== 15.2.1945 (Ժամը 22-ն անց 32 րոպե) ==
<blockquote>(''ՍՍ-ի օբենգրուպպենֆյուրեր, ՌԽՍԱ֊ի 4-րդ բաժանմունքի (գեստապո) պետ, 1939 թվականից ՆՍԴԱՊ անդամ Մյուլլերի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը նորդական, հաստատակամ։ Մարդամոտ է, միակերպ հարաբերություններ ունի ընկերների և գործընկերների հետ։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է, իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Աշխատանքում դրսևորել է իրեն որպես ականավոր կազմակերպիչ․․․»'')</blockquote>
Կայսերական անվտանգության ՍԴ ծառայության պետ Էռնստ Կալտենբրունները խոսում էր վիեննական ուժեղ առոգանությամբ։ Նա գիտեր, որ դա զայրացնում է ֆյուրերին և Հիմմլերին, դրա համար էլ մի ժամանակ պարապում էր հնչյունագետի հետ, իսկական «հոխդոյչ»<ref>ընտիր գերմաներեն։</ref> սովորելու համար։ Բայց դրանից բան դուրս չեկավ։ Նա սիրում էր Վիեննան, ապրում Վիեննայով և չէր կարող ստիպել իրեն թեկուզ օրական մեկ ժամ «հոխդոյչ»-ով խոսել իր ուրախ, թեկուզ և գռեհիկ վիեննական բարբառի փոխարեն։ Դրա համար էլ վերջին ժամանակներս Կալտենբրունները դադարեց գերմանացի խաղալուց և բոլորի հետ խոսում էր այնպես, ինչպես պիտի խոսեր՝ վիեննականով։ Ենթակաների հետ խոսում էր նույնիսկ Ինսբրուկի շեշտադրությամբ, սարերում ավստրիացիները բացարձակապես այլ կերպ են խոսում, և Կալտենբրուններին մեկ֊մեկ դուր էր գալիս իր ապարատի մարդկանց փակուղու առջև կանգնեցնել. աշխատակիցներր վախենում էին նորից հարցնել անհասկանալի բառը և շփոթվածության, տարակուսանքի ուժեղ զգացում ապրում։
Նա նայեց ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր, գեստապոյի պետ Մյուլլերին և ասաց.
— Ես չեմ ուզում ձեր մեք արթնացնել կասկածամտության չար դևը կուսակցության և համատեղ պայքարի ընկերների նկատմամբ, բայց փաստերը հետևյալն են ասում․ առաջինը՝ Շտիրլիցը, ճիշտ է, կողմնակիորեն, բայց և այնպես հաղորդակից է Կրակովյան օպերացիայի ձախողմանը։ Նա այնտեղ էր, բայց քաղաքը հանգամանքների տարօրինակ բերումով անվնաս մնաց, թեև պետք է հօդս ցնդեր։ Երկրորդ՝ նա զբաղվում էր անհետացած ՖԱՈՒ֊ով, բայց չգտավ այն, ՖԱՈՒ-ն կորավ և ես աղոթում եմ աստծուն, որպեսզի այն թաղված լինի Վիսլայի և Վիսլոյայի միջագետքում... Երրորդ՝ նա այժմ էլ հսկում է հատուցման զենքի հետ կապված մի շարք հարցերի ու թեև ակներև ձախողումներ չկան, բայց դե, հաջողության, առաջխաղացում, զգալի հաղթանակ էլ չենք տեսնում։ Իսկ հսկել չի նշանակում միայն նստեցնել այլախոհներին։ Դա նշանակում է նաև օգնել նրանց, ովքեր մտածում են ճիշտ ու հեռանկարային․․․ Չորրորդ թափառող հաղորդիչը, որը գաղտնագրից դատելով, աշխատում է բոլշևիկների ստրատեգիական հետախուզության համար և որով նա զբաղվում է, առաջվա պես աշխատում է Բեռլինի շրջակայքում։ Մյուլլեր, ես ուրախ կլինեի, եթե դուք իսկույն հերքեիք իմ կասկածները։ ես համակրում եմ Շտիրլիցին և կցանկանայի ձեզնից ստանալ հանկարծակի առաջացած կասկածներիս փաստացի հերքումը։
Մյուլլերն ամբողջ գիշերն աշխատել էր, չէր քնել, քունքերը խփում էին, դրա համար էլ պատասխանեց առանց իր սովորական չոր կատակների․
— Նրա մասին ինձ մոտ ոչ մի ահազանգ չի եղել։ Իսկ մեր զործում անհաջողությունից ու սխալներից ոչ ոք երաշխավորված չէ։
— Այսինքն, ձեզ թվում է, թե ես շատ սխալվո՞ւմ եմ։
Կալտենբրունների հարցը խիստ չոր երանգ ուներ, և Մյուլլերը, թեև հոգնած, բայց հասկացավ դա։
— Ինչո՞ւ․․․— պատասխանեց նա։— Առաջացած կասկածները պետք է ստուգվեն֊փորձվեն բոլոր կողմերից, այլապես ինչո՞ւ պահել իմ ապարատը։ Ուրիշ այլ փաստեր չունե՞ք,— հարցրեց Մյուլլերը։
Ծխախոտը թռավ Կալտենբրունների շնչափողը, և նա երկար հազում էր, դեմքը կապտեց, վզի երակները մեծացան, ուռեցին ու կարմրեցին։
— Ինչ ասեմ,— պատասխանեց նա, արցունքը սրբելով։— Ես խնդրել եմ մի քանի օր գրանցել նրա խոսակցությունները մեր մարդկանց հետ։ Նրանք, ում ես անվերապահորեն հավատում եմ, միմյանց հետ բաց-բաց խոսում են դրության ողբերգականության մասին, մեր զինվորականների բթամտության մասին, Ռիբենտրոպի ապուշության մասին, տխմար Գյորինգի մասին, այն սարսափների մասին, թե ինչ է սպասում մեզ, եթե ռուսները Բեռլին ներխուժեն... Իսկ Շտիրլիցը պատասխանում է. «Դատարկ բան է, ամեն ինչ լավ է, գործերը կարգին են գնում»։ Հայրենիքի և ֆյուրերի նկատմամբ սերն այն չէ, որ կուրորեն ստես աշխատանքային ընկերներիդ... Ինքս ինձ հարցրի. «Իսկ նա բթամիտ չէ՞»։ Չէ որ շատ բթամիտներ ունենք, որոնք անխելք֊անբան կրկնում են Գեբբելսի բանդագուշանքը։ Ո՛չ, նա բթամիտ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ է կեղծում։ Կամ նա ոչ ոքի չի հավատում, կամ ինչ-որ բանից վախենում է, կամ ինչ-որ բան է մտմտում և ուզում է բյուրեղի պես մաքուր մնալ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ է մտմտում։ Նրա բոլոր գործողությունները ելք պիտի ունենան արտասահման, դեպի չեզոքները։ Եվ ես ինձ հարցրի. «Իսկ նա կվերադառնա՞ այնտեղից։ Ու եթե վերադառնա, ապա չի՞ կապվի այնտեղ օպոզիցիոներների կամ ուրիշ սրիկաների հետ»։ Չկարողացա ճիշտ պատասխանել ինքս ինձ՝ ոչ դրական, ոչ էլ բացասական տեսակետից։
Մյուլլերը հարցրեց.
— Նախ դո՞ւք կնայեք նրա դոսյեն, թե՞ հենց հիմա վերցնեմ։
— Հենց հիմա վերցրեք դուք,— խորամանկեց Կալտենբրունները։ Նա հասցրել էր ուսումնասիրել բոլոր նյութերը։— Ես պետք է ֆյուրերի մոտ գնամ։
Մյուլլերը հարցական նայեց Կալտենբրուններին։ Նա սպասում էր, որ սա ինչ-որ թարմ լուրեր կպատմի բունկերից<ref>բունկեր ― այստեղ՝ Հիտլերի հատուկ թաքստոցը։</ref>, բայց Կալտենբրունները ոչինչ չսկսեց պատմել։ Նա քաշեց սեղանի ներքևի դարակը, մի շիշ «Նապոլեոն» հանեց, Մյուլլերին ըմպանակ տվեց ու հարցրեց.
— Թո՞ւնդ եք խմել։
— Բոլորովին չեմ խմել։
— Իսկ ինչո՞ւ են ձեր աչքերը կարմրած։
— Չեմ քնել, շատ գործ կար Պրագայի գործով, այնտեղ մերոնք ընդհատակյա խմբերի պոչը բռնել են։
— Կրյուգերը լավ նեցուկ կլինի։ Գերազանց ծառայող է, թեև ֆանտազիան քիչ է։ Կոնյակ խմեք, կթարմացնի,
— Ընդհակառակը, կոնյակից շշմում եմ։ Ես օղի եմ սիրում։
— Սրանից չեք շշմի,— ժպտաց Կալտենբրուններն ու բարձրացրեց իր ըմպանակը։— Պրո՛զիտ<ref>Ողջ լինեք։</ref>։
Nա խմեց միանգամից և նրա ադամախնձորը արագորեն, ինչպես ալկոհոլիկի մոտ, թռավ վեր։
«Լավ խմում է,— մտածեց Մյուլլերը, ծծելով իր կոնյակը,— հիմա անպայման երկրորդն էլ կլցնի»։
Կալտենբրունները կպցրեց ամենաէժանագին, թունդ «Կարո» սիգարեթ ու հարցրեց.
— Հը՞, ուզո՞ւմ եք կրկնել։
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Մյուլլերը,— հաճույքո՛վ։
== Տեղեկություն խորհրդածության համար ==
(''Գեբբելս'')
----
<references/>