Changes

Հրաժեշտ զենքին

Ավելացվել է 24 684 բայտ, 16:21, 19 Մայիսի 2016
/* Գլուխ 27 */
― Առանձնապես մի բան չէ, ― ասաց Այմոն։
 
 
==Գլուխ 28==
 
 
Երբ Գորիցիայից դուրս էինք գալիս, քաղաքն անձրևի տակ մութ էր ու դատարկ, միայն զորասյուներն ու թնդանոթներն էին անցնում գլխավոր փողոցով։ Իսկ բեռնատար մեքենաներն ու սայլակառքերը գնում էին ուրիշ փողոցներով ու միանում խճուղու վրա։ Անցանք աղաղարանն ու դուրս եկանք խճուղի, որտեղ լայն շարասյունով դանդաղ շարժվում էին զինվորները, բեռնատար մեքենաները, ձիերով լծված սայլակառքերն ու թնադանոթները։ Դանդաղ, բայց առանց դադարի, մենք գնում էինք անձրևի տակ և ռադիատորով գրեթե կպչում էինք թաց բրեզենտով ծածկված ու բեռնավորված մեքենայի ետնամասին։ Հանկարծ բեռնատարը կանգ առավ։ Շարասյունը ևս կանգնեց։ Հետո մեքենան շարժվեց, մենք էլ մի փոքր առաջ անցնաք և նորից կանգ առանք։ Ես իջա խցիկից և, անցնելով բեռնատարների, սայլակառքերի ու ձիերի թաց վզերի արանքներով, առաջ գնացի։ Խցանում էր գոյացել։ Դուրս եկա ճանապարհից, փայտե կամրջակով անցա առուն ու քայլեցի դաշտով։ Փոքր֊ինչ հեռանալուց հետո, ծառերի արանքներից անընդհատ տեսնում էի անձրևի տակ անշարժ կանգնած շարասյունը։ Մոտ մեկ մղոն քայլեցի։ Շարասյունը չէր շարժվում, թեև մեքենաների ետևից երևում էր, թե ինչպես էին զինվորներն առաջ քայլում։ Վերադարձա նույն ճանպարհով։ Գուցե խցանումը հենց Ուդինի մոտ էր գոյացել։ Պիանին քնել էր ղեկի վրա։ Նստեցի կողքին ու ես էլ քնեցի։ Մի քանի ժամ անց լսեցի դիմացի բեռնատարի մոտորի աղմուկը։ Արթնացրի Պիանիին, ու մենք ճամփա ընկանք, մերթ մի քանի յարդ գնալով, մերթ կանգնելով, մերթ նորից շարժվելով։ Անձրև էր գալիս դեռ։
 
Գիշերը շարասյունը նորից կանգ առավ ու այդպես էլ մնաց։ Իջա ու գնացի Բոնելլոյին ու Այմոյին տեսնելու։ Բոնելլոի կողքին նստել էին սերժանտի կոչումով երկու ինժեներ։ Երբ մոտեցա, նրանք ձգվեցին։
 
― Սրանք մնացել են, որ երկու կամուրջ վերանորոգեն, ― ասաց Բոնելլոն։ ― Իսկ հիմա չեն կարողանում իրենց զորամասը գտնել։ Դրա համար էլ թողեցի, որ նստեն։
 
― Եթե պարոն լեյտենանտը թույլ տա։
 
― Թույլ եմ տալիս, ― ասացի ես։
 
― Լեյտենանտն ամերիկացի է, ― ասաց Բոնելլոն։ ― Նա բոլորին էլ թույլ կտա։
 
Սերժանտներից մեկը ժպտաց։ Մյուսը հարցրեց Բոնելլոյին՝ հյուսիսամերիկյա՞ն, թե՞ հարավամերիկյան իտալացի եմ ես։
 
― Նա իտալացի չէ։ Հյուսիսային ամերիկայի անգլիացիներից է։
 
Սերժանտները քաղաքավարությամբ լռեցին, բայց չհավատացին։ Ես նրանց թողեցի ու գնացի Այմոյի մոտ։ Նրա կողքին երկու աղջիկներ էին նստած, իսկ նա, անկյունին հենված, ծխում էր։
 
― Բարտ, Բարտո, ― ասացի ես։
 
Նա ծիծաղեց։
 
― Խոսեք հետները, tenente, ― ասաց նա։ ― Ես նրանց չեմ հասկանում։ Հե՛յ։ ― Նա ձեռքը դրեց աղջիկներից մեկի ազդրին ու բարեկամաբար սեղմեց։ Աղջիկը ավելի ամուր փաթաթեց շալը ու հեռացրեց նրա ձեռքը։ ― Հե՛յ, ― ասաց Այմոն։ ― Tenente, հարցրեք՝ դրա անունն ի՞նչ է և ի՞նչ է անում այստեղ։
 
Աղջիկը կատաղի հայացքով նայեց ինձ։ Մյուսը խոնարհել էր աչքերը։ Նա, ով ինձ էր նայում, բարբառով ինչ֊որ բան ասաց, բայց ես ոչինչ չհասկացա։ Նա թմփլիկ էր, թուխ, մոտ տասնվեց տարեկան։
 
― Sorella?,<ref>Քո՞ւյրդ է (իտ․)։</ref> ― հարցրի ես, ցույց տալով մյուս աղջկան։
 
Նա գլխով արեց ու ժպտաց։
 
― Դե լավ, ― ասացի ես ու թփթփացրի նրա ծնկին։
 
Զգացի, թե նա ինչպես կուչ եկավ, երբ կպա նրան։ Քույրը, առաջվա պես խոնարհել էր աչքերը։ Մոտ մի տարով փոքր էր երևում մյուսից։ Այմոն նորից ձեռքը դրեց մեծ քրոջ ազդրին, ու նա հեռացրեց այն։ Այմոն ծիծաղեց։
 
― Լավ մարդ։ ― Նա ցույց տվեց իրեն։ ― Լավ մարդ։ ― Ցույց տվեց ինձ։ ― Մի վախեցեք։
 
Աղջիկը կատաղի հայացքով էր նրան նայում։ Նրանք նման էին երկու վայրի թռչունների։
 
― Ինչո՞ւ նստեց, եթե ինձ չէր հավատում, ― հարցրեց Այմոն։ ― Հենց որ ձեռքով կանչեցի, եկան նստեցին։ ― Նա դարձավ աղջկան։ ― Մի վախենա, ― ասաց նա։ ― Քեզ ոչ ոք․․․ ու մի կոպիտ խոսք ասաց։ ― Տեղ չկա, որ․․․ ― նկատեցի, որ նա միայն այդ բառը հասկացավ և ուրիշ ոչինչ։ Աչքերում խոր վախ կար։ Նա ավելի ամուր փաթաթվեց շալով։ ― Մեքենան լիքն է, ― ասաց Այմոն։ ― Քեզ ոչ ոք․․․ Տեղ էլ չկա որ․․․
 
Ամեն անգամ, այդ բառը լսելիս, աղջիկը կծկվում էր։ Հետո, այդպես կծկվելով ու շարունակելով նրան նայել, աղջիկը լաց եղավ։ Տեսա, թե ինչպես շրթունքները դողացին, և արցունքները հոսեցին գիրուկ այտերից։ Քույրը, առանց աչքերը բարձրացնելու, բռնեց նրա ձեռքն, ու նրանք այդպես նստեցին։ Մեծ քույրը, որն այդքան կատաղի էր մի քիչ առաջ, հիմա բարձրաձայն հեկեկում էր։
 
― Երևի վախեցրի, ― ասաց Այմոն։ ― Ես չէի ուզում նրան վախցնել։
 
― Բարտոլոմեոն հանեց իր զինվորական պարկը ու երկու կտոր պանիր կտրեց։
 
― Վերցրու, ― ասաց նա, ― մի լացիր։
 
Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը և շարունակեց արտասվել, բայց փոքրը վերցրեց պանիրն ու սկսեց ուտել։ Քիչ անց երկրորդ կտորը տվեց քրոջը, ու նրանք լուռ կերան։ Մեծ քույրը դեռ մերթ ընդ մերթ հեծկլտում էր։
 
― Ոչինչ, շուտով կհանգստանա, ― ասաց Այմոն։
 
Հանկարծ մի միտք հղացավ։
 
― Կո՞ւյս ես, ― հարցրեց նա իր կողքինին։ Աղջիկը եռանդով գլխով արեց։ ― Դո՞ւ էլ ես կույս, ― Այմոն ցույց տվեց մյուս քրոջը։ Երկուսն էլ գլխով արեցին, ու մեծն ինչ֊որ բան ասաց բարբառով։
 
― Դե լավ, լավ, ― ասաց Բարտոլոմեոն։ ― Լավ։
 
Աղջիկները կարծես մի քիչ քաջալերվեցին։
 
Ես նրանց թողեցի Այոմոյի հետ, որը նստել էր անկյունին հենված, ու վերադարձա Պիանիի մոտ։ Տրանսպորտի շարասյունը անշարժ կանգնած էր, բայց կողքերից անընդհատ զինվորներ էին անցնում։ Դեռ անձրև էր գալիս, ու ես մտածում էի, թե երբեմն երթևեկության խցանման պատճառը երևի այն էր, որ մեքենաների լարերը հաճախ թրջվում էին։ Կամ, ավելի ճիշտ՝ ձիերն ու մարդիկ քնում էին ճանապարհին։ Բայց չէ՞ որ խցանումներ են լինում նաև քաղաքում, ուր բոլորն էլ արթուն են։ Բանն այն է, որ այստեղ պատճառը թե մեկն էր, թե մյուսը։ Այս համակցությունը չէր կարող օգուտ տալ։ Գյուղական սայլերից ընդհանրապես օգուտ չկա։ Սքանչելի էին Բարտոյի աղջիկները։ Նահանջը կույս աղջիկների համար չի ստեղծված։ Իսկական կույս աղջիկներ։ Գուցե նաև շատ կրոնասեր։ Եթե պատերազմ չլիներ, երևի բոլորս էլ հիմա անկողնում պառկած լինեինք։ Գլուխս նորից կդնեմ իմ անկողնուն։ Ամուսնական կյանք։ Փայտե մահճակալի պես կարծր։ Կետրինը հիմա անկողնում է, երկու սավանով, մեկը տակը, մեկը վրան։ Ո՞ր կողքին է արդյոք քնած։ Գուցե չի քնած, գուցե, պառկած իմ մասի՞ն է մտածում։ Փչի՛ր, փչի՛ր, արևմտյան քամի։ Ահա և փչեց, ու ամպերից ոչ թե քիչ, այլ շատ անձրև տեղաց։ Ամբողջ գիշերն անձրև տեղաց։ Դու գիտեիր, որ ամբողջ գիշերն անձրև էր տեղալու։ Տես ինչպե՜ս է թափվում։ Աստված իմ, հիմա բազուկներիս մեջ լիներ սերս, իսկ ես՝ նորից լինեի իմ անկողնում։ Ե՞րբ, ե՞րբ, իմ լավ Կետրին։ Իմ սերը, իմ Կետրինն էլ թող գա անձրևի հետ։ Քամի, բե՛ր իմ Կետրինին։ Եվ ահա մենք էլ ընկանք քամու բերանը։ Բոլոլո՛րն էլ ընկան։ Անձրևը չի՛ մեղմացնի, չի կանգնեցնի նրան։ Բարի գիշեր, Կետրին, բարձրաձայն ասացի ես։ Անուշ քուն մտիր։ Եթե այսպես շատ անհարմար է, մյուս կողմ շրջվիր, սիրելիս, ասացի ես։ Ես քեզ սառը ջուր կբերեմ։ Շուտով կլուսանա, և դու կհանգստանաս մի քիչ։ Վշտանում եմ, որ նա քեզ նեղություն է տալիս։ Փորձիր քնել, իմ լավ Կետրին։
 
Ես միշտ էլ քնած էի, ասաց նա։ Դու երազի մեջ էիր խոսում։ Չլինի՞ վատ ես զգում։
 
Դու իսկապե՞ս այստեղ ես։
 
Իհարկե չեմ հեռանա։ Միշտ այստեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ոչ մի նշանակություն չունի մեզ համար։
 
Դու այնքան լավն ես ու գեղեցիկ։ Գիշերը չես հեռանա ինձանից, այնպես չէ՞։
 
Իհարկե չեմ հեռանա։ Միշտ ասյտեղ եմ։ Երբ էլ որ կանչես, ես կգամ։
 
― Ախ ես քո․․․ ― ասաց Պիանին, ― գնացինք։
 
― Մի քիչ ննջեցի, ― ասացի ես։ Նայեցի ժամացույցին։ Առավոտվա երեքն էր։ Կռացա նստատեղի մեջքի վրա ու մի շիշ բարբերա վերցրի։
 
― Երազում խոսում էիք, ― ասաց Պիանին։
 
― Անգլերեն երազ էի տեսնում, ― ասացի ես։
 
Անձրևը մեղմացավ, ու մենք առաջ էինք շարժվում։ Լուսադեմին նորից կանգ առանք, իսկ երբ արդեն լրիվ լույս էր, պարզվեց, որ գտնվում էինք մի փոքրիկ բարձրունքի վրա, ու ես տեսա նահանջի ամբողջ ճանապարհը, որը ձգվում էր շատ հեռու, անշարժ մեքենաները, որոնց արանքներից միայն հետևակն էր մաղվում։ Նորից ճամփա ընկանք, բայց առավոտյան լույսի տակ արդեն կարելի էր որոշակի տեսնել, թե ինչ արագությամբ էինք շարժվում, ու ես հասկացա, որ եթե ուզում ենք երբևէ Ուդին հասնել, ապա հարկ կլինի դուրս գալ խճուղուց ու դաշտով գնալ։
 
Գիշերը միջգյուղյա ճանապարհներից մեծ թվով գյուղացիներ էին խառնվել շարասյանը, և հիմա շարասյան մեջ էին մտել նաև տնային իրերով բեռնավորված սայլերը․ ներքնակների միջև հայելիներ էին ցցված, հավեր և բադեր էին կապված ետևի ճաղերին։ Առջևից գնացող սայլի վրա կարի մի մեքենա կար, որ մնացել էր անձրևի տակ։ Ամեն մարդ փրկում էր իր ամենաթանկարժեք իրերը։ Կանանցից ոմանք նստել էին սայլերի վրա և, անձրևից պաշտպանվելու համար, ծածկել գլուխները, ոմանք էլ քայլում էին, աշխատելով հնարավորին չափ մոտ լինել սայլին։ Շարասյան մեջ շներ էլ կային, որոնք վազում էին սայլերի տակ թաքնված։ Խճուղին ցեխով էր ծածկվել, առուները հեղեղվել էին ջրից, և խճուղին եզրապատած ծառերից այն կողմ երևացող հողը շա՛տ էր թաց ու շա՛տ էր կպչուն, ու հազիվ թե հնարավոր լիներ դաշտի միջով գնալ։ Դուրս եկա մեքենայից, քայլեցի մի քիչ ու մի հարմար տեղ փնտրեցի, որպեսզի կարողանայի շուրջս դիտել ու դաշտամիջյան ճանապարհ գտնել։ Դաշտամիջյան շատ ճամփաներ կային, բայց վախենում էի՝ հանկարծ այնպիսի ճանապարհի վրա ընկնենք, որ ոչ մի տեղ էլ չտանի։ Խճուղով անցնելիս հաճախ էի տեսել այդ ճամփաները, բայց ոչ մեկն էլ չէի հիշում, որովհետև մեքենան արագ էր ընթանում, և բոլոր ճամփաներն էլ նման էին իրար։ Միայն մի բան գիտեի․ անհրաժեշտ էր գտնել մի ճանապարհ, որը մեզ տեղ հասցներ։ Հայտնի չէր, թե որտեղ էին հիմա ավստրիացիները և ընդհանրապես ինչպես էին գործերը, բայց վստահ էի, որ եթե անձրևը դադարեր ու շարասյան վերևում հանկարծ ինքնաթիռներ երևային, ամեն ինչ կորած էր։ Բավական էր, որ թեկուզ մի քանի մեքենա առանց վարորդի մնային կամ մի քանի ձիեր սպանվեին, և ճանապարհը լրիվ կխցանվեր։
 
Հիմա անձրևն այնքան էլ ուժեղ չէր գալիս, ու ես մտածում էի, թե երկինքը շուտով կբացվի։ Մի քիչ էլ քայլեցի, հասա մինչև ծառերով եզրապատված նեղ ճանապարհը, որ ընկած էր երկու դաշտերի միջև ու տանում էր դեպի հյուսիս։ Որոշեցի, որ հենց այդ ճամփով էլ կգնանք և արագ վերադարձա։ Ասացի Պիանիին, թե որտեղից պետք է շրջվել, հետո գնացի Բոնելլային ու Այմոյին զգուշացնելու։
 
― Եթե այս ճամփան մեզ ոչ մի տեղ չտանի, կարող ենք վերադառնալ և նորից միանալ շարասյանը, ― ասացի ես։
 
― Իսկ սրա՞նց ինչ անեմ, ― հարցեց Բոնելլոն։
 
Սերժանտները դեռ նստած էին կողքին։ Չէին սափրված, բայց նույնիսկ այդ վաղ ժամին զինվորական տեսք ունեին։
 
― Պետք կգան մեքենան հրելու համար, ― ասացի ես։
 
Մոտեցա Այմոյին և ասացի, որ փորձելու ենք դաշտամիջյան ճանապարհով գնալ։
 
― Իսկ իմ կույսերի ընտանի՞քը, ― հարցրեց Այմոն։
 
Աղջիկնեը քնած էին։
 
― Նրանցից օգուտ չկա, ― ասացի ես։ ― Պետք է այնպիսի մարդկանց վերցրած լինեիք, որ կարողանային մեքենա հրել։
 
― Թող թափքում նստեն, ― ասաց Այմոն։ ― Թափքում տեղ կա։
 
― Դե լավ, ինչպես ուզում եք, ― ասացի ես։ ― Բայց լայնաթիկունք մի մարդու ճարեք, որ հրի մեքենան։
 
― Բերսալյեր չվերցնե՞մ, ― ժպտաց Այմոն։ ― Նրանք են ամենալայնաթիկունքները։ Նախօրոք չափում են նրանց ուսերը։ Ինչպե՞ս եք, tenente.
 
― Լավ։ Իսկ դո՞ւք։
 
― Ես էլ լավ եմ։ Բայց շատ քաղցած եմ։
 
― Եթե ճամփին մի տեղ հասնենք, կիջնենք կուտենք։
 
― Ինչպե՞ս է ձեր ոտքը, tenente․
 
― Լավ է, ― ասացի ես։
 
Ոտնակին կանգնած, նայում էի առաջ ու տեսնում, թե ինչպես Պիանիի մեքենան անջատվեց շարասյունից ու շրջվեց դեպի դաշտամիջյան նեղ ճանապարհը ու սկսեց երբեմն երևալ մերկ ճյուղերի արանքից։ Բոնելլոն ևս հետևեց նրան, հետո նաև՝ Այմոն, ու հիմա մենք գնում էինք երկու կողմից ցանկապատված դաշտամիջյան նեղ ճանապարհով, սանիտարական մյուս մեքենաների ետևից։ Ճանապարհը տանում էր դեպի ագարակ։ Պիանիիի ու Բոնելլոյի մեքենաներն արդեն ագարակի բակում էին։ Ցածրիկ, երկարավուն մի տուն, դռան առջև՝ խաղողի վանդակահյուսք։ Բակում ջրհոր կար, և Պիանին ջուր էր վերցնում ռադիատորի համար։ Ջուրը երկար ճանապարհից ու դանդաղ ընթացքից եռացել էր։ Ագարակը լքված էր։ Ետ նայեցի։ Ագարակը գտնվում էր բարձրունքի վրա և այնտեղից երևում էր ամբողջ շրջապատը, և մենք տեսանք ճանապարհը, ցանկապատները, դաշտերը և խճուղին եզրապատած ծառերը, որոնց մեջտեղով գնում էր նահանջող շարասյունը։ Սերժանտները պրպտում էին տունը, ջրհորը, տան առջև կանգնած երեք վարորդներին։ Սերժանտներից մեկը, պատի մի ժամացույց բռնած, դուրս եկավ տնից։
 
― Ետ տարեք, ― ասացի ես։
 
Նա նայեց ինձ, տուն մտավ ու վերադարձավ առանց ժամացույցի։
 
― Որտե՞ղ է ձեր ընկերը, ― հարցրի ես։
 
― Զուգարան գնաց։
 
Նա նստեց մեքենայի խցիկը։ Վախենում էր, որ իրեն չենք տանի մեզ հետ։
 
― Չնախաճաշե՞նք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։ ― Գուցե մի բան ուտենք։ Երկար չի տևի։
 
― Ի՞նչ եք կարծում, այս ճանապարհը մեզ որևէ տեղ կհասցնի՞։
 
― Անպայման։
 
― Դե լավ։ Եկեք ուտենք։
 
Պիանին և Բոնելլոն տուն մտան։
 
― Գնանք, ― Այմոն ասաց աղջիկներին։
 
Նա մեկնեց ձեռքը, որպեսզի օգնի նրանց։ Մեծ քույրը բացասաբար շարժեց գլուխը։ Նրանք չեն մտնի այս դատարկ և լքված տունը։ Հիմա երկուսն էլ նայում էին մեր ետևից։
 
― Այ թե համար են, հա՜, ― ասաց Այմոն։
 
Ներս մտանք։ Մութ, ընդարձակ տուն էր և ինչ֊որ լքվածություն էր զգացվում։ Բոնելլոն և Պիանին խոհանոցում էին։
 
― Առանձնապես բան չկա ուտելու, ― ասաց Պիանին։ ― Ամեն ինչ մաքրել, տարել են։
 
Բոնելլոն խոհանոցի սեղանի վրա սպիտակ պանիր էր կտրատում։
― Որտեղի՞ց գտաք պանիրը։
 
― Մառանից։ Պիանին գինի ու խնձոր գտավ։
 
― Դե, ուրեմն, կարգին նախաճաշ ունենք։
 
Պիանին հանեց ծղոտապատ մեծ շշի խցանը։ Թեքեց շիշը ու լցրեց պնձյա շերեփը։
 
― Լավ հոտ ունի, ― ասաց նա։ ― Բաժակներ ճարիր, Բարտո։
 
Ներս մտան երկու սերժանտները։
 
― Պանիր վերցրեք, սերժանտներ, ― ասաց Բոնելլոն։
 
― Գնալու ժամանակն է, ― ասաց նրանցից մեկը, ուտելով պանիրն ու մի բաժակ գինի խմելով։
 
― Կգնանք։ Մի անհանգստացեք, ― ասաց Բոնելլոն։
 
― Բանակի փորը նրա ոտքերն են, ― ասացի ես։
 
― Ի՞նչ, ― հարցրեց սերժանտը։
 
― Ուտել է պետք։
 
― Այո։ Բայց թանկ է ժամանակը։
 
― Այս սրիկաները երևի արդեն կերել են, ― ասաց Պիանին։
 
Սերժանտները նայեցին նրան։ Նրանք ատում էին մեզ։
 
― Ճանապարհը գիտե՞ք, ― նրանցից մեկը հարցրեց ինձ։
 
― Ոչ, ― ասացի ես։
 
Նրանք իրար նայեցին։
 
― Ավելի լավ է հենց հիմա շարժվենք, ― ասաց առաջինը։
 
― Հիմա կշարժվենք, ― ասացի ես։
 
Մի բաժակ էլ կարմիր գինի խմեցի։ Պանրից ու խնձորից հետո գինին շատ համեղ թվաց։
 
― Վերցրեք պանիրը,― ասացի ես ու դուրս եկա։
 
Բոնելլոն, գինու շիշը ձեռքին, հետևեց ինձ։
 
― Շատ մեծ շիշ է, ― ասացի ես։
 
Նա ափսոսանքով ինձ նայեց։
 
― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Տափաշշերը տվեք։
 
Լցրեց տափաշշերը, ու քարե հատակին մի քիչ գինի թափվեց։ Նա վերցրեց շիշը ու դրեց հենց դռան առջև։
 
― Ավստիրացիները դուռը չեն ջարդի գինի գտնելու համար, ― ասաց նա։
 
― Պետք է ճամփա ընկնել, ― ասացի ես։ ― Ես ու Պիանին առջևից կգնանք։
 
Սերժանտներն արդեն նստել էին Բոնելլոյի կողքին։ Աղջիկները խնձոր ու պանիր էին ուտում։ Այմոն ծխում էր։ Նեղ ճանապարհով առաջ շարժվեցինք։ Նայեցի մյուս երկու մեքենաներին ու ագարակին։ Տունը գեղեցիկ էր, ցածրիկ և ամուր։ Ջրհորի երկաթե ճաղերը ևս շատ գեղեցիկ էին։ Առջևում նեղ ու ցեխոտ մի ճանապարհ էր, երկու կողմերին՝ բարձր ցանկապատներ։ Ետևից, պոչ֊պոչի կպած, գալիս էին մեր մեքենաները։
 
Ադմին, Վստահելի
1876
edits