Changes

Ոդիսական

Ավելացվել է 50 745 բայտ, 14 Հունիս
/* Երգ տասնվեցերորդ։ Տելեմաքոսը ճանաչում է իր հորը */
== Երգ տասնվեցերորդ։ Տելեմաքոսը ճանաչում է իր հորը ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Եվ խրճիթում Ոդիսևսը ու խոզարածն աստվածային,
Առավոտյան, բորբոք կրակը վառելով, ճոխ նախաճաշ պատրաստեցին,
Իսկ մյուս բոլոր հովիվներին, խոզերի հետ, դաշտ ու արոտ ուղարկեցին:
Մինչ բարձրահաչ շներն բնավ չհաչեցին, երբ Տելեմաքը մոտեցավ,
Այլ գգվեցին՝ պոչերն իրենց գալարելով: Տեսավ այնժամ Ոդիսևսը աստվածային,
Որ շները, պոչերը ցից, գգվեցին խիստ, դոփյուն լսեց նա ոտքերի,
Ուստի դիմեց Եվմեոսին և խոսքն ասաց այս թևավոր.
«Ո՜վ Եվմեոս, ինչ-որ, ահա, մարդ է գալիս, գուցե և քո ընկե՞րն է դա
Կամ որևէ մի այլ ծանոթ. տես, չեն հաչում քո շները նրա վրա,
{{տող|10}}Այլ գգվում են՝ պոչերը ցից. ես լսում եմ նույնիսկ դոփյունը ոտքերի»։
Խոսքը դեռ չէր ավարտել, երբ նրա որդին սիրանվեր
Եկավ մտավ նախագավիթն, ու վեր թռավ խոզարածը խիստ զարմացած,
Ձեռքից իսկույն ցած գլորվեց սարկարանը, որի մեջ նա
Խառնում էր մուգ-կարմիր գինին, և դուրս վազեց նա իր տիրոջն անդընդառաջ
Ու սրտաբուխ, ջերմ համբուրեց գլուխն, այլև զույգ աչքերը չքնաղագեղ,
Այլև նրա երկու ձեռքերն, իսկ աչքերիցն իր նա թափեց հորդ արտասուք:
Ինչպես հայրն է հանդիպում ջերմ ու սրտառուչ՝ հեռու երկրից վերադարձող,
Տասնյակ տարի օտարության մեջ հեռացած իր սիրելի միակ որդուն,
Որին ծնեց նա հրճվելով, փափագատենչ, բայց անագան,
{{տող|20}}Այդպես ահա աստվածազարմ Տելեմաքին խաղարածը աստվածային
Գրկել էր սե՜ղմ, համբուրում էր անհագ ու ջե՜րմ, քանզի փրկվել էր նա մահից։
Ահավասիկ, այնժամ նրան նա դիմելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
«Դո՞ւ ես միթե, որ արդ եկար, Տելեմաքոս, սիրատենչիկ, իմ աչքի լույս.
Հույս չունեի, թե կտեսնեմ, երբ դու նավով դեպի Պիլոսը հեռացար
Ներս եկ շուտով, որ քեզ նայեմ, որ հրճվանքից սիրտս սիրո՜վ գեթ հագենա,
Քանզի նոր ես հեռվից հեռու այցի եկել դու խրճիթն իմ:
Մինչդեռ հաճախ դու չես գալիս դաշտերը այս, որ այցելես հովիվներիդ,
Այլ ապրում ես միշտ քաղաքում, քո ազգի մեջ և միշտ դիտում
Ամբարտավան սեղեխների ոհմակը լիրբ և անամոթ»։
{{տող|30}}Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Հենց այդպես էլ պետք է լինի, կգա՜մ, հայր իմ, ես քեզ համար այստեղ կա,
Որ աչքերովս քեզ տեսնեմ, այլև անձամբ ականջ դնեմ համբավներիդ.
Մայրս արդյոք մեր տա՞նն է դեռ, մնո՞ւմ է անդ նա տակավին,
Թե՞ այլ մարդ է արդեն գտել, իսկ ամայի մահիճի մեջ Ոդիսևսի
Թերևս հիմա սարդերն են գարշ ազատ հյուսում ոստյանն իրենց»:
 
Նորից նրան ասաց իր խոսքը խոզարած մարդկանց տերը.
«Ոչ, բնավին, մնում է դեռ, սակայն անչափ սրտակոտոր ու վշտահար
Եվ իր տան մեջ միշտ լացուկոծ, ողբ է անում նա մշտապես
Ու կարճում է նա իր օրերն ու գիշերներն արցունքի մեջ դառնակսկիծ»։
 
{{տող|40}}Այդ ասելով՝ իսկույն վերցրեց նրա ձեռքից տեգ-նիզակը պղնձասայր,
Եվ Տելեմաքը ներս մտավ` անցնելով շեմքը քարակերտ։
Իսկույն ոտքի կանգնեց նրա հայր Ոդիսևսն՝ նրան իր տեղը զիջելով,
Բայց Տելեմաքն հրաժարվեց ու բարձրաձայն այս խոսքն ասաց.
«Տեղդ նստիր, օտարական, մենք այլ մի տեղ մեզ կգտնենք այս հարկի տակ,
Այստեղ մարդ կա սպասարկու, որն և անշուշտ տեղ կտա մեզ»։
Ասաց այդպես, նստեց կրկին Ոդիսևսը, մինչ խոզարածը խնամքով
Բերեց, փռեց գետնի վրա կանաչ ոստեր, թփեր ու ջով,
Իսկ վերևից ծածկեց, փռեց նա մի մորթի, որին բազմեց Ոդիսևսի սիրած որդին։
 
Նրանց առաջ խոզարածը դրեց պնակ՝ լիքը մսով խորովածի,
{{տող|50}}Որը պահված մնացորդն էր դեռ երեկվա վայելածի։
Ապա լցրեց զամբյուղն հացով և այն հապճեպ դրեց մեջտեղ,
Այնուհետև խառնարանում խառնեց գինին մուգ-կարմրագույն ու մեղրահամ,
Ինքն էլ իսկույն նստեց այնտեղ, աստվածազարմ Ոդիսևսին դեմ-հանդիման:
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առջև պատրաստ դրված ուտես տներին,
Իսկ երբ արդեն կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր փափագում այդ,
Տելեմաքը, խոսքն ուղղելով աստվածակերպ խոզարածին, այսպես ասաց.
«Հայր իմ, ասա, որտեղի՞ց է օտարականն այս ժամանել այստեղ, քեզ մոտ,
Ո՞ր նավաստիք սրան բերին դեպ Իթակե, ինչպե՞ս էին կոչվում նրանք,
Քանզի գիտեմ, որ իսկապես սա չի եկել աստ հետիոտն»։
{{տող|60}}Այնժամ նրան ի պատասխան այս ասացիր դու, Եվմեոս, ո՛վ խոզարած.
«Քեզ, զավակս, այժմ ամեն ինչ կպատմեմ ես ճշմարտացի։
Սա պարծենում է, որ ծնվել է լայնալիր Կրետեում.
Իր ասելով` մահկանցու մարդկանց բազում քաղաքներ է շրջել արդեն,
Թափառել է երկրե-երկիր, ինչպես իրեն վիճակել էր ինքն աստվածը,
Սակայն հիմա փախել է սա թեսպրոտացի մարդկանց նավից
Ու եկել է խրճիթն իմ այս, իսկ ես ահա հանձնում եմ քեզ.
Վարվիր, ինչպես կցանկանաս, քանզի քեզնից է աղերսում նա ապավեն»։
Պատասխանեց նրան կրկին և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ավա՜ղ, դու ինձ, ո՛վ Եվմեոս, այժմ որպիսի՜ սրտակոտոր խոսք ասացիր,
{{տող|70}}Քանզի ինչպե՞ս ես կարող եմ օտարական այս եկվորին տուն ընդունել.
Դեռահաս եմ ես տակավին, եթե սրան մեկնումեկը վիրավորի,
Հզորազոր ձեռքեր չունեմ, որ պաշտպանեմ չար մարդկանցից:
Մինչդեռ մայրս, հոգով երկմիտ, երկմտանքով խորհում է դեռ,
Արդյոք մնա՞լ այստեղ ինձ մոտ և հոգատար լինել մեր տանն,
Հարգե՞լ մահիճն Ոդիսևսի և ամբոխի խոսքն ու ճոշանքն,
Թե՞ աքեյանց դյուցազններից ընտրել մեկին ազնվամեծար,
Նրան, որն այժմ, իբրև խոսնայր, նվերներ է առաջարկում ամենից շատ:
Բայց քո հյուրին, այս եկվորին, քանի որ նա արդեն եկել է այժմ քո տուն,
Բաճկոն կտամ և պատմուճան ու այլ շքեղ հագուստեղեն։
{{տող|80}}Կնվիրեմ նրան ես թուր մի երկսայրի, մույկեր կտամ ոտքի համար
Եվ կուղարկեմ ուղիղ այնտեղ, ուր որ սրտանց ինքն ուզենա ու փափագի
Կամ թե պահիր քո խրճիթում, եթե կուզես, և խնամիր միշտ հոգատար,
Եվ հենց այստեղ ես կառաքեմ հագուստեղեն ու բազմազան շատ ուտեստներ,
Իբրև ապրուստ, որ նեղություն չպատճառի նա քեզ և քո ընկերներին։
Սակայն բնավ թույլ չեմ տա ես, որ նա գնա, սեղեխներին անդ երևա,
Որոնք նպերտ են չափազանց, ամբարտավան, այլև անզուսպ վիսության տեր.
Եվ մի գուցե ծաղրեն սրան, ու ժանտալից մի ցավ դառնա դա իմ սրտին:
Մինչ միայնակ մարդու համար շա՜տ է դժվար, թեկուզ լինի նա կորովի,
Գործ կատարել բազմության դեմ, քանզի նրանք միշտ ավելի զորավոր են»:
 
{{տող|90}}Այնժամ նրան իր խոսքն ասաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
«Ո՜հ, բարեկամ, գուցե և ինձ պատշաճ է այժմ մի բան ասել.
Արդ, սիրելի սիրտն իմ արդեն կտրատվում է, երբ լսեցի պատմածը ձեր
Որ կատարում են խոսնայրներն այդքան ոճիր և այլ գործեր չարադաժան
Քեզ պես մարդու ապարանքում, քո ցանկությանն իսկ հակառակ:
Բայց ինձ ասա, կամովի՞ ես դու հանդուրժում ամենը այդ,
Թե՞ ատում է քեզ ժողովուրդն՝ հետևելով աստվածների կամքին միայն,
Կամ միգուցե ատում են քեզ քո եղբայրներն, որոնց վրա ամեն մի մարդ
Հուսադիր է պատերազմում, երբ թնդում է մարտակռիվն ահագնագույն։
Երանի՜ թե ես լինեի քեզ պես ջահել, բայց այս սրտով,
{{տող|100}}Կամ լինեի իրոք զավակն ազնվամեծար Ոդիսևսի,
Կամ լինեի Ոդիսևսը, որը անշուշտ, համոզված եմ,
Ետ պիտի գա. թող որ իսկույն ինձ գլխատեր չար թշնամին,
Եթե, իրավ, Լաերտածին Ոդիսևսի ապարանքը ներս մտնելով,
Ես այդ բոլոր լպիրշներին չջարդեի, չմատնեի ահեղ մահվան,
Թեկուզ նույնիսկ, բազմության դեմ մարտնչելիս, ես պարտվեի։
Ես գերադաս կհամարեմ՝ խորտակվել գեթ իմ հարկի տակ և իմ տան մեջ,
Քան թե ապրել և միշտ տեսնել նողկալի գործ ու քարվականք,
Տեսնել՝ ինչպե՛ս վիրավորվում են հյուրերն իմ, ինչպես հաճախ կանայք ստրուկ
Բռնաբարվում և խայտառակ անարգվում են ապարանքում իմ պերճաշուք,
{{տող|110}}Ինչպես գինին թափում, լափում են անխնա և զուր վատնում ուտեստ ու գույք,
Ինչպե՛ս դաժան կատարվում է այդ ամենը, առանց արդար մի հատուցման»:
Այնժամ նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Օտարական, քեզ այդ մասին ես կպատմեմ ճշմարտաբար.
Ո՜չ, քավ լիցի, ժողովուրդը ինձ չի ատում, թշնամի չէ նա ինձ բնավ,
Մեղավոր չեն և եղբայրներն, որոնց վրա ամեն մի մարդ
Հուսադիր է պատերազմում, երբ թնդում է մարտակռիվն ահագնագույն.
Մեր սերնդին մեկ զավակ է Զևսի կամքով միշտ վիճակված։
Արկիսիոսը ծնեց միայն մեկ զավակի, Լաերտեսին,
Ոդիսևսի հայրը նույնպես աշխարհ բերեց միակ որդուն՝ Ոդիսևսին,
{{տող|120}}Իսկ Ոդիսևսն ինձ լոկ ծնեց, տանը թողեց՝ որդուց ոչ մի շահ չստացած:
Պատճառն այդ է, որ մեր տան մեջ ներս խուժեցին բյուր թշնամիք,
Որքան որ կան իշխանազոր մեծամեծներ կղզիներում՝
Դուլիքիոնում և Սամեում, Զակինթոսի մեջ մացառուտ,
Այլև նրանք, որ իշխում են Իթակեում ապառաժուտ:
Դրանք բոլորն իմ մոր ձեռքն են խնդրում հիմա և քանդում են տունս անգութ,
Մինչ իմ մայրը ո՛չ ժխտում է ամուսնությունն, ո՛չ էլ գործին վերջ է տալիս:
Ուստի դրանք ոչնչացնում ու լափում են տունն իմ, գույքը,
Եվ շատ շուտով էլ ինձ անձամբ կկործանեն չարագործներն այդ մարդախանձ:
Բայց ամենն այդ ու մեր վիճակն գտնվում է աստվածների ծնկների մոտ,
{{տող|130}}Իսկ դու, հայը իմ, գնա իսկույն և լուր հայտնիր Պենելոպին խոհեմամիտ,
Որ ես արդեն սուրբ Պիլոսից ետ եմ եկել և որ ողջ եմ ու անվնաս,
Իսկ ես այստեղ պիտի մնամ, մինչև որ դու համբավ տանես ու ետ դառնաս։
Բայց այդ մասին աքեյանց մեջ ոչ ոք ոչինչ թող չիմանա,
Քանզի շատերն այնտեղ հիմա ինձ մահ, կորուստ են պատրաստում»։
Իսկույն նրան ի պատասխան խոսք ասացիր դու, Եվմեոս, ո՛վ խոզարած.
«Հասկանում եմ և լավ գիտեմ ամենը այդ, հրամանդ կկատարեմ,
Սակայն դու ինձ այս բանն ասա, ճշմարիտը խոսիր միայն,
Արդյո՞ք ես այժմ, ճանապարհին, այդ նույն համբավը չտանեմ նաև դժբախտ,
Ծեր Լաերտին։ Թեպետ հանուն Ոդիսևսի վշտահար էր նա չափազանց,
{{տող|140}}Բայց հսկում էր գործին դաշտում և բացի այդ՝ ստրուկների հետ միասին
Երբեմն տանն Էր ուտում, խմում, երբ որ սիրտն իր այդ էր ուզում իր կրծքի տակ։
Մինչդեռ հիմա, այն օրվանից, երբ դեպ Պիլոս դու նավեցիր,
Ասում են, նա էլ չի ուտում և չի խմում բոլորովին
Եվ չի նայում գործին արդեն, այլ միշտ, տրված լացուկոծին սրտակոտոր,
Միայն պառկած ողբ է անում, ամբողջապես ուժասպառված»։
Այնժամ նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ափսո՜ս, սակայն թողնենք այժ այդ, թեպետ նա խիստ վշտահար է,
Քանզի եթե մահկանացու մարդկանց կամքով ամեն մի գործը կատարվեր,
Կցանկայի նախ և առաջ ես վերադարձն իմ ծնող հոր,
{{տող|150}}Ուստի դու լուրը հաղորդիր Պենելոպին, ապա շուտով վերադարձիր:
Դեպի ծերուկն էլ չգնաս, այլ իմ մորը հայտնիր միայն,
Թող տնօրեն մեր ծառային նա պատվիրի գաղտնածածուկ,
Որ ծերուկին դեպի դաշտը համբավ տանի նա շուտափույթ»։
Ասաց այդպես և ուղարկեց խոզարածին։ Իսկույն վերցրեց նա մույկերն իր,
Հապճեպ հագավ ու դեպ քաղաք ճանապարհվեց, մինչդեռ այդ բանն Աթենասին
Հայտնի եղավ, որ խոզարածը փարախից իր հեռացավ,
Ուստի շուտով նա մոտ եկավ՝ նմանվելով չքնաղագեղ, քաջահասակ,
Գերահրաշ ձեռագործի լավ ընդունակ մի ժիր կնոջ
Եվ խրճիթի նախադռան դիմաց կանգնեց ու երևաց Ոդիսևսին,
{{տող|160}}Իսկ Տելեմաքն այնժամ նրան չնկատեց և չիմացավ, զի մարդկանցից
Ոչ բոլորին աստվածները երևում են տեսանելի ու բացահայտ:
Տեսավ միայն Ոդիսևսը և գամփռներն, որոնք սակայն չհաչեցին,
Այլ կաղկանձով ու ահաբեկ բակում աստ-անդ ցրիվ եկան։
Հոնքը շարժեց, աչքով արեց աստվածուհին, Ոդիսևսը հասկացավ այդ
Եվ, խրճիթից շուտ դուրս գալով, գնաց, կանգնեց բակի բարձր պարսպի մոտ,
Աստվածուհուն անդ առընթեր, ու Աթենասը բարբառեց այնժամ այսպես.
«Լաերտածին բազմահնար, ո՜վ Ոդիսևս աստվածազարմ,
Ժամանակն է, որ դու խոսես քո որդու հետ. հայտնվի՛ր նրան,
Եվ գնացեք դուք միասին վսեմափառ քաղաքն արդեն` մտածելով
{{տող|170}}Խոսնայրների մահվան մասին։ Ձեզնից հեռու երկարատև ես չեմ մնա,
Այլ պիտի գամ ձեզ օգնելու, զի մարտելու տենչանքով եմ ոգեշնչված»։
Եվ Աթենասն, այդ ասելով, իսկույն նրան հպեց, քսեց ոսկի մականն։
Հանկարծակի, ինչպես առաջ, պերճ պատմուճանն, այլև բաճկոնը մաքրափայլ
Սեղմ ծածկեցին նրա կուրծքը, և ստացավ նա հասակն իր ծաղկափթիթ,
Չքնաղ տեսքը, դեմքն իր դարձավ մութ, թխագույն, իսկ այտերը՝ լիքն ու առույգ,
Փարթամաճոխ սև մորուքը պատեց նրա կզակն իսկույն:
Հրաշքն այդպես կատարելով՝ աստվածուհին անհետացավ:
Երբ Ոդիսևսը ետ եկավ, մտավ խրճիթն, խիստ զարմացավ նրա որդին.
Սարափահար՝ նա իր աչքերն ուղղեց այլ կողմ, քանզի աստված կարծեց նրան,
{{տող|180}}Բայց և այնպես նա ձայն տվեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Շրջի՜կ, այժմ այլ տեսքով ես ինձ երևում, առաջվանից ավելի թարմ
Եվ այլ հագուստ ունես հագած, ու փոխված են քո մարմինը, կերպարանքդ:
Աստվա՜ծ ես դու, անմահներից մեկը անշուշտ, որ իշխում են լայն երկնքում:
Եղի՛ր դեպ մեզ դու ողորմած, մենք քեզ բազում ու հաճելի զոհ կբերենք
Եվ կընծայենք ոսկի կերտվածք, գթա՛ դու մեզ ու խնայիր»:
 
Պատասխանեց իսկույն նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
«Աստված չեմ ես, ինչպե՞ս է, որ անմահներին ինձ նման դու համարեցիր.
Քո հայրն եմ ես, հանուն որի տանջվում ես դու սրտահառաչ
Եվ կրում ես բյուր աղետներ՝ չարադաժան հալածվելով»։
{{տող|190}}Այդպես ասաց և համբուրեց իր զավակին, մինչ աչքերից նրա իսկույն
Թափվեց վարար արտասուքը, որը մինչ այդ զսպում էր նա, համառորեն։
Չհամոզվեց Տելեմաքոսն, որ իր հայրն է դա իսկապես,
Ուստի դիմեց իսկույն նրան և խոսք ասաց ի պատասխան.
«Ո՛չ, քա՜վ լիցի, դու Ոդիսևս իմ հայրը չես, այլ աստվածն է ինձ անխնա
Այդպես դյութում, որ առավել սրտահառաչ ու դառնադառն ես հեկեկամ:
Մահկանացու մարդն անկարող է իր խելքով և ինքնակամ
Մի այսպիսի հրաշք գործել, և միմիայն ինքը աստված, թե կամենա,
Հեշտ կարող է ծերուկ մարդուն երիտասարդ դարձնել հանկարծ:
Դու ցնցոտի հագած դժբախտ ծերուկ էիր դեռ քիչ առաջ, իսկ այժմ, ահա,
{{տող|200}}Հանդես եկար հանց մի ջահել, նման անմահ, երկնքի տեր աստվածներին»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց իսկույն նրան ու խոսք ասաց.
«Զուր մի՛ ապշիր, Տելեմաքոս, մի՛ զարմանա դու չափազանց,
Որ տեսնում ես, ահավասիկ, աչքիդ առաջ քո սիրելի հորն հարազատ,
Քանզի բնավ այլ Ոդիսևս աստ քեզ համար չի գա այլևս։
Այդ Ոդիսևսն ես եմ, որ կամ, ես, որ կրել, հանդուրժել եմ բյուր աղետներ,
Իսկ այժմ եկա երկիրը իմ հայրենավանդ՝ քսան տարի անցնելուց ետ,
Մինչ այսպիսի փոխվելը իմ` ավարառու Աթենասի գործն է միայն.
Որ տեսքեր է տալիս տարբեր, ուզածի պես, քանզի կարող է այդ անել։
Նա երբեմն ինձ դարձնում է հեգ, թշվառ շրջիկ կամ մի մուրիկ, երբեմն էլ ինձ
{{տող|210}}Նա դեռահաս, առույգ մարդու տեսք է տալիս՝ չքնաղագեղ հագուստ հագած։
Անծայրածիր երկնքի տեր աստվածների համար հեշտ է և մատչելի
Մահկանացու մարդուն անել վեհ, փառունակ և կամ դարձնել նողկ, այլանդակ»:
Այդ ասելով՝ տեղն իր նստեց, մինչ Տելեմաքն հասավ, գրկեց իր հորն ազնիվ,
Ողջագուրեց և լաց եղավ, արցունք թափեց նա դառնադառն:
Երկուսով էլ փափագեցին սրտանց ջայլել ու կսկծել արտոսրախառն:
Լալիս էին նրանք այդպես հեծկլտալով և ավելի սրտակոտոր,
Քան թռչունները վշտահար՝ ծովարծիվը, անգղները կորամագիլ,
Որոնց մատղաշ, անփետրածիլ ձագուկներն են գյուղացիները փախցըրել:
Այդպես նրանք լալիս էին ու դառնալի արցունք թափում,
{{տող|220}}Եվ արևն էլ պիտ մա՜յր մտները՝ նրանց այդ դառն հեծեծանքի մեջ թողնելով,
Եթե այնժամ Տելեմաքոսը ձայն չտար հանկարծ իր հորն
«Ավա՜ղ, հայր իմ սիրանվեր, նավորդները քեզ ի՞նչ նավով
Աստ բերեցին այժմ Իթակե։ Ի՞նչ մարդ էին, ինչպե՞ս Էին կոչվում նրանք,
Քանզի գիտեմ, որ հիրավի, աստ հետիոտն դու չես եկել»։
 
Եվ խոսքն ասաց իսկույն նրան բազմահամբեր Ոդիսևսը աստվածային
«Քեզ, զավակս, այդ ամենը ես կպատմեմ ճշմարտաբար,
Ինձ փեակներն, փառապսակայդ նավաստիք, աստ բերեցին նավի վրա:
Նրանք իրենց ապավինող օտար մարդկանց առաջնորդում են դեպի տուն:
Քնած էի արագընթաց ես նավի մեջ, սահում էր նավը ծովի մեջ,
{{տող|230}}Եվ քնած տեղն ինձ Իթակե ափ հանեցին։ Շատ ընծաներ տվեցին ինձ`
Չքնաղ, հյուսկեն, պերճ զգեստներ ու բազմազան ոսկի, պղինձ,
Որոնք կամքով աստվածների պահված են անդ, քարայրի մեջ,
Եվ այժմ ահա ես խորհրդով Աթենասի եկա այստեղ,
Որ մտածենք մենք միասին՝ ինչպե՞ս արդյոք պիտ կործանենք մեր թշնամուն։
Իսկ դու պատմիր և թիվն ասա խոսնայրների, իրավ, որքա՞ն են նրանք այժմ,
Որպեսզի ես լավ իմանամ, ի՞նչ մարդիկ են, քանի՞ հոգի.
Ես ողջախոհ իմ հոգու մեջ պիտ մտածեմ և որոշեմ՝
Կարելի՞ է, որ մենք մենակ և առանց այլ մի օգնության՝ ընդդեմ դրանց
Կանգնենք կռվի, թե՞ պիտ փնտրենք մեզ օգնություն մի կողմնակի»։
{{տող|240}}Կրկին նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Թեպետ լսել եմ ես իրոք մեծահռչակ քո փառքը միշտ, ո՜վ ծնող հայր,
Որ տիգավոր ես քաջազոր քո ձեռքերով և մի՛տք ունես քաջահանճար,
Բայց չափազանց ծանր է գործը, որ ասացիր. տարակուսում եմ ուղղակի.
Անհնար է, որ երկու մարդ մեն ու մենակ մարտեն ընդդեմ մեծ բազմության,
Մինչ սեղեխները տանյակ չեն, ոչ էլ նույնիսկ երկու տասնյակ քսջազուններ,
Այլ առավել բազմաթիվ են, և կիմանաս նրանց թիվը ինքդ շուտով։
Դոլիքիոնից աստ եկել են հիսուներկու երիտասարդ ընտիր մարդիկ,
Եվ նրանց հետ էլ միասին վեց մարդ ծառա սպասարկող,
Իսկ Սամեից հավաքվել են քըսանևչորս ազնվամեծար դյուցազուններ,
{{տող|250}}Նաև քսան երիտասարդ աքեացիք աստ եկել են Զակինթոսից.
Իթակեի միջից նաև քըսանհոգի, բոլորն ընտիր և քաջազոր:
Դրանց հետ է նաև Մեդոնն, իբրև բանբեր և երգասաց աստվածաձիր,
Եվ բացի այդ՝ կան քաջափորձ երկու հոգի` միս կտրատող։
Ուստի եթե այդ բոլորին մեր հարկի տակ այժմ հանդիպենք մենք դեմ առ դեմ,
Խիստ կտուժենք, և քո դարձը մեզ մահաբեր պիտի դառնա:
Սակայն եթե դու կարող ես, լավ մտածիր և զորավիգ մեզ որոնիր,
Որն իսկապես պատրաստ լինի մեզ օգնելու, հանց բարեկամ»։
Պատասխանեց այնժամ որդուն Ոդիսևսը բազմաչարչար ու դյուցազուն.
«Դու ինձ լսիր, ինչ որ ասեմ, քո սրտի մեջ միշտ այն պահիր
{{տող|260}}Եվ լավ դատիր. եթե իրոք մեզ պաշտպանեն վեհ Աթենասն ու Զևս հայրը,
Բավ չէ՞ արդյոք և այդքանը, թե՞ հարկավոր է օգնական մեզ որոնել»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատսախանեց նրան կրկին ու խոսք ասաց.
«Օգնականներն, որոնց դու այժմ անվանեցիր, միշտ բարեհույս են չափազանց,
Քանզի նրանք, թեև բարձր են բազմած այնտեղ, ամպերի մեջ, բայց գերազոր
Իշխողն են միշտ բոլոր մարդկանց, այլև անմահ աստվածների»։
Եվ խոսք ասաց կրկին նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային.
«Այդ երկուսն էլ արյունահեղ մարտակռվից պիտի սակավ, կա՜րճ ժամանակ
Բացակայեն, երբ իմ և ժանտ խոսնայրների միջև այնտեղ, մեր հարկի տակ,
Կռվում հզոր՝ մրցման ելնի բուռն Արեսի ոգին և ուժը մարդախանձ։
{{տող|270}}Բայց դու հիմա ետ գնա տուն, երբ որ ծագի Արշալույսը վարդամատն,
Եվ միացիր այնտեղ հույլին ամբարտավան սեղեխների:
Իսկ ինձ ապա, մի փոքր հետո, դեպի քաղաք մեր խոզարածը թող բերի,
Որւպես թշվառ շրջմոլիկի, հանց ծերունի մի մուրիկի:
Եվ եթե ինձ այնտեղ, իմ տանը անարգեն, սիրած սիրտը քո կրծքի տակ
Թող հանդուրժի, դու համբերիր իմ կրած ողջ վիրավորանքն ու եպերանքն,
Եթե նույնիսկ, լկտիաբար ոտքերիցս բռնած, քարշ տան և դուրս նետեն,
Եթե գլխիս քարեր թափեն, դու համբերիր ու քեզ պահիր միշտ անվրդով։
Դու միմիայն խոսքեր ասա մեղմ ու խոհեմ, խնդրիր նրանց գորովալիր,
Որ գեթ վերջ տան մոլեգնությանն, թեպետ նրանք չեն լսի քեզ ամենևին,
{{տող|280}}Քանզի նրանց նախավիճակ ժանտ Օրհասը մոտալուտ է և պիտի գա:
Ես քեզ մի այլ բան էլ կասեմ, և դու պահիր քո սրտում այդ.
Երբ իմ սրտին Աթենասը խորախորհուրդ ներշնչում տա,
Ես քեզ գլխիս մի շարժումով նշան կանեմ։ Երբ իմանա այդ բանը դու,
Մեր տանն եղած արեսական բոլոր զենքերը անհապաղ
Վերցրու և տար ու բարձրաբերձ մեր սենյակի մի անկյունում պահիր ծածուկ։
Եթե հանկարծ խոսնայրները հարցմունք անեն քեզ այդ մասին,
Մի կերպ նրանց դու համոզիր՝ խոսք ասելով քաղցր ու փափուկ.
«Տարել, դրել եմ ծխից դուրս, քանզի չէ՞ որ դրանք հիմա
Այնպիսիք չեն, ինչպես թողեց Ոդիսևսը՝ դեպի Տրոյա մեկնելիս,
{{տող|290}}Այլ ժանգոտել են լիովին՝ գտնվելով կրակի մոտ, գոլորշու տակ,
Եվ մանավանդ՝ այդ մեծապես ինձ իմ սրտում դրդեց որդին Կրոնոսի,
Զգո՜ւյշ լինել, զի միգուցե դուք գինովցած աստ հարուցեք կագ ու կռիվ
Եվ իրարու արյուն թափեք ու պիղծ անեք խնջույքն ամբողջ,
Այլև ձեր այս փեսայությունն, քանզի երկաթն ինքն է իր կողմ քաշում մարդուն»։
Իսկ մեզ համար դու թող միայն երկու նիզակ և երկու թուր,
Մի զույգ վահան եզնակաշի, ձեռքի համար հարմարագույն,
Որպեսզի մենք, հարձակվելիս, այդ զենքերով իսկույն զինվենք։ Մինչդեռ նրանց
Այնժամ Պալլաս Աթենասը և Զևսն զգուն պիտ մտակույր անեն անշուշտ։
Եվ ա՛յլ մի բան ես քեզ կասեմ, իսկ դու պահիր քո սրտում այդ,
{{տող|300}}Եթե դու ճիշտ իմ որդին ես, և հոսում է քո մեջ իրոք արյունը իմ,
Գաղտնի՚ պահիր. բնավ ոչ ոք թող չիմանա Ոդիսևսի դարձի մասին,
Ո՛չ Լաերտը պիտ իմանա, ո՛չ էլ հովիվ խոզարածն այս,
Ո՛չ էլ նույնիսկ մեր տնեցիք, ո՛չ էլ ինքը՝ Պենելոպեն,
Այլ դու և ես միայն գիտենք ու այդպիսով բոլոր կանանց մենք կդիտենք
Եվ կփորձենք ու կիմանանք մեր տան բոլոր ծառա մարդկանց,
Ո՞վ է մեզնից դեռ պատկառում, ո՞վ է սրտանց մեծարում մեզ,
Կամ ո՞վ է մեզ արհամարհում և անարգում քեզ պես մարդուն»։
 
Պատասխանեց նրան կրկին փառապսակ նրա որդին.
«Հայր իմ, ավա՜ղ, կարծեմ հետո դու կտեսնես և իմ ոգին կճանաչես,
{{տող|310}}Քանզի իրոք վախկոտ չեմ ես, ո՛չ էլ անգամ թեթևամիտ։
Բայց կարծում եմ, որ չի լինի քո ասածը մեզ, երկուսիս էլ օգտավետ։
Աղերսում եմ, ահավասիկ, լավ մտածիր ինքդ ու տես.
Շատ շատ երկար պիտի տևի, եթե դաշտերը շրջելով մենք սկսենք
Մարդկանց այդպես քննել, փորձել, մինչդեռ նրանք, նպերտներն այդ,
Քո հարկի տակ և քո տան մեջ անխնա պիտ լափեն- թափեն ունեցվածքդ,
Ուստի և ես խորհուրդ կտամ` քննել, զննել վարքը կանանց
Եվ իմանալ, ո՞վ է պղծում քո տունն իրոք և կամ ո՞վ է անմեղ արդյոք,
Իսկ դաշտերում տղամարդկանց մենք կարող ենք փորձել հետո, տեղնուտեղը,
Զի այդ մասին կարելի է հոգալ հետո և անագան,
{{տող|320}}Եթե Զևսից ասպարակիր ստացել ես ճիշտ այդպիսի դու մի նշան»։
Այդպես ահա նրանք այնտեղ խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ քաղաքն հասավ նավը գեղեցկակերտ, որի վրա
Տելեմաքն և իր ընկերները Իթակե էին եկել սուրբ Պիլոսից:
Երբ խորախոր նավակայանն արդեն նրանք անդ ներս մտան,
Փութանակի դեպի ցամաք հանեցին նավը սևաթույր,
Ապա նրանց զենքն ու զրահն վերցրին, տարան ծառաները մեծահոգի,
Իսկ թանկագին ընծաները Կլիտիոսի տունը տարան անմիջապես,
Եվ բացի այդ` Ոդիսևսի տունը բանբեր առաքեցին՝
Պենելոպե վեհ թագուհուն հայտնելու լուրը այն մասին,
{{տող|330}}Որ դաշտում է Տելեմաքոսն ողջ և առողջ ու պատվիրեց նավը բերել
դեպի քաղաք:
Հարկավոր էր այդ լուրը տալ, որ թագուհին գերամեծար,
Ահից իր սիրտը փարատած, զուր չթափի հորդ արտասուք:
Եվ արդ, այնտեղ համբավաբերն և խոզարածն աստվածակերպ,
Որն հայտնելու էր նույն լուրը, հանդիպեցին իրարու հետ։
Երբ որ նրանք եկան, հասան տունն արքայի աստվածային,
Համբավաբերը բարձրաձայն, նաժիշտների ներկայությամբ, անդ բարբառեց
«Ո՜վ թագուհիդ, վերադարձավ, արդեն եկավ քո զավակը սիրանվեր»։
Խոզարածն էլ, կանգնած ընթեր իր թագուհի Պենելոպին,
Գաղտնի պատմեց այն, ինչ նրան պատվիրել էր նրա որդին։
{{տող|340}}Երբ կատարեց առաջադրանքն իր այդպիսով, նա անհապաղ,
Թողնելով տունն ու ցակապատն, մեկնեց, գնաց դեպի փարախը խոզերի։
Մինչ խոսնայրները զարմացան և սրտագին ու խորախոր վիշտ զգացին,
Եվ դուրս եկան նրանք տնից, անցան դեպի բակի բարձր պարիսպները,
Այնուհետև նստոտեցին դարպասների կողքին նրանք։
Այնժամ որդին Պոլիբոսի՝ Եվրիմաքոսն հանդես եկավ ու խոսք ասաց.
«Սիրելիներ, քաջախիզախ ու մեծագույն գործ կատարեց Տելեմաքը,
Իր ճանապարհը նա անցավ, մինչ մենք, ավա՜ղ, կարծում էինք, որ նա բնավ
Ետ չի դառնա, ուստի եկեք ամենալավ սևաթույր նավը ծով ձգենք
Եվ հավաքենք թիավարներ. թող շուտ գնան ու լուր տանեն նրանք հապճեպ
{{տող|350}}Անդ մեր բոլոր ընկերներին, որ անհապաղ վերադառնան ու ետ գան տուն»։
Այդ խոսքը դեռ չէր ավարտվել, երբ Ամփինոմն, տեղնուտեղը, ետ նայելով,
Նկատեց նավն, որ ժամանեց նավակայանը խորախոր,
Ուր առագաստն Էին արդեն ցած իջեցնում, այլև թիերը հավաքում:
Ամփինոմը ուրախառիթ ժպտաց իսկույն և ձայն տվեց ընկերներին.
«Պետք չէ այլևս, որ մենք բանբեր զուր առաքենք. տեսա, եկավ նավը արդեն։
Կա՛մ ներշնչեց նրանց աստված, որ ետ դառնան, կա՛մ թե նրանք հեռվից տեսան
Տելեմաքի նավն անցնելիս, սակայն նրան թերևս հասնել չկարեցան»։
Ասաց այդպես, ու վեր կացան նրանք իսկույն և գնացին դեպի ծովափ.
Անդ շուտափույթ դուրս քաշեցին սևաթույր նավը դեպ ցամաք:
{{տող|360}}Նրանց զենքերն առան, տարան ծառաները մեծահոգի,
Իրենք սակայն դեպի ատյանը խորհրդի շտապեցին,
Բայց ոչ ոքի թույլ չտվին նիստում լինել, ո՛չ ծերերին, ո՛չ պատանյաց:
Եվ արդ, այնտեղ, նրանց առաջ, Անտինոոսը այնժամ ճառեց ու խոսք ասաց.
«Ավա՜ղ, ինչպե՞ս աստվածները մահ-կորուստից այժմ այդ մարդուն ազատեցին:
Հանապազոր և անդադար, նստած հողմուտ բարձունքներին,
Մենք իրար հետ, հերթով, անվերջ հսկում էինք, իսկ արևը մայր մտնելիս՝
Ոչ մի գիշեր ցամաք մենք չէինք դուրս գալիս, այլ մութ ծովում
Լողում էինք նավով արագ՝ սպասելով Արշալույսին աստվածածագ,
Որ գեթ բռնենք Տելեմաքին, ոչնչացնենք՝ նրա դեմ միշտ դարանամուտ:
{{տող|370}}Մինչդեռ ահա աստվածներից մեկը նրան արդեն բերեց նավակայան,
Ուստի խորհենք՝ ինչպե՞ս այստեղ Տելեմաքին թշվառագույն մահ պատրաստենք:
Հիմա այլևս մեզնից խույս տալ նա չի կարող, եթե մնա նա կենդանի,
Գիտեմ, երբե՜ք այս մեր գործը գլուխ չի գա ամենևին,
Քանզի արդեն նա իր խելքով զգոն է խիստ և խորամիտ,
Մինչ ժողովուրդն այժմ դեպի մեզ համակիր չէ, ոչ էլ նույնիսկ բարյացակամ,
Աճապարե՛նք, քանի դեռ նա չի հավաքել նոր ժողովի աքեացոց:
Ես չեմ կարծում, որ նա պղերգ կամ թույլ լինի և այդ գործի մեջ դանդաղի,
Այլ քինահույզ հանդես կգա և կպատմի ամբողջ ազգին ու ամենքին,
Որ մենք իրոք նյութում էինք նրա դաժան սպանությունն, բայց անհաջող։
{{տող|380}}Լսելով այս գործն ահռելի՝ ազգը մեր դեմ կվրդովվի,
Եվ մի գուցե չարախնդիր վարվեն մեզ հետ ու զրկեն մեզ
Մեր իսկ երկրից ու մենք, որպես փախստական, ապավինենք այլ ազգերին։
Կանխելով այդ՝ եկեք բռնենք և սպանենք քաղաքից դուրս, դաշտերի մեջ
Կամ թե նույնիսկ ճանապարհին, իսկ նրա գույքն ու կալվածը կվերցնենք մեզ
Ու հավասար մեր մեջ կարգին կբաժանենք։ Տունը սակայն
Կտանք իր մորն, այլև նրան, ով նրա հետ ամուսնանա:
Թե խորհուրդն այս չեք հավանում և ուզում եք դուք կենդանի թողնել նրան,
Որ հայրական իր ողջ գույքին իշխող լինի նա իսկապես,
Էլ միտք չունի, որ այսուհետ աստ հավաքվենք մենք խնջույքի.
{{տող|390}}Այլ ամեն մեկը մեզանից թող որ տունն իր վերադառնա
Եվ թագուհու ձեռքը խնդրի՝ ուղարկելով պերճ նվերներ ու գլխավարձ,
Իսկ նա կընտրի ամենից շատ ընծայողին, ում որ բախտ նէ վիճակել այդ»:
 
Ասաց այդպես. մինչ լուռ էին բոլորն այնտեղ ու պապանձված,
Բայց մեծափառ Ամփիոմը՝ Արետոսյան Նիսոսի զարմը մեծանուն,
Հանդես եկավ ու բարբառեց այդ ժամանակ ու խոսք ասաց.
Ցորենաշատ ու խոտավետ Դուլիքիոնից եկած բոլոր խոսնայրների
Առաջնորդն էր նա հիրավի նրան, որպես մի գերազանց ճարտասանի,
Ամենից շատ էր հավանում Պենելոպեն, քանզի բարի նա սիրտ ուներ,
Եվ նա նրանց այնտեղ դիմեց ու խոսքն ասաց այս բարեմիտ.
{{տող|400}}«Բարեկամնե՛ր, ես չեմ ուզում ու չեմ կարող կյանքից զրկել Տելեմաքին,
Քանզի ահեղ, զարհուրելի գործ է իրոք՝ արքայազուն մարդ սպանել:
Ուստի եկեք նախ և առաջ հարցնենք խորհուրդն աստվածների,
Եթե իրոք աստվածահայր Զևսն իր կամքով այդ հավանի,
Նրան ինքս, ես կսպանեմ և բոլորիդ կհորդորեմ այդ գործն անել.
Եթե մերժեն անմահները, խորհուրդ կտամ, որ այդ գործից հրաժարվենք»։
Այդպես ասաց Ամփինոմը, նրա խորհուրդն հավանեցին բոլորեքյան
Եվ անհապաղ անդ վեր կացան, Ոդիսևսի տուն գնացին։
Ներս մտնելով՝ այնտեղ իսկույն նստոտեցին հղկված ու կոկ բազմոցներին։
Մինչ որոշեց այդ ժամանակ Պենելոպեն խոհեմամիտ՝
{{տող|410}}Երևան գալ անդ վիսացող, ամբարտավան սեղեխներին,
Քանզի գիտեր, որ իր տանը չար դավանք կա՝ կործանելու իր զավակին.
Նրան հայտնեց բանբեր Մեդոնն, որ լսել էր նրանց խորհուրդը գաղտնաբար,
Ուստի և նա՝ չքնաղ կինը, արդ դուրս եկավ իր սենյակից,
Նաժիշտների հետ միասին գնաց այնտեղ, ուր հավաքն էր խոսնայրների,
Եվ, իր այտերը ծածկելով գեղեցկափայլ, շողշողենի մի շղարշով,
Նա կանգ առավ ամրակառույց դռան առաջ, շեմքին ընթեր,
Անվամբ կոչեց Անտինոոսին, պախարակեց ու խոսքն ասաց եպերալի.
«Ամբարտավա՜ն Անտինոս, աղետարա՜ր դու դավադիր,
Իթակեի ազգերի մեջ ասում են, թե հասակակից մարդկանց մեջ դու
{{տող|420}}Գերազանցն ես քո մեծ խելքով ու ճառերով, մինչդեռ բնա՜վ այդպիսին չես:
Ինչո՞ւ ես դու, շամբշագույնդ, Տելեմաքին մահ և կորուստ նյութում դաժան։
Մինչ մոռացել ես մեծարել դու աղերսող նաև մարդկանց, որոնց ահեղ
Եվ իմաստուն Զևսն է օգնում։ Նողկալի է չարիք ու դավ սարքել այլոց.
Դեռ չե՞ս հիշում՝ ինչպես մի օր, ահաբեկված ժողովրդից,
Որ չափազանց զայրացած էր, հայրդ փախավ, այստեղ եկավ,
Քանզի այնժամ նա իսկապես առընչված էր տափոսացոց հետ ավազակ։
Նա կողոպտել, վնասել էր վաղնջական մեր դաշնակից թեսպրոտացոց,
Որոնք քո հորն ոչնչացնել էին ուզում, կորզել հոգին իր սիրատենչ,
Բնաջնջել անդ, կործանել ստացվածքը և գույքերը անհաշվելի
{{տող|430}}Սակայն նրանց մոլեգնությունը մեղմացրեց, զսպեց միայն Ոդիսևսը։
Դրա համա՞ր դու կործանում և պղծում ես այժմ նրա տունը շարունակ,
Ուզում շորթել կնոջը իր, սպանել որդուն և ինձ նետել տանջանքի մեջ։
Բավակա՜ն է, պատվիրում եմ, զսպի՜ր դու քեզ ու ներշնչիր նույնը այլոց»:
 
Պատասխանեց այնժամ նրան Եվրիմաքոս Պոլիբոսյանն.
«Պենելոպե խոհեմամիտ, դու, ծերունի Իկարիոսի չքնաղ դստրիկ,
Հանգիստ եղիր և վրդովիչ մտքերն այդ քո սրտից հանիր,
Քանզի չկա և չի եղել ու չի լինի դեռ ոչ մի մարդ,
Որ հանդգնի ձեռք բարձրացնել որդուդ վրա, Տելեմաքոս զավակիդ դեմ,
Քանի ես դեռ կենդանի եմ ու տեսնում եմ լույսն արևի:
{{տող|440}}Խոսք եմ տալիս, և այս խոսքն իմ կկատարվի, ով հանդգնի,
Նիզակը իմ իսկույն նրա թուխ արյունով ես կներկեմ,
Քանզի չէ որ քաղաքավեր Ոդիսևսը հաճախակի
Վերցնում էր ինձ իր ծնկներին, խորոված միս էր դնում նա իմ ձեռքի մեջ,
Առաջարկում էր շառագույն նաև գինի քաղցրանուշիկ,
Ուստի համայն մարդկության մեջ Տելեմաքն է ամենից շատ ինձ սիրելի:
Ո՜չ, թույլ չեմ տա, որ սարսափի նա սև մահից, խոսնայրներից,
Բայց աստըծու կամքով տրված մահից դժվար է խուսափել»:
Այդպես ասաց ամոքելով, թեպետ ինքն էր նրա որդուն կորուստ նյութում,
Եվ բարձրացավ Պենելոպեն իր վերնատան շողշող սենյակը գեղեցիկ,
{{տող|450}}Արտոսրախառն ողբաց այնտեղ Ոդիսևսին՝ վեհ ամուսնուն իր սիրատենչ,
Մինչդեռ խաժակն Աթենասը ցանեց նրա աչքերին քունը քաղցրանուշ:
Երեկո էր, երբ խոզարածն աստվածային եկավ, հասավ
Ոդիսևսին ու իր որդուն։ Փարթամ ընթրիքը սարքելով՝ նրանք այնտեղ
Փողոտեցին միամյա խոզ, իսկ Աթենասն այդ ժամանակ
Եկավ, կանգնեց անդառընթեր Լաերտածին Ոդիսևսին,
Հպեց նրան իր մականը, դարձրեց նրան կրկին թշվառ մի ծերունի,
Մարմնի վրա՝ ողորմելի մի ցնցոտի. չէ՞ որ գուցե խոզարածը
Նրան տեսներ և ճանաչեր, ապա, սրտի խոր բերկրանքն իր չզսպելով,
Շուտ վազ տար տուն և իմաստուն Պենելոպին համբավն հայտներ:
{{տող|460}}Եվ Տելեմաքն առաջինը խոսքն սկսեց ու բարբառեց այնտեղ այսպես.
«Եկա՞ր արդեն, ով Եվմեոս, ի՞նչ են խոսում քաղաքի մեջ, կամ ի՞նչ լուր կա
Արդյոք նպերտ խոսնայրները վերադարձան դարանից այն,
Թե՞ այնտեղ են, դարանակալ՝ սպասելով, թե երբ պիտի ես տուն դառնամ»։
Նրան այնժամ պատասխանեց ու խոսք ասաց Եվմեոսը խոզարած.
«Քաղաքի մեջ անցընելով՝ ես այդ մասին չէի կարող խորհել անգամ,
Ես ոչ ոքի հարցմունք չարի, այլ դրդում էր ինձ իմ հոգին,
Որ շուտափույթ համբավն հայտնեմ, ապա կրկին այստեղ շուտով ետ դառնամ, գամ:
Միայն ճամփին հանդիպեցի ես բանբերին արագավազ,
Որն, արդարև, առաջինը համբավն հայտնեց քո մորն արգո:
{{տող|470}}Գիտեմ նաև ես այլ մի բան, որը տեսա ես իմ աչքով.
Երբ քաղաքից ես դուրս եկա, իսկ և իսկ անդ, որտեղ բլուրն է Հերմեսի,
Հեռվից-հեռու նկատեցի նավը արագ, որ ուղղակի ներս էր մտնում
Նավակայան։ Դրա վրա մարդիկ կային բազմաբազում,
Ծանրաբեռնված էր այն նաև վահաններով ու երկսայրի նիզակներով,
Եվ դա, կարծեմ, նրանք էին։ Ուրիշ ոչինչ էլ չգիտեմ»։
Ասաց այդպես, Տելեմաքի սուրբ զորությունն իսկույն ժպտաց,
Բայց հայացքն իր, խոզարածից աննկատ, իր ծնող հոր կողմն ուղղեց հապճեպ։
Արդ, երբ նրանք գործից պրծան և ընթրիքը պատրաստեցին,
Կուշտ ընթրեցին, ու վայելուչ այդ խնջույքից այնտեղ բոլորը լիացան,
{{տող|480}}Իսկ երբ արդեն կերուխումով լավ հագեցան, ինչպես սիրտն էր փափագում այդ,
Շուտ պառկեցին քուն մտնելու. շնորհաշուք Քունը ապա տիրեց նրանց։
</poem>
== Երգ տասնյոթերորդ։ Տելեմաքոսը վերադառնում է Իթակե ==
96
edits