Հետևեցինք ճամպրուկները տանող տղային ու մտանք հյուրանոց։
==Գիրք հինգերորդ==
==Գլուխ 38==
Այդ աշնանը շատ ուշ ձյուն եկավ։ Մենք ապրում էինք լեռնալանջին, սոճիներով շրջապատված, մի փայլտաշեն տնակում, և գիշերները սառնամանիք էր լինում, այնպես որ խոհանոցի սեղանին դրված երկու սափորների ջուրն առավոտյան ծածկվում էր բարակ սառցաշերտով։ Միսսիս Գութթհինգհենը առավոտ կանուխ սենյակ էր մտնում, փակում պատուհանները և վառում հախճասալե բարձր վառարանը։ Սոճու փայտերը ճթճթում էին ու բոցավառվում, և կրակն սկսում էր ճարճատել, և միսսիս Գութթինգհենը երկրորդ անգամ սենյակ էր մտնում, բերելով խոշոր վառելափայտեր ու սափորով տաք ջուր։ Երբ սենյակն արդեն տաքացած էր լինում, նախաճաշ էր տալիս մեզ։ Նախաճաշում էինք անկողնում, որտեղից երևում էր լիճը և հանդիպակաց ֆրանսիական ափի լեռները։ Լեռնագագաթները ձյունով էին ծածկված, և լիճը մոխրագույն էր՝ պողպատի կապտերանգով։
Դրսում, հյուղակի առջևից մի ճանապարհ էր անցնում։ Անվահետքերն ու ակոսները քարացել էին սառնամանիքից, և ճանապարհը համառորեն մագլցում էր անտառի միջով, հետո պտտվում լեռան վրա և հասնում մինչև այնտեղ, որտեղ մարգագետիններ կային, իսկ անտառի եզրի մարգագետնում՝ դեպի հովիտ նայող մարագներ ու խրճիթներ։ Հովիտը խորն էր, և փոքրիկ մի գետակ էր հոսում ներքևում ու թափվում լիճը, իսկ երբ հովտից քամի էր փչում, լսվում էր քարերին զարնվող ջրերի աղմուկը։
Երբեմն մենք դուրս էինք գալիս ճանապարհից ու քայլում անտառի արահետով։ Անտառում հողը փափուկ էր, չէր պնդացել սառնամանիքից, ինչպես ճանապարհի վրա։ Բայց ճանապարհի պինդ հողը մեզ չէր խանգարում, որովհետև մեր ներբանների ու կրունկների տակ մեխեր կային, և մեխերը խրվում էին սառած հողի մեջ, և մեխված կոշիկներով հաճելի էր քայլել ճանապարհին, դա մի տեսակ կայտառացնում էր մեզ։ Բայց անտառում քայլելը ևս պակաս հաճելի չէր։
Մեր տան մոտից լեռնալանջը կտրուկ իջնում էր դեպի լճափի փոքրիկ հարթավայրը, և արևոտ օրերին մենք նստում էինք գավթում ու դիտում լեռնալանջին գալարվող ճանապարհը, դարավանդում տարածված խողողի այգիները, որոնք անշնչացել էին ձմռանը, և դաշտերը, որոնք կտրտված էին քարե ցանկապատներով, և խաղողի այգիներից ներքև, լճափնյա նեղ հարթավայրում գտնվող քաղաքի տները։ Լճում մի կղզյակ կար, իսկ կղզյակում՝ երկու ծառ, որոնք նման էին ձկնորսական նավակի կրկնակի առագաստների։ Հանդիպակաց ափի լեռները սրագագաթ էին ու զառիթափ, և լճի հարավում, երկու լեռնաշարքերի միջև ընկած էր Ռոնայի հովիտը, իսկ հեռվում, այնտեղ, ուր լեռները կտրում էին հովիտը, երևում էր Dent du Midi-ն։ Դա բարձր ու ձյունածածկ մի լեռ էր, որ իշխում էր հովտի վրա, բայց այնքան հեռու էր, որ ստվեր չէր գցում։
Արևոտ օրերին գավթում էինք նախաճաշում, իսկ մյուս օրերին ուտում էինք վերևում, տախտակե հարթ պատերով մեր փոքրիկ սենյակում, որի անկյունում մի մեծ վառարան կար։ Քաղաքից գրքեր ու ամսագրեր գնեցինք և սովորեցինք երկու հոգիանոց թղթախաղի բազմաթիվ տեսակներ։ Վառարանով փոքրիկ սենյակը մեր հյուրասենյակն էր։ Այնտեղ երկու հարմարավետ բազկաթոռ կար և ամսագրերի ու գրքերի սեղան, իսկ երբ ամանները հավաքում էին, ճաշասեղանի վրա թուղթ էինք խաղում։ Միստր և միսսիս Գութթինգհենները ներքևի հարկում էին ապրում, ու երեկոները երբեմն լսում էինք նրանց խոսակցության ձայները, ու նրանք ևս երկուսով շատ երջանիկ էին։ Ամուսինը եղել էր գլխավոր մատուցող, իսկ կինը՝ նույն հյուրանոցում՝ սպասուհի, և նրանք փող էին հավաքել ու գնել այս տունը։ Մի տղա ունեին, որը նույնպես գլխավոր մատուցող էր դառնալու։ Նա ծառայում էր Ցյուրիխի հյուրանոցներից մեկում։ Ներքևում հյուրասենյակ կար, որտեղ գինի և գարեջուր էին վաճառում, ու երեկոները երբեմն լսում էինք, թե ինչպես սայլերը կանգ էին առնում դռան առջև, և տղամարդիկ բարձրանում էին աստիճաններով ու հյուրասենյակ մտնում գինի խմելու։
Միջանցքում մեր սենյակի դիմաց, փայտերով լեցուն մի արկղ կար, ու ես այնտեղից վառելափայտ էի վերցնում և գցում վառարանի մեջ։ Բայց մենք երկար չէինք նստում։ Պառկում էինք մեր ընդարձակ և մութ ննջարանում, և հանվելուց հետո, ես բացում էի պատուհանը և նայում գիշերվա պաղ աստղերին, և պատուհանի տակ գտնվող սոճիներին և հետո հնարավորին չափ արագ անկողին մտնում։ Հաճելի է անկողնում պառկել, երբ օդն այդքան սառն է ու մաքուր, իսկ դրսում գիշեր է։ Մենք խորն էինք քնում, ու երբ գիշերը արթնանում էի, արդեն գիտեի պատճառը, դուրս էի գալիս վերմակի տակից և զգուշորեն շարժվում, որպեսզի չանհանգստացնեմ Կետրինին, իսկ հետո նորից քուն էի մտնում, մի տեսակ նոր թեթևություն զգալով բարակ ծածկոցի տակ։ Պատերազմը թվում էր շատ հեռու։ Բայց թերթերից գիտեի, որ լեռներում շարունակվում էր կռիվը, որովհետև դեռ ձյուն չէր գալիս։
Երբեմն իջնում էինք Մոնտրե։ Ներքև տանող մի արահետ կար, բայց այնքան թեք էր, որ մենք սովորաբար նախընտրում էինք ճանապարհով գնալ և քայլում էինք սառնամանիքից քարացած լայն ճամփով, որն անցնում էր դաշտերի միջով և ապա՝ խաղողի այգիների քարե ցանկապատների միջով, իսկ ավելի ներքևում՝ գյուղական տների արանքներով։ Երեք գյուղ էին՝ Շերնե, Ֆոնտանիվան, իսկ մյուսի անունը չեմ հիշում։ Շարունակում էինք քայլել այդ նույն ճանապարհով և անցնում լեռան ծայրին գտնվող քարե հսկա chateau-ի կողքով, որը շրջապատված էր խաղողի այգիներով։ Յուրաքանչյուր վազը կապված էր մի ձողի, և բոլոր վազերը չոր էին ու գորշ, և հողը ծարավ էր ձյան, և ներքևում լիճն էր, պողպատի նման հարթ ու մոխրագույն։ Chateau-ից հետո ճանապարհը կտրուկ իջնում էր ցած, ապա աջ դառնում, այնուհետև սալահատակված զառիթափով հասնում մինչև Մոնտրե։
Մոնտրեում ծանոթներ չունեինք։ Մենք քայլում էինք լճափով ու դիտում կարապներին, անթիվ ճայերին և մրրկահավերին, որոնք հենց որ մոտենայիր, թռչում էին ու, ներքև նայելով, ճվճվում։ Ափերից հեռու լողում էին փոքրիկ ու թխագույն սուզահավերի երամները ու հետքեր թողնում ջրի վրա։ Հետո զբոսնում էինք քաղաքի գլխավոր փողոցում և դիտում խանութների ցուցափեղկերը։ Բազմաթիվ հյուրանոցներ կային այնտեղ, որոնք փակ էին հիմա, բայց գրեթե բոլոր խանութները բաց էին, և ամենուրեք մեզ հետ շատ սիրալիր էին ընդունում։ Մի հիանալի վարսավիրանոց կար, որտեղ Կետրինը գնում էր մազերը հարդարելու։ Վարսավիրանոցի տիրուհին ուրախ֊զվարթ մի կին էր, Մոնտրեի մեր միակ ծանոթը։ Երբ Կետրինը վարսավիրանոցում էր լինում, ես նստում էի գարեջրատանը, մյունխենյան սև գարեջուր խմում ու թերթ կարդում։ Կարդում էի «Կորիերե դելլա Սերա» և Փարիզից եկած անգլիական ու ամերիկյան թերթեր։ Բոլոր հայտարարությունների վրա ներկ էր քսված, որպեսզի, ըստ երևույթին, անհնար լիներ դրանց միջոցով թշնամու հետ կապ պահպանել։ Անուրախ ընթերցանություն էր։ Ամեն տեղ վիճակն անուրախ էր։ Այս անգամ ևս, սև գարեջրի ծանր գավաթը ձեռքիս, նստել էի անկյունում, բաց արել pretzels-ի<ref>Խմորեղենի տեսակ (գերմ․)</ref> թղթե փաթեթը և pretzels էի ուտում, որի աղի համը շատ էր դուրս գալիս, մանավանդ որ դրանից հետո գարեջուրն էլ ավելի հաճելի էր դառնում, և կարդում էի ջախջախման մասին։ Կարծում էի, թե Կետրինը շուտով կգա, բայց չէր գալիս, ու ես թերթերը դրեցի սեղանին, վճարեցի գարեջրի փողը և փողոց դուրս ելա նրան փնտրելու։ Ձմեռային ցուրտ ու մռայլ օր էր, նույնիսկ պատերի քարերը ցուրտ էին թվում։ Կետրինը դեռ վարսավիրանոցում էր։ Տիրուհին գանգրացնում էր նրա մազերը։ Տաղավարում նստած դիտում էի նրան։ Դա ինձ հուզում էր, և Կետրինը ժպտում ու խոսում էր ինձ հետ, և իմ ձայնը մի փոքր խռպոտ էր հուզմունքից։ Հաճելի էր լսել ունելիների զնգզնգոցը, և ես Կետրինին տեսնում էի երեք տարբեր հայելիների մեջ, և տաղավարում տաք էր ու հաճելի։ Երբ տիրուհին վերջացրեց գործը, Կետրինը նայեց հայելուն և մի քիչ փոխեց սանրվածքը, հանելով ու դնելով հերակալները, հետո վեր կացավ։
― Ներիր, որ այսքան սպասցրի։
― Monsoeur֊ի համար շատ հետաքրքրական էր։ Այնպես չէ՞, monsieur, ― ժպտաց տիրուհին։
― Այո, ― ասացի ես։
Մենք դուրս եկանք և քայլեցինք փողոցով։ Ցուրտ էր, և քամի էր փչում։
― Ես քեզ շատ եմ սիրում, ― ասացի ես։
― Լավ ժամանակ ենք անցկացնում, չէ՞, ― ասաց Կետրինը։ ― Գիտե՞ս ինչ։ Արի մի տեղ մտնենք և թեյի փոխարեն գարեջուր խմենք։ Դա շատ օգտակար է փոքրիկ Կետրինի համար։ Չի թողնի, որ շատ աճի։
― Փոքրիկ Կետրին, ― ասացի ես։ ― Ծույլի մեկն է։
― Շատ խելոք է, ― ասաց Կետրինը։ ― Հազվադեպ է ինձ անհանգստացնում։ Բժիշկն ասում է, որ գարեջուրն օգտակար է և չի թողնի, որ փոքրիկը շատ աճի։
― Եթե շատ չաճի և տղա լինի, կարող է ժոկեյ դառնա։
― Ինձ թվում է, որ եթե երեխան ծնվի, մենք պետք է իսկապես ամուսնանանք, ― ասաց Կետրինը։
Մենք նստել էինք գարեջրատան անկյունում։ Արդեն մթնում էր։ Դեռ կանուխ էր, բայց մռայլ օր էր, ու շուտ մթնեց։
― Հենց հիմա էլ ամուսնանանք, ― ասացի ես։
― Ոչ, ― ասաց Կետրինը։ ― Հիմա անհարմար է։ Պարզ երևում է, որ հղի եմ։ Այս վիճակում ես ոչ ոքի չեմ ներկայանա ու չեմ ամուսնանա։
― Երանի առաջ ամուսնանայինք։
― Երևի ավելի լավ կլիներ։ Բայց ե՞րբ կարող էինք, սիրելիս։
― Չգիտեմ։
― Ես մի բան գիտեմ։ Հարգարժան տնտեսուհու տեսքով չեմ գնա ամուսնանալու։
― Դու ինչ տնտեսուհի ես։
― Ինչո՞ւ, իսկական տնտեսուհի եմ, սիրելիս։ Վարսավիրուհին հարցնում էր, թե սա մեր առաջի՞ն երեխան է։ Ես ստեցի և ասացի, ոչ, երկու տղա և երկու աղջիկ ունենք։
― Ե՞րբ ենք ամուսնաալու։
― Հենց որ նորից նիհարեմ։ Ուզում եմ, որ փառավոր հարսանիք անենք, որպեսզի բոլորն էլ մտածեն, թե այս ինչ գեղեցիկ զույգ է։
― Եվ դա քեզ չի՞ վշտացնում։
― Իսկ ինչո՞ւ վշտանամ սիրելիս։ Ես միայն մի անգամ վատ զգացի, հիշո՞ւմ ես, Միլանում, երբ ինձ թվաց, թե անառակ կին եմ, բայց դա ընդամենը յոթ րոպե տևեց, բացի այդ, սենյակի կահավորանքն էր վրաս ազդել։ Մի՞թե ես վատ կին եմ։
― Դու հրաշալի կին ես։
― Այդ դեպքում ձեռնարկությունների մասին մի մտածիր, սիրելիս։ Հենց որ նորից նիհարեմ, կամուսնանանք։
― Լավ։
― Ի՞նչ ես կարծում, էլի գարեջուր չխմեմ։ Բժիշկն ասաց, որ կոնքս բավական նեղ է և լավ կլինի չթողնել, որ փոքրիկ Կետրինը շատ աճի։
― Ուրիշ ի՞նչ ասաց, ― անհանգստացա ես։
― Ոչինչ։ Արյան ճնշումս սքանչելի է, սիրելիս։ Նա հիացել էր իմ արյան ճնշման վրա։
― Իսկ էլ ի՞նչ ասաց կոնքերիդ մասին։
― Ոչինչ։ Ոչ մի բան։ Ասաց, որ չի կարելի դահուկ քշել։
― Ճիշտ է։
― Ասաց, որ եթե քշել չգիտեմ, արդեն ուշ է սովորել։ Ասաց, որ կարելի է դահուկ քշել, միայն թե չընկնեմ։
― Կատակասեր բժիշկ է։
― Իսկապես լավ բժիշկ է։ Ծննդաբերության ժամանակ նրան կհրավիրենք։
― Չհարցրի՞ր, ամուսնանա՞նք, թե ոչ։
― Ոչ։ Ասացի, որ արդեն չորս տարի է, ինչ ամուսնացած ենք։ Գիտես, սիրելիս եթե քեզ հետ ամուսնանամ, ամերիկուհի եմ դառնալու, իսկ ամերիկյան օրենքների համաձայն, երբ էլ որ ամուսնանաս, երեխան օրինական է համարվում։
― Որտեղի՞ց իմացար։
― Նյու֊Յորքի «Ուորլդ ալմանախից»։ Գրադարանում կարդացի։
― Դու հրաշալի աղջիկ ես։
― Շատ ուրախ եմ, որ ամերիլուհի եմ դառնալու, և մենք Ամերիկա կգնանք, այնպես չէ՞, սիրելիս։ Ուզում եմ Նիագարայի ջրվեժը տեսնել։
― Դու հրաշալի աղջիկ ես։
― Էլի մի բան եմ ուզում տեսնել, բայց չեմ հիշում ինչ։
― Սպանդանո՞ցը։
― Ոչ։ Չեմ հիշում։
― Ուլվորթի շե՞նքը։
― Ոչ։
― Մեծ Քանիո՞նը։
― Ոչ։ Բայց դա էլ կուզենայի։
― Դե, ասա, ի՞նչը։
― Ոսկե դարպասը։ Դա եմ ուզում տեսնել։ Որտե՞ղ է Ոսկե դարպասը։
― Սան֊Ֆրանցիսկոյում։
― Դե որ այդպես է, այնտեղ գնանք։ Եվ ընդհանրապես ուզում եմ նաև Սան֊Ֆրանցիսկոն տեսնել։
― Շատ լավ։ Կգնանք։
― Իսկ հիմա բարձրանանք լեռը։ Չէ՞։ Կհասնե՞նք գնացքին։
― Հինգից մի քանի րոպե անց գնացք է գնում։
― Հենց դա էլ կնստենք։
― Լավ։ Մի քիչ գարեջուր խմեմ, հետո։
Մենք դուրս եկանք, քայլեցինք փողոցով, ապա բարձրացանք կայարանի աստիճաններով ու զգացինք, որ շատ ցուրտ է։ Ռոնի հովտից սառը քամի էր փչում։ Խանութների ցուցափեղկերում լույսեր էին վառվում, և մենք քարե ոլորուն աստիճաններով բարձրացանք վերևի փողոցը, հետո՝ էլի աստիճաններ, որոնք տանում էին կայարան։ Լուսավորված էլեկտրագնացքն արդեն կառամատույցում էր։ Չվացուցակի վրա նշված էր մեկնման ժամը։ Ժամացույցի սլաքները կանգնել էին հինգն անց տասի վրա։ Նայեցի կայարանի ժամացույցին։ Հինգն անց հինգ էր։ Երբ վագոն մտանք, տեսա, թե ինչպես մեքենավարն ու ուղեկցորդը դուրս եկան կայարանի գինետնից։ Մենք նստեցինք ու բաց արինք պատուհանը։ Վագոնը տաքացվում էր էլեկտրականությամբ, և տոթ էր, բայց պատուհանից թարմ և ցուրտ օդ էր գալիս։
― Հոգնա՞ծ ես, Կետ, ― հարցրի ես։
― Ոչ։ Շատ լավ եմ զգում։
― Երկար չի տևի։
― Ես սիրում եմ գնացքով ճամփորդել, ― ասաց նա։ ― Մի անհանգստանա, սիրելիս։ Լավ եմ զգում։
Ծննդյան տոներից երեք օր առաջ ձյուն եկավ։ Մի առավոտ զարթնեցինք ու տեսանք, որ ձյուն է գալիս։ Վառարանում ճթճում էր կրակը, ու մենք, անկողնում պառկած, նայում էինք, թե ինչպես է ձյունն իջնում։ Նախաճաշից հետո միսսիս Գութթինգհենը հավաքեց սեղանը և փայտ գցեց վառարանի մեջ։ Ուժեղ ձնեբուք էր։ Միսսիս Գութթինգհենն ասաց, որ ձյունն սկսվեց տեղալ մոտավորապես կեսգիշերին։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի, բայց ճանապարհից այն կողմ ոչինչ չէր երևում։
Կատաղի ձյուն էր ու քամի։ Ես նորից անկողին մտա, ու մենք պառկած զրուցում էինք։
― Շատ կուզենայի դահուկ քշել, ― ասաց Կետրինը։ ― Ինչ զզվելի է, որ չեմ կարող։
― Սահնակ կճարենք, կիջնենք։ Դա ավտոմեքենայից ավելի վտանգավոր չէ։
― Իսկ չի՞ ցնցի։
― Տեսնենք։
― Երանի շատ չցնցեր։
― Քիչ հետո կարող ենք ման գալ ձյան վրա։
― Ճաշից առաջ, ― ասաց Կետրինը, ― որպեսզի ախորժակներս բացվի։
― Ես միշտ էլ սոված եմ։
― Ես էլ։
Մենք դուրս եկանք, բայց չորս կողմը ձնաթմբեր էին գոյացել, և հնարավոր չէր հեռու գնալ։ Ես առաջ անցա և իմ ոտնահետքերով ճանապարհ բացեցի, բայց մինչև կայարան հասնելը ստիպված եղանք ահագին ճամփա կտրել։ Քամին այնպես էր փչում, որ հազիվ էինք կարողանում որևէ բան տեսնել, և մենք մտանք կայարանի կողքի գինետունը, և ավելով ծանր ձյունը թափ տվինք մեկս մյուսի վրայից, և նստեցինք նստարանին, և վերմուտ խնդրեցինք։
― Ուժեղ փոթորիկ է, ― ասաց մատուցողուհին։
― Այո։
― Այս տարի ուշ ձյուն եկավ։
― Այո։
― Ինչ կլինի, որ մի քիչ շոկոլադ ուտեմ, ― հարցրեց Կետրինը։ ― Թ՞ե շուտով նախաճաշի ժամն է։ Միշտ սոված եմ։
― Մի քիչ կեր, ― ասացի ես։
― Ընկույզով շոկոլադ կվերցնեմ, ― ասաց Կետրինը։
― Ընկույզով շատ համեղ է, ― ասաց աղջիկը։ ― Ես ամենից շատ ընկույզով եմ սիրում։
― Մի հատ էլ վերմուտ կխմեմ, ― ասացի ես։
Վերադարձին ձյունն արդեն ծածկել էր ճանապարհը։ Հիմա մեր նախկին հետքերի տեղ հազիվ նկատելի փոսեր էին մնացել։ Քամին փչում էր ուղիղ մեր երեսներին, ու մենք գրեթե ոչինչ չէինք տեսում։ Ձյունը թափ տվինք մեր վրայից ու մտանք նախաճաշելու։ Միստր Գոթթինգհենն էր սպասարկում։
― Վաղը կարելի է դահուկ քշել, ― ասաց նա։ ― Դահուկ քշո՞ւմ եք, միստ Հենրի։
― Ոչ։ Բայց ուզում եմ սովորել։
― Հեշտ կսովորեք։ Ծննդյան տոներին տղաս գալու է, նա կսովորեցնի ձեզ։
― Դե լավ է։ Ե՞րբ է գալու։
― Վաղը գիշեր։
Երբ նախաճաշից հետո, մեր փոքրիկ սենյակի վառարանի մոտ նստած, նայում էինք պատուհանից ու տեսնում, թե ինչպես էր ձյունը գալիս, Կետրինն ասաց․
― Չե՞ս ուզում մենակ տեղ գնալ, սիրելիս, տղամարդկանց շրջապատում լինել, դահուկ քշել։
― Ոչ։ Ինչո՞ւ պիտի ուզենամ։
― Երբեմն ինձ թվում է, թե կուզենայիր նաև ուրիշ մարդկանց տեսնել։
― Իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ մարդկանց տեսնել։
― Ոչ։
― Ես էլ չեմ ուզում։
― Գիտեմ։ Բայց դու տարբեր ես։ Ես երեխա եմ սպասում և ինձ համար հաճելի է ոչինչ չանելը։ Գիտեմ, որ սարսափելի բթացել եմ ու շատ եմ խոսում և ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ, եթե գնայիր, վախենում եմ ձանձրանաս ինձնից։
― Իսկ դու ուզո՞ւմ ես, որ գնամ։
― Ոչ։ Ուզում եմ, որ մնաս։
― Դե ես էլ ոչ մի տեղ չեմ գնա։
― Մոտ արի, ― ասաց նա։ ― Ուզում եմ ձեռք տալ գլխիդ ուռուցքին։ Ինչ մեծ ուռուցք է։ ― Նա մատներով շոշափեց գլուխս։ ― Սիրելիս, ինչո՞ւ մորուք չես թողնում։
― Ոզո՞ւմ ես թողնեմ;
― Զվարճալի կլինի։ Ուզում եմ քեզ մորուքով տեսնել։
― Լավ։ Կթողնեմ։ Հենց հիմա, հենց մեկ վայրկյանից։ Դա լավ միտք է։ Գոնե զբաղմունք կունենամ։
― Իսկ դու վշտանո՞ւմ ես, որ անելիք չունես։
― Ոչ։ Ես շատ գոհ եմ։ Ինձ դուր է գալիս մեր կյանքը։ Իսկ քե՞զ։
― Ինձ էլ։ Բայց վախենում եմ, որ այս վիճակում ձանձրալի լինեմ քեզ համար։
― Օ, Կետ։ Չես պատկերացնում, թե ինչքան եմ քեզ սիրում։
― Նույնիսկ այս վիճակո՞ւմ։
― Ինչ վիճակում էլ լինես։ Ես շատ երջանիկ եմ։ Մի՞թե հաճելի չէ մեր կյանքը։
― Այո, բայց ինձ թվում է, որ դու մի տեսակ անհանգիստ ես։
― Ոչ։ Երբեմն հիշում եմ ռազմաճակատն ու իմ ծանոթներին, բայց դա ինձ չի մտահոգում։ Ես ոչ մի բանի մասին երկար չեմ մտածում։
― Ո՞ւմ ես հիշում։
― Ռինալդիին, և քահանային, և ուրիշ շատերի։ Բայց երկար չեմ մտածում։ Չեմ ուզում պատերազմի մասին մտածել։ Պատերազմն ինձ համար այլևս գոյություն չունի։
― Իսկ հիմա՞ ինչ ես մտածում։
― Ոչինչ։
― Ոչ, մտածում ես։ Ասա։
― Մտածում էի, թե Ռինալդին իսկապե՞ս սիֆիլիս ուներ։
― Միայն դա՞։
― Այո։
― Իսկ ունե՞ր։
― Չգիտեմ։
― Ուրախ եմ, որ դու չունես։ Իսկ նման բաներով չե՞ս հիվանդացել։
― Սուսանակով։
― Լսել անգամ չեմ ուզում։ Ցավո՞տ էր սիրելիս։
― Շատ։
― Կուզենայի ես էլ ունենալ։
― Ինչ մի ունենալու բան է։
― Չէ, ճիշտ եմ ասում։ Ուզում եմ ամեն ինչով քեզ նման լինել։ Կուզենայի ճանաչել այն բոլոր կանանց, որոնց դու ես ճանաչել, որպեսզի հետո քեզ մոտ ձեռք առնեի նրանց։
― Այ, դա գեղեցիկ պատկեր կլիներ։
― Իսկ սուսանակով հիվանդանալը բնավ էլ գեղեցիկ պատկեր չէ։
― Գիտեմ։ Տես ինչ ձյուն է գալիս։
― Իսկ ես ուզում եմ միայն քեզ տեսնել։ Սիրելիս, ինչո՞ւ երկար մազեր չես թողնում։
― Ի՞նչ երկար մազ։
― Թող մի քիչ երկարեն։
― Առանց այդ էլ երկար են։
― Ոչ, մի քիչ էլ թող, իսկ ես իմը կկտրեմ, և մենք իրար նման կլինենք, միայն թե մեկս շիկահեր, իսկ մյուսս՝ սևահեր։
― Չեմ ուզում, որ մազերդ կտրես։
― Ինչո՞ւ, զվարճալի կլինի։ Հոգնել եմ երկար մազերից։ Գիշերները ինձ խանգարում են անկողնում։
― Ես հավանում եմ քո մազերը։
― Իսկ եթե կարճ լինեն, չե՞ս հավանի։
― Գուցե։ Բայց հիմա ինձ այսպես է դուր գալիս։
― Գուցե կարճ ավելի դուր գա։ Մենք կնմանվենք իրար։ Սիրելիս, ես քեզ այնքան եմ ուզում, որ ուզում եմ քո մեջ լինել։
― Դու իմ մեջ ես։ Ես ու դու նույնն ենք։
― Գիտեմ։ Գիշերները։
― Գիշերներն ամեն ինչ հրաշալի է։
― Ուզում եմ, որ մենք խառնված լինենք, չջոկվենք իրարից։ Չեմ ուզում, որ գնաս։ Ես դիտմամբ ասացի։ Եթե ուզում ես, գնա։ Բայց շուտ վերադարձիր։ Սիրելիս, ես ընդհանրապես դադարում եմ ապրել, երբ դու իմ կողքին չես։
― Երբեք չեմ հեռանա քեզնից, ― ասացի ես։ ― Ես ոչ մի բանի պետք չեմ, երբ դու իմ կողքին չես։ Ոչ մի կյանք չունեմ։
― Իսկ ես ուզում եմ, որ ունենաս։ Ուզում եմ, որ շատ լավ ապրես։ Բայց մենք միասին ենք ապրելու, չէ՞։
― Հիմա ի՞նչ ես ասում, մորուք թողնեմ, թե՞ ոչ։
― Թող։ Հետաքրքիր կլինի։ Գուցե մինչև նոր տարին աճի։
― Ուզո՞ւմ ես շախմատ խաղալ։
― Կուզենայի քեզ հետ խաղալ։
― Ոչ։ Շախմատ խաղանք։
― Իսկ հետո կխաղա՞նք իրար հետ։
― Այո։
― Դե լավ։
Վերցրի շախմատը ու դասավորեցի խաղաքարերը։ Դրսում դեռ ուժեղ ձյուն էր գալիս։
Մի անգամ գիշերը զարթնեցի ու զգացի, որ Կետրինն էլ է արթուն։ Դրսում պարզ լուսին էր, ու պատուհանի ստվերն ընկել էր մահճակալի վրա։
― Արթո՞ւն ես, սիրելիս։
― Այո։ Չե՞ս կարողանում քնել։
― Քիչ առաջ զարթնել, մտածում էի, թե ինչքան խենթ էի, երբ քեզ նոր հանդիպեցի։ Հիշո՞ւմ ես։
― Այո, մի քիչ խենթ էիր։
― Իսկ հիմա ոչ։ Հիմա ամեն ինչ հրաշալի է։ Դու այնքան քաղցր ես արտասանում այդ բառը։ Ասա «հրաշալի»։
― Հրաշալի։
― Օ, ինչ քաղցր ես։ Ես հիմա արդեն խենթ չեմ։ Հիմա ես շատ, շատ, շատ երջանիկ եմ։
― Քնիր, ― ասացի ես։
― Լավ։ Արի երկուսս էլ ճիշտ նույն պահին քնենք։
― Լավ։
Բայց չկարողացանք նույն պահին քնել։ Ես դեռ բավական արթուն մնացի։ Մտածում էի տարբեր բաների մասին ու նայում քնած Կետրինին։ Լուսնի լույսն ընկել էր երեսին։ Հետո ես էլ քնեցի։
==Գլուխ 39==
Հունվարի կեսերին ես արդեն մորուք ունեի, և ցերեկները ցուրտ էին ու պայծառ, և գիշերները՝ ցուրտ ու դաժան։ Նորից կարելի էր զբոսնել ճանապարհին։ Ձյունն ամուր էր ու հարթ, որովհետև անընդհատ սահնակներ էին անցնում լեռներից խոտ ու գերան տեղափոխում։ Ամենուրեք, գրեթե մինչև Մոնտրե, ձյուն էր նստած։ Հանդիպակաց ափի լեռները սպիտակել էին, և Ռոնիի հովիտը կորել էր ձյան տակ։ Մենք երկար զբոսնում էինք սարից այն կողմ ու հասնում մինչև Բեն դել Ալյեզ։ Կետրինը հագնում էր մեխված ներբաններով կոշիկներ, թիկնոց և վերցնում մետաղե սրածայր վերջավորությամբ մի գավազան։ Թիկնոցի տակ խոշոր չէր թվում մարմինը, և մենք արագ չէինք քայլում, ու երբ նա հոգնում էր, նստում էինք ճամփեզրի գերանների վրա։
Բեն Դել Այլեզում մի գինետուն կար ծառերի տակ, սովորաբար այնտեղ փայտահատներ էին գալիս խմելու, և մենք նստում էինք վառարանի մոտ և խմում լիմոնով ու այլ համեմունքներով խառնված տաք կարմիր գինի։ Կոչվում էր gluhwein, դա հիանալի գինի է, եթե ուզում ես տաքանալ կամ որևէ տոն նշել։ Գինետունը մութ էր ու ծխոտ և, շունչ քաշելիս, անզգայանում էր քթիդ ծայրը։ Մենք նայում էինք գինետանը, որի բոլոր պատուհաններում լույս էր վառվում, և մուտքի մոտ փայտահատների ձիերը շարժում էին գլուխները և սմբակները գետին խփում, որպեսզի տաքանան։ Նրանց դնչերի մազիկներին եղյամ էր պատել, և նրանց արտաշնչած գոլորշին սառչում էր օդում։ Վերադարձի ճանապարհը հարթ էր ու սահուն, և սառույցը ձիերի մեզից նարնջագույն էր դարձել։ Մենք քայլում էինք մինչև շրջադարձը, և արահետը, որով գերաններ էին տանում, թեքվում հեռանում էր մեզնից։ Պինդ ձյունով ծածկված ճանապարհն անցնում էր անտառի միջով, ու երեկոները տուն վերադառնալիս, երկու անգամ աղվես տեսանք։ Հրաշալի վայրեր էին դրանք, ու երբ զբոսանքի էինք դուրս գալիս, ուրախ էր անցնում ժամանակը։
― Հիանալի մորուք ունես, ― ասաց Կետրինը։ ― Փայտահատի ես նման։ Տեսա՞ր ոսկե ականջօղերով մարդուն։
― Քարայծ է որսում, ― ասացի ես։ ― Նրանք ականջօղ են դնում, որովհետև դրանք իբր թե սրում են լսողությունը։
― Իսկապե՞ս։ Չեմ հավատում։ Ինձ թվում է, դիտմամբ են օղ դնում, ուզում են ցույց տալ, որ քարայծի որս են անում։ Իսկ այս կողմերում քարայծ կա՞։
― Այո, Դա դը Ժամանի մոտակայքում։
― Իսկ զվարճալի էր, չէ՞, որ աղվես տեսանք։
― Աղվեսը քնելիս պաչը փաթաթում է մարմնին, որպեսզի տաքանա։
― Երևի ինչքան հաճելի է։
― Ես միշտ էլ ցանկացել եմ այդպիսի պոչ ունենալ։ Զվարճալի կլիներ, չէ՞, եթե բոլորս էլ աղվեսի նման պոչ ունենայինք։
― Իսկ ինչպե՞ս պիտի հագնվեինք։
― Հատուկ զգեստներ կպատվիրեինք, կամ էլ այնպիսի երկրում կապրեինք, որտեղ զգեստը ոչ մի նշանակություն չունի։ Մի՞թե հրաշալի չէ, որ մենք այստեղ ոչ ոքի չենք տեսնում։ Դու ոչ մեկի էլ չես ուզում տեսնել, այնպես չէ՞, սիրելիս։
― Այո։
― Մի քիչ նստենք։ Հոգնեցի։
Իրար կիպ կպած, նստեցինք գերանի վրա։ Ճանապարհը տանում էր դեպի անտառ։
― Ի՞նչ ես կարծում, փոքրիկը խանգարելո՞ւ է մեզ։
― Ոչ։ Թույլ չենք տա։
― Իսկ մենք փող ունե՞նք։
― Շատ։ Վերջին չեկն արդեն վճարեցին։
― Իսկ ձերոնք հիմա քեզ չե՞ն փնտրի, չէ՞ որ գիտեն, որ Շվեյցարիայում ես։
― Հավանաբար։ Մի օր նամակ կգրեմ։
― Դեռ չե՞ս գրել։
― Ոչ։ Միայն չեկն եմ ուղարկել, որ ստորագրեն
― Փառք աստծո, որ ես քո ազգականը չեմ։
― Հեռագիր կտամ։
― Իսկ դու նրանց չե՞ս սիրում, ինչ է։
― Իսրում էի, բայց այնքան ենք վիճել, որ էլ սեր չմնաց։
― Ինձ թվում է, որ ես կհավանեի նրանց։ Երևի շատ կհավանեի։
― Եկ իմ ազգականների մասին չխոսենք, թե ոչ կսկսեմ մտահոգվել, ― քիչ անց ասացի ես։ ― Գնանք, եթե հոգնած չես։
― Չէ, արդեն հանգստացա։
Շարունակեցինք քայլել։ Մութ էր, և ձյունը ճռճռում էր մեր ոտքերի տակ։ Չոր, ցուրտ և պարզ գիշեր էր։
― Մորուքդ ինձ դուր է գալիս, ― ասաց Կետրինը։ ― Քեզ շատ է սազում։ Թվում է կոշտ ու ծակող, բայց իրականում շատ փափուկ է ու հաճելի։
― Մորուքով ավելի՞ ես հավանում ինձ։
― Երևի, այո։ Գիտես ինչ, սիրելիս, մինչև փոքրիկ Կետրինի ծնվելը մազերս չեմ կտրի։ Հիմա ես շատ խոշոր եմ և տնտեսուհու եմ նման։ Բայց երբ նա ծվնի, ու ես նորից նիհարեմ, անպայման կկտրեմ, և այն ժամանակ քո աղջիկը կփոխվի, ու դու նրան չես ճանաչի։ Մենք երկուսով կգնանք ու կտրել կտանք մազերս, կամ էլ ես մենակ կգնամ, և դա քեզ համար անակնկալ կլինի։
Ես լուռ էի։
― Չես արգելի, չէ՞։
― Ոչ։ Ինձ թվում է, նույնիսկ կհավանեմ։
― Օ, ինչ լավն ես։ Գուցե ես շատ գեղեցիկ լինեմ, նիհարեմ ու ցանկալի դառնամ, և դու նորից սիրահարվես ինձ։
― Գրողը տանի, ― ասացի, ― ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Էլ ի՞նչ ես ուզում։ Խե՞լքս կորցնեմ։
― Այո, ուզում եմ, որ խելքդ էլ կորցնես։
― Դե լավ, ― ասացի ես, ― իմ ուզածն էլ հենց այդ է։