====Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում====
[[Պատկեր:A Knife in the Dark.jpg|300px|thumb|right]]
Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Լեռնամոտի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում. խավարի հետ սառը մառախուղ: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբնոցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, որ ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց: