Ավելացվել է 13 458 բայտ,
09:07, 16 Հուլիսի 2016 {{Վերնագիր
|վերնագիր = Պրոֆեսոր Դոուելի գլուխը
|հեղինակ = [[Ալեքսանդր Բելյաեվ]]
|թարգմանիչ = Աբր. Գրիգորյան
|աղբյուր = «Պրոֆեսոր Դոուելի գլուխը»
}}
{{անավարտ}}
::::''Նվիրում եմ կնոջս՝ Մարգարիտա Կոնստանտինովնա Բելյաեվային''
== Առաջին հանդիպում ==
— Խնդրեմ, նստեցեք։
Մարի Լորանը ընկղմվեց կաշվե խոր բազկաթոռի մեջ։
Մինչ պրոֆեսոր Կերնը բաց կաներ ծրարը և կկարդար նամակը, նա թռուցիկ կերպով դիտեց առանձնասենյակը։
Ի՜նչ մռայլ սենյակ է։ Սակայն այստեղ հաճելի է պարապելր, ոչ մի բան մարդու ուշադրությունը չի շեղում։ Լամպն իր փակ լուսամփոփով լուսավորում է միայն գրասեղանը, որի վրա թափված են գրքեր, ձեռագրեր, սրբագրական արտատպություններ։ Մարդու աչքը հազիվ է ջոկում կաղնեփայտե սոլիդ կահ֊կարասին։ Մուգ պաստառներ, մուգ վարագույրներ։ Կիսախավարի մեջ ծանր պահարաններում փայլում է գրքերի կազմին դրոշմած ոսկին միայն։ Դանդաղորեն և հանդիսավորությամբ օրորվում է պատի հնագույն ժամացույցի ճոճանակը։
Հայացքը Կերնի վրա դարձնելով, Լորանն ակամա ժպտաց.— պրոֆեսորը լիովին համապատասխանում էր իր առանձնասենյակի ոճին։ Կարծես թե կաղնուց կտրված, ծանրակշիռ, խստադեմ Կերնի կերպարանքը այդ կահույքի մի մասն էր կազմում։ Կրեոսկրյա շրջանակով մեծ ակնոցը հիշեցնում էր ժամացույցի երկու թվացույց։ Նրա գորշ մոխրագույն աչքերր ճոճանակի նման շարժվում էին նամակի մի տողից դեպի մյուսը։ Ուղղանկյուն քիթը, բերանի ու աչքերի ուղիղ կտրվածքը և քառակուսի, առաջ ցցված կզակը նրա դեմքին տալիս էին կուբիստ֊քանդակագործի ձեռքով կերտված, ոճավորված դեկորատիվ դիմակի տեսք։
«Մարդ այդպիսի դիմակով քարեր զարդարի»,— մտածեց Լորանը։
— Իմ պաշտոնակից Սաբատյեն արդեն խոսել է ձեր մասին։ Այո՛, ինձ օգնականուհի է հարկավոր։ Դուք բժշկուհի եք։ Շատ լավ. օրական քառասուն ֆրանկ։ Վճարումը շաբաթը մի անգամ։ Նախաճաշ, ճաշ։ Սակայն ես մի պայման եմ դնում...
Չոր մատներով սեղանը թմբկահարելով, պրոֆեսոր Կերնը անսպասելի հարց տվեց.
— Դուք կարողանո՞ւմ եք լռել։ Բոլոր կանայք շատախտս են։ Դուք կին եք,— այդ վատ է։ Դուք գեղեցիկ եք — այդ ավելի վատ։
— Բայց ի՞նչ կապ ունի....
— Ամենամոտ կապ. գեղեցիկ կինը կրկնակի կին է։ Նշանակում է ունի նաև կրկնակի կանացի թերություններ։ Թերևս դուք ամուսին, բարեկամ, նշանած ունեք։ Այս դեպքում ամեն մի գաղտնիք կորած է։
— Սակայն...
— Ոչ մի սակայն։ Դուք պիտի լինեք համր, ինչպես ձուկը։ Դուք պիտի լռեք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ կլսեք ու կտեսնեք։ Ընդունո՞ւմ եք այս պայմանը։ Պետք է զգուշացնեմ ձեզ, որ այս պայմանը չկատարելը ձեզ համար չափազանց անախորժ հետևանքներ կունենա։ Չափազանց անախորժ։
Լորանը շփոթված էր և հետաքրքրված։
— Ես համաձայն եմ, եթե այդ բոլորի մեջ չկա...
— Հանցա՞նք, ուզում եք ասել։ Կարող եք միանգամայն հանգիստ լինել։ Եվ ձեզ ոչ մի պատասխանատվություն չի սպառնում... Ձեր ջղերը կարգի՞ն են։
— Ես առողջ եմ...
Պրոֆեսոր Կերնը գլխով հավանություն տվեց։
— Ձեր ցեղի մեջ ալկոհոլիկ, նևրասթենիկ, ընկնավոր, խելագար չի՞ եղել։
— Ո՛չ։
Կերնը նորից գլխով արավ։
Նրա չորուկ, սուր մատը մեխվեց էլեկտրական զանգի կոճակի մեջ։
Դուռն անաղմուկ բացվեց։
Սենյակի կիսամթում, ինչպես երևակվող լուսանկարչական պլաստինկայի վրա, Լորանը տեսավ միայն աչքերի սպիտակուցներ, այնուհետև հետզհետե երևաց նեգրի պսպղացող դեմքը։ Սև մազերը և կոստյումը միաձուլվել էին դռան մուգ վարագույրի հետ։
— Ջո՛ն, օրիորդ Լորանին ցույց տվեք լաբորատորիան։
Նեգրը գլխով նշան արավ, առաջարկելով Լորանին հետևել իրեն, և բաց արավ երկրորդ դուռը։
Լորանը մտավ բոլորովին մութ մի սենյակ։
Չխկաց անջատիչը, և չորս փայլատ կիսագնդերի վառ լույսը հեղեղեց սենյակը։ Լորանն ակամա փակեց աչքերը։ Մռայլ առանձնասենյակի կիսախավարից հետո պատերի ճերմակությունը կուրացնում էր նրան... փայլատակեցին վիրահատական շողշողուն գործիքներով լի պահարանի ապակիները։ Սառը լույսով վառվռում էին Լորանին անծանոթ ապարատների պողպատն ու ալյումինը։ Դեղին, ջերմ փայլով փռվում էր լույսը գործիքների պղնձյա ողորկ մասերի վրա։ Խողովակներ, պարուրակներ, երկարավիզ սրվակներ, ապակյա գլաններ... Ապակի, կաուչուկ, մետաղ։
Սենյակի մեջ դրված էր պրոզեկտորական մեծ սեղանը։ Սեղանի կողքին ապակյա արկղ. նրա մեջ բաբախում էր մարդկային մի սիրտ։ Սրտից խողովակները գնում էին դեպի բալոնը։
Լորանը գլուխը դարձրեց մի կողմ և հանկարծ տեսավ մի բան, որը ստիպեց նրան ցցվել, ինչպես էլեկտրական հարվածից։
Նրան էր նայում մարդկային մի գլուխ — միայն գլուխ, առանց մարմնի։
Նա ամրացված էր ապակյա քառակուսի տախտակին։ Այդ տախտակը պահում էին չորս բարձր, փայլուն մետաղե ոտիկներ։ Կտրտված զարկերակից ու երակներից ապակու անցքերի միջով զույգ֊զույգ միացված խողովակները անցնում էին դեպի բալոնները։ Մի ավելի հաստ խողովակ դուրս էր գալիս կոկորդից ու միանում մի մեծ գլանի։ Գլանն ու բալոններն ունեին ծորակներ, մանոմետրեր, ջերմաչափեր և Լորանին անծանոթ, անհայտ գործիքներ։
Գլուխն ուշադրությամբ ու թախծալի նայում էր Լորանին, կոպերը թարթելով։ Կասկած չէր կարող լինել, որ գլուխն ապրում էր մարմնից անջատ, անկախ և գիտակցական կյանքով։
Չնայած ցնցող տպավորությանը, Լորանը չէր կարող չնկատել, որ այս գլուխը զարմանալիորեն նման էր վերջերս մահացած հայտնի գիտնական, վիրաբույժ պրոֆեսոր Դոուելի գլխին, որը հռչակվել էր թարմ դիակից կտրած օրգանների վերակենդանացման փորձերով։ Լորանը շատ անգամ էր ներկա եղել Դոուելի հանրային փայլուն դասախոսություններին և լավ էր հիշում այս բարձր ճակատը, բնորոշ պրոֆիլը, ալեծածան, սպիտակող, խիտ, շեկ մազերը և կապույտ աչքերը... Այո, այդ պրոֆեսոր Դոուելի գլուխն էր։ Միայն շրթունքներն ու քիթն էին բարակել, քունքերն ու այտերը ներս քաշվել, աչքերը ավելի փոս ընկել և սպիտակ մորթը ստացել էր մումիայի մուգ-դեղին գույն։ Սակայն աչքերում կյանք կար, միտք կար։
Լորանը, կախարդվածի նման, չէր կարողանում իր հայացքը կտրել այդ կապույտ աչքերից։
Գլուխն անձայն շարժեց շրթունքները։
Դա չափազանց էր Լորանի ջղերի համար։ Նա մոտ էր ուշաթափության։ Նեգրը նրան պահեց և դուրս տարավ լաբորատորիայից։
— Դա սարսափելի է։ Դա սարսափելի է,— կրկնում Լր Լորանը, ընկնելով բազկաթոռին։
Պրոֆեսոր Կերնը լուռ մատներով թմբկահարում էր սեղանը։
— Ասացե՛ք, մի՞թե դա...
— Պրոֆեսոր Դոուելի գլուխն է։ Այո՛, նրա գլուխն է՛։ Դոուելի, իմ մահացած հարգելի պաշտոնակցի գլուխը, որը ես կյանքի եմ կոչել։ Դժբախտաբար, ես կարող էի հարություն տալ միմիայն գլխին։ Ամեն ինչ միանգամից չի հաջողվում... Խեղճ Դոուելը տառապում էր առայժմս անբուժելի ախտով։ Մեռնելիս նա իր մարմինը կտակեց գիտական փորձերի համար, որը մենք կատարում էինք նրա հետ միասին։ «Իմ ամբողջ կյանքը գիտությանն է նվիրված եղել, թող գիտությանը ծառայի և իմ մահը։ Ես գերադասում եմ, որ դիակս փորփրի բարեկամ-գիտնականը, քան թե գերեզմանային ճիճուն...»։— Ահա ինչպիսի կտակ է թողել պրոֆեսոր Դոուելը։ Եվ ես ստացա նրա մարմինը։ Ինձ հաջողվեց ոչ միայն կենդանացնել նրա սիրտը, այլև հարություն տալ գիտակցությանը, ժողովրդի լեզվով ասած՝ հարություն տալ «հոգուն»։ Այստեղ ի՞նչ կա սարսափելի։ Մինչև այժմ մարդիկ մահը սարսափելի էին համարում։ Մի՞թե մեռածներին հարություն տալը մարդկության հազարամյա երազը չի եղել։
— Ես կղերադասեի մահն այսպիսի հարությունից։
Պրոֆեսոր Կերնը ձեռքով անորոշ շարժում արեց։
— Այո՛, նա ունի իր անհարմարությունը՝ հարություն առնողի համար։ Խեղճ Դոուելը անհարմար կզգար երևալ ժողովրդի մեջ այդպիսի... ոչ լիակատար տեսքով։ Ահա թե ինչու մենք գաղտնի ենք պահում այս փորձը։ Ես ասում եմ «մենք», որովհետև, այդ էր իր՝ Դոուելի ցանկաթյունը։ Ըստ որում այս փորձը դեռևս չի հասցված մինչև վերջ։
— Իսկ ինչպե՞ս պրոֆեսոր Դոուելը, այսինքն նրա գլուխն արտահայտեց այդ ցանկությունը։ Գլուխը կարո՞ղ է խոսել։
Պրոֆեսոր Կերնը մի վայրկյան շփոթվեց։
— Ո՛չ... Պրոֆեսոր Դոուելի գլուխը չի խոսում։ Սակայն նա լսում է, հասկանում է և կարող է պատասխանել դեմքի միմիկայով...
Եվ խոսակցությունը փոխելու համար պրոֆեսոր Կերնը հարցրեց.
— Այսպես, ուրեմն, դուք ընդունո՞ւմ եք իմ առաջարկությունը։ Շատ լավ։ Ես ձեզ սպասում եմ վաղ առավոտյան ժամի իննին։ Սակայն հիշեցեք՝ լռություն, լռություն և լռություն...
== Արգելված ծորակի գաղտնիքը ==
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Արկածային]]
[[Կատեգորիա:Ֆանտաստիկա]]
[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]]