Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 83 992 բայտ, 16:32, 22 Ապրիլի 2021
/* Գլուխ երկրորդ․ Մոխրագույն Ջոկատի երթը */
====Գլուխ երկրորդ․ Մոխրագույն Ջոկատի երթը====
Երբ Մերին վերադարձավ Արագորնի մոտ, Գենդալֆն արդեն գնացել էր, և Լուսաչի սմբակների ձայնը լռել էր գիշերվա խավարում։ Նրա ձեռքին միայն մի թեթև կապոց էր․ նա կորցրել էր իր ուղեպարկը Պարտ Գալենում և ոչինչ չուներ, բացի մի քանի չափազանց կարևոր իրերից, որոնք գտել էր Իզենգարդի ավերակներից։ Հասուֆելն արդեն թամբած էր, Լեգոլասն ու Գիմլին կանգնած էին իրենց ձիու կողքին։
— Այսպիսով, մեր Ջոկատից մնացին չորս հոգի,— ասաց Արագորնը։ — Դե ինչ, ուրեմն կգնանք չորսով։ Բայց մենակ չենք գնա, ինչպես ես կարծում էի սկզբում, թագավորը նույնպես վճռել է միանգամից ճանապարհ ընկնել։ Թևավոր Ստվերի հայտնվելուց հետո նա որոշել է վերադառնալ լեռներ գիշերվա քողի ներքո։
 
— Իսկ հետո ու՞ր,— հարցրեց Լեգոլասը։
 
— Դեռևս չգիտեմ,— պատասխանեց Արագորնը։ — Թագավորը կվերադառնա Էդորաս, որտեղ չորս գիշեր հետո նրա հրամանով զորահավաք է հրավիրված։ Իսկ այնտեղ, ես կարծում եմ, նա կլսի պատերազմի լուրը, և Ռոհանի հեծյալները կարշավեն Մինաս Թիրիթ։ Ինչ վերաբերվում է ինձ և նրանց, ովքեր կգան ինձ հետ․․․
 
— Ե՛ս կգամ քեզ հետ,— բացականչեց Լեգոլասը։
 
— Եվ նրա հետ Գիմլին՝ իհարկե,— միացավ թզուկը։
 
— Բայց դեռ ոչինչ պարզ չէ,— ասաց Արագորնը։ — Իմ առջև մթություն է։ Ես պետք է գնամ Մինաս Թիրիթ, բայց դեռ չեմ տեսնում իմ ճանապարհը։ Սակայն նշանակված ժամը մոտենում է։
 
— Ինձ էլ տարեք ձեզ հետ,— խնդրեց Մերին։ — Ինձանից մինչև հիմա քիչ օգուտ է եղել, բայց ես չեմ ուզում պարկի պես մնալ անկյունում, մինչև որ ամեն ինչ ավարտվի։ Ռոհանցիները, հավանաբար, չեն ցանկանա ինձ հետ գլուխ դնել։ Թեպետ, թագավորը խոստացավ, որ տուն հասնելուն պես կնստեցնի իր կողքին, խնջույքի սեղանին, ու ես նրան Հոբիթստանի մասին պատմություններ կպատմեմ։
 
— Այո,— ասաց Արագորնը,— իմ կարծիքով, Մերի, քո տեղը թագավորի կողքին է։ Բայց խնջույքի ու հանգստի վրա այդքան էլ հույս մի դիր։ Վախենում եմ, որ քիչ ժամանակ չի անցնի, մինչև Թեոդենը նորից կնստի Մեդուսելդի իր գահին։ Շատ հույսեր կխավարեն այս դառը գարնանը։
 
Շուտով բոլորը պատրաստ էին մեկնելու․ քսանչորս ձիավոր, Գիմլին՝ Լեգոլասի հետևում և Մերին՝ Արագորնի առջևը։ Շարժվեցին ու արագորեն կորան գիշերվա խավարում։ Հազիվ էին հասել Իզենի գետանցման մոտի դամբանաթմբերին, երբ եզրափակող ձիավորը մոտ արշավեց։
 
— Իմ տիրակալ,— դիմեց նա թագավորին,— մեր հետևից ձիավորներ են գալիս։ Մինչև գետին հասնելն էլ էինք սմբակների թխկթխկոց լսում, բայց մտածում էինք՝ թվում է։ Իսկ հիմա համոզված ենք։ Շուտով կհասնեն մեզ, շատ արագ են գալիս։
 
Թեոդենն անմիջապես կանգ առնելու հրաման տվեց։ Հեծյալները շրջվեցին ու նիզակները ձեռքներն առան։ Արագորնն իջավ ձիուց, Մերիին դրեց գետնին և, թուրը մերկացնելով, կանգնեց թագավորի ասպանդակի մոտ։ Էոմերն ու ձիավոր զինակիրը վերադարձան թիկունք։ Մերին ավելի, քան երբևէ, իրեն անպետք պարկի պես էր զգում և հարց էր տալիս, որ եթե կռիվ սկսվի, ինքն ի՞նչ պետք է անի։ Ենթադրենք, թագավորի փոքրիկ ջոկատին ջարդեցին, ու ինքը մի կերպ փախավ մթության մեջ՝ ի՞նչ պետք է անի մենակ Ռոհանի վայրի դաշտերում, առանց պատկերացում ունենալու, թե որտեղ է գտնվում։ «Չէ, էս անգամ չի անցնի»,— մտածեց նա, ապա թուրը հանեց ու ձգեց գոտին։
 
Լուսինը խորտակվել էր հսկայական լողացող ամպի մեջ, բայց հանկարծ դուրս եկավ ու նորից շողաց։ Հենց այդ պահին բոլորը սմբակների թխկթխկոց լսեցին, ու միաժամանակ ծանծաղուտների կողմից մոտեցող հեծյալների մութ ուրվագծեր երևացին։ Նիզակների ծայրերին արտացոլվում էր լուսնի լույսը։ Դժվար էր համրել նրանց քանակը, բայց, ամեն դեպքում, թագավորի թիկնազորից պակաս չէին լինի։
 
Երբ հիսուն քայլ էր մնացել, Էոմերը բարձր կանչեց․
 
— Կա՛նգ առ, ո՞վ է արշավում Ռոհանի դաշտերում։
 
Հետապնդողները զսպեցին իրենց ձիերին։ Լռություն տիրեց․ լուսնի լույսի տակ երևաց՝ ինչպես նրանցից մեկն իջավ ձիուց ու սկսեց մոտենալ։ Նա բարձրացրել էր ձեռքը՝ ափը դեպի առաջ, ի նշան խաղաղության, և այն սպիտակին էր տալիս, բայց թագավորի մարդիկ շարունակում էին սեղմել նիզակները։ Տասը քայլի վրա նա կանգ առավ։ Անծանոթը բարձրահասակ էր և մութ ստվերի պես առանձնանում էր երկնքի ֆոնին։ Հնչեց նրա պարզ ձայնը․
 
— Ռոհանի դաշտերու՞մ, ասացիր։ Ուրախ ենք այդ լսել։ Մենք շատ հեռվից ենք գալիս ու հենց այդ երկիրն էինք փնտրում։
 
— Դուք գտել եք այն,— ասաց Էոմերը։ — Անցնելով ծանծաղուտը՝ հատել եք Ռոհանի սահմանը։ Սա Թեոդեն թագաավորի երկիրն է, և այստեղ արշավում են միայն նրա թույտվությամբ։ Ովքե՞ր եք դուք, և ու՞ր եք այդպես շտապում։
 
— Ես Հալբարադ Դունադանն եմ, հետքագետ եմ հյուսիսից,— ասաց անծանոթը։ — Մենք փնտրում ենք Արագորն անունով մեկին՝ Արաթհորնի որդուն, լսել ենք, որ նա Ռոհանում է։
— Դու՛ք նրան էլ եք գտել,— բացականչեց Արագորնը։ — Նա սանձը տվեց Մերիին ու վազելով առաջ, գրկեց անծանոթին։ — Մի՞թե այդ դու ես, Հալբարադ։ Ա՜յ քեզ անսպասելի ուրախություն։
 
Մերին թեթևացած շունչ քաշեց։ Նա կարծում էր, որ դա Սարումանի վերջին ստորությունն է՝ դարանակալել թագավորին, իմանալով, որ նա փոքրիկ թիկնազորով է, բայց, երևում է, մեռնելու կարիք չկա Թեոդենին պաշտպանելով՝ համենայն դեպս առայժմ։ Նա թուրը դրեց պատյանը։
 
— Ամեն ինչ կարգին է,— շրջվելով, ասաց Արագորնը։ — Սրանք իմ ազգականներն են հեռավոր մի երկրից, որտեղ ես ժամանակին ապրել եմ։ Բայց թե ինչու են նրանք եկել և քանի հոգի են՝ մեզ կպատմի Հարբարադը։
 
— Ինձ հետ երեսուն ձիավոր կա,— ասաց Հարբարաադը։ — Նրանք բոլորը մեր ազգականներն են, ում կարողացանք շտապ հավաքել․ մեզ հետ են նաև Էլլադան և Էլրոհիր եղբայրները, նրանք նույնպես ցանկացան մասնակցել պատերազմին։ Ճանապարհ ենք ընկել անմիջապես քո մարտահրավերն ստանալուց հետո։
 
— Մարտահրավե՞րը,— կրկնեց Արագորնը։ — Բայց ես ձեզ կանչել եմ միայն իմ մտքերում։ Ճիշտ է, շատ եմ ձեր մասին հիշել ու մտքումս ձեզ դիմել, հատկապես այսօր, բայց մարտահրավեր չեմ ուղարկել։ Թեպետ, այդ ամենը հետո։ Մենք վտանգի մեջ ենք, շտապել է պետք։ Արշավենք միասին, եթե թագավորը կթույլատրի։
 
Թեոդենն իսկապես ուրախացավ այդ լուրով։
 
— Եթե ազգականներդ ինչ որ բանով նման են քեզ, տեր իմ Արագորն,— գոչեց նա,— ապա երեսուն այդպիսի ասպետներն այնպիսի ուժ են, որը գլխի քանակով հաշվելն անիմաստ կլինի։
 
Ճանապարհը շարունակեցին միասին։ Արագորնը որոշ ժամանակ ընթանում էր Դունադանների հետ, և, Երբ նրանք փոխանակվեցին հյուսիսում ու հարավում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին լուրերով, Էլրոհիրը նրան ասաց․
 
— Փոխանցում եմ քեզ հորս խոսքը․ "Քիչ օրեր են մնացել։ Եթե շտապում ես, հիշիր Մեռածների Արահետի մասին"։
 
— Իմ օրերը միշտ էլ հաշված են եղել նախանշվածը կատարելու համար,— ասաց Արագորնը։ — Բայց ուշանալու վտանգը չափազանց մեծ պետք է լինի, որպեսզի ես ընտրեմ այդ ճանապարհը։
 
— Այդ շուտով կերևա,— ասաց Էլրոհիրը։ — Բայց եկ այդ մասին էլ չխոսենք բաց ճանապարհին։
 
Արագորնը դիմեց Հարբարադին․
 
— Այդ ի՞նչ ես կրում քեզ հետ, ազգակա՛ն։ — Քանզի նա նկատեց, որ նիզակի փոխարեն վերջինիս ձեռքին երկար ձող էր, ինչպես դրոշի ձողը, բայց փաթաթված էր սև կտորով ու կապված բազմաթիվ ժապավեններով։
 
— Սա քեզ ուղարկել է Ռիվենդելի տիրուհին,— պատասխանեց Հարբարադը։ — Նա գաղտնի է պատրաստել սա ու շատ երկար։ Եվ կարգադրել է քեզ փոխանցել այս խոսքերը․ "Քիչ օրեր են մնացել։ Կամ մեր հույսերը կիրականանան, կամ բոլոր հույսերն ի չիք կդառնան։ Ուղարկում եմ քեզ այն, ինչ պատրաստում էի քեզ համար։ Հաջողակ եղիր ճանապարհիդ, Էլֆական բյուրեղ"։
 
Եվ Արագորնն ասաց․
 
— Այժմ ես գիտեմ, թե ինչ ես դու բերել։ Խնդրում եմ, ևս մի փոքր պահպանիր այն ինձ համար։
Նա շրջվեց դեպի հյուսիս, նայեց մեծ ու պայծառ աստղերին և ամբողջ գիշերվա ընթացքում այլևս ոչինչ չխոսեց։
 
Երկինքն արդեն մոխրագունում էր արշալույսից, երբ նրանք վերջապես դուրս եկան Ներքին հովտից ու մոտեցան Հորնբուրգին։ Հարկավոր էր մի փոքր հանգստանալ, ուժերը տեղը բերել ու մտածել առաջիկա անելիքների մասին։
 
Մերին խորը քնած էր և արթնացավ միայն՝ երբ նրան արթնացրին Լեգոլասն ու Գիմլին։
 
— Արևն արդեն բարձր երկնքում է,— ասաց Լեգոլասը։ — Բոլորն արդեն վաղուց ոտքի վրա են, բացի քեզանից, հարգելիդ իմ ծույլիկ։ Արթնացի՛ր, արի դիտենք ամրոցը, քանի դեռ ժամանակ ունենք։
 
— Երեք գիշեր առաջ այստեղ ճակատամարտ էր,— ասաց Գիմլին։ — Ես ու Լեգոլասը գրազ էինք եկել՝ և ես նրան հաղթեցի մեկ օրքի առավելությամբ։ Եկ ցույց տամ, թե որտեղ է դա տեղի ունեցել։ Եվ ինչպիսի՜ հրաշալի քարանձավներ կան այստեղ, Մերի։ Գուցե գնանք տեսնելու՞ դրանք, Լեգոլաս, ի՞նչ ես կարծում։
 
— Ոչ, ժամանակ չունենք,— պատասխանեց էլֆը։ — Ո՞վ է շտապելով հիանում հրաշքներով։ Չէ՞ որ Ես քեզ խոսք եմ տվել վերադառնալ այստեղ, եթե նորից խաղաղ ու ազատ օրեր գան։ Իսկ հիմա գրեթե կեսօր է՝ ճաշի ժամանակը, որի հետո, կարծես թե, նորից ճամփա պիտի ընկնենք։
 
Մերին վեր կացավ ու հորանջեց։ Քնել էր նա համարյա թե ոչինչ, հոգնածությունը չէր անցել, և վհատ տրամադրությունն ավելի էր խորացել։ Նա կարոտում էր Փիփինին և զգում էր, որ ինքը միայն բեռ է, մինչդեռ շուրջ բոլորը շտապում էին, պլաններ էին կազմում, ու ամեն մեկը գիտեր, թե ուր, միայն ինքն էր հիմար-հիմարավուն․․․
 
— Իսկ Արագորնն ու՞ր է,— հարցրեց նա։
 
— Ամրոցի վերին հարկաբաժնում է,— պատասխանեց Լեգոլասը։ — Կարծում եմ, նա չի քնել ու չի հանգստացել։ Մի քանի ժամ առաջ բարձրացավ այնտեղ՝ ասաց, խորհելու բան ունի․ միայն նրա ազգական Հարբարադը գնաց նրա հետ։ Ինձ թվում է, նրան հաղթահարում են մթին կասկածներն ու ծանր հոգսերը։
 
— Այս նորեկներն արտասովոր ժողովուրդ են,— ասաց Գիմլին։ — Բարձրահասակ ու վեհ մարդիկ են՝ ռոհանցիները նրանց կողքին երիտասարդ տղաների տեսք ունեն։ Դա նրանից է, որ նրանց դեմքերը մռայլ են ու մաշված, ինչպես քամահար ժայռը։ Դե, ինչպես Արագորնն ինքը։ Եվ նրանք լուռ են, ավելորդ բառ անգամ նրանցից չես լսի։
 
— Արագորնին նման են, ինչ խոսք,— հաստատեց Լեգոլասը։ — Նրա պես լռակյաց են, բայց որ մի բառ են ասում՝ նրա պես քաղաքավարի են։ Իսկ դու ուշադրություն դարձրի՞ր Էլլադան և Էլրոհիր եղբայրներին։ Նրանց հագուկապը պակաս մռայլ է քան մյուսներինը, իրենք էլ ավելի զվարթ են ու՝ գեղեցիկ, ինչպես էլֆ իշխաններ․ թեև զարմանալու բան չկա, ախր նրանք Էլրոնդի որդիներն են Ռիվենդելից։
 
— Ինչու՞ են նրանք եկել, չգիտե՞ք,— հարցրեց Մերին։ Նա վերջապես հագնվեց, ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը, և նրանք երեքով դուրս եկան ամրոցի ավերված դարպասի մոտ։
 
— Կանչել են նրանց, ահա և եկել են, ինքդ լսեցիր,— արձագանքեց Գիմլին։ — Նրանք ասում են, որ Ռիվենդել լուր է եկել․ Արագորնն իր ազգականների կարիքն ունի, թող Դունադանները շտապեն Ռոհան։ Իսկ թե որտեղից է եկել այդ լուրը՝ անհայտ է։ Կարծում եմ՝ Գենդալֆն է ուղարկել։
— Ոչ, ավելի շուտ Գալադրիելը,— ասաց Լեգոլասը։ — Մի՞թե այդ նա չէր Գենդալֆի միջոցով փոխանցել հյուսիսից եկող Մոխրագույն ջոկատի մասին։
— Այո, նշանակետին խփեցիր,— համաձայնեց Գիմլին։ — Այդ նա է, Անտառի Տիրուհին։ Ահա թե ով է կարողանում կարդալ սրտեր և գուշակել ցանկություններ։ Իսկ ինչու՞ մենք չցանկացանք օգնության կանչել մեր ցեղակիցներին, հը՞, Լեգոլաս։
Դարպասի դիմաց կանգնած Լեգոլասն իր պայծառ աչքերով նայեց հյուսիս, հետո արևելք, և նրա գեղեցիկ դեմքը խռովվեց։
— Չեմ կարծում, որ մերոնք կգան,— ասաց նա։ — Նրանք պատերազմ գնալու կարիք չունեն, պատերազմն արդեն իսկ ընթանում է իրենց սեփական հողերում։
Որոշ ժամանակ բարեկամները դեռ զբոսնում էին, քննարկելով ճակատամարտի այս կամ այն շրջադարձը, իսկ հետո դուրս եկան ավերված դարպասով, անցան ճանապարհի կողքի մարգագետնի թարմ դամբանաթմբերի մոտով, բարձրացան Հելմյան հողապատնեշի վրա ու նայեցին կիրճին։ Մեջտեղում վեր էր բարձրանում քարակերտ, սև ու վիթխարի Մեռյալ Գերեզմանաթումբը, և շուրջը պարզ երևում էին Հուորնների հետքերը՝ տրորված էին խոտերն ու ճանկռված՝ հողը։ Դունլենդցիներն ու Հորնբուրգի պաշտպանները միասին վերականգնում էին հողապատնեշը, քանդված պարիսպները․ ամենուր տարօրինաակ հանգստություն էր տիրում՝ ասես հոգնատանջ կիրճը հանգստանում էր ահեղ փոթորկից հետո։ Շուտով նրանք հետ դարձան ու վերադարձան ամրոց, որպեսզի հասցնեն կեսօրյա հացկերույթին։
Թագավորն արդեն այնտեղ էր, և հենց որ նրանք ներս մտան, կանչեց Մերիին ու նստեցրեց կողքին։
— Սա, իհարկե այն չէ, ինչ ես խոստացել էի,— ասաց Թեոդենը,— որովհետև մենք Էդորասի իմ ոսկեզօծ ապարանքում չենք։ Եվ քո ընկերն էլ այստեղ չէ, որ պետք է նստած լիներ մեր կողքին։ Բայց, հավանաբար, ես և դու այնքան էլ շուտ չենք կարողանա նստել Մեդուսելդի բարձր սեղանի շուրջ՝ խնջույքի ժամանակ չի լինի, երբ վերադառնանք այնտեղ։ Այնպես որ եկ այստեղ ուտենք, խմենք ու զրուցենք, քանի կարող ենք։ Հետո ինձ հետ կգաս։
— Մի՞թե կարող եմ,— զարմացած և հիացած ասաց Մերին։ — Ա՜յ դա հոյակապ է։ — Նա երբեք իրեն այդքան երախտապարտ չէր զգացել ջերմ բառերի համար։ — Թե չէ ես միայն ոտքի տակ եմ ընկնում,— վեհերոտ ասաց նա,— մի՞թե բոլորովին ոչ մի բանի պետք չեմ։ Պատրաստ եմ անել ամեն-ամեն ինչ։
— Ես դրանում կասկած չունեմ,— ասաց թագավորը։ — Քեզ համար մի ամրակազմ լեռնային պոնի են ընտրել, կտանի քեզ լեռնային արահետներով նույնքան արագ, որքան և յուրաքանչյուր ձի։ Քանզի մենք այստեղից հեռանալու ենք լեռնային ուղիներով, ոչ թե հարթավայրով, և Էդորաս ենք գնալու Դունհորոյի թաքստոց այելելուց հետո, որտեղ ինձ սպասում է Էովինը։ Եթե ուզում ես, կարող ես լինել իմ զինակիրը։ Այստեղի զինանոցում նրան հարմար զրահ կգտնվի՞, Էոմեր։
— Այստեղի զինանոցը հարուստ չէ, տիրակա՛լ,— պատասխանեց Էոմերը։ — Թեթև սաղավարտ գուցե և գտնենք, բայց նրա հասակին հարմար օղազրահ կամ թուր դժվար թե գտնվի։
— Ես թուր ունեմ,— ասաց Մերին՝ տեղից վեր կենալով ու սև պատյանից հանելով իր պայծառ շեղբը։ Եվ հանկարծ, այդ ծերունու հանդեպ սիրով լցված, նա մի ոտքի վրա ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը և համբուրեց։ — Կարո՞ղ եմ արդյոք ծնկներիդ դնել Հոբիթստանցի Մերիադոկի թուրը, թագավո՛ր Թեոդեն,— բացականչեց նա։ — Ընդունի՛ր իմ ծառայությունը, եթե կցանկանաս։
— Ուրախությամբ կընդունեմ,— ասաց թագավորը և, իր երկար, ծերացած ձեռքերը դնելով հոբիթի շագանակահեր գլխին, օրհնեց նրան։ — Իսկ հիմա վեր կա՛ց, Մերիադո՛կ, Ռոհանի զինակիր և Մեդուսելդի պաշտպան։ Վերցրու թուրդ, և թո՛ղ որ այն քեզ հաջողությամբ ծառայի։
— Այժմ դու ինձ հոր պես ես,— ասաց Մերին։
— Վախենում եմ, ոչ երկար ժամանակով,— պատասխանեց Թեոդենը։
Այդպես ուտում և զրուցում էին նրանք սեղանի շուրջ, մինչև Էոմերը դիմեց թագավորին․
— Մոտենում է մեր մեկնելու ժամը, տիրակալ․ Եղջերափողերը փչելու հրաման չտա՞մ։ Բայց որտե՞ղ է Արագորնը։ Նա այդպես էլ չեկավ ճաշելու։
— Պատրաստվեք ճանապարհ ընկնելու,— ասաց Թեոդենը։ — Արագորնին զգուշացրեք, որ գնալու ժամանակն է։
Թագավորն իր զինակիրների և Մերիի հետ Հորնբուրգի դարպասից դուրս եկավ ընդարձակ մարգագետին, որտեղ հավաքվել էին հեծյալ ռազմիկները։ Մի ամբողջ զորագունդ էր հավաքվել, որովհետև Թեոդենը ամրոցը պաշտպանելու համար փոքրիկ կայազոր էր թողել, մնացածները ճանապարհվում էին Էդորաս ռազմահավաքի։ Գիշերը հազար նիզակակիր արդեն գնացել էին, բայց, այնուամենայնիվ, թագավորի հետ դեռևս հինգ հարյուր հոգի մնում էին՝ մեծամասամբ մարդիկ Վեսթֆոլդի դաշտերից ու հովիտներից։
Փոքր ինչ հեռու լուռ, հավաք շարքով կանգնած էին հետքագետները՝ զինված նիզակներով, աղեղներով և թրերով։ Նրանց հագին մուգ մոխրագույն թիկնոցներ էին․ բարձրացված գլխանոցները ծածկում էին գլուխներին դրված սաղավարտները։ Հզոր, հպարտ և հաստամազ նժույգներ ունեին, որոնցից մեկն առանց հեծյալի էր․ այդ նժույգը բերվել էր հյուսիսից հատուկ Արագորնի համար և կրում էր Ռոհերին անունը։ Նրանց սպառազինության և ձիերի լծասարքերի վրա ոչ մի թանկարժեք քար կամ ոսկի չկար․ ո՛չ զինանշան, ո՛չ էլ որևէ այլ նշան նրանք չէին կրում՝ բացառությամբ ձախ ուսին ամրացված թիկնոցի արծաթյա աստղաձև ամրակալից։
Թագավորը հեծնեց իր նժույգին՝ Սպիտակաբաշին, իսկ Մերին՝ նրա կողքին կանգնած պոնիին, որին կոչում էին Սթիբբա։ Շուտով դարպասից դուրս եկան Էոմերը, Արագորնը և Հալբարադը՝ վերջինս իր հետ սև կտորով փաթաթված երկար ձող էր կրում, իսկ նրանց հետևից ևս երկուսը՝ բարձրահասակ, ոչ ծեր, ոչ երիտասաարդ։ Այնքան նման էին միմյանց Էլրոնդի որդիները, որ քչերը կարող էին նրանց տարբերել․ երկուսն էլ մուգ մազեր ունեին, մոխրագույն աչքեր, էլֆական դիմագծեր և երկուսն էլ փայլուն օղազրահ էին կրում մոխրագույն թիկնոցների տակից։ Նրանց հետևից գնում էին Լեգոլասն ու Գիմլին։ Բայց Մերին նայում էր միայն Արագորնին, այնքան ապշեցուցիչ էր նրա մեջ տեղի ունեցած փոփոխությունը հոբիթի աչքերում, ասես մի գիշերվա մեջ հետքագետի գլխին բազմաթիվ տարիներ թափված լինեին։ Նրա դեմքը մռայլ էր, հոգնատանջ ու գորշ։
— Ինձ կրծում են կասկածները, թագավո՛ր,— ասաց նա, մոտենալով Թեոդենի նժույգին։ — Ես տարօրինակ խորհուրդ եմ ստացել, և առջևում նոր վտանգներ եմ տեսնում։ Երկար եմ մտածել, և այժմ վախենում եմ, որ պետք է փոխեմ նպատակս։ Ասա՛ ինձ, Թեոդեն, հիմա դու ուղևորվում ես Դունհորրոու, որքա՞ն ժամանակից այնտեղ կհասնես։
— Հիմա կեսօրից մեկ ժամ անց է,— թագավորի փոխարեն պատասխանեց Էոմերը։ — Երեք օր հետո երեկոյան պետք է որ թաքստոցում լինենք։ Այդ ժամանակ լիալուսնի առաջին գիշերը կլինի, իսկ հաջորդ օրը Էդորասում ռազմահավաք է հայտարարված։ Դրանից արագ հնարավոր չէ, եթե մենք ուզում ենք հավաքել Ռոհանի ողջ ուժերը։
Արագորնը մի պահ լռեց։
— Երեք օր,— վերջապես ասաց նա,— և երեք օրից դեռ միայն ռազմահավաքն է։ Բայց ես հասկանում եմ, որ ավելի արագ հնարավոր չէ։ — Նա բարձրացրեց աչքերը, և նրա դեմքը պարզվեց՝ կարծես նա վերջապես կայացրեց իր դժվար որոշումը։ — Այդ դեպքում, թագավոր, քո թույլտվությամբ, մեր ճանապարհները բաժանվում են։ Ես և իմ ազգականները կգնանք մեր ճանապարհով, և կգնանք սրանից հետո անթաքույց։ Իմ թաքնվելու ժամանակն անցել է։ Ես պետք է արևելք հասնեմ ամենակարճ ճանապարհով, ուստի ընտրում եմ Մեռածների Արահետը։
— Մեռածների Արահե՛տը,— ցնվելով, ասաց Թեոդենը։ — Ինչու՞ ես դու դրա մասին խոսում։
Էոմերը շրջվեց և զարմացած նայեց Արագորնին, իսկ Մերիին թվաց, թե բոլոր այն հեծյալները, ովքեր լսեցին այդ բառերը, գունատվեցին։
— Եթե այդ Արահետը գոյություն ունի,— շարունակեց Թեոդենը,— ապա այն սկիզբ է առնում Դունհորրոյի մոտակայքում։ Բայց ողջերին վիճակված չէ դրա վրա ոտք դնել։
— Ավա՜ղ, Արագորն, բարեկամս,— վշտացած ասաց Էոմերը։ — Ես էլ հույս ունեի, թե մենք մարտնչելու ենք կողք-կողքի կանգնած, բայց եթե դու փնտրում ես Մեռածների Արահետները, ապա եկել է մեր բաժանման պահը, և քիչ հավանական է, որ մենք երբևէ կրկին կհանդիպենք այս արևի տակ։
— Այնուամենայնիվ ես կգնամ այդ ճանապարհով,— ասաց Արագորնը։ — Բայց ահա թե ինչ եմ ասում քեզ, Էոմեր․ մարտի դաշտում մենք դեռ կարող է կրկին հանդիպենք, թեև մեր միջև կանգնած կլինի Մորդորի ամբողջ զորաբանակը։
— Արա ինչպես գիտես, տեր իմ Արագորն,— ասաց Թեոդենը։ — Երևում է, իսկապես այդ է քո ճակատագիրը՝ գնալ ուղիներով, որոնցով գնալու համարձակություն չունեն ուրիշները։ Այս բաժանումը վշտացնում է ինձ ու թուլացնում, բայց, այնուամենայնիվ, լեռնային արահետները սպասում են մեզ, և հապաղել այլևս չի կարելի։ Մնաս բարո՛վ։
— Մնաս բարով, թագավո՛ր,— պատասխանեց Արագորնը։ — Շտապի՛ր մեծ փառքին ընդառաջ։ Մնաս բարով և դու, Մերի։ Թողնում եմ քեզ հուսալի ձեռքերում, ինչի մասին մենք նույնիսկ չէինք երազում, երբ հետապնդում էինք օրքերին Ֆենգորնի ճանապարհին։ Լեգոլասն ու Գիմլին, հույս ունեմ, կգան ինձ հետ։ Բայց մենք քո մասին չենք մոռանա։
— Ցտեսություն,— մի կերպ արտաբերեց Մերին ու այլևս ոչինչ չկարողացավ ասել։ Նա ինքն իրեն շատ փոքր էր զգում, և ճնշող ու անհասկանալի էին նրա համար այդ մռայլ զրույցները։ Ավելի, քան երբևէ, նա զգում էր Փիփինի անկոտրում կենսուրախության կարիքը։ Հեծյալները պատրաստ էին, ձիերն անհամբերությունից ֆռթկացնում էին, էլ ինչու՞ ձգձգել, թող որ շուտ ավարտվի այս հրաժեշտի պաահը։
Թեոդենը դիմեց Էոմերին, վերջինս ձեռքը բարձրացրեց ու բարձր գոռաց, և զորքն առաջ շարժվեց։ Նրանք անցան Հողապատնեշը, կիրճով ներքև իջան ու կտրուկ թեքվեցին արևելք՝ դուրս գալով ուղու վրա, որը սկզբում մոտավորապես մեկ մղոն շրջանցում էր լեռնաստորոտները, ապա թեքվում հարավ ու կորչում բլուրների արանքում։ Արագորնը բարձրացավ Հողապատնեշի վրա ու հայացքով ճանապարհում էր թագավորական զորքին։ Երբ վերջապես նրանք անհետացան տեսադաշտից, նա դիմեց Հալբարադին։
— Ահա հեռացան իմ սրտին մոտ երեք հոգի, և ամենափոքրը ոչ վերջին հերթին,— ասաց նա։ — Նա չգիտե, թե ինչ է իրեն սպասում, բայց, եթե նույնիսկ իմանար, միևնույնն է, կգնար։
— Այո, Հոբիթստանցի ժողովրդին հասակով չարժե դատել,— համաձայնեց Հալբարադը։ — Թեպետ գաղափար չունեն, թե ինչ դժվարությամբ էինք մենք պաշտպանում իրենց սահմանները, բայց ես դրանից բոլորովին էլ չեմ նեղանում։
— Մեր ճակատագրերը միահյուսվել են,— ասաց Արագորնը։ — Բայց ինչ արած, այստեղ մենք ստիպված ենք բաժանվել։ Լավ, հիմա ես պետք է ճաշեմ՝ ուժերս տեղը բերելու համար, ապա մենք նույնպես ճանապարհ կընկնենք։ Եկե՛ք ինձ հետ, Լեգոլա՛ս, Գի՛մլի, կխոսենք ճաշի ժամանակ։
Նրանք միասին վերադարձան Հորնբուրգ։ Սեղանի շուրջ Արագորնը որոշ ժամանակ լռություն էր պահպանում, և մյուսները սպասում էին, որ նա առաջինը խոսի։ Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը։
— Խոսի՛ր,— ասաց նա,— և գուցե կթեթևանաս, թոթափիր այդ ստվերը վրայիցդ։ Ի՞նչ է փոխվել այս մի քանի ժամերի ընթացքում, երբ մռայլ լուսաբացին վերադարձանք այս մռայլ ամրոցը։
— Դիմակայել եմ ավելի ծանր ճակատամարտի, քան Հորնբուրգի ճակատամարտն էր, բարեկամներս,— պատասխանեց Արագորնը։ — Նայել եմ Օրթհանքի Քարի մեջ։
— Նայել ես այդ անիծյալ կախարդության քարի մե՞ջ,— բացականչեց ցնցված Գիմլին։ — Ուրեմն․․․ Դու նրան ինչ-որ բան ասե՞լ ես։ Նույնիսկ Գենդալֆն էր վախենում այդ հանդիպումից։
— Դու մոռանում ես, թե ում հետ ես խոսում,— խստորեն ասաց Արագորնը, և նրա աչքերը փայլեցին։ — Մի՞թե դու ներկա չէիր, երբ ես հրապարակավ տվեցի իմ անունը Էդորասի դարպասի դիմաց։ Քո կարծիքով ես նրան ի՞նչ պետք է ասեի։ Ո՛չ, Գիմլի,— ասաց նա ավելի մեղմ ձայնով, և նրա դեմքի ստվերը ցրվեց, և նա նմանվեց բազում անքուն գիշերներ անցկացրած մարդու։ — Ոչ, բարեկամներս, ես այդ Քարի օրինական տերն եմ, և ոչ միայն իրավունք, այլև ուժ ունեմ այն օգտագործելու՝ ամեն դեպքում ես այդպես կարծեցի։ Դե, իրավունքս անվիճարկելի է։ Ուժս՝ հազիվ բավականացրեց։
Նա խորը շունչ քաշեց։
— Պայքարը շատ դաժան էր, մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ Ես նրան ոչ մի բառ չասացի և ի վերջո կարողացա Քարն իմ կամքին հնազանդեցնել։ Թեկուզ միայն այդ արդեն Թշնամու համար պարտություն է։ Եվ նա ինձ տեսավ։ Այո՛, պատվարժան Գիմլի, Թշնամին ինձ տեսավ, բայց ոչ այն կերպարանքով, որով դուք ինձ հիմա տեսնում եք։ Եթե դա նրան կօգնի, նշանակում է ես սխալվել եմ։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Միայն այն միտքը, որ ես գոյություն ունեմ ու քայլում եմ այս հողի վրա, արդեն իսկ մեծ հարված է նրա համար, որովհետև մինչև հիմա նա այդ չգիտեր։ Օրթհանքի լրտեսներին ռոհանյան զրահները մոլորության մեջ են գցել, բայց Սաուրոնը չի մոռացել Իսիլդուրին և Էլենդիլի թուրը։ Եվ այժմ, նրա մեծագույն մտահղացումների ամենավճռական պահին, հայտնվել է Իսիլդուրի շառավիղը և ատելի թուրը՝ ես նրան ցույց տվեցի վերածնված շեղբը։ Իսկ նա դեռ այնքան հզոր չէ, որ ոչնչից չվախենա, ո՛չ, նրան տանջում են կասկածները։
— Այնուամենայնիվ նա հրեշավոր զորության տեր է,— առարկեց Գիմլին։ — Ու հիմա ավելի արագ կհարվածի։
— Հապճեպ հասցված հարվածը հաճախ է վրիպումի առիթ հանդիսանում,— ասաց Արագորնը։ — Եվ եկել է ժամանակը առաջինը գործելու, այլ ոչ թե սպասելու նրա քայլին։ Հասկանու՞մ եք, բարեկամներս, քարն ինձ ենթարկեցնելու ժամանակ ինձ շատ բաներ հայտնի դարձան։ Ես գիտեմ, որ անսպասելի կողմից՝ հարավից, լուրջ վտանգ է մոտենում Գոնդորին, և այն չեզոքացնելու համար մեծ ուժեր կանջատվեն քաղաքի պաշտպանությունից։ Եթե մենք չչեզոքացնենք այդ սպառնալիքը, ապա տաս օր էլ չի ացնի, և քաղաքը կընկնի։
— Ուրեմն համարեք, որ այն ընկած է,— ասաց Գիմլին։ — Ու՞մ ուղարկել օգնության, և ինչպե՞ս կարող են նրանք ժամանակին հասնել։
— Ես չեմ կարող օգնություն ուղարկել, ուստի և ինքս պետք է գնամ,— պատասխանեց Արագորնը։ — Միայն մեկ ուղի կա, որ ինձ լեռների միջով դուրս կբերի ծովափնյա հողեր, քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Եվ այդ ուղին Մեռածների Արահետն է։
— Մեռածների Արահետ,— կրկնեց Գիմլին։ — Չարագուշակ անվանում է։ Եվ ռոհանցիներին էլ այն դուր չեկավ, ինչպես նկատեցի։ Իսկ ողջերը կարո՞ղ են առանց զոհվելու անցնել այդ ճանապարհով։ Ու եթե նույնիսկ անցնենք, ի՞նչ կարող է անել փոքրիկ ջոկատը Մորդորի անհամար հրոսակների դեմ։
— Ապրողներն այդ արահետից երբեք չեն օգտվել՝ ռոհանցիներն այդպիսի դեպք չեն հիշում,— ասաց Արագորնը։ — Այն փակ է ապրողների համար։ Բայց այս մութ ժամին Իսիլդուրի շառավիղը կարող է օգտվել այդ արահետից, եթե այդքան համարձակություն կունենա։ Լսեցե՛ք, սրանք այն բառերն են, որ իր որդիների միջոցով ինձ է փոխանցել հնագույն իմացությունների գիտակ Էլրոնդը՝ Ռիվենդելի տերը․ "Թո՛ղ Արագորնը հիշի գուշակի խոսքերը և Մեռածների արահետը"։
— Այդ ի՞նչ գուշակի խոսքեր են,— հարցրեց Լեգոլասը։
— Ահա թե ինչ է ասել Մալբեթը Արվեդուիի՝ Ֆորնոսթի վերջին թագավորի ժամանակներում։
 
Աշխարհի վրա տարածվում է ստվերը,
Արևմուտք են հասնում խավարի թևերը,
Ցնցվում են պատերը մեծ աշտարակի՝
ճակատագիրն է մոտենում դամբարաններին արքաների։
Արթնանում են վաղուց մեռածները,
Քանզի եկել է երդմնազանցների ժամը,
Կհավաքվեն նրանք Էրեխի Քարի մոտ կրկին
Ու կլսեն եղջերափողի կանչը մոլեգին։
Ու՞մ փողի ձայնն է այդ, ո՞վ է նրանց կանչում,
Մահվան մշուշում կորած մարդկանց հավաքում։
Ժառանգն է նրա, ում դավաճանեցին շատ դարեր առաջ,
Հյուսիսից կգա, կսկսի փնտրել կարիքից դրդված
Ու կգտնի Մեռածների արահետը տանող դարպասը թաքնված։
 
— Անկասկած մութ ճանապարհ է դա,— ասաց Գիմլին,— բայց ոչ ավելի մութ ու առեղծվածային, քան այդ բառերը։
— Եթե ուզում ես ավելի լավ հասկանալ այդ բառերի իմաստը, պետք է անցնես ինձ հետ այդ մթին ճանապարհը,— պատասխանեց Արագորնը։ — Քանզի իմ ուղին կանխորոշված է։ Ես կամովին չեմ գնում այդ ճանապարհով․ կարիքն է ինձ մղում։Հետևաբար ես չեմ կարող ձեզ ստիպել գալ ինձ հետ, այդ դուք պետք է վճռեք ձեր ազատ կամքով։ Այդ ճանապարհին մեզ դարանակալում է ամենակուլ վախը, և ծանր, հյուծիչ աշխատանք է սպասվում՝ իսկ գուցե և ավելի վատ բան։
— Քեզ հետ միասին ես կգնամ նույնիսկ Մեռածների արահետով, ուր էլ որ այն տանի,— ասաց Գիմլին։
— Ես նույնպես,— ասաց Լեգոլասը։ — Ես չեմ վախենում մեռածներից։
— Հույս ունեմ, որ մոռացված մարդիկ կռվելը չեն մոռացել,— ասաց Գիմլին։ — Այլապես նրանց անհանգստանելն իմաստ չունի։
— Այդ մենք կիմանանք, երբ ողջ առողջ հասնենք Էրեխ լեռան գագաթին,— ասաց Արագորնը։ — Սակայն նրանք դրժել են իրենց երդումը՝ կռվել Սաուրոնի դեմ, և որպեսզի այն ի կատար ածեն, պետք է կռվեն։ Քանզի Էրեխի գագաթին դեռևս դրված է սև քարը, որը, ինչպես ասում են, Իսիլդուրն է բերել Նումենորից․ այն տեղադրվել է լեռան վրա, և այդ քարի առջև Լեռների Թագավորը նրան հավատարմության երդում է տվել Գոնդորի ստեղծման օրերին։ Բայց Երբ Սաուրոնը վերադարձավ ու նորից հզորացավ, Իսիլդուրը կոչ արեց լեռնեցիներին կատարելու իրենց երդումը, սակայն նրանք հրաժարվեցին կռվելուց, քանզի Խավարի Տարիներին գաղտնի ծառայում էին Սաուրոնին։
Այդ ժամանակ Իսիլդուրն ասաց նրանց թագավորին․ "Դու կլինես վերջին թագավորը։ Եվ եթե Արևմուտքն ավելի ուժեղ գտնվի, քան քո Սև Տիրակալը, ես անեծք կդնեմ քո և ժողովրդիդ վրա՝ երբեք հանգիստ չունենալ, քանի դեռ երդումդ չես կատարել։ Քանզի այս պատերազմը տևելու է անհամար տարիներ, և ձեզ նորից են կռվի կոչելու մինչև դրա ավարտվելը"։ Եվ նրանք փախան Իսիլդուրի զայրույթից ու չհամարձակվեցին անցնել Սաուրոնի կողմը․ ապաստան գտան լեռներում, դադարեցին շփվել այլ մարդկանց հետ ու աստիճանաբար ոչնչացան անպտուղ սարերում։ Եվ անքուն մեռյալներն իրենց անդրշիրիմյան զգոնությամբ մինչև այսօր էլ սարսափի մեջ են պահում Էրեխ սարն ու դրա շրջակայքը։ Բայց ես պետք է գնամ այդ ճանապարհով, քանզի ապրողներն չեն կարող ինձ օգնել։ Առա՛ջ,— բացականչեց նա, վեր կենալով ու մերկացնելով թուրը, որը պայծառ փայլատակեց ամրոցի կիսամութ դահլիճում։ — Առա՛ջ դեպի Էրեխի քարը, ես գնում եմ փնտրելու Մեռյալների Արահետը։ Ում կամքն ամուր է՝ թող գա իմ հետևից։
Լեգոլասն ու Գիմլին չպատասխանեցին, բայց վեր կացան ու Արագորնի հետևից դուրս եկան դահլիճից։ Մարգագետնում, ձի հեծած պատրաստ, գլխանոցները գլխներին քաշած, անշարժ ու լուռ շարքով սպասում էին հետքագետները։ Լեգոլասն ու Գիմլին թռան իրենց ձիու թամբին։ Արագորնը հեծնեց Ռոհերին նժույգին։ Այնուհետև Հալբարադը փչեց մեծ եղջերափողը, և արձագանքը տարածվեց Հելմյան Իջվածքով մեկ։ Նժույգներն ամրոցում ու կիրճում մնացած մարդկանց զարմացած հայացքի ներքո փոթորկի պես սլացան դեպի կիրճի ելքը։
Եվ մինչդեռ Թեոդենը դանդաղ գնում էր լեռնային արահետներով, Մոխրագույն ջոկատը սրընթաց կտրեց-անցավ հարթավայրն ու հաջորդ օրը կեսօրից հետո մոտեցավ Էդորասին։ Փոքր ինչ հանգստանալով, նրանք շարունակեցին ճանապարհը դեպի լեռներ և մթնշաղին հասան Դունհորրոու։
Արքայադուստր Էովինը ողջունեց նրանց և ուրախացավ նրանց գալուստով, քանզի ավելի հզոր մարդիկ, քան դունադաններն էին ու Էլրոնդի գեղեցիկ որդիները, նա իր կյանքում չէր տեսել։ Սակայն նրա աչքերն ամբողջ ժամանակ բևեռված էին Արագորնի վրա։ Ընթրիքի ժամանակ նրանք զրուցեցին, և Էովինը իմացավ այն ամենը, ինչ կատարվել էր Թեոդենի հեռանալու հետո, ինչի մասին նրան միայն թեթևակի լուրեր էին հասել․ և երբ նա լսեց Հելմյան Իջվածքի ճակատամարտի, թշնամու գլխովին ջախջախման ու Թեոդենի և նրա ասպետների վերջին արշավանքի մասին, նրա աչքերը փայլեցին։
Բայց վերջապես նա ասաց․
— Մեծապատի՛վ հյուրեր, ժամանակն է, որ դուք հանգստանաք ձեր ճանապարհորդությունից։ Այսօր ձեզ շտապ կարգի բերված համեստ քնարաններում կտեղավորեն, սակայն վաղը ձեզ ավելի արժանի կացարաններ կպատրաստենք։
Սակայն Արագորնն ասաց․
— Ո՛չ, օրիորդ, մի անհանգստացեք մեր մասին։ Մեզ հարկավոր է միայն գիշերել ու առավոտյան նախաճաշել, այդքանը բավական կլինի։ Քանզի ես շատ եմ շտապում, և լուսաբացի առաջին շողերի հետ մենք կշարունակենք մեր ճանապարհը։
Էովինը ժպտաց նրան ու ասաց․
— Այդ դեպքում շնորհակալ եմ քեզ, տեր, որ ճանապարհից շեղվել ու այդքան մղոններ ես կտրել Էովինին իր աքսորում բարի լուրերով ուրախացնելու համար։
— Աշխարհում չկա մի այր, որ հանուն քեզ այդպիսի շեղումը իզուր համարեր,— պատասխանեց Արագորնը։ — Այնուամենայնիվ, օրիորդ, ես չէի գա այստեղ, եթե իմ ընտրած ուղին ինձ Դունհորրոու չբերեր։
Ակնհայտ էր, որ պատասխանն Էովինին դուր չեկավ։
— Այդ դեպքում, տեր, դու մոլորվել ես, որովհետև Հորրոու հովտից հարավ կամ արևելք տանող ճանապարհ չկա,— ասաց նա։ — Ստիպված ես վերդառնալ այն ճանապարհով, որով եկել ես։
— Ո՛չ, տիրուհի,— պատասխանեց Արագորնը,— ես չեմ մոլորվել։ Քանզի ես քայլել եմ այս հողի վրայով, երբ դու դեռ չէիր ծնվել, որպեսզի այն զարդարես։ Կա՛ ուղի այս հովտից դուրս տանող, և ես ընտրել եմ այդ ուղին։ Վաղը ես գնալու եմ Մեռածների Արահետով։
Էովինը նայեց Արագորնին, լսածից ցնցված, և նրա դեմքը գունատվեց․ երկար ժամանակ ոչինչ չէր խոսում, և մյուսները նույնպես լուռ նստաած էին։
— Բայց Արագորն,— վերջապես ասաց նա,— նշանակում է դու մա՞հ ես փնտրում։ Դա է ամենը, ինչ ու կգտնես այդ ճանապարհին։ Նրանք ապրողներին չեն թողնում անցնել։
— Կարծում եմ, նրանք ինձ թույլ կտան անցնել,— ասաց Արագորնը։ — Ամեն դեպքում ես ռիսկի կդիմեմ՝ այլ ճանապարհ ինձ համար չկա։
— Բայց դա խելագարությու՛ն է,— բացականչեց Էովինը։ — Քեզ հետ քաջարի դյուցազուններ են, որոնց դու մահվան ստվերի մեջ չէ, որ պիտի տանես, այլ պատերազմ, որտեղ ռազմիկներ են պետք։ Խնդրում եմ քեզ, մնա այստեղ և սպասիր իմ եղբորը, գնա՛ նրա հետ պատերազմ։ Այդժամ մեր սրտերը կուրախանան, և մեր հույսն ավելի պայծառ կբորբոքվի։
— Ոչ, տիրուհի, դա խելագարություն չէ,— առարկեց Արագորնը։ — Քանզի այդ ուղին ինձ համար կանխորոշված է։ Բայց նրանք, ովքեր գալիս են ինձ հետ՝ գալիս են իրենց կամքով, և եթե նրանք հիմա ուզում են մնալ այստեղ ու պատերազմի արշավել Ռոհիրիմների հետ՝ կարող են մնալ։ Իսկ ես, եթե պետք լինի, նույնիսկ մենակ կգնամ Մեռածների Արահետով։
Այլևս ոչինչ չխոսեցին և լռության մեջ շարունակեցին ընթրիքը, բայց Էովինն աչքը չէր կտրում Արագորնից, և բոլորը նկատեցին, որ նա ներքին տագնապ ու շփոթություն է ապրում։ Վերջապես բոլորը վեր կացան, հրաժեշտ տվեցին տիրուհուն, շնորհակալություն հայտնեցին հյուրասիրության համար և գնացին հանգստանալու։ Երբ Արագորնը գնում էր վրանը, որտեղ պետք է գիշերեր Լեգոլասի ու Գիմլիի հետ, հանկարծ լսեց Էովինի ձայնը։ Նա շրջվեց ու տեսավ նրան, ինչպես գիշերվա խավարում առկայծող մի նուրբ փայլ, որովհետև Էովինը սպիտակ էր հագած․ բայց նրա աչքերն այրվում էին։
— Արագորն,— ասաց նա,— ինչու՞ ես դու գնում այդ մահացու ճանապարհով։
— Որովհետև այլ կերպ հնարավոր չէ,— պատասխանեց նա։ — Միայն այնտեղ եմ ես հույս տեսնում՝ խաղալու իմ դերը Սաուրոնի դեմ այս պատերազմում։ Ես վտանգավոր ուղի չեմ փնտրում, Էովին։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ապա հիմա կլինեի այնտեղ, որտեղ մնացել է իմ սիրտը՝ հեռավո՜ր հյուսիսում՝ Ռիվենդելի չքնաղ հովտում։
Որոշ ժամանակ Էովինը լուռ էր, ասես փորձում էր հասկանալ, թե դա ինչ կարող է նշանակել։ Հետո հանկարծ ձեռքը դրեց նրա ուսին։
— Դու խիստ ես ու վճռական,— ասաց նա։ — Քեզ նմաններն են փառք վաստակում։ — Եվ կրկին լռեց։ — Տեր,— վերջապես ասաց նա,— եթե այդ է քեզ կանխորոշված ճանապարհը, ապա թույլ տուր ինձ գալ քեզ հետ։ Քանզի ես հոգնել եմ թաքնվել լեռներում և ուզում եմ դիմավորել վտանգը ռազմի դաշտում։
— Քո պարտքն է՝ մնալ ժողովրդիդ կողքին,— ասաց Արագորնը։
— Շատ հաճախ եմ ես լսում այդ պարտքի մասին,— գոչեց աղջիկը։ — Մի՞թե ես Էորլի փառավորաց տոհմից չեմ։ Ռազմուհի՞ եմ ես, թե՞ դայակ։ Երկար տարիներ խնամք եմ տարել ու սպասել, իսկ այժմ, երբ արդեն ազատ եմ, մի՞թե չեմ կարող ապրել կյանքս այնպես, ինչպես ես եմ ցանկանում։
— Բոլորը չէ, որ կարող են պատվով այդ անել,— ասաց Արագորնը։ — Ինչ վերաբերում է ձեզ, տիրուհի, մի՞թե դուք ձեզ վրա չվերցրիք ժողորվրդին կառավարելու պարտականությունը մինչև թագավորի վերադարձը։ Եթե ձեր փոխարեն այդ գործը մի որևէ զորավարի կամ խորհրդականի վստահեին, միևնույնն է, նրանք նույնպես չէին կարողանա հենց այնպես իրենց վրայից թոթափել այդ պարտականությունը, անկախ նրանից, հոգնած կլինեին դրանից, թե ոչ։
— Բայց ինչու՞, ինչու՞ է ընտրությունը միշտ ինձ վրա ընկնում,— վշտացած բացականչեց աղջիկը։ — Ինչու ես միշտ պետք է մնամ տանը, իսկ հեծյալները մարտի արշավեն, ես տան մասին հոգ տանեմ, իսկ նրանք փառք ու պատիվ վաստակեն ու վերադառնալուց հետո սնունդ ու փափուկ անկողին գտնեն։
— Շուտով կարող է գալ մի ժամանակ, երբ այլևս ոչ ոք չի վերադառնա,— ասաց Արագորնը։ — Այդ ժամանակ կպահանջվի քաջություն առանց փառքի, քանի որ ոչ ոք չի իմանա հայրենի տունը պաշտպանելու վերջին փորձերի ժամանակ կատարված սխրանքների մասին։ Եվ այնուամենայնիվ անհայտ սխրանքները պակաս փառավոր չեն, անկախ նրանից, փառաբանվում են դրանք, թե ոչ։
Եվ աղջիկը պատասխանեց․
— Քո բոլոր խոսքերը պնդում են միայն մի բան․ դու կին ես, և քո տեղը տանն է։ Բայց երբ բոլորը մեռնեն փառավոր մահով, ապա խնդրեմ․ կարող ես այրվել տան հետ միասին, քանի որ մեռածներին այլևս պետք չես։ Բայց ես Էորլի տոհմից եմ, ես սպասուհի չեմ և կարող եմ ձի հեծնել ու թուր բանեցնել ուզածդ ռազմիկի պես։ Եվ ես չեմ վախենում ո՛չ ցավից, ո՛չ մահից։
— Իսկ ինչի՞ց ես դու վախենում, տիրուհի՛,— հարցրեց նա։
— Վանդակից,— պատասխանեց աղջիկը։ — Վախենում եմ մնալ ճաղերի հետևում այնքան ժամանակ, մինչև հոգնածությունից ու ծերությունից կհաշտվեմ դրանց հետ, մինչև մեծ սխրանքներ գործելու հույսը ոչ միայն կհեռանա, այլև կդադարի հուզել սիրտս։
— Եվ չնայած դրան դու ինձ խորհուրդ ես տալիս հրաժարվել ընտրված ճանապարհից, որովհետև այն վտանգավո՞ր է։
— Այլոց կարելի է խորհուրդ տալ,— պատասխանեց նա։ — Եվ ես քեզ չեմ հորդորում փախչել վտանգից, այլ գնալ մարտի և թրով փառք ու հաղթանակ վաստակել։ Պարզապես չեմ ուզում, որ վեհ արժեքներն ապարդյուն վատնվեն։
— Ես նույնպես,— ասաց Արագորնը։ — Ուստի և ասում եմ քեզ, օրիորդ․ մնա՛։ Որովհետև քեզ ոչինչ չի պարտավորեցնում գնալ հարավ։
— Մյուսներին նույնպես, ովքեր գալիս են քեզ հետ։ Նրանք գալիս են, որովհետև չեն ուզում քեզանից բաժանվել, որովհետև սիրում են քեզ։
Այսպես ասելով Էովինը շրջվեց ու անհետացավ խավարում։
Երբ լույսը բացվեց, բայց արևը դեռ դուրս չէր եկել արևելյան բարձր լեռնագագաթների հետևից, Արագորնը պատրաստվեց ճանապարհի։ Ջոկատն արդեն պատրաստ սպասում էր, և նա ուզում էր ցատկել թամբին, երբ Էովինը եկավ նրանց հրաժեշտ տալու։ Նա հագնվել էր հեծյալ ռազմիկի պես ու գոտևորվել թրով։ Ձեռքին գավաթ էր կրում, որը մոտեցրեց շրթունքներին ու մի կում արեց՝ բարի ճանապարհ ցանկանալով հյուրերին, ապա գավաթը փոխանցեց Արագորնին։ Վերջինս դատարկեց այն և ասաց․
— Մնաս բարո՛վ, Ռոհանի տիրուհի, խմում եմ այս գավաթը ձեր տան փառքի համար, քեզ համար և քո ժողովրդի բարորության համար։ Փոխանցիր այս բառերը եղբորդ․ Ստվերի այն կողմում մենք կարող ենք կրկին հանդիպել։
Մոտ կանգնած Գիմլիին ու Լեգոլասին թվաց, թե արքայադուստրն անձայն արտասվեց, ընդ որում այնպես խիստ ու հպարտ, որ դրանից ավելի տխուր էր թվում։ Եվ նա ասաց․
— Արագորն, ուրեմն դու գնու՞մ ես։
— Գնում եմ,— պատասխանեց նա։
— Եվ թույլ չե՞ս տալիս ինձ գալ ձեզ հետ, ինչպես ես խնդրել էի։
— Ոչ, տիրուհի, ես չեմ կարող անել այդ առանց թագավորի և ձեր եղբոր թույլտվության, իսկ նրանք վերադառնալու ենք միայն վաղը։ Իսկ ինձ համար հիմա կարևոր է ամեն ժամնն ու ամեն րոպեն։ Առողջ եղի՛ր։
Աղջիկը ծնկի եկավ ու բացականչեց․
— Խնդրու՛մ եմ քեզ։
— Ոչ, տիրուհի,— կրկնեց նա, բռնելով աղջկա ձեռքից ու բարձրացնելով։ Ապա համբուրեց նրա ձեռքը, ցատկեց թամբին ու շարժվեց առաջ առանց հետ նայելու։ Եվ միայն նրանք, ովքեր լավ էին ճանաչում նրան, տեսան թե ինչ ցավ է նա զգում։
Իսկ Էովինն անշարժ, ինչպես քարակերտ արձան, ձեռքերը կախ գցած, նայում էր նրանց հետևից, մինչև որ նրանք չանհետացան Դվիմորբերգի՝ ուրվականային լեռան սև ստվերում, որտեղ գտնվում էր Մեռյալների Դարպասը։ Երբ նրանք ծածկվեցին տեսադաշտից, նա շրջվեց և, սայթաքելով, ինչպես կույրը, վեռադարձավ իր կացարանը։ Սակայն նրա ժողովրդից ոչ ոք չտեսավ այդ բաժանումը, որովհետև նրանք վախից թաքնվել ու սպասում էին, թե երբ կլուսանա և երբ կհեռանան անխոհեմ օտարականները։
Իսկ ոմանք ասացին․
— Դրանք էլֆ արարածներ են, թողեք գնան այնտեղ, որտեղ իրենց տեղն է՝ մութ վայրեր, ու այլևս չվերադառնան։ Առանց այդ էլ վատ ժամանակներ են։
Գնում էին մոխրագույն կիսախավարով, որովհետև արևը դեռ չէր հասցրել դուրս գալ Ուրվականային լեռան սև գագաթների հետևից։ Երբ նրանք անցան երկշարք հինավուրց քարերի միջով ու մոտեցան Դիմհոլդին, նրանց պատեց սահմռկենող վախը։ Այնտեղ, սև ծառերի մթին խավարում, որը նույնիսկ Լեգոլասի համար էր անտանելի, նրանք տեսան սարի մեջ բացվող մի դատարկություն, իսկ առջևըում, արահետի մեջտեղում՝ մի հսկայական քար էր ցցված, ինչպես մատը, որ կործանում է խոստանում։
— Արյունս սառավ երակներումս,— փնթփնթաց Գիմլին։
Մյուսները լուռ էին։ Թզուկի ձայնը կլանեց ոտքի տակ թափված խոնավ փշատերև գորգը։ Ձիերը կանգնեցին սպառնալի քարի դիմաց և հրաժարվում էին գնալ, մինչև հեծյալները չիջան ու սանձերից բռնած չառաջնորդեցին նրանց։ Այդպես նրանք իջան կիրճի խորքը և կանգ առան ուղղաբերձ քարե պատի դիմաց․ պատի մեջ, ինչպես խավարի երախը, սևին էր դալիս դարպասը։ Դարպասի լայն կամարի վերևում փորագրված էին հազիվ տեսանելի խորհրդավոր գաղտնագրեր, իսկ նրա երախից մոխրագույն գոլորշու պես հորդում էր սարսափը։
Ջոկատը կանգ առավ․ բոլորի սրտերը վախից քարացել էին, միայն էլֆ Լեգոլասի սիրտն էր հանգիստ՝ նրան չէին վախեցնում մարդկային ուրվականները։
— Սա չարագույժ դարպաս է,— ասաց Հալբարադը,— և նրա մյուս կողմում թաքնված է իմ մահը։ Այնուամենայնիվ ես կհամարձակվեմ անցնել, բայց ձին այնտեղ չի մտնի։
— Բայց մենք պետք է մտնենք,— ասաց Արագորնը։ — Հետևաբար, ձիերը նույնպես պետք է մտնեն։ Որովհետև, եթե ստացվի այնպես, որ մենք դուրս գանք այս խավարից, սրա սահմաններից այն կողմ դեռևս բազմաթիվ լիգեր կան, և այնտեղ կորցրած ամեն մի ժամը կմոտեցնի Սուրոնի հաղթանակը։ Եկե՛ք իմ հետևից։
Արագորնն առաջինը մտավ, և նրա կամքն այնքան ուժգին էր այդ պահին, որ բոլոր դունադաններն ու նրանց նժույգները գնացին նրա հետևից։ Ձիերի սերը հետքագետների նկատմամբ այնքան մեծ էր, որ նրանք չվախեցան նույնիսկ անդրշիրիմյան Դարպասից, միայն թե ամուր լիներ իրենց տերերի կամքը։ Բայց Արոդը, ռոհանյան նժույգը հրաժարվեց գնալ․ նա կանգնել էր քրտինքի մեջ կորած ու վախից դողում էր․ խղճալի էր նրան նայելը։ Լեգոլասը ձեռքով փակեց նրա աչքերն ու մի քանի բառ երգեց, որոնք մեղմացրին խավարը, հանգստացրին նժույգին, և նա թույլ տվեց տանել իրեն։ Դարպասի դիմաց Գիմլին մնաց մեն-մենակ։ Թզուկի ծնկները ցնցվեցին, և նա բարկացավ ինքն իր վրա։
— Սա չլսված բան է,— մրթմրթաց նա։ — Որ էլֆը գետնի տակ մտնի, իսկ թզուկը չհամարձակվի՞։
Այս խոսքերով նա սուզվեց խավարի մեջ։ Բայց նրան թվաց, թե իր ոտքերը դարձան պողպատից, և խավարը կուրացրեց Գիմլիին, Գլոյնի որդուն, նրան, ով առանց վախի կտրել-անցել էր աշխարհի բազմաթիվ խորունկ անկյուններ։
Արագորնը Դունհորրոյից կանթեղներ էր բերել և մեկը գլխավերևում պահած գնում էր առջևից․ Էլլադանը մեկ ուրիշ կանթեղ ձեռքին եզրափակում էր երթը, իսկ Գիմլին, սայթաքելով, աշխատում էր նրանից հետ չմնալ։ Նա ոչինչ չէր տեսնում, բացի կանթեղների աղոտ լույսից, բայց, երբ ջոկատը կանգ էր առնում, նրան թվում էր, թե իր շուրջը ձայների անվերջանալի շշունջներ են տարածվում անհայտ ու անծանոթ մի լեզվով։
Ոչ ոք չէր հարձակվում ջոկատի վրա և ոչինչ չէր խոչնդոտում նրանց անցնելուն, բայց թզուկին համակած սարսափը գնալով աճում էր․ մեծամասամբ այն պատճառով, որ նա հասկանում էր, որ հետ ճանապարհ այևս չկա, որ ուրվականային զորքը մթության մեջ քայլ առ քայլ հետևում է իրենց։
Այդպես անցան չհամրված ժամեր, միչև Գիմլիի առջև բացվեց մի տեսարան, որը նա հետագայում չէր ուզում հիշել։ Մինչ այդ, կարծես թե, գնում էին լայն անցումով, բայց հանկարծ պատերը նահանջեցին, և ջոկատը հայտնվեց դատարկ տարածության մեջ։ Թզուկին այնպիսի սարսափ պատեց, որ նա հազիվ էր քայլում։ Ձախ կողմում ինչ-որ բան փայլեց խավարի մեջ, և Արագորնի կանթեղը շարժվեց․ ըստ երևույթին նա գնաց ստուգելու, թե ինչ է այնտեղ։
— Մի՞թե նա չի վախենում,— մրթմրթաց Գիմլին։ — Ցանկացած այլ քարանձավում Գիմլին, Գլոյնի որդին, առաջինը կվազեր դեպի ոսկու փայլը, բայց ո՛չ այստեղ։ Թո՛ղ մնա իր համար պառկած։
Այնուամենայնիվ նա առաջացավ՝ ու տեսավ, որ Արագորնը ծնկի է իջել, իսկ Էլլադանը պահում է զույգ կանթեղները։ Նրա առջև մի հզոր ռազմիկի կմախք էր ընկած, հագին ոսկեզօծ օղազրահ էր, իսկ կողքը դրված էր զենքը, որի վրա ժանգի բիծ անգամ չկար՝ անձավի օդն անսովոր չոր էր։ Նրա գոտին ոսկուց էր և զարդարված էր նռնաքարերով, և գանգին դրված սաղավարտը նույնպես ոսկով հարուստ էր։ Պառկած էր նա երեսը դեպի ներքև, անձավի հեռավոր ծայրին՝ ինչպես արդեն երևաց, քարե փակ դռան առջև․ մատների ոսկորները դեռ կառչած էին խոռոչից։ Կողքն ընկած էր բթացած ու կոտրված թուրը, ասես վերջին հուսահատ ճիգերով նա փորձել էր քարի մեջ ելք փորել։
Արագորնը ձեռք չտվեց ընկածին, միայն որոշ ժամանակ լուռ զննում էր, ապա վեր կացավ ու հառաչեց։
— Նրա մնացորդների վրա երբևէ չեն ծաղկի սիմբելմինները, թեկուզ աշխարհի վերջը գա,— կիսաձայն ասաց նա։ — Ինը և յոթ դամբանաթմբեր են արդեն կանաչով պատվել, և ամբողջ այս անհաշիվ տարիների ընթացքում նա պառկած է եղել այստեղ՝ դռան դիմաց, որը չի կարողացել բացել։ Ու՞ր է այն տանում։ Ի՞նչ է նա փնտրել դրանց հեևում, ինչու՞ է ուզեցել անցնել։ Ոչ ոք երբևէ չի իմանա։ Բայց ես դրա համա՛ր չեմ եկել,— գոչեց նա, շրջվելով ու դիմելով շշնջացող խավարին։ Անիծյալ տարիների ձեր գանձերն ու գաղտնիքները ձեզ պահե՛ք։ Իսկ մենք պետք է շտապենք։ Թողեք անցնենք ու հետևեք մեզ։ Ես կանչում եմ բոլորիդ Էրեխի քարի մոտ։
Պատասխանի փոխարեն անհատակ լռություն տիրեց՝ ավելի սարսափելի, քան ահասարսուռ շշունջներն էին, իսկ հետո փչեց սառը քամին, կանթեղների լույսը տատանվեց ու հանգավ, և հնարավոր չէր դրանք նորից վառել։ Թե ինչ եղավ հետագայում, մեկ ժամ անցավ, թե ավելի, Գիմլին չէր հիշում։ Մյուսները շարունակում էին գնալ, իսկ թզուկը քարշ էր գալիս նրանց հետևից, հետապնդվելով առարկայկան սարսափով, որը, թվում էր, հիմա կճանկի նրան․ և նրա ականջին էր հասնում ահարկու մի շրշյուն՝ ասես ուրվականային ոտքերի քայլերի ձայնը։ Նա անընդհատ սայթաքում էր և ի վերջո սկսեց կենդանու պես չորեքթաթ սողալ ու զգաց, որ այլևս չի կարող դիմանալ․ կամ հիմա առջևում կհայտնվի ելքն ու փրկությունը, կամ ինքը խելագարված կվազի հետ ու կհայտնվի սարսափի ճիրաններում։
Հանկարծ նա ջրի ճողփյուն լսեց, այնքան հստակ ու հնչեղ, ասես քար ընկավ ջրհորը՝ արթնացնելով վատ երազից։ Սկսեց կամաց լուսանալ, և ահա վերջապես ջոկատն անցավ մեկ այլ դարպասով՝ բարձր ու լայն կամարով, և նրան կողքով վազեց հոսանքը։ Առջևում արահետը մինչև երկինք ձգվող ուղղաձիգ ժայռերի արանքով կտրուկ իջնում էր ներքև։ Այնքան խորունկ ու նեղ էր այդ անդունդը, որ երկինքը վերևում մութ էր թվում, ու փոքրիկ աստղեր էին այնտեղ պսպղում։ Ինչպես հետո իմացավ Գիմլին, օրը չէր փոխվել Դունհորրոյից դուրս գալուց հետո, և մինչև մայրամուտ դեռ երկու ժամ կար։ Սակայն, չնայած այդ ամենին, նրան թվում էր, թե տարիներ են անցել ու դա այլ երեկո է, և կամ իրենք դուրս են եկել բոլորովին այլ մի աշխարհ։
Նորից հեծնեցին ձիերին, և Գիմլին նորից միացավ Լեգոլասին։ Գնում էին իծաշարուկ, հետզհետե մթնում էր, և թխակապույտ մթնշաղը խտանում էր։ Վախը դեռևս հետապնում էր նրանց։ Լեգոլասը շրջվեց թզուկի հետ խոսելու համար, և Գիմլին անմիջապես իր առջև տեսավ էլֆի պայծառ աչքերի փայլը։ Նրանց հետևից գալիս էր Էլլադանը, վերջինը ջոկատից, բայց ոչ վերջինը նրանցից, ովքեր իջնում էին այդ ճանապարհով։
— Մեռածները գալիս են մեր հետևից,— ասաց Լեգոասը։ — Ես տեսնում եմ մարդկանց ու ձիերի ուրվագծեր, ու ամպերի պատառիկներ հիշեցնող աղոտ պաստառներ, և նիզակներ՝ նման ձմեռային անտառի մշուշապատ գիշերով։ Մեռածները գալիս են մեր հետևից։
— Այո, Մեռածները գալիս են մեր հետևից, նրանք արձագանքել են կանչին,— ասաց Էլլադանը։
Ջոկատը վերջապես դուրս եկավ կիրճից և այնպես անսպասելի, ասես նրանց բաց թողեցին պատի նեղ ճեղքից։ Առջևում փռված էր բարձրալեռնային հովիտը, և հոսանքը, քչքչալով քարից քար էր թռչկոտում ու բազմաթիվ փոքրիկ ջրվեժներով գահավիժում ներքև։
— Միջերկրի ո՞ր մասում ենք մենք հիմա գտնվում,— հարցրեց Գիմլին։
Եվ Էլլադանը պատասխանեց նրան․
— Մենք իջել ենք Մորթոնդի ակունքների մոտ՝ սառցե ջրերով երկար գետի, որն այստեղից հեռու՜ հեռվում թափվում Է Ծովը՝ լվանալով Դոլ Ամրոթի ժայռերը։ Երևի հարկ չի լինի, չէ՞, հետագայում բացատրել քեզ, թե ինչպես է առաջացել այս գետի մյուս անվանումը՝ Սևարմատ, որով կոչում են նրան մարդիկ։
Մորթոնդի հովիտը տարածվում էր լայն կիսաշրջանով և դեմ առնում լեռնաշղթայի հարավային ուղղաձիգ լանջերին։ Հովտի կտրուկ լանջերը խոտածածկ էին, բայց այդ ժամին ամեն ինչ թվում էր մոխրագույն, որովհետև արևն արդեն մայր էր մտել, և հեռու՜ ներքևում առկայծում էին տներում վառվող լույսերը։ Հովիտը հարուստ էր, և այնտեղ բազմաթիվ ժողովուրդ էր ապրում։
Արագորնն առանց շրջվելու ամբողջ ձայնով գոռաց․
— Բարեկամե՛ր, մոռացե՛ք հոգնածության մասին, ամբողջ թափով սլացեք առա՜ջ, մենք պետք է մինչև օրվա վերջը հասնենք Էրեխի Քարին, իսկ ճանապարհ դեռ շատ կա։
Եվ նրանք առանց հետ նայելու սլացան լեռնալանջով ներքև, մինչև հասան ուժ հավաքած հոսանքի վրայով գցված կամրջին և գտան դեպի ցածրավայրեր տանող ճանապարհը։ Ամեն տեղ գյուղական տներում հանգչում էին լույսերը, փակվում էին դռներն ու լուսամուտները, իսկ նրանք, ովքեր հանդիպում էին նրանց ճանապարհին կամ դաշտերում, սարսափահար ցրվում էին, ինչպես վախեցած եղնիկները, ճչալով․
— Մեռյալների արքա՜ն, փախե՜ք, Մեռյալների արքա՜ն է գալիս մեզ վրա։
Ինչ որ տեղ ներքևում ղողանջում էին զանգերը, և բոլորը փախչում էին ու թաքնվում էին, իսկ Մոխրագույն Ջոկատը սլանում էր ամբողջ թափով, ինչպես որսորդները, մինչև ձիերը սկսեցին հոգնածությունից սայթաքել։ Եվ այդպես, կեսգիշերից անմիջապես առաջ, խորը անձավներում տիրող խավարից էլ սև մթության մեջ նրանք հասան էրեխի սարին։
Դեռ անհիշելի ժամանակներից մեռյալների սարսափը պարուրել էր սարն ու շրջակա դաշտերը։ Քանզի գագաթին մի սև քար կար դրված, կլոր, ինչպես գունդը, կիսով չափ թաղված հողի մեջ, և կլիներ այն մարդու հասակի բարձրության։ Ոչ երկրային տեսք ուներ այդ քարը, ասես ընկած լիներ երկնքից, ինչպես ոմանք էին կարծում, բայց նրանք, ովքեր դեռ հիշում էին Անդրծովյան Արևմուտքի ավանդությունները, ասում էին, որ այն բերվել է Նումենորի ավերակներից, և այստեղ է դրվել Իսիլդուրի հրամանով։ Հովտի բնակիչներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ դրան կամ ապրել դրա մոտակայքում․ պատմում էին, որ այն ուրվականների հանդիպման վայր է, որ ստվերներն անհանգիստ ժամանակներում հավաքվում են քարի շուրջը, ու այդ ժամանակ կարելի է լսել նրանց շշունջները։
Հենց այդ Քարին մոտեցավ ջոկատը խորը գիշերով և կանգ առավ նրա կողքին։ Այնուհետև Էլրոհիրն Արագորնին տվեց արծաթե եղջերափողը, և նա ուժգին փչեց, և կողքին գտնվողներին թվաց, թե լսում են պատասխան եղջերափողերի կանչերը՝ ասես արձագանք էր տարածվում հեռավոր քարանձավներում։ Այլևս ոչ մի ձայն չլսվեց, բայց բոլորն էլ զգում էին, թե ինչպես է սարի շուրջը մեծաթիվ զորք հավաքվում։ Լեռներից քամի էր փչում՝ սառը, ինչպես ուրվականների շունչը։ Արագորնն իջավ ձիուց, կանգնեց քարի դիմաց և բարձր կանչեց․
— Երդմնազանցնե՛ր, ինչու՞ եք եկել։
Գիշերվա միջից լսվեց պատասխանը, ասես հեռու՜ հեռվից․
— Որպեսզի կատարենք մեր երդումն ու խաղաղություն գտնենք։
Այդ ժամանակ Արագորնն ասաց․
— Ժամը եկել է։ Եկեք իմ հետևից Փելարգիր՝ Անդուինի վրա, և երբ այդ երկրամասը մաքրվի Սաուրոնի սպասավորներից, ես կհամարեմ ձեր երդումը կատարված, և դուք խաղաղություն կգտնեք ու հավիտյանս կհեռանաք։ Քանզի ես Էլեսարն եմ, Գոնդորի մեծագույն արքա Իսիլդուրի ժառանգը։
Եվ նա հրամայեց Հալբարադին բարձրացնել Ռիվենդելից բերած մեծ զինադրոշը։ Ահա ծածանվեց պաստառը, և․․․ Այն սև էր։ Եթե նույնիսկ նրա վրա ասեղնագործված նշաններ կամ բառեր կային, մթության մեջ դրանք նկատելն անհնարին էր։ Հետո լռություն տիրեց, և ամբողջ գիշերվա ընթացքում այլև ոչ մի շշունջ չխախտեց այն։ Ջոկատը գիշերեց Քարի կողքին, բայց իրենց շրջապատող ուրվականների ահից ոչ ոք գրեթե չգնեց։
Բայց երբ բացվեց ցուրտ ու գունատ առավոտը, Արագորնն անմիջապես վեր կացավ ու այնպիսի շտապողականությամբ ու հոգնեցուցիչ արագությամբ առաջ տարավ իր ջոկատին, որ նույնիսկ ամենակոփված ռազմիկները հազիվ էին դիմանոում․ միայն նա էր, որ հոգնածություն չգիտեր և իր անզիջում կամքով աջակցում էր մյուսներին։ Ոչ մի այլ մահկանացու չէր դիմանա այդպիսի դժվարությունների, բայց դիմացան հյուսիսցի դունադանները, և նրանց հետ էին թզուկ Գիմլին ու լեգոլասը՝ էլֆերից։
Նրանք անցան Թարլանգի անցումով և մտան Լամեդոն․ ուրվականների զորքը կրնկակող գալիս էր ջոկատի հետևից, և նրանց մասին սարսափելի լուրը սավառնում էր առջևում։ Եվ մինչև նրանք կհասնեին Քալեմբել՝ Սիրիլի վրա, սկսվեց մայրամուտը, և հեռու արևմուտքում արյան պես կարմիր արևը թաքնվեց Փինաթ Գելինի հետևում։ Նրանք քաղաքը և Սիրիլի ծանծաղուտները լքված գտան, քանի որ բոլորը գնացել էին պատերազմ, իսկ ովքեր որ մնացել էին, Մեռյալների Արքայի գալու լուրը լսելով թաքնվել էին սարերում։ Բայց առավոտյան լույսը չբացվեց․ Մոխրագույն Ջոկատը կորավ Մորդորյան փոթորկի խավարում ու ծածկվեց մահկանացուների աչքից, իսկ մեռյալները կրնկակոխ շտապում էին նրանց հետևից։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits