Սերժանտներն արդեն նստել էին Բոնելլոյի կողքին։ Աղջիկները խնձոր ու պանիր էին ուտում։ Այմոն ծխում էր։ Նեղ ճանապարհով առաջ շարժվեցինք։ Նայեցի մյուս երկու մեքենաներին ու ագարակին։ Տունը գեղեցիկ էր, ցածրիկ և ամուր։ Ջրհորի երկաթե ճաղերը ևս շատ գեղեցիկ էին։ Առջևում նեղ ու ցեխոտ մի ճանապարհ էր, երկու կողմերին՝ բարձր ցանկապատներ։ Ետևից, պոչ֊պոչի կպած, գալիս էին մեր մեքենաները։
==Գլուխ 29==
Կեսօրին, մեր հաշվով՝ Ուդինից տասը կիլոմետր հեռու, մեքենան ցեխի մեջ խրվեց։ Անձրևն առավոտից արդեն դադարել էր, ու մենք երեք անգամ լսել էինք մոտեցող ինքնաթիռների աղմուկը, տեսել, թե ինչպես էին թռչում գլխավերևում, հետևել, թե ինչպես էին հեռանում դեպի ձախ ու լսել խճուղու վրա թափվող ռումբերի դղրդյունը։ Մենք խճճվել էինք դաշտամիջյան ճամփաների ցանցում և հաճախ էինք հայտնվել այնպիսի ճանապարհների վրա, որոնք փակուղի էին տանում, սակայն մենք միշտ վերադառնում էինք, ուրիշ ճամփա փնտրում և այդպես հետզհետե մոտեցանք Ուդինին։ Բայց հիմա Այմոյի մեքենան, փակուղուց ետընթաց շարժում կատարելիս, խրվել էր փխրուն հողի մեջ, և անիվները, անընդհատ տեղապտույտ տալով, ավելի ու ավելի խորն էին թաղվում ցեխի մեջ, մինչև որ մեքենայի դիֆերենցիալը կպավ հողին։ Հիմա անհրաժեշտ էր առջևից փորել անիվների տակ, ճյուղեր լցնել, մինչև որ մեքենան ճանապարհ դուրս գար։ Մենք կանգնել էինք մեքենայի շուրջը։ Սերժանտները մոտեցան ու զննեցին անիվները։ Հետո շուռ եկան ու, առանց որևէ բառ ասելու, քայլեցին ճանապարհով։ Ես գնացի նրանց ետևից։
― Հե՛յ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։
― Մենք պետք է գնանք, ― ասաց նրանցից մեկը։
― Գործ արեք, շո՛ւտ, ― ասացի ես։ ― Ճյուղեր հավաքեք։
― Մենք պետք է գնանք, ― ասաց նրանցից մեկը։
Մյուսը լուռ էր։ Նրանք շտապում էին հեռանալ։ Չէին նայում ինձ։
― Հրամայում եմ վերադառնալ և ճյուղեր հավաքել,― ասացի ես։
Սերժանտներից մեկը շուռ եկավ։
― Մենք պետք է գնանք։ Մի ժամից կփակվի ձեր ճանապարհը։ Դուք իրավունք չունեք մեզ հրամայելու։ Դուք մեր սպան չեք։
― Հրամայում եմ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։
Նրանք շուռ եկան ու շարունակեցին ճանապարհը։
― Կանգնե՛լ, ― ասացի ես։ Նրանք շարունակում էին քայլել ցեխոտ ու երկու կողմից ցանկապատված ճանապարհով։ ― Ասացի կանգնե՛լ, ― գոռացի ես։
Նրանք ավելի արագացրին քայլերը։ Բաց արի պատյանը, հանեցի ատրճանակս, նշան առա նրան, ով ամենից շատ էր խոսում ու կրակեցի։ Վրիպեցի, և նրանք սկսեցին վազել։ Երեք անգամ էլ կրակեցի, ու նրանցից մեկն ընկավ։ Մյուսն անցավ ցանկապատի միջով ու անհետացավ։ Երբ սկսեց վազել դաշտում, ցանկապատի արանքից կրակեցի վրան։ Ատրճանակը չբացվեց, ու ես նոր պահունակ դրեցի։ Տեսա, որ երկրորդ սերժանտը շատ է հեռացել, և կրակելն այլևս իմաստ չուներ։ Նա դաշտի հեռավոր ծայրին էր, ու գլուխը կախած, վազում էր անընդհատ։ Հանեցի դատարկ պահունակը։ Մոտեցավ Բոնելլոն։
― Թողեք վերջ տամ սրան, ― ասաց նա։
Տվեցի ատրճանակը, ու նա գնաց դեպի այն կողմը, ուր ճանապարհի մեջտեղում, երեսնիվայր ընկած էր սերժանտի կոչումով ինժեները։ Բոնելլոն կռացավ, փողն ուղղեց նրա գլխին ու սեղմեց շնիկը։ Ատրճանակը չկրակեց։
― Փականակը քաշեք, ― ասացի ես։
Նա քաշեց փականակը ու երկու անգամ կրակեց։ Բռնեց սերժանտի ոտքից և քարշ տվեց մինչև ճանապարհի եզրը, այնպես որ հիմա նա պառկած է ցանկապատի մոտ։ Բոնելլոն վերադարձավ ու տվեց ատրճանակը։
― Շան որդի, ― ասաց նա, նայելով սերժանտին։ ― Տեսա՞ք ինչպես կրակեցի։
― Պետք է շտապ ճյուղեր հավաքել, ― ասացի ես։ ― Ինչ եք կարծում, չկպա՞ մյուսին։
― Հազիվ թե, ― ասաց Այմոն։ ― Ատրճանակն այդքան հեռվից չի կպչի։
― Տակա՛նք, ― ասաց Պիանին։
Բոլորս էլ շիվեր ու ճյուղեր էինք կտրատում։ Մեքենաները բեռնաթափեցինք։ Բոնելլոն փորում էր անիվների առաջը։ Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, Այմոն աշխատեցրեց շարժիչը ու միացրեց հաղորդակը։ Անիվներն սկսեցին պտտվել և չորս կողմը ցեխ ու ճյուղ շաղ տալ։ Բոնելլոն ու ես այնքան ժամանակ հրեցինք, մինչև որ զգացինք, թե ինչպես են մեր հոդերը ճթճթում։ Բայց մեքենան տեղից չէր շարժվում։
― Ետ ու առաջ տանենք, Բարտո, ― ասացի ես։
Նա մեկ ետընթաց շարժում էր կատարում, մեկ՝ առաջընթաց։ Անիվներն էլ ավելի խրվեցին ցեխի մեջ։ Հետո դիֆերենցիալը նորից կպավ հողին, ու անիվներն սկսեցին տեղապտույտ տալ իրենց փորած փոսերի մեջ։ Ուղղեցի մարմինս։
― Պարանով փորձենք, ― ասացի ես։
― Դժվար թե օգնի, tenente: Չենք կարողանա մի շարքի վրա կանգնել։
― Պետք է փորձենք, ― ասացի ես։ ― Ուիրշ կերպ չի լինի։
Պիանիի ու Բոնելլոյի մեքենաները միայն նեղ ճանապարհի երկայնով կարող էին մի շարքի վրա կանգնել։ Մեքենաները կապեցինք իրար ու սկսեցինք քաշել։ Անիվները պտտվեցին անվակոսների մեջ։
― Բան դուրս չի գա, ― գոռացի ես։ ― Դադարեցրեք։
Պիանին և Բոնելլոն իջան մեքենաներից ու վերադարձան մեզ մոտ։ Այմոն էլ իջավ։ Աղջիկները նստել էին մի քարի վրա, մեզնից քսան յարդ հեռու։
― Ի՞նչ անենք, tenente, ― հարցրեց Բոնելլոն։
― Փորենք ու էլի ճյուղերով փորձենք, ― ասացի ես։
Նայեցի ճանապարհին։ Ես էի մեղավոր։ Ես էի նրանց այստեղ բերել։ Արևն արդեն գրեթե լրիվ դուրս էր եկել ամպերի միջից, ու սերժանտի մարմինն ընկած էր ցանկապատի մոտ։
― Բաճկոնն ու թիկնոցը տակը փռենք, ― ասացի ես։
Բոնելլոն գնաց դեպի ցանկապատը։ Ես ճյուղեր էի կոտրում, իսկ Պիանին ու Այմոն փորում էին անիվների առջևում ու մեջտեղում։ Ես պատռեցի անձրևաթիկնոցս, կիսեցի և դրեցի անիվների տակ, ցեխի մեջ, հետո թափեցի ճյուղերը։ Մենք արդեն պատրաստ էինք, Այմոն նստեց մեքենան ու միացրեց շարժիչը։ Անիվները տեղապտույտ էին տալիս, իսկ մենք անընդհատ հրում էինք։ Բայց ապարդյուն։
― Վերջ, ― ասացի ես։ ― Բարտո, կարևոր բան կա՞ մեքենայում։
Այմոն մտավ Բոնելլոյի մեքենան, վերցրեց պանիրը, երկու շիշ գինին ու իր գլխարկը։ Բոնելլոն ղեկի մոտ նստած, սերժանտի բաճկոնի գրպաններն էր ստուգում։
― Դեն գցեք, ― ասացի ես։ ― Իսկ Բարթոյի կույսերի հե՞տ ինչպես վարվենք։
― Թող թափքի մեջ նստեն, ― ասաց Պիանին։ Դժվար թե շատ հեռու գնանք։
Բաց արի թափքի դուռը։
― Նստեք, ― ասացի ես։ ― Ներս մտեք։
Աղջիկները մտան ու նստեցին անկյունում։ Կարծես չէին լսել կրակոցի ձայները։ Ետ նայեցի։ Սերժանտը, երկարաթև ու կեղտոտ ներքնազգեստով, ընկած էր ճանապարհին։ Նստեցի Պիանիի կողքին, ու մենք շարժվեցինք։ Ուզում էինք կտրել անցնել դաշտը։ Երբ մեքենաները դաշտ դուրս եկան, ես իջա ու մի քիչ քայլեցի։ Եթե կարողանայինք դաշտն անցնել, կհասնեինք հեռվից երևացող ճանապարհին։ Բայց չկարողացանք։ Հողը ցեխոտ էր ու փխրուն։ Երբ մեքենաներն անհուսալի կերպով ու վերջնականապես խրվեցին և անիվներն էլ կիսով չափ թաղվեցին ցեխի մեջ, մենք դրանք դաշտում թողեցինք ու քայլեցինք դեպի Ուդին։
Երբ դուրս եկանք գլխավոր խճուղի տանող ճանապարհը, կանչեցի աղջիկներին ու ցույց տվի այդ կողմը։
― Գնացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ էլ մարդիկ կան։
Նրանք նայեցին ինձ։ Հանեցի դրամապանակս ու տասական լիրա տվեցի ամեն մեկին։
― Գնացեք, ― ասացի ես ցույց տալով մատով։ ― Այնտեղ ձեր ընկերներն են։ Ձեր հարազատները։
Նրանք չհասկացան, բայց, փողերն ամուր պահած, գնացին։ Հետո շուռ եկան ու նայեցին, կարծես վախենալով, որ կարող եմ ետ վերցնել փողերը։ Ես հետևում էի, թե ինչպես շալերի մեջ ամուր փաթաթված, քայլում էին նրանք ու վախեցած մեզ նայում։ Երեք վարորդները ծիծաղում էին։
― Tenente, ինչքա՞ն կտաք, եթե ես էլ այն կողմ գնամ, ― հարցրեց Բոնելլոն։
― Եթե փորձանք էլ պատահի, ավելի լավ է մարդկանց մեջ լինեն, քան թե մենակ։
― Երկու հարյուր լիրա տվեք, ու ես կվերադառնամ թեկուզ մինչև Ավստրիա, ― ասաց Բոնելլոն։
― Ավստրիայում ձեռքիցդ կվերցնենք, ― ասաց Պիանին։
― Գուցե պատերազմը վերջանա, ― ասաց Այմոն։
Հնարավորին չափ արագ էինք քայլում։ Արևը երբեմն դուրս էր գալիս ամպերի միջից։ Ճանապարհի կողքերին թթենիներ կային։ Ծառերի արանքներից տեսնում էի մեր մեքենաները, որոնք, կահույքի երկու մեծ ֆուրգոնների պես, ցցվել էին դաշտի մեջտեղում։ Պիանին ևս այդ կողմ նայեց։
― Պետք է նոր ճանապարհ սարքեն, որպեսզի դուրս բերեն մեքենաները։
― Գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։
― Ամերիկայում հեծանիվ քշո՞ւմ են, ― հարցրեց Այմոն։
― Առաջ քշում էին։
― Լավ բան է հեծանիվը, ― ասաց Այմոն։ ― Հիանալի բան է։
― Է՜, գրողը տանի, գոնե հեծանիվ լիներ, ― ասաց Բոնելլոն։ ― Ես ինչ քայլող եմ, որ․․․
― Կրակո՞ւմ են, ինչ է, ― հարցրի ես։
― Ինձ թվաց, թե կրակոցի ձայներ եմ լսում հեռվից։
― Չգիտեմ, ― ասաց Այմոն ու ականջ դրեց։
― Կարծես թե, ― ասացի ես։
― Ամենից առաջ հեծելազորը կտեսնենք, ― ասաց Պիանին։
― Ինչքան գիտեմ, նրանք հեծելազոր չունեն։
― Աստված տա չունենան, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում, որ ինչ֊որ հեծյալ նիզակով ինձ խոցի։
― Լավ կրակեցիք սերժանտի վրա, tenente, ― ասաց Պիանին։
Մենք շատ արահ էինք քայլում։
― Ես սպանեցի նրան, ― ասաց Բոնելլոն։ ― Ես այս պատերազմում դեռ ոչ ոքի չէի սպանել, և ամբողջ կյանքում երազել էի հենց սերժանտ սպանել։
― Թառի վրա սպանեցիր հավը, ― ասաց Պիանին։ ― Այնքան էլ արագ չէր թռչում, երբ կրակեցիր։
― Ոչինչ։ Հիմա ես դա միշտ կհիշեմ։ Ես սպանեցի այդ․․․ սերժանտին։
― Իսկ խոստովանանքի ժամանակ ի՞նչ ես ասելու, ― հարցրեց Այմոն։
― Կասեմ՝ օրհնեցեք ինձ, հայր սուրբ, ես սերժանտ եմ սպանել։
Բոլորն էլ ծիծաղեցին։
― Նա անարխիստ է, ― ասաց Պիանին։ ― Եկեղեցի չի գնում։
― Դուք իսկապե՞ս անարխիստներ եք, ― ասացի ես։
― Ոչ, tenente, ― մենք սոցիալիստ ենք։ Բոլորս էլ իմոլացի ենք։
― Չե՞ք եղել այնտեղ։
― Ոչ։
― Գրողը տանի, հիանալի տեղ է, tenente: Պատերազմից հետո մեզ մոտ եկեք, տեսնելու շատ բան կա։
― Եվ բոլո՞րն են այնտեղ սոցիալիստ։
― Այո, բոլորը։
― Գեղեցի՞կ քաղաք է։
― Սքանչելի։ Այդպիսի քաղաք չեք տեսել։
― Իսկ ինչպե՞ս եք սոցիալիստ դարձել։
― Բոլորս էլ սոցիալիստ ենք։ Այնտեղ բոլորն են սոցիալիստ։ Եվ միշտ էլ սոցիալիստ են եղել։
― Մեզ մոտ եկեք, tenente: Մենք ձեզ սոցիալիստ կդարձնենք։
Ճանապարհը ձախ էր թեքվում և, պարսպապատ այգու կողքով, բարձրանում դեպի ցածրիկ բլուրը։ Իսկ երբ լեռնային ճանապարհ հասանք, նրանք լռեցին։ Չորսս էլ միասին էինք քայլում ու շտապում։