Այժմ Ֆրոդոն Բեգ-Էնդի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:
Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Բեգինսներ, Բոքոնակներ, ԿուղբնոցներԿուղբոնցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Բեգ-Էնդի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:
Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Բեգինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել: