Ուրախությունից ինձ կորցրել էի։ Ա՜յ, թե ինչ ազնվասիրտ, բարի, լավ հարազատներ ունեմ ես։ Ինչպիսի հմտությամբ էին նրանք ամեն ինչ թաքցնում ինձանից, որքան են չարչարվել, որ այդպես զարդարեն իշուկին։ Դանդաղ ու խնամքով, ասես նա փխրուն հախճապակուց էր, ես իմ իշուկին տարա պարտեզի միջով ձիթենու պուրակը, բացեցի բամբուկե գոմի դուռը և ներս թողեցի նրան։ Ես ցանկանում էի հաշվել գոմի չափերը, չէ որ Կոստասին կարգին շինարար չէի համարում։ Գոմը հոյակապ էր, իսկ և իսկ իշուկին հարմար։ Ես նորից նրան դուրս բերեցի, երկար թոկով կապեցի ծառից և կես ժամ կանգնեցի հմայվածի պես, դիտելով իշուկին չորս կողմից, մինչև նա խաղաղ արածում էր։ Վերջապես լսեցի, որ մայրիկը կանչում է նախաճաշի, և երանությամբ շունչ քաշեցի։ Իհարկե, մտածեցի ես, առանց կասկածի և ամենափոքր չափազանցության կարելի է ասել, որ այս իշուկը ամենահիանալի իշուկն է ամբողջ Կորֆու կղզում։ Եվ, չգիտեմ ինչու, վճռեցի նրա անունը դնել Սալլի։ Հետո արագ համբուրեցի նրա մետաքսե դնչիկը և վազեցի նախաճաշելու։
==Գաճաճ ջունգլիներ==
Գարնանային տաք օր էր, և ես անհամբեր սպասում էի Թեոդորի ժամանմանը։ Մենք մտադիր էինք նրա հետ զբոսնելու գնալ տանից երկու֊երեք մղոն հեռու գտնվող մի փոքրիկ լճակի կողմերը, որը մեր սիրած վայրերից մեկն էր։ Թեոդորի հետ անցկացրած այդ օրերը, այդ «էքսկուրսիաները», ինչպես նա անվանում էր, ինձ համար բացառիկ նշանակություն ունեին, բայց Թեոդորին պետք է որ հոգնեցնեին, որովհետև նրա երևալու առաջին իսկ րոպեից մինչև մեկնելու պահը ես անընդհատ հարցեր էի թափում նրա վրա։
Վերջապես Թեոդորի կառքը, թխկթխկալով ու զրնգալով, մոտեցավ մեր տանը, և Թեոդորը դուրս եկավ այնտեղից, ինչպես միշտ հագնված մեր արշավի համար ամենաանհամապատասխան ձևով՝ տվիդից շքեղ կոստյում, թանկարժեք, փայլելու աստիճան մաքրած կոշիկներ և ֆետրե մոխրագույն գլխարկ, որ դրել էր ուղիղ ու խնամքով։ Քաղաքային այս շքեղ հագուստի մեջ կար միայն մի անհամապատասխանություն․ ուսից գցած պայուսակը լեփ֊լեցուն էր փորձանոթներով ու սրվակներով, ձեռնափայտին ամրացված էր փոքրիկ շշով ցանցորսիչ։
― Հը՜մ, ― արտասանեց նա լուրջ տեսքով, սեղմելով ձեռքս, ― բարև, բարև։ Ես տեսնում եմ․․․ հըմ։ Հիանալի օր է այսօր մեր էքսկուրսիայի համար։
Տարվա այս եղանակին հիանալի օրերը տևում էին մի քանի շաբաթ և ամենևին էլ արտառոց բան չէին, սակայն Թեոդորը դա ընդգծում էր ամեն անգամ, կարծես դրա մեջ տեսնում էր աստծու շնորհած հատուկ ողորմածություն։
Մենք, ժամանակ չկորցնելով, վերցրինք մայրիկիս պատրաստած պայուսակը՝ ուտելիքով ու իմբիրի գարեջրով լի կավե շշերով, և գցեցինք ուսներիս իմ հանդերձանքի հետ, որն ավելի մեծ էր, քան Թեոդորինը, քանի որ ինձ ձեռ էր տալիս ամեն տեսակ որսը և անհրաժեշտ էր պատրաստ լինել ըստ ամենայնի։
Եվ ահա մենք Ռոջերի հետ միասին, անցնում ենք արևով ողողված պուրակների շերտավոր ստվերների միջով, իսկ մեր առջև ողջ կղզին է՝ գարնանային իր թարմությամբ ու բերկրանքով։ Տարվա այդ ժամանակ ձիթենու պուրակները դեռևս պատված են ծաղիկներով։ Կարմրաերանգ, գունատ հողմածաղիկները, որոնց թերթիկները ասես գինով էին թրջված։ Վարդագույն շաքարաշերտի նման խոլորձներ և դեղին զաֆրաններ, այնքան հյութեղ ու փայլուն ու այնքան նման մոմի, որ թվում էր, թե մոմերի նման կվառվեն, եթե դրանց առէջքներին լուցկի մոտեցնենք։ Մոտ մի մղոն մենք անցանք ճանապարհով, որի երկու կողմերում ձգվում էին հինավուրց, սլացիկ նոճիներ․ դրանք ծածկված էին սպիտակ փոշու խիտ շերտով և նմանվում էին կրաջրի մեջ գցած ներկարարական վրձնի։ Հետո թեքվեցինք ուրիշ կողմ և ուղղվեցինք դեպի ոչ բարձր սարի կատարը։ Այստեղ մեր առջև բացվեց մոտ չորս ակր տարածությամբ մի լիճ, որի ափերին աճում էին եղեգներ, և ջուրը կանաչ էր ջրաբույսերից։
Այդ օրը լիճ տանող ճանապարհին ես մի քիչ առաջ էի անցել Թեոդորից և հանկարծ կանգ առա քարացած, ապշած նայելով իմ առջև ընկած արահետին։ Այս արահետի երկարությամբ ձգվում էր մի փոքրիկ գետակի հունը, որ գնում էր դեպի լիճը։ Գետակն այնքան փոքր էր, որ նույնիսկ գարնանային արևը կարողացել էր չորացնել գրեթե ամբողջովին, նրա հատակին մնացել էին միայն ջրի բարակ շիթեր։ Գետակի լայնությամբ, այնուհետև բարձրանալով արահետի վրա և նորից իջնելով գետի մեջ, ընկած էր, ինչպես ինձ թվաց, մի հաստ ճոպան, որը ասես կենդանի լիներ։ Մոտենալով, ես տեսա, որ ճոպանը կազմված է ինչ֊որ փոքրիկ, փոշեծածկ բազմաթիվ օձիկներից։ Իսկույն ձայն տվի Թեոդորին, ու երբ նա մոտեցավ, ցույց տվեցի այդ հրաշքը։
― Ա՜, ― ասաց Թեոդորը, և նրա աչքերում վառվեց հետաքրքրությունը։ ― Հըմ, այո։ Շատ հետաքրքիր է։ Elver:
Ես հարցրեցի, թե որ օձերին են պատկանում այդ elver֊ը և ինչո՞ւ են նրանք շարժվում բոլորը միասին։
― Ոչ, ոչ, ― ասաց Թեոդորը։ ― Դրանք օձ չեն, դրանք փոքրիկ օձաձկներ են, և, թվում է, դրանք․․․ հըմ, հասկանո՞ւմ ես․․․ շարժվում են դեպի լիճը։
Ես հիացած կռացա այդ փոքրիկ օձաձկների գաղութի վրա, որոնք վճռականորեն իրենց համար ճանապարհ են բացում քարերի ու խոտերի, ծակծկող ուղտափշերի միջով։ Նրանց մաշկը չոր էր ու փոշոտ։ Երևի նրանց թիվը հասնում էր միլիոնների։ Ո՜վ կարող էր մտածել, որ այս փոշոտ, չոր տեղում կարելի է հանդիպել կենդանի օձաձկների։
― Օձաձկների ամբողջ պատմությունը․․․ հըմ․․․ ― ասաց Թեոդորը, ցած դնելով պայուսակը և ավելի հարմար տեղավորվելով քարի վրա, ― շատ հետաքրքրիր է։ Գիտե՞ս արդյոք, որ որոշակի ժամանակաշրջանում չափահաս օձաձկները լքում են իրենց լճերը ու գետերը, ուր իրենք ապրել են, և․․․ ճանապարհվում են դեպի ծով։ Դա տեղի է ունենում բոլոր եվրոպական օձաձկների և բոլոր հյուսիսամերիկյան օձաձկների հետ։ Թե ո՞ւր են գնում նրանք բոլորը, երկար ժամանակ մնում էր առեղծված։ Գիտնականները գիտեին միայն, որ նրանք երբեք ետ չեն վերադառնում, և որ ինչ֊որ ժամանակ հետո հայտնվում են երիտասարդ օձաձկներ և բնակեցնում այդ նույն գետերն ու ջրամբարները։ Միայն բավական ուշ մարդիկ իմացան, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Թեոդորը մտածկոտ շոյեց մորուքն ու շարունակեց․
― Բոլոր օձաձկները ճանապարհ են ընկնում դեպի ծով։ Միջերկրական ծովով նրանք ընկնում են Ատլանտյան օվկիանոս և լողում են դեպի այն տեղը, որը կոչվում է Սարգասյան ծով․ այն գտնվում է, ինչպես դու գիտես, Հարավային Ամերիկայի ափերի մոտ։ Հյուսիսային Ամերիկայի․․․ հըմ․․․ օձաձկներն, իհարկե, ստիպված չեն լինում այդքան լողալ։ Բայց նրանք էլ են գնում այդ նույն տեղը։ Այնտեղ նրանք ձկնկիթ են դնում ու ոչնչանում։ Օձաձկան թրթուրը, երբ նա դուրս է գալիս ձվիկից, միանգամայն արտասովոր տեսք ունի․․․ Հըմ, գիտե՞ս․․․ նա թափանցիկ է և ունի տերևի ձև։ Այս թրթուրներն այնքան նման չեն հասուն օձաձկներին, որ երկար ժամանակ նրանց դասում էին հատուկ ցեղախմբում։ Այսպես, ուրեմն, թրթուրները դանդաղ լողում են դեպի ետ, դեպի այն տեղերը, որտեղից եկել են իրենց ծնողները։ Այդ ընթացքում, երբ հասնում են Միջերկրական ծովին, կամ էլ Հյուսիսային Ամերիկայի ափերին, նրանք այնպիսի տեսք են ունենում, ինչպես՝ սրանք։
Թեոդորը կանգ առավ, նորից շոշափեց մորուքը և ձեռնափայտի ծայրը դանդաղ խրեց օձաձկների կենդանի զանգվածի մեջ այնպես, որ նրանք զայրացած շարժվեցին։
― Երևում է, նրանց մոտ․․․ ը․․․ հըմ, շատ ուժեղ է հայրենի տան բնազդը, ― շարունակեց Թեոդորը։ ― Չէ՞ որ այստեղից մինչև ծովը ոչ պակաս երկու մղոն է, սակայն այս բոլոր փոքրիկ օձաձկները հայտնվեցին այստեղ, իրենց համար ճանապարհ բացելով դեպի հենց այն լիճը, ուր ապրել են նրանց ծնողները։
Թեոդորն ուշադիր նայեց չորս կողմը և ինչ֊որ բան ցույց տվեց ինձ ձեռնափայտով։
― Այս ճանապարհորդությունը բավականին վտանգավոր է, ― նկատեց նա, և ես հասկացա, թ ինչը նկատի ունի։ Օձաձկների շերտի հենց գլխավերևում, երկնքում, սև խաչի նման թռչում էր ձկնորս բազեն։ Մենք տեսանք, թե ինչպես նա քարի նման ընկավ ցած և հետո, ամուր սեղմելով ճիրանների արանքում օձաձկների կույտը, թռավ մի կողմ։
Մենք քայլում էինք օձաձկների շերտի երկայնքով (նրանք գնում էին նույն ճանապարհով, ինչ և մենք) և տեսնում էինք, թե ինչպես են գործում մյուս գիշատիչները։ Մեր մոտենալուն պես օդ էին բարձրանում արջնագռավները, կաչաղակների երամները, աչքի ծայրով կարողացանք տեսնել, ինչպես առկայծեց ու մրտենու թփերի մեջ անհետացավ աղվեսի բոցեղեն պոչը։
Հասնելով լճին, մենք սովորաբար գործում էինք արդեն ընդունված կարգով։ Ամենից առաջ որոշում էինք, թե ո՞ր ձիթենու տակ դնենք ուտելիքն ու հանդերձանքը, նրանցից որը կեսօրին կտա ամենախիտ ստվերը։ Ընտրելով ծառը, նրա տակ դարսում էինք մեր իրերը և հետո ցանցսորսիչներով ու պայուսակներով գնում էինք դեպի լիճն ու աշխատում ամբողջ առավոտ։ Դանդաղ, կենտրոնացված տեսքով, ինչպես ձուկ բռնող ձկնկուլներ, քայլում էինք ջրի միջով և ցանցորսիչը մտցնում խճճված ջրաբույսերի արանքը։ Այստեղ Թեոդորն իրեն գերազանցում էր։ Շուրջը զրնգուն նետերի պես թռչում էին մեծ ու կարմիր ճպուռները, իսկ նա կանգնում էր ջրի մեջ ու խորքերից այնպիսի հրաշքներ հանում, որոնց կնախանձեր ինքը կախարդ Մերլինը։
Այստեղ, այս խաղաղ ոսկեզօծ ջրերում, տարածվում էին գաճաճ ջունգլիները։ Լճի հատակում անցած տարվանից մնացած տերևների միջև վխտում էին վագրի պես սարսափելի ու խարդախ գիշատիչներ՝ ճպուռների թրթուրները։ Ծանծաղ տեղերում, ինչպես հաստ բեգեմոտների հոտը աֆրիկյան գետի մեջ, վխտում էին հաստ ու փայլուն, սև շերեփուկները։ Ստորջրյա կանաչ թավուտներում անհանգիստ ճախրում էին բազմագույն միկրոսկոպիկ արարածներ, որոնք հիշեցնում էին էկզոտիկ թռչունների երամ․ իսկ ներքևում, արմատների մոտ, այս անտառի խավար խորքերում գալարվում էին հավերժ քաղցած տզրուկներն ու տրիտոնները։ Իսկ այնտեղ, ուր թափանցում էր արևը, փափուկ֊սև ցեխի ալիքաձև բլուրների մեջ, բեկորներից ու ճյուղերից կազմված իրենց թավամազ մուշտակներով սողում էին թրթուրները, նմանվելով քնից նոր արթնացած արջերի։
― Այ, սա արդեն բավական հետաքրքիր է, տեսնում ես․․․ հըմ․․․ այն որդին։ Այսպես, սա հրաթիթեռի թրթուրն է։ Դու ի միջի այլոց, վատ չես անի, որ նրան վերցնես քո հավաքածուի համար։ Հրաթիթեռը հետաքրքիր է նրանով, որ մեկն է ոչ բազմաթիվ այն թիթեռնիկներից, որոնց թրթուրը աճում է ջրի տակ։ Նա ապրում է այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ վրա է հասնում այն ժամանակը․․․ հըմ․․․ երբ նա վեր է ածվում հարսնյակի։ Հետաքրքիր է, որ այս տեսակի մոտ գոյություն ունեն․․․ ը․․․ հըմ․․․ երկու ձևի կանացի առանձնյակներ։ Արուի թևերը, իհարկե, լիովին զարգացած են, նա թռչում է, հենց որ դուրս է գալիս։ Էգերից մեկն էլ է թռչում, բայց մյուսը, երբ դուրս է գալիս հարսնյակային շրջանից, հըմ․․․ թևեր չի ունենում, նա շարունակում է ապրել ջրի տակ և լողում է ոտքերի օգնությամբ։
Թեոդորը մի քիչ առաջ գնաց ափի երկայնքով, որը ծածկված էր գարնանային արևից արդեն չորացած ու ճաքճքած ցեխով։ Ուռենու ճյուղից կապույտ հրավառության պես վեր թռավ ալկիոնը, իսկ լճի կենտրոնում իջավ և իր մանգաղանման թևիկներով նազանքով սահեց ծովածիծառը։ Թեոդորը ցանցորսիչն ընկղմեց ջրի մեջ և դանդաղ շարժվեց մի կողմից մյուսը, ասես կատու էր շոյում։ Հետո այն դուրս հանեց, որպեսզի ամենամանրազնին քննության ենթարկի ծայրից կախված սրվակը։
― Հըմ, այո, ― ասաց նա, ― նայելով սրվակին խոշորացույցով։ ― Մի քանի կիկլոպներ։ Մոծակի երկու թրթուր։ Այ, սա հետաքրքիր է։ Տեսնում ես, այ առվակաթիթեռի թրթուրը, որն իր պատյանը կառուցել է ամբողջապես փոքրիկ խխունջների խցիկներից։ Դա․․․ գիտես, շատ գեղեցիկ է։ Իսկ այ այնտեղ մենք, ես կարծում եմ․․․ այո՛, այո՛, մի քանի անվակիր որդեր ունենք։
Հուսահատորեն ձգտելով ետ չմնալ տեղեկությունների այդ անընդհատ հոսանքից, ես հարցրի, թե ինչ բան է անվակիր որդը, և խոշորացույցով սկսեցի դիտել սրվակը, ուր թռչկոտում ու ցատկոտում էին ջրային այս բնակիչները։
― Սկզբում բնագետները նրանց անվանում էին անվակներ, ― ասաց Թեոդորը, ― այ այս հետաքրքրիր վերջույթների պատճառով, որոնք նրանք այդպես արտառոց թափահարում են և նմանվում են․․․ հըմ․․․ը․․․ ը․․․ ժամացույցի անիվներին։ Երբ մյուս անգամ ինձ մոտ գաս, ես դրանց ցույց կտամ քեզ մանրադիտակով։ Դրանք բացառիկ գեղեցիկ արարածներ են։ Եվ բոլորն, իհարկե, էգ են։
Ես հարցրի, թե ինչու նրանք պետք է անպայման էգ լինեն։
Դա անվակիր որդերի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկ է։ Էգերը չբեղմնավորվող ձվիկներ են դնում։ Հըմ․․․ ը․․․ ը․․․ դե, ինչպես հավերի մոտ լինում են լակ ձվեր։ Միայն թե անվակրի ձվերից դուրս են գալիս ուրիշ էգեր, որոնք իրենց հերթին ընդունակ են ձու դնելու, և դրանից․․․ հըմ․․․ նորից դուրս են գալիս էգեր։ Բայց որոշակի շրջանում էգերը դնում են ավելի փոքր ձվեր, որոնցից դուրս են գալիս արուներ։ Այ, երբ ես քեզ ցույց կտամ մանրադիտակով, դու կտեսնես, որ էգը, ինչպե՞ս ասեմ քեզ․․․ շատ բարդ մարմին ունի, մարսողական տրակտ և այլն․․․ Արուն ոչինչ չունի։ Դա միայն․․․ ը․․․ ը․․․ սաղմով լի լողացող պարկ է։
Ես շշմեցի անվակրի անձնական կյանքի բարդությունից։
― Նրանք հետաքրքիր են նաև նրանով, ― շարունակեց Թեոդորը, ուրախությամբ հաղորդելով մի հրաշքը մյուսի հետևից, ― որ որոշակի ժամանակաընթացքում․․․ ը․․․ ը․․․ եթե շոգ ամառ է լինում կամ ինչ֊որ բան է տեղի ունենում, որից լիճը կարող է չորանալ, նրանք իջնում են ջրի հատակը ու ծածկվում են շատ կարծր թաղանթով։ Սա յուրատեսակ կենսադադար է, քանի որ լիճը կարող է մնալ բոլորովին չոր․․․ ը֊ը․․․ ասենք, յոթ կամ ութ տարի, և նրանք այդպես էլ կարող են մնալ փոշու մեջ։ Բայց առաջին իսկ անձրևից, երբ լիճը լցվում է ջրով, նրանք նորից կենդանանում են։
Մենք նրա հետ գնացինք առաջ և նորից ջուրն իջեցրինք ցանցորսիչները՝ գորտի ձվերի գնդաձև կույտերի և դոդոշների ձվերի ձգված մանյակների մեջ։
― Ապա մի նայիր, այ․․․ ը․․․ ը․․․ Մի րոպե վերցրու խոշորացույցը ու նայիր․․․ Շատ գեղեցիկ հիդրա է։
Խոշորացույցի տակ շարժվում էր ջրիմուռի մի փոքրիկ կտոր, որին կպած էր երկար, բարակ, սրճագույն մի սյունակ, ծայրին մի փունջ նուրբ շոշափուկներ։ Այդ ժամանակ ինչ֊որ տեղից հայտնվեց մի կլոր, լուրջ կիկլոպ և կտրուկ ոստյուններով մոտ թռավ հիդրայի գալարվող շոշափուկներին։ Նա մի վայրկյանում կուլ գնաց, կարողանալով միայն երկու անգամ ցնցվել մեռնելուց առաջ։ Ես գիտեի, որ եթե շարունակեմ էլի նայել, կկարողանամ տեսնել, թե ինչպես է աստիճանաբար կիկլոպը կուլ գնում հիդրայի ընդերքում։
Շուտով մենք արևով որոշեցինք, որ ուտելու ժամանակն է, և վերադարձանք ձիթենու ծառի մոտ։ Բացեցինք մեր պաշարները, հանեցինք իմբիրի գարեջուրը և սկսեցինք կերուխումը՝ հենց նոր հայտնված գարնանային ճպուռների քնկոտ երգի և օղակաձև տատրակների անհեթեթ ղունղունոցի տակ։
― Հունարեն, ― ասաց Թեոդորը, անշտապ ծամելով հացն ու պանիրը, ― օղակաձև տատրակը կոչվում է dekaoc-tura, այսինքն տասնութ ռուբլի։ Կա մի առասպել, որ երբ Քրիստոսը․․․ հըմ, խաչը տանում է Գողգոթա, մի հռոմեացի զինվոր, նկատելով, թե ինչպես է նա տանջվում, խղճաց նրան, և հենց այդտեղ, Ճամփի վրա, մի պառավ կին վաճառում էր․․․ հըմ․․․ կաթ։ Զինվորը նրան հարցրեց, թե ինչ արժե մի գավաթ կաթը։ Պառավը պատասխանեց, որ տասնութ ռուբլի։ Զինվորի մոտ ընդամենը տասնյոթը կար։ Նա ը․․․ ը․․․ հասկանում ես․․․ պառավին խնդրեց, որ մի գավաթ կաթը իրեն վաճառի տասնյոթ ռուբլով Քրիստոսի համար, բայց ժլատ կինը տասնութ էր պահանջում։ Եվ ահա, երբ Քրիստոսին խաչեցին, պառավը դարձավ օղակաձև տատրակ։ Մինչև իր կյանքի վերջը նրան վիճակված էր օղակաձև պտտվել շուրջը և կրկնել dekaocto, dekaocto ― տասնութ, տասնութ։ Եթե նա երբևէ ասի dekaepta՝ տասնյոթ, նորից կվերածվի կնոջ, իսկ եթե կամակորություն անի ասի dekaennaea՝ տասնինը, աշխարհը կկործանվի։
Ձիթենու զով ստվերում մանր սև մրջյունները, որ նման էին ձկնկիթի վճիտ հատիկներին, կողոպտում էին մեր նախաճաշի մնացորդները, իրար հրմշտելով չոր տերևների մեջ, որ դեղնել ու ալ կարմիր էին դարձել անցած ամառվա արևի տակ։ Այժմ դրանք շրշում ու խշխշում էին։ Լանջն ի վար քշում էին այծերի հոտը։ Վհատ զնգում էր առաջնորդ այծի զանգակը և լսվում էր, թե ինչպես են չխկչխկում այծերի ծնոտները, խժռելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Առաջնորդը կիպ մոտեցավ մեզ և մի պահ մեզ հառեց իր դեղին աչքերը, արձակելով ուրցի հոտ։
― Դրանց չի կարելի․․․ ը․․․ ը․․․ թողնել առանց հսկողության, ― ասաց Թեոդորը, այծին փայտով քշելով։ ― Նրանք ուղղակի ավերում են գյուղական վայրերը։ Ոչ մի բան այդպես չի վնասում։
Առաջնորդը հեգնալից մկկաց ու գնաց, հետևից տանելով իր ավերիչ հրոսակախմբին։
Ուտելուց հետո մենք մի ժամի չափ պառկեցինք ծառի տակ, տերևների արանքից նայելով երկնքով մեկ ցրված սպիտակ ամպի պատառիկներին, որ ասես մանկան թաթիկների հետքեր լինեին, սառած, կապույտ լուսամուտների վրա։
― Լսիր, ― վերջապես ասաց Թեոդորը, վեր կենալով գետնից։ ― Պետք է գնալ լճի մյուս կողմը․․․ ը․․․ ը․․․ նայելու, թե ինչ կա այնտեղ։
Եվ ահա նորից թափառում ենք ափի երկայնքով։ Աստիճանաբար մեր փորձանոթները, շշերն ու բանկաները լցվում են ամեն տեսակ միկրոսկոպիկ ֆաունայով, իսկ իմ տուփերը, արկղներն ու տոպրակներն արդեն բերնեբերան լիքն են գորտերով, փոքրիկ կրիաներով ու զանազան բզեզներով։
― Ինձ թվում է, ― ասաց Թեոդորը, ափսոսանքով նայելով մայր մտնող արևին, ― ինձ թվում է․․․ հըմ․․․ որ տուն գնալու ժամանակն է։
Մենք դժվարությամբ բարձրացնում ենք շատ ծանրացած պայուսակները, և, գցելով դրանք ուսներիս, հոգնած ոտքներս քարշ ենք տալիս դեպի տուն։ Առջևում աշխույժ ոստյուններով վազում է Ռոջերը, նրա լեզուն կախ է ընկել վարդագույն դրոշակի պես։ Հասնելով տուն և տեղավորելով մեր գերիներին ավելի ընդարձակ բնակարաններում, մենք Թեոդորի հետ հանգստանում ենք, քննարկում օրվա իրադարձությունները և իրար վրա խմում ենք տաք, առույգացնող թեյը, վերջ տալով մայրիկիս թխած փափուկ, կարմիր բլիթներին։
Մեկ անգամ ես այդ լիճը գնացի առանց Թեոդորի, և այդ անգամ ինձ հաջողվեց միանգամայն պատահաբար բռնել մի ջրային կենդանի, որի հետ վաղուց էի ցանկանում հանդիպել։ Դուրս քաշելով ջրից ցանցորսիչը, ես սկսեցի զննել կծիկ դարձած ջրաբույսը և հանկարծ տեսա, որ այնտեղ, կարո՜ղ եք պատկերացնել, սարդ է թաքնված։ Ես հիացած էի։ Ես կարդացել էի այդ հետաքրքիր, ըստ երևույթին աշխարհիս ամենաարտառոց սարդի մասին, քանի որ նա վարում է միանգամայն զարմանալի ջրային կյանք։ Սարդը կես դյույմի չափ էր և ծածկված էր հազիվ նկատելի արծաթա֊կարմիր ցանով։ Հանդիսավորությամբ դրեցի նրան իմ թիթեղյա տուփերից մեկի մեջ և խնամքով բերի տուն։ Տանը նրա համար ակվարիում պատրաստեցի, գցեցի այնտեղ ամեն տեսակ ճյուղիկներ ու ջրային բույսեր, նստեցրի սարդին ջրից դուրս ցցված ոստի վրա և սկսեցի ուսումնասիրել։ Սարդն անմիջապես ոստի վրայից իջավ ջուրը, ուր իսկույնևեթ պատվեց գեղեցիկ, փայլուն արծաթով, շնորհիվ բազմաթիվ օդաբշտիկների, որոնք կպան նրա մազոտ մարմնին։ Հինգ րոպե նա վազվզեց ջրի տակ, հետազոտելով բոլոր ճյուղերն ու տերևները և, վերջապես, իր համար բնակատեղ ընտրեց։
Այս սարդը ջրասույզ զանգի իսկական գյուտարարն է, և ես, ակվարիումի առջև նստած, դիտում էի, ինչպես է նա այն ստեղծում։ Սկզբում սարդը ճյուղերի արանքում ձգեց մի քանի մետաքսի թելեր, որոնք հիմնականում հենք էին ծառայում, հետո նստեց մոտավորապես կենտրոնում և սկսեց հյուսել փափուկ, ոչ ճիշտ ձվաձև ոստայն, շատ թե քիչ սովորական տիպի, միայն բջիջներն ավելի մանր, այնպես որ այն ավելի շուտ հիշեցնում էր նուրբ գործվածք։ Այս աշխատանքը նրանից խլեց մոտ երկու ժամ։ Դնելով իր տնակի հիմքը, սարդը պետք է մատակարարեր նրան օդի պաշար։ Դրա համար նա սկսեց անհամար երթեր կատարել դեպի ջրի մակերեսի օդը։ Երբ սարդը վերադառնում էր, ամբողջ մարմինը պատված էր լինում բշտիկներով։ Նա շտապում էր ցած, նստում էր ոստայնի տակ և թաթիկներով իր վրայից հանում բշտիկները, որոնք անմիջապես բարձրանում էին վեր ու կանգ առնում ոստայնի տակ։
Հինգերորդ կամ վեցերորդ երթից հետո բոլոր այս մանր բշտիկները միացան մի մեծ բշտիկի մեջ։ Որքան սարդը ավելացնում էր օդի բաժինը, բշտիկն ավելի էր մեծանում, սեղմելով ոստայնին, և ահա վերջապես սարդը ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր։ Ամուր խարսխված ճյուղիկների ու ջրաբույսերի միջև, ջրում, առաջացավ օդով լցված մի զանգ։ Այժմ սա սարդի տունն էր, ուր նա կարող էր ապրել միանգամայն հանգիստ, կարիք չունենալով հաճախ այցելել ջրի մակերես, որովհետև օդը զանգի մեջ, ինչպես ինձ հայտնի էր, ավելանում էր ջրաբույսերից, իսկ սարդի արտազտած ածխաթթվային գազը արտահոսում էր նրա տնակի մետաքսե պատերի միջով։
Ես նայում էի այս զարմանահրաշ արվեստի նմուշին և մտածում․ իսկ ինչպե՞ս է կարողացել ամենաառաջին ջրասարդը (որը հենց նոր էր մտադրվել ջրային սարդ դառնալ) ստեղծել այսպիսի հնարամիտ ապրելակերպ ջրի տակ։ Բայց այս սարդերը հետաքրքիր են ոչ միայն իրենց ստորջրյա շինարարությամբ։ Ի տարբերություն մյուս բոլոր տեսակի սարդերի, ջրասարդի արուն երկու անգամ մեծ է էգից, և բեղմնավորելուց հետո կինը խժռում է ամուսնուն, ինչպես հաճախ պատահում է սարդերի ընտանեկան կյանքում։ Իմ սարդի չափերից ես որոշեցի, որ նա էգ է, և նրա փորը, կարծես թե ուռած է։ Որոշելով, որ սարդը գտնվում է երջանիկ սպասումի մեջ, ես աշխատում էի նրան ավելի լավ սնունդ տալ։ Նա սիրում էր հաստ ու կանաչ դաֆնիներ, որոնց կարողանում էր որսալ անսովոր ճարպկությամբ, երբ նրանք լողում էին մոտիկ։ Բայց հավանաբար ամենից շատ նրան դուր էին գալիս նորածին տրիտոնիկները, և, չնայած դա նրա համար շատ խոշոր որս էր, սարդը նրանց վրա նետվում էր առանց տատանման։ Այն ամենը, ինչ նրան հաջողվում էր որսալ, սարդը տանում էր իր զանգը և այնտեղ ուտում լռության ու խաղաղության մեջ։
Մի գեղեցիկ օր ես տեսա, որ էգը մեծացնում է իր զանգը․ նա աշխատում էր առանց շտապելու, և աշխատանքը երկու օր խլեց։ Եվ ահա, առավոտյան նայելով ակվարիումի մեջ, ուրախությամբ տեսա, որ փորձակայանը լցվել է կլոր ձվիկներով։ Պահանջվող ժամկետում նրանցից դուրս եկան փոքրիկ սարդեր, որոնք իրենց մոր պատճենն էին։
Այժմ րդ շատ ջրասարդեր ունեի։ Բայց շուտով զայրույթով նկատեցի, որ նրանց մայրը՝ ամբողջովին զուրկ լինելով ծնողական զգացմունքներից, շատ հանգիստ ուտում է իր սեփական սերնդին։ Ստիպված եղա փոքրիկներին տանել մի ուրիշ ակվարիում։ Սակայն երբ սարդիկները մեծացան, նրանք էլ սկսեցին միմյանց ուտել, այնպես որ վերջ ի վերջո ես ինձ համար թողեցի միայն երկուսին, առավել խելոք ժառանգներին, իսկ մյուսներին տարա լիճ և բաց թողեցի։