[[Կատեգորիա:արձակ]]
Միսիս Մունին մսավաճառի աղջիկ էր։ Նա բավականին ինքնուրույն ու ձեռներեց կին էր։ Ամուսնացել էր հոր բանվորի հետ։ Միստր ու միսիս Մունիները Սփրինգ գարդընի մոտ մսի խանութ էին բացել։ Բայց շուտով, երբ միստր Մունկի աները մահացավ, նա սկսեց սնանկանալ։ Խմում էր, խանութից փող գողանում, կռիվներ սարքում։ Պարտք վերցնել անօգուտ էր, որովհետև մի քանի օր հետո, այդ փողերով նորից հարբում էր։ Հաճախորդների մոտ կնոջը ծեծելով ու փտած միս ծախելով, նա վերջնականապես սնանկացավ։ Մի գիշեր կնոջ մոտ մտավ մսագործի դանակը ձեռքին, միսիս Մունին ստիպված գիշերեց հարևանի տանը։
Այդ դեպքից հետո նրանք բաժանվեցին։ Միսիս Մունին գնաց քահանայի մոտ և բաժանվելու թույլտվություն ստացավ։ Երեխաներին ինքն էր խնամելու։ Ամուսնուն ո՛չ փող էր բաժին հասնում, ո՛չ էլ՝ օթևան։ Ուստի միստր Մունին ստիպված ծառայության մտավ՝ որպես շերիֆի հանձնակատար։ Հիմա նա մի թշվառ հարբեցող էր՝ գունատ դեմքով, սպիտակ այտմորուսով ու հոնքերով, որ կամարվել էին նրա կարմրած, տագնապով լի աչքերի շուրջը։ Առավոտից իրիկուն նստում էր դատական կատարածուի սենյակում, սպասելով, թե ինչ կհրամայեն։ Միսիս Մունին, որ սնանկացումից փրկած փողերով Հարդվիկ սթրիթում պանդոկ էր բացել, արդեն դարձել էր ճանաչված կին։ Նրա պանդոկը միշտ լեցուն էր կենվորներով, զբոսաշրջիկներով՝ Լիվերպուլից և Մեն կղզուց։ Առիթի դեպքում այստեղ էին լինում նաև մյուզիք֊հոլլի արտիստները։ Բայց պանդոկի մշտական կենվորները քաղաքի քլերկներ էին։ Միսիս Մունին հյուրատունը պահում էր խելամտորեն և վստահ։ Գիտեր՝ երբ կարելի է պարտք տալ, ե՛րբ պետք է խիստ լինել, ե՛րբ աչք փակել ու անտարբեր անցնել։ Պանդոկում մշտական ապրող բոլոր երիտասարդները նրան Մադամ էին ասում։
Միսիս Մունիի ջահելները շաբաթական տասնհինգ շիլլինգ էին վճարում սենյակի ու ճաշի համար (գարեջուրն ու ոգելից խմիչքներն արգելված էին)։ Նրանք պարզ ճաշակի ու հասարակ զբաղմունքի տեր մարդիկ էին և իրար հետ շատ էին մտերիմ։ Միմյանց սիրային արկածներ էին պատմում և կամ՝ վստահում իրենց թաքուն հույսերը։
Մադամի տղան՝ Ջեկ Մունին, Ֆլիթսթրիթում կոմիսիոն մի ընկերության կլերկ էր ու հայտնի կռվարար։ Սիրում էր զինվորական անառակություններ և սովորաբար ուշ ժամերի էր տուն գալիս։ Երբ հանդիպում էր ընկերներին, միշտ էլ մի լավ բան ունենում էր նրանց պատմելու և վստահ էր, որ դա լավ բան է․ ասենք՝ սիրելի արշավաձիու կամ սիրելի արտիստի մասին։ Նա նաև կատակերգեր գիտեր ու մտերիմ էր գեղեցկուհիների հետ։ Կիրակի երեկոները միսիս Մունինիի հյուրասենյակում հաճախ էին երեկույթներ կազմակերպվում։ Մյուզիք֊հոլլի արտիստներն անպայման մասնակցում էին։ Շերիդանը վալսեր ու պոլկաներ էր նվագում։ Փոլին՝ Մադամի աղջիկն էլ էր երգում․
<poem>
Ես․․․ չարաճճի աղջիկ եմ,
Մի ամաչիր․
Գիտես, ես չարաճճի աղջիկ եմ․․․
</poem>
Փոլին տասնինը տարեկան նիհար աղջիկ էր։ Նա ոսկեգույն մազեր ուներ և հյութեղ բերան։ Որևէ մեկի հետ խոսելիս սովորություն ուներ վեր շրջել կանաչավուն փայլով աչքերը։ Այդ պահին նա փոքրիկ, կամակոր մադոննայի էր նմանվում։ Միսիս Մունին, նախ, դստերը ուղարկեց հացահատիկի առևտրով զբաղվող գրասենյակ՝ որպես մեքենագրուհի, բայց երբ անառակ ոստիկաններն ամեն օր սկսեցին գրասենյակ գալ՝ Փոլիի հետ սիրաբանելու, մայրը աղջկան նորից տուն բերեց։ Հիմա նա պանդոկի գործերով էր զբաղվում։ Լինելով չափազանց աշխույժ, Փոլին հրապուրում ու նոր կենվորներ էր ապահովում պանդոկի համար։ Բացի այդ, երիտասարդները հաճելի զգացում էին ապրում, որ իրենց կողքին ջահել կին կա։ Փոլին իհարկե, սիրախաղեր անում էր երիտասարդ կենվորների հետ, բայց միսիս Մունին, որը խորամանկ տնօրեն էր, հասկանում էր՝ երիտասարդները պարզապես ժամանակ են անցկացնում։ Նրանցից ոչ մեկը լուրջ մտադրություն չուներ։ Երբ այս ամենը երկար տևեց, միսիս Մունին որոշեց Փոլիին նորից ետ ուղարկել իր նախկին աշխատանքին․ ինչ֊որ բան էր նկատել Փոլիի ու ջահել կենվորներից մեկի միջև։ Սկսեց հետևել զույգին ու խնամքով թաքցնել սեփական կասկածները։
Փոլին զգում էր, որ իրեն հետևում են, բայց դեռ հստակ չէր գուշակում մոր համառ լռության պատճառը։ Աղջկա ու մոր միջև ո՛չ ակներև գժտություն, ո՛չ էլ համերաշխություն կար, բայց, չնայած պանդոկում ծայր առած բամբասանքներին, միսիս Մունին դեռ չէր միջամտում։ Փոլիի կազմվածքը գնալով ավելի էր փոխվում, իսկ երիտասարդը բացեիբաց շփոթվում էր։ Վերջապես, երբ պահը հասավ, միսիս Մունին միջամտեց։ Առհասարակ, նա բարոյական խնդիրները կիսում էր այնպես, ինչպես մսագործի դանակը՝ միսը։ Ու այս դեպքում էլ որոշեց նույն կերպ վարվել։
Վաղ ամռան կիրակնօրյա պայծառ առավոտ էր, որ խոստանում էր տաք օր, բայց դեռ սառը զեփյուռ էր խաղում։ Պանդոկի բոլոր պատուհանները բաց էին, և ժանեկավոր վարագույրները մեղմորեն փողփողում էին բաց փակոցափեղկերի ետևում։ Ս․ Գևորգ եկեղեցու զանգակատնից, միալար ղողանջներ էին տարածվում և հաղորդվողները առանձին֊առանձին կամ խմբերով անցնում էին շրջանաձև փոքրիկ ճանապարհով ինքնամփոփ, փոքրիկ աղոթագրքերը ձեռնոց հագած ափերի մեջ։ Կենվորներն արդեն ճաշել էին, իսկ սեղանին շարված պնակների մեջ ձվով տապակած խոզապուխտի դեղնավուն պատառներ էին երևում։ Միսիս Մունին նստել էր ծղոտե բազկաթոռին։ Հայացքով հետևում էր սպասուհի Մերիին, որը սեղանն էր մաքրում։ Նա պատվիրել էր հավաքել հացի մնացորդները՝ երեքշաբթի օրվա կարկանդակների համար։ Երբ սեղանը սրբվեց, հացի կեղևները հավաքվեցին, շաքարն ու կարագը փակի տակ դրվեցին, միսիս Մունին նորից սկսեց վերլուծել Փոլիի հետ երեկ երեկոյան ունեցած իր զրույցը։ Նրա կասկածները ճիշտ դուրս եկան․ մայրն անկեղծ էր իր հարցերի մեջ, իսկ Փոլին պատասխանների։ Երկուսն էլ, իհարկե, փոքր֊ինչ շփոթված էին։ Միսիս Մունին անհարմար էր զգում, որովհետև ո՛չ ուզում էր մանրամասն իմանալ կատարվածը, ո՛չ էլ աչք փակել։ Իսկ Փոլին՝ շփոթվելով արված ակնարկներից, միաժամանակ չէր ուզում ցույց տալ, թե իր խելամիտ անմեղությամբ մոր ներողամտության ետևում գուշակում էր նրա մտադրությունը։
Միսիս Մունին բնազդաբար նայեց բուխարու վրայի փոքրիկ, ոսկեզօծ ժամացույցին։ Նա սթափվեց իր մտածումներից, երբ լռեցին Ս․ Գևորգ եկեղեցու զանգերի ղողանջները։ Տասնմեկն անց էր տասնյոթ րոպե․ դեռ բավական ժամանակ կար։ Պետք է խոսեր միստր Դորանի հետ այդ հարցի մասին։ Վստահ էր, որ կհաղթի։ Նախ՝ հասարակական կարծիքն ամբողջությամբ նրա կողմն էր․ անպատված մայր էր։ Ինքը հյուրընկալել էր այդ տղային իր հարկի տակ, վստահելով նրան որպես պարկեշտ մարդու։ Իսկ նա․․․ պարզապես չարաշահել էր այդ հյուրընկալությունը։ Միստր Դորանը երեսունչորս֊երեսունհինգ տարեկան էր․ պատանի չէր, որ սխալմունքի համար ներողություն խնդրեր։ Ու ոչ էլ անգիտությամբ կարող էր ներողամտություն հարուցել, որովհետև կյանքում արդեն ինչ֊որ բան տեսած մարդ էր։ Պարզապես օգտվել էր Փոլիի ջահելությունից ու անփորձությունից․ դա ակներև էր։ Հարցն այն էր, թե ինչպե՞ս պետք է հատուցեր իր այդ արարքի համար։
Այս դեպքում հատուցումն անխուսափելի էր։ Տղամարդու համար շատ հեշտ է․ նա կարող է հանգիստ հեռանալ՝ կարծես ոչինչ էլ չի պատահել․․․ ստանալով հաճույքի իր բաժինը։ Բայց աղջիկը պետք է կրի անպատվության հարվածը։ Որոշ մայրեր նման դեպքերում փող են վերցնում՝ ի հատուցումն։ Նրան ծանոթ էին նման դեպքեր։ Բայց ինքն այդպիսին չէր։ Իր համար միակ հատուցումը աղջկա կորցրած պատվի վերականգնումն էր, որ կիրականանար միայն ամուսնությամբ։
Նորից հաշվեց իր հաղթաթղերը՝ նախքան Մերիին կուղարկեր միստր Դորանի ետևից։ Վստահ էր, որ կհաղթի։ Միստր Դորանը լուրջ երիտասարդ էր, մյուսների պես ոչ անառակ էր, ոչ էլ՝ թեթևսոլիկ։ Եթե նա միստր Շերիդան, միստր Միդը կամ Բենթմ Լայնսը լիներ, գործն ավելի կդժվարանար։ Չէր կարծում, թե Դորանը կկեղծի։ Պանդոկի բոլոր կենվորներն էլ ինչ֊որ բան գիտեին, որոշ բաներ էլ հնարել էին։ Բացի այդ, միստր Դորանը տասներեք տարի աշխատում էր գինու վաճառահանման կաթոլիկական գրասենյակում, իսկ այդ խայտառակության հետևանքով կարող էր աշխատանքը կորցնել։ Եթե համաձայներ, ամեն ինչ լավ կլիներ։ Գիտեր, միստր Դորանը նախ և առաջ մի լավ գանգատվելու է։ Բայց չէր կարծում, թե նա կխուսափի ջահել աղջկանից։
Գրեթե կես ժամ էր անցել․․․ Միսիս Մունին վեր կացավ ու հայելու մեջ զննեց իրեն։ Բարետես ու վստահ դեմքը գոհացրեց նրան։ Հիշեց իրեն ծանոթ մի քանի մայրերի, որոնք չէին կարողանում իրենց աղջիկների սանձերը քաշել։
Միստր Դորանն այդ առավոտ, իրոք, շատ էր հուզված։ Երկու անգամ փորձեց սափրվել, բայց ձեռքերն այնպես էին դողում, որ ստիպված հրաժարվեց։ Երեք օրվա կարմրավուն մորուսը երիզել էր ծնոտը, իսկ ակնոցի ապակիները երկու֊երեք րոպեն մեկ այնպես էին քրտնում, որ ստիպված հանում ու թաշկինակով մաքրում էր։ Մի օր առաջ կատարած խոստովանանքի վերհուշը սուր ցավ էր պատճառում։ Քահանան կորզեց բոլոր անպարկեշտ մանրամասները, իսկ վերջում այնպես ուռճացրեց նրա մեղքը, որ ինքը գրեթե երախտապարտ մնաց՝ թողություն ստանալով։ Սխալը կատարված էր։ Ի՞նչ աներ․ ամուսնանա՞ր աղջկա հետ, թե՞ թողներ֊փախչեր։ Չէր կարող լկտիություն անել։ Այդ դեպքի մասին անպայման կբամբասեին քաղաքում։ Դուբլինն այնպիսի փոքրիկ քաղաք է, որ ամեն ոք տեղյակ է մյուսի գործերին։ Զգաց, թե ինչպես սիրտը թունդ եղավ, երբ հուզավառ երևակայության մեջ լսեց ծերուկ Լեոնարդի խռպոտ ձայնը․ «Միստր Դորանին այստե՛ղ ուղարկեք, խնդրում եմ․․․»։
Այդքան երկար տարիների իր ծառայությունն իզուր էր անցնելու․․․ Իհարկե, նա ունեցել էր երիտասարդական շվայտություններ, պարծեցել էր իր ազատ մտածելակերպով, իսկ գինետներում, ընկերների մոտ, ժխտել էր Աստծուն։ Բայց այդ բոլորն անցել էր ու․․․ գրեթե մոռացվել։ Ամեն շաբաթ դեռ ստանում էր «Ռեյնոլդ նյուզփեյփը», բայց չէր անտեսում նաև իր կրոնական պարտավորությունները․ տարվա ինը տասներորդը կանոնավոր կյանքով էր ապրում։ Տունուտեղ դնելու համար բավականին փող ուներ․ հարցը այդ չէր։ Ընտանի՛քը չէր հավանի աղջկան։ Ամենից առաջ՝ աղջկա խայտառակ հայրը, հետո նրա մոր պանդոկը, որն սկսում էր վատահամբավ դառնալ։ Պատկերացնում էր, թե ինչպես ընկերները կբամբասեն ու կծիծաղեն իր վրա։ Աղջիկը փոքրիկ գռեհկուհի էր։ Բայց իրոք, ի՞նչ կլիներ, եթե սիրեր նրան։ Կարևոր չէր, թե աղջիկն ինչ էր արել․ նույն բանն էլ արել էր նաև ինքը։ Ենթագիտակցությունը հորդորում էր ազատ մնալ՝ չամուսնանալ։ Ասում են․ հենց ամուսնացար՝ վերջ․․․
Անօգնական, անդրավարտիքով ու շապկանց նստած էր մահճակալի եզրին, երբ աղջիկը կամացուկ թակեց դուռն ու ներս մտավ։ Ամեն ինչ պատմեց նրան։ Սիրտը բացել էր մոր առաջ ու ամեն ինչ պատմել։ Մայրն այդ առավոտ պիտի խոսեր Դորանի հետ։ Աղջիկն արտասվեց ու գրկեց պարանոցը․ «Օ՜, Բո՜բ, Բո՜բ․․․ ի՜նչ եմ անելու․․․ ասա, ինչ եմ անելու․․․»։
Հետո ասաց՝ ինքնասպանություն կգործի։ Նա երկչոտորեն հանգստացրեց աղջկան, արտասվելն օգուտ չունի, ամեն ինչ լավ կլինի, վախենալու հարկ չկա։ Շապիկին զգաց հուզված աղջկա ստինքների խլրտոցը։
Բոլորովին էլ իր մեղքը չէր, որ այդ բանը պատահեց։ Նա ամուրու եռանդուն, մանրակրկիտ հիշողությամբ մտաբերեց աղջկա զգեստի առաջին, պատահական շրշյունը, նրա շնչառությունը, տրվող մատները։ Եվ ապա՝ մի ուշ գիշեր, երբ հանվել և ուզում էր անկողին մտնել, աղջիկը երկչոտ բախեց նրա դուռը։ Նա ուզում էր մոմը վառել։ Հանկարծահաս քամուց էր հանգել։ Այդ գիշեր աղջիկը լոգանք էր ընդունել։ Հագին կոճակներն արձակած, նախշազարդ ավսյակով բրդե ժակետ կար։ Մորթե հողաթափերի մեջ երևում էին նրա՝ ի ցույց դրած ոտնամանները։ Հրաշեկ արյունը եռում էր օծանված անուշաբույր մաշկի տակ։ Երբ մոմը վառվեց և դրվեց մոմակալին, ձեռքերից ու դաստակներից նույնպես անուշաբույր տարածվեց։
Գիշերները, թեկուզ ուշ տուն գար, աղջիկը միշտ տաքացնում էր նրա ճաշը։ Չգիտեր էլ՝ ինչ էր ուտում, զգալով նրան իր կողքին՝ միայնակ գիշերը, քնած պանդոկում․․․ Իսկ աղջկա հոգատարությունը․․․ Եթե գիշերը ցուրտ էր լինում, անձրև կամ քամի, մի փոքրիկ գավաթ պունշն անպայման պատրաստ էր նրա համար։ Գուցե միասին երջանիկ լինեն․․․
Նրանք սովորաբար միասին էին բարձրանում աստիճաններով՝ թաթերի վրա։ Երկուսի ձեռքում էլ վառվող մոմ էր լինում, իսկ երրորդ սանդղակին, դժկամությամբ բարի գիշեր էին մաղթում միմյանց։ Նրանք միշտ համբուրվում էին։ Լավ էր հիշում նրա աչքերը, ձեռքի գգվանքն ու մոլեգնությունը․․․
Բայց անուրջները չքացան։ Աղջկա ասածներն արձագանքվեցին՝ մերձենալով նրան․ «Ի՜նչ եմ անելու․․․»։ Ամուրու բնազդը զգուշացնում էր ետ կանգնել։ Բայց մեղանչումը եղել էր։ Թեև պատվի զգացումը հորդորում էր, հատուցումը գուցե նույնանման մեղք լիներ։
Մինչ այդպես նստած էր մահճակալի եզրին, Մերին մոտեցավ դռանն ու ձայն տվեց, որ տիրուհին ուզում է նրան տեսնել հյուրասենյակում։ Ավելի անօգնական, քան եղել էր երբևէ, վեր կացավ, որ շորերը հագնի։ Երբ հագնվեց, մոտեցավ աղջկան հանգստացնելու․ ամեն ինչ լավ կլինի, վախենալու հարկ չկա։ Նա թողեց նրան մահճակալին՝ կամացուկ հեծեծալիս․ «Օ՜, Աստված իմ․․․»։
Աստիճաններով իջնելիս ակնոցի ապակիներն այնպես խոնավացան, որ ստիպված հանեց ու մաքրեց։ Նա տենչաց համբառնալ տանիքի միջով ու թռչել հեռու՝ մի ուրիշ երկիր, ուր այլևս չէին լինի իր տագնապները։ Բայց դեռ ինչ֊որ ուժ աստիճան առ աստիճան ցած էր մղում նրան։ Գործատիրոջ ու Մադամի անողոք դեմքերը հանդիմանանքով իրեն էին նայում։ Վերջին սանդղամատին նրա կողքով անցավ Ջեկ Մունին, որը մառանից էր գալիս՝ երկու շիշ «Բրաս» գրկած։ Նրանք սառը բարևեցին։ Գայթակղողի հայացքը մեկ երկու վայրկյան կանգ առավ ցլաշուն հիշեցնող այդ բութ դեմքի ու կարճ, հաստ բազուկների վրա։ Երբ հասավ ստորին հարթակին, հայացքը բարձրացրեց ու տեսավ Ջեկին, որն իրեն էր նայում։
Հանկարծ հիշեց այն երեկոն, երբ մյուզիք֊հոլլի արտիստներից մեկը՝ խարտիշահեր, փոքրիկ մի լոնդոնցի, բավականին բաց մի ակնարկություն արեց Փոլիին։ Երեկույթը գրեթե խափանվեց՝ Ջեկի պատճառով։ Բոլորը փորձում էին նրան հանգստացնել։ Մյուզիք֊հոլլի արտիստները, որոնք սովորականից ավելի գունատ էին, ծիծաղելով ասում էին, թե ակնարկի մեջ վատ բան չկար, որ եթե մեկնումեկը փորձի նման խաղ խաղալ քրոջ հետ, ատամներով նրա կոկորդը կկրծի։ Այդպես էլ կանի։
Փոլին որոշ ժամանակ արտասուքն աչքերին նստած մնաց մահճակալի եզրին, հետո աչքերը սրբեց ու մոտեցավ հայելուն։ Սրբիչը թրջեց կոնքի մեջ և սառը ջրով թարմացրեց դեմքը։ Նա կողքանց զննեց իրեն և ուղղեց ականջի վերևի հերակալը։ Հետո նորից գնաց դեպի մահճակալը, նստեց, երկար նայեց բարձերին, որոնք նրա հոգում ծածուկ ու մեղկ հուշեր արթնացրին։ Նա պարանոցը հենեց մահճակալի սառը ճաղերին ու ընկավ պատրանքների մեջ։ Դեմքին այլևս խռովք չէր նկատվում։
Սպասեց համբերությամբ՝ գրեթե զվարթ ու առանց տագնապի։ Հուշերի մեջ աստիճանաբար արթնացան ապագայի անուրջներն ու հույսերը։ Դրանք այնպես կնճռոտ էին, որ այլևս չէր էլ նկատում սպիտակ բարձերը։ Չէր էլ հիշում, թե ինչու էր սպասում։
Վերջապես լսեց մոր ձայնը։ Տեղից ցատկեց ու վազեց դեպի բազիրքը։
― Փոլի՜․․․ Փոլի՜․․․
― Ի՞նչ է, մա՛մ․․․
― Ցած իջիր, սիրելիս։ Միստր Դարանն ուզում է քեզ հետ խոսել։
Հետո հիշեց, թե ինչու էր սպասել։