Եկած հեռու Լիկիայից՝ Քսանթոսից հորձանահոս։
</poem>
== Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը ==
<poem>
Եվ երբ արդեն կազմ ու պատրաստ էին զորք ու զորագըլուխ,
Տըրոյացիք առաջ անցան խառնաղաղակ ճիչ ու կանչով,
Լայն երկընքով հեռուն չքվող կըռունկների պես բազմերամ,
Որ փախչում են ձըմռան անվերջ անձրևներից ու հողմերից
Սըլանում են Օվկիանոսի մակերեսով կըռընչալով
Եվ տանում են մահու օրհաս ու կոտորած թըզուկներին<ref>«Թզուկները» առասպելական ցեղ էին, որոնք իբր ապրում էին առասպելական Օվկիանոսի ծայր հարավում։ Նրանց հետ ամենամյա պատերազմներ էին մղում դեպի հարավ չվող կռունկները։</ref>,
Ընդդեմ նըրանց սարսափելի մարտ մըղելով բարձըր օդում։
Իսկ բոցաշունչ աքայեցիք գընում էին անձայն ու լուռ,
Ջանախընդիր՝ մեկ֊մյուսին լինել կըռվում թև ու թիկունք։
Հարավն ինչպես, որ ծածկում է լեռն անթափանց մառախուղով—
Հովիվներին անցանկալի, գողերին հեշտ, ինչպես գիշեր,
Եվ քարընկեց չափով հեռու՝ աչքին ոչինչ չի երևում,
Այդպես էր փոշին փոթորկվում նըրանց անթիվ ոտքերի տակ,
Երբ հաղթաքայլ և սըրընթաց անցնում էին դաշտի միջով։
Եվ երբ երկու կողմերն արդեն մոտիկ էին մեկ֊մյուսին,
Տըրոյանց կողմից առաջ նետվեց աստվածատիպ Պարիսը<ref>''աստվածատիպ Պարիսը'' — Նույն ինքը՝ Ալեքսանդրը, որը Ափրոդիտե աստվածուհու օգնությամբ առևանգեց Մենելավոսի գեղեցկուհի կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը ընկավ Տրոյական պատերազմում, դառնալով նաև Տրոյայի կործանման պատճառը։</ref> պերճ—
Ուսին ուներ նա ընձենի և լայնալիճ աղեղ ու սուր,
Եվ ճոճելով երկայնաձիգ երկու գեղարդ պըղընձասայր,
Կոչ էր անում արգիացի կըտրիճներին առհասարակ,
Որ ախոյան լինեն իրեն մենամարտիկ գուպարի մեջ։
Երբ Արեսի սիրելագույն Մենելավը տեսավ նըրան,
Որ իր գընդից առաջ ընկած մոտ էր գալիս մեծ քայլերով,
Սովալըլուկ առյուծն ինչպես, որ հըրճվում է հանդիպելով
Եղջերուի կամ այծյամի, որին կանի պատառ-պատառ
Նույնիսկ եթե նըրա վըրա գան որսորդներ քաջակորով
Եվ բարակներ արագավազ,— Մենելավոսն այդպես ցընծաց,
Երբ իր աչքի առջև տեսավ աստվածատիպ Ալեքսանդրին,
Զի վերջապես հույս ունեցավ վըրեժն առնել ապիրատից,
Եվ իր կառքից անմիջապես վար ցատկեց նա զինավառված։
Նախամարտիկ քաջերի մեջ Պարիսը երբ տեսավ նըրան,
Սոսկաց սաստիկ ինքն իր սըրտում ու խելահեղ ետ ընկըրկեց.
Ինչպես որ մարդ լեռների մեջ տեսնում է մի հըսկա վիշապ
Ու շուռ գալով անմիջապես ետ է փախչում խելակորույս,
Դեմքը ամբողջ ահից դըժգույն ու ողջ մարմնովն իր դողահար՝
Պարիսն այդպես փախավ իսկույն, տեսնելով քաջ Մենելավին։
Այդ տեսնելով, ծաղրեց Հեկտորն՝ աստվածատիպ Ալեքսանդրին
«Տեսքով լոկ քաջ, խըղճուկ Պարիս, կընամոլի, հըրապուրիչ,
Երանի թե չըծընվեիր ու կորչեիր դու անկընիկ։
Այդ էի ես ուզում սըրտանց, և այդ լավ էր հազա՛ր անգամ,
Քան թե այսպես դու կեղտի մեջ թաթախվեիր անարգաբար։
Գիսակագեղ աքայեցիք վըրադ անշուշտ պիտի խրնդան՝
Քո գեղանի կերպարանքից քաջ ախոյան կարծելով քեզ.
Բայց դու կորով ուժ ասված բան չունես քո մեջ ամենևին։
Այդ դո՞ւ էիր, որ նավերով ծովագընաց արշավեցիր,
Ծովեր անցար՝ անձնանըվեր ընկերներով արիասիրտ
Եվ անծանոթ մարդկանց միջից, աշխարհներից հեոո՛ւ-հեոո՜ւ,
Հափափեցիր չըքնաղ մի կին՝ հարսը ռազմիկ կըտրիճների,
Ի մեծ փորձանք քո հոր և մեզ և մեր բոլոր ժողովերդին,
Իսկ թրշնամյաց ի խընդություն և քեզ՝ համոթ ու նախատինք։
Ինչո՞ւ փախար վախկոտըդ դու արիսական Մենելավից
Մըտածեի՜ր, թե ինչ մարդու կին ես առել ծաղկափըթիթ։
Չէին օգնի քեզ ո՛չ քընար, ո՛չ շընորհներն աստվածային,
Ո՛չ գանգուրներըդ գեղանի, երբ քեզ փոշու մեջ թաթախեր։
Բայց շա՜տ երկչոտ են տրրոյանք, ապա թե ոչ մինչև հիմա
Քարե շապիկ հագած էիր<ref>''քարե շապիկ հագած էիր'' — Այսինքն՝ քարկոծվելով սպանված կլինեիր։</ref> չարիքների քո փոխարեն»։
Աստվածատիպ Պարիսը իր եղբորն այսպես պատասխանեց.
«Կըշտամբանքըդ ճըշմարիտ է, Հեկտոր, և ո՛չ հանիրավի.
Անվըկանդ է սիրտը քո միշտ ու կուռ, ինչպես կացինը սուր,
Երբ անտառում մայրի ծառի բունն է մըտնում՝ հաստատակամ
Փայտահատի ճարտար ձեռքում՝ նավի համար փայտ կըտրելիս,
Եվ գընալով՝ հետըզհետե աճեցնում է թափը բազկի։
Այդպես և դու քո կըրծքի տակ արի, անահ մի սիրտ ունես։
Բայց Աստղիկի<ref>''Աստղիկ'' — Հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և հեշտասիրության աստվածուհին և համապատասխանում Է հունական Ափրոդիտեին։</ref> ինձ պարգևած ձիրքերը մի՛ պախարակիր,
Շընորհները աստվածատուր խոտելի չեն ամենևին,
Եվ ինչ նըրանք են պարգևում, այն չի՛ կարող խըլել ոչ ոք։
Իսկ եթե դու կամենում ես, որ ես մըտնեմ գուպարի մեջ,
Նըստեցրու ողջ տըրոյացոց և աքայանց նըմանապես,
Եվ երկուսով՝ Մենելավոսն ու ես միայն մենամարտենք.
Կըռվենք հանուն Հեղինեի ու գանձերի համար նըրա։
Եվ մեզանից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի,
Նա թող տիրի ամեն ինչքին, Հեղինեին տանի իր տուն,
Եվ մյուսներդ աքայանց հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Վերադառնաք խաղաղությամբ դեպի Տրոյա արգասաբեր,
Իսկ ամրաբարձ աքայեցիք դեպ ձիաբույծ Արգոսն իրենց
Եվ Աքայիա, ուր կան կիներ գեղաչըքնաղ ու վարսագեղ»։
Այսպես ասաց, ու ասելով նըրան Հեկտորն, ուրախացավ,
Եվ անցնելով առաջ՝ բըռնեց իր նիզակի մեջտեղից նա
Ու կանգնեցրեց իրենց տեղում տըրոյացոց գընդերը գոռ,
Մինչ վարսագեղ աքայեցիք տեղում էին նըրա վըրա
Բըռանցքաչափ քարեր անվերջ ու նետերի տեղատարափ։
Գոչեց այնժամ Ագամեմնոն արանց արքան ձայնով իր մեծ.
«Կանգ առեք, ո՛վ արգիացիք, նետ մի՛ նետեք, ո՛վ աքայանք,
Կորդակաճոճ Հեկտորն, ասես, կամենում է խոսել մեզ հետ»։
Այսպես ձայնեց, ու տեղնատեղ դադար առան աքայեցիք,
Եվ Հեկտորը կանգնած երկու ճակատների մրջև՝ ասաց.
«Լըսեք, տըրոյանք և դուք համայն քաջասըրունք աքայեցիք,
Խոսքը Պարիս֊Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ.
Առաջարկում է նա բոլոր տըրոյացոց և աքայանց՝
Դընել իրենց զենքերը ցած, բարեբեղուն գետնի վըրա,
Եվ միայն ինքն ու Արեսի սիրելի քաջ Մենելավոսն
Կըռվեն հանուն Հեղինեի և գանձերի համար նըրա։
Եվ երկուսից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Նա՛ տիրանա ամեն ինչքին ու կընոջը իր տուն տանի.
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք դաշինք ու հաշտություն»։
Ասաց Հեկտորն, ու լըռեցին հակառակորդ կողմերն երկու.
Այն ժամանակ այսպես խոսեց Մենելավոսն ահեղաձայն.
«Ի՛նձ էլ լըսեք, զի մեծ մի ցավ կեղեքում է սիրտըս սաստիկ.
Ժամանակն է, որ բաժանվեն աքայեցիք և տըրոյանք,
Բա՛վ է որքան տառապեցին իմ երեսից այս կըռվի մեջ,
Որի պատճառն Ալեքսանդրի հանդըգնությունն եղավ անմիտ։
Մեզանից նա՛, որին մահ է նախատեսված, թող որ մեռնի,
Եվ մյուսներդ խաղաղությամբ բաժանվեցեք մեկ֊մյուսից։
Տըրոյացիք, այստեղ երկու ճերմակ ու սև գառ բերեք շուտ,
Արևի և երկրի ի ձոն, մի գառ էլ մենք՝ Արամազդին,
Կանչեք և քաջ Պրիամոսին, որ ինքն անձամբ կընքե դաշինք,
Զի որդիներն իր գոռոզ են, ամբարտավան և ուխտադրուժ,
Որ ոչ մի մարդ չըհանդըգնի Արամազդի ուխտը դըրժել։
Պատանիներն հեղհեղուկ են ու շարունակ փոփոխամիտ,
Իսկ ծերունին, ինչ անում է, նայում է միշտ ետ ու առաջ,
Որպեսզի գործն արդյունավետ լինի երկու կողմի համար»։
Այսպես ասաց, ուրախացան աքայեցիք և տըրոյանք,
Հուսալով, որ վերջ կըլինի աղետավոր պատերազմին։
Երիվարներն ետ քաշելով ձիերից ցած իջան նըրանք,
Ու հանելով զենքերն իրենց՝ դըրին գետնին, իրարու մոտ.
Եվ երկուստեք նըրսնց միջև մընաց մի նեղ տարածություն։
Հեկտորն իսկույն պատվիրակներ հըղեց դեպի քաղաքն իր հոր՝
Գառներ բերեն և Պրիամոս թագավորին կանչեն այնտեղ.
Իսկ թագավոր Ագամեմնոնն ուղարկեց իր Տալթիբիոսին
Դեպի նավերը գոգավոր, որ նա երրորդ գառը բերի։
Եվ Տալթիբիոսն հընազանդեց աստվածային Ատրիդեսին։
Իրիսն<ref>Իրիսը աստվածների, հատկապես Հերայի և Զևսի, սուրհանդակն է։</ref> այնժամ բանբեր եկավ ձյունաթևիկ Հեղինեին,
Նըրա տալոջ դեմքը առած— Անտենորի որդու կընոջ,
Որին պահում էր թագավոր Հելիկայոնն Անտենորյան
Պրիամոսի չքնաղ դըստեր, որ կոչվում էր Լավոդիկե։
Գըտավ նըրան արքունիքում ձեռագործով ըզբաղվելիս,
Պատկերում էր ծիրանավառ վերարկուի վըրա նըրբին՝
Բազում մարտերն աքայեցոց և տըրոյանց ձիամարզիկ,
Որ Արեսից իրեն համար բերում էին պատերազմից։
Մոտենալով Հեղինեին՝ ժըրոտն Իրիսն այսպես ասաց.
«Արի և տես, հարսըդ սիրուն, գործերը վեհ և սըխրալի
Ձիամարզիկ տըրոյացոց և աքայանց պըղընձազգեստ,
Որոնք դեռ նոր մոլեգնաբար, վառված տենչով կոտորածի,
Մըղում էին արտասվալից արյունոտ մարտ իրարու դեմ,
Իսկ արդ դադար տըված կըռվին՝ նըստել են լուռ իրար դիմաց
Հենված իրենց ասպարներին և տեգերը մըխած գետին։
Հիմա պիտի Պարիսը պերճ ու Մենելավն արիսական
Երկայնաձիգ նիզակներով մենամարտեն իրարու հետ,
Եվ հաղթողը պետք է որ քեզ իր սեփական կինն անվանի։
Այս ասելսվ աստվածուհին կարոտ վառեց կընոջ սըրտում
Դեպ առաջին իր ամուսինն ու ծընողներն իր հարազատ։
Եվ Հեղինեն անմիջապես ճերմակ մի քող առավ վըրան
Ու դուրս ելավ իր օթյակից գորոլիր արտասվելով.
Նա մենակ չէր, այլ նըրա հետ գընում էին երկու նաժիշտ՝
Պիտթեոսի դուստրը Էթրեն և Կլիմենն գեղեցկաչվի,
Ու հապըշտապ հասան նըրանք Սկեսական դարբասներին։
Պըիամն այնտեղ Պանթոոսի, Թեմիտեսի և Լամպոսի,
Կլիտիոսի և շառավիղ արիսական Հեկտավիոնի
Ուկալգոնի, Անտենորի,— երկուսն էլ ծեր խոհեմազարդ,—
Նըստել էին ժողովըրդի ծերերի հետ, մարտից քաշված,
Զի ալևոր էին արդեն, բայց պերճաբան, ճարտարախոս՝
Ճըպուռների նրման, որոնք նըստած ծառի ճյուղերի մեջ
Արձակում են ողջ օրն ի բուն փափկահընչյուն ձայներ անվերջ։
Այսպես նըստած էին տարեց իշխանները տրրոյացոց
Աշտարակի վըրա և երբ տեսան չըքնաղ Հեղինեին,
Որ դիմում էր դեպի այնտեղ, ըսկըսեցին ըսքանչացած
Ցածրը ձայնով մեկ-մյոաին այս սըրաթև խոսքերն ասել.
«Մեղավոր չեն տըրոյացիք և աքայանք պըղընձազգեստ,
Որ այսպիսի կընոջ համար տառապում են շատ տարիներ,
Ճրշմարտապես անմահական աստվածուհու դեմք ունի նա,
Բայց և այնպես, ինչ էլ լինի, վերադառնա՛ թող նավերով,
Որպեսզի մեր որդոց համար չըդառնա նա կըռվախընձոր»։
Այսպես ասին, բայց Պրիամոսն իր մոտ կանչեց Հեղինեին.
«Սիրուն զավակս, արի այստեղ, նըստիր մոտըս, որ լավ տեսնես
Դու առաջին քո ամուսնուն և քո բոլոր մոտիկ մարդկանց։
Մեղավոր չես դու իմ հանդեպ, այլ աստվածներն են հանցավոր,
Որ դըրդեցին աքայեցոց պատերազմի ելնել իմ դեմ։
Նայիր հապա, ո՞վ է մեծանձն աքայեցին այն հոյակապ,
Պետք է ասել՝ շատերը կան մի գըլխաչափ բարձր ավելի,
Բայց չեմ տեսել երբևիցե ես գեղեցիկ նըրա նըման
Ու վեհաշուք մարդ մի ուրիշ, նըման է նա թագավորի»։
Եվ Հեղինեն հըրաշագեղ նըրան այսպես պատասխանեց.
«Ըսկեսրայր իմ, դու ինձ համար ահեղ ես և պատկառելի.
Երանի՜ թե ես մեռնեի այն օրը, երբ քո որդու հետ
Այստեղ եկա՝ եղբայրներիս թողած և քողն հարսանեկան,
Թողած դըստերն իմ սիրասուն և անձկալի ընկերներիս...
Բայց մահն անգամ ինձ զըլացավ ու ծալվեցի արտասվելով։
Սակայն թող որ, ըսկեսրայր իմ, պատասխանեմ քո հարցումին։
Նա ինքն արքա Ագտմեմնոն Աստիդեսն է ամենիշխան,
Ինչպես և քաջ պատերազմող, եղավ նաև մի ժամանակ
Նա տագըր ինձ, անամոթիս, եթե երբեք չէ սին երազ»։
Այսպես ասաց, և ծերունին բացականչեց ըսքանչացած.
«Երանի՜ քեզ, երջանկածին և քաջափաո ո՛վ Ատրիդես,
Որ ձեռքիդ տակ ունես անթիվ և անհամար աքայեցիք։
Եղա երբեմն ես այգեվետ Փռյուգիայում մի ժամանակ,
Որտեղ տեսա շատ ձիավարժ փռյուգացիներ քաջամարտիկ,
Ժողովուրդները Ատրևսի ու Միգտոնի աստվածակերպ,
Որ Սանգարիս գետի ափին հըսկա բանակ էին զարկել։
Ե՛ս էլ նըրանց թվում եղա, որպես համհարզ և դաշնակից.
Այն օրը, երբ եկան հասան ամազոնները այրասիրտ<ref>''ամազոնները այրասիրտ'' — Ամազոնները միաստինք, պատերազմամոլ կանայք էին, որոնք, առասպելի համաձայն, ոչնչացնում էին իրենց արու զավակներին, իսկ դուստրերին պահում էին և դարձնում ռազմիկներ։</ref>,
Սակայն դարձյալ չէին այսքան, որքան խայտակն աքայեցիք»։
Ոդիսևսին նըկատելով՝ նա հարց տըվեց երկրորդ անգամ.
«Ասա՛, հապա, սիրուն զավակս, իսկ ո՞վ է նա, որ Ատրիդից
Մի գըլխաչափ փոքր է թեև, բայց թիկնեղ է և լայնալանջ։
Նըրա ամբողջ զեն ու զարդը հանգչում են լուռ գետնի վըրա,
Իսկ ինքն, ինչպես խոյ մի խըրոխտ՝ ճեմում է բյուր քաջերի մեջ։
Նըրան բըրդոտ ու սևաստև խոյի հետ եմ համեմատում,
Որ ճեմում է ճերմակաստև ոչխարների հոտում ըստվար»։
Եվ Հեղինեն՝ չըքնաղ ծընունդն Արամազդի՝ պատասխանեց.
«Դա Ոդիսևսն է Լայերտյան բազմահընար և հանճարեղ,
Որ քարքարոտ Իթակեի ժողովըրդի ծոցում սընվեց,
Հրնարամիտ սմեն դեպքում և խելացի խորհըրդատու»։
Եվ Անտենորը խոհական նըրան այսպես պատասխանեց.
«Օ կին, իրոք, ճիշտ ասացիր, զի Ոդիսևսն աստվածային,
Երբ քեզ համար Մենելավի հետ միասին բանբեր եկավ,
Նըրանց սիրով ընդունեցի հյուր իմ տան մեջ ու պատվեցի.
Եվ ես այն օր նըրա բարքին ու հանճարին հասու եղա։
Երբ միասին մըտնում էին տըրոյացոց ատյանը մեր,
Մենելավոսն իր ուսերով բարձրաձիգ էր Ոդիսևսից,
Բայց եըբ երկուսն էլ նըստեցին, Ոդիսևսն էր շըքեղ ու ճոխ։
Իսկ երբ հանդես էին գալիս ժողովի մեջ իրենց ճառով՝
Մենելավոսն անբըռնազբոս՝ ջըըի պես էր հըռետորում.
Համառոտ էր խոսքը նըրա, բայց և հըստակ, հասկանալի,
Չէր ճոխաբան, ճոռոմախոս, և կըրտսեր էր իր տարիքով։
Բայց Ոդիսևսը հանճարեղ, երբ ոտքի ելներ ծանրաբարո,
Հայացքն հողին էր սևեռում, աչքերը ցած խոնարհելով,
Եվ գավազանն առաջ ու ետ նա երբեք չէր տարուբերում,
Այլ բըռնում էր անշարժ, ամուր՝ տըխմարամիտ մարդու նըման,
Եվ թըվում էր անգաղափար ու ցասկոտ ոմն առերևույթ։
Բայց երբ կըրծքից արձակեր նա իր առնական ձայնը հուժկու,
Եվ ձըմեռվան ձյունի նըման խոսքերն իր ճոխ և խորիմաստ՝
Ուրիշ ոչ մի մահկանացու չէր մըրցակցի Ոդիսևսին,
Եվ նըրա դեմքն աստվածային էլ մեզ զարմանք չէր պատճառում»։
Եվ Այաքսին տեսնելով ծերն՝ հարցում արավ երրորդ անգամ.
«Իսկ ո՞վ է մյուս աքայեցին, այր քաջալանջ ու հաղթանդամ,
Որ իր գըլխով և ուսերով բարձր է բոլոր աքայանց մեջ»։
Եվ Հեղինեն՝ վեհագույնը ողջ կանանց մեջ՝ պատասխանեց.
«Այաքսն է դա հաղթահասակ, աքայեցոց պատվարն ամուր,
Իսկ այն մյուսը աստվածային Իդոմենեսն Է դյուցազուն,
Որի շուրջն են հավաքվել ողջ զորապետներն կըրետացոց։
Մենելավոսն արիսական նըրան հյուր էր ընդունում մերթ
Մեր պալատում, երբ գալիս Էր Կրետեից իր հայրենի։
Տեսնում եմ ես ահավասիկ և մյուս խայտակն աքայեցոց,
Որոնց ես լավ եմ ճանաչում, անուններով գիտեմ մեկ-մեկ.
Բայց չեմ կարող տեսնել, ափսոս, ժողովրրդոց զույգ պետերին՝
Պոլիդևկսին բըռնամարտիկ և Կաստորին ձիահըմոսւտ—
Եղբայրներին իմ հարազատ, միևնույն մոր ծոցի պըտուղ։
Մի՞թե սըրանց հետ միասին չեկան նըրանք Լակդեմոնից,
Թե՞ եկել են նրրանք իրենց անդընդահերձ նավատորմով
Ու հիմա չեն ուզում մըտնել պատերազմի քաջերի հետ
Վարանամիտ՝ իր ամոթից ու վարմունքից պարսավելի»։
Այսպես ասաց, սակայն նըրանք չէին եկել աքայանց հետ,
Մընում էին Լակդեմոնում՝ հայրենական երկրում իրենց։
Նըվիրակներն այդ միջոցին բերում էին դաշինքն ուխտի՝
Երկու հատ գառ և այծենի տիկով գինի զըվարթարար,
Իսկ Իդեոսն՝ անոթ փայլուն ու ոսկեձույլ ըմպանակներ,
Եվ մոտ գալով՝ ալևորին դիմեց իսկույն այս խոսքերով.
«Վեր կաց, որդիդ Լավդեմոնի, ձիամարզիկ տըրոյացոց
Եվ ամրաբարձ աքայեցոց ավագանին կանչում է քեզ,
Մասնակցելու հանդիսավոր դաշնադրության ու սուրբ զոհին։
Ալեքսանդրոսն ու Արեսի սիրելագույն Մենելավոսն
Երկայնաբուն նիզակներով պետք է այնտեղ մենամարտեն,
Եվ նըրանցից այդ գուպարում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Տիրե պիտի Հեղինեին ու գանձերին նըրա բոլոր։
Իսկ մյուսներն իրարու հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Դառնան տրոյանք քաղաքն իրենց, իսկ ամրաբարձ աքայեցիք՝
Արգոսն իրենց, ուր կան կիներ երկայնավարս ու գեղեցիկ»։
Այսպես ասաց, և ծերունին սոսկաց հրավերն այդ լըսելով,
Բայց յուրայնոց հըրամայեց կառքը լըծել անմիջապես։
Եվ երբ արդեն կատարված էր այդ հրրամանն ալևորի,
Նըստեց Պրիամն իր կառքը ճոխ, Անտենորին իր հետն առած,
Քաշեց սանձերն ուժգընորեն, և ձիերը քառատըրոփ
Դարբասներից դուրս թըռչելով՝ արագ դեպի դաշտ սըլացան։
Եվ երբ հասան տըրոյացոց և աքայանց բանակներին,
Ցած իջնելով շըքեղ կառքից, արոտառատ գետնի վըրա,
Հայր ու որդի արագաքայլ դեպի ամբոխն առաջացան։
Ոտքի ելավ անմիջապես Ագամեմնոն արանց արքան,
Եվ նըրա հետ ոտքի ելավ Ոդիսևսը բազմահանճար։
Մունետիկներն այնուհետև բերին ուխտի զոհերն ընտիր
Եվ խառնելով խառնարանում գինին՝ նըրանք ջուր լըցրեցին
Արքաների ձեռքին, այնժամ Ատրիդեսը դանակն հանեց,
Որ շարունակ կախ էր անում իր մեծ սըրի պատյանի մոտ՝
Կըտրեց մազերը գառների գըլուխներից, որոնք իսկույն
Բաժանվեցին տըրոյացոց և աքայանց ավագանուն,
Ապա բոլոր աստվածներին աղոթք արավ բազկատարած.
«Հա՛յր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Դո՛ւ, Արեգակդ ամենատես, ամենազոր, և դո՛ւք, գետեր,
Եվ դու երկիր, որ ետ մահու գիտեք պատժել անագորույն
Երդըմնազանց դըրուժներին ու վատերին առհասարակ,—
Վըկա եղեք և պահեցեք մեր երդումներն անդըրժելի։
Թե ըսպանի մենամարտում Պարիսը պերճ Մենելավին,
Նա՛ լինի տերն Հեղինեի և գանձերին նըրա բոլոր,
Եվ մենք ի տուն վերադառնանք ծովագընաց մեր նավերով.
Իսկ թե սպանի արիսական Մենելավոսն Ալեքսանդրին՝
Տան տըրոյանք Հեղինեին և նըրա հետ գանձերն իր ողջ
Ու վըճարեն արգիացոց տույժն ու տուգանքն ըստ օրինի,
Որ հուշ մընա դարե ի դար և այդ մասին հիշեն հավետ։
Իսկ Պարիսի մահից հետո, եթե Պրիամն ու իր որդիք
Չըկամենան տուգանքը տալ, ի՛նքըս այնժամ, Ատրիդ արքաս,
Պիտի մընամ այստեղ այնքան, շարունակեմ պատերազմել,
Մինչև հասնեմ նըպատակիս, և այս կըռվի վախճանը գա»։
Ասաց, մորթեց գառները նա անգորույն իր պըղընձով
Ու ցած դըրեց, որոնք անշունչ ցընցվում էին գետնին ընկած,
Զի սուր պըղինձն անագորույն ջըլատել էր նըրանց ոգին։
Ապա նըրանք լի սափորից բաժակներով գինին առած՝
Ձոն ձոնեցին հավերժական աստվածներին աղաչելով.
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան այս էր ասում.
«Մե՛ծդ Արամազդ ամենափառ և մյուս անմահ դուք աստվածներ,
Ով որ դըրժի նախ և առաջ դաշինքն այս մեր և ուխտը սուրբ,
Դըրուժանի ուղեղը թող գետին թափվի այս գինու պես
Եվ կընոջ հետ ու զավակաց՝ ուրիշները պառկեն թող որ»։
Այսպես ասին, Զևսը սակայն չանսաց նըրանց աղերսանքին.
Իսկ Պրիամոսն այն ժամանակ վեր կենալով այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, ո՛վ իշխաններ, տըրոյացիք և աքայանք,
Մի՛ նեղանաք, թե ես նորից դեպի քաղաք վերադառնամ,
Զի չեմ կարող ականատես լինել որդու իմ սիրասուն
Եվ Արեսի սիրելագույն Մենելավի մենամարտին։
Ինքն Արամազդն ու մյուս անմահ աստվածները գիտեն միայն,
Թե երկուսից ում է պահված ճակատագրից մահ ու վախճան»։
Այսպես ասաց Պրիամը ծեր և Անտենոր<ref>Անտենորը Պրիամոսի ընկերն է, ոչ թե որդին։</ref> իր որդու հետ
Կառք նըստելով, գառներն առած, սանձերը ետ քաշեց ուժգին,
Ու վերըստին հայր ու որդին վերադարձան դեպի Տրոյա։
Այն ժամանակ Հեկտորը քաջ և Ոդիսևսն աստվածային
Կըռվի դաշտը չափեցին նախ, ապա պըղնձյա սաղավարտում
Երկու վիճակ գըցած՝ երկար խառնում էին, թե երկուսից
Ո՛րը առաջ պըղրնձակուռ աշտեն պիտի իր արձակեր.
Մինչ ժողովուրդը ձեռնամբարձ աղոթում էր աստվածներին,
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան ա՛յս էր ասում.
«Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց,
Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա,
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք»։
Այս էր ասում ամեն մի մարդ, մինչդեռ Հեկտորն աչքը ետև՝
Վիճակներն էր շարժում երկու, ու դուրս եկավ՝ նախ՝ Պարիսին։
Այն ժամանակ բոլորն իսկույն ուղիղ շարքով նըստոտեցին
Յուրաքանչյուրն իր ձիու մոտ և ուր զենքերն էին իրենց—
Եվ գեղածամ Հեղինեի այրը՝ Պարիսն աստվածային
Ըսկըսեց իր զենքերն հագնել օրհասական մարտի համար։
Նախ և առաջ սըրունքները պատեց նա պիրկ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Հասավ զըրահ լանջապանակն իր Լիկայոն հարազատի,
Ապա կախեց ուսընդանութ պըղընձյա սուրն արծաթագամ.
Այնուհետև առավ վահանը հաստաբեստ ու մեծահաղթ,
Գըլխին դըրեց գեղապատշաճ կուռ սաղավարտ ճարտարագործ,
Որի ցըցունքն ահեղորեն ճոճվում էր վեհ ու բարձրադիր,
Ու ձեռքն առավ իրեն հարմար երկայնաբուն նիզակ մի հաղթ։
Իր զենքերն էր հագնում նաև Մենելավոսն արիսական։
Երկու կողմից պատրաստ այսպես, զինավառված վերից ի վար՝
Դեպ ասպարեզ առաջացան՝ մեկ֊մյուսին խեթ նայելով,
Եվ սոսկացին նըրանց ի տես տըրոյացիք և աքայանք։
Մոտենալով նըրանք միմյանց, լի մոլեգին ատելությամբ
Ճոճում էին երկայնաբուն նիզակները իրարու դեմ։
Առաջինը Պարիսն ուժգին երկայնաստվեր տեգն իր նետեց
Ու շեշտ զարկեց բոլորաձև մեծ վահանին Ատրիդեսի,
Բայց չըկոտրեց պըղինձը կուռ, ու տեգի սուր սայրը ծալվեց
Հաստ ասպարին զարնըվելով. Մենելավոսն այն ժամանակ
Վըրա պըրծավ իր պըղընձով, աղոթելով Արամազդին.
«Տե՛ր Արամազդ, տուր որ հանեմ վըրեժըս ինձ դավադրողից,
Ալեքսանդրից աստվածատիպ, և իմ ձեռքով հաղթիր նրան,
Որ մեզանից հետո ծընվող ամեն մի ոք այսուհետև
Սոսկա չարով հատուցելու օտարասեր հյուրընկալին»։
Այսպես ասաց և ճոճելով՝ գըցեց նա իր նիզակն երկար,
Զարկեց Պարիս Պրիամյանի բոլորաձև մեծ վահանին.
Տեգը թափով ասպարն անցավ ու մըխըրճվեց լանջապանում,
Ու բըզկըտեց աշտեն նըրա թույլ կողքի մոտ շապիկը նուրբ.
Ցած կըռացավ Պարիսն ընդփույթ և ազատվեց սև օրհասից։
Արծաթագամ սուրն իր քաշած՝ Մենելավոսն վըրա հասավ
Ու հարվածեց ախոյանի սաղավարտի գարգմանակին,
Բայց թուրն ընկավ նըրա ձեռքից եղած երեք թե չորս կըտոր։
Վայեց Ատրիդ Մենելավոսն աչքերն ուղղած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, չըկա քան քեզ անագորույն ուրիշ աստված,
Հույս ունեի ոխըս հանել վատաբարո Ալեքսանդրից,
Սակայն ահա՛ սուրըս ջախջախ փըշըրվեց իմ ձեռքերի մեջ,
Եվ վըրիպեց զարկը բազկիս, զո՜ւր սըլացավ տեգըս սուրսայր»։
Ասաց, հասավ, բըռնեց նըրա ձիաձարե սաղավարտից
Ու քաշ տըվեց Ալեքսանդրին դեպի բանակն աքայեցոց։
Ասեղնագործ փոկը ամուր, որ կըզակի տակից կապված
Սաղավարտն էր պահպանում պինդ՝ Պարիսի պերճ գըլխի վըրա՝
Պարանոցը պըրկամ էր ձիգ. կըխեղդըվեր նա անկասկած,
Եվ Մենելավն անտարակույս կըժառանգեր փառք ու պարծանք,
Եթե Աստղիկն՝ Արամազդի դըստրիկը այդ չընրկատեր
Ու չըկըտրեր փոկն արջառի՝ ազատելով Ալեքսանդրին։
Ատրիդեսի ձեռքում մը նաց լոկ սաղավարտը Պարիսի,
Եվ Մենելավն այն ճոճելով՝ նետեց թափով աքայեցոց.
Յուրայիններն այն վերցըրին և նա նորից վըրա վազեց
Պըղընձաձույլ իր գեղարդով ըսպանելու ախոյանին։
Բայց այդ պահին վըրա հասավ իսկույն Աստղիկ աստվածուհին
Ու Պարիսին ամպով պատած հափըշտակեց մարտադաշտից
Ու դեպ քաղաք՝ բուրումնավետ առագաստը տարավ նըրան,
Ապա փութաց Պարիսի մոտ կանչել չըքնաղ Հեղինեին,
Որին գըտավ աշտարակում նաժիշտներով շըրջապատված։
Աստղիկն ըզգույշ ցընցեց ձեռքով նըրա շըղարշն անուշաբույր
Ասվիագործ երկարակյաց այն պառավի դեմքը առած,
Որ տարիներ աոաջ, երբ դեռ Լակդեմոնում էր Հեղինեն,
Նուրբ ասվի էր գործում նըրան, և որին նա շատ էր սիրում։
Աստվածուհին դյդ պառավի դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Եկ, Հեղինե, պալատ գընանք, Պարիսը քեզ տուն է կանչում,
Շընորհաշուք գեղեցկությամբ իր գահույքի վըրա նըստած,
Զուգված այնպես, որ չես ասի, թե կըռվից է վերադառնում,
Այլ, ասես թե պատրաստվել է՝ մի տեղ պարի պիտի գընա,
Կամ թե պարից ուրախ-զըվարթ հենց նոր է տուն վերադարձել»։
Այսպես ասաց և կրրծքի տակ սիրտը շարժեց Հեղինեի,
Որ տեսնելով հըրաշագեղ ձյուն-պարանոցն աստվածուհու,
Լուսապայծառ աչքերն անուշ ու ցանկալի լանջքը շըքեղ՝
Ըսքանչացավ և անունը տալով՝ այսպես ասաց նըրան.
«Ա՛խ, դիցուհի, ինչո՞ւ ես դու աշխատում ինձ խաբել դարձյալ.
Մի՞թե դու ինձ է՛լ ավելի հեռո՛ւ-հեոո՜ւ պիտի վանես,
Բարեբընակ դեպ Փըռյուգիա կամ Մեոնիա հանգըստավետ,
Ուր կա նույնպես քեզնից սիրված, հովանավոր ուրիշ մի մարդ։
Քանզի հիմա Մենելավոսն հաղթել է քաջ Ալեքսանդրին
Եվ ուզում է ինձ՝ ատելուս առնել դարձյալ ու տուն տանել,
Նըրա՞ համար դու եկել ես նյութելու նոր մի նենգություն։
Դո՛ւ նըրա մոտ գընա նըստիր, թողած ճամփան աստվածների
Եվ այլևրս քո ոտքերով Ոլիմպոս մի՛ վերադառնա,
Այլ նըրա մոտ լաց ու ողբա և հընազանդ եղիր այնքան,
Մինչև քեզ կին առնի իրեն կամ աղախին՝ իր տան համար։
Իսկ ես այնտեղ էլ չեմ դառնա անկողինն իր հարդարելու
Եվ դառնալու ծաղր ու ծանակ տըրոյացի կանանց համար։
Թո՛ղ ինձ ուստի և հեռացիր, քանզի սիրտըս ցաված է խիստ»։
Աստվածուհին հույժ բարկությամբ նըրան այսպես պատասխանեց.
«Մի՛ գըրգըռիր ինձ, եղկելի, գուցե վըրադ բարկանալով՝
Ատեմ ես քեզ այնքան, որքան մինչև, հիմա սիրել եմ քեզ,
Եվ երկուստեք՝ տըրոյացոց և աքայանց միջև, անհաշտ
Նյութեմ դըժնյա վըրեժ ու ոխ, և դու դաժան մահով կորչես»։
Այսպես ասաց, և Հեղինեն՝ զարմը Զևսի, ահաբեկված
Ելավ գընաց գաղտագողի, ներկաների աչքից անտես,
Քողածածուկ իր շըղարշով, հետևե|ով աստվածուհուն։
Եվ երբ հասան շըքեղաշուք պալատը պերճ Ալեքսանդրի,
Աղախինները գընացին իրենց գործով ըզբաղվելու,
Իսկ Հեղինեն ամենագեղ դեպ առագաստն առաջացավ,
Որտեղ Աստղիկ աստվածուհին աթոռ դըրեց Պարիսի դեմ
Հեղինեի՝ վահանադրոշ Արամազդի դըստեր համար,
Ու նըստելով նա խըստադեմ հանդիմանեց իր ամուսնուն.
«Մենամարտի՞ց ես գալիս դու, ա՜հ, երանի թե մեռնեիր
Քաջի ձեոքով, որ իմ նախկին ամուսինն է արիասիրտ.
Դու պարծենում էիր առաջ, թե քո բազկով և նիզակով
Գերազանցում ես Արեսի սիրելագույն Մենելավին.
Թե քաջ ես դու, գընա ձայն տուր Մենելավին խարտիշահեր
Եվ դուրս արի դու նըրա դեմ մենամարտի երկրորդ անգամ.
Բայց ո՛չ, խորհուրդ չեմ տա ես քեզ մենամարտել հանդգնաբար
Դյուցազնական ու քաջատեգ Մենելավոս Ատրիդի հետ,
Որպեսզի մի գուցե հանկարծ նըրա տեգին դառնաս դու կեր»։
Հըրաշագեղ Հեղինեին Պարիսն այսպես պատասխանեց.
«Մի՛ խոցոտիր սիրտըս դու, կին, ինձ դառնապես այպանելով,
Թե օգնությամբ Աթենասի Մենելավն ինձ հաղթեց այսօր,
Մի այլ անգամ ես կը հաղթեմ Մենելավոս արիսյանին,
Որովհետև մենք էլ ունենք մեզ օգնական, մոտ աստվածներ։
Իսկ այժմ, արի, ամուսնական բուռըն սիրով պառկենք մեկտեղ,
Զի այսպիսի այրող տարփանք չեմ ըզգացել երբևիցե,
Ոչ մինչև իսկ առաջին հեղ, երբ հեշտավետ Սպարտայից
Հափըշտակած քեզ հապըշտապ փախչում էի իմ նավերով,
Ու Կրանայե կղզում քեզ հետ մահիճ մըտա հեշտագըրգիռ
Ինչպես հիմա, որ վառվում եմ քեզ մըտնելու հուր ցանկությամբ»։
Ասաց, գընաց դեպ անկողին Հեղինեի ձեռքից բըռնած,
Ու պառկեցին քանդակածո անկողնու մեջ հանգըստավետ։
Իսկ Ատրիդեսն ամբոխի մեջ վազվըզում էր գազանաբար
Ու Պարիսին էր որոնում, ամենուրեք աչք ածելով,
Սակայն ոչ ոք տըրոյացի ու դաշնակից զինվորներից
Չըկարեցան ցույց տալ նըրան անհետացած ախոյանին։
Չէր թաքցընի ոչ ոք, եթե Ալեքսանդրին տեսած լիներ,
Զի բոլորի համար Պարիսն ատելի էր մահվան նըման։
Այն ժամանակ այսպես խոսեց Ագամեմնոն արանց արքան,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք և սատարներ,
Հայտնի է, որ հաղթությունը Մենելավին է արիսյան,
Ուստի այստեղ բերեք իսկույն Հեղինեին իր գանձերով,
Եվ տուգանքը, տըրոյացիք, վըճարեցեք ըստ պայմանի,
Որ այս մասին դարե ի դար սերունդները հիշեն ընդմիշտ»։
Այսպես ասաց, և գովեցին նըրան բոլոր աքայեցիք։
</poem>
== Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի ==