«Թող տեսնեն», ― որոշեց չարացած Լիզան։
==Կահույքի թանգարանը==
Լիզան թաշկինակով սրբեց բերանը և փշրանքները թափ տվեց կոֆտայից։ Տրամադրությունը բացվեց։ Նա կանգնել էր ցուցանակի առջև։
:::::Կահույքի վարպետության թանգարան
Անհարմար էր տուն վերադառնալ։ Գնալու տեղ չուներ։ Գրպանում տասնհինգ կոպեկ կար։ Եվ Լիզան որոշեց ինքնուրույն կյանք սկսել՝ թանգարան այցելելով։ Կանխիկ գումարն ստուգելով, նա մտավ նախասրահ։
Այնտեղ նա մեկեն դեմ առավ հնացած մորուք ունեցող մի մարդու, որը ծանր հայացքը մալախիտե սյունաշարին մեխած, բեղերի արանքից ասում էր․
― Հարո՜ւստ են ապրել մարդիկ։
Լիզան հարգանքով նայեց սյունին և բարձրացավ վերև։
Քառակուսի փոքր սենյակներում, այնպես ցածր առաստաղներով, որ այնտեղ մտնող ամեն ոք հսկա էր թվում, Լիզան թափառեց մի տասը րոպե։
Դրանք սենյակներ էին, կահավորված պավլովյան ամպիրով, կարմիր փայտով և կարելյան կեչիով՝ հրաշալի և մարտաշունչ կահույքով։ Գրասեղանի առաջ դրված էին երկու քառակուսի պահարաններ, որոնց ապակյա դռները խաչաձև հատված էին նիզակներով։ Սեղանն անեզր ու անչափ էր։ Նստել նրա մոտ, միևնույն էր թե նստել Թատրոնական հրապարակի մոտ, ընդ որում Մեծ թատրոնը իր սյունաշարով և բրոնզե ձիերի քառյակով, որոնք Ապոլոնին քարշ էին տալիս «Կարմիր կակաչի» պրեմիերային, այդ սեղանի վրա կերևար որպես թանաքաման։ Գոնե այդպես էր թվում Լիզային, որը մի խղճուկ ճագարի պես սնվել ու դաստիարակվել էր գազարով։ Սենյակներում դրված էին բարձր մեջքերով բազկաթոռներ, որոնց վերնամասերը ոչխարի կոտոշների պես ոլորված էին։ Արևն ընկել էր բազկաթոռների դեղձագույն պաստառների վրա։
Մարդն ուզում էր անմիջապես նստել նման բազկաթոռի վրա, բայց նստելն արգելված էր։
Լիզան մտովին համեմատեց, թե ինչպես կերևար պավլովյան ամպիրի անգին բազկաթոռը իր կարմրաշերտ ներքնակի կողքին։ Դուրս էր գալիս, որ ոչինչ՝ վատ չէր երևա։ Նա պատին կարդաց մի աղյուսակ՝ պավլովյան ամպիրի գիտական և գաղափարական հիմնավորումով և, վշտանալով, որ ինքն ու Կոլյան մի սենյակ չունեն այս պալատում, դուրս ելավ անսպասելի մի միջանցք։
Ձախ ձեռքի վրա հենց հատակից ցածլիկ կիսաշրջանաձև պատուհաններ էին սկսվում։ Նրանց միջով, ոտքերի տակ, Լիզան տեսավ հսկա երկլուսավոր սյունազարդ դահլիճ։ Այդ դահլիճում ևս կահ֊կարասիներ էին դրված և այցելուներ էին թրև գալիս։ Լիզան կանգ առավ։ Դեռ երբեք նա իր ոտքերի տակ դահլիճ չէր տեսել։
Զարմանալով և նվաղելով, նա դեռ երկար նայում էր ներքև։ Հանկարծ նկատեց, որ բազկաթոռներից թեքերես գրասեղանի մոտ են անցնում իր այսօրվա ծանոթները՝ Բենդերն ու իր ուղեկիցը, սափրած գլխով պատկառելի ծերուկը։
― Ա՜յ լավ է, ― ասաց Լիզան։ ― Այնքան էլ տաղտկալի չի լինի։
Նա շատ ուրախացավ, վազեց ներքև և իսկույն մոլորվեց։ Նա ընկավ կարմիր հյուրասենյակը, որտեղ մի քառասուն առարկա էր դրված։ Դա ընկուզենու կահույք էր՝ ճկած ոտքերով։ Հյուրասենյակից ելք չկար։ Ստիպված էր ետ վազել վերևից լույս ունեցող կլոր սենյակի միջով, որը թվում էր, թե կահավորված է միայն ծաղկավոր բարձերով։
Նա վազում էր իտալական Վերածնունդի դիպակավոր բազկաթոռների կողքով, հոլանդական պահարանների, սև ոլորուն սյունակների վրա ամպհովանի ունեցող գոթական մեծ մահճակալի կողքով։ Մարդն այդ մահճակալի վրա ընկույզի չափ կերևար։
Վերջապես Լիզան լսեց էքսկուրսանտների խուլ աղմուկը․ նրանք անուշադիր լսում էին էքսկուրսավարին, որը մերկացնում էր Եկատերինա II֊ի իմպերիալիստական մտադրությունները՝ կապված Լուի֊Սեզ ոճի կահույքի հանդեպ հանգուցյալ կայսրուհու տածած սիրո հետ։
Դա հենց երկլուսավոր մեծ սյունազարդ դահլիճն էր։ Լիզան անցավ նրա հակադիր ծայրը, ուր նրա ծանոթ ընկեր Բենդերը տաք֊տաք զրուցում էր իր սափրագլուխ ուղեկցի հետ։
Մոտենալով Լիզան, լսեց հնչեղ ձայնը․
― Շիկ֊մոդեռն ոճի կահույք է։ Բայց սա, թվում է, այն չէ, ինչ պետք է մեզ։
― Այո, բայց անշուշտ այստեղ ուրիշ դահլիճներ էլ կան։ Մեզ անհրաժեշտ է սիստեմատիկորեն ամեն ինչ նայել։
― Բարև ձեզ, ― ասաց Լիզան։
Երկուսն էլ շուռ եկան և իսկույն մռայլվեցին։
― Բարև ձեզ, ընկեր Բենդեր։ Լավ է, որ ձեզ գտա։ Թե չէ մենակ ձանձրալի էր։ Եկեք միասին նայենք։
Կոնցեսիոներները իրար երես նայեցին։ Իպոլիտ Մատվեևիչը առույգ դիրք ընդունեց, թեև նրան հաճելի չէր, որ Լիզան կարող է իրենց ետ պահել ադամանդավոր կահույք որոնելու կարևոր գործից։
― Մենք տիպիկ գավառացիներ ենք, ― ասաց Բենդերը անհամբեր, ― իսկ դուք, մոսկվիչկա, ինչպե՞ս ընկաք այստեղ։
― Բոլորովին պատահականորեն։ Ես կռվեցի Կոլյայի հետ։
― Ահա՜ թե ինչ, ― նկատեց Իպոլիտ Մատվեևիչը։
― Է՛, թողնենք այս դահլիճը, ― ասաց Օստապը։
― Իսկ ես դեռ չեմ նայել։ Շատ սիրունիկ դահլիճ է։
― Սկսվո՜ւմ է, ― շշնջաց Օստապը Իպոլիտ Մատվեևիչի ականջին։ Եվ դիմելով Լիզային, ավելացրեց․ ― այստեղ նայելու բան չկա։ Անկումային ոճ։ Կերենսկու էպոխան։
― Այստեղ, ինչ֊որ տեղ, ինձ ասել են, կա վարպետ Հաբսի կահույքը, ― հաղորդեց Իպոլիտ Մատվեևիչը, ― թերևս այնտեղ գնանք։
Լիզան համաձայնեց և, թևանցուկ անելով Վորոբյանինովին (նա նրան գիտության զարմանալիորեն հաճելի ներկայացուցչի տեղ էր դնում), դիմեցին դեպի ելքը։ Չնայած գործի ողջ լրջությանը և գանձերի որոնումներում վրա հասած վճռական մոմենտին, Բենդերը աշխույժ ծիծաղում էր, քայլելով զույգի ետևից։ Նրան ծիծաղեցնում էր կավալերի դերում գտնվող կոմանչների պարագլուխը։
Լիզան խիստ նեղում էր կոնցեսիոներներին։ Մինչդեռ նրանք մի հայացքով որոշում էին, թե սենյակում իրենց ուզած կահույքը չկա և ակամայից մղվում էին դեպի մյուս սենյակը, Լիզան երկար ժամանակ կանգնում մնում էր յուրաքանչյուր բաժնում։ Նա բարձրաձայն կարդում էր կահույքի մասին տպագրված քննախոսությունները, սուր դիտողություններ էր բաց թողնում այցելուների հասցեին և երկար կանգ էր առնում յուրաքանչյուր ցուցանմուշի առջև։ Ակամայից և իր համար միանգամայն աննկատելի նա տեսած կահույքը հարմարեցնում էր իր սենյակին և իր պահանջներին։ Գոթական անկողինը բոլորովին դուր չեկավ նրան։ Չափից դուրս մեծ էր։ Եթե Կոլյային հրաշքով անգամ հաջողվեր երեք քառակուսի սաժենի բնակարան ստանալ, ապա այդ դեպքում էլ միջնադարյան այդ առագաստը չէր տեղավորվի սենյակում։ Սակայն Լիզան երկար ժամանակ ման էր գալիս մահճակալի շուրջը, ոտքերով չափում իսկական տարածությունը։ Լիզան շատ ուրախ էր։ Նա չէր նկատում իր ուղեկիցների թթու դեմքերը, որոնց ասպետական բնավորությունը թույլ չէր տալիս գլխապատառ նետվելու վարպետ Հաբսի սենյկաը։
― Համբերենք, ― շշնջաց Օստապը, ― կահույքը չի փախչի, իսկ դուք, պարագլուխ, աղջկան մի սեղմեք։ Ես խանդում եմ։
Վորոբյանինովը ինքնագոհ ժպտաց։
Դահլիճները դանդազորեն ձգվում էին։ Նրանք վերջ չունեին։ Ալեքսանդրյան էպոխայի կահույքը ներկայացված էր բազմաթիվ կոմպլեկտներով։ Նրանց համեմատաբար փոքր չափերը հիացմունք առաջացրին Լիզայի մեջ։
― Տեսե՛ք, տեսե՛ք, ― դյուրահավատորեն բղավում էր նա, քաշելով Վորոբյանինովի թևից։ ― Տեսնո՞ւմ եք այս գրասեղանը։ Սա հիանալի կսազեր մեր սենյակին։ Այնպես չէ՞։
― Հիանալի կահույք է, ― զայրացած ասաց Օստապը։ ― Միայն թե ակումբային է։
― Իսկ այստեղ ես արդեն եղել եմ, ― ասաց Լիզան, մտնելով կարմիր հյուրասենյակը, ― այստեղ, իմ կարծիքով, չարժե կանգ առնել։
Ի զարմանս նրա, կահույքի հանդեպ անտարբեր ուղեկիցները ժամապահների պես քարացան֊մնացին դռների մոտ։
― Ինչո՞ւ կանգնեցիք։ Գնանք։ Ես արդեն հոգնել եմ։
― Սպասեցե՛ք, ― ասաց Իպոլիտ Մատվեևիչը, նրա ձեռքից ազատվելով, ― մի րոպե։
Մեծ սենյակը ծանրաբեռնված էր կահույքով։ Հաբսյան աթոռները շարված էին պատի երկարությամբ և սեղանի շուրջը։ Անկյունի գահավորակը ևս շրջապատված էր աթոռներով։ Նրանց ճկած ոտքերը և հարմարավուն մեջքերը խիստ ծանոթ էին Իպոլիտ Մատվեևիչին։ Օստապը զննական հայացքով նայում էր նրան։ Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։
― Դուք հոգնել եք, օրիորդ, ― ասաց նա Լիազային, ― նստեցեք այստեղ և հանգստացեք, իսկ մենք մի քիչ ման կգանք։ Սա կարծես, հետաքրքիր դահլիճ է։
Լիզային նստեցրին։
Կոնցեսիոներները մոտեցան պատուհանին։
― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։
― Կարծես նրանք են։ Պետք է ավելի հանգամանորեն զննել։
― Բոլոր աթոռներն այստե՞ղ են։
― Հիմա ես կհաշվեմ։ Սպասեցեք, սպասեցեք․․․
Վորոբայնինովն սկսեց աչքը մի աթոռից մյուսի վրա գցել։
― Թույլ տվեք, ― ասաց նա վերջապես, ― քսան աթոռ։ Այդ չի կարող պատահել։ Չէ՞ որ նրանք ընդամենը տասն էին։
― Իսկ դուք ուշադիր նայեցեք։ Գուցե սրանք այն աթոռնեըը չեն։
Նրանք սկսեցին քայլել աթոռների արանքով։
― Դե՞, ― շտապեցնում էր Օստապը։
― Մեջքն ասես իմինին նման չէ։
― Ուրեմն, նրանք չե՞ն։
― Նրանք չեն։
― Թվում է, թե զուր եմ կապվել ձեզ հետ։
Իպոլիտ Մատվեևիչը բոլորովին ընկճված էր։
― Լավ, ― ասաց Օստապը, ― նիստը շարունակվում է։ Աթոռը այստեղ չէ։ Կգտնվի։ Տվեք օրդերներն այստեղ։ Ստիպված ենք տհաճ կոնտակտի մեջ մտնել ադմինիստրացիայի հետ։ Նստեցեք աղջկա կողքին և մնացեք։ Ես հիմա կգամ։
― Ինչո՞ւ եք այդպես տխուր, ― ասում էր Լիզան։ ― Հոգնե՞լ եք։
Իպոլիտ Մատվեևիչը լռություն էր պահպանում։
― Ձեր գլո՞ւխն է ցավում։
― Հա, մի քիչ։ Հոգսե՜ր, հոգսե՜ր։ Կնոջ փաղաքշանքի բացակայությունը արտահայտվում է մարդու ապրելակերպի վրա։
Լիզան սկզբում զարմացավ, իսկ հետո, նայելով իր սափրագլուխ զրուցակցին, իրոք խղճահարվեց։ Տանջված աչքեր ուներ Վորոբյանինովը։ Պենսնեն չէր թաքցնում աչքատակի որոշակի նշմարվող պարկերը։ Գավառական զագսի գործավարի հանգիստ կյանքից ադամանդների ետևից ընկած որսորդի և ավանտյուրիստի անհարմար հոգսաշատ կենցաղին անցնելը էժան չէր նստել նրա վրա։ Իպոլիտ Մատվեևիչը սաստիկ նիհարել էր, և նրա լյարդն սկսել էր ցավել։ Բենդերի դաժան հսկողության տակ Իպոլիտ Մատվեևիչը կորցնում էր իր դեմքը և արագ լուծվում թուրքահպատակի որդու ուժեղ ինտելեկտի մեջ։ Այժմ, երբ նա մի րոպեով մենակ մնաց սքանչելի քաղաքացուհի Կալաչովայի հետ, նրա մեջ ցանկություն առաջացավ պատմել իր վշտերի և հուզմունքների մասին, բայց նա չհամարձակվեց այդ անել։
― Բա՜ս, ― ասաց նա, քնքշորեն նայելով զրուցակցուհուն, ― նման բաներ։ Դո՞ւք ինչպես եք ապրում, Ելիզավետա․․․
― Պետրովնա։ Իսկ ձեզ ինչպե՞ս են կոչում։
Փոխանակվեցին անուն֊հայրանունով։
«Սիրո անուշ հեքիաթը», ― անցավ Իպոլիտ Մատվեևիչի մտքով, խորը նայելով Լիզայի հասարակ դեմքին։ Ծեր պարագլուխը այնպես բուռն կերպով, այնպես անխուսափելիորեն էր կանացի փաղաքշանք տենչում, որի բացակայությունը ծանր էր անդրադառնում նրա ապրելակերպի վրա, որ նա անմիջապես Լիզայի թաթիկը վերցրեց իր խորշոմապատ ձեռքերի մեջ և սկսեց տաք֊տաք խոսել Փարիզի մասին։ Նա ուզում էր հարուստ լինել, շռայլող և անվանելի։ Նա ուզում էր հրապուրել և նվագախմբերի աղմուկի տակ կանանց նվագախմբի գեղեցկուհիներից մեկի հետ ռեդերեր խմել առաձին կաբինետում։ Ինչի՞ մասին խոսել այս աղջկա հետ, որն անշուշտ ոչինչ չգիտի ո՛չ ռեդերերի, ո՛չ կանանց նվագախմբերի մասին և որն իր բնույթով չի կարող անգամ հասկանալ այդ ժանրի ողջ գեղեցկությունը։ Իսկ ինչպե՜ս ուզում էր հրապուրիչ լինել։ Եվ Իպոլիտ Մատվեևիչը գայթակղեցնում էր Լիզային՝ Փարիզի մասին պատմություններ անելով։
― Դուք գիտական աշխատո՞ղ եք, ― հարցրեց Լիզան։
― Այո, որոշ չափով, ― պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը զգալով, որ Բենդերի հետ ծանոթանալու օրվանից հետո նորից ձեռք է բերում վերջին տարիներին իրեն ոչ հատուկ անպատկառությունը։
― Իսկ քանի՞ տարեկան եք, ներեցեք անհամեստ հարցիս։
― Դա ոչ մի կապ չունի այն գիտության հետ, որը ես տվյալ մոմենտին ներկայացնում եմ։
Այդ արագ և դիպուկ պատասխանից Լիզան հմայվեց։
― Բայց և այնպես։ Երեսո՞ւն։ Քառասո՞ւն։ Հիսո՞ւն։
― Գրեթե երեսունութ։
― Ոհո՛։ Դուք շատ ավելի ջահել եք երևում։
Իպոլիտ Մատվեևիչը իրեն երջանիկ զգաց։
― Դուք ինձ ե՞րբ կերջանկացնեք կրկին ձեզ հետ տենսվելով, ― հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը քթի մեջ։
Լիզան խիստ ամաչեց։ Նա շուռումուռ եկավ բազկաթոռի մեջ և թախծեց։
― Այս ո՞ւր կորավ ընկեր Բենդերը, ― ասաց նա բարակ ձայնով։
― Ե՞րբ ուրեմն, ― անհամբեր հարցրեց Վորոբյանինովը։ ― Ե՞րբ և որտե՞ղ ենք տեսնվելու։
― Դե, ես չգիտեմ։ Երբ ուզում եք։
― Այսօր կարելի՞ է։
― Այսօր։
― Աղաչում եմ։
― Դե լավ։ Թող այսօր լինի։ Անցեք մեզ մոտ։
― Ոչ, եկեք հանդիպենք բաց օդում։ Հիմա շատ հիանալի եղանակներ են։ Ծանո՞թ է ձեզ այս բանաստեղծությունը․ «Սա մայիսն է չարաճճի, սա մայիսն է կախարդիչ, զով քամի է հովհարում»։
― Դա Ժա՞րովի բանաստեղծությունն է։
― Հըմ․․․ Կարծեմ։ Ուրեմն այսօ՞ր։ Որտե՞ղ։
― Ի՞նչ տարօրինակն եք։ Որտեղ ուզում եք։ Ոզում ե՞ք անկիզելի պահարանի մոտ։ Գիտե՞ք։ երբ մթնի․․․
Իպոլիտ Մատվեևիչը հազիվ էր կարողացել համբուրել Լիզայի ձեռքը, որը նա արեց հանդիսավորությամբ, երեք դադարով, երբ վերադարձավ Օստապը։ Նա շատ գործնական էր երևում։
― Ներեցեք, մադմաուզել, ― ասաց նա արագ֊արագ, ― բայց մենք բարեկամիս հետ չենք կարող ձեզ ուղեկցել։ Մի փոքր, բայց շատ կարևոր գործ է բացվել։ Մենք շտապ մի տեղ պետք է գնանք։
Իպոլիտ Մատվեևիչի շունչը կտրվեց։
― Ցտեսություն, Ելիզավետա Պետրովնա, ― ասաց նա շտապ, ― ներեցեք, ներեցեք, ներեցեք, բայց մենք խիստ շտապում ենք։
Եվ կոմպանյոնները վազեցին, զարմացած Լիզային թողնելով Հաբսի կահույքով առատորեն կահավորված սենյակում։
― Եթե ես չլինեի, ― ասաց Օստապը, երբ նրանք իջնում էին սանդուղքով, ― ոչինչ էլ դուրս չէր գա։ Աղոթեցեք ինձ։ Աղոթեցեք, աղոթեցեք, մի վախենաք, գլուխներդ չի պոկվի։ Լսեցե՛ք։ Ձեր կահույքը թանգարանային կարևորություն չունի։ Նրա տեղը թանգարանը չէ, այլ տուգանային գումարտակի զորանցը։ Դուք բավարարվա՞ծ եք այս իրադրությամբ։
― Ի՛նչ ծաղր է դա, ― բացականչեց Վորբյանինովը, որը հենց նոր էր սկսել ազատագրվել թուրքահպատակի որդու ինտելեկտի հզոր լծից։
― Լռությո՛ւն, ― սառը ասաց Օստապը, ― դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում։ Եթե մենք հիմա չգրավենք մեր կահույքը՝ վե՛րջ։ Այլևս երբեք չենք տեսնի այն։ Հենց նոր գրասենյակում ես ծանր խոսակցություն ունեցա այս պատմական աղբանոցի վարիչի հետ։
― Եվ ի՜նչ, ― բացականչեց Իպոլիտ Մատվեևիչը։ ― Ի՞նչ ասաց ձեր վարիչը։
― Ասաց, ինչ որ պետք էր։ Մի հուզվեք։ «Ասացեք, ― հարցրի ես նրան, ― ինչո՞վ բացատրել, որ Ստարգորոդից օրդերով ձեզ ուղարկված կահույքը չկա»։ Ես այդ, իհարկե, հարցրի շատ սիրալիր, ընկերական կարգով։ «Ի՞նչ կահույք, ― հարցնում է նա։ ― Իմ թանգարանում նման փաստեր չկան»։ Ես ձեռաց դեմ արի նրան օրդերները։ Նա քրքրեց գրքերը։ Կես ժամ փնտրեց և, վերջապես, վերադարձավ։ Եվ ի՞նչ եք կարծում։ Որտե՞ղ է այդ կահույքը։
― Կորե՞լ է, ― ծվաց Վորոբյանինովը։
― Պատկերացրեք՝ ոչ։ Պատկերացրեք, որ այս շիլափլավի մեջ անվնաս է մնացել։ Ինչպես ձեզ արդեն ասացի, թանգարանային կարևորություն չունի։ Տարել թափել են պահեստը և միայն երեկ, ուշադրություն դարձրեք, երեկ, յոթ տարուց հետո (յոթ տարի նա ընկած է եղել պահեստում), ուղարկվել է աճուրդով ծախվելու։ Գլավնաուկի աճուրդը։ Եվ եթե այն չեն գնել երեկ կամ այսօր առավոտ, նա մերն է։ Դուք բավարարվա՞ծ եք։
― Շո՛ւտ, ― բղավեց Իպոլիտ Մատվեևիչը։
― Կառապա՛ն, ― գոչեց Օստապը։
Նրանք կառք նստեցին առանց սակարկելու։
― Աղոթեցեք ինձ, աղոթեցեք։ Մի՛ վախենաք, հոֆմարշալ։ Գինին, կինն ու թղթախաղը մեզ համար ապահովված են։ Այն ժամանակ հաշիվ կտեսնենք նաև երկնագույն ժիլետի համար։
Կոնցեսիոներները աշխույժ ու կայտառ հովատակների պես ներս վազեցին Պետրովկայի պասաժը, ուր տեղավորված էր աճուրդային դահլիճը։
Աճուրդասրահի հենց առաջին սենյակում նրանք տեսան այն, ինչ երկար ժամանակ փնտրում էին։ Իպոլիտ Մատվեևիչի բոլոր տասը աթոռներն շարված էին պատի երկարությամբ։ Նրանց վրայի պաստառն անգամ չէր սևացել, չէր խունացել, չէր փչացել։ Աթոռները թարմ էին ու մաքուր, ասես հենց նոր դուրս էին եկել հոգատար Կլավդյա Իվանովնայի հսկողության տակից։
― Նրա՞նք են, ― հարցրեց Օստապը։
― Աստվա՜ծ իմ, աստված, ― կրկնում էր Իպոլիտ Մատվեևիչը, ― նրա՛նք են, նրա՛նք։ Հենց նրանք են որ կան։ Այս անգամ ոչ մի կասկած։
― Համենայն դեպս ստուգենք, ― ասաց Օստապը, ջանալով հանգիստ լինել։
Նա մոտեցավ ծախողին․
― Ասացեք, այս աթոռները կարծեմ կահույքի թանգարանից են։
― Սրա՞նք։ Սրանք՝ այո։
― Իսկ վաճառվո՞ւմ են։
― Վաճառվում ե։
― Գի՞նը։
― Գինը դեռ չկա։ Դրանք մենք աճուրդով ենք վաճառում։
― Ըհը։ Այսօ՞ր։
― Չէ։ Այսօր առևտուրն արդեն վերջացել է։ Վաղը ժամը հնգից։
Բայց աթոռներից այդպես իսկույն հեռանալն անհնարին էր։
― Թույլ տվեք, ― թոթովեց Իպոլիտ Մատվեևիչը, ― նայենք։ Կարելի՞ է։
Կոնցեսիոներները երկար զննում էին աթոռները, նստում նրանց վրա, քաղաքավարության համար նայում էին և ուրիշ իրերի։ Վորոբյանինովը ֆսֆսացնում էր և արմունկով շարունակ հրում Օստապին։
― Աղոթեցեք ինձ, ― շշնջում էր Օստապը։ ― Աղոթեցե՛ք, պարագլուխ։
Իպոլիտ Մատվեևիչը պատրաստ էր ոչ միայն աղոթելու Օստապին, այլև համբուրելու նրա մորեգույն կոշիկների ներբանները։
― Վաղը, ― ասում էր նա, ― վաղը, վաղը, վաղը։
Նա ուզում էր երգել։
==Ծանոթագրություններ==
<references/>