Ներկա աշխատության առաջին հրատարակությունը լույս է տեսել 1859 թ. նոյեմբերի 24-ին, իսկ երկրորդը՝ 1860 թ. հունվարի 7-ին։
==ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ==
Ճանապարհորդելով «Բիգլ»-ի վրա որպես բնախույզ, ինձ սաստիկ զարմացրել էին մի քանի փաստեր, որոնք վերաբերում էին Հարավային Ամերիկայում օրգանական էակների տեղաբաշխմանը և այդ մայր ցամաքի նախկին և ժամանակակից բնակիչների միջև եղած երկրաբանական հարաբերություններին։ Այդ փաստերը, ինչպես կտեսնենք այս գրքի վերջին գլուխներից, թվում էր, թե որոշ լույս են սփռում տեսակների ծագման, այդ գաղտնիքների գաղտնիքի վրա, ինչպես ասել է մեր մեծագույն գիտնականներից մեկը։ 1837 թ. տուն վերադառնալուց հետո, իմ մեջ միտք հղացավ, որ գուցե կարելի է որևէ բանի հասնել այդ հարցի լուծման իմաստով՝ համբերատար կերպով հավաքելով ու կշռադատելով բոլոր այն փաստերը, որոնք որևէ առնչություն ունեն նրա հետ։ Հինգ տարվա աշխատանքից հետո ես ինձ թույլ տվեցի որոշ ընդհանուր խորհրդածություններ անել այդ խնդրի մասին և դրանք ուրվագրեցի համառոտ նշումների ձևով. 1844 թվականին այդ ուրվագիրս ընդարձակվելով, դարձավ այն եզրակացությունների ընդհանուր ակնարկ, որոնք այն ժամանակ ինձ հնարավոր էին թվում. այդ ժամանակից սկսած մինչև օրս ես համառ կերպով զբաղվում եմ այդ հարցով։ Հույսով եմ, որ զուտ իմ անձնականին վերաբերող այդ մանրամասները կներվեն, որովհետև ես դրանք բերում եմ միայն նրա համար, որպեսզի ցույց տամ, որ իմ եզրակացություններում չեմ շտապել։
Իմ աշխատությունը այժմ (1859 թ.) գրեթե ավարտված է, բայց քանի որ նրա վերջնական մշակման համար դեռ մի քանի տարիներ են պահանջվում, իսկ իմ առողջությունը բոլորովին էլ ծաղկափթիթ վիճարկում չէ, ուստի ինձ համոզեցին հրատարակել այս «Քաղվածքը»։ Այդ անելու առանձնապես ինձ հարկադրում է այն հանգամանքը, որ մ-ր Ուոլլեսը, որն այժմ ուսումնասիրում է Մալայան արշիպելագի բնապատմությունը, տեսակների ծագման հարցի վերաբերմամբ եկել է եզրակացությունների, որոնք միանգամայն նման են իմ հանած եզրակացություններին։ 1858 թ. նա ուղարկել է այդ հարցին նվիրված մի հոդված, խնդրելով այն ուղարկել սըր Չարլզ Լայելին, որը հոդվածը հղել է Լիննեյան ընկերությանը (այն տպագրված է այդ ընկերության հանդեսի երրորդ հատորում)։ Սըր Չարլզ Լայելը և դ-ր Հուկերը, որոնք գիտեին իմ աշխատության մասին,— վերջինս կարդացել էր իմ ուրվագիծը 1844 թվականին,— պատիվ ցույց տալով ինձ, խորհուրդ տվեցին մ-ր Ուոլլեսի հոդվածի հետ միասին տպագրել նաև համառոտ քաղվածքներ իմ ձեռագրից։
Այժմ հրատարակվող «Քաղվածքը» անխուսափելիորեն անկատար է։ Ես չեմ կարող այստեղ բերել վկայակոչումներ կամ մատնանշել հեղինակություններ հաստատելու համար իմ այս կամ այն դրույթը. հույսով եմ, որ ընթերցողը կվստահի իմ բարեխղճությանը։ Անկասկած, իմ աշխատության մեղ սպրդել են սխալներ, թեև ես շարունակ մտահոգվել եմ այն մասին, որ վստահեմ միայն լավ հեղինակություններին։ Ես կարող եմ այստեղ շարադրել միայն այն ընդհանուր եզրակացությունները, որոնց եկել եմ ես, լուսաբանելով դրանք միայն մի քանի փաստերով. բայց հուսով եմ, որ մեծ մասամբ նրանք բավարար կլինեն։ Ոչ ոք ինձանից ավելի չի գիտակցում իմ եզրակացությունների հիմնավորման համար փաստերն ու վկայակոչումները ամբողջ մանրամասնությամբ հետագայում ներկայացնելու անհրաժեշտությունը, և ես հույս ունեմ, որ այդ կկատարեմ իմ ապագա աշխատության մեջ։ Ես շատ լավ գիտեմ, որ այդ գրքում գրեթե չկա ոչ մի դրույթ, որի վերաբերմամբ կարելի չլիներ ներկայացնել փաստեր, որոնք բերում են իմ հանած եզրակացություններին հավանաբար ուղղակի հակառակ եզրակացությունների։ Ճիշտ եզրակացություն կարելի է հանել միայն այս կամ այն կողմ հակվող փաստերի լրիվ շարադրումից և փաստարկների գնահատումից հետո, իսկ այդ այստեղ, իհարկե, չի կարելի անել։
Ես շատ ցավում եմ, որ տեղի սղությունը ինձ զրկում է բարոյական բավականությունից՝ իմ շնորհակալությnւնը հայտնելու այն մեծահոգի աջակցության համար, որ շատ բնախույզներ ցույց են տվել ինձ, որոնցից շատերը նույնիսկ անձնապես անծանոթ են։ Սակայն ես չեմ կարող առիթը բաց թողնել, չասելով, թե որքան շատ պարտական եմ դոկտոր Հուկերին, որը վերջին տասնհինգ տարիների ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով օգնել է ինձ իր ընդարձակ գիտելիքների և հստակ դատողության շնորհիվ։
Ինչ վերաբերում է տեսակների ծագման հարցին, ապա միանգամ այն հնարավոր է, որ օրգանական էակների փոխադարձ ազգակցության, նրանց սաղմնաբանական հարաբերությունների, աշխարհագրական տարածման, երկրաբանական հաղորդականության և այլ նման փաստերի մասին խորհող բնախույզը կարող էր գալ այն եզրակացության, որ տեսակները մեկը մյուսից անկախ կերպով չեն ստեղծվել, այլ տարատեսակների նման առաջացել են այլ տեսակներից։ Այնուամենայնիվ, նման եզրակացությունը, թեկուզ լավ հիմնավորված էլ լիներ, անբավարար կլիներ, մինչև որ ցույց չտրվեր, թե ինչու աշխարհում ապրող անհամար տեսակները փոփոխվում էին հենց այնպիսի ձևով, որ ստացվել է կառուցվածքի և հարմարման այն կատարելությունը, որը իրավացիորեն զարմացնում է մեզ։ Բնախույզները շարունակ մատնանշում են արտաքին պայմանների՝ կլիմայի, սննդի և այլն ազդեցությունը, որպես փոփոխականության միակ պատճառ։ Որոշ, սահմանափակ իմաստով, ինչպես ցույց կտրվի հետագայում, դա գուցե և ճիշտ է, բայց պարզապես անհեթեթություն կլիներ միայն արտաքին պայմանների ազդեցությանը վերագրել, օրինակ, փայտփորի կազմվածքը նրա ոտներով, պոչով, կտուցով և լեզվով, որոնք հիանալի հարմարված են ծառերի կեղևի տակից միջատներ որսալու համար։ Նույնը նաև սպիտակ ճագոմի մասին, որը իր սնունդը վերցնում է որոշ ծառերի ցողուններից և ունի որոշ թռչունների միջոցով տարածվող սերմեր ու բաժանասեռ ծաղիկներ, որոնք որոշ միջատների օժանդակության կարիք են զգում ծաղկափոշին մի ծաղկից մյուսի վրա տեղափոխելու համար, նույնպես անհեթեթություն կլիներ այդ մակաբույծ բույսի կաոուցվածքը և նրա կապերը օրգանական էակների զանազան խմբերի հետ բացատրել արտաքին պայմանների ազդեցությամբ, հենց այդ բույսի սովորությամբ կամ կամքի ակտով։
Հետևաբար, վերին աստիճանի կարևոր է պարզ պատկերացում ստանալ օրգանիզմների փոփոխության և հարմարման եղանակների մասին։ Իմ դիտումների սկզբում ինձ հավանական էր թվում, որ ընտանի կենդանիների և մշակովի բույսերի մանրազնին ուսումնասիրությունը ամենալավ միջոցը կտար, որպեսզի պարզաբանվեր այդ մթին հարցը։ Եվ ես չսխալվեցի, ինչպես այդ, այնպես էլ բոլոր այլ խճճված դեպքերում ես միշտ գտնում էի, որ ընտանի ցեղերի փոփոխության մասին մեր տեղեկությունները, չնայած իրենց անլրիվությանը, միշտ էլ եղել են լավագույն և ամենաստույգ բանալին։ Կարող եմ այդ առթիվ հայտնել իմ համոզմունքը. նման ուսումնասիրության առանձին արժեքավորության մասին, չնայած այն արհամարհանքին, որին նա սովորաբար ենթարկվել է բնախույզների կողմից։
Այս նկատառումների հիման վրա այս «Քաղվածքի» առաջին գլուխը նվիրում եմ ընտանեցված վիճակում առաջացող փոփոխականությանը։ Այսպիսով, մենք կհամոզվենք, որ ժառանգաբար փոխանցվող փոփոխությունները հնարավոր են լայն չափերով, ինչպես նաև կիմանանք,— որը թերևս ավելի էական է,— թե ինչպես մեծ է մարդու զորությունը ընտրության միջոցով հաջորդական թույլ փոփոխությունները կուտակելու տեսակետից։ Այնուհետև ես կանցնեմ բնական վիճակում տեսակների փոփոխականության ուսումնասիրությանը, բայց ափսոս, որ ես ստիպված կլինեմ այդ հարցը շոշափել միայն ամենահամառոտ գծերով, որովհետև նրա հարկ եղածի պես շարադրումը կպահանջեր փաստերի երկար թվարկումներ։ Սակայն մենք ի վիճակի կլինենք քննարկելու, թե ո՞ր պայմաններն առանձնապես բարենպաստ են փոփոխականության համար։ Հետևյալ գլխում քննության կառնվի գոյության կռիվը, որը դրսևորվում է ամբողջ աշխարհում բոլոր օրգանական էակների միջև և անխուսափելիորեն բխում է նրանց բազմացման երկրաչափական պրոգրեսիայից։ Դա Մալթուսի ուսմունքն է՝ տարածված երկու — կենդանական և բուսական թագավորությունն երի վրա<ref>Տ՛ես 161 էջի ծանոթությունը։— ''Խմբ.։''</ref>։ Քանի որ յուրաքանչյուր տեսակից ծնվում են շատ ավելի անհատներ, քան դրանցից կարող են ապրել, և քանի որ դրա հիման վրա շարունակ առաջանում է գոյության կռիվ, ապա դրանից հետևում է, որ ամեն մի էակ, որը թեկուզ և աննշան կերպով փոխվում է իրեն համար նպաստավոր ուղղությամբ իր գոյության հաճախ փոփոխվող և բարդ պայմանների նկատմամբ, ավելի շանսեր կունենա պահպանվելու և, այդպիսով, կենթարկվի '''բնական ընտրության'''։ Ժառանգականության հզոր սկզբունքի շնորհիվ յուրաքանչյուր տարատեսակ կձգտի բազմացնել իր նոր փոփոխված ձևը։
Այդ հիմնական հարցը՝ բնական ընտրության տեսությունը մանրամասնորեն կզարգացվի չորրորդ գլխում. մենք այն ժամանակ կտեսնենք, թե ինչպես բնական ընտրության գրեթե անխուսափելի հետևանքով կյանքի ավելի պակաս կատարյալ ձևերը մահաջնջվում են և առաջ է գալիս այն, ինչ ես անվանել եմ հատկանիշների տարամիտում։ Հետևյալ գլխում ես քննարկման կենթարկեմ փոփոխականության բարդ և քիչ հայտնի օրենքները։ Հաջորդ հինգ գլուխներում պարզաբանվելու են ամենից ավելի աչքի ընկնող և ամենաէական դժվարությունները, որոնց հանդիպում է տեսությունը, այն է, նախ՝ անցման, այսինքն՝ պարզ էակի կամ պարզ օրգանի բարձր կազմվածքով էակի կամ բարդ կառուցվածքով օրգանի ձևափոխման դժվարինությունը. երկրորդ՝ կենդանիների բնազդի կամ մտավոր ընդունակությունների հարցը, երրորդ՝ հիբրիդիզմը կամ տեսակների խաչաձևման անպտղաբերությունը և տարատեսակների խաչաձևման պտղաբերությունը, չորրորդ՝ երկրաբանական տարեգրության անկատարելությունը։ Դրանց հաջորդող գլխում ես կքննարկեմ օրգանական էակների երկրաբանական հաջորդականությունը ժամանակի ընթացքում. տասներկուերորդ և տասներեքերորդ գլուխներում՝ նրանց աշխարհագրական տեղաբաշխումը տարածության մեջ. տասնչորսերորդում՝ նրանց դասակարգությունը և փոխադարձ ազգակցությունը հասունացած և սաղմնային վիճակում։ Վերջին գլխում ես կտամ ամբողջ աշխատության մեջ շարադրվածի համառոտ կրկնությունը և մի քանի եզրափակիչ դիտողություններ։
Ոչ ոք չպիտի զարմանա այն բանի համար, որ տեսակների ծագման վերաբերող շատ բան դեռ մնում է չբացատրված, եթե միայն հասկանա, թե մենք ինչ խոր անտեղյակության մեջ ենք գտնվում մեզ շրջապատող անհամար կենդանի էակների փոխադարձ կապերի մասին։ Ո՞վ կբացատրի, թե ինչու մի տեսակը լայնորեն տարածված է և ունի բազմաթիվ անհատներ, իսկ մյուսը քիչ է տարածված և հազվագյուտ։ Մինչդեռ այդ հարաբերությունները խիստ կարևոր են, որովհետև նրանք որոշում են այս աշխարհի յուրաքանչյուր բնակչի արդի բարեկեցությունը և, ինչպես ես կարծում եմ, ապագա հաջողությունն ու հետագա փոփոխությունը։ Է՛լ ավելի քիչ գիտենք մեր մոլորակի անհամար բնակիչների փոխհարաբերությունների մասին նրա պատմության անցյալ երկրաբանական դարաշրջանների ընթացքում։ Թեպետև շատ բան դեռ մութ է և երկար ժամանակ մութ կմնա, սակայն, որքան որ ես ընդունակ եմ անելու, ամենամանրազնին հետազոտությունների և անկողմնակալ քննարկման հետևանքով ես երբեք չեմ կասկածում, որ այն հայացքը, որին մինչև վերջին ժամանակներս համամիտ էր բնախույզների մեծ մասը, ինչպես նաև ես, այսինքն՝ որ յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է մյուսներից անկախ կերպով, ճիշտ չէ։ Ես միանգամայն համոզված եմ, որ տեսակները փոփոխական են և որ միևնույն սեռին պատկանող բոլոր տեսակները հանդիսանում են մի որևէ, մեծ մասամբ բնաջնջված տեսակի անմիջական սերունդները, ճիշտ այնպես, ինչպես որևէ տեսակի տարատեսակներ ճանաչվածները այդ տեսակի սերունդներն են։ Այնուհետև, ես համոզված եմ, որ բնական ընտրությունը այդ փոփոխության եթե ոչ միակ, ապա ամենակարևոր գործոնն է եղել։