'''Մարտի 18.'''— Ճանապարհ ընկանք դեպի Պորտիլյոյի լեռնանցքը։ Թողնելով Սանտ Յագոն՝ անցանք լայն խանձված հարթավայրով, որի վրա կառուցված է քաղաքը, և երեկոյան հասանք Մայպու՝ Չիլիի ամենագլխավոր գետերից մեկը։ Հովտի այն մասում, որտեղ նա մտնում է առաջին Կորդիլյերները, երկու կողմից բարձրանում են բարձր լերկ լեռներ, և թեև այս հովիտը լայն չէ, բայց չափազանց արգավանդ է։ Բազմաթիվ տնակներ շրջապատված էին խաղողի և խնձորի այգիներով և դեղձի ծառերով — նրանց ճյուղերը կոտրատվում էին գեղեցիկ հասունացած պտուղների ծանրությունից։ Երեկոյան անցանք մաքսատուն, որտեղ քննեցին մեր ճանապարհորդական պայուսակները։ Չիլիի սահմանը Կորդիլյերների կողմից ավելի լավ է պահվում, քան ծովի կողմից։ Շատ քիչ հովիտներ կան, որոնք հասնում են մինչև կենտրոնական լեռնաշղթաները, իսկ լեռներն այլ մասերում բոլորովին անանցանելի են բեռնակիր անասունների համար։ Մաքսատան պաշտոնյաները շատ քաղաքավարի էին, որը գուցե մասամբ արդյունք էր ռեսպուբլիկայի նախագահի կողմից ինձ տված անցագրի, բայց և այնպես ես պետք է արտահայտեմ իմ հիացմունքը գրեթե յուրաքանչյուր չիլիեցու բնական քաղաքավարության վրա։ Այս խնդրում խիստ նկատելի էր նույն կարգի բազմաթիվ այլ երկրների մարդկանց և սրանց մեջ գոյություն ունեցող տարբերությունը։ Ես կարող եմ հիշել մի դեպք, որն ինձ ժամանակին շատ է ուրախացրել. Մենդոսայի մոտ հանդիպեցինք մի փոքրիկ շատ գեր նեգրուհու՝ ջորի հեծած, ինչպես տղամարդ։ Նա իր վզին ուներ այնպիսի մի մեծ ուռուցք, որ հազիվ թե հնարավոր լիներ անցնել նրա մոտով՝ առանց մի րոպե աչքը նրա վրա հառելու. բայց իմ երկու ընկերակիցները գրեթե վայրկենապես, չքմեղանքով, արտահայտեցին այդ երկրին հատուկ ողջույնը՝ վերցնելով իրենց գլխարկները։ Եվրոպայում որտեղ կարելի է գտնել ցածր կամ բարձր դասի մի անձնավորություն, որը ցույց տար մի արհամարհված ցեղի խեղճ և ողորմելի ներկայացուցչի հանդեպ այդպիսի քաղաքավարի զգացմունք և վերաբերմունք։
Գիշերը քնեցինք մի տնակում։ Մեր ճանապարհորդելու եղանակը սքանչելիորեն անկախ էր։ Մարդաբնակ մասերում գնեցինք քիչ վառելափայտ, կենդանիների համար վարձեցինք արոտատեղ և բացօթյա գիշերեցինք նրանց հետ, միևնույն դաշտի մի անկյունում։ Մեզ հետ վերցրել էինք երկաթյա մի աման, և մեր ընթրիքը եփեցինք ու կերանք անամպ երկնքի տակ, և ոչ մ մի նեղություն չէինք զգում։ Ինձ ուղեկցում էին Մարիանո Գոնսալեսը, որն առաջ մի անգամ ինձ ուղեկցել էր Չիլիում, մի „arriero”<ref>Սպաներեն նշանակում է ջորեպան։ ''Ծ. Թ.''</ref> իր տասը ջորիներով և մի մադրինա։ Մադրինան (սանամայր) մի վերին աստիճանի կարևոր դեմք է. նա մի ծեր, դիմացկուն և անհողդողդ զամբիկ է, վզին մի փոքրիկ զանգ, և որտեղ որ նա գնում է, ջորիները հնազանդ երեխաների նման հետևում են նրան։ Այս կենդանիների սերը դեպի իրենց մադրինաները ազատում է մարդկանց բազմաթիվ ավելորդ նեղություններից։ Եթե մի քանի մեծ խմբեր միասին արածում են մի դաշտում, առավոտյան ջորեպանը միայն մադրինաները խառնված խմբերից բաժանում է և նրանց վզներից կախված զանգը հնչեցնում, ու յուրաքանչյուր ջորի անմիջապես ճանաչելով իր մադրինայի զանգակի ձայնը, գալիս է նրա մոտ, չնայած որ շատ հաճախ այդ ջորիները թվով երկու կամ երեք հարյուրի էին հասնում։ Գրեթե անկարելի է, որ ծերացած ջորին կորչի, որովհետև եթե բռնի ուժով մի քանի ժամ պահեն նրան, նա շան նման կկարողանա, հոտառությամբ հետևելով իր ընկերներին, գտնել նրանց կամ ավելի շուտ՝ մադրինային, որովհետև, ըստ ջորեպանի, սիրո գլխավոր օբեկտը նա է։ Սակայն պետք է նշել, որ այդ զգացմունքն անհատ մադրինային չի վերաբերում, որովհետև ես հավատացած եմ, որ ճիշտ կլինի, եթե ասեմ, որ եթե որևէ ջորու վզից զանգը կախեն, նա կկատարի մադրինայի դերը։ Կարավանում յուրաքանչյուր կենդանի հարթ ճանապարհով կարող է տանել 416 ֆունտ (մեկ ֆունտը 453 գրամ է) բեռ, իսկ լեռնոտ երկրում 100 ֆունտ պակաս է տանում։ Այսպիսով, նուրբ, վտիտ ոտքերով, առանց համապատասխան մկանների զանգվածի, այս կենդանիներն այդպիսի մեծ բեռներ են կրում։ Ջորիներն իմ աչքում վերին աստիճանի զարմանալի կենդանիներ են երևում։ Որ հիբրիդն ունենում է ավելի շատ խելացիություն, հիշողություն, համառություն, ընկերական սեր, մկանային դիմացկունություն և կյանքի երկար տևողություն, քան իր ծնողներից որևէ մեկը, ցույց է տալիս, որ արհեստականն այստեղ գերազանցում է բնությանը։ Մեր տասը կենդանիներից վեցը հեծնելու համար էինք վերցրել, իսկ չորսը մեր բեռները տանելու համար. իհարկե, բեռնատար և հեծնելու կենդանիները միշտ փոխում էինք։ Մենք մեզ հետ բավական շատ սննդամթերք էինք վերցրել՝ նախապատրաստված լինելով ձյունով փակվելու դեպքերի համար, որովհետև ժամանակն ուշ էր Պորտիլյոն անցնելու համար։
'''Մարտի 19.'''— Այսօր մենք հասանք հովտի ամենավերջին, ուստի և ամենաբարձր դիրք ունեցող տունը։ Բնակիչների թիվը հետզհետե սակավացել էր, բայց այնտեղ, որտեղ կարողանում էին ոռոգել, շատ արգավանդ վայր էր դառնում։ Կորդիլյերների բոլոր գլխավոր հովիտները բնորոշ են իրենց երկու կողմերում գոյություն ունեցող մանր խճերի կամ ավազի տերրասով (սանդղեվանդ), որը լավ շերտավորված չէ և բավականին հաստություն ունի։ Այս տերրասներն ակներևաբար մի ժամանակ տարածվել են հովիտների մի կողմից մյուսը և միացած են եղել. և հյուսիսային Չիլիում, որտեղ գետեր կամ գետակներ չկան, հովիտների հատակն այսպես ամբողջովին լցվել է։Այս տերրասների վրայով են ընդհանրապես անցնում ճանապարհները, որովհետև նրանց մակերեսները հարթ են և հովտով բարձրանում են փոքր թեքությամբ, և կարելի է ոռոգելով հեշտությամբ մշակել։ Սրանք տարածվում են 7000-ից մինչև 9000 ոտնաչափ բարձր, որտեղից սկսած նրանք ծածկված են լինում դեբրիզների (ապառների բեկորներ) անկանոն կույտերով։ Հովիտների ստորին մասում կամ բերաններում սրանք մշտապես միացած են լինում գլխավոր Կորդիլյերների ստորոտում ցամաքով փակված հարթավայրերին (նույնպես կազմված մանր խճերից), որոնց ես նախորդ գլուխներից մեկում նկարագրել եմ որպես Չիլիի տեսարանների մի հատկանշական կողմ, և որոնք անկասկած նստել են ծովը Չիլիի խորքերը թափանցելու ժամանակ, ինչպես այժմ այդ կատարվում է հարավային ափերին։ Հարավային Ամերիկայի երկրաբանության մեջ ոչ մի փաստ ինձ այնքան չի հետաքրքրել, որքան մանրախճերի անկանոն շերտավորված տերրասները։ Նրանք իրենց կաոուցվածքով ճիշտ նման են յուրաքանչյուր հովտում հեղեղատների բերած և նստեցրած նյութին, երբ նրանց (հեղեղատների) ընթացքը խափանվում է որևէ պատճառով, օրինակ՝ երբ նրանք մտնում են մի լիճ կամ ծովախորշ. բայց պետք է ասել, որ հեղեղատներն այստեղ այժմ, փոխանակ նյութ նստեցնելու, գլխավոր և կողմնակի հովիտների ամբողջ երկայնքով անընդհատ մաշում տանում են և՛ պինդ ապառը, և՛ այս ալուվիալ (ողողատային) նստվածքները։ Այստեղ հնարավոր չէ տալ այս նստվածքների պատճառները, բայց ես համոզված եմ, որ այդ մանրախճի տերրասները Կորդիլյերների աստիճանական բարձրացման ժամանակամիջոցում կուտակել են հեղեղատները, որոնք հաջորդական բարձրություններում, ծովի երկար և նեղ խորշերի ափին, նախ հովտի վերին մասում և ապա հետզհետե ներքև, բարձրացող ցամաքի վրա թողել են իրենց թեքած մնացորդները։ Եթե այդ այդպես է, որի ճշտության վրա ես չեմ կասկածում, Կորդիլյերների մեծ և կոտրված շղթան, փոխանակ հանկարծակի վեր նետվելու, ինչպես այդ մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր բոլորի, իսկ այժմ էլ շատ երկրաբանների կարծիքը, պետք է որ աստիճանաբար դանդաղ բարձրացած լինի ամբողջ զանգվածով, ճիշտ այնպես, ինչպես Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ափերը՝ ներկա դարաշրջանում։ Այս տեսությամբ Կորդիլյերների կառուցվածքի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կարելի է բացատրել շատ պարզ կերպով։