Մոտավորապես կեսօրին հոբիթները բարձրացան հերթական բլրի լայնարձակ ու տափակ գագաթը, որը նման էր բարձր կանաչ եզրերով պնակի։ Այստեղ քամին բոլորովին կտրվեց, իսկ երկինքն ասես կախվեց բլրի հենց գլխին։ Հոբիթները հատեցին գագաթը, նայեցին մյուս կողմը և տեսածից կայտառացան: ի՜նչ ճանապարհ են անցել․․․ Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց կասկած չկար, որ Դամբանաբլուրներն ուր որ է կվերջանան։ Առջևում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերի միջև ընկած նեղ անցումով։ Իսկ հետո բլուրներ չէին երևում, միայն աղոտ մութ շերտ էր։
― Դրանք ճամփեզրի ծառերն են, ― գուշակեց Մերին։ ― Ուրեմն, այնտեղ Ուղին է։ Այդ ծառերն սկսվում են կամուրջից ու ձգվում տասնյակ լիգեր: Ասում են, հայտնի չէ, թե երբ են տնկել։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն։ ― Եթե շարունակենք գնալ այս նույն տեմպով, ապա մինչև երեկո դուրս կգանք Գերեզմանոցից ու դեռ կհասցնենք գիշերելու տեղ էլ գտնել։
Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ հիշում էին՝ որ կողմում է Ուղին, և գիտեին՝ ինչպես հասնել այնտեղ, իսկ մնալ, սպասել մշուշի ցրվելուն նրանք չէին պատրաստվում. «պնակն» այժմ սառնաշունչ սարսափ էր ներշնչում, և հոբիթները ուզում էին րոպե առաջ հեռանալ:
Սառած մատներով կապելով ուղեպարկերի բերանները՝ հոբիթները պոնիների սանձերից բռնած մեկը մյուսի հետևից բլրի հյուսիսային թեք լանջով իջան մառախուղի ծովը։ Որքան մոտենում էին բլրի ստորոտին, այնքան ցրտում ու խոնավանում էր, այնպես որ շուտով նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ներքևում այնքան ցուրտ էր, որ ստիպված եղան հագնել թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե անցնեին երկու լանջերի միջև ընկած այն միջանցքով ու ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն գնա քեզ համար ուղիղ, մինչև հասնես Ուղի։ Իսկ թե դրանից հետո ինչ պետք է անեին, նրանք այդ մասին չէին մտածում. հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։
Շատ դանդաղ էին առաջ շարժվում և, որպեսզի չմոլորվեն ու չկորչեն՝ իրար հետևից։ Գլխավորում էր Ֆրոդոն, նրանից հետո՝ Սեմը, Փինը և Մերին։ Թվում էր, արահետը վերջ չի ունենալու, բայց հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ երկու կողմից խավարը թանձրացավ։ Ուրեմն, հասել են միջանցքին՝ Գերեզմանոցի այսպես կոչված Հյուսիսային Դարպասին: Մնում է անցնել դարպասով՝ և ազա՜տ են:
― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց Ֆրոդոն ու առաջ շտապեց։
Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց. առջևում մութի կուտակումներն ավելի սևացան, նեղացան ու հանկարծ խավարի միջից վախեցած հոբիթների հոբիթի առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցումն է, միայն հասկանալի չէ, թե որտեղից այդ քարերը հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն, չհասցնելով ուշքի գալ, արագ անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ, ու հոբիթին վայր գցեց: Վեր կենալով Ֆրոդոն շրջվեց ու տեսավ, որ ինքը մենակ է․ ընկերներն անհետացել են։
― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի․․․ Այստեղ, հետ մի մնացեք․․․
Պատասխան չեղավ։ Նա մի անգամ էլ գոռաց և տագնապահույզ ականջ դրեց։ Ականջներում սուլեց ցուրտ քամին։ Միայն այժմ Ֆրոդոն հասկացավ, որ սառչում է: Եղանակը փոխվում էր, բերանից գոլորշի էր դուրս գալիս, մշուշը լողում էր ծվեն-ծվեն դարձած, խավարը նոսրանում էր։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց ու ամպերի պատռվածքներում աղոտ աստղեր տեսավ։ Նորից քամի փչեց, ու խոտը խշշաց։
Հանկարծակի նրա ականջին խեղդված ճիչ հասավ՝ կամ գուցե թվա՞ց: Հոբիթը նետվեց դեպի ճիչը՝ վազելու ընթացքում նկատելով, որ մշուշը կտրատվում է ու հալվում՝ բացելով աստղալի երկինքը։ Պարզ դարձավ, որ նա վազում է մյուսներից առանձնացած մի բլրի լանջով, բայց ոչ թե ճանապարհի ուղղությամբ, այլ՝ հակառակ կողմը: Արևելյան քամին թափանցում էր ոսկորները։ Աջից Աջ կողմում սևին էր տալիս մեկ այլ՝ ավելի մեծ դամբանաբլուր:
― Դե, որտե՞ղ եք, ― նորից ճչաց նա ջղայնացած, բայց միևնույն ժամանակ զգալով, թե ինչպես է սիրտը վախից ճմլվում։
Դրանց մասին Հոբիթստանում շշուկով անգամ վախենում էին խոսել։ Ֆրոդոն պառկած էր քարե հատակին, ձեռքերը կրծքին խաչած և չէր համարձակվում շարժվել։
Եվ այնուհանդերձ, մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, թե ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արևավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սև օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորովին էլ ճարպակալած չէր ու ոչ էլ երկչոտ էր, թեև այդ մասին դեռ նա չգիտեր: Իզուր չէր Բիլբոն, դեհ Գենդալֆը նույնպես, նրան համարում ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան և ահավոր վերջ ունեցան: Հատկապես այդ միտքը նրան արիություն ներշնչեց։ Նա լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար: Թուլությունն ու վախը չքացան. Ֆրոդոն արդեն հնազանդ զոհ չէր։
Մինչ նա պառկած, լարված մտածում էր ու ուժ հավաքում, անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, իր կողքին թափված քարե սալիկներից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողում էր նրա դեմքն ու մարմինը, բայց պատերն ու կամարակապ առաստաղը առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց և տեսավ, որ իր կողքը փռված են Սեմը, Փինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, թեև կանաչավուն լույսից խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։