== Գլուխ 6 ==
Երկու օրով գնացի պահակետերը շրջելու։ Երբ տուն վերադարձա, արդեն շատ ուշ էր, և միայն հաջորդ երեկոյան կարողացա հանդիպել միսս Բարկլիին։ Նա պարտեզում չէր, ու ես ստիպված եղա հիվանդանոցի գրասենյակում սպասել, մինչև նա իջներ։ Գրասենյակի պատերի երկարությամբ, փայտե ներկված պատվանդանների վրա, շարված էին մեծ թվով մարմարե կիսանդրիներ։ Նախասրահում՝ նույնպես։ Ընդհանրապես մարմարն այնպիսի յուրահատկություն ունի, որ բոլոր կիսանդրիները նման են լինում իրար։ Քանդակագործությունը միշտ էլ ձանձրալի զբաղմունք է թվացելինձ։ Գուցե միայն բրոնզն է, որ դեռեւս բանի նման է։ Իսկ մարմարե կիսանդրիները գերեզմանատուն են հիշեցնում։ Թեեւ Պիզայում մի շատ գեղեցիկ գերեզմանատուն կա։ Մարմարե ամենավատ կիսանդրիները Ջենովայում են։ Առաջ սա եղել էր մի մեծահարուստ գերմանացու առանձնատունը եւ, ըստ երեւույթին, մարմարե կիսանդրիները բավական թանկ են նստել տիրոջ վրա։ Հետաքրքիր է, թե ով էր քանդակագործը եւ ինչքան էր ստացել այդ աշխատանքի համար։ Փորձում էի որոշել՝ նո՞ւյն ընտանիքի անդամներ էին նրանք, թե ոչ։ Բայց բոլորն էլ միանման էին եւ դասական տեսք ունեին։ Հնարավոր չէր որոշակի որեւէ բան ասել նրանց մասին։
<< պակասող երկու էջ >>Ես նստել էի աթոռին եւ բռնել գլխարկս։ Սահմանված էր, որ նույնիսկ Գորիցիայում մենք պետք է պողպատե սաղավարտներ կրեինք, բայց դրանք անհարմար էին ու շատ թատերական, հատկապես մի քաղաքում, որի բնակիչները չէին էվակուացված։ Ես սաղավարտ էի հագնում միայն պահակետերն ստուգելիս եւ ինձ հետ էի վերցնում նաեւ անգլիական հակագազը, որ վերջերս էինք ստացել։ Դրանք իսկական դիմակներ էին։ Մենք պարտավոր էինք կրել նաեւ ավտոմատ ատրճանակ, նույնիսկ՝ բժիշկներն ու սանիտարական զորամասի սպաները։ Աթոռին հենվելիս զգում էի ատրճանակը։ Եթե առանց դրա փողոց դուրս գայիր, անպայման կձերբակալեին։ Ռինալդին, ատրճանակի փոխարեն, զուգարանի թուղթ էր խցկում պատյանի մեջ։ Ես իսկական ատրճանակ էի կրում եւ անընդհատ զինված էի զգում ինձ, մինչեւ որ առիթ եղավ օգտագործել այն։ «Աստրա» տիպի, 7.65 տրամաչափի, կարճ փողով մի հրացան էր դա։ Կրակելիս այնպես էր ցնցվում, որ խոսք անգամ չէր կարող լինել ճիշտ նշանառության մասին։ Զինավարժության ժամանակ նշան էի բռնում թիրախի տակ եւ փորձում էի այնպես անել, որ այդ կարճ ու անհեթեթ փողը չդողդողար, մինչեւ որ վերջապես կարողացա քսան քայլից մեկ յարդի սահմաններում խոցել նշանակետը, եւ դրանից հետո գլխի ընկա, թե ինչքան անհեթեթ բան էր ատրճանակ կրելն ու շուտով մոռացա նրա գոյությունը, ատրճանակը ճոճվում էր գոտկատեղից կախված, իսկ ես ոչինչ չէի զգում, ու միայն երբեմն, անգլիացիների կամ ամերիկացիների հանդիպելիս, մի թեթեւ ամաչում։ Եվ ահա հիմա, աթոռին նստած, ես դիտում էի մարմարե հատակը, մարմարե կիսանդրիներով պատվանդանները, պատերի որմնանկարները եւ սպասում միսս Բարկլիին, իսկ գրասենյակի հերթապահը անբարեհաճ հայացքով ինձ էր նայում իր բարձր սեղանի ետեւից։ Որմնանկարները վատ չէին։ Ընդհանրապես որմնանկարները լավ են լինում, երբ նրանց ներկն սկսում է ճաքճքել ու թափվել։ Տեսնելով, որ Կետրին Բարկլին նախասրահ մտավ, ես վեր կացա։ Մոտենալիս նա այնքան էլ բարձրահասակ չէր երեւում, բայց շատ գեղեցիկ էր։ — Բարի երեկո, միստր Հենրի,— ասաց նա։ — Բարի երեկո,— ասացի ես։ Հերթապահն ականջ էր դրել մեզ։ — Այստե՞ղ նստենք, թե պարտեզ դուրս գանք։ — Եկեք դուրս գանք։ Պարտեզում ավելի զով է։ Ես նրա ետեւից քայլեցի մինչեւ դուռը, իսկ հերթապահը հայացքով անընդհատ հետեւում էր մեզ։ Պարտեզում, խճաքարերով ծածկված արահետի վրա, նա հարցրեց ինձ․ — Ո՞ւր էիք գնացել։ — Գնացել էի պահակետերը։ — Իսկ չէի՞ք կարող մի երկտող ուղարկել։ — Ոչ, ասացի ես։— Չստացվեց։ Կարծում էի, թե նույն օրը կվերադառնամ։ — Բայց սիրելիս, դուք պարտավոր էիք ինձ մի կերպ իմաց տալ։ Մենք դուրս եկանք արահետից եւ հիմա քայլում էինք ծառերի տակ։ Ես բռնեցի նրա ձեռքը, կանգ առա ու համբուրեցի նրան։ — Չե՞նք կարող որեւէ տեղ գնալ։ — Ոչ,— ասաց նա։— Կարող ենք միայն այստեղ զբոսնել։ Դուք երկար բացակայեցիք։ — Այսօր երրորդ օրն է։ Բայց հիմա ես վերադարձել եմ։ Նա նայեց ինձ։ — Եվ դուք ինձ սիրո՞ւմ եք։ — Այո։ — Ասացիք, որ սիրում եք, այնպես չէ՞։ — Այո,— ստեցի ես։— Սիրում եմ ձեզ։ Առաջ այդպիսի բան երբեք չէի ասել։ — Եվ դուք ինձ Կետրի՞ն կկոչեք։ — Կետրին։
Մի քիչ էլ քայլեցինք ու կանգ առանք մի ծառի տակ։