Նա գլուխ տվավ՝ զինվորականի պես ձեռքը ճակատին դնելով, և դուրս եկավ սենյակից։
==Գլուխ 3 — Բրիքստըն փողոցի № 3 տունը ==
Իմ բարեկամի վարկածի գործնականապես գործադրելու այդ նոր օրինակն ինձ չափազանց զարմացրեց և մեծ հարգանք ներշնչեց դեպի նրա տաղանդը։ Ճշմարիտ է՝ ես դեռ փոքր-ինչ կասկածում էի, թե գուցե դա կանխորեն պատրաստված մի բան է, բայց ի՞նչ կարիք ուներ Հոլմսն ինձ խաբելու։ Երբ երես դարձրի դեպի նա, նա հենց նոր էր վերջացրել նամակի ընթերցումը և առանց որևէ արտահայտության անշարժ հայացքն ուղղել տարածության մեջ։
— Ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս գուշակեցիք այդ։
— Գուշակեցի՞, ի՞նչը,— հարցրեց նա տխրությամբ։
— Որ այդ մարդը ծովային պաշտոնաթող սերժանտ էր։
— Այժմ դատարկախոսելու ժամանակ չէ,— ասաց նա կծու կերպով, բայց իսկույն ժպտալով շարունակեց,— ներեցե՛ք, խնդրում եմ, որ ես այդպես կոպտաբար պատասխանեցի Ձեզ, բայց Դուք ընդհատեցիք իմ մտքերի ընթացքը։ Սակայն այդ վնաս չունի։ Եվ այդպես, Դուք հիրավի չիմացա՞ք, որ այդ մարդը ծառայել էր նավատորմիղում իբրև սերժանտ։
— Ես որտեղի՞ց կարող էի իմանալ։
— Ըստ իս շատ պարզ է։ Ճշմարիտ է՝ հեշտ չէ բացատրել, թե ես ինչպես եմ իմանում այդպիսի փաստերը։ Որ երկու անգամ երկու կլինի չորս, ամենքին հասկանալի է, բայց թող փորձեն բացատրել այդ, և Դուք կտեսնեք, որ այդ այնքան էլ հասարակ բան չէ։ Դեռ լուսամուտից ես տեսա այդ մարդու ձեռքի վրա դաղված խարիսխը և իմացա, որ նա ծովագնաց է, բացի դրանից ես նկատեցի նրա զինվորական կրթությունը, և այդ առիթ տվավ ինձ ենթադրելու, որ նա զինվորական նավաստի է եղել։ Նա յուր գլուխը բարձր էր բռնում և ձեռնափայտը շարժում էր սեփական արժանավորության գիտակցությամբ, միևնույն ժամանակ նա գնում էր հաստատ քայլվածքով, պահում էր իրեն արժանավոր կերպով և միջին տեսակի մարդ էր․ իհարկե, նա պետք է սերժանտ լիներ։
— Զարմանալի՜ է,— բացականչեցի ես։
— Ամենասովորական երևույթը,— ավելացրեց նա, բայց նրա դեմքից ես նկատեցի, որ նա իրեն շողոքորթված էր զգում։— Ես հենց նոր հաստատեցի,— շարունակեց նա,— որ այլևս չեն պատահի գաղտնի ոճրագործություններ, որոնք ինձ համար հետաքրքիր հանելուկ լինեին, բայց այդ ճիշտ չէ՝ ի նկատի առնելով այն, ինչ որ գրում են ինձ։
Նա նամակն ինձ տվավ։
— Սարսափելի՜ է,— բացականչեցի ես՝ նամակը կարդալով։
— Համենայն դեպս դա մի սովորական դեպք չէ։ Բարի եղեք մի անգամ էլ կարդալու նամակը։
Նամակի բովանդակությունը հետևյալն էր․
«Հարգելի պարոն Հոլմս,
Այս գիշեր Բրիքստըն փողոցի № 3 տանը պատահել է մի գարշելի դեպք։ Մեր ոստիկանական պահապանը գիշերվա երկու ժամին մոտ յուր շրջագայության ժամանակ նկատում է հիշյալ տան լուսամուտներից մեկում ճրագի լույս, որը գրգռում է նրա կասկածը, որովհետև այդ տունն անմարդաբնակ էր։ Նա մուտքի դուռը բաց է գտնում և դատարկ նախասենյակի հատակի վրա նկատում է վայելուչ հագնված մի պարոնի դիակը։ Անբախտի ծոցի գրպանում գտնված այցետոմսերի վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ, Օհայո»։ Կողոպուտ չի եղել, և մահվան պատճառները դեռ պարզված չեն, թեև սենյակում գտնվել են արյան հետքեր, բայց հանգուցյալի մարմնի վրա վերքեր չեն գտնված։ Մենք չենք բացատրում, թե նա ինչպես կարող էր ընկնել մի դատարկ տուն և, առհասարակ, այդ ամբողջ անցքը մեզ համար հանելուկ է։
Եթե կամենում եք այցելել անցքի տեղը մինչև ժամը տասներկուսը, կարող եք ինձ հանդիպել այնտեղ։ Ես ամեն ինչ թողել եմ անձեռնմխելի մինչև Ձեր գալը։ Եթե Դուք չեք կարող գալ, այն ժամանակ ես կհաղորդեմ Ձեզ բոլոր մանրամասնությունները, և Դուք ինձ մեծ ծառայություն արած կլինեք, եթե կբարեհաճեք հաղորդել Ձեր կարծիքը։
Ձեր խոնարհ ծառա՝
Թըբայըս Գրեգսըն»։
— Գրեգսընն ամենախորամանկ աղվեսն է ամբողջ ոստիկանատանը,— նկատեց իմ բարեկամը։— Նա և Լեստրեյդը խիստ եռանդուն են, նրանց ոչ մի կերպ չի կարելի հեռացնել մի անգամ արդեն նշան արած ճանապարհից։ Միևնույն ժամանակ նրանք շատ հակառակ են միմյանց և նախանձոտ, ինչպես երկու գեղեցկուհիներ խնջույքում։ Երբ նրանք երկուսն էլ գտնում են միևնույն հետքը, այն ժամանակ խաղացվում է մի հետաքրքիր կատակերգություն։
Այն անվրդով հետաքրքրությունը, որով նա խոսում էր, ինձ անհասկանալի էր թվում։
— Բայց չէ՞ որ անկարելի է մի րոպե անգամ կորցնել,— ընդհատեցի ես նրան։— Չուղարկե՞մ արդյոք Ձեզ համար կառք բերելու։
— Ես դեռ բոլորովին չեմ վճռել՝ գնա՞մ, թե՞ ոչ։ Այս րոպեին հենց ծուլությանս ժամանակն է սկսվում, իսկ Դուք գիտեք, որ այդպիսի դեպքերում ես ամենածույլ արարածն եմ դառնում ամբողջ երկրագնդի վրա։ Ուրիշ ժամանակ ես կարող եմ ավելի ժիր լինել, եթե կամենամ։
— Բայց այդ հենց այնպիսի մի դեպք է, որի մասին երևակայում էիք։
— Այո՛, բայց վերջիվերջո ի՞նչ դուրս կգա դրանից, իմ սիրելի բարեկա՛մ։ Եթե մինչև անգամ ինձ հաջողվի լուծել այդ հանգույցը, այնուամենայնիվ Գրեգսըն, Լեստրեյդ և ընկերությունը կգրեն այդ իրենց հաշվին։ Ահա այն բանի հետևանքը, որ ծառայության մեջ չես գտնվում։
— Բայց չէ՞ որ նա Ձեր օգնությունն է խնդրում։
— Այո՛, նա գիտի, որ ես իրենից ավելի եմ հասկանում, և պատրաստ է մինչև անգամ խոստովանել ինձ այդ, բայց այնուամենայնիվ նա ավելի շուտ կկծի յուր լեզուն, քան թե մի երրորդի ներկայությամբ կճանաչի իմ գերազանցությունը։ Սակայն մենք, այնուամենայնիվ, տեսնենք ինչի մեջ է կայանում բանը։ Կարելի է՝ այդ գործը ես ինձ վրա կվերցնեմ, այն ժամանակ ես կկարողանամ գոնե ծիծաղել իմ երկու հակառակորդների վրա, եթե մինչև անգամ այդ գործից ոչինչ չստանամ։ Ուրեմն հառա՜ջ։
Նա շտապով հագավ վերարկուն և սկսեց հետուառաջ քայլել այնպես ժիր, որ ես հասկացա իսկույն, որ նրա անտարբեր վերաբերմունքն անցել է, և վերադարձել է նրա սովորական եռանդը։
— Ո՞ւր է Ձեր գլխարկը,— հարցրեց նա։
— Մի՞թե կամենում եք ինձ էլ տանել Ձեզ հետ։
— Այո՛, եթե դրանից ավելի լավ բան անել չեք մտածում։
Մինչև մի րոպեն մենք արդեն, կառքի մեջ նստած, քամու արագությամբ սլանում էինք Բրիքստըն փողոցով։
Ամպամած առավոտ էր․ բոլոր տները կարծես թե ծածկված էին ինչ-որ գորշ գույնի քողով, ինչպես փողոցները։ Իմ ուղեկցի տրամադրությունը դրանից ավելի չէր ցանկանում։ Նա շուտ-շուտ խոսելով պատմում էր ինձ կռեմոնյան ջութակների մասին և բացատրում Ամատիի և Ստրադիվարիուսի գործիքների մեջ եղած զանազանությունը։ Ես համարյա ամբողջ ժամանակը լուռ լսում էի նրան, մռայլ եղանակը և տխուր գործը, որն սպասում էր մեզ, ճնշող կերպով ներգործել էին իմ տրամադրության վրա։
— Երևում է, որ Ձեր մտքերը բոլորովին զբաղված չեն այն անցքով, որի համար մենք դուրս ենք եկել տնից,— վերջապես ընդհատեցի ես նրա երաժշտական խոսակցությունը։
— Ինձ պակասում են դեռ մի քանի մանրամասնություններ,— նկատեց նա։— Մեծ սխալմունք է, որ մարդ իր համար վարկած է ստեղծում նախքան բոլոր նյութերը ձեռքում ունենալը․ դա ազդում է վճռի վրա։
— Հետազոտելու և քննելու համար Դուք այս րոպեին բավականաչափ նյութ կստանաք,— ասացի ես։— Մենք արդեն Բրիքստըն փողոցում ենք, և եթե չեմ սխալվում, ահա պետք է այնտեղ լինի այն տունը։
— Անկասկա՜ծ։ Կանգնի՛ր, կառապա՛ն, կանգնի՛ր։
Մենք դեռ բավական հեռու էինք № 3 տնից, բայց նա պնդեց, որ մենք իսկույն ցած իջնենք կառքից և ճանապարհի վերջին մասը գնանք ոտով։
№ 3 տունը ծանր ու մռայլ տպավորություն էր թողնում մարդու վրա։ Նա պատկանում էր այն չորս շինությունների խմբին, որոնք փոքր-ինչ մի կողմն էին ընկած փողոցից։ Նրանցից երկուսը բնակված էին, իսկ երկուսը՝ դատարկ։ Ցեխոտ լուսամուտների ապակիների վրա տեղ-տեղ կպցրած էին թղթեր՝ «վարձու է տրվում» մակագրությամբ։ Ամեն մի տան առաջ գտնվում էր մի փոքրիկ պարտեզ՝ մի քանի վտիտ բույսերով, պարտեզի մեջտեղից մարգերի միջով անցնում էր մի ուղի՝ տեղ-տեղ կոպիճներով ծածկված։ Հողը կավային էր և բոլորովին փափկացած նախորդ գիշերն եկած անձրևից։ Պարտեզը շրջապատված էր քարյա երեք ոտնաչափ բարձրությամբ պատով։ Շրջապարսպի մոտ կանգնած ոստիկանական պահապանը հետ էր մղում իրեն շրջապատող հետաքրքրվողների ամբոխը, որոնք իզուր երկարացնում էին իրենց պարանոցները, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում ներսը։
Ես ենթադրում էի, թե Շերլոք Հոլմսն իսկույն կմտնի տունը յուր հետազոտությունն սկսելու համար, բայց երևում էր, որ նա հեռու էր այդ մտքից։ Անհոգությամբ, որն այն ժամանակ ինձ բոլորովին անբնական էր թվում, նա հետուառաջ էր քայլում տան առաջ և հայացքն ուղղում մերթ գետնին, մերթ դեպի վեր, մերթ շրջապատին, մերթ դեմուդեմ գտնված տանը։ Միառժամանակ նա գնաց ուղիով, բայց գնում էր միայն խոտերի վրայով և լարված ուշադրությամբ դիտում էր հողը։ Երկու անգամ նա ժպտալով կանգ առավ, և նրա շրթունքներից ակամա դուրս թռավ բավականության մի բացականչություն։ Կավային խոնավ հողի վրա կային ոտնատեղեր, բայց նրանք կարող էին պատկանել և ոստիկաններին, որոնք մի քանի անգամ մտել էին տունը և դուրս եկել։ Թե Հոլմսն ինչպես կարող էր այդպիսի պայմաններում հուսալ գտնել ինչ-որ էական բան այդ հետքերով, ինձ համար անհասկանալի էր։ Ի նկատի առնելով այն օրինակները, որ նա ցույց էր տվել ինձ՝ ես պետք է ասեի ինձ, որ նա անկասկած շատ բան է տեսնում, ինչ որ ինձ համար մնում է բոլորովին աննկատելի։
Տան դռների մոտ մեզ դիմավորեց մի բարձրահասակ, գունատ և շիկահեր մարդ՝ ծոցի մեծ տետրակը ձեռքին։ Նա շտապով մոտեցավ Հոլմսին և զգացմունքով սեղմեց նրա ձեռքը։
— Շատ սիրելի է Ձեր կողմից, որ եկել եք,— ասաց նա։— Ամեն ինչ մնում է դեռ բոլորովին անձեռնմխելի։
— Այո՛, բայց միայն ոչ ճանապարհը,— վրա բերեց իմ բարեկամը։— Եթե որ այդ ճանապարհով վազեր գոմշի մի ամբողջ հոտ, նա հազիվ թե ավելի կոխոտեր։ Իհարկե, Գրե՛գսըն, Դուք նախքան այդ ճիշտ հետազոտել եք ամենը։
— Ես ներսը շատ գործ ունեի,— պատասխանեց խուզարկուն,— իմ պաշտոնակից Լեստրեյդն այստեղ է, կարծում եմ, որ նա այդ մասին հոգացած կլինի։
Հոլմսը ծիծաղելով հոնքերը վեր բարձրացրեց և նայեց ինձ։
— Ուր գտնվում են այդպիսի երկու գործակալներ, ինչպես Դուք և Լեստրեյդը, այնտեղ երրորդը գործ չունի,— նկատեց նա։
Գրեգսընն ինքնաբավական կերպով ժպտաց և ձեռները շփեց։
— Մենք ինչ որ կարողացանք, արինք, բայց սա կարգից դուրս մի դեպք է, իսկ ես գիտեմ Ձեր եռանդն իսկապես այսպիսի գործերում։
— Դուք կառքո՞վ եք եկել։
— Ե՞ս, ո՛չ։
— Իսկ Լե՞ստրեյդը։
— Նա նույնպես ոտքով է եկել։
— Այդպե՞ս։ Ուրեմն մենք կարող ենք սենյակը դիտել։
Թե ինչ կապ կարող էր լինել այդ երկու փաստերի մեջ, ես չէի հասկանում, և Գրեգսընի դեմքն էլ զարմանք էր արտահայտում, երբ նա Հոլմսի հետևից սենյակը մտավ։
Մի խիստ փոշոտ միջանցք՝ տախտակամած հատակով, տանում էր դեպի խոհանոցն ու սեղանատունը։ Միջանցքի աջ ու ձախ կողմերին գտնվում էին երկու դռներ, որոնցից մեկը հավանորեն շատ վաղուց չէր բացվել, իսկ մյուսը տանում էր դեպի այն սենյակը, ուր կատարվել էր խորհրդավոր ոճրագործությունը։ Հոլմսը ներս մտավ, և ես հետևեցի նրան ծանր զգացմունքով, որը սովորաբար պաշարում է մեզ մեռածի ներկայությամբ։ Մեծ քառանկյունի սենյակը շնորհիվ կահկարասիների բացակայության դեռ ավելի ևս ընդարձակ էր երևում։ Պատերի պայծառ պաստառները տեղ-տեղ ծածկված էին բորբոսներով, տեղ-տեղ էլ նրանք պատառոտված կախ էին ընկած, և սպիտակ ավազը երևում էր նրանց տակից։ Դռան դեմ ու դեմը գտնվում էր մի մեծ բաց բուխարի դարակով, որի մի անկյունում կպցրած էր մոմի կարմիր այրվածքը։ Միակ լուսամուտը, որը լուսավորում էր այդ սենյակը, ծածկված էր ցեխի հաստ շերտով, որի շնորհիվ ներս էր թափանցում գունատ անորոշ լույս։ Թույլ և մռայլ լուսավորությունը համապատասխանում էր հատակի վրա փոշու հաստ շերտին։
Այդ բոլոր մանրամասնությունները ես նկատեցի միայն հետո։ Սկզբում իմ հայացքն ուղղված էր բացառապես անկենդան մարմնի վրա, որ ամբողջ երկարությամբ փռված էր հատակի վրա՝ երեսն ի վեր անկենդան հայացքով։ Դա միջին հասակով մի մարդ էր՝ մոտ քառասուն և չորս տարեկան, լայնաթիկունք, ածելած երեսով և սև գանգուր մազերով։ Նրա հագուստն էր ծանր մահուդից կարած սերթուկ և բաճկոն, ոտներին՝ փայլուն վարտիք և խիստ մաքուր ճերմակեղեն։ Պարզ էր, որ հատակի վրա ընկած նոր բարձր գլխարկը նրան էր պատկանում։ Նրա ձեռները լայն տարածված էին, բռունցքները՝ սեղմած, ոտները՝ միմյանց կպցրած և ծնկներից կորացրած, երևի հոգեվարքի կռվի ժամանակ։ Նրա սառը դիմագծերն արտահայտում էին միայն սարսափ և դաժան ատելություն, այնպես որ ես ակամա գոռացի։ Դեմքի սարսափելի արտահայտությունը, նեղ ճակատը, լայն տափակ քիթը և աչքի ընկնող ծնոտը հանգուցյալին տալիս էին կենդանական արտահայտություն, որը դեռ ավելի սաստկացել էր դիակի անբնական կոր դրությունից։
Ես շատ մահ եմ տեսել ամենատեսակ հանգամանքներում, բայց նրանցից և ոչ մեկը չի թողել ինձ վրա այնպիսի սարսափելի տպավորություն, ինչպես այստեղ՝ այդ դատարկ տան մեջ, Լոնդոնի արվարձանում։
Խուզարկու ոստիկանական գործակալ Լեստրեյդը հանդիպեց մեզ սենյակի դռան մոտ։
— Այս դեպքն աննկարագրելի տպավորություն կթողնի,— ասաց նա՝ ազդու կերպով նայելով Հոլմսին։— Թեև ես այնքան էլ անհմուտ չեմ, բայց երբեք չեմ պատահել այս տեսակ բանի։
— Մենք իզուր ենք որոնում այդ առեղծվածական ոճրագործության բացատրությունը,— ավելացրեց Գրեգսընը։
Շերլոք Հոլմսը ուշադրությամբ դիտեց դիակը՝ չոքելով նրա մոտ։
— Եվ այդպես դուք ոչ մի վերք չգտա՞ք,— հարցրեց նա՝ ցույց տալով հատակի վրա արյան բազմաթիվ հետքերը։
— Ո՛չ, անկարելի էր գտնել,— պատասխանեցին երկու խուզարկուները միասին։
— Նշանակում է՝ այդ արյունը պատկանում է մի ուրիշ մարդու, հավանորեն մարդասպանին, եթե, իհարկե, այստեղ է կատարվել սպանությունը։ Այս դեպքը հիշեցնում է ինձ 1834 թվի Վան Հանսընի մահը Ուտրեխտում։ Դուք հիշո՞ւմ եք, Գրե՛գսըն։
— Ո՛չ, ես նրա մասին ոչինչ չեմ լսել։
— Խորհուրդ եմ տալիս Ձեզ կարդալ այդ պատմությունը։ Լուսնի տակ ոչ մի բան նոր չէ, և ամեն ինչ աշխարհումս կրկնվում է։
Այդ ասելով՝ նա յուր արագաշարժ մատներով քննեց հանգուցյալի մարմինը, սեղմեց, շոշափեց, շարժեց բոլոր անդամները և այդ անում էր այնպիսի արագությամբ, որ ես չէի կարողանում հասկանալ, թե նա ինչպես էր կարողանում հիշել յուր հետազոտության առանձին հետևանքները։ Այդ ժամանակ նրա հայացքն ուներ նույն տարօրինակ, ոչինչ չխոստացող արտահայտությունը, որպիսին ես շատ անգամ նկատել էի նրա դեմքի վրա։ Ամենից վերջը նա հոտ քաշեց հանգուցյալի շրթունքներից և դիտեց նրա բարակ կաշվե կոշիկների ներբանները։
— Նա միևնույն դրության մե՞ջ է, ինչպես գտնվել է,— հարցրեց Հոլմսը։
— Մենք քննել ենք նրան առանց ձեռք տալու։
— Շատ լավ, այժմ կարող եք ուղարկել անդամահատական հանգստարանը։ Ավելի էական ոչինչ չի կարելի իմանալ։
Պատգարակներն արդեն պատրաստ էին, և Գրեգսընի ձայնին երևացին չորս ծառայողներ։ Երբ որ նրանք բարձրացրին դիակը, հատակի վրա ընկավ մի մատանի։ Լեստրեյդը վրա հասավ ինչպես ուրուր, վերցրեց մատանին և սկսեց դիտել մտախոհ դեմքով։
— Կնոջ նշանադրության մատանի․ նա ինչպե՞ս է ընկել այստեղ,— գոչեց նա։
Մենք բոլորս էլ դիտեցինք մատանին նրա ձեռքի վրա։
— Ո՞ւմ հարսնացուն կարող է կրել այդ մատանին։
— Առանց այդ էլ խճճված դեպքը դեռ ավելի է խճճվում այդ գյուտի շնորհիվ,— նկատեց Գրեգսընը։
— Բայց կարելի է՝ նա ավելի է պարզվում,— մտախոհությամբ ասաց Հոլմսը։— Համենայն դեպս ավելորդ է նրան այլևս քննել, դրանից մենք չենք խելոքանա։ Դուք ոչինչ չե՞ք գտել հանգուցյալի գրպաններում։
— Բոլորն այնտեղ սրահում է,— պատասխանեց Գրեգսընը։— Գնանք։
Մենք դուրս եկանք սենյակից։
— Ահա ամենը,— ասաց նա՝ ցույց տալով զանազան իրերի մի փաթաթ։— Մի ոսկի ժամացույց՝ № 97163, շինված Լոնդոնում՝ Բերուդի գործարանում, մի կարճ շղթա մաքուր ոսկուց, մի ոսկե մատանի՝ ֆրանկմասոնյան նշանանով, մի գնդասեղ՝ շան գլխով և սուտակի աչքերով, ռուսական կաշուց մի թղթաման այցետոմսերի համար, որոնց վրա գրված է «Ի․ Ջ․ Դրեբըր, Քլիվլընդ»։ Գլխատառերը համապատասխանում են ճերմակեղենի նշաններին։ Փողի քսակ չկար, բայց բաճկոնի գրպաններում գտնվել է յոթ ֆունտ ստերլինգ և տասներեք շիլինգ։ Հետո Բոկաչոյի Դեկամերոնի գրպանի հրատարակությունից մի օրինակ՝ մակագրված «Ջոզեֆ Ստենջերսըն», և երկու նամակ՝ մինը Ի․ Ջ․ Դրեբըրի, մյուսը՝ Ջոզեֆ Ստենջերսընի անունով։
— Որտե՞ղ են հասցեագրված այդ նամակները։
— Ամերիկյան զեղչող դրամատանը։ Երկու նամակներն էլ ստացվել են «Գիյոն» շոգենավային ընկերությունից և վերաբերում են այդ ընկերության նավերի Լիվերփուլից մեկնելուն։ Ըստ երևույթին՝ անբախտը պատրաստվում է եղել վերադառնալ Ամերիկա։
— Տեղեկություններ ե՞ք հավաքել այդ Ստենջերսընի մասին։
— Իհարկե, վրա բերեց Գրեգսընը,— բոլոր լրագիրներին տեղեկություններ են ուղարկված, բացի դրանից, իմ գործակալներից մեկը գնացել է ամերիկյան դրամատուն, ես րոպե առ րոպե սպասում եմ նրան։
— Հեռագրե՞լ եք Քլիվլընդ։
— Այո՛, հեռագիրն ուղարկված է այսօր առավոտյան։
— Ի՞նչ բովանդակությամբ։
— Մենք ուղղակի հաղորդել ենք պատահած դեպքի մասին և խնդրել ենք հարկավոր տեղեկությունները տալ։
— Դուք չե՞ք խնդրել մանրամասն ցուցմունքներ տալ որևէ կետի վերաբերյալ, որը Ձեզ առանձնապես կարևոր է թվում։
— Ես հարցրել եմ Ստենջերսընի մասին։
— Եվ ուրիշ ոչի՞նչ։ Արդյոք չկա՞ մի որևէ փաստ, որի շուրջը կարողանար պտտվել ամբողջ անցքը։ Չե՞ք կարող երկրորդ անգամը հեռագրել։
— Իմ հեռագիրը բովանդակում է բոլոր անհրաժեշտությունները,— նեղացած պատասխանեց Գրեգսընը։
Շերլոք Հոլմսը լուռ ժպտաց և պատրաստվում էր դեռ մի նկատողություն ևս անելու, երբ սրահը եկավ Լեստրեյդը, որ այդ ժամանակ մնացել էր սենյակում։
— Հենց նոր մի ուրիշ գյուտ արի, Գրե՛գսըն,— ասաց նա՝ ինքնաբավական ժպիտով ձեռները շփելով։ Եթե որ ես հիմնավորապես չհետազոտեի պատերը, հազիվ թե մենք ուշադրություն դարձնեինք դրա վրա։
Փոքրիկ խուզարկուի աչքերը փայլում էին ներքին հաղթությունից։
— Գնա՛նք,— ասաց նա՝ շտապով հետ դառնալով սենյակը, որը դիակը տանելուց հետո մեզ ավելի քիչ սարսափելի էր թվում։— Մոտեցե՛ք այստեղ։
Նա վառեց լուցկին և մոտեցրեց պատին։ Սենյակի անկյունում պաստառը պատռված էր, և ավազի վրա արյունով գրված «Վրեժխնդրություն» բառը մեծ տառերով։
— Դա մարդասպանն է գրել յուր սեփական արյունով,— շարունակեց Լեստրեյդը,— այստեղ դեռ երևում է, որ արյունն առատորեն հոսել է նրանից հատակի վրա։ Որ այս դեպքն ինքնասպանություն չէ, սրանից ավելի լավ ապացույց չի կարող լինել։ Տեսնո՞ւմ եք բուխարու դարակի վրա մոմի այրված կտորը։ Նրա լույսի տակ է գրվել այս սովորաբար մութ սենյակում այդ արյունալի խո՜սքը։
— Ես դեռ ժամանակ չեմ ունեցել դիտելու սենյակը,— ասաց Հոլմսը՝ գրպանից հանելով մեծացնող ապակին և սանտիմետրը։— Թույլ կտա՞ք ինձ հենց այժմ դիտելու։
Նա սկսեց հետուառաջ քայլել սենյակում․ մերթ կանգ էր առնում, մերթ խոնարհվում դեպի հատակը և մեկ անգամ էլ մինչև անգամ երեսնիվայր պառկեց ուղղակի տախտակի վրա։ Նա այնպես խորասուզված էր յուր հետազոտությունների մեջ, որ կարծես թե բոլորովին մոռացել էր մեր ներկայության մասին։ Նա ամբողջ ժամանակը մերթ հանդարտ խոսում էր ինքն իրեն, մերթ բարձր հառաչում, մերթ ուրախ սուլում էր և ինքն իրեն խրախուսում քաջալերական բացականչություններով։ Նա հիշեցնում էր մեզ որսի շունը, որը հետուառաջ է ոստոստում թավուտի մեջ, հաչում է, ոռնում է սաստիկ ցանկությունից և չի հանգստանում, մինչև որ չի գտնում կորցրած հետքը։ Նրա հետազոտությունները շարունակվեցին մոտ քսան րոպե։ Խիստ ճշտությամբ նա չափեց որոշ կետերի մեջ եղած տարածությունը հատակի վրա, նույնպես և պատերի բարձրությունն ու լայնությունը։ Թե նա ինչու համար էր այդպես անում, ինձ բոլորովին անհասկանալի էր։ Մի տեղ նա գգուշությամբ հավաքեց մոխրագույն փոշու մի կույտ և խնամքով գրպանն ածեց։ Վերջապես նա յուր մեծացնող ապակին ուղղեց պատի վրայի գրվածքին և ուշադրությամբ դիտեց ամեն մի տառը։ Հետևանքն, ըստ երևույթին, բավարար էր, և նա ապակին նորից գրպանը դրավ։
— Ասում են, որ հանճարը մի անխոնջ վարժում է,— ասաց նա ժպտալով։— Որքան էլ որ այդ վարկածն ինքնըստինքյան սուտ լինի, խուզարկուի վերաբերմամբ նա իրավացի է։
Գրեգսընն ու Լեստրեյդը դիտում էին եռանդուն դիլետանտի աշխատանքը հետաքրքիր, բայց փոքր-ինչ ծաղրական հայացքով։ Երևում էր, որ նրանք չէին կարողանում բացատրել իրենց այն, ինչ որ ես վաղուց գիտեի, այն է՝ որ Շերլոք Հոլմսը ըստ երևույթին ամենաչնչին գործերի մեջ անգամ հաստատ կերպով հետամուտ է լինում որոշ նպատակի։
— Հը՛մ, Դուք ի՞նչ եք մտածում այս գործի մասին,— հարցրին երկու խուզարկուները միասին։
— Պարոննե՛ր, դուք գնում եք այնպիսի լավ ճանապարհով, որ իմ կողմից հանդգնություն կլիներ առաջարկել ձեզ իմ օգնությունը,— պատասխանեց Հոլմսը՝ առանց հեգնական որևէ ակնարկի։— Գուցե ես ձեզ օգտակար կլինեմ ձեր հետագա խուզարկությունների ժամանակ և ինչպես միշտ, այնպես էլ այն ժամանակ պատրաստ եմ ձեզ ծառայելու։ Սակայն այժմ ցանկալի է ինձ խոսել այն ոստիկանի հետ, որը գտել է դիակը։ Բարի եղե՛ք հայտնելու ինձ նրա անունն ու հասցեն։
Լեստրեյդը բաց արավ ծոցի տետրակը։
— Ջոն Ռանսն այժմ ազատ է, Դուք կարող եք նրան տանը գտնել։ Նա ապրում է Քենինգթընյան ծառաստանի դռների մոտ՝ Օդլի Քոուրթի № 46 տանը։
Հոլմսը գրեց հասցեն։
— Գնանք, բժի՛շկ, մենք կգտնենք նրան,— ասաց նա՝ երկու խուզարկուներին հրաժեշտ տալով։— Ես թույլ եմ տալիս ինձ ձեր ուշադրությունը դարձնել հետևյալ հանգամանքների վրա,— ասաց նա նրանց,— որով գուցե կթեթևացնենք ձեր աշխատանքը։ Այստեղ մենք գործ ունենք սպանության հետ։ Ոճրագործը հասակով վեց ոտնաչափ է, ինքը՝ ջահել, ունի փոքրիկ ոտներ, հագած է եղել լայն քթերով կոշիկներ և ծխում է տիրուխիրապալյան սիգար։ Նա եղել է կառքով յուր զոհի հետ միասին, նրանց ձիու չորս պայտերից երեքը հին են, իսկ չորրորդը՝ առաջի ձախ ոտի վրա, նոր։ Ոճրագործը կարմրերես է և աջ ձեռքի մատների վրա ունի անսովոր երկար եղունգներ։ Այս ամենն, իհարկե, աննշան մանրամասնություններ են, բայց կարելի է՝ կծառայեն ձեզ իբրև ելակետ։
Լեստրեյդն ու Գրեգսընը նայեցին միմյանց անվստահությամբ։
— Եթե այստեղ է կատարվել սպանությունը, ո՞ւր է հետքը,— հարցրեց առաջինը։
— Նա թունավորվել է,— պատասխանեց Հոլմսը։
Այդ կարճ պատասխանից հետո նա իսկույն հեռացավ, իսկ նրա երկու հակառակորդները երկար ժամանակ բերանները բաց նայում էին նրա հետևից։