Այն հատկանիշների լիակատար բացակայության պայմաններում, որոնք կարող էին զարդարել աստծուն, նրա նկատմամբ հարգանք ներշնչել, պատկառանք ու երկրպագություն առաջացնել, իսկական աստվածը, ճշմարիտ աստվածը, անընդգրկելի տիեզերքի արարիչը ոչնչով չի տարբերվում մյուս բոլոր աստվածներից։ Նա ամեն օր միանգամայն պարզ ցույց է տալիս, որ ամենևին չի հետաքրքրվում ոչ մարդով, ոչ մյուս կենդանիներով, թերևս հետաքրքրվում է լոկ այնքանով, որ տանջի նրանց, ոչնչացնի և այդ զբաղմունքից որևէ զվարճություն ստանա, ընդ որում անելով ամեն ինչ, որպեսզի այդ հավերժական և անփոփոխ միապաղաղությունը չձանձրացնի։
==Գլուխ հինգերորդ==
:::::::::::::::::Երկուշաբթի, 25 հունիսի 1906 թվականի
Եվ ահա մարդկային կերպարանքով պարզամիտ, դյուրահավատ և անտրամաբանական ճագարը այդ երկնային ավազակներից հավերժական դրախտային երանություն է ակնկալում, որը նրան կհատուցի այստեղ՝ երկրի վրա իրեն առաքվող կարիքն ու տառապանքներին դիմանալու համար, այն անարդարացի տառապանքների համար, որոնք մի դեպքում տևում են երկու֊երեք տարի, մյուս դեպքում՝ հինգ֊տասը տարի, իսկ որոշ դեպքերում՝ երեսուն, քառասուն կամ հիսուն, երբեմն էլ՝ վաթսուն, յոթանասուն, ութսուն տարի։ Ինչպես բոլոր դեպքերում, երբ դատավորն աստվածն է, պարգևներն ամենևին չեն համապատասխանում տառապանքներին, և առհասարակ այդ հարցում ոչ մի կարգ ու կանոն չկա։ Տառապե՞լ եք ութսուն տարի, թե երեք տարեկանում վախճանվել կարմրուկից՝ կստանաք դրախտային երանության միևնույն բաժինը։
Ոչ մի ապացույց չկա, որ գերեզմանից հետո մարդկանց դրախտային երանություն է սպասվում։ Եթե գտնեիք մի հինավուրց գիրք, որում մի քանի անհայտ մարդիկ մանրամասնագույն կերպով մեզ պատմեին Անտարկտիկայի հավերժական սառույցների մեջ, անհասանելի հովտում թաքնված ծաղկուն ու հիասքանչ արևադարձային դրախտի մասին, ընդ որում նույնիսկ չպնդելով, թե այն սեփական աչքով են տեսել, այլ վկայակոչելով աստծու առաքած հայտնությունը, որպես այդ տեղեկությունների աղբյուր, աշխարհի ոչ մի աշխարհագրական ընկերություն այդ գիրքը լուրջ բանի տեղ չէր դնի։ Այնինչ այդ գիրքը նույնքան իրական, նույնքան հավասար և նույնքան արժեքավոր վկայություն կլիներ, որքան և Աստվածաշունչը։ Աստվածաշունչը ճիշտ և ճիշտ այդպիսին է։ Նրա դրախտի մասին բոլոր տեղեկություններն անուղղակի ճանապարհով են ստացվել՝ անհայտ անձանցից, որոնք ոչ մի բանով չեն ապացուցել, որ անձամբ իրենք են այնտեղ եղել։
Եթե Քրիստոսն իսկապես աստված լիներ, կկարողանար ապացուցել դրախտի գոյությունը, որովհետև աստծու համար անհնարին ոչինչ չկա։ Նա և՛ իր ժամանակի, և՛ մեր ժամանակի, և՛ գալիք բոլոր ժամանակների ցանկացած մարդու կկարողանար դա ապացուցել։ Երբ աստված ուզում է ապացուցել, որ արեգակն ու լուսինն անփոփոխ կերպով, ամեն օր և ամեն գիշեր կկատարեն իրենց սահմանված աշխատանքը, դա նրա համար դժվար բան չէ։ Երբ նա ուզում է ապացուցել, որ ամեն գիշեր մարդն անփոփոխ կերպով իրենց տեղում կգտնի համաստեղությունները, թեպետ ցերեկը մեզ թվում է, թե դրանք ընդմիշտ չքացել են, դա նրա համար դժվար բան չէ։ Երբ նա ուզում է ապացուցել, որ տարվա եղանակները նորից ու նորից անպայման մեկը մյուսին կփոխարինեն մեկընդմիշտ սահմանված օրենքի համաձայն, դա նրա համար դժվար բան չէ։ Հավանաբար, նա ցանկացել է մեզ անհերքելիորեն ապացուցել բազմամիլիոն ամենատարբեր փաստեր և դա արել է առանց որևէ դժվարության։ Եվ միայն այն ժամանակ, երբ, ըստ երևույթին, ուզում է մեզ ապացուցել ապագա կյանքի գոյությունը, նրա հնարամտությունն աղքատանում է, և նա բախվում է այնպիսի խնդրի, որի լուծումը վեր է փառաբանված ամենակարողի ուժից։ Երբ նրան պետք եղավ մարդկանց հասցնել շատ ավելի կարևոր մի լուր, քան մյուս բոլոր լուրերը միասին վերցրած, որոնց տեղ հասցնելը նրան ամենևին դժվարություն չէր պատճառի, նա կարողացավ մի ավելի լավ միջոց հորինել, քան բոլոր հնարավոր միջոցներից ամենախղճուկը՝ գրքերը։ Երկու լեզվով գրված գրքեր (որպեսզի լուրը հայտներ հազարավոր զանազան ժողովուրդների), որոնց վիճակված էր դանդաղ ձգվող դարերի ու դարաշրջանների ընթացքում փոփոխվել, փոփոխվել, փոփոխվել և, վերջ ի վերջո, դառնալ բացարձակապես անհասկանալի։ Բայց եթե անգամ դրանք անփոփոխ մնային, ինչպես անփոփոխ են մնում մեռած լեզուները, միևնույն է, միանգամայն անհնարին կլիներ լիակատար ճշգրտությամբ այդ լուրը հաղորդել ամեն մի դարաշրջանի հազարավոր լեզուներից որևէ մեկով։
Կողմնակի անձանց վկայությունների համաձայն, ցանկացած նշանակալի աստծու բնավորություն կազմվում է սիրուց, արդարությունից, ամենաներումից, ամեն մի տառապանքին կարեկցելուց և այն ոչնչացնելու ցանկությունից։ Ի հակադրություն այդ հիասքանչ դիմանկարի (ստեղծված ոչ մի արժեք չներկայացնող լուրերի հիման վրա միայն), մենք ունենք տարվա մեջ ամեն օր ստացվող, մեր տեսողությամբ և մյուս զգայարաններով հաստատվող բացարձակապես ճշգրիտ ապացույցներ, որ այդ աստվածներին իրականում միանգամայն խորթ են սերը, գթությունը, կարեկցանքը, արդարությունը և մյուս բոլոր հիանալի հատկությունները, և ընդհակառակը՝ նրանց բնավորությունը ձևավորվում է այնպիսի ամենահրեշավոր դաժանությունից, անարդարությունից և արյունարբու ոխակալությունից, որպիսին միայն կարելի է պատկերացնել։ Աստծո բնավորության մասին մեր ենթադրյալ պատկերացումը հիմնված է միայն վկայւթյունների վրա։ Մինչդեռ նրա իսկական բնավորության մասին պատկերացումը հիմնվում է ապացույցների, ընդ որում անհերքելի ապացույցների վրա։
Տրամաբանակա՞ն է, արդյոք, ակնկալել, թե աստվածները, որոնք մշտապես և անընդհատ զվարճանում են բոլորովին անմեղ մարդկանց ու կենդանիներին չարամտորեն հետապնդելով, պատրաստ են այնուհետև իրենց զոհերին հավերժական երանություն պարգևել։ Եթե Լեոպոլդ II Մսագործ թագավորը հանկարծ հայտարարի, թե մտադիր է կոնգոյական յուրաքանչյուր միանգամայն անմեղ, անօգնական հարյուր նեգրից մեկին ազատել ստորացումներից, սովից ու բռնի մահից և տանել իր Բելգիան, որպեսզի բնակեցնի իր պալատում ու իր սեղանի շուրջը նստեցնի, արդյոք շատերը կգտնվեն, որ կհավատան դրան։ Բոլորը կասեն․ «Մարդու բնավորությունն անփոփոխ է։ Նման արարքը չէր համապատասխանի այդ մսագործի բնավորությանը։ Լեոպոլդի բնավորությունը մեկընդմիշտ ձևավորվել է և փոխվել չի կարող, այդ մարդն անընդունակ է նման բարի արարքի»։
Լեոպոլդի բնավորությունն իրոք ձևավորվել է մեկընդմիշտ։ Ճիշտ այնպես, ինչպես բոլոր քիչ թե շատ նշանակալի աստվածներինը։ Եվ բացարձակապես անտրամաբանական է ենթադրել, թե բելգիական Լեոպոլդի կամ երկնային լեոպոլդների գլխում կարող է ծագել իրենց զոհերի գեթ չնչին մասին թագավորական սեղանի շուրջը հրավիրելու և նրանց տրամադրության տակ թագավորական պալատի բոլոր հարմարություններն ու շքեղությունը դնելու միտքը։
Կողմնակի անձանց վկայությունների համաձայն, նշանավոր աստվածները սովորություն ունեն հարյուր զոհից մի սիրեցյալ ընտրել (ընտրել բախտաբերի, չստուգելով՝ լա՞վն է արդյոք նա մյուս իննսունիննից թե ոչ), իսկ մնացած իննսունիննին դատապարտում են հավերժական անեծքի, անգամ չծանոթանալով նրանց գործին։ Եթե չլիներ մի փոքրիկ անհարիրություն, դա աստվածների բոլորին հայտնի բնավորությունը ճիշտ արտացոլող բացարձակապես տրամաբանական տեսություն կլիներ։ Իսկ այդ անհարիրությունը այն ինքնակամ ու ոչ ճիշտ ենթադրությունն է, թե հարյուրից մեկ հոգու թույլ կտան խուսափել այդ անեծքից։ Քիչ հավանական է, որ հանդերձյալ աշխարհում մեզ դրախտ է սպասում։ Շատ հավանական է, որ անտեղ մեզ դժոխք է սպասում։ Եվ համարյա միանգամայն անկասկած է, որ այդ դժոխքից ոչ ոք չի խուսափի։
Իսկ հիմա՝ մարդկության մասին։ Մարդկության մեջ քնքուշ ու համակրելի շատ բան կա։ Թերևս աստվածներից ոչ մեկը ոչ մի անգամ առավել խղճուկ բան չի ստեղծել, բայց մարդկության մտքով իսկ դա չի անցնում։ Ուրիշ ի՞նչ ավելի գեղեցիկ բան կարող է լինել այդ պարզամիտ ու բարեհոգի ինքնասիրահարվածությունից։ Մարդկությունն ուղղակիորեն, առանց դույզն֊ինչ ամոթի, անգամ առանց կարմրելու հայտարարում է, թե ինքն աստծու ազնվագույն ստեղծագործությունն է։ Նա անթիվ֊անհամար դեպքերի ականատես է եղել հակառակ բանում համոզվելու համար, բայց այդ ավանակին ոչ մի փաստ չի համոզում։ Ես նրա մասին շատ դառը ճշմարտություններ կարող էի ասել, բայց չեմ կարող ինձ ստիպել․ դա երեխա ծեծելու պես բան կլիներ։
Մարդուն չի կարելի կշտամբել, որ նա այնպիսին է, ինչպիսին կա։ Նա ինքը չի իրեն ստեղծել։ Նա ինքն իր վրա ոչ մի իշխանություն չունի։ Այդ իշխանությունը տրված է նրա խառնվածքին (որը նա չի ստեղծել) և օրորոցից մինչև գերեզման նրան շրջապատող պարագաներին, որոնք ինքը չի հորինել և որոնք չի կարող իր կամքով փոխել, որովհետև կամք չունի։ Նա պարզապես մեխանիզմ է, ժամացույցի նման մի բան, և ժամացույցի նման չի կարող ազդել իր գործողությունների վրա, ոչ էլ պատասխան տալ դրանց համար։ Նրան պետք է խղճալ, այլ ոչ թե կշտամբել, ոչ թե արհամարհել։ Առանց նրա համաձայնությունը հարցնելու նրան նետել են այս աշխարհը, և նա անմիջապես իր գլուխը մտցնում է, թե ինչ֊որ խորհրդավոր պարտավորություններ ունի այն անհայտ ուժի հանդեպ, որն այդքան վրդովեցուցիչ ձևով է վարվել իր հետ։ Եվ այդ պահից սկսած գտնում է, թե իր յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու է այդ ուժի առջև և պատժի է ենթակա այն արարքների համար, որոնց այդ ուժը հավանություն չի տալիս։ Սակայն այդ նույն մարդը բոլորովին այլ կերպ կդատեր, եթե որևէ երկրային բռնակալ ստրկացներ նրան, շղթայեր և կույր հնազանդություն պահանջեր։ Նա կհայտարարի, որ բռնակալը այդ իրավունքը չուներ, որ բռնակալն իրավունք չուներ իրեն ստիպելու սպանություն կատարել, իսկ հետո այդ սպանության համար պատասխանատվությունն իր վրա դնել։
Բարոյականության հարցերում մարդը մշտապես ծայրաստիճան տարօրինակ տարբերություն է դնում մարդու և արարչի միջև։ Նա իր մերձավորներից պահանջում է պահպանել բարոյականության միանգամայն արժանավոր օրենսգիրքը, բայց իր աստծու կողմից բարոյականության լիակատար բացակայությունը նրա մոտ ոչ ամոթ, ոչ դատապարտում չի առաջացնում։
Աստված մարդուն այնքան վարպետորեն է ստեղծել, որ նա չի կարող չենթարկվել իր կրքերի, հակումների ու հույժ կասկածելի ու տհաճ զանազան հատկությունների օրենքներին։ Աստված նրան այնպես է ստեղծել, որ նրա ընտրած բոլոր ուղիները սփռված են թակարդներով, որոնցից ոչ մի կերպ չի կարող խուսափել և որոնք նրան ստիպում են այսպես կոչված մեղքեր գործել, և այդժամ աստված նրան պատժում է այն արարքների համար, որոնք ի սկզբանե սահմանել էր կատարելու։ Մարդը մի մեքենա է, որն աստված պատրաստել է առանց որևէ մեկի խնդրանքի։ Մեզ մոտ՝ երկրի վրա, նա, ով մեքենա է պատրաստում, ինքն էլ պատասխանատու է դրա աշխատանքի համար։ Ոչ ոքի մտքով իսկ չի անցնի պատասխանատվությունը դնել մեքենայի վրա։ Մենք բոլորս հիանալի գիտենք, թեև բոլորս էլ դա թաքցնում ենք, ինչպես թաքցնում եմ և ես, քանի չեմ մեռել և հասարակական կարծիքի սահմաններից դուրս չեմ, կրկնում եմ, մենք բոլորս գիտենք, որ աստված և միմիայն աստված է պատասխանատու մարդու ամեն մի արարքի և ամեն մի խոսքի համար՝ օրորոցից մինչև գերեզման։ Մենք բոլորս դա հիանալի գիտենք։ Հոգու խորքում մենք դրանում չենք կասկածում։ Հոգու խորքում առանց տատանվելու մենք թանձրամիտ ապուշ կանվանենք ամեն մեկի, ով հավատում է, իբր թե հավատում է, որ գեթ չնչին իսկ հնարավորություն ունի մեղք գործելու աստծու հանդեպ, կամ նրան, ով կարծում է, իբր թե կարծում է, որ պարտավորություն ունի աստծու հանդեպ, որ նա աստծուն պարտական է երախտագիտությամբ, պատկառանքով ու երկրպագությամբ։