― Երեկոյան կգա։
==Գլուխ 15==
Մինչև երեկո ոչինչ չպատահեց։ Բժիշկը լռակյաց, նիհար մարդ էր, որին ինչպես երևում է, պատերազմը շատ գլխացավանք էր պատճառել։ Նրբակիրթ զզվանքով նա իմ ազդրից պողպատե մի քանի մանր բեկորներ հանեց։ Նա դիմեց տեղական անեստեզիայի օգնությանը, որը նաև կոչվում է «սառեցում» կամ դրա նման մի բան։ Անեստեզիան փայտացնում էր հյուսվածքները և վերացնում ցավը, մինչև որ վիրաչափը, վիրադանակը կամ նշտարը չանցնեին անզգայացած շերտից։ Կարելի էր շատ ճշգրիտ որոշել, թե որտեղ է այդ շերտը վերջանում, և շուտով բժշկի նրբազգացությունն սպառվեց, ու նա ասաց, որ ավելի լավ է ռենտգենի դիմել։ Վերաչափից բան դուրս չի գա, ասաց նա։
― Ռենտգենի կաբինետը գտնվում էր Ospedale Maggiore<ref>Գլխավոր հիվանդանոց (իտ․)։</ref>֊ում, և այնտեղի բժիշկը աղմկոտ, ուրախ և հմուտ մարդ էր։ Ռենտգեն նկարահանման ժամանակ հիվանդի թևրից էին բռնում, այնպես որ էկրանի վրա նա կարող էր ամենամեծ օտար մարմինները տեսնել։ Լուսանկարը հետո պիտի ուղարկեին։ Բժիշկը խնդրեց, որ իր ծոցատետրում գրեմ ազգանունս, գնդի անունը, համարը և որևէ բան՝ հիշատակի համար։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր օտար մարմին այլանդակ, գարշելի և վայրենի բան է։ Ավստրիացիները շան ծնունդ են։ Քանիսի՞ն եմ սպանել։ Ոչ ոքի չէի սպանել, բայց շատ էի ուզում նրան հաճույք պատճառել, դրա համար էլ ասացի անթիվ, անհամար։ Միսս Գեյջն ինձ հետ էր։ Բժիշկը գրկեց նրա մեջքը և ասաց, որ նա Կլեոպատրայից էլ գեղեցիկ է։ Հասկանալի՞ է։ Կլեոպատրան եգիպտական նախկին թագուհի է։ Աստված վկա, ավելի գեղեցիկ է։ Սանիտարական մեքենայով վերադարձանք հիվանդանոց և որոշ ժամանակ անց, մի պատգարակից մյուսը տեղափոխելով, ինձ վերջապես տեղ հասցրին ու դրեցին անկողինս։ Ճաշից հետո բերեցին ռենտգենի լուսանկարները։ Բժիշկը խոստացել էր, որ, աստված վկա, ճաշից հետո կուղարկի դրանք և, ահա, կատարել էր խոստումը։ Կետրին Բարկլին լուսանկարները հանեց կարմիր ծրարներից, ցույց տվեց ինձ, ու մենք նայեցինք լույսի տակ։
― Սա աջ ոտքն է, ― ասաց նա, ու լուսանկարը դրեց ծրարի մեջ։ ― Իսկ սա՝ ձախը։
― Մի կողմ գցիր, ― ասացի ես, ― և ինձ մոտ արի։
― Չեմ կարող, ― ասաց նա։ ― Ես միայն մի րոպեով եմ եկել, որպեսզի նկարները ցույց տամ։
Նա գնաց, ու ես մենակ մնացի։ Շոգ էր, իսկ անկողնում պառկելը՝ ձանձրալի։ Դռնապանին խնդրեցի գնալ և թերթ գնել, բոլո՛ր թերթերը, ինչ որ պատահեր։
Մինչ նա կվերադառնար, երեք բժիշկ մտան սենյակ։ Նկատել եմ, որ փորձառություն չունեցող բժիշկները, հակված են միմյանց օգնության դիմելու և խորհրդակցելու։ Եթե որևէ բժիշկ անկարող է կույր աղիքի հասարակ վիրահատություն անել, քեզ անպայման կուղարկի մեկ ուրիշի մոտ, որը նշագեղձ անգամ չի կարող հեռացնել։ Այս բժիշկներն էլ այդպիսին էին։
― Ահա մեր երիտասարդը, ― ասաց հիվանդանոցի նրբակիրթ շարժումներով բժիշկը։
Երրորդը, որ բռնել էր կարմիր ծրարների մեջ դրված ռենտգենի լուսանկարները, ոչինչ չասաց։
― Հանե՞նք վիրակապերը, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։
― Անշուշտ։ Խնդում ենք հանեք վիրակապերը, ― հիվանդանոցի բժիշկն ասաց միսս Գեյջին։
Միսս Գեյջը հանեց վիրակապերը։ Նայեցի ոտքերիս։ Դաշտային հոսպիտալում ոտքերս նման էին ոչ այնքան թարմ խորոված երշիկի։ Հիմա մաշկի վրա կեղև էր պատել, ծունկս ուռել էր ու գունազրկվել, սրնքամիսս՝ կակղել, բայց թարախ չէր գալիս։
― Շատ մաքուր է, ― ասաց հիվանդանոցի բժիշկը, ― լավ է, շատ մաքուր է։
― Հըմ, ― ասաց մորուքավոր բժիշկը։
Երրորդը նայում էր հիվանդանոցի բժշկի ուսի վրայից։
― Խնդրում եմ ծալեք ծունկը, ― ասաց մորուքավորը։
― Չեմ կարող։
― Չստուգե՞նք՝ հոդերն ինչպես են գործում, ― հարցրեց մորուքավոր բժիշկը։ Թևի վրա, բացի երեք աստղից, մի երիզ էլ կար։ Դա նշանակում է, որ կապիտանի կոչում ուներ։
― Անշուշտ, ― ասաց հիվանդանոցի բժիշկը։
Երկուսով զգուշությամբ բռնեցին աջ ոտքս ու սկսեցին ծալել։
― Ցավում է, ― ասացի ես։
― Ըհը, ըհը։ Մի քիչ էլ բժիշկ։
― Բավական է։ Էլ չի ծալվի, ― ասացի ես։
― Ուրեմն, հոդերը լրիվ չեն գործում, ― ասաց մորուքավորը և ուղղեց մարմինը։ ― Բժիշկ, կարելի՞ է լուսանկարները նորից նայել։
Երրորդ բժիշկը կարմիր ծրարներից մեկը տվեց նրան։
― Ոչ։ Խնդրում եմ ձախ ոտքը։
― Ձախն է, բժիշկ։
― Ճիշտ է, ճիշտ է։ Ուրիշ կողմից էի նայում։ ― Վերադարձրեց լուսանկարը։ Իսկ մյուսը մի քանի րոպե զննեց։ ― Տեսնո՞ւմ եք, բժիշկ։ ― Ցույց տվեց օտար մարմիններից մեկը, որը լույսի տակ երևում էր պարզ ու որոշակի։
Նրանք ևս մի քանի րոպե զննեցին լուսանկարը։
― Կարող եմ միայն մի բան ասել, ― ասաց կապիտանի աստիճանով մորուքավոր բժիշկը։ ― Ժամանակի հարց է սա։ Երեք ամիս, գուցե և վեց։
― Անկասկած։ Չէ՞ որ ձուսպային հեղուկը պետք է նորից հավաքվի։
― Անկասկած։ Ժամանակի հարց է։ Խղճիս դեմ գործած կլինեի, եթե մինչ բեկորի շուրջ թաղանթ կազմելը, ծունկը վիրահատեի։
― Լիովին բաժանում եմ ձեր կարծիքը, բժիշկ։
― Ինչի՞ համար վեց ամիս, ― հարցրի ես։
― Որպեսզի բեկորի շուրջը թաղանթ կազմվի և հնարավոր լինի անվտանգ վիրահատել ծունկը։
― Չեմ հավատում դրան, ― ասացի ես։
― Երիտասարդ, դուք ուզո՞ւմ եք ձեր ոտքը պահպանել։
― Ոչ, ― ասացի ես։
― Ի՞նչ։
― Ուզում եմ, որ կտրեք ոտքս, ― ասացի ես, ― այնպես որ հնարավոր լինի կեռիկ ամրացնել։
― Ի՞նչ եք ուզում ասել։ Կեռի՞կ։
― Կատակ է անում, ― ասաց հիվանդանոցի բժիշկը և նրբավարի թփթփացրեց ուսիս։ ― Նա ուզում է պահպանել ոտքը։ Շատ խիզախ երիտասարդ է։ Խիզախության համար արծաթե մեդալի է ներկայացված։
― Ի սրտե շնորհավորում եմ, ― ասաց մորուքավորը և սեղմեց ձեռքս։ ― Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի անվտանգ կլինի, եթե գոնե վեց ամիս սպասենք, հետո վիրահատության գնաք։ Ինչ խոսք, որ դուք կարող եք այլ կարծիքի լինել։
― Շնորհակալ եմ, ― ասացի ես։ ― Ինձ համար թանկ է ձեր կարծիքը։
Մորուքավորը նայեց ժամացույցին։
― Պետք է գնալ, ― ասաց նա։ ― Հաջողություն եմ ցանկանում։
― Ձեզ էլ հաջողություն և շնորհակալություն, ― ասացի ես։
Սեղմեցի երրորդ բժշկի ձեռքը։ Capitano Varini ― tenente Enry, ու նրանք դուրս եկան սենյակից։
― Միսս Գեյջ, ― կանչեցի ես։ Նա ներս մտավ։ ― Խնդրում եմ, մի րոպեով հրավիրեք բժշկին։
Բժիշկը եկավ և, գլխարկը ձեռքին, կանգնեց մահճակալի մոտ։
― Խնդրել եք կանչե՞լ ինձ։
― Այո։ Ես չեմ կարող վեց ամիս վիրահատության սպասել։ Աստված իմ, պատահե՞լ է, որ վեց ամիս պառկեք անկողնում։
― Ինչո՞ւ անկողնում։ Սկզբում վերքերը պետք է արևի տակ պահել։ Իսկ հետո արդեն կարող եք հենակներով քայլել։
― Վեց ամիս և նոր միայն վիրահատությո՞ւն։
― Դա միակ ապահով ելքն է։ Պետք է սպասել, մինչև որ օտար մարմինների շուրջը թաղանթ գոյանա և ձուսպային հեղուկը կրկին հավաքվի։ Միայն դրանից հետո կարելի է հանգիստ վիրահատել։
― Իսկ դուք վստա՞հ եք, որ պետք է այդքան երկար սպասել։
― Դա միակ ապահով ելքն է։
― Ո՞վ էր կապիտանի աստիճանով բժիշկը։
― Միլանի հայտնի վիրաբույժներից մեկն է։
― Կապիտան է, չէ՞։
― Այո, բայց շատ լավ բիրաբույժ է։
― Չեմ ուզում, որ ինչ֊որ կապիտան քչփորի ոտքս։ Եթե իսկապես լավ վիրաբույժ է, մայոր կդառնար։ Գիտեմ, թե կապիտանն ինչ արժե, բժիշկ։
― Շատ լավ վիրաբույժ է, ու ես նրա կարծիքի հետ ավելի եմ հաշվի նստում, քան ուրիշ որևէ մեկի։
― Հնարավո՞ր է ուրիշ վիրաբույժի կանչել։
― Եթե ուզում եք, իհարկե։ Բայց ձեր տեղը լինեի, կհետևեի բժիշկ Վարելլայի խորհրդին։
― Կարո՞ղ եք ուրիշ վիրաբույժ հրավիրել։
― Կարելի է Վալենտինիին հրավիրել։
― Ո՞վ է Վալենտինին։
― Ospedale Maggiore-ի վիրաբույժներից է։
― Լավ։ Շատ երախտապարտ կլինեմ ձեզ։ Հասկանում եք, բժիշկ, չեմ կարող վեց ամիս անկողնին գամվել։
― Ինչո՞ւ անկողնին։ Սկզբում արևի լոգանք կընդունեք։ Հետո կանցնեք թեթև վարժությունների։ Իսկ երբ թաղանթ գոյանա, կվիրահատենք։
― Բայց չեմ կարող վեց ամիս սպասել։
Բժիշկը նրբակիրթ շարժումներով շոյեց գլխարկը ու ժպտաց։
― Այդքան շտապո՞ւմ եք ճակատ վերադառնալ։
― Իսկ ինչո՞ւ ոչ։
― Հիանալի է, ― ասաց նա։ ― Ազնիվ երիտասարդ եք։ ― Կռացավ ու շատ նրբավարի համբուրեց ճակատս։ ― Կկանչեմ Վալենտինիին։ Մի անհանգստացեք և մի հուզվեք։ Խելոք մնացեք։
― Ուզո՞ւմ եք խմել, ― հարցրի ես։
― Շնորհակալություն։ Չեմ խմում։
― Գոնե մի բաժակ։
Զանգեցի, որպեսզի դռնապանը բաժակ բերի։
― Ոչ, ոչ, շնորհակալություն։ Ինձ սպասում են։
― Ցտեսություն, ― ասացի ես։
― Ցտեսություն։
Երկու ժամից սենյակ մտավ բժիշկ Վալենտինին։ Շատ էր շտապում, և բեղի ծայրերը ցցվել էին։ Մայորի աստիճան ուներ, դեմքն արևակեզ էր, և նա անընդհատ ծիծաղում էր։
― Էս ո՞նց եք հաջողեցրել, ― հարցրեց նա։ ― Ապա տվեք լուսանկարները։ Ըհը։ Ա՜յ թե ինչ։ Երևում է, որ ցուլի պես առողջ եք։ Ո՞վ է այս գեղեցիկ աղջիկը։ Ձեր սիրուհի՞ն։ Այդպես էլ գիտեի։ Գարշելի բան է պատերազմը։ Այստեղ ցավո՞ւմ է։ Ապրեք։ Կկարկատենք, կնորոգենք։ Իսկ այստե՞ղ։ Ցավո՞ւմ է։ Այն էլ ինչպե՜ս։ Այս բժիշկ կոչվածները ինչքան են սիրում ցավ պատճառել։ Իսկ մինչև հիմա ի՞նչ բուժում եք ստացել։ Այս աղջիկն իտալերեն գիտե՞։ Պետք է սովորեցնել։ Հոյակապ աղջիկ է։ Օրինակ, ես հաճույքով կսովորեցնեի։ Հենց այս հիվանդանոցում էլ կպառկեմ։ Չէ, ավելի լավ է նրա բոլոր ծննդաբերությունների ժամանակ ձրի մանկաբարձ լինել։ Հասկանո՞ւմ է, թե ինչ եմ ասում։ Նա ձեզ համար մի լավ տղա կբերի։ Իր նման շիկահեր։ Այսպես, լավ է։ Շատ լավ է։ Հոյակապ աղջիկ է։ Հարցրեք, չի՞ համաձայնի ինձ հետ ընթրել։ Չէ, ես չեմ ուզում նրան ձեզնից խլել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, միսս։ Այսքան բան էի ուզում իմանալ։ ― Նա թփթփացրեց ուսիս։ ― Վիրակապերը հանեք, պետք չեն։
― Ուզում ե՞ք խմել, դոկտոր Վալենտին։
― Խմե՞լ։ Անշուշտ։ Տասը բաժակ էլ կխմեմ։ Իսկ ո՞ւր են բաժակները։
― Պահարանում են։ Միսս Բարկլին հիմա կբերի շիշը։
― Ձեր կենացը։ Ձեր կենացը, միսս։ Ի՜նչ հոյակապ աղջիկ է։ Ես ձեզ ավելի լավ գինի կբերեմ։ ― Նա սրբեց բեղերը։
― Ինչ եք կարծում, ե՞րբ կարելի է վիրահատել։
― Վաղը առավոտյան։ Ավելի շուտ չի լինի։ Պետք է մաքրել ստամոքսը։ Ամեն ինչ մաքրել, բան չթողնել։ Հիմա պառավի մոտ, կիջնեմ, կարգադրություն կանեմ։ Ցտեսություն։ Վաղը կհանդիպենք։ Ես ձեզ սրանից լավ գինի կբերեմ։ Շատ հաճելի է ձեզ մոտ։ Ցտեսություն։ Մինչև վաղը։ Լավ քնեք։ Ես շուտ կգամ։
Դռան միջից ձեռքով արեց ինձ, բեղերը ցցվել էին, թուխ դեմքը անընդհատ ժպտում էր։ Թևի վրա եզրապատված մի աստղ կար, որովհետև նա մայոր էր։