Սենյակում մութ էր, և սանիտարը, որ նստել էր մահճակալի ծայրին, վեր կացավ ու գնաց նրան ուղեկցելու։ Քահանան ինձ շատ էր դուր գալիս, ու երանի թե մի օր Աբրուցի վերադառնար։ Ճաշարանում նրա հոգին հանում էին, բայց նա համբերությամբ էր ամեն ինչ տանում, ու ես պատկերացնում էի, թե ինչպիսին էր նա իր հայրենիքում։ Պատմում էր, որ Կապրակոտտա քաղաքի ծայրին կարմրախայտով հարուստ մի գետ կա։ Գիշերներն արգելված էր ֆլեյտա նվագել։ Երիտասարդները սերենադ էին երգում, և միայն ֆլեյտան էր արգելված։ Հարցրի թե՝ ինչու։ Որովհետև աղջիկների համար վնասակար է գիշերները ֆլեյատայի նվագ լսել։ Գյուղացիները քեզ դոն են կոչում և հանդիպելիս գլխարկ հանում։ Նրա հայրն ամեն օր որսորդության էր գնում և գյուղացիների խրճիթներում էր ուտում։ Դա մեծ պատիվ էր նրանց համար։ Եթե օտարերկրացին ուզում էր որսորդությամբ զբաղվելու թույլտվություն ստանալ, պիտի տեղեկանք ներկայացներ, որ երբեք չի բանտարկվել։ Gran Sasso d' Italia-ում արջեր կային, բայց դա շատ հեռու էր։ Ակուիլան գեղեցիկ քաղաք էր։ Ամռան երեկոները զով էին, իսկ Աբրուցիի նման գարուն ամբողջ Իտալիայում չկա։ Բայց ամենից լավը աշունն էր, երբ կարելի էր որս անել շագանակակիների անտառում։ Այնտեղ հիանալի թռչուն էր լինում, որովհետև խաղողով էին սնվում նրանք։ Եվ նախաճաշ վերցնելու ոչ մի կարիք չկար, որովհետև գյուղացիների համար մեծ պատիվ էր, եթե խրճիթ մտնեիր և ուտեիր նրանց հետ։ Քիչ անց ես քնեցի։
==Գլուխ 12==
Հիվանդասենյակը երկար էր, աջ կողմում՝ պատուհաններ, անկյունում՝ մի դուռ, որ տանում էր դեպի վիրակապարան։ Մահճակալների մի շարքը, որոնց թվում և իմը, դրված էր պատի տակ, պատուհանների դիմաց, իսկ մյուսը՝ պատուհանների տակ, պատի դիմաց։ Եթե ձախ կողքիդ պառկեիր, կերևար վիրակապարանի դուռը։ Խորքում ևս մի դուռ կար, որտեղից երբեմն մարդիկ էին մտնում։ Երբ որևէ մեկը հոգևարքի մեջ էր լինում, նրա մահճակալն իսկույն ծածկում էին առաջակալով, որպեսզի ոչ ոք չտեսներ, թե ինչպես է նա մեռնում, և միայն բժիշկների ու սանիտարների կոշիկներն ու փաթաթաններն էին երևում առաջակալի տակից, ու վերջում երբեմն շշուկ էր լսվում։ Հետո առաջակալի ետևից դուրս էր գալիս մի վարպետ, իսկ սանիտարները նորից անցնում էին առաջակալից այն կողմ, դուրս բերում մինչև գլուխը սավանով փաթաթված մեռելին, տանում մահճակալների արանքներով, իսկ մինչ այդ ինչ֊որ մեկը ծալում, հավաքում էր առաջակալը։
Այդ առավոտ հիվանդասենյակի բժիշկն ինձ հարցրեց, թե արդյոք ի վիճակի՞ եմ վաղը մեկնելու։ Ասացի՝ այո։ Նա ասաց, որ այդ դեպքում հենց առավոտ շուտ ինձ կուղարկեն։ Ասաց, որ ավելի լավ է հիմա տեղափոխվել, քանի դեռ այնքան էլ շոգ չէ։
Երբ մահճակալից բարձրացնում էին վիրակապարան տանելու համար, կարելի էր նայել պատուհանից և նոր գերեզմաններ տեսնել պարտեզում։ Դեպի պարտեզ բացվող դռան մոտ մի զինվոր էր նստած, նա խաչեր էր սարքում և գրում պարտեզում թաղված զինվորների անունները, աստիճանները և գնդերի համարները։ Նա կատարում էր նաև վիրավորների հանձնարարությունները և ազատ ժամերին ավստրիական հրացանի դատարկ փամփուշտներից վառիչ էր սարքում ինձ համար։ Բժիշկները շատ համակրելի էին և շատ փորձառու էին թվում։ Ուզում էին ինձ անպայման ուղարկել Միլան, որտեղ ռենտգենյան նկարահանման ավելի մեծ հնարավորություններ կային, ու վիրահատությունից հետո կարող էի նաև մեխանիկական բուժում ստանալ։ Ես էլ էի ուզում Միլան գնալ։ Նրանք աշխատում էին բոլորին էլ հնարավորին չափ շուտ դուրս գրել, որպեսզի հարձակումից առաջ մահճակալներն ազատ լինեին։
Երեկոյան, մինչև զինվորական հիվանդանոցից դուրս գալս, ինձ մոտ եկան Ռինալդոն և մեր գլխավոր բժիշկը։ Ասացին, որ ինձ կուղարկեն Միլանի ամերիկյան հիվանդանոցը, որը հենց նոր էր բացվել։ Ամերիկայից սանիտարական մի քանի ջոկատ պիտի ուղարկեին, և այդ հիվանդանոցը ծառայելու էր նրանց ու իտալական բանակում կռվող բոլոր մյուս ամերիկացիներին։ Կարմիր խաչում շատ ամերիկացիներ կային։ Միացյալ Նահանգները պատերազմ էին հայտարարել Գերմանիային, բայց Ավստրիային՝ ոչ։
Իտալացիները վստահ էին, որ Ամերիկան պատերազմ կհայտարարի նաև Ավստրիային, դրա համար էլ շատ էին ուրախանում, որ ամերիկացիներ են գալու, թեկուզ և կարմիր խաչի աշխատողներ։ Ինձ հարցրին, թե ինչ է իմ կարծիքը, արդյո՞ք նախագահ Ուիլսոնը պատերազմ կհայտարարի Ավստրիային, ու ես ասացի, որ օրերի հարց է դա։ Չգիտեի, թե մենք ինչ ունենք Ավստրիայի դեմ, բայց և տրամաբանական էր թվում, որ եթե Գերմանիային պատերազմ էինք հայտարարել, ուրեմն, պատերազմ պետք է հայտարարենք նաև Ավստրիային։ Հարցրին, թե արդյոք Թուրքիային էլ պատերազմ չե՞նք հայտարարի։ Ասացի, որ կասկածում եմ։ Ասացի, որ Թուրքիան մեր ազգային թռչունն է, բայց այս կատակն ընդհանրապես այնքան վատ էր թարգմանվում և նրանք այնքան շփոթված էին ու կասկածամիտ, որ ես ասացի՝ այո, հավանաբար, Թուրքիային էլ պատերազմ կհայտարարենք։ Իսկ Բուլղարիայի՞ն։ Մենք արդեն մի քանի բաժակ կոնյակ էինք խմել, ու ես ասացի, որ գրողի ծոցը կորչի Բուլղարիան էլ, Ճապոնիան էլ։ Ասացին՝ բայց չէ՞ որ Ճապոնիան Անգլիայի դաշնակիցն է։ Մեկ է, չի կարելի վստահել այդ գարշելի անգլիացիներին։ Ճապոնացիները Հավայան կղզիներն են ուզում, ասացի ես։ Որտե՞ղ են հավայան կղզիները։ Խաղաղ օվկիանոսում։ Իսկ ինչո՞ւ են ճապոնացիներն ուզում այդ կղզիները։ Ոչ մի կղզի էլ չեն ուզում, ասացի ես։ Դատարկ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ։ Ճապոնացիները փոքրիկ և հիանալի ժողովուրդ են, սիրում են պար և թեթև գինի։ Ֆրանսիացիների պես, ասաց մայորը։ Մենք ֆրանսիացիներից կվերցնենք Նիցցան և Սավոյան։ Կորսիկան էլ կվերցնենք, Ադրիատիկի ամբողջ ծովափն էլ, ասաց Ռինալդոն։ Իտալիան կվերականգնի Հռոմի նախկին հզորությունը, ասաց մայորը։ Չեմ սիրում Հռոմը, ասացի ես։ Այնտեղ շոգ է և շատ փայտոջիլներ կան։ Հռոմը ձեզ դուր չի՞ գալիս։ Ոչ, ես սիրում եմ Հռոմը։ Հռոմը ժողովուրդների մայրն է։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր Հռոմուլոսը ծծում Տիբերին։ Ի՞նչ։ Ոչինչ։ Եկեք բոլորս էլ Հռոմ գնանք։ Եկեք այս գիշեր գնանք ու երբեք չվերադառնանք։ Հռոմը հրաշալի քաղաք է, ասաց մայորը։ Ժողովուրդների հայրն ու մայրը, ասացի ես։ Roma-ն իգական սեռ է, ասաց Ռինալդոն։ Չի կարող հայր լինել։ Ուրեմն ո՞վ է հայրը։ Սուրբ հոգի՞ն։ Մի անարգիր աստծուն։ Չեմ անարգում, իմանալ եմ ուզում։ Հարբած եք, բեյբի։ Ո՞վ ինձ հարբեցրեց։ Ես հարբեցրի, ասաց մայորը։ Ես հարբեցրի, որովհետև սիրում եմ ձեզ և որովհետև Ամերիկան պատերազմի մեջ մտավ։ Էլ տեզ չկա, ասացի ես։ Առավոտյան եք գնում, բեյբի, ասաց Ռինալդոն։ Հռոմ, ասացի ես։ Ոչ, Միլան։ Միլան, ասաց մայորը, Կրիստալ Պալաս, Չովա, Կամպարի, Բիֆֆի, Galleria: Բախտավոր տղա։ Գրան Իտալիա, ասացի ես, որտեղ Ջորջից պարտք եմ առնելու։ Լա Սկալա, ասաց Ռինալդին։ Լա Սկալա եք գնալու։ Ամեն գիշեր, ասացի ես։ Ամեն գիշեր չեք կարող, ասաց մայորը, փողը չի հերիքի։ Տոմսերը թանկ են։ Պապիս անունով ներկայացնողական չեկ կգրեմ, ասացի ես։ Ի՞նչ։ Ներկայացնողական չեկ։ Կամ նա կվճարի, կամ ինձ կբանտարկեն։ Միստր Քանինգհեմը կհաջողեցնի բանտում։ Ես ներկայացնողական չեկերով եմ ապրում։ Մի՞թե իմ պապը թույլ կտա բանտարկելու իր հայրենասեր թոռնիկին, որը մեռնում է, որպեսզի Իտալիա՞ն ապրի։ Կեցցե ամերիկյան Գարիբալդին, ասաց Ռինալդոն։ Կեցցեն ներկայացնողական չեկերը, ասացի ես։ Պետք չէ աղմկել, ասաց մայորը։ Արդեն մի քանի անգամ խնդրել էին չաղմկել։ Իսկապե՞ս վաղը գնում եք, Ֆեդերիկո։ Բա չասացի՞, որ ամերիկյան հիվանդանոց է գնում, պատասխանեց Ռինալդոն։ Գեղեցիկ հիվանդապահուհիների մոտ։ Ոչ թե զինվորական հիվանդանոցի այս մորուքավոր բուժակների։ Այո, այո, ասաց մայորը, գիտեմ, որ ամերիկյան հիվանդանոց է գնում։ Մորուքներն ինձ չեն խանգարում, ասացի ես։ Ում ինչ գործն է, եթե որևէ մեկն ուզում է մորուք թողնել։ Ինչո՞ւ մորուք չեք թողնում, signor maggiore: Հակագազի մեջ չի տեղավորվի։ Կտեղավորվի։ Հակագազի մեջ ամեն ինչ կտեղավորվի։ Ես մի անգամ փսխել եմ հակագազի մեջ։ Այդքան բարձր մի խոսեք, բեյբի, ասաց Ռինալդոն։ Բոլորս էլ գիտենք, որ ճակատում եք եղել։ Օ, իմ լավ բեյբի։ Ի՞նչ եմ անելու առանց ձեզ։ Գնանք, ժամանակն է, ասաց մայորը։ Թե չէ արդեն սենտիմենտալ եք դառնում։ Լսեք, մի հաճելի անակնկալ ունեմ ձեզ համար։ Ձեր անգլուհին։ Հիշո՞ւմ եք։ Նա, ում համար ամեն գիշեր անգլիական հիվանդանոց էիք գնում։ Նա էլ է Միլան գնում։ Նա և մի ուրիշ բուժքույր գնում են ամերիկյան հիվանդանոցում աշխատելու։ Ամերիկայից դեռ հիվանդապահներ չեն եկել։ Այսօր խոսել եմ նրանց riparto-յի պետի հետ։ Այստեղ, ճակատում շատ կանայք կան։ Մի քանիսին ետ են ուղարկում։ Հը, ի՞նչ կարծիքի եք, բեյբի։ Լավ է, չէ՞։ Մեծ քաղաքում եք ապրելու և սիրաբանելու եք անգլուհու հետ։ Դե ինչու ե՛ս չվիրավորվեցի։ Դեռ կհասցնեք, ասացի ես։ Գնանք, ասաց մայորը, խմում, աղմկում և խանգարում ենք Ֆեդերիկոյին։ Մի գնացեք։ Չէ, ժամանակն է։ Ցտեսություն։ Բարի ճանապարհ։ Ciao: Ciao: Շուտ վերադարձեք, բեյբի։ Ռինալդոն համբուրեց ինձ։ Լիզոլի հոտ է գալիս ձեզանից։ Ցտեսություն, բեյբի։ Ցտեսություն։ Մայորը թփթփացրեց ուսիս։ Նրանք ոտքերի մատների վրա դուրս եկան։ Զգացի, որ շատ եմ հարբել, բայց և այնպես քնեցի։
Հաջորդ առավոտյան մեկնեցինք Միլան և ուղիղ քառասունութ ժամից տեղ հասանք։ Տհաճ ճամփորդություն էր։ Մեստրե չհասած, երկար կանգ առանք պահեստային ռելսերի վրա, և մի քանի երեխաներ մոտեցան ու նայեցին պատուհանից։ Տղաներից մեկին ուղարկեցի, որ կոնյակ բերի, բայց նա վերադարձավ ու ասաց, որ միայն գրապպա կա։ Ասացի, թող գրապպա լինի, ու երբ բերեց շիշը, մանրը թողեցի նրան։ Ես ու հարևանս մի լավ խմեցինք ու հարբեցինք և մինչև Վիչենցա քնով անցակացրինք։ Վիչենցայում արթնացա և հենց հատակի վրա էլ փսխեցի։ Դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետև հարևանս մի քանի անգամ արդեն փսխել էր հատակին։ Հետո մտածեցի, որ մեռնելու եմ ծարավից, և Վերոնայի կայարանում ձայն տվի մի զինվորի, որը ետ ու առաջ էր քայլում գնացքի առջև, ու նա ջուր բերեց ինձ համար։ Արթնացրի հարևանիս, Ժորժետիին, որը հարբել էր ինձ հետ, և ջուր առաջարկեցի։ Ասաց, որ ջուրը ուսերին թափեմ, ու նորից քուն մտավ։ Զինվորը փող չվերցրեց և մսոտ մի նարինջ տվեց ինձ։ Ծծում էի նարինջը, թքում կեղևները և դիտում, թե ինչպես էր զինվորը ետ ու առաջ քայլում դիմացի բեռնատար գնացքի առջև։ Քիչ անց գնացքը ցնցվեց ու շարժվեց։
<references />