: Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։
: Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւում փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։
: Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց արջեւում առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։
: Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․
: — Ընկերներ, դուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, ընկերներ, որ դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու, բայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ, թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։
: Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավուր հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։
: Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։
: Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորված չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչինիոչինչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։: Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոջիներգոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափորում։ջրափոսում։
: Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։
: Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի ' լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։
: Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։
: — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։