Changes

Հրաժեշտ զենքին

Ավելացվել է 70 322 բայտ, 11:40, 28 Մայիսի 2016
/* Գլուխ 39 */
― Դե լավ, ― ասացի ես, ― իմ ուզածն էլ հենց այդ է։
 
 
==Գլուխ 40==
 
 
Մենք հրաշալի օրեր անցկացրինք։ Հունվարին ու փետրվարին լեռնալանջին ապրեցինք, հրաշալի ձմեռ էր, և մենք շատ երջանիկ էինք։ Երբ տաք քամի էր փչում, կարճատև ձնհալ էր սկսվում, ձյունը փափկում էր, և գարնան հոտ էր գալիս, բայց ամեն անգամ երկինքը պարզվում էր, ցրտում, և նորից վերադառնում էր ձմեռը։ Մարտին ձմեռը նահանջեց։ Գիշերներն սկսեց անձրև տեղալ։ Անձրև էր տեղում նաև ամբողջ առավոտը, և ձյունը վերածվում էր ցեխի, և լեռան լանջը տխուր ու մռայլ տեսք էր ստանում։ Ամպերը ծածկեցին լիճն ու հովիտը։ Լեռների բարձրունքներում անձրև էր գալիս։ Կետրինը կրկնակոշիկ էր հագնում, իսկ ես միստր Գութթինգհենի ռետինե երկարաճիտ կոշիկները, ու մենք, նախաճաշից առաջ, հովանոց բռնած, քայլում էինք ցեխաջրերի միջով, որոնք սրբում տանում էին ճանապարհի սառույցները։ Գնում էինք կայարանի մոտակա գինետունը, վերմուտ խմելու։ Դրսից անձրևի ձայն էր գալիս։
 
― Ի՞նչ ես կարծում, քաղաք չտեղափոխվե՞նք։
 
― Իսկ քո՞ կարծիքն ինչ է, ― հարցրեց Կետրինը։
 
― Եթե ձմեռն անցավ, ու անձրևներ են գալու, տխուր կլինի այստեղ։ Ինչքա՞ն մնաց, որ փոքրիկ Կետրինը ծնվի։
 
― Մոտ մի ամիս։ Գուցե մի քիչ ավելի։
 
― Կարող ենք իջնել և Մոնտրեում ապրել։
 
― Իսկ ինչո՞ւ ոչ Լոզանում։ Հիվանդանոցն այնտեղ է։
 
― Դե լավ։ Ես պարզապես մտածում էի, որ դա շատ մեծ քաղաք է։
 
― Մեծ քաղաքում էլ կարող ենք մենակ լինել, իսկ Լոզանը երևի շատ գեղեցիկ է։
 
― Ե՞րբ գնանք։
 
― Ինձ համար միևնույն է։ Երբ որ ուզես, սիրելիս։ Կարող ենք նաև չգնալ, եթե չես ուզում։
 
― Տեսնենք, ինչպես կլինի եղանակը։
 
Երեք օր անձրև եկավ։ Կայարանից ցած գտնվող լեռան լանջին ձյուն չմնաց։ Ճանապարհը ծածկվել էր ցեխաջրով։ Այնքան խոնավ էր ու ցեխոտ, որ անհնար էր տնից դուրս գալ։ Անձրևի երրորդ օրը որոշեցինք քաղաք տեղափոխվել։
 
― Մի մտահոգվեք, միստր Հենրի, ― ասաց Գութթինգհենը։ ― Ոչ մի նախազգուշացում էլ պետք չէ։ Ես չէի էլ կարծում, որ եղանակը վատանալուց հետո կմնաք։
 
― Մենք պետք է Madame֊ի պատճառով հիվանդանոցին մոտ լինենք, ― ասացի ես։
 
― Հասկանում եմ, ― ասաց նա։ ― Գուցե էլի գաք ձեր փոքրիկի հետ։
 
― Ինչո՞ւ չէ, եթե ազատ սենյակ ունենաք։
 
― Գարնանն այստեղ հիանալի է, կարող եք գալ, մեծ հաճույք կստանաք։ Փոքրիկին ու դայակին կտեղավորենք մեծ սենյակում, որը հիմա փակ է, իսկ դուք և Madame֊ը կապրեք նույն սենյակում, լճի դիմաց։
 
― Նախօրորք կգրեմ ձեզ, ― ասացի ես։
 
Մենք հավաքեցինք մեր իրերը և, ճաշից հետո, առաջին գնացքով մեկնեցինք։ Միստր ու միսսիս Գութթինգհենները մեզ կայարան ուղեկցեցին, և ամուսինը մեր ճամպրուկները դրեց սահնակի վրա ու քշեց ցեխերի միջով։ Անձրևի տակ կանգնել էին կառամատույցում ու ձեռքով հրաժեշտ էին տալիս մեզ։
 
― Ինչ լավ մարդիկ էին, ― ասաց Կետրինը։
 
― Շատ ազնիվ էին մեր նկատմամբ։
 
Մոնտրեում նստեցինք Լոզան տանող գնացքը։ Ամպերը ծածկել էին այն լեռը, որի լանջին ապրել էինք մենք, ու վագոնի պատուհանից ոչինչ չէր երևում։ Գնացքը կանգ առավ Վեվեում, հետո շարունակեց ընթացքը։ Ճանապարհի մի կողմում լիճն էր, իսկ մյուս կողմում՝ թաց, գորշ դաշտեր, մերկ անտառներ ու թաց տնակներ։ Մենք Լոզան հասանք և տեղավորվեցինք փոքրիկ մի հյուրանոցում։ Դեռ անձրև էր գալիս, երբ մեր կառքն անցնում էր փողոցներով և գնում դեպի հյուրանոց։ Զգեստի ծալից շղթայակապ պղնձե բանալիներ կախած դռնապանը, վերելակը, հատակի գորգերը, փայլփլող սպասենրով լվացարանները, մետաղե մահճակալը և մեծ ու հարմարավետ ննջարանը, այս ամենը շատ շքեղ էին թվում Գութթինգհենների տնից հետո։ Սենյակի պատուհանները նայում էին դեպի թաց պարտեզը, որ շրջապատված էր պարիսպներով, պարիսպների վրա երկաթե վանդակներ էին ամրացված։ Զառիթափ ճանապարհի մյուս կողմում հենց այդպիսի պարիսպներով մի ուրիշ հյուրանոց կար։ Նայում էի, թե ինչպես էին անձրևի կաթիլները թափվում պարտեզի ավազանի մեջ։
 
Կետրինը վառեց բոլոր լույսերը ու սկսեց դատարկել ճամպրուկները։ Սոդայով վիսկի պատվիրեցի և, անկողնում պառկած, կարդացի կայարանում գնած թերթը։ 1918 թվականի մարտ ամիսն էր, և գերմանացիները հարձակվել էին Ֆրանսիայի վրա։ Սոդայով վիսկի էի խմում և թերթ կարդում, մինչև որ Կետրինը դատարկեց ճամպրուկները ու սկսեց պտտվել սենյակում։
 
― Գիտե՞ս ինչի մասին պետք է մտածեմ, սիրելիս, ― ասաց նա։
 
― Ինչի՞ մասին։
 
― Երեխայի հագուստների։ Այս ժամանակ բոլորն էլ հագուստներն արդեն գնած են լինում։
 
― Հիմա էլ կարող ես գնել։
 
― Գիտեմ։ Վաղը հենց դրանով էլ կզբաղվեմ։ Կիմանամ, թե ինչն է ամենից անհրաժեշտ։
 
― Առանց այդ էլ պետք է իմանայիր։ Չէ՞ որ հիվանդապահուհի ես եղել։
 
― Այո, բայց հիվանդանոցում զինվորները հազվադեպ էին երեխայի տեր դառնում։
 
― Իսկ ես դարձա։
 
Նա բարձը գցեց, և վիսկին ու սոդան թափվեցին։
 
― Էլի կպատվիրեմ, ― ասաց նա։ ― Ներիր, որ թափեցի։
 
― Ոչինչ, քիչ էր մնացել։ Արի ինձ մոտ։
 
― Ոչ։ Ես ուզում եմ այնպես անել, որ ինչ֊որ բանի նման լինի մեր սենյակը։
 
― Ինչի՞ նման։
 
― Մեր տան։
 
― Անտանտայի դրոշակը կախիր։
 
― Ձա՛յնդ։
 
― Այնպես զգույշ ես ասում, որ կարծես ոչ ոքի չես ուզում վիրավորել։
 
― Սխալվում ես։
 
― Դե ուրեմն արի ինձ մոտ։
 
― Լավ։ ― Եկավ, նստեց մահճակալին։ ― Գիտեմ, սիրելիս, հիմա ես քեզ համար շատ ծիծաղելի եմ։ Տակառի եմ նման։
 
― Ոչ, ոչ։ Դու գեղեցիկ ես, դու շատ քաղցր ես։
 
― Ինչ֊որ անճոռնի բանի հետ ես ամուսնացել
 
― Ոչ։ Դու անընդհատ ավելի ես գեղեցկանում։
 
― Բայց ես նորից կնիհարեմ, սիրելիս։
 
― Հիմա էլ ես նիհար։
 
― Դու խմել ես։
 
― Միայն մի բաժակ։
 
― Հիմա էլի կբերեմ, ― ասաց նա։ ― Չխնդրե՞նք, որ ճաշն էլ այստեղ բերեն։
 
― Վատ չէր լինի։
 
― Դե ուրեմն դուրս չենք գա, չէ՞։ Ամբողջ երեկոն տանը կմնանք։
 
― Ու կխաղանք, ― ասացի ես։
 
― Գինի եմ խմելու, ― ասաց Կետրինը։ Չի վնասի։ Գուցե մեր հին, սպիտակ կապրին ունենան։
 
― Գուցե, ― ասացի ես։ ― Այսպիսի հյուրանոցներում միշտ էլ իտալական գինիներ են լինում։
 
Մատուցողը բախեց դուռը։ Սառույցով վիսկի բերեց, սկուտեղի վրա սոդայի մի փոքրիկ շիշ էլ կար։
 
― Շնորհակալություն, ― ասացի ես։ ― Այստեղ դրեք։ Խնդրում եմ երկու հոգու համար ճաշ բերել և երկու շիշ սեղանի սպիտակ կապրի, սառույցով։
 
― Իսկ սուպ չե՞ք ուզենա։
 
― Եթե կարելի է։
 
― Մի պնակ։
 
― Շատ լավ, սըր։
 
Նա դուրս եկավ ու փակեց դուռը։ Ես նորից թերթ կարդացի, կարդացի պատերազմի մասին, և սառույցով լցված վիսկիի բաժակի մեջ դանդաղ սոդա էի լցնում։ Պետք է ասեի, որ վիսկիի մեջ սառույց չդնեն։ Թող սառույցը առանձին բերեն։ Միայն այդպես կարելի էր որոշել, թե բաժակում որքան վիսկի կա, և հանկարծ չի պարզվի, որ սոդան շատ ես լցրել։ Պետք է մի շիշ վիսկի գնել և ասել, որ միայն սոդա ու սառույց բերեն։ Միակ հարմար ելքն է դա։ Լավ վիսկին շատ հաճելի բան է։ Կյանքի հաճելի երևույթներից մեկն է։
 
― Ինչի՞ մասին ես մտածում, սիրելիս։
 
― Վիսկիի։
 
― Իսկ ի՞նչ։
 
― Թե ինչ լավ բան է վիսկին։
 
Կետրինը ծամածռեց դեմքը։
 
― Դե լավ, ― ասաց նա։
 
 
Հյուրանոցում երեք շաբաթ մնացինք։ Վատ չէր։ Ռեստորանը սովորաբար դատարկ էր լինում, և գիշերները հաճախ մեր սենյակում էինք ուտում։ Զբոսնում էինք քաղաքում, տրամվայ նստում, հասնում Ուշի և զբոսնում լճի մոտ։ Եղանակը տաքացավ, և արդեն գարնան հոտ էր գալիս։ Ափսոսում էինք, որ լեռնալանջին չենք ապրում։ Բայց գարնանային եղանակն ընդամենը մի քանի օր էր տևում, և նահանջող ձմռան ցուրտ խոնավությունը նորից զգալի էր դառնում։
 
Կետրինը գնեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր երեխային։ Ես հաճախում էի մարմնամարզական սրահ և բռնցքամարտի վարժություններ կատարում։ Սովորաբար առավոտներն էի գնում, երբ Կետրինը դեռ անկողնում էր լինում։ Այս կիսագարնանային օրերին շատ հաճելի էր բռնցքամարտից ու լոգանքից հետո քայլել փողոցում, շնչել գարնանային օդը և սրճարան մտնել, և մարդկանց դիտել, և թերթ կարդալ, և վերմուտ խմել, հետո վերադառնալ հյուրանոց ու նախաճաշել Կետրինի հետ։ Բռնցքամարտի մարզիչը բեղեր ուներ, շարժումները ճշգրիտ էին ու կտրուկ, ու նա չափազանց վախենում էր, երբ սկսում էի հարձակվել նրա վրա։ Բայց մարմնամարզության դահլիճում շատ հաճելի էր։ Օդավետ էր ու լուսավոր, և ես կարգին պարապում էի, պարանով ցատկում, բռնցքամարտի զանազան ձևեր սովորում և բաց պատուհանից ընկած արևի ճառագայթների շերտի տակ պառկում էի հատակին ու փորի վարժություններ կատարում ու, երբեմն, մարզիչի հետ բռնցքամարտ խաղալիս, վախեցնում էի նրան։ Սկզբում չէի կարողանում նեղ ու երկար հայելու առաջ բռնցքամարտ սովորել, որովհետև շատ տարօրինակ էր մորուքավոր բռնցքամարտիկի տեսնել։ Բայց ի վերջո դա զվարճալի դարձավ։ Հենց որ սկսեցի բռնցքամարտով զբաղվել, ուզեցի մորուքս սափրել, բայց Կետրինը թույլ չտվեց։
 
Երբեմն Կետրինն ու ես կառք էինք նստում և զբոսնում քաղաքից դուրս։ Հաճելի էր լավ եղանակին կառքով զբոսնել, ու մենք երկու հրաշալի ճաշարան հայտնաբերեցինք ճանապարհին։ Կետրինը հիմա չէր կարողանում երկար քայլել, և ինձ դուր էր գալիս կառք նստել ու գյուղամիջյան ճամփաներով զբոսնել նրա հետ։ Լավ եղանակին հիանալի ժամանակ էինք անցկացնում, ու մենք երբեք վատ ժամանակ չանցկացրինք։ Գիտեինք, որ շուտով կծնվի մեր երեխան, և դա երկուսիս էլ ստիպում էր մի տեսակ շտապել, չկորցնել այն րոպեները, երբ կարող էինք միասին լինել։
 
 
==Գլուխ 41==
 
 
Մի գիշեր մոտ ժամը երեքին արթնացա ու զգացի, որ Կետրինը շուռումուռ էր գալիս անկողնում։
 
― Լավ չե՞ս, Կետ։
 
― Ցավեր ունեմ, սիրելիս։
 
― Հաճախակի՞ ցավեր են։
 
― Ոչ այնքան։
 
― Եթե հաճախակի դառնան, պետք է հիվանդանոց գնալ։
 
Քունս շատ էր տանում, ու ես քնեցի։ Քիչ անց նորից արթնացա։
 
― Գուցե բժշկին զանգես, ― ասաց Կետրինը։ ― Ինձ թվում է, որ արդեն սկսվում է։
 
Մոտեցա հեռախոսին ու զանգահարեցի բժշկին։
 
― Որքա՞ն ժամանակը մեկ են ցավերը գալիս, ― հարցրեց նա։
 
― Ոքրա՞ն ժամանակը մեկ են ցավերդ գալիս, Կետ։
 
― Ինձ թվում է՝ տասնհինգ րոպեն մեկ։
 
― Այդ դեպքում, պետք է հիվանդանոց տեղափոխել, ― ասաց բժիշկը։ ― Հիմա կհագնեվեմ և անմիջապես կգամ։
 
Կախեցի հեռախոսափողը և ապա զանգահարեցի կայարանամերձ գարաժ, որպեսզի տաքսի պատվիրեմ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք չէր պատասխանում։ Վերջապես ինչ֊որ մեկը մոտեցավ հեռախոսին ու խոստացավ անհապաղ տաքսի ուղարկել։ Կետրինը հագնվում էր։ Բոլոր անհրաժեշտ իրերն ու երեխայի շորերն արդեն վաղուց դրված էին ճամպրուկի մեջ։ Միջանցք ելա ու սեղմեցի վերելակի կոճակը։ Պատասխան չեղավ։ Իջա ներքև։ Բացի գիշերապահից ներքևում ոչ ոք չկար։ Ես ինքս բարձրացրի վերելակը, վերցրի Կետրինի իրերը, նա մտավ ներս, ու մենք ցած իջանք։ Գիշերապահը բաց արեց դուռը, ու մենք նստեցինք մուտքի աստիճանների անկյունաքարերին և սկսեցինք տաքսի սպաել։ Պարզ գիշեր էր, ու երկնքում աստղեր կային։ Կետրինը շատ էր հուզված։
 
― Այնքան ուրախ եմ, որ սկսվեց, ― ասաց նա։ ― Շուտով ամեն ինչ կվերջանա։
 
― Իմ լավ, իմ քաջ աղջիկ։
 
― Չեմ վախենում։ Բայց երանի շուտ գար տաքսին։
 
Լսեցինք մոտեցող մեքենայի աղմուկը ու տեսանք լուսարձակները։ Տաքսին կանգնեց հյուրանոցի մուտքի մոտ, ու ես Կետրինին օգնեցի նստել, իսկ վարորդը ճամպրուկը դրեց առջևի նստատեղին։
 
― Հիվանդանոց, ― ասացի ես։
 
Դուրս եկանք սալահատակ ճանապարհը և սկսեցինք բարձրաալ դեպի բլուրը։
 
Երբ հիվանդանոց հասանք, ես վերցրի ճամպրուկը, ու մենք ներս մտանք։ Գրասեղանի մոտ նստած էր մի կին, որը մատյանի մեջ գրանցեց Կետրինի անուն ազգանունը, տարիքը, հասցեն, տվյալներ ազգականների մասին և կրոնական պատկանելիությունը։ Կետրինն ասաց, որ ոչ մի կրոն չունի, և կինն այդ բառերի դիմաց գծիկ դրեց։ Ասաց նաև, որ նրա անուն ազգանունը Կետրին Հենրի է։
 
― Ես ձեզ կուղեկցեմ, ― ասաց կինը։
 
Վերելակով բարձրացանք։ Կինը կանգնեցրեց վերելակը, դուրս եկանք միջանցք ու հետևեցինք նրան։ Կետրինն ամուր բռնել էր իմ թևը։
 
― Սա է ձեր սենյակը, ― ասաց նա։ ― Խնդրում եմ հանվեք և մտեք անկողին։ Հագեք այս գիշերանոցը։
 
― Գիշերանոց ունեմ, ― ասաց Կետրինը։
 
― Ավելի լավ է սա հագնեք, ― ասաց կինը։
 
Դուրս եկա միջնացք ու նստեցի աթոռին։
 
― Հիմա կարող եք մտնել, ― դռան միջից ասաց կինը։
 
Կետրինը պառկել էր նեղ մահճակալի վրա և հագել կոշտ կտորից կարված, քառակուսի բացվածքով մի հասարակ գիշերանոց։ Նա ժպտաց ինձ։
 
― Հիմա արդեն լավ է ցավում, ― ասաց նա։
 
Կինը բռնել էր նրա դաստակը և ժամացույցով հետևում էր ցավերին։
 
― Այ, հիմա ուժեղ ցավեց, ― ասաց Կետրինը։
 
Ես դա զգացի նրա դեմքից։
 
― Որտե՞ղ է բժիշկը, ― հարցրի կնոջը։
 
― Քնած է ներքևում։ Երբ որ կարիք լինի կգա։ Պետք է որոշ բաներ անել Madame֊ին, ― ասաց հիվանդապահուհին։ ― Եթե կարելի է նորից դուրս եկեք։
 
Դուրս եկա միջանցք։ Դատարկ միջանցք էր, երկու պատուհան ու փակ դռներ։ Հիվանդանոցի հոտ էր գալիս։ Աթոռին նստած, նայում էի հատակին ու աղոթում Կետրինի համար։
 
― Կարող եք գալ, ― ասաց հիվանդապահուհին։
 
Ներս մտա։
 
― Հելլո, սիրելիս, ― ասաց Կետրինը։
 
― Ինչպե՞ս ես։
 
― Հիմա ավելի հաճախ են ցավերս գալիս։
 
Դեմքն աղավաղվեց։ Հետո նա ժպտաց։
 
― Այ սա իսկական ցավ էր։ Խնդրում եմ, ձեր ձեռքը նորից մեջքիս դրեք։
 
― Եթե օգնում է, կդնեմ, ― ասաց հիվանդապահուհին։
 
― Գնա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Գնա և մի բան կեր։ Հիվանդապահուհին ասում է, որ սա կարող է երկար տևել։
 
― Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում, ― ասաց հիվանդապահուհին։
 
― Խնդրում եմ, գնա և մի բան կեր, ― ասաց Կետրինը։ ― Ես իրոք լավ եմ զգում։
 
― Մի քիչ էլ կմնամ, ― ասացի ես։
 
Ցավերը կանոնավորապես կրկնվում էին, բայց հետո նվազեցին։ Կետրինը շատ էր հուզված։ Երբ ցավը սաստիկ էր լինում, ասում էր, որ լավ ցավ է։ Իսկ երբ նվազեցին, հուսախաբվեց ու ամաչեց։
 
― Գնա սիրելիս, ― ասաց նա։ ― Քո ներկայությունը կաշկանդում է ինձ։ ― Դեմքն աղավաղվեց։ ― Ահա։ Այս մեկն արդեն ավելի լավ էր։ Այնպես եմ ուզում լավ կին լինել և առանց խենթությունների ծննդաբերել։ Խնդրում եմ, գնա նախաճաշիր, սիրելիս հետո վերադարձիր։ Չեմ տխրի առանց քեզ։ Հիվանդապհուհին շատ հոգատար է։
 
― Դուք շատ ժամանակ ունեք նախաճաշելու, ― ասաց հիվանդապահուհին։
 
― Լավ, կգնամ։ Ցտեսություն, սիրելիս։
 
― Ցտեսություն, ― ասաց Կետրինը։ ― Իմ փոխարեն էլ նախաճաշիր։
 
― Որտե՞ղ կարող եմ նախաճաշել, ― հարցրի հիվանդապահուհուն։
 
― Փողոցի ծայրին, հրապարակի մոտ սրճարան կա, ― ասաց նա։ ― Պետք է որ արդեն բաց լինի։
 
Արդեն լուսանում էր։ Քայլեցի դատարկ փողոցով ու հասա սրճարան։ Պատուհանում լույս էր վառվում։ Ներս մտա ու կանգնեցի ցինկե վաճառասեղանի մոտ, ու մի ծերուկ ինձ տվեց մի բաժակ սպիտակ գինի և բրիոշ։ Հին բրիոշ էր։ Ես այն թաթախեցի գինու մեջ, իսկ հետո մի բաժակ սուրճ խմեցի։
 
― Ի՞նչ եք անում այս ժամին, ― հարցրեց ծերուկը։
 
― Կինս ծննդաբերում է հիվանդանոցում։
 
― Հա՜։ Հաջողություն եմ ցանկանում։
 
― Մի բաժակ էլ գինի տվեք։
 
― Նա շատ թեքեց շիշը, և մի քիչ գինի թափվեց վաճառասեղանին։ Խմեցի, վճարեցի ու դուրս եկա։ Բոլոր տների առջև աղբամաններ էին դրված։ Աղբատարը պիտի գար ու հավաքեր։ Մի շուն հոտոտում էր աղմաբաններից մեկը։
 
― Ի՞նչ ես ուզում, ― հարցրի նրան, կռացա ու նայեցի, թե արդյոք աղբամանում ուտելու ոչինչ չկա՞ր նրա համար։ Սրճի թանձրուկ էր, փոշի, մի քանի թոշնած ծաղիկ և ուրիշ ոչինչ։
 
― Ուտելիք չկա, շուն, ― ասացի ես։
 
Շունն անցավ դիմացի մայթը։ Գնացի հիվանդանոց, բարձրացա Կետրինի հարկը, քայլեցի միջանցքով ու հասա դռանը։ Բախեցի։ Պատասխան չեկավ։ Բաց արի դուռը։ Սենյակը դատարկ էր, միայն Կետրինի ճամպրուկն էր աթոռի վրա և կեռիկից կախված նրա խալաթը։ Դուրս եկա միջանցք ու սկսեցի փնտրել որևէ մեկի։ Տեսա մի ուրիշ հիվանդապահուհու։
 
― Որտե՞ղ է Madame Հենրին։
 
― Հենց հիմա մի կնոջ ծննդասենյակ տարան։
 
― Որտե՞ղ է այդ սենյակը։
 
― Ես ձեզ կուղեկցեմ։
 
Նա ինձ տարավ մինչև միջանցքի վերջը։ Ծննդասենյակի դուռն բաց էր։ Տեսա, որ Կետրինին պառկեցրել էին սեղանի վրա ու սավանով ծածկել։ Սեղանի մի կողմում կանգնած էր հիվանդապահուհին, իսկ մյուս կողմում, ինչ֊որ գլանների մոտ՝ բժիշկը։ Նա բռնել էր ռետինե դիմակը, որի ծայրին խողովակ կար։
 
― Ես ձեզ խալաթ կտամ, ու դուք կարող եք մտնել, ― ասաց հիվանդապահուհին։ ― Այստեղ եկեք, խնդրում եմ։
 
Նա ինձ սպիտակ խալաթ հագցրեց ու անգլիական գնդասեղով ամրացրեց ետևի կողմից։
 
― Հիմա կարող եք մտնել, ― ասաց նա։
 
Սենյակ մտա։
 
― Դո՞ւ ես, սիրելիս, ― լարված ձայնով ասաց Կետրինը։ ― Առաջ չի գնում։
 
― Դո՞ւք եք միստր Հենրին, ― հարցրեց բժիշկը։
 
― Այո։ Ինչպե՞ս է վիճակը, բժիշկ։
 
― Շատ լավ է, ― ասաց բժիշկը։ ― Մենք եկանք, որպեսզի ցավերի ժամանակ կարողանանք գազ տալ։
 
― Տվեք, ― ասաց Կետրինը։
 
Բժիշկը ռետինե դիմակով ծածկեց նրա երեսը, ինչ֊որ սկավառակ պտտեց, ու ես տեսա, թե ինչպես Կետրինն սկսեց խոր ու արագ շնչել։ Հետո նա մի կողմ հրեց դիմակը։ Բժիշկն անջատեց գործիքը։
 
― Ուժեղ չէ։ Քիչ առաջ շատ ուժեղ էր։ Բժիշկն այնպես արեց, որ կարծես ես այլևս գոյություն չունեի, այնպես չէ՞, բժիշկ։
 
Ձայնը տարօրինակ էր հնչում։ «Բժիշկ» բառի վրա բարձրացավ։ Բժիշկը ժպտաց։
 
― Նորից եմ ուզում, ― ասաց Կետրինը։
 
Նա ռետինը կիպ սեղմել էր դեմքին և արագ֊արագ շնչում էր։ Լսեցի, թե ինչպես թեթևակի տնքաց։ Հետո հանեց դիմակն ու ժպտաց։
 
― Ավելի ուժեղ էր, ― ասաց նա։ ― Սա շատ ուժեղ էր։ Մի մտահոգվիր, սիրելիս, գնա։ Գնա մի անգամ էլ նախաճաշիր։
 
― Ոչ մի տեղ չեմ գնա, ― ասացի ես։
 
 
Մենք հիվանդանոց գնացինք գիշերվա մոտ ժամը երեքին։ Կեսօրին Կետրինը դեռ ծննդաբերում էր։ Ցավերը նորից թուլացել էին։ Շատ հոգնած ու տանջված տեսք ուներ, բայց և այնպես չէր կորցրել աշխուժությունը։
 
― Ես ոչ մի բանի պետք չեմ, ― ասաց նա։ ― Շատ եմ ցավում։ Կարծում էի, թե ամեն ինչ հեշտ կանցնի։ Իսկ հիմա, տես, նորից․․․ ձեռքը տարավ դիմակին ու դրեց երեսի վրա։ Բժիշկը պտտեց սկավառակը ու հետևեց նրան։ Քիչ անց ցավը վերացավ։
 
― Այս մեկը թույլ էր, ― ասաց Կետրինը։ Նա ժպտաց։ ― Գժվում եմ այս գազի համար։ Հրաշալի բան է։
 
― Մի քանի հատ տուն տանենք, ― ասացի ես։
 
― Հիմա նորից կլինի, ― արագ ասաց Կետրինը։
 
Բժիշկը պտտեց սկավառակը ու նայեց ժամացույցին։
 
― Հիմա ինչքա՞ն են ընդմիջումները, ― հարցրի ես։
 
― Մոտ մի րոպե։
 
― Քաղցած չե՞ք։
 
― Քիչ հետո կգնամ կնախաճաշեմ, ― ասաց նա։
 
― Դուք պետք է մի բան ուտեք, բժիշկ, ― ասաց Կետրինը։ ― Ցավում եմ, որ այսքան երկար տևեց։ Գուցե առայժմ ամուսինս կարողանա գազ տալ։
 
― Ինչպես ուզում եք, ― ասաց բժիշկը։ ― Պտտեք մինչև երկու թվանշանը։
 
― Պարզ է, ― ասացի ես։
 
― Սկավառակի վրա նշան կար և շարժալծակ։
 
― Հենց հիմա, տվեք, ― ասաց Կետրինը։
 
Նա դիմակն ամուր սեղմել էր երեսին։ Ես սկավառակը պտտեցրի մինչև երկու թվանշանը, ու երբ Կետրինը հանեց դիմակը, ետ տարա։ Շատ ուրախ էի, որ բժիշկն ինձ գործ տվեց անելու։
 
― Գազը դո՞ւ տվեցիր, սիրելիս, ― հարցրեց Կետրինը։ ― Նա շոյեց ձեռքս։
 
― Իհարկե։
 
― Ինչ լավն ես։
 
Նա մի փոքր հարբել էր գազից։
 
― Ես կողքի սենյակում եմ նախաճաշելու, ― ասաց բժիշկը։ Երբ որ ուզենաք կարող եք կանչել։
 
Ժամանակն անցնում էր, ու ես նայում էի, թե ինչպես էր ուտում, քիչ հետո տեսա, որ պառկեց ու սկսեց ծխել։ Կատրինն էլ ավելի էր հոգնում։
 
― Ի՞նչ ես կարծում, ծննդաբերելու եմ, թե ոչ, ― հարցրեց նա։
 
― Իհարկե ծննդաբերելու ես։
 
― Ինչ֊որ հնարավոր է, անում եմ։ Հրում եմ, բայց էլի ետ է գալիս։ Հիմա նորից կլինի։ Տուր, տուր։
 
Ժամը երկուսին դուրս եկա հիվանդանոցից ու գնացի ճաշելու։ Սրճարանում քիչ մարդ կար, սեղանների վրա դրված էին սուրճ և կեռասօղիով լցված բաժակներ։ Նստեցի սեղաններից մեկի մոտ։
 
― Ի՞նչ կա ուտելու, ― հարցրի մատուցողին։
 
― Ճաշի ժամն արդեն անցել է։
 
― Իսկ մշտական ուտելիք չունե՞ք։
 
― Կարող եմ choucroute<ref>Կաղամբով նրբերշիկ (ֆր․)։</ref> տալ։
 
― Choucroute<ref>Թթու կաղամբ (գերմ․)։</ref> և գարեջուր։
 
― Մի գավաթ, թե կես։
 
― Կես գավաթ, բաց գույնի։
 
Մատուցողը բերեց մի պնակ cauerkraut,<ref>Թթու կաղամբ (գերմ․)։</ref> որի վրա մի կտոր խոզապուխտ կար, գինիով պատրաստված տաք կաղամբ ու նրբերշիկ։ Կերա կաղամբը ու գարեջուր խմեցի։ Շատ էի քաղցած։ Նայեցի սրճարանում նստած մարդկանց։ Սեղաններից մեկի մոտ թուղթ էին խաղում։ Հարևան սեղանին նստած երկու տղամարդ զրուցում էին ու ծխում։ Սրճարանը ծխով էր լցված։ Ցինկե վաճառասեղանի մոտ, որտեղ ես նախաճաշել էի առավոտյան, հիմա երեք հոգի էին կանգնած։ Ծերուկը, դրամարկղի մոտ նստած մի գեր, սևազգեստ կին, որը հետևում էր, թե ինչ էին ուտում մարդիկ և գոգնոց հագած մի տղա։ Մտածում էի, թե արդյոք քանի՞ երեխա ուներ այդ կինը և ինչպե՞ս էր ծննդաբերել։
 
Choucroute֊ը կերա ու վերադարձա հիվանդանոց։ Փողոցն արդեն մաքուր էր։ Աղբամաններ չկային։ Ամպոտ օր էր, բայց արևը փորձում էր դուրս գալ։ Բարձրացա վերելակով, միջանցք ելա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ իմ սպիտակ խալաթն էի թողել։ Հագ ու գնդասեղով ամրացրի ետևից։ Նայեցի հայելուն, և ինձ թվաց, թե մորուքավոր ու խարդախ բժշկի եմ նման։ Քայլեցի միջանցքով ու մոտեցա ծծնդասենյակին։ Բաց արի ու ներս մտա։ Բժիշկը նստել էր Կետրինի կողքին։ Հիվանդապահուհին ինչ֊որ բան էր անում սենյակի մյուս ծայրում։
 
― Ահա ձեր ամուսինը, ― ասաց բժիշկը։
 
― Օ, սիրելիս, հիանալի բժշկի ձեռք եմ ընկել, ― տարօրինակ ձայնով ասաց Կետրինը։ ― Նա մի հոյակապ անեկդոտ պատմեց ինձ, իսկ երբ ցավերս ուժեղացան, այնպես արեց, որ կարծես այլևս գոյություն չունեի։ Նա հիանալի բժիշկ է։ Դուք հիանալի բժիշկ եք։
 
― Դու հարբա՞ծ ես, ― ասացի ես։
 
― Գիտեմ, ― ասաց Կետրինը։ ― Բայց մի ասա։ ― Հետո՝ ― տուր։ Շուտ արա, տուր։
 
Նա եղունգներով սեղմեց դիմակը և սկսեց այնքան արագ ու ընդհատ֊ընդհատ շնչել, որ ապարատի մեջ ինչ֊որ բան չխկչխկաց։ Հետո խորը շունչ քաշեց, և բժիշկը մեկնեց ձախ ձեռքն ու հանեց դիմակը։
 
― Այս մեկը շատ ուժեղ էր, ― ասաց Կետրինը։ ― Ձայնը շատ տարօրինակ էր։ ― Հիմա արդեն չեմ մեռնի, սիրելիս։ Անցավ վտանգը, երբ կարող ես մեռնել։ Ուրախ չե՞ս։
 
― Էլ չվերադարձա այնտեղ։
 
― Չեմ վերադառնա։ Եվ չեմ վախենում։ Չեմ մեռնի, սիրելիս։
 
― Այդպիսի հիմարություն չեք անի, ― ասաց բժիշկը։ ― Չեք մեռնի և ձեր ամուսնուն մենակ չեք թողնի։
 
― Օ, ոչ։ Չեմ մեռնի։ Չեմ մեռնելու։ Հիմարություն է մեռնելը։ Ըհը, նորից սկսեց։ Տվեք։
 
Քիչ անց բժիշկն ասաց․
 
― Միստր Հենրի, ― մի քանի րոպեով դուրս եկեք, ես պետք է քննեմ ձեր կնոջը։
 
― Ուզում է վիճակս ստուգել, ― ասաց Կետրինը։ ― Հետո կարող ես գալ, սիրելիս, այնպես չէ՞, բժիշկ։
 
― Այո, ― ասաց բժիշկը։ Իմաց կտամ։
 
Դուրս եկա ու գնացի Կետրինի սենյակը, որտեղ, ծննդաբերությունից հետո, պետք է բերեին նրան։ Նստեցի աթոռին ու նայեցի շուրջս։ Գրպանումս մի թերթ կար, որ գնել էի նախաճաշի գնալիս, ու սկսեցի կարդալ։ Արդեն մթնում էր, ու ես վառեցի լույսը, որպեսզի կարողանամ կարդալ։ Քիչ անց թերթը մի կողմ դրեցի, հանգցրի լույսը ու նայեցի, թե ինչպես է օրը մթնում։ Ինչո՞ւ բժիշկը մինչև հիմա իմաց չէր տալիս։ Գուցե ավելի լավ է, որ չմնացի այնտեղ։ Գուցե նա ուզում էր, որ դուրս գայի։ Նայեցի ժամացույցիս։ Եթե տասը րոպեից ոչ ոք չգա, այնուամենայնիվ կվերադառնամ։
 
Իմ խեղճ, խեղճ, իմ սիրելի Կետրին։ Սա է այն գինը, որ վճարում ես իրար հետ պառկելու համար։ Սա է ծուղակը։ Սա է իրար սիրելու վերջը։ Գոնե փառք տանք աստծուն, որ գազ գոյություն ունի։ Իսկ ի՞նչ էին անում առաջ առանց անզգայացման։ Հենց որ սկսում է, կարծես ջրաղացի անիվների տակ ես ընկնում։ Կետրինը լավ տարավ հղիությունը։ Բնավ վատ չտարավ։ Սիրտն անգամ գրեթե չէր խառնում։ Մինչև վերջերս անհանգստություն չէր զգում, իսկ հիմա ամեն ինչ շուռ եկավ։ Հատուցումից չես փախչի։ Կփախչես, ինչպե՜ս չէ։ Ու եթե թեկուզ հիսուն անգամ ամուսնացած լինեինք, միևնույն է, սա պիտի պատահեր։ Իսկ եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Հիմա ծննդաբերությունից ոչ ոք չի մեռնում։ Այդպես են մտածում բոլոր ամուսինները։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի մեռնի։ Պարղապես տանջվում է։ Առաջին ծննդաբերությունն ընդհանրապես երկար է տևում։ Նա միայն տանջվում է, ուրիշ ոչինչ։ Հետո ասելու ենք իրար․ երևի ինչքան տանջվեցիր, իսկ Կետրինն ասելու է, որ այնքան էլ չի տանջվել։ Բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Խելքդ մի կորցրու։ Նա պարզապես տանջվում է հիմա։ Պարզապես, բնությունն այնպես է ստեղծել մարդուն, որ նա տանջվի։ Սա առաջին ծննդաբերությունն է, իսկ առաջին ծննդաբերությունը ընդհանրապես երկար է տևում։ Այո, բայց եթե հանկարծ մեռնի՞։ Չի կարող մեռնել։ Ինչո՞ւ պիտի մեռնի։ Ի՞նչ պատճառ կա մեռնելու։ Պարզապես երեխա պիտի ծնվի, միլանյան գիշերների մի հարակից արդյունք։ Նա է այս բոլոր դառնությունների պատճառը, իսկ հետո կծնվի, հետո կհոգաս նրա մասին, գուցե և կսկսես սիրել։ Ոչ մի վտանգ չկա։ Իսկ եթե մեռնի՞։ Չի մեռնի։ Իսկ եթե հանկա՞րծ մեռնի։ Չի մեռնի։ Բայց եթե մեռնի՛, մեռնի՛։ Հե՜յ, ի՞նչ կանես, եթե մեռնի։ Եթե հանկա՛րծ մեռնի։
 
Բժիշկը սենյակ մտավ։
 
― Ի՞նչ կա, բժիշկ։
 
― Ոչինչ։
 
― Ի՞նչ եք ուզում ասել։
 
― Արդեն ասացի։ Ես քննեցի նրան։ ― Ու մանրամասն պատմեց քննության արդյունքերը։ ― Հետո նորից սպասեցի։ Բայց գործն առաջ չի գնում։
 
― Ի՞նչ եք խորհուրդ տալիս։
 
― Երկու միջոց կա։ Կամ սաղմնահան, թեև դրանից կարող են պատռվածքներ առաջանալ և ընդհանրապես դա վտանգավոր է կնոջ համար, էլ չեմ ասում՝ երեխայի, կամ էլ կեսարյան հատում։
 
― Իսկ կեսարյան հատումը վտանգավոր չէ՞։ Հանկարծ չմեռնի։
 
― Բնական ծննդաբերությունից ոչ ավելի։
 
― Կարո՞ղ եք ինքներդ անել։
 
― Այո։ Հավանաբար, մի ժամ է հարկավոր, մինչև որ ամեն ինչ պատրաստեմ և հավաքեմ անհրաժեշտ բուժանձնակազմը։ Գուցե և մի քիչ պակաս։
 
― Իսկ ձե՞ր կարծիքն ինչ է։
 
― Ես խորհուրդ կտայի կեսարյան հատում անել։ Եթե նա իմ կինը լիներ, ես կեսարյան հատում կանեի։
 
― Ի՞նչ հետևանքներ կարող են լինել։
 
― Ոչ մի։ Միայն սպի։
 
― Իսկ վարա՞կ։
 
Եթե սաղմնահանով ծննդաբերեր, վտանգն ավելի մեծ կլիներ։
 
― Իսկ եթե ոչինչ չանեք ու սպասե՞ք։
 
― Վաղ թե ուշ ստիպված ենք որևէ բան անել։ Միսսիս Հենրին առանդ այդ էլ արդեն ուժասպառ է։ Որքան շուտ վիրահատեք, այնքան լավ է։
 
― Հնարավորին չափ շուտ վիրահատեք, ― ասացի ես։
 
― Հիմա կգնամ կկարգադրեմ։
 
Մտա ծննդասենյակ։ Հիվանդապահուհին Կետրինի մոտ էր։ Իսկ Կետրինը հոգնած ու շատ դժգույն, պառկած էր սեղանին, և նրա խոշոր մարմինը ծածկված էր սավանով։
 
― Ասացի՞ր, որ համաձայն ես, ― հարցրեց նա։
 
― Այո։
 
― Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Լավ է, չէ՞։ Մի ժամից ամեն ինչ կվերջանա։ Էլ ուժ չունեմ, սիրելիս։ Էլ չեմ կարող։ Խնդրում եմ, տուր այդ բանը։ Չի օգնում։ Օ՜հ, չի օգնում։
 
― Ավելի խոր շնչիր։
 
― Շնչում եմ։ Էլ չի օգնում։
 
― Ուրիշ գլան տվեք, ― ասացի հիվանդապահուհուն։
 
― Սա նոր գլան է։
 
― Ես խենթ եմ, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բայց էլ չի օգնում։ ― Նա սկսեց արտասվել։ ― Շատ էի ուզում, որ փոքրիկը ծնվեր, ու ես չանհանգստացնեի ոչ ոքի։ Բայց արդեն ուժ չունեմ, էլ չեմ կարող, էլ չի օգնում։ Օ, սիրելիս, էլ չի օգնում։ Թող մեռնեմ, միայն թե սա վերջանա։ Խնդրում եմ, սիրելիս, խնդրում եմ, այնպես արա, որ վերջանա։ Այ նորից սկսեց։ Օ֊օ֊օ֊օ՜։ ― Շնչում էր դիմակի տակ ու հեծկլտում։ ― Չի օգնում։ Չի օգնում։ Չի օգնում։ Բանի տեղ մի դիր, սիրելիս։ Խնդրում եմ, մի լացիր։ Բանի տեղ մի դիր։ Էլ չեմ կարող։ Խեղճ տղա։ Ես քեզ շատ եմ սիրում, ես նորից կփորձեմ։ Հիմա կփորձեմ։ Չե՞ն կարող մի ուրիշ բան տալ։ Եթե միայն կարողանային․․․
 
― Այնպես կանեմ, որ օգնի։ Մինչև վերջ կպտտեմ։
 
― Հենց հիմա արա։
 
Սկավառակը պտտեցի մինչև վերջ, ու երբ նա սկսեց ծանր ու խորը շնչել, դիմակին սեղմած նրա ձեռքերը թուլացան։ Ես անջատեցի գազը և հանեցի դիմակը։ Նա շատ հեռվից վերադարձավ։
 
― Ինչ լավ էր, սիրելիս։ Ինչքան բարի ես։
 
― Համբերիր, քաջ եղիր, ես չեմ կարող անընդհատ այդպես անել։ Դա կարող է սպանել քեզ։
 
― Ես արդեն քաջ չեմ, սիրելիս։ Ջարդված եմ։ Ջարդեցին ինձ։ Հիմա ես գիտեմ այդ։
 
― Շատերն են այդպես լինում։
 
― Սարսափելի է։ Այնքան են տանջում, մինչև որ ջարդվես։
 
― Մի ժամից ամեն ինչ կվերջանա։
 
― Ինչ լավ է։ Չեմ մեռնի, չէ՞մ սիրելիս։
 
― Ոչ։ Խոստանում եմ, որ չես մեռնի։
 
― Որովհետև չեմ ուզում մեռնել և քեզ մենակ թողնել, բայց շատ եմ հոգնել և զգում եմ, որ պիտի մեռնեմ։
 
― Դատարկ բաներ մի ասա։ Բոլորն են այդպես զգում։
 
― Երբեմն ես որոշակի զգում եմ, որ պիտի մեռնեմ։
 
― Չես մեռնի։ Չես կարող մեռնել։
 
― Իսկ եթե՞․․․
 
― Ես թույլ չեմ տա․․․
 
― Տուր այդ բանը։ Շուտ արա։
 
Հետո՝
 
― Չեմ մեռնի։ Ես էլ ինձ թույլ չեմ տա։
 
― Իհարկե չես մեռնի։
 
― Կմնա՞ս ինձ մոտ։
 
― Այո, բայց չեմ նայի։
 
― Լավ։ Բայց մի գնա։
 
― Չեմ գնա։ Միշտ քո կողքին եմ մնալու։
 
― Որքան բարի ես։ Տուր։ Էլի տուր։ Չի օգնում։ ― Սկավառակը պտտեցի մինչև երեք թվանշանը, իսկ հետո՝ չորս։ Երանի շուտ վերադառնար բժիշկը։ Վախենում էի երկուսին հաջորդող բոլոր թվանշաններից։
 
Վերջապես մի ուրիշ բժիշկ եկավ ու երկու հիվանդապահուհի, որոնք Կետրինին դրեցին անիվավոր պատգարակի վրա, ու մենք դուրս եկանք միջանցք։ Պատգարակն արագ֊արագ քշեցին միջանցքով ու մտան վերելակ, և մենք սեղմվեցինք պատերին, որպեսզի տեղ բացենք։ Հետո՝ վերև, հետո՝ բաց դուռ, վերելակից դեպի միջանցք, ռետինե անիվները միջանցքում, ապա՝ վիրահատարանում։ Բժիշկը դիմակ էր հագել ու թասակ դրել գլխին, և ես չճանաչեցի նրան։ Այնտեղ մի ուրիշ բժիշկ էլ կար ու մի քանի հիվանդապահուհի։
 
― Թող ինձ մի որևէ բան տան, ― ասաց Կետրինը։ ― Թող ինձ որևէ բան տան։ Խնդրում եմ, բժիշկ, այնքան տվեք, որ ազդի։
 
Բժիշկներից մեկը դիմակով ծածկեց նրա երեսը, ու ես նայեցի դռնից և տեսա վիրահատարանի պայծառ ու փոքրիկ ամֆիթատրոնը։
 
― Կարող եք մյուս դռնից մտնել ու նստել, ― մի հիվանդապահուհի ասաց ինձ։
 
Արգելապատից այն կողմ մի քանի նստարան կար, որտեղից երևում էին սպիտակ սեղանն ու լամպը։ Ես նայեցի Կետրինին։ Դեմքը ծածկված էր դիմակով, ու նա հիմա հանգիստ էր թվում։ Պատգարակն առաջ տարան։ Շրջվեցի ու դուրս եկա միջանք։ Երկու հիվանդապահուհի շտապում էին դեպի սրահը։
 
― Կեսարյան հատում է, ― ասաց նրանցից մեկը։ ― Կեսարյան հատում են անելու։
 
Մյուսը ծիծաղեց։
 
― Իսկական ժամանակին ենք գնում։ Բախտներս բերեց։
 
Նրանք ներս մտան սրահի դռնից։
 
Եկավ նաև մի ուրիշ հիվանդապահուհի։ Նա էլ էր շտապում։
 
― Մտեք, ուղիղ ներս մտեք, ― ասաց նա։
 
― Ես այստեղ կսպասեմ։
 
Նա շտապ ներս մտավ։ Ետ ու առաջ էի քայլում միջանցքում։ Վախենում էի մտնել։ Մոտեցա պատուհանին ու դուրս նայեցի։ Մութ էր, բայց պատուհանի լույսի տակ տեսա, որ անձրև է գալիս։ Մտա միջանցքի ծայրին գտնվող սենյակներից մեկն ու դիտեցի ապակեպատ պատուհանում շարված շշերի պիտակները։ Հետո դուրս եկա և կանգնեցի դատարկ միջանցքում և սկսեցի նայել վիրահատարանի դռանը։
 
Դուրս եկավ երկրորդ բժիշկը և մի հիավանդապահուհի։ Բժիշկը երկու ձեռքով բռնել էր հենց նոր մաշկած նապաստակի պես ինչ֊որ բան և, շտապ անցնելով միջանցքից, մտավ մի ուրիշ սենյակ։ Մոտեցա այդ սենյակի դռանը ու տեսա, որ նրանք ինչ֊որ բան էին անում նորածնին։ Բժիշկը բարձրացրեց նրան ու ցույց տվեց ինձ։ Ծնկներից բռնեց ու շրմփացրեց։
 
― Ամեն ինչ կարգի՞ն է։
 
― Հրաշալի մանչուկ է։ Հինգ կիլոգրամ կլինի։
 
Ոչ մի զգացում չարթնացավ իմ մեջ։ Կարծես նա կապ չուներ ինձ հետ։ Հայրական զգացում չկար մեջս։
 
― Հպարտ չե՞ք ձեր զավակով, ― հարցրեց հիվանդապահուհին։
 
Նրանք լվացին փոքրիկին ու ինչ֊որ բանի մեջ փաթաթեցին։ Տեսա նրա փոքրիկ թուխ դեմքը և թուխ թաթիկները, բայց ոչ մի շարժում չնկատեցի ու լացի ձայն չլսեցի։ Բժիշկը նորից սկսեց ինչ֊որ բան անել նրան։ Նա մտահոգ տեսք ուներ։
 
― Ոչ, ― ասացի ես։ ― Քիչ էր մնում, որ նա սպաներ մորը։
 
― Խեղճ մանչուկն ի՞նչ մեղք ունի։ Մի՞թե դուք տղա չէիք ուզում։
 
― Ոչ, ― ասացի ես։
 
Բժիշկն զբաղված էր նորածինով։ Բռնեց ոտքերից ու շրմփացրեց։ Էլ չմնացի նայելու։ Դուրս եկա միջանցք։ Հիմա կարող էի մտնել ու նայել։ Մտա սրահի դռնից ու մի քանի աստիճան իջա։ Արգելապատի մոտ նստած հիվանդապահուհիները նշան արեցին, որ մոտենամ։ Ես բացասաբար շարժեցի գլուխս։ Այստեղից ամեն ինչ երևում էր։
 
Կարծեցի, թե Կետրինը մեռած է։ Նա մեռած էր թվում։ Նրա դեմքը, դեմքի այն մասը, որ ես տեսա, մոխրագույն էր։ Ներքևում, լամպի լույսի տակ, բժիշկը կարում էր լայն, երկար, հաստ եզրերը պինցետներով անջատված վերքը։ Դիմակ հագած մյուս բժիշկը եթեր էր տալիս նրան։ Դիմակ հագած երկու հիվանդապահուհի գործիքներ էին մեկնում բժշկին։ Կարծես ինկվիզիցիայի պատկեր լիներ։ Գիտեի, որ կարող էի հիմա այնտեղ լինել ու ամեն ինչ տեսնել, բայց ուրախ էի, որ չեմ տեսնում։ Երևի չէի կարողանա նայել, թե ինչպես են ճեղքում, բայց հիմա նայում էի, թե ինչպես էին վերքի ծայրերը՝ կարծես հնակարկատի ասեղի արագ ու հմուտ շարժումների տակ՝ միակցվում լայն ու ցցված եզրակապերով, ու ես ուրախ էի։ Երբ վերքի ծայրերը վերջնականապես միակցվեցին, դուրս եկա միջանցք ու նորից սկսեցի ետ ու առաջ քայլել։ Քիչ անց դուրս եկավ նաև բժիշկը։
 
― Ինչպե՞ս է։
 
― Ոչինչ։ Նայո՞ւմ էիր։
 
Նա հոգնած տեսք ուներ։
 
― Տեսա, թե ինչպես էիք կարում։ Ինձ թվաց, թե ճեղքը շատ մեծ է։
 
― Կարծո՞ւմ եք։
 
― Այո։ Սպին կհարթվի՞ հետո։
 
― Իհարկե։
 
Քիչ անց դուրս հանեցին անվավոր պատգարակը և արագ֊արագ տարան դեպի վերելակը։ Ես քայլում էի պատգարակի կողքից։ Կետրինը տնքում էր։ Իջեցրին ներքևի հարկը, սենյակ մտցրին ու դրին անկողին։ Ես նստեցի մահճակալի ոտքերի մոտ դրված աթոռին։ Հիվանդապահուհին արդեն այնտեղ էր։ Վեր կացա ու կանգնեցի մահճակալի մոտ։ Սենյակում մութ էր։ Կետրինը մեկնեց ձեռքը։
 
― Դո՞ւ ես, սիրելիս, ― ասաց նա։ Ձայնը շատ թույլ էր ու հոգնած։ ― Ես եմ, իմ քաղցր աղջիկ։
 
― Ի՞նչ տեսակ երեխա է։
 
― Ս֊ս֊ս, մի խոսեք, ― ասաց հիվանդապահուհին։
 
― Տղա է։ Բարձրահասակ, թմբլիկ և թուխ։
 
― Ամեն ինչ կարգի՞ն է։
 
― Այո, ― ասացի ես։ ― Հրաշալի տղա է։
 
Նկատեցի, որ հիվանդապահուհին մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։
 
― Սարսափելի հոգնած եմ, ― ասաց Կետրինը։ ― Չորս կողմս վիրավորված է։ Իսկ դու լա՞վ ես, սիրելիս։
 
― Շատ լավ եմ։ Մի խոսիր։
 
― Դու այնքան բարի ես։ Օ, սիրելիս, չորս կողմս ցավում է։ Իսկ ո՞ւմ է նման։
 
― Ծերունական կնճռոտ դեմքով մաշված նապաստակի։
 
― Դուրս եկեք, ― ասաց հիվանդապահուհին, ― Madame Հենրին չպետք է խոսի։
 
― Հիմա ասացի ես։
 
― Գնա մի բան կեր։
 
― Ոչ, միջանցքում կսպասեմ։ ― Համբուրեցի Կետրինին։
 
Նա շատ մոխրագույն էր, և թույլ, և հոգնած։
 
― Կարելի՞ է մի րոպե, ― ասացի հիվանդապահուհուն։
 
― Նա ինձ հետ միջանց ելավ։ Մի փոքր հեռացա դռնից։
 
― Ի՞նչ է պատահել երեխային, ― հարցրի ես։
 
― Չգիտե՞ք։
 
― Ոչ։
 
― Նա կենդանի չէր։
 
― Մեռա՞ծ էր։
 
― Չկարողացան ստիպել, որ շնչի։ Պորտալարը փաթաթվել էր վզին։
 
― Ուրեմն, նա մեռած է։
 
― Այո։ Շատ ափսոս։ Այնքան մեծ, լավ տղա էր։ Կարծում էի, գիտեք։
 
― Ոչ, ― ասացի ես։ ― Ավելի լավ է Madame֊ի մոտ վերադարձեք։
 
Նստեցի սեղանի առջև, որի ծայրին դրված էին հիվանդապահուհիների՝ եզրահատին ամրացված հաշվետվությունները, ու նայում էի պատուհանին։ Ոչինչ չէի տեսնում բացի խավարից ու անձրևից, որը հատում էր պատուհանի լուսավոր շերտը։ Այ թե բանն ինչումն էր։ Երեխան մեռած էր։ Ահա թե ինչու բժիշկն այդքան հոգնած տեսք ուներ։ Բայց ինչո՞ւ էին սենյակում այդքան չարչարվում։ Երևի հույս ունեին, որ կսկսի շնչել ու կենդանանալ։ Ես հավատացյալ չեմ, բայց ուզում էի կնքել նրան։ Բայց չէ՞ որ նա ոչ մի անգամ չի շնչել։ Երբեք կենդանի չի եղել։ Միայն՝ Կետրինի մեջ։ Հաճախ եմ զգացել, թե ինչպես էր շարժվում։ Բայց վերջին շաբաթը՝ ոչ։ Գուցե արդեն խեղդված էր։ Խեղճ մանչուկ։ Երանի ես էլ այդպես խեղդված լինեի։ Ինչո՞ւ երանի։ Գոնե այսքան մահ չէի տեսնի։ Հիմա էլ Կետրինն է մեռնում։ Ահա թե ինչն է վախճանը։ Մահը։ Նույնիսկ չգիտես, թե ինչի համար։ Ժամանակ չես գտնում իմանալու։ Քեզ պարզապես կյանք են շպրտում և օրենքներ սովորեցնում ու հենց առաջին անգամ կտրում են հողից, սպանում են։ Կամ սպանում են հենց այնպես, ինչպես Այմոյին։ Կամ սիֆիլիսով են վարակում, ինչպես Ռինալդիին։ Բայց վերջ ի վերջո սպանում են։ Կարող ես վստահ լինել։ Նստիր ու սպասիր, և քեզ կսպանեն։
 
Մի անգամ անտառի բացատում խարույկի մեջ կոճղ գցեցի, որի վրա լիքը մրջյուններ կային։ Երբ կոճղն սկսեց վառվել, մրջյունները դուրս թափվեցին ու շարժվեցին դեպի կենտրոն, այսինքն, կրակի կողմը, հետո շուռ եկան ու վազեցին դեպի ծայրը։ Երբ ծայրին բավական շատ մրջյուն հավաքվեց, նրանք սկսեցին կրակի վրա ընկնել։ Մի քանիսը դուրս պրծան և, վառված ու տափակած, այս ու այն կողմ ցրվեցին, իրենք էլ չիմանալով, թե ուր։ Բայց մեծ մասը մոտենում էր կրակին, հետո նորից վերադառնում ու կուտակվում կոճղի զով ծայրին ու ի վերջո ընկնում կրակի բերանը։ Հիշում եմ, այն ժամանակ մտածեցի, որ աշխարհի վերջն է սա և առաքելություն ստանձնելու մի հիասքանչ առիթ․ կոճղը հանել խարույկի միջից և դեն շպրտել, որպեսզի մրջյյունները կարողանան գետին իջնել։ Բայց ոչինչ չարեցի, միայն անագե բաժակի ջուրը թափեցի կոճղի վրա, որովհետև հարկավոր էր այն պարպել, վիսկի լցնել և նոր միայն խառնել ջրով։ Ինձ թվում է, որ այրվող կոճղի վրա թափված ջուրը խաշեց մրջյուններին։
 
Միջանցքում նստած լուրի էի սպասում Կետրինից։ Հիվանդապահուհին չէր գալիս, և քիչ անց մոտեցա դռանը, կամացուկ բաց արի ու ներս նայեցի։ Սկզբում ոչինչ չկարողացա տեսնել, որովհետև միջանցքում պայծառ լույս էր վառվում, իսկ սենյակում մութ էր։ Հետո տեսա մահճակալի մոտ նստած հիվանդապահուհուն, Կետրինի գլուխը բարձի վրա և սավանով ծածկված նրա տափակ մարմինը։ Հիվանդապահուհին ձեռքը տարավ շրթունքներին, հետո վեր կացավ ու մոտեցավ դռանը։
 
― Ինչպե՞ս է, ― հարցրի ես։
 
― Լավ է, ― ասաց հիվանդապահուհին։ ― Գնացեք ընթրեք, իսկ հետո, եթե ուզում եք, կարող եք վերադառնալ։
 
Անցա միջանցքը, իջա աստիճաններով, դուրս եկա հիվանդանոցի դռնից և մութ փողոցով, անձրևի տակ, գնացի սրճարան։ Սրճարանում պայծառ լուսավորություն կար և բոլոր սեղանների շուրջ մարդիկ էին նստած։ Տեղ չգտա։ Մատուցողը մոտեցավ ինձ, վերցրեց թաց վերարկուս և գլխարկս ու ցույց տվեց մի սեղան, որի մոտ նստած ծերունին գարեջուր էր խմում ու երեկոյան թերթ կարդում։ Նստեցի մյուս ազատ աթոռին և հարցրի մատուցողին, թե ինչ plat du jour<ref>Մշտական կերակուր (ֆր․)։</ref> կար։
 
― Խաշած հորթի միս, բայց վերջացել է։
 
― Իսկ ի՞նչ կարող եմ ուտել։
 
― Խոզապուխտով ձվածեղ, պանիրով օմլեթ կամ choucroute:
 
― Կեսօրին choucroute կերա, ― ասացի ես։
 
― Ճիշտ է, ― ասաց նա։ ― Ճիշտ է։ Կեսօրին choucroute կերաք։
 
Մատուցողը միջին տարիքի մարդ էր, և հատուկենտ մազերով փորձել էր ծածկել ճաղատը։ Բարի դեմք ուներ։
 
― Ի՞նչ եք ուզում, Ձվածե՞ղմ թե օմլեթ։
 
― Խոզապուխտով ձվածեղ, ― ասացի ես, ― և գարեջուր։
 
― Demi-blinde?
 
― Այո։
 
― Հիշում եմ, ― ասաց նա։ Կեսօրին էլ demi-blinde ուզեցիք։
 
Կերա խոզապուխտով ձվածեղը և խմեցի գարեջուրը։ Խոզապուխտով ձվածեղը դրված էր կլոր պնակի մեջ, խոզապուխտը տակն էր, իսկ ձուն՝ վրան։ Շատ տաք էր, ու առաջին պատառը ստիպված եղա գարեջրով հովացնել։ Քաղցած էի և նորից մի պնակ պատվիրեցի։ Մի քանի գավաթ գարեջուր խմեցի։ Ոչինչ չէի մտածում, կարդում էի ծերուկի բռնած թերթը։ Ռազմաճակատի անգլիական գիծը ճեղքված էր։ Երբ հարևանը նկատեց, որ կարդում եմ նրա բռնած թերթը, ծալեց այն ու դրեց սեղանին։ Ուզում էի մատուցողից թերթ խնդրել, բայց չէի կարողանում կենտրոնանալ։ Սրճարանում շոգ էր ու տոթ։ Սեղանների մոտ նստածները մեծ մասամբ ճանաչում էին իրար։ Մի քանիսը թուղթ էին խաղում։ Մատուցողները վաճառասեղանից անընդհատ խմիչք էին բերում ու դնում սեղաններին։ Երկու հոգի մտան ու ազատ աթոռ չգտան։ Կանգնեցին մեր սեղանի դիմաց։ Ես էլի գարեջուր պատվիրեցի։ Դեռ պատրաստ չէի գնալու։ Դեռ շատ շուտ էր հիվանդանոց վերադառնալու համար։ Փորձում էի ոչինչ չմտածել ու շատ հանգիստ լինել։ Տղամարդիկ կանգնեցին մի քիչ, բայց ոչ ոք վեր չէր կենում, և նրանք գնացին։ Ես էլի գարեջուր խմեցի։ Իմ առջև պնակների մի մեծ կույտ էր գոյացել։ Հարևանս հանեց ակնոցը, դրեց պատյանի մեջ, ծալեց թերթը ու խոթեց գրպանը և հիմա, լիկյորի բաժակը ձեռքին, շուրջն էր նայում։ Հանկարծ զգացի, որ պետք է գնամ։ Կանչեցի մատուցողին, վճարեցի, հագա վերարկուս, դրեցի գլխարկս ու դուրս եկա փողոց։ Անձրևի տակ վերադարձա հիվանդանոց։
 
Վերևի հարկի միջանցքում հիվանդապահուհին ընդառաջ եկավ ինձ։
 
― Հենց նոր հյուրանոց զանգահարեցի, ― ասաց նա։
 
Ինչ֊որ բան կտրվեց իմ մեջ։
 
― Ի՞նչ է պատահել։
 
― Միսսիս Հենրին արյունահոսություն ունեցավ։
 
― Կարո՞ղ եմ մտնել։
 
― Ոչ, դեռ ոչ։ Բժիշկն այնտեղ է։
 
― Վտանգավո՞ր է։
 
― Շատ վտանգավոր է։
 
Հիվանդապահուհին սենյակ մտավ ու փակեց դուռը։ Նստեցի միջանցքում, դռան մոտ։ Դատարկություն էի զգում։ Չէի մտածում։ Չէի կարող մտածել։ Գիտեի, որ նա մեռնում է և աղոթում էի, որ չմեռնի։ Մի թող, որ մեռնի։ Օ, աստված, աղաչում եմ, մի թող, որ մեռնի։ Ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն թե մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում, աղաչում, սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Սիրելի աստված, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, աղաչում եմ, մի՛ թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Աղաչում եմ, աստված, այնպես արա, որ չմեռնի։ Ես պատրաստ եմ քեզ համար ամեն ինչ անել, միայն մի թող, որ մեռնի։ Դու վերցրիր մեր երեխային, բայց մի թող, որ նա մեռնի․․․ Ոչինչ, որ վերցրիր, բայց մի թող, որ նա մեռնի։ Աղաչում եմ, աղաչում եմ, սիրելի աստված, մի թող, որ մեռնի։
 
Հիվանդապահուհին բացեց դուռը և նշան արեց, որ ներս մտնեմ։ Մտա ու հետևեցի նրան։ Կետրինը չնայեց ինձ։ Մոտեցա մահճակալին։ Մահճակալի մյուս կողմում կանգնած էր բժիշկը։ Կետրինը նայեց ինձ ու ժպտաց։ Ես կռացա մահճակալի վրա ու լաց եղա։
 
― Խեղճ տղա, ― մեղմ ձայնով ասաց Կետրինը։ Դեմքը մոխրագույն էր։
 
― Ամեն ինչ լավ է, Կետ, ― ասացի ես։ ― Շուտով ամեն ինչ լավ կլինի։
 
― Մեռնում եմ, ― ասաց նա։ Մի փոքր լռեց ու ասաց, ― ատում եմ մահը։
 
Բռնեցի նրա ձեռքը։
 
― Ձեռք մի տուր, ― ասաց նա։ Թողեցի։ Նա ժպտաց։ ― Խեղճ տղա։ Ինչքան ուզում ես ձեռք տուր։
 
― Կլավանաս, Կետ։ Գիտեմ, որ կլավանաս։
 
― Մտածում էի նամակ թողնել քեզ, եթե որևէ բան պատահի, բայց չգրեցի։
 
― Ուզո՞ւմ ես քահանա կանչեմ, կամ որևէ մեկին։
 
― Միայն դու, ― ասաց նա։ Ապա, քիչ անց՝ ― չեմ վախենում։ Միայն թե ատում եմ։
 
― Չի կարելի այդքան խոսել, ― ասաց բժիշկը։
 
― Լավ, ― ասաց Կետրինը։
 
― Որևէ բան ուզո՞ւմ ես, Կետ։ Ի՞նչ ես ուզում, ասա։
 
Կետրինը ժպտաց։
 
― Ոչինչ։ ― Հետո, քիչ անց՝ ― դու ուրիշ աղջիկների հետ այնպես չես լինի, ինչպես ինձ հետ էիր։ Նույն խոսքերը չես ասի։ Չէ՞։
 
― Երբեք։
 
― Բայց ուզում եմ, որ աղջիկների հետ լինես։
 
― Ոչ ոքի չեմ ուզում։
 
― Շատ եք խոսում, ― ասաց բժիշկը։ ― Չի կարելի այդքան խոսել։ Միստր Հենրին պետք է դուրս գա։ Հետո կարող է նորից գալ։ Դուք չեք մեռնի։ Հիմար բաներ մի ասեք։
 
― Լավ, ― ասաց Կետրինը։ ― Գիշերները կգամ, քեզ մոտ կմնամ, ― ասաց նա։ Մեծ դժվարությամբ էր խոսում։
 
― Խնդրում եմ, դուրս եկեք, ― ասաց բժիշկը։
 
Կետրինն աչքով արեց ինձ։ Դեմքը՝ մոխրագույն։
 
― Միջանցքում եմ, ― ասացի ես։
 
― Մի վշտանա, սիրելիս, ― ասաց Կետրինը։ ― Բնավ չեմ վախենում։ Սա կեղտոտ կատակ է։
 
― Իմ սիրելի, իմ քաջ, իմ քաղցր աղջիկ․․․
 
Սպասում էի միջանցքում։ Երկար սպասեցի։ Հիվանդապահուհին դուրս եկավ սենյակից ու մոտեցավ ինձ։
 
― Միսսիս Հենրիի վիճակը շատ վատ է, ― ասաց նա։ ― Շատ եմ վախենում։
 
― Մեռա՞վ։
 
― Ոչ։ Բայց ուշագնաց է։
 
Ըստ երևույթին, անընդհատ արյունահոսություն էր ունեցել։ Անհնար էր եղել արյունը կանգեցնել։ Սենյակ մտա ու կանգնեցի Կետրինի մոտ, մինչև որ նա մեռավ։ Նա այդպես ուշագնաց էլ մնաց ու շուտով մեռավ։
 
 
Միջանցքում խոսում էի բժշկի հետ։
 
― Էլ ի՞նչ պետք է անել այսօր։
 
― Ոչ մի բան։ Ոչինչ պետք չէ։ Գուցե մինչև հյուրանոց ուղեկցեմ ձեզ։
 
― Ոչ, շնորհակալություն։ Ես մի քիչ էլ կմնամ այստեղ։
 
― Գիտեմ, որ ասելու բան չկա։ Չեմ կարող արտահայտել․․․
 
― Այո, ― պատասխանեցի ես։ ― Ասելու բան չկա։
 
― Բարի գիշեր, ― ասաց նա։ ― Գուցե այնուամենայնիվ ուղեկցեմ ձեզ։
 
― Ոչ, շնորհակալություն։
 
― Ոչինչ հնարավոր չէր անել, ― ասաց նա։ Վիրհատությունն ապացուցեց․․․
 
― Չեմ ուզում այդ մասին խոսել, ― ասացի ես։
 
― Կուզենայի մինչև հյուրանոց ուղեկցել ձեզ։
 
― Ոչ, շնորհակալություն։
 
Հեռացավ ու անհետացավ միջանցքի ծայրին։ Ես մոտեցա սենյակի դռանը։
 
― Հիմա չի կարելի, ― ասաց հիվանդապահուհիներից մեկը։
 
― Կարելի է։
 
― Ոչ, հիմա չի կարելի։
 
― Հեռացեք, ― ասացի ես։ ― Թող մյուսն էլ հեռանա։
 
Բայց երբ նրանք հեռացան, ու ես փակեցի դուռը, ու վառեցի լույսը, զգացի, որ ամեն ինչ անօգուտ է։ Կարծես արձանի էի հրաժեշտ տալիս։ Քիչ անց դուրս եկա, իջա աստիճաններով ու, անձրևի տակ, քայլեցի դեպի հյուրանոց։
 
Ադմին, Վստահելի
1876
edits