Պապս փեթակների կողքին էլի քարին էր նստած, մոտեցա, ուսը սեղմեցի, աչքը խաղաց ակնակապիճի մեջ, սովորականից մի քիչ բարձր էր խոսում․ «Խոտն ենք հնձում, Սամվելը որ տուն գա, ուղարկեք Երեք լճերի մարգագետին` մեզ օգնելու»։Լսում է, ուշակորույս աչքերն ինձ են նայում։
Անընդհատ առջեւից ես էի քայլում։ Հենց գյուղից դուրս եկանք ու մտանք մարգագետին, այն թռչունը դարձյալ եկավ ու սկսեց թեւել ու զարնվել մեր ոտքերի տակ։ Մի քիչ առաջ էր անցնում, ետ վերադառնում ու նորից կորչում։ Մայրս ասաց․ «Մի վախեցիր»։ Ասացի․ «Մի քիչ նստենք, թող հեռանա, նոր գնանք»։ Ես նստել էի, նա ափը գլխիս դրեց․ «Երեւի երբ տուն էիր գալիս, էլի ուղեկցե՞լ է, դրա համար սարսափեցիր։ Նրա գլխապատառ ճչոցներից վախենալու բան չկա, սովորական թռչուն է։ Հիմա շոգ է, բոլոր բզեզներն ու մլակները թաքնվել են խոտերի տերեւների տակ, որ քայլում ենք, ոտքերով կպչում ենք խոտերի ցողուններին ու թռչեցնում նրանց, մեզ ուղեկցող շաղկտիկն էլ, ուրախու թյան ուրախության ձայներ արձակելով, որս է անում։ Ոչ մի խորհրդավոր բան էլ չկա, այդպիսի թռչուն էլ է լինում, վախենալ պետք չէ, նա երբեք մարգագետնի տարածքներից դուրս չի գալիս, սովորությունն է այդպիսին»։ Արագ էի քայլում, շաղկտիկը ուղեկցում էր մեզ։ Հեռվից առաջինը երեք լճերը տեսա, հետո` հորս։ Նա նույն դիրքով նստած էր։ Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։
Մայրս նույն տրամադրությամբ խոսելով գալիս էր, որ Եփրեմի Սաշիկը Երեւանում տուն է գնել, իսկ Եվան գիշերը Մուկուչին մի կճուճ մածուն է տարել։ Հետո մենք հասանք ու կանգնեցինք նրանց գլխավերեւը, մեր երկու թանձր ու սեւ ստվերներն էլ էին հողի վրա փռված։ Մորս ձեռքից կապոցն ընկավ, բայց չէր լացում, հացերը հավաքում էր կապոցի մեջ, նորից ընկնում, գլորվում էին, ինքը հավաքում էր` մատների միջից փախչում, շաղ էին գալիս, ոչ աչքերն էին թացանում, ոչ էլ լացում էր, միայն մազերն էին խոնավանում, ջուր դառնում։ Հայրս նրան ասաց․ «Ինչքան ուզում ես` լաց, մազերդ փետիր, գոռա, սուգդ արա, որ տանը ծպտուն չհանես, ոչ ոք չպիտի իմանա»։ Մորս լացն օգնեց` մենք էլ լացեցինք։ Մեղվի խայթոցից հորս մի աչքը կապույտ ուռուցքով փակ էր, ու արտասվելիս լավ ծեծված մարդու էր նման, իսկ ձենով լացելիս` նաեւ փոքրիկ երեխայի պես էր։ Երկնքում կուրացնող բռնկումները դառնում են ավելի պայծառ, շողացող բոցերի շեղբը կտրում է, արցունքներից ոչ թալկանում ենք, ոչ էլ քրտնում։ Փորում ենք։ Արդեն երեկոյանում էր։ Ես ու հայրս ճիմը քառակուսի֊քառակուսի կտրել ու փոսը փորել էինք։ Վերջում նորից քառակուսի֊քառակուսի ճիմերն այնպես շարեցինք, որ մարգագետինը հարթ դարձավ, ու կասկածելի բան չմնաց։