❈ Ողջ ընտանիքով մեկ զույգ նոր կոշիկ ունինք․ երեխաների ոտքին մեծ է, մեր ոտքին՝ փոքր։ Այդ պատճառով դրեր ենք կեդրոնը և բոլորս ալ կհագնենք․․․ մտովին։
==Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1931 թվական==
<b>Ուրբաթ 5.</b> ― Ասկե ամիսներ առաջ արտասահմանյան թերթ մը կգրեր, թե Հայաստանին մեջ ձերբակալված է նաև Հովհանես Քաջազնունին։
Քաջազնունին աստիեն կհերքե իր ձերբակալման լուրը այն ձևով, որմե կերևա, թե ոչ միայն ինքը չի ձերբակալված, այլև Հայաստանին մեջ ոչ մեկ բռնված կա, և ձերբակալությունը բացառիկ երևույթ է հոս։
Եվ այս այն ժամանակ, երբ 50 հազար հայեր կտառապեն բոլշևիկյան բանտերու մեջ․․․
Հովհանես Քաջազնունի։
Ահա քեզի միտասաներորդ ժամու պոռնիկ մը։
Ու երբ կխորհեմ, թե այս մարդը ժամանակին նախագա՞հ է եղեր մեր երկրի՝ կլսեմ։
― Վաղուց պետք է կործանված ըլլար այն երկիրը, որու նախագահը ասանկ մարդ կրնա ըլլալ։
Գալով արտասահմանյան թերթին՝ կըսեմ։
― Որպեսզի ձեր լուրերու բաժնին մեջ ապագային նման վրիպակներ չսպրդեն, լավ է գրել միանգամեն, թե «Հայաստանի ողջ բնակչությունը ձերբակալված է» ու ետքեն ստուգել՝ ով դուրսն է մնացեր․․․ սխալմամբ, գրել, թե «ուրախությամբ կիմանանք, որ այսինչը դեռ չի ձերբակալված»։
<b>Շաբաթ 6.</b> ― Մեր իշխանությունը, որն որպես թե բանվորական է, բանվորներուն առանձին մթերքի գրքույկ է տվեր, որով ավելի ապրանք պիտի ստանան, որպես թե։
Որպես խայծ, գյուղերը ղրկելու համար, ուսուցչության ալ բարձրացուցին և բանվորներուն հավասարցուցին և քանի մը ամիս նույն նորմայով բավարարեցին, որպես թե։
Այսօր, մթերման նոր գրքույկներ բաժանելուն, վարժապետները բանվորական բարձունքեն նորեն մտավորական անդունդները կգլորե բանկոոպի վարչությունը՝ տալով ձեռներին ոչինչ չստանալու գրքույկներ․․․
Եվ գիտե՞ք՝ ովքեր են այս բոլոր փոփոխության հեղինակները։
Մեր վարիչները։ Անոնք ո՛չ բանվոր են, ոչ ինտելիգենտ, այլ աշակերտներ, որոց մեծ մասը դպրոցեն․․․ վռնդված։
✳ Կառապան մը, Սիմոն Հակոբյանին և Արշակ Ղազարյաին կառքին մեջ դրած, սաստիկ արագությամբ կքշեր ուր֊որ։
― Կառապան, ― ըսի ետևն, ― եթե հաջողի քեզի բեռդ քաղաքեն դուրս տանել և մեկ մղոնի վրա դատարկել ետ գալ, բարոյապես մեր քաղաքի սանիտարական դրությունը կլավանա 80 տոկոսով։
<b>Կիրակի 7.</b> ― Պզտիկս, ժամացույց ըսելով, մեր դիմացի ժամագործի ցուցանակին փակցուցած խոշոր թիթեղի ժամացույցը կհասկնա միշտ, որուն սլաքները պինդ մեխված են իրարու, ու որը օրվա բոլոր ժամերուն 10֊ին քառորդ պակաս ցույց կուտա։
Այսօր ընկերներեն մեկը ըսած է եղեր՝ ժամի 4-ն է։
― Պապա՝, ― զարմացած իր ընկերոջ տգիտության վրա, եկավ ինձի պզտիկս, ― Զաքար կըսե ժամի 4։ Ժամի չորսն ալ ըլլա՞։
― Ինչո՞ւ չէ զավակս, ― ըսի՝ շոյելով սիրուն գանգուրները, ժամը 4֊ն ալ կըլլա, 5֊ն ալ։
Ու եթե տղաս երկու տարով մըն ալ մեծ ըլլար, պիտի ըսեի․
― Բալիկս, ան քո տեսածը խորհրդային ժամացույց է, որով սոցիալիզմ կկառուցեն ու Եվրոպային կհասնեն֊կանցնեն։
Բայց սխալ պիտի ըսած ըլլայի, չէ՞, վասնզի խորհրդային ժամացույցը ոչ թե կայներ է, այլ․․․ ետ կերթա․․․
✳ Օրենք մը հրատարակվեցավ, որով գյուղացի այն անհատ տնտեսությունները, որք տակավին կհամառեն ու կոլխոզ չեն մտներ, 100 ռուբլի եկամուտին 120 ռուբլի հարկ պիտի տան։
Բայց այս օրենքով, իմաստուն օրենսդիրը կոլխոզ մտնելու կամավորական սկզբունքը ամենևին չի ուզեր խախտել։
Գյուղացին ազատ է․ կամենա, բնավ չի մտներ․․․
<b>Երեքշաբթի 9.</b> ― Ամերիկացի գիտնական մը կորոնե օդեն սաստիկ թեթև գազ մը, որով լեցված օդապարիկ մը ինքզինքը երկրեն լուսին բարձրացնե։
Ներողությո՛ւն, ընկե՛ր ամերիկացիներ ու եվրոպացիներ, գյուտերեն այդ մեկը ձեզի չի հաջողվի։ Այդ գյուտը խորհրդային երկրին մեջ միայն կրնա ըլլա, վասնզի այստեղ՝ մեր երկրին մեջ միայն կա «լենինիզմ», որմով լեցված օդապարիկը կրնա այդքան բարձրանալ։
✳ Քաղաքին մեջ, էլեկտրական ճրագներ չճարվելու պատճառով, գիշերները համատարած խավար է։ Հիդրոկայանները այժմ լույսի փոխարեն էլեկտրական մութ կմատակարարեն քաղաքին։
Այս է պատճառը, որ չեկիստները, իրենց գիշերային արշավներու ատեն, արդարն ու մեղավորը չեն կրնա ջոկել․․․
<b>Չորեքշաբթի 10.</b> ― Երբ երկրի մը բախտը բացառապես մեկ մարդու է հանձնված, երբ ժողովուրդ մը մեկ մարդու խոսքով բացառապես պիտի շարժե՝ ի՞նչ կկարծեք, լու մը կրնա՞ ազդել երկրի մը քաղաքականության վրա։
Կրնա։
Տվեք ինձ Ապարանի լվերեն, շատ չէ՝ երեք խելքը գլխին լու, տանեմ այդ լվերը գիշեր մը դնեմ Ստալինի անկողնին մեջ ու կտեսնեք, որ այդ առտու զորահավաք կհայտարարվի Ռուսաստանին մեջ, և Կարմիր բանակը անմիջապես իր մարտական դիրքերը կանցնե՝ այնքան պիտի գազազի Ստալինը։
Այժմ ձեզի կթողո՜ւմ դատելու, թե մեր կողմե տառացի կատարվող պետական օրենքներեն քանի՜սը լվերու գործն են, քանի՜սը՝ մլակներու և որքանը՝ ոջիլներու։
Մանավանդ օճառի այս չգոյության մեջ․․․
✳ Գյուղացի մը, ավանակը հեծած, Ստալինին տեսության կերթա։ Հասնելով, անասունը Կրեմլի դռանը կկապե ու ներս կմտնե ինքը, սակայն, վայրկյան մը դուրս նայելով։
― Ի՞նչ կնայիս, ― կհարցնե Ստալինը։
― Հե՛չ։ Ավանակիս կնայիմ, փորձանք մը չպատահի․․․
― Անհոգ կաց, ծերո՛ւկ, ― կըսե սոցիալիզմի առաջնորդը, ― մեր երկրի մեջ ավանակ չի կորսվի։ Ես 150 միլիոն ավանակ ունիմ դուրսը, բնավ գլուխս դուրս չեմ հաներ։
― Գիտեմ՝ չի կորչի, ― կըսե ծերուկը։ Վախնամ, սակայն, քո ավանակներուն խառնվի․․․ 250 ռուբլիի եմ առեր ժամանակին։
<b>Հինգշաբթի 11</b> ― Մեծ երկրաշարժ Զանգեզուրին մեջ։ Կործանված է 61 գյուղ, սպանված 380 մարդ։
Կառավարությունը ողջ մնացողներուն մեկական կտոր լվացքի օճառ է բաժաներ։
Դե եկուր ու մի կրկներ, թե ամեն դժբախտություն իր ետևեն բարեբախտություն մը կբերե։
<b>Ուրբաթ 12.</b> ― Դաշնակցությունը, որ տասը տարի չակերտավոր մեռավ խորհրդային մամուլին մեջ, այսօր առանց չակերտներու հարություն է առեր ու Ֆրանսիո և Անգլիո ղեկավարությամբ՝ հարձակման կպատրաստվե Խորհուրդներու դեմ՝ հետն ունենալով քյուրդ ժողովուրդը։
Դաշնակցությունը կատակ չի ըներ, և դրությունը լուրջ կթվի ըլլալ։ Ողջ բոլշևիկյան կուսակցությունը իրար է անցեր ու զեկուցումներեն և միթինկներեն աչք չի բանար։
Ավելորդ խուճապ։
Կվերցունեմ դաշնակցության բոլոր ռազմական գործողությունները չակերտներու մեջ կառնեմ, կլմնա կերթա։
Փառք Աստծո, ոչ մեկ մամուլ այնքան չակերտներ չի գործածեր՝ ինչքան խորհրդայինը։ Խեղճ «աջ» ու «ձախ» բառերը իրենց օրում բնավ առանց չակերտի տպված չկան․․․
✳ ․․․Բայց Դարվինի ու խորհրդային պետության մեջ տարբերությունը շա՜տ մեծ է։ Մինչ Դարվինը մարդոց կապիկեն սերվելու թեզը կզարգացունե, բոլշևիկները հասակավոր մարդու և մանկան միջև եղած կապն ալ կկտրեն։
Մանկան չի կարելի ապտակել, բայց մեծին կարելի է գնդակահարել։
Այդ է պատճառը, որ այսօր խեղճ վարժապետները ստահակ աշակերտներուն պատժելու ուրիշ զենք չունենալով, քան ամենայն ուժով պոռալե՝ մեծավ մասամբ աղիթափ կըլլան։
<b>Շաբաթ 13.</b> ― Աբովյան փողոցին վրա, դեմ դեմի կեցած են Պողոս֊Պետրոս եկեղեցին ու թերավարտ բանվորական ակումբը։
Եկեղեցին քանդվի պիտի, ակումբը՝ շինվի։
Ու երկու տարի է արդեն, որ կառավարությունը կաշխատե։ Ո՛չ եկեղեցին կրնա քանդել, ո՛չ ակումբը շինել։
Շինելու մասին չեմ մտածեր, բայց եթե բոլշևիկները քանդելու շնորհքն ալ կորսնցունեն, ալ ի՞նչ պիտի մնա տակը․․․
✳ Բանվորները «հնգամյակը» չորս տարվա մեջ կատարելու համար հարվածային կըլլան։
Լավ է մեր կովը այդ չի լսեր, չէ նե անիկա ալ ինքզինքը հարվածային պիտի հռչակեր մոտեն անցնել հնարավոր չըլլար․․․
<b>Կիրակի 14.</b> ― Ընկերս գործ ուներ, միասին թատրոն մտանք։ Գեղամ Սարյանի «Աչք» պիեսին փորձը կերթար բեմին վրա։ Հոն տեսարան մը կա, ուր ատրճանակներով զինված չեկիստները կպաշարեն դաշնակցական Արշակունիի տունը և կրերբակալեն։
Դերասաններն ու ռեժիսորը շվարեր կեցել էին։ Ի՞նչ դեմք ընդունելու էր Արշակունին, որ կոմկուսակցության հիմնական գիծը չխախտվեր՝ խրոխտ, թե՞ վախկոտ։
Վերջեն ռեժիսորը հայտարարեց․
― Առայժմս ապուշի դեմք առ փորձը չուշանա՝ մինչև ես իրիկվան կոմիտե մտնեմ, դիրեկտիվ բերեմ։
Երբ այս հայտարարութենեն ապշած՝ դուրս կելլեի, ռեժիսորը ձայնեց ինձի․
― Ընկեր, խոսքս քեզ չի վերաբերեր՝ Արշակունիին․․․
― Արշակունին մեկ ժամվա համար պիտի ապշի, իսկ ես՝ մշտական․ զիրար չենք խանգարի, ― պատասխանեցի ու դուրս ելա։
․․․Ներկայացմանը գացի։
Բեմին վրա Արշակունին խղճալի կերպարանք էր առեր։
Զարմանալի բան։ Իրականին մեջ դաշնակցութենեն կդողան աս բոլշևիկները, իսկ բեմին վրա խղճալի ցույց կուտան։
Է, լավ չըլլա՞ր արդյոք, ողջ դաշնակցական կուսակցությունը բեմ հանել ու ոչնչացնել ու մեկ անգամեն ազատվել այդ մղձավանջեն։
<b>Երկուշաբթի 15.</b> ― Այսօր հավ մը առի տղոց համար։ Հավը առտվնե կկչկչա ու չի ածեր։
― Ի՞նչ կուզե, ― կհարցնեմ գյուղացուն, որը դեռ չի գնացեր։ ― Ինչո՞ւ չի ածեր։
― Խեղճ թռչունը չի գիտեր, կոոպերատիվի, թե տան համար ածե, ― կպատասխանե գյուղացին։
Երկու չափ, երկու կշիռ։ Ամեն տեղ։
Մեր դիմացի պետական շենքի վրա աշխատող մշակները, կտեսնեմ, երբեմն այնքան պզտիկ քար կդնեն շալակին, որ սանդուղքներեն վեր կելնեն ու վար կուգան նույնությամբ․․․ մոռնալով, որ կռնակնին քար կա։
✳ Համար 55 բանկոոպին մեջ աղջիկ մը կա, որ ամիսը մեկ գործակատարի հետ կապրի։ Գործակատար մը, սակայն, որ գործուղման հետևանքով երկու ամսվան իր նորման կորսնցուցեր էր, վերադառնալով կպահանջե հետևյալ ամիսն ալ հաշված՝ երկու ամիս ապրել իր հետ։ Աղջիկը անցած ամսվանը չի ուզեր վճարել և խանութին վարիչին կղրկե կնքելու օրդերը՝ ըստ սովորականի։ Վարիչը բանկոոպի գրքույկը կպահանջե, ուրկե կերևա, որ գործակատարը իր ամսավճարը լրիվ չի մուծած․ ու անվերջ քաշկռտուկ։
Ա՜խ, սա բանկոոպները․․․
Երբ պիտի ըլլա, արդյոք, որ մարդս անոր գործակատարուհիներու հետ առանց «նորմայի» ուզածին չափ ապրի․․․
<b>Երեքշաբթի 16.</b> ― Հեռավոր բարեկամ մը կհարցնե մեր դրությանը մասին․
― Սիրելի՛ս, ― կպատասխանեմ իրեն նամակով մը, ― դրությունը երեքն է՝ կեցած, նստած, պառկած։ Եթե կեցած ենք՝ ուրեմն բանկոոպի դռան հերթի ենք, եթե նստած ենք՝ Չեկայի մեջ ենք, եթե պառկած՝ գերեզմանին մեջ միայն․․․
✳ Ու որովհետև դաշնակցությունը Խորհրդային Հայաստանի վրա ինտերվենցիա կպատրաստե, հետևաբար, նոր ներքին փոխառություն մը՝ «վճռական տարվա» փոխառություն։
Դեմ չեմ, թող ըլլա այդ «վճռականն» ալ, միայն «փոխառություն» բառին մեջ հետևյալ փաստական ուղղումը կուզեմ մտնցել։
― «Փոխառություն» կկոչվե այն գործողությունը միայն, երբ առնողը օր մը վերադարձնելու է գումարը իր օրինական տիրոջ։
Իսկ բնավ չվերադարձնելու համար առնվածները, փոխառության փոխարեն կկոչվեն պարզապես «առություն»։
Թե կարճ, թե ձեռնտու․․․
<b>Չորեքշաբթի 17.</b> ― Կորսված եղբորս տղու ձայնը Բաղդադեն կուգա։ Աղիողորմ նամակ մըն է ուղղեր ինձի, որ միջոցներ ձեռք առնիմ՝ զինքը Հայաստան բերելու։
― Ա՜խ, ― կգրե, ― հորեղբա՛յր ջան, Հայաստան գամ, անգամ մը ազատ ապրիմ՝ նոր մեռնիմ։
Ասոր ի պատասխան․
― Զավակս, ― գրեցի ես, ― ինչ կվերաբերի քեզի ընդունելուն՝ իմ դուռը միշտ բաց է քեզի համար, իսկ գալով «ազատության մեջ մեռնելուն»՝ ավելի աղեկ է հոտ մեռնիս՝ նոր ճամբա իյնաս։ Եթե այդ ազատության մեջ չես կրնար մեռնիլ, հոս գալով՝ հավիտյանս կենդանի մնալու պիտի դատապարտվես․․․
✳ Պատասխանատու կոմունիստ պաշտոնի մը քով էի գացեր գործով։
Հիշյալը անլուծելի խնդիրե մը սրտնեղած բացականչեց․
― Օ՜ֆ, մարդս իր խելքը կրնա կորսնցունել սա լաբիրինթոսին մեջ։
― Եվ ի՞նչ․ ան ատեն ավելի խելոք պիտի ըլլաս, քան հիմա, ― պատասխանեցի ես․․․ (մտքիս մեջ հարկավ)։
Այո, կան բաներ, որ մարդս կորսնցունելով ավելի կշահե․․․
<b>Հինգշաբթի 18.</b> ― Փոքր երեխայիս ոտը սահեր ու ցեխն է ինկեր։ Լուսի՛ն, մի պտտիր երկրիս շուրջը, թող կինս քիչ մը բարկանա տղուն վրա։ Ցեխն է ընկեր ու այդ նույն ոտներով կոխեր է սենյակին «պոլը»։ Արև՛, դուն ալ կեցիր հորիզոնին վրա։ Օրն ամբողջ կինս «խեղճ ու կրակ» սրբե, ավլե, թշվառական տղան երթա կեղտոտե։
Երկնային բոլո՜ր մոլորակներ, առժամյա քիչ մը կեցեք նայինք՝ ինչ պիտի ըլլա։ Երեկ, երեկն էր լվաց գուլպան ու կոշիկները։
Դժո՜խք, ինկվիզիցի՛ա, Չեկա՛, տվեք նայինք ձեր ամենամեծ պատիժը, տվեք պատմենք սա տարիկեսկան չարագործին․․․
Եթե գոչեմ՝ երանի անոր, ով փնթի կնիկ ունի, պիտի խնդաք։
Կխնդաք, ինչու չէ։
Հապա՛, մեկ ունեցեք 12 քառ․ մետր ներկած «պոլ», երեք հատ քալող երեխա՝ յուրաքանչյուր երկու ոտանի, մաքրասեր կին մը ու անձրևոտ օր․․․
Օ՜, Աստված, փակե դժոխքի դուռը ու բանալին դիր գրպանդ, դժոխքին դերը վերջացավ այլևս։
Կինս «բոլշևիկյան համառությամբ» չի ուզեր հասկնալ, որ մարդս հող է և հող պիտի դառնա։ Եվ մարդու ու հողի տարբերությունը ոչ թե ըստ էության, այլ ըստ ձևի։
․․․Ու ես, եթե ավելի ապրեցա, քան կինս, անոր դագաղին կափարիչը երկտակ շինել պիտի տամ։ Եթե, Աստված մի արասցե, անցքե մը հող մաղելու ըլլա ներսը, ինչ կկարծեք՝ տիեզերական որևէ ուժ կրնա՞ արգելել զայն՝ շուռ գալու իր հավիտենական հանգստարանին մեջ․․․
✳ Առաջներ, ճաշեն վերջը կթմրեի ու բնավ աշխատելս չէր գար։ Ներկա ճաշելը ընդհակառակը, կթարմացնեն մարդուս, և ճաշեն վերջ մարդս․․․ կթեթևնա։
<b>Ուրբաթ 19.</b> ― Եթե, ըսենք, մեր բոլշևիկները իրենց սույն ընթացքով հասան տեղ մը, որ դեպի սոցիալիզմ ոչ մեկ ճամբա կա, ինչ կկարծեք, հրաժարեն պիտի՞ իշխանութենեն։ Բնավ։ Անոնք անկուսակցականներուն, հակակուսակցականներուն դրամով կվարձեն, կձգեն առջևնին, կստիպեն, որ իրենց համար սոցիալիզմի ճամբա գտնան։
Այսօր շատ «կուսակցականներ» առանց դրամի անգամ «սոցիալիզմ» կշինեն․ հապա որ դրա՞մ տաս, ինչպես պիտի շինեն․․․
✳ Հիմարությունը» այսուհետ բոլոր լեզվի քերականության դասագրքերը դնելու են «հատուկ անվանց» շարքը, Մասիսին և Արագածին կողքին և դեռ անկե ալ բան մը առաջ։ Վասնզի կրնա ըլլալ, որ երկրիս մեջ սխալմամբ ուրիշ Մասիս մըն ալ գոյություն ունենա, նույնպես հինգ վերստ բարձրությամբ, սակայն, «հիմարությունը» միայն բոլշևիկյան երկրին մեջ գոյություն ունի՝ յոթ վերստ բարձրությամբ։
<b>Շաբաթ 20.</b> ― Օգնությո՜ւն, օգնությո՜ւն․․․
Մեր կառավարությունը առանց նորմայի, անչափ քանակությամբ, անպատմելի առատությամբ կենսամթերք բաց կթողնե․․․ թերթին մեջ։
Շատ աղե՜կ, բաց թողնելը դյուրին է, բայց մենք առանց նորմայի ինչպե՞ս ուտենք։
Ջերմաչափին սնդիկը, որ իր կյանքին մեջ աստիճաններու վրա է ելեր ու իջել․ մեկեն աստիճանները ջնջես, կրնա՞ ելևէջել։
Երկար տարիներ օրական երեք հատ բրինձ կեր ու 300 գրամ հաց՝ մեկեն, ըսենք, վեց բրինձ ու 400 գրամ հաց պիտի ուտես։ Եղա՞վ։
Բանկոո՛պ, այդ ընելե առաջ, նախ և առաջ հասկացողություն տուր կարգ մը անանկ ուտելիքներու մասին, որոց մասին ժողովուրդը իր հասկացողությունն է կորսնցուցեր։ Դուն «քաղգիտակցությունը» վար դիր ու «փորգգրագիտության» դասագիրքն առ ձեռքդ ու կարճատև կուրսերով անցիր հաճախորդներուդ հետ՝ ի՞նչ է կաթ, սորվեցուր, որ կովը պոզեն զատ ունի բուդ, չալաղաջ, թրգոլա կոչվող մասեր, որոնք նույնպես ուտելու համար են, որ ոչխարի ետևեն կախվածը դմակ կկոչվե և համեղ, ուտելու յուղ կպարունակի իր մեջ, որ ամեն կլոր ու ճերմակ բան պանիր չէ և այլն և այլն։
Կարևորը նախ տեսականն է, հասկացողությունը։ Հասկացողություն ունենալեն վերջ, ուտելեն ալ դյուրին բա՞ն։
✳ Այսօր միլիցիա չեկավ մեր տուն։
<b>Կիրակի 21.</b> ― Երկաթուղային ճամբորդները ապահովագրելեն զկնի, ամեն օր ընդհարումներ կպատահեն ու տասնյակներով մարդիկ կսպանվեն։
Ի՞նչ ընես, կրնա՞ս գանգատել։
Պետությունը կսպանե՝ փոխարենը կհատուցե, խոմ ձրի չըներ․․․
✳ Պաշտոնակիցս տեղմ մը ըսեր էր, թե Հայաստանն ալ, հետևելով Ռուսաստանի օրինակին, այսուհետև ձի պիտի մորթե։
― Սխալ ես, ըսի, ― ելնելով տվյալ երկրի առանձնահատկութենեն՝ մեզ մոտ ավանակ պիտի մորթվի, վասնզի մենք ձի չունինք։
Եվ շատ ուրախ պիտի ըլլամ, եթե ավանակ մորթվի։ Տխմարներու հարգը կբարձրաա քիչ մը․․․
<b>Եկրուշաբթի 22.</b> ― Սա բոլշևիկյան ռեժիմին մենակ լավն այն է, որ հանդերձյալ կյանքին մեջ չի շարունակվեր։
Կրնա՞ք երևակայել, ի՜նչ սարսափելի պիտի թվար մեզի այս ռեժիմը, եթե մեռնելով իսկ չազատվեինք․․․
Ու երբ կերևակայես քեզի ազա՜տ՝ դագաղին մեջ պառկած, ո՛չ հացի հերթ, ո՛չ ջրի․․․
Մա՜հ, ինչքա՜ն երախտապարտ մնացիր բոլշևիկներուն։
Անոնք քո ժահրոտ դեմքը գեղեցկացուցին․․․
<b>Երեքշաբթի 23.</b> ― Ոչ մեկ ռեժիմի մեջ երեխաները իրենց ծնողներեն այնքան քաղցր ու սիրալիր խոսքեր չէին լսեր, ինչքան ներկա, բոլշևիկներու օրոք։
Առաջներ, երբ տղան մորը դառնար՝
― Մամա՛, չամիչ տուր։
― Ա՛ռ, ― կըսեր մայրը՝ բավարարելով նրա պահանջը։
Իսկ ներկայի պահանջին մայրը՝
― Չկա՛, մատաղ քեզի, չունիմ, հոգուդ մեռնիմ, եկուր քեզի գրկեմ, բալիկ ջան, ես քեզի անանկ բան պիտի տա՜մ, ի՞նչ, մեկ անգամ մը պինդ համբուրեմ․․․
Այս առթիվ կըսեմ․
― Մեր ներկա ռեժիմը իսկական երեխաներու ռեժիմն էր, եթե միայն վերջիններս․․․ ստամոքս չունենային։
✳ Ժողովուրդը վերջին շունչը կապրե, այլևս ուժ չունի դեպի սոցիալիզմն քալելու։
Եթե կոմունիստները կուզեն մասսան սոցիալիզմի հասցունել, ավտոներու պիտի բառնան ու քշեն այնպես, ինչպես այսօր Հայառը իր անասունները ավտոյով սպանդանոց կտանե․․․
<b>Չորեքաբթի 24.</b> ― Այսօր որոշեցի դադրեցունել երեխաներու ծեծը։ Անցնեմ պիտի բանտարկության ռեժիմին։ Եթե հայերը կուզեն իրենց որդիներին կյանքին համար պիտանի քաղաքցիք պատրաստել, ապա պիտի բանտարկության վարժեցունեն մանուկներուն փոքր հասակեն, վասնզի կյանքի մեջ ամենեն շատ բանտարկության պետք պիտի ունենան։
Հայրե՛ր, մեր Խորհրդային հայրենիքը լավ բանտարկյալի կարիք ունի։ Գիտակից և պարտաճանաչ «թշնամիներ» պատրաստել մեր կառավարությանը՝ ահա մեր նպատակը։ Այո՛, եթե կուզեք մեր պետության կյանքը երկարի, «թշնամի» տվեք իրեն, սանկ թեթև, անչոր, անզեն, կակուղ թշնամիներ, որ հաղթանակի։ Ոչ թե առյուծներ, որ ճակատամարտելու պետք ունենա, այլ ոչխարներ գոմը լեցված, որ ուզած ատենը դուրս բերե մորթե․․․
Ուրեմն բանտարկություն։
Եվ իմ առանձնասենյակը Չեկա է հիմա իմ տղոց համար, միայն այն տարբերությամբ, որ առանց հանցանքի անմեղ տեղը չեմ բռներ։
Հոգ չէ։ Ես այսքանը կուտամ, մնացյալն ա իրենք թող կյանքի մեջ սորվեն․․․
✳ Ա՜խ, ազատ սեր, ի՜նչ անուշ բան։
Երեք աղջիկ կա, որոց հավասարապես կսիրեմ։ Որո՞ւ «օչերեդը» կենամ՝ չեմ գիտեր․․․
<b>Հինգշաբթի 25.</b> ― Այն «հացը», որ բանկոոպը մեզի կուտա, ո՛չ կովը կուտե, ո՛չ հավը, ո՛չ իսկ շունը։
Է, այդ կնշանակե՞ արդյոք, որ հացը վատ որակի է։
Եթե մենք ալ անասուններու նման չհավնինք ու անդին հրենք, այլևս ինչո՞վ պիտի տարբերենք անբան անասուններեն․․․
✳ Քանի ամառը կուգա, այնքան ռեժիմը կծանրանա։
Ձմեռ ատեն երկու թշնամի ունենալով առջևդ (ցուրտ և բոլշևիկյան ռեժիմ), կկծկես մկաններդ ու դիմադրության ուժ կառնես։ Հիմա, երբ ձմեռը ստրատեգիական պատճառներե կնահանջե տակավ, բոլշևիկյան սարսափը ներս կսողա բոլոր բաց տեղերեն, ու էությունդ կլքե քեզի։
Ո՜վ ռեժիմ, չեմ ըսեր ձմեռվա պես ինն ամսով, գեթ ինն օրով, ինը ժամով, ինը վայրկյանով դուն ալ նահանջե, շունչ քաշինք, ի՞նչ կըլլա։
Ամեն ճակատամարտի մեջ մեռելթաղի դադար կա, քեզի ի՞նչ եղավ․ ժամանա՞կ իսկ չես տար՝ սա տասը տարվա սպանածներդ թաղելու․․․