Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 128 բայտ, 10:50, 26 Մարտի 2016
Որոշ ժամանակով թողնելով ծովափը՝ նորից մտանք անտառ։ Ծառերը շատ բարձր էին և համեմատած եվրոպական տեսակների հետ, աչքի էին ընկնում իրենց սպիտակ բներով։ Հուշատետրս վերանայելիս ես տեսնում եմ «զարմանալի և գեղեցիկ ծաղկող պարազիտներին», որոնք անփոփոխ կերպով այդ հոյակապ տեսարաններում որպես ամենանորօրինակ առարկաներ, գրավում են իմ ուշադրությունը։ Շարունակելով մեր ճանապարհը մենք անցնում էինք արոտատեղերով, որտեղ բազմաթիվ մրջյունների կոնաձև բլուրները մեծ վնասներ էին պատճառել։ Այդ բների բարձրությունը մոտավորապես տասներկու ոտնաչափ էր։ Նրանք դաշտին տվել էին ճիշտ Հումբոլտի նկարագրած Խորուլյոյում տղմից առաջացած հրաբուխների տեսքը։ Երբ հասանք Ենգենոդո, մութն արդեն ընկել էր։ Ամբողջ տասը ժամ եղել էինք ձիերի վրա։ Երբեք չեմ դադարի զարմանալու այն աշխատանքի վրա, որ կարողացան կատարել մեր ձիերն ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բացի այդ, նրանք շատ ավելի շուտ էին բուժվում պատահական վնասներից, քան անգլիական ձիերը։ Հաճախ վամպիր չղջիկները պատ-ճառում են մեծ նեղություններ՝ կծելով ձիերին ուսերի մեջտեղից։ Ընդհանրապես նրանց պատճառած վնասն այնքան արյան կորուստը չէ, որքան հետագայում թամբի ճնշումից առաջացած բորբոքումը։ Վերջին ժամանակները կասկածում են այս պատմության իրողության վրա, բայց շատ ուրախ եմ, որ բախտ ունեցա ներկա լինելու ձիու կռնակին մի վամպիրի (Desmodus d’Oribignyi. Wat.) բռնվելուն։ Մի ուշ երեկո, Չիլիում, Կոկիմբոյի շրջակայքում իջել էինք մի բացօթյա տեղ գիշերելու համար։ իմ ծառան նկատելով, որ մի ձի շատ անհանգիստ է, գնաց իմանալու նրա անհանգստության պատճառը։ Նրան թվում էր, թե ինչ-որ մի բան պետք է նստած լինի ձիու ուսերի վրա, և ձեռքն արագ պարզելով այն կողմ՝ բռնեց մի վամպիր։ Հաջորդ առավոտը կծած տեղը շատ հեշտ տարբերվում էր իր շրջապատից, լինելով թեթև կերպով ուռած և արնոտ։ Այդ բանից հետո երրորդ օրը հեծանք միևնույն ձին, առանց որևէ վնաս պատճառելու նրան։
 
[[Պատկեր:Beagle_pic_1.png|500px|frameless|thumb|center]]
'''Ապրիլի 13.'''— Երեքօրյա ճանապարհորդությունից հետո հասանք Սոսեգո, սենյոր Մանվել Ֆիգուիրեդայի կալվածքը։ Նա մեր ընկերներից մեկի ազգականն էր։ Տունը պարզ էր թեև իր ձևով նման էր սարայի, շատ հարմար էր տեղի կլիմայի համար։ Ընդունարանում ոսկեզօծ աթոռները և բազմոցները մի տարօրինակ հակապատկեր էին ներկայացնում սպիտակացրած պատերի, ծղնոտե տանիքի և ապակեզուրկ պատուհանների հետ։ Տունն իր ամբարներով, ախոռներով և արհեստանոցներով, որտեղ աշխատում էին նեգրերը և որոնց սովորեցրել էին տարբեր արվեստներ, ներկայացնում էր քառանկյունի մի կոպիտ շենք, որի մեջտեղում չորանում էր սուրճի մի մեծ դեզ։ Այս շենքերը շինված են փոքրիկ բլուրների վրա, որոնք բարձրանում են մշակված դաշտերի մեջտեղում և բոլոր կողմերով շրջապատված են մուգ-կանաչ փարթամ անտառային պատերով։ Երկրի այս մասի ամենագլխավոր արտադրությունը սուրճն է։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ծառ միջին հաշվով տարեկան տալիս է երկու ֆունտ, իսկ մի քանիսը մինչև ութ ֆունտ սուրճ։ Մեծ քանակությամբ մշակվում է նաև մանիոկա կամ կասսադա։ Այս բույսի բոլոր մասերն էլ օգտագործվում են. տերևները և ցողունը ուտում են ձիերը, իսկ արմատն աղում, վերածում են փոշու, որը երբ ճզմում չորացնում և սեղմում են, կոչվում է ֆարինա (farinha) և կազմում է Բրազիլիայի բնակչության գլխավոր սնունդը։ Չափազանց հետաքրքրական և լավ հայտնի փաստ է, որ այս չափազանց սննդարար բույսի հյութը խիստ թունավոր է։ Մի քանի տարի առաջ այս կալվածքում մի կով խմում է այդ հյութից և սատկում։ Սենյոր Ֆիգուիրեդան ինձ պատմեց, որ ինքը նախորդ տարին ցանել է մի տոպրակ բակլա և երեք տոպրակ բրինձ։ Բակլայից ստացել է ութսուն տոպրակ, իսկ բրնձից՝ ցանածից երեք հարյուր քսան անգամ ավելի։ Արոտատեղերում արածում են սքանչելի խոշոր եղջերավոր անասուններ, իսկ անտառներն այնքան լի են որսերով, որ նախորդ երեք օրերից յուրաքանչյուր օրում սպանում էին մի եղջերու։ Սննդի լիառատությունը երևում էր ճաշի ժամանակ, որտեղ եթե սեղանները չէին տնքում, հյուրերն անկասկած տնքում էին, որովհետև սպասում են, որ ամեն ոք ճաշակի յուրաքանչյուր պնակից։ Մի անգամ, երբ ես կարծում էի, որ արդեն ճաշակել եմ բոլոր պնակներից, մեծ եղավ իմ սարսափը, երբ իրենց նյութական ամբողջությամբ նորից երևացին տապակած մի հնդկահավ և մի խոզ։
Ամեն ոք լսած կլինի Բոթոֆոգոյի շրջապատի գեղեցիկ տեսարանների մասին։ Այն տունը, որի մեջ ապրում էի ես, գտնվում էր հանրածանոթ Կորկովագո լեռան ստորոտին։ Շատ ճիշտ է նկատված, որ դիք կոնաձև բլուրները բնորոշ են այն ֆորմացիային, որ Հումբոլտն անվանում է գնեյսո-գրանիտային։ Ոչ մի բան ավելի տպավորիչ չի կարող լինել, քան այս ամենափարթամ բուսականության միջից բարձրացող այս մերկ ժայռերի մեծ և կլոր ահռելի մեծ զանգվածների տեսքը։ Ես հաճախ մեծ հետաքրքրությամբ դիտում էի այն ամպերը, որոնք շարժվելով դեպի ցամաքը՝ Կորկովադո սարի ամենաբարձր գագաթի տակին ամպակույտեր էին կազմում։ Այս սարը, ուրիշ շատ սարերի նման, երբ այսպես մասամբ քողարկվում էր ամպերով, թվում էր, թե շատ ավելի բարձր է, քան իր իսկական բարձրությունը, որը երկու հազար երեք հարյուր ոտնաչափ էր։ Դանիելն իր մետեորոլոգիական աշխատություններում նկատում է, որ երբեմն ամպերը երևում են լեռան գագաթին կպած, մինչ քամին շարունակում է փչել նրանց վրայով։ Նույն երևույթը, մի փոքր տարբեր տեսքով, ներկայացված էր այստեղ։ Այս դեպքում կարելի էր պարզ տեսնել, թե ինչպես ամպը գալարվում էր և արագ անցնում գագաթի մոտով, և ոչ փոքրանում էր նրա ծավալը, ոչ էլ մեծանում։ Արևը մայր էր մտնում և հարավային մի մեղմ զեփյուռ զարնվելով ժայռի հարավային կողմին՝ իր հոսանքը խառնում էր վերևի համեմատաբար ցուրտ օդի հետ և այսպիսով խտացնում գոլորշին, բայց հենց որ ամպի թեթև պսակներն անցնում էին գագաթի մոտով և մտնում հյուսիսային փեշերի համեմատաբար տաք մթնոլորտի ազդեցության շրջանը, անմիջապես կազմալուծվում էին։
 
[[Պատկեր:Beagle_pic_2.png|500px|frameless|thumb|center]]
Մայիս, հունիս ամիսներին, այսինքն այդ տեղի ձմեռվա սկզբին, կլիման հիանալի էր։ Միջին ջերմաստիճանը, որն ստացվում էր առավոտյան և երեկոյան ժամը 9-ի չափումներից, 72° էր։ Հաճախ ուժեղ անձրևում էր, բայց հարավային չորացնող քամիները շատ շուտով զբոսանքը դարձնում էին հաճելի։ Մի առավոտ 6 ժամվա ընթացքում տեղաց 1,6 մատնաչափ<ref>Մեկ մատնածափը մոտավորապես երկու և կես (2,46) սանտիմետր է։ ''Ծ. Թ.''</ref> անձրև։ Երբ այս փոթորիկն անցավ, Կորկովադոն շրջապատող անտառների վրայով անհաշիվ տերևների վրա թափվող անձրևի կաթիլներից առաջացած ձայնն այնքան բարձր էր, որ այդ ձայնը կարելի էր լսել մի քառորդ մղոն հեռավորության վրա, այս շատ նման էր մի մեծ ջրի սահանքի ձայնին։ Շոգ ցերեկներից հետո չափազանց հաճելի էր հանգիստ նստել պարտեզում և դիտել երեկոյի անցումը գիշերի։
Վստահելի
1396
edits