― Խրտվիլա՜կ, խրտվիլա՜կ, ― հողակոշտներ էին շպրտում մեր ետևից։ Իմ փորձից գիտեմ, որ մանչուկները միշտ նույնն են բոլոր դարերում։ Ոչ մի բանի նկատմամբ հարգանք չունեն, ոչ ոքից ու ոչինչից չեն քաշվում։ Նրանք «Չքվի՛ր, քաչալ էին գոռում մարգարեին, որը հնադարի խորքերում գնում էր իր ճանապարհով, ոչ ոքի նեղություն չտալով։ Նրանք ձեռք էին առնում ինձ միջին դարերի սրբազան մռայլության մեջ։ Նույն ձևով էին վարվում Բյուքենենի պրեզիդենտության շրջանում, այս ես լավ հիշում եմ, որովհետև ինքս էլ մանչուկ էի ու նրանցից ետ չէի մնում։ Մարգարեն արջեր ուներ, և նրանք մաքրեցին այն ժամանակվա մանչուկների հաշիվը, ես էլ ուզում էի ցած իջնել ձիուց և մաքրել հիմիկվա մանչուկների հաշիվը, բայց դա անիրագործելի էր, որովհետև չէի կարող նորից ձի նստել։ Անիծյալ երկիր, որտեղ վերամբարձ սարքեր չկան։
==Գլուխ XII==
Համընթաց տառապանք
Մենք անմիջապես բաց տարածություն դուրս եկանք։ Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն հաճելի էին այդ ամայի անտառները աշնանային վաղ այգաբացի զովին։ Բլուրների կատարներից մենք տեսնում էինք ցածում փռված սքանչելի հովիտները, որոնցում ոլոր֊մոլոր գետակներ էին հոսում, և այստեղ֊այնտեղ կղզյակներով բուսած ծառերը, և միայնակ վիթխարի կաղնիները, որոնք թանձր ստվեր էին նետում իրենց շուրջ։ Իսկ հովիտներից այն կողմ մենք տեսնում էինք բլուրների ալիքաձև շղթաները, որոնք կապտավուն մեգով էին պարուրված և ձգվում էին մինչև հորիզոնը։ Նրանց կատարներին, իրարից հեռու, երբեմն սպիտակ, երբեմն մոխրագույն կետեր էին փայլփլում, և մենք գիտեինք, որ դրանք ամրոցներ են։ Կտրում էինք ցողից շողշողացող ընդարձակ մարգագետինները, առաջ էինք ընթանում անշշուկ՝ հողը այնքան փափուկ էր, որ ձիու սմբակների ձայնը չէր լսվում։ Կարծես երազի մեջ, գնում էինք մեր գլխավերևից սաղարթի տանիքի միջով թափանցող կանաչավուն լույսով ողողված անտառային կածաններով, իսկ իմ ձիու սմբակների մոտ քարերի վրայից թռչկոտելով, զվարթ կարկաչում էին վճիտ զով առվակները, և նրանց կարկաչյունը երաժշտության նման շոյում էր մեր լսողությունը։ Երբեմն֊երբեմն ետևում թողնելով դաշտերի ընդարձակությունը, սուզվում էինք թավուտների հանդիսավոր խորքերը և ընկնում անտառային մթնշաղի մեջ, որտեղ շրշալով այս ու այն կողմ էին փախչում ինչ֊որ հանելուկային կենդանիներ և այնպես արագ էին կորչում, որ նույնիսկ չէինք հասցնում կռահել, թե որ կողմից էր հասնում շրշյունը․ որտեղ հենց նոր արթնացել էին ամենից վաղ զարթնող թռչուններն ու սկսել իրենց երգերն ու վեճերը․ որտեղ ականջիդ էր հասնում անանցանելի անտառների մեջ ինչ֊որ մի ծառաբնի կեղևի տակ գործի անցած միջատների խորհրդավոր բզզոցն ու դժժոցը։ Եվ հետո, կամաց֊կամաց նորից արևի լույսի տակ էինք հայտնվում։
Թավուտից երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ արևի լույսի տակ դուրս գալը, երբ արդեն արևածագից հետո մի երկու ժամ էր անցել, այլևս այնքան հաճելի չէր, ինչպես սկզբում։ Սկսվում էր տապը։ Այդ միանգամայն նկատելի էր։ Ու հենց այդ պահին էլ մենք ստիպված էինք երկար ժամանակ գնալ արևի տակ առանց ստվերի իսկ նշույլի։ Պարզապես զարմանալի է, թե ինչպես փոքրիկ անհարմարությունները մի անգամ ծագելուց հետո աստիճանաբար ուռճանում և բազմանում են։ Սկսում ես նկատել այնպիսի բաներ, որոնց վրա նախկինում ուշադրություն չէիր դարձնի, և քանի գնում, այնքան ավելի շատ ես զգում այդ բանը։ Առաջին տաս֊տասնհինգ անգամը, երբ թաշկինակի կարիք ունեցա, ես ուշադրություն չդարձրի, ասելով ինքս ինձ, թե յոլա կգնամ և անմիջապես մոռանալով այդ մասին։ Բայց այժմ տարբեր էր․ այժմ թաշկինակը անընդհատ ինձ պետք էր, և այդ միտքը շաղափում էր, շաղափում, շաղափում գլուխս անվերջ, ու ես ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ այդ մասին, վերջապես կատաղեցի և գրողի ծոցն ուղարկեցի այն մարդուն, որը պատրաստել է զրահները, բայց գրպաններ չի ստեղծել։ Պատկերացնո՞ւմ եք, ես թաշկինակս ու էլի ուրիշ բաներ սաղավարտիս մեջ էի դրել, բայց դա այնպիսի սաղավարտ էր, որ ինքդ քո ուժերով հանել չես կարող։ Երբ թաշկինակը այնտեղ էի դնում, այդ մասին նույնիսկ չմտածեցի էլ և ճիշտն ասած չգիտեի էլ։ Կարծում էի, թե դա ամենահարմար տեղն է։ Եվ այժմ, ինձ հատկապես կատաղեցնում էր այն միտքը, որ թաշկինակը այդքան մոտ է, բայց անմատչելի։ Այո, այն, ինչ որ հնարավոր չէ ձեռք գցել, ամենից ավելի ցանկալի է դառնում․ այդ երևույթը նկատել են բոլորը։ Եվ հիմա էլ, միտքս արդեն կտրվել էր ամեն ինչից, կտրվել էր լրիվ ու վերջնականապես և կենտրոնացել միայն սաղավարտիս մեջ․ մղոն առ մղոն առաջ էինք գնում, բայց մտքիցս դուրս չէր գալիս, երևակայում էի թաշկինակը, պատկերացնում էի թաշկինակը։ Կսկծալի էր ու ցավալի․ որ աղի քրտինքը ճակատիցս աչքերս էր թափվում, իսկ ես սրբել չէի կարող։ Այդ մասին կարդալը, իհարկե, հեշտ է, բայց եկեք ապա մի փորձեցեք նման տառապանքը տանել։ Եթե այդ տառապանքը իրոք տանջալի չլիներ, ես չէի հիշատակի այդ մասին։ Ինքս ինձ խոստացա, որ հաջորդ անգամ հետս կանացի պայուսակ կվերցնեմ, թող ինչ ուզում է մտածեն և խոսեն իմ մասին։ Իհարկե, Կլոր Սեղանի երկաթյա պճնամոլները դա անվայելուչ կգտնեն և ինձ ծիծաղի թիրախ կդարձնեն, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա նախ՝ հարմարավետություն և հետո նոր միայն՝ արտաքին ոճ։ Այդպես մենք տմտմբալով առաջ էինք գնում, երկինք առաքելով փոշու ամպեր․ փոշին քիթս էր խուժում ստիպելով փռշտալ ու լաց լինել, և, իհարկե, ես այնպիսի բառեր էի ասում, որոնք պետք չէր որ ասեի․ ես այդ չեմ հերքում, չէ որ ես ուրիշներից լավը չեմ։
Թվում էր, թե այդ ամայի Բրիտանիայում ոչ մի մարդու հնարավոր չէր հանդիպել, ոչ իսկ մարդակերի։ Այնպիսի մի հոգեկան խռովքի մեջ, ինչպիսին իմն էր, ես նույնիսկ ուրախ կլինեի մարդակերի հանդիպել, իհարկե, թաշկինակավոր մարդակերի։ Եթե նման մեկին հանդիպեին ուրիշ ասպետները, կմտածեին միայն այն մասին, թե ինչպես տիրանան նրա զենք ու զրահին, ես կձգտեի տիրանալ նրա թաշկինակին, իսկ իր ամբողջ մետաղյա ջարդոնը հաճույքով իրեն կթողնեի։
Մինչ այս, մինչ այն տապը ավելի ու ավելի հեղձուցիչ էր դառնում։ Արևը անխնա կծում էր ու անընդհատ ուժեղ տաքացնում իմ երկաթները։ Դե, եթե մարդս այդպես ողջ֊ողջ խորովվում է, ամենափոքր բանն էլ նրան կարող է համբերությունից հանել։ Երբ ձին քշում էի վարգով, այնպես էի զնգում, ինչպես ափսեներով լի զամբյուղը, վահանս շրխկում էր և զարկում մերթ կրծքիս, մերթ մեջքիս և դա ինձ կատաղեցնում էր։ Իսկ երբ սովորական քայլքի էի անցնում, հոդերս սկսում էին ճռնչալ ու ճռռալ, ինչպես սայլակի անիվը, ավելին, դադարում էր գոնե փոքր֊ինչ զովություն բերող քամին, և ես նորից տապակվում էի ինչպես վառարանի մեջ, բացի այդ որքան դանդաղ գնաք, այնքան ավելի ծանր է թվում ձեր վրայի երկաթը, կարծես ամեն րոպե նորանոր տոննա բեռ են դնում վրադ։ Դրան գումարած նաև, որ անընդհատ ստիպված ես նիզակը բռնած ձեռքդ փոխել, այն մի ոտքից մյուսի վրա դնել, որովհետև անընդհատ մի ձեռքով բռնելուց, մատներդ ուղղակի նվում են։
Ինչպես հայտնի է, երբ քրտինքը առվակով հոսում է, ապա մի պահ է գալիս, երբ դուք․․․ երբ դուք․․․ Էհ, ներեցեք, ― երբ դուք քոս եք ընկնում։ Դուք ներսն եք, ձեր ձեռքերը դուրսը, իսկ արանքում երկաթ։ Դե, համաձայնեցեք, որ թեթև վիճակ չէ։ Սկզբում մի տեղում է քորվում, իսկ հետո մի քանի, և տարածվում է, տարածվում, բռնում ամբողջ մարմինդ, ու ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան տհաճ բան է դա։ Եվ երբ այնքան վատ եղավ վիճակս, որ այլևս տեսնել չէի կարողանում, որտեղից որտեղ մի ճանճ մտավ երեսկալիս տակ ու բազմեց քթիս։ Երեսկալս դժվարավ էր վեր բարձրանում, իսկ ես այդ անել չէի կարողանում։ Ես միայն թափահարում էի գլուխս, որը այդ պահին առանց այն էլ շոգից պայթում էր, և ճանճը (դուք, իհարկե, գիտեք, թե ինչ աներես է իրեն պահում ճանճը, երբ հասկանում է, որ վտանգ չի սպառնում), միայն քթիցս շրթունքիս էր թռչում, շրթունքիցս ականջիս նստում, ու տզզում, մի գլուխ տզզում և այնպես կծում, որ ես արդեն մի լավ հալի չէի ու այլևս համբերությունս վերջացավ։ Ես չդիմացա ու կարգադրեցի Ալիսանդին արձակել սաղավարտս և ազատել ինձ ճանճից։ Նա սաղավարտից հանեց պարունակությունը, ջրի տակը տվեց և մեկնեց ինձ խմելու, իսկ, երբ ես կուշտ խմեցի, մնացած ջուրը նա լցրեց օղազրահիս տակ։ Օ՛հ, ինչ թարմացնող բան էր դա։ Նա շարունակ ջուր էր շփում վրաս, մինչև որ ես ոտից գլուխ թրջվեցի ու ինձ ամբողջովին լավ զգացի։
Որքա՜ն հաճելի էր հանգիստն ու անդորրը։ Բայց այս կյանքում ոչ մի բան կատարյալ չի լինում։ Մեկնելուց քիչ առաջ ես ծխամորճ էի պատրաստել, ինչպես նաև ծխախոտ, իհարկե, ոչ իսկական ծխախոտ, այլ նրանից, որ սովորություն ունեն ծխել հնդիկները՝ ուռենու չորացած կեղևից։ Ծխամորճն ու ծխախոտը սաղավարտի մեջ էին, այժմ ես նորից կարող էի դրանք տնօրինել, բայց լուցկի չունեի։
Աստիճանաբար, մինչ հանգիստ էի առնում և ժամանակը առաջ էր սահում, գիտակցությանս հասավ նաև մի ուրիշ տհաճ փաստ։ Մենք ամբողջովին կախման մեջ էինք պատահականությունից։ Զրահավորված սկսնակը չի կարող ձի նստել առանց կողմնակի օգնության։ Սենդիի ուժը չէր բավարարի գոնե ինձ բարձրացնելու համար։ Մենք ստիպված էինք սպասել, թե երբ մեկն ու մեկը կանցներ մեր կողմերով։ Ես հաճույքով կհամաձայնեի սպասել լռության մեջ, քանի որ մտածելու շատ նյութ ունեի։ Ուզում էի մտածել այն մասին, թե ինչպես բանական կամ էլ կիսաբանական մարդիկ սովորել են կրել այս երկաթյա հագուստը, չնայած սրա բոլոր անհարմարություններին, և ինչպես է նրանց հաջողվել պահպանել հագուստի այդ ձևը սերնդե սերունդ, երբ միանգամայն պարզ է, որ այսօրվա իմ տառապանքը նրանք կրում են իրենց կյանքի բոլոր օրերին։ Ես ուզում էի մտածել այդ մասին, ավելին, ուզում էի մտածել՝ միջոց գտնել ուղղելու համար սույն չարիքը և ստիպելու մարդկանց հրաժարվել այդ հիմար տարազից։ Բայց մտածելու մասին խոսք իսկ չէր կարող լինել ներկա պարագաների մեջ։ Դուք չեք կարող մտածել, եթե ձեր կողքին Սենդին է գտնվում։
Նա հեզ, բարի սրտով աղջիկ էր, բայց խոսում էր, խոսում անդադար, բերանը հողմաղացի նման աղում էր աղում, մինչև որ գլուխդ սկսում էր ցավալ, ինչպես ցավում է քաղաքային բեռնասայլերի ու կառքերի աղմուկից։ Նա շատ լավ աղջիկ կլիներ, եթե հնար լիներ բերանը խցանով փակել։ Բայց այդ կարգի արարածների բերանը խցանել չի կարելի, եթե նրանց զրկես խոսելու հնարավորությունից, անմիջապես կմեռնեն։ Նա շաղակրատում էր օրն ի բուն, և մարդ ակամայից մտածում էր, թե ահա, ուր որ է նրա ներսը ինչ֊որ բան կփչանա, բայց ոչ, այդպիսինները չեն փչանում։ Նա երբեք դադար չէր առնում գոնե բառեր փնտրելու համար։ Կարող էր ամբողջ շաբաթներով աղալ, հորդել, հարել, բզզալ ու երբեք կանգ չառնել խոսքի մեքենան յուղելու կամ էլ քամհարելու համար։ Եվ նորից այդ ամբողջ տքնության արդյունքը լինում էր ոչ այլ ինչ, քան քամի։ Նա երբեք ոչ մի միտք չէր ունենում, միայն մշուշն է լցնում գլուխը։ Մի կատարյալ չաչանակ էր Սենդին, շատախոսում էր, շատախոսում, շատախոսում, աղում էր, աղում, աղում, ճտպտում, ճտպտում, ճտպտում, բայց կարող էր և ավելի վատը լինել։ Առավոտյան ես դեռ ուշադրություն չէի դարձնում նրա հողմաղացին, քանի որ ուրիշ անհանգստությունների մի ամբողջ իշամեղվի բույն էր բզզում ներսս, բայց կեսօրից հետո արդեն որերորդ անգամ ես նրան ասում էի․
― Դադար տուր, աղջիկս, եթե այդպես ծախսես մեր տեղական օդը, վաղը մյուս օրը թագավորությունը ստիպված կլինի ներմուծել արտասահմանից, իսկ գանձարանը առանց այդ էլ դատարկ է։
==Գլուխ XIII==
Ազատ մարդիկ
Այո, տարօրինակ է, թե որքան կարճատև է մարդ ինքն իրենից գոհ լինում։ Դեռ քիչ առաջ, երբ ես ձիու վրա տառապում էի, ինչպիսի դրախտ կարող էր թվալ ինձ այս անդորրը, այս հանգիստը, կարկաչող առվակի ափին այս ստվերաշատ առանձնարանի քաղցր լռությունը, որտեղ ժամանակ առ ժամանակ ջուր էի շփում օղազրահիցս ներս ու թարմություն զգում։ Իսկ հիմա ես արդեն դժգոհ էի, մասամբ այն պատճառով, որ չէի կարող ծխամորճս վառել, որովհետև, թեպետ վաղուց ի վեր լուցկու գործարան էի հիմնել, մոռացել էի լուցկի վերցնել և մասամբ էլ այն պատճառով, որ մենք ուտելու բան չունեինք։ Ահա ձեզ այդ դարի ու մարդկանց մանկական անհեռատեսության նաև մի ուիրշ վկայություն։ Զրահավորված մարդը երբեք հետը ուտելիք չէր առնում։ Զայրույթից կպայթեր, եթե նրան խորհուրդ տային նիզակից կախ տալ սանդվիչներով լի մի կողով։ Կլոր Սեղանի յուրաքանչյուր ասպետ կգերադասեր սովամահ լինել, քան մարդկանց աչքին երևալ այդպիսի կողովը նիզակափայտից կախ տված։ Բայց, այնուամենայնիվ, կարծես դրանից ավելի ողջամիտ բան չէր կարող լինել։ Ես մտադիր էի մի երկու սանդվիչ դնել սաղավարտիս մեջ, բայց այդ կատարելու պահին միջամտեցին։ Ստիպված եղա ներողություն խնդրել ու դեն նետել, և դրանք բաժին ընկան շանը։
Գիշերը մոտենում էր և գիշերվա հետ՝ ամպրոպը։ Արագորեն մթնում էր։ Անհրաժեշտ էր գիշերելու պատրաստվել։ Օրիորդի համար ես մի լավ ծածկ գտա ժայռի տակ, իսկ ինքս հեռացա ու մի ուրիշը գտա ինձ համար։ Բայց ես ստիպված էի մնալու զրահներիս մեջ, քանի որ առանց ուրիշի օգնության դրանց միջից դուրս գալ չէի կարող և Ալիսանդի օգնությանն էլ դիմել հնարավոր չէր, որովհետև այդ կնշանակեր մերկանալ կողմնակի անձի ներկայությամբ։ Ճիշտ է, իմ զրահների տակ կրում էի սովորական հագուստս, բայց դաստիարակությամբ ներարկված նախապաշարումներից անմիջապես ազատվել հնարավոր չէ, և ես գիտեի, որ, երբ հանելու լինեմ իմ երկաթյա կարճ շրջազգեստը, ամոթից գետինը կմտնեմ։
Ամպրոպի հետ փոխվեց նաև եղանակը․ որքան ուժեղ էր փչում քամին, որքան կատաղի էր մտրակում անձրևը, այնքան ավելի ու ավելի էր ցրտում օդը։ Շատ շուտով զանազան բզեզներ, մրջյուններ, որդեր, որ թրջվել չէին ուզում, բոլոր կողմերից սողացին, մտան օղազրահիս տակ՝ տաքանալու համար։ Եվ մինչ նրանցից ոմանք իրենց վայելուչ էին պահում ու մտնելով սպիտակեղենիս ծալքերի մեջ սսկվեցին, մնացած մեծ մասը անհանգիստ ու շարժուն տեսակից էր ու երբեք դադար չառավ։ Այս ու այն կողմ էին սողում, որս անում, իրենք էլ չիմանալով՝ ինչ։ Մանավանդ մրջյունները անտանելի էին․ նրանք շարան֊շարան ու անընդհատ մարմնիս մի ծայրից մյուսն էին գնում և խտուտ տալիս ինձ։ Այդ արարածների հետ այլևս երբեք քնել չէի ցանկանա։ Խորհուրդ կտայի իմ վիճակի մեջ ընկնող մարդուն երբեք թավալ չտալ ու չգալարվել գետնին, որովհետև դա բոցավառում է զանազան տիպի բոլոր արարածների հետաքրքրասիրությունը և նրանցից նույնիսկ ամենավերջինը իր պարտք է համարում գնալ տեսնել, թե ինչ է պատահել։ Դրանով ձեր դրությունը ավելի կծանրանա և դուք առավել կարծր և կծու կհայհոյեք, եթե, իհարկե, ի վիճակի լինեք։ Սակայն, եթե դուք թավալ չտաք ու չգալարվեք, ապա, վստահաբար, կմեռնեք, հետևապես, կարող եք վարվել ինչպես ցանկանաք, քանի որ այստեղ, ըստ էության, ընտրություն չկա։ Նույնիսկ ցրտից փայտանալով, ես դեռ զգում էի խտուտները ու ցնցվում, ճիշտ ինչպես դիակը էլեկտրական հոսանքից։ Ինքս ինձ խոսք տվեցի, որ բավ է, այս ճանապարհորդությունից հետո այլևս երբեք զրահներ չեմ հագնելու։
Բոլոր այդ տառապալի ժամերի ընթացքում, երբ միաժամանակ սառչում էի և, ինչպես ասում են, այրվում մարմանդ կրակի վրա քոր ու քոսի պատճառով, նույն անպատասխանելի հարցը անընդհատ պտտվում էր իմ հոգնած գլխի մեջ․ ինչպե՞ս եմ մարդիկ հանդուրժում այս թշվառական զրահը։ Ինչպե՞ս են նրանք հանդուրժել այսքան սերունդների ժամանակ։ Ինչպե՞ս են նրանք կարողանում քնել գիշերները, չվախենալով հաջորդ օրվա տառապանքներից։
Երբ վերջապես լույսը բացվեց, ես արդեն բոլորովին վատ էի զգում․ ջարդված, թմրած, թթված՝ անքնությունից, տրորված՝ թավալգլոր տալուց, թուլացած՝ երկար ծոմապահությունից, կուչ եկած՝ հոդացավից․ ծարավի՝ լոգանք ընդունելու և միջատներից ազատվելու։ Իսկ ինչպե՞ս էր իրեն զգում ազնվազարմ, տիտղոսավոր ազնվականուհի օրիորդ Ալիսանդ լա Քարթելուազը։ Օ՜, նա թարմ էր, ինչպես սկյուռը, քնել էր մեռածի նման, իսկ ինչ վերաբերում է լոգանքին, ոչ նա, ոչ էլ այս երկրի որևէ ուրիշ ազնվազարմ մարդ կյանքում չէր լսել այդ մասին և, բնականաբար, դրա պակասությունը չէր զգում։ Ժամանակակից տեսանկյունից դատելով, այդ ժամանակվա բոլոր մարդիկ, ըստ էության, վայրենիներ էին։ Այս ազնվազարմ օրիորդը ոչ մի անհամբերություն չէր դրսևորում շուտափույթ նախաճաշելու նկատմամբ, սա ևս վայրենու հատկանիշ էր։ Իրենց ճանապարհորդությունների ժամանակ այդ բրիտանացիները սովոր էին երկարատև ծոմապահությունների․ մեկնելուց առաջ նրանք մի քանի օրվա կերակուր էին ներս լցնում, ինչպես անում են հնդիկներն ու վիշապօձերը։ Եվ կարող եք վստահ լինել, որ Սենդին կերել էր ամենաքիչը երեք օրվա համար։
Մենք ճանապարհ ընկանք արևածագից առաջ, Սենդին՝ ձիու վրա, իսկ ես ետևից կաղին տալով։ Կես ժամից հանդիպեցինք ցնցոտիավոր թշվառական ամբոխի, որը նորոգում էր ճանապարհ անունը կրող անհեթեթությունը։ Նրանք ինձ դիմավորեցին անասունների նման խոնարհ և, երբ առաջարկեցի բաժանել ինձ իրենց նախաճաշը, նրանք այնպես շշմեցին իմ այդ արտասովոր բարեհաճությունից, որ ոչ անմիջապես հավատցին անկեղծությանս։ Օրիորդս արհամարհանքով ուռցրեց շրթունքները և մի կողմ քշեց ձին։ Նա բարձրաձայն հայտարարեց, որ մտադիր չէ որևէ բան ուտել ամեն տեսակ անասունների հետ, ընդսմին նրա բառերը բնավ էլ չվիրավորեցին այդ թշվառականներին, այլ միայն վախեցրին։ Մինչդեռ նրանք ոչ ստրուկներ էին և ոչ էլ ճորտեր։ Կարծես ծաղրի համար «ազատ մարդիկ» էին կոչվում։ Երկրի ազատ բնակչության յոթ տասներորդ մասը նրանց դասակարգի և աստիճանի մարդիկ էին՝ փոքրիկ «անկախ» ֆերմերներ, արհեստավորներ և այլն, ուրիշ խոսքով ասած, հենց դա էր ժողովուրդը, իրական ազգը։ Այդ ազգը պարունակում էր այն ամենը, ինչ օգտակար էր և հարգանքի արժանի։ Բացառեցեք այդ խավը ազգից, և կմնան միայն տականքներն ու վիժվաժքները, ինչպես օրինակ թագավորը, ազնվականությունը, ավագանին՝ ծույլ, անօգտակար մարդիկ, որոնք ծանոթ են գլխավորապես վատնելու և ավերելու արվեստին և ոչ մի արժեք չեն ներկայացնում բանական կառուցվծք ունեցող հասարակության համար։ Մինչդեռ, այդ ոսկեզօծ փոքրամասնությունը, փոխանակ քարշ գալու պոչից, որտեղ իր իսկական տեղն էր, ընթանում էր առջևից՝ փողփողացող դրոշները պարզած։ Նա միայն իրեն էր ազգ համարում, իսկ անհամար աշխատավորները թույլատրում էին այդ խայտառակությունը այնքան երկար ժամանակ, մինչև իրենք էլ վերջապես ընդունեցին, թե դա ճշմարտություն է, և դեռ ավելին, հավատացին, թե նման վիճակը արդարացի է և, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Տանտերերը ասում էին նրանց հայրերին և հենց իրենց, որ այդ ծաղրուծանակը աստվածային կարգ է, և, չմտածելով, թե աստծուն հատուկ չէ նման կատակներով զվարճանալը, այն էլ այդպիսի խղճուկ ու տհաս կատակներով, նրանք հավատում էին տանտերերին ու հեզորեն խոնարհում գլուխները։
Այդ հլու հնազանց մարդկանց խոսքերը բավականին տարօրինակ էին հնչում իմ՝ դեռ վերջերս ամերիկյան ականջի համար։ Նրանք ազատ մարդիկ էին, բայց առանց թույլտվության չէին կարող հեռանալ իրենց լորդի կամ եպիսկոպոսի կալվածքից։ Նրանք իրավունք չունեին թխելու իրենց հացը, պարտավոր էին հատիկը տանել լորդի հողմաղացը, ալյուրը՝ նրա փուռը և մի լավ վճարել։ Նրանք իրավունք չունեին վաճառելու իրենց սեփականության մի պատառիկն անգամ առանց ստացված դրամից չաղլիկ տոկոս վճարելու լորդին, ոչ էլ գնելու ուրիշի սեփականությունը, առանց վճարելու լորդին նման գնումը արտոնելու համար։ Նրանք պարտավոր էին անվճար քաղել լորդի ցորենը և հայտնվել նրա առաջին իսկ կանչով, սեփական հատիկը ձգելով վայրագ հողմի բերանը։ Նրանք պարտավոր էին թույլ տալ լորդին իրենց արտերում պտղատու ծառեր տնկել և ապա զսպել իրենց զայրույթը, երբ պտուղ հավաքողները ոտնատակ էին տալիս արտերը։ Նրանք պետք է սրտի խորքում ճնշեին վրդովմունքը, երբ լորդը իր հյուրերի հետ որսի ժամանակ արշավում էր իրենց դաշտերով ու ոչնչացնում քրտնաջան աշխատանքով ձեռք բերված բերքը։ Նրանք իրավունք չունեին աղավնիներ պահելու, իսկ եթե միլորդի աղավնիների երամը նստեր նրանց արտերին, նրանք պետք է համբերեին և չսպանեին ոչ մի թռչուն, այլապես պատիժը ահավոր կլիներ։ Երբ բերքը վերջապես հավաքվում էր, անմիջապես վրա էր տալիս գիշատիչների ոհմակը․ սկզբում եկեղեցին տանում էր իր չաղլիկ տասնորդը, ապա թագավորի հարկահավաքը վերցնում էր իր քսաներորդը, հետո միլորդի մարդիկ պոկում էին մնացածի ազդրը։ Ազատ մարդու կաշին այդպես քերթելուց հետո, նա կարող էր շտեմարան փոխադրել իր բերքը, եթե, իհարկե, փոխադրելու բան էր մնում, և ապա հարկեր, հարկեր, հարկեր ու նորից հարկեր, հարկեր, հարկեր և ուրիշ հարկեր, հարկեր, որոնք պետք է վճարեր միայն նա, ազատ ու անկախ աղքատը, բայց ոչ նրա տիրակալ բարոնը, ոչ եպիսկոպոսը, ոչ շռայլորեն վատնող ավագանին, ոչ ամենակուլ եկեղեցին։ Եթե բարոնի քունը չէր տանում, ազատ մարդը աշխատանքային օրից հետո պարտավոր էր գիշերը մինչև լույս նստել լճափին ու ճիպոտով ծեծել ջուրը, որպեսզի գորտերը չկռկռային։ Եթե ազատ մարդու դուստրը․․․ բայց միապետական վարչաձևի այս վերջին ստորությունը աննկարագրելի է։ Եվ, վերջապես, եթե ազատ մարդը, տառապանքներից հուսահատ, իր կյանքը այլևս անտանելի գտներ այդ պայմաններում և ուզենար անձնասպանություն գործել, մահվան մոտ փրկություն և գութ փնտրելով, մարդասեր եկեղեցին նրան դատապարտում էր դժոխքի մշտնջենական կրակներին, մարդասեր օրենքը թաղում էր նրան գիշերով, ճանապարհների խաչմերուկներում, ցիցը մեջտեղը խրելով, և նրա տիրակալ բարոնը կամ եպիսկոպոսը յուրացնում էր նրա բոլոր ունեցվածքը և դուրս նետում նրա արյուն ու որբերին։
Եվ ահա ազատ մարդիկ հազիվ լույսը բացված հավաքվել էին այստեղ անվճար նորոգելու իրենց տիրակալ֊եպիսկոպոսի ճանապարհը։ Ամեն մի ընտանիքի հայր և զավակ պետք է անվճար աշխատեր երեք օր, իսկ նրանց ծառաները՝ մի օր ավելի։ Կարծես թե ես կարդում էի Ֆրանսիայի և ֆրանսիացիների մասին, մինչ նրանց հավիտենապես հիշելի և օրհնված հեղափոխությունը, որը մի արյունոտ ալիքով քշեց տարավ նման աղտեղությունների հազարամյա լեռը և գանձեց հնադարյան պարտքը՝ կես֊կես կաթիլ արյուն այն ամեն մի տակառ արյան դիմաց, որ քամել էին ժողովրդի դանդաղ տառապանքների տասը հարյուրամյակ, նույնիսկ դժոխքում չտեսնված կեղծիքի, խայտառակության և թշվառության ընթացքում։ Պետք է հիշել և մտքում պահել, որ գոյություն է ունեցել երկու «տեռորի թագավորություն»։ Մեկի ժամանակ սպանությունները կատարվել են կրքերի բորբոքված պահին, մյուսի ժամանակ՝ սառնասրտորեն ու մտածված․ մեկը տևել է մի քանի ամիս, մյուսը՝ հազար տարիներ․ մեկը տարել է տաս հազար կյանքեր, մյուսը՝ հարյուր միլիոններ։ Բայց մեզ, չգիտես ինչու, ցնցում են փոքրիկ, այսպես ասած րոպեական տեռորի «սարսափները», մինչդեռ ի՞նչ է կացնի տակ վայրկյանական մահի սարսափը ամբողջ կյանքի ընթացքում սովից, ցրտից, վիրավորանքներից, դաժանություններից ու հոգեկան տառապանքից եկող դանդաղ մահվան համեմատ։ Ի՞նչ է վայրկյանական մահը կայծակնահարությունից, մարմանդ խարույկի վրա մեռնելու համեմատ։ Այդ կարճընթաց տեռորի բոլոր զոհերը, որոնց առթիվ մեզ ջանացողաբար սովորեցրել են արցունք թափել և սարսափել, կտեղավորվեն քաղաքային մի գերեզմանոցի մեջ, բայց ամբողջ Ֆրանսիան չի կարող տեղավորվել հնադարյան ու իսկապես աննկարագրելիորեն դառն ու ահավոր տեռորի զոհերին, որի առթիվ մեզ ոչ ոք չի սովորեցրել հասկանալ նրանց ամբողջ սարսափելիությունը և ցնցվել նրա զոհերի նկատմամբ խղճահարության զգացումից։
Այդ թշվառ երևակայական ազար մարդիկ, որ ինձ հետ բաժանում էին իրենց նախաճաշն ու զրույցները, այնպես խոնարհությամբ էին մեծարում իրենց թագավորին, եկեղեցուն և ավագանուն, որ նրանց ամենակատաղի թշնամին իսկ ավելի վատ բան ցանկալ չէր կարող։ Ցավալիորեն ծիծաղելի էր նրանց նայելը։ Ես հարցրեցի, թե կարո՞ղ են նրանք արդյոք պատկերացնել մի ժողովրդի, որը, <b>ազատ քվեի իրավունք ունենալով,</b> մի եզակի ընտանիք ընտրեր և թույլ տար, որ նրա սերունդները, անկախ այն բանից շնորհալի մարդիկ են դրանք, թե հիմար գլուխներ, ընդմիշտ կառավարեին երկիրը, իսկ որևէ ուրիշ ընտանիք, այդ թվում և ընտրողի ընտանիքը, երբեք չկարողանար նման իշխանության հասնել․ ինչպես նաև, ընտրեր նաև մի քանի հարյուր ընտանիքներ, դներ նրանց իր գլխի վերև ու զարդարեր այլոց համար վիրավորական, ժառանգաբար փոխանցվող մեծարանքներով ու արտոնություններով, իսկ երկրի որևէ ուրիշ ընտանիք, այդ թվում և ընտրողի ընտանիքը զրկված լինեին նույն մեծարանքներից ու արտոնություններից։
Նրանք ինձ լսեցին անտարբեր և պատասխանեցին, թե իրենք չգիտեն, թե երբեք այդ մասին չեն մտածել և, թե երբեք իրենց մտքով իսկ չի անցել, որ որևէ երկիր կարող է այնպես կառուցված լինել, որպեսզի ամեն մարդ կարողանար իր կարծիքը ասել պետական գործերի մասին։ Ես պատասխանեցի, որ տեսել եմ մի այդպիսի երկիր և, որ ժողովուրդը այնտեղ իր իրավունքները կպահի այնքան ժամանակ, քանի դեռ միասնական տիրապետող եկեղեցի չի ստեղծվել։ Նրանք սկզբում նորից անտարբեր լսեցին ինձ։ Բայց հանկարծ մեկը ինձ նայեց և խնդրեց կրկնել ասածս, կրկնել հանդարտ, որպեսզի հասնի իր գիտակցությանը։ Ես կրկնեցի, և նա, փոքր միջոցից հետո, մինչ ասածս տեղ էր հասնում, բռունցքը թափով իջեցրեց ու ասաց, որ ինքը չի հավատում, թե <b>քվեի իրավունք ունեցող ժողովուրդը</b> կամավոր կերպով կիջնի, կթաղվի այսպիսի ցեխի մեջ և, որ ժողովրդից նրա կամքն ու ընտրության իրավունքը կողոպտելը հանցագործություն է, բոլոր հանցագործություններից ամենածանրը։ Ես ասացի ինքս ինձ․
― Այս մեկը մարդ է։ Եթե սրա նման մարդկանց թիվը իմ թիկունքին շատ լիներ, ես կհասնեի այս երկրի բարեկեցության վերելքին, ու կապացուցեի իմ հավատարմությունը նրան, արմատականորեն փոխելով կառավարման ամբողջ սիստեմը։
Ինչպես հասկանում եք, հավատարմություն ասելով ես նկատի ունեմ հավատարմություն հայրենիքին և ոչ թե նրա հաստատություններին և տիրողներին։ Հայրենիքը իրական է, հիմնական, հավիտենական․ այն պետք է պահպանել, սիրել, հավատարիմ լինել նրան։ Հաստատությունները հագուստի նման արտաքին երևույթ են, և հագուստները կարող են մաշվել, պատառոտվել, անհարմարավետ դառնալ, դադարել մարմինը ցրտից, հիվանդություններից և մահից պահպանելուց։ Հավատարիմ լինել ցնցոտիներին, փառաբանել ցնցոտիները, խոնարհվել ցնցոտիների առջև, մեռնել ցնցոտիների համար, ― դա անմիտ հավատարմություն է, անասնական հավատարմություն է․ դա պատկանում է միապետությանը, հայտնագործված է միապետության կողմից, թող միապետությունն էլ պահպանի այն։ Ես կոնեկտիկուցի եմ, որի սահմանադրությունը ազդարարում է․«ամբողջ քաղաքական իշխանությունը պատկանում է ժողովրդին և բոլոր ազատ կառավարությունները հիմնվում են նրա հեղինկության վրա և ստեղծվում են նրա բարեկեցության համար, և ժողովրդի անվիճելի ու անկապտելի իրավունքն է <b>փոփոխել կառավարության ձևը ամեն ժամանակ, ինչպես անհրաժեշտ գտնի։</b>
Այս տեսանկյունից, բոլոր քաղաքացիները, որոնք տեսնում են, որ իրենց երկրում քաղաքական հագուստները մաշվել են և միաժամանակ պահպանում են իրենց անդորրը, լռում են, աշխատանք չեն տանում նոր հագուստներ ստեղծելու համար, նրանք անհավատարիմ են իրենց հայրենիքին, նրանք դավաճաններ են։ Նույնիսկ, եթե այդպիսի քաղաքացին միակն է, որ նկատում է երկրի հագուստների մաշվածությունը, այդ էլ նրա համար ներելի չի կարող նկատվել, նրա պարտքն է համապատասխան աշխատանք տանել ոչ մի բանի առջև կանգ չառնելով, իսկ ուրիշների պարտքն է քվե տալ նրա դեմ, եթե իրենք այդ չեն նկատում։
Եվ ահա ես մի երկիր էի ընկել, որտեղ երկրի կառավարման ձևի մասին կարծիքի իրավունքը պատկանում էր նրա բնակչության յուրաքանչյուր հազարից միայն վեց մարդու։ Եթե մնացած ինն հարյուր իննսունչորսը իրենց դժգոհությունը հայտնեին կառավարման ձևից և առաջարկեին փոխել այն, այդ վեց «ընտրյալները» զայրույթից կփրփրեին․ ի՜նչ ստորություն, ի՜նչ անազնվություն, ի՜նչ սև դավաճանություն։ Ուրիշ խոսքով ասած, ես դարձել էի բաժնեթղթերի տեր տեր մի ընկերության, որի ինը հարյուր իննսունչորս մասնակիցը հայթայթում են ամբողջ դրամագլուխը և կատարում ամբողջ աշխատանքը, իսկ մնացած վեցը վարչության մշտական անդամներ են ընտրել իրենց և բոլոր շահաբաժինները։ Ինձ թվում էր, թե ինը հարյուր իննսունչորս խաբվածներին ուրիշ էլ բան չէր մնում, քան խառնել խաղաթղթերը ու նորից բաժանել։ Իմ բնավորությանը շատ ավելի բնորոշ կլիներ վար դնել Տնօրենի բարձր կոչումը․ ապստամբություն բարձրացնել և վերածել այն հեղափոխության, բայց ես գիտեի, որ եթե որևէ Ջեկ Քեդ կամ Ուոթ Թայլեր հեղափոխություն սկսելու փորձ անի առանց կանխավ նախապատրաստելու իրենց զինակիցներին, նա անպատճառ անհաջողության կմատնվի։ Իսկ ես սովոր չէի անհաջողություններ կրելու։ Դրա համար էլ իմ մտածած «խաղաթղթերի խառնում ու նորից բաժանումը» բնավ էլ Քեդ֊Թայլերյան չէր։
Եվ ո՛չ արյան, ո՛չ էլ ապսատմբության մասին էի այժմ խոսում այդ մարդու հետ, որը, սև հացը ծամելով, նստած էր երկոտանի ոչխարների հարստահարված ու տգետ հոտի մեջ, ո՛չ։ Ես նրան մի կողմ տարա և խոսեցի բոլորովին ուրիշ նյութի մասին։ Եվ երբ ավարտեցի, խնդրեցի նրան իր երակներից մի քիչ թանաք փոխ տալ և, նրա մեջ թաթախեցի ձողիկը, գրեցի կեղևի մի բեկորի վրա․
«Ուղարկիր նրան Մարդկային Գործարան», ― և տվեցի ու ասացի․
― Տար Քամելոտ, արքայական պալատ և հանձնիր անձամբ Ամյաս լը Պուլետին, որին ես Քլարենս եմ կոչում, նա կհասկանա։
― Ուրեմն նա տերտեր է, ― ասաց մարդը և նրա դեմքից չքացավ ոգևորությունը։
― Ինչպե՞ս թե տերտեր։ Մի՞թե ես քեզ չասացի, որ իմ գործարանը ոտք դնել չեն կարող ոչ եկեղեցու ստրուկները, ոչ էլ նրա սպասավորները, տերտերներն ու եպիսկոպոսները։ Մի՞թե ես քեզ չասացի, թե դու էլ կարող ես ընդունվել, պայմանով, որ քո հավատը, ինչ էլ որ այն լինի, պիտի մնա քո անձնական գործը։
― Այո, այդպես է, և ես ուրախ էի դրա համար, բայց այժմ ինձ դուր չի գալիս, սառը կասկած է ընկնում սիրտս, երբ իմացա, որ այնտեղ տերտեր կա։
― Բայց նա տերտեր չէ, ասում եմ։
Մարդը կարծես թե բնավ բավարարված չէր։ Նա ասաց․
― Նա տերտեր չէ, հապա ինչպե՞ս է, որ կարդալ գիտե։
― Նա տերտեր չէ և կարդալ գիտե, այո, գրել էլ գիտե։ Ես ինքս եմ սովորեցրել։ ― Քեզ էլ գործարանում ամենից առաջ կարդալ կսովորեցնեն․․․
― Ի՞նձ։ Ես պատրաստ եմ սրտիս ամբողջ արյունը տալու, միայն թե սովորեմ այդ արվեստը։ Ես ձեր ստրուկը կդառնամ, ձեր․․․
― Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա, դու ոչ մեկի ստրուկը չես լինի։ Վերցրու ընտանիքդ ու գնա։ Քո տեր եպիսկոպոսը կգրավի չնչին ինչքդ, բայդ դու դրա համար մի ափսոսա։ Քլարենսը կվարձատրի քեզ։