Ավելացվել է 434 017 բայտ,
17:28, 24 Դեկտեմբերի 2018 == Երրորդ մաս ==
=== I ===
Իշխան Վասիլին իր ծրագիրները չէր կշռադատում։ Ավելի ևս քիչ էր մտածում ուրիշներին վատություն անել, որպեսզի ինքը շահվի։ Նա պարզապես բարձր շրջանի մարդ էր, այդ շրջանում հաջողություն ունեցած և այդ հաջողությունից որոշ սովորություն ձեռք բերած։ Նայած հանգամանքներին ու հանդիպած մարդկանց՝ նա շարունակ ծրագիրներ էր կազմում ու խորհուրդներ հղում, որոնց մասին այնքան էլ լավ հաշիվ չէր տալիս իրեն, բայց որոնք սակայն կազմում էին նրա կյանքի ամբողջ հետաքրքրությունը։ Նա մի կամ երկու այդպիսի ծրագիր չուներ, այլ տասնյակներ, որոնցից մի քանիսը նոր միայն սկսում էին պատկերանալ նրան, մյուսներն իրագործվում էին, մնացյալները ոչնչանում-չքանում էին։ Օրինակ, նա ինքն իրեն չէր ասում. «Այս մարդը հիմա դիրքի տեր է, ուժ ունի, աշխատեմ ձեռք բերել նրա վստահությունն ու բարեկամությունը և նրա միջոցով միանվագ նպաստ հաջողեցնեմ ինձ համար»։ Կամ չէր ասում՝ թե «Ահավասիկ Պիեռը հարուստ մարդ է, աշխատեմ գրավել նրան՝ որ աղջկաս հետ ամուսնանա և ինձ հարկավոր քառասուն հազարի փոխ վերցնեմ». բայց դիրքի տեր մարդը նրան հանդիպում էր թե չէ, նույն րոպեին բնազդը թելադրում էր նրան, թե այս մարդը կարող է օգտակար լինել, և իշխան Վասիլին մտերմանում էր նրան և առաջին իսկ հնարավորության դեպքում, առանց նախապատրաստության, բնազդով, շողոքորթում էր, մտերմանում, և ասում այն, ինչ պետք էր։
Եվ ահա Մոսկվայում Պիեռին հանդիպելով՝ իշխան Վասիլին նրա համար հաջողեցրեց կամեր-յունկերի աստիճան, ինչ որ այն ժամանակ հավասար էր պետական խորհրդականի աստիճանի ու պնդեց-պահանջեց, որ երիտասարդն իր հետ մեկնի Պետերբուրգ և իջևանի իր տանը։ Կարծես թե ցրված և դրա հետ միաժամանակ մի հաստատ վստահությամբ, թե այդպես էլ պիտի լինի, իշխան Վասիլին գործադրում էր բոլոր հարկավոր միջոցները, որ Պիեռին ամուսնացնի իր աղջկա հետ։ Եթե իշխան Վասիլին առաջուց կշռադատեր իր ծրագիրները, նա չէր կարող իրենից բարձր և ցածր դիրք ունեցող մարդկանց հետ վարվել այդպես բնականորեն, այդպես պարզ և մտերմաբար։ Նրան շարունակ ինչ-որ մի բան քաշում էր դեպի իրենից բարձր դիրք ունեցող ու հարուստ մարդիկ, և նա օժտված էր մի հազվագյուտ ճարտարությամբ, որով կարողանում էր որսալ ճիշտ այն վայրկյանը, երբ պետք էր և կարելի էր օգտվել մարդկանցից։
Պիեռն, անսպասելի հարուստ մարդ և կոմս Բեզոլխով դառնալով, իր առաջվա մենակ ու անհոգ կյանքից հետո, իրեն այն աստիճան շրջապատված ու զբաղված զգաց, որ միայն անկողնում էր կարողանում ինքն իր հետ լինել։ Նա պետք է թղթեր ստորագրեր, ատյաններ գնար, որոնց դերի ու նշանակության մասին պարզ հասկացողություն չուներ, գլխավոր կառավարչից ինչ-որ բան պիտի հարցներ, պետք է գնար Մոսկվայի մոտի կալվածներր և ընդուներ բազմաթիվ մարդկանց, որոնք առաք չէին էլ ուզում նրա գոյությունն ընդունել, իսկ հիմա կվիրավորվեին ու կվշտանային, եթե ինքը չցանկանար նրանց տեսնել։ Բոլոր այս բազմազան մարդիկ — ազգականներ, ծանոթներ, պաշտոնյաներ — բոլորը միատեսակ լավ, սիրալիր էին տրամադրված երիտասարդ ժառանգի վերաբերմամբ. բոլորը, հավանորեն և անկասկած, համոզված էին, որ Պիեռը բարձր արժանիքներ ունի։ Եվ Պիեռը շարունակ այսպիսի խոսքեր էր լսում. «Ձեր չտեսնված բարությամբ» կամ «դուք լավ սրտի տեր լինելով», կամ «դուք ինքներդ այնքան մաքուր եք, կոմս»… կամ «եթե նա այնքան խելացի լիներ, որքան դուք» և այլն, այնպես որ ինքն էլ սկսեց հավատալ իր չտեսնված բարության ու արտակարգ խելքին, մանավանդ որ, միշտ էլ, սրտի խորքում նրան թվում էր, թե ինքն իր ոք շատ բարի է և շատ խելացի։ Մինչև իսկ առաջվա չար և թշնամաբար տրամադրված մարդիկ հիմա հետը մեղմ էին ու սիրալիր։ Այնքան բարկացկոտ, երկարիրան ու տիկնիկի պես հարթ մազերով մեծ իշխանադուստրը, թաղումից հետո Պիեռի սենյակն եկավ։ Աչքերը ցած խոնարհած և շարունակ հուզվելով, նա ասավ, թե շատ է ցավում իրենց միջև տեղի ունեցած թյուրիմացությունների համար և այժմ իրեն իրավունք չի համարում որևէ բան խնդրելու, բացի այն, որ իրեն թույլատրվի, այս ծանր հարվածից հետո, մի քանի շաբաթ մնալ այս տանը, որն այնքան էր սիրում նա և ուր այնքան զոհողություններ է արել։ Նա չկարողացավ իրեն պահել ու այս խոսքերն արտասանելիս լաց եղավ։ Զգացված, որ արձանանման իշխանադուստրը կարող է այդպես փոխվել, Պիեռը բռնեց նրա ձեռը և ներողություն խնդրեց, ինքն էլ չիմանալով ինչու համար։ Այդ օրվանից իշխանադուստրն սկսեց մի շերտավոր շարֆ գործել Պիեռի համար և միանգամայն փոխվեց նրա հանդեպ։
— Այս բանն արա նրա համար, mon cher, այնուամենայնիվ նա շատ է տանջվել հանգուցյալի ձեռին,— ասավ իշխան Վասիլին, Պիեռին առաջարկելով մի ինչ-որ թուղթ ստորագրել հօգուտ իշխանադստեր։
Իշխան Վասիլին վճռել էր այսուամենայնիվ այդ ոսկորը՝ երեսուն հազարի մուրհակը՝ նետել խեղճ իշխանադստեր, որ նա էլ չկարողանա խոսել, թե իշխան Վասիլին ինչ մասնակցություն ունեցավ ծաղկավոր պորտֆելի գործում։ Պիեռն ստորագրեց մուրհակը, և այդ օրվանից իշխանադուստրն էլ ավելի բարի դարձավ։ Փոքր քույրերը նույնպես շատ սիրալիր էին դեպի նա, մանավանդ կրտսերը, լավիկը, խալավորը, հաճախ շփոթություն էր պատճառում Պիեռին իր ժպիտներով և Պիեռին հանդիպելիս մի տեսակ էր լինում։
Պիեռին այնպես բնական էր թվում, որ բոլորը սիրում են իրեն և այնպես անբնական կթվար, եթե մեկը չսիրեր իրենմ, որ էլ չէր կարող իրեն շրջապատողների անկեղծությանը չհավատալ։ Ասենք ժամանակ էլ չուներ այդ մարդկանց անկեղծ կամ կեղծ լինելու մասին մտածելու։ Նա շարունակ զբաղված էր և շարունակ իրեն զգում էր մի հեզ ու զվարթ արբեցության վիճակում։ Նա զգում էր, որ ինքը մի կարևոր ընդհանուր շարժման կենտրոն է. զգում էր, որ իրենից շարունակ ինչ-որ բան է սպասվում, և եթե այս բանը չանի՝ շատերին կվշտացնի ու կզրկի իրենց սպասելիքից, իսկ եթե այս, այս բաներն անի, ամեն ինչ լավ կլինի,— ու անում էր այն, ինչ պահանջում էին, բայց այդ ինչ-որ լավը դեռ մնում էր հետագային։
Այս առաջին շրջանում, բոլորից ավելի, թե՛ Պիեռի գործերին և թե՛ իրեն Պիեռին տիրեց իշխան Վասիլին։ Կոմս Բեզուխովի մահից ի վեր՝ նա Պիեռին բաց չէր թողնում իր ձեռից։ Իշխան Վասիլին ուներ մի մարդու տեսք, որ թեև ծանրաբեռնված է գործերով, հոգնած է, տանջված, բայց կարեկցությունից չի կարող, վերջապես, բախտի ու խորամանկ խաբեբաների քմահաճույքին թողնել անօգ-անպաշտպան պատանուն, իր բարեկամի որդուն, après tout<ref>Վերջ ի վերջո։</ref>,— այն էլ մի այդպիսի հսկայական կարողությամբ։ Այն մի քանի օրը, որ կոմս Բեզուխովի մահից հետո մնաց Մոսկվայում, նա Պիեռին կանչում էր իր մոտ կամ ինքն էր գնում նրա սենյակը և հրահանգներ տալիս, թե ի՛նչ պետք է անել, հոգնածության ու վստահության մի այնպիսի տոնով, որ ամեն անդամ կարծես ասելիս լիներ.
«Vous savez que je suis accablé d’affaires et que ce n’est que par pure charité, que je m’occupe de vous, et puis vous savez bien que ce que je vous propose est la seule chose faisable.»<ref>Գիտեք, գործերի մեջ խրված եմ. բայց անխղճություն կլիներ ձեզ թողնել այդպես, պարզ է, ինչ առաջարկում եմ ձեզ, դա միակ հնարավոր բանն է։</ref>
— Է, բարեկամս, վաղը մեկնում ենք, վերջապես,— ասավ նա մի անգամ, աչքերը փակելով, Պինռի արմունկը բռնելով և մի այնպիսի տոնով, կարծես այն, ինչ ասում էր, իրենց մեջ վաղուց ի վեր վճռված բան է և այլ կերպ էլ չէր կարող վճռված լիներլ։— Վաղը մեկնում ենք. դու նստում ես իմ կառքում։ Շատ ուրախ եմ։ Այստեղ բոլոր կարևոր բաները վերջացրինք։ Ես վաղուց պետք է մեկնեի։ Ահա կանցլերից եմ ստացել։ Ես նրան խնդրել էի քեզ պաշտոն տալ, և ահա նշանակված ես արդեն դիվանագիտական կորպուսը և ստացել ես կամեր-յունկերի աստիճան։ Այժմ դիվանագիտության ճամփան բաց է առջևդ։
Չնայած այդ խոսքերն ասվեցին հոգնածությանևե աներկբայության հաստատուն տոնով, Պիեռը, որ այնքան մտածել էր իր կարիերայի մասին, ուզեց առարկել։ Բայց իշխան Վասիլին նրա խոսքը կտրեց իր թավ ձայնով, որը թույլ չէր տալիս իր խոսքն ընդհատելու և որը նա գործ էր ածում խոսակցին վերջնականապես համոզելու համար։
— Mais, mon cher, ես այդ արել եմ ինձ համար, խիղճս հանգստացնելու համար, և ինձ շնորհակալություն հայտնելու հարկ չկա։ Երբեք ոչ ոք չի դժգոհել, որ իրեն շատ են սիրում. և հետո, դու ազատ ես, թեկուզ վաղը թո՛ղ հեռացիր։ Բայց դու ինքդ բոլորը Պետերբուրգում կտեսնես։ Եվ վաղուց ժամանակն է, որ հեռանաս այս սարսափելի հիշողություններից։— Իշխան Վասիլին հոգոց քաշեց։— Այդպես, հոգիս… Իսկ իմ սենեկապահը թող քո կառքով գնա։ Ա՜, քիչ մնաց մոռանայի,— ավելացրեց դարձյալ իշխան Վասիլին,— գիտես, mon cher, որ հանգուցյալի հետ հաշիվներ ունեի, ուրեմն ես Ռյազանից ստացա և մնում է ինձ մոտ, քեզ հարկավոր չի։ Մենք հաշիվ կտեսնենք։
Այն, ինչ իշխան Վասիլին անվանում էր «Ռյազանից»՝ մի քանի հազար կալվածահարկ էր, որ մնացել էր մոտը։
Պետերբուրգում էլ, ինչպես Մոսկվայում, Պիեռին շրջապատեց քնքշալի, սիրագորով մարդկանց մթնոլորտը։ Նա չկարողացավ հրաժարվել այն պաշտոնից կամ, ավելի շուտ, կոչումից (որովհետև նա ոչինչ չէր անում), որ հաջողեցրել էր նրա համար իշխան Վասիլին, իսկ ծանոթությունները, հրավերներն ու հանրային զբաղումներն այնքան շատ էին, որ Պիեռին ավելի ևս, քան Մոսկվայում, համակել էր անորոշության, փութկոտության և շարունակ մոտեցող, բայց չիրականացող ինչ-որ երջանիկ ակնկալության զգացումը։
Իր նախկին, ամուրի ընկերներից շատերը Պետերբուրգում չէին։ Գվարդիան գնացել էր կռիվ, Դոլոխովն աստիճանազուրկ էր արվել, Անատոլը բանակումն էր, գավառում, իշխան Անդրեյը արտասահմանում, ուստի և Պիեռին չհաջողվեց իր սիրած ձևով գիշերներ լուսացնել, ոչ էլ մի սրտագին զրույց ունենալ իր հարգելի ավագ բարեկամի հետ։ Նրա ամբողջ ժամանակն անցնում էր ճաշկերույթներում, պարահանդեսներում և առավելապես իշխան Վասիլիի տանը — գիրուկ իշխանուհու՝ իշխանի կնոջ, և գեղեցկուհի Էլենի շրջանում։
Աննա Պավլովնա Շերերը ևս, ուրիշների նման, ցույց տվեց Պիեռին այն փոփոխությունը, որ տեղի էր ունեցել հասարակության մեջ նրա նկատմամբ։
Պիեռն առաջ, Աննա Պավլովնայի ներկայությամբ, շարունակ զգում էր, թե այն, ինչ ինքն ասում է — անքաղաքավարի է, անտակտ, մի խոսքով՝ այն չի, ինչ պետք է. զգում էր, որ իր խոսքերն իրեն թվում էին խելացի, քանի դեռ պատրաստում էր մտքում, բայց հիմարանում էին, հենց որ ասում էր բարձրաձայն և որ, ընդհակառակը, Իպպոլիտի ամենաբութ խոսքերը դառնում էին խելացի ու դուրեկան։ Իսկ այժմ, ինչ ասում էր, բոլորը դառնում էին charmant։ Եթե մինչև իսկ Աննա Պավլովնան այդ չէր էլ ասում, Պիեռը նկատում էր, որ ցանկանում է այդ ասել, և միայն իր՝ Պիեռի համեստությունը հարգելով՝ զսպում է իրեն։
1805—1806 ձմռան սկիզբը Պիեռը Աննա Պավլովնայից ստացավ սովորական վարդագույն հրավիրատոմսը, որի վերջում ավելացված էր. «Vous trouverez chez moi la belle Hélène, qu’on ne se lasse jamais de voir»<ref>Ինձ մոտ է լինելու գեղեցկուհի Էլենը, որին նայելուց չես կշտանա։</ref>.
Այս բառերը կարդալով՝ Պիեռն առաջին անգամ զգաց, որ իր և Էլենի միջև ստեղծվել է մի ինչ-որ կապ, որ ուրիշներն էլ ընդունում են, և այդ միտքը միաժամանակ թե վախեցրեց նրան,— կարծես նրա վրա դրվում էր մի պարտավորություն, որն ինքը չի կարող կատարել,— և թե՛ դուր եկավ նրան, որպես զվարճալի ենթադրություն։
Աննա Պավլովնայի երեկույթը նույնն էր, ինչ որ առաջինը, միայն նորությունը, որով Աննա Պավլովնան պատվեց իր հյուրերին, այժմ ոչ թե Մորտեմարն էր, այլ մի դիվանագետ, որ եկել էր Բեռլինից և ամենաթարմ մանրամասնություններ էր բերել Ալեքսանդր թագավորի Պոտսդամ լինելու մասին և այն մասին, թե ինչպես երկու վեհափառ բարեկամներ երդվել են այնտեղ անքակտելի միաբանությամբ պաշտպանել արդար դատն ընդդեմ մարդկային ցեղի թշնամու։ Աննա Պավլովնան Պիեռին ընդունեց մի թեթև տխրությամբ, որ վերաբերում էր, հավանորեն, երիտասարդին հասած դժբախտության — կոմս Բեզուխովի մահվան (բոլորը շարունակ իրենց պարտքն էին համարում հավատացնել Պիեռին, թե նա շատ է վշտացած հոր մահով, որին նա համարյա չէր ճանաչում),— Աննա Պավլովնայի այդ տխրությունը նման էր այն տխրության, որ երևան էր գալիս նրա դեմքին օգոստափառ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի անունը հիշատակելիս։ Դրանից Պիեռն իրեն շոյված զգաց։ Աննա Պավլովնան իր սովորական ճարտարությամբ խմբեր կազմեց հյուրասրահում։ Առաջին մեծ խումբը, ուր գտնվում էին իշխան Վասիլին ու գեներալները, վայելում էր դիվանագետի ներկայությունը։ Մյուս խումբը հավաքվել էր թեյի սեղանի շուրջը։ Պիեռն ուզում էր միանալ առաջին խմբին, բայց Աննա Պավլովնան (ռազմադաշտում գտնվող զորավարի գրգռված վիճակում լինելով, երբ մարդու գլուխ հազարավոր նոր փայլուն մտքեր են գալիս, որոնք հազիվ ես կարողանում ի կատար ածել), Պիեռին տեսնելով մատը դիպցրեց նրա թևքին։
— Attendez, j’ai des vues sur vous pour ce soir.<ref>Սպասեք, դուք այս երեկո ինձ հարկավոր եք։</ref>— Աննա Պավլովնան նայեց Էլենին ու ժպտաց։— Ma bonne Hélène, il faut que vous soyez charitable pour ma pauvre tante, qui a une adoration pour vous. Allez lui tenir compagnie pour 10 minutes.<ref>Սիրելիդ իմ Էլեն, դուք այսօր պետք է կարեկից լինեք դեպի իմ խեղճ մորաքույրը, որը պաշտում է ձեզ։ Մի տասը րոպեի չափ մնացեք մոտը։</ref> Բայց որպեսզի շատ չձանձրանաք, ահա մեր սիրեցյալ կոմսը, որ չի հրաժարվի հետևել ձեզ։
Գեղեցկուհին գնաց դեպի պառավ մորաքույրը, բայց Աննա Պավլովնան Պիեռին պահեց դարձյալ, ցույց տալով, որ իբր թե դեռ անելու է իր վերջին անհրաժեշտ կարգադրությունը։
— Ճիշտ ասեք, հիանալի է, չէ՞,— ասավ Աննա Պավլովնան Պիեռին ցույց տալով նազանքներով հեռացող վեհապանծ գեղեցկուհուն։— Et quelle tenue.<ref>Եվ ինչպիսի՜ կեցվածք։</ref> Այսքա՜ն ջահել աղջիկ և այսպիսի՜ տակտ, իրեն պահելու այսպիսի՜ շնորհք։ Դա բխում է սրտից։ Երջանիկ կլինի նա, ում Էլենը կպատկանի։ Ամենահասարակ մարդն էլ, եթե ամուսնանա հետը, ակամա ամենափայլուն դիրքը կունենա բարձր շրջանում։ Այնպես, չէ՞։ Ես ուզում էի միայն ձեր կարծիքն իմանալ,— և Աննա Պավլովնան թողեց Պիեռին։
Պիեռն անկեղծորեն հաստատեց Աննա Պավլովնայի կարծիքը՝ թե Էլենն իրոք շատ լավ է պահում իրեն։ Եթե Պիեռն ինքն էլ երբևիցե մտածում էր Էլենի մասին՝ մտածում էր հենց նրա գեղեցկության մասին և այն մասին, թե ինչպես նա արտասովոր ձևով կարողանում է անխոս արժանապատվությամբ պահել իրեն հասարակության մեջ։
Մորաքույրը երիտասարդներին ընդունեց իր անկյունը, բայց, կարծես, ցանկացավ թաքցնեք իր պաշտամունքը Էլենի նկատմամբ և ավելի երկյուղ արտահայտել Աննա Պավլովնայի հանդեպ։ Նա նայում էր Աննա Պավլովնային, ու կարծես հարցնելիս լիներ, թե ինչ անի այս երիտասարդներին։ Հեռանալով Պիեռից՝ Աննա Պավլովնան նորից մատը դիպցրեց նրա թևքին ու ասավ.
— J’espére, que vous ne direz plus qu’on s’ennuie chez moi<ref>Հույս ունեմ, որ մի անգամ էլ չեք ասի, թե ինձ մոտ ձանձրալի է։</ref>,— ու նայեց Էլենին։
Էլենը ժպտաց մի այնպիսի տեսքով, որն ասում էր, թե անկարելի է համարում, որ մեկն իրեն տեսնի ու չսքանչանա։ Մորաքույրը հազաց, թուքը կուլ տվեց ու ֆրանսերեն ասավ, թե շատ ուրախ է Էլենին տեսնելուն. հետո նույն ողջույնով ու գլխի նույն շարժումով դիմեց Պիեռին։ Տաղտկալի ու անկապ խոսակցության կիսին Էլենը նայեց Պիեռին ու ժպտաց նույն պայծառ, գեղեցիկ, ժպիտով, որով ժպտում էր բոլորին։ Պիեռն այնպես էր ընտելացել այդ ժպիտին, դա այնքան քիչ բան էր ասում նրան, որ ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Այդ միջոցին մորաքույրը խոսում էր Պիեռի հանգուցյալ հոր՝ կոմս Բեզուխովի ունեցած քթախոտի տուփերի կոլեկցիայի մասին, ու ցույց տվեց իր քթախոտի տուփը։ Իշխանադուստր Էլենը խնդրեց տուփը՝ տեսնելու հորաքրոջ ամուսնու պատկերը, որով զարդարված էր այդ տուփը։
— Սա, երևի Վինեսն է նկարել,— ասավ Պիեռը, տալով հայտնի մանրանկարչի անունը, ու կռացավ դեպի սեղանը, որ տուփը վերցնի, միաժամանակ ականջ դնելով մյուս սեղանի խոսակցության։
Նա վեր կացավ, կամենալով մյուս կողմն անցնել, բայց մորաքույրը տուփը նրան տվեց Էլենի թիկունքի վրայով։ Էլենը կռացավ մի փոքր, որ տեղ տա և, ժպտալով, ետ նայեց։ Նա, ինչպես միշտ երեկույթներին, հագել էր այն ժամանակվա մոդայի համաձայն, առջևից ու ետևից բաց զգեստ։ Նրա բյուստը, որ Պիեռին միշտ թվացել էր մարմարյա, այնքան մոտ էր իրեն, որ կարճատես աչքերն ակամա ջոկում էին նրա ուսերի ու պարանոցի կենդանի հրապույրը, և այնպես մոտ իր շուրթերին, որ նրանց հպվելու համար բավական էր մի փոքր կռանալ։ Նա զգում էր նրա մարմնի ջերմությունը, անուշահոտ յուղերի բուրմունքը և լսում կորսետի ճռճռոցը, երբ Էլենը շարժվում էր։ Նա տեսնում էր ոչ թե նրա մարմարյա գեղեցկությունը, որ նրա զգեստի հետ մի ամբողջություն էր կազմում, այլ տեսնում ու զգում էր նրա մարմնի ամբողջ թովչանքը, որը սքողված էր միայն հագուստով։ Եվ մի անգամ տեսնելով այդ՝ նա չէր կարող տեսնել այլ կերպ, ինչպես մենք չենք կարող վերադառնալ մի անգամ արդեն բացատրված պատրանքին։
«Դուք ուրեմն մինչև այժմ չե՞ք նկատել, թե որքան ես չքնաղ եմ,— կարծես ասավ Էլենը։— Չե՞ք նկատել, որ ես կին եմ։ Ես, այո, կին եմ, որը կարող է պատկանել բոլորին, և ձեզ նույնպես»,— ասում էր նրա նայվածքը։ Եվ նույն վայրկյանին Պիեռն զգաց, որ Էլենը ոչ միայն կարող է, այլև պետք է իր կինը լինի, և որ այդ ուրիշ կերպ էլ չի կարող լինել։
Նա այդ բանում այդ րոպեին համոզված էր այնպես, ինչպես համոզված կլիներ նրա հետ պսակվելիս։ Ինչպե՞ս կլինի այդ և ե՞րբ — չգիտեր. չգիտեր նույնիսկ, արդյոք լավ կլինի այդ (նա մինչև իսկ զգում էր, թե այդ չգիտես ինչու, լավ չէ), բայց գիտեր, որ այդ բանը կլինի։
Պիեռն աչքերը խոնարհեց, կրկին բարձրացրեց և նորից ուզեց տեսնել նրան՝ որպես իրեն օտար, հեռավոր մի գեղեցկուհու, ինչպես տեսնում էր առաջ ամեն օր. բայց այլևս չէր կարող։ Չէր կարող, ինչպես մարդ չի կարող, սկզբում մշուշի մեջ նշմարվող քոլախոտը ծառ համարելով, այդ քոլախոտը տեսնելուց հետո նորից ծառ համարի։ Էլենն արդեն շատ մոտ էր նրան։ Նա արդեն իշխում էր Պիեռին։ Եվ երկուսի միջև այլևս ոչ մի պատնեշ չկար, բացի Պիեռի սեփական կամքի պատնեշից։
— Bon, je vous laisse dans votre petit coin. Je vois, que vous y êtes très bien<ref>Լավ, ես ձեզ թողնում եմ ձեր փոքրիկ անկյունում։ Տեսնում եմ՝ դուք ձեզ այդտեղ լավ եք զգում։</ref>,— լսվեց Աննա Պավլովնայի ձայնը։
Եվ Պիեռը, երկյուղով մտածելով, թե պարսավելի մի բան չի արել արդյոք, կարմրելով շուրջը նայեց։ Նրան թվում էր, որ բոլորն իր պես գիտեն, թե ի՛նչ է պատահել իրեն։
Փոքր անց, երբ նա մոտեցավ առաջին մեծ խմբին, Աննա Պավլովնան ասավ նրան.
— On dit que vous embellissez votre maison de Pétersbourg.<ref>Ասում են՝ Պետերբուրգի ձեր տունը գեղեցկացնում եք։</ref>
(Դա ճիշտ էր. ճարտարապետն ասել էր, թե դա հարկավոր է, և Պիեռը, ինքն էլ չիմանալով ինչու, նորոգում էր Պետերբուրգի իր հսկայական տունը)։
— C’est bien, mais ne déménagez pas de chez le prince Basile. Il est bon d’avoir un ami comme le prince,— ասավ նա Ժպտալով իշխան Վասիլիին։— j’en sais quelque chose. N’est-ce pas?<ref>Այդ լավ է, բայց բայց իշխան Վասիլիի տնից մի տեղափոխվեք։ Այդպիսի բարեկամ ունենալը լավ բան է։ Այդ մասին արդեն որոշ բան գիտեմ։ Այնպես չէ՞։</ref> Իսկ դուք դեռ այնքա՜ն երիտասարդ եք։ Դուք խորհրդատուի պետք ունեք։ Չնեղանաք, որ պառավի պես խրատում եմ ձեզ։ Եթե ամուսնանալու եք՝ ուրիշ բան է։ Նա լռեց, ինչպես լռում են կանայք, իրենց տարիքր հայտնելուց հետո՝ սպասելով ինչ-որ բանի։ Եվ Աննա Պավլովնան մի ընդհանուր նայվածք նետեց երկուսի վրա։ Պիեռն Էլենին չէր նայում, Էլենը՝ նրան։ Բայց Էլենն էլի սարսափելի մոտ էր թվում նրան։ Պիեռն ինչ-որ մռլտաց ու կարմրեց։
Տուն վերադառնալով՝ Պիեռն երկար չկարողացավ քնել, մտածելով իրեն պատահածի մասին։ Իսկ ի՞նչ էր պատահել նրան։ Ոչինչ։ Ըմբռնում էր միայն, որ այն կինը, որին ճանաչում էր մանկությունից, որի մասին անտարբեր ասում էր. «այո, գեղեցիկ է», երբ նրան ասում էին, թե Էլենը գեղեցկուհի է, նա հասկացավ, որ այդ կինը կարող է պատկանել իրեն։
«Բայց նա հիմար է, ես ինքս եմ ասել, որ հիմար է,— մտածում էր Պիեռը։— Ինչ-որ զզվելի ու արգելող մի բան կա այն զգացումի մեջ, որ նա հարուցեց իմ սրտում։ Ինձ ասին, որ նրա Անատոլ եղբայրը սիրահարված է եղել իր վրա, և Էլենն էլ սիրահարված է եղել եղբոր վրա, որ մի ամբողջ պատմություն է եղել, և այդ պատճառով Անատոլին աքսորել են։ Էլենի եղբայրը Իպպոլիտն է… հայրը — իշխան Վասիլին… Այդ լավ չէ», մտածում էր նա. և այդ միևնույն ժամանակ, երբ նա խորհրդածում էր այսպես (այդ խորհրդածությունները դեռ չէին վերջացել), նկատեց, որ ինքը ժպտում է և գիտակցեց, որ առաջին խորհրդածությունների ետևից ելնում են նոր խորհրդածություններ, որ ինքը միևնույն ժամանակ մտածում է թե Էլենը ոչնչություն է և երազում է այն մասին, թե ինչպես նա իր կինը կդառնա, ինչպես կսիրի իրեն, թե ինչպես նա՝ Էլենը կարող է բոլորովին փոխվել, և թե ինչպես այն բոլորը, ինչ մտածել ու լսել է նրա մասին, կարող է սուտ լինել։ Եվ նա կրկին տեսավ նրան ոչ թե որպես մի իշխան Վասիլիի աղջկա, այլ տեսավ նրա ամբողջ մարմինը միայն գորշ զգեստով ծածկված։ «Բայց ինչո՞ւ առաջ այդ բանը մտքովս չէր անցնում»։ Եվ նորից գտավ, որ դա անկարելի է։ Նրան թվում էր, թե այդ ամուսնության մեջ ինչ-որ զզվելի, հակաբնական ու անազնիվ մի բան կա։ Նա հիշեց Էլենի առաջին խոսքերը, նայվածքները և միաժամանակ իրենց միասին տեսնող մարդկանց խոսքերն ու հայացքները։ Հիշեց Աննա Պավլովնայի խոսքերն ու հայացքները, երբ նա խոսք բացեց իր տան նորոգության մասփն, հիշեց իշխան Վասիլիի և մյուսների հազարավոր այդօրինակ ակնարկները, ու սարսափեց, թե արդյոք ինքն իրեն որևէ բանով չի՞ կաշկանդել արդեն՝ կատարելու մի այնպիսի գործ, որը պարզապես վատ է և որն ինքը չպիտի անի։ Բայց այդ միևնույն ժամանակ, երբ նա այդպիսի որոշում ընդունեց, հոգու խորքերից վեր բարձրացավ Էլենի պատկերը՝ իր կանացի բովանդակ գեղեցկությամբ։
=== II ===
1805 թվի նոյեմբերին իշխան Վասիլին վերաստուգության գործերով մեկնելու էր չորս նահանգ։ Նա այդ գործուղումն իր համար գլուխ էր բերել, որպեսզի միաժամանակ այցելի իր քայքայված կալվածները և, Անատոլ օրդուն (նրա գնդի բանակած տեղից) առնելով՝ նրա հետ միասին գնա իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկու մոտ այն նպատակով, որ որդուն ամուսնացնի այդ հարուստ ծերունու աղջկա հետ։ Բայց մեկնելուց ու այդ նոր գործերից առաջ՝ իշխան Վասիլին անհրաժեշտ էր համարում նախ վերջացնել Պիեռի խնդիրը, որը, ճիշտ է, վերջերս իր ամբողջ օրերն անցնում էր տանը, այսինքն իշխան Վասիլիի տանը, ուր և ապրում էր, հետո Էլենի ներկայությամբ իրեն պահում էր ծիծաղելի, հուզված ու հիմարացածի պես (ինչպես և պետք է լինի սիրահարվածը), բայց տակավին առաջարկություն չէր արել։
«Tout ça est bel et bon, mais il faut que ça finisse»<ref>Այս ամենը հիանալի է, բայց պետք է վերջացնել այդ։</ref>,— ասավ իշխան Վասիլին ինքն իրեն մի առավոտ, տխրության հառաչանքով, մտածելով, որ Պիեռը, այնքան բաներով իրեն պարտական լինելով (Է՛հ, Քրիստոսը նրա հետ), այս խնդրում իրեն այնքան էլ լավ չի պահում։— Ջահելություն… թեթևամտություն… Է՛հ, աստված իր հետ,— մտածեց իշխան Վասիլին, գոհունակությամբ զգալով իր բարությունը.— mais il faut, que ça finisse<ref>Բայց պետք է վերջացնել այդ։</ref>։ Վաղը չէ մյուս օրը Էլենի անվանակոչությունն է, մի քանի մարդ կկանչեմ, և եթե Պիեռը չհասկանա թե ինչ պետք է անի, այդ դեպքում արդեն ես գիտեմ, թե ինչպես պիտի վարվել։ Այո, ե՛ս — հա՛յր եմ»։
Պիեռը Աննա Պավլովնայի երեկույթից ամիս ու կես հետո և այդ երեկույթին հետևող անքուն, հուզումնալից գիշերից հետո մի գիշեր, երբ նա որոշեց, թե Էլենի հետ ամուսնանալը դժբախտություն կլիներ, և թե պետք է խուսափի նրանից ու թողնի հեռանա, այնուամենայնիվ Պիեռն այդ որոշումից հետո (որից արդեն ամիս ու կես էր անցել) դեռ չէր տեղափոխվել իշխան Վասիլիի տնից և սարսափելով զգում էր, որ օրեցօր մարդկանց աչքում ինքն ավելի է կապվում Էլենի հետ, որ էլ չի կարող մնալ նրա նկատմամբ ունեցած նախկին կարծիքին, որ չի կարող և կտրվել նրանից, որ դա սարսափելի կլինի, բայց ստիպված պիտի լինի իր բախտը կապել նրա հետ։ Գուցե և նա կարողանար խույս տալ, բայց օր չէր անցնում, որ իշխան Վասիլիի տանը (ուր հյուրասիրությունները հազվադեպ էին) երեկույթ չլիներ, ուր պարտավոր էր լինել և Պիեռը, եթե չէր ցանկանում փչացնել ընդհանուրի տրամադրությունը և չարդարացնել նրանց սպասելիքները։ Իշխան Վասիլին այն հազվադեպ րոպեներին, երբ տանն էր լինում, Պիեռի մոտից անցնելիս, նրա թևքը քաշում էր ցած, ցրված արտահայտությամբ՝ համբույրի համար դեմ էր անում նրան իր սափրած, կնճռոտ այտը և ասում կա՛մ «մինչև վաղը» կա՛մ «ճաշի մոտերքը, թե չէ էլ քեզ չեմ տեսնի», կա՛մ «ես քեզ համար եմ մնում» և այլն։ Բայց չնայած որ իշխան Վասիլին մնում էր Պիեռի համար (ինչպես ինքն էր ասում), նա Պիեռին մի երկու խոսք չէր ասում։ Պիեռն էլ չէր կարողանում չարդարացնել նրա սպասելիքները։ Նա ամեն օր միևնույն բանն էր ասում իրեն. «Պետք է, վերջապես, հասկանամ Էլենին և ինձ հաշիվ տամ, թե ո՛վ է նա։ Արդյոք առա՞ջ եմ սխալվել, թե՞ հիմա եմ սխալվում։ Ոչ, Էլենը հիմար չի. ոչ, նա սքանչելի աղջիկ է,— ասում էր երբեմն Պիեռն ինքն իրեն։— Էլենը երբեք ոչ մի բանում չի սխալվում, երբեք հիմար բան չի ասել։ Նա քիչ է խոսում, բայց այն, ինչ ասում է՝ միշտ հասարակ է ու պարզ։ Նա հիմար չէ։ Երբեք, չի շփոթվել և չի շփոթվում։ Ուրեմն նա վատ կին չէ»։ Հաճախ էր պատահել, որ Պիեռը նրա հետ խոսել-խորհրդածել էր, և ամեն անգամ Էլենը նրան պատասխանել էր կա՛մ կարճ, բայց տեղին ասված դիտողությամբ, որ ցույց էր տալիս, թե այդ բանը նրան չի հհտաքրքրում, կա՛մ անխոս ժպիտով ու նայվածքով, որոնք ամեն բանից ավելի, շոշափելի կերպով ցույց էին տալիս Պիեռին նրա գերազանցությունը։ Էլենն իրավացի էր՝ բոլոր այդ դատողություններն իր ժպիտի հետ համեմատած դատարկ բան համարելով։
Էլենը Պիեռին դառնում էր միշտ զվարթ, հավատով լի, միայն նրան՝ Պիեռին վերաբերող ժպիտով, որի մեջ ինչ-որ ավելի նշանակալից մի բան կար, քան մշտապես նրա դեմքը զարդարող սովորական ժպիտում։ Պիեռը գիտեր, որ բոլորն ասում են, որպեսզի նա, վերջապես, մի խոսք ասի, անցնի հայտնի սահմանագիծը, ու նա գիտեր, որ վաղ թե ուշ անցնելու է։ Բայց ինչ-որ մի անհասկանալի սարսափ էր տիրում նրան հենց միայն այդ քայլն անելու մտքից։ Ամիս ու կեսվա մեջ (որի ընթացքում իրեն ավելի ու ավելի խրված էր զգում այդ իրեն սարսափեցնող անդունդը), Պիեռը հազար անդամ ասել էր իրեն. «Սա ի՞նչ բան է։ Վճռականություն է պետք։ Մի՞թե ես այդ վճռականությունը չունեմ»։
Նա ուզում էր վճռական լինել, բայց սարսափով զգում էր, որ այս դեպքում իրեն պակասում էր այն վճռականությունը, ինչ իսկապես զգում էր մեջը և ինչ իրոք ուներ։ Պիեռը պատկանում էր այն մարդկանց թվին, որոնք ուժեղ են միայն այն ժամանակ, երբ իրենց միանգամայն մաքուր են զգում։ Բայց այն օրից, երբ նրան տիրեց ցանկասիրության զգացումը (որն ապրեց Աննա Պավլովնայի երեկույթին, քթախոտի տուփը նայելիս), մեծավորության չգիտակցված զգացումը թուլացնում-կոտրում էր նրա վճռականությունը։
Էլենի անվանակոչության օրը իշխան Վասիլիի տանն ընթրում էր ամենամոտ մարդկանց մի փոքր հասարակություն, կամ ինչպես իշխանուհին էր ասում, հարազատներն ու բարեկամները։ Բոլոր այս հարազատներին ու բարեկամներին զգացնել էր տրված, թե այդ օրը վճռվելու էր Էլենի բախտը։ Հյուրերը նստած էին ընթրիքի սեղանի շուրջը։ Իշխանուհի Կուրագինան, այդ գեր, երբեմնի սիրուն, ներկայանալի տեսքով կինը նստած էր տանտիրոջ տեղը։ Նրա աջ ու ձախ կողմը նստել էին պատվավոր հյուրերը — մի ծեր գեներալ, նրա կինը, Աննա Պավլովնա Շերերը. սեղանի ծայրին նստած էին ավելի պակաս տարիքով և նվազ հարգելի հյուրերը. այդտեղ էլ նստած էին տնեցիք, Պիեռն ու Էլենն իրար կոդքի։ Իշխան Վասիլին ընթրիքին չէր մասնակցում. նա ուրախ տրամադրությամբ պտտվում էր սեղանի շուրջը և նստում մերթ այս, մերթ մյուս հյուրի կողքին։ Ամեն մեկին մի անփույթ ու հաճելի խոսք էր ասում, բացի Պիեռից ու Էլենից, որոնց ներկայությունը նա չէր նկատում կարծես։ Իշխան Վասիլին կենդանացնում, աշխույժի էր բերում բոլորին։ Մեղրամոմերը վառվում էին պայծառ, փայլում-շողշողում էին արծաթե ու հախճապակյա ամանները, կանանց զարդերը և ուսադիրների արծաթն ու ոսկին. սեղանի շուրջն անցնում-դառնում էին կարմիր կաֆտան հագած սպասավորները, լսվում էին դանակների, բաժակների, ափսեների ձայներ և սեղանի մի քանի մասերում կատարվող զրույցների տաք-տաք խոսոցը։ Լսվում էր, թե ինչպես ծերունի կամերհերը սեղանի մի ծայրում հավատացնում էր պառավ-բարոնուհուն, թե ինքը բուռն կերպով սիրում է նրան և ինչպես է պառավը ծիծաղում. սեղանի մյուս ծայրում պատմում էին ինչ-որ Մարիա Վիկտորովնայի անհաջողության մասին։ Սեղանի մեջտեղը իշխան Վասիլին էր ունկնդիրներ հավաքել իր շուրջը։ Նա, հեգնական ժպիտը շուրթերին, կանանց պատմում էր պետական խորհրդի վերջին նիստի մասին, ուր Պետերբուրգի նոր զինվորական ընդհանուր նահանգապետ Սերգեյ Կուզմիչ Վյազմիտինովը կարդացել էր Ալեքսանդր Պավլովիչ թագավորից ստացած, բանակից ուղարկված, այն ժամանակ նշանավոր հրովարտակը, որի մեջ թագավորը, Սերգեյ Կուզմիչին դիմելով, ասում էր, թե ինքը երկրի բոլոր կողմերից հայտարարություններ է ստանում ժողովրդի անձնվիրության մասին, և թե Պետերբուրգի հայտարարությունը մասնավորապես հաճելի է իրեն, թե ինքը հպարտ է, որ այդպիսի ազգի գլուխը լինելու պատիվն ունի և կաշխատի նրան արժանի լինել։ Այդ հրովարտակն սկսվում էր այս խոսքերով. ''Սերգե՛յ Կուզմիչ։ Ամեն կողմից լուրեր են հասնում ինձ'' և այլն։
— Ուրեմն այդպես էլ Սերգեյ Կոուզմիչից դենը չգնա՞ց,— հարցրեց մի տիկին։
—- Այո, այո, մազաչափ անգամ,— ծիծաղելով պատասխանեց իշխան Վասիլին։— Սերգեյ Կուզմիչ… ամեն կողմից։ Ամեն կողմից՝ Սերգեյ Կուզմիչ… Խեղճ Վյազմիտինովը ոչ մի կերպ չկարողացավ առաջ գնալ։ Մի քանի անգամ սկսեց նորից կարդալ նամակը, բայց հենց որ ասում էր՝ ''Սերգեյ''… հեկեկոց… ''Կուզ''… ''մի''.._չ_— արցունքներ և ''ամեն կողմից'' — բարձրաձայն հեկեկանքներ, և նա էլ շարունակել չկարողացավ։ Նորից թաշկինակներ, և նորից ամեն կողմից, Սերգեյ Կուզմիչ, ու արցունքներ… այնպես որ խնդրեցին արդեն մի ուրիշը կարդա։
— Կուզմիչ… ամեն կողմից… և արցունքներ…— կրկնեց մեկը ծիծաղելով։
— Չար մի լինեք,— մատով սպառնալով, սեղանի մյուս ծայրից ասավ Աննա Պավլովնան,— c’est un si brave et excellent homme notre bon Viasmitinoff…<ref>Դա մի այնպիսի սքանչելի մարդ է՝ մեր բարի Վյազիմիտինովը։</ref>
Բոլորը շատ ծիծաղեցին։ Սեղանի վերին, պատվավոր մասում ամենքն էլ, թվում էր, ուրախ էին և ամենատարբեր զվարթ տրամադրությունների ազդեցության ներքո, միայն Պիեռն ու Էլենն էին, որ անխոս նստել էին իրար կողքի, սեղանի գրեթե վարի ծայրում. երկուսի դեմքին էլ փայլում էր մի զուսպ ժպիտ, որը կապ չուներ «Սերգեյ Կուզմիչի» հետ,— ամոթխածության ժպիտ իրենց զգացումների հանդեպ։ Ինչ էլ ասեին և որքան էլ ծիծաղեին ու կատակեին մյուսները, որքան էլ ախորժակով ռեյնվեյն խմեին և սոտե ու պաղպաղակ ուտեին, որքան էլ խուսափեին այս զույգին նայելուց, որքան էլ անտարբեր, անուշադիր էին թվում դեպի այս զույգը, այսուամենայնիվ, չգիտես ինչու, երբեմն նրանց վրա նետվող հայացքներից զգացվում էր, որ թե՛ Սերգեյ Կուզմիչի մասին եղած անեկդոտը, թե՛ ծիծաղը, թե՛ ուտելիքները — բոլորը շինծու էին, և այդ ամբողջ հասարակության ողջ ուշադրությունն ուղղված էր միայն այդ զույգի՝ Պիեռի և Էլենի վրա։ Իշխան Վասիլին ներկայացնում էր Սերգեյ Կուզմիչի հեկեկանքը և միևնույն ժամանակ մի թեթև հայացք նետում աղջկա կողմը, ու այն ժամանակ, երբ նա ծիծաղում էր, նրա դեմքի արտահայտությունն ասում էր. «Այդպես, այդպես, ամեն ինչ չավ է գնում. հիմա ամեն ինչ կլուծվի»։ Աննա Պավլովնան սպառնաց նրան notre bon Viasmitinoff-ի համար, բայց նրա աչքերում, որոնք այդ վայրկյանին անցողակի նայեցին Պիեռին, իշխան Վասիլին կարդաց ապագա փեսայի և աղջկա երջանկության շնորհավորանքը։ Պառավ իշխանուհին, տխուր հոգոցով իր հարևանուհուն գինի առաջարկելով ու բարկացկոտ աղջկանը նայելով, այդ հոգոցով ասավ կարծես, այո, մեզ էլ ոչինչ չի մնում, եթե ոչ քաղցր գինի խմել, սիրելիս. հիմա այս երիտասարդների այդպես արձակ-համարձակ երջանիկ լինելու ժամանակն է։ «Բոլորը հիմար բան է, ինչ պատմում եմ, կարծես դա ինձ հետաքրքրում է,— մտածում էր դիվանագետը սիրահարների երջանիկ դեմքերին նայելով.— ա՛յ սա երջանկություն է»։
Այդ հասարակությունն իրար կապող մանր, չնչին ու արհեստական շահերի մեջ ընկել էր գեղեցիկ ու առողջ երիտասարդ տղամարդու և կնոջ դեպի միմյանց ձգտելու պարզ, հասարակ զգացմունքը։ Եվ մարդկային այդ զգացմունքը ճնշել էր ամեն ինչ ու սավառնում էր նրանց բոլոր արհեստական թոթովանքներից վեր։ Կատակներր զվարճալի չէին, նորությունները — անհետաքրքիր էին, կենդանությունը — ակներև շինծու։ Ոչ միայն նրանք, այլև սեղանին սպասավորող լաքեյները, թվում էր, որ զգում էին նույնը և մոռանում ծառայության կարգը, նայելով գեղեցկուհի Էլենի փայլուն դեմքին ու Պիեռի կարմիր, լեցուն, երջանիկ ու անհանգիստ երեսին։ Թվում էր մոմերի լույսերր նույնպես կենտրոնացած էին միայն այդ երկու երջանիկ դեմքերի շուրջը։
Պիեռն զգում էր, որ ամեն ինչի կենտրոնն ինքն է, ու այդ հանգամանքը թե՛ ուրախացնում և թե՛ ճնշում էր նրան։ Նա գտնվում էր ինչ-որ մի զբաղումի մեջ խորասուզված մարդու վիճակում։ Ոչ մի բան պարզ չէր տեսնում, չէր հասկանում և չէր լսում։ Երբեմն միայն հատուկենտ տպավորություններ և մտքեր էր ունենում։
«Ուրեմն ամեն ինչ վերջացա՜վ արդեն,— մտածում էր նա։— Եվ ինչպես եղավ այս բոլորը։ Այսքա՞ն շուտ։ Հիմա ես գիտեմ, ''սա'' ոչ միայն Էլենի համար, ոչ միայն ինձ համար, այլև բոլորի համար ''սա'' անխուսափելիորեն պետք է կատարվեր։ Նրանք բոլորն այնպես են սպասում ''սրան'', այնպես հավատացած են, թե դա կլինի, որ ես չեմ կարող, չեմ կարող խաբել նրանց։ Բայց ինչպե՞ս է լինելու։ Չգիտեմ. բայց կլինի, անպայման կլինի», մտածում էր Պիեռը, նայելով Էլենի՝ հենց իր աչքերի առաջ փայլող ուսերին։
Մեկ էլ հանկարծ ամաչում էր ինչ-որ մի բանից։ Անհարմար էր զգում, որ ինքը գրավել է բոլորի ուշադրությունը, որ ինքը բախտավոր է ուրիշների աչքում, որ ինքն իր տգեղ դեմքով ինչ-որ մի Պարիս է՝ Հեղինեին տիրացած։ «Բայց, երևի, այս բանը միշտ այսպես է լինում և այսպես է հարկավոր,— մխիթարում էր նա իրեն։— Բայց ես ի՞նչ եմ արել այս բանի համար։ Սա ե՞րբ սկսվեց։ Մոսկվայից մեկնեցի իշխան Վասիլիի հետ միասին։ Այստեղ դեռ ոչինչ չկար։ Հետո ինչո՞ւ նրա տանը չիջևանեի։ Հետո ես Էլենի հետ թուղթ խաղացի և բարձրացրի նրա ընկած ռիդիկյուլը, նրա հետ կառքով զբոսնելու գնացի։ Իսկ ե՞րբ սկսվեց սա, ե՞րբ կատարվեց այս բոլորը»։ Եվ ահա որպես փեսացու նստած է նրա կողքին. լսում, տեսնում, զզում է նրա մերձավորությունը, նրա շնչառությունը, նրա շարժումները, նրա գեղեցկությունը։ Մեկ էլ նրան թվում էր, թե ալդ Էլենը չէ, այլ նա ինքն է այդպես չտեսնված գեղեցիկ, և այդ է պատճառը, որ այնպես նայում են իրեն, և նա, ընդհանուր հիացումից երջանիկ, կուրծքն ուղղում է, գլուխը բարձրացնում և ուրախանում իր բախտավորության վրա։ Հանկարծ մի ձայն, մեկի ծանոթ ձայնը լսեց, որ երկրորդ անգամն արդեն ինչ-որր բան է ասում իրեն։ Բայց Պիեռն այնպես է զբաղված, որ չի հասկանում ի՛նչ են ասում իրեն։
— Հարցնում եմ, ե՞րբ ստացար Բալկոնսկու նամակը,— կրկնեց իշխան Վասիլին երրորդ անգամ։— Որքա՜ն ցրված ես, սիրելիս։
Իշխան Վասիլին ժպտում է, Պիեռը տեսնում է, որ բոլորը, բոլորը ժպտում են իր և Էլենի վրա. «Է, ինչ կա որ, եթե բոլորդ գիտեք»,— ասում էր Պիեռն ինքն իրեն։ «Է, ի՞նչ կա որ. ճիշտ է», և նա ինքն էլ ժպտում է իր հեզ, մանկական ժպիտով, Էլենն էլ է ժպտում։
— Բայց ե՞րբ ստացար նամակը։ Օլմյուցի՞ց էր ուղարկված,— կրկնում է իշխան Վասիլին, կարծես այդ բանը պետք է նրան վեճը լուծելու համար։
«Կարելի՞ է արդյոք խոսել ու մտածել այդտեսակ դատարկ բաների մասին», մտածում է Պիեռը։
— Այո, Օլմյուցից,— պատասխանում է նա հառաչելով։
Ընթրիքից հետո Պիեռն իր դամային մյուսների հետևից տարավ հյուրասրահ։ Հյուրերն սկսեցին ցրվել և ոմանք մեկնեցին առանց Էլենին մնաս բարև ասելու։ Կարծես չցանկանալով կտրել նրան իր լուրջ զբաղումից՝ ոմանք մոտենում էին մի վայրկյան և իսկույն հեռանում, չթողնելով, որ նա ուղեկցի իրենց։ Դիվանագետը հյուրասրահից դուրս եկավ տխուր լռությամբ։ Իր դիվանագիտական կարիերան ունայն բան էր թվում նրան՝ Պիեռի երջանկության հետ համեմատած։ Ծերունի գեներալը բարկացած քրթմնջաց կնոջ վրա, երբ նա հարցրեց իր ոտի դրության մասին։ «Է, տգեղ արարած,— մտածեց նա։— Այ, Ելենա Վասիլևնան հիսուն տարեկան էլ դառնա՝ գեղեցկուհի կմնա»։
— Կարծում եմ՝ կարող եմ ձեզ շնորհավորել,— շշնջաց Աննա Պավլովնան իշխանուհուն և պինդ համբուրեց նրան։— Եթե գլխացավս չլիներ՝ կմնայի։
Իշխանուհին ոչինչ չպատասխանեց, նրան տանջում էր աղջկա երջանկության նկատմամբ ունեցած նախանձը։
Պիեռը հյուրերին ճամփու դնելու միջոցին երկար մնաց Էլենի հետ մենակ՝ փոքրիկ հյուրասրահում նստած։ Նա առաջ էլ, վերջին ամիսուկեսվա ընթացքում, հաճախ մնում էր Էլենի հետ մենակ, բայց երբեք սիրո մասին չէր խոսում նրա հետ։ Այժմ զգում էր, որ դա անհրաժեշտ է, բայց ոչ մի կերպ չէր կարողանում այդ վճռական քայլն անել։ Ամաչում էր. նրան թվում էր, որ այստեղ, Էլենի կողքին ինքը գրավում է օտար մեկի տեղը։— Այս երջանկությունը քեզ համար չէ,— ասում էր նրան մի ներքին ձայն։ Այս երջանկությունը նրանց համար է, ովքեր չունեն ա՛յն, ինչ որ դու ունես։ Բայց պետք էր մի բան ասել, և նա ասավ։ Հարցրեց Էլենից, թե գո՞հ է արդյոք այսօրվա երեկույթից։ Էլենն իր սովորական պարզությամբ պատասխանեց, թե այս վերջին տոնախմբությունն իր համար ամենահաճելիներից մեկն էր։
Մերձավոր հարազատներից մի քանիսը դեռ մնացել էին մեծ հյուրասրահում նստած։ Իշխան Վասիլին ծույլ քայլերով մոտեցավ Պիեռին։ Պիեռը վերկացավ և նկատեց, թե ուշ է արդեն։ Իշխան Վասիլին խստությամբ ու հարցականորեն նրան նայեց, կարծես Պիեռի ասածն այնքան օտարոտի բան էր, որ չէր կարելի լսել անգամ։ Բայց խստության արտահայտությունն իսկույն փոխվեց, և իշխան Վասիլին Պիե ի թևքը ձգելով, նստեցրեց նրան ու սիրալիր ժպտաց։
— Հը, ի՞նչ կա, Լելյա,— դարձավ նա անմիջապես աղջկան, սովորական քնքշության այն անփույթ տոնով, որ յուրացնում են ծնողները՝ երեխաներին մանկությունից գուր-գուրելով, բայց իշխան Վասիլին այդ տոնը յուրացրել էր ուրիշ ծնողների ընդօրինակելով:
Եվ նա նորից Պիեռին դարձավ.
— ''Սերգեյ Կուզմիչ, ամեն կողմից'',— ասավ նա, ժիլետի վերին կոճակն արձակելով։
Պիեռը ժպտաց, և նրա այդ ժպիտից երևաց, թե հասկանում է, որ այդ միջոցին Սերգեյ Կուզմիչի անեկդոտը չէր, որ հետաքրքրում էր իշխան Վասիլիին, իշխան Վասիլին էլ հասկացավ, որ Պիեռն ըմբռնեց այդ, և հանկարծ, ինչ-որ վրա տալով, դուրս եկավ։ Պիեռին թվաց, թե անգամ իշխան Վասիլին շփոթված է։ Եվ այդ խստաբարո աշխարհիկ մարդու շփոթված տեսքը հուզեց Պիեռին. նայեց Էլենին — նա էլ, կարծես, շփոթված էր, բայց նայվածքն ասում էր. «ինչ կա որ, դուք ինքներդ եք մեղավոր»։
«Պետք է անպատճառ սահմանագիծն անցնել, բայց չեմ կարող, չեմ կարող», մտածեց Պիեռը, և նորից խոսեց կողմնակի նյութերի մասին, Սերգեյ Կուզմիչի մասին, հարցնելով, թե ի՛նչ էր այդ անեկդոտի իմաստը, որովհետև ինքը չի լսել։ Էլենը ժպտալով պատասխանեց, թե ինքը նույնպես չգիտի։
Երբ իշխան Վասիլին հյուրասրահ վերադարձավ, իշխանուհին մի տարիքոտ կնոջ հետ կամացուկ խոսում էր Պիեռի մասին։
— Իհարկե, c’est un parti très brillant, mais le bonheur, ma chère…<ref>Իհարկե, շատ փայլուն զույգ է, բայց երջանկությունը, սիրելիս…։</ref>
— Les mariages se font dans les cieux<ref>Ամուսնությունները կատարվում են երկնքում։</ref>,— պատասխանեց տարիքոտ կինը։
Իշխան Վասիլին, իբր թե կանանց չլսելով, գնաց նստեց անկյունի բազմոցին։ Աչքերը փակեց ննջողի պես։ Հանկարծ գլուխը հակեց, և նա աչքերը բաց արավ։
— Aline,— ասավ նա կնոջը,— allez voir, ce qu’ils font.<ref>Ալինա, գնա տես ի՛նչ են անում։</ref>
Իշխանուհին մոտեցավ դռանը, անտարբեր անցավ նրա մոտով ու մի հայացք նետեց փոքրիկ հյուրասրահի ներսը։ Պիեռն ու Էլենը առաջվա պես նստած զրուցում էին։
— Նույն դրությունն է,— պատասխանեց նա մարդուն։
Իշխան Վասիլին հոնքերը կիտեց, բերանը ծռեց մի կողմ, այտերը ցնցվեցին անհաճո ջղաձգությամբ, և նա ինքն իրեն թափահարելով, վեր կացավ ու, գլուխը ետ գցած վճռական քայլերով, կանանց մոտով, անցավ-գնաց փոքրիկ հյուրասրահը։ Փութկոտ քայլերով մոտեցավ Պիեռին մի այնպիսի չտեսնված հանդիսավոր կերպարանքով, որ Պիեռը, նրան տեսնելով, վախեցած ոտի կանգնեց։
— Փա՜ռք աստծո,— ասավ նա։— Կինս բոլորը պատմեց։— Նա մի ձեռով գրկեց Պիեռին, մյուսով աղջկան։— Լելյա, սիրելիս։ Ես շա՛տ, շատ ուրախ եմ։— Նրա ձայնը դողաց։— Պիեռ, ես սիրում էի հորդ… Էլենը քեզ համար լավ կին կլինի… Թո՜ղ աստծու օրհնությունը ձեզ վրա լինի…
Նա գրկեց աղջկան, հետո նորից Պիեռին ու համբուրեց նրան վատ հոտ արձակող բերանով։ Եվ արցունքներն, իրոք թրջեցին նրա այտերը։
— Իշխանուհի, արի այստեղ,— ձայն տվեց նա։
Իշխանուհին ներս մտավ և նույնպես արտասվեց։ Տարիքոտ կինն էլ թաշկինակը տարավ դեպի աչքերը։ Պիեռին համբուրեցին, և նա ինքն էլ մի քանի անգամ համբուրեց գեղեցկուհի Էլենի ձեռը։ Փոքր անց նրանց նորից թողին մենակ։
«Այս բոլորն այսպես էլ պիտի լիներ և ուրիշ կերպ էլ չէր կարող լինել,— մտածում էր Պիեռը,— ուստի ավելորդ է հարցնել լա՞վ է այս թե վատ։ Լավ է, որովհետև որոշ, է, և առաջվա տանջող կասկածը չկա»։ Պիեռն անխոս բռնել էր հարսնացուի ձեռը և նայում էր նրա բարձրացող ու իջնող գեղեցիկ կրծքին։
— Էլեն,— ասավ բարձրաձայն ու կանգ առավ։
«Այսպիսի դեպքում մի ինչ-որ առանձին բան են ասում», մտածեց նա, բայց ոչ մի կերպ չկարողացավ հիշել, թե իսկապես ինչ են ասում այդպիսի դեպքերում։ Նայեց Էլենի դեմքին։ Էլենը՝ շիկնած դեմքով ավելի մոտեցավ նրան։
— Ա՜հ, վերցրեք այդ… այդ…— նա ցույց տվեց ակնոցը։
Պիեռն ակնոցը վերցրեց, և նրա աչքերը, ակնոցը վերցրած մարդկանց աչքերի տարօրինակ արտահայտությունից զատ, վախեցած հարցական նայվածք ունեին։ Նա ուզեց կռանալ համբուրել Էլենի ձեռը. բայց Էլենը գլխի արագ ու մոլեգին շարժումով շուրթերը հպեց Պիեռի շրթունքներին։
Նրա դեմքը՝ իր փոխված ու անհաճո-ցրված արտահայտությամբ զարմացրեց Պիեռին։
«Այժմ արդեն ուշ է, ամեն ինչ վերջացած է, ես էլ արդեն սիրում եմ նրան»,— մտածեց Պիեռը։
— Je vous aime!<ref>Ես ձեզ սիրում եմ։</ref>,— ասավ նա, հիշելով, վերջապես, թե ինչ պիտի ասել այդպիսի դեպքերում. բայց այդ խոսքերը հնչեցին այնպես հասարակ, որ ինքն իրենից ամաչեց։
Ամիս ու կես հետո Պիեռը պսակվեց և, ինչպես ասում էին, իբրև գեղեցիկ կնոջ ու միլիոնների երջանիկ տեր, բնակություն հաստատեց կոմս Բեզուխովների Պետերբուրգի մեծ՝ նոր միայն նորոգված տանը։
=== III ===
Ծերունի իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկին 1805 թվի դեկտեմբերին՝ իշխան Վասիլիից մի նամակ ստացավ, որով նա տեղեկացնում էր, թե որդու հետ միասին գալիս է. («Ես գնում եմ վերստուգության և, իհարկե, հարյուր վերստն ինձ համար ավելորդ ճանապարհ չէ, որպեսզի այցելեմ ձեզ, հարգելի բարերարս, գրում էր նա,— ինձ ուղեկցում է և Անատոլ որդիս, որ բանակ է գնում, և հույս ունեմ, որ թույլ կտաք իրեն անձամբ արտահայտելու այն խորին հարգանքը, որը նա, հորը հետևելով, տածում է դեպի ձեզ»)։
— Ահավասիկ, Մարիային էլ մայրաքաղաքները տանելու կարիք չկա. փեսացուներն իրենք են մեզ մոտ գալիս,— անզգուշաբար ասավ փոքրիկ իշխանուհին, այդ լուրը լսելով։
Իշխան նիկոլայ Անդրեևիչը դեմքը կնճոեց և ոչինչ չասավ։
Նամակն ստանալուց երկու շաբաթ հետո, մի երեկո, առաջուց եկան իշխան Վասիլիի սպասավորները, իսկ հետևյալ օրն եկան ինքն ու որդին։
Ծերունի Բալկոնսկին առհասարակ բարձր կարծիք չուներ իշխան Վասիլիի նկարագրի մասին, մանավանդ վերջին ժամանակներս, երբ իշխան Վասիլին նոր թագավորներ Պավելի և Ալեքսանդրի օրոք շատ առաջ էր գնացել և բարձր աստիճանների ու պատիվների արժանացել։ Իսկ այժմ, նամակի և փոքրիկ իշխանուհու ակնարկներից հասկացավ նրա գալու նպատակը, և նրա մասին ունեցած ոչ բարձր կարծիքը իշխան Նիկոլայ Անդրեևիչի սրտում փոխվեց անբարյացակամ արհամարհանքի։ Նրա մասին խոսելիս՝ նա շարունակ փնչացնում էր։ Իսկ իշխան Վասիլիի գալու օրն առանձնապես դժգոհ էր և վատ տրամադրության մեջ։ Արդյոք նրանի՞ց էր վատ տրամադրության մեջ, որ իշխան Վասիլին գալիս էր, թե նրա գալուց առանձնապես դժգոհ էր, որովհետև տրամադրությունը վատ էր. այսպես թե այնպես նրա տրամադրությունը տեղը չէր, և Տիխոնը դեռ առավոտը ճարտարապետին խորհուրդ չտվեց իշխանի սենյակը մտնել՝ զեկուցում տալու։
— Լսո՞ւմ եք, ինչպես է քայլում,— ասավ Տիխոնը, ճարտարապետի ուշադրությունը իշխանի քայլերի վրա հրավիրելով։— Կրունկների վրա է քայլում — ես արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում…
Սակայն, սովորականի պես, ժամը իննին իշխանը դուրս եկավ զբոսնելու՝ կզաքիսի փափախը դրած և նույն մորթե օձիքով թավշյա կիսամուշտակը հագած։ Գիշերը ձյուն էր եկել։ Ճանապարհը, որով իշխան Նիկոլայ Անդրեյիչը գնում էր դեպի ջերմոցը, մաքրված էր, ավելի հեքերն երևում էին սրբած ձյունի վրա, և թին խրված էր փխրուն ձյունի կիտուկի մեջ, որ բռնել էր ճանապարհի երկու կողմը։ Իշխանը հոնքերը կիտած ու անխոս անցավ դիտեց ջերմոցներն ու նոր կառուցվող շենքերը։
— Իսկ սահնակով կարելի է ճամփա գնալ,— հարցրեց նա մինչև տունն իրեն ուղեկցող պատվելի դեմքով և շարժ ու ձևերով տանտիրոջ նմանող կառավարչին։
— Խոր ձյուն է, ձերդ պայծառափայլություն։ Ես արդեն կարգադրեցի ծառուղին մաքրեն։
Իշխանը գլուխն իջեցրեց ու մոտեցավ պատշգամբին։
«Փա՛ռք քեզ, աստված,— մտածեց կառավարիչը,— փոթորիկն անցավ»։
— Մեծ դժվարությամբ առաջ գնացինք, ձերդ պայծառափայլություն,— ավելացրեց քառավարիչը։— Լսեցի՞ք, ձերդ պայծառափայլություն, որ մինիստր է գալիս ձերդ պայծառափայլության մոտ։
Իշխանը երեսը դարձրեց դեպի կառավարիչը և կիտած հոնքերի տակից նայեց, նրան։
— Ի՞նչ։ Մինի՞ստր։ Ի՞նչ մինիստր։ Ո՞վ է թույլ տվել,— խոսեց նա իր ծղրտան, կոշտ ձայնով։— Ճանապարհը իշխանադստեր, իմ աղջկա համար չեք մաքրել, այլ մինիստրի՜ համար։ Ես մինիստրներ չե՛մ ճանաչում։
— Ձերդ պայծաոափայլություն, ես կարծեցի…
— Դու կարծեցի՜ր,— պռռաց իշխանը, խոսքերն հետզհետե արագ ու անկապ արտասանելով։— Դու կարծեցիր… Ավազակնե՜ր, սրիկանե՜ր… Ես քեզ կարծել կսովորեցնեմ,— և ձեռնափայտը բարձրացնելով՝ վրա բերեց Ալպատիչի գլխին, ու կխփեր, անշուշտ, եթե կառավարիչն ակամա խույս չտար հարվածից։— Կարծեցի՜… Անզգամնե՜ր,— շտապ-շտապ պոռաց նա։ Բայց, չնայած որ, Ալպատիչն, ինքն իր հանդգնությունից վախեցած (որ խույս տվեց հարվածից), մոտեցավ իշխանին, ճաղատ գլուխը հնազանդորեն իջեցրեց նրա առաջ, թե գուցե այդ իսկ պատճառով՝ իշխանը, շարունակելով «անզգամներ» գոռալ, փայտն էլ չբարձրացրեց ու իրեն գցեց ներս՝ տուն։
Ճաշից առաջ իշխանադուստրն ու m-lle Բուրիենը, իմանալով, որ իշխանի տրամադրությունը վատ է, կանգնած սպասում էին նրան, m-lle Բուրիենի փայլող դեմքը կարծես ասում էր. «Ես ոչինչ չգիտեմ. նույնն եմ, ինչպես միշտ». իսկ իշխանադուստր Մարիան՝ գունատ էր, վախեցած և աչքերը ցած խոնարհած։ Իշխանադուստր Մարիայի համար ամենից ծանրն այն էր, որ նա գիտեր, թե այդպիսի դեպքերում պետք է վարվել m-lle Բուրիենի պես, բայց չէր կարողանում այդ անել։ Նրան թվում էր. «այնպես անեմ, որ իբր թե չեմ նկատում, կկարծի թե իրեն չեմ կարեկցում. իսկ եթե ցույց տամ, որ ինքս տխուր եմ ու վատ տրամադրության մեջ, նա կասի (ինչպես և մի անգամ եղավ), թե քիթս կախել եմ», և այլն։
Իշխանը նայեց աղջկա երկյուղած դեմքին ու փնչացրեց.
— Հիմա՛ր…— ասավ նա։
«Նա էլ չկա՛, երևի նրան էլ պատմել են», մտածեց փոքրիկ իշխանուհու մասին, որ սեղանատանը չէր։
— Իսկ իշխանուհին ո՞ւր է,— հարցրեց նա։— Թաքնվե՞լ է…
— Մի քիչ հիվանդ է,— զվարթ ժպտալով պատասխանեց m-lle Բուրիենը,— այսօր ճաշին չի գա։ Եվ այդ հասկանալի է նրա դրության մեջ։
— Հըմ, հը՜մ,— ասավ իշխանն ու սեղան նստեց։
Ափսեն անմաքուր թվաց նրան. բիծը ցույց տվեց ու նետեց մի կողմ։ Տիխոնը բռնեց ու տվեց բուֆետապահին։ Փոքրիկ իշխանուհին անառողջ չէր. բայց այն աստիճան անհաղթահարելի կերպով վախենում էր իշխանից, որ լսելով թե նրա տրամադրությունը վատ է, որոշեց սեղանատուն չգնար
— Ես երեխայի համար եմ վախենում,— ասավ նա m-lle Բուրիենին,— աստված գիտի ինչ կարող է պատահել վախից։
Առհասարակ փոքրիկ իշխանուհին Լիսիե Գորիում ապրում էր միշտ վախը սրտում ու հակակրանք էր զգում դեպի իշխանը, որն ինքը չէր գիտակցում, որովհետև վախն այնքան էր գերակշռում, որ նա այդ բանը չէր կարողանում զգալ։ Հակակրանքի զգացում ուներ և իշխանը, բայց արհամարհանքը խլացնում էր այն։ Փոքրիկ իշխանուհին առանձնապես համակրում էր m-lle Բուրիենին, օրերն անցնում էր նրա հետ, խնդրում էր նրան գիշերել իր սենյակում և հաճախ նրա հետ խոսում էր սկեսրայրի մասին ու քննադատում նրան։
— II nous arrive du monde, mon prince<ref>Մեզ մոտ հյուրեր են գալիս, իշխան։</ref>,— ասավ m-lle Բուրիենը, իր վարդագույն ձեռներով ճերմակ անձեռոցիկը բանալով։— Son excellence le prince Kouraguine aves son fils, à ce que j’ai entendu dire?<ref>Նորին պայծառափայլություն իշխան Կուրագի՞նը որդու հետ, որքան լսեցի։</ref>— հարցականորեն ասավ նա։
— Հըմ… այդ excellence-ը չնչին տղա է… ես եմ նրան կոլեգիայի մեջ ընդունել տվել,— ասավ իշխանը վիրավորված։— Իսկ որդին ինչո՛ւ համար է, հասկանալ չեմ կարողանում։ Իշխանուհի Լիզավետա Կառլովնան և իշխանադուստր Մարիան, գուցե, գիտեն, ես չգիտեմ ինչու համար է որդուն բերում այստեղ։ Նա ինձ հարկավոր չէ։— Եվ նա նայեց կաս-կարմիր կտրած աղջկան։— Հիվա՞նդ ես, ինչ է։ Մինիստրի երկյուղից, ինչպես քիչ առաջ այդ հիմար Ալպատիչն ասավ։
— Ոչ, mon père.
Որքան էլ m-lle Բուրիենը խոսակցության անաջող նյութ ընտրեց, նա այնուամենայնիվ կանգ չառավ և շարունակեց շաղակրատել ջերմոցների մասին, նոր բացվող ծաղկի գեղեցկության մասին, և իշխանն արգանակից հետո մեղմացավ։
Ճաշից հետո նա գնաց հարսի սենյակը։ Փոքրիկ իշխանուհին պստիկ սեղանի մոտ նստած խոսում էր սպասուհի Մաշայի հետ։ Սկեսրայրին տեսնելով՝ իշխանուհին գունատվեց։
Փոքրիկ իշխանուհին շատ էր փոխվել։ Նա այժմ ավելի տգեղ էր, քան գեղեցիկ։ Այտերը կախ էին ընկել, շուրթը բարձրացել էր վեր, աչքերը փոս էին ընկել։
— Այո, մի տեսակ ծանրություն,— պատասխանեց նա իշխանի այն հարցին, թե ի՛նչ է զգում։
— Որևէ բան հարկավո՞ր չէ։
— Ոչ, merci, mon père։
— Դե, լավ, լավ։
Նա դուրս եկավ և գնաց մինչև սպասասրահը։ Ալպատիչը, գլուխը կախ, կանգնած էր այդտեղ։
— Ձյունը շաղ տվի՞ք ճանապարհի վրա։
— Այո, ձերդ պայծառափայլություն. ներեցեք, ի սեր աստծո, այդ եղել է հիմարությամբ։
Իշխանն ընդհատեց նրան ու ծիծաղեց իր անբնական ծիծաղով։
— Դե, լավ, լավ։
Նա երկարեց ձեռը, որն Ալպատիչը համբուրեց, և իշխանը մտավ իր առանձնասենյակը։
Երեկոյան եկավ իշխան Վասիլին։ Ծառուղում նրան դիմավորեցին կառապաններն ու սպասավորները և նրա սայլակն ու սահնակը աղմուկով, դիտմամբ ձյուն շաղ տված ճանապարհով բերին մինչև տան թևակը։
Իշխան Վասիլիին ու Անատոլիին առանձին սենյակներ հատկացրին։
Անատոլը կամզոլը հանած և ձեռները մեջքին կանթած նստել էր սեղանի առաջ, որի անկյունին և սևեռել էր իր գեղեցիկ խոշոր աչքերը։ Նա իր ամբողջ կյանքը համարում էր մի անընդհատ զվարճություն, որ ինչ-որ մեկը, չգիտես ինչու, պարտավորվել էր սարքել նրա համար։ Այդպես էլ պատկերացնում էր իր այս ճամփորդությունը և այցելությունը չար ծերուհուն և նրա հարուստ ու տգեղ ժառանգուհուն։ Այս ամենը, նրա ենթադրությամբ, կարող էր շատ լավ և զվարճալի ընթացք ունենալ։ Եվ ինչո՞ւ չպսակվել, երբ այդ իշխանադուստրը հարուստ է։ Դա բնավ չի խանգարում, մտածեց Անատոլը։
Նա ածիլվեց, խնամքով ու պճնասիրությամբ օծվեց բուրավետ օծանելիքներով և իր բնածին րարեհոգի-հադթական արտահայտությամբ, գեղեցիկ գլուխը բարձր բռնած՝ գնաց հոր սենյակը։ Իշխան Վասիլիի երկու սենեկապահը խնամքով հագցնում էին նրան. նա ինքն եռանդով շուրջն էր նայում. զվարթությամբ գլխով արավ ներս մտնող որդուն, որ կարծես ասելիս լիներ. «Այդպե՜ս, դու ինձ այդպես էլ պետք ես»։
— Չէ, հայրիկ, առանց կատակի, շա՞տ է տգեղ։ Հը՞,— հարցրեց նա, կարծես շարունակելով մի խոսակցություն, որ ճանապարհին շատ անգամ էին ունեցել։
— Հերիք է։ Հիմարություն է։ Գլխավորը — աշխատիր հարգալից ու խոհեմ լինել ծեր իշխանի հետ։
— Եթե հանդիմանի՝ կթողնեմ-կերթամ,— ասավ Անատոլը։— Ես այդ ծերունիներին տանել չեմ կարող։ Հը՞։
— Հիշիր, որ քո վարքից է կախված ամեն ինչ։
Այդ միջոցին աղջկանոցում ոչ միայն մինիստրի ու նրա որդու գալն էր հայտնի, այլև նրանց արտաքինն արդեն մանրամասնորեն նկարագրված էր։ Իշխանադուստր Մարիան մենակ նստել էր իր սենյակում և իզուր աշխատում էր զսպել-հաղթահարել իր ներքին հուզումը։
«Ինչո՞ւ էին գրում, ինչո՞ւ Լիզան ասավ ինձ այդ մասին։ Չէ որ այդ բանը չի կարող գլուխ գալ,— ասում էր նա ինքն իրեն, հայելուն նայելով։— Էլ ինչպե՞ս գնամ հյուրասրահ։ Եթե անգամ նա ինձ դուր գա, ես չեմ կարող այժմ նրա հետ անկեղծ լինել»։ Սակայն հոր նայվածքը հիշելով միայն սարսափ էր զգում։
Փոքրիկ իշխանուհին և m-lle Բուրիենը բոլոր հարկավոր տեղեկություններն արդեն ստացել էին սպասուհի Մաշայից, թե որքան կարմրերես, սևահոն գեղեցիկ տղամարդ է մինիստրի որդին, թե ինչպես հայրը ոտները հազիվ էր փոխել աստիճանները բարձրանալիս, իսկ որդին, արծվի պես, երեք աստիճան միանգամից էր անցել։ Այս տեղեկություններն ստանալով, փոքրիկ իշխանուհին ու m-lle Բուրիենը, դեռ միջանցքում եռանդուն խոսակցելով, մտան իշխանադստեր սենյակը։
— Ils sont arrivés, Marie<ref>Նրանք եկան, Մարի։</ref>, գիտե՞ք,— ասավ փոքրիկ իշխանուհին, փորը դժվարությամբ շարժելով և ծանրորեն բազկաթոռ նստելով։
Նա այլևս առավոտյան հագուստով չէր. հագել էր իր ամենալավ զգեստներից մեկը, գլուխը հարդարել էր խնամքով, իսկ դեմքը փայլում էր մի առանձին կենդանությամբ, որի տակից, սակայն, երևում էին նրա ավրված ու քարացած դիմագծերը։ Այդ հագուստի մեջ, որով սովորաբար լինում էր նա Պետերբուրգի աշխարհիկ շրջաններում, ավելի ևս նկատելի էր, թե որքան շատ է տգեղացել նա։ M-lle Բուրիենի վրա նույնպես երևացել էր հագուստի աննկատելի բարելավում, որը նրա սիրունիկ, թարմ դեմքին ավելի շատ հմայք էր տալիս։
— Eh bien, et vous restez comme vous êtes, chère princesse? — խոսեց նա։— On va venir annoncer, que ces messieurs sont au salon; il faudra descendre, et vous ne faites pas un petit brin de toilette!<ref>Է իսկ դուք մնալո՞ւ եք ձեր հագի զգեստներով, իշխանադուստր։ Հիմա կգան կհայտնեն, թե սեղանատուն են եկել։ Ստիպված պիտի լինենք ցած իջնել, իսկ դուք գոնե մի քիչ զարդարվեիք։</ref>
Փոքրիկ իշխանուհին վեր կացավ տեղից, զանգահարեց սպասուհուն և ուրախ-զվարթ սկսեց մտածել, թե ինչպես հագցնի իշխանադուստր Մարիային։ Իշխանադուստր Մարիան իր սեփական արժանապատվության զգացումը վիրավորված էր համարում, որ խոստացված փեսացուի գալուստը հուզեց իրեն, և էլ ավելի վիրավորված էր նրանից, որ իր երկու ընկերուհին չէին էլ ենթադրում, թե դա այլ կերպ կարող է լինել։ Ասեր նրանց, թե ամոթ է զգում իր և նրանց համար, նշանակում է մատնել իր հուզումը. բացի դրանից՝ հրաժարվեր առաջարկված հագուստներից՝ դա առիթ կտար երկար ու բարակ կատակների ու թախանձանքների։ Նա կարմրեց, գեղեցիկ աչքերը հանգան, դեմքը ծածկվեց բծերով և նա, զոհաբերվողի այն ոչ գեղեցիկ արտահայտությամբ, որ հաճախ լինում էր նրա դեմքին, անձնատուր եղավ m-lle Բուրիենին ու Լիզային։ Այդ երկու կինն էլ ''միանգամյան անկեղծորեն'' աշխատում էին գեղեցկացնել նրան։ Նա այնքան տգեղ էր, որ ոչ մեկը չէր կարող մտածել հետը մրցելու մասին, ուստի նրանք միանգամայն անկեղծորեն, կանացի միամիտ ու հաստատուն համոզումով, թե հագուստը գեղեցկություն է տալիս դեմքին, սկսեցին հագցնել նրան։
— Ոչ, ma bonne amie, այս հագուստը լավ չէ,— ասում էր Լիզան, հեռվից, կողքանց իշխանադստերը զննելով։ Դու այնտեղ մուգ կարմիր զգեստ ունես, ասա՛ թող բերեն։ Իսկապես։ Գուցե և այսօր վճռվում է բախտդ։ Սա չափազանց պայծառ է. լավ չէ. ոչ, վատն է։
Վատը ոչ թե հագուստն էր, այլ իշխանադստեր դեմքն ու կազմվածքը, բայց m-lle Բուրիենն ու փոքրիկ իշխանուհին այդ չէին զգում. նրանց շարունակ թվում էր, թե եթե վերև սանրած մազերին երկնագույն ժապավեն կապեին, և եթե կինամոնագույն հագուստի վրայից մի երկնագույն շարֆ իջեցնեին և այլն, այդ դեպքում ամեն ինչ լավ կլիներ։ Նրանք մոռանում էին, որ ահաբեկված դեմքն ու կազմվածքը չէր կարելի փոխել, ուստի և որքան էլ ձևափոխում էին այդ դեմքի շրջանակն ու զարդարանքը, դեմքն ինքը մնում էր ողորմելի ու տգեղ։ Երկու թե երեք փոփոխությունից հետո, որին իշխանադուստրը համակերպեց հլությամբ, երբ նրա մազերը սանրեցին դեպի վեր (ինչ որ բոլորովին փոխեց ու փչացրեց նրա դեմքը), երբ նա հագավ մուգ կարմիր զգեստը՝ երկնագույն շարֆով հանդերձ, փոքրիկ իշխանուհին մի երկու անգամ պտտվեց նրա շուրջը, փոքրիկ ձեռով ուղղեց զգեստի ծալքը, շարֆը և, գլուխը թեքելով, դիտեց մերթ այս, մերթ մյուս կողմից։
— Ոչ, այս չի կարելի,— ասավ նա ձեռներն իրար զարկելով։— Non, Marie, décidément ça ne vous va pas. Je vous aime mieux dans votre petite robe grise de tous les jours. Non, de grâce, faites cela pour moi.<ref>Ոչ։ Մարի, սա քեզ բոլորովին չի սազում։ Ես քեզ քո ամենօրյա մոխրագույն շրջազգեստով ավելի եմ սիրում, խնդրում եմ, այդ բանն արա ինձ համար։</ref> Կատյա,— ասավ նա սպասուհուն,— գնա իշխանադստեր մոխրագույն զգեստը բեր, և հիմա կտեսնեք, m-lle Բուրիեն, թե ինչպես կհարմարեցնեմ,— ասավ նա արտիստական հաճույքը նախաճաշակողի ժպիտով։
Բայց երբ Կատյան պահանջված հագուստը բերեց, իշխանադուստր Մարիան անշարժ հայելու աոջև նստած, նայում էր իր դեմքին, մեկ էլ նկատեց, որ աչքերը լցվել են արցունքով, բերանը դողում է, պատրաստվելով հեկեկալ։
— Voyons, chère princesse,— ասավ m-lle Բուրիենը,— encore un petit effort.<ref>Դե, սիրելի իշխանադուստր, դիմացեք մի փոքր էլ։</ref>
Փոքրիկ իշխանուհին, շրջազգեստն սպասուհու ձեռից առնելով, մոտեցավ Մարիային։
— Ոչ, հիմա կանենք բոլորովին պարզ կերպով,— ասավ նա։
Նրա, m-lle Բուրիենի և Կատյայի (որ ծիծաղում էր ինչ-որ բանի վրա) ձայները միախառնվեցին մի ուրախ թո թովանքի մեջ, Որ նման էր թռչունների գեղգեղանքի։
— Non, laissez-moi<ref>Ոչ, թողեք ինձ։</ref>,— ասավ իշխանադուստրը։
Եվ նրա ձայնը հնչեց այնպես լուրջ և տառապանքի այնպիսի շեշտով, որ թռչունների գեղգեղանքն իսկույն լռեց։ Նայեցին նրա արցունքով ու մտածումներով լեցուն աչքերին, որոնք աղերսանքով հառել էր իրենց վրա, և հասկացան, որ անօգուտ և նույնիսկ անգթություն է պնդելը։
— Au moins changez de coiffure,— ասավ փոքրիկ իշխանուհին։— Je vous disais,— հանդիմանանքով ասավ նա, m-lle Բուրիենին դառնալով։— Marie a une de ces figures, auxquelles ce genre de coiffure ne va pas du tout. Mais du tout, du tout, Changez de grâce.<ref>Գոնե մազերի սանրվածքը փոխեցեք։ Մարիայի դեմքն այնպիսի դեմքերից է, որոնց այդ ձևի սանրվածքը չի սազում։ Փոխեցեք, խնդրեմ։</ref>
— Laissez-moi, laissez-moi, tout ça m’est parfaitement égal<ref>Թողեք ինձ, միևնույն է ինձ համար։</ref>,— պատասխանեց արցունքները դժվարությամբ զսպող իշխանադուստրը։
M-lle Բուրիենը և փոքրիկ իշխանուհին ստիպված էին խոստովանել իրենք իրենց, որ իշխանադուստր Մարիան այդ կերպ ավելի տգեղ էր, քան երբևէ, բայց արդեն ուշ էր։ Իշխանադուստրը նայեց նրանց՝ մտածումների ու տխրության մի արտահայտությամբ, որ ծանոթ էր նրանց և վախ չէր ներշնչում իշխանադուստր Մարիայի հանդեպ։ (Նա այդպիսի զգազում չէր ներշնչում և ոչ ոքի)։ Բայց գիտեին, որ երբ այդ արտահայտությունը երևում է նրա դեմքին, նա դառնում է լռակյաց և իր որոշումների մեջ անհողդողդ։
— Vous changerez, n’est-ce pas<ref>Դուք կփոխեք, այնպես չէ՞։</ref>,— ասավ Լիզան, և երբ իշխանադուստրը չպատասխանեց, Լիզան դուրս եկավ սենյակից։
Իշխանադուստրը մնաց մենակ։ Նա Լիզայի ցանկությունը չկատարեց. ոչ միայն գլխի սանրվածքը չփոխեց, այլև հայելուն չնայեց։ Նա, աչքերը խոնարհելով և ձեռներն անզոր ցած կախելով, մնաց անխոս ու մտածկոտ նստած։ Նրան պատկերացավ ամուսինը, մի տղամարդ, ուժեղ, գերիշխող և անըբռնելիորեն գրավիչ մի էակ, որը հանկարծ փոխադրում է նրան իր, միանգամայն այլ, երշանիկ աշխարհը։ ''Իր'' երեխան (այնպիսի մի երեխա, որ երեկ տեսավ ստնտուի աղջկա գրկին) պատկերանում էր նրան իր սեփական կրծքին։ Ամուսինը կանգնել ու քնքշությամբ նայում է իրեն ու երեխային։ «Բայց ոչ, դա անհնարին բան է. ես չափազանց տգեղ եմ»,— մտածեց նա։
— Համեցեք թեյի։ Իշխանը հիմա դուրս կգա,— ասավ սպասուհին դռան ետևից։
Իշխանադուստրն սթափվեց ու սարսափեի իր մտածումներից։ Եվ նախքան ցած իջնելը, նա վեր կացավ, անցավ սրբապատկերներով զարդարված աղոթասենյակն ու, աչքերը սևեռելով կանթեղի լույսով լուսավորված փրկչի խոշոր սրբապատկերին, ձեռները ծալած մնաց մի քանի րոպե կանգնած։ Տանջող մի կասկած կար նրա հոգում։ Իր համար հնարավո՞ր է արդյոք սիրո խնդրում, երկրային սեր դեպի տղամարդը։ Ամուսնության մասին մտածելով՝ իշխանադուստրը երազում էր և ընտանեկան երջանկություն և երեխաներ, քայց նրա գլխավոր, զորավոր ու թաքուն երազը՝ երկրային սերն էր։ Այդ զգացմունքն այնքան ավելի էր սաստկանում, որքան ավելի էր աշխատում թաքցնել ուրիշներից և անգամ իրենից։ «Աստված իմ,— ասում էր նա,— ինչպե՞ս անեմ, որ սրտումս ճնշեմ այս սատանայական մտքերը։ Ինչպես անեմ, որ ընդմիշտ հրաժարվեմ չար մտքերից, որպեսզի հանգիստ սրտով կատարեմ քո կամքը»։ Հազիվ էր նա այդ հարցը տվել, երբ աստված արդեն պատասխանեց նրան իր սեփական սրտում. «Ոչինչ մի՛ ցանկա քեզ համար, մի՛ որոնիր, մի՛ հուզվիր, մի՛ նախանձիր։ Մարդկանց ապագան ու քո ճակատագիրը պետք է անհայտ մնա քեզ. բայց ապրիր այնպես, որ պատրաստ լինես ամեն ինչի։ Եթե աստծուն հաճելի լինի փորձել քեզ ամուսնության պարտականությանց մեջ, պատրաստ եղիր կատարելու նրա կամքը»։ Այս հանգստացուցիչ մտքով (բայց և այնպես իր արգելված, թաքուն երկրային երազանքի իրագործման հույսով) իշխանադուստր Մարիան, հոգոց քաշելով, խաչակնքեց երեսն ու ցած իջավ, չմտածելով ոչ շրջազգեստի, ոչ մազերի սանրվածքի մասին, ոչ էլ այն մասին, թե ինչպես պիտի ներս մտնի և ինչ պիտի ասի։ Այս բոլորն ինչ նշանակություն ունեն աստծու նախասահմանության հետ համեմատած, առանց որի կամքի մի հատիկ մազ չի ընկնում մարդու գլխից։
=== IV ===
Երբ իշխանադուստր Մարիան ցած իջավ՝ իշխան Վասիլին ու որդին արդեն հյուրասրահում զրուցում էին փոքրիկ իշխանուհու և m-lle Բուրիենի հետ։ Երբ նա իր ծանր քայլվածքով, կրունկների վրա քայլելով, ներս մտավ, տղամարդիկ և m-lle Բուրիենը վեր կացան տեղներից, իսկ փոքրիկ իշխանուհին նրան ցույց տալով՝ ասավ տղամարդկանց. Voilà Marie! Իշխանադուստրը տեսավ բոլորին և տեսավ ամենայն մանրամասնությամբ։ Տեսավ իշխան Վասիլիի դեմքը, որ իրեն տեսնելիս մի ակնթարթ մնաց անշարժ, ապա անմիջապես ժպտաց, և փոքրիկ իշխանուհու դեմքը, որ հետաքրքրությամբ հետևում էր հյուրերին՝ Մարիայի թողած տպավորությունը նրանց դեմքին կարդալու։ Իշխանադուստրը տեսավ և m-lle Բուրիենին՝ իր ժապավենով ու սիրունիկ երեսով, որ չտեսնված եռանդուն նայվածքը սևեռել էր ''նրա'' վրա, բայց իշխանադուստրը չկարողացավ տեսնել ''նրան'', տեսավ միայն խոշոր, պայծառ ու գեղեցիկ մի բան, որ դեպի իրեն դարձավ, երբ ինքը սենյակ մտավ։ Մոտեցավ նախ իշխան Վասիլին, և իշխանադուստրը համբուրեց նրա ճաղատ գլուխը, որ իջեցրել էր իր ձեռը համբուրելու, և նրա խոսքերին պատասխանեց, թե ինքն, ընդհակառակը, նրան՝ իշխանին շատ լավ է հիշում։ Հետո նրան մոտեցավ Անատոլը։ Իշխանադուստրը դարձյալ չտեսավ նրան։ Զգաց միայն իր ձեռն ամուր բռնող նուրբ ձեռքը, և շուրթերը հազիվ մոտեցրեց ճերմակ ճակատին, որի վերևը պոմադով օծված գեղեցիկ շեկ մազեր կային։ Երբ իշխանադուստրը նրան նայեց, ''նրա'' գեղեցկությունն ապշեցրեց իրեն։ Անատոլն աջ ձեռի բթամատը մունդիրի կոճակի տակը դրած, կուրծքը դուրս, իսկ մեջքը ետ գցած, մի ոտն օրորելով, գլուխը թեթևակի կախած, անխոս, գվարթ նայում էր իշխանադուստր Մարիային, հավանորեն ամենեին նրա մասին չմտածելով։ Անատոլը զրուցելու մեջ ո՛չ հնարամիտ էր, ո՛չ ճկուն, ո՛չ էլ պերճախոս, բայց դրա փոխարեն ուներ աշխարհիկ կյանքի համար մի թանկագին ընդունակություն. սառնասրտություն և անսասան ինքնավստահություն։ Առաջին ծանոթության ժամանակ ոչ ինքնավստահ մարդը եթե լռի և ցույց տա, թե գիտակցում է այդ լռության անպատշաճավորությունն ու ցանկանում է որևէ ելք գտնել,— վատ կլինի. բայց Անատոլը, ոտն օրորելով, լռում էր և զվարթորեն դիտում իշխանադուստր Մարիայի մազերի սանրվածքը։ Երևում էր, որ նա այդպես հանգիստ կարող էր լռել երկար ժամանակ։ «Եթե մեկին անհարմար է թվում իմ լռությունը, թող խոսի, իսկ ես չեմ ցանկանում», ասում էր կարծես նրա կերպարանքը։ Բացի դրանից Անատոլն ուներ կանանց հետ վարվելու մի ձև, որն ամենից ավելի կանանց ներշնչում է հետաքրքրություն, ահ և մինչև իսկ սեր,— սեփական արժանապատվության գերազանցության գիտակցության ձևը։ Նա իր տեսքով կարծես ասում էր նրանց. «Ճանաչում եմ ձեզ, ճանաչում եմ, էլ ինչ քաշ գալ ձեզ հետ։ Դուք ուրախ կլինեիք»։ Թերևս կանանց հանդիպելիս, նա այս բանը չէր մտածում (շատ հավանական է, որ — ոչ, որովհետև նա առհասարակ քիչ էր մտածում), բայց այդպիսի տեսք ուներ և այդ տեսակ մաներ։ Իշխանադուստրն զգաց այդ և, կարծես ցույց տալու համար, թե չի համարձակվում նրան զբաղեցնելու մասին մտածել, դարձավ իշխան Վասիլիին։ Սկսվեց մի րնդհանուր ու կենդանի խոսակցություն՝ շնորհիվ փոքրիկ իշխանուհու ձայնի ու բեղիկներով շուրթի, որ շարունակ բարձրանում-բացում էր նրա ճերմակ ատամները։ Նա իշխան Վասիլիին դիմավորեց կատակախառն ձևով, որ հաճախ գործադրում են ուրախ-շաղակրատող մարդիկ, որոնց միջև ենթադրվում են վաղուց ի վեր հաստատված մտերմական կատակներ, հաճախ ոչ բոլորին հայտնի, զվարճալի հիշողություններ, այնինչ ոչ մի այդպիսի հիշողություն չկա, ինչ որ չունեին և փոքրիկ իշխանուհին ու իշխան Վասիլին։ Իշխան Վասիլին սիրով ենթարկվեց ընդունելության այդ եղանակին, փոքրիկ իշխանուհին այդ մտերմական զրույցին մասնակից դարձրեց և Անատոլին, որին գրեթե չէր ճանաչում։ M-lle Բուրիենը նույնպես մասնակցեց այդ ընդհանուր զրույցին, և մինչև իսկ իշխանադուստր Մարիան հաճույքով զգաց, որ ինքն ևս գտնվում է այդ զվարթ հիշողությունների ոլորտում։
— Այ, հիմա գոնե, մենք ձեզ լիովին կվայելենք, սիրելի իշխան,— ասում էր փոքրիկ իշխանուհին, իշխան Վասիլիին, իհարկե ֆրանսերեն,— այստեղ Afinette-ի երեկույթները չեն, որտեղից միշտ թողնում-փախչում էիք. հիշո՞ւմ եք cette chere Annette։
— Բայց Annette-ի նման քաղաքականության մասին չխոսե՜ք։
— Իսկ հիշո՞ւմ եք մեր թեյի փոքրիկ սեղանը։
— Օ՜, այո։
— Իսկ դուք ինչո՞ւ երբեք Annette-ի տուն չէիք գալիս,— հարցրեց փոքրիկ իշխանուհին Անատոլին։— Բայց ես գիտեմ, գիտեմ,— ասավ նա, աչքով անելով,— ձեր Իպպոլիտ եղբայրը պատմել է ինձ ձեր գործերի մասին։ Օ՜։— Իշխանուհին մատը թափ տվեց նրա վրա։— Փարիզի ձեր արկածները նույնպես գիտեմ։
— Իսկ նա, Իպպոլիտը քեզ չի՞ ասել,— ասավ իշխան Վասիլին (որդուն դառնալով և իշխանուհու ձեռը բռնելով, կարծես նա ուզում էր փախչել, բայց ինքը հազիվ պահեց նրան),— չի՞ ասել, թե ինչպես ինքը՝ Իպպոլիտը հալումաշ էր լինում այս սիրունիկ իշխանուհու սիրուց և ինչպես իշխանուհին le mettait à la porte?<ref>դուրս արավ նրան տնից։</ref>
— Oh! C’est la perle des femmes, princesse!<ref>Օ՜հ, սա ոսկի կին է, իշխանուհի։</ref>,— դարձավ նա իշխանադուստր Մարիային։
«Փարիզ» խոսքի վրա m-lle Բուրիենը առիթը չփախցրեց նույնպես ընդհանուր զրույցին խառնվելու։ Նա իրեն թույլ տվեց հարցնել, թե վաղո՞ւց է արդյոք Անատոլը հեռացել Փարիզից, և թե որքան է նրան դուր եկել այդ քաղաքը։ Անատոլը մեծ սիրով պատասխանեց ֆրանսուհուն և, ժպտերես, նրան նայելով, խոսեց հետը նրա հայրենիքի մասին։ Սիրունիկ Բուրիենին տեսնելով՝ Անատոլը վճռեց, որ այստեղ էլ, գյուղում, ժամանակր ձանձրալի չի անցնի։ «Այս ֆրանսուհին լավիկն է,— մտածում էր նա, օրիորդին նայելով,— հույս ունեմ, որ իշխանադուստր Մարիան, ամուսնանալով, սրան հետը կբերի,— մտածում էր նա,— la petite est gentille<ref>Այս մանկիկը — շատ լավիկն է։</ref>»։
Ծերունի իշխանը հանդարտ հագնվում էր իր առանձնասենյակում, հոնքերը կիտելով ու անելիքը կշռադատելով։ Հյուրերի գալուստը բարկացնում էր նրան։ «Իմ ինչի՞ն են իշխան Վասիլին ու նրա որդին։ Իշխան Վասիլին դատարկ պարծենկոտի մեկն է. որդին էլ, երևի, իր նմանը կլինի», քրթմնջում էր նա ինքն իրեն։ Նրան բարկացնում էր այն, որ հյուրերի գալուստն իր սրտում զարթեցրել էր մի չլուծված և շարունակ նրա առաջ ծառացող ու նրա կողմից ետ մղված մի խնդիր,— մի խնդիր, որի նկատմամբ իշխանը միշտ խաբում էր ինքն իրեն։ Խնդիրն այն էր, թե ինքը կարո՞ղ է արդյոք երբևիցե բաժանվել իշխանադուստր Մարիայից և հանձնել նրան ամուսնուն։ Իշխանը երբեք այդ հարցն ուղղակի չէր տալիս իրեն, առաջուց իմանալով, որ կպատասխանի արդարությամբ, իսկ արդարությունը ոչ միայն կհակասեր նրա զգացմունքին,— այլև կխախտեր նրա կյանքի հիմքերը։ Իշխան Նիկոլայ Անդրեևիչին կյանքը, առանց իշխանադուստր Մարիայի (չնայած որ նրան քիչ էր գնահատում), անիմաստ էր թվում։ «Եվ ինչո՞ւ համար է նա ամուսնանում,— մտածում էր նա,— երևի դժբախտանալու։ Ահավասիկ Լիզան ամուսնացել է Անդրեյի հետ (այժմ նրանից լավ ամուսին, կարծեմ, դժվար է գտնել)։ Բայց մի՞թե Լիզան գոհ է իր վիճակից։ Եվ ո՞վ կնության կառնի նրան սիրուց։ Տգեղ է, անճարակ։ Կառնեն միայն կապերի, հարստության համար։ Բայց մի՞թե առանց ամուսնության, աղջիկ մնալով չեն ապրում։ Ապրում են ավելի երջանիկ»։ Այսպես էր մտածում իշխան Նիկոլայ Անդրեևիչը հագնվելով, բայց և այնպես շարունակ հետաձգվող խնդիրր շտապ լուծում էր պահանջում։ Իշխան Վասիլին որդուն բերել է, հավանորեն, առաջարկ անելու մտադրությամբ և, երևի, այսօր կամ վաղն ուղղակի պատասխան կպահանջի։ Կարգին անուն և դիրք ունի բարձր շրջանում։ «Ինչ կա որ, ես դեմ չեմ,— ասում էր իշխանն ինքն իրեն,— բայց տեսնենք տղան արժանի՞ է Մարիային։ Եվ այդ հիմա կտեսնենք»։
— Եվ այդ հիմա կտեսնենք,— ասավ բարձրաձայն։— Այդ հիմա կտեսնենք։
Եվ նա, ինչպես միշտ, առույգ քայլերով մտավ հյուրասրահ, մի արագ հայացք գցեց բոլորի վրա, նկատեց թե՛ փոքրիկ իշխանուհու փոխած շրջազգեստը, թե՛ Բուրիենի ժապավենը, թե՛ իշխանադուստր Մարիայի մազերի անճոռնի սանրվածքը, թե՛ Բուրիենի ու Անատոլի ժպիտները և թե՛ իր իշխանադստեր մենակությունն ընդհանուր խոսակցության մեջ։ «Զուգվել է հիմարի՜ պես,— մտածեց նա, չարացած նայելով աղջկան։— Չի՛ ամաչում. իսկ փեսացուն նրան բանի տեղ էլ չի դնում»։
Մոտեցավ իշխան Վասիլիին։
— Է, բարև, բարև. ուրախ եմ տեսնելուս։
— Լավ բարեկամի համար Երուսաղեմ էլ կերթան,— խոսեց իշխան Վասիլին, ինչպես միշտ, արագ, ինքնավստահ ու մտերմաբար։— Ահավասիկ երկրորդ որդիս, խնդրում եմ սիրել և հովանավորել…
Իշխան Նիկոլայ Անդրեևիչը մի հայացքով զննեց Անատոլին։
— Կեցցե, շնորհքով տղա է,— ասավ նա,— դե, մոտեցիր համբուրիր,— և նա այտը դեմ արավ Անատոլին։
Անատոլը համբուրեց ծերունուն և հետաքրքրությամբ ու միանգամայն հանգիստ նայեց նրան, սպասելով, թե շուտով արդյոք կսկսի նա իր տարօրինակությունները, որոնց մասին խոսել է հայրը։
Իշխան Նիկոլայ Անդրեևիչը նստեց իր սովորական տեղը՝ բազմոցի անկյունում, բազկաթոռ քաշեց իշխան Վասիլիի համար, մատնացույց արավ, որ նստի և սկսեց հարցուփորձել քաղաքական խնդիրներից ու նորություններից։ Նա իշխան Վասիլիի պատմածը լսում էր կարծես ուշադրությամբ, բայց շարունակ իշխանադուստր Մարիային էր նայում։
— Ուրեմն Պոտսդամից են գրո՞ւմ,— կրկնեց նա իշխան Վասիլիի վերջին խոսքերը և հանկարծ, վեր կենալով, մոտեցավ աղջկան։
— Դու այդ հյուրերի համա՞ր ես այդպես զուգվել, հը՞,— ասավ նա։— Գեղեցի՜կ ես, շա՜տ գեղեցիկ։ Դու հյուրերին ներկայանալու համար սանրվել ես նոր ձևով, ես էլ հյուրերի ներկայությամբ ասում եմ քեզ, որ այսուհետև արդուզարդդ չփոխես առանց ինձ հարցնելու։
— Mon père, մեղավորը ես եմ,— կարմրելով միջամտեց փոքրիկ իշխանուհին։
— Դուք լիովին ազատ եք ձեր ուզածն անելու,— ասավ իշխան Նիկոլայ Անդրեևիչը՝ հարսի առջև խոնարհվելով,— իսկ նա կարիք չունի իրեն այլանդակելու, առանց այն էլ տգեղ է։
Եվ նա նորից նստեց իր տեղը, այլևս ուշադրություն չդարձնելով աղջկա վրա, որի աչքերն արցունքով լցվել էին արդեն։
— Ընդհակառակը, այս ձևի սանրվածքը շատ է սազում իշխանադստեր, ասավ իշխան Վասիլին։
—— Է, սիրելիս, երիտասարդ իշխան, ինչպե՞ս է նրա անունը,— ասավ իշխան Նիկոլայ Անդրեևիչը՝ Անատոլին դիմելով,— արի այստեղ, խոսենք, ծանոթանանք։
«Ահա թե երբ է սկսվում զվարճալին», մտածեց Անատոլը և ժպիտը դեմքին նստեց ծեր իշխանի մոտ։
— Ահա թե ինչ. դուք, սիրելիս, ասում են արտասահմանումն եք կրթվել, և ոչ թե ինձ ու հորդ նման տիրացուից եք գրագիտություն սովորել։ Ասացեք խնդրեմ, սիրելիս, դուք հիմա հեծյալ գվարդիայո՞ւմ եք ծառայում,— հարցրեց ծերունին, մոտիկից և ուշադիր Անատոլին նայելով։
— Ոչ, փոխադրվել եմ բանակը,— պատասխանեց Անատոլը, ծիծաղը հազիվ զսպելով։
— Հը՜, լավ եք արել, ուզում եք ուրեմն ծառայե՞լ թագավորին և հայրենիքին։ Պատերազմի օրեր են. ձեզ նման կարիճը պետք է ծառայի, պետք է ծառայի։ Գործող բանակի՞ մեջ եք։
— Ոչ, իշխան։ Մեր գունդը գնացել է պատերազմի դաշտը, բայց ես համարվում են նրա մեջ։ Ո՞ր գնդի մեջ եմ համարվում, պապա,— ծիծաղելով հորը դարձավ Անատոլը։
— Հիանալի ծառայություն, հիանալի։ Ո՛ր գնդի մեջ եմ համարվում։ Հա-հա՜-հա՜,— քրքջաց իշխան Նիկոլայ Անդրեևիչը։
Անատոլը քրքջաց ավելի բարձր։
Հանկարծ իշխան Նիկոլայ Անդրեևիչը հոնքերը կիտեց։
— Դե, գնա,— ասավ նա Անատոլին։
Անատոլը ժպիտը դեմքին նորից մոտեցավ կանանց։
— Դու որդիներիդ, կարծեմ, արտասահմանումն ես կրթել, իշխան Վասիլի, հը՞,— դարձավ ծեր իշխանն իշխան Վասիլիին։
— Արել եմ՝ ինչ կարողացել եմ. և ես ձեզ կասեմ, որ այնտեղի կրթությունը շատ ավելի լավ է մերինից։
— Այո, հիմա ամեն բան փոխված է, ամեն ինչ նոր ձևով։ Կտրիճ տղա է, կեցցե՛։ Դե, գնանք սենյակս։
Նա իշխան Վասիլիի թևը բռնեց ու տարավ իր առանձնասենյակը։
Իշխան Վասիլին նրա հետ մենակ մնալով՝ անմիջապես հայտնեց իր ցանկությունը։
— Ի՞նչ ես կարծում որ,— ասավ ծեր իշխանը հերսոտ,— որ ես նրան պահո՞ւմ եմ, չեմ կարող րաժանվե՞լ։— Երևակայում են,— վրա բերեց բարկացած։— Ինձ համար մեկ է, թեկուզ վաղն ամուսնանա։ Միայն թե ասում եմ քեզ, որ փեսայիս ուզում եմ ավելի լավ ճանաչել։ Դու իմ սկզբունքը գիտես. ամեն ինչ բաց-աշկարա է։ Վաղը քո ներկայությամբ կհարցնեմ, եթե իշխանադուստրը ցանկանա, թո՛ղ որդիդ ապրի մեզ մոտ։ Թող ապրի՝ կտեսնեմ։— Իշխանը փնչացրեց։—-Թո՛ղ ամուսնանա, ինձ համար միևնույն է,— գոչեց նա այն ծղրտան ձայնով, որով պոռաց որդուն հրաժեշտ տալիս։
— Ես ձեզ ուղղակի կասեմ,— ասավ իշխան Վասիլին խորամանկ մարդու տոնով, որը համոզվել է թե խորամանկությունն ավելորդ է թափանցամիտ խոսակցի հանդեպ։— Դուք մարդկանց ներքին էությունը շատ լավ եք տեսնում։ Անատոլը հանճար չէ, բայց ազնիվ, պարկեշտ տղա է և հիանալի որդի։ Դե, լավ, կտեսնենք։
Ինչպես այդ միշտ պատահում է երկար ժամանակ առանց տղամարդկանց հասարակության ապրող կանանց, Անաաոլի երևումով իշխան Բալկոնսկու տանն ապրող երեք կինն էլ միատեսակ զգացին, որ իրենց կյանքը մինչ այդ կյանք չի եղել։ Մտածելու, զգալու, դիտելու կարողությունը իսկույն տասնապատկվեց երեքի մեջ էլ, և կարծես մինչև այժմ խավարի մեջ անցնող նրանց կյանքը հանկարծ լուսավորվեց մի նոր, նշանակալից լույսով։
Իշխանադուստրն այլևս չէր մտածում դեմքի ու սանրվածքի մասին։ Նրա ամբողջ ուշադրությունը կլանել էր երիտասարդի բաց, գեղեցիկ դեմքը, երիտասարդի, որը, թերևս, իր ամուսինն էր լինելու։ Անատոլը նրան թվում էր բարի, վճռական ու արիասիրտ։ Իշխանադուստրը համոզված էր այս բանում։ Ապագա ընտանեկան կյանքի մասին հազարավոր երազանքներ էին անցնում-դառնում նրա երևակայության մեջ։ Նա վանում և աշխատում էր թաքցնել դրանց։
«Բայց ես չափազանց սառը չե՞մ նրա հետ,— մտածում էր իշխանադուստրը։— Աշխատեմ զսպել ինձ, որովհետև սրտիս խորքում ինձ արդեն շատ մոտ եմ զգում նրան, բայց չէ որ նա չի իմանում, թե ինչ կարծիք ունեմ իր մասին և ինչե՛ր եմ մտածում, ու կարող է երևակայել, թե ինքն անհաճո է ինձ»։
Եվ իշխանադուստրն աշխատում ու չէր կարողանում սիրալիր լինել նոր հյուրի հետ։ «La pauvre fille! Elle est diablement laide»<ref>Խեղճ աղջիկ, զարհուրելի տգեղ է։</ref>,— մտածում էր Անատոլը նրա մասին։
M-lle Բուրիենը, որ նույնպես շատ հուզված էր Անատոլի գալուց, տարբեր բան էր մտածում։ Իհարկե, առանց որոշ դիրքի առանց հարազատների ու բարեկամների և անգամ առանց հայրենիքի այդ սիրուն ջահել աղջիկը չէր մտածում իր կյանքը նվիրել իշխան Նիկոլայ Անդրեևիչին ծառայելու, նրա համար գրքեր կարդալու և իշխանադուստր Մարիայի բարեկամուհին լինելու։ M-lle Բուրիենը վաղուց սպասում էր մի ռուս իշխանի, որ մեկեն կարող է գնահատել իր առավելությունը տգեղ, վատ հագնված, անճարակ ռուս իշխանուհիների հանդեպ, սիրահարվել իրեն ու տանել. և այդ ռուս իշխանն ահա եկել էր, վերջապես։ M-lle Բուրիենը սիրում էր իր երևակայության մեջ կրկնել մի պատմություն, որ լսել էր իր մորաքրոջից և լրացրել էր ինքը։ Պատմությունը վերաբերում էր մի գայթակղված աղջկա, որին հայտնվում ու հանդիմանում է խեղճ մայրը, թե ինչո՛ւ առանց պսակի անձնատուր է եղել տղամարդու։ M-lle Բուրիենը հաճախ արտասվելու չափ հուզվում էր, երևակայության մեջ այդ պատմությունը ''նրան''՝ գայթակղիչին պատմելով։ Այժմ այդ ''Նա''-ն, իսկական ոուս իշխանը, եկել էր։ Սա կտանի իրեն, հետո կհայտնվի ma pauvre mère<ref>Իմ խեղճ մայրը։</ref>, և նա կամուսնանա իր հետ։ Այսպես էր պատկերանում m-lle Բուրիենին իր ապագա կյանքը՝ հենց այդ ժամանակ, երբ Անատոլի հետ խոսում էր Փարիզի մասին։ Հաշիվը չէր ղեկավարում m-lle Բոլրիենին (նա մի վայրկյան անգամ չէր կշռադատում այն, ինչ պիտի աներ), այլ այդ բոլորը վաղուց արդեն պատրաստ էին նրա գլխում և այժմ միայն կենտրոնանում էին նորեկ Անատոլի շուրջը, որին, աշխատում էր որքան կարելի է շատ դուր գալ։
Փոքրիկ իշխանուհին, ինչպես զորագնդի պառավ ձին փողի ձայնը լսելիս, անգիտակցաբար ու իր դրությունը մոռանալով, պատրաստվեց կոկետության սովորական արշավանքի, առանց ետին մտքի կամ մրցակցության նպատակի, այլ միամիտ ուրախությամբ։
Չնայած որ Անատոլը կանանց հասարակության մեջ իրեն սովորաբար պահում էր այնպես, թե ձանձրացել է կանանց հետապնդումից։ Բայց սնապարծությամբ բավականություն էր զգում, տեսնելով իր ազդեցությունն այդ երեք կնոջ վրա։ Բացի դրանից, դեպի սիրունիկ ու գրգռիչ m-lle Բուրիենն զգում էր մի գազանային կիրք, մի կիրք, որ վայրկենապես տիրում էր նրան և դրդում ամենակոպիտ ու համարձակ քայլերի։
Թեյից հետո բոլորն անցան բազմոցարան, և իշխանադուստր Մարիային խնդրեցին դաշնամուր նվագել։ Անատոլը թիկն տվեց նրա առջև, m-lle Բուրիենի կողքին, և ուրախ-ծիծաղկոտ աչքերով դիտում էր իշխանադուստր Մարիային։ Իշխանադուստրը տանջալից և ուրախ հուզումով զգում էր նրա՝ իր վրա սևեռած հայացքը։ Սիրած սոնատը նրան փոխադրում էր մի գրավիչ-բանաստեղծական աշխարհ, իսկ իր վրա հասած հայացքը՝ այդ աշխարհը դարձնում էր ավելի դյութիչ։ Իսկ Անատոլի հայացքը, թեև հառած էր նրան, բայց նրան չէր վերաբերում, այլ m-lle Բուրիենի ոտի շարժումներին, որին այդ միջոցին, դաշնամուրի տակ, Անատոլը հալածում էր իր ոտքով։ M-lle Բուրիենը նույնպես նայում էր իշխանադուստր Մարիային, և նրա գեղեցիկ աչքերում նույնպես իշխանադուստրը կարդաց երկյուղած ուրախության ու հույսի մի նոր արտահայտություն։
«Որքա՜ն սիրում է ինձ Բուրիենը,— մտածեց իշխանադուստրը։— Որքա՜ն երջանիկ եմ ես և ինչպե՜ս կարող եմ երջանիկ չլինել այսպիսի բարեկամուհու և այսպիսի ամուսնու հետ։ Մի՞թե ամուսին», մտածեց նա, չհամարձակվելով նայել Անատոլի դեմքին, զգալով նրա նույն սևեռուն հայացքը։
Երեկոյան, ընթրիքից հետո, երբ բաժանվում էին, Անատոլը համբուրեց իշխանադուստր Մարիայի ձեռը։ Իշխանադուստրն ինքն էլ զարմացավ, թե ինչպես համարձակություն ունեցավ ուղիղ նայել իր կարճատես աչքերին մոտեցող գեղեցիկ դեմքին։ Ապա Անատոլը համբուրեց m-lle Բուրիենի ձեռը (դա անվայել էր, բայց Անատոլն այդ արավ վստահ և պարզ ձևով), և m-lle Բուրիենը, կաս-կարմիր կտրելով, վախեցած նայեց իշխանադուստր Մարիային։
«Quelle délicatesse<ref>Ի՜նչ դելիկատություն։</ref>,— մտածեց իշխանադուստրը։— Մի՞թե Amelie-ն (այդպես էին կոչում m-lle Բուրիենին) կարծում է, թե կարող եմ իրեն խանգարել և չգնահատել իմ նկատմամբ ունեցած իր անբիծ քնքշությունն ու անձնվիրությունը»։ Նա մոտեցավ m-lle Բուրիենին ու պինդ համբուրեց նրան։ Անատոլը մոտեցավ փոքրիկ իշխանուհու ձեռն ևս համբուրելու։
—- Non, non, non! Quand votre père m’ecrira, que vous vous conduisez bien, je vous donnerai ma main à baiser, Pas avant.<ref>Ոչ, ո՛չ, ո՜չ։ Երբ ձեր հայրն ինձ կգրի, թե ձեզ լավ եք պահում, այն ժամանակ թույլ կտամ, որ ձեռս համբուրեք։ Դրանից առաջ՝ ոչ։</ref>— Եվ, մատը բարձրացնելով ու ժպտալով, դուրս եկավ սենյակից։
=== V ===
Բոլորը ցրվեցին, և այդ գիշեր երկար ոչ ոք չէր կարողանում աչք փակել, բացի Անատոլից, որ պառկելուն պես քնեց։
«Մի՞թե դա է իմ ամուսինը, հենց այդ օտար, գեղեցիկ, բարի տղամարդը, մանավանդ բարի», մտածում էր իշխանադուստր Մարիան, և ահը, որ գրեթե անծանոթ էր նրան, տիրեց նրա սրտին։ Վախենում էր շուրջը նայել. թվում էր, թե մեկը կանգնած է պարտակի ետև, մութ անկյունում։ Եվ այդ մեկը նա էր — սատանան, և նա — այդ ճերմակ ճակատով, սև հոնքերով և կարմիր շուրթերով տղամարդը։
Նա զանգահարեց սպասուհուն և խնդրեց, որ պառկի իր սենյակում։
M-lle Բուրիենն այդ երեկո երկար շրջեց ձմեռային պարտեզում, իզուր մեկին սպասելով. մերթ ժպտում էր ինչ-որ մեկին, մերթ արտասվելու չափ հուզվում էր խեղճ մոր երևակայական խոսքերից, կշտամբում էր իրեն՝ անկումի համար։
Փոքրիկ իշխանուհին քրթմնջում էր սպասուհու վրա, որ անկողինը լավ չի շտկել։ Չէր կարողանում պառկել ոչ կողքի, ոչ էլ կրծքի վրա։ Ամեն կերպ էլ ծանր էր և անհարմար։ Փորը խանգարում էր նրան։ Խանգարում էր ավելի, քան երբևէ, մանավանդ այժմ, երբ Անատոլի ներկայությունն իրեն փոխադրել էր մի այլ ժամանակ, երբ այդ չկար և ինքը թեթև էր ու զվարթ։ Կոֆտան հագած ու չամչիկ դրած նստել էր բազկաթոռին. իսկ Կատյան՝ քնատ ու խճճված մազերով՝ արդեն երրորդ անգամն էր դարձնում ու շտկում ծանր ներքնակը։
— Ես քեզ ասի որ փոսեր ու թմբեր կան,— կրկնում էր փոքրիկ իշխանուհին,— շատ ուրախ կլինեի, որ քնեի, նշանակում է մեղավորը ես չեմ,— և նրա ձայնը դողաց, լացի պատրաստվող երեխայի ձայնի պես։
Ծեր իշխանը նույնպես արթուն էր։ Տիխոնը քնի մեջ լսում էր, թե ինշպես է նա հերսոտ քայլում ու քթով փնչացնում։ Ծեր իշխանին թվում էր, թե իրեն վիրավորել են աղջկա համար։ Ամենածանր վիրավորանքը, որովհետև դա վերաբերում էր ոչ թե իրեն, այլ աղջկան, որին սիրում է իրենից ավելի։ Նա ինքն իրեն ասավ, թե նորից կմտածի այդ առաջարկության մասին և ինչ արդարացի գտնի, այն էլ կանի, բայց դրա փոխարեն ավելի ևս հուզում-գրգոում էր իրեն։
«Առաջին պատահած մարդը, երևաց թե չէ,— մոռացավ թե՛ հայր, թե՛ ամեն ինչ. վազում է վեր, սանրվում ու պոչ շարժում… Ուրա՜խ է, որ հորը կթողնի։ Եվ իմացել է, որ ես կնկատեմ։ Փը՜… փը՜… փը՜… Չեմ տեսնում միթե, որ այդ հիմարը հետևում է միայն Բուրիենին (նրան պետք է վռնդել)։ Եվ այնքան ինքնասիրություն չունի, որ այդ բանը հասկանա։ Եթե ոչ իր համար, որ հպարտություն չունի, գեթ ինձ համար։ Պետք է նրան հասկացնել, որ այդ անասունը իր մասին չի էլ մտածում, այլ աչքը Բուրիենի վրա է։ Մարիան ինքնասիրություն չունի, բայց ես կսովորեցնեմ նրան»…
Եթե աղջկանն ասի, թե նա մոլորության մեջ է, թե Անատոլը մտադիր է սիրաբանել Բուրիենի հետ, ծեր իշխանը գիտեր, որ այդպիսով կգրգռի իշխանադուստր Մարիայի ինքնասիրությունը և իր ցանկությունը (չբաժանվել աղջկանից) կկատարվի, ուստի հանգստացավ այս որոշումով և Տիխոնին կանչելով՝ սկսեց հանվել։
«Ո՞ր սատանան բերեց դրանց,— մտածում էր նա այն միջոցին, երբ Տիխոնը գիշերային շապիկը հագցնում էր նրա կաշի ու ոսկոր կտրած, պառաված մարմնին, որի կուրծքը ծածկված էր ճերմակ մազերով։— Ես նրանց չեմ հրավիրել։ Եկել են կարճատև կյանքս տակն ու վրա անելու»։
— Կորչե՜ն,— ասավ նա այն րոպեին, երբ շապիկը դեռ նոր էր գլուխն անցրել։
Տիխոնը գիտեր, որ իշխանը սովորություն ունի մտքերը երբեմն բարձրաձայն արտահայտելու, ուստի և անփոփոխ դեմքով ընդունեց իշխանի՝ շապկի տակից դուրս եկած դեմքի հարցական-հերսոտ հայացքը։
— Պառկե՞լ են,— հարցրեց իշխանը։
Տիխոնը, բոլոր լավ լաքեյների նման, հոտառությամբ զգում էր իր տիրոջ մտքերի ուղղությունը։ Գլխի ընկավ, որ հարցը վերաբերում է իշխան Վասիլիին ու որդուն։
— Բարեհաճել են պառկել և լույսը հանգցնել, ձերդ պայծառափայլություն։
— Լավ, լավ…— ասավ իշխանն արագ-արագ և, հողաթափերն ու խալաթը հագնելով, գնաց դեպի բազմոցը, որի վրա և քնում էր։
Չնայած որ Անատոլն ու m-lle Բուրիենը իրար ոչինչ չէին ասել, բայց կատարելապես հասկացել էին միմյանց, հասկացել էին, որ իրար շատ բան պիտի ասեն ծածուկ, ուստի և առավոտից առիթ էին փնտրում առանձին տեսնվելու։ Այն ժամանակ, երբ իշխանադուստրը սովորական ժամին գնաց հոր մոտ, m-lle Բուրիենը Անատոլին հանդիպեց ձմեռային պարտեզում։
Իշխանադուստր Մարիան այդ օրն առանձին սրտդողով մոտեցավ հոր առանձնասենյակին։ Նրան թվում էր, թե բոլորը ոչ միայն գիտեն, որ այդ օրն իր ճակատագիրը պիտի վճռվի, այլ և գիտեն, թե ինքն ինչ է մտածում այդ մասին։ Նա այդ արտահայտությունը կարդաց թե՛ Տիխոնի և թե՛ իշխան Վասիլիի սենեկապահի դեմքին, որ տաք ջուրը ձեռին հանդիպեց միջանցքում և խորը գլուխ տվեց նրան։
Ծեր իշխանն այդ առավոտ չափազանց սիրալիր և հոգածությամբ վերաբերվեց աղջկան։ Հոգածության այդ արտահայտությունը ծանոթ էր իշխանադուստր Մարիային։ Այդ արտահայտությունն իշխանի դեմքին երևում էր այն վայրկյաններին, երբ նրա չորչորուկ ձեռները կծկվում-բռունցք էին դառնում այն պատճառով, որ իշխանուհի Մարիան չէր հասկանում թվաբանական խնդիրները, և տեղից վեր կենալով հեռանում էր աղջկանից և կամացուկ ձայնով միևնույն խոսքը կրկնում մի քանի անգամ։
Նա անմիջապես գործի անցավ և սկսեց խոսել «դուք»֊ով։
— Ինձ առաջարկ արին ձեր մասին,— ասավ նա, բռնազբոսիկ ժպիտով։— Կարծում եմ՝ գուշակած կլինեք,— շարունակեց նա,— որ իշխան Վասիլին որդուն իմ գեղեցիկ աչքերի համար չի բերել այստեղ։ Երեկ ձեր վերաբերմամբ ինձ առաջարկ արին։ Եվ որովհետև դուք գիտեք իմ սկզբունքները, ուստի և դիմում եմ ձեզ։
— Ինչպե՞ս հասկանամ ձեզ, mon père,— ասավ իշխանադուստրը գունատվելով ու կարմրելով։
— Ինչպե՞ս հասկանամ,— պոռաց հայրը բարկացած։— Իշխան, Վասիլին քեզ համարում է իր ճաշակին հարմար հարս և առաջարկություն է անում որդու համար։ Ահա ինչպես պիտի հասկանալ։ Ինչպե՞ս հասկանամ…. Իսկ ես քեզ եմ հարցնում։
— Ես չգիտեմ, դուք ինչպես եք վերաբերվում, mon père,— շշնջաց իշխանադուստրը։
— Ես. ե՞ս. ես ի՞նչ գործ ունեմ։ Ինձ թող։ Ես մարդու գնալու չեմ։ ''Դո՛ւք'' ի՞նչ եք մտածում, ցանկալի է այդ իմանալ։
Իշխանադուստրը նկատեց, որ հայրն անբարյացակամ վեբարերում ունի դեպի այդ խնդիրը, բայց միևնույն ժամանակ մտածեց, որ իր բախտը վճռվելու է այժմ կամ երբեք։ Նա աչքերը խոնարհեց, որ չտեսնի հոր հայացքը, որի ազդեցության ներքո չէր կարողանում մտածել, այլ կարողանում էր ըստ սովորության հնազանդել միայն, ուստի և ասավ.
— Ցանկանում եմ միայն մի բան — ձեր կամքը կատարել,— ասավ նա,— բայց եթե հարկ լինի իմ ցանկությունը հայտնելու…
Նա չկարողացավ վերջացնել։ Իշխանն ընդհատեց նրան։
— Գեղեցիկ,— գոչեց նա։— Քեզ առնելու է օժիտովդ և, ի դեպ հետը տանելու է m-lle Բուրիենին։ Նա կինն է լինելու, իսկ դու…
Իշխանը կանգ առավ։ Նկատեց, թե խոսքերն ինչ տպավորություն արին աղջկա վրա։ Իշխանադուստրը գլուխն իջեցրեց, լացի պատրաստվելով։
— Դե, դե՛, կատակ եմ անում, կատակ,— ասավ նա։— Հիշիր, Մարիա, ես այն կարծիքի եմ, թե աղջիկը լիակատար իրավունք ունի ամուսին ընտրելու։ Եվ քեզ ազատություն եմ տալիս։ Հիշիր միայն, որ քո որոշումից է կախված կյանքիդ երջանկությունը։ Իմ մասին ավելորդ է խոսել։
— Բայց ես չգիտեմ… mon père։
— Ավելորդ է խոսել։ Նա ազատ չի. նրան կարգադրում են ամուսնանալ, և նա կամուսնանա ոչ միայն քեզ հետ, այլև ո՛ւմ հետ որ կամենան. իսկ դու ազատ ես ամուսին ընտրելու… Գնա սենյակդ, մտածիր և մի ժամ հետո արի այստեղ ու նրա ներկայությամբ ասա՝ այո կամ ոչ։ Գիտեմ, պիտի գնաս աղոթես։ Է՛հ, աղոթիր։ Միայն ավելի լավ է մտածես։ Գնա՛։ Այո կամ ոչ, այո կամ ոչ, այո կամ ոչ,— կրկնելով պոռում էր նա դեռ այն միջոցին էլ, երբ իշխանադուստրը, կարծես մշուշի մեջ, օրորվելով, դուրս եկավ հոր առանձնասենյակից։
Նրա բախտը որոշվեց և որոշվեց շատ հաջող։ Բայց ինչ ասավ հայրը m-lle Բուրիենի մասին,— այդ ակնարկը սարսափելի էր։ Ճիշտ չէր, ասենք, բայց և այնպես դա սարսափելի էր, և իշխանադուստրը չէր կարող այդ մասին չմտածել։ Իր մտածումներով տարված՝ անցավ ձմեռային պարտեզով և հանկարծ m-lle Բուրիենի ծանոթ շշուկն սթափեց նրան։ Իշխանադուստրն աչքերը բարձրացրեց և երկու քայլ հեռու տեսավ Անատոլին, որ ֆրանսուհուն գրկած ինչ-որ բան էր շշնջում նրան։ Անատոլը գեղեցիկ դեմքի մի սարսափելի արտահայտությամբ նայեց իշխանադուստր Մարիային և առաջին վայրկյանին մոռացավ թողնել թիկունքը Մարիային դարձած m-lle Բուրիենի մեջքը։
«Ո՞վ կա այդտեղ։ Ի՞նչ կա։ Սպասեցեք», ասում էր կարծես Անատոլի դեմքը։ Իշխանադուստր Մարիան անխոս նայում էր նրանց։ Նա չկարողացավ ըմբռնել այդ։ Վերջապես, m-lle Բուրիենը ճչաց ու փախավ։ Անատոլը մի զվարթ ժպիտով գլուխ տվեց իշխանադուստր Մարիային, կարծես հրավիրելով, որ ծիծաղի այս տարօրինակ դեպքի վրա և ինքն ուսերը թոթվելով՝ ուղղվեց դեպի իր սենյակը։
Մի ժամ հետո Տիխոնն եկավ իշխանադուստր Մարիային կանչելու իշխանի մոտ և հայտնեց, թե իշխան Վասիլի Սերգեյիչն էլ այնտեղ է։
Այն ժամանակ, երբ Տիխոնն եկավ, իշխանադուստրն իր սենյակի բազմոցին նստած՝ գրկել էր արտասվող m-lle Բուրիենին ու հանդարտ շոյում էր նրա գլուխը։ Մարիայի գեղեցիկ աչքերն իրենց նախկին անդորրությամբ ու ճառագայթալից պայծառությամբ՝ քնքշանքով ու կարեկցանքով նայում էին m-lle Բուրիենի սիրունիկ դեմքին։
— Non, princesse, je suis perdue pour toujours dans Votre coeur.<ref>Ոչ, իշխանադուստր, ես ընդմիշտ կորցրի ձեր բարեկամությունը։</ref>— ասում էր m-lle Բուրիենը։
— Pourquoi? Je vous aime plus, que jamais,— ասում էր իշխանադուստրը,— et je tâcherai de faire tout, ce qui est en mon pouvoir pour votre bonheur.<ref>Ինչո՞ւ։ Ես ձեզ ավելի եմ սիրում, քան երբևէ, և ձեռիցս եկածը պիտի անեմ ձեր երջանկության համար։</ref>
— Mais vous me méprisez, vous si pure, vous ne comprendrez jamais cet égarement de la passion. Ah, ce n’est que ma pauvre mère…<ref>Բայց դուք այնքան մաքուր եք, դուք կարհամարհեք ինձ. դուք երբեք չեք հասկանա կրքի այդ հրապույրը։ Ա՛հ, խեղճ մայրս…</ref>
— Je comprends tout<ref>Ես ամեն ինչ հասկանում եմ։</ref>,— պատասխանեց իշխանադուստրը, տխրությամբ ժպտալով։— Հանգստացեք, բարեկամս։ Ես գնամ հայրիկիս մոտ,— ասավ նա ու դուրս եկավ։
Իշխան Վասիլին, ծունկը վեր ծալած, քթախոտի տուփը ձեռին և կարծես չափից ավելի հուզված՝ նստած էր խանդաղատանքի ժպիտը դեմքին, երբ իշխանադուստր Մարիան ներս մտավ։ Նա հապճեպ մի պտղունց քթախոտ տարավ դեպի քիթը։
— Ah, ma bonne, ma bonne<ref>Ահ, սիրելի՛ս, սիրելի՜ս։</ref>,— ասավ նա, վեր կենալով և Մարիայի երկու ձեռը բռնելով։ Նա հոգոց քաշեց և ավելացրեց.— Le sort de mon fils est en vos mains. Décidez, ma bonne, ma chère, ma douce Marie, qui j’ai toujours aimée, comme ma fille.<ref>Որդուս բախտը ձեր ձեռին է։ Վճռեցեք, իմ սիրելի, իմ թանկագին, իմ հեզաբարո Մարի, ես միշտ աղջկաս պես սիրել եմ ձեզ։</ref>
Նա հեռացավ։ Աչքերում իսկապես արցունք երևաց։
— Փը՛… հը…— փնչացնում էր իշխան Նիկոլայ Անդրեյիչը։
— Իշխանն իր որդու կողմից քեզ առաջարկ է անում։ Ցանկանո՞ւ մ ես արդյոք իշխան Անատոլ Կուրագինի կինը լինել, թե՝ ոչ։ Դու ասա միայն՝ այո՛ կամ ո՛չ,— պոռաց իշխանը,— այնուհետև ես ինձ իրավունք եմ վերապահում՝ հայտնել և իմ կարծիքը։ Այո, իմ կարծիքը, միայն իմ կարծիքը,— ավելացրեց իշխան Նիկոլայ Անդրեևիչը, դառնալով իշխան Վասիլիին և նրա աղերսագին արտահայտությանը պատասխանելով։— Այո՞ թե ոչ։
— Ես, mon père, ցանկանում եմ ձեզ երբեք չթողնել, երբեք կյանքս չբաժանել ձեր կյանքից։ Ես չեմ ուզում ամուսնանալ,— ասավ նա կտրուկ, իր գեղեցիկ աչքերով նայելով իշխան Վասիլիին ու հորը։
— Դատարկ, հիմար բաներ ես ասում,— հոնքերը կիտելով պոռաց իշխան Նիկոլայ Անդրեևիչը, բռնեց աջկա ձեռը, քաշեց դեպի իրեն, բայց չհամբուրեց, այլ ճակատը նրա ճակատին դիպցնելով, աղջկա ձեռն այնպես պինդ սեղմեց, որ իշխանադուստրը դեմքը կնճռեց ու ճչաց։
Իշխան Վասիլին վեր կացավ։
— Ma chère, je vous dirai que c’est un moment que je n’oublierai jamais, jamais; mais, ma bonne, est-ce que vous ne nous donnerez pas un peu d’espérance de toucher ce coeur si bon, si généreux. Dites que peut-être… L’avenir est si grand. Dites: peut-être.<ref>Սիրելիս, ձեզ պիտի ասեմ, որ այս վայրկյանը երբեք լեմ մոռանա, բայց, իմ ամենաբարի, ինձ տվեք հնարավորության գոնե մի փոքրիկ հույս՝ ձեր այնքան բարի ու վեհ սիրտը հուզելու։ Ասեք՝ թերևս… Ապագան այնքան մեծ է։ Ասեք՝ թերևս։</ref>
— Իշխան, ինչ որ ասի — դա բոլորն էր, ինչ կար իմ սրտում։ Շնորհակալ եմ ձեր արած պատվի համար, բայց երբեք ձեր որդու կինը չեմ լինի։
— Է, ամեն բան ուրեմն վերջացավ, սիրելիս։ Շատ ուրախ եմ քեզ տեսնելուս, շատ ուրախ եմ,— կրկնեց ծեր իշխանը, գրկելով իշխան Վասիլիին։— Շատ ուրախ եմ քեզ տեսնելուս։ Իսկ դու, Մարի, գնա, գնա սենյակդ։
«Իմ կոչումն այլ է,— մտածում էր իշխանադուստրն ինքն իրեն,— իմ կոչումն է — երջանիկ լինել այլ երջանկությամբ, սիրո և անձնազոհության երջանկությամբ։ Ինչ գնով էլ լինի՝ ես խեղճ Amelie-ին պիտի երջանկացնեմ. նա այնպես բուռն է սիրում նրան։ Այնպես զղջաց։ Ամեն ինչ պիտի անեմ, որ հաջողեցնեմ նրա և Անատոլի ամուսնությունը։ Եթե Անատոլը հարուստ չէ, ես Amelie-ին օժիտ, միջոցներ կտամ. և դրա համար հայրիկին կխնդրեմ, Անդրեյին կխնդրեմ։ Ես ինձ շատ երջանիկ կզգամ, երբ Amelie-ն նրա կինը դառնա։ Նա այնպես դժբախտ է, օտար, մենակ, անօգնական։ Եվ աստված իմ, որքա՜ն բուռն է սիրում, որ այդպես ինքնամոռացության մեջ էր ընկել։ Թերևս՝ ինքս էլ նույնն անեի», մտածեց իշխանադուստր Մարիան։
=== VI ===
Ռոստովները երկար ժամանակ լուր չունեին Նիկոլայի մասին. ձմեռվա կիսին միայն կոմսին մի նամակ տվին, որի հասցեագրից նա ճանաչեց որդու ձեռքը։ Նամակն ստանալով՝ կոմսը վախեցած ու հապճեպ, աշխատելով չնկատվել, ոտի ծայրերի վրա վազեց իր առանձնասենյակը, փակվեց ու սկսեց կարդալ։ Աննա Միխայլովնան, իմանալով (ինչպես և իմանում էր տանը կատարվող ամեն բան) նամակ է ստացվել, կամացուկ քայլերով կոմսի առանձնասենյակը մտավ և տեսավ, որ կոմսը նամակը ձեռին հեկեկում է և միևնույն ժամանակ ծիծաղում։
Աննա Միխայլովնան, չնայած որ իր գործերը կարգի էին ընկել, շարունակում էր ապրել Ռոստովների տանը։
— Mon bon âmi?— ասավ Աննա Միխայլովնան հարցական-տխուր շեշտով, պատրաստ ամեն տեսակի կարեկցության։
Կոմսը հեկեկաց ավելի սաստիկ։
— Նիկոլուշկաս… նամակ… վիրավորված է… եղել… ma chère… վիրավորված… աղավնյակս… կոմսուհիս… սպայության աստիճան է ստացել… փառք աստծո… Սիրելի կմսուհուս ինչպե՞ս հայտնեմ…
Աննա Միխայլովնան նստեց կոմսի մոտ, իր թաշկինակով սրբեց նրա աչքերը, թրջված նամակը, ապա իր արցունքները, կարդաց նամակը, հանգստացրեց կոմսին և որոշեց, որ մինչև ճաշը, մինչև թեյը ինքը կնախապատրաստի կոմսուհուն, իսկ թեյից հետո, աստծու օգնությամբ, ամեն ինչ կհայտնի։
Ճաշի ժամանակ Աննա Միխայլովնան շարունակ խոսում էր պատերազմի լուրերից, Նիկոլուշկայի մասին. մի երկու անգամ հարցրեց, թե նրա վերջին նամակը ե՞րբ է ստացվել, թեև այդ գիտեր առաջ էլ, նկատեց, թե շատ կարելի է հիմա էլ նամակ ստացվի։ Ամեն անգամ, երբ այդ ակնարկների ժամանակ կոմսուհին սկսում էր անհանգստանալ ու տագնապալից հայացքներ նետել մերթ կոմսի, մերթ Աննա Միխայլովնայի վրա, Աննա Միխայլովնան աննկատելիորեն խոսքը դարձնում էր աննշան բաների վրա։ Նատաշան, որ ամբողջ ընտանիքի մեջ ամենից ավելի ուշիմն էր, որ օժտված էր առանձին շեշտերից, նայվածքներից և դեմքերի արտահայտությունից շատ բան զգալու կարողությամբ, ճաշի հենց սկզբից ականջները սրեց և գլխի ընկավ, որ ինչ-որ մի բան կա հոր և Աննա Միխայլովնայի միջև, մի բան, որ եղբորն է վերաբերում, և որ Աննա Միխայլովնան նախապատրաստում է։ Չնայած իր համարձակության (Նատաշան գիտեր, թե որքան զգայուն է մայրը Նիկոլային վերաբերող ամեն բանի նկատմամբ) նա չհամարձակվեց ճաշի ժամանակ հարց տալ և անհանգստությունից բան չկերավ, տրորվեց աթոռի վրա, ականջ չդնելով իր դաստիարակչուհու դիտողություններին։ Ճաշից հետո նա գլխապատառ վազեց Աննա Միխայլովնայի ետևից և բազմոցարանում նրա վզովն ընկավ։
— Մորաքույր, սիրելիս, ասեք, ի՞նչ է պատահել։
— Ոչինչ, սիրելիս։
— Ոչ, հոգյակս, աղավնյակս, սիրելի մորաքույր, չեմ թողնի մինչև չասեք. գիտեմ որ մի բան գիտեք։
Աննա Միխայլովնան գլուխն օրորեց։
— Vous êtes une fine mouche, mon enfant<ref>Դու սուր խելք ունես, թիթեռնիկս։</ref>,— ասավ նա։
— Նիկոլայից նամակ է եկել, այնպես չէ՞,— պատասխանեց Նատաշան, դրական պատասխան կարդալով Աննա Միխայլալնայի դեմքին։
— Բայց, ի սեր աստծո, զգույշ կաց. գիտես չէ, թե ինչպես կարող է ազդել այդ բանը մորդ վրա։
— Այո, անպայման զգույշ կլինեմ, բայց ասեք տեսնենք։ Չե՞ք պատմում։ Դե որ այդպես է. իսկույն կերթամ կասեմ։
Աննա Միխայլովնան համառոտ խոսքերով պատմեց Նատաշային նամակի բովանդակությունը, պայմանով, որ ոչ ոքի չասի։
— Ազնիվ խոսք,— երեսը խաչակնքելով ասավ Նատաշան,— ոչ մեկին չեմ ասի,— և անմիջապես վազեց Սոնյայի մոտ։— Նիկոլենկան… վիրավորված է… նամակ կա…— ասավ նա հանդիսավոր և ուրախ։
— Nicolas!— արտասանեց Սոնյան ու գունատվեց։
Նատաշան, նկատելով թե եղբոր վիրավորելու լուրն ինչ ազդեցություն արավ Սոնյայի վրա, նոր միայն հասկացավ հաղորդած լուրի տխուր կողմը։ Ու Սոնյային գրկելով՝ լաց եղավ։
— Մի քիչ վիրավորված է, բայց սպայի աստիճան են տվել, իսկ հիմա առողջ է, և նամակը գրողն ինքն է,— ասավ նա արտասվալից աչքերով։
— Այ երևում է արդեն, որ բոլոր կանայք էլ լալկան եք,— ասավ Պետյան, վճռական քայլերով սենյակում անցուդարձ անելով։— Ես շատ ուրախ եմ, իսկապես, շատ ուրախ եմ, որ եղբայրս աչքի է ընկել, աստիճան է ստացել։ Դուք բոլորդ լալկան եք, ոչինչ չեք հասկանում։
Նատաշան ժպտաց արցունքների միջից։
— Դու նամակը չե՞ս կարդացել,— հարցրեց Սոնյան։
— Չեմ կարդացել, բայց Աննա Միխայլովնան ասավ, որ ամեն ինչ անցել է, և որ Նիկոլայն արդեն սպա է…
— Փառք աստծո,— ասավ Սոնյան երեսը խաչակնքելով։— Բայց գուցե խաբել է քեզ, ամեն բան չի ասել։ Արի գնանք maman-ի մոտ։
Պետյան անխոս գնում-գալիս էր սենյակում։
— Եթե ես Նիկոլուշկայի տեղը լինեի, ավելի՛ շատ ֆրանսացի կսպանեի,— ասավ նա,— այնքան զզվելի են դրանք։ Այնքա՛ն կջարդեի, որ նրանցից դեզեր դնեին,— շարունակեց Պետյան։
— Ձայնդ կտրի, Պետյա, ի՜նչ հիմարն ես…
— Հիմարը ես չեմ, այլ դուք, որ չնչին բաներից լաց եք լինում,— ասավ Պետյան։
— Դու նրան հիշո՞ւմ ես,— րոպեական լռությունից հետո հարցրեց հանկարծ Նատաշան։ Սոնյան ժպտաց. «Հիշո՞ւմ եմ արդյոք Նիկոլային»։
— Ոչ։ Սոնյա, հիշում ես այնպես, որ ամեն բան լա՜վ մտաբերես,— առանձին շեշտով ասավ Նատաշան, ըստ երեվույթին, կամենալով իր խոսքերին շատ լուրջ նշանակություն տալ։— Ես էլ եմ հիշում Նիկոլային,— ասավ նա։— Բայց Բորիսին չեմ հիշում։ Բոլորովին չեմ հիշում…
— Ինչպե՞ս։ Բորիսին չե՞ս հիշում,— հարցրեց Սոնյան զարմանքով։
— Ոչ թե՝ չեմ հիշում, գիտեմ՝ ինչպես էր, բայց այնպես չեմ հիշում, ինչպես Նիկոլենկային։ Երբ աչքերս փակում եմ՝ նրան հիշում եմ, բայց Բորիսին՝ ոչ (նա աչքերը փակեց), այսպես, ոչինչ չկա։
— Ա՛հ, Նատաշա,— ասավ Սոնյան, խանդավառ ու լուրջ տեսքով ընկերուհուն նայելով, կարծես նրան արժանի չէր համարում լսելու այն, ինչ մտադիր էր ասել, և կարծես այդ պատրաստ էր ասել ուրիշ որևէ մեկին, որ լավ կհասկանա իրեն։— Քանի որ եղբորդ սիրել եմ. ինչ էլ պատահի նրան, թե ինձ, երբեք ամբողջ կյանքումս չեմ դադարի նրան սիրելուց։
Նատաշան զարմացած, հետաքրքիր աչքերով նայեց Սոնյային ու լռեց։ Զգում էր, որ Սոնյայի ասածը ճիշտ էր. նրա ասածի նման սեր եղել է. բայց ինքը՝ Նատաշան այդպիսի բան դեռ չէր զգացել։ Հավատում էր, որ այդպիսի բան կարող էր լինել, բայց չէր հասկանում։
— Դու նրան նամա՞կ ես գրելու,— հարցրեց նա։
Սոնյան մտածեց։ Այդ խնդիրը,— թե պետք է արդյոք Նիկոլային նամակ գրել և ինչպես պետք է գրել,— նրան տանջող մի խնդիր էր։ Այժմ, երբ նա սպա էր արդեն և վիրավորված հերոս, արդյոք լավ բան արած կլիներ, եթե հիշեցներ նրան իր գոյությունը և այդպիսով կարծես այն պարտավորությունը, որ հանձն էր առել Նիկոլայը իր նկատմամբ։
— Չգիտեմ. կարծում եմ՝ եթե նա գրի, ես էլ կգրեմ,— կարմրելով ասավ նա։
— Եվ չե՞ս ամաչի որ գրես։
Սոնյան ժպտաց. «ոչ»։
— Ես կամաչեի Բորիսին գրել, և չեմ գրի։
— Ամաչելու ի՞նչ կա որ։
— Այնպես, չգիտեմ։ Անհարմար է, ամոթ է։
— Իսկ ես գիտեմ դա ինչո՛ւ է ամաչում,— ասավ Պետյան, Նատաշայի առաջին նկատողությունից վիրավորված,— նրանից, որ սիրահարվել էր այն հաստ ակնոցավորի վրա (Պետյան այդպես էր կոչում իր անվանակիցին, նոր կոմս Պիեռ Բեզուխովին). հիմա էլ սիրահարված է երգչի վրա (Պետյան ակնարկում էր Նատաշայի երգեցողության իտալացի ուսուցչին). դրա համար էլ ամաչում է։
— Պետյա, դու հիմար ես,— ասավ Նատաշան։
— Քեզանից հիմար չեմ, քույրիկս,— ասավ ինը տարեկան Պետյան, ինչպես հասակն առած մի բրիգադիր։
Աննա Միխայլովնայի ճաշի միջոցին արած ակնարկներն արդեն նախապատրաստել էին կոմսուհուն։ Իր սենյակը գնալով՝ նստեց նա բազկաթոռին ու էլ աչքը չէր հեռացնում որդու մանրանկար պատկերից, որ շինված էր քթախոտի տուփի վրա, և շուտով արցունքը թրջեց նրա աչքերը։ Աննա Միխայլովնան նամակը ձեռին, ոտների ծայրի վրա քայլելով մտավ կոմսուհու սենյակը և կանգ առավ։
— Դուք մի մտեք,— ասավ նա իր ետևից եկող ծեր կոմսին,— հետո կկանչեմ,— և դուռը ծածկեց իր ետևից։
Կոմսն ականջը դեմ արավ բանալու անցքին և սկսեց ականջ դնել։
Նախ անտարբեր խոսակցություն լսեց, հետո Աննա Միխայլովնայի ձայնը, որ երկար ճառ ասավ, ապա մի ճիչ, նորից լռություն տիրեց, և կրկին երկու ձայները միասին խոսեցին ուրախ շեշտերով, հետո քայլեր, և Աննա Միխայլովնան դուռը բաց արավ։ Աննա Միխայլովնայի դեմքը դժվարին անդամահատություն կատարող վիրաբույժի տեսք ուներ, որը մարդկանց ներս էր թողնում նրա համար, որպեսզի իր հմտությունը գնահատեն։
— C’est fait,— ասավ նա կոմսին, հանդիսավոր ձևով ցույց տալով կոմսուհուն, որը մի ձեռով բռնել էր որդու պատկերով զարդարած քթախոտի տուփը, մյուսով՝ նամակը, և մերթ տուփն էր համբուրում, մերթ նամակը։
Կոմսին տեսնելով՝ նա ձեռները պարզեց նրան, գրկեց նրա ճաղատ գլուխը և ճաղատ գլխի վրայից նորից նայեց նամակին ու պատկերին և որպեսզի դարձյալ կարողանա հպել դրանք իր շուրթերին, թեթևակի հրեց մարդու ճաղատ գլուխը։ Վերան, Նատաշան, Սոնյան ու Պետյան ներս մտան, և սկսեցին նամակը կարդալ։ Նիկոլայը համառոտ նկարագրում էր արշավանքը և այն երկու ճակատամարտը, որոնց մասնակցել էր ինքը, գրում էր սպայի աստիճան ստանալու մասին և վերջում ավելացնում էր, թե համբուրում է maman-ի ձեռը և papâ-ին, խնդրում է նրանց օրհնությունը, և համբուրում է Վերային, Նատաշային և Պետյային։ Բացի դրանից, բարևում է m-r Շելինգին և m-me Շոսին և դայակին, և, դրանից բացի, խնդրում է համբուրել թանկագին Սոնյային, որին սիրում է առաջվա պես ու միշտ հիշում։ Այս լսելով՝ Սոնյան այնպես կարմրեց, որ աչքերը լցվեցին արցունքով։ Ու չկարողանալով դիմանալ իր վրա դարձած հայացքներին՝ վազեց դահլիճ, պտույտ ավեց շրջազգեստն ուռցնելով և, կարմրած ու ժպիտը դեմքին, նստեց հատակին։ Կոմսուհին լալիս էր։
— Բայց ինչո՞ւ ես լալիս, maman,— ասավ Վերան։— Նրա գրածների համար պետք է ուրախանալ, և ոչ թե լաց լինել։
Դա միանգամայն ճիշտ էր, բայց թե՛ կոմսը, թե՛ կոմսուհին և թե՛ Նատաշան — բոլորը հանդիմանանքով նայեցին նրան. «Սա տեսնես ո՞ւմ է քաշել», մտածեց կոմսուհին։
Նիկոլայի նամակը հարյուր անգամ կարդացվեց, և նրանք, ովքեր արժանի էին համարվում այդ նամակը լսելու, պետք է գային կոմսուհու մոտ, որ նամակը միշտ իր մոտ էր պահում։ Եկան դաստիարակները, դայակները, Միտենկան, մի քանի ծանոթներ, և կոմսուհին ամեն անգամ նամակը կարդում էր մի նոր բավականությամբ և ամեն անգամ այս նամակով նոր առաքինություններ էր հայտնաբերում իր Նիկոլայի մեջ։ Նրա համար տարօրինակ, զարմանալի և ուրախալի էր, որ իր որդին — այն որդին, որ սրանից 20 տարի առաջ մարմնի փոքրիկ անդամներով հազիվ շարժվեց իր արգանդում, այն որդին, որի համար նա կռվում էր երեխաներին երես տվող կոմսի հետ, այն որդին, որ խոսելիս առաջ «տանձ» խոսքը սովորեց, հետո «կնիկը»,— որ այդ որդին այժմ այնտեղ է, օտար երկրում, օտար միջավայրում, քաջ ռազմիկ է, մենակ, առանց օգնության ու ղեկավարության, կատարում է տղամարդու ինչ-որ մի գործ։ Արար աշխարհի դարավոր փորձը, որ ցույց է տալիս, թե մանուկներն աննկատելի ճանապարհով օրորոցից տղամարդ են դառնում, գոյաթյուն չուներ կոմսուհու համար։ Որդու արբունքի հասնելը (արբունքի յուրաքանչյուր շրջանում) նրա համար նույնքան անսովոր, զարմանալի էր, կարծես թե երբեք միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ այդպես չէին արբունքի հասել։ Ինչպես 20 տարի առաջ չէր հավատում, որ այն փոքրիկ էակը (որ ապրում էր սրտի տակ ինչ-որ մի տեղ) ճչա, կուրծքը ծծի ու խոսի, այդպես էլ հիմա չէր կարողանում հավատալ, թե այդիսկ էակը կարող է լինել այն ուժեղ քաջ տղամարդը, ինչպիսին հիմա էր, այս նամակից դատելով։
— Ի՜նչ ոճ է, որքա՜ն լավ է նկարագրում,— ասում էր նա, կարդալով նամակի նկարագրական մասը։- Եվ տեսեք ի՜նչ սիրտ ունի։ Իր մասին ոչինչ… Ո՜չ մի խոսք։ Գրում է ինչ-որ Դենիսովի մասին, իսկ ինքը, երևի, այդ բոլորից քաջ է ավելի։ Ի՜նչ սիրտ ունի։ Բոլորին հիշել է։ Ոչ մեկին չի մոռացել։ Ես միշտ, միշտ ասում էի, երբ դեռ ա՛յ այսքան էր, միշտ ասում էի…
Շաբաթից ավելի տնով-տեղով Նիկոլային նամակներ գրրելու համար պատրաստություն էին տեսնում, սևագրություններ անում և արտագրում, կոմսուհու հսկողությամբ և կոմսի հոգածությամբ հավաքում էին անհրաժեշտ իրեր ու դրամ՝ սպայություն ստացած Նիկոլային զգեստավորելու և հարկավոր իրերով ապահովելու։ Աննա Միխայլովնան, որպես գործնական կին, կարողացել էր բանակում անգամ իր որդու համար պրոտեկցիա սարքել՝ նամակագրության համար։ Նա պատեհություն ուներ իր նամակներն ուղարկելու մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչին, որ գվարդիայի հրամանատարն էր։ Ռոստովները ենթադրում էին, թե ''ռուսական գվարդիան արտասահմանում'' մի բոլորովին հաստատ ու որոշ հասցե է և եթե նամակը հասնի գվարդիայի հրամանատար մեծ իշխանին, անպատճառ կհասնի և Պավլոգրադյան գունդը, որը պետք է որ նրա մոտ մի տեղ լիներ։ Ուստի և որոշվեց նամակներն ու դրամը մեծ իշխանի սուրհանդակի միջոցով ուղարկել Բորիսին, իսկ Բորիսն արդեն կհասցներ Նիկոլային։ Նամակներ գրել էին ծեր կոմսը, կոմսուհին, Պետյան, Վերան, Նատաշան, Սոնյան, և, վերջապես կոմսը որդուն ուղարկում էր 6 000 ռուբլի զգեստավորման համար և զանազան իրեր։
=== VII ===
Նոյեմբերի 12-ին Օլմյուցի մոտ բանակած Կուտուզովի զորաբանակը պատրաստվում էր հաջորդ օրվա զորատեսին, որ պետք է տեղի ունենար ռուսաց և ավստրիացոց կայսրների առջև։ Գվարդիան, որ Ռուսաստանից հենց նոր էր տեղ հասել, գիշերեց Օլմյուցից 15 վերստ հեռու և մյուս օրը, առավոտյան ժամը 10-ին, դուրս էր եկել Օլմյուցի դաշտը։
Նիկոլայ Ոոսսւովն այդ օրը Բորիսից մի գրություն ստացավ, թե Իզմայիլովյան գունդը գիշերում է Օլմյուցից 15 վերստ հեռավորության վրա, և թե ինքն սպասում է նրան՝ նամակ ու դրամ հանձնելու։ Ռոստովը փողի մեծ կարիք էր զգում մանավանդ այժմ, երբ զորքն արշավանքից վերադառնալով, բանակել էր Օլմյուցի մոտերքը, և լավ մատակարարվող զորական մթերավաճառները, և ավստրիական հրեաները, բանակատեղը գալով, առաջարկում էին ամեն տեսակ գայթակղիչ բաներ։ Պավլոգրադյան գնդի սպաներն ամեն օր կերուխումով տոնում էին իրենց աստիճանի բարձրացումներն ու ստացած պատվանշանները, հաճախ Օլմյուց էին գնում, նորից այնտեղ վերադարձած հունգարուհի Կարոլինայի մոտ, որ ճաշարան էր բացել կին սպասուհիներով։ Մի քանի օր առաջ Ռոստովը տոնել էր իր կորնետի աստիճան ստանալը, գնել էր Դենիսովի Բեդուին անունով ձին, ու պարտ էր մնացել. թե՛ ընկերներին, թե՛ մթերավաճառներին։ Բորիսի գրությունն ստանալով՝ Ռոստովը մի ընկերոջ հետ գնաց մինչև Օլմյուց, այնտեղ ճաշեց, մի շիշ գինի խմեց, ու մենակ գնաց գվարդիայի բանակատեղը՝ իր մանկության ընկերոջը որոնելու։ Ռոստովը դեռ չէր կարողացել իր նոր աստիճանի համեմատ զգեստավորվել։ Հագինը յունկերական մաշված բաճկոն էր՝ զինվորի խաչը վրան, նույնպիսի վարտիք և սպայական սրետիքով սուր, տակի ձին գնել էր դոնեցի կազակից. հուսարական տրորված գլխարկը իգիթի պես դրել էր ետ ու ծռել մի կողմի վրա։ Իզմայլովյան գնդի բանակատեղին մոտենալով՝ նա մտածում էր, որ Բորիսին և ընկեր-գվարդիականներին կզարմացնի իր մարտական հուսարական տեսքով։
Գվարդիան իր ամբողջ արշավանքը կատարել էր զբոսանքի պես, ցուցադրելով իր մաքրությունն ու կարգապահությունը։ Անցումները կայանից կայան՝ կարճ էին եղել, պայուսակները փոխադրել էին սայլերով, ամեն մի կայանում ավստրիական զինվորական մարմինները հիանալի ճաշեր էին տվել սպաներին։ Գնդերը մտել և քաղաքներից դուրս էին եկել երաժշտախմբի նվագով և ամբողջ ճանապարհը (որով և հպարտանում էին գվարդիականները), մեծ իշխանի հրամանով, զինվորները քայլել էին համաչափ քայլերով, իսկ սպաները ոտով՝ իրենց տեղերը բռնած։ Արշավանքի ընթացքում Բորիսը միշտ եղել էր Բերգի հետ, որը հիմա վաշտի հրամանատար էր արդեն։ Բերգը արշավանքի միջոցին վաշտի հրամանատարություն ստանալով, իր լավ ծառայությամբ և ճշտապահությամբ, կարողացել էր շահել հրամանատարության վստահությունը և լավապես կարգադրել իր տնտեսական գործերը. Բորիսն արշավանքի ընթացքում շատ ծանոթություններ էր հաստատել, որոնք կարող էին իրեն օգտակար լինել, իսկ Պիեռից վերցրած հանձնարարական նամակով ծանոթացավ իշխան Անդրեյ Բալկոնսկուն, որի միջոցով հույս ուներ մի պաշտոն ստանալ գլխավոր հրամանատարի շտաբում։ Բերգն ու Բորիսը, կոկ և մաքուր հագնված, վերջին ցերեկվա անցումից հանգստացած, իրենց հատկացված մաքուր բնակարանում՝ կլոր սեղանի շուրջը նստած՝ շախմատ էին խաղում։ Բերգը ծխամորճը բռնել էր ծնկների արանքում։ Բորիսն իրեն հատուկ ճշտապահությամբ, սպիտակ նուրբ ձեռներով դասավորում էր ֆիգուրները, սպասելով Բերգի խաղին, և խաղակցի դեմքին նայելով, ըստ երևույթին մտածում էր խաղի մասին, ինչպես և միշտ մտածում էր միայն այն մասին, ինչով զբաղված էր լինում։
— Հապա տեսնենք, ինչպե՞ս դուրս կգաք այստեղից,— ասավ նա։
— Կաշխատենք,— ասավ Բերգը, ձեռը պեշկային դիպցնելով ու ետ քաշելով։
Այդ միջոցին դուռը բացվեց։
— Վերջապես քեզ գտա,— բացական չեց Ռոստովը։— Բերգն էլ այստեղ է։ Այ դու ''պետի զանֆան, սւլե կուշե դորմիր''<ref>Երեխա՛, գնա պառկիր-քնիր։</ref>,— գոչեց նա, կրկնելով դայակի խոսքերը, որոնց վրա մի ժամանակ ծիծաղում էին Բորիսի հետ։
— Վա՜յ. ինչպես փոխվե՞լ ես։— Բորիսը վեր կացավ Ռոստովին դիմավորելու, բայց, վեր կենալով, չմոռացավ, ընկնող շախմատները բռնել և իրենց տեղը դնել և ուզեց բարեկամին գրկել, բայց Նիկոլայը մի կողմ քաշվեց։ Նա չէր ուզում սովորական ձևով, ուրիշներին ընդօրինակելով, արտահայտել իր զգացումները. ուզում էր իրենց տեսակցության ժամանակ մի առանձին բան անել, կսմթել, հրել Բորիսին, բայց ոչ մի դեպքում չհամբուրել, ինչպես անում են բոլորը։ Իսկ Բորիսն ընդհակառակը, հանգիստ, մտերմաբար գրկեց Ռոստովին ու երեք անգամ համբուրեց։
Վեց ամիս էր գրեթե իրար չէին տեսել և այդ այն հասակում, երբ երիտասարդները կյանքի ճանապարհին իրենց առաջին քայլերն են անում։ Երկուսն էլ իրար շատ փոխված գտան, երկուսն էլ իրենց վրա կրում էին դրոշմը այն միջավայրի, ուր արել էին իրենց առաջին քայլերը։ Որովհետև վերջին տեսակցությունից ի վեր շատ էին փոխվել՝ ուզեցին ցույց տալ միմյանց իրենց մեջ կատարված փոփոխությունները։
— Էյ դու, անիծյալ։ Այնպես մաքուր, թարմ են, կարծես զբոսանքից են եկել, ոչ թե մեզ մեղավորներիս նման,— ասում էր Ռոստովը՝ Բորիսի համար բոլորովին նոր բարիտոնային հնչյուններով և զինվորի շարժ ու ձևերով, ցույց տալով իր ցեխոտված վարտիքը։
Ռոստովի բարձր ձայնից՝ տանտեր-գերմանուհին գլուխը հանեց դռան արանքից։
— Հը, լավի՞կն է,— աչքով արավ Ռոստովը։
— Ի՞նչ ես գոռում։ Կվախենան,— ասավ Բորիսը։— Ես քեզ այսօր չէի սպասում,— ավելացրեց նա։— Գրությունս երեկ միայն Կուտուզովի՝ ծանոթ ադյուտանտի՝ Բալկոնսկու միջոցով ուղարկեցի քեզ։ Չէի կարծում, թե այսքան շուտ կհասցնի… Է, ինչպե՞ս ես։ Արդեն մկրտվա՞ծ ես,— հարցրեց Բորիսը։
Ռոստովն, առանց պատասխանելու, ձեռը խփեց իր կրծքի ս. Գեորգի խաչին և կապած թևը ցույց տալով, ժպտալով նայեց Բերգին։
— Ինչպես տեսնում ես,— ասավ նա։
— Ա՜յ թե ինչ,— առավ Բորիսը ժպտալով։— Մենք էլ փառավոր արշավանք կատարեցինք։ Գիտես, նորին բարձրությունը, մեծ իշխանը շարունակ մեր գնդի հետ էր, այնպես որ ամեն տեսակ հարմարություններ ունեինք։ Լեհաստանում այնպիսի ընդունելություններ, ճաշեր, պարահանդեսներ եղան, որ պատմել չի կարելի։ Եվ թագաժառանգը շատ ողորմած վերաբերմունք ուներ դեպի մեր բոլոր սպաները։
Եվ ընկերները պատմեցին միմյանց — մեկն իր հուսարական կերուխումների և ռազմական կյանքի մասին, մյուսն այն մասին, թե որքան հաճելի ու շահավետ է ծառայել բարձրաստիճան անձերի հրամանատարության ներքո և այլն։
— Օ՜, գվարդիան,— ասավ Ռոստովը։— Դե, ուրեմն գինի բերել տուր։
Բորիսը դեմքը կնճռեց։
— Եթե անպատճառ ուզում ես,— ասավ նա։
Եվ, մահճակալին մոտենալով, մաքուր բարձի տակից հանեց քսակն ու հրամայեց գինի բերել։
— Այո, և դրամդ ու նամակդ տամ քեզ,— ավելացրեց նա։
Ռոստովը նամակը վերցրեց և, դրամը բազմոցի վրա նետելով, արմունկները հենեց սեղանին ու սկսեց կարդալ։ Կարդաց մի քանի տող ու Բերգին նայեց չարացած։ Սակայն, նրա հայացքին հանդիպելով, երեսը ծածկեց նամակով։
— Երևում է կարգին գումար են ուղարկել,— ասավ Բերգը, նայելով բազմոցին ընկած ծանր քսակին։ Մենք միայն ռոճիկով ենք ապրում, կոմս։ Ես իմ մասին կարող եմ ասել…
— Գիտեք, սիրելի Բերգ,— ասավ Ռոստովը,— եթե դուք ձեր տնից նամակ ստանաք և հանդիպեք մի բարեկամ մարդու, որին ուզենաք հարցուփորձել ամեն ինչից, և եթե ես այստեղ լինեմ, իսկույն կհեռանամ, որ ձեզ չխանգարեմ։ Լսեք, գնացեք, խնդրում եմ, մի որևէ տեղ, որևէ մի տեղ… թեկուզ սատանայի ծոցը,— պոռաց նա և անմիջապես, նրա ուսերից բռնելով ու մեղմությամբ երեսին նայելով, աշխատելով մեղմել իր խոսքերի տպավորությունը, ավելացրեց.— գիտեք, չբարկանաք. ես բարեկամաբար եմ ասում, որպես հին ծանոթի։
— Ա՜խ, կոմս, ես շատ լավ եմ հասկանում,— ասավ Բերգը, վեր կենալով և ինքն իրեն խոսելով կոկորդային ձայնով։
— Տանտիրոջ մոտ գնացեք. նա ձեզ կանչել է,— ասավ Բորիսը։
Բերգը հագավ իր մաքուր, անբիծ սյուրթուկը, քունքի մազերը հայելու առաջ կոտրեց դեպի վեր՝ թագավոր Ալեքսանդր Պավլովիչի նման և, Ռոստովի հայացքից համոզվելով, որ իր սյուրթուկը նկատվեց, ժպիտն երեսին դուրս եկավ սենյակից։
— Ա՛հ, ինչ անասունն եմ եղել,— ասավ Ռոստովը, նամակը կարդալով։
— Ի՞նչ է պատահել։
— Օ, կատարյալ խոզ եմ եղել, որ ոչ մի անգամ նամակ չեմ գրել և այնպես վախեցրել եմ նրանց։ Օ՛հ, ինչ խոզն եմ եղել,— կրկնեց նա, հանկարծ կարմրելով։— Է՛, Գավրիլոյին ուղարկիր օղի բերելու։
Հարազատների նամակների հետ կար և մի հանձնարարական նամակ՝ իշխան Բագրատիոնի անունով, որ Աննա Միխայլովնայի խորհրդով, կոմսուհին ձեռք է բերել ծանոթների միջոցով և ուղարկել որդուն, խնդրելով հանձնել ըստ պատկանելույն և օգտվել դրանից։
— Ա՜յ քեզ հիմարություն։ Շա՜տ էլ հարկավորս է,— ասավ Ռոստովը, նամակը սեղանի տակ նետելով։
— Ինչո՞ւ նետեցիր,— հարցրեց Բորիսը։
— Ինչ-որ հանձնարարական նամակ է, ինչի՞ս է պետք։
— Ինչպե՞ս թե ինչիդ է պետք,— ասավ Բորիսը, նամակը հատակից վերցնելով ու հասցեն կարդալով։— Այս նամակը քեզ համար շատ հարկավոր նամակ է։
— Ինձ ոչինչ էլ հարկավոր չէ, և ես չեմ ուզում որևէ մեկի ադյուտանտը դառնալ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Բորիսը։
— Լաքեյի պաշտոն է։
— Ինչպես տեսնում եմ, դու նույն երազողն ես մնացել,— ասավ Բորիսը, գլուխն օրորելով։
— Իսկ դու նույն դիպլոմատը։ Բայց այդ կարևոր չի… Դու ինչպե՞ս ես,— հարցրեց Ռոստովը։
— Այ, ինչպես տեսնում ես։ Մինչև հիմա ամեն բան լավ է. բայց, խոստովանում եմ, շատ կուզեի ադյուտանտի պաշտոն ունենալ, և զորքի մեջ չմնալ։
— Ինչո՞ւ,
— Նրա համար որ, երբ միանգամից սկսում ես զինվորական ծառայության կարիերան, պետք է աշխատել, որքան կարելի է փայլուն կարիերա անել։
— Ահա թե ի՛նչ,— ասավ Ռոստովն, ըստ երևույթին ուրիշ բանի մասին մտածելով։
Նա սևեռուն ու հարցական նայեց բարեկամի աչքերին, իզուր որոնելով իրեն զբաղեցնող հարցի լուծումը։
Ծերունի Գավրիլոն գինի բերեց։
— Չկանչե՞նք հիմա Ալֆոնս Կարլիչին,— ասավ Բորիսը։— Նա կխմի քեզ հետ, ես չեմ կարող։
— Կանչի՛, կանչի։ Իսկ այդ գերմանացին ինչպե՞ս է,— ասավ Ռոստովը արհամարհական ժպիտով։
— Շատ լավ, ազնիվ և հաճելի մարդ է,—ասավ Բորիսը։
Ռոստովը մի անգամ ևս ուշադիր նայեց Բորիսի աչքերին ու հառաչեց։ Բերգը վերադարձավ, և մի շիշ գինու շուրջը կենդանացավ երեք սպայի գրույցը։ Գվարդիականներն Ռոստովին պատմում էին իրենց արշավանքի մասին և այն մասին, թե ինչպես են պատվել իրենց Ռուսաստանում, Լեհաստանում և արաասահմանում։ Պատմում էին իրենց հրամանատար մեծ իշխանի խոսքերից ու վարմունքներից, անեկդոտներ նրա բարության ու դյուրագրգռության մասին։ Բերգն, ըստ սովորության, լուռ էր, քանի խոսքն անձամբ իրեն չէր վերաբերում, բայց անեկդոտների և մեծ իշխանի դյուրագրգռության առիթով՝ հաճույքով պատմեց, թե ինչպես Գալիցիայում իրեն հաջողվեց խոսել մեծ իշխանի հետ, երբ նա ձի նստած գնդից-գունդ էր անցնում և զայրանում զորքի անկարգ-անկանոն շարժվելու համար։ Հաճույքի ժպիտը դեմքին՝ Բերգը պատմեց, թե ինչպես մեծ իշխանը, սաստիկ զայրացած, մոտեցել է իրեն ու պոռացել. «Առնաուտնե՜ր» (բարկացած ժամանակ թագաժառանգը սիրում էր այդ բառը գործածել) և պահանջել վաշտի հրամանատարին։
— Կհավատա՞ք արդյոք, կոմս, ես բոլորովին չվախեցա, որովհետև գիտեի որ իրավացի եմ։ Ես, գիտեք, կոմս, առանց պարծենալու կարող եմ ասել, գնդերին տրված հրամանները նույնպես և կանոնագիրքը «Հայր մերի» պես անգիր գիտեմ։ Այդիսկ պատճառով, կոմս, իմ վաշտում զանցառություններ չեն լինում։ Խիղճս հանգիստ էր։ Ներկայացա (Բերգը վեր կացավ և ցույց տվեց, թե ինչպես է ներկայացել ձեռը քունքին դրած։ Իսկապես, դժվար էր պատկերացնել դրանից ավելի հարգանք ու ինքնագոհություն արտահայտող դեմք)։ Նա ինձ, ինչպես ասում են, մի լավ շշպռեց, հանդիմանեց, մահացու նախատինք տվեց, է՛լ «Արնաուտներ», է՛լ սատանաներ, է՛լ Սիբիր քշել,—- ասում էր Բերգը մի նուրբ ժպիտով։— Գիտեմ՝ իրավացի եմ, և դրա համար լռում եմ։ «Դու հա՞մր ես, ինչ է»,— գոռաց նա։ Ես շարունակում եմ լռել։ Եվ ի՞նչ եք կարծում, կոմս։ Մյուս օրը ոչինչ էլ չեղավ, ա՛յ ինչ է նշանակում գլուխ չկորցնել, չշփոթվել։ Այսպես բաներ, կոմս,— ասավ Բերգը, ծխամորճը ծխելով և ծխի օղակներ թողնելով։
— Այո, հիանալի է,— ժպտալով ասավ Ռոստովը։
Բայց Բորիսը նկատելով, որ Ռոստովն ուզում է Բերգին ծաղրել, վարպետորեն խոսակցությունը փոխեց։ Ռոստովին խնդրեց, որ պատմի թե ինչպե՛ս և որտե՛ղ է վիրավորվել։ Այդ Ռոստովին դուր եկավ, և նա սկսեց պատմել, հետզհետե ոգևորվելով։ Նա պատմեց նրանց Շենգրաբենի կռիվը ճիշտ այնպես, ինչպես սովորաբար մասնակիցները կպատմեն իրենց ճակատամարտի մասին, այսինքն այնպես, ինչպես ցանկալի կլիներ, որ լիներ, այնպես, ինչպես լսել էին ուրիշ պատմողներից, այնպես, ինչպես ավելի գեղեցիկ կլիներ պատմել, բայց բնավ ոչ այնպես, ինչպես եղել էր։ Ռոստովը ճշմարտախոս երիտասարդ էր, և ոչ մի դեպքում սուտ չէր խոսի։ Նա սկսեց, մտադիր լինելով պատմել բոլորը, ինչպես իսկությամբ եղել է, բայց իր համար էլ աննկատելի, ակամա և անխուսափելի կերպով անցավ անճշտությունների։ Եթե նա ճշմարտությունը պատմեր իր ունկնդիրներին, որոնք իր նման շատ պատմություններ էին լսել կռիվների մասին և որոշակի հասկացողություն ունեին, թե ինչ բան է հարձակումը, և սպասում էին ճիշտ այդպիսի մի պատմության,— կա՛մ իրեն չէին հավատա, կա՛մ որ ավելի վատ է, պիտի կարծեին, թե Ռոստովն ինքն է մեղավոր, որ իրեն չի պատահել այն, ինչ պատահում է սովորաբար հեծելազորի հարձակումներից պատմողներին։ Չկարողացավ նա հասարակ, պարզ ձևով պատմել, թե բոլորը ձիերը քշում էին սրարշավ, ինքն ընկավ ձիուց, թևը դուրս գցեց և հետապնդող ֆրանսիացիների առջևից փախավ-մտավ անտառ։ Բացի դրանից, որպեսզի պատմեր, թե բոլորն ինչպես է եղել, պետք է ջանք դործադրեր, որպեսզի պատմեր միայն այն, ինչ եղել է։ Ճշմարտությունը պատմելը շատ դժվար բան է. և երիտասարդներից շատ քչերն են ընդունակ դրան։ Նրանք սպասում էին, որ նա պատմի, թե ինչպես կրակ կտրած, ինքն իրեն մոռացած, մրրիկի պես հարձակվել է ֆրանսական կառեի վրա, սուրը ձեռին կստորել է աջ ու ձախ և թե ինչպես ընկել է ուժասպառ, ու նման բաներ։ Եվ Ռոստովը պատմեց նրանց այս բոլորը։
Նրա պատմության կիսին, այն միջոցին, երբ ասում էր. «չես կարող երևակայել, թե կատաղության ինչ տարօրինակ զգացում ես ունենում հարձակում գործելիս», ներս մտավ իշխան Անդրեյ Բալկոնսկին, որին սպասում էր Բորիսը։ Իշխան Անդրեյը, որ սիրում էր հովանավորող վերաբերմունք ունենալ դեպի երիտասարդները, շոյված, որ պրոտեկցիայի համար դիմել էին իրեն, և լավ տրամադրված լինելով դեպի Բորիսը, որն առաջին օրը կարողացել էր դուր գալ նրան, կամեցել էր երիտասարդի ցանկությունը կատարել։ Կուտուզովի գրություններով եկել էր թագաժառանգի մոտ, և Բորիսի սենյակը մտավ, կարծելով նա մենակ կլինի։ Ներս մտնելով և տեսնելով իր ռազմական արկածները պատմող հուսարին (մարդկանց այդ տեսակը իշխան Անդրեյը տանել չէր կարողանում), նա սիրալիր ժպտաց Բորիսին, հոնքերը կիտեց ու աչքերը կկոցեց Ռոստովի վրա և, թեթև գլուխ տալով, հոգնած ու ծուլորեն նստեց բազմոցին։ Տհաճություն զգաց, որ ընկել է վատ հասարակության մեջ։ Ռոստովն, այդ հասկանալով, կարմրեց։ Բայց այդ նրա համար միևնույն էր. դա օտար մարդ էր։ Սակայն Բորիսին նայելով՝ նկատեց, որ կարծես թե նա էլ էր ամաչում բանակային հուսարի պատճառով։ Չնայած իշխան Անդրեյի անհաճո, հեգնական տոնին, չնայած այն ընդհանուր արհամարհանքին, որ ուներ Ռոստովը շտաբի բոլոր ադյուտանտիկների նկատմամբ, որոնց թվին, ըստ երևույթին, պատկանում էր և ներս մտնողը,— Ռոստովը շփոթվեց, կարմրեց և լռեց։ Բորիսը հարցրեց, թե ի՞նչ նորություններ կան շտաբում և ինչ են խոսում մեր անելիքների մասին։
— Հավանաբար առաջ կերթանք,— պատասխանեց Բալկոնսկին, ըստ երևույթին, չցանկանալով ավելին ասել կողմնակի մարդկանց ներկայությամբ։
Բերգն առիթից օգտվեց առանձին հարգանքով հարցնելու, թե հիմա վաշտի հրամանատարներին, ինչպես խոսում են, տալո՞ւ են արդյոք կրկնակի խարադրամ։ Դրան իշխան Անդրեյը ժպտալով պատասխանեց, թե ինքն այդքան կարևոր պետական կարգադրությանց մասին դատել չի կարող, և Բերգը զվարթ ծիծաղեց։
— Գալով ձեր գործին,— դարձավ իշխան Անդրեյը նորից Բորիսին,— մենք հետո կխոսենք, ու նայեց Ռոստովին։— Մոտս եկեք զորատեսից հետո. կարելին՝ կանենք։
Եվ, սենյակը դիտելով, դարձավ Ռոստովին, որի մանկական շփոթությունը կատաղության էր փախվում (իշխան Անդրեյն այդ չուզեց նկատել) և հարցրեց.
— Դուք, կարծեմ, Շենգրաբենի կռվի մասի՞ն էիք պատմում։ Դուք եղե՞լ եք այնտեղ։
— Ես եղել եմ այնտեղ,— չարությամբ ասավ Ռոստովը, կամենալով կարծես դրանով վիրավորել ադյուտանտին։
Բալկոնսկին նկատեց հուսարի տրամադրությունը, և այդ նրան ծիծաղելի թվաց։ Թեթևակի արհամարհանքով ժպտաց։
— Այո, այդ կռվի մասին հիմա շատ պատմություններ են անում։
— Այո, պատմություննե՜ր,— խոսեց Ռոստովը բարձր, հանկարծորեն կատաղած աչքերով մեկ Բորիսին, մեկ Բալկոնսկուն նայելով,— այո, պատմությունները շատ են, բայց մեր պատմությունները — թշնամու կրակի մեջ եղած մարդու պատմություններ են, մե՛ր պատմությունները կշիռ և արժեք ունեն, և ո՛չ թե շտաբի ճարպիկ տղերանցը, որոնք, ոչինչ չանելով, պարգևներ են ստանում։
— Որոնց թվին, ձեր ենթադրությամբ, պատկանում եմ և ե՞ս,— հանգիստ և առանձնապես հաճելի ժպիտով ասավ իշխան Անդրեյը։
Ռոստովը չարության և դրա հետ միաժամանակ հարգանքի մի տարօրինակ զգացում ունեցավ դեպի այդ հանգիստ մարդը։
— Ես ձեր մասին չեմ խոսում,— ասավ նա,— ես ձեզ չեմ ճանաչում և, խոստովանում եմ, ճանաչել չեմ ուզում։ Ես խոսում եմ առհասարակ շտաբականների մասին։
— Իսկ ես ձեզ ահա թե ինչ կասեմ,— հանգստությամբ ընդհատեց նրան իշխան Անդրեյը։— Դուք ուզում եք վիրավորել ինձ, և ես պատրաստ եմ համաձայնել ձեզ հետ, որ դա շատ հեշտ բան է, եթե ինքներդ բավականաչափ հարգանք չունենաք դեպի ձեզ. բայց ընդունեցեք, որ դրա համար վատ ժամանակ և վատ տեղ եք ընտրել։ Այս քանի օրը մենք բոլորս պիտի մասնակցենք մի մեծ, ավելի լուրջ մենամարտի, բացի դրանից, Դրուբեցկոյը, որ ասում է, թե ինքը ձեր հին ընկերն է, բնավ մեղավոր չէ, որ իմ ֆիզիոնոմիան դժբախտություն ունի ձեզ դուր չգալու։— Ասենք,— ավելացրեց նա, ոտքի կանգնելով,— դուք գիտեք իմ ազգանունը, գիտեք, թե որտեղ եմ լինում, բայց մի մոռանաք, որ ես թե՛ ձեզ, թե՛ ինձ բնավ վիրավորված չեմ համարում, և խորհուրդ կտամ, որպես ձեզնից ավելի տարիքով մարդ, թողնել այս գործը անհետևանք։ Ուրեմն ուրբաթ օրը, զորատեսից հետո, սպասում եմ ձեզ, Դրուբեցկոյ, ցտեսությո՜ւն,— ասավ իշխան Անդրեյը և, երկուսին էլ գլուխ տալով, դուրս եկավ։
Ռոստովն իր ասելիքն իշխան Անդրեյին մտաբերեց այն ժամանակ միայն, երբ նա արդեն դուրս էր գնացել։ Ուստի ավելի բարկացավ, որ առիթը փախցրել էր։ Ռոստովն անմիջապես պահանջեց ձին և, Բորիսին սառը հրաժեշտ տալով, մեկնեց։ Վաղը գնա՞լ շտաբ և այդ կոտրտվող ադյուտանտին մենամարտի հրավիրե՞լ, թե՝ գործն, իսկապես, թողնել այդպես.— ամբողջ ճանապարհին այս հարցն էր տանջում նրան։ Մերթ չարությամբ մտածում էր, թե որպիսի՜ բավականությամբ կուզեր տեսնել այդ փոքրիկ, թույլ ու հպարտ մարդուկի վախվորած դեմքն իր ատրճանակի առաջ, մերթ զարմանքով զգում էր, որ իրեն ճանաչած բոլոր մարդկանցից ոչ մեկին այնպես չէր ցանկանա բարեկամ ունենալ, ինչպես այդ իրեն ատելի ադյուտանտիկին։
=== VIII ===
Բորիսի և Ռոստովի տեսակցության հետևյալ օրը ավստրիական ու ռուսական զորքերի զորատեսն էր, որին մասնակցում էին թե՛ Ռուսաստանից նոր եկած թարմ գնդերը և թե՛ Կուտուզովի ղեկավարությամբ արշավանքից վերադարձած զորամասերը։ Ռուս կայսրն իր թագաժառանգի հետ և ավստրիական կայսրը՝ էրցհերցոգի հետ՝ կատարեցին դաշնակից 80-հազարանոց բանակի զորատեսը։
Վաղ առավոտից մաքուր հագնված զորքերն սկսեցին շարժվել ու շարվել դաշտու՝’ բերդի առաջ։ Մերթ շարժվում էին հազարավոր ոտներ ու սվիններ՝ փողփողուն դրոշակներով և սպաների հրամանով կանգ էին առնում, պտտվում ու դասավորվում միջանցներում, անցնելով ուրիշ նույնպիսի հետևակ բազմության կողքով, մերթ համաչափ քայլատրոփով ու զրնգոցով առաջ էր գալիս գեզեցիկ-կանոնավոր հեծելազորր՝ կապույտ, կարմիր, կանաչ ասեղնագործ մունդիրներ հագած երաժիշտներն առջևից — սև, շեկ, մոխրագույն ձիեր նստած, մերթ՝ լաֆետների վրա դրած մաքրած փայլուն թնդանոթներով, հետևակի ու հեծելազորի արանքով, առաջ էր սողում հրետանին և բռնում իրեն հատկացրած տեղը։ Ոչ միայն զորահանդեսային համազգեստով գեներալները՝ իրենց չափազանց սեղմված հաստ և բարակ իրաններով, ցածից դեպի վեր օձիքների մեջ սեղմված, շարֆերով փաթաթված կարմիր վզերով ու իրենց բոլոր շքանշաններով, ոչ միայն պոմադված, զուգված սպաները, այլև յուրաքանչյուր զինվոր,— որ մաքրվել, ածիլվել էր ու զենքերը փայլեցրել ծայր աստիճան, յուրաքանչյուր ձի, որի մազը թրջած ու կանոնավոր սանրած՝ մաքրությունից փայլում էր ատլասի պես,— բոլորն էլ զգում էին, որ կատարվում է մի նշանակալից ու հանդիսավոր բան։ Յուրաքանչյուր գեներալ ու զինվոր զգում էր իր ոչնչությունը, գիտակցելով, որ ինքը ավազի մի հատիկ է մարդկային այդ ծովում, և միաժամանակ զգում էին իրենց հզորությունը, գիտակցելով իրենց այդ վիթխարի ամբողջության մի մասը։
Վաղ առավոտից սկսվեց մի լարված աշխատանքի եռ ու զեռ, և ժամր 10-ին ամեն ինչ կարգի ընկավ։ Զորաշարքերը բռնեցին ընդարձակ դաշտը։ Ամբողջ բանակը կանգնել էր երեք շարք։ Առջևից հեծելազորը, ապա հրետանին, վերջում հետևակը։
Յուրաքանչյուր շարքի արանքը կարծես փողոց լիներ։ Բանակի երեք մասերը շատ որոշ կերպով բաժանված էին իրարից,— Կուտուզովի գործող բանակը (որի առաջին գծի աջ թևը բռնել էին պավլոգրադցիները), Ռուսաստանից եկած բանակային ու գվարդիական գնդերը և ավստրիական զորքերը։ Բայց բոլորը կանգնած էին մի գծով, մի հրամանատարության ներքո և միատեսակ կարգով։
Տերևների վրայից անցնող քամու նման մի հուզված շշունջ տարածվեց. «գալի՜ս են, գալի՜ս են»։ Լսվեցին վախեցած ձայներ, և ամբողջ բանակով՝ վերջին պատրաստության մի ալիք անցավ։
Առջևում երևաց Օլմյուցից եկող մի խումբ։ Եվ այդ իսկ միջոցին, թեև անքամի օր էր, մի թեթև հով անցավ բանակի վրայով և թեթևակի օրորեց նիզակների ֆլյուգերները և բացված դրոշակները, որ թրթռալով դիպան իրենց ձողերին։ Կարծես բանակն ինքը այդ թեթև շարժումով իր ուրախությունն էր արտահայտում թագավորների մոտենալու առթիվ։ «Զգա՜ստ»,— լսվեց մի ձայն։ Ապա, ինչպես աքաղաղները լուսաբացին, այդ բառը կրկնեցին բանակի տարբեր ծայրերում։ Ու ամեն ինչ լռեց։
Մեռելային լռության մեջ լսվում էր միայն ձիերի ոտնատրոփ։ Դա երկու կայսեր շքախումբն էր։ Թագավորները մոտեցան բանակի մի թևին և առաջին հեծգնդի փողահարները նվագեցին գլխավոր մարշը։ Թվում էր՝ թե փողահարները չեն նվագում, այլ բանակն ինքը, թագավորի մոտենալուց ուրախացած, բնականորեն այդպիսի ձայներ է հանում։ Այդ հնչյունների միջից որոշակի լսվեց Ալեքսանդր կայսեր ջահել և գգվող ձայնը։ Նա ողջույնի խոսք ասավ, և առաջին գունդը բացականչեց՝ ուռռա՛,— այնպես խլացուցիչ, երկարատև ու զվարթ էր այդ «ուռան», որ զինվորներն իրենք սարսափեցին այն ահռելի բազմության ուժից ու քանակից, որ կազմում էին իրենք։
Ռոստովը, որ կանգնած էր Կուտուզովի բանակի առաջին շարքում, որին նախապես մոտեցավ թագավորը, նույն ապրումներն ունեցավ, ինչ որ այդ բանակի յուրաքանչյուր անդամը,— ինքնամոռացություն, հզորության հպարտ գիտակցություն և բուռն համակրանք դեպի այն մարդը, որը այս հանդեսի պատճառն էր։
Նա զգում էր, որ այս մարդու մի խոսքից է կախված, որպեսզի այս ահռելի բազմությունը (և ինքը, նրա հետ կապված — ավազի չնչին մի հատիկը) նետեր իրեն հրի ու ջրի մեջ, գնար ոճիրներ գործելու, մեռնելու կամ մեծագույն հերոսությունը կատարելու, ուստի և նրա սիրտը դողում ու մարում էր շուտով արտասանվելիք այդ խոսքից։
— Ուռռա՜։ Ուռռա՜։ Ուռռա՜,— աղաղակում էին ամեն կողմից, և գնդերն իրար ետևից թագավորին ընդունում էին գլխավոր մարշի նվագով, հետո՝ Ուռռա՜… Գլխավոր-մարշ և նորից ուռռա՜ և ուռռա՜, որոնք հետպհետե ուժեղանալով՝ միանում-դառնում էին մի խլացուցիչ դղրդյուն։
Քանի դեռ թագավորը չէր մոտեցել, յուրաքանչյուր գունդ իր լռությամբ ու անշարժությամբ՝ անկենդան մարմին էր թվում, բայց հենց որ թագավորը հավասարվում էր նրան, գունդը կենդանանում էր ու որոտում, ձայնը միացնելով մյուս գնդերի ձայներին, որոնց մոտով թագավորն անցել էր արդեն։ Այդ ձայների սարսափելի, խլացուցիչ որոտների մեջ, անշարժ, կարծես քառակուսիների մեջ քարացած զորքերի արանքում անփութորեն, բայց համաչափ և, որ գլխավորն է, ազատորեն շարժվում էին շքախմբի հարյուրավոր ձիավորներ և նրանց աոջևից՝ երկու կայսրը։ Եվ հենց նրանց վրա էր կենտրոնացած այս ահագին բազմության զսպված-բուռն ուշադրությունը։
Գեղեցիկ, ջահել Ալեքսանդր կայսրը՝ հեծյալ-գվարդիական մունդիր հագած, եռանկյունի գլխարկով, իր դուրեկան դեմքով և հնչեղ ու ոչ բարձր ձայնով գրավում էր բոլորի ուշադրությունը։
Ռոստովը, որ կանգնած էր փողահարների մոտ, դեռ հեռվից իր սրատես աչքերով ճանաչեց թագավորին և հետևեց նրա առաջ գալուն։ Երբ թագավորն արդեն քսան քայլի վրա էր և Նիկոլայը պարզ, ամենայն մանրամասնությամբ, դիտեց կայսեր գեղեցիկ, ջահել ու երջանիկ դեմքը, նրան տոգորեց գորովի և հիացումի մի զգացում, որի նմանը երբեք չէր ապրել։ Թագավորի յուրաքանչյուր դիմագիծը, յուրաքանչյուր շարժումը նրան հիանալի էր թվում։
Կանգ առնելով Պավլոգրադյան գնդի դիմաց, թագավորը ֆրանսերեն ինչ-որ բան ասավ ավստրիական կայսրին ու ժպտաց։
Այդ ժպիտը տեսնելով, Ռոստովն ինքն ակամա սկսեց ժպտալ և էլ ավելի ուժգին գորով զգաց դեպի նա։ Ուզում էր մի որևէ բանով իր սերն արտահայտել դեպի թագավորը։ Նա գիտեր, որ այդ անկարելի է, և քիչ էր մնում լաց լիներ։ Թագավորը կանչեց գնդի հրամանատարին ու մի քանի խոսք ասավ նրան։
«Աստված իմ, ինչ կլիներ իմ դրությունը, եթե հանկարծ թագավորը դիմեր ինձ,— մտածում էր Ռոստովը,— ես երջանկությունից կմեռնեի»։
Թագավորը դարձավ և սպաներին.
— Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլորիցդ, պարոններ։
Թագավորի յուրաքանչյուր խոսքը Ռոստովին երկնքից լսվող ձայն էր թվում։ Որքա՜ն երջանիկ կլիներ Ռոստովը, եթե կարողանար հենց հիմա մեռնել իր թագավորի համար։
— Դուք վաստակեցիք ս. Գեորգիի դրոշները և արժանի եղեք նրանց։
«Միայն մեռնել, մեռնե՜լ նրա համար», մտածում էր Ռոստովը։
Թագավորը դարձյալ ինչ-որ խոսք ասավ, որ Ռոստովը չլսեց, և զինվորներն ուժ տալով իրենց կրծքերին՝ աղաղակեցին. — Ուռոա՜։
Ռոստովը նույնպես, թամբի վրա կռանալով, աղաղակեց որքան ուժ ուներ, կամենալով այդ աղաղակով վնասել իրեն, միայն թե իր հիացումը լիովին արտահայտած լինի դեպի թագավորը։
Թագավորը մի երկու վայրկյան, կարծես տատանման մեջ, կանգնեց հուսարների առաջ։
«Ինչպե՞ս կարող է թագավորը տատանման մեջ լինել», մտածեց Ռոստովը, իսկ հետո այդ տատանումն անգամ Ռոստովին վեհ ու հմայիչ թվաց, ինչպես և ամեն բան, որ անում էր թագավորը։
Թագավորի անվճռականությունը տևեց միայն մի ակնթարթ։ Թագավորի նեղ, սրաքիթ կոշիկի ծայրը (ինչպիսին հագնում էին այն ժամանակ) դիպավ իր՝ պոչը կտրած խայտախար մադյանի փորատակին, ճերմակ ձեռնոցով ձեռը սանձը հավաքեց, ու նա շարժվեց բազմաթիվ ադյուտանտների ուղեկցությամբ։ Հետզհետե հեռանում էր նա, ուրիշ գնդերի մոտ կանգ առնելով, և Ռոստովը, երկու կայսեր շրջապատող շքախմբի մեջ, տեսնում էր միայն նրա գլխարկի ճերմակ փետուրը։
Ռոստովը շքախմբի մարդկանց թվում տեսավ և Բալկոնսկուն, որ ծուլորեն ու անփույթ նստել էր իր ձին։ Ռոստովը հիշեց իր երեկվա վեճը նրա հետ և երեկվա հարցը ծառացավ նրա առաջ,— պե՞տք է նրան մենամարտի հրավիրել, թե չարժի։ «Իհարկե, չարժի,— մտածեց նա…— Եվ արժի՞ արդյոք մի այսպիսի հանդիսավոր վայրկյանին մտածել ու խոսել դրա մասին։ Սիրո, հիացումի և անձնազոհության մի այսպիսի րոպեին ինչ արժեք ունեն մեր վեճերն ու վիրավորանքները։ Ես բոլորին սիրում եմ, բոլորին ներում եմ այժմ», մտածում էր Ռոստովը։
Երբ թագավորը դիտեց գրեթե բոլոր գնդերը, զորքերն սկսեցին հանդիսավոր երթով անցնել նրա առջևից, և Ռոստովը՝ Դենիսովից նոր գնած Բեդուինի վրա անցավ իր հեծվաշտի առաջից, այսինքն մենակ և միանգամայն թագավորի աչքի առաջ։
Թագավորին չհասած՝ Ռոստովը, որպես գերազանց հեծվոր, երկու անգամ խթանեց իր Բեդուինին և նրան հասցրեց իր ուզած կատաղի ու արագ քելքի, որով ընթանում էր Բեդուինը տաքացած ժամանակ։ Փրփրած մռութը կրծքին թեքած, պոչը մարմնից առանձնացրած և կարծես օդում թռչելով ու հողին չդիպչելով, ոտները վայելչորեն բարձր փոխելով, Բեդուինը, նույնպես զգալով թագավորի հայացքն իր վրա, անցավ հիանալի։
Ինքը Ռոստովը, ոտները ետ պահած, փորը սեղմած և իրեն զգալով ձիուն ձուլված, հոնքերը վրա տված, բայց երանավետ դեմքով, Դենիսովի ասած, ''սատանի'' պես անցավ թագավորի մոտով։
— Կեցցե՜ք, պավլոգրադցիներ,— ասավ թաղավորը։
«Աստված իմ, որքան երջանիկ կլինեի, եթե հրամայեր ինձ անմիջապես կրակը նետվել», մտածեց Ռոստովը։
Երբ զորատեսը վերջացավ, թե՛ նոր եկած գնդերի և թե՛ Կուտուզովի բանակի, սպաները խմբեր կազմելով՝ սկսեցին խոսել պարգևների, ավստրիացիների, նրանց զգեստների ու ֆրոնտի մասին, Բոնապարտի մասին և այն մասին, թե որքան վատ կլինի նրա դրությունը հիմա, մանավանդ երբ Էսսենի կորպուսն էլ մոտենա, և Պրուսիան մեր կողմն անցնի։
Բայց բոլոր խմբերում էլ ամեն բանից ավելի խոսում էին Ալեքսանդր թագավորի մասին, բերնե-բերան պատմում էին նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումն ու հիանում էին նրանով։
Բոլորը միայն մի բան էին փափագում. թագավորի առաջնորդությամբ շուտով գնալ թշնամու դեմ։ Ի՛ր, թագավորի հրամանատարության ներքո անկարելի էր չհաղթել՝ ո՛վ էլ լիներ թշնամին, այսպես էին մտածում Ռոստովն ու սպաների մեծ մասը։
Զորատեսից հետո բոլորն էլ վսաահ էին հաղթությանը ավելի, քան կարող էին վստահ լինել երկու ճակատամարտ շահելուց հետո։
=== IX ===
Զորատեսի հաջորդ օրը Բորիսը, իր լավագույն համազգեստը հագած և իր ընկեր Բերգի՝ հաջողության բարեմաղթություններն առած, գնաց Օլմյուց՝ Բալկոնսկու մոտ, ցանկանալով օգտվել նրա սիրալիրությոմտից և լավագույն մի դիրք ստեղծել իր համար, հատկապես մի կարևոր անձնավորության ադյուտանտը դառնալ, որը նրան առանձնապես գրավիչ էր թվում բանակում։ «Ռոստովի համար, որ հորից տասը հազարներ է ստանում, հեշտ է ասել, թե չի ուզում որևէ մեկին գլուխ ծռել և որևէ մեկի լաքեյը դառնալ. բայց ես, որ ոչինչ չունեմ իմ չոր գլխից բացի, պետք է աշխատեմ կարիերա անել և առիթներ չփախցնել, այլ օգտվել այդ առիթներից»։
Իշխան Անդրեյն այդ օրը Օլմյուցում չէր։ Բայց Օլյուցը, ուր գտնվում էր գլխավոր կայանը, դիվանագիտական կորպուսը, ուր ապրում էին երկու կայսրներն իրենց շքախմբով, պալատականներով ու մերձավորներով,— ավելի ևս բորբոքեց նրա՝ այդ բարձր շրջանին պատկանելու փափագը։
Նա ոչ ոքին չէր ճանաչում, և, չնայած իր պճնամոլի գվարդիական համազգեստին, բոլոր այդ բարձրադիր մարդիկ, որ փողոցներով անցնում էին շքեղ կառքերով, փետրազարդ գլխարկներով, ժապավեններով ու շքանշաններով զարդարված, բոլոր այդ պալատականներն ու զինվորականները, թվում էր, այնքան բարձր են կանգնած իրենից, գվարդիական մի փոքրիկ սպայից, որ ոչ միայն չէին ցանկանում, այլ և չէին կարող ճանաչել իր գոյությունը։ Գլխավոր հրամանատար Կուտուզովի տանը, ուր ուզեց տեսնել Բալկոնսկուն, բոլոր ադյուտանտները և անգամ սպասյակները նրան նայում էին այնպես, կարծես ցանկանում էին ներշնչել, թե նրա նման սպաներ շատ են թրև գալիս այստեղ և թե նրանք բոլորն արդեն ձանձրացրել են շատ։ Չնայած դրան կամ, ավելի շուտ, դրա հետևանքով, մյուս օրը, ամսի 15-ին, ճաշից հետո, նորից գնաց Օլմյուց և, Կուտուզովի բնակած տունը մտնելով, հարցրեց Բալկոնսկուն։ Իշխան Անդրեյը տանն էր. Բորիսին առաջնորդեցին մի ընդարձակ դահլիճ, ուր առաջ, հավանորեն, պար էր տեղի ունեցել, իսկ այժմ դրված էին հինգ մահճակալ, սեղան, աթոռներ և մի երգեհոն։ Մի ադյուտանտ, պարսկական խալաթը հագին, դռան մոտ դրված սեղանի առաջ նստած՝ գրում էր։ Մի ուրիշը՝ կարմրած, գիրուկ Նեսվիցկին, պառկել էր անկողնի վրա, ձեռները գլխի տակ, ու ծիծաղում էր մոտը նստած սպայի հետ։ Երրորդը երգեհոնի վրա վեննական վալս էր նվագում, չորրորդը պառկել էր այդ երգեհոնի վրա ու ձայնակցում էր նրան։ Բալկոնսկին այդտեղ չէր։ Բորիսին նկատելով՝ այդ պարոններից և ոչ մեկն իր դիրքը չփոխեց։ Իսկ գիր գրող այդուտանտը, որին դիմեց Բորիսը, դժկամությամբ ետ դարձավ ու ասավ, թե Բալկոնսկին հերթապահ է, և եթե ուզում է նրան տեսնել, պետք է գնա դեպի ձախ՝ ընդունարանը։ Բորիսը շնորհակալություն հայտնեց ու գնաց ընդունարանը, ուր տասի չափ գեներալներ ու սպաներ կային։
Այն միջոցին, երբ Բորիսը ներս մտավ, իշխան Անդրեյը, աչքերն արհամարհանքով կկոցած (վայելուչ հոգնածության մի առանձին տեսքով, որն ասում է թե՝ եթե պարտականությունս չլիներ, մի րոպե անգամ ձեզ հետ չէի խոսի) ականջ էր դնում կուրծքը շքանշաններով զարդարած մի ռուս գեներալի, որը գրեթե ոտների ծայրի վրա, ձգված, զինվորի ստորաքարշ արտահայտությունը կարմիր դեմքին, ինչ-որ բան էր զեկուցում իշխան Անդրեյին։
— Շատ լավ, հաճեցեք սպասել,— ասավ նա գեներալին, ռուսերենն արտասանելով ֆրանսական մի այնպիսի առոգանությամբ, որով խոսում էր այն ժամանակ, երբ ցանկանում էր խոսել արհամարհանքով, և, Բորիսին նկատելով, այլևս չդառնալով գեներալին (որ աղերսանքով վազում էր նրա ետևից, խնդրելով դարձյալ ինչ-որ մի բան լսել), իշխան Անդրեյը զվարթ ժպիտով, նրան գլխով անելով, դարձավ Բորիսին։
Բորիսն այդ րոպեին արդեն պարզ կերպով հասկացավ այն, ինչ նախատեսնում էր առաջ, այն է՛, թե բանակում, բացի այն ենթակայությունից ու կարգապահությունից, ինչ գրված էր կանոնագրքում, և որը գիտեին գնդում, և ինքը գիտեր, դրանից դուրս կար մի այլ, ավելի էական մի ենթակայություն, որն ստիպում էր այդ կարմրադեմ գեներալին հարգանքով սպասել, այն ժամանակ, երբ կապիտան իշխան Անդրեյը իր բավականության համար ավելի հարմար էր գտնում խոսակցել վառակիր Դրուբեցկոյի հետ։ Ավելի քան երբևէ Բորիսը որոշեց այսուհետև ծառայել ոչ թե կանոնագրքում գրածի համաձայն, այլ այս չգրված ենթակայության համաձայն։ Նա այժմ զգում էր, որ ինքը իշխան Անդրեյին հանձնարարված լինելու հանգամանքովն իսկ՝ արդեն ավելի բարձր է կանգնած գեներալից, որը ուրիշ դեպքերում, զորամասում կարող էր ոչնչացնել իրեն, գվարդիական վառակիրին։ Իշխան Անդրեյը մոտեցավ նրան ու ձեռը բռնեց։
— Շատ ափսոս, որ երեկ այստեղ չեմ եղել։ Ամբողջ օրը քարշ էի գալիս գերմանացիների հետ։ Վեյրոտերի հետ գնացինք դիսպոզիցիան ստուգելու։ Երբ գերմանացիների ակուրատությունը բռնում է — էլ դրան վերջ չկա։
Բորիսը ժպտաց, կարծես հասկանում էր այն, ինչի մասին, որպես հանրածանոթ բանի, ակնարկում էր իշխան Անդրեյը։ Բայց նա առաջին անգամն էր լսում թե՛ Վեյրոտերի ազգանունը, թե՛ մինչև իսկ դիսպոզիցիա բառը։
— Հը, ինչ կա, սիրելիս, ուզո՞ւմ եք ադյուտանտ դառնալ էլի։ Ես ձեր մասին մտածել եմ։
— Այո, մտադիր էի,— ակամա ինչ-որ բանից կարմրելով, ասավ Բորիսը,— խնդրել գլխավոր հրամանատարին, իշխան Կուրագինը նրան նամակ է գրել իմ մասին, ուզում էի խնդրել միայն նրա համար,— ավելացրեց նա, կարծես ներողություն խնդրելով,— որովհետև վախենում եմ գվարդիան կռվին չմասնակցի։
— Լա՛վ, լա՛վ, այդ ամենի մասին կխոսենք,— ասավ իշխան Անդրեյը,— թույլ տվեք միայն զեկուցեմ այս պարոնի մասին, և այնուհետև ձեր տրամադրության տակ եմ։
Այն ժամանակ, երբ իշխան Անդրեյը գնաց կարմրադեմ գեներալի մասին զեկուցելու, այդ գեներալն, ըստ երևույթին, համամիտ չլինելով Բորիսի՝ չգրված ենթակայության շահավետության մասին ունեցած հասկացողության, աչքերն այնպես սևեռեց հանդուգն վառակիրի վրա, որը խանգարել էր նրան իր ասելիքն ադյուտանտի հետ վերջացնելու, որ Բորիսն անհարմար զգաց։ Նա երեսը շրջեց և անհամբեր սպասում էր, թե երբ պիտի վերադառնա իշխան Անդրեյը գլխավոր հրամանատարի կաբինետից։
* Ահա թե, սիրելիս, ի՛նչ եմ մտածել ձեր մասին,— ասավ իշխան Անդրեյը, երբ անցան այն ընդարձակ դահլիճը, ուր երգեհոն էր դրված։— Գլխավոր հրամանատարի մոտ գնալու հարկ չկա,— ասավ իշխան Անդրեյը,— նա ձեզ շատ սիրալիր խոսքեր կասի, ճաշի կհրավիրի («դա այնքան էլ վատ չէր լինի ծառայության համար՝ այն ենթակայության տեսակետից»,— մտածեց Բորիսը), բայց դրանից ոչինչ չի ստացվի։ Ադյուտանտներիս և պատվիրակներիս թիվը շուտով մի գումարտակի կհասնի։ Բայց ահա թե մենք ինչ կարող ենք անել, ես մի լավ բարեկամ ունեմ — դա գեներալ-ադյուտանտ և սքանչելի մարդ՝ իշխան Դոլգորուկովն է. և թեև դուք այդ կարող եք չիմանալ, խնդիրն այն է, որ այժմ Կուտուզովն իր շտաբի հետ միասին և մենք բոլորս ոչ մի նշանակություն չունենք։ Այժմ ամեն ինչ կենտրոնացվում է թագավորի ձեռքին։ Դե ուրեմն գնանք Դոլգորուկովի մոտ. ես պետք, է գնամ նրա մոտ. ձեր մասին արդեն խոսել եմ հետը, նրա հետ կմտածենք-կտեսնենք. արդյոք հնարավոր չի համարի ձեզ մի պաշտոն տալ իր գնդում կամ մի որևէ տեղ… արևին ավելի մոտ։
Իշխան Անդրեյը միշտ առանձնապես ոգևորվում էր, երբ իրեն վիճակվում էր ղեկավարել, մի երիտասարդի և նպաստել նրա աշխարհիկ հաջողության։ Ուրիշին օգնություն հասցնելու պատրվակով, օգնություն, որ ինքը հպարտությունից երբեք չէր ընդունի իր համար, նա գտնվում էր այն միջավայրին մոտիկ, որը հաջողություն էր շնորհում և որը քաշում էր նրան դեպի իրեն։ Նա ամենայն սիրով Բորիսին իր հովանավորության տակ առավ և նրա հետ միասին գնաց իշխան Դոլգորուկովի մոտ։
Ուշ երեկո էր արդեն, երբ նրանք բարձրացան Օլմյուցի պալատը, ուր ապրում էին թագավորներն իրենց մհրձավորներով։
Այդ օրը ռազմական խորհրդակցություն կար, որին մասնակցում էին հոֆկրիգսռատի բոլոր անդամները և երկու կայսր։ Խորհրդակցությունը — հակառակ ծերունիների կարծիքի, այն է՝ Կուտուզովի և իշխան Շվարցենբերդի կարծիքի, որոշեց անմիջապես հարձակում գործել և գլխավոր ճակատամարտ տալ Բոնապարտին։ Ռազմական խորհրդակցությունը հենց նոր էր վերջացել, երբ իշխան Անդրեյը, Բորիսի ուղեկցությամբ, պալատ եկավ՝ իշխան Դոլգորուկովին փնտրելու։ Գլխավոր կայանի բոլոր մարդիկ դեռ գտնվում էին այսօրվա, երիտասարդների պարտիայի համար հաղթական, ռազմական խորհրդակցության տպավորության տակ։ Նրանք, ովքեր խորհուրդ էին տալիս չհարձակվել, այլ դեռ սպասել ինչ-որ բանի, նրանց ձայները խեղդել էին և բերած պատճառաբանությունները հերքել, ապացուցելով հարձակման շահավետությունը, այնպես որ այն, ինչի մասին խոսել էին խորհրդակցության մեջ — ապագա ճակատամարտ և, անկասկած, հաղթանակը, թվում էր այլևս ոչ թե ապագա, այլ անցյալ։ Բոլոր առավելությունները մեր կողմն էին։ Հսկայական բանակը, որ անկասկած գերազանցում էր Նապոլեոնի զորքին, հավաքված էր մի տեղ. զորքերը, կայսրների ներկայությունից ոգևորված, վառվում էին կռվելու ցանկությամբ, ստրատեգիական այն կետը, ուր պետք է տեղի ունենային գործողությունները, ամենայն մանրամասնությամբ ծանոթ էր ավստրիական գեներալ Վեյրոտերին, որ ղեկավարում էր զորքը (կարծես երջանիկ դիպվածի արդյունք էր այն, որ ավստրիական զորքերն անցյալ տարի զորաշարժ էին կատարել հենց այն դաշտերում, ուր պետք է կռվեին հիմա ֆրանսացիների դեմ). ամենայն մանրամասնությամբ ծանոթ էր և քարտեզի վրա գծված նրանց առջև ընկած տարածությունը, իսկ Բոնապարտն, ըստ երևույթին, թուլացած, ոչինչ չէր ձեռնարկում։
Դոլգորուկովը, հարձակման ամենախանդավառ կողմնակիցներից մեկը, հենց նոր վերադարձել էր խորհրդակցությունից հոգնած, տանջված, բայց տարած հաղթանակով զվարթ ու հպարտ։ Իշխան Անդրեյը իր հովանավորյալ սպային ներկայացրեց նրան, բայց իշխան Դոլգորուկովը քաղաքավարությամբ և ամուր սեղմելով նրա ձեռը, ոչինչ չասավ Բորիսին և, ակներև չկարողանալով զսպել իրեն այդ վայրկյանին ամեն բանից ավելի իրեն զբաղեցնող մտքերն արտահայտելուց, ֆրանսերեն դարձավ իշխան Անդրեյին.
— Է, սիրելիս, գիտես ի՜նչ ճակատամարտ մղեցինք քիչ առաջ։ Տա աստված, որ դրա հետևանքը լինի նույնքան հաղթական։ Սակայն, սիրելիս,— ասավ նա կցկտուր ու զվարթ,— պետք է խոստովանեմ մեղքս ավստրիացիների և մանավանդ Վեյրոտերի հանդեպ։ Ի՜նչ ճշտություն, ի՜նչ մանրամասնություններ, տեղի, վայրի ինչպիսի՜ ծանոթություն և ամեն տեսակ հնարավորությունների, պայմանների ու փոքրիկ մանրամասնությունների որպիսի՜ կանխատեսություն։ Ոչ, սիրելիս, սրանից ավելի ձեռնտու պայմաններ, որոնց մեջ գտնվում ենք, դիտավորությամբ էլ չէր կարելի ստեղծել։ Ավստրիական ճշտությունը ռուսական քաջության հետ միացած,— սրանից ավել էլ ի՞նչ եք ուզում։
— Ուրեմն հարձակումը վերջնականապես որոշվա՞ծ է,— ասավ Բալկոնսկին։
— Գիտեք ինչ, սիրելիս, ինձ թվում է, թե Բոնապարտն ուղղակի գլուխը կորցրել է։ Գիտեք, քիչ առաջ նրանից նամակ էր ստացվել կայսեր անունով։
Դոլգորուկովը նշանակալից ժպտաց։
— Ա՜յ թե ինչ։ Իսկ ի՞նչ է գրում,— հարցրեց Բալկոնսկին։
— Ի՞նչ կարող է գրել։ Տրադիրիդիրա և այլն, բոլորը միայն ժամանակ շահելու նպատակով։ Ես ձեզ ասում եմ, որ նա մեր ձեռին է արդեն, համոզված եմ։ Բայց որ ամենից զվարճալին է,— ասավ նա, հանկարծ բարեհոգությամբ ժպտալով,— այն է, որ ոչ մի կերպ չկարողացան իմանալ թե ինչպես հասցեագրեն պատասխանը։ Ինձ թվում էր՝ եթե ոչ կոնսուլին, ինքնին պարզ է ոչ կայսեր, գոնե պետք է գրել գեներալ Բոնապարտին։
— Բայց կայսր չճանաչելու և գեներալ Բոնապարտ կոչելու միջև մեծ տարբերություն կա,— ասավ Բալկոնսկին։
— Բանն էլ հենց այդ է,— ծիծաղելով և խոսակցին ընդհատելով, ասավ Դոլգորուկովն արագությամբ։— Բիլիբինին ճանաչո՞ւմ եք, շատ խելոք մարդ է, առաջարկեց հասցեագրել. «Հափշտակիչին և մարդկային ցեղի թշնամուն»։
Դոլգորուկովն ուրախ քրքջաց։
— Միայն այդ չա՞փ,— նկատեց Բալկոնսկին։
— Այնուամենայնիվ Բիլիբինը հասցեի համար լուրջ տիտղոս գտավ։ Թե սրամիտ, թե խելոք մարդ է։
— Իսկ ինչպե՞ս։
— Ֆրանսական կառավարության պետին (au chef du gouvernement français),— լուրջ ու բավականությամբ ասավ իշխան Դոլգորուկովը։— Լավ է, այնպես չէ՞։
— Լավ է, բայց նրան բոլորովին դուր չի գա,— նկատեց Բալկոնսկին։
— Օ՜, բոլորովին։ Եղբայրս ճանաչում է նրան. մեկից ավելի անգամ Փարիզում ճաշել է նրա՝ այժմյան կայսրի մոտ և ինձ պատմել է, որ ավելի նուրբ ու խորամանկ դիվանագետ չի տեսել. գիտե՞ք, ֆրանսական ճարպկությունը միացրած իտալական դերասանության հետ։ Գիտե՞ք նրա և կոմս Մարկովի միջև պատահած անեկդոտային դեպքը։ Միայն կոմս Մարկովն է կարողացել նրա հետ վարվել ինչպես հարկն է։ Թաշկինակի պատմությունը գիտե՞ք։ Սքանչելի՜ բան է։
Եվ զրուցասեր Դոլգորուկովը մերթ Բորիսին, մերթ իշխան Անդրեյին դառնալով, պատմեց, թե ինչպես Բոնապարտը կամենալով մեր դեսպան Մարկովին փորձել, դիտմամբ թաշկինակը գցում է հատակին ու կանգնում, աչքերը Մարկովի երեսը գցած, սպասելով, երևի, թե նա կվերցնի այն ու կմատուցի իրեն, բայց Մարկովն անմիջապես դրա կողքին գցում է իր թաշկինակը և իրենը վերցնելով, Բոնապարտի թաշկինակը թողնում է տեղում։
— Charmant,— ասավ Բալկոնսկին,— բայց ահա թե ինչ, իշխան, եկել եմ ձեզ մոտ այս երիտասարդի համար բան խնդրելու։ Գիտե՞ք ինչ…
Բայց իշխան Անդրեյը խոսքը դեռ չէր ավարտել, երբ մի ադյուտանտ ներս մտավ և իշխան Դոլգորուկովին կանչեց կայսեր մոտ։
— Ա՛հ, ցավում եմ,— ասավ Դոլգորուկովը, հապճեպ տեղից ելնելով և իշխան Անդրեյի ու Բորիսի ձեռները սեղմելով։— Գիտեք, շատ ուրախ կլինեմ անել այն ամենը, ինչ որ ինձնից կախված է՝ թե՛ ձեզ համար, թե՛ այս լավ երիտասարդի համար։— Նա մի անգամ ևս սեղմեց Բորիսի ձեռը բարեհոգությամբ ու անկեղծությամբ։— Բայց տեսնո՞ւմ եք… մյուս անգամ։
Բորիսին հուզում էր բարձրագույն իշխանությանը մոտ լինելու միտքը։ Նա գիտակցում էր, որ ինքն այստեղ շփվում է այն զսպանակների հետ, որոնք ղեկավարում էին մասսաների վիթխարի շարժումները, որոնց (զսպանակների) փոքրիկ, հնազանդ ու չնչին մասն էր համարում նա իրեն՝ երբ գտնվում էր իր գնդում։ Նրանք իշխան Դոլգորուկովի ետևից դուրս եկան միջանցքը և հանդիպեցին քաղաքացու հագուստով մի ոչ բարձրահասակ մարդու (որը դուրս եկավ թագավորի սենյակի այն դռնից, որից ներս մտավ Դոլգորուկովը), որ խելացի դեմք ուներ և զգալիորեն առաջ ընկած մի ծնոտ, որը նրա դեմքը չաղարտելով, տալիս էր նրան առանձին կենդանություն և ճարտարամիտ արտահայտություն։ Այդ ոչ բարձրահասակ մարդը, որպես յուրային, գլխով արավ Դոլգորուկովին և սևեռուն սառը հայացքով նայեց իշխան Անդրեյին, ուղիղ նրա դեմը գնալով և, հավանորեն, սպասելով, որ իշխան Անդրեյը գլուխ խոնարհի կամ ճանապարհ տա իրեն։ Իշխան Անդրեյը չարավ ոչ մեկը, ոչ մյուսը, նրա դեմքին չարություն երևաց, երիտասարդը, շուռ գալով, անցավ միջանցքով։
— Այդ ո՞վ է,— հարցրեց Բորիսը։
— Դա ամենանշանավոր, բայց ինձ համար ամենաանհաճո մարդկանցից մեկն է։ Արտաքին գործերի մինիստր իշխան Ադամ Չարտորիժսկին է։
— Այս մարդիկ են ահա,— ասավ Բալկոնսկին հառաչանքով, որը չկարողացավ պահել պալատից դուրս գալու միջոցին,— այս մարդիկ են ահա վճռում ժողովուրդների բախտը։
Հետևյալ օրը զորքերը դուրս եկան արշավանքի, և Բորիսն էլ մինչև Աուստերլիցի ճակատամարտը չկարողացավ լինել ոչ Բալկոնսկու, ոչ Դոլգորուկովի մոտ և մի առ ժամանակ մնաց Իզմայլովյան գնդում։
=== X ===
Նոյեմբերի 16-ի արշալույսին Դենիսովի հեծվաշտը, որտեղ ծառայում էր Նիկոլայ Ռոստովը, և որը գտնվում էր իշխան Բագրատիոնի ջոկատում, գիշերատեղից գնաց կռիվ և ինչպես ասում էին, մի վերստաչափ գնալով մյուս զորասյուների ետևից, կարգադրություն ստացավ՝ կանգ առնել։ Ռոստովը տեսավ, թե ինչպես իրենց կողքով առաջ անցան կազակները, հուսարների առաջին և երկրորդ հեծվաշտերը, հետևակ գումարտակները՝ հրետանիով, գեներալներ Բագրատիոնն ու Դոլգորուկովը՝ իրենց ադյուտանտներով։ Այն վախը, որ նա, ինչպես միշտ զգում էր կռվից առաջ, այն ներքին պայքարը, որով հաղթահարում էր այդ վախը, իր բոլոր երազանքները, թե հուսարաբար քաջություն կգործի այդ կռվում,— իզուր անցան։ Նրանց հեծելազորը թողնվեց իբրև պահեստի ուժ, և Նիկոլայ Ռոստովն այդ օրն անցրեց տխուր ու ձանձրալի։ Առավոտյան ժամը 9-ին դիմացից հրացանաձգության տրաքտրաքոց լսեց, ուռռաներ, տեսավ ետ բերվող վիրավորներ (դրանք սակավաթիվ էին) և վերջապես տեսավ, թե ինչպես կազակների մի հարյուրակ շրջապատած բերում է ֆրանսական հեծելակների մի ամբողջ ջոկատ։ Ըստ երևույթին, կռիվը վերջացել էր և ակներև դա եղել էր մի թեթև, բայց հաջողակ կռիվ։ Ետ եկող զինվորներն ու սպաները պատմում էին, որ մերոնք փայլուն հաղթանակ են տարել, գրավել են Վիշաու քաղաքը և գերել են ֆրանսական մի ամբողջ, հեծվաշտ։ Գիշերվա սաստիկ ցրտից հետո օրը պարզ էր, արևոտ, և աշնանային այդ օրվա զվարթ պայծառությանը զուգադիպում էր հաղթանակի լուրերին, հաղթանակ, որի մասին պատմում էին ոչ միայն մասնակիցները, այլև Ռոստովի, կողքով անցնող ու դարձող զինվորների, սպաների, գեներալների ու ադյուտանտների դեմքերի ուրախ արտահայտությունը։ Նիկոլայի սիրտը ճմլվեց մանավանդ, որ ճակատամարտից, առաջ իզուր երկյուղ ունեցավ և այդ ուրախ օրն անցրեց անգործության մեջ։
— Ղոստով, աղի այստեղ, դաղդից խմենք,— ձայն տվեց Դենիսովը, ճանապարհի եզերքին նստելով, գինով լիքը ջրամանը և ակռատն առջևը դնելով։
Սպաները ուտելով ու խոսակցելով շրջան կազմեցին Դենիսովի ուտելիքների շուրջը։
— Ահա մի գերի էլ,— ասավ սպաներից մեկը, ցույց տալով ֆրանսական մի գերի դրագոնի, որին ոտով բերում էին երկու կազակ։
Նրանցից մեկը սանձից բռնած բերում էր գերուց առնված ֆրանսական խոշոր ու գեղեցիկ ձին։
— Ձին ծախիր ինձ,— ձայն տվեց Դենիսովը կազակին։
— Համեցեք, ձերդ ազնվություն…
Սպաները ելան շրջապատեցին կազակներին ու գերի ֆրանսացուն։ Ֆրանսական դրագոնը երիտասարդ էր, ալզասցի, ֆրանսերեն խոսում էր գերմանական առոգանությամբ։ Հուզումից, դժվարությամբ, էր շունչ քաչում, դեմքը կասկարմիր էր կտրել, բայց ֆրանսերեն լսելով, արագ-արագ խոսեց սպաների հետ, մերթ մեկին, մերթ մյուսին դառնալով։ Նա ասում էր, որ իրեն չէին կարող գերի վերցնել, և որ ինքը մեղավոր չէ, որ գերի է ընկել, այլ մեղավոր է le caporal-ը, որ ուղարկեց, իրեն ձիու տապճակներ, վերցնելու, ասելով թե ռուսներն արդեն հեռու են։ Եվ ամնն մի խոսքից, հետո ավելացնում էր. mais qu’on ne fasse pas de mal à mon petit cheval<ref>Բայց ձիուս մի նեղացնեք։</ref>, ու փաղաքշում էր ձիուն։ Երևում էր, որ լավ չի հասկանում, թե ո՛ւր է գտնվում։ Նա մեկ ներողություն էր խնդրում, որ իրեն գերի են վերցրել, մեկ էլ, ենթադրելով թե գտնվում է իր իշխանավորների առաջ, ցույց էր տալիս զինվորի կարգապահություն և հոգածություն իր ծառայության նկատմամբ։ Նա իր հետ մեր արիերգարդը բերեց ֆրանսական զորքի թարմ մթնոլորտը, որ այնպես խորթ էր մեզ համար։
Կազակները ձին ծախեցին երկու չերվոնեցով, և Ռոստովը, որ փող ստանալուց հետո, ամենահարուստ սպան էր, գնեց այն։
— Mais qu’on ne fasse pas de mal à mon petit cheval,— բարեսրտությամբ ասավ ալզասցին Ռոստովին, երբ ձին հանձնվեց հուսարին։
Ռոստովը, ժպտալով, հանգստացրեց դրագոնին և դրամ տվեց նրան։
— Ալյո՜։ Ալյո,— ասավ կազակը, հրելով գերու թևը, որ առաջ գնա։
— Թաղավո՛րը, թագավո՛րը,— հանկարծ բացականչեցին հուսարները։
Եվ ամեն ոք վազեց, շտապեց իր տեղը, և Ռոստովը նկատեց որ ետևից ճանապարհով մի քանի ձիավորներ են գալիս՝ ճերմակ ցցունքները գլխարկների վրա։ Մի րոպեի մեջ բոլորն իրենց տեղերը բռնելով՝ սպասում էին։
Ռոստովը չհասկացավ և չզգաց, թե ինչպես վազեց իր տեղը ու նստեց ձին։ Մի ակնթարթում անցավ կռվին չմասնակցելու ափսոսանքը, այդ մարդկանց շրջանում անցավ առօրյա տրամադրությունը և վայրկենապես անհետացավ իրեն վերաբերվող ամեն մի միտք. նա ամբողջովին կլանվեց թագավորի մերձավորությունից բխող երջանկության զգացումով։ Այդ մերձավորությամբ միայն իրեն վարձատրված էր զգում այս օրը կորցնելու համար։ Նա երջանիկ էր, ինչպես մի սիրահար, որ արժանացել է սպասված տեսակցության։ Չհամարձակվելով շուրջը նայել և, իրոք, չնայելով, խանդավառ հոտառությամբ զգում էր ''նրա'' մոտեցումը։ Եվ նա այդ զգում էր ոչ միայն մոտեցող շքախմբի ձիերի ոտնատրոփից, այլև զգում էր նրանից, որ նրանց մոտենալուն հետ, շուրջն ամեն ինչ պայծառանում ու տոնական տեսք էր ընդունում։ Հետզհետե ավելի էր մոտենում Ռոստովի համար այդ արևը, իր շուրջը տարածելով հեզ և վեհ լույսի ճառագայթներ, և ահա նա իրեն զգում է արդեն այդ ճառագայթների տակ, լսում է թագավորի ձայնը — գգվող, հանդարտ, վեհ, և դրա հետ միասին այնքան պարզ-հասարակ։ Ինչպես և Ռոստովն զգում էր՝ մեռելային լռություն տիրեց, և այդ լռության մեջ հնչեցին թագավորի խոսքերը։
— Les huzards de Pavlograd?<ref>Պովլոգրադյան հուսարնե՞րը։</ref>,— հարցականորեն ասավ նա։
— La réserve, sire!<ref>Պահեստի զորաբաժինն է, ձերդ մեծություն։</ref>— հնչեց մի ուրիշ ձայն, որ այնքան մարդկային էր այն ոչ-մարդկային ձայնից հետո, որն ասավ. Les huzards de Pavlograd?
Թագավորը հավասարվեց Ռոստովին ու կանգ առավ։ Ալեքսանդրի դեմքն ավելի գեղեցիկ էր, քան երկու օր առաջ — զորատեսին։ Նա փայլում էր այնպիսի զվարթությամբ ու ջահելությամբ, այնպիսի անմեղ ջահելությամբ, որ հիշեցնում էր տասնչորս տարեկան մանկան կայտառություն, և դրա հետ միասին նա այնուամենայնիվ վեհապանծ կայսեր դեմք էր։ Հեծվաշտին նայելիս՝ թագավորի աչքերը պատահաբար հանդիպեցին Ռոստովի աչքերին և երկու վայրկյանից ոչ ավելի սևեռած մնացին նրանց վրա։ Հասկացա՞վ արդյոք թագավորը, թե ի՛նչ է դառնում Ռոստովի սրտում (Ռոստովին թվաց, թե նա ամեն ինչ հասկացավ), բայց նա իր երկնագույն աչքերով երկու վայրկյանի չափ նայեց Ռոստովի դեմքին։ (Թագավորի աչքերից քնքուշ ու հեզ լույս էր ծորում)։ Հետո հանկարծ հոնքը բարձրացրեց, խիստ շարժումով ձախ ոտով խփեց ձիուն և սրարշավ առաջ գնաց։
Երիտասարդ կայսրը չկարողացավ զսպել ճակատամարտին ներկա լինելու ցանկությունը և, չնայած պալատականների բոլոր առարկություններին, ժամը 12-ին, բաժանվելով 3-րդ զորասյունից, որին հետևում էր, արշավեց դեպի առաջապահը։ Դեռ հուսարներին չհասած, մի քանի ադյուտանտ հանդիպեցին և լուր տվին նրան կռվի հաջող ելքի մասին։
Տեղի ունեցած ճակատամարտը, որի ադյունքը եղել էր միայն այն, որ գերի էր առնվել ֆրանսական մի հեծվաշտ, համարում էին ֆրանսացիների վրա տարած մի փայլուն հաղթանակ, ուստի և թագավորը և ամբողջ բանակը (մանավանդ երբ վառոդի ծուխը դեռ չէր վերացել կռվի դաշտից) հավատացած էին, թե ֆրանսացիները պարտված են ու նահանջում են՝ հակառակ իրենց կամքի։ Թագավորի գնալուց մի քանի րոպե անց, կարգադրվեց, որ պավլոգրադցիների դիվիզիոնը առաջ գնա։ Վիշաուի մեջ, գերմանական այդ փոքրիկ քաղաքում, Ռոստովը մի անգամ ևս տեսավ թագավորին։ Քաղաքի հրապարակում, ուր մինչև թագավորի գալը բավական ուժեղ հրացանաձգություն էր եղել, ընկած էին մի քանի սպանված ու վիրավոր մարդիկ, որոնց դեռ չէին կարողացել հավաքել։ Թագավորը, զինվորականների և ոչ զինվորականների շքախմբով շրջապատված, արդեն ոչ թե զորատեսի ժամանակվա, այլ մի ուրիշ, պոչը կտրած շիկակարմիր ձի նստած և մի կողմի վրա թեքված, շնորհալի շարժումով ոսկե լոռնետն աչքին բռնած, նայում էր երեսն ի վար պառկած առանց գլխարկի, արյունոտած գլխով զինվորին։ Վիրավոր զինվորն այնքան անմաքուր էր, կոպիտ ու անճոռնի, որ Ռոստովին վիրավորում էր նրա մոտիկությունը թագավորին։ Ռոստովը տեսավ, թե ինչպես, կարծես հանկարծակի սառնամանիքից, ցնցվեցին թագավորի փոքր-ինչ կռացած ուսերը, ինչպես ձախ ոտը ջղաձգորեն սկսեց խթանելով խփել ձիու կողին, և թե ինչպես ձեռնասուն ձին նայում էր անտարբեր ու տեղից չէր շարժվում։ Մի ադյուտանտ ձիուց իջնելով՝ բռնեց զինվորի թևատակերից և դրեց բերված պատգարակի մեջ։ Զինվորը տնքաց։
— Կամաց, կամաց, մի՞թե կամաց չի կարելի,— ըստ երևույթին, մեռնող զինվորից ավելի տանջվելով, ասավ թագավորն ու ձին քշեց հեռացավ։
Ռոստովը տեսավ թագավորի աչքերն արցունքով լցված և լսեց թե ինչպես նա, հեռանալով, ֆրանսերեն ասավ Չարտոբիժսկուն.
— Ի՜նչ սարսափելի բան է պատերազմը, ի՜նչ սարսափելի բան է։ Quelle terrible chose que la guerre!
Առաջապահ զորամասերը տեղավորվեցին Վիշաուի այն կողմը, թշնամու զորաշղթայի հանդեպ, որ տեղի տվեցին մեզ օրվա ընթացքում եղած թեթև հրացանաձգության ժամանակ։ Առաջապահ զորամասին կարդացվեց թագավորի շնորհակալությունը, խոստացան պարգևներ, և զինվորներին կրկնակի չափով օղի բաժանվեց։ Ավելի ուրախ ճարճատեցին բանակատեղիի խարույկները և ավելի ուրախ հնչեց զինվորների երգը։ Դենիսովն այդ գիշեր տոնեց իր նոր ստացած մայորության աստիճանը, և Ռոստովն արդեն բավական խմած՝ խնջույքի վերջում առաջարկեց թագավորի կենացը, բայց «ոչ թագավոր-կայսեր, ինչպես ասում են, պաշտոնական ճաշերին,— ասավ նա,— այլ թագավորի, բարի, հմայիչ ու մեծ մարդու կենացը. խմենք նրա կենացը և ֆրանսացիների վրա անվիճելի հաղթություն տանելու համար»։
— Եթե մենք առաջ էլ կռվեինք,— ասավ նա,— և ֆրանսացիներին մոտ չթողնեինք, ինչպես Շենգրաբենի մոտ… իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ նա առաջներիս է։ Մենք բոլորս կմեռնենք, հաճույքով կմեռնենք նրա համար։ Այդպես, պարոններ։ Թերևս, ես այնպես չեմ խոսում, ես շատ խմել եմ. այո, ես այդպես եմ զգում, և դուք նույնպես։ Ալեքսանդր առաջինի կենացը, Ուռռա՜։
— Ուռռա՜,— ղողանջեցին սպաների ոգևորված ձայները։
Եվ ծեր ռոտմիստր Կիրստենը բացականչեց ոգևորված և ոչ պակաս անկեղծ, քան քսան տարեկան Ռոստովը։
Երբ սպաները խմեցին ու բաժակները ջարդեցին, Կիրստենը լցրեց մյուսները, և միայն շապկով ու վարտիքով, բաժակը ձեռին մոտեցավ զինվորական խարույկներին և վեհապանծ դիրքով ձեռը բարձրացրեց վեր, ու երկար ճերմակ բեղերով, շապկի արանքից երևող սպիտակ կրծքով կանգ առավ խարույկի լույսի մեջ։
— Տղերք, թագավոր-կայսեր կենացը, հանուն հաղթության, ուռռա՛,— բացականչեց նա կտրիճի պես, պառավ հուսարական բարիտոնով։
Հուսարները խմբվեցին և արձագանքեցին նրան բարձր կանչերով։
Գիշերվա ուշ ժամին, երբ բոլորը ցրվեցին, Դենիսովն իր կարճ ձեռով թոթվեց իր սիրելի Ռոստովի ուսը։
— Բանակում մեկը չկա, ողի վղա մաղդ սիղահաղվի, նա էլ սիղահաղվել է թագավողի վղա,— ասավ նա։
— Դենիսով, դու այդ բանը մի ծաղրի,— գոչեց Ռոստովը,— դա մի այնպիսի բարձր, այնպիսի գեղեցիկ զգացմունք է, այնպիսի…
— Հավատում եմ, բաղեկամ, հավատում եմ. համամիտ եմ և հավանություն եմ տալիս…
— Ոչ, չես հասկանում։
Եվ Ռոստովը վեր կացավ ու գնաց շրջելու խարույկների շուրջը, երազելով այն մասին, թե ինչ երջանկություն կլիներ մեռնել, առանց կյանքը փրկելու (նա այդ մասին չէր էլ ուզում երազել), այլ ուղղակի մեռնել թագավորի աչքի առջև։ Նա իսկապես տարված էր թե՛ թագավորի, թե՛ ռուսական զենքի փառքի սիրով և թե՛ ապագա հաղթանակի հույսով։ Եվ մենակ նրան չէր համակել այդ զգացումը այն հիշատակելի Աուստերլիցի ճակատամարտին նախորդող օրերին. ռուս բանակի տասը զինվորից ինը այդ ժամանակ տարված էր, թեև պակաս խանդավառությամբ, իր թագավորի և ռուսական զենքի փառքի սիրով։
=== XI ===
Հետևյալ օրը թագավորը կանգ առավ Վիշաուում։ Թագավորի անձնական բժիշկ Վիլեն մի քանի անգամ կանչվեց նրա մոտ։ Գլխավոր կայանում և մոտիկ գտնվող զորքերի մեջ լուր տարածվեց, թե թագավորը հիվանդ է։ Նա ոչինչ չէր կերել և գիշերը վատ էր քնել, ինչպես ասում էին մերձավորները։ Տկարության պատճառը այն ուժեղ տպավորությունն էր, որ ստացել էր նրա զգայուն սիրտը վիրավորներին ու սպանվածներին տեսնելով։
Նոյեմբերի 17-ի արշալույսին մեր առաջապոստերից մի ֆրանսացի սպա եկավ բանագնացի դրոշակով, որ տեսակցություն էր խնդրում ռուս կայսեր հետ։ Այդ սպան Սավարին էր։ Թագավորը նոր էր միայն քնել, ուստի և Սավարին ստիպված էր սպասել։ Կեսօրին թագավորն ընդունեց նրան և մի ժամ հետո նա իշխան Դոլգորուկովի հետ գնաց ֆրանսական բանակի առաջավոր պահակակետը։
Լուր կար, թե Սավարին եկել էր առաջարկելու, որ Ալեքսանդր կայսրը տեսակցություն ունենա Նապոլեոնի հետ։ Անձնական այս տեսակցությունը, ի մեծ ուրախություն ամբողջ բանակի, մերժվեց, և թագավորի փոխարեն Նապոլեոնի հետ բանակցություններ վարելու ուղարկվեց Վիշաուի մոտ հաղթանակ տանող իշխան Դոլգորուկովը, եթե իսկապես այդ բանակցությունները, հակառակ ակնկալության, հաշտության նպատակ ունեին։
Երեկոյան Դոլգորուկովը վերադարձավ, ուղիղ գնաց թագավորի մոտ և երկար մնաց նրա հետ առանձին։
Նոյեմբերի 18 և 19-ին ռուս զորքն ավելի առաջ գնաց, և թշնամու առաջավոր պահակակետերը՝ կարճատև հրացանաձգությունից հետո՝ նահանջեցին։ 19-ի կեսօրից սկսած բանակի վերին շրջաններում սկսվեց մի տենդային ու հուզումնալից շարժում, որը շարունակվեց մինչև հետևյալ օրվա, նոյեմբերի 20-ի առավոտը, երբ տեղի ունեցավ Աուստերլիցի անմոռաց ճակատամարտը։
Մինչև 19-ի կեսօրը շարժումը, բուռն խոսակցությունները, վազվզուքը, ադյուտանտների առաքումն այս ու այն կողմ կենտրոնացած էր միայն կայսրների գլխավոր կայանում. կեսօրից հետո այդ շարժումն անցավ Կուտուզովի գլխավոր կայանը և զորասյուների հրամանատարների շտաբները։ Երեկոյան, ադյուտանտների միջոցով, այդ շարժումը տարածվեց բանակի բոլոր ծայրերում ու մասերում, և 19-ի լույս 20-ի գիշերը դաշնակից զորքի 80 հազարանոց բազմությունը վեր կացավ քնից, աղմկալի ձայներով ու խոսակցությամբ շարժվեց ու ձգվեց, որպես ինը վերստ երկարություն ունեցող մի ժապավեն։
Կենտրոնացած շարժումը,— որ առավոտն սկսվեց կայսրների գլխավոր կայանում և ընթացք տվեց հետագա ողջ շարժմանը,— նման էր աշտարակային խոշոր ժամացույցի կենտրոնական անիվի առաջին շարժմանը։ Նախ դանդաղորեն շարժվեց մի անիվը, պտտվեց երկրորդը, երրորդը, և հետզհետե արագ-արագ սկսվեցին պտտվել անիվները, ճախարակները, ատամնավոր անիվը, հետո խփեցին զարկերը, ֆիգուրներ դուրս թռան, և սլաքներն սկսեցին համաչափությամբ առաջ խաղալ, ցույց տալով շարժման արդյունքը։
Ինչպես ժամացույցի մեխանիզմում, այնպես էլ ռազմական գործի մեխանիզմում մի անգամ արդեն ընթացք ստացած շարժումը անարգել է մինչև վերջին կայանը, և ընդհակառակը՝ միանգամայն անշարժ են մեխանիզմի այն մասերը, որոնք դեռ շարժման մեջ չեն դրվել։ Ճռնչում են անիվները, ատամներով բռնելով իրար, արագությունից վզզում են դարձող ճախարակները, իսկ հարևան անիվը այնպես հանգիստ ու անշարժ է, կարծես հարյուրավոր տարիներ պատրաստ է մնալ այդ անշարժության մեջ. բայց ահա եկավ ժամանակը — լծակը շարժվեց ու դիպավ նրան, և անիվը, հնազանդելով շարժմանը, սկսում է դառնալ ու շխշխկալ և միախառնվել այն ընդհանուր շարժմանը, որի նպատակն ու արդյունքը անհասկանալի են իրեն։
Ինչպես բազմաթիվ ու բազմապիսի անիվների ու ճախարակների բարդ շարժման արդյունքը միայն ժամանակը ցույց տվող սլաքի դանդաղ ու համաչափ շարժումն է, այնպես էլ այդ 160 000 ռուսների ու ֆրանսացիների բոլոր մարդկային բարդ շարժումների,— այդ մարդկանց բոլոր կրքերի ու հույզերի, իղձերի, զղջումների, նվաստացումների, տառապանքների, հպարտության ու գոռոզության բռնկումների, սարսափի և հիացմունքի հետևանքը — Աուստերլիցի պարտությունն էր միայն, մի պարտություն, որ արդյունք էր այսպես կոչված երեք կայսրների ճակատամարտի, որն առաջ բերեց համաշխարհային-պատմական սլաքի դանդաղ առաջխաղացումը մարդկային պատմության ցիֆերբլատի վրա։
Իշխան Անդրեյն այդ օրը հերթապահ էր և շարունակ գլխավոր հրամանատարի մոտ էր։
Երեկոյան ժամը 6-ին Կուտուզովը գնաց կայսրների գլխավոր կայանը և, մի կարճ միջոց թագավորի մոտ մնալով, գնաց օբերհոֆմարշալ կոմս Տոլստոյի մոտ։
Բալկոնսկին օգտագործեց այդ ժամանակամիջոցը և գնաց Դոլգորուկովի մոտ՝ կռվի մանրամասնություններն իմանալու։ Իշխան Անդրեյն զգում էր, որ Կուտուզովն ինչ-որ բանից հուզված է ու դժգոհ, և որ գվխավոր կայանում նրանից դժգոհ են, և որ կայսերական գլխավոր կայանի մարդիկ նրա հետ խոսում են այնպիսի տոնով, կարծես իրենք գիտեն մի բան, որ ուրիշները չգիտեն։ Ուստի և իշխան Անդրեյն ուզում էր խոսել Դոլգորուկովի հետ։
— Բարև, mon chef,— ասավ Դոլգորուկովը, որ թեյում էր Բիլիբինի հետ նստած։ Տոնակատարությունը վաղն է լինելու։ Ինչպե՞ս է ձեր ծերուկը, տրամադրությունը վա՞տ է։
— Չեմ կարող ասել, թե տրամադրությունը վատ է, բայց նայ կարծեմ, ուզում է, որ իրեն լսեն։
— Բայց իրեն լսեցին ռազմական խորհրդում և կլսեն, եթե կարգին բան ասի. սակայն ձգձգել ու ինչ-որ բանի սպասել այժմ, երբ Բոնապարտն ամեն բանից ավելի վախենում է գլխավոր ճակատամարտից,— անկարելի է։
— Դուք նրան տեսա՞ք,— ասավ իշխան Անդրեյը։— Է, ինչպիսի՞ մարդ է այդ Բոնապարտը։ Ի՞նչ տպավորություն թողեց ձեզ վրա։
— Այո, տեսա և համոզվեցի, որ աշխարհում ամեն բանից ավելի վախենում է գլխավոր ճակատամարտից,— կրկնեց Դոլգորուկովը, ըստ երևույթին, թանկ գնահատելով այդ ընգհանուր եզրակացությունը, որ արել էր Նապոլեոնի հետ տեսակցելուց։— Եթե ճակատամարտից չվախենար, էլ ինչո՞ւ էր տեսակցություն խնդրում, բանակցություններ վարում և, որ գլխավորն է, ինչո՞ւ էր նահանջում, երբ նահանջը այնպես հակառակ է պատերազմ վարելու իր ամբողջ մեթոդին։ Հավատացեք ինձ, նա վախենում է գլխավոր ճակատամարտից. նրա ժամը հնչել է։ Այդ ասում եմ ես։
— Բայց պատմեցեք-տեսնենք ինչպիսի՞ մարդ է նա,— նորից հարցրեց իշխան Անդրեյը։
— Գորշ գույնի սյուրթուկ հագած մարդ է. շատ էր փափագում, որ ես իրեն «ձերդ մեծություն» ասեմ, բայց ի մեծ վիշտ իրա, ինձնից չստացավ և ոչ մի տիտղոս։ Ահա ի՛նչ տեսակ մարդ է, և ուրիշ ոչինչ,— պատասխանեց Դոլգորուկովը, ժպտալով Բիլիբինի երեսին նայելով։— Չնայած ծերունի Կուտուզովի հանդեպ ունեցած իմ խորին հարգանքին,— շարունակեց նա,— մենք հիմարներ կլինեինք, եթե սպասեինք ինչ-որ բանի և այդպիսով առիթ տայինք նրան հեռանալու կամ մեզ խաբելու, մինչդեռ այժմ նա հաստատապես մեր ձեռին է։ Ոչ, չպետք է մոռանալ Սուվորովին և նրա սկզբունքը — չդնենք մեզ հարձակման ենթարկվողի վիճակում, այլ հարձակվենք ինքներս։ Հավատացեք, պատերազմում երիտասարդների եռանդը հաճախ ավելի ճիշտ է ցույց տալիս ուղին, քան ծեր դանդաղկոտների ողջ փորձառությունը։
— Բայց նրա ո՞ր դիրքի վրա ենք հարձակվելու։ Ես այսօր եղա մեր առաջավոր պահակակետերում, և պետք է ասեմ, որ դժվար է որոշել, թե որտեղ են գտնվում նրա գլխավոր ուժերը,— ասավ իշխան Անդրեյը։
Նա ուզում էր իշխան Դոլգորուկովին պարզել իր կազմած հարձակման ծրագիրը։
— Ա՛հ, դա բոլորովին միևնույն է,— ասավ Դոլգորուկովը, վեր կենալով ու քարտեզը սեղանին փռելով։— Ամեն ինչ նախատեսված է. եթե նա գտնվում է Բրյուննի մոտերքը…
Եվ իշխան Դոլգորուկովը հապճեպ ու ոչ պարզ ձևով պատմեց Վեյրոտերի թևանց շարժման ծրագիրը։
Իշխան Անդրեյն սկսեց առարկել և ապացուցել, որ իր ծրագիրը ոչնչով պակաս չէ Վեյրոտերի ծրագրից, բայց այն պակասությունն ունի, որ Վեյրոտերի ծրագիրն ընդունված է արդեն։ Հենց որ իշխան Անդրեյն սկսեց ապացուցել իր ծրագրի առավելությունները և մյուսի պակասությունները, իշխան Դոլգորուկովը դադարեց նրան լսելուց և ցրված նայում էր ոչ թե քարտեզին, այլ իշխան Անդրեյի դեմքին։
— Ասենք, Կուտուզովի մոտ այսօր ռազմական խորհրդակցություն է լինելու, դուք այդ բոլորը կարող եք այնտեղ ասել,— ասավ Դոլգորուկովը։
— Այդպես էլ կանեմ,— ասավ իշխան Անդրեյը, քարտեզից հեռանալով։
— Եվ ինչի՞ մասին եք այդպես հոգում, պարոններ,— ասավ Բիլիբինը, որ մինչ այդ զվարթ ժպիտով ականջ էր դնում նրանց զրույցին և այժմ, ըստ երևույթին, պատրաստվում էր կատակել։— Վաղը հաղթություն կլինի թե պարտություն, միևնույն է, ռուս զենքի հաջողությունն ապահովված է։ Ձեր Կուտուզովից բացի, այլևս ոչ մի ռուս զորավար չկա։ Զորավարներ՝ Herr général Wimpfen, le comte de Langeron, le prince de Lichtenstein, le prince de Hohenloe et enfin Prsch… prsch… et ainsi de suite, comme tous les noms polonais.<ref>Վիմպֆեն, կոմս Լանժերոն, իշխան Լիխտենշտեյն, իշխան Հոհենլոե և Պրշ… պրշ… ինչպես լեհական բոլոր անունները։</ref>
— Taisez vous, mauvaise langue<ref>Զսպեք ձեր չար լեզուն։</ref>,— ասավ Դոլգորուկովը։ Ճիշտ չէ, արդեն երկու ռուս ունենք — Միլորադովիչը և Դոխտուրովը, պիտի ունենայինք երրորդն էլ. կոմս Արակչեևը, բայց նրա ջղերը թույլ են։
— Սակայն, Միխայիլ Իլարիոնովիչը, կարծում եմ, եկած կլինի,— ասավ իշխան Անդրեյը։— Երջանկություն և հաջողություն եմ ցանկանում, պարոններ,— ավելացրեց նա և, Դոլգորուկովի ու Բիլիբինի ձեռները սեղմելով, դուրս եկավ։
Տուն վերադառնալով՝ իշխան Անդրեյը չկարողացավ իրեն զսպել և լուռ նստած Կուտուզովին հարցրեց, թե ի՞նչ է մտածում նա վաղվա ճակատամարտի մասին։
Կուտուզովը մի խիստ հայացք գցեց իր ադյուտանտի երեսը և, մի փոքր լռելուց հետո, պատասխանեց.
— Ես կարծում եմ, որ ճակատամարտը տանուլ ենք տալու, ես այդպես ասի կոմս Տոլստոյին և խնդրեցի իմ այս կարծիքը հայտնել թագավորին։ Ի՞նչ ես կարծում՝ ինձ ինչ պատասխանեց.— Eh, mon cher général, je me mêle du riz et des cotelettes, mêlez vous des affaires de la guerre.<ref>Է՜հ, սիրելի գեներալ։ Ես զբաղված եմ բրնձով ու կոտլետներով, դուք էլ զբաղվեցեք ռազմական գործերով։</ref> Այո… Ահա ի՜նչ պատասխան տվին ինձ։
=== XII ===
Երեկոյան ժամը 10-ին Վեյրոտերն իր ծրագիրներով եկավ Կուտուզովի բնակարանը, ուր և նշանակված էր ռազմական խորհրդի նիստ։ Բոլոր զորասյուների հրամանատարները կանչված էին գլխավոր հրամանատարի մոտ, և բոլորը, բացի իշխան Բագրատիոնից, որ հրաժարվել էր գալ, ներկայացան նշանակած ժամին։
Վեյրոտերը, որ լիակատար տնօրենն էր նախատեսնվող ճակատամարտի, իր աշխուժությամբ ու փութկոտությամբ կատարյալ հակապատկերն էր ներկայացնում դժգոհ ու քնատ Կուտուզովի, որ ակամա կատարում էր ռազմական խորհրդի նախագահի ու ղեկավարի դերը։ Վեյրոտերն, ակներև, զգում էր իրեն շարժման գլուխ, մի շարժում, որ այլևս անարգել էր դարձել։ Նա նման էր մի լծած ձիու, որ սայլի հետ վազում է սարն ի վար։ Ինքն էր քաշում սայլակը, թե սայլակն էր քշում իրեն,— չգիտեր, բայց որքան կարելի էր, առաջ էր վազում, ժամանակ չունենալով այլևս մտածելու, կշռադատելու, թե ուր կտանի այդ շարժումը։ Վեյրոտերն այդ երեկո երկու անգամ գնացել էր թշնամու զորաշղթաները անձամբ դիտելու, երկու անգամ եղել էր ռուսաց և ավստրիացոց թագավորների մոտ՝ զեկուցում և բացատրություն տալու համար, նաև իր գրասենյակում, ուր գերմաներեն լեզվով թելադրեց իր դիսպոզիցիան։ Այժմ հոգնած եկել էր Կուտուզովի մոտ։
Նա, ըստ երևույթին, այնքան զբաղված էր, որ մոռանում էր անգամ քաղաքավարի լինել գլխավոր հրամանատարի հետ. ընդհատում էր նրան, խոսում էր արագ, անորոշ, առանց խոսակցի երեսին նայելու, չպատասխանելով իրեն տրված հարցումներին։ Ցեխոտված էր, տեսքը ողորմելի, տանջված, շփոթված և դրա հետ միասին ամբարտավան ու գոռոզ։
Կուտուզովն ապրում էր Օստրալիցի մոտ գտնվող ազնվականի մի փոքրիկ դղյակում։ Գլխավոր հրամանատարի առանձնասենյակը դարձած ընդարձակ հյուրասրահում հավաքվել էին — ինքը Կուտուզովը, Վեյրոտերը և ռազմական խորհրդի անդամները։ Նրանք թեյում էին և սպասում միայն իշխան Բագրատիոնին, որ խորհրդակցությունն սկսեն։ Ժամը 8-ին Բագրատիոնի սուրհանդակը լուր բերեց, թե իշխանը գալ չի կարող։ Իշխան Անդրեյը եկավ այդ բանը հայտնելու գլխավոր հրամանատարին և, օդտվելով Կուտուզովի կողմից նախապես իրեն տված՝ խորհրդակցությանը ներկա լինելու թույլտվությունից, մնաց սենյակում։
— Քանի որ իշխան Բագրատիոնը չի գալու, մենք կարող ենք սկսել,— ասավ Վեյրոտերը, հապճեպ տեղից ելնելով և մոտենալով այն սեղանին, որի վրա փռված էր Բրյուննի շրջակայքի ահագին քարտեզը։
Կուտուզովը (կոճակները բաց մունդիրի օձիքից դուրս էր ընկել նրա պարարտ վիզը) նստել էր վոլտերյան բազկաթոռում, փափլիկ պառավական ձեռները արմնկատ ակերին դրած, և գրեթե քնել էր։ Վեյրոտերի ձայնից դժվարությամբ բաց արավ իր միակ աչքը։
— Այո, այո, խնդրեմ, թե չէ՝ ուշ է,— ասավ նա և, գլխով անելով, գլուխն իջեցրեց ու աչքը փակեց նորից։
Եթե առաջին պահին խորհրդի անդամները կարծում էինք թե Կուտուզովը քնած է ձևանում, բայց վերջին ընթերցումի ժամանակ նրա քթի հանած խռռոցները ցույց տվին, որ այդ րոպեին գլխավոր հրամանատարն ավելի կարևոր գործով է զբաղված, քան թե ցանկություն ունի արհամարհել դիսպոզիցիան կամ ինչ-որ մի այլ բան. նա բավարարում էր մարդկային անդիմադրելի պահանջը — նա իրոք քնել էր։ Վեյրոտերը չափազանց զբաղված մարդու շարժումներով, որ չափազանց զբաղված է՝ թեկուզ մի րոպե կորցնելու համար, նայեց Կուտուզովին և, համոզվելով, որ նա քնած է, թուղթը վերցրեց և բարձր միօրինակ ձայնով սկսեց կարդալ ապագա ճակատամարտի դիսպոզիցիան հետևյալ վերնագրով, որը նա նույնպես կարդաց.
«Կոբելնիցի և Սոկոլնիցի ետևը գտնվող թշնամու դիրքերի վրա հարձակվելու դիսպոզիցիան, 30 նոյեմբեր 1805 թ.»։
Դիսպոզիցիան շատ բարդ էր և դժվարին։ Դիսպոզիցիայի բնագրում ասված էր.
Da der Feind mit seinem linken Flügel an die mit Wald bedeckten Berge lehnt und sich mit seinem rechten Flügel längs Kobelnitz und Sokolnitz hinter die dort befindlichen Teiche zieht, wir im Gegenteil mit unserem linken Flügel seinen rechten sehr debordieren, so ist es vorteilhaft letzteren Flügel des Feindes zu attakieren, besonders wenn wir die Dörfer Sokolnitz und Kobelnitz im Besitze haben, wodurch wir dem Feind zugleich in die Flanke fallen und ihn auf der Fläche zwischen Schlapanitz und dem Thuerassa-Walde verfolgen können, indem wir dem Defileen von Schlapanitz und Bellowitz ausweichen, welche die feindliche Front decken. Zu diesem Endzwecke ist es nötig… Die erste. Kolonne marschiert… die zweite Kolonne marschiert… die driette Kolonne marschiert…<ref>Որովհետև թշնամին իր ձախ թևով հենվում է անտառածածկ սարերին, իսկ աջ թևով տարածվում է Կոբելնիցի և Սոկոլնիցի երկարությամբ, նրանց ետև գտնվող լճակների այն կողմը, իսկ մենք, ընդհակառակը, մեր ձախ թևով գերազանցում ենք նրա աջ թևը, ուստի մեզ ձեռնտու է հարձակվել թշնամու սույն վերջին թևի վրա, մանավանդ եթե գրավենք Սոկոլնից և Կոբեյնից գյուղերը, և այդպիսով հնարավորություն ստանանք հարձակում գործել թշնամու զորաթևի վրա, և հետապնդել նրան Շլապանիցի և Տյուրասի անտառի միջև գտնվող դաշտավայրում, խուսափելով միաժամանակ Շլապանիցի և Բելովիցի միջև գտնվող նեղ անցքից, որով պաշտպանվում է թշնամու ճակատը։ Դրա համար անհրաժեշտ է… Առաջին զորասյունը գնում է… երկրորդ զորասյունը գնում է… երրորդ զորասյունը գնում է…</ref> և այլն, կարդում էր Վեյրոտերը։ Գեներալները կարծես, դժկամությամբ էին լսում այդ դժվարին դիսպոզիցիան։ Խարտյաշ բարձրահասակ գեներալ Բուկսհեվդենը կանգնեչ էր՝ մեջքը պատին տված և, աչքերը վառվող մոմին հառած, կարծես չէր լսում և անգամ մինչև իսկ չէր ուզում, որ կարծեն, թե լսում է։ Վեյրոտերի ուղիղ ղիմացը, բաց փայլուն աչքերր նրա վրա սևեռած, ռազմատենչ դիրքով, արմունկները ծնկներին հենաձ՝ նստել էր կարմրադեմ Միլորադովիչը՝ բեղերը և ուսերը վեր ցցած։ Նա համառորեն լռում էր, Վեյրոտերին նայելով, և աչքը նրանից կտրեց այն ժամանակ միայն, երբ ավստրիական շտաբի պետը լռեց։ Այդ ժամանակ Միլորադովիչը նշանակալից նայեց մյուս գեներալներին։ Բայց այդ հայացքից դժվար էր հա սկանալ՝ համաձա՞յն է նա դիսպոզիցիային թե ոչ, գո՞հ է թե դժգոհ։ Վեյրոտերին ամենից ավելի մոտ նստող կոմս Լանժերոնը հարավային ֆրանսացու նուրբ ժպիտով, ընթերցման ամբողջ ընթացքում, նայում էր իր բարակ մատներին, որ արագորեն քթախոտի մի պատկերազարդ տուփ էին խաղացնում։ Հետագա պարբերություններից մեկի կեսին նա դադարեցրեց քթախոտի տուփի շարժումը, գլուխը բարձրացրեց և, անախորժ քաղաքավարությունը նուրբ շուրթերի ծայրին, ընդմիջեց Վեյրոտերին և ուզեց ինչ-որ բան ասել, բայց ավստրիացի գեներալը, ընթերցումը չընդհատելով, հոնքերը կիտեց բարկացած և արմունկները թափահարեց, որ կարծես ուզում էր ասել.— հետո, հետո կասեք ինձ ձեր կարծիքը, այժմ համեցեք նայել քարտեզին ու ականջ դնել։ Լանժերոնը տարակուսանքով աչքերը բարձրացրեց վեր, նայեց Միլորադովիչին, կարծես բացատրություն փնտրելու համար, բայց տեսնելով Միլորադովիչի նշանակալից, սակայն ոչինչ արտահայտող հայացքը, աչքերը խոնարհեց տխրությամբ և նորից սկսեց քթախոտի տուփը խաղացնել։
— Une leçon de géographie<ref>Աշխարհագրության դաս։</ref>,— ասավ նա, կարծես ինքն իրեն, բավական բարձր, որպեսզի բոլորը լսեն։
Պրժեբիշևսկին հարգալիր, բայց արժանավայել քաղաքավարությամբ ձեռով ականջը դարձրեց դեպի Վեյրոտերը, մի այնպիսի տեսքով, ասես կլանված է ուշադրությամբ։ Կարճահասակ Դոխտուրովը նստել էր ուղիղ Վեյրոտերի դիմաց՝ ջանասեր ու համեստ տեսքով և, փռված քարտեզի վրա կռացած, բարեխղճությամբ ուսումնասիրում էր դիսպոզիցիան և իրեն անծանոթ վայրերը։ Նա մի քանի անգամ խնդրեց Վեյրոտերին՝ կրկնել լավ չլսած խոսքերը և գյուղերի դժվար անունները։ Վեյրոտերը կատարեց նրա ցանկությունը, և Դոխտուրովը գրի առավ դրանք։
Երբ ժամից ավելի տևող ընթերցումը վերջացավ, Լանժերոնը, նորից քթախոտի տուփը թողնելով և առանց Վեյրոտերին և առանձնապես որևէ մեկին նայելու, սկսեց խոսել այն մասին, թե որքան դժվար կլինի իրագործել մի այսպիսի դիսաոզիցիա, ուր թշնամու դիրքը ենթադրվում է իբրև հայտնի ու որոշ, մինչդեռ այդ դիրքը կարող է մեզ հայտնի չլինել, որովհետև թշնամին շարժման մեջ է։ Լանժերոնի առարկությունները հիմնավոր էին, բայց ակներև էր, որ այդ առարկությունների նպատակը գլխավորապես այն էր, որ գեներալ Վեյրոտերին (որ ինքնավստահությամբ, ինչպես դպրոցական-աշակերտների առաջ,կարդում էր իր դիսպոզիցիան) զգացնել տա, թե նա գործ չունի միայն հիմարների հետ, այլև այնպիսի մարդկանց, որոնք կարող են ռազմական գործից իրեն ևս բան սովորեցնել։ Երբ Վեյրոտերի միօրինակ ձայնը լռեց, Կուտուզովն աչքը բաց արավ, ինչպես ջաղացպանը, որ արթնանում է քնաբեր չախչախի դադարի միջոցին, ու ականջ դրեց Լանժերոնի խոսքերին, և կարծես ինքն իրեն ասում էր. «Դուք դեռ այդ հիմար բաների մասին եք խոսում». և աչքը փակեց արագ ու գլուխն ավելի կախ գցեց։
Աշխատելով որքան կարելի է խայթիչ վիրավորանք հասցնել Վեյրոտերի ռազմական հեղինակության ինքնասիրությանը, Լանժերոնն ապացուցում էր, թե Բոնապարտը, հարձակման ենթարկվելու փոխարեն, դյուրությամբ կարող է հարձակվել ինքը և այդպիսով այս ամբողջ դիսպոզիցիան բոլորովին անօգուտ դարձնել։ Վեյրոտերը բոլոր առարկություններին պատասխանում էր մի արհամարհոտ ժպիտով, որ հավանորեն առաջուց էր պատրաստել ամեն տեսակ առարկության համար, անկախ այն բանից, թե ինչ են ասելու։
— Եթե Բոնապարտը կարողանար հարձակվել մեզ վրա, այսօր իսկ կհարձակվեր,— ասավ նա։
— Դուք, ուրեմն, կարծում եք թե՝ նա ուժ չունի՞,— ասավ Լանժերոնը։
— Շատ է, եթե 40000 էլ ունենա,— պատասխանեց Վեյրոտերը մի բժշկի ժպիտով, որին բուժակը բուժելու միջոց է ցույց տալիս։
— Այդ դեպքում նա իրեն կորստի է մատնում, սպասելով մեր հարձակման,— նուրբ հեգնական ժպիտով ասավ Լանժերոնը, հավանություն ստանալու համար նորից նայելով մոտիկ նստած Միլորադովիչին։
Բայց Միլորադովիչն այդ րոպեին, հավանորեն ամենից քիչ մտածում էր այն մասին, թե ինչի վրա են վիճում գեներալները։
— Ma foi<ref>Հավատքս վկա։</ref>,— ասավ նա,— վաղն ամեն բան կտեսնենք կռվի դաշտում։
Վեյրոտերը քմծիծաղեց նորից մի ժպիտով, որ ասում էր, թե ''իր'' համար ծիծաղելի և տարօրինակ է առարկություններ լսել ռուս գեներալներից և ապացուցել մի բան, որին ոչ միայն ինքն էր խորապես հավատացած, այլև թագավոր-կայսրները։
— Թշնամին կրակները հանգցրել է, և նրա բանակից անընդհատ աղմուկ է լսվում,— ասավ նա։— Այդ ի՞նչ է նշանակում։ Կամ հեռանում է, որից մենք պետք է վախենանք, կամ դիրքերն է փոխում (նա քմծիծաղ տվեց)։ Բայց մինչև իսկ եթե նա դիրք էլ բռնի Տյուրասում, մեզ կազատի միայն մեծ գլխացավանքից, և բոլոր կարգադրությունները ամենայն մանրամասնությամբ, կմնան նույնը։
— Ինչպե՞ս…— ասավ իշխան Անդրեյը, որ վաղուց արդեն առիթի էր սպասում իր կասկածները հայտնելու։
Կուտուզովն արթնացավ, ծանր հազաց և գեներալներին նայեց։
— Պարոններ, վաղվա կամ նույնիսկ այաօրվա (որովհետև արդեն ժամը մեկն է) դիսպոզիցիան չի կարելի փոխել,— ասավ նա։— Դուք լսեցիք այն, և մենք բոլորս կկատարենք մեր պարտքը։ Իսկ ճակատամարտից առաջ… (նա լռեց) լավ քնելուց ավելի կարևոր բան չկա։
Նա ցույց տվեց, թե ուզում է վեր կենալ։ Գեներալները գլուխ տվին ու հեռացան։ Կես գիշերից անց էր արդեն։ Իշխան Անդրեյը նույնպես դուրս եկավ։
Ռազմական խորհուրդը, ուր իշխան Անդրեյը, սպասածի հակառակ չկարողացավ իր կարծիքը հայտնել, անորոշ ու տագնապալի տպավորություն թողեց նրա վրա։ Ո՞վ էր իրավացի,— Դոլգորուկո՞վն ու Վեյրոտերը, թե՞ Կուտուզովը, Լանժերոնը և մյուսները, որ հավանություն չէին տալիս հարձակման ծրագրին,— չէր իմանում։ «Բայց մի՞թե Կուտուզովը չէր կարող իր կարծիքն ուղղակի ասել թագավորին։ Մի՞թե դա այլ կերպ չի կարող լինել։ Մի՞թե պալատականների և անձնական նկատառումների պատճառով պետք է ռիսկի ենթարկել տասնյակ հազարների և իմ, ''իմ'' կյանքը», մտածում էր նա։
«Այո, շատ կարելի է, վաղն սպանեն», մտածեց նա։ Եվ հանկարծ, մահվան այս մտքի հետ՝ հեռավոր ու սիրելի հիշողություններ զարթնեցին նրա երևակայության մեջ. հիշեց վերջին հրաժեշտը հոր ու կնոջ հետ, հիշեց կնոջը սիրելու առաջին օրերը։ Հիշեց կնոջ հղիությունը, և ափսոսաց թե՛ նրան, թե՛ իրեն, և նյարդային ու հուզված վիճակում դուրս եկավ խրճիթից, ուր ապրում էր Նեսվիցկու հետ միասին, և սկսեց երթևեկել տան առաջ։
Մառախլապատ գիշեր էր, և մշուշի միջից խորհրդավոր կերպով իր շողերն էր արձակում լուսինը։ «Այո, վաղը, վաղը,— մտածւց նա։— Վաղը, գուցե, ամեն ինչ վերջանա ինձ համար, բոլոր այս հիշողություններն այլևս չեն լինի, բոլոր այս հիշողություններն այլևս ոչ մի իմաստ չեն ունենա ինձ համար։ Իսկ վաղը, թերևս, նույնիսկ հաստատապես կարելի է ասել՝ վաղը, ես այդ նախազգում եմ, առաջին անգամ, վերջապես, ես պիտի ցույց տամ այն բոլորը, ինչ կարող եմ անել»։ Ու նրան պատկերացավ ճակատամարտը.— իրենք պարտվում են, կռիվները կենտրոնացել են մի կետում և բոլոր հրամանատարները շփոթության մեջ են։ Եվ ահա, վերջապես, ներկայանում է իրեն այն երջանիկ վայրկյանը, այն Տուլոնը, որին երկար սպասում էր այնպես։ Նա հաստատ ու պարզ իր կարծիքն է հայտում թե՛ Կուտուզովին, թե՛ Վեյրոտերին, թե՛ կայսրին։ Բոլորը զարմացած են նրա ճիշտ ենթադրությունների վրա, բայց ոչ ոք հանձն չի առնում իրագործել այն, և ահա նա վերցնում է մի գունդ, մի դիվիզիա, պայման է դնում, որ ոչ ոք չխառնվի իր կարգադրություններին, ու իր դիվիզիան առաջնորդում է դեպի ճակատամարտի վճռական կետը և հաղթություն է տանում մենակ։— Իսկ մա՞հն ու տանջանքները,— ասում է մի ուրիշ ձայն։ Բայց իշխան Անդրեյն այդ ձայնին չի պատասխանում և շարունակում է իր հաջողությունները։ Հետևյալ ճակատամարտի դիսպոզիցիան մենակ ինքն է կարգադրում։ Նա կրում է բանակի օրապահի կոչումը, բայց ամեն ինչ մենակ է անում։ Հետևյալ ճակատամարտը շահում է դարձյալ մենակ։ Կուտուզովին փոխում են, և նշանակվում է ինքը… Է, իսկ հետո՞,— ասում է նորից մյուս ձայնը,— իսկ հետո, եթե դրանից առաջ տասն անգամ չվիրավորվես, չսպանվես կամ չխաբվես, է, իսկ հետո ի՞նչ։— «Է, իսկ հետո,— պատասխանում է իշխան Անդրեյն ինքն իրեն,— չգիտեմ ինչ կլինի, չեմ ուզում և չեմ կարող իմանալ, բայց եթե ա՛յդ եմ ուզում, փառք եմ ցանկանում, ուզում եմ հռչակվել, սիրելի դառնալ մարդկանց. բայց չէ որ ես մեղավոր չեմ, որ ա՛յդ եմ ցանկանում, որ միայն այդ եմ ցանկանում, միայն դրա համար եմ ապրում։ Այո՛, միայն դրա համար։ Ես երբեք ոչ ոքի չեմ ասի այդ, բայց, աստված իմ, ապա ինչ անեմ, եթե ոչինչ չեմ սիրում, բայց եթե միայն՝ փառք և սերը մարդկանց։ Մահ, վերքեր, ընտանիքի կորուստ — այդ բոլորը սարսափելի չեն ինձ համար։ Եվ որքան էլ թանկ ու սիրելի են ինձ շատ մարդիկ — հայր, քույր, կին.— իմ ամենասիրելի մարդիկ,— բայց որքան և սարսափելի ու անբնական է թվում այդ, ես նրանց բոլորին կտամ փառքի մի վայրկյանի համար, մարդկանց վրա իշխելու, մարդկանց սերը վայելելու համար, մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում և չեմ ճանաչելու, ահա այդ մարդկանց սերը վայելելու համար», մտածեց նա, ականջ դնելով Կուտուզովի բակից լսվող խոսակցության։ Կուտուզովի բակից լսվում էր ճանապարհի պատրաստություն տեսնող սպասյակների ձայնը։ Կառապանը, Կուտուզովի ծեր խոհարարին ծաղրելով՝ ասում էր. «Տիտ, ա՛յ Տիտ»։
— Հը,— պատասխանեց ծերունին։
— Տիտ, գնա բանիդ,— ասում էր հանաքչի կառապանը։
— Թո՛ւ, գրողը տանի քեզ,— պատասխանեց Տիտը, սպասյակների և ծառաների ծիծաղի տակ։
«Բայց և այնպես ես սիրում եմ և բարձր եմ գնահատում նրանց բոլորին իշխելը, բարձր եմ գնահատում այդ խորհրդավոր ուժն ու փառքը, որ հենց այստեղ, այս մշուշի մեջ, սավառնում է իմ գլխավերևը»։
=== XIII ===
Ռոստովն այդ գիշեր իր դասակով հեծյալ կողմնախույզների շղթայումն էր, Բագրատիոնի զորաբաժնի առջևում։ Նրա հուսարները զույգ-զույգ ցրված էին այդ շղթայի մեջ. ինքը ձի նստած անցնում էր շղթայի երկարությամբ, աշխատելով հաղթահարել քունը, որ անդիմադրելի կերպով իջնում էր նրա վրա։ Նրա ետևը երևում էին՝ մեր բանակի ահագին տարածության վրա՝ մշուշի մեջ աղոտ կերպով վառվող խարույկները. առջևը բռնել էր մշուշապատ խավարը։ Որքան էլ Ռոստովը տեսողությունը լարում էր այդ մշուշոտ խավարի մեջ մի բան տեսնելու,— ոչինչ չէր տեսնում, մերթ գորշանում, մերթ սևին էր տալիս ինչ-որ մի բան. մերթ կարծես կրակներ էին երևում այնտեղ, ուր պետք է թշնամին լիներ, մեկ էլ կարծում էր, թե միայն իր աչքերն են առկայծում այդպես։ Աչքերը փակվում էին, և երևակայության մեջ պատկերանում էր մերթ թագավորը, մերթ Դենիսովը, մերթ Մոսկվայի հիշողությունները, և նա աչքերը հապճեպ բանում էր նորքց ու աոջևը տեսնում էր ձիու գլուխն ու ականջները, երբեմն հուսարների սև կերպարանքը, երբ վեց քայլի վրա մոտեցած էր լինում նրանց, իսկ հեռվում միշտ նույն մշուշապատ խավարը։ «Ինչո՞ւ չէ. շատ կարելի է,— մտածում էր Ռոստովը,— որ թագավորն, ինձ հանդիպելով, հանձնարարություն անի, ինչպես և ամեն մի սպայի, թե՝ «Գնա, իմացիր ինչ կա այնտեղ»։ Շատ են պատմում չէ՞, թե ինչպես պատահաբար ճանաչել է այսպես մի ինչ-որ սպայի և մոտեցրել իրեն։ Հանկարծ, եթե ինձ էլ մոտեցնի՜ իրեն։ Օ՜, ինչպե՜ս կպահպանեի նրան, ինչպե՜ս ամբողջ ճշմարտությունը կասեի նրան, ինչպե՜ս կմերկացնեի նրան խաբողներին», և Ռոստովը, որպեսզի ավելի կենդանի պատկերացնի իր սերն ու նվիրվածությունը թագավորին, երևակայում էր մի թշնամի կամ խաբեբա գերմանացի, որին հաճույքով ոչ միայն սպանում էր, այլև ապտակներ էր հասցնում թագավորի աչքի առաջ։ Հանկարծ հեռվից եկող մի աղաղակ սթափեցրեց Ռոստովին։ Նա ցնցվեց և աչքերը բաց արավ։
«Որտե՞ղ եմ։ Այո, շղթայում. լոզունգը և պարոլը — առեղ, Օլմյուց։ Ափսո՜ս, որ մեր հեծվաշտը վաղը պահեստի է…— մտածեց նա։— Կխնդրեմ, որ թույլ տան կռվին մասնակցեմ։ Սա, թերևս, միակ առիթն է թագավորին տեսնելու։ Այո, այժմ քիչ է մնացել մինչև հերթափոխությունը։ Կանցնեմ մի անգամ էլ և, վերադարձա թե չէ, կերթամ գեներալի մոտ ու կխնդրեմ»։ Նա թամբի վրա ուղղվեց ու ձին շարժեց, որպեսզի մի անգամ ևս անցնի ու դիտի իր հուսարներին։ Նրան թվաց, թե լուսանում է։ Ձախ կողմը երևում էր մի լուսավորված զառիվայր և դիմացի սև բլուրը, որ պատի պես ուղղահայաց էր թվում։ Բլրի վրա մի սպիտակ բիծ կար, որ Ռոստովը չէր հասկանում՝ լուսնի լուսով լուսավորված բացա՞տ է անտառում, թե՞ մնացած ձյուն, թե սպիտակ տներ։ Նրան թվաց նույնիսկ, թե այդ սպիտակի վրա ինչ-որ բան շարժվեց. «Այդ սպիտակը, երևի, ձյուն է, բիծ է — une tache,— մտածեց Ռոստովը։— Ահա քեզ և… Նե տաշ…»։
«Նատաշան, քույրս, սև աչքերը։ Նա…տաշկա։ (Այ կզարմանա հա՜, երբ նրան ասեմ ինչպես եմ թագավորին տեսել)։ Նատաշկին… տաշկին վերցրու»…— «Դեպի աջ գնացեք, ձերդ ազնվություն, այս կողմը թփեր են», ասավ մի հուսար, որի կողքով, քունը գլխին, անցնում էր Ռոստովը։ Նա բարձրացրեց գլուխը, որ կռացել էր համարյա մինչև ձիու բաշը և ձին կանգնեցրեց հուսարի կողքին։ Մանկական անհաղթահարեքի քունը սաստիկ տանում էր։ «Հա, ի՞նչ էի մտածում — չմոռանամ։ Թագավորի հետ ինչպե՞ս պիտի խոսեմ։ Չէ, այղ չէ — դա վաղն է։ Այո, այո՛։ Նատաշկին, կգա… ո՞ւմ։— Հուսարներին։ Իսկ հուսարները… Տվերսկոյ փողոցով անցնում էր այդ բեղերով հուսարը, Գուրևի տան դիմաց… Ծերունի Գուրևը… Է, սքանչելի՜ տղա է Դենիսովը։ Բայց այդ բոլորը դատարկ բան է։ Հիմա գլխավորն այն է, որ թագավորն այստեղ է։ Ինչպե՜ս նայեց վրաս, արդյոք ուզում էր մի բան ասել և չհամարձակվեց… Ոչ, այդ ես չհամարձակվեցի։ Այդ դատարկ բան է, գլխավորը — չմոռանամ, որ հարկավորը մտածել եմ, այո։ Նատաշկին… այո, այո, այո։ Այդ լավ է»։— Եվ նրա գլուխը նորից կախ ընկավ մինչև ձիու վիզը։ Հանկարծ նրան թվաց թե կրակում են իր վրա։ «Ի՞նչ։ Ի՞նչ։ Ի՞նչ… Կոտորի՜ր։ Ի՞նչ…», ասավ Ռոստովն, արթնանալով։ Այն վայրկյանին, երբ աչքերը բացեց, Ռոստովն իր աոջևից, այնտեղից, ուր թշնամին էր, լսեց հազարավոր ձայների աղաղակներ։ Նրա և հուսարի ձիերը, որ կանգնած էին իրար կողքի, ականջները խլշեցին այդ ձայների վրա։ Այնտեղ, որտեղից աղաղակներ լսվեցին, մի կրակ վառվեց ու հանգավ, հետո մի ուրիշը, ապա ֆրանսական զորքերի շղթայովը մեկ, սարի վրա կրակներ վառվեցին, և աղաղակներն ավելի սաստկացան։ Ռոստովը ֆրանսերեն խոսակցություն լսեց, բայց չկարողացավ բառերը ջոկել։ Աղմկող ձայները չափազանց շատ էին։ Լսվում է միայն՝ ա՜աա՜ և ը՜ռռռռ։
— Ի՞նչ բան է սա։ Ի՞նչ ես կարծում,— դարձավ Ռոստովը կողքին կանգնած հուսարին։— Ձայները թշնամու կողմից են գալիս, չէ՞։
Հուսարը ոչինչ չպատասխանեց։
— Հը, մի՞թե դու չես լսում,— բավական երկար պատասխանի սպասելով, նորից հարցրեց Ռոստովը։
—Ո՞վ ա իմանում, ձերդ ազնվություն,— դժկամ պատասխանեց հուսարը։
— Տեղին նայած՝ թշնամին պիտի լինի,— նորից կրկնեց Ռոստովը։
— Կարելի ա նա ա, կարելի ա հենց էնպես,— ասավ հուսարը,— գիշերվա բան ա, ինչ իմանաս։ Դե՛, հանգի՛ստ,— պոռաց նա ձիու վրա, որ շարունակ շարժվում էր տակին։
Ռոստովի ձին նույնպես շտապում էր, ոտը խփում էր սառած գետնիհ, ձայներին ականջ դնելով ու կրակներին նայելով։ Աղաղակները հետզհետե սաստկանում էին և դառնում-ձուլվում մի ընդհանուր որոտ, որ կարող էր առաջ բերել միայն մի քանի հազարանոց բանակը։ Կրակներն ավելի ու ավելի տարածվում էին, հավանորեն, ֆրանսական բանակատեղի գծով։ Ռոստովի քունը փախավ։ Թշնամու բանակի ուրախ, հաղթական կանչերը գրգռիչ ներգործություն ունեցան նրա վրա։ Vive l’empereur l’empereur!<ref>Կեցցե կայսրը, կայսրը։</ref> հիմա արդեն որոշ լսում էր Ռոստովը։
— Հեռու չեն. երևի, գետակի այն կո՞ղմը, հը՞,— ասավ նա կողքին կանգնած հուսարին։
Հուսարը, ոչինչ չպատասխանելով, հոգոց քաշեց ու հազաց բարկացած։ Հուսարների շղթայի կողմից ձիու ոտնատրոփ լսվեց, և գիշերային մառախուղի միջից հանկարծ, ահագին փղի նման, երևաց հուսարական ենթասպայի կերպարանքը։
— Զերդ ազնվություն, գեներալնե՛րը,— ասավ ենթասպան, Ռոստովին մոտենալով։
Ռոստովը, շարունակելով նայել կրակներին ու կանչերին, ենթասպայի հետ եկող ձիավորներին ընդառաջ գնաց։ Մեկն սպիտակ ձիով էր։ Իշխան Բագրատիոնը՝ Դոլգորուկովի և ադյուտանտների հետ եկել էին նայելու թշնամու բանակում տեղի ունեցող տարօրինակ երևույթին — կրակներին ու աղաղակներին։ Ռոստովը, Բագրատիոնին մոտենալով, զեկուցում տվեց ու խառնվեց ադյուտանտներին, ականջ դնելով, թև ի՛նչ են ասում գեներալները։
— Հավատացեք,— ասում էր իշխան Դոլգորուկովը, դիմելով Բագրատիոնին,— դա ոչ այլ ինչ է, բայց եթե խորամանկություն. ինքը նահանջել է և արիերգարդին հրամայել՝ կրակնեը վառել ու աղմուկ բարձրացնել, որ մեզ խաբի։
— Հազիվ թե,— ասավ Բագրատիոնը,— երեկոյան ես նրանց տեսել եմ բլրի վրա. եթե նահանջել են, այնտեղից էլ պետք է քաշված լինեն։ Պարոն սպա,— դարձավ իշխան Բագրատիոնը Ռոստովին,— նրա հեծյալ կողմնախույզները դեռ այնտե՞ղ են։
— Երեկոյան այնտեղ էին, հիմա չգիտեմ, ձերդ պայծառափայլություն։ Կհրամայեք, հուսարներիս հետ կերթամ,— ասավ Ռոստովը։
Բագրատիոնը ձին կանգնեցրեց և, առանց պատասխանելու, աշխատեց մշուշի միջից դիտել Ռոստովի դեմքը։
— Լավ, գնացեք տեսեք,— ասավ նա, փոքր-ինչ լռելուց հետո։
— Լսում եմ։
Ռոստովը խթանեց ձիուն, կանչեց ենթասպա Ֆեդչենկոյին ու մի երկու հուսարի, հրամայեց հետևել իրեն և ձին քշեց սարն ի վար՝ շարունակվող աղաղակների կողմը։ Ռոստովը և սարսափ էր զգում և ուրախ էր, որ մենակ, երեք հուսարի հետ գնում է այնտեղ, այդ խորհրդավոր ու վտանգավոր մշուշոտ հեռուն, ուր իրենից առաջ ոչ ոք չի եղել։ Բագրատիոնը սարի գլխից ձայն տվեց, որ նա գետակից դենը չգնա, բայց Ռոստովը այնպես ձևացրեց, իբր թե նրա խոսքերը չլսեց, և առանց կանգ առնելու ձին շարունակ առաջ էր քշում, շարունակ խաբվելով՝ ծառերը, թփերը և փոսերն ու խանդակները մարդկանց տեղ ընդունելով և անդադար բացատրություն տալով իր պատրանքներին. լեռան ստորոտն իջնելով, նա այլևս չէր տեսնում ոչ մերոնց, ոչ թշնամու կրակները, բայց ավելի բարձր ու որոշ էր լսում ֆրանսացիների աղաղակները։ Ձորակում իր առջև գետի նման մի բան նշմարեց, բայց երբ մոտեցավ տեսավ ճանապարհ է։ Ճամփի վրա ոտ դնելով ձին կանգնեցրեց, ինչ անելը չիմանալով.— գնա՞ր ճանապարհով՝ թե՞ կտրեր անցներ այն ու սև դաշտով սարը բարձրանար։ Մշուշի մեջ սպիտակին տվող ճանապարհով գնալը անվտանգ էր, որովհետև մարդկանց ավելի շուտ կարելի էր ջոկել։ «Ետևիցս եկեք», ասավ նա, անցավ ճանապարհի մյուս կողմր և սկսեց քառարշավ բարձրանալ սարը, այն տեղը, ուր իրիկվանից կանգնած էր ֆրանսական պահակախումբը։
— Ձերդ ազնվություն, հրե՛ն,— ասավ հուսարներից մեկն իր ետևից։
Եվ Ռոստովը դեռ չէր կարողացել նայել հանկարծ մշուշի մեջ սևին տվող բանին, երբ մեկեն կրակ փայլատակեց, հրազեն ճայթեց, և գնդակը, կարծես ինչ-որ բանից գունատվելով վզզաց բարձր մշուշի մեջ և ապա անլսելի դարձավ, կորավ։ Երկրորդ հրացանը չկրակեց, բայց խանձոցի վրա կրակ փայլատակեց։ Ռոստովը ձիու գլուխը շուռ տվեց ու քառատրոփ ետ վերադարձավ։ Չորս կրակոց էլ լսվեց ընդհատումներով և գնդակները տարբեր ձայներով երգեցին մշուշում։ Ռոստովը՝ իր նման, կրակոցներից ուրախացած ձիու սանձը ձգեց ու քայլով առաջ գնաց։ «Հապա էլի՛, էլի՛», ասում էր նրա սրտում մի ինչ-որ ուրախ ձայն։ Բայց այլևս կրակոցներ չեղան։
Միայն Բագրատիոնին մոտենալիս Ռոստովը նորից բաց թողեց ձիու գլուխը և, ձեռը քունքի մոտ բռնած, մոտեցավ նրան։
Դոլգորուկովը շարունակում էր պնդել, թե ֆրանսացիները նահանջել են և այդ կրակներն արել են մեզ խաբելու համար միայն։
— Դա ի՞նչ է ապացուցում,— ասում էր նա այն ժամանակ, երբ Ռոստովը մոտեցավ նրան։— Նրանք կարող էին նահանջել և պահակախմբեր թողնել։
— Ինչպես երևում է, բոլորը դեռ չեն հեռացել, իշխան,— ասավ Բագրատիոնը։— Առավոտն ամեն բան կիմանանք։
— Զերդ պայծառափայլություն, պահակախումբը դեռ սարի վրա է, իրիկվա տեղը,— զեկուցեց Ռոստովը՝ առաջ թեքված, ձեռը քունքին բռնած, չկարողանալով զսպել ուրախության ժպիտը, որ ինքը գնացել թշնամու պահակախմբին էր հասել և մանավանդ գնդակների ձայն էր լսել։
— Լավ, լավ,— ասավ Բագրատիոնը,— շնորհակալ եմ, պարոն սպա։
— Ձերդ պայծառափայլություն,— ասավ Ռոստովը,— թույլ տվեք խնդրել…
— Ի՞նչ կա։
— Վաղը մեր հեծվաշտը մնում է պահեստի. խնդրում եմ ուղարկեք ինձ 1-ին հեծվաշտը։
— Ինչպե՞ս է ձեր ազգանունը։
— Կոմս Ռոստով։
— Ա, լավ։ Մնացեք ինձ մոտ պատվիրակ։
— Իլյա Անդրեիչի որդի՞ն ես,— ասավ Դոլգորուկովը։
Բայց Ռոստովր նրան չպատասխանեց։
— Ուրեմն հույս ունենամ, ձերդ պայծառափայլություն։
— Ես կհրամայեմ։
«Շատ կարելի է հենց վաղը մի հանձնարարությամբ ուղարկեն ինձ թագավորի մոտ,— մտածեց նա։— Փառք աստծո»։
Թշնամու բանակի կրակներն ու աղաղակները հետևանք էին այն բանի, որ այն ժամանակ, երբ զորքին կարդում էին Նապոլեոնի հրամանը, ինքը Նապոլեոնը ձի նստած անցնում-դիտում էր իր բացօթյակները։ Զինվորները, կայսեր տեսնելով՝ ծղոտի փնջեր էին վառում և «Vive l’eilipereur!» աղաղակներով վազում ետևից։ Նապոլեոնի հրամանը հետևյալն էր.
«Զինվորնե՛ր։ Ռուս բանակը գալիս է մեզ վրա՝ ավստրիական, Ուլմի բանակի վրեժն առնելու։ Դրանք նույն գումարտակներն են, որոնց դուք ջարդեցիք Հոլաբրունի մոտ և հետապնդեցիք շարունակ՝ մինչև այստեղ։ Մեր գրաված դիրքերը շատ ամուր են, և մինչև թշնամին կփորձի անցնել իմ թիկունքն աջից, նա իր թևը ցույց կտա մեզ։ Զինվորնե՛ր, ես ինքս պիտի ղեկավարեմ ձեր գումարտակները։ Ես կրակից հեռու կմնամ, եթե դուք, ձեր սովորական քաջությամբ, անկարգություն ու շփոթություն մտցնեք թշնամու շարքերը, բայց եթե հաղթությունը գեթ մի րոպե կասկածելի դառնա, դուք ձեր կայսեր կտեսնեք թշնամու առաջին հարվածների տակ, որովհետև տարակուսանք չի կարող լինել հաղթության նկատմամբ, մանավանդ այն օրը, երբ խոսքը վերաբերում է ֆրանսական հետևակի պատվին, որ այնքան անհրաժեշտ է իր ազգի պատվի համար։
Վիրավորներ տանելու պատրվակով շարքերը չքայքայե՜լ։ Ձեզնից յուրաքանչյուրը թող տոգորվի այն մտքով։ թե պետք է հաղթի Անգլիայի վարձկաններին, որ այնպես բուռն ատելություն ունեն մեր ազգի դեմ։ Այս հաղթությամբ կվերջացնենք մեր արշավանքը, և կարող ենք վերադառնալ մեր ձմեռոցները, ուր կգան միանալու մեզ ֆրանսական նոր զորամասեր, որ այժմ կազմակերպվում են Ֆրանսայում, և այն ժամանակ իմ կնքած հաշտությունը արժանի կլինի իմ ժողովրդին, ձեզ և ինձ։ ''Նապոլեոն''»
=== XIV ===
Առավոտյան ժամը հինգին դեռ բոլորովին մութն էր։ Կենտրոնի զորքերը, պահեստայինները և Բագրատիոնի աջ զորաթևը դեռ անշարժ էին. բայց ձախ թևում հետևակի, հեծելազորի և հրետանու զորասյուները,— որ առաջին հերթին իրենք պիտի իջնեին բարձունքներից՝ ֆրանսական աջ թևի վրա հարձակվելու և նրան, ըստ դիսպոզիցիայի, Բոհեմյան լեռները շպրտելու,— արդեն զարթնել, շարժման մեջ էին։ Խարույկների (որոնց մեջ նետում էին բոլոր ավելորդ բաները) ծուխը աչք էր կուրացնում։ Ցուրտ էր և մութ։ Սպաները շտապ թեյում էին և նախաճաշում, զինվորները պաքսիմաթ էին ծամծմում և, տաքանալու համար, ոտերնին խփում էին գետին, հավաքվում էին խարույկների առաջ և նրանց մեջ նետում հոլիկի մնացորդները, աթոռներ, սեղաններ, անիվներ, տակառիկներ, բոլոր ավելորդ բաները, ինչ չէին կարող հետները վերցնել-տաներ Ավստրիացի ձիավորները շրջում էին ռուս զորքի մեջ, որպես կռվի դուրս գալու նախակարապետներ։ Հենց որ ավստրիական սպան երևում էր գնդի հրամանատարի կայանի մոտ, գունդն սկսում էր շարժվել, զինվորները վազում գալիս էին խարույկների մոտից, ծխամորճները թաքցնում էին կոշիկների ճտքերում, տոպրակները դնում էին սայլերի վրա, և հրացանները վերցնելով՝ սկսում էին շարքեր կազմել։ Սպաները կոճկվում էին, թրերն ու պայուսակները գցում ուսները և, անցնում շարքերի առջևից։ Գումակի զինվորներն ու սպասյակները սայլերը բարձում էին, կապկպում և լծում։ Ադյուտանտները, գումարտակների և գնդերի հրամանատարները ձի էին նստում, երեսները խաչակնքում և վերջին հրամանները, ցուցմունքներն ու հանձնարարությունները տալիս մնացող գումակավարներին, և լսվում էր հազարավոր ոտների միօրինակ դոփյունը։ Զորասյուները շարժվում էին՝ չիմանալով ուր, և իրենց շրջապատող մարդկանց, ծխի ու խտացող մառախուղի պատճառով չէին կարողանում տեսնել ոչ այն տեղը, որից հեռանում էին, ոչ էլ այն, ուր ոտք էին դնում։
Շարժման մեջ գտնվող զինվորը նույնքան շրջապատված, սահմանափակված է ու տարվում է իր գնդով, որքան նավի վրա գտնվող նավազը։ Որքան էլ հեռուները գնա նա, որքան էլ խորթ, անհայտ ու վտանգավոր տարածություններ մտնի, նրա շուրջը — ինչպես նավազի համար միշտ և ամենուրեք իր նավի նույն տախտակամածներն են, նույն կայմերը, նույն ճոպանները,— միշտ և ամենուրեք նույն ընկերներն են, նույն շարքերը, նույն վերակա Իվան Միտրիչը, վաշտային նույն Ժուչկա շունը, նույն հրամանատարությունը։ Զինվորը հազվադեպ է ցանկանում իմանալ-ճանաչել այն տարածությունը, ուր գտնվում է իր նավը, բայց ճակատամարտի օրը, աստված գիտի թե ինչպես և որտեղից, զորքի բարոյական աշխարհում լսվում է բոլորի համար մի ներքին ահեղ ձայն, որը հնչեցնում է ինչ-որ մի վճռական ու հաղթական բանի մոտեցումը և արտակարգ հետաքրքրություն է առաջանում նրանց մեջ։ Ճակատամարտի օրերին խռովահույզ զինվորներն աշխատում են դուրս գալ իրենց գնդի շահերի շրջանակից, ականջ են դնում, դիտում և ագահորեն հարցուփորձում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։
Մառախուղն այնպես խտացավ, որ չնայած լուսանում էր, բայց տասը քայլի վրա բան չէր երևում։ Թփերը թվում էին վիթխարի ծառեր, հարթ տեղերը — փոսեր ու զառիվայրներ։ Ամենուրեք և ամեն կողմ տասը քայլի վրա անտեսանելի թշնամուն հանդիպելու վտանգը կար։ Բայց զորասյուները երկար գնում էին միշտ նույն մառախուղի միջով, սարերից իջնելով ու սարերը բարձրանալով, այգիների ու ցանկապատերի մոտով անցնելով, նոր, անծանոթ տեղերով, առանց թշնամուն հանդիպելու։ Դրան հակառակ, մեր զինվորները տեսնում, իմանում էին, որ թե ետևից, թե առջևից, թե ամեն կողմից նույն ուղղությամբ գնում են մեր ռուս զորասյուները։ Յուրաքան չյուր զինվորի հոգին հրճվում էր, երբ իմանում էր, թե այնտեղ, այն անհայտ կողմը, ուր ինքն է գնում, գնում են և մերոնցից շատ-շատերը։
— Տե՛ս, Կուրսկի գնդի զինվորներն էլ անցան,— խոսում էին շարքերում։
— Չտեսնված բան ա, ախպեր ջան, էնքան զորք ա հավաքվել։ Իրիկունը, կրակ վառելու ժամանակ, որ մտիկ արի՝ ծերը չէր երևում։ Մի խոսքով — Մոսկվա է։
Թեև զորասյուների պետերից ոչ ոք չէր մոտենում շարքերին և չէր խոսում զինվորների հետ (զորապետները, ինչպես տեսանք ռազմական խորհրդում, լավ տրամադրության մեջ չէին և դժգոհ էին ձեռնարկվող կռվից, ուստի և հրամաններ էին կատարում միայն և հոգ չէին տանում զինվորների տրամադրությունը բարձրացնելու մասին), այնուամենայնիվ զինվորները քայլում էին ուրախ-զվարթ, ինչպես միշտ, կռվի գնալիս, մանավանդ հարձակողական կռվի։ Բայց մի ժամի չափ թանձր մառախուղի մեջ առաջ գնալով, զորքի մեծ մասն ստիպված էր կանգ առնել, և շարքերին համակեց կատարվող անկարղության տխուր գիտակցությունը։ Ինչպես է այդ գիտակցությանը անցնում-համակում մարդկանց,— շատ դժվար է որոշել, բայց անկասկած է, որ դա փոխանցվում է անսովոր կերպով — տարածվում է արագ, աննկատելի ու անարգել, ինչպես ջուրը ձորակում։ Եթե ռուս զորքը լիներ մենակ, առանց դաշնակիցների, այդ դեպքում, գուցե, դեռ շատ ժամանակ անցներ մինչև որ անկարգության այդ գիտակցությունը դառնար ընդհանուր համոզում, բայց այժմ, առանձին գոհունակությամբ ու բնական զգացումով անկարգության պատճառը վերագրելով անհասկացող գերմանացիներին, բոլորը համոզվեցին, որ վնասակար շփոթ է տեղի ունենում, մի շփոթ, որ առաջացրել էին երշիկամոլները։
— Ինչո՞ւ ենք կանգնել։ Առաջնիս կտրե՞լ են։ Թե՞ ֆրանցուզին ենք հանդիպել։
— Չէ, էդպես բան չի երևում։ Նա լիներ — կկրակեր։
— Սրա համար էին շտապեցնում, թե ճամփա ընկեք. հիմի էլ ճամփա ենք ընկել, բերել են հանդի միջին կանգնեցրել անտեղի,— բոլորն էդ անիծած գերմանացիներն են սխալեցնում։ Ինչ անհասկացող մարդիկ են։
— Դրա համար էլ նրանց առաջ կքցեի։ Թե չէ, ով գիտի, ետևում կուչ են գալիս։ Դե հիմի արի ու անոթի կանգնի։
— Հը, շուտ առաջ կերթա՞ն։ Հեծելազորն, ասում են, ճանապարհը կտրել է,— ասում էր մի սպա։
— Էհ, անիծյալ գերմանացիներ, իրենց երկիրն էլ չեն ճանաչում,— ասում էր մի ուրիշը։
— Դուք ո՞ր դիվիզիայից եք,— մոտենալով պոռաց մի ադյուտանտ։
— Տասնութերորդ։
— Հապա ինչո՞ւ եք այստեղ, դուք վաղուց պետք է առաջ գնացած լինեիք, հիմա մինչև երեկո տեղ չեք հասնի։
— Ա՜յ քեզ հիմար կարգադրություն. իրենք էլ չգիտեն ինչ են ասում,— ասում էր սպան ու ձին քշում հեռանում։
Հետո ձիով անցնում էր մի գեներալ բարկացած և օտար լեզվով ինչ-որ գոռգոռում։
— Տաֆա լաֆա, թե ինչ ա փնթփնթում, բան չես ջոկում,— ասում էր մի զինվոր, հեռացող գեներալին տնազելով։— Գնդակահար կանեի ես էդ սրիկաներին։
— Հրամայված է, որ ժամը իննին տեղ հասած լինևնք, բայց ճամփի կեսն էլ չենք անցել։ Ա՛յ քեզ կարգադրություն,— կրկնում էին ամեն կողմից։
Եվ եռանդի այն զգացումը, որով զորքերը ճամփա ընկան կռվի գնալու, սկսեց տեղի տալ դժգոհության ու զայրույթի՝ անմիտ կարգադրությունների ու գերմանացիների դեմ։
Այս խառնաշփոթության պատճառն այն էր, որ երբ ավստրիական հեծելազորը ձախ թևում առաջ էր շարժվում, բարձր հրամանատարությունը գտավ, որ ռուսական կենտրոնը աջ թևից անչափ հեռացել է և ամբողջ հեծելազորին հրամայեց աջակողմն անցնել։ Մի քանի հազար զինվորներ էին անցնում հետևակի առջևից, և հետևակի ստիպված էր սպասել։
Առջևում մի ընդհարում տեղի ունեցավ ավստրիական զորասյունի առաջնորդի և ռուս գեներալի միջև։ Ռուս գեներալը պոռում էր, պահանջելով, որ հեծելազորը կանգ առնի. ավստրիացին ապացուցում էր, որ մեղավորն ինքը չէ, այլ բարձր հրամանատարությունը։ Մինչ այդ՝ զորքը մնացել էր կանգնած, ձանձրացած ու հոգեպես ընկճված։ Մի ժամաչափ կանգ առնելուց հետո, վերջապես, զորքերը շարժվեցին առաջ և սկսեցին ինջնել սարի ստորոտը։ Մառախուղը, որ ցրվել էր սարի վրա, ավելի խտացել էր ներքևում, այնտեղ, ուր իջնում էին զորքերը։ Առջևում, մառախուղի մեջ լսվեց մի երկու կրակոց, նախ անհավասար, տարբեր ընդմիջումներով — ճըթ-ճըթ, ճըթ,— ապա ավելի կանոնավոր ու ավելի հաճախ, և կռիվը ծայր առավ Հոլդբախ գետի շուրջը։
Չսպասելով, թե ներքևում, գետի մոտ կհանդիպեն թշնամուն և հանկարծ մառախուղի մեջ նրան հանդիպելով՝ ռուս զորքը, ոգևորության խոսք չլսելով բարձրագույն պետերից և, որ գլխավորն է, թանձր մառախուղի մեջ իր առջևն ու շուրջը ոչինչ չտեսնելով, ծուլորեն ու դանդաղ կրակում էր, առաջ գնում և նորից կանգ առնում, ժամանակին հրամաններ չստանալով պետերից ու ադյուտանտներից, որոնք, իրենց զորամասերը չգտնելով, խարխափում էին անծանոթ տեղում, մառախուղի մեջ։ Ներքև իջած առաջին, երկրորդ և երրորդ զորասյուների համար կռիվն այսպես սկսվեց։ Չորրորդ զորասյունը, որի հետ էր ինքը Կուտուզովը, գտնվում էր Պրացի բարձունքների վրա։
Ստորոտներում, ուր կռիվն սկսվել էր, դեռ թանձր մառախուղ էր, վերևը պարզել էր, բայց դեռ ոչինչ չէր երևում, թե ինչ է կատարվում առջևում։ Արդյոք թշնամու բոլոր ուժերը, ինչպես մենք էինք ենթադրում, տասը վերստ հեռո՞ւ էին մեզնից, թե՞ այստեղ էին, մառախուղի այս շրջանումն,— մինչև ժամը իննը ոչ ոք չգիտեր։
Առավոտյան ժամը 9-ն էր։ Մառախուղը համատարած ծովի պես բռնել էր սարի ստորոտը, բայց Շլապանից գյուղի մոտ՝ բարձունքի վրա, ուր գտնվում էր Նապոլեոնն՝ իր մարշալներով շրջապատված, բոլորովին պարզ էր։ Նրա գլխավերև ծավալվում էր պայծառ կապույտ երկինքը, և արևի ահագին գունդը, վիթխարի դատարկ կարմիր լողանի նման, օրորվում էր մառախուղի կաթնագույն ծովի երեսին։ Ոչ միայն ֆրանսական ամբողշ զորքը, այլև ինքը Նապոլեոնն իր շտաբով գտնվում էին ոչ թե գետակի և Սոկոլնից և Շլապանից գյուղերի այն կողմը (որոնց ետև մենք մտադիր էինք դիրք բռնել ու կռիվ սկսել), այլ այս կողմը, մեր զորքերին այնքան մոտիկ, որ Նապոլեոնը հասարակ աչքով կարող էր մեր զորքերի մեջ հեծվորը տարբերել հետևակից։ Նապոլեոնը կանգնած էր իր մարշալներից փոքր-ինչ առաջ՝ իր փոքրիկ արաբական մոխրագույն ձին նստած, կապույտ շինելը հագին, այն շինելը, որով կատարել էր իտալական արշավանքը։ Նա նայում էր մառախուղի ծովից դուրս եկող բլուրներին, որոնց վրա հեռվում շարժվում էին ռուս զորքերը, ու ականջ էր դնում ձորակից լսվող հրացանաձգության։ Այդ Ժամանակ նրա տակավին նիհար դեմքի և ոչ մի մկանը չէր շարժվում, փայլուն աչքերը անշարժ սևեռել էր մի կետի։ Նրա ենթադրությունները ճշտվեցին։ Ռուս զորքերը մասամբ արդեն իջել էին ձորը՝ լճակների ու լճերի մոտերքը, մասամբ ազատել էին Պրացի այն բարձունքներր, որոնց վրա մտադիր էր հարձակվել և որոնք իր դիրքի բանալին էր համարում։ Նա մառախուղի մեջ տեսավ, թե ինչպես Պրաց գյուղի մոտ, երկու սարի արանքով, միևնույն ուղղությամբ, սվինները փայլեցնելով, դեպի ձորն էին գնում ռուս զորասյուները և մեկը մյուսի ետևից աներևութանում մառախուղի ծովում։ Իրիկունն ստացած տեղեկություններից, գիշերը առաջավոր պահակակետերից լսվող անիվների ու քայլերի ձայներից, ռուսական զորքերի անկարգ առաջխաղացումից նա պարզ տեսնում էր, որ դաշնակիցներն իրեն շատ հեռու են կարծել, իրենցից շատ առաջ, որ Պրացի մոտ շարժվող զորասյուները ռուսական բանակի կենտրոնն են կազմում, և որ կենտրոնը բավականաչափ թուլացած է, և ինքը կարող է հաջող հարձակում գործել։ Բայց դեռ չէր սկսում։
Այսօր հանդիսավոր օր էր նրա համար — նրա թագադրության տարեդարձն էր։ Առավոտյան դեմ քնեց մի քանի ժամ և արթնացավ առողջ, զվարթ, թարմ, մի այնպիսի լավ տրամադրության մեջ, երբ ամեն ինչ հնարավոր է թվում և ամեն բան հաջողվում է, ձի նստեց ու դուրս եկավ դաշտը։ Նա անշարժ կանգնել ու նայում էր մշուշի միջից երևացող լեռնագագաթները, և նրա սառը դեմքի վրա կար աներկբա երջանկության մի արտահայտություն, որ ունենում է սիրահարը և բախտավոր տղան։ Մարշալները կանգնել էին նրա ետևը, չէին համարձակվում ցրել նրա ուշադրությունը։ Նա նայում էր մերթ Պրացի բարձունքներին, մերթ մառախուղից դուրս եկող արևին։
Երբ արևը բոլորովին դուրս եկավ մշուշից և իր կուրացուցիչ շողերը ցրեց դաշտի ու մառախուղի վրա (Նապոլեոնը կարծես հենց դրան էր սպասում ճակատամարտն սկսելու համար), նա ձեռնոցը հանեց գեղեցիկ սպիտակ ձեռից, նրանով նշան արավ մարշալներին և հրամայեց կռիվն սկսել։ Մարշալներն՝ իրենց ադյոլտանտների հետ սլացան զանազան կողմեր և մի քանի րոպե հետո ֆրանսական բանակի գլխավոր ուժերն արագորեն շարժվեցին դեպի Պրացի այն բարձունքները, որտեղից ռուս զորքերը քաշվում էին հետզհետե և իջնում ձախ կողմը գտնվող ձորը։
=== XV ===
Առավոտյան ժամը 8-ին Կուտուզովը ձի նստած, չորրորդ զորասյունի գլուխն անցած, գնաց Պրաց։ Դա Միլորադովիչի այն զորասյուն էր, որ պետք է բռներ Պրժեբիշևսկու և Լանժերոնի զորասյուների տեղը, որոնք արդեն ցած էին իջել։ Նա բարև տվեց առաջին գնդի զինվորներին և հրամայեց առաջ շարժվել, ցույց տալով, թե մտադիր է ինքն անձամբ առաջնորդել այդ զորասյունը։ Պրաց գյուղին հասնելով՝ նա կանգ առավ։ Իշխան Անդրեյը, գլխավոր հրամանատարի շքախումբը կազմող բազմաթիվ անձանց հետ միասին, կանգնել էր նրա ետև։ Իշխան Անդրեյն իրեն զգում էր հուզված, գրգռված և դրա հետ միասին զուսպ-հանգիստ, ինչպես լինում է մարդ վաղուց փափագած վայրկյանը հասնելու պահին։ նա հաստատապես համոզված էր, որ այսօր իր Տուլոնի կամ Արկոլյան կամուրջի օրն է։ Թե ինչպես կլիներ — չգիտեր, բայց համոզված էր հաստատապես, որ կլինի։ Տեղը և մեր զորքերի դիրքը հայտնի էր նրան, որքան հայտնի կարող էր լինել մեր բանակից որևէ մեկին։ Իր սեփական ստրատեգիական պլանը, որի իրագործման մասին հիմա կարիք էլ չկար մտածելու, նա մոռացել էր։ Այժմ Վեյրոտերի պլանին հասու եղած՝ իշխան Անդրեյը մտածում էր, թե ինչ պատահականություններ կարող են տեղի ունենալ ու անում էր նոր ենթադրություններ, այնպիսի ենթադրություններ, որոնց մեջ կարող էր հարկավորվել իր թափանցամտությունն ու վճռականությունը։
Ձախ կողմի վրա, ներքևում, մառախուղի մեջ, հրացանաձգություն էր լսվում աներևույթ զորքերի միջև։ Իշխան Անդրեյին թվում էր, թե հենց այդտեղ էլ կկենտրոնանա ճակատամարտը, այդտեղ մերոնք խոչընդոտի կհանդիպեն և «ինձ մի բրիգադով կամ դիվիզիայով կուղարկեն այնտեղ,— մտածում էր նա,— և այդտեղ էլ դրոշակը ձեռիս առաջ կերթամ և կջարդեմ-կխորտակեմ առջևս եղած ամեն բան»։
Իշխան Անդրեյը չէր կարողանում անտարբեր նայել անցնող գումարտակների դրոշակներին։ Այս կամ այն դրոշակին նայելով՝ նա մտածում էր. թերևս սա է այն դրոշակը, որով վիճակվելու է ինձ առաջնորդել զորքը։
Գիշերվա մառախուղը առավոտյան դեմ բարձունքների վրա թողել էր միայն եղյամ, որ հետո փոխվեց ցողի, իսկ ձորերում դեռ փռված էր մառախուղի կաթնագույն ծովը։ Ձախակողմի այն ձորում, ուր իջել էին մերոնք և որտեղից հրացանաձգություն էր լսվում, ոչինչ չէր երևում։ Բարձունքների վրա պարզ երկինքն էր, իսկ աջ կողմի վրա արևի ահագին գունդը։ Առջևում, հեռու, մառախուղի ծովի մյուս ափին, երևում էին անտառոտ բլուրներ, որոնց վրա և պետք է լիներ թշնամու բանակը, այնտեղ երեում էր նաև ինչ-որ բան։ Աջ կողմի վրա մառախուղի շրջանն էր մտնում գվարդիան՝ քայլերի ու անիվների աղմուկով և սվինների երբեմնի շողշողունով. ձախ կողմում, գյուղից դենը հեծելազորի նույնպիսի բազմություններ էին անցնում ու աներևույթանում ծով-մառախուղում։ Առջևից ու ետևից շարժվում էր հետևակը։ Գլխավոր հրամանատարը կանգնել էր գյուղի պռնկին, և զորքերը անցնում էին նրա առջևից։ Այդ առավոտ Կուտուզովը հոգնած ու ջղայնացած էր թվում։ Առջևից անցնող հետևակն առանց հրամանի կանգ առավ, երևի նրա համար, որ առջևում մի բան էր պատահել։
— Ասացեք, վերջապես, որ գումարտակներ կազմեն և գյուղի բոլորքով գնան,— բարկացած ասավ Կուտուզովն իրեն մոտեցող գեներալին։— Ինչպես դուք չեք հասկանում, ձերդ գերազանցություն, ողորմած տեր, որ գյուղի այս նեղ փողոցով տարածվել չի կարելի, երբ թշնամու դեմ ենք գնում։
— Ես մտադիր էի գյուղից դուրս դասավորել զորքը, ձերդ բարձր գերազանցություն,— պատասխանեց գեներալը։
Կուտուզովը մաղձոտ ժպտաց։
— Խելացի՜ բան եք մտածել — զորքը դասավորել թշնամու աչքի առաջ, հիանալի է։
— Թշնամին դեռ հեռու է, ձերդ բարձր գերազանցություն։ Դիսպոզիցիայի համաձայն…
— Դիսպոզիցիա՜,— մաղձոտ պոռաց Կուտուզովը,— իսկ այդ ո՞վ է ձեզ ասել… Հաճեցեք անել, ինչ ձեզ հրամայում են։
— Լսում եմ։
— Mon cher,— շշնջաց իշխան Անդրեյին Նեսվիցկին,— le vieux est d’une humeur de chien.<ref>Սիրելիս, մեր ծերուկի տրամադրությանը շատ վատ է։</ref>
Կուտուզովին սրարշավ մոտեցավ ճերմակ համազգեստ հազած և կանաչ փետրավոր գլխարկով ավստրիացի մի սպա և կայսեր անունից հարցրեց, թե չորրորդ զորասյունը գնացե՞լ է արդյոք ճակատամարտի։
Կուտուզովն, առանց պատասխանելու, երեսը շրջեց, և նայվածքը պատահաբար ընկավ կողքին կանգնած իշխան Անդրեյի վրա։ Բալկոնսկուն տեսնելով՝ Կուտուզովը մեղմացրեց նայվածքի չար ու կծու արտահայտությունը, գիտակցելով կարծես, որ ադյուտանտը մեղավոր չէ կատարվածի համար։ Եվ, ավստրիական ադյուտանտին չպատասխանելով, դարձավ Բալկոնսկուն.
— Aile voir, mon cher, si la troisième division a dépassé le village. Dites-lui de s’arrêter et d’attendre mes ordres.<ref>Գնացեք, սիրելիս, տեսեք երրորդ դիվիզիան գյուղից դո՞ւրս է եկել արդյոք։ Կարգադրեցեք կանգ առնի և հրամանիս սպասի։</ref>
Հազիվ իշխան Անդրեյը մի քայլ էր արել, նորից կանգնեցրեց նրան։
— Et demandez-lui, si les tirailleurs sont postes,— ավելացրեց նա։— Ce qu’ils font, Ce qu’ils font!<ref>Հարցրեք նաև, հրացանաձիգները տեղավորվա՞ծ են արդյոք։— Ի՞նչ են անում դրանք, ի՛նչ են անում։</ref>— ասավ ինքն իրեն, դեռ չպատասխանելով ավստրիացուն։
Իշխան Անդրեյը ձին քշեց հանձնարարություն կատարելու։
Հասնելով առջևից անցնող գումարտակներին, նա 3-րդ դիվիզիան կանգնեցրեց և համոզվեց, որ իրոք մեր զորասյուների առջևում հրացանաձիգների շղթա չկա։ Գնդի առջևից գնացող հրամանատարը շատ զարմացավ գլխավոր հրամանատարի իրեն հայտնված հրամանի վրա, թե հրացանաձիգներին պետք է ցրել զանազան տեղեր։ Գնդի հրամանատարը կանգնել էր այդտեղ լիովին հավատացած, թե իր աոջևը դեռ զորք կա և թե թշնամին չի կարող 10 վերստից ավելի մոտ լինել։ Իսկապես, առջևում ոչինչ չէր երևում, բացի ամայի տարածությունից, որ թեքվում էր ցած ու ծածկված էր թանձր մառախուղով։ Գլխավոր հրամանատարի անունից հրամայելով ուղղել զանցառությունը, իշխան Անդրեյը սրարշավ ետ եկավ։ Կուտուզովը նույն տեղը կանգնած, իր գեր մարմնով պառավի պես թամբին ընկած, ծանր հորանջում էր աչքերը խփած։ Զորքերն էլ չէին շարժվում, կանգնել էին հրացանները ցած բռնած։
— Լավ, լավ,— ասավ նա իշխան Անդրեյին և դառնալով գեներալին, որ ժամացույցը ձեռին բռնած ասում էր, թե ժամանակն է շարժվելու, որովհետև ձախ թևի զորասյուներն արդեն իջել են ցած։
— Դեռ ժամանակ ունենք, ձերդ գերազանցություն,— հորանջելով ասավ Կուտուզովը։— Ժամանակ ունենք,— կրկնեց նա։
Այդ միջոցին Կուտուզովի ետև հեռվում լսվեցին ուռռայի ձայներ, որոնք արագ տարածվեցին ռուսական հարձակվող զորասյուների գծի ամբողջ երկարությամբ։ Երևում էր, որ նա, որին զորքերն «ուռռա» էին կանչում, գալիս էր արագությամբ։ Երբ Կուտուզովի մոտ գտնվող գունդն էլ «ուռռա» կանչեց, նա մի փոքր առաջ գնաց և դեմքը կնճռելով՝ նայեց։ Պրացենի ճանապարհով գալիս էր երփներանգ ձիավորների մի հեծվաշտ կարծես։ Նրանցից երկուսը խոշոր քայլերով արշավում էին իրար կողքի, բոլորից առաջ ընկած։ Մեկը սև մունդիրով էր, ճերմակ ցցունքով, պոչը կտրած շիկակարմիր ձիու վրա, մքուսը՝ սպիտակ մունդիրով, սև ձիու վրա։ Դրանք երկու կայսրներն էին իրենց շքախմբով։ Կուտուզովը զորքի շարքերում գտնվող զինվորականի հատուկ շեշտով, կանգնած զորքերին հրամայեց «զգաստ» և, ողջունելով, մոտեցավ կայսեր։ Նրա ամբողջ կերպարանքն ու ձևերը միանգամից փոխվեցին։ Ընդունեց ստորադրյալի և դատողություն չանող մարդու տեսք։ Հարգանքի անբնական արտահայտությամբ, որը, երևի, տհաճ տպավորություն արավ Ալեքսանդր կայսեր վրա, մոտեցավ ու ողջունեց նրան։
Տհաճ տպավորությունը, պարզ երկնքի երեսին մնացած մառախուղի մնացորդի պես, անցավ երիտասարդ կայսեր երջանիկ դեմքով ու չքացավ։ Նա, տկարությունից հետո աքդ օրը մի փոքր նիհար էր երևում, քան Օլմյուցի դաշտում, ուր արտասահմանում առաջին անգամ տեսավ նրան Բալկոնսկին, բայց վեհության ու հեզության նույն հմայիչ արտահայտությունն էր իր մոխրագույն աչքերում, իսկ նուրբ շուրթերի վրա՝ զանազան տեսակի արտահայտությունների միևնույն հնարավորությունը և բարեհոգի ու անմեղ երիտասարդության գերակշռող արտահայտությունը։
Օլմյուցի զորատեսին նա ավելի վեհ էր, այստեղ ավելի ուրախ ու եռանդոտ։ Այս երեք վերստն արշավելուց կարմրել էր մի քիչ. ձին կանգնեցնելով՝ հանգստացած շունչ քաշեց և նայեց շքախմբի անդամների իր նման ջահել ու աշխույժ դեմքերին։ Չարտորիժսկին ու Նովոսիլցևը, թե՛ իշխան Վալկոնսկին, թե՛ Ստրոգանովը, թե՛ մյուսները, բոլորը հարուստ հագնված, ուրախ երիտասարդներ, գեղեցիկ, թարմ, հենց նոր թեթև քրտնած ձիերով, խոսակցելով ու ժպտալով, կանգ առան թագավորի ետև։ Ֆրանց կայսրը, կարմիր երկարադեմ երիտասարդ, զարմանալի ուղիղ նստել էր իր գեղեցիկ սև նժույգը և մտահոգ ու հանդարտ շուրջն էր նայում։ Նա իր սպիտակազգեստ ադյուտանտներից մեկին կանչեց ու հարցրեց ինչ-որ։ «Ճիշտը, որ ժամին են սրանք դուրս եկել», մտածեց իշխան Անդրեյը, դիտելով իր հին ծանոթին, մի ժպիտով, որ չէր կարողանում զսպել, հիշելով իր ունկնդրությունը Ֆրանց կայսեր պալատում։ Կայսրների շքախմբում կային ընտրովի կտրիճ պատվիրակներ, ռուսներ ու ավստրիացիներ՝ գվարդիական և մյուս գնդերից։ Դրանց արանքում բերեյտորները ման էին ածում ասղակար ծածկոցներով թագավորական պահեստի ձիեր։
Կարծես բաց լուսամուտից հանկարծ դաշտային թարմ օդ լցվի հեղձուցիչ մթնոլորտով լի սենյակը, այդպիսի տպավորություն թողին Կուտուզովի անուրախ շտաբի վրա սրարշավ եկած այս փայլուն երիտասարդները, իրենց հետ բերելով ջահելություն, եռանդ և հաջողության վստահություն։
— Ինչո՞ւ չեք սկսում, Միխայիլ Լարիոնովիչ,— հապճեպ դարձավ Ալեքսանդր կայսրը Կուտուզովին, միևնույն ժամանակ հարգանքով նայելով Ֆրանց կայսեր։
— Ես սպասում եմ, ձերդ մեծություն,— պատասխանեց Կուտուզովը, հարգանքով առաջ թեքվելով։
Կայսրն ականջը թեքեց մատով, հոնքերը թեթևակի կիտելով ու ցույց տալով, թե չլսեց։
— Սպասում եմ, ձերդ մեծություն,— կրկնեց Կուտուզովը (իշխան Անդրեյը նկատեց, որ Կուտուզովի վերին շուրթը, այդ «սպասում եմ» խոսքն ասելիս, ցնցվեց անբնական կերպով)։— Բոլոր զորասյուները դեռ չեն հավաքվել, ձերդ մեծություն։
Թագավորը լսեց, բայց այդ պատասխանն, ըստ երևույթին, դուր չեկավ նրան. նա թոթվեց ուսերը, նայեց կողքին կանգնած Նովոսիլցևին, այդ հայացքով կարծես ասելով, թե գանգատվում է Կուտուզովից։
— Չէ՞ որ մենք Ցարիցին հրապարակում չենք, Միխայիլ Լարիոնովիչ, ուր զորահանդեսը չեն սկսում, մինչև բոլոր գնդերը չհավաքվեն,— ասավ թագավորը, նորից նայելով Ֆրանց կայսեր, կարծես նրան հրավիրելով, եթե ոչ մասնակցելու, գոնե լսելու, թե ինչ է ասում ինքը. բայց Ֆրանց կայսրը, շարունակելով շուրջը նայել, չէր լսում։
— Դրա համար էլ չեմ սկսում, թագավոր,— ասավ Կուտուզովը հնչուն ձայնով, կարծես չլսվելու հնարավորությունը կանխելով, և նրա դեմքի վրա ինչ-որ մի բան ցնցվեց դարձյալ։— Նրա համար էլ չեմ սկսում, թագավոր, որովհետև մենք ոչ զորահանդեսում ենք և ոչ էլ Ցարիցինի հրապարակում,— արտասանեց նա պարզ ու որոշ։
Թագավորի շքախմբի անդամները մի ակնթարթում իրար նայեցինք և նրանց դեմքերին երևաց դժգոհություն ու հանդիմանություն։ «Որքան էլ ծեր է, բայց չպետք է, չպետք է այդպես խոսեր։, կարդացվում էր այդ դեմքերի վրա։
Թագավորն ուշադիր նայեց Կուտուզովի աչքերին, սպասելով, թե դեռ ինչ կասի։ Բայց Կուտուզովն իր հերթին, հարգանքով գլուխը խոնարհելով, նույնպես, կարծես, սպասում էր։ Լռությունը տևեց մոտ մի րոպե։
— Բայց, եթե հրամայում եք, ձերդ մեծություն,— ասավ Կուտուզովը, գլուխը բարձրացնելով և նորից բութ, իր դատողությունը չունեցող, բայց հնազանդող գեներալի նախկին տոնն ընդունելով։
Նա ձին առաջ քշեց և, զորասյունի պետ Միլորադովիչին իր մոտ կանչելով, հարձակվելու հրաման տվեց։
Ջորքը նորից շարժվեց. Նովգորոդյան գնդի երկու գումարտակ և Ապշերոնյան գնդի մի գումարտակ, թագավորի առջևից անցնելով, գնացին առաջ։
Ապշերոնյան գումարտակի անցնելու միջոցին, կարմրադեմ Միլորադովիչը, առանց շինելի, մունդիրով և շքանշաններով, ցցունազարդ գլխարկը թեք դրած, առաջ սլացավ և, ձին ետ-ետ պահելով, ողջունեց թագավորին։
— Աստծու օգնությամբ, գեներալ,— ասավ թագավորը նրան։
— Ma foi, sire, nous ferons ce que qui sera dans notre possibilité, sire<ref>Ձերդ մեծություն, կանենք, ինչ ձեռներիցս կգա, ձերդ մեծություն։</ref>,— պատասխանեց նա զվարթ, բայց և այնպես հեգնական ժպիտ առաջացրեց թագավորի շքախմբի մարդկանց դեմքին՝ իր վատ ֆրանսական առոգանությամբ։
Միլորադովիչը ձիու գլուխը թեքեց հանկարծ ու գնաց կանգնեց թագավորի ետև, փոքր-ինչ հեռու։ Ապշերոնցիները, թագավորի ներկայությունից հուզված, խրախուսված, աշխուժորեն ու համաչափ քայլերով, անցան կայսրների ու նրանց շքախմբերի առջևից։
— Տղե՛րք,— գոչեց Միլորադովիչը բարձր, ինքնավստահ ու զվարթ ձայնով, ըստ երևույթին հրացանաձգությունից, սպասվող ճակատամարտից, և թագավորի առջևից անցնող ապշերինցիների՝ իր սուվորովյան ընկերների խիզախ տեսքից հուզված էր այն աստիճան, որ թագավորի ներկայությունը մոռացավ։— Տղե՜րք, առաջին գյուղը չէ, որ պիտի գրավեք,— բացականչեց նա։
— Ավելի կաշխատե՜նք։
Թագավորի ձին խրտնեց այս անակնկալ աղաղակից։ Այս ձին որ դեռ Ռուսաստանում թագավորին զորատեսների էր տանում, Աուստերլիցի դաշտում, դիմանալով իր հեծվորի ձախ ոտի ցրված-անուշադիր հարվածներին, ականջները խլշում էր կրակոցների ձայնից, ճիշտ այնպես, ինչպես անում էր այդ Մարսյան դաշտում, չհասկանալով ոչ այդ լսվող կրակոցների, ոչ Ֆրանց կայսեր սև ձիու հարևանության նշանակությունը և ոչ էլ այն բոլորը, ինչ ասում, մտածում, զգում էր այդ օրն իր վրա նստողը։
Թագավորը ժպիտը դեմքին դարձավ իր մերձավորներից մեկին և, խիզախ ապշերոնցիներին ցույց տալով ինչ-որ բան ասավ։
=== XVI ===
Կուտուզովն, իր ադյուտանտների ուղեկցությամբ, ձի նստած՝ քայլով գնաց հրացանակիրների ետևից։
Կես վերստաչափ գնալով՝ նա կանգ առավ մի մենավոր լքյալ տան մոտ (հավանորեն, նախկին պանդոկ էր), երկու ճանապարհի ճյուղավորման տեղում։ Երկու ճանապարհն էլ իջնում էին սարն ի վար, և երկուսով էլ զորքեր էին գնում։
Մառախուղն սկսել էր ցրվել և, անորոշ կերպով, երկու վերստ տարածության վրա, երևում էին արդեն թշնամու զորքերը՝ դիմացի բարձունքներին։ Ձախակողմը, ներքևում, հրացանաձգությունն ավելի լսելի դարձավ։ Կուտուզովը կանգ առավ, ավստրիացի գեներալի հետ խոսակցելով։ Իշխան Անդրեյը, փոքր-ինչ հեռու կանգնած, նայում էր նրանց և, կամենալով հեռադիտակը խնդրել ադյուտանտից, դիմեց նրան։
— Նայեցեք, նայեցեք,— ասավ այդ ադյուտանտը, նայելով ոչ թե հեռվում գտնվող զորքին, այլ իր առջև, սարի ստորոտին։— Ահա ֆրանսացիները։
Երկու գեներալն ու ադյուտանտները նայեցին, հեռադիտակն իրար ձեռից խլելով։ Բոլորի դեմքերը փոխվեցին և բոլորի դեմքի վրա սարսափ երևաց։ Ֆրանսացիներին երկու վերստ հեռու էին կարծում, բայց հանկարծ, անսպասելի հայտնվեցին իրենց առաջ։
— Դա թշնամի՞ն է… Ո՛չ… Այո, նայեցե՛ք, նա՛ է… անկասկած… Սա ի՞նչ բան է,— լսվում էին այս ու այն կողմից։
Իշխան Անդրեյը հասարակ աչքով տեսավ ներքևում, աջ կողմից ապշերոնցիների դեմ ելնող ֆրանսական մի զորասյուն, որ ոչ ավելի, քան հինգ հարյուր քայլ հեռու էին Կուտուզովի կանգնած տեղից։
«Ահա վճռական վայրկյանը։ Եկավ իմ գործելու ժամը», մտածեց իշխան Անդրեյը և, ձիուն խփելով, մոտեցավ Կուտուզովին։
— Ապշերոնցիներին պետք է կանգնեցնել, ձերդ բարձր գերազանցություն,— աղաղակեց նա։
Բայց այդ վայրկյանին ամեն ինչ ծածկվեց ծխով, հրացաններ ճարճատեցին մոտիկ և իշխան Անդրեյից երկու քայլ հեռու, մեկն աղաղակեց մանկական, վախեցած ձայնով. «Է, եղբայրներ, բաններս պրծավ»։ Եվ այդ ձայնը կարծես հրաման լիներ։ Այդ ձայնը լսելով բոլորն սկսեցին փախչել։
Իրար խառնված, հետզհետե ավելացող բազմությունները փախչում էին ետ, դեպի այն տեղը, ուր հինգ րոպե առաջ զորքերն անցնում էին կայսրների առջևից։ Ոչ միայն դժվար էր կանգնեցնել այդ բազմությունը, այլև անկարելի էր չենթարկվել այդ խուճապին և չնահանջել մյուսների հետ։ Բալկոնսկին աշխատում էր միայն ետ չմնալ բազմությունից և տարակուսած նայում էր, չկարողանալով հասկանալ, թե ի՛նչ է կատարվում իր աոջև։ Նեսվիցկին՝ բարկությունից կարմրած, այլափոխված դեմքով՝ գոռում էր Կուտուզովին, թե եթե նա անմիջապես չհեռանա, գերի կընկնի անկասկած։ Կուտուզովը կանգնած մնաց նույն տեղը և, պատասխան չտալով, թաշկինակը հանեց գրպանից։ Նրա այտից արյուն էր գնում։ Իշխան Անդրեյը, մի կերպ ճամփա բանալով, մոտեցավ նրան։
— Դուք վիրավորվա՞ծ եք,— հարցրեց նա, ներքին ծնոտի դողը հազիվ զսպելով։
— Ահա ուր է իմ վերքը,— ասավ Կուտուզովը, թաշկինակը վիրավոր այտին սեղմելով ու փախչողներին մատնացույց անելով։— Կանգնեցրեք դրանց,— պոռաց նա և միևնույն ժամանակ, հավանորեն համոզվելով, որ նրանց կանգնեցնել անկարելի է, ձիուն խփեց ու գնաց դեպի աջ։
Փախչողների նոր հորդած բազմությունը նրան իր մեջ առավ ու ետ տարավ։
Զորքերը փախչում էին այնպիսի հոծ բազմությամբ, որ մի անգամ այդ բազմության մեջն ընկնողը՝ դժվար կարող էր դուրս գալ։ Մեկը գոռում էր. «Գնա՛, ի՞նչ ես ետ ընկնում»։ Մի ուրիշը հենց այդտեղ, ետ դառնալով, կրակում էր օդի մեջ. երրորդը խփում էր Կուտուզովի ձիուն։ Մեծ դժվարությամբ բազմության հոսանքից ազատվելով՝ Կուտուզովն իր շքախմբով, որը պակասել էր կրկնակի չափով, գնաց դեպի ձախ, մոտիկից լսվող թնդանոթաձգության կողմը։ Փախչողների բազմությունից ազատվելով, իշխան Անդրեյը, աշխատելով Կուտուզովից ետ չմնալ, սարի վայրէջքին, ծխի մեջ տեսավ դեռևս կրակող ռուսական մարտկոցը և վազեվազ նրան մոտեցող ֆրանսացիներին։ Քիչ վերև կանգնած էր ռուսական հետևակը, որ ո՛չ առաջ էր գնում մարտկոցին օգնելու, ո՛չ էլ ետ էր գնում՝ փախչողների ուղղությամբ։ Ձի նստած մի գեներալ ջոկվեց այդ հետևակից ու մոտեցավ Կուտուզովին։ Կուտուզովի շքախմբից մնացել էին միայն չորս հոգի։ Բոլորը գունատ և անխոս իրար էին նայում։
— Կանգնեցրեք այդ սրիկաներին,— շնչասպառ լինելով ասավ Կուտուզովը գնդի հրամանատարին՝ փախչողներին մատնացույց անելով. բայց հենց այդ վայրկյանին, կարծես այդ խոսքերին ի պատիժ, գնդակները, թռչնակների երամի պես, սուլելով թռան անցան գնդի և Կուտուզովի շքախմբի վրա։
Ֆրանսացիք հարձակվսւմ էին մարտկոցի վրա, բայց Կուտուզովին տեսնելով, կրակ բացին նրա կողմը։ Այդ համազարկի հետևանքով գնդի հրամանատարը ոտը բռնեց, մի քանի զինվոր ընկան, և դրոշակը բռնող ենթասպան՝ դրոշակը թողեց ձեռից, որ ցնցվեց ու ընկավ, կախվեց հարևան զինվորների հրացանների վրա։ Զինվորներն առանց հրամանի սկսեցին կրակել։
— Օօ՜օ՜խ,— հուսահատորեն տնքաց Կուտուզովն ու շուրջը նայեց։— Բալկոնսկի՛.— շշնջաց նա, ծերության անզորությունն արտահայտող դողդոջուն ձայնով,— Բալկոնսկի՛,— շշնջաց նա, ցույց տալով քայքայված գումարտակը և թշևամուն,— սա ի՞նչ բան է։
Բայց նա իր խոսքը դեռ չէր վերջացրել, իշխան Անդրեյն, զգալով որ ամոթի և կատաղության արցունքները մոտենում են կոկորդին, ձիուց ցատկեց ու վազեց դեպի դրոշակը։
— Տղե՛րք, հառա՜ջ,— գոռաց նա մանկան-ծղրտան ձայնով։
«Ահա նա», մտածեց իշխան Անդրեյը, դրոշակի ձողը բռնելով և հաճույքով լսելով գնդակների սուլոցը, որոնք, ակներև, ուղղված էին իր դեմ։ Մի քանի զինվոր ընկան։
— Ուռա՛,— բացական չեց իշխան Անդրեյը, ծանր դրոշակը հազիվ ձեռին պահելով, և առաջ վազեց մի աներկբա հավատով, թե ամբողջ գումարտակը կհետևի իրեն։
Իսկապես, նա մենակ առաջ վազեց միայն մի քանի քայլ. դրանից հետո շարժվեց մի զինվոր, հետո մի ուրիշը և ապա ամբողջ գումարտակը «ուռա՜» կանչելով վազեց առաջ ու անցավ նրանից։ Գումարտակի ենթասպան մոտ վազեց, բռնեց իշխան Անդրեյի ձեռին ծանրությունից ճոճվող դրոշակը, բայց անմիջապես սպանվեց տեղնուտեղը։ Իշխան Անդրեյը նորից բռնեց դրոշակը, ձողից բռնած քաշ տալով, վազեց գումարտակի հետ։ Իր առջև, տեսավ մեր թնդանոթաձիգներին, որոնցից ոմանք կռվում էին, մյուսները թնդանոթները թողած՝ վազում դեպի իրեն. նա տեսավ և ֆրանսացի հետևակ զինվորների, որոնք հրետանու ձիերին բռնելով՝ թնդանոթները դարձնում էին։ Իշխան Անդրեյը գումարտակի հետ միասին գտնվում էր թնդանոթներից 20 քայլ հեռու։ Նա լսում էր գնդակների անընդհատ սուլոցը իր գլխավերև, և նրա աջ ու ձախ կողմը շարունակ հառաչում ու ընկնում էին զինվորները։ Բայց իշխան Անդրեյը նրանց չէր նայում, նայում էր միայն, թե ի՛նչ է կատարվում առջևում՝ մարտկոցում։ Նա պարզ տեսնում էր արդեն կիվերը գլխին ծռված մի թնդանոթաձիգ զինվորի, որ փարատիչի ծայրը բռնած քաշում էր դեպի իրեն, իսկ մյուս ծայրը իր կողմն էր քաշում ֆրանսացի զինվորը։ Իշխան Անդրեյը պարզ տեսնում էր այդ երկու զինվորների շփոթված և կատաղի արտահայտությունը, որոնք, ըստ երևույթին, չէին հասկանում, թե ինչ են անում։
«Այդ ի՞նչ են անում,— մտածեց իշխան Անդրեյը, նրանց նայելով.— ինչո՞ւ այդ շեկ թնդանոթաձիգը չի փախչում, երբ հրացան չունի։ Ինչո՞ւ ֆրանսացին նրան սվինահար չի անում։ Բայց բավական է մի քանի քայլ անի, հրացանը ֆրանսացու միտը կրնկնի և նրան սվինահար կանի»։
Արդարև, մի ուրիշ ֆրանսացի վազեվազ մոտեցավ կռվողներին, և շեկ թնդանոթաձգի բախտը (որy դեռ չէր հասկանում ինչ է սպասում իրեն, ու փարատիչը հանդիսավոր ձևով խլեց հակասակորդից) պիտի վճռվեր։ Բայց իշխան Անդրեյը չտեսավ, թե այդ ինչով վերջացավ։ Հանկարծ, նրան թվաց թե՝ մոտիկ գտնվող զինվորներից մեկը մի ամուր փայտով խփեց իր գլխին։ Դա մի քիչ ցավ պատճաոեց, բայց, գլխավորապես, տհաճություն, որովհետև այդ ցավը գրավեց իր ուշադրությունը և խանգարեց տեսնել այն, ինչի նայում էր։
«Սա ի՞նչ բան է. վայր եմ ընկնո՞ւմ. ծնկներս թուլանո՞ւմ են», մտածեց նա ու ընկավ մեջքի վրա։ Նա աչքերը բաց արավ, հույս ունենալով տեսնել, թե ինչով վերջացավ ֆրանսացիների ու թնդանոթաձիգների կռիվը, և ցանկանալով իմանալ՝ շեկ թնդանոթաձիգը սպանված է թե՝ ոչ, թնդանոթները թշնամու ձե՞ռն են ընկել, թե՞ ազատվել են։ Սակայն ոչինչ չտեսավ։ Նրա գլխավերևն այլևս ոչինչ չկար, բացի երկնքից — բարձր երկնքից, որ պարզ չէր, բայց և այնպես անսահման բարձր էր. նրա երեսով հանդարտ սողում էին մոխրագույն ամպեր։ «Որքան հանգիստ, անդորր ու հանդիսավոր է. բոլորովին այնպես չէ, ինչպես վազելուս միջոցին,— մտածեց իշխան Անդրեյը,— այնպես չէ, երբ վազում էինք, գոռում ու կռվում, բոլորովին այնպես չէ, երբ ֆրանսացին ու թնդանոթաձիգը՝ կատաղած ու վախեցած դեմքերով՝ փարատիչն ուզում էին խլել իրար ձեռից,— ամպերն էլ բոլորովին այնպես չեն սողում այս բարձր, անսահման երկնքի երեսին։ Ինչպե՞ս է որ ես առաջ չեմ տեսել այս բարձր երկինքը։ Եվ որքան երջանիկ եմ, որ տեսա վերջապես։ Այո, ամեն ինչ ունայն է ու պատրանք, բացի այս անսահման երկնքից։ Ոչինչ, ոչինչ չկա, նրանից բացի։ Բայց նույնիսկ այդ էլ չկա, ոչինչ չկա, բացի լռությունից ու անդորրությունից։ Եվ փա՜ռք աստծուն»։
=== XVII ===
Բագրատիոնի աջ զորաթևում ժամը 9-ին կռիվը դեռ չէր սկսվել։ Չկամենալով համաձայնել Դոլգորուկովի՝ կռիվն սկսելու պահանջին և ցանկանալով պատասխանատվությունը հեռացնել իրենից, իշխան Բագրատիոնը Դոլգորուկովին առաջարկեց՝ մարդ ուղարկել այդ մասին գլխավոր հրամանատարին հարցում անելու։ Բագրատիոնը գիտեր, որ եթե սուրհանդակը ճանապարհին չսպանվի (ինչ որ շատ հավանական էր) և եթե անգամ հրամանատարին գտնի, ինչ որ շատ դժվար էր, նա իրիկվանից շուտ չէր կարող վերադառնալ, որովհետև մի թևը մյուսից բաժանողը գրեթե 10 վերստ տարածություն էր։
Բագրատիոնն իր խոշոր, ոչինչ չարտահայտող, քնատ աչքերով նայեց իր շքախմբին, և առաջինը նրա աչքին ընկավ Ռոստովի հուզումից ու հույսից մարող դեմքը։ Բագրատիոնը նրա՛ն ուղարկեց որպես սուրհանդակ։
— Իսկ եթե, ձերդ պայծառափայլություն, նորին մեծությանն ավելի շուտ հանդիպե՞մ, քան գլխավոր հրամանատարին,— ասավ Ռոստովը, ձեռը քունքին բռնած։
— Կարո՛ղ եք հայտնել նորին մեծության,— հապճեպ Բագրատիոնին ընդհատելով, պատասխանեց Դոլգորուկովը։
Հերթապահությունից հետո Ռոստովը կարողացել էր առավոտյան դեմ մի քանի ժամ քնել և այժմ իրեն զգում էր զվարթ, համարձակ ու վճռական, շարժումների ճկունություն ուներ, հավատում էր իր բախտին և լավ տրամադրության մեջ էր, երբ ամեն ինչ թվում է ճիշտ, ուրախալի ու հնարավոր։
Նրա բոլոր ցանկություններն իրականացան այդ առավոտ. գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ, նա մասնակցեց դրան, բացի դրանից՝ նա պատվիրակի պաշտոն ուներ ամենաքաջ գեներալի մոտ, բացի դրանից, հատուկ հանձնարարությամբ գնում էր Կուտուզովի մոտ, և գուցե իրեն՝ թագավորի մոտ։ Առավոտը պայծառ էր, տակի ձին լավը։ Հոգեպես ուրախ էր և երջանիկ։ Հրաման ստանալով՝ նա ձիու գլուխը բաց թողեց ու արշավեց զորագծի երկարությամբ։ Սկզբում գնում էր Բագրատիոնի այն զորքերի կողքով, որոնք դեռ կռվին չէին մասնակցել և կանգնած մնացել էին անշարժ, ապա նա ոտք դրեց Ուվարովի հեծելազորի բռնած տարածությունը, և այստեղ արդեն նկատեց շարժում և կռվի պատրաստվելու նշաններ. Ուվարովի հեծելազորից հեռանալով, նա պարզորոշ թնդանոթաձգություն ու հրանոթաձգություն լսեց առջևից։ Հրաձգությունը քանի գնում սաստկանում էր։
Առավոտյան թարմ օդում լսվում էին արդեն, ոչ թե առաջվա պես անհավասար ընդմիջումներով, երկու-երկու, երեք-երեք կրակոցներ և ապա մի կամ երկու թնդանոթաձգություն, այլ լեռների լանջին, Պրացի առջևը լսվում ում էին հրացանաձգության որոտընդոստ համազարկեր, որոնց ընդմիջում էին թնդանոթի նույնպիսի զարկեր, այնպես, որ երբեմն մի քանի թնդանոթազարկեր արդեն ոչ թե ջոկվում էին իրարից, այլ ձուլվում-միանում էին մի ընդհանուր որոտի մեջ։
Երևում էր, թե ինչպես հրացանի կրակոցի ծխերը, մեկը մյուսի ետևից, կարծես վազում էին լեռնալանջերով, և ինչպես թնդանոթների ծխերը դուրս էին գալիս կծիկ դառած, ցրիվ էին գալիս և ձուլվում-միանում մեկը մյուսին։ Ծխի մեջ փայլաող սվիններից նկատելի էր հետևակի շարժվող բազմությունը և հրետանին՝ իր կանաչ արկղներով։
Ռոստովը բլրի վրա մի րոպե ձին կանգնեցրեց, որ լավ տեսնի, թե ինչ է կատարվում. բայց որքան էլ ուշադրությունը լարում էր՝ ոչինչ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում. ծխի մեջ ինչ-որ մարդիկ էին շարժվում, թե՛ առջևում թե՛ հետևում շարժվում էին ինչ-որ զորամասեր, բայց ինչո՞ւ համար, ովքե՞ր էին, ո՞ւր էին գնում,— դժվար էր հասկանալ։ Այդ տեսարանն ու լսվող կրակոցները նրա սրտում չէին հարուցանում ոչ միայն վհատության ու երկչոտության զգացում, այլ, ընդհակառակը, եռանդ և վճռականություն էին հաղորդում նրան։
«Դե, էլի՜, էլի՜…»,— դիմում էր նա մտքում այդ ձայներին ու նորից ձիու գլուխը բաց թողնում զորագծի երկարությամբ, բավական առաջ գնալով, հասավ մի տեղ, ուր զորքերն արդեն կռվի մեջ էին։
«Թե ինչ կլինի այնտեղ չգիտեմ, բայց կարծում եմ ամեն ինչ լավ կլինի», մտածում էր Ռոստովը։
Ավստրիական ինչ-որ զորաբաժիններից անցնելով, Ռոստովը նկատեց, որ հետևյալ զորաբաժինն արդեն կռվի մեջ էր։ (Դա գվարդիան էր)։
«Ավելի լավ, մոտիկից կնայեմ», մտածեց նա։
Նա գնում էր գրեթե առաջավոր գծով։ Մի քանի ձիավորներ գալիս էին իր կողմը։ Դրանք մեր կայսեր անձնապահ լեյբ-ուլաններ էին, որ ցրիվ շարքերով վերադառնում էին հարձակումից։ Ռոստովը տվեց անցավ դրանց, ակամա նկատեց արյունոտված մեկին, ու ձին քշեց առաջ։
«Իմ ի՞նչ գործն է», մտածեց նա։ Հազիվ մի քանի հարյուր քայլ էր արել, ձախ կողմը՝ առջևից երևաց ամբողջ դաշտովը մեկ հեծելակների մի հոծ բազմություն, բոլորը սև ձիերի վրա, ճերմակ փայլուն համազգեստներ հագած, սնգսնգալով գալիս էին դեպի իրեն։ Ռոստովը ձիու գլուխը բաց թողեց, որ հեռանա այդ հեծելակների ճանապարհից, և նա կանցներ, կհեռանար, եթե նրանք շարունակեին նույն քայլվածքով առաջանալ, բայց նրանք շարունակ արագացնում էին իրենց ընթացքը, այնպես որ մի քանի ձի արդեն արշավում էին։ Ռոստովին հետզհետե ավելի լսելի էին դառնում ձիերի ոտնատրոփը և զենքերի շրխկոցը, ապա նա տեսավ նրանց ձիերին, նրանց կերպարանքը և մինչև իսկ նրան դեմքերը։ Դա մեր ընտիր և արտոնյալ հեծվաշտն էր, որ հարձակման էր գնում իր դեմ եկող ֆրանսական հեծելազորի վրա։
Հեծելակները արշավում էին, բայց տակավին ձիերի սանձը պահած։ Ռոստովն արդեն տեսնում էր նրանց դեմքերը, և լսում սպայի հրամանը. «Մարշ, մարշ»։ Սպան ամբողջ թափով բաց էր թողել իր ազնվացեղ ձին։ Ռոստովը՝ վախենալով նրանց ոտի տակն ընկնելուց և ֆրանսացիների դեմ հարձակման դիմող զորքի հոսանքով տարվելուց՝ ձիու ամբողջ թափով սլանում էր ֆրոնտի երկարությամբ, բայց և այնպես չկարողացավ խուսափել նրանցից։
Ծայրի ձիավորը, վիթխարի հասակով մի չեչոտ տղամարդ, Ռոստովին տեսնելով, հոնքերը կիտեց չարացած։ Այդ հեծելակը, անշուշտ, գետին պիտի տապալեր Ռոստովին իր Բեդուինի հետ (Ռոստովն ինքն իրեն այնքան փոքր ու թույլ էր թվում այդ վիթխարի մարդկանց ու ձիերի հետ համեմատած), եթե Ռոստովը գլխի չընկներ՝ նրա ձիու աչքի առաջ իր մտրակը թափ տալու։ Սև, ծանրամարմին ձին խրտնեց՝ ականջները սրելով, բայց չեչոտ հեծվորը ամբողջ ուժով խթանեց նրա կողերը, և ձին, պոչը թափ տալով ու վիզը երկարելով սլացավ ավելի արազ։ Հեծվաշտը, հազիվ էր անցել նրա մոտից, երբ Ռոստովը լսեց նրանց «ուռա՜»-ն. և ետ նայելով՝ տեսավ, որ նրանց առաջին շարքերը խառնվել են օտար, հավանորեն ֆրանսական, կարմիր ուսադիրներով հեծելակներին։ Այնուհետև էլ ոչինչ չէր կարելի տեսնել, որովհետև դրանից անմիջապես հետո, չգիտես որտեղից, թնդանոթներն սկսեցին կրակել, և ամեն ինչ կորավ ծխի մեջ։
Այն րոպեին, երբ հեծվաշտն անցավ ու աներևույթացավ ծխի մեջ։ Ռոստովը տատանվեց. ձին քշի՞ նրանց ետևից, թե գնա այնտեղ, ուր պետք է գնար։ Դա մեր ընտիր հեծվաշտի այն փայլուն հարձակումն էր, որ հիացում պատճառեց անգամ ֆրանսացիներին։ Ռոստովը հետո սարսափով լսեց, որ բոլոր այդ վիթխարի գեղեցիկ տղամարդկանց բազմությունից, բոլոր այդ փայլուն, հազարանոց ձիերի վրա նստած, հարուստ պատանիներից, սպաներից ու յունկերներից — հարձակումից հետո մնացել է միայն տասնութ հոգի։
«Նախանձելու ինչ ունեմ, դեռ ժամանակ ունեմ և այժմ, թերևս, տեսնեմ թագավորին», մտածեց Ռոստովն ու սլացավ առաջ։
Գվարդիական հետևակին մոտենալով՝ նկատեց, որ նրա գլխավերևից ու նրա մոտով ռումբեր են թռչում, և այդ ոչ այնքան նրանից, որ ռումբերի ձայն լսեց, որքան այն բանից, որ զինվորների դեմքին անհանգստություն տեսավ, իսկ սպաների դեմքին մի անբնական, ռազմաշունչ հանդիսավորություն։
Գվարդիական հետևակ գնդի գծերից մեկի ետևից անցնելիս լսեց, որ մի ձայն կանչում է իրեն։
— Ռոստո՜վ։
— Ի՞նչ է,— ասավ նա, Բորիսին չճանաչելով։
— Ինչպե՞ս է, առաջավոր գիծն ենք եկել։ Մեր գունդը հարձակումից է վերադառնում,— ասավ Բորիսը առաջին անդամ կռվի կրակի մեջ եղած երիտասարդի երջանիկ ժպիտով։
Ռոստովը կանգ առավ,
— Ա՛յ թե ինչ,— ասավ նա։— Է, ինչպե՞ս եղավ։
— Ետ մղեցինք,— աշխուժով ասավ Բորիսը, խոսելու տրամադիր։— Կարո՞ղ ես երևակայել։
Եվ Բորիսը պատմեց, թե ինչպես գվարդիան իր առջև զորք տեսնելով՝ ընդունում է այն ավստրիացիների տեղ ե հանկարծ այդ զորքի արձակած ռումբերից իմանում է, որ ինքն առաջավոր գծումն է և անսպասելի պետք է կռվի մեջ մտնի։ Ռոստովը մինչև վերջը Բորիսին չլսեց և ձին քշեց։
— Ո՞ւր ես գնում,— հարցրեց Բորիսը։
— Նորին մեծության մոտ՝ հատուկ հանձնարարությամբ։
— Ահա՛ նա,— ասավ Բորիսը, որն այնպես լսեց, թե Ռոստովին հարկավոր է նորին բարձրությունը, նորին մեծության փոխարեն։
Եվ նա ցույց տվեց մեծ իշխանին, որ հարյուր քայլ հեռու, սաղավարտը գլխին և արտոնյալ հեծելակի կաշե բաճկոնով, ուսերը բարձրացրած ու հոնքերը կիտած, պոռալով ինչ-որ բան էր ասում ավստրիական սպիտակազգեստ ու գունատված սպային։
— Բայց դա մեծ իշխանն է, իսկ ես ուղարկված եմ գլխավոր հրամանատարի կամ թագավորի մոտ,— ասաց Ռոստովը և ուզեց ձին քշել։
— Կոմս, կոմս,— ձայն տվեց Բերգը, Բորիսի նման աշխույժ ձայնով, մյուս կողմից մոտ վազելով,— կոմս, ես աջ ձեռիցս վիրավորվեցի (ասավ նա, ձեռի թաթը ցույց տալով, որ արյունոտված էր և թաշկինակով կապած) և մնացի շարքերում։ Կոմս, սուրը ձախ ձեռովս եմ բռնում. մեր ֆոն-Բերգները ցեղով ասպետներ են եղել, կոմս։
Բերգը դարձյալ ինչ-որ բան ասավ, բայց Ռոստովը, չլսելով, ձին քշեց առաջ։
Գվարդիան թողնելով ու մի դատարկ տարածություն անցնելով, Ռոստովը, նորից առաջավոր գիծը չընկնելու համար, ինչպես հեծելակների հարձակման ժամանակ, գնաց պահեստների գծով, բավական հեռանալով այն տեղից, ուր տեղի էր ունենում ամենասաստիկ հրացանաձգությունն ու թնդանոթաձգությունը։ Հանկարծ իր առջևը և մեր զորքերի ետևը, մի տեղում, ուր երբեք չէր կարելի թշնամի ենթադրել, Ռոստովը լսեց մոտիկ հրացանաձգության ձայն։
«Սա ի՞նչ կարող է լինել։— Թշնամին մեր զորքերի թիկո՞ւնքն է անցել,— մտածեց Ռոստովը և սարսափ զգաց, թե իր և թե ամբողջ ճակատամարտի ելքի համար։— Սակայն, ինչ էլ ուզում է լինի,— մտածեց նա,— հիմա այլևս կարիք չկա առաջ անցնելու համար պտույտ գործել։ Ես գլխավոր հրամանատարին պետք է փնտրեմ այստեղ, և եթե ամեն ինչ կորած-վերջացած է, թող ես էլ կորչեմ բոլորի հետ միասին»։
Հանկարծորեն Ռոստովին համակած վատ նախազացումը հետզհետե ավելի էր ճշտվում, որքան ավելի առաջ էր գնում Պրաց գյուղի այն կողմն ընկած տարածության մեջ, որը բռնել էին բազմատեսակ զորքերի բազմությունները։
— Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ է պատահել։ Ո՞ւմ վրա են կրակում։ Ո՞վ է կրակում,— հարցնում էր Ռոստովը ռուս և ավստրիացի զինվորներին, որ խառը խմբերով փախչում էին իր աոջևով, իր ճանապարհը կտրելով։
— Է՜, սատանան գիտի։ Բոլորին ջարդեց։ Կորավ ամեն ինչ,— պատասխանում էին նրան փախչող խմբերը ռուսերեն, գերմաներեն ու չեխերեն, որոնք, Ռոստովի նման, չէին հասկանում, թե այդտեղ ինչ է կատարվում։
— Պետք է խփել գերմանացիներին,— գոռում էր մեկը։
— Է, գրողը տանի դրանց՝ դավաճաններին։
— Zum Henker diese Russen…<ref>Գրողը տանի ռուսներին…</ref> — քրթմնջաք գերմանացին։
Ճանապարհով գնում էին մի քանի վիրավորներ։ Հայհոյանք, գոռգոռոց, հեծեծանք խառնվել էին իրար մի ընդհանուր մռմռոցի մեջ։ Հրացանաձգությունը լռեց և, ինչպես Ռոստովը հետո իմացավ, իրար վրա կրակել էին ռուս և ավստրիացի զինվորները։
«Տեր աստված, սա ի՞նչ բան է,— մտածեց Ռոստովը։— Այն էլ այստեղ, երբ թագավորն ամեն րոպե կարող է տեսնել նրանց… Բայց ոչ, դա, երևի, մի քանի սրիկաներ են։ Սա կանցնի, սա այն չի, այդ չի կարող լինել,— մտածում էր նա։— Միայն թե շուտով, շուտ անցնեմ գնամ»։
Ռոստովը չէր կարողանում հաշտվել պարտության և փախուստի մտքին։ Թեև ֆրանսական թնդանոթներ ու զորքեր տեսավ Պրացի սարի վրա (հենց այն սարի վրա, ուր հրամայված էր գտնել գլխավոր հրամանատարին), նա չէր կարողանում և չէր ուզում հավատալ դրան։
=== XVIII ===
Ռոստովին հրամայված էր Կուտուզովին ու թագավորին փնտրել Պրաց գյուղի մոտերքը։ Բայց այստեղ ոչ միայն նրանք չկային, չկար և ոչ մի զորապետ, այլ կային քայքայված զորքերի տարբեր բազմությաններ։ Նա քշեց իր արդեն հոգնած ձին, որքան կարելի է շուտ այս ամբոխից դուրս գալու, բայց որքան առաջ էր գնում, ամբոխն այնքան խառնիճաղանճ էր դառնում։ Երբ դուրս եկավ մեծ ճանապարհը, տեսավ այդտեղ խռնվել են ամեն տեսակի կառքեր ու սայլեր, ռուս և ավստրիացի զինվորներ՝ ամեն տեսակ զորքից, վիրավորներ և ոչ վիրավորներ։ Այս բոլորն աղմուկով և իրար խառնված առաջ էին շարժվում Պրացի բարձունքներին դրված ֆրանսական մարտկոցներից եկող ռումբերի ահեղ բոմբյունների ներքո։
— Որտե՞ղ է թագավորը, որտե՞ղ է Կուտուզովը,— հարցնում էր Ռոստովը բոլորին, ում կարողանում էր կանգնեցնել, ու ոչ մեկից չէր կարողանում պատասխան ստանալ։
Վերջապես, մի զինվորի օձիք բռնելով, ստիպեց պատասխանել իրեն։
— Է՜, ախպերս։ Նրանք բոլորը վաղուց էնտեղ են, ճղեցին,— ասավ զինվորն ինչ-որ բանի վրա ծիծաղելով և Ռոստովի ձեռից դուրս պրծնելով։
Թողնելով այդ զինվորին, որն, ակներև, հարբած էր, Ռոստովը կանգնեցրեց մի կարևոր անձնավորության սպասյակի թե բերեյտորի (ձիավարժ) ձին և սկսեց հարցուփորձել։ Սպասյակը Ռոստովին հայտնեց, թե մի ժամ առաջ թագավորին կառքով ամենայն արագությամբ տարան այս ճամփով, և թե թագավորը ծանր վիրավորված է։
— Չի կարող պատահել,— ասավ Ռոստովը,— երևի, ուրիշ մեկն է եղել։
— Իմ աչքով տեսա,— ասավ սպասյակն ինքնավստահ քմծիծաղով։ Ես որ չճանաչեմ թագավորին, էլ ով պիտի ճանաչի, Պետերբուրգում քանի անգամ այ էսպես եմ տեսել։ Գույնը գցած, սփրթնած նստած էր կառեթում։ Չորս սև ձի էր լծած. եկան գոռգռալով անցան. ես որ թագավորական ձիերին ու Իլյա Իվանիչին չճանաչեմ, էլ ով պիտի ճանաչի. կարծեմ՝ կառապան Իլյան մենակ թագավորի կառքն ա քշում ու ոչ թե ուրիշների։
Ռոստովը թողեց դրան և ուզեց գնալ առաջ։ Մոտից անցնող մի վիրավոր սպա դիմեց նրան։
— Դուք ո՞ւմ եք փնտրում,— հարցրեց նա։— Գլխավոր հրամանատարի՞ն։ Ռումբն սպանեց նրան մեր գնդում։
— Սպանված չէ, վիրավորված է,— ուղղեց մի ուրիշ սպա։
— Ո՞վ, Կուտուզո՞վն է վիրավորված,— հարցրեց Ռոստովը։
— Կուտուզովը չէ, ինչպես էր նրա անունը,— է, բոլորը մեկ է, միևնույն է, կենդանի քիչ մարդ է մնացել։ Այ գնացեք այնտեղ, այն գյուղի կողմը, բոլոր զորապետները հավաքված են այնտեղ,— ասավ այդ սպան, Գոստիերադեկ գյուղը ցույց տալով, ու անցավ-գնաց։
Ռոստովը քայլով առաջ գնաց, չիմանալով, թե ո՛ւր է գնում և ո՛ւմ է փնտրում։ Թագավորը վիրավորված է, ճակատամարտը տանուլ տրված։ Այլևս անկարելի էր դրան չհավատալ։ Ռոստովը գնաց ցույց տրված ուղղությամբ, ուր հեռվում երևում էր մի աշտարակ ու մի եկեղեցի։ Էլ ո՞ւր է շտապում։ Հիմա էլ ի՞նչ պիտի ասի թագավորին ու Կուտուզովին, եթե նույնիսկ նրանք ողջ լինեն և առողջ։
— Ձերդ ազնվություն, էս ճամփով գնացեք, թե չէ էդպես կսպանեն.— ձայն տվեց նրան մի զինվոր։— Էդպես կսպանե՜ն։
— Օ՜, ի՞նչ ես ասում,— ասավ մի ուրիշը։— Էնպես ո՞ւր է գնում։ Էսպես ավելի մոտ է։
Ռոստովը մի րոպե մտածեց ու գնաց հենց այն ուղղությամբ, ուր, զինվորների ասելով, պիտի սպանեին։
«Հիմա միևնույն է. երբ թագավորն արդեն վիրավորված է, ես իմ անձը պիտի պահպանե՞մ», մտածեց նա։ Հասավ մի տարածության, որ շատ մարդ էր սպանվել՝ Պրացից փախչելիս։ Ֆրանսացիներն այդ տեղը դեռ չէին գրավել, իսկ ռուսները, ովքեր կենդանի էին մնացել կամ վիրավոր, այդտեղից վաղուց էին հեռացել։ Դաշտում, ամեն մի դեսյատինա չափ տարածության վրա, ինչպես լավ արտի խուրձեր, ընկած էին տաս-տասնուհինգ սպանվածներ, վիրավորներ։ Վիրավորները երկու-երկու, երեք-երեք սողում էին միասին, և լսվում էր նրանց անհաճո, երբեմն, ինչպես Ռոստովին էր թվում, կեղծ աղաղակներն ու հեծեծանքները։ Ռոստովը ձիու քայլերն արագացրեց այս մարդկանց տառապանքները չտեսնելու համար, ու վախ զգաց։ Վախեցավ ոչ թե իր կյանքի համար, այլ այն արիության համար, որ պետք էր իրեն, և որը, գիտեր, չէր կարող տանել այս դժբախտների տեսքը։
Ֆրանսացիները, որ դադարեցրել էին կրակը սպանվածներով ու վիրավորներով ծածկված այդ դաշտի ուղղությամբ,— որովհետև նրա վրա այլևս կենդանի մարդ չկար,— ձիավոր ադյուտանտին տեսնելով՝ թնդանոթն ուղղեցին նրա կողմը և մի քանի ռումբ արձակեցին։ Այս սուլող, ահարկու ձայները և շրջապատող մեռելները սարսափելի տպավորություն արին Ռոստովի վրա և սրտում կարեկցություն զարթեցրին դեպի իրեն։ Հիշեց մոր վերջին նամակր։ «Ինչ կզգար նա, եթե հիմա տեսներ ինձ այստեղ, այս դաշտում և ինձ վրա ուղղած թնդանոթները», մտածեց Ռոստովը։
Գոստիերադեկ գյուղում թեև խառնված, բայց բարեկարգ ռուս զորքեր կային, որոնք հեռանում էին ճակատամարտի դաշտից։ Ֆրանսական ռումբերն այստեղ չէին հասնում այլևս, և հրացանաձգության ձայները թվում էին հեռավոր: Այստեղ բոլորն արդեն պարզ տեսնում և ասում էին, թե ճակատա մարտը տանուլ է տրված։ Ում էլ դիմում էր Ռոստովը, ոչ ոք չէր կարողանում ասել, թե ո՛ւր է թագավորը, որտե՛ղ է Կուտուզովը։ Ոմանք ասում էին, թե թագավորի վիրավորվելու լուրը ճիշտ է, մյուսներն ասում էին — ո՛չ, և այդ սուտ տարածված լուրը բացատրում էին նրանով, թե, իրոք, թագավրրի կառեթով կռվի դաշտից ետ է գնացել սփրթնած ու վախեցած օբեր-հոֆմարշալ կոմս Տոլստոյը, որ կայսեր շքախմբի հետ եկել էր կռվի դաշտը։ Մի սպա Ռոստովին ասավ, թե գյուղի այն կողմը, դեպի ձախ, տեսել է բարձրագույն հրամանատարներից մեկին, և Ռոստովը գնաց այն կողմը, այլևս հույս չունենալով, թե կգտնի որևէ մեկին, այլ միայն նրա համար, որ ինքն իր խղճի առաջ արդար լինի։ Երեք վերստ գնալով և ռուսական վերջին զորքերն անցնելով, խրամատով շրջապատված մի բանջարանոցի մոտ՝ Ռոստովը տեսավ խրամատի դեմը կանգնած երկու ձիավոր։ Մեկը, որ գլխարկի վրա ճերմակ ցցունք ուներ, Ռոստովին ծանոթ թվաց, մյուսը, անծանոթ հեծվորը, իր սքանչելի շիկակարմիր ձիով (այդ ձին Ռոստովին ծանոթ թվաց) մոտեցավ փոսին, խթանեց ձիուն և, սանձը թողնելով, հեշտությամբ թռավ-անցավ բանջարանոցի առվից։ Միայն ձիու ետին ոտները մի քիչ հող թափեցին հողաթմբից։ Ձին դարձնելով՝ նա նորից անցավ փոսը և հարգանքով դիմեց ցցունազարդ գլխարկով ձիավորին, ակներև, առաջարկելով նրան՝ անել նույնը։ Ձիավորը, որի կերպարանքն Ռոստովին ծանոթ թվաց և, չգիտես ինչու, ակամա գրավեց նրա ուշադրությունը, գլխով ու ձեռով բացասական շարժում արավ, և այդ շարժումից Ռոստովն իսկույն ճանաչեց իր պաշտելի թագավորին, որին ողբում էր քիչ առաջ։
«Բայց սա չի կարող նա լինել, այս ամայի դաշտի մեջ մենակ», մտածեց Ռոստովը։ Այդ միջոցին Ալեքսանդրը գլուխը դարձրեց, և Ռոստովը տեսավ իր հիշողության մեջ կենդանի տպավորված սիրելի դիմագծերը։ Թագավորը գունատ էր, այտերն ու աչքերը փոս էին ընկել. բայց դիմագծերն այդպես ավելի գրավչություև և հեզություն էին ստացել։ Ռոստովն իրեն երջանիկ զգաց, համոզվելով, որ թագավորի վիրավորվելու լուրը ճիշտ չէր։ Նրան տեսնելով իսկ երջանիկ էր։ Գիտեր, որ կարող է, նույնիսկ պարտավոր է ուղղակի դիմել նրան և հայտնել Դոլգորուկովի պատվերը։
Բայց ինչպես սիրահար պատանին առաջին հանդիպումին դողում է և կարմրում, չհամարձակվելով պատմել իր անքուն գիշերների երազները, ու աղջկա կողքին կանգնած, վախեցած շուրջն է նայում, փնտրելով բացատրությունը հետաձգելու և փախուստի հնարավորություն, երբ հասել է ցանկալի րոպեն և նա կանգնած է մենակ՝ իր սիրելիի հետ. այնպես էլ Ռոստովն այժմ աշխարհի մեջ իր ամենամեծ նպատակին հասնելով, չգիտեր ինչպես մոտենա թագավորին, և հազար ու մի ենթադրություններ էր անում, թե ինչո՛ւ այդ անհարմար է, անպատշաճ ու անկարելի։
«Ինչպե՜ս։ Կարծես ուրախ եմ օգտվել առիթից, որ նա մենակ է ու վհատության մեջ։ Տխրության ու վշտի այս վայրկյանին անծանոթ մեկը կարող է նրան անախորժ ու ծանր թվալ. հետո ի՞նչ կարող եմ ասել նրան հիմա, երբ նրան նայելուց իսկ սիրտս մարում է և լեզուս չորանում»։ Երևակայության մեջ, թագավորին դիմելու համար, պատրաստած բազմաթիվ ճառերից և ոչ մեկը չէր հիշում հիմա։ Այդ ճառերը մեծ մասամբ ասվելու էին այլ պայմաններում, մեծ մասամբ հաղթության րոպեներին և առավելապես ստացած վերքերից մեռնելու ժամին, այն վայրկյանին, երբ թագավորը շնորհակալություն պիտի հայտներ նրան՝ ցույց տված հերոսության համար, և ինքը, մեռնելով, պիտի արտահայտեր գործով ապացուցած իր սերը։
«Հետո ի՞նչ պիտի հարցնեմ թագավորին՝ աջ զորաթևին հրաման տալու մասին, երբ իրիկվա ժամի 4-ն է արդեն, և ճակատամարտը տանուլ տված։ Ոչ, չպետք է մոտենամ նրան, բոլորովին։ Չպետք է խանգարեմ նրա մտածումները։ Հազար անգամ մեռնելն ավելի լավ է, քան թե նրա վատ հայացքի, վատ կարծիքին արժանանալը»,— որոշեց Ռոստովը և տխրությամբ ու հուսահատությունը սրտում հեռացավ, շարունակ ետ դառնալով ու նայելով թագավորին, որ տակավին մնացել էր նույն անվճռական դիրքում։
Այն պահին, երբ Ռոստովն այս ենթադրություններն անելով տխրությամբ հեռանում էր թագավորից, կապիտան ֆոն-Տոլը պատահարար եկավ այդ նույն տեղը և, թագավորին տեսնելով, մոտեցավ ուղղակի, իր ծառայությունն առաջարկեց և օգնեց ոտքով առուն անցնելու։ Թագավորը կամենալով հանգստանալ և իրեն մի փոքր տկար զգալով, նստեց խնձորենու տակ, և Տոլը կանգնած մնաց նրա մոտ։ Ռոստովը հեռվից նախանձով ու զղջումով տեսավ, թե ինչպես ֆոն-Տոլը երկար ու տաք-տաք խոսում էր թագավորի հետ, ինչպես թագավորն, ըստ երևույթին, լաց լինելով, աչքերը ծածկեց ձեռով ու սեղմեց Տոլի ձեռքը։
«Նրա փոխարեն ես կարո՞ղ էի լինել», մտածեց Ռոստովը հազիվ պահելով ափսոսանքի արցունքները և թագավորին խղճալով, բոլորովին հուսահատ հեռացավ, չիմանալով, թե ո՛ւր է գնում և ինչո՛ւ։
Նրա հուսահատությունը սաստկանում էր մանավանդ այն պատճառով, որովհետև զգում էր, որ իր վշտի պատճառը իր սեփական թուլությունն է։
Նա կարող էր… ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր մոտենալ թագավորին։ Եվ դա միակ առիթն էր՝ իր նվիրվածությունը թագավորին ցույց տալու։ Եվ ինքն այդ առիթը չօգտագործեց… «Ի՞նչ արի ես», մտածեց նա։ Եվ նա ձիու գլուխը ծռեց ու սլացավ դեպի այն տեղը, ուր տեսել էր կայսեր. բայց փոսի այն կողմն այլևս մարդ չկար։ Սայլեր ու կառքեր էին անցնում միայն, Ռոստովը մի պաշարակիր զինվորից իմացավ, որ Կուտուզովի շտաբը գտնվում է մոտակա գյուղում, ուր գնում էին մթերակիր սայլերը։ Ռոստովը հետևեց դրանց։
Առջևից գնում էր Կուտուզովի ձիապանը, տանելով սթարներով ծածկված ձիերին։ Ձիապանի ետևից գնում էր մի սայլ, սայլի ետևից մի ծուռ ոտներով ծերունի ճորտ ծառա՝ կարտուզը գլխին, կիսամուշտակը հագին։
— Տիտ, ա՛յ Տիտ,— ասավ ձիապանը։
— Ի՞նչ ա,— ցրված հարցրեց ծերունին։
— Տիտ, գնա բանիդ։
— Ի՜, հիմար, թո՛ւ,— բարկացած թքելով՝ ասավ ծերունին։
Բավական տեղ գնացին անխոս, և նույն կատակը կրկնվեց նորից։
Իրիկվա ժամը հինգին մերոնք պարտություն կրեցին բոլոր ռազմակետերում։ Հարյուրից ավելի թնդանոթներ ընկան ֆրանսացիների ձեռքը։
Պրժեբիշևսկին իր զորաբանակով զենքը վար դրեց։ Մյուս զորասյուները, իրենց կիսից ավելին կորցրած, նահանջում, էին անկարգ, իրար խառնված բազմություններով։
Լանժերոնի և Դոխտուրովի զորամասերի մնացորդները իրար խառնված, կուտակվել էին Աուգեստա գյուղի լճակների ամբարտակների վրա ու ափերին։
Ժամը 6-ին Աուգեստա ամբարտակի մոտ լսվում էր միայն ֆրանսացիների սաստիկ թնդանոթաձզությունը. նրանք Պրացի բարձունքների վայրէջքին շարել էին բազմաթիվ մարտկոցներ և ռմբակոծում էին մեր նահանջող զորքերը։
Վերջապահում Դոխտուրովն ու մյուսները, գումարտակները հավաքելով, պաշտպանվում էին ֆրանսական հեծելազորից, որ հետապնդում էր մերոնց։ Սկսեց մթնաժոռել։ Աուգեստի նեղլիկ ամբարտակի վրա, ուր երկար տարիներ ծերուկ ջրաղացպանը հանգիստ նստում էր կառթը ձեռին, իսկ նրա թոռը, վերնաշապիկի թևքերը քշտած, խաղում էր դույլում թպրտացող ձկան հետ. այդ ամբարտակի վրա, որով բրդոտ փափախով և կապույտ բաճկոն հագած մորավները իրենց զույգ եզներով, ցորենաբարձ սայլերը խաղաղ բերում էին ջրաղաց, և ալրաթաթախ ու սպիտակած սայլերով վերադառնում նույն ամբարտակով,— այդ նեղ ամբարտակի վրա այժմ՝ մթերակիր սայլերի ու թնդանոթների արանքում, ձիերի և անիվների արանքում խմբվել էին մահվան երկյուղից այլափոխված մարդիկ, որ միմյանց ճնշելով, անցնելով մահացողների վրայից, իրար մեռցնում, ոտնակոխ էին անում նրա համար միայն, որպեսզի մի քանի քայլ անելուց հետո, իրենք ճիշտ նույնպես սպանվեն։
Յուրաքանչյուր տասը վայրկյանը մի անգամ մի ռումբ կամ նռնակ, օդը ճնշելով, գալիս պայթում էր այս խիտ ամբոխի մեջ, սպանում մարդկանց և արյունաթաթախ անում մոտիկ գտնվողներին։ Այստեղ էր ձեռից վիրավորված հետիոտն Դոլոխովը իր վաշտի (նա արդեն սպայի աստիճան էր ստացել) տասի չափ զինվորի հետ և նրա գնդի հրամանատարը՝ ձի նստած, այս էր նրանց ամբողջ գնդի մնացորդը։ Ամբոխի հոսանքով տարված՝ նրանք սեղմվել էին ամբարտակի մուտքի առաջ և, ամեն կողմից ճնշված, կանգ էին առել, որովհետև առջևում մի ձի էր ընկել, թնդանոթի տակ, և մարդիկ աշխատում էին դուրս քաշել նրան։ Նրանց ետև ռումբն սպանեց ինչ-որ մեկին, մի ուրիշն ընկավ իրենց առջև և արյան շիթեր ցանեց Դոլոխովի վրա։ Ամբոխը հուսահատ առաջացավ, սեղմվեց, մի քանի քայլ արավ և նորից կանգ առավ։
Յուրաքանչյուրը մտածում էր, եթե հարյուր քայլ էլ առաջ գնա, անշուշտ, կփրկվի, իսկ եթե երկու րոպե էլ մնա, կորած է անկասկած։
Դոլոխովն ամբոխի մեջտեղից դուրս եկավ, նետվեց ամբարտակի ծայրն ու վազեց կանգնեց լճակի երեսը բռնող սառցի վրա։
— Թնդանոթն այս կողմը դարձրեք,— ձայն տվեց նա, թռչկոտելով սառցի վրա, որը ճռճռում էր նրա ոտների տակ,— դարձրեք դեսը։ Դիմանում է…
Սառույցը պահում էր նրան, բայց ճկում էր և ճռճռում, և պարզ էր, որ ոչ միայն թնդանոթին ու ժողովրդի բազմությանը չէր դիմանա, այլև հենց իր Դոլոխովի ծանրության տակ խորտակվելու էր անմիջապես։ Մարդիկ նայում էին նրան և սեղմվում ափին, սիրտ չանելով ոտ դնել սառույցի վրա։ Գնդի հրամանատարը, որ ձին նստած-կանգնած էր ամբարտակի մուտքի առաջ, ձեռը բարձրացրեց և բերանը բաց արավ՝ Դոլոխովին բան ասելու։ Հանկարծ ամբոխի գլխավերև, շատ ցած, մի ռումբ շաչեց. բոլորը գլուխները կռացրին։ Ինչ-որ մի բան շրպպաց, գեներալն իր ձիու հետ ընկավ արյան մեջ։ Ոչ ոք չնայեց գեներալին, ոչ ոք չմտածեց նրան տեղից բարձրացնելու։
— Գնացե՜ք սառույցի վրա, գնացե՜ք սառույցով։ Գնացե՜ք, չեք լսո՞ւմ։ Գնացե՛ք,— հանկարծ, գեներալին դիպչող ռումբից հետո, լսվեցին բազմաթիվ ձայներ, իրենք էլ չէին իմանում, թե ինչո՛ւ էին ճչում։
Ետևը գտնվող թնդանոթներից մեկը, որ ուզում էր տեղավորվել ամբարտակի վրա, քշեց դեպի սառույցը։ Զինվորների խմբերը ամբարտակից վազեցին դեպի սառած լիճը։ Առաջ անցած զինվորներից մեկի ոտի տակ սառուցը ճաքեց և զինվորի մի ոտն ընկավ ջուրը, նա ուզեց իրեն հավաքել, բայց մինչև գոտկատեղը խրվեց։ Մոտիկ կանգնած զինվորները կանգ առան, թնդանոթը վարող զինվորը կանգնեցրեց իր ձիերը, բայց ետևից դեռ աղաղակում էին. «Գնացե՛ք սառույցով, ի՞նչ եք կանգնել, գնա՜ցեք, գնացե՜ք»։ Ու բազմության մեջ լսվում էին սարսափի ճիչեր։ Թնդանոթը շրջապատող զինվորները քշում, խփում էին ձիերին, որ թեքվեն, գնան սառույցով։ Ձիերը ափից շարժվեցին դեպի սառույցը։ Հանկարծ, հետիոտն զինվորների տակ գտնվող սառույցը կոտրվեց և վրան գտնվող քառասուն հոգին նետվեցին ետ ու առաջ, իրար ջրերի մեջ, գցելով։
Ռումբերը շարունակում էին նույն համաչափությամբ շաչել ու խփել սառույցին, ջրին և մանավանդ ամբարտակը, լճակն ու ափը ծածկող բազմության։
=== XIX ===
Պրացի սարի վրա, հենց այնտեղ, ուր ընկավ նա դրոշակը ձեռին, պառկած էր իշխան Անդրեյ Բալկոնսկին, արյունաքամ լինելով, և ինքն էլ այդ չիմանալով, հեծեծում էր կամացուկ ու մանկան ողբագին հեծեծանքով։
Երեկոյան դեմ նրա հեծեծանքը դադարեց և նա բոլորովին լռեց։ Չգիտեր որքան երկար տևեց իր ինքնամոռացումը։ Հանկարծ իրեն նորից ողջ զգաց և դրա հետ միասին՝ մի տանջող ու այրող գլխացավ։
«Ո՞ւր է նա, այն բարձր երկինքը, որ չէր տեսել մինչև այժմ և տեսավ քիչ առաջ», եղավ նրա առաջին մտածությունը։ «Այս տանջանքը նույնպես չէի զգում,— մտածեց նա։— Այո, ես ոչինչ, ոչինչ չեմ իմացել մինչև այժմ։ Բայց որտե՞ղ եմ»։
Նա սկսեց ականջ դնել, ու լսեց մոտեցող ձիերի ոտնատրոփ և ֆրանսերեն խոսակցություն։ Իշխան Անդրեյն աչքերը բաց արավ։ Նրա գլխավերևը դարձյալ նույն բարձր երկինքն էր՝ ավելի ևս բարձր լողացող ամպերով, որոնց միջից տեսնվում էր կապույտին տվող անսահմանությունը։ Նա գլուխը չթեքեց և չտեսավ նրանց, ովքեր,— ինչպես կարելի էր ենթադրել սմբակների ու ձայների աղմուկից,— մոտեցան իրեն ու կանգ առան։
Մոտեցող ձիավորները — Նապոլեոնը և իր երկու ադյուտանտն էին։ Բոնապարտը, ճակատամարտի դաշտը շրջելով, տալիս էր իր վերջին հրամանները՝ Աուգեստի ամբարտակն ռմբակոծող մարտկոցն ուժեղացնելու վերաբերմամբ, և դիտում էր սպանվածներին ու կռվի դաշտում մնացած վիրավորներին։
— De beaux hommes!<ref>Գեղեցիկ տղամարդիկ։</ref>— ասավ Նապոլեոնը, նայելով սպանված ռուս գրենադերին, որ երեսը հողի մեջ խրած և ծոծրակը սևացած պառկել էր փորի վրա, փայտացած ձեռը իրենից հեռու պարզած։
— Les munitions des pièces de position sont épuisées, sire!<ref>Մարտկոցային ռումբեր այլևս չկան, ձերդ մեծութլուն։</ref>— ասավ այդ միջոցին ադյուտանտը, որ գալիս էր Աուգեստն ռմբակոծող մարտկոցից։
— Faites avancer celles de la réserve<ref>Հրամայեցեք պահեստի ռումբերից բերեն։</ref>,— ասավ Նապոլեոնը ու, մի քանի քայլ առաջ գնալով, կանգ առավ իշխան Անդրեյի գլխավերև, որ պառկած էր մեջքի վրա, դրոշակի ձողը կողքին (դրոշակն արդեն, որպես հաղթանիշ, տարել էին ֆրանսացիք)։
— Voila une belle mort<ref>Ահա մի գեղեցիկ մահ։</ref>— ասավ Նապոլեոնը, Բալկոնսկուն դիտելով։
Իշխան Անդրեյը հասկացավ, որ այդ խոսքերն իրեն են վերաբերում և որ այդ ասողը Նապոլեոնն է։ Նա լսեց, թե ինչպես sire էին կոչում այդ խոսքերն ասողին։ Բայց նա այդ խոսքերը լսեց այնպես, ինչպես ճանճի տզզոցը կլսեր: Նա ոչ միայն չհետաքրքրվեց նրանցով, այլև չնկատեց էլ, ու անմիջապես մոռացավ նրանց։ Նրա գլուխն այրվում էր. զգում որ արյունաքամ է լինում, և իր գլխավերև տեսնում էր միայն հեռու-հեռու, բարձր ու հավերժական երկինքը։ Նա գիտեր, որ դա Նապոլեոնն է — իր հերոսը, բայց այդ վայրկյանին Նապոլեոնը նրան թվում էր փոքրիկ, չնչին մի մարդ՝ համեմատությամբ այն բանի, ինչ կատարվում էր իր հոգու և այս բարձր, լողացող ամպերով անհուն երկնքի միջև։ Այդ րոպեին նրա համար բոլորովին մեկ էր, թե ո՛վ է կանգնած իր գլխավերև, ինչ են խոսում իր մասին. ուրախ էր միայն, որ մարդիկ կանգ են առել իր մոտ, և կուզեր միայն, որ այդ մարդիկ օգնեն իրեն և կյանք տան, կյանք, որ այնքան սքանչելի էր թվում նրան, որովհետև այժմ բոլորովին այլ կերպ էր ըմբռնում այն։ Նա հավաքեց իր բոլոր ուժերը, որպեսզի շարժվի և մի որևէ ձայն հանի։ Թույլ կերպով շարժեց ոտը և արձակեց մի թույլ, հիվանդագին հեծեծանք, որից ինքն իսկ խղճահարվեց։
— Ա՜, ողջ է,— ասավ Նապոլեոնը։— Վերցրեք այս երիտասարդին, ce jeune homme, և տարեք վիրակապության կայանը։
Այս ասելով Նապոլեոնը գնաց գեպի մարշալ Լանը, որ գլխարկը հանած, ժպտալով և հաղթությունը շնորհավորելով մոտենում էր կայսեր։
Իշխան Անդրեյն այնուհետև, բան չէր հիշում, պատգարակի վրա դնելու սարսափելի ցավերից, փոխադրության ցնցումներից և վիրակապության կայանում վերքը զննելուց — նա գիտակցությունը կորցրեց։ Ուշքի եկավ միայն երեկոյան դեմ, երբ նրան, մյուս վիրավոր ու գերի ռուս սպաներին միացնելով, տարան հիվանդանոց։ Այս փոխադրության միջոցին նա փոքր-ինչ թարմացած զգաց իրեն և կարողացավ շուրջը նայել և մինչև իսկ խոսել։
Առաջին խոսքերը, որ լսեց ուշքի գալիս — դա ֆրանսացի ուղեկցորդ սպայի խոսքերն էին։
— Պետք է այստեղ կանգ առնել. կայսրը հիմա պիտի անցնի, նա բավականություն կզգա այս գերի պարոններին տեսնելով։
— Այսօր գերիներն այնքան շատ են, համարյա ամբողջ ռուս բանակը գերի է. այնպես որ, նա, երևի, ձանձրացած կլինի,— ասավ մի ուրիշ սպա։
— Այնուամենայնիվ։ Այս մեկը, ասում են, Ալեքսանդր կայսեր ամբողջ գվարդիայի հրամանատարն է,— ասավ առաջին սպան, ցույց տալով արտոնյալ հեծգնդի ճերմակ նշանազգեստով ռուս վիրավոր սպային։
Բալկոնսկին ճանաչեց իշխան Ռեպնինին, որին հանդիպել էր Պետերբուրգի բարձր շրջաններում։ Նրա կողքին կանգնած էր մի ուրիշը — 19 տարեկան մի տղա, նույնպես արտոնյալ հեծգնդի վիրավոր սպա։
Բոնապարտը մոտեցավ քառասմբակ ու ձին կանգնեցրեց։
— Ո՞վ է ավագագույնը,— հարցրեց նա, գերիներին տեսնելով։
Ասին՝ գնդապետ իշխան Ռեպնինը։
— Դո՞ւք եք Ալեքսանդր կայսեր արտոնյալ հեծգնդի հրամանատարը,— հարցրեց Նապոլեոնը։
— Ես հեծվաշտի հրամանատար էի,— պատասխանեց Ռեպնինը։
— Ձեր գունդը պատվով կատարեց իր պարտքը,— ասավ Նապոլեոնը։
— Մեծ զորավարի գովեստը զինվորի համար լավագույն պարգևն է,— ասավ Ռեպնինը։
— Այդ գովեստը տալիս եմ սիրով,— ասավ Նապոլեոնը։— Ո՞վ է ձեր կողքի երիտասարդը։
Իշխան Ռեպնինը տվեց տեղակալ սպա Սուխտելենի անունը։
Նրան նայելով՝ Նապոլեոնը ժպտալով ասավ.
— Il est venu bien jeune se fortter à nous.<ref>Այսքան փոքր եք և այժմյանից ուզում եք մեզ հետ չափվել։</ref>
— Ջահելությունը չի խանգարում քաջ լինելուն,— խոսեց Սուխտելենն ընդհատվող ձայնով։
— Սքանչելի պատասխան,— ասավ Նապոլեոնը։— Երիտասարդ, դուք շատ առաջ կերթաք։
Իշխան Անդրեյը, որին (գերի հաղթանիշների պատկերը լիակատար դարձնելու համար) ցուցադրել էին առջևում՝ կայսերն ի տես, չէր կարող նրա ուշադրությունը չգրավել։ Նապոլեոնն, ըստ երևույթին, հիշեց որ նրան տեսել է դաշտում և, նրան դառնալով, գործածեց այն երիտասարդ բառը,— jeune homme, որով Բալկոնսկին առաջին անգամ տպավորվել էր նրա հիշողության մեջ։
— Et vous, jeune homme? Է, իսկ դո՞ւք, երիտասարդ,— դարձավ Նապոլեոնը նրան,— ինչպե՞ս եք զգում ձեզ, mon brave?
Չնայած, որ հինգ րոպե առաջ իշխան Անդրեյն իրեն փոխադրող զինվորներին կարող էր մի քանի խոսք ասել, բայց հիմա, աչքերը հառելով Նապոլեոնի վրա, լռում էր… Նրան այդ վայրկյանից այնքան չնչին էին թվում Նապոլեոնին զբաղեցնող խնդիրները, այնքան մանր, աննշան էր թվում նրան իր հերոսը՝ իր մանր սնափառությամբ և հաղթության ուրախությամբ — համեմատած այն բարձր, արդար ու բարի երկնքի հետ, որը տեսնում էր,— և հասկացավ, որ ինքը չի կարող պատասխանել նրան։
Եվ առհասարակ նրան ամեն ինչ թվում էր անօգուտ ու չնչին՝ համեմատած մտքերի այն վեհ ու հոյակապ աշխարհի հետ, որ առաջացրել էին նրա մեջ արյունաքամությունը, ուժասպառությունը, տառապանքը և մոտալուտ մահը։ Նայելով Նապոլեոնի աչքերին՝ իշխան Անդրեյը մտածում էր փառքի ու մեծության ոչնչության մասին, կյանքի ոչնչության մասին, կյանքի, որի նշանակությունը ոչ ոք չի կարողացել հասկանալ, և՝ մանավանդ՝ մահվան ոչնչության մասին, որի իմաստն ապրողներից ոչ ոք չի կարողացել հասկանալ ու բացատրել։
Կայսրը, պատասխան չստանալով, երեսը շրջեց և, հեռանալով, դիմեց իր զորապետներից մեկին.
— Թող հոգ տանեն այս պարոնների մասին և տանեն իմ բացօթյակը, և թող իմ բժիշկը՝ Լառեյը քննի սրանց վերքերը։ Ցտեսություն, իշիւան Ռեպնին,— և նա, ձին շարժելով, քառատրոփ հեռացավ։
Նրա դեմքը փայլում էր ինքնագոհությունից ու երջանկությունից։
Իշխան Անդրեյին փոխադրող զինվորները վերցրել էին նրա ոսկյա սրբապատկերը, որ իշխանադուստր Մարիան էր կախել եղբոր կրծքին. բայց տեսնելով կայսեր գերիների հանդեպ ցույց տված սիրալիր ու բարեհամբույր վերաբերմունքը, շտապեցին սրբապատկերը վերադարձնել։
Իշխան Անդրեյը չտեսավ, թե ո՛վ և ինչպե՛ս նորից կապեց այն իր վզին, բայց հանկարծ նկատեց ոսկյա շղթայով սրբապատկերը կրծքին, մունդիրի վրայից կախված։
Լավ կլիներ,— մտածեց իշխան Անդրեյը, նայելով այդ սրբապատկերին, որ այնպես ջերմեռանդությամբ քույրը կախել էր իր կրծքին.— լավ կլիներ, եթե ամեն ինչ այնպես պարզ ու հասարակ լիներ, ինչպես իշխանադուստր Մարիային է թվում այդ։ Որքան լավ կլիներ, եթե մարդ իմանար, թե ո՛ւր կարելի է օգնություն գտնել այս կյանքում և ինչ կարելի է սպասել դրանից հետո այնտեղ, հանդերձյալ կյանքում։ Որքան երջանիկ ու հանգիստ կլինեի ես, եթե կարողանայի հիմա ասել.— Տեր, ողորմյա ինձ… Բայց ո՞ւմ կարող եմ ասել այդ։ Դա կա՛մ մի ուժ է — անորոշ, անհասանելի, որին ոչ միայն դիմել չեմ կարող, այլև որը չեմ կարող խոսքերով արտահայտել,— մեծ ամբողջը կա՛մ ոչինչ,— ասում էր նա ինքն իրեն,— կա՛մ թե դա այն աստվածն է, որը կարված է ահա այստեղ, այս պարկուկի մեջ իշխանադուստր Մարիայի ձեռքով։ Ոչինչ, ոչինչ չկա հաստատ, բացի այն ամենի ոչնչությունից, որ ես հասկացել եմ, և բացի ինչ-որ անհասկանալի, բայց կարևորագույնի վեհությունից։
Պատգարակները շարժվեցին։ Յուրաքանչյուր շարժումից նա դարձյալ անտանելի ցավեր էր զգում. տենդային վիճակը սաստկանում էր, և նա սկսել էր զառանցել։ Նրա խոկումները հոր, կնոջ, քրոջ և ապագա որդու մասին և այն խանդաղատանքը, որ նա զգում էր ճակատամարտի նախօրեին՝ գիշերը, փոքրիկ, աննշան Նապոլեոնի կերպարանքը, և այդ բոլորից վեր ծավալվող բարձր երկինքը կազմում էին նրա տենդային մտապատկերների գլխավոր հիմքը։
Նրան պատկերանում էր անդորր կյանք և խաղաղ ընտանեկան երջանկություն Լիսիյե Գորիում։ Նա արդեն վայելում էր այդ երջանկությունը, երբ հանկարծ հայտնվում էր փոքրքկ Նապոլեոնն իր անտարբեր, սահմանափակ և ուրիշների դժբախտությամբ երջանիկ նայվածքով, ու սկսվում էին տարակուսանքներ, տանջանքներ, և միայն երկինքն էր անդորրություն խոստանում։ Առավոտյան դեմ բոլոր խոկումներն ու մտապատկերները խառնվեցին ու միաձուլվեցին այն անհուշության ու ինքնամոռացության քաոսի ու խավարի մեջ, որոնք, Նապոլեոնի բժիշկ Լառեյի հավանական ենթադրությամբ, ավելի շուտ պետք է վերջանային մահով, քան ապաքինումով։
— C’est un sujet merveux et bilieux,— ասավ Լառեյը,— il n’en réchappera pas.<ref>Դա ջղային և մաղձոտ մարդ է. չի առողջանա։</ref>
Իշխան Անդրեյը, մյուս անհուսալի վիրավորների հետ միասին, հանձնվեց բնակիչների խնամքին:
''Վերջ առաջին հատորի''
-----
<references />