Changes

«Բիգլ» նավը՝ նորին վեհափառության տասը թնդանոթակիր մի բրիգ (երկկայմ նավ)՝ կապիտան Ռ. Ն. Ֆից Ռոյի հրամանատարությամբ, հարավ-արևմտյ.ան արևմտյան ուժգին քամիներից երկու անգամ ետ մղվելուց հետո, 1831 թվականի դեկտեմբերի 27-ին դուրս եկավ Դևոնպորտ նավահանգստից։ Մեր էքսպեդիցիայի նպատակն էր՝ լրացնել Պատագոնիայի և Հրո Երկրի քարտեզահանումները, որ սկսել էր կապիտան Կինգը (1826—30 թվականներին), քարտեզահանել Չիլիի և Պերուի ափերը, խաղաղ-օվկիանոսյան մի քանի կղզիներ և տանել աշխարհի շուրջը քրոնոմետրական չափումների մի շղթա։ Հունվարի 6-ին հասանք Տեներիֆ, բայց մեղ թույլ չտվին ափ իջնել. վախենում էին, թե մեզ հետ խոլերա կարող էինք բերած լինել։ Հաջորդ առավոտը տեսանք Գրան Կանարիա կղզու, խորտուբորտ ուրվագծի հետևից բարձրացող արեգակը և Տեներիֆի գագաթի հանկարծակի լուսավորումը, մինչ ստորին մասերը ծածկված էին նոսր ամպերով։ Այս առաջինն էր այն բազմաթիվ բերկրալի օրերից, որոնք երբեք չեն մոռացվելու։ 1832 թվականի հունվարի 16-ին խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի գլխավոր կղզի Սանտ Յագոյի Պորտո Պրաիա քաղաքի մոտ։
Ծովից Դիտելիս Պորտո Պրաիայի շրջակայքը ամայի տեսք ունի։ Անցած դարաշրջանի հրաբխային կրակները և տրոպիկական արևի կիզիչ ճառագայթները շատ տեղերում հողը դարձրել են անբերրի։ Այդ վայրը ներկայացնում է հետզհետե բարձրացող աստիճանաձև, սարահարթներ, որոնց վրա այստեղ և այնտեղ ցրված են հատված կատարներով կոնաձև բլուրներ, իսկ հեռվում հորիզոնը եզերված է ավելի բարձր սարերի մի անկանոն շղթայով։ Այս մշուշոտ մթնոլորտի միջից երևացող տեսարանը չափազանց հետաքրքրական է։ Երբ մեկը, ծովից նոր ափ իջած, առաջին անգամ քայլում է կոկոսյան արմավենիների պուրակի միջով, հազիվ թե, բացի իր երջանկությունից, մտածի մի որևէ այլ բանի մասին։ Կղզին ինքնին ընդհանրապես կարող է շատ անհետաքրքրական լինեի բայց անգլիական տեսարանների վարժված մարդու վրա այդ բոլորովին չոր, անբերրի ցամաքի նոր տեսքն ավելի մեծ տպավորություն է գործում, քան կարող էր գործել, եթե հարուստ բուսականություն ունենար։ Լավայով ծածկված ընդարձակ հարթությունների վրա գտնվում են հատուկենտ կանաչ տերևներ, այնուամենայնիվ այնտեղ կարողանում են իրենց գոյությունը պահպանել այծերի հոտեր, որոնց հետ նաև մի քանի կով։ Անձրև գալիս է շատ հազվադեպ, բայց տարվա որոշ կարճ ժամանակաշրջանում թափվում են հորդառատ անձրևներ, որոնց անմիջապես հաջորդում է մի շրջան, երբ ամեն մի ճեղքից երևում են վտիտ բույսեր։ Սրանք շուտով չորանում են, և այս չորացած բնական կերից է կախված կենդանիների գոյությունը։ Այդ տարին անձրև բոլորովին չէր եկել։ Կղզին հայտնագործվելու ժամանակ Պորտո Պրաիայի անմիջական շրջակայքը ծածկված է եղել ծառերով<ref>Այս բանում ես հիմնվում եմ Դր. Է. Դիֆենբախի հեղինակության վրա՝ այդ տվյալները վերցնելով այս «Օրագրության» առաջին հրատարակության գերմանական թարգմանությունից։</ref>, որոնց անհոգ ոչնչացումն այստեղ, ինչպես և Սուրբ Հեղինեի կղզում և Կանարյան մի քանի կղզիներում, առաջացրել է այս չոր և անբերրի վիճակը։ Լայն ու հարթ հատակով հովիտները, որոնցից շատերը անձրևային եղանակներին կարճ ժամանակով ծառայում են որպես հրանցքներ, ծածկված են անտերև թփերի մացառուտներով։ Այս հովտում շատ քիչ կենդանի էակներ են ապրում։ Այս տեղի ամենատարածված թռչունն ալկիոնն (Dacelo Iagoensis) է, որը հանգիստ նստում է գյանագերչակի ճյուղերին և այնտեղից մերթընդմերթ նետվում մորեխների և մողեսների վրա։ Նրա փետուրների գույնը պայծառ է, բայց եվրոպական տեսակների չափ գեղեցիկ չէ, իր թռիչքով, շարժուձևով, բնակության տեղով, որ սովորաբար ամենաչոր հովիտներն են լինում, նույնպես մեծ չափով տարբերվում է եվրոպական տեսակներից։
Հնդկական օվկիանոսում Կիլինգ ատոլի մոտ ես գտա փոքր զանգվածներով մի քանի քառակուսի մատնաչափ մեծությամբ ջրիմուռներ՝ բաղկացած չափազանց բարակ երկար գլանաձև թելերից, այնպես որ հազիվ թե նկատելի լինեին հասարակ աչքով. նրանք խառնված էին երկու ծայրերումն էլ սուր կոնավոր և ավելի խոշոր մարմինների հետ։ Նրանք տարբեր երկարություն ունեին՝ 0,04 մատնաչափից (մատնաչափը 2,46 սմ է) մինչև 0,06 և մինչև անգամ 0,08 մատնաչափ, իսկ տրամագիծը՝ 0,006-ից 0,008 մատնաչափ։ Գլանային մասերից մեկի ծայրի մոտ ընդհանրապես երևում է հատիկային նյութերից կազմված մի կանաչ թաղանթ, որն ամենից հաստ լինում է կենտրոնական մասում։ Ինձ թվում է, թե այս թաղանթը շատ նուրբ, անգույն մի տոպրակի հատակ է, կազմված մսոտ նյութից, որը պատում է արտաքին պատյանը, բայց չի տարածվում մինչև կոնի ծայրերը։ Մի քանի նմուշներում այդ թաղանթներին փոխարինում էին փոքրիկ, բայց կանոնավոր թուխ հատիկային գնդիկներ, և ես դիտում էի նրանց առաջանալու հետաքրքրական պրոցեսը։ Հանկարծակի ներքին պատյանի մսոտ նյութը վերածվեց գծերի, որոնցից մի քանիսն ստացան այնպիսի մի ձև, որի շառավիղներն սկսվում էին մի ընդհանուր կենտրոնից, ապա անկանոն և արագ շարժումով շարունակեց կծկվել, այնպես որ մի վայրկյանի ընթացքում ամբողջը միանալով կազմեց մի կատարյալ փոքրիկ գունդ, որը բռնել էր մի ծայրում գտնվող՝ արդեն բոլորովին դատարկ տոպրակի թաղանթի տեղը։ Որևէ պատահական գրգիռ արագացնում էր հատիկային գնդի կազմվելը։ Կարելի է ավելացնել և այն, որ հաճախ այս մարմիններից երկուսը միացած էին լինում իրար հետ կողք կողքի այն կողմում, սրտեղ գտնվում էին թաղանթները։
Այստեղ ավելացնելու եմ մի քանի այլ դիտողություններ, որոնք կապված են օրգանական պատճառներից առաջացած ծովի գունավորման հետ։ Մի օր Չիլիի ափերին՝ Կոնցեպցիոնից մի քանի մղոն հյուսիս «Բիգլ»-ն անցավ տղմոտ ջրի մեծ շերտերից, որոնք բոլորովին նման էին վարար գետերի։ Մի ուրիշ անգամ Վալպարայսոյից մի աստիճան հարավ, ցամաքից 40 մղոն հեռու, նորից հանդիպեցինք նույն երևույթին շատ ավելի լայնատարած տեսքով։ Բաժակով վերցրած ջուրն ուներ բաց կարմիր գույն, և միկրոսկոպով քննելիս երևացին վխտացող բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք արագ շարժվում էին այս ու այն կողմ և հաճախ պայթում։ Նրանք օվալաձև են և մեջտեղում կծկվում են տատանվող կոր թարթչային օղակով։ Այնուամենայնիվ նրանց լավ դիտել շատ դժվար էր, որովհետև գրեթե այն վայրկյանին, երբ շարժումը դադարում էր, մինչև անգամ տեսողության դաշտից էլ դեռ չհեռացած՝ պայթում էին։ Երբեմն երկու ծայրերն էլ պայթում էին միանգամից, երբեմն միայն մեկը, և պայթելիս դուրս էին նետում որոշ քանակությամբ կոշտ թուխ հատիկային նյութ։ Նախքան պայթելը կենդանին ընդարձակվում էր իր բնական ծավալի կեսի չափով, և պայթյունը տեղի էր ունենում արագ, պրոգրեսիվ շարժումը դադարելուց տասնհինգ վայրկյան հետո. երբեմն էլ պայթելուց առաջ կարճ ընդմիջումով երկար առանցքի շուրջը տեղի էր ունենում ռոտացիոն շարժում։ Մի կաթիլ ջրում երկու րոպեից հետո նրանցից ոչ մի հատ չէր մնում, որչափ էլ քանակով նրանք շատ լինեին։ Այս կենդանիները նեղ ծայրը ուղղելով առաջ, շարժվում են իրենց տատանվող թարթիչների օգնությամբ և, ընդհանրապես, հանկարծակի արագ շարժումով։ Նրանք խիստ փոքր են, հասարակ աչքին գրեթե անտեսանելի և հազիվ թե բռնեն մի քառակուսի մատնաչափ տարածության մեկ հազարերորդ մասը։ Նրանց թիվն անսահման էր. իմ վերցրած ջրի ամենափոքր կաթիլի մեջ այդ կենդանիներից կարելի էր գտնել անհաշիվ քանակություններով։ Մի անգամ մի օրում անցանք այսպես ներկված ջրային երկու տարածություն, որոնցից միայն մեկը պետք է որ բռներ մի քանի քառակուսի մղոն տարածություն։ Ի՜նչ անհաշիվ թիվ պետք է կազմած լինեն այս մեկրոսկոպային կենդանիները։ Ջրի գույնը հեռվից նայելիս նման էր այն գետի ջրի գույնին, որը հոսում է կարմրավուն կավային շրջանից, բայց նավի գցած ստվերի տակ բոլորովին մուգ էր, ինչպես շոկոլադը։ Կարմիր և կապույտ ջրերը միացնող գիծը բոլորովին պարզ նկատելի էր։ Մի քանի օր էր, որ եղանակը խաղաղ էր, և օվկիանոսն անսովոր աստիճանի հորդել էր կենդանի էակներով։</ref>Մր. Լեսոնը («Voyage de la Coquille», tome 1, p. 235) հիշատակում է Լիմայի կարմիր ջրերը, որոնք, ըստ երևույթին, առաջանում են միևնույն պատճառներից։ Հայտնի բնագետ Պերոնը «Voyage aux terres Australes»-ում հիշատակում է ոչ պակաս քան տասներկու ճանապարհորդների, որոնք ունեն ծովի ջրի գունավորման մասին ակնարկություններ (vol. II, p. 239)։ Պերոնի տված տեղեկություններին կարելի է ավելացնել՝ Հումբոլտի „Personal Narrative”, vol. VI, p. 804. Ֆլինդերսի «Voyage», vol. I, p. 92. Լաբիլարդիերի vol. I, p. 287. Ուլոտյի „Voyage”. „Voyage of the Astrolabe and of the Coquille". կապիտան Կինգի „Survey of Australia” և այլն։</ref>
Հրո Երկիրը շրջապատող ծովում, ցամաքից ոչ այնքան հեռու ես տեսել եմ վառ-կարմիր գույնի ջրային նեղ շերտեր, որոնք ծածկված են խեցեմորթներով. ձևով սրանք որոշ չափով նման են մեծ կրեվետի (խեցգետինների մի տեսակ)։ Ծովայինները նրանց անվանում են կետի սնունդ։ Թե կետերը սրանցով սնվում են թե ոչ — չգիտեմ, բայց ափերի որոշ մասերում ծովային ծիծեռնակների, ծովագռավների և մեծ ու դժվարաշարժ փոկերի մեծ խմբերի գլխավոր սնունդը կազմում են այս լողացող խեցգետինները։ Ծովայինները ջրի գունավորումը միշտ վերադրում են լողացող ձկնկիթներին, բայց ես գտա, որ այդ միայն մի դեպքում է այդպես։ Գալապագոսի արխիպելագից մի քանի մղոն հեռու նավն անցավ մուգ-դեղնավուն կամ տղմոտ ջրային երեք զոլերից. այս զոլերի երկարությունը հասնում էր մի քանի մղոնի, իսկ լայնությունն ընդամենը միայն մի քանի յարդ էր, և շրջապատի ջրից բաժանվում էին մանվածոտ, բայց որոշակի եզրագծերով։ Այդ գույնն առաջացել էր ժելատինային փոքրիկ գնդակներից, մոտավորապես մեկ հինգերորդ մատնաչափ տրամագծով, որոնց մեջ գտնվում էին բազմաթիվ մանր գնդային ձվիկներ։ Նրանք որոշակիորեն բաժանվում էին երկու տարբեր տեսակների. մեկ տեսակն ուներ կարմրավուն գույն և իր ձևով տարբերվում էր մյուսից, բայց ես վճռականապես չեմ իմանում, թե ի՛նչ երկու կենդանական սեռերի էին պատկանում սրանք։ Կապիտան Կոլնետը նկատում է, որ այս երևույթը Գալապագոսի կղզիների համար շատ սովորական բան է, և երիզների ուղղությունները ցույց են տալիս հոսանքի ուղղությունը։ Կա մի երևույթ ևս, որ հիշատակելու եմ այստեղ։ Ջրի երեսին տարածված ճարպոտ բարակ մի փառ է այդ, որի մեջ խաղում են ծիածանային գույները։ Բրազիլիայի ափերին, օվկիանոսում ես տեսա մի զգալի տարածություն՝ ծածկված նման փառով։ Ծովայիններն այս երևույթը վերագրում են կետի փտող մնացորդներին, որ հավանորեն լողալիս է եղել ափից ոչ շատ հեռու։ Այստեղ չեմ հիշատակում մանր ժելատինային մասնիկները, որոնց հետո կանդրադառնանք, սրանք հաճախ ծայրեիծայր տարածված են ջրի մեջ և այնքան առատ չեն, որ ջրի գույնի փոփոխություն առաջացնեն։ Վերն ասածների մեջ ուշադրության արժանի երկու հանգամանք կա. առաջին՝ ի՛նչպես է, որ այդ տարբեր մասնիկները, որոնք որոշակի գծերով նեղ շերտեր կազմելով պահվում են միասին։ Կրեվետանման խեցգետինների շարժումը, օրինակի համար, այնպես համաչափ է, ինչպես մի զորագնդի շարժումը, բայց այս չի կարող տեղի ունենալ որպես կամավոր շարժում ձվիկների կամ ջրիմուռների կողմից, և ոչ էլ այդ հավանական է ինֆուզորիաների համար։ Երկրորդ՝ ի՛նչն է այդ շերտերի երկարության և նեղության պատճառը։ Արտաքին տեսքով նա այնքան նման է ամեն մի հեղեղի, որտեղ հոսանքը գալարատելով, հորձանքում հավաքված փրփուրը վերածում է երկար բարակ երիզների, որ ես ստիպված եմ այդ բանր վերադրելու նման մի գործունեության— օդի հոսանք լինի այդ, թե ջրի։ Այս ենթադրությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք, որ զանազան կազմակերպված մարմիններ առաջանում են որոշ նպաստավոր տեղերում և այնտեղից տեղափոխվում են քամու կամ ջրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ խոստովանում եմ, որ շատ դժվար է պատկերացնել մի կետ, որը լինի միլիարդավոր մանր կենդանիների և ջրիմուռների ծննդավայրը, որովհետև հարց է առաջանում, թե ո՞րտեղից են հավաքվում սրանց սաղմերը այսպիսի կետերում, քանի որ ծնողք մարմինները քամու և ալիքների կողմից ցրված են անեզր օվկիանոսի վրա։ Բայց ուրիշ ոչ մի հիպոթեզով չեմ կարող հասկանալ նրանց գծային խմբավորումը։ Ես կարող եմ ավելացնել, որ Սկորսբին նկատում է, որ պելագիկ կենդանիներով վխտացող կանաչ ջրեր գտնվում են և Արկտիկային ծովի որոշ մասերում։
Վստահելի
1396
edits