Նախագահ։ Վկա, հենց հիմա վերջ տվեք այդ հիստերիկան։ (Քարտուղարին։) Անհապաղ հանգստացրեք նրան։ Գորելկի՛ն։
(Ներս է վազում Գորելկինը։) Տարեք նրան։ (Գորելկինը բռնում է Տերյոխինի ոտքերից և քարշ տալիս կուլիսների ետևը։)
==Տեսարան վեցերորդ==
Հանդիսատես (դիմում է դահլիճին): Պարոնայք, ես չեմ հասկանում, թե ինչ է այստեղ կատարվում։ Բռնում են սլավոնական արտաքինով մեր ուղղաափառ մարդուն, և առանց պատճառի դատ սարքում։ Բերում են մի ինչ֊որ վախեցած աշխատակցի, նրա զառանցանքը հիմք համարում, որպես մեղադրանքի ապացույց։ Մեր առջև է՝ իսկական անօրինականություն, իսկ մենք նստած ենք, նայում ենք, ծափահարում՝ սա ի՞նչ բան է։ Մի՞թե չեք հասկանում, որ եթե շարունակենք լռել, այն ինչ տեղի ունեցավ Պոդոպլեկինի հետ, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ։ Ուրեմն, այդ բանը թույլ չտանք։ Ամեն մեկը բոլորի համար․․․ (Չի հասցնում ավարտել։)
Գոռալով « և բոլորը մեկի համար» բեմ են վազում երկու աղջիկ (եթե հնարավոր է երեք, բայց ավելի լավ է չորս, մերկ մինչև գոտկատեղ, («Ֆեմեն խմբի պարոդիա)։ Նրանց կրծքին և մեջքին գրված է․ «Ազատություն Պոդոպլեկովին»։ Թռչկոտում են բեմի վրա, ծռմռվում, ճղճղում․ «Ազատություն Պոդոպլեկովին, ազատություն Պոդոպլեկովին, ազատություն Պոդոպլեկովին»։
Բոլորը շփոթված են։
Նախագահ։ Սա ի՞նչ բան է։ Դուք ո՞վ եք։
Աղջիկներ։ Ազատություն Պոդոպլեկովին, ազատություն։
(Աղջիկները վազում են Նախագահի մոտ, երկու կողմից գրկում նրան, սեղմում, ներկած շրթունքներով համբուրում։ Նրանցից մեկը՝ բարձրաձայն)․ Սիրելիս, մի եղիր սրիկա, բաց թող Պոդոպլեկովին։
Նախագահ։ Խուլիգաններ, ես ձեզ կնստեցնեմ։ Ամեն մեկիդ երկու կամ երեք տարի կտամ։ Էյ, ո՞վ կա այստեղ։
Գորելկին։
Կուլիսներից մեկի ետևից դուրս է թռչում Գորելկինը։
Գորելկին։ Ես։
Նախագահ։ Յուրչենկո։
Մի ուրիշ կուլիսի ետևից բեմ է վազում Յուրչենկոն։
Ես։
Նախագահ։ Հեռացրեք այստեղից այս պո․․․
Բառը անլսելի դարձնող հնչյուն։ Պի֊պի֊պի։
Գորելկինը, Յուրչենկոն, Մեղադրողը և Պաշտպանը նետվում են աղջիկների վրա։ Փորձում են հեռացնել նրանց Նախագահից։ Նրանք ամուր կառչել են Նախագահից, ամբողջ ուժով դիմադրում են և շարունակում են ճղճղալ․ «Ազատություն Պոդոպլեկովին։ Ազատություն Պոդոպլեկովին»։
Պոդոպլեկովը (վանդակից)։ Ապրե՛ք, աղջիկներ։ (Ծափահարում է։)
Բեմ է վազում փարաջայով Քահանան, ձեռքին մեծ խաչ։
Քահանա (բարձրագոչ)։ Սրբապիղծներ։ (Աղջիկները հեռանում են Նախագահից, Գորելկինը, Յուրչենկոն, Մեղադրողը և նախագահը՝ աղջիկներից, և բոլորը անշարժանում են:) Անաստվածներ, չքվեք։
Աղջիկները ընկնում են հատակին և սողում դեպի կուլիսներ, մեկը՝ աջ, մյուսը՝ ձախ։
Քահանան վազում է նրանց միջև, ոտքերով դոփում, անեծքներ թափում։
Քահանա։ Մեղքի մեջ ծնված, մեղքի մեջ ապրող անամոթ սատանաներ, չքվեք, չքվեք, չքվեք։
Աղջիկները սողալով հասնում են կուլիսներին, ոտքի թռչում և գոչում․
― Ազատություն Պոդոպլեկովին։
(Անհայտանում են։)
Մեղադրող։ Ինչպիսի՜ սանձարձակություն։
Քարտուղար։ Փորձեին միայն այդ նույն բանը անել մզկիթում։
Մեղադրող։ Կամ սինագոգայում․․․
Պաշտպան։ Իսկ եթե վագրերով վանդակում․․․
Նախագահ (փնչացնելով)։ Ո՜ւֆ։ (Մաքրում է անձեռոցիկներով շրթներկը և գցում հատակին։) Չեն թողնում աշխատել, ի՞նչ անես։ Այսպիսին է մեր երկիրը։ Այսպիսին է ժողովուրդը։ Այսպիսին է հարգանքը դատարանի հանդեպ։ Հայտարարում եմ սկսված կողմերի ելույթները։ Խոսքը տրվում է պետական մեղադրողին։