: Աշնան դեմ Անասնաֆերմայի դեպքերի լուրը տարածվեց երկրով մեկ։ Ամեն օր Նապոլեոնն ու Ձնագնդին աղավնիների երամներ էին ուղարկում, որոնց հանձնարարված էր մերվել հարեւան ֆերմաների անասուններին, պատմել նրանց Ապստամբության մասին եւ սովորեցնել «Անգլիայի գազանների» մեղեդին։
: Այդ ընթացքի մեծ մասը միստր Ջոնզը անց էր կացնում Վիլինգդոնի Կարմիր Առյուծ գինետանը, լսել ցանկացողներին գանգատվելով զարհուրելի անարդարությունից, որի պատճառով սեփական ֆերմայից վռնդվել էր անբան կենդանիների ոհմակի կողմից։ Մնացած ֆերմերները սկզբունքորեն նրան համակրում էին, բայց տակավին առանձնապես մեծ աջակցություն չդրսեւվորեցին։ չդրսեւորեցին։ Հոգու խորքում ամեն մեկը միտք էր անում, թե ինչպես մի ձեւ գտնի Ջոնզի դժբախտությունից օգուտ քաղելու։ Բարեբախտաբար Անասնաֆերմային կից երկու տնտեսությունների տերերը վաղուց ի վեր գժտված էին։ Դրանցից մեկը, Ֆոքսվուդը, մի խոշոր, բարձիթողի վիճակում գտնվող հնաոճ ագարակ էր՝ մեծ մասն անտառապատ, անխնամ արոտներով ու խարխուլ ցանկապատերով։ Դրա տեր միստր Փիլքինգտոնն անհոգ մի ֆերմեր էր, որն իր ժամանակի մեծ մասը նվիրում էր որսորդությանն ու ձկնորսությանը։ Մյուս ֆերման, որ կոչվում էր Փինչֆիլդ, ավելի փոքր էր եւ ավելի բարվոք։ Դրա տերը, միստր Ֆրեդրիքը, ճարպիկ ու կամակոր մի մարդ էր, որը անվերջ խառնված էր դատական գործերի մեջ եւ առուծախի անգերազանցելի գիտակ էր համարվում։ Այդ երկուսն այն աստիճան իրար հետ չունեին, որ համաձայնության չէին գա անգամ հանուն իրենց ընդհանուր շահերի պաշտպանության։
: Բայց եւ այնպես Անասնաֆերմայի ապստամբությունը երկուսին էլ հիմնովին վախեցրել էր, եւ նրանք աշխատում էին սեփական անասուններին զերծ պահել այդ մասին չափից շատ բան իմանալուց։ Սկզբում նրանք ծաղրուծանակի ենթարկեցին այն գաղափարը, թե անասուններն իրենք են տնտեսություն վարելու։ Այդ ամենը մի երկու ամիս էլ չի տեւի, ասում էին նրանք։ Նրանք լուր տարածեցին Մենըր ֆերմայի անասունների մասին («Անասնաֆերմա» անունը չհանդուրժելով, նրանք շարունակում էին այն կոչել «Մենըր ֆերմա»), թե իբր վերջիններս անընդհատ գզվռտոցների մեջ են եւ ուր որ է սովամահ են լինելու։ Որոշ ժամանակ անց, երբ անասուններն ակներեւաբար սովամահ չեղան, Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնն իրենց երգը փոխեցին ու սկսեցին պատմել Անասնաֆերմայում տիրող սոսկալի այլասերության մասին։ Պարզվեց, որ անասուններն այնտեղ զբաղվում էին կանիբալիզմով, շիկացած պայտերով իրար էին խոշտանգում եւ էգերից օգտվում էին ընդհանուր հիմունքներով։ Ահա թե ինչ է դուրս գալիս Բնության օրենքների դեմ ապստամբելուց, ասում էին Ֆրեդրիքն ու Փիլքինգտոնը։
: Ինչեւէ, այդ պատմություններին մինչեւ վերջ ոչ ոք չէր հավատում։ Շարունակում էին անորոշ ու աղավաղված լուրեր տարածել հեքիաթային մի ֆերմայի մասին, որտեղից մարդիկ արտաքսված էին եւ ուր անասուններն իրենք էին իրենց գլխի տերը։ Այդ տարում ամբողջ երկրամասով մեկ խռովարարության ալիք անցավ։ Նախկինում միշտ հեզ ցուլերը հանկացծ հանկարծ կատաղում էին, ոչխարները փլում էին ցանկապատերն ու սրբում երիցուկի դաշտերը, կովերը դույլը շուռ էին տալիս, որսաձիերը մեխվում էին խոչընդոտների առջեւ, տերերին թամբից շպրտելով։ Եվ ամենակարեւորը՝ «Անգլիայի գազանների» մեղեդին եւ անգամ բառերը ամենուր հայտնի էին դարձել։ Այն տարածվել էր ապշեցուցիչ արագությամբ։ Մարդիկ ակնարող էին զսպել իրենց կատաղությունն այդ երգը լսելիս, սակայն ձեւացնում էին, թե այն պարզապես ծիծաղելի է։ Անհաստանալի Անհասկանալի է, ասում էին նրանք, թե ինչպես նույնիսկ անասունները , կարող են իրենց թույլ տալ երգել նման անարժան ոչնչությունը։ Այդ անելիս բռնված անասունները տեղնուտեղը մտրակահարվում էին։ Բայց եւ այնպես այդ երգն անպարտելի էր։ Կեռնեխներն այն ծլվլում էին թփուտներում, աղավնիները սուլում էին ծփիների վրա, այն լսվում էր դարբնոցների աղմուկի մեջ եւ եկեղեցական զանգերի ղողանջում։ Մարդկանց սիրտն այդ երգից ծածուկ դող էր ընկնում՝ նրանք լսում էին իրենց կործանման մարգարեությունը։
: Հոկտեմբերի սկզբին, երբ հացահատիկն արդեն հավաքված ու կապված էր, իսկ որոշ մասը՝ նաեւ կալսված, աղավնիների ծայր աստիճան հուզված մի երամ վայրէջք կատարեց Անասնաֆերմայի բակում։ Ջոնզն ու իր աշխատավորները եւ նրանց հետ ֆոքսվուդից ու Փինչֆիլդից մի տասնյակ մարդիկ ներս էին անցել հնգահեծան դարպասից ու այժմ առաջնորդվում էին ֆերմայի կողմը։
: Բոլորը զինված էին փայտերով, բացի Ջոնզից, որ, հրացանը ձեռքին, քայլում էր առջեւից։ Կասկած չկար, որ նրանք մտադիր էին ֆերման հետ գրավել։
: Այդ ամենը վաղուց էր ակնկալվում, եւ անհրաժեշտ պատրաստություններն արված էին։ Ձնագնդին, որն ուսումնասիրել էր Հուլիոս Կեսարի արշավների մասին տանը հայտնաբերված հին գիրքը, դարձավ պաշտպանական միջոցառումների պատասխանատուն։ Նա շտապ հրահանգներ արձակեց, եւ երկու րոպե չանցած ամեն անասուն արդեն իր տեղում էր։
: Երբ մարդիկ մոտեցան ֆերմայի շինություններին, Ձնագնդին նախաձեռնեց առաջին գրոհը։ Բոլոր երեսունչորս աղավնիները սկսեցին դես ու դեն անել մարդկանց գլխավերեւում եւ նրանց վրա ծրտել, մինչ թփերում թաքնված սագերը դուրս պրծան ու սկսեցին քինոտ կտցել մարդկանց սրունքները։ Բայց եւ այնպես դա ընդամենը թեթեւ մի ընդհարում էր իրարանցում ստեղծելու նպատակով, եւ մարդիկ սագերին հեշտությամբ քշեցին փայտերով։ Այժմ Ձնագնդին մարտի կոչեց երկրորդ շարասյունը։ Մյուրիելը, Բենիամինը եւ ոչխարները Ձնագնդու գլխավորությամբ նետվեցին առաջ եւ սկսեցին չորս կողմից պոզահարել ու հարվածել մարդկանց, մինչ Բենիամինը նրանց սմբակներով հետեւանց քացի էր տալիս։ Սակայն այս անգամ էլ փայտերով ու նալած կոշիկներով մարդիկ ավելի ուժեղ դուրս եկան, եւ, Ձնագնդու կտրում կտրուկ վնգստոցին ենթարկվելով, որը նահանջի նշան էր, անասունները շուռ եկան ու փախան ֆերմայի բակը։: Մարդիկ ցնծագին աղաղակներ արձակեցին։ Նրանց թվաց, թե թշնամին տեղի է տալիս, եւ նրանք անկանոն նետվեցին առաջ։ Դա հենց այն էր, ինչ նախատեսել էր Ձնագնդին։ Հենց որ մարդիկ խորացան բակում, գոմում դարան մտած երեք ձիերը, երեք կովերը եւ մնացած խոզերը հանկարծակի դուրս պրծան եւ կտրեցին նահանջի ճանապարհը։ Ձնագնդին հարձակման նշան տվեց եւ ինքը նետվեց Ջոնզի վրա։ Ջոնզը բարձրացրեց հրացանն ու կրակեց։ Կոտորակը Ձնագնդու մեջքին արյունոտ գծեր քաշեց, սպանելով ոչխարներից մեկին։ Մի պահ անգամ չվարանելով, Ձնագնդին իր վեց փթանոց իրանով նետվեց Ջոնզի ոտքերին։ Վերջինս տապալվեց թրիքի կույտի մեջ, հրացանը վար գցելով։ Սակայն ամենից սարսռազդու տեսարանը ներկայացնում էր Դմբուզը՝ հետեւի ոտքերին բարձրացած, նա իսկական հովատակի պես հարվածների տարափ էր հասցնում իր սմբակներով։ Առաջին իսկ հարվածը հասավ ֆոքսվուդցի մի ջահել ջահեիլ գանգին, նրան անկենդան փռելով ցեխին։ Այդ տեսնելուն պես մարդկանցից ոմանք, փայտերը գցելով, փորձեցին փախչել։ Նրանք խուճապի մատնվեցին, եւ կենդանիները սկսեցին բակով մեկ հետապնդել նրանց։ Նրանք խփում էին, կծում, քացի տալիս, ոտնահարում։ Ֆերմայում չմնաց ոչ մի անասուն, որն իր վրեժը յուրովի ձեւով չհաներ։ Նույնիսկ կատուն՝ կտուրից անսպասելիորեն ցատկեց մեկի ուսերին ու ճանկերը մխրճեց նրա վիզը, որից վերջինս սկսեց սոսկալի աղաղակել։ Հարմար պահ ընտրելով, մարդիկ բակից դուրս պրծան ու նետվեցին դեպի ճանապարհը։ Այդպիսով, ներխուժումից հինգ րոպե չանցած, նրանք իրենց եկած ճամփով մատնվեցին անփառունակ նահանջի, մինչ սագերի երամը, հետեւից ընկած, փշշացնում էր ու կտցում նրանց սրունքները։
: Բոլոր մարդիկ գնացին, բացի մեկից։ Բակի խորքում Դմբուզը փորձում էր սմբակով շուռ տալ երեսնիվար ցեխի մեջ փռված ջահելին։ Տղան չէր շարժվում։
: — Նա մեռած է։— Ափսոսանքով ասաց Դմբուզը։— Ես այդ անելու մտադրություն չունեի։ Ես մոռացել էի, որ սմբակներս պայտած են։ Հավատացեք, դա դիտմամբ չեմ արել։
: — Ես չեմ ուզում ուրիշին կյանքից զրկել։ Անգամ՝ մարդուն։— Կրկնեց Դմբուզը, աչքերը թաց։
: — Մոլլին ի՞նչ եղավ։— Բացականչեց ինչ֊որ մեկը։
: Մոլլին չկար։ Մի պահ բոլորն իրար անցան այն վախից , թե մարդիկ կարող էին նրան վնասած կամ փախցրած լինել։ Սակայն վերջում նրան գտան գոմում թաքնված, գլուխը թաղած մսուրի մեջ։ Նա փախուստի էր դիմել կրակոցից անմիջապես հետո։ Իսկ երբ վերադարձան նրան փնտրելու գնացած մյուս անասունները, պարզվեց, որ բակի տղան, որը, փաստորեն, միայն շշմած էր, արդեն ուշքի է եկել ու թողել֊փախել։
: Բոլոր անասունները ծայր աստիճան գրգռված էին, ամեն մեկը բարձրաձայն վերապատմում էր ճակատամարտին ցուցաբերած իր մասնակցությունը։ Տեղնուտեղը հանպատրաստից ծագեց հաղթանակին նվիրված տոնակատարություն։ Բարձրացնելով դրոշը, բոլորը մի քանի անգամ երգեցին «Անգլիայի գազանները», ապա կատարվեց զոհված ոչխարի հանդիսավոր թաղումը։ Գերեզմանին ալոճենու թուփ տնկեցին։ Ձնագնդին փոքրիկ ճառ արտասանեց, շեշտելով, որ բոլոր կենդանիները հարկ եղած դեպքում պետք է պատրաստ լինեն կյանքերը զոհել հանուն Անասնաֆերմայի։
: Անասունները միաձայն որոշում ընդունեցին սահմանել մարտական շքանշան՝ «Հերոս Անասուն, Առաջին Կարգի», եւ իսկույն եւեթ դրանով պարգեւատրեցին Ձնագնդուն ու Դմբուզին։ Շքանշանը պղնձե մի մեդալ էր (պահասենյակում գտած հին թամբերի զարդերից), որը հարկ էր կրել տոն եւ կիրակի օրերին։ Սահմանվեց նաեւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն», որով հետմահու պարգեւատրվեց զոհված ոչխարը։