Այն տարածությունը, որի տակից 20-ին ժայթքում էր հրաբխային նյութը, ուներ 720 մղոն երկարություն և 400 մղոն լայնություն. ուստի ամենայն հավանականությամբ այստեղ տարածված՝ գոյություն ունի լավայի ստորերկրյա մի լիճ, մոտավորապես երկու անգամ ավելի մեծ, քան Սև ծովը։ Նկատի ունենալով այն սերտ և բազմազան կապը, որով այս երևույթների ժամանակ արտահայտվում է բարձրացնող և ժայթքող ուժերի ներքին կապակցությունը, մենք կարող ենք ամենայն վստահությամբ գալ այն եզրակացության, որ այն ուժերը, որոնք դանդաղ և փոքր ցնցումներով կոնտինենտները (մայր ցամաք) վեր բարձրացնող ուժերը և բաց անցքերի պարբերաբար հրաբխային նյութ դուրս նետող ուժերը, նույնն են։ Բազմաթիվ պատճառներից ես համոզված եմ, որ երկրի հաճախակի երերումներն այս ափին առաջանում են շերտերի խզումներից, որոնք անհրաժեշտ հետևանք են բարձրացումից առաջացած լարվածության և նրանց մեջ հեղուկացած ապառի ներարկման։ Այս խզումները և լավային ներարկումները եթե բավականին հաճախ են կրկնվում և մենք գիտենք, որ երկրաշարժները կրկնվելով միևնույն տարածությունների վրա՝ ազդում են նույն եղանակով, կազմում են բլուրների մի շղթա և երկարավուն Սանտա Մարիա կղզին, որը բարձրացել էր շրջապատի երկրի եռակի բարձրության, թվում է, թե գտնվում է այդ պրոցեսի մեջ։ Ես կարծում եմ, որ մի լեռան պինդ առանցքն իր առաջացման ձևով հրաբխային բլրից տարբերվում է միայն այն բանով, որ մեկն արդյունք է պարբերաբար ներարկվող հալված քարի, իսկ մյուսը՝ կրկնվող ժայթքումների. բացի այղ, կարծում եմ, չի կարելի բացատրել Կորդիլյերների նման մեծ լեռնաշղթաների կաոուցվածքը, որտեղ շերտերը, ինչպես գլխարկ ծածկելով պլուտոնական ծագում ունեցող ներարկվող ապառների առանցքը, տարածվում են մի քանի զուգահեռ և հարևան բարձրությունների շարքերի կողերի վրա, եթե չընդունենք, որ առանցքը կազմող ապառները մի քանի անգամ են ներարկվել, և ընդմիջումներն էլ այնքան են տևել, որպեսզի վերին մասերը կամ սեպերը ժամանակ ունենային սառչելու և ամրանալու, որովհետև եթե շերտերը նետված լինեին իրենց այժմյան վերին աստիճանի թեք, ուղղահայաց և մինչև անգամ շրջված դիրքով, երկրի անմիջական ընդերքը մի հարվածից դուրս կհոսեինք և փոխանակ տեսնելու ապառների զառիվայր լեռնային առանցքներ, որոնք պնդանում են մեծ ճնշման տակ, կառաջանային լավային հեղեղներ, որոնք անհաշիվ կետերով կհոսեին բարձրության բոլոր ուղղություններով։<ref>Հրաբխային երևույթների վերաբերյալ լրիվ տեղեկություններ ստանալու համար, որի հետ զուգընթաց տեղի ունեցավ 20-ի երկրաշարժը, և դրանից եզրակացություն հանելու համար նայել Geological Transaction-ի V հատորը։</ref>
==ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՆՑՈՒՄԸ ԿՈՐԴԻԼՅԵՐՆԵՐՈՎ==
<FONT SIZE="-2">Վալպարայսո.— Պորտիլյոյի լեռնանցքը.— Խելացի ջորիներ.— Լեռնային հեղեղներ.— Հանքեր, նրանց հայտնաբերումը.— Կորդիլյերների աստիճանական բարձրացման ապացույցները.— Ձյան ազդեցությունը ժայռերի վրա.— Երկու գլխավոր յեռնաշյլթաների երկրաբանական կառուցվածքը, նրանց տարբեր ծագումը և բարձրացումը.— Մեծ նստվածքներ.— Կարմիր ձյուն.— Քամիներ.— Ձյան սուր գագաթներ.— Չոր և թափանցիկ մթնոլորտ.— Էլեկտրականություն.— Պամպասներ.— Անդերի հակադիր կողմերի կենդանական աշխարհը.— Մորեխներ.— Հսկա փայտոջիլներ. Մենդոսա.— Ուսպալատայի լեռնանցքը.— Քարացած ծառեր՝ աճելիս թաղված.— Ինկերի Կամուրջը.— Լեռնանցքերի վատության մասին եղած չափազանցությունները.— Կումբրե.— Կազուչի.— Վալպարայսո։</FONT>
'''Մարտի 7, 1835.'''— Կոնսեպսիոնում մնացինք երեք օր և ապա նավարկեցինք դեպի Վալպարայսո։ Քամին հյուսիսից լինելով՝ հազիվ Կոնսեպսիոնի նավահանգստի մուտքը հասանք մութն ընկնելուց առաջ։ Որովհետև ցամաքին շատ մոտիկ էինք և մառախուղն իջել էր մեզ վրա, ուստի որոշեցինք խարիսխ գցել։ Շուտով մեր կողքին երևաց ամերիկյան կետորսական մի մեծ նավ, և մենք լսում էինք, թե ինչպես յանկին կշտամբում էր իր մարդկանց, պահանջելով նրանցից՝ իրենց հանգիստ պահեն, երբ ինքն ունկնդրում է ափին զարկվող ալիքների ձայնին։ Կապիտան Ֆից Ռոյը բարձր, պարզ ձայնով բղավեց նրան խարիսխ գցել այնտեղ, որտեղ գտնվում էր։ Խեղճ մարդուն հավանորեն այնպես թվաց, թե ձայնը ափից է գալիս. նավից արձակեցին իսկական բաբելոնական մի աղմուկ. ամեն ոք գոռում էր՝ «խարիսխ գցե՛լ, արձակե՛լ կաբելները, կարճացնե՛լ առագաստները»։ Այդ իմ լսած ամենածիծաղելի բանն էր։ Եթե նավի ամբողջ անձնակազմը նավապետներ լինեին, և ոչ նավաստի կամ այլ մարդիկ, այնքան մեծ աղմուկ չէր բարձրանա հրամաններից։ Շուտով պարզվեց, որ օգնական նավապետը կակազում էր, և, ենթադրում եմ, որ ամբողջ նավակազմն օգնում էր նրան հրամաններ արձակելու ժամանակ։
Ամսի 11-ին խարիսխ գցեցինք Վալպարայսոյում, և երկու օր հետո ձեռնարկեցի Կորդիլյերներն անցնել։ Նախ գնացի Սանտ Յագո, որտեղ մր. Կալդկլյուն վերին աստիճանի սիրալիր կերպով, բոլոր հնարավոր միջոցներով օգնեց ինձ անհրաժեշտ փոքրիկ նախապատրաստությունները տեսնելիս, Չիլիի այս մասում Անդերը երկու լեռնանցք ունեն, որոնք տանում են, Մենգոսա. ավելի շատ գործածվողը, այն է՝ Ակոնգակուայի կամ Ուսպալատայի լեռնանցքը, որոշ չափով հյուսիս է գտնվում. մյուսը՝ Պորտիլյոյի անցքը, հարավումն է և ավելի մոտիկ, բայց ավելի բարձր ու վտանգավոր։
'''Մարտի 18.'''— Ճանապարհ ընկանք դեպի Պորտիլյոյի լեռնանցքը։ Թողնելով Սանտ Յագոն՝ անցանք լայն խանձված հարթավայրով, որի վրա կառուցված է քաղաքը, և երեկոյան հասանք Մայպու՝ Չիլիի ամենագլխավոր գետերից մեկը։ Հովտի այն մասում, որտեղ նա մտնում է առաջին Կորդիլյերները, երկու կողմից բարձրանում են բարձր լերկ լեռներ, և թեև այս հովիտը լայն չէ, բայց չափազանց արգավանդ է։ Բազմաթիվ տնակներ շրջապատված էին խաղողի և խնձորի այգիներով և դեղձի ծառերով — նրանց ճյուղերը կոտրատվում էին գեղեցիկ հասունացած պտուղների ծանրությունից։ Երեկոյան անցանք մաքսատուն, որտեղ քննեցին մեր ճանապարհորդական պայուսակները։ Չիլիի սահմանը Կոբդիլյեբների կողմից ավելի լավ է պահվում, քան ծովի կողմից։ Շատ քիչ հովիտներ կան, որոնք հասնում են մինչև կենտրոնական լեռնաշղթաները, իսկ լեռներն այլ մասերում բոլորովին անանցանելի են բեռնակիր անասունների համար։ Մաքսատան պաշտոնյաները շատ քաղաքավարի էին, որը գուցե մասամբ արդյունք էր ռեսպուբլիկայի նախագահի կողմից ինձ տված անցագրի, բայց և այնպես ես պետք է արտահայտեմ իմ հիացմունքը գրեթե յուրաքանչյուր չիլիեցու բնական քաղաքավարության վրա։ Այս խնդրում խիստ նկատելի էր նույն կարգի բազմաթիվ այլ երկրների մարդկանց և սրանց մեջ գոյություն ունեցող տարբերությունը։ Ես կարող եմ հիշել մի դեպք, որն ինձ ժամանակին շատ է ուրախացրել. Մենդոսայի մոտ հանդիպեցինք մի փոքրիկ շատ գեր նեգրուհու՝ ջորի հեծած, ինչպես տղամարդ։ Նա իր վզին ուներ այնպիսի մի մեծ ուռուցք, որ հազիվ թե հնարավոր լիներ անցնել նրա մոտով՝ առանց մի րոպե աչքը նրա վրա հառելու. բայց իմ երկու ընկերակիցները գրեթե վայրկենապես, չքմեղանքով, արտահայտեցին այդ երկրին հատուկ ողջույնը՝ վերցնելով իրենց գլխարկները։ Եվրոպայում որտեղ կարելի է գտնել ցածր կամ բարձր դասի մի անձնավորություն, որը ցույց տար մի արհամարհված ցեղի խեղճ և ողորմելի ներկայացուցչի հանդեպ այդպիսի քաղաքավարի զգացմունք և վերաբերմունք։
Գիշերը քնեցինք մի տնակում։ Մեր ճանապարհորդելու եղանակը սքանչելիորեն անկախ էր։ Մարդաբնակ մասերում գնեցինք քիչ վառելափայտ, կենդանիների համար վարձեցինք արոտատեղ և բացօթյա գիշերեցինք նրանց հետ, միևնույն դաշտի մի անկյունում։ Մեզ հետ վերցրել էինք երկաթյա մի աման, և մեր ընթրիքը եփեցինք ու կերանք անամպ երկնքի տակ, և ոչ մ ի նեղություն չէինք զգում։ Ինձ ուղեկցում էին Մարիանո Գոնսալեսը, որն առաջ մի անգամ ինձ ուղեկցել էր Չիլիում, մի „arriero”<ref>Սպաներեն նշանակում է ջորեպան։ ''Ծ. Թ.''</ref> իր տասը ջորիներով և մի մադրինա։ Մադրինան (սանամայր) մի վերին աստիճանի կարևոր դեմք է. նա մի ծեր, դիմացկուն և անհողդողդ զամբիկ է, վզին մի փոքրիկ զանգ, և որտեղ որ նա գնում է, ջորիները հնազանդ երեխաների նման հետևում են նրան։ Այս կենդանիների սերը դեպի իրենց մադրինաները ազատում է մարդկանց բազմաթիվ ավելորդ նեղություններից։ Եթե մի քանի մեծ խմբեր միասին արածում են մի դաշտում, առավոտյան ջորեպանը միայն մադրինաները խառնված խմբերից բաժանում է և նրանց վզներից կախված զանգը հնչեցնում, ու յուրաքանչյուր ջորի անմիջապես ճանաչելով իր մադրինայի զանգակի ձայնը, գալիս է նրա մոտ, չնայած որ շատ հաճախ այդ ջորիները թվով երկու կամ երեք հարյուրի էին հասնում։ Գրեթե անկարելի է, որ ծերացած ջորին կորչի, որովհետև եթե բռնի ուժով մի քանի ժամ պահեն նրան, նա շան նման կկարողանա, հոտառությամբ հետևելով իր ընկերներին, գտնել նրանց կամ ավելի շուտ՝ մադրինային, որովհետև, ըստ ջորեպանի, սիրո գլխավոր օբեկտը նա է։ Սակայն պետք է նշել, որ այդ զգացմունքն անհատ մադրինային չի վերաբերում, որովհետև ես հավատացած եմ, որ ճիշտ կլինի, եթե ասեմ, որ եթե որևէ ջորու վզից զանգը կախեն, նա կկատարի մադրինայի դերը։ Կարավանում յուրաքանչյուր կենդանի հարթ ճանապարհով կարող է տանել 416 ֆունտ (մեկ ֆունտը 453 գրամ է) բեռ, իսկ լեռնոտ երկրում 100 ֆունտ պակաս է տանում։ Այսպիսով, նուրբ, վտիտ ոտքերով, առանց համապատասխան մկանների զանգվածի, այս կենդանիներն այդպիսի մեծ բեռներ են կրում։ Ջորիներն իմ աչքում վերին աստիճանի զարմանալի կենդանիներ են երևում։ Որ հիբրիդն ունենում է ավելի շատ խելացիություն, հիշողություն, համառություն, ընկերական սեր, մկանային դիմացկունություն և կյանքի երկար տևողություն, քան իր ծնողներից որևէ մեկը, ցույց է տալիս, որ արհեստականն այստեղ գերազանցում է բնությանը։ Մեր տասը կենդանիներից վեցը հեծնելու համար էինք վերցրել, իսկ չորսը մեր բեռները տանելու համար. իհարկե, բեռնատար և հեծնելու կենդանիները միշտ փոխում էինք։ Մենք մեզ հետ բավական շատ սննդամթերք էինք վերցրել՝ նախապատրաստված լինելով ձյունով փակվելու դեպքերի համար, որովհետև ժամանակն ուշ էր Պորտիլյոն անցնելու համար։
'''Մարտի 19.'''— Այսօր մենք հասանք հովտի ամենավերջին, ուստի և ամենաբարձր դիրք ունեցող տունը։ Բնակիչների թիվը հետզհետե սակավացել էր, բայց այնտեղ, որտեղ կարողանում էին ոռոգել, շատ արգավանդ վայր էր դառնում։ Կորդիլյերների բոլոր գլխավոր հովիտները բնորոշ են իրենց երկու կողմերում գոյություն ունեցող մանր խճերի կամ ավազի տերրասով (սանդղեվանդ), որը լավ շերտավորված չէ և բավականին հաստություն ունի։ Այս տերրասներն ակներևաբար մի ժամանակ տարածվել են հովիտների մի կողմից մյուսը և միացած են եղել. և հյուսիսային Չիլիում, որտեղ գետեր կամ գետակներ չկան, հովիտների հատակն այսպես ամբողջովին լցվել է։Այս տերրասների վրայով են ընդհանրապես անցնում ճանապարհները, որովհետև նրանց մակերեսները հարթ են և հովտով բարձրանում են փոքր թեքությամբ, և կարելի է ոռոգելով հեշտությամբ մշակել։ Սրանք տարածվում են 7000-ից մինչև 9000 ոտնաչափ բարձր, որտեղից սկսած նրանք ծածկված են լինում դեբրիզների (ապառների բեկորներ) անկանոն կույտերով։ Հովի տների ստորին մասում կամ բերաններում սրանք մշտապես միացած են լինում գլխավոր Կորդիլյերների ստորոտում ցամաքով փակված հարթավայրերին (նույնպես կազմված մանր խճերից), որոնց ես նախորդ գլուխներից մեկում նկարագրել եմ որպես Չիլիի տեսարանների մի հատկանշական կողմ, և որոնք անկասկած նստել են ծովը Չիլիի խորքերը թափանցելու ժամանակ, ինչպես այժմ այդ կատարվում է հարավային ափերին։ Հարավային Ամերիկայի երկրաբանության մեջ ոչ մի փաստ ինձ այնքան չի հետաքրքրել, որքան մանրախճերի անկանոն շերտավորված տերրասները։ Նրանք իրենց կաոուցվածքով ճիշտ նման են յուրաքանչյուր հովտում հեղեղատների բերած և նստեցրած նյութին, երբ նրանց (հեղեղատների) ընթացքը խափանվում է որևէ պատճառով, օրինակ՝ երբ նրանք մտնում են մի լիճ կամ ծովախորշ. բայց պետք է ասել, որ հեղեղատներն այստեղ այժմ, փոխանակ նյութ նստեցնելու, գլխավոր և կողմնակի հովիտների ամբողջ երկայնքով անընդհատ մաշում տանում են և՛ պինդ ապառը, և՛ այս ալուվիալ (ողողատային) նստվածքները։ Այստեղ հնարավոր չէ տալ այս նստվածքների պատճառները, բայց ես համոզված եմ, որ այդ մանրախճի տերրասները Կորդիլյերների աստիճանական բարձրացման ժամանակամիջոցում կուտակել են հեղեղատները, որոնք հաջորդական բարձրություններում, ծովի երկար և նեղ խորշերի ափին, նախ հովտի վերին մասում և ապա հետզհետե ներքև, բարձրացող ցամաքի վրա թողել են իրենց թեքած մնացորդները։ Եթե այդ այդպես է, որի ճշտության վրա ես չեմ կասկածում, Կորդիլյերների մեծ և կոտրված շղթան, փոխանակ հանկարծակի վեր նետվելու, ինչպես այդ մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր բոլորի, իսկ այժմ էլ շատ երկրաբանների կարծիքը, պետք է որ աստիճանաբար դանդաղ բարձրացած լինի ամբողջ զանգվածով, ճիշտ այնպես, ինչպես Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ափերը՝ ներկա դարաշրջանում։ Այս տեսությամբ Կորդիլյերների կառուցվածքի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կարելի է բացատրել շատ պարզ կերպով։
Այս հովիտներից հոսող գետերն ավելի շուտ լեռնային հեղեղատներ պետք է անվանել։ Նրանց թեքությունը շատ մեծ է, իսկ ջուրը տղմի գույն ունի։ Մայպուի որոտը, որն առաջանում էր մեծ, կլորացած ժայռերի վրայով խուժելիս, նման էր ծովի ձայնին։ Այդ արագ սահող ջրերի աղմուկի մեջ մի քարը մի այլ քարի դիպչելուց առաջացած շառաչը շատ պարզ լսելի էր մինչև անգամ հեռվից։ Այս շառաչող ձայնը գիշեր-ցերեկ կարելի է լսել հեղեղատի ամբողջ երկայնության վրա։ Այդ ձայնը շատ պերճորեն խոսում էր երկրաբանի հետ. հազար հազարավոր քարեր, որոնք խփվելով իրար առաջացնում էին այդ միօրինակ, խուլ ձայնը, բոլորն էլ արագ շարժվում էին միևնույն ընդհանուր ուղղությամբ։ Այդ նման էր ժամանակին, որտեղ յուրաքանչյուր սահող րոպե անցնում է անվերադարձ։ Այդպես և այս քարերը. նրանց հավիտենական կայանն օվկիանոսն է, և այդ վայրագ երաժշտության յուրաքանչյուր նոտա արտահայտում էր մի նոր քայլ դեպի նրանց վերջնական կայանը։ Հնարավոր չէ մտքով ըմբռնել որևէ էֆեկտ, որն առաջանում է այդքան հաճախ կրկնվող պատճառից, այդ կատարվում է դանդաղ պրոցեսով և կարելի է հասկանալ երկար և խորը մտածելուց հետո միայն։ Այդ հարվածները հաշվողն ավելի որոշակի գաղափար չի կարող կազմել, քան վայրենին՝ երբ մատնացույց է անում իր գլխի մազերի շատությունը, հաճախ, երբ ես տեսել եմ տղմի, ավազի և մանրախճի շերտեր՝ մի քանի հազար ոտնաչափ հաստությամբ կիտված, հակամետ եմ եղել բացագանչելու, որ այնպիսի պատճառներ, ինչպես ներկայի գետերն ու ծովեզրերն են, երբեք չեն կարող աղալ, մաշել և այսպիսի զանգվածներ առաջացնել։ Բայց մյուս կողմից երբ լսում եմ այս հեղեղատների շառաչող ձայնը և աչքի առաջ բերում այն, որ կենդանիների ամբողջ ցեղեր անհետացել են երկրի երեսից, և այս ամբողջ ժամանակամիջոցում գիշեր-ցերեկ այս քարերը շառաչելով դեպի առաջ են շարժվում իրենց ընթացքով, հարց եմ տվել ինձ, թե արդյոք որևէ լեռ կամ ցամաքամաս կարո՞ղ է այս ջրին դիմադրել։
Հովտի այս մասում լեռները երկու կողմից էլ ունեին 3000, 6000 և 8000 ոտնաչափ բարձրություն, կլորացած ուրվագծերով և դիք, լերկ կողերով։ Ժայռերն ունեին ընդհանուր, աղոտ ծիրանի գույն, իսկ շերտավորումը նկատվում էր շատ պարզ և որոշակի։ Եթե այդ տեսարանը գեղեցիկ չէ, համենայն դեպս նա թողնում է յուրահատուկ և հոյակապ տպավորություն։ Ցերեկը հանդիպեցինք խոշոր եղջերավոր կենդանիների բազմաթիվ նախիրների, որ մարդիկ բարձր Կորդիլյերների հովիտներից քշում էին ներքև։ Ձմեռվա մոտիկության այս նշանը մեր քայլերն ավելի էր արագացնում, քան այդ թույատրվում է երկրաբանին։ Այն տունը, որտեղ մենք գիշերել էինք, գտնվում էր մի լեռան ստորոտում, որի գագաթին գտնվում են Սան Պեդրո դե Նոլասկոյի հանքերը։ Սըր Ֆ. Հեդն ապշել է, թե ի՛նչպես են հանքերը հայտնաբերվել այնպիսի արտաքո կարգի դիրք ունեցող վայրում, ինչպես Սան Պեդրո դե Նոլասկո լեռան լերկ գագաթն է։ Նախ և առաջ այս երկրում մետաղական երակներն ընդհանրապես ավելի կարծր են լինում, քան շրջապատող շերտերը, այստեղից էլ բլուրների աստիճանական մաշումից նրանք ցցված են լինում գետնի մակերեսից վերև։ Երկրորդ՝ գրեթե ամեն մի աշխատող մարդ, մասնավորապես Չիլիի հյուսիսային մասերում, որոշ չափով հասկանում է մետաղական հանածոների արտաքին տեսքից։ Կոկիմբո և Կոպիապո հանքային մեծ ռայոններում վառելափայտը շատ սակավ է, և մարդիկ փայտ ճարելու համար թափառում են ամեն մի բլուր և հովիտ. և այսպիսով հայտնաբերվել են գրեթե բոլոր հարուստ հանքերը։ Չանունսիլյոն, սրտեղից մի քանի տարվա ընթացքում ստացվել է մի քանի հարյուր հազար ֆունտ ստերլինգի արժողությամբ արծաթ, հայտնաբերել է մի մարգ, որն իր բարձած էշի հետևից մի քար է նետում և ապա մտածելով, որ այդ քարը շատ ծանր է, վերցնում է և բերում տուն. պարզվում է, որ քարը լի է մաքուր արծաթով։ Հանքի երակն այդ վայրից շատ հեռու չի լինում. նա գցված է լինում գետնին, ինչպես մետաղի սեպ։ Հանքագործները հաճախ կիրակի օրերը մի երկաթաձող (լոմ) վերցնելով՝ թափառում են լեռները։ Չիլիի այս հարավային մասում սովորական հայտնաբերողներն անասունները Կորդիլյերները տանող մարդիկն են, որոնք .այցելում են ամեն մի կիրճ, որտեղ մի փոքր արոտատեղ կա։
'''Մարտի 20.'''— Որչափ հովտով բարձրանում էինք, այնքան բուսականությունը, բացառությամբ մի քանի ալպյան գեղեցիկ ծաղիկների, հետզհետե աղքատանում էր, իսկ չորքոտանիներ, թռչուններ և միջատներ գրեթե բոլորովին չէին երևում։ Բարձր լեռները, որոնց կատարները տեղ-տեղ ծածկված էին ձյունով, կանգնած էին իրարից անջատ, իսկ հովիտները լցված էին ահռելի հաստությամբ շերտավորված ալուվիումով։ Անդերի տեսարաններում ինձ համար ամենատպավորիչ գծերը, որոնք ինձ ծանոթ այլ լեռնաշղթաների նկատմամբ հակապատկեր էին ներկայացնում, հետևյալներն էին. հարթ զոլերը, որոնք ընդարձակվելով վերածվում էին նեղ հարթավայրերի, պորֆիրային գահավեժ և բոլորովին մերկ բլուրների պայծառ գույները, գլխավորապես կարմիր և ծիրանագույն, մեծ և չընդհատվող պատանման դեյկերը, որոշակի բաժանվող շերտերը, որոնք երբ մոտավորապես վերտիկալ էին, կազմում էին կենտրոնական գեղատեսիլ և վայրենի կատարները, իսկ որտեղ թեքությունը նվազում էր, կազմում էին շղթայի եզերքների զանգվածային մեծ լեռները, և վերջապես գեղեցիկ և պայծառ գույնով երկրաբանական մաշվածքների ողորկ կոնաձև կույտերը, որոնք բարձր անկյունով տարածվում էին լեռների փեշերից վեր՝ մինչև ավելի քան 2000 ոտնաչափ։
Հաճախ ևս նկատում էի և՛ Հրո Երկրում, և՛ այստեղ՝ Անդերում, որ այնտեղ, որտեղ ապառը տարվա մեծ մասը ձյունով էր ծածկված լինում, արտասովոր ձևով փշրվում վերածվում էր փոքր և անկյունավոր բեկորների։ Նույն փաստը Սկորսբին<ref>Scoresby’s „Arctic Regions”, vol. I, p. 122.</ref> նկատել է Շպիցբերգենում։ Դժվարանում եմ այս դեպքին մի բացատրություն տալ, որովհետև լեռան այն մասը, որը պաշտպանված է ձյան ծածկոցով, պետք է որ ավելի քիչ ենթակա լինի ջերմաստիճանի կրկնվող և մեծ փոփոխություններին, քան որևէ այլ մաս։ Երբեմն ես այն կարծիքին եմ եղել, որ հողը և մակերեսին գտնվող քարերի բեկորներն ավելի քիչ են տեղափոխվում դանդաղ ներծծվող ձյան ջրից,<ref>Շրոպշիրում ես լսել եմ, որ երբ երկար շարունակվող անձրևից հեղեղվում է Սևեռնը, նրա ջուրը շատ ավելի պղտոր է լինում, քան երբ հեղեղվում է Ուելսի լեռների ձյան հալչելուց։ Դ’Օրբինին (հատ. I, էջ 184), բացատրելով Հարավային Ամերիկայի գետերի զանազան գույների պատճառները, մատնանշում է, որ կապույտ կամ վճիտ ջուր ունեցողներն իրենց սկիզբն առնում են Կորդիլյերներից, որտեղ հալչում է ձյունը։</ref> քան անձրևից, ուստի և ձյան տակի պինդ ապառի ավելի արագ քայքայման երևույթն ինձ խաբուսիկ էր թվում։ Որոնք էլ որ լինեն այդ պատճառները, Կորդիլյերների փշրվող ժայռերի քանակությունը շատ մեծ է։ Երբեմն գարնան այս մնացորդներից մեծ զանգվածներ ցած են սահում լեռներից և ծածկում հովիտներում կուտակված ձյան կույտերը բնական սառցատներ կազմելով։ Ջրով անցանք սրանցից մեկի վրայով, որի բարձրությունը հավերժական ձյան սահմանից շատ ցածր էր։
Ուշ երեկոյան հասանք ավազանման մի տարօրինակ հարթավայր, որը կոչվում է Վալե դել Իեսո։ Նա հանդիսանում էր մի փոքր և չորացած արոտատեղ, և մեր առաջ՝ շրջապատի ժայռոտ անապատներում, բացվում էր խոշոր եղջերավոր կենդանիների նախրի մի զվարթ տեսարան։ Այս հովիտը Իեսո է անվանվում, իմ կարծիքով, առնվազն երկու հազար ոտնաչափ հաստության սպիտակ և որոշ մասերում բոլորովին մաքուր գիպսի մի մեծ շերտի պատճառով։ Մենք գիշերեցինք մի խումբ մարդկանց հետ, որոնք զբաղվում էին ջորիներն այս նյութով բարձելով, որը գործածվում է գինու արդյունաբերության մեջ։ Առավոտյան (21-ին) Ճանապարհ ընկանք շատ վաղ և շարունակեցինք հետևել գետի ընթացքին, որը շատ էր փոքրացել, մինչև հասանք ստորոտն այն լեռնաշարքի, որը ջրերը բաժանում է երկու իրար հակառակ ուղղությունների — մի մասը դեպի Խաղաղ օվկիանոս, մյուսն՝ Ատլանտյան։ Ճանապարհը, որ մինչ այդ լավ էր, շնորհիվ անընդհատ, բայց չափազանց աստիճանաբար բարձրացման, փոխվեց մի զառիվայր զիգզագ կածանի՝ մինչև մեծ լեռնաշղթան, որը Չիլիի և Մենդոսայի ռեսպուբլիկաները բաժանում է իրարից։
Այստեղ ես տալու եմ Կորդիլյերները կազմող մի քանի զուգահեռ շղթաների երկրաբանության խիստ համառոտ ուրվագիծը։ Այս լեռնաշղթաներից երկուսը մյուսներից զգալի չափով բարձր են։ Դրանցից մեկը, Չիլիի կողմինը, կոչվում է Պեյկենեսի լեռնաշարք, և այնտեղ, որտեղից անցնում է ճանապարհը, ունի 13210 ոտնաչափ բարձրություն. իսկ մյուսը՝ Պորտիլյոյի լեռնաշարքը, Մենդոսայի կողմում՝ 14305 ոտնաչափ բարձրություն։ Պեյկենեսի լեռնաշարքի և նրա արևմտյան կողմում գտնվող մի քանի մեծ շղթաների ստորին շերտերը կազմված են մի քանի հազար ոտնաչափ հաստության պորֆիրների վիթխարի կույտերից, որոնք հոսել են որպես ստորջրյա լավաներ, որտեղ մեջընդժեջ դրված են նույն ապառների անկյունավոր և կլոր բեկորները, որոնք դուրս են նետված ստորջրյա խառնարաններից։ Այս հերթափոխվող զանգվածները կենտրոնական մասերում ծածկված են մեծ հաստության հասնող կարմիր ավազաքարով, կոնգլեմերատով և կրա-կավային թերթաքարերի շերտով, որոնց հետ զուգընթաց և որոնց մեջ ներթափանցած՝ գտնվում են նաև գիպսի վիթխարի շերտեր։ Այս վերին շերտերում կան բավական քանակությամբ խեցիներ և պատկանում են Եվրոպայի մոտավորապես ստորին կավճային շրջանին։ Շատ հին պատմություն է, բայց ոչ նվազ զարմանալի, երբ մեկը լսում է այնպիսի խեցիների մասին, որոնք մի ժամանակ սողացել են ծովի հատակին և այժմ գտնվում են ծովի մակարդակից մոտ 14000 ոտնաչափ բարձրության վրա։ Շերտախմբերի այս մեծ կիտվածքի ստորին շերտերը ենթարկվել են դիսլոկացիայի, թրծվել, բյուրեղացել և գրեթե խառնվել են իրար մի յուրահատուկ սպիտակ նատրո-գրանիտային ապառի լեռնային զանգվածների միջոցով։
Մյուս գլխավոր շղթան — Պորտիլյոյի լեռնաշարքը — բոլորովին այլ կազմություն ունի. նա կազմված է գլխավորապես կարմիր կալիումային գրանիտի մեծ, լերկ սրակատարներից, որոնք ներքևում արևմտյան կողերին ծածկված են ավազաքարով, որը նախնական ջերմությունից փոխարկվել է կվարցային ապառի։ Կվարցի վրա նստած են մի քանի հազար ոտնաչափ հաստություն ունեցող կոնգլոմերատի շերտեր, որոնք վեր են բարձրացվել, կարմիր գրանիտի միջոցով և 45° անկյունով ընկնում են դեպի Պեյկենեսի լեռնաշղթան։ Ես զարմացա, երբ պարզվեց, որ այս կոնգլոմերատը մասամբ կազմված էր խճերից, որոնք բրածո խեցիների հետ միասին ծագում էին Պեյկենեսի լեռնաշղթայից, և մասամբ էլ կարմիր կալիումային գրանիտից, ինչպես Պորտիլյոյինն է։ Այստեղից էլ պետք է եզրակացնենք, որ և՛ Պերկենես, և՛ Պորտիլյո լեռնաշղթաները մասամբ վեր են բարձրացվել և ենթարկվել մաշման և քայքայման, երբ կազմվելիս է եղել կոնգլոմերատը. բայց քանի որ կոնգլոմերատի շերտերը տեղաշարժվել են 45°-ով Պորտիլյոյի կարմիր գրանիտի միջոցով (նրա շնորհիվ թրծված ներքնադիր ավազաքարի հետ միասին), ուստի կարող ենք վստահ ասել, որ արդեն որոշ չափով կազմված Պորտիլյո լեռնաշղթայի ներարկման և վեր բարձրացման մեծ մասը տեղի է ունեցել կոնգլոմերատի բարձրացումից հետո և Պեյկենեսի լեռնաշարքի բարձրացումից շատ ավելի ուշ։ Այնպես որ Պորտիլյոն՝ Կորդիլյերների այս մասի ամենաբարձր լեռնաշարքն այնքան հին չէ, որքան ավելի քիչ բարձրություն ունեցող Պեյկենեսի շղթան, Պորտիլյոյի արևելյան ստորոտին գտնվող լավայի մի թեք հոսանքից ստացված ապացույցների վրա հիմնվելով կարելի էր ցույց տալ, որ նրա մեծ բարձրության մի մասն արդյունք է դեռ ավելի ուշ ժամանակների բարձրացումների։ Ինչ վերաբերում է նրա սկզբնավորմանը, թվում է թե կարմիր գրանիտը ներարկված պետք է լինի նախապես գոյություն ունեցող սպիտակ գրանիտի և փայլարային թերթաքարի հին շղթայի ուղղությամբ։ Պետք է եզրակացնել, որ Կորդիլյերների շատ տեղերում, գուցե և բոլոր մասերում յուրաքանչյուր շղթա կազմվել է կրկնվող վերամբարձումների և ներարկումների շնորհիվ, և որ տարբեր զուգահեռ գծերը պատկանում են տարբեր ժամանակների։ Միայն այսպիսով մենք կարող ենք ունենալ ժամանակի այնքան տևողություն, որը կարողանա բացատրել մաշման և մերկացման այն ապշեցուցիչ չափը, որին ենթարկվել են այս մեծ, թեև այլ բազմաթիվ լեռնաշղթաների հետ համեմատած նոր լեռները։
Վերջապես, Պեյկենեսի կամ ամենահին լեռնաշարքի խեցիները ցույց են տալիս, ինչպես ասված է վերևում, որ նա բարձրացել է 14000 ոտնաչափ սկսած երկրորդական պերիոդից, որը Եվրոպայում մենք սովոր ենք համարել ոչ հին. բայց քանի որ այս խեցիներն ապրել են բավականին խորը ծովում, ուստի կարելի է ցույց տալ, որ Կորդիլյերների բռնած այժմյան տարածությունը պետք է իջած լիներ մի քանի հազար ոտնաչափ (հյուսիսային Չիլիում մինչև 6000 ոտնաչափ) որպեսզի հնարավոր լիներ ընդծովյա այդ շերտերի զանգվածի կուտակումն այն շերտի վրա, որտեղ ապրել են այդ խեցիները։ Այդ հաստատվում է այն նույն ապացույցներով, որոնք վկայում են, որ Պատագոնիայի երրորդային խեցիների գոյությունից հետո Պատագոնիայում պետք է որ տեղի ունեցած լիներ մի քանի հարյուր ոտնաչափի իջեցում, ինչպես և հետագա բարձրացում։ Օր-ավուր երկրաբաններն ստիպված են այն համոզմանը գալու, որ ո՛չ մի բան, մինչև անգամ փչող քամին այնպես անկայուն չէ, որքան. երկրի կեղևի մակարդակը։
Ես կատարելու եմ ևս մի այլ երկրաբանական դիտողություն. թեև Պորտիլյոյի շղթան այստեղ Պեյկենեսից բարձր է, այնուամենայնիվ միջանկյալ հովիտները ոռոգող ջրերը բխում են նրանից։ Միևնույն փաստն ավելի մեծ մասշտաբով նկատվել է Բոլիվիական Կորդիլյերների արևելյան և ամենաբարձր լեռնաշղթայում, որի միջից գետեր են անցնում. նման փաստեր նկատվել են և աշխարհի այլ մասերում։ Այս հասկանալի կդառնա, եթե ենթադրենք, որ Պորտիյյոյի լեռնաշղթան բարձրացել է հաջորդաբար և աստիճանաբար. սկզբում պետք է երևան եկած լինի կղզյակների մի շղթա, և մինչդեռ սրանք սկսել են վեր բարձրանալ՝ մակընթացությունը և տեղատվությունը նրանց միջև անընդհատ կտրատել են ավելի խորը և ավելի լայն կանալներ։ Ներկայումս Հրո Երկրի ափերի մինչև անգամ ամենամեկուսի նեղուցներում, երկայնակի կանալներն իրար միացնող լայնակի վտակներում հոսանքները շատ ուժեղ են, այնպես որ մի լայնակի կանալում մի փոքրիկ նավ նավարկելիս խորտակվել է մի քանի անգամ պտույտներ տալով։
Կեսօրվա մոտ սկսեցինք Պեյկենեսի լեռնաշարքի տաղտկալի վերելքը և ապա աոաջին անգամ զգացինք շնչառության որոշ դժվարություններ։
Ջորիները յուրաքանչյուր հիսուն յարդի վրա կանգ էին առնում և մի քանի վայրկյան հանգստանալուց հետո խեղճ, հնազանդ կենդանիները նորից շարունակում էին ճանապարհը։ Նոսրացած մթնոլորտի հետևանքով շունչը կտրվելը չիլիեցիներն անվանում են «պունա», և նրանք վերին աստիճանի ծիծաղելի գաղափար ունեն նրա ծագման մասին։ Մի քանիսն ասում են՝ «այստեղ բոլոր ջրերը պունա ունեն», մյուսները թե՝ «որտեղ ձյուն կա, այնտեղ պունա կա»,— և այս անկասկած ճիշտ է։ Միակ զգացողությունը, որ ես ունեցա, մի թույլ ծանրություն էր գլխիս և կրծքիս վրա, ինչպես մարդ զգում է, երբ տաք սենյակից դուրս գալով արագ վազում է սառնամանիքի մեջ։ Այստեղ մինչև անգամ կար որոշ երևակայություն, որովհետև գտնելով բրածո խեցիներ ամենաբարձր լեռնաշարքի վրա՝ ես բերկրանքից ամբողջովին մոռացել էի պունան։ Պետք է ասել, որ իսկապես քայլելու համար գործադրած ջանքը վերին աստիճանի մեծ էր, իսկ շնչառությունը դարձավ խորը և դժվար։ Ինձ ասել են, որ Պոտոսիում (ծովից մոտ 13000 ոտնաչափ բարձր) օտարականները մինչև անգամ մի տարում դժվարանում են ընտելանալ մթնոլորտին։ Տեղացիները բոլորը հանձնարարում են պումայի դեմ սոխ գործածել, քանի որ այս բուսեղենը Եվրոպայում երբեմն տրվում է թոքային գանգատների կամ ցավերի դեմ, ուստի հավանական է, որ նա ռեալ արժեք ունի, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես չգտա մի ավելի լավ օգնող բան, քան բրածո խեցիները։
Երբ անցել էինք ճանապարհի մոտավորապես կեսը, մեզ հանդիպեց մի մեծ խումբ՝ յոթանասուն բեռնավորված ջորիներով։ Հետաքրքրական էր լսել ջnրեպանների վայրի աղաղակները և տեսնել կենդանիների ներքև իջնող երկար շարանը. նրանք չափազանց փոքր էին երևում, որովհետև այնտեղ, բացի լերկ լեռներից, ուրիշ ոչինչ չկար, որի հետ համեմատվեին։ Գագաթի մոտ քամին, ինչպես առհասարակ, շատ ուժեղ էր և վերին աստիճանի սառը։ Լեռնաշարքի յուրաքանչյուր կողմում մենք ստիպված էինք անցնել հավերժական ձյան լայն շերտի վրայով, որը շուտով ծածկվելու էր ձյան թարմ շերտով։ Երբ հասանք կատարին և ետ նայեցինք, մեր առջև բացվեց մի հոյակապ տեսարան։ Պարզ և շողշողուն մթնոլորտը, մուգ-կապույտ երկինքը, խորը հովիտները, խորտուբորտ վայրի ձևերը, բեկորների կույտերը՝ կուտակված անհաշիվ դարերի ընթացքում, պայծառ գույնի ապառները ձյան խաղաղ լեռների հետ հակապատկեր կազմող,— այս բոլորը միասին այնպիսի մի տեսարան էր կազմել, որ ոչ ոք չէր կարող երևակայել։ Ոչ բույսերը և ոչ էլ թռչունները, բացառությամբ մի քանի կոնդորների, որոնք պտույտներ էին կատարում բարձր, սրածայր գագաթների շուրջը, չէին կարող հեռացնել իմ ուշադրությունն անկենդան զանգվածից։ Ուրախ էի, որ ես մենակ էի. այդ նման էր որոտալի մրրիկը դիտելուն կամ լրիվ օրկեստրով Մեսիայի երգը լսելուն։
Ձյան վրա, որոշ մասերում, ես գտա Protococcus nivalis կամ կարմիր ձյուն, որը շատերին է հայտնի, եթե կարդացել են բևեռային շրջանի ծովագնացների զեկուցագրերը։
Այդ գրավեց իմ ուշադրությունը՝ ջորիների ոտատեղերը տեսնելիս, որոնք ներկված էին բաց-կարմիր գույնով, կարծեք թե նրանց սմբակը թեթև արյունոտվել էր։ Սկզբում կարծում էի, որ այդ արդյունք է շրջակա լեռներից փչած կարմիր պորֆիրի փոշու, որովհետև ձյան բյուրեղների խոշորացնող հատկության շնորհիվ այս միկրոսկոպիկական բույսերի խմբերը նմանվում էին կոշտ մասնիկների։ Ձյունը գունավորված էր միայն այն մասերում, որտեղ նա արագ հալվել փափկացել էր կամ պատահականորեն ճզմվել։ Թղթի վրա մի փոքր շփելիս առաջանում էր թույլ վարդագույն երանգ, որի հետ խառը կար և մի փոքր աղյուսա-կարմիր գույն։ Հետագայում թղթի վրայից քիչ քերելով գտա, որ սրանք կազմված են փոքր գնդաձև խմբերից, որոնք գտնվում են անգույն թաղանթի մեջ, և յուրաքանչյուրն ունի մեկ հազարերորդ մատնաչափ տրամագիծ։
Պեյկենեսի կատարին քամին, ինչպես վերը նշեցինք, ընդհանրապես ուժեղ է փչում և շատ սառն է։ Ասում են<ref>Dr. Gillies In ''Gournal of National and Geographical Science, Օգոստոս, 1830 թ.''։ Այս հեղինակը տալիս է լեռնանցքերի բարձրությունը։</ref>, որ նա փչում է անընդհատ արևմտյան կողմից կամ Խաղաղ օվկիանոսից։ Որովհետև դիտողությունները գլխավորապես ամառն են կատարվել, ուստի այս քամին պետք է որ վերին և հակադարձ հոսանք լինի։ Տեներիֆի կատարը, որն ավելի ցածր է և գտնվում է 28° լայնության տակ, միևնույն ձևով ընկնում է վերին հակադարձ հոսանքի տակ։ Սկզբում զարմանալի է թվում, որ պասատը Չիլիի հյուսիսային մասում և Պերուի ափերին փչի անմիջականորեն դեպի հարավ, ինչպես այդ տեսնում ենք, բայց երբ մի րոպե մտածում ենք, որ Կորդիլյերների շղթան, որը ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, մեծ պատի նման միջհատում է ներքին մթնոլորտային հոսանքի ամբողջ խորությունը, կարող ենք հեշտությամբ նկատել, որ պասատը, հետևելով լեռների շարքին, պետք է ձգվի դեպի հյուսիս, դեպի հասարակածային գոտիները, և այսպիսով կորցնի արևելյան շարժման մի մասը, որն այլ կերպ ձեռք կբերեր երկրի պտտման շնորհիվ։ Մենդոսայում, Անդերի արևելյան ստորոտին, ասում են, որ կլիման ենթակա է երկար հանդարտումների և հաճախակի կրկնվող, թեև կեղծ, կուտակվող ամպրոպների. մենք պետք է ընդունենք, որ քամին, որը գալիս է արևելյան կողմից, լեռնաշղթաների երկայնությամբ թումբ է կազմում, լճանում է, և շարժումներն անկանոն են դառնում։
Անցնելով Պեյկենեսը՝ իջանք մի լեռնային երկիր, որը գտնվում է երկու գլխավոր շղթաների մեջտեղը, և ապա իջանք այնտեղ գիշերելու։ Այժմ մենք գտնվում էինք Մենդոսայի ռեսպուբլիկայի սահմաններում։ Բարձրությունն այստեղ հավանորեն 11000 ոտնաչափից պակաս չէր լինի, հետևաբար և բուսականությունը ծայր աստիճան աղքատ էր։ Որպես վառելիք գործածում էինք մի փոքր թփի արմատները, բայց նրա կրակը շատ թույլ էր, իսկ սառը քամին կտրում էր։ Ամբողջ օրվա աշխատանքից կատարյալ հոգնած՝ ես անմիջապես պատրաստեցի անկողինս և քնեցի։ Մnտավորապես կես գիշերին նկատեցի, որ երկինքը հանկարծակի ամպեց. արթնացրի արիերոյին (ջորեպանների պետ)՝ իմանալու համար, թե արդյոք սպասվում է վատ եղանակ. բայց նա ասաց, որ այստեղ առանց որոտի ու կայծակի՝ ձյունաբուք երբեք չի լինում։ Ով այս երկու շղթաների միջև վատ եղանակի է բռնվում, վտանգը մեծ է, իսկ փախչելու, դժվարությունները՝ շատ։ Միակ ապաստանները հատ ու կենտ քարանձավներն են. Մր. Կալդկլյուն, որը տարվա այս նույն ժամանակին անցել է այս լեռնաշղթան, մի քանի օր ձյան ուժեղ տեղումից մնացել է այստեղ։ Այս լեռնանցքում կառուցված չեն casuchas-ներ կամ ապաստարաններ (հանգրվան) ինչպես Ուսպալատայումն է. այդ պատճառով էլ աշնանը Պորտիլյո հաճախողների թիվը սահմանափակ է։ Պետք է ասել, որ գլխավոր Կորդիլյերներում անձրև երբեք չի գալիս, որովհետև ամառը երկինքը երբեք չի ամպամածում, իսկ ձմեռը միայն ձյունաբքեր են լինում։
Այնտեղ, որտեղ մենք քնել էինք, ջուրը մթնոլորտային ճնշման նվազման պատճառով եռում էր ավելի ցածր ջերմաստիճանում, քան նվազ բարձրություն ունեցող մի այլ տեղում, բոլորովին հակառակը Պապինի կաթսայի։ Այս պատճառով էլ կարտոֆիլը մի քանի ժամ եռացող ջրի մեջ մնալուց հետո մնացել էր նույնչափ կարծր, որչափ առաջ։ Ամբողջ գիշեր ամանը մնաց կրակի վրա. հաջորդ առավոտը նորից շարունակեցինք խաշելու աշխատանքը, բայց դարձյալ իզուր, կարտոֆիլ չեփվեց։ Ես այս բանն իմացա երկու ընկերների խոսակցությունն ունկնդրելիս. նրանք եկել էին այն պարզ եզրակացության, «որ այդ անիծված ամանը (որը բոլորովին նոր էր) կարտոֆիլ խաշելու համար չի շինված»։
'''Մարտի 22.'''— Առանց կարտոֆիլի մեր նախաճաշն ուտելուց հետո ճանապարհ ընկանք այդ միջանկյալ տարածությունից դեպի Պորտիլյոյի լեռնաշղթայի ստորոտը։ Ամառվա կեսին անասունները բերում են այստեղ արածացնելու. բայց այժմ նրանք բոլորն էլ նորից ետ էին տարվել, մինչև, անգամ գուանակոների մեծ մասը չվել էին. լավ իմանալով, որ եթե այստեղ բռնվեն ձյունաբուքով, թակարդը կընկնեն։ Մեր առջև բացվում էր լեռների մի զանգված, որ կոչվում էր Տուպունգատո՝ ամբողջովին ծածկված միապաղաղ ձյունով, որի մեջտեղը երևում էր մի կապույտ պիսակ, անկասկած սառցադաշտ — մի հանգամանք, ոտը հազվադեպ է այս լեռներում։ Այժմ սկսվեց մի ծանր և երկար մագլցում, Պեյկենեսի վերելքի նման։ Յուրաքանչյուր կողմից բարձրանում էին դուրս ցցված կարմիր գրանիտի կռնաձև բլուրներ. հովիտներում փռվել էին հավերժական ձյան մի քանի լայն դաշտեր։ Այս սառած զանգվածները հալման ընթացքում մի քանի մասերում փոխվել էին սրածայր աշտարակների կամ սյուների<ref>Սառած ձյան մեջ այս կառուցվածքը շատ վաղուց նկատել է Սկորսբին Շպիցբերգենի մոտ գտնվող սառցասարերում և ապա ավելի մանրակրկիտ կերպով դիտել է գնդապետ Ջեքսոնը (Goumal of Geographical Society, vol. V, p. 12) Նևայի վրա։<br>Մր. Լայելը („Principles”, vol. IV, p. 360) բաղդատել է այս ճեղքվածքները, որոնցով թվում է թե պայմանավորվում է սյունաձև ստրուկտուրը, երակիկների հետ, որոնք նկատվում են գրեթե բոլոր ապառների մեջ, բայց ամենից լավ երևում են չշերտավորված զանգվածներում։ Ես կարող եմ ասել, որ ինչ վերաբերում է սառած ձյան, սյունաձև կառուցվածքը պետք է լինի «մետամորֆային» գործունեության, և ոչ թե '''նստեցման''' ընթացքում տեղի ունեցող պրոցեսի արդյունք։</ref> որոնք լինելով բարձր և իրար խիստ մոտիկ՝ դժվարացնում էին բեռնավորված ջորիների անցնելը։ Սառցի այս սյուներից մեկի վրա տնկված էր մի սառած ձի, կարծեք թե պատվանդանի վրա էր ամրացված, միայն թե հետևի ոտներն ուղղված էին վեր՝ օդի մեջ։ Ենթադրում եմ, որ կենդանին պետք է գլխիվայր ընկած լինի մի անցքի մեջ, երբ ձյունն անընդհատ տեղացել է, և ապա շրջապատի ձյունը պետք է հեռացված լինի հալչելուց։
Երբ գտնվում էինք մոտավորապես Պորտիլյոյի կատարին, մենք շրջապատվեցինք սառած մանր հատիկների մի ամպով։ Այս մեծ դժբախտություն էր մեզ համար, որովհետև այդ տևեց ամբողջ օրը և կատարելապես խափանում էր մեր տեսողությունը։ Լեռնանցքն իր Պորտիլյո անունն ստացել է շնորհիվ մի նեղ ճեղքվածքի կամ դռնանցքի, որը գտնվում է ամենաբարձր լեռնաշարքի վրա, և որի միջով անցնում է ճանապարհը։ Այս կետից մի պարզ օր կարելի է տեսնել այն ընդարձակ հարթավայրերը, որոնք առանց ընդհատվելու տարածվում են մինչև Ատլանտյան օվկիանոսը։ Մենք իջանք մինչև բուսականության վերին սահմանը և ապառաժի մեծ բեկորների տակ հարմար տեղեր գտանք գիշերելու համար։ Այս տեղ մենք հանդիպեցինք մի քանի ճանապարհորդների, որոնք մտահոգ հարցումներ էին անում ճանապարհի վիճակի մասին։ Մթնելուց քիչ հետո ամպերը հանկարծակի ցրվեցին, և մեր առջև բացվեց մի կախարդական պատկեր։ Մեծ լեռները, լուսավորված լրիվ լուսնի լուսով, կարծեք թե ամեն կողմից կախվել էին մեր վրա, ինչպես մի անդունդի վրա։ Մի առավոտ շատ կանուխ ես ականատես եղա միևնույն ազդեցիկ երևույթին։ Հենց որ ամպերը ցրվեցին, ամեն կողմ սկսեց ուժեղ սառչել, բայց որովհետև քամի չկար, մենք շատ հանգիստ քնեցինք։
Չափազանց հետաքրքրական էր այս բարձրության վրա լուսնի և աստղերի աճող պայծառությունը, որն արդյունք էր մթնոլորտի կատարյալ թափանցկության։ Ճանապարհորդները նկատելով բարձր սարերում բարձրությունների և հեռավորությունների մասին դատելու դժվարությունը, ընդհանրապես այդ վերագրել են այն բանին, որ բաղդատության համար առարկաներ չեն եղել։ Ինձ թվում է, թե այդ նույնչափ արդյունք է նաև օդի թափանցկության, որն առարկաների նկատմամբ շփոթություն է առաջացնում տարբեր հեռավորությունների վրա, ինչպես և մասամբ հետևանք է անսովոր և նորօրինակ հոգնածության, որն առաջանում է ամենափոքր լարվածությունից. այսպիսով սովորությունը հակադրվում է զգայարանների վկայություններին։ Ես համոզված եմ, որ օդի այս աստիճան մաքուր լինելը տեսարանին տալիս է յուրահատուկ բնույթ. բոլոր առարկաներն այնպես են երևում, կարծեք թե բերվել են գրեթե միևնույն հարթության վրա, ինչպես այդ տեսնում ենք գծագրի կամ պանորամայի վրա։ Ես կարծում եմ, որ օդի թափանցկությունն արդյունք է մթնոլորտի միահավասար և բարձր աստիճանի չորության։ Այս չորությունը երևում էր գործիքների փայտամասերի կուչ գալու եղանակից (ինչպես այդ շուտով պարզվեց իմ երկրաբանական մուրճի ինձ պատճառած նեղությունից), սննդանյութերի, ինչպես հացն ու շաքարն են, ծայր աստիճան ամրանալուց, և ճանապարհի վրա ոչնչացած կենդանիների մորթու և մարմնի որոշ մասերի պահպանումից։ Միևնույն պատճառին պետք է վերագրենք և էլեկտրականություն առաջացնելու եզակի հեշտությունը։ Իմ ասվե բաճկոնը մթնում շփելիս այնպես էր երևում, կարծեք թե ֆոսֆորով լվացված լիներ, շան կռնակի յուրաքանչյուր մազը ճարճատում էր. մինչև անգամ կտավե սավանները և թամբի կաշվե փոկերը ձեռք տալիս կայծեր էին արձակում։
'''Մարտի 23.'''— Կորդիլյերների վայրէջքն արևելյան կողմից շատ ավելի կարճ և զառիվայր է, քան Խաղաղ օվկիանոսի կողմից, այլ կերպ ասած՝ լեռները հարթավայրերից բարձրանում են ավելի դիք, քան Չիլիի ալպյան վայրերից։ Մեր ոտքերի տակ փռվել էր հարթ և շողշողուն սպիտակ ամպերի մի ծով, որը մեր աչքերից ծածկում էր պամպասների հարթավայրը։ Շուտով մտանք ամպերի շերտի մեջ և այդ օրն այլևս դուրս չեկանք նրա միջից։ Կեսօրվա մոտ Լոս Արենալեսում կենդանիների համար արոտատեղ գտնելով և վառելու համար՝ թփուտներ, կանգ առանք գիշերելու։ Թփուտների ամենավերջին սահմանն էր այս, և բարձրությունը, կարծում եմ, յոթից ութ հազար ոտնաչափ կլիներ։
Ինձ շատ զարմացնում էր այս արևելյան կողմի և Չիլիի կողքի հովիտների բուսականության մեջ գոյություն ունեցող նշանակալի տարբերությունը, չնայած որ կլիման, ինչպես և հողի տեսակը գրեթե միևնույնն են, իսկ աշխարհագրական լայնության տարբերությունը՝ շատ չնչին։ Նույն տարբերությունը գոյություն ունի նաև չորքոտանիների և քիչ պակաս չափով՝ թռչունների ու միջատների համար։ Որպես օրինակ ես կարող եմ բերել մկներին, որոնցից տասներեք տեսակ ձեռք էի բերել Ատլանտյան օվկիանոսի և հինգ՝ Խաղաղ օվկիանոսի ափերից՝ և նրանցից ոչ մեկը մյուսի հետ նույնատիպ չէ։ Բացառություն են կազմում բոլոր այն տեսակները, որոնք ըստ սովորության ապրում են բարձր լեռներում կամ պատահականորեն են հաճախում այդ լեռները, ինչպես և այն մի քանի թռչունները, որոնք տարածվում են հարավ՝ մինչև Մագելլանի նեղուցը։ Այս փաստը կատարելապես համապատասխանում է Անդերի երկրաբանական պատմությանը, որովհետև այս լեռները որպես մեծ պատվար գոյություն են ունեցել նախքան արդի կենդանական ցեղերի առաջացումը, ուստի և մեզ մնում է միայն ենթադրել, ոք միևնույն տեսակներն ստեղծվել են երկու տարբեր տեղերում, որովհետև մենք նույնքան իրավունք չունենք Անդերի հակառակ կողմերի վրա գտնվող կենդանիների մեջ մոտիկ նմանություն փնտրելու, որքան օվկիանոսի հակառակ ափերին։ Երկու դեպքումն էլ մենք պետք է բացառենք այն տեսակների հարցը, որոնք կարողացել են անցնել պատվարը,— պինդ ապառ լինի այդ, թե աղի ջուր։<ref>Այս սոսկ մի լուսաբանումն է այն սքանչելի օրենքների, որ առաջին անգամ առաջադրել է մր. Լայելը, այն է, թե ի՛նչ ազդեցություն են կրում կենդանիների աշխարհագրական տարածումները երկրաբանական փոփոխությունների ժամանակ։ Այu ամբողջ դատողությունն, իհարկե, հիմնված է տեսակների անփոփոխելիության ենթադրության վրա, այլ կերպ՝ այս տարբերությունը տեսակների մեջ երկու գոտիներում կարելի էր համարել ժամանակի ընթացքում տեղի ունեցող վերահավելման արդյունք։</ref> Բազմաթիվ բույսեր և կենդանիներ կամ բացարձակապես նույնն էին կամ խիստ նման էին Պատագոնիայի կենդանիներին և բույսերին։ Այստեղ մենք ունենք ագուտի, վիսկաշա, երեք տեսակ զրահակիր, ջայլամ, մի քանի տեսակ կաքավ և այլ թռչուններ, որոնցից ոչ մեկը երբեք չի երևացել Չիլիում, բայց որոնք ներկայացնում են Պատագոնիայի անապատային հարթավայրերի բնորոշ կենդանիները։ Նմանապես մենք ունենք բազմաթիվ միևնույն (այնպեսի անհատի աչքում, որը բուսաբան չէ) փշոտ թերաճած մացառներ, խորշոմած խոտեր և գաճաճ բույսեր։ Մինչև անգամ հանդիպում էին խիստ նման սև՝ դանդաղ սողացող բզեզներ և մի քանիսն էլ խիստ քննելուց հետո, հավատացած եմ, որ բացարձակապես նույնանման են։ Ինձ համար միշտ մեծ ափսոսանքի առարկա է եղել այն, որ մենք անխուսափելիորեն ստիպված եղանք նախքան սարերը հասնելը Սանտա Կրուս գետի ընթացքն ի վեր բարձրանալուց տեղի տալ։ Ես միշտ հույս ունեին որ կհանդիպեմ երկրի ընդհանուր տեսքի մի մեծ փոփոխության, բայց այժմ վստահ եմ, որ մենք դեպի այդ լեռնոտ բարձունքները բարձրացած կլինեինք միևնույն պատագոնական հարթություններով, միայն թե քիչ ավելի թեք։
'''Մարտի 24.'''— Առավոտյան վաղ ես բարձրացա հովտի մի կողմում գտնվող մի լեռ և վայելեցի պամպասների վրա հեռուները տարածվող մի տեսարան։ Այս մի պատկեր էր, որ ես միշտ դիտում էի հետաքրքրությամբ, բայց ես հուսախաբված էի. առաջին ակնարկից նա շատ նման էր օվկիանոսի հեռավոր տեսարանի, բայց հյուսիսային մասերում շուտով նկատվեցին բազմազանություններ։ Ամենատպավորիչ պատկերը ներկայացնում էին երկու գետեր, որոնք առավոտյան բարձրացող արևի տակ շողշողում էին ինչպես արծաթի թելեր, մինչև կորչում էին անհուն հեռավորության մեջ։ Կեսօրին իջանք հովիտը և հասանք մի խրճիթ, որտեղ, որպես պահապաններ, գտնվում էին մի սպա և երեք զինվոր. սրանք ստուգում էին անցագրերը։ Այս մարդկանցից մեկը զտարյուն պամպասյան հնդիկ էր։ Նրան պահում էին գլխավորապես այն նպատակ, ինչ նպատակով որ պահում են հետախույզ շներին, այն է՝ նա հայտնաբերելու էր գաղտնի անցորդներին,— լինի այդ ոտով, թե ձիով։ Մի քանի տարի առաջ մի ճանապարհորդ փորձում է անցնել առանց սրանց հանդիպելու և հայտնաբերվելուց խույս տալու համար մի երկար պտույտ է անում մոտակա մի լեռան շուրջը, բայց այս հնդիկը պատահականորեն նկատելով նրա հետքը գետնին՝ հետևում է նրան ամբողջ օրը չոր և խիստ քարոտ մի բլրի վրա, մինչև վերջիվերջո գալիս կանգնում է իր որսի գլխին, որը թաքնված է լինում մի հեղեղատի փոսում։ Այստեղ իմացանք, որ արծաթյա ամպերը, որոնցով մենք սքանչանում էինք վերևի պայծառ գոտուց դիտելիս, անձրևի հեղեղներ էին թափել։ Այս կետից սկսած հովիտը հետզհետե բացվում էր, և բլուրները դառնում էին ջրից մաշված բլրակներ՝ հետևի հսկաների հետ համեմատած։ Այնուհետև հովիտը տարածվելով վերածվեց շատ փոքր թեքություն ունեցող մանր խճերի մի հարթավայրի՝ ցածր ծառերով և մացառներով ծածկված։ Այս զառիվայրը, որը թեև նեղ է թվում, պետք է որ, նախքան կատարելապես հարթ երևացող պամպասների հետ միանալը, տասը մղոն լայնություն ունենա։ Անցանք այս շրջանի միակ տունը — Չակայո ֆերման — և արևը մայր մտնելիս մտանք առաջին տաք և խաղաղ անկյունը գիշերելու համար։
'''Մարտի 25.'''— Ես հիշում էի Բուենոս Այրեսի պամպասները՝ տեսնելով բարձրացող արևի սկավառակը, որը հատվում էր օվկիանոսի մակարդակի նման մի հորիզոնով։ Գիշերը բավականին թանձր ցող իջավ մեզ վրա,— մի դեպք, որ մեզ չպատահեց Կորդիլյերների վրա։ Որոշ տարածությամբ ճանապարհն ընթանում էր դեպի արևելք՝ մի ցածր ճահճի միջով, ապա հանդիպելով չոր հարթավայրին՝ դարձավ դեպի հյուսիս, դեպի Մենդոսա։ Այս հեռավորությունը երկու երկար օրվա ճանապարհ է։ Առաջին օրը ճանապարհորդեցինք տասնչորս փարսախ դեպի Էստակադո, իսկ երկրորդ օրը տասնյոթ փարսախ դեպի Լուքսան, որը գտնվում է Մենդոսայի մոտ։ Ամբողջ տարածությունը ներկայացնում է մի կատարյալ անապատային հարթավայր, որտեղ մենք հանդիպեցինք ոչ ավելի քան երկու կամ երեք տան։ Արևը չափազանց ուժեղ էր, իսկ ճանապարհը՝ զուրկ որևէ հետաքրքրությունից։ Այս „traversia”-յում (ճանապարհ) շատ քիչ ջուր է պատահում, և մեր երկրորդ օրվա ճանապարհորդության ընթացքում միայն մի փոքրիկ լճակ գտանք։ Փոքրիկ առվակը հոսում է լեռներից և շուտով կլանվում է չոր և ծակոտկեն հողի կողմից, այնպես որ թեև մենք ճանապարհորդել էինք Կորդիլյերների արտաքին շղթայից միայն տասը կամ տասնհինգ մղոն, այնուամենայնիվ ոչ մի գետակ չանցանք։ Շատ տեղերում գետինը ծածկված էր աղային բյուրեղներով, այս պատճառով էլ մենք տեսնում էինք միևնույն աղ սիրող բույսերը, որոնք շատ տարածված են Բահիա Բլանկայի մոտերքը։ Մագելլանի նեղուցից սկսած՝ Պատագոնիայի ամբողջ արևելյան ափի երկայնքով մինչև Ռիո Կոլորադո տեսարանը միօրինակ բնույթ ունի և ըստ երևույթին երկրի նույնօրինակությունը տարածվում է այս գետից ներս՝ մինչև. Սան Լուիզ, գուցէ և ավելի հյուսիս։ Այս կոր գծից արևելք ընկնում են Բուենոս Այրեսի համեմատաբար խոնավ և կանաչ հարթավայրերը։ Մենդոսայի և Պատագոնիայի անբերրի հարթավայրերը կազմված են մանք խճերի մի շերտից, ծովի ալիքներից մաշված, հղկված ու կուտակված։ Մինչ պամպասները, ծածկված ուղտափշերով, երեքնուկով և պամպասի խոտով, կազմվել են Պլատայի գետաբերանային տղմից։
Երկու օրվա մեջ ձանձրալի ճանապարհորդությունից հետո կատարյալ թարմացուցիչ էր տեսնել բարտենու և ուռենու շարքերը, որոնք երևում էին հեռվում Լուքսան գետի և գյուղի շրջակայքում։ Այստեղ ժամանելուց քիչ առաջ հարավում նկատեցինք պատառոտած մութ կարմիր-թխագույն ամպ։ Սկզբում մենք կարծեցինք, որ այդ ծուխ էր՝ հարթավայրերում առաջացած մի մեծ հրդեհի, բայց շուտով պարզվեց, որ այդ մորեխներ էին։ Նրանք թռչում էին դեպի հյուսիս և մի թեթև քամու օգնությամբ հասան մեզ՝ ժամում անցնելով տասը կամ տասնհինգ մղոն։ Այս միջատների գլխավոր զանգվածն օդը լցրել էր քսան ոտնաչափ բարձրից սկսած, ինչպես երևում էր, մինչև եբկու-եքեք հազար ոտնաչափ գետնից վերև, «և նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի դաշտ վազող բազմաթիվ ձիերի և կառքերի ձայնին» կամ, ավելի ճիշտ, նման էր նավի կաբելների միջով անցնող ուժեղ զեփյուռի առաջացրած ձայնին։ Առաջից անցնող համեմատաբար նոսր խմբերի միջից երկինքը երևում էր ինչպես սև քանդակ, բայց գլխավոր զանգվածը բոլորովին անթափանցելի էր։ Սակայն ամբողջությամբ վերցրած այնքան էլ խիտ չէին, նրանք կարող էին խույս տալ ետ ու առաջ ճոճվող փայտի հարվածից։ Երբ նրանք ցած իջան գետին, ավելի շատ էին, քան դաշտի կանաչը, և մակերեսը կարմրավուն դարձավ՝ կանաչի փոխարեն, մորեխներն իջնելուց հետո յուրաքանչյուրը թռչում էր մի կողմից մյուսը՝ բոլոր ուղղություններով։ Մորեխներն այս երկրում անսովոր փորձանք չեն։ Այս սեզոնին արդեն մի քանի այլ, համեմատաբար փոքր խմբեր եկել էին հարավից։ Այս միջատներն ըստ երևույթին աշխարհի բոլոր այլ մասերում բազմանում են անապատում։ Խեղճ գյուղացիներն իզուր էին փորձում կրակ վառելով, գոռալով կամ ճյուղերով արգելել այգ հարձակումը։ Մորեխների այս տեսակը խիստ նման է, գուցե և նույնատիպ, արևելքի հռչակավոր Gryllus migratorius-ին։
Անցանք Լուքսանը, որն զգալի մեծության մի գետ է, թեև նրա ընթացքը մինչև ծովափ շատ վատ են իմ անում։ Կասկածելի է մինչև անգամ, թե հարթավայրերից անցնելիս արդյոք նա չի՞ գոլորշիանում ու կորչում։ Քնեցինք Լուքսան գյուղում, որը մի փոքր տեղ է՝ շրջապատված այգիներով, և ներկայացնում է ամենահարավային մշակված շրջանը Մենդոսայի գավառում։ Գյուղը գավառի կենտրոնից հինգ փարսախ է հեռու։ Գիշերը ես ենթարկվեցի Benchuca-յի, պամպասների խոշոր և սև փայտոջիլի՝ Reduvitus-ի մի տեսակի հարձակմանը (որովհետև բացի հարձակումից ուրիշ անուն չէ կարելի տալ դրան)։ Մարդ զզվում է, երբ զգում է, որ այդ փափուկ անթև միջատները, մոտ մի մատնաչափ երկարությամբ, սողում են մարմնի վրա ամեն կողմ։ Նախքան ծծելը բոլորովին բարակ, տափակ են, բայց արյունը ծծելուց հետո կլորանում են և խիստ փքվում է այս վիճակում հեշտությամբ են ճզմվում։ Մի հատ բռնեցի Իկիկում (նրանք գտնվում են և՛ Չիլիում, և՛ Պերուում) բոլորովին դատարկ վիճակում։ Երբ դնում էինք սեղանի վրա, թեև շրջապատված մարդկանցով, և երկարացնում էինք մեր մատերը, հանդուգն միջատն անմիջապես դուրս էր հանում իր ծծանը և պատրաստվում էր արյուն ծծելու, եթե այդ թույլ տային իրեն։ Նրա պատճառած վերքից ցավ չէր զգացվում։ Հետաքրքրական է դիտել նրա մարմինը՝ ծծելու ընթացքում. ավելի պակաս քան տաս րոպեում նա, միանգամայն տափակ վիճակից, փոխվում վերածվում էր գնդի։ Այս մի խրախճանքից, որի համար այդ benhuca-ն պարտական էր սպաներից մեկին, նա պահեց իր գերությունը չորս լրիվ ամիս, բայց առաջին երկու շաբաթից հետո նա բոլորովին պատրաստ էր նորից ծծելու։
'''Մարտի 27.'''— Շարժվեցինք դեպի Մենդոսա։ Շրջանը շատ գեղեցիկ մշակված էր և նման էր Չիլիին։ Այս շրջանը հռչակավոր է իր պտուղներով. և իսկապես ոչ մի բան ավելի լավ չէր զարգանում, քան խաղողի, թզի, դեղձի և ձիթենու այգիները։ Մենք ձմերուկներ գնեցինք՝ ամեն մեկը մի մարդու գլխից երկու անգամ մեծ, քաղցր, համեղ, սառը, և յուրաքանչյուրին վճարեցինք կես պեննի (երկու կոպեկ), իսկ երեք պենսով գնեցինք կես ձեռնասայլ դեղձ։ Մշակված և փակ մասն այս շրջանում շատ փոքր է. մի քիչ է ավելի այն տարածությունից, որն ընկնում է Լուքսանի և կենտրոնի միջև։ Այստեղ երկիրը, ինչպես Չիլիում, իր բերրիությունն ամբողջովին պարտական է արհեստական ոռոգման, և իրոք շատ զարմանալի է, թե ինչպես պտղաբեր է դառնում այսպիսի մի անբերրի տարածություն։
Հաջորդ օրը մնացինք Մենդոսայում։ Վերջին տարիները շրջանի բարգավաճումն ընկել է։ Բնակիչներն ասում են, որ «լավ տեղ է ապրելու համար, բայց շատ վատ՝ հարստանալու համար»։ Ստորին կարգերի մեջ տիրապետում են պամպասների գաուչոյի ժամավաճառ լինելու, պարապ քարշ գալու և անհոգության սովորությունները, և նրանց հագուստը, հեծելասարքը և կենցաղային սովորությունները գրեթե նույնն են։ Իմ մտքում քաղաքն ուներ լքված և ամայի տեսք։ Ոչ ծառուղիները, որոնցով պարծենում էին, և ոչ էլ ընդհանուր տեսարանը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Սանտ Յագոյի հետ, բայց նրանք, որոնք գալով Բուենոս Այրեսից՝ անցել են միօրինակ պամպասները, նրանց համար պարտեզներն ու մրգի այգիներն առանձին բերկրություն են առաջացնում։ Մըր Ֆ. Հեդը խոսելով այստեղի բնակիչների մասին՝ ասում է. «Նրանք ուտում են իրենց ճաշը, և երբ շատ շոգ է, քնում են — իսկ կարո՞ղ էին ավելի լավ բան անել»։ Ես բոլորովին համաձայն եմ սըր Ֆ. Հեդի հետ. մենդոսացու երջանիկ ճակատագիրն ուտել, քնել և պարապ ման գալն է։
'''Մարտի 29.'''— Ճանապարհ ընկանք Չիլի վերադառնալու Ուսպալատայի լեռնանցքով, որը գտնվում է Մենդոսայի հյուսիսում։ Մենք պետք է անցնեինք մի վերին աստիճանի չոր տրավերսիա (ճանապարհ), որի երկարությունը տասնհինգ փարսախ էր։ Հողը որոշ մասերում բացարձակապես մերկ էր, որոշ մասերում էլ ծածկված էր անհամար գաճաճ կակտուսներով՝ ահռելի փշերով զինված. տեղացիները սրանց անվանում են «փոքրիկ առյուծներ»։ Կային նաև մի քանի ցածր թփուտներ։ Թեև այդ հարթավայրը ծովի մակերևույթից մոտ երեք հազար ոտնաչափ բարձր է, այնուամենայնիվ արևը շատ ուժեղ էր. և շոգը մի կողմից, անշոշափելի փոշին մյուս կողմից ճանապարհորդությունը դարձնում էին ծայր աստիճան տաղտկալի։ Մեր ճանապարհը ցերեկն անցնում էր մոտավորապես Կորդիլյերներին զուգահեռ և հետզհետե մոտենում էր նրանց։ Արևը մայր մտնելուց առաջ մտանք այն լայն հովիտներից, կամ ավելի շուտ՝ խորշերից մեկը, որոնք բացվում են դաշտի վրա. այս հովիտը նեղանալով՝ շուտով վերածվեց ձորի, որտեղ մի փոքր բարձր գտնվում է Վիսենսիա վիլլան։ Որովհետև ամբողջ օրը ձիերի վրա անցկացրել էինք առանց մի կաթիլ ջրի, և՛ մենք, և՛ ձիերը սոսկալի ծարավել էինք և անձկությամբ փնտրում էինք այն առվակը, սրը հոսում է այս հովտով։ Հետաքրքրական էր նկատել, թե ինչպես հետզհետե երևան էր գալիս այս ջուրը. հարթավայրի վրա նրա ընթացքը բոլորովին չոր էր, աստիճանաբար խոնավացավ, ապա երևացին ջրի փոքրիկ լճակներ. շուտով սրանք միանալով՝ Վիսենսիա վիլլայում արդեն կար գեղեցիկ, փոքր առվակ։
'''Մարտի 30.'''— Այս մենավոր խրճիթը, որը կրում է Վիսենսիա վիլլա պատկառելի անունը, հիշատակված է գրեթե ամեն մի ճանապարհորդի կողմից, որն անցել է Անդերը։ Այստեղ և մոտակա մի քանի հանքերում մնացի հաջորդ երկու, օրերը։ Շրջանի երկրաբանությունը շատ հետաքրքրական է։ Ուսպալատայի լեռնաշղթան գլխավոր Կորդիլյերներից բաժանվում է մի նեղ և երկար հարթավայրով կամ ավազանով՝ նման այն հարթավայրերին, որ շատ հաճախ հիշատակել ենք Չիլիի մասին գրելիս. միայն սրանք ավելի բարձր են՝ ծովի մակերևույթից վեց հազար ոտնաչափ բարձրություն ունենալով։ Այս շղթան Կորդիլյերների նկատմամբ գրեթե այնպիսի աշխարհագրական դիրք ունի, ինչպես ունի վիթխարի Պորտիլյո լեռնաշղթան, բայց ծագումը բոլորովին տարբեր է։ Նա կազմված է տարբեր տեսակի ընդծովյա լավայից, փոփոխակիորեն ներկայացնելով հրաբխային ավազաքարեր և այլ նշանավոր սեդիմենտային նստվածքներ. ընդհանուր առմամբ խիստ նման է Խաղաղ օվկիանոսի ափերի երրորդական շերտերից մի քանիսին։ Այս նմանությունից ելնելով՝ ես սպասում էի, թե կգտնեմ սիլիցացած (քարացած) ձառեր, որոնք ընդհանրապես բնորոշ են այս ֆորմացիաների համար։ Իմ սպասելիքներս արտասովոր կերպով արդարացան։ Շղթայի կենտրոնական մասում, մոտ յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա, մի լերկ լանջի վրա ես նկատեցի ձյան սպիտակություն ունեցող ցցված սյուներ։ Սրանք քարացած ծառեր էին. տասնևմեկը սիլիկացած էին, իսկ երեսունից ֊քառասունը փոխարկվել էին կոշտ բյուրեղային, սպիտակ կրային շպատի։ Սրանք անկանոն կերպով ջարդվել էին, կանգուն կոճղերը գետնից մի քանի ոտնաչափ դուրս ցցված։ Բներն ունեին երեքից-հինգ ոտնաչափ շրջապատ։ Այս ծառերն իրարից քիչ էին հեռու, բայց բոլորը միասին մի խումբ էին կազմում։ Մր. Ռոբերտ Բրաունը իմ խնդրանքով ուսումնասիրել է այս ծառերը և ասում է, որ նրանք պատկանում են եղևնու ցեղին՝ արաուկարիական ընտանիքի հատկանիշներից մի քանիսն ունենալու պատճառով, բայց որոշ հետաքրքրական կետերով խնամակցություն ունեն կարմրածառի հետ։ հրաբխային ավազաքարը, որի մեջ թաղված էին այս ծառերը և որի ներքևի մասից այս ծառերը պետք է դուրս եկած լինեին, հաջորդական բարակ շերտերով կուտակվել էր նրանց բների շուրջը, և այդ քարը դեռ պահել էր կեղևի դրոշմը։
Երկրաբանական մեծ փորձառություն անհրաժեշտ չէր այն սքանչելի պատմությունը բացատրելու համար, որ միանդամից բաց էր անում այս տեսարանը։ Թեև խոստովանվում եմ՝ սկզբում ես այնքան էի զարմացել, որ հազիվ թե հավատայի ամենապարզ ապացույցին անդամ։ Ես տեսնում էի այն գետը, որտեղ մի խումբ գեղեցիկ ծառեր մի ժամանակ ծածանում էին իրենց ճյուղերն Ատլանտյան օվկիանոսի ափին, երբ վերջինս (որն այժմ 700 մղոն ետ է քշված) գալիս էր մինչև Անդերի ստորոտները, Ես տեսնում էի, որ նրանք ծլել դուրս են եկել հրաբխային հողից, որը բարձրացել էր ծովի մակարդակից, հետևաբար և այս չոր ցամաքն իր կանգուն ծառերով՝ սուզվել է օվկիանոսի անդունդները։ Այս խորխորատներում, նախապես չոր ցամաքը ծածկվում է սեդիմենտային շերտերով, և ապա սրանք ծածկվում են ընդծովյա լավային մեծ հոսանքներով — այսպիսի մի զանգված ուներ հազար ոտնաչափի հաստություն. և այս հալված քարերի շերտերը և հրային նստվածքներն իրար հաջորդել էին հինգ անգամ։ Օվկիանոսը, որն ընդունել էր նման հաստ զանգվածներ, պետք է որ շատ խորը եղած լիներ. բայց ստորերկրյա ուժերը նորից են ջանք գործ դնում և այժմ իմ աչքերի առջև է այդ օվկիանոսի հատակը, որը կազմում է ավելի քան 7000 ոտնաչափ բարձրություն ունեցող լեռների մի շղթա։ Քնած չեն եղել նաև այն հակամարտ ուժերը, որոնք միշտ գործում են՝ ցամաքի մակերեսը մաշելու, ցածրացնելու համար։ Շերտերի մեծ կույտերը հատվել էին բազմաթիվ լայն հովիտներով, իսկ ծառերը, որոնք այժմ փոխվել էին կայծքարերի, ցցվել էին հրաբխային հողի մեջ, որն այժմ փոխվել էր ապառի, և որի միջից հին ժամանակներում ծառերը կանաչ ու փթթուն՝ բարձրացրել են իրենց բարձր գլուխները։ Այժմ ամեն ինչ ամբողջովին անվերադարձ է, անապատ. մինչև անգամ քարաքոսը չի կարող սնվել հին ծառերի քարացած ձևերից։ Անսահման է թվում այս և հազիվ թե կարելի լինի ըմբռնել այսպիսի փոփոխությունների առաջ գալը. բայց դրանք բոլորն էլ տեղի են ունեցել մի ժամանակաշրջանում, որը, համեմատած Կորդիլյերների պատմության հետ, նոր է. իսկ Կորդիլյերներն իրենց հերթին բոլորովին նոր են, եթե նրանց համեմատելու լինենք Եվրոպայի և Ամերիկայի բրածո պարունակող բազմաթիվ շերտերի հետ։
'''Ապրիլի 1.'''— Անցանք Ուսպալատայի շղթան և գիշերեցինք մաքսատանը — հարթավայրի միակ բնակեցված կետում։ Լեռները թողնելուց քիչ առաջ մեր առջև բացվեց մի շատ արտակարգ տեսարան, կարմիր-ծիրանեգույն, կանաչ և բոլորովին սպիտակ սեդիմենտային ապառներն իրարից սև լավաներով բաժանված, ջարդվել և ամեն ուղղությամբ անկանոն ձևով թափանցվել էին մուգ թխագույնից մինչև բաց մանուշակագույն, ամեն գույնի և երանգի պորֆիրի զանգվածներով։ Այդ առաջին անգամն էր, որ ես տեսնում էի մի տեսարան, որն իրապես նման էր այն գեղեցիկ կտրվածքներին, որ երկրաբանները պատկերացնում են որպես երկրի ներսը։
Հաջորդ օրն անցանք հարթավայրը և հետևեցինք նույն այն լեռնային մեծ գետակի հոսանքին, որը հոսում է Լուքսանի միջով։ Այստեղ նա մի կատաղի հեղեղ էր ու բոլորովին անանցանելի և ավելի մեծ էր երևում, քան ներքևում, դաշտից հոսելիս, ինչպես Վիսենսիա վիլլայի առվակն էր։ Հաջորդ օրը երեկոյան հասանք Ռիո դե Լաս Վակաս, որն ամբողջ Կորդիլյերներում համարվում է անցնելու համար ամենավատ հոսանքը։ Որովհետև այս բոլոր գետակներն էլ արագ և կարճ ընթացք ունեն և կազմվում են ձյան հալչելուց, ուստի օրվա տաքբեր ժամերին նրանց ծավալի զգալի տարբերություններ են առաջանում։ Երեկոյան առվակը տղմոտ ու մեծ է լինում, բայց առավոտյան լուսանալիս դառնում է պարզ և ոչ այնքան սրընթաց։ Այս բանը երևաց Ռիո Վակասում, և առավոտյան այն անցանք շատ փոքր դժվարությամբ։
Տեսարանը մինչև այստեղ շատ անհետաքրքրական էր, եթե այն համեմատելու լինենք Պորտիլյոյի լեռնանցքի տեսարանի հետ։ Քիչ քան կարելի է տեսնել այն մեծ, լայն հատակով հովտի մերկ պատերից այն կողմը, որի միջից ճանապարհը բարձրանում է վեր, մինչև ամենաբարձր կատարը, հովիտը և ահռելի ժայռոտ լեռները ծայր աստիճան մերկ և անպտուղ են։ Նախորդ երկու գիշերը խեղճ ջորիները բացարձակապես ոչինչ չունեին ուտելու, որովհետև, բացառությամբ մի քանի ձյութային ցածր թփուտներից հազիվ թե որևէ բույս նկատվեր։ Այսօր մենք անցանք Կորդիլյերների ամենավատ լեռնանցքերից մի քանիսը, բայց պետք է ասել, որ նրանց վտանգավորությունը շատ է չափազանցված։ Ինձ ասում էին, որ եթե ես փորձեի ոտքով անցնել, գլուխս կպտտվեր, իսկ ձիուց իջնելու տեղ չկա. բայց ես չտեսա մի տեղ, որտեղից որևէ մեկը չկարողանար կրնկակոխ ետ ետ քայլել կամ թե չկարողանար ջորին դուրս բերել ճանապարհից որևէ կողմի վրա։ Այդ վատ անցքերից մեկը, որը կոչվում է Las Animas (հոգիներ), անցնելուց մի օր հետո իմացա, որ այդ սարսափելի վտանգավոր կետերից մեկն է եղել։ Անկասկած, շատ տեղեր կան, որտեղ, եթե ջորին սայթաքի, հեծնողը կգլորվի խոր անդունդները, բայց այդպիսի դեպք շատ հազվադեպ է պատահում։ Ճիշտ է, գարնանը „laderas”-ները կամ ճանապարհները, որոնք ամեն տարի նորից են կազմվում թափված բեկորների կույտերի միջից, շատ վատ են. բայց ելնելով իմ տեսածից ես ենթադրում եմ, որ իրական վտանգը ոչինչ է։ Բեռնավորված ջորիների դեպքում դրությունը բոլորովին այլ է, որովհետև բեռներն այնքան են դուրս ցցված լինում, որ կենդանիները երբեմն դիպչելով իրար կամ ցցված ժայռի՝ կորցնում են իրենց հավասարակշռությունը և գլորվում անդունդները։ Գետերն անցնելիս կարելի է վստահ ասել, որ դժվարությունը շատ մեծ է. բայց տարվա այս եղանակին նեղությունն այնքան մեծ չէր, իսկ ամառը պետք է որ գետը շատ վտանգավոր լինի։ Ես կարող եմ լավ պատկերացնել, ինչպես սըր Ֆ. Հեդն է նկարագրում, տարբեր արտահայտություններն այն մարդկանց, որոնք արդեն '''անցել''' են անդունդը, և նրանց, որոնք '''անցնում''' են։
Երբեք չեմ լսել, որ որևէ մեկը խեղդվել է այս գետերում, բայց բարձած ջորիների հետ այդ հաճախ է պատահում։ Արիերոն (ջորեպանը) ասում է քեզ, որ ցույց տաս ջորուն նրա անցնելու ամենահարմար գիծը և ապա թույլ տաս, որ նա անցնի՝ ինչպես ուզում է. բարձած ջորին վատ ուղղություն է վերցնում և հաճախ կորչում է։
'''Ապրիլի 14.'''— Ռիո դե Լաս Վակասից մինչև Պուենտե դել Ինկաս կես օրվա ճանապարհ է։ Որովհետև ջորիների համար կար արոտատեղ, իսկ ինձ համար՝ հետաքրքրական երկրաբանություն, գիշերելու համար ընտրեցինք այստեղ, բացօթյա։ Երբ մեկը լսում է բնական կամուրջի մասին, պատկերացնում է խորը և նեղ կիրճ, որի վրա ընկած է լինում ժայռերի մի ցցված զանգված կամ մի մեծ խոռոչավոր կամար՝ նման քարանձավի առաստաղի։ Ինկերի Կամուրջն այսպես չէ. նա բաղկացած է շերտավորված մանր խճերի կեղևից, որոնք իրար են կապակցված մոտակա տաք աղբյուրների նստվածքներով։ Այնպես է երևում, կարծես թե հոսանքը իր հունը փորել էր մի կողմի վրա միայն, թողնելով վրայից կախված մի ելուստ, որը դեմ էր առել հակառակ գահավանդից թափվող քարերին ու հողին։ Իսկապես մի շեղ միացում, որն ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենար այսպիսի դեպքում, պարզ նկատվում էր մի կողմում։ Ինկերի Կամուրջը ոչ մի կերպ արժանի չէ այն մեծ միապետներին, որոնց անունը նա կրում է։
'''Ապրիլի 5.'''— Մի ամբողջ երկար օր ձիերով անցանք կենտրոնական լեռնաշարքի լայնքով, Ինկերի Կամուրջից մինչև Օխոս դել Ագուա, որոնք գտնվում են չիլիական կողմի ամենացածր կազուչայի (casucha) մոտ։ Այս կազուչաները կլոր փոքրիկ աշտարակներ են, դրսից ունեն աստիճաններ, որոնք հասնում են մինչև հատակը, որը մի քանի ոտնաչափ գետնից բարձրացված է՝ ձյունաբուքից պաշտպանվելու համար։ Սրանք ութ հատ են և սպանական կառավարության ժամանակ ձմեռն այստեղ մթերում էին սննդանյութեր ու փայտի ածուխ, և յուրաքանչյուր սուրհանդակ ունենում էր մի ընդհանուր բանալի։ Այժմ սրանք գործածվում են որպես սոսկ նկուղներ կամ ավելի շուտ՝ որպես զնդաններ։ Ամեն մեկը մի փոքր բարձունքի վրա տեղավորված՝ այնքան էլ խորթ չեն շրջապատի ամայության համար։ Կումբրի կամ ջրբաժանի զիգզագ վերելքը շատ թեք էր և ձանձրալի։ Ըստ մր. Պենտլենդի, նրա բարձրությունը 12454 ոտնաչափ է։ Ճանապարհը ոչ մի տեղ չէր անցնում հավերժական ձյան միջով, թեև երկու կողմում էլ ձյան փոքրիկ մնացորդներ կային։ Գագաթին քամին չափազանց սառն էր, բայց հնարավոր չէր մի քանի րոպե կանգ չառնել նորից և նորից երկնքի գույնով և մթնոլորտի պայծառ թափանցկությամբ սքանչանալու համար։ Տեսարանն սքանչելի էր. դեպի արևմուտք գտնվում էին գեղեցիկ, բայց անկանոն լեռներ, իրարից խորը կիրճերով բաժանված։ Սովորաբար նախքան սեզոնի այս շրջանը որոշ չափով ձյուն է տեղում, և մինչև անգամ պատահել է, որ այս օրերին Կորդիլյերներն արդեն փակված են եղել։ Մենք շատ բախտավոր էինք։ Գիշեր ցերեկ երկինքն անամպ էր, եթե չհաշվենք գոլորշու մի քանի փոքրիկ կլոր զանգվածները, որոնք պարուրվել էին ամենաբարձր սուր գաղաթների ծայրերին։ Ես հաճախ եմ տեսել այս կղզյակները երկնքում, նշմարելով Կորդիլյերների դիրքը, երբ հեռվի լեռները թաքնված են եղել հորիզոնի տակ։
'''Ապրիլի 6.'''— Առավոտյան պարզվեց, որ գողերը գողացել էին մեր ջորիներից մեկը և մադրինայի զանգակը։ Ուստի մենք ստիպված եղանք երկու-երեք մղոն հովտով ներքև իջնել, և հաջորդ օրը մնացինք այնտեղ, հույս ունենալով, որ կգտնենք գողացված ջորին, որը, ջորեպանի կարծիքով, կարող էին թաքցրած լինել կիրճերից մեկում։ Այո մասում տեսարանն ստացել էր չիլիական բնույթ, լեռների ներքին մասերը, կիտկիտած Քուիլայի մշտականաչ դալուկ ձառերով և աշտանականման մեծ կակտուսներով, ավելի շատ հիացմունք են պատճառում, քան արևելյան մերկ հովիտները, բայց և այնպես ես համաձայն չեմ մի շարք ճանապարհորդների արտահայտած հիացմունքի հետ։ Ամենամեծ հաճույքը, կարծում եմ, լավ խարույկի և լավ ընթրիքի արդյունքն է, վերևի ցուրտ շրջաններից փախչելուց հետո, այդ դեպքում ես բաժանում եմ նրանց հիացմունքի զգացողությունը։
'''Ապրիլի 8.'''— Դուրս եկանք Ակոնգակուայի հովտից, որտեղով իջել էինք, և, երեկոյան հասանք Սանտա Ռոսա վիլլային մոտիկ մի հյուղակ։ Այս հարթավայրի արգավանդությունը մեծ բերկրանք էր առաջացնում մեր մեջ. աշունը եկել էբ, և շաա պտղատսւ ծառերի տերևներ սկսել էին թափվել. իսկ բնակիչներից ոմանք զբաղված էին իրենց խրճիթների կտուրների վրա թուզ և դեղձ չորացնելով, իսկ մյուսներն՝ այգեկութով։ Գեղեցիկ տեսարան էր, բայց այստեղ բացակայում էր այն թախծոտ լռությունը, որն Անգլիայում աշունը դարձնում է տարվա երեկոն։ 10-ին հասանք Սանտ Յագո, որտեղ մր. Կալդկլյուի մոտ վերին աստիճանի բարի և հյուրընկալ ընդունելություն գտա։ Իի էքսկուրսիան ինձ վրա նստեց միայն քսանչորս օր, և ես երբեք այլ անգամներ նույնքան կարճ ժամանակն ավելի խորը չեմ վայելել։ Մի քանի օր հետո վերադարձա Վալպարայսո, մր. Կորֆիլդի տունը։