Նախագահ (փնչացնելով)։ Ո՜ւֆ։ (Մաքրում է անձեռոցիկներով շրթներկը և գցում հատակին։) Չեն թողնում աշխատել, ի՞նչ անես։ Այսպիսին է մեր երկիրը։ Այսպիսին է ժողովուրդը։ Այսպիսին է հարգանքը դատարանի հանդեպ։ Հայտարարում եմ սկսված կողմերի ելույթները։ Խոսքը տրվում է պետական մեղադրողին։
==Տեսարան յոթերորդ==
Մեղադրող։ Հարգելի դատարան։ Հենց նոր մենք ականատես եղանք մի անհարգալից տեսարանի։ Թեթև վարքի տեր աղջիկները դուրս թռան բեմ, սարքեցին վայրենի տեսարան, և մենք մնացինք անպաշտպան այդ այլանդակ կանանց դեմ։ Հինգ տղամարդ չկարողացան ոչինչ անել այդ չարքերի հետ։ Ինչպե՞ս և ե՞րբ դա հնարավոր դարձավ։ Այն օրվանից, երբ իշխանությունը երկրում զավթեցին, այսպես կոչված, դեմոկրատները։ Այդ նրանք իրենց ամերիկյան տերերին հաճոյանալու համար քանդեցին երկիրը, տնտեսությունը, չեղյալ հայտարարեցին մահապատիժը, իսկ ամենակարևորը՝ մի մթնոլորտ ստեղծեցին, որտեղ այնպիսի հասկացողությունները, ինչպիսիք են բարոյականությունը, հայրենասիրությունը, հավատարմությունը իրենց պարտքին, նրանց մոտ առաջացնում է միայն ծիծաղ և ծուռ ժպիտներ։ Այդ, եթե կարելի է ասել մարդկանց թվին է պատկանում մեր մեղադրյալը։ Անտարբեր մեր մեծ անցյալի, դժվար փորձությունների տարիներին մեր ժողովրդի գործած սխրանքների հանդեպ, որոնք ղեկավարում էին Դմիտրիյ Դոնսկոյը, Մինինը և Պոժարսկին, Սուվորովը, Կուտուզովը, մարշալ Ժուկովը և գեներալիսսիմուս Ստալինը․ նա չէր դիմադրում, երբ քանդվում էր երկիրը, նա չընդվզեց հանցագործ Բելովեժյան դավադրության դեմ և նկատի առնելով նրա այսօրվա վարքագիծը, ուրախությունից շփում էր ձեռքերը, հետևելով ժողովրդի ընտրած պառլամենտի գնդակահարությանը։ Նա երկար և համբերատար էր նախապատրաստում իր հանցավոր մտադրությունները և ահա որոշեց, որ ժամ֊իքսն հասել է։ Հարգելի դատարան, միայն մեր Նախագահի իմաստության և զգոնության պատճառով, ծրագրված չարագուշակ հանցագործությանը հաջողվեց վերջ տալ։ Իսկ այժմ, այս մարդը ձևացնում է իրեն անմեղ գառ, այնպիսի տեսք է ընդունում, կարծես չի հասկանում իր արարքների էությունը և ճարպկորեն օգտվում է դեմագոգիկ միջոցներով։ Ես, իբր թե, այստեղ չեմ թափանցել, այլ եկել եմ, տոմսը ինձ չեն մատուցել՝ ինքս եմ գնել, ես սերժանտ Գորելկինին չեմ սպանել և սպանել չէի պատրաստվում։ Այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեց Գորելկինի գեմատոման, որտեղի՞ց կոտրած մատը։
Պաշտպան։ Ոչ թե մատը, այլ եղունգը։
Մեղադրող։ Իսկ ի՞նչ է եղունգը։ Եղունգը, դա մատի մի մասն է, մատը՝ ձեռքի մի մասն է, իսկ ձեռքը՝ ամբողջ մարմնի մասն է։ Տրամաբանակա՞ն է։ Տրամաբանական է։ Տրամաբանական է և այն, որ հանցագործը չկարողացավ մինչև վերջ հասցնել իր չարագուշակ մտահղացումը, կալանավորված է, բացահայտված, մերկացված վկաներ Գորելկինի, Զելյոնայի և Տերյոխինի ցուցմունքներով։ Անձամբ ինքը քննության հետ համագործակցելուց խուսափում էր, ճշմարիտ ուղու վրա չկանգնեց, դրա համար էլ ես խնդրում եմ դատարանին մեղադրյալ Պոդոպլեկովին դատապարտել երկարաժամկետ մեկուսացման խստացված ռեժիմով կալանավայրում։
Նախագահ։ Պաշտպանության համար խոսքը տրվում է փաստաբան Տյուբիկովին։
Պաշտպան։ Հարգելի դատարան։ Իմ պաշտպանյալի մեղքը շատ մեծ է, բայց հաշվի առնելով այն փաստը, որ Պոդոպլեկովը երկու անչափահաս երեխաների խնամակալ է, նախկինում դատական պատասխանատվության չի ենթարկվել և որպես աշխատող դրական է բնութագրվում, խնդրում եմ, որ ազատության սահմանափակումը լինի ոչ շատ երկար և ընդհանուր ռեժիմի կալանավայրում։
Նախագահ։ Մեղադրյալ։ Ձեզ է տրվում վերջին խոսքը։
Պոդոպլեկով։ Հարգելի դատավորներ, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Մինչև ձեր հետ հանդիպելը ես շարքային ինժեներ էի, զբաղվում էի սառնարաններով, գարեջուր խմում, երբեմն շախմատ խաղում, և ինձ էլ ոչինչ չէր հետաքրքրում։ Այդ պատճառով կալանավորումը ինձ համար շատ անսպասելի էր։ Անսպասելիությունից ես ինձ կորցրի և միանգամից չհասկացա, որ դուք այդ ամենը անում եք իմ օգտի համար, ցանկանում եք դարձնել ինձ քաղաքացի։ (Մեղադրողն ու պաշտպանը ծափահարում են, Նախագահը բայրացակամ գլխով է անում։) Նախկինում հետաքրքրություններս մանր էին, շրջահայացքս նեղ, իսկ հոգևոր պահանջներ, կարելի է ասել, ընդհանրապես չունեի։ Ի՞նչ էի մտածում։ Կարելի է ասել, ոչինչ էլ չէի մտածում։ Ես, իհարկե լսել էի, որ ինչ֊որ տեղ ինչ֊որ բան է կատարվում, ինչ֊որ մեկին դատում են, բայց ում և ինչի համար, դա ինձ չէր վերաբերվում։ Իսկ հիմա դուք ինձ ցույց տվեցիք, որ դա կարող է պատահել յուրաքանչյուր մարդու հետ։ Եվ նրանց՝ ովքեր նստած են դահլիճում, և ձեր հետ՝ Մեղադրող, ձեր՝ Պաշտպան, և նույնիսկ ձերդ պատվություն՝ ձեր։
Նախագահ (նախատինքով)։ Մեղադրյալ, այդ ի՞նչ եք ասում։
Պոդոպլեկով։ Ես հասկացա, որ իրավունք չունեմ անխոս նստել և լուռ ընդունել տեղի ունեցողը։ Ես պետք է ընդվզեմ, պայքարեմ, դիմադրեմ։ Ես պարտավոր եմ, և դուք եք պարտավոր, բոլորս ենք պարտավոր։ Եթե ուզում եք, որ ձեզ ինձ նման բռնեն․․․
Լսվում են բացականչություններ կուլիսների ետևից․
― Ճիշտ է։
Պոդոպլեկով։ Մենք պետք է միավորվենք։
― Բրավո, Պոդոպլեկով։
Պոդոպլեկով։ Եթե մենք միավորվենք, եթե միասին լինենք, մենք անհաղթելի կդառնանք։ Քաղաքացի դատավորներ, հիմա ձեզ թվում է, որ դուք եք ինձ դատում։ Դուք դեռ չեք հասկանում, որ իրականում դուք եք դատվում։ Որովհետև ոչ թե դուք, այլ պատմությունն ու մենք եք այստեղ դատարանը։ (Բացականչում է։) Մենք ենք այստեղ դատարանը։
Ձայներ կուլիսների ետևից։ Մենք ենք այստեղ դատարանը։
Պոդոպլեկով։ Մեկս բոլորի համար։
Նախագահ (Թխկացնում է մուրճով): Ուշադրություն, խնդրում եմ պահպանել կարգը։ Մեղադրյալ, վերջ տվեք ձեր բացականչություններին, թե չէ ես ձեզ դահլիճից կհեռացնեմ։
Պոդոպլեկով։ Դուք կարող եք հեռացնել ինձ դահլիճից, բայց ոչ պատմությունից, որում ինքներդ եք ինձ գրի առել։
Նախագահ։ Գորելկի՛ն։
Գորելկին։ Այստեղ եմ, ձերդ պատվություն։
Նախգահ։ Հեռացրե՛ք։
Գորելկին։ Լսում եմ։ (Հեռացնում է վանդակը բեմի խորքը։)
Հանդիսատես։ Ամո՛թ։ Ամո՛թ։
Աղմուկը շարունակվում է։
Նախագահ։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատավճիռը կայացնելու համար։