Ստիպված էի տղային շեմքից դուրս տանել, քանի որ նա կորցրել էր գիտակցությունը։ Ես նրան հանձնեցի զինվորներին և ետ վերադարձա։
==Գլուխ վեցերորդ==
Խավարումը
Լռության և խավարի մեջ երևակայությունս գործի անցավ։ Փաստի իմացությունը ինքնըստինքյան մի անգույն բան է, բայց երբ մարդ սկսում է պատկերացնել այդ փաստը, այն վառ գույներով է երևում։ Բոլորովին տարբեր բաներ են՝ իմանալ, որ մեկի սիրտը դանակ ես խրել, և նույն բանը տեսնել սեփական աչքերով։ Լռության և խավարի մեջ այն բանի գիտակցությունը, որ ինձ մահացու վտանգ է սպառնում, անընդհատ ու անընդհատ խորանում էր․ այդ վտանգի գիտակցումը մատնաչափ առ մատնաչափ ներծծվում էր երակներիս մեջ և սառեցնում արյունս։
Բայց օրհնյալ բնությունը այնպես է նախատեսել, որ երբ մարդուս հոգու ջերմաչափի սնդիկը հասնում է ինչ֊որ որոշակի կետի, անմիջապես սկսում է նորից վեր բարձրանալ։ Հույսը ծագում է, և դրա հետ մեկտեղ գալիս է ստույգությունը, ու մարդը նորից հնարավորություն է ստանում ինքն իրեն օգնելու, եթե, իհարկե, դեռ կարելի է օգնել։ Ես շուտով առույգացա հոգեպես և ասացի ինքս ինձ․ «Խավարումը վստահաբար կփրկի ինձ և, ավելին՝ կդարձնի թագավորության ամենամեծ մարդը»։ Ու անմիջապես սնդիկը ցատկեց մինչև վերին կետը, և բոլոր իմ տագնապները փարատվեցին։ Աշխարհում այլևս ինձնից ավելի երջանիկ մարդ չկար։ Ես նույնիսկ անհամբեր էի, թե երբ է գալու վաղվա օրը, այնքան որ ծարավ էի ցուցադրելու իմ խոշոր հաղթանակը և դառնալու ամբողջ երկրի զարմանքի ու հարգանքի կենտրոնը։ Բացի այդ, գիտակցում էի, որ բիզնեսի տեսանկյունից, դա շատ օգուտներ կբերեր ինձ։
Մինչ այս, մինչ այն, հոգուս խորքում մի նոր կռահում էր գլուխ բարձրացնում։ Համարյա համոզված էի, որ երբ այդ նախապաշարված մարդկանց հայտնեն իմ սպառնալիքի էությունը, նրանք կվախենան և կփորձեն փոխհամաձայնության գալ։ Եվ, լսելով մոտեցող ոտնաձայները, ինքս ինձ ասացի․ «― Ահա և փոխհամաձայնությունը։ Ինչ կա որ, եթե օգտակար լինի, ես այն կընդունեմ, եթե ոչ, իմը կպնդեմ և խաղը մինչև վերջ կհասցնեմ։
Դուռը բացվեց և մի քանի զինվորներ հայտնվեցին։ Նրանց գլխավորը ասաց․
― Խարույկը պատրաստ է, գնանք։
― Խարո՞ւյկը։ Ուժերս լքեցին ինձ, քիչ էր մնում վար ընկնեի։ Այդպիսի պահերին դժվար է լինում շնչելը, կոկորդիդ ինչ֊որ բան է դեմ առնում, և բերանդ բաց ու խուփ ես անում։ Հենց որ խոսելու ընդունակությունս վերադարձավ, ասացի․
― Սխալմունք է պատահել, մահապատիժը վաղը պետք է լինի։
― Հրամանը փոխված է, մեկ օրով առաջ է գցված։ Շտապի՛ր։
Ես կորած եմ։ Այլևս փրկություն չկա։ Ես շշմել էի, շփոթվել, ինքս ինձ տիրապետել չէի կարողանում, միայն խենթի նման պատեպատ էի զարնվում։ Զինվորները բռնեցին ինձ, քարշ տվեցին իրենց հետ ստորերկրյա երկար միջանցքներով և վերջապես վեր բարձրացան, դուրս բերելով արևի վառ լույսի տակ։ Հայտնվելով ամրոցի ընդարձակ ցանկապատված բակում, ես ցնցվեցի, որովհետև անմիջապես տեսա բակի կենտրոնում տնկված սյունը, իսկ նրա ստորոտին էլ չոր ճյուղերի կույտը և մի վանականի։ Բոլոր չորս կողմերից նստարաններ էին շարված մեկը մյուսից վեր, որոնց վրա շարք առ շարք հանդիսականներ էին նստած, արևի տակ փայլփլացնելով շքեղ գույնզգույն հագուստները։ Թագավորն ու թագուհին նստած էին իրենց գահերին, և նրանց անմիջապես կարելի էր ջոկել ամբոխի միջից։
Այս ամբողջը նկատելը ինձնից մի վայրկյան իսկ չխլեց։ Հաջորդ վայրկյանին չգիտեմ որտեղից առջևս բուսնեց Քլարենսը և փայլկտող երջանիկ հայացքով նայելով ինձ, ականջիս մեջ շշնջաց․
― Այդ ես ստիպեցի փոխել ժամկետը։ Եվ որքա՜ն շատ աշխատեցի դրա համար։ Հենց որ հայտնեցի, թե ինչ աղետ ես դու բերելու և տեսա, թե ինչպես վախեցան նրանք, ես հասկացա, որ հարվածը պետք է անմիջապես հասցնել։ Անմիջապես մտա մեկի, մյուսի, երրորդի ականջը և փսփսացի, որ քո իշխանությունը արևի նկատմամբ իր գագաթին կհասնի միայն վաղը, և եթե ուզում են փրկել արևն ու ամբողջ աշխարհը, քեզ պետք է սպանեն այսօր, քանի դեռ հմայքները չեն հասցրել լրիվ հասունանալ։ Երդվում եմ պատվովս, դա միայն հիմար սուտ էր, մի պատահական միտք, բայց վախից տանջահար, նրանք այնպես կառչեցին այդ մտքից, կարծես երկինքն էր այն առաքել նրանց փրկելու համար։ Ես սկզբում ինքս ինձ ծիծաղում էի, հետո փառք տվի աստծուն, որ նա իր արարածներից ստորագույնին քո փրկության գործիքը դարձրեց։ Ահ, ինչ երջանիկ դասավորվեց ամեն ինչ։ Դու կարիք չես ունենա վերջնականապես մարելու արևը։ Օ՜, խնդրեմ, չմոռանաս այդ։ Միայն մի փոքր խավար քաշիր, ամենապստիկ խավարով պատիր ու թող, որ նա նորից փայփլա։ Դա լրիվ բավական կլինի։ Նրանք կտեսնեն, որ ես իրենց խաբել եմ, ակամայից իհարկե, և, հենց որ սկսի մթնել, նրանք վախից կխենթանան, կազատեն քեզ և կմեծարեն։ Դե՛, ընդառաջ գնա այլևս քո փառքին։ Բայց հիշիր, իմ բարի բարեկամ, մի մոռանա իմ խնդրանքը և վնաս մի պատճառիր մեր օրհնված արևին։ Հանուն ինձ, քո հավատարիմ բարեկամիդ։
Սեփական վշտից ճնշված, ես ինչ֊որ բառեր արտաբերեցի, ասելու համար, թե կխնայեմ արևը, և տղայի աչքերում այնպիսի խոր ու սիրատոչոր երախտագիտություն շողշողաց, որ այլևս սիրտ չունեցա կշտամբելու նրան, որ իր բարեսիրտ հիմարություններով խորտակել է ինձ և մահվան դատապարտել։
Երբ զինվորները ինձ անց էին կացնում բակով, այնպիսի լռություն էր տիրում, որ, եթե աչքերս կապված լինեին, ես կարող էի ենթադրել, թե շուրջս ամայի մի տափաստան է և ոչ չորսհազարանոց ամբոխ։ Մարդկային այս ամբողջ զանգվածը անշարժ էր։ Մարդիկ գունատված դեմքերով քար էին կտրել արձանների նման, նրանց աչքերի մեջ սարսափն էր տիրակալում։ Այդ լռությունը շարունակվում էր, մինչ ինձ շղթայում էին սյունին, շարունակվում էր, մինչ զգուշությամբ չոր ցախ էին դնում պճեղներիս, ծնկներիս, ազդրերիս, մարմնիս շուրջ։ Հետո միջոց եղավ, և ավելի խոր լռություն տիրեց, եթե արդեն դա հնարավոր էր, երբ դեպի ոտքերս կռացավ ձեռքին բոցավառվող ջահը բռնած մարդը․ ամբոխը, հայացք դարձած, առաջ թեքվեց, բոլորը ակամայից փոքր֊ինչ վեր կացան իրենց նստարաններից, վանականը ձեռքերը տարածեց իմ գլխավերև, աչքերը կապուտակ երկնքին ուղղեց և ինչ֊որ բան մրթմրթաց լատիներենով, նա բավականին երկար ժամանակ մրթմրթում էր, մրթմրթում և հանկարծ լռեց։ Ես սպասեցի մի քանի վայրկյան, ապա նայեցի նրան․ վանականը քար էր կտրել։ Ամբողջ բազմությունը, մի ընդհանուր մղումով, ոտքի էր կանգնել ու երկինք էր նայում։ Ես էլ երկինք նայեցի։ Վահ, գրողը տանի, խավարումը սկսվում էր։ Կյանքը սկսեց եռալ երակներիս մեջ։ Ես վերակենդանացել էի։ Սև շուրթը դանդաղ սողում էր արևի սկավառակի մեջ, սիրտս ավելի ու ավելի ուժգին էր զարկում, իսկ բազմությունն ու վանականը շարժվելու ունակությունից դեռ զրկված, երկնքին էին գամված։ Ես գիտեի, որ շուտով այդ հայացքը շրջվելու է դեպի ինձ։ Եվ երբ այդ կատարվեց, ես պատրաստ էի։ Իմ կեցվածքին մի վեհ տեսք տվեցի և ձեռքս դեպի արևը մեկնեցի։ Սքանչելի պատկեր ստացվեց։ Դողը ալիքի ձևով անցավ բազմության միջով։ Եվ այդ պահին երկու ճիչեր հնչեցին, մեկը անմիջապես մյուսից հետո։
― Վառե՛լ։
― Արգելո՛ւմ եմ։
Առաջինը Մերլինի ձայն էր, երկրորդը՝ թագավորի։ Մերլինը պոկվեց տեղից, ըստ երևույթին, որպեսզի ինքը վառի խարույկը, և ես ասացի․
― Մնացեք ձեր տեղում։ Եթե որևէ մեկը, նույնիսկ թագավորը, շարժվի, առանց իմ թույլտվության, ես կայծակ կիջեցնեմ նրա գլխին, մոխիր կդարձնեմ։
Ինչպես և սպասում էի, ամբողջ բազմությունը հնազանդ նստեց տեղերում։ Միայն Մերլինն էր մի քանի վայրկյան տատանվում, և ես ինձ փշերի վրա էի զգում, մինչև որ նա նստեց տեղը, իսկ ես խոր շունչ քաշեցի։ Այժմ արդեն դրության տերն էի։ Թագավորն ասաց․
― Գթառատ եղիր, ազնվափայլ սըր, դադարեցրու այդ ահավոր գործը, ազատիր մեզ աղետից։ Մեզ ասել էին, որ քո հզորությունը իր լրումին կհանգի միայն վաղը, բայց․․․
― Ձերդ վեհափառությունը ուզում է ասել, որ ստե՞լ են։ Այո, ձեզ սուտ են ասել։
Սա արտակարգ արդյունք տվեց։ Բոլորը ձեռքերը տարածեցին դեպի թագավորը, աղաչելով նրան, որպեսզի ամեն գնով համոզի ինձ դադարեցնել աղետը։ Թագավորը հաճույքով համաձայնեց։ Նա ասաց․
― Ասա քո պայմանները, հարգարժան սըր, նույնիսկ թագավորությանս կեսը կարող ես խնդրել, միայն թե դադարեցրու աղետը, ազատ արձակիր արևը։
Հաջողությունն արդեն ապահովված էր։ Մենք, իհարկե, անմիջապես լեզու կգտնեինք իրար հետ, բայց ես ի վիճակի չէի դադարեցնել խավարումը։ Այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Այնպես որ ես խնդրեցի ինձ ժամանակ տան մտածելու։ Թագավորը ասաց․
― Որքա՞ն ժամանակ․․․ օ՜հ, որքա՞ն ժամանակ, բարի սըր։ Գթառատ եղիր, տես ավելի ու ավելի է խավարը տիրում, վայրկյան առ վայրկյան ավելի է մթնում։ Խնդրում եմ ասա, որքա՞ն ժամանակ է պետք մտածելու համար։
― Շատ չէ։ Կես ժամ, գուցե և մի ժամ։
Հազարավոր կրքոտ բողոքներ եղան, բայց ես չէի կարող կրճատել ժամկետը, որովհետև չէի հիշում, թե որքան է տևում արևի լրիվ խավարումը։ Եվ առհասարակ ես վարանումի մեջ էի և ուզում էի մտածել։ Խավարումի հարցում ինչ֊որ բան այնպես չէր, և դա ինձ շատ էր անհանգստացնում։ Եթե սա այն խավարումը չէր, որը ես սպասում էի, ինչպե՞ս այլևս ես կարող եմ պարզել՝ գտնվո՞ւմ եմ արդյոք վեցերորդ դարում, թե սա երազ է։ Աստված իմ, որքան կուզենայի համոզվել, որ ճիշտը վերջինն է։ Մեջս մի նոր բարի հույս էր ծագում։ Եթե տղան չի սխալվել, և այսօր իսկապես քսանն է, ուրեմն սա վեցերորդ դարը չէ։ Ես, հուզված, բռնեցի վանականի թևքը և հարցրեցի նրան, թե այսօր ամսի քանիսն է։
Գրողը տանի։ Նա պատասխանեց, որ այսօր քսանմեկն է։ Արյունս պաղեց, երբ այդ լսեցի։ Խնդրեցի, որ լավ վերհիշի, հո չի՞ սխալվում, բայց նա վստահաբար գիտեր, որ այսօր քսանմեկն է։ Ուրեմն, այդ քամի գլուխ տղան նորից ամեն ինչ խառնել է։ Խավարումը սկսվեց ճիշտ նույն այն պահին, երբ պետք է սկսվեր, ես ինքս այդ տեսա ոչ հեռու տեղադրված արևի ժամացույցով։ Այո, այլևս ոչ մի կասկած, ես Արթուր թագավորի արքունիքում եմ և պետք է ամեն ջանք թափեմ այդ վիճակից առավելագույնը քաղելու համար։
Խավարը էլ ավելի էր խտանում, մարդիկ առավել հուսաբեկվում էին։ Վերջապես ես ասացի․
― Ես ամեն ինչ մտածեցի, սըր թագավոր։ Որպեսզի դաս լինի, ես թույլ կտամ, որ այս մթությունը պարուրի ամբողջ աշխարհը և ձեզնից կլինի կախված՝ կվերադարձնեմ արդյոք արևը, թե ընդմիշտ կմարեմ այն։ Ահա իմ պայմանները․ դուք թագավոր կմնաք ձեր բոլոր տիրույթների վրա և ձեզ կմատուցեն թագավորական արժանապատվությանը վայել բոլոր պատիվներն ու փառքը, բայց դուք ինձ կնշանակեք ձեր մշտական մինիստրը՝ գործադիր իշխանության ողջ իրավունքով, և իմ ծառայությունների դիմաց ինձ կվճարեք մեկ տոկոսը այն եկամուտների ավելցուկից, որը ես հույս ունեմ ստեղծելու պետության համար։ Եթե դրանով ես չկարողանամ ապրել, ոչ ոքից օգնություն չեմ խնդրի։ Բավարարո՞ւմ են արդյոք իմ պայմանները։
Ծափահարությունների մի ահավոր որոտ պայթեց, և լսվեց թագավորի ձայնը, որը ասում էր․
― Քանդեցեք նրա կապանքները։ Արձակեցեք նրան։ Եվ բոլորդ, ազնվազարմ ու ոչ ազնվազարմ, հարուստ ու աղքատ, բոլորդ, բոլորդ մատուցեցեք նրան պատիվներ, որովհետև հետ այսու նա թագավորի աջ ձեռքն է, նա կունենա ամբողջ իշխանությունը և հեղինակությունը, և նրա աթոռը կլինի ամենաբարձր աստիճանի վրա, գահից հետո։ Այժմ, փարատիր այս առաջացող խավարը, նորից լույս ու խնդություն բեր մարդկանց, և ամբողջ աշխարհը կօրհնի քեզ։
Բայց ես ասացի․
― Եթե ի տես աշխարհի անպատիվ արվեր մի հասարակ մահկանացու, դա դեռ ոչինչ, բայց անպատվությունը կընկնի հենց թագավորի վրա, եթե նրա մինիստրի մերկությունը տեսնող մարդիկ, նրան նաև վարձատրված չտեսնեն խայտառակության դիմաց։ Կուզենայի խնդրել, որ իմ հագուստը բերեն․․․
― Ոչ, դու այժմ այդպիսի հագուստի չես արժանի, ― մրմնջաց թագավորը։ ― Նրան ուրիշ հագուստ բերեք, հագցրեք նրան ինչպես արքայազնի։
Իմ մտահղացումը արդեն արդյունքներ էր բերում։ Ես պետք է որևէ կերպ ժամանակ շահեի մինչև լրիվ խավարումը, այլապես նրանք նորից կսկսեին պաղատել ինձ՝ փարատելու խավարը, որը, իհարկե, ես անել չէի կարող։ Հագուստի ետևից ուղարկելը որոշակի հետաձգում էր նշանակում, բայց ոչ բավարար։ Եվ ես նոր հետաձգում հղացա։ Ասացի, որ վախենամ, թե թագավորը մտածելուց հետո միտքը փոխի և հետագայում չեղյալ հայտարարի հանկարծակի մղումի ազդեցության տակ ընդունած որոշումը։ Դրա համար էլ ես կստիպեմ խավարին էլ առավել խտանալ, և եթե թագավորը այդ ընթացքում չփոխի իր վճիռը, ես կփարատեմ այն։ Այս պայմանը դուր չեկավ ոչ թագավորին, ոչ էլ հանդիսականներին, բայց ես անդրդվելի մնացի։
Մինչ ես տանջվում էի, վրաս քաշելով վեցերորդ դարի սոսկալի հագուստները, օրն ավելի ու ավելի էր մթնում, ավելի ու ավելի սևանում։ Վերջապես այնպես մթնեց, ինչպես հանքախորշի ներսում և ամբողջ բազմությունը սարսափից ոռնաց, զգալով ցուրտ խորհրդավոր գիշերային քամու շունչը և երկնքի վրա տեսնելով առկայծող աստղերը։ Վերջապես խավարումը իր լրումին հասավ, և ես շատ ուրախ էի, բայց բոլորը հուսաբեկ էին, որը, ի դեպ, միանգամայն բնական էր։
― Թագավորը իր լռությամբ հաստատում է պայմանները։
Ասացի և դեպի երկինք պարզեցի ձեռքերս, մնացի այդպես կանգնած մի քանի վայրկյան, և խոսեցի, որքան կարելի է խորհրդավոր․
― Թող կախարդանքները փարատվեն և անվնաս չքվեն։
Մի պահ, մեռելային խավարի ու լռության մեջ ոչ մի շշուկ չէր լսվում, բայց երբ արևի արծաթազօծ շուրթը սկսեց դուրս սողալ խավարից, ամբողջ բակը լցվեց բարձրաձայն աղաղակներով և օրհնության ու երախտագիտության հեղեղը թափվեց ինձ վրա։ Օրհնողների և երախտիք հայտնողների մեջ Քլարենսը, իհարկե, վերջինը չէր։
==Գլուխ յոթերորդ==
Մերլինի աշտարակը
Ես դարձա թագավորության երկրորդ դեմքը, իմ ձեռքի մեջ կենտրոնացնելով ամբողջ գործադիր իշխանությունը, և վերաբերմունքը իմ նկատմամբ գերազանց էր։ Հագնում էի միայն մետաքսե, թավշե և ոսկեզօծ հագուստ, այսինքն շատ շքեղ և շատ անհարմար։ Բայց ես վստահ էի, որ շուտով կընտելանամ այդ հագուստին։ Թագավորից հետո ես զբաղեցնում էի ամրոցի ամենաներկայանալի հարկաբաժինը։ Պատերը պատած էին գույնզգույն մետաքսով, բայց քարե հատակին գորգերի փոխարեն ամենակոպիտ տնայնագործ, ծուռտիկ֊մուռտիկ խսիրներ էին փռված։ Ճիշտն ասած, ոչ մի հարմարություն չկար։ Ես նկատի ունեմ փոքրիկ հարմարությունները։ Հենց փոքրիկ հարմարություններն են, որ կյանքը հաճելի են դարձնում։ Կոպիտ զարդաքանդակով խոշոր կաղնի բազկաթոռները, ճիշտ է, այնքան էլ վատ չէին, բայց հո չի կարելի յոլա գնալ միայն բազկաթոռներով։ Չկար ո՛չ օճառ, ո՛չ լուցկի, ո՛չ հայելի, բացի մետաղյա մի հայելուց, որի մեջ նայած, թե մի դույլ ջրի մեջ, նույն բանն էր։ Եվ պատերի վրա ապահովագրական ընկերության ոչ մի գունավոր ռեկլամ։ Շատ տարիների ընթացքում ես այնպես էի վարժվել գունավոր ռեկլամին, որ անկախ ինձնից, սերը դեպի այդ արվեստը ներծծվել էր արյանս մեջ և դարձել էությանս մի մասնիկը։ Այս գոռոզատես, շքեղ, բայց անհոգի պատերը ինձ ստիպում էին ցավով կարոտել իմ հայրենիքին․ ես մտաբերում էի մեր տնակը Արևելյան Հարթֆորդում, որտեղ, չնայած ամբողջ կահավորանքի անհավակնոտությանը, յուրաքանչյուր սենյակում կախված էր ապահովագրական գունավոր ազդը կամ էլ ծայրահեղ դեպքում եռագույն տպագրված նշանաբանը՝ «Աստված թող օրհնի այս տունը», իսկ հյուրասենյակում ինը գունավոր ազդեր էին կախված։ Իսկ այստեղ, իմ մինիստրական մեծ սրահի պատերին, ոչ մի նկար չկար, եթե նկատի չունենանք, որ այնուամենայնիվ, կար վերմակի մեծության մի բան, որը ոչ այն է թե գործվածք էր, ոչ այն է թե ձեռագործ, այն էլ որոշ տեղերում կարկատված։ Դրա վրա պատկերված առարկաները ապշեցնում էին գույների և ձևերի ահավոր անճշտությամբ, և այնքան մեծ էին, որ ինքը Ռաֆայելը, նույնիսկ այն բանից հետո, երբ նա աշխատել ավարտել էր «Նշանավոր Հեմպտոնքրտյան ստվարաթղթերը», ավելի խոշոր նկարել չէր կարող։ Ռաֆայելը շատ կարևոր թռչուն է եղել։ Մենք ունեցել ենք նրա մի քանի նկարները, մեկի վրա պատկերված էր «Ձկան զարմանահրաշ որսը», որտեղ հենց ինքն է իր սեփական հրաշքը գործում․ երեք մարդ է նստեցրել մի մակույկի մեջ, մինչդեռ այդ մակույկը շուռ կգար, եթե նույնիսկ նրա մեջ միայն մի շուն լիներ։ Ես միշտ հիացմունքով եմ ուսումնասիրել Ռաֆայելի կտավները, նրանք այնքան թարմ են ու ոչ պայմանադրական։
Ամբողջ ամրոցում ո՛չ զանգ կար, ո՛չ հեռախոս։ Ինձ շատ ծառաներ էին տվել։ Հերթապահողները միջանցքում էին կանգնում և, երբ անհրաժեշտ էր լինում նրանց կանչել, ինքս ստիպված գնում էի նրանց ետևից։ Ո՛չ գազ կար, ո՛չ իսկ մոմ․ բրոնզյա թաս, մինչև կեսը լցված սովորական յուղով և յուղի մեջ լողացող վառած լաթ՝ ահա, թե ինչն էր այստեղ լուսավորություն կոչվում։ Այդպիսի բազմաթիվ թասեր էին կախ տված պատերից, նրանք հազիվ փարատում էին խավարը, որը այդ պատճառով առավել մռայլ էր թվում։ Եթե երեկոյան բակից դուրս էիք գալիս, ծառաները ձեր առջևից ջահեր էին տանում։ Չկար ո՛չ գիրք, ո՛չ գրիչ, ո՛չ թուղթ, ո՛չ թանաք, ո՛չ ապակի այն անցքերում, որոնք այստեղ պատուհաններ էին կոչվում։ Թվում է, թե ինչ բան է ապակին, չէ՞։ Բայց եթե ապակի չլինի, արդեն դա բնավ էլ փոքր բան չի։ Բայց ամենից վատը շաքարի, սուրճի, թեյի և ծխախոտի պակասն էր։ Ես նման էի անմարդաբնակ կղզի ընկած Ռոբինզոն Կրուզոյին․ նրա պես էլ ստիպված էի բավարարվել տնային կենդանիների ընկերակցությամբ, և, որպեսզի կյանքը գոնե մի փոքր տանելի դառնար, պետք է վարվեի, ինչպես նա՝ գյուտեր անեի, հնարեի, ստեղծեի, փոփոխեի արդեն գոյություն ունեցողը․ պետք է անընդհատ աշխատեցնեի իմ ուղեղն ու ձեռքերը։ Ինչ կա որ, դա հենց այն է, ինչ ես ուզում եմ։
Մի բան ինձ սկզբից շատ էր նեղում՝ մարդկանց վիթխարի հետաքրքրասիրությունը իմ անձի նկատմամբ։ Կարծես ամբողջ ժողովուրդը ուզում էր ինձ տեսնել։ Շուտով հայտնի դարձավ, որ խավարումը ահ ու սարսափ էր պատճառել ամբողջ Բրիտանիային, որ նրա տևողության ընթացքին ամբողջ երկիրը ծայրից ծայր պարուրված է եղել անսահման խուճապով, և բոլոր եկեղեցիները, վանքերն ու ճգնարանները լցվել են աղոթքի և լացող մարդկանցով, որոնք համոզված են եղել, թե աշխարհի վերջը եկել է։ Հետո բոլորը իմացել են, որ այդ սոսկալի աղետը բերել է Արթուր թագավորի արքունիքում ապրող մի օտարական հզոր կախարդ, որ նա կարող էր կանթեղի նման մարել արևը և ուզում էր հենց այդպես էլ անել, բայց նրան խնդրել են փարատել կախարդանքը և, որ հետայսու նրան անհրաժեշտ է մեծարել որպես մի մարդու, որը իր անսպառ զորությամբ փրկել է աշխարհը կործանումից և մարդկությանը ոչնչացումից։ Եթե դուք նկատի առնեք, որ ամեն ոգ հավատացել է դրան, ոչ միայն հավատացել, այլ նույնիսկ կասկածի նշույլ անգամ չի ունեցել, ապա պարզ կդառնա, թե ինչպես ամբողջ Բրիտանիայում չկար մեկը, որը չուզենար այդ կախարդին տեսնելու համար ոտքով հիսուն մղոն կտրել։ Բնականաբար, զրուցում էին միայն իմ մասին, մնացած բոլոր նյութերը մոռացության էին տրվել, նույնիսկ թագավորի նկատմամբ սկսեցին անտարբեր վերաբերմունք ցույց տալ և չհետաքրքրվել նրանով։ Քսանչորս ժամից հետո արդեն սկսեցին պատվիրակություններ երևալ, և գալիս էին նրանք ամբողջ երկու շաբաթ շարունակ։ Շրջակա բոլոր գյուղերը լեցուն էին եկվորներով, օրական մի տաս֊տասներկու անգամ ես ստիպված էի լինում երևալ այդ հարգարժան և սարսափից զարկված բազմություններին։ Անշուշտ, դա շատ հոգնեցուցիչ էր ու բավականին ժամանակ էր խլում, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, շատ հաճելի է, երբ ինքդ քեզ զգում ես այդպես նշանավոր և մեծարանքի առարկա։ Ծերուկ Մերլինը կանաչ էր կտրում զայրույթից, և դա ինձ մեծագույն հաճույք էր պատճառում։ Բայց մի բան կար, որը ես ոչ մի կերպ հասկանալ չէի կարողանում․ ոչ ոք ինձնից ինքնագիր չէր խնդրում։ Այդ մասին ես ասացի Քլարենսին։ Գրողը տանի, ես ստիպված եղա բացատրել նրան, թե ինչ բան է ինքագիրը։ Նա ասաց, որ ամբողջ երկրում մի քանի տասնյակ տերտերներից բացի ոչ ոք չի կարող ո՛չ կարդալ, ո՛չ գրել։ Այ թե երկիր է, հա՜։
Մի հանգամանք էլ կար, որը ինձ փոքր֊ինչ անհանգստացնում էր։ Այդ բազմությունները ծարավի էին նոր հրաշքի։ Դա անշուշտ բնական էր։ Հեռավոր ճանապարհորդությունից տուն վերադառնալ ու պարծենալ, որ ինքը սեփական աչքերով տեսել է երկնային արևը սանձող մարդուն, և դրանով ինքն իրեն բարձրացնել հարևանների աչքում, ― դա, անշուշտ, լավ է, բայց շատ ավելի լավ է հնարավորություն ունենալ պատմելու նաև, որ ինքը սեփական աչքերով տեսել է, թե ինչպես է նա հրաշքներ գործել։ Իհարկե, այսպիսի նպատակի համար հեռավորությունը ոչ մի խոչընդոտ չէր կարող լինել մարդկանց առջև։ Ճնշումն ինձ վրա անընդհատ ուժեղանում էր։ Առաջիկայում լուսնային խավարում էր սպասվում, և ես գիտեի օրն ու ժամը, բայդ դա ուշ պետք է տեղի ունենար։ Ամբողջ երկու տարի հետո։ Շատ բան կտայի, որպեսզի մոտեցնեի այդ դեպքը և օգտվեի դրանից հենց այժմ, երբ շուկան խավարումների այդպիսի պահանջարկ էր ներկայացնում։ Շատ ափսոս, որ այդ խավարումը իզուր կկորչի և տեղի կունենա այն ժամանակ, երբ ոչ ոքի ոչ մի օգուտ չի բերի։ Եթե այդ խավարումը, դիցուկ, նշանակված լիներ մեկ ամիս հետո, ես կանխավ կվաճառեի այն, բայց այժմ դրանից ոչ մի օգուտ չէր սպասվում, և ես նույնիսկ դադարեցի այդ մասին մտածելուց։ Այդ ժամանակ էլ Քլարենսը պատահաբար իմացավ, որ Մերլինը պղտորում է ամբոխի հոգին։ Նա լուրեր էր տարածում, թե ես ստախոսի մեկն եմ, թե ես որևէ հրաշ չեմ անում, որովհետև չեմ կարող անել։ Տեսա, որ որևէ բան պետք է ձեռնարկեի։ Եվ տեղն ու տեղը գործողության ծրագիր կազմեցի։
Օգտվելով ինձ հանձնված գործադիր իշխանությունից, Մերլինին նետեցի նույն զնդանը, որտեղ նախապես ես էի նստած։ Ապա, մունետիկների ու փողհարների միջոցով իմաց տվեցի ամբոխին, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես զբաղված կլինեմ պետական գործերով, իսկ հետո ազատ ժամանակ կգտնեմ և երկնքից իջած կրակով կոչնչացնեմ Մերլինի քարաշեն աշտարակը, իսկ մինչ այդ, իմ մասին չարամիտ լուրերին ականջ դնողները թող զգուշանան։ Այնուհետև ազդարարեցի, որ դա վերջին հրաշքն է լինելու, բայց եթե այդ հրաշքից հետո էլ, որոշ մարդիկ չբավարարվեն ու չարախոսեն իմ հասցեին, ես նրանց բանող ձիեր կդարձնեմ։ Անդորրը վերականգնվեց։
Ես Քլարենսին մասամբ վստահեցի գաղտնիքներս և մենք զգուշությամբ գործի անցանք։ Ասացի նրան, որ իմ հրաշքը որոշ նախապատրաստական աշխատանք է պահանջում, և ամեն ոք, ով բերանը բաց անի այդ աշխատանքների մասին, տեղն ու տեղը կմեռնի։ Այս նախազգուշացումը փակեց նրա բերանը։ Մենք գաղտնի մի քանի պարկ առաջնակարգ վառոդ պատրաստեցինք, իսկ զինագործները իմ ղեկավարությամբ շանթարգել և լարեր սարքեցին։ Հին քարաշեն աշտարակը շատ զանգվածային էր, թեպետ տեղ֊տեղ քարերը շարժվում էին, որովհետև կառուցվել էր դեռ հռոմեացիների կողմից, մի չորս հարյուր տարի առաջ։ Այո, աշտարակը գեղեցիկ էր իր յուրահատուկ կոպիտ գեղեցկությամբ, և հիմքից մինչև կատարը պատված էր բաղեղով, ասես թեփուկավոր օղազրահ հագած լիներ։ Այն կանգնած էր առանձնության մեջ, ամրոցից լավ տեսանելի և մի կես մղոն հեռավորության վրա։
Աշխատելով գիշերները, մենք վառոդով լցրինք աշտարակը՝ հիմքում տասնհինգ ոտք լայնության պատերի միջից քարեր դուրս քաշեցինք և անցքերը լցրինք վառոդով։ Այդպիսի լիցքեր սարքեցինք մի տաս֊տասներկու տեղ։ Մենք այնքան վառոդ ունեինք, որ կարելի էր պայթեցնել նաև Լոնդոնի Թաուերը։ Տասներեքերորդ գիշերը կատարին ամրացրինք մեր շանթարգելը, ցածի ծայրը միացնելով լիցքերից մեկին և այդ լիցքից դեպի մյուսները լարեր տարանք։ Ժողովրդին ուղղածս կոչը հրապարակելուց հետո արդեն ոչ մեկը աշտարակի մոտից չէր անցնում, բայց, այնուամենայնիվ, տասնչորսերորդ օրվա առավոտյան ես մունետիկների միջոցով ազդարարեցի, որ ոչ ոք քառորդ մղոնից ավելի մոտ գալու իրավունք չունի։ Իսկ հետո էլ ավելացրի, որ հրաշքը պիտի կատարեմ առաջիկա քսանչորս ժամերի ընթացքում և դրա համար էլ նախապես պայմանական նշանով իմաց կտամ՝ եթե ցերեկ լինի, ապա ամրոցի աշտարակներին դրոշներ կտնկվեն, եթե գիշեր, ապա ջահեր կվառվեն։
Վերջին ժամանակները ամպրոպներ հաճախ էին լինում, այնպես որ ձախողումից այնքան էլ չէի վախենում, մանավանդ, որ միշտ էլ կարող էի մեկ֊երկու օրով հետաձգել հրաշքը պետական գործերով զբաղված լինելու պատճառաբանությամբ, և մարդիկ կսպասեին։
Իհարկե, օրը վառ արևոտ էր՝ վերջին շաբաթվա ընթացքում միակ անամպ օրն էր դա․ միշտ այդպես է պատահում։ Ես փակվեցի իմ սենյակում և հետևում էի եղանակին։ Ժամանակ առ ժամանակ գալիս էր Քլարենսը ու հայտնում, որ ամբոխի մեջ հուզումը անընդհատ աճում է, որ հրակնատներից երևում է, թե ինչպես են անընդհատ նորանոր խմբեր ժամանում։ Վերջապես, երբ արդեն մթնում էր, քամի բարձրացավ և մի ամպ երևաց, հենց ճիշտ այնտեղ, որտեղ որ պետք էր։ Սպասեցի մի փոքր էլ, հետևելով, թե ինչպես է այդ հեռավոր ամպը ուռճանում ու մթագնում, ապա վճռեցի, որ արդեն ժամանակն է։ Կարգադրեցի վառել ջահերը, արձակել Մերլինին և ինձ մոտ ուղարկել։ Քառորդ ժամ անց պատշգամբ դուրս եկա։ Այնտեղ արդեն գտնվում էին թագավորն ու ամբողջ արքունիքը։ Նրանք խավարի մեջ աչքները հառել էին Մերլինի աշտարակի ուղղությամբ։ Խավարը այնպես էր խտացել, որ հեռվում ոչինչ տեսնել հնարավոր չէր։ Մարդկային այդ զանգվածը և վեր խոյացող բուրգերը, որ մասամբ ստվերներով էին պարուրված, մասամբ էլ վառ լուսավորված էին ջահերի լույսերով, արտակարգ գեղեցիկ պատկեր էին ներկայացնում։
Հայտնվեց Մերլինը բավականին վատ տրամադրության մեջ։ Ես ասացի․
Դու ուզում էիր ինձ ողջ֊առողջ այրել, թեպետ ես քեզ ոչ մի վատ բան չէի արել, իսկ հետո էլ փորձում էիր աղտոտել իմ պրոֆեսիոնալ վարկը։ Դրա համար էլ ես երկնքից կրակ կիջեցնեմ և կոչնչացնեմ քո աշտարակը, բայց հանուն արդարության քեզ հնարավորություն կտամ ցուցադրելու քո ուժը․ եթե կարծում ես, որ կարող ես փարատել իմ կախարդանքը և վանել երկնային կրակը, խնդրեմ, հարված կատարիր, հերթը քոնն է։
― Ես կարող եմ փարատել քո հմայքները, ազնվափայլ սըր, և ես կփարատեմ, չկասկածես, ― հայտարարեց Մերլինը։
Նա հատակի սալերի վրա երևակայական շրջագիծ գծեց և ներսում մի պտղունց փոշի վառեց, որից բարձրացավ հոտավետ ծխի մի փոքրիկ քուլա։ Բոլորը վախից ետ ընկրկեցին, ու խաչ հանեցին։ Հետո նա ինչ֊որ բան սկսեց մրթմրթալ և ձեռքերը թափահարել։ Կամաց֊կամաց նա իրեն մոլեգնության վիճակի հասցրեց ու նրա ձեռքերը սկսեցին պտտվել ինչպես հողմաղացի թևերը։ Մինչ այդ ամպրոպը բոլորովին մոտեցավ, ուժգին քամին բորբոքում էր ջահերի բոցը և տարուբերում ստվերները, ընկան անձրևի առաջին խոշոր կաթիլները, շուրջը անթափանցելի խավար էր, երբեմն֊երբեմն կայծակ էր ճայթում։ Հապաղել այլևս չէր կարելի։ Եվ ես ասացի․
― Դու բավականին ժամանակ ունեիր։ Ես քեզ բոլոր հնարավորությունները ընձեռեցի և չմիջամտեցի։ Բոլորին արդեն պարզ է, որ քո կախարդությունը ոչ մի արժեք չունի։ Իսկ հիմա իմ հերթն է։
Երեք անգամ թափահարեցի ձեռքերս, և այնպիսի խլացուցիչ որոտ հնչեց, որ կարծես հրաբուխ էր ժայթքել․ հին աշտարակի բեկորները երկինք թռան կրակի հեղեղով պարուրված, խավար գիշերը լույս ցերեկի վերածվեց և շուրջը հսկայական տարածության վրա նկատելի եղավ, թե ինչպես մարդկային արարածները սարսափահար գետնին էին փռվել։ Մի խոսքով, հետո ամբողջ շաբաթը ավազի և խճի անձրև էր գալիս։ Այդպիսին էին լուրերը, գուցե, իհարկե, մի քիչ չափազանցված։
Դա մի շատ տպավորիչ հրաշք էր։ Հետաքրքրասերների արշավը անմիջապես դադարեց։ Հաջորդ առավոտ ցեխի վրա հազարավոր ոտնահետքեր կային, բայց բոլորն էլ հակառակ ուղղությամբ էին տանում։ Եթե ես մի ուրիշ հրաշք ազդարարեի, ինձ այլևս չէր հաջողվի հանդիսականներ հավաքել նույնիսկ շերիֆի օգնությամբ։
Մերլինի արժեթղթերն ընկան։ Թագավորը ցանկանում էր նրան այլևս աշխատավարձ չվճարել, նույնիսկ ուզում էր վտարել, բայց ես միջամտեցի։ Ասացի, որ նա կարող է օգտակար լինել եղանակի գուշակության և նման փոքր բաների հարցում, իսկ եթե նրա խղճուկ, սալոնային կախարդանքներից ոչինչ չստացվի, ես երբեմն֊երբեմն կօգնեմ նրան։ Նրա աշտարակից ոչինչ չէր մնացել, բայց ես ստիպեցի կառավարությանը նորը կառուցել և նրան խորհուրդ տվեցի վարձով տալ սենյակները, բայց նա շատ քիթը վեր տնկածն էր և ոչ մի երախտագիտության զգացում չուներ իմ նկատմամբ, նույնիսկ շնորհակալություն չասաց։ Ինչ էլ որ ասելու լինենք, շար կարծր ծերուկ էր Մերլինը, և դժվար էլ է քաղցր վերաբերմունք սպասել մեկից, որին դու այդպես ետնագծերն ես քշել։