի դաշտում։ Աբաս-Միրզայի որդի Մահմեդ-Միրզան առաջինը եղավ, որ փախչելով խույս տվեց պատերազմի դաշտից։ Նրան հետևեցին հաղթված սարվազները, թողնելով Շամքոր գետի ափերի մոտ իրանց բոլոր ռազմամթերքը։
Իշխանը սկսեց հալածել թշնամուն, որ նա Գանձակի մոտ կանգ չառնե տեղային հաներին վնասելու համար։ Սեպտեմբերի 4-ին հասավ նա Գանձակի պարիսպների մոտ։ Քաղաքի հայ հասարակությունը մեծ հանդեսով հանդիպեց նրան, շնորհավորում էր նրա փառավոր հաղթությունը։ Ամբոխը երգում էր նրա անունով արդեն հորինված ժողովրդական երգերը։
Շամքորի հաղթությունը ազատեց Գանձակը թշնամու բարբարոսությունից<ref>Աբաս-Միրզայի Նազար-Ալի-խան անունով զորապետը, 1 500 մարաղեցի սարվազներով թողված էր Գանձակի բերդի պահպանության համար։ Այդ գազանը, պատրաստվել էր կոտորել տալ տեղային հայերին, բայց հենց որ լսեց իշ. Մադաթովի Շամքորի հաղթությունը, շտապով թողեց Գանձակը և փախավ։</ref> և փոքր-ինչ հանգստացրեց հուզված մահմեդականներին<ref>Պարսիկները տեղային մահմեդականներին հուզելու համար գործ էին դնում ամեն միջոցներ։ Պարսկաստանի նշանավոր հոգևորականներից մեկը, որը իրան կոչում էր Իմամ Հուսեին, հավատացնում էր տեղային մահմեդականներին, որ իր աղոթքների զորությամբ ռուսների գնդակները չեն կարող վնասել նրանց։ Իշ. Մադաթովը բռնել տվեց այդ երևելի ֆանատիկոսին և հրամայեց խեղդել։</ref>։ Բայց դեռ ամենագլխավորը մնացել էր. Շուշի բերդը դեռևս գտնվում էր պաշարված դրության մեջ Աբաս-Միրզայի զորքերով, որոնց հետ միացան Շամքորի պարտությունից հետո փախած պարսիկները։
Իշխան Մադաթովը արդեն պատրաստված էր գնամու Շուշին ազատելու համար, հանկարծ հրաման ստացավ գեներալ Պասկևիչից (որը այդ ժամանակ եկել էր Թիֆլիս), որ Գանձակում սպասե իրան։
11 սեպտեմբերի ինքը Պասկևիչը անձամբ եկավ Գանձակ և ընդունեց բոլոր զորքերի հրամանատարությունը։
«13 սեպտեմբերի, գիշերը, պարսից բանակից հայտնվեցան երկու հայեր, որոնցից մեկը, իբրև ռուսաց լեզվի թարգման, գտնվում էր Սբաս-Միրզայի մոտ և մի ժամանակ ծառայել էր իշխան Մադաթովի տանը։ Նրանք թախանձանոք պահանջում էին, որ, իրանց թողնեն իշխանի (Մադաթովի) մոտ և հաղորդեցին նրան, թե պարսիկները, իրանց բոլոր ծանրությունները թողնելով Թարթար գետի մյուս կողմում, արդեն անցան Քուրակ-չայ գետը և առաջ են ընթանում, որ հանկարծակի հարձակում գործեն մեր (ռուսաց) զորքերի վրա։ Իշխան Մադաթովը անհապաղ այդ մասին տեղեկություն տվեց գեներալ-ադյուտանտ Պասկևիչին, որից տրվեցան այդ դեպքի համար բոլոր հարկավոր եղած հրամանները»<ref>«Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863. Երես 116.</ref>։
Եվ իրավ, Աբաս-Միրզան Շամքորի պարտությունից հետո, իր զորքերի մի մասը թողնելով Շուշի բերդի մոտ և առնելով իր հետ 15 000 կանոնավոր հետևակներ և 20 000 ձիավորներ, 26 թնդանոթներով, այնքան առաջ էր եկել, որ գտնվում էր 7 վերստ հեռավորության վրա Գանձակ քաղաքից։ Եվ ռուսները նրա շարժման մասին հազիվ թե տեղեկություն կունենային, եթե վերոհիշյալ երկու '''հայերը''', որոնք Աբաս-Միրզայի ծառայության մեջ էին գտնվում, լրտեսի պաշտոն չկատարեին։
Գանձակի մոտ ռուսաց զորքերը բաղկացած էին մի այն 6 բատալիոն հետևակներից և երեք պոլկ ձիավորներից, ունեին 24 թնդանոթներ։ Զորքերի այդ անհամեմատ սակավությունը Աբաս-Միրզայի ահագին զորության դեմ կարող էր միայն պաշտպանողական դիրք պահպանել և ոչ հարձակողական, և այսպես էլ վարվելու դիտավորություն ուներ գեներալ Պասկևիչը։ Բայց իշխան Մադաթովը, որ ավելի լավ ծանոթ էր արևելքցիների հետ, համոզեց նրան, որ, թշնամուն ժամանակ տալով, նրա զորությունը ավելի կբարդվի, տեղացի մահմեդականները կմիանան նրա հետ, բացի դրանից, հասկացրեց, որ ասիացիների հետ պատերազմելու համար զորքերի թիվը այնքան նշանառություն չունի, որքան համարձակ և վճռական հարձակմունքը։
Վճռեցին կռվել։ Իշխան Մադաթովի պատերազմական տաղանդը, որպես Շամքորի ճակատամարտում, նույնպես և Գանձակի մոտ կատարված կռիվում, ցույց տվեց նրա զինվորական բարձր արժանավորությունները։
Աբաս-Միրզան հաղթվեցավ։ Պարսիկները այնքան շտապով սկսեցին փախչել, որ պատերազմի դաշտում և ճանապարհների վրա թողեցին իրանց բոլոր ծանրությունները։ Աբաս-Միրզան սեպտեմբերի 15-ին, իսկ նրա ջարդված զորքերը նույն ամսի 17-ին անցան, Երասխ գետը։ Իշխան Մադաթովը հալածեց նրանց մինչև պարսից սահմանները։
Թշնամու հեռանալովը Շուշի բերդի պաշարումն ինքնըստինքյան լուծվեցավ։ Իշխան Մադաթավը շտապեց այնտեղ բերդի դրությունը տեսնելու համար։ Մի քանի վերստ հեռավորության վրա, ահագին բազմությամբ նրա առաջ դուրս եկավ պոլկովնիկ Րեուտը հայոց հոգևորականության հետ։ Մինչև անգամ կանայքը, երեխաները ուրախության աղաղակներով արտահայտում էին իրանց շնորհակալությունը իրանց ազատչին։
Այստեղ իմացավ նա, որ թշնամին ոչ միայն ավերակ էր դարձրել նրա Չանախչի ամրոցը, այլ բոլորովին ոչնչացրել էր նրա գյուղերից 6-ը։ Ինչ որ կարողացել էին տանել, տարել էին, ինչ որ չէին կարողացել՝ այրել էին։
Բայց կողոպտված Ղարաբաղը տակավին հուզման մեջ էր։ Մեհտի-խանը դեռևս գրգռում էր մահմեդականներին զանազան անկարգություններ գործելու, հորդորում էր նրանց թողնել Ղարաբաղը, անցնել Երասխի մյուս կողմը, պարսից հողի վրա, և այնտեղից հարձակումներ գործել։
Իշխան Մադաթսվը պետք է իրան ցույց տար Ղարաբաղի բնակիչներին, մանավանդ, որ պարսիկները նրա մասին սուտ լուրեր էին տարածել, որ կռիվի մեջ սպանված է։
Բայց նա իր ձեռքի տա զորքեր չուներ, որովհետև, նրա հրամանատարության ներքո գտնված զորքերը այդ ժամանակ հանձնած էին գեներալ Պասկևիչին։ Այդ դեպքում ևս նրան օգնության հասան հլու և հնազանդ հայերը։ Շուտով կազմվեցան կամավորների խումբեր, որոնց իր հետ առնելով, իշխանը սկսեք թռչել դեպի Ղարաբաղի զանազան կողմերը և ամեն տեղ հանգցնել Մեհտի-խանի բորբոքած խռովությունները։
Հայերի օգնությամբ իշխանը խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մnռացվեցավ և հայերի անձնազոհությունը։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին՝ «դրանք մերն են...»։
===XLV===
Բայց ովքե՞ր էին այն երկու հայերը, որոնք դեռ Գանձակի կռվից առաջ թողեցին Աբաս-Միրզայի բանակը, եկան իշխան Մադաթովի մոտ և նրան խիստ նշանավոր տեղեկություններ հաղորդեցին պարսիկների գործողությունների մասին։ Նրանց անունները, կամ ով լինելը մեզ հայտնի չէ։
Մեզ հայտնի է միայն մեկ հայ երիտասարդի անունը, որը այդ միջոցներում թողեց Աբաս-Միրզայի ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։ Բայց նախքան նրա մասին խոսելը, մենք հարկավոր ենք համարում խիuտ համառոտ կերպով ցույց տալ, թե որպիսի հայացք ուներ Աբաս-Միրզան իր հպատակ հայերի վերաբերությամբ և ի՞նչ վիճակի մեջ էին նրա ժամանակ հայերը Պարսկաստանում։
Աբաս-Միրզան՝ պարսից գահի թագաժառանգը, էր միևնույն ժամանակ Պարսկաստանի մի նշանավոր մասի՝ Ատրպատականի փոխարքան։ Ատրպատականը ավելի խիտ բնակեցված էր հայերով և այլ քրիստոնյա ազգերով, որպես էին ասորի նեստորականները։ Ատրպատականը սահմանակից էր պարսկական այն նահանգներին, որ ռուսները մասամբ գրավել էին և մնացածը ցանկություն ունեին գրավելու, Երաասխ գետը թողնելով իբրև սահմանագիծ երկու պետությունների մեջ։
Աբաս-Միրզան թեև Նադիրի, Աղա-Մամադ-խանի նման հզոր պատերազմող չէր, բայց խելացի քաղաքագետ էր և երկրի լավ կառավարիչ։ Նա այն տեսակ անձնավորություններից էր, որ գիտեր ամեն տեսակ ուժերից օգուտ քաղել։ Իսկ Պարսկաստանի շինության համար մի մեծ ուժ նա տեսնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա սկսեց հայերին օրըստօրե բարձրացնել, նրանց լայն ասպարեզ և ընդարձակ արտոնություններ շնորհելով։ Նրա ողորմածությունը հայերի վերաբերությամբ համակրում էր և նրա հայրը, բարի և մարդասեր Ֆաթալի-շահը, որի թագավորության ժամանակներում Պարսկաստանի հայերը վայելում էին կատարյալ բախտավորություն։
Որպես Շահ-Աբաս մեծը, մի ժամանակ Պարսկաստանի վաճառականությունը ծաղկեցնելու համար, Սպահանի հայերից առևտրական ընկերություններ էր կազմում, և ինքը ևս իր սեփական դրամագլխով մասնակցում էր նրանց առևտրական ձեռնարկությունների մեջ,— այնպես էլ Աբաս-Միրզան ուներ իր հայ վաճառականները, որոնք գործում էին նրա դրամագլխով։
Երկրի հայ ազգաբնակությունը մահմեդական կառավարիչների հարստահարությունից ազատ պահելու համար նա բարձրացրեց հայոց մելիքների նշանակությունը, նրանց ընդարձակ իրավունքներ տալով, նրանց համար ռոճիկներ սահմանելով և այլն։
Ճանաչելով, որ հայ ժողովուրդը սերտ կերպով կապված է իր եկեղեցու և եկեղեցականների հետ, նա սկսեց զսպել ոչ միայն մահմեդականների կրոնական հալածանքը քրիստոնյաների դեմ, այլ աշխատում էր ավելի ուժ և խրախույս տալ քրիստոնեությանը։ Հաճախում էր հայոց եկեղեցին, ներկա էր գտնվում հայոց եկեղեցական հանդեսներին, nր իր օրինակով ցույց տա, թե հայերի կրոնական պաշտամունքները ամենայն հարգանքի արժանի են։ Նրա ժամանակ հայոց եկեղեցիները սկսեցին զանգակ հարկանել, որ առաջ արգելված էր։
Նույն ժամանակվա Ատրպատականի Իսրայել եպիսկոպոսը նրա ամենալավ բարեկամն էր։ Նա հատկացրեց եպիսկոպոսի համար նշանավոր ռոճիկ, բացի դրանից, առաջնորդարանի ծախքերի համար, իբրև մշտական սեփականություն, ընծայեց ընդարձակ կալվածներ, որ նրանց եկամուտներով պահպանվի առաջնորդարանը<ref>Այդ ժամանակ Ատրապատականի հայոց հոգևոր կառավարության առաջնորդաբանը գտնվում էր Սալմաստ գավառի Հավթևան գյուղում, և կալվածները այդ գյուղի հողերիցն էին, որոնք հետզհետե վաճառվեցան հետագա թեմական առաջնորդների ագահությամբ...</ref>։
Ատրպատականի հայոց վանքերի գոյությունը ապահովեցնելու համար շնորհեց նա, իբրև մշտական սեփականություն, յուրաքանչյուր վանքին մի-մի գյուղ, իրանց բնակիչներով, հողերով և սահմաններով։ Այդ գյուղերը ազատ թողեց նա արքունի հարկերից, այնպես, որ կառավարության փոխարեն ինքը վանքը իրավունք ուներ ստանալ ոչ միայն մշակության բերքերի մի մասը, այլև արքունի հարկերը<ref>Ատրպաաականում երեք նշանավոր վանքեր կան, Նախավկայի վանքը, որ գտնվում է Երասխի ափի մոտ, Հին-Ջուղայից ոչ այնքան հեռու, Թադեոս առաքյալի վանքը Մագուի գավառում և Բարդուղիմեոս առաքյալի վանքը Հաղբակի գավառում։ Այդ վանքերը դեռ պահպանում են Աբաս-Միրզայի շնորհած կալվածները, բայց հոգ. իշխանության անհոգությունից խիստ ողորմելի դրության մեջ։</ref>։
Թավրիզը Աբաս-Միրզայի աթոռանիստն էր. այդ քաղաքի հայ հասարակության դրությունը բարվոքելու համար ազատեց նրանց ամեն տեսակի հարկերից։ Նույն արտոնությունը թավրիզեցի հայերը վայելում են մինչև այսօր, իսկ նրանց հարևան մահմեդականները հարկ են վճարում։
Երկար կլիներ մի առ մի թվել, թե որքան ողորմած էր նա դեպի հայոց ժողովուրդը և որքան բարձրացրեց նա այդ ժողովրդի դրությունը, նրան ամեն կերպ ապահովություններ շնորհելով։ Բայց այն ևս պետք է նկատել, որ Աբաս-Միրզան այդ բոլորի մեջ ուներ և իր քաղաքական նպատակները։ Նա ամեն հնարներ գործ էր դնում, որ հայերի սրտերը ամուր կերպով կապե Պարսկաստանի հետ և նրանց համակրությունը դեպի ռուսները սառեցնե։ Այսուամենայնիվ, ինչ էլ որ լինեին նրա քաղաքական նպատակները, բայց դարձյալ նրա համակրությունը դեպի հայերը բոլորովին անկեղծ էր<ref>Նրա անկեղծությանը կարող է ապացույց լինել այն, որ 1827 և 1828 թվերում Պարսկաստանի հայոց դեպի Անդրկովկաս գաղթականության ժամանակ, որքան աշխատեց նա, որ հայերը չգաղթեն։ Բայց ռուսաց սվինները, Ներսեսը և Լազարյանը, նրա բոլոր ջանքերը թողեցին ապարդյուն և ավելի քան 40 հազար հայեր գաղթեցին դեպի Արարատյան նահանգը և այլ տեղեր։</ref>։
Աբաս-Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ՝ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով<ref>Պարսկաստանում այդ ժամանակներում ծաղկած հայ ավագների պատմությունը առանձին գրքի կարոտ է. մենք կհիշենք նրանց անունները միայն. 1. '''Յուսուֆ-խան''' սփանդիար (մարզպան) Արաղստանի։ 2. Մյուս '''Յուսուֆ-խան''' թոփչի-բաշի (թնդանոթաձիգների գլխավոր)։ 3. '''Մուսա-բեկ''' թոփչի-բաշի։ 4. '''Աղա Յաղուբ''' ներքինապետ շահի։ 5. '''Աղա-Իբրահիմ''' ղարաբաղցի, ազդեցության տեր ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում։ 6. Մյուս '''Աղա-Յաղուբ''' երևանցի, ներքինի և մատակարար Ֆաթալի-շահի կանանոցում։ 7. Բժշկապետ '''Դավիթ-խան''' Մկրտչյան նոր ջուղայեցի, Ֆաթալի-շահի և Մահմեդ-շահի ժամանակներում բարձր Դռան բժիշկ։ 8. '''Խուդադատ-խան''' սալմաստնցի, կառավարիչ Ատրպատականի զանազան գավառների։ 9. '''Դավիթ-խան''' ասպետ և '''Միրզա-Յուսուֆ-խան''' Մելիք-Շահնազարյան դը-Շապուր, առաջինն էր թարգման Ֆաթալի-շահի մոտ և իբրև Պարսկաստանի լիազոր դեսպան ուղարկվեցավ Նապոլեոն I մոտ, երկրորդը առաջինի հորեղբոր որդին էր, Պարսկաստանից դժգոհ լինելով, եկավ Թիֆլիս. հետո գնաց Ս. Պետերբուրգ, այնտեղ վախճանվեցավ։ 10. '''Զոհրաբ-խան''' խազնադար-շահրիար, այսինքն՝ արքունի գանձապետ, դա Ֆաթալի-շահի գանձապետը և նրա փեսան էր։ 11. Մյուս '''Զոհրաբ-խան''' Վարդանյանց՝ արքունի գանձապետ էր Սպահանում։ 12. '''Աղա-Բահրամ''' ներքինի, ամիր-դիվանխանե, այսինքն՝ պետական դիվանի գլխավորը։ 13. '''Զոհրաբ-խան''' ղուլամ-փիշխդմաթ-բաշի, շահի արքունիքի սենեկապետների գլխավորը։ 14. '''Յուսուֆ-խան''' ամիր թոփխանե՝ պարսից արտիլերիայի գլխավոր, Թիֆլիսեցի, բաղկալ Գելոենց տնից։ 15. '''Զոհրաբ-խան''' ամիր-թոփխանե։ 16. '''Սպանդիար-խան''' իշխանազն Ամատունի. թիֆլիսեցի, ղուլամ-փիշ-խդմեթ, շահի սենեկապետ։ 17. '''Բեժան-խան''' զորապետ։ 18. '''Ալլահվերդի-բեկ''' ղարաբաղցի, Մահմեդ-շահի մոհրդարը՝ այսինքն՝ կնքապահն էր. նրա եղբայրները՝ '''Մեհտի-խան''' սարհանդը Բհադրան կոչված գունդի զորապետն էր, իսկ '''Ըրզա-Կուլի-խանը''' շահի փիշ-խդմեթ (սենեկապետ) էր։ 19. '''Աղաջան-խան''' սարհանգ (գնդաետ)։ 20. '''Ոսկան Սամուրի''' սպահանցի, Ֆաթալի-շահի վաճառականը։ 21. '''Մահտեսի Հովհաննես Ղազարյան''' թավրիզեցի՝ Աբաս-Միրզայի վաճառականը, դա ազատեց Դանիել կաթողիկոսին բանտարկությունից։ 22. '''Մանուչար-խան''', որ կրում էր մոհթամեդ-ուդ-դովլե տիտղոսը, նշանակում է նեցուկ պետության։ Դա Էնիկոլոփյանների տնիցն էր, Պարսկաստանում այն աստիճան բարձրացավ, որ մի ժամանակ վարում էր հետևյալ նահանգների փոխարքայության պաշտոնը՝ Ռաշտի, Սպահանի, Լոռիստանի, Բակտրիայի, Շուշտերի և Դասֆիչի։ 23. '''Խոսրով-խան''' վալի (տիրապետող իշխան), թիֆլիսեցի էր, Կայթիմաղյանց տոհմից, չափազանց ուժեղ լինելու պատճառով կոչվում էր և Խոսրով-խան շիր (առյուծ)։ 24. '''Յաղուբ-խան''' սուլթան (զորապետ)։ 25. '''Սեթի-խան''' բուշեռցի, սկզբում ծառայում էր անգլիական դեսպանատանը, հետո պարսից ծառայության մեջ մտավ, դրա որդի Ծատուր-խան սուրհանդը (գնդապետ) այժմ Թավրիզի արտուքին գործոց նախարարի պաշտոնեության առաջին թարգմանն է։ 26. '''Դավութ-խան''' կամ '''Ժան-Դավութ-խան''' զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն էր։ 27. '''Թադեոս-խան''' կամ '''Թուրաբ-խան''' թավրիզեցի, ջավահիրջի-բաշի, Բ. Դռան ակնագործների (յուվելիրների) գլխավորը։ 28. '''Կուլամ-Հուսեին-խան''' սըփանդիար (մարզպան) Արաղստանի, Յուսուֆ-խան սըփանդիարի որդին։ 29. '''Իսմայիլ-խան''' Մելիք-Մինասյան թավրիզեցի, ջվահիրջի-բաշի (Բ. Դռան ակնագործների գլխավոր)։ 30. '''Միրզա-Ֆարրուխ''' Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ ֆաթալի-խանի մոտ, իսկ հետո Մամմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում։ 31. '''Միրզա-Ռոստոմ''' Էնիկալոփյանց։ 32. '''Աղալար-խան''' Էնիկոլոփյանց, թե առաջինը և թե երկրորդը ծառայում էին Աբաս-Միրզայի մոտ։ 33. '''Միրզա-Գյուրգեն-խան''' Էնիկոլոփյանց, կուլամփիշ-խդմաթ (սենեկապետ) Աաբաս-Միրզայի մոտ։ 34. '''Յուսուֆ-բեկ''' Էնիկոլոփյանց, թիկնապահ Աբաս-Միրզայի։ 35. '''Սուլեյման-խան''' Էնիկոլոփյանց. իբրև երևելի զորավար, դա այն աստիճան բարձրացավ Պարսկաստանում, որ կառավարությունը նրան շնորհեց սամը-դովլե տիտղոսը, որ նշանակում է սուր պետության։ Երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշտերի և Դասֆիջի փոխարքայության բարձր պաշտոնը։ Դրա որդիներից մեկը, գեներալ Նարիման-խանը, այժմ պարսից Վիեննայի դեսպանն է, իսկ մյուսը՝ գեներալ Ջհանգիր-խանը այժմյան շահի աջուդան-բաշին (ադյուտանտների գլխավորը) միևնույն ժամանակ ամբողջ Պարսկաստանի արտիլերիայի գլխավորն է։ 36. '''Դավութ-խան''' սարթիփ (գեներալ) և '''Զալ-խան''' սարհանգ (գնդապետ) Սագինյանց, քաջ և նշանավոր զինվորականներ էին։ 37. '''Ավագ-խան''' Մելիք-Մեհրաբյանց, հին-նախիջևանցի, ծառայում էր Թավրիզի ռուսաց հյուպատոսարանում, միևնույն ժամանակ տեղային ռուսահպատակ վաճառականների թաջիր-բաշին, այսինքն՝ առևտրական դիվանի գլխավորն էր. իր կատարած նշանավոր գործերով նա մեծ հարգանք և հռչակ ստացավ Պարսկաստանում, և թողեց անմոռանալի հիշատակ տեղային քրիստոնյաների մեջ, երկու անգամ ազատելով Թավրիզի հայերին մոլեռանդությունից կատաղած մահմեդականների սարսափելի կոտորածից։ Դրա որդին՝ Սուլեյման-խանը, այժմ Թիֆլիսում արևելյան լեզուների գլխավոր ցենզորի պաշտոն է վարում։ 38. '''Միրզա-Յուսուֆ''' Ներսիսյանց ղարաբաղցի, քարտուղար շահի դիվանում (դա Մոսկվայի պրոֆեսոր Ներսեսյանի հայրն էր)։ 39. '''Ասրի-բեկ''' Բըհատուրյանց, Աբաս-Միրզայի մոտ թիկնապահի պաշտոն էր կատարում, դա միևնույն անձնավորությունն էր, որ թողեց պարսից ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։<br>Բացի զինվորական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզներից, բացի շահի Բարձր Դռան մոտ զանազան նշանավոր պաշտոններ վարելուց, հայերը երևելի գտնվեցան և պարսից հոգևորական դասակարգի մեջ, իհարկե, կրոնափոխ լինելուց հետո։ Դրանցից կհիշենք Մոլլա-բաշի (մոլլաների գլխավոր) Միզա-Աբասի անունը և Հաջի-Մոլլա-Քարիմ Տեր-Գրիգորյանի անունը, որի եղբոր թոռը այժմ Թիֆլիuու Մողնու եկեղեցում քահանա է։<br>Ավելորդ չենք համարում նկատել, որ վերոհիշյալ անձնավորություններից, ոմանք Աղա-Մամադ-խանի Թիֆլիսից և Անդրկովկասից այդ տեղերից տարած, (1795) և ոմանք Աբաս-Միրզայի իշխան Ցիցիանովի հետ ունեցած կռվի ժամանակ (1804) Աբարանից տարած գերիներից են, որոնք իրանց բնական ձիրքերով Պարսկաստանում այնքան առաջ գնացին, որ բարձր պաշտոնների հասան։ Անունների պարսկական ձևով փոփոխությունը թող չսխալեցնե ընթերցողին, իբր թե դրանք մահմեդականներ եղած լինեն, ընդհակառակը, միայն մի քանիսի բացառությամբ, մնացած պահպանեցին իրանց հայությունը և քրիստոնեական կրոնը։</ref>։
Մենք կվեր առնենք Աբաս-Միրզայի մոտ գտնված հայ ծառայողների մի անձնավորություն միայն, որի գործունեությունը մեր պատմության հետ կապ ունի և գուցե դա լինի այն երկու հայերից մեկը, որ հիշում է իշխան Մադաթովի ռուս կենսագրողը։ Այդ քաջը կոչվում էր Բայինդուրյան կամ Բահաթուրյան Ասրի-բեկ։
Մեր պատմության մեջ աշխատել ենք փոքր-ինչ ընդարձակ տեղ տալ ոչ թե նշանավոր տոհմական ազնվականներին, այլ ժողովրդի ստորին ծալքերից հայտնված, ժողովրդի զորությունը և ոգին արտահայտող հերոսներին, որպես էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) Թյուլի-Արզումանը, Չալաղան յուզբաշին, Մելիք-Վանին և դրանց նմանները։ Այդ տեսակ անձնավորություններից մեկն էր Բայինդուրյան Ասրի-բեկը, որը թողնելով Աբաս-Միրզայի ծառայությունը, եկավ իշխան Մադաթովի մոտ և նրա հետ մեծ քաշություններ գործեց։
Ասրի-բեկի նախապապը՝ Բայինդուրը, կամ որպես պարսեկները կոչում էին Բահաթուրը, դեռ շահ սուլթանի Հուսեինի թագավորության ժամանակ Սյունյաց աշխարհից գնաց Պարսկաստան և պարսից ծառայության մեջ մտնելով, շահի քաջ և նշանավոր զորավարներից մեկը դարձավ։ Հետո Պարսկաստանից զզվելով, եկավ Վրաստան, այստեղ միացավ Դավիթ Բեկի հետ և, գնալով իր հայրենիքը, Սյունյաց ապստամբության պարագլուխներից մեկը դարձավ։ Դա մեր «Դավիթ Բեկ» վեպի հերոսներից մեկը՝ Բայինդուր իշխանն է, որը իրան միշտ պարսից թագավորի «բաթման ղլիճ» է կոչում։
Այդ Բայինդուրի թոռներից մեկն էր Ասրի-բեկը։ Նրա պապի քաջագործությունները ավանդությամբ մնացել էին այդ տոհմի մեջ, և Ասրի-բեկը դեռ պատանեկության հասակում, հրապուրվելով իր պապի հիշատակներով, թողեց Ղարաբաղը, գնաց Պարսկաստան իր բախտը փորձելու։ Համարձակ, վայելչահասակ պատանուն հաջողվեցավ մի ձիարշավի ժամանակ Աբաս-Միիզայի ուշադրությունը դարձնել իր վրա և մտավ պարսից թագաժառանգի ադյուտանտների խումբի մեջ։ Հետո զանազան դժվարին դեպքերում իր ցույց տված, քաջություններով նա ավելի և ավելի շնորհ գտավ Աբաս-Միրզայի մոտ։
Ղարաբաղի արշավանքի ժամանակ Ասրի-բեկը գտնվում էր թագաժառանգի թիկնապահների խումբի մեջ։ Այդ միջոցին Աբաս-Միրզան հանձնեց նրան մի վտանգավոր ծառայություն, որը իր ամենամտերիմ պաշտոնյաներին միայն կարող էր հավատալ։ Անդրկովկասյան մահմեդականներին ռուսների դեմ ապստամբեցնելու համար Աբաս-Միրզան գրել էր շրջաբերական թղթեր զանազան խաների, բեկերի և ազդեցություն ունեցող անձինքների անուններով.— այդ թղթերը հանձնեց ճարպիկ Ասրի-բեկին տեղ հասցնելու համար։ Նա մի ընդարձակ շրջան պիտի գործեր Թալիշի, Բաքվի, Դերբենդի, Շիրվանի և Շաքիի գավառներով, իսկ հետո պիտի անցկենար դեպի Դաղսաանի կողմերը։ Բայց Ասրի-բեկը, քրիստոնյա ռուսների շահերը գերադասելով պարսիկների շահերից, դավաճանեց իր տիրոջը։ Նա, Աբաս-Միրզայի թղթերը փոխանակ իրանց նշանակած տեղը հասցնելու, ուղղակի դիմեց Գանձակ և բոլորը հանձնեց իշխան Մադաթովին։ Թե որ աստիճան ծանրակշիռ նշանակություն ուներ ռուսների համար մի այդպիսի մատնությունը պատերազմի ժամանակ — ինքնըստինքյան հասկանալի է։ Թողյալ այդ, որպես Աբաս-Միրզայի մերձավորներից մեկը, Ասրի-բեկին հայտնի էին պարսից բանակի բոլոր գաղտնիքները, նրանց թույլ և զորավոր կողմերը, թագաժառանգի դիտավորությունները և այլն,— այդ բոլորը հաղորդեց նա իշխան Մադաթովին այն ժամանակ, երբ պարսից զորքերը գտնվում էին Գանձակից 7 վերստ հեռավորության վրա, իսկ գեներալ Պասկևիչը և իշխան Մադաթովը Գանձակում նստած, ամենևին տեղեկություն չունեին։
Թե որպես վերջացավ Գանձակի մոտի կռիվը, մեր ընթերցողներին հայտնի է։ Այդ հաղթությամբ իշխան Մադաթովը և գեներալ Պասկևիչը ազատեցին ամբողջ Անդրկովկասը։
Իշխան Մադաթովը մեծ խոստմունքներով ընդունեց Ասրի-բեկին իր թիկնապահների խումբի մեջ։ Պարսից թագաժառանգի սիրելին դարձավ նրա ձեռքում մի լավ գործիք։
===XLVI===
Պարսիկներին մշտական սարսափի մեջ պահելու համար հարկավոր համարվեցավ նրանց մի սաստիկ հարված տալ նույնիսկ պարսկական հողի վրա։ Այդ նպատակով 26 թվի դեկտեմբերի սկզբներում իշխան Մադաթովը ստացավ գեներալ Երմոլովից գաղտնի հրահանգ մի արշավանք գործելու դեպի Երասխի մյուս կողմը։
Ձմեռային արշավանքը մի անծանոթ և լավ ճանապարհներից զուրկ երկրում, սաստիկ պիտի դժվարացներ իշխան Մադաթովին ցանկացած հաջողությունը գտնել, եթե նա չունենար իր հետ մի այնպիսի ճարպիկ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։ Այդ երիտասարդը, երկար ժամանակ Պարսկաստանում մնալով, ծանոթ էր պարսից թե երկրի և թե բնակիչների բոլոր դրությունների հետ։
Իշխանը ուներ իր հետ 42-րդ եգերյան զորագնդից մի բատալիոն միայն, նրա մնացած զորքը բաղկացած էր Ղարաբաղի հայ հետևակներից և ձիավորներից։ Դեկտեմբերի 28-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ, որը այդ կողմից միակ անցքն է Երասխ գետից։ Այստեղ միացավ նրա հետ պոլկովնիկ Մեսչենկոն իր զորքերով։ Բայց կամուրջից անցկենալ անհնարին էր, պարսիկները նրա կամարներից մի քանիսը խորտակել էին։ Չնայելով սաստիկ ցրտին, զորքը անցավ գետի միջով, ուր ջուրը հասնում էր մինչև նրանց թիկունքը։
Պարսից հողի վրա նրանց ոչ ոք չհանդիպեց և Դիլայուրտի ձորամիջով սկսեցին առաջ գնալ դեպի Սամբուր գետը։ Տարվա այդ ժամանակ, այդ կողմերում, իրանց անասունների հետ, գետնափոր ձմեռանոցներում բնակվում էին զանազան խաշնարած ցեղեր, որպիսիներն էին շահսևանները, շաղազիները, աջալիբցիները և այլն։ Դրանք երբեմն ասպատակություններ էին գործում Ղարաբաղի և ռուսաց նոր գրաված մյուս գավառների վրա և ավարառություններ էին անում։ Իշխան Մադաթովի առաջին գործը եղավ պատժել դրանց, ասիացի ավազակների հետ վարվելով ասիական կերպով։ Հարձակվեցավ նրանց ձմեռանոցների վրա, հափշտակեց մինչև 20 000 ոչխար, բազմաթիվ ուղտեր, ձիաներ, տավարներ և այլ իրեղեններ։
Մտնելով Միշկինի գավառը, և օգուտ քաղելով տեղային շահսևանների միամտությունից, իշխանը լուր տարածեց, թե կամենում է այնտեղից անցնել դիպի Թալիշի խանությունը։ Շահսևանները հավատալով, հոժարվեցան նրան ճանապարհ տալ իրանց երկրի միջով։ Բայց իշխանը, փոխանակ դեպի Թալիշի խանությունը գնալու, հարձակվեցավ խաղաղ շահսևանների ձմեռանոցների վրա և, բարբարոսական կոտորածներից հետո, հափշտակեց նրանցից 2 000 ուղտեր, 10 000 կովեր և եզներ, 60 000 ոչխարներ։
Դեպի ամեն կողմ սարսափ տարածելով, հետո մտավ նա Միշկինի գավառաքաղաքը՝ Լորի, ուր ներկայացավ նրան տեղային կառավարիչ խանը, խնդրելով խնայել իրանց։ Այստեղ նա երդում ընդունեց մահմեդականների ներկայացուցիչներից, որ հավատարիմ մնան ռուսաց կայսրին, թեև սրի ուժով առած երդումը մի առանձին նշանակություն չուներ։
Թողնելով Լորիի մեջ մի բատալիոն հետևակ և 600 կազակներ, իշխանը մնացած զորքերով սկսեց դիմել դեպի Ահար, որը Ղարադադի գլխավոր քաղաքն է։ Ճանապարհին, Նասիր-Աբադ գյուղում, նրա առաջ եկան Ղարադաղի խանի պատգամավորները և հայտնեցին իրանց հնազանդությունը։ Այստեղ հանդիպեցին նրան Ղատադաղի հայոց քահանաները իրանց մելիքների և տանուտերների հետ, որոնք նույնպես հպատակություն հայտնեցին։ Իշխանը պահեց նրանց իր մոտ և հունվարի 6-ին թնդանոթների որոտմունքով միասին կատարեցին սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը։ Բայց հայերը այդ համակրության համար սաստիկ պատժվեցան, երբ ռուսաց զորքերը թողեցին պարսից հողերը։
Հունվարի 7-ին իշխանը գտնվում Էր Ղարադաղի գլխավոր քաղաքի՝ Ահարի մոտ. 17 վերստ հեռավորության վրա հանդիպեցին նրան քաղաքի ավագները, հայտնելով իրանց հնազանդությունը։ Ահարից նա առաջ չգնաց և նույն ամսի 9-ին կրկին վերադարձավ դեպի Ղարաբաղ։
Այդ արշավանքը կատարվեցավ, որպես վերևում հիշեցինք, տարվա ամենացուրտ և վտանգավոր ժամանակում։ Ռուսաց զորքերը մեծ արգելքների և անհաջողությունների պիտի հանդիպեին, եթե չունենային մի այնպիսի ճարպիկ և քաջ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։
Այդ արշավանքը այն օգուտը ունեցավ, որ իշխանը տարածեց սարսափ բոլոր սահմանակից ցեղերի վրա, բացի դրանից, ծանոթացավ Պարսկաստանի ներքին դրության հետ և իր հավաքած տեղեկությունները հաղորդեց կոմս Դիբիչին, որը այդ ժամանակ գտնվում էր Թիֆլիսում։ Արշավանքը ունեցավ և նյութական օգուտ. նա բերեց իր հետ ահագին ավար և կողոպուտ։ Իր ավարի մի մասը բաժանեց նա հայոց կամավորներին, որոնց ռուսաց կառավարությունից ոչինչ չէին ստանում, իսկ մնացած մասը թողեց ռուսաց զորքերի վայելման համար։ 2 000 ուղտերը գործ էին ածում նոր բորբոքված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ծանրություններ տեղափոխելու։
Ռուս-պարսկական նոր պատերազմը սկսվեցավ 1827 թվի գարունքին։ Դեռ մարտի 17-ին գեներալ Երմոլովը հանձնեց իշխան Մադաթովին մի առանձին զորաբաժնի հրամանատարությունը և հրամայեց պատրաստ լինել գարնանային արշավանքին մասնակցելու համար։ Նրան պատվիրված էր իր զորքերի պակասը լրացնել Ղարաբաղի կամավորներով։ Այդ պատվերը արագությամբ կատարեց նա և կամավորների մեջ հայերը մեծամասնություն էին կազմում։
Դեռ իրան խոստացված զորքերի մի մասը չհասած, իշխան Մադաթովը իր կամավորներով և ձեռքի տակ գտնված փոքրաթիվ պատրաստի զորքերով առաջինը եղավ, որ սկսեց հարձակողական գործողություններ դեպի Պարսկաստան։ Ապրիլի 18-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ։ Այս անգամ գտավ կամուրջը բոլորովին ոչնչացրած պարսիկներից. կամարների սյուներն էին մնացել միայն։ Գարնանային հեղեղների հորդության պատճառով գետի միջով անցնել անկարելի էր։ Թվով 5 000 պարսիկներ կանգնած էին գետի ափի մոտ։ Նրանց գնդակների տարափի տակ իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ Հենց առաջին օրում նրան հաջողվեցավ ցրվել պարսից զորքերը և ոտք դնել պարսից հողի վրա Երասխի աջ կողմում։ Բայց այնտեղից առաջ գնալ չկարողացավ նա, հենց այստեղ վերջացավ նրա մասնակցությունը 27 թվականի ռուս-պարսկական պատերազմին։
Ապրիլի 22-ին հանկարծ հրաման ստացավ նա գեներալ Պասկևիչից, որ իր հրամանատարությանը հանձնված զորարաժինը հանձնե գեներալ-մայոր Պանկրատևին։
Տխուր, սրտաբեկ կերպով վերադարձավ իշխանը Ղարաբաղ։ Այստեղ կանգ չառեց նա, և մինչև անգամ առանց իր կալվածները տեսնելու, հեռվից վերջին անգամ հայացք ձգելով իր հայրենիքի, իր ծննդյան տեղի վրա, հեռացավ, գնաց Թիֆլիս։
Թե ի՞նչ էր իշխան Մադաթովին այսպես անակնկալ կերպով հետ կանչելու պատճառը,— այդ հարցը բացատրվում է միայն զանազան ենթադրություններով և զանազան տարակուսանքներով, որոնք ստուգության կարոտ են։ Այսքանը կասենք, որ նա ամբողջ հինգ ամիս մնաց Թիֆլիսում կատարյալ անգործության մեջ, մինչև վերջապես իրավունք ստացավ գնալ Ս. Պետերբուրգ։
Դեռ ռուս-պարսկական պատերազմը բոլորովին վերջացած չէր, երբ 1828 թ. ապրիլի 14-ին հրատարակվեցավ ռուս-թուրքական պատերազմը։ Իշխան Մադաթովը նշանակվեցավ առանձին զորաբաժնի հրամանատար և Դունայի կողմից գնաց թուրքերի հետ կռվելու։ Այդ արշավանքի մեջ ևս, որպես կարելի էր սպասել նրանից, ամեն կռիվների մեջ հանդիսացավ փառավոր հաղթություններով։ Բայց դեռ պատերազմի վախճանին չհասած, հիվանդացավ և նայն տարվա սեպտեմբերի 4-ին վախճանվեցավ իր բանակի մեջ, Շումլայի պարիսպների մոտ, թշնամու երկրի վրա։ Նրա մարմինը հանդիսավոր կերպով տարվեցավ նույն բերդը, թաղվեցավ սուրբ Գեորգ զորավորի եկեղեցու գավթում<ref>Հետո հանգուցյալի ամուսնի խնդրելով, բարձրագույն հրամանով մարմինը բերվեցավ Ռուսաստան և դրվեցավ Ալեքսանդրա-Նևյան մենաստանի մեջ (Александро-Невская Лавра)։</ref>։ Նրա թաղման հանդիսին ներկա էին մինչև անգամ նրա թշնամիները, թուրք օֆիցերները և բազմաթիվ մահմեդականներ, որոնց նա շատ անգամ ռմբակոծել էր։
«Ճակատագրով վիճակված էր իշխանին հանդիպել իր խաղաղ վախճանին թշնամու երկրի վրա, որը վկա էր եղել նրա հաղթություններին նրա երիտասարդական հասակում, որը տեսել էր նրա փառավոր գործերը նրա այրական հասակում։ Նրա մարտակիցների անկեղծ տրտմությունը և հաղթված թշնամիների խորին հարգանքը հուղարկավորում էին նրան դեպի գերեզման։
Դա խիստ փաղաքշական է. այդ է պարգևը կյանքի աշխատանքների և կռիվների։
Մի հայացք ձգելով նրա անցած ճանապարհի վրա, նրա գործերի, բնավորության և նրա թողած հիշատակների վրա, համարձակ կարելի է հայտնել հետևյալ կարծիքը նրա մասին, թե բնությունը ստեղծել էր նրան միայն '''պատերազմող''' լինելու համար։ Չնայելով կրթության պակասությանը, բայց բնականից ունենալով անհամեմատ լուսավոր խելք և հասկացողություն, ունենալով բնավորության զորություն և հաստատամտություն, նա իր պարզ և սուր ըմբռնողությամբ փոխարինում էր այն հմտությունները, որոնց ուրիշները հազիվ կարողանում են ստանալ արհեստի և գիտության շնորհիվ։ Հայացքների ճշտությունը երբեք չէր սխալեցնում նրան, ոչ պատերազմական դիրքեր ընտրելու ժամանակ և ոչ թշնամու ուժերը և դիրքերը հետազոտելու ժամանակ։ նրա կշռադատության ձիրքը երբեմն զարմացնում էր մինչև անգամ նրանց, որոնք ճանաչում էին նրան։ Բավական էր հարևանցիորեն հայացք ձգել մի որևիցե անծանոթ երկրի վրա, նա արդեն կատարյալ հասկացողություն կստանար նրա տեղագրական դրության մասին։ Մի քանի անգամ հանդիպելով իր նոր ախոյանին, նա արդեն կչափեր նրա ուժերը։ Երբեք չէր սխալվում նա, երբ նշանակում էր այն կետերը, թե որտեղ պետք է ընդդիմադրել թշնամուն կամ որտեղ պետք էր հարվածել նրան։ Երբ հասնում էր հարձակման վճռական րոպեն, որը նա միշտ սկզբից նախագուշակում էր, գտնում էր նրան միշտ պատրաստ։
Բայց հայացքների և ըմբռնողության ճշտությունը, խելքի և հասկացողության խորությունը գտնվում են շատ զորավարների մեջ և մնում են ապարդյուն։ Նրանք բավական են մի խորհրդատուի համար, բայց բավական չեն մի զինվորական առաջնորդի համար։ Մադաթովը միացնում էր դրանց հետ և ուրիշ ամենանշանավոր հատկություններ, անձնական քաջություն, որը չէր վհատում ոչ մի վտանգի առջև, սառցային սառնասրտություն, որը չէր վրդովվում ոչ մի անակնկալ դեպքի ժամանակ, և այն, որ ամենից հազվագյուտն է,— դա էր նրա բարոյական արիությունը, որը չէ վախենում ոչ մի պատասխանատվությունից։ Վճռելու մեջ խիստ համարձակ էր նա, իսկ իր դիտավորությունները կատարելու մեջ չափազանց շուտափույթ։ Այդ արագությունը, որը մեծ զորություն է պատերազմի գործի մեջ, որը նրա պաշտած հանճարների՝ Նապոլեոնի և Սուվորովի գլխավոր հատկանիշն էր,— էր միևնույն ժամանակ հաստատ երաշխավորություն իշխան Մադաթովի բոլոր ձեռնարկությունների հաջողությանը։
Այդ եզրակացությունները ակամայից ներկայանում են մեր մտքում, երբ քննում ենք իշխան Մադաթովի մշտական հաջողությունները անհամեմատ գերազանց ուժերի դեմ, երբ տեսնում ենք այն նշանավոր հետևանքները, որոնց հասնում էր նա խիստ սահմանափակ միջոցներով, և երբ ի նկատի ենք առնում այն անհամեմատ փոքր կորուստը, որ կրում էին նրա զորքերը ամենափառավոր հաղթությունների մեջ։ Երիտասարդական հասակում իր ուրախ բնավորությամբ գրավեց նա իր ընկերների սերը, իր ստորադրյալների հետ սրտաբաց էր նա, խիստ սաստիկ կարգապահություն պահպանելով հանդերձ, սիրում էր նա իր զինվորներին, միշտ ուներ նրանց մասին ջերմ հոգատարություն, բորբոքում էր նրանց ոգին, իր վարմունքով բարձրացնում էր նրանց բարոյական զորությունը և դրանով ներշնչում էր իր և նրանց մեջ այն փոխադարձ հավատարմությունը, որը տանում է դեպի քաջագործություններ։ Բախտավոր գտնվելով իր բոլոր ձեռնարկությունների մեջ, նա հավատում էր իր բախտին, որը երբեք չէր դավաճանում նրան։ Այդ հավատը դեպի իր աստղը շատ անգամ նկատվել է մեծ զորավարների մեջ։ Հարևանցիորեն դատողները ծաղրում են այդ հավատը, իսկ ավելի խոր քննողները հարգում են նրան, որովհետև նրա մեջ միանում են մարդու թե ճշմարիտ զորությունը և թե զորության զգացմունքը։ Ավելացնում ենք, որ նա հավատում էր ռուսաց զինվորի ոգուն և նրա համակրությանը դեպի իր գլխավորը, և այդ պատճառով նրա հրամանատարության ներքո զորքը առաջ էր գնում ուրախությամբ, ասելով. «Մենք գիտենք, որ նրա հետ ոչ մի մարդ իզուր չի կորչի»։ Սկսած կապիտանի
աստիճանից՝ իշխան Մադաթովը իր քաջությամբ միայն ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա։ Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ։
Նա ապրեց և մեռավ որպես հայրենիքի հավատարիմ որդի, իր աձնազոհությամբ միշտ նվիրված մնաց իք Թագավորին, մշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար»<ref>«Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863 г. Երես 188—191.</ref>։
Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանին մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ...
Իշխան Մադաթովը ուղղակի ժառանգ չթողեց։ Մահից հետո նրա իշխանուհի տիկինը եկավ Ղարաբաղ, որ հանգուցյալի ընդարձակ կալվածները բաժանե նրա հեռավոր և մերձավոր ազգականների մեջ, և ինքն էլ իր մասը ստանա։ Բայց ժառանգների և տիկնոջ մեջ անհամաձայնություններ ծագեցան, այդ պատճառով տիկինը վշտացած գնաց Ս. Պետերբուրգ և բոլոր 15 գյուղերը տվեց արքունի գանձարանին, ստացավ մի նշանավոր գումար։ Ժառանգները մնացին առանց բավականություն ստանալու։
<br>
<TABLE border = 0 width="128px" align=center>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<br>
27 թվի ռուս-պարսկական պատերազմը վերջացավ հօգուտ Ռուսաստանի. Երասխ գետը նշանակվեցավ սահմանագիծ երկու պետությունների մեջ. և այդ գետի ձախ կողմում գտնված բոլոր պարսկական խանությունները մտան ռուսաց տիրապետության ներքո։
Ռուսաստանը դրեց Պարսկաստանի վրա պատերազմական տուգանք, և որ ամենագլխավորն էր, 40 000 հայեր Պարսկաստանից գաղթեցրեց և բնակեցրեց իր նոր գրաված երկրների վրա։
Որպես պարսից խաների, այնպես էլ հայոց մելիքների իշխանությունը վերջացավ։ Այնուհետև հայոց մելիքների ժառանգները այլևս ուրիշ բանի վրա չէին մտածում, աշխատում էին միայն մտնել ռուսաց ծառայությունների մեջ, աստիճան և շքանշաններ ստանալու համար։ Այդ փառասիրական ձգտումները անգիտակցաբար այն օգուտը ունեցավ, որ մելիքների ժառանգները, ռուսաց ծառայության մեջ գտնվելով և ռուսաց օրենքների ու ազդեցության տեր անձինքների հետ ծանոթա-