:Հոյակապ է։ Ահա այսպես նա կպատժի միսս Այվորսին։ Իսկ որ իր մորաքույրերը ուղղակի անքաղաքավարի պառավներ էին, դա Գաբրիելին չէր հետաքրքրում։
:Հյուրասենյակից լսվող խոսակցությունը գրավեց նրա ուշադրությունը։ Միստր Բրաունը ծեքծեքումով ուղեկցեց մորաքույր Ջուլիային, որը հենվել էր նրա ձեռքին և ժպտում էր։ Լսվեցին հատուկենտ ծափեր, հետո դանդաղ մարեցին, երբ Մերի Ջեյնը նստեց ռոյալի առջև, իսկ մորաքույր Ջուլիան, արդեն լրջացած, կանգնեց նրա կողքին և շրջվեց դեպի ունկնդիրները այնպիսի դիրքով, որ ձայնը լավ լսվի։ Գաբրիելը վերհիշեց նախերգանքը։ Դա «Հարսանյաց զգեստով» հինավուրց երգն էր, որ հաճախ էր Ջուլիան երգում։ Նրա ուժեղ ու մաքուր ձայնը վստահ առաջ էր տանում մեղեդին, փայլուն կերպով կատարելով բոլոր ելևէջները, և չնայած նա երգում էր արագ, սակայն բաց չթողեց և ոչ մի երանգ։ Եվ եթե լսողը չնայեր նրա դեմքին, ապա նրա ձայնից ծնվող զգացումը կնմանեցներ արագ և վստահ թռիչքի։ Գաբրիելն ուժգնորեն ծափահարեց ուրիշների հետ, երբ երգն ավարտվեց, ծափ տվեցին նաև ճաշասենյակի անտեսանելի ունկնդիրները։ Երբ նա թեքվեց՝ դարակին դնելու կաշեկազմ նոտաները, Ֆրեդի Մալինսը, որը երգն ունկնդրելիս գլուխը թեքել էր, որ լավ լսի, դեռ շարունակում էր ծափահարել, չնայած ծափերն արդեն դադարել էին։ Հետո նա աշխուժորեն ինչ-որ բան ասաց մորը, որ դանդաղ եւ հանդիսավոր գլխով արեց։ Վերջապես, երբ նա այլևս ուժ չուներ ծափահարելու, վեր թռավ ու փութկոտ քայլերով մոտեցավ մորաքույր Ջուլիային։ Նա երկու ձեռքով բռնեց մորաքույր Ջուլիայի ձեռքը և ցնցեց այն պահին, երբ բառերը նրան չէին հերիքում միտքն ավարտելու, կամ էլ կակազելն էր խանգարում։
:— Ես հենց նոր ասում էի մորս,— որ դուք երբեք այդպես երգած չկայիք։ Չէ, ազնվորեն եմ ասում՝ ինչպիսի՛ ձայն... Երբե՛ք... Ի՞նչ։ Չե՞ք հավատում։ Ճշմարիտ եմ ասում։ Պատվովս եմ երղվում։ Այդքա՛ն ուժեղ և այդքա՛ն մւսքուր... և այդքա՛ն հուժկու... Երբե՚ք չէի լսել...
:Մորաքույր Ջուլիան ժպտաց, ինչ-որ բան ասաց հաճոյախոսության մասին և զգուշորեն ազատեց ձեռքը։
:Միստր Բրաունը նրան մեկնեց ձեռքը և դիմեց ունկնդիրներին տոնավաճառ կանչողի մի այնպիսի ձայնով, որի նպատակը կարծես բնության ինչ-որ հրաշք ցույց տալն էր։
:— Իմ վերջին հայտնագործությունն է միսս Ջո՛ւլիա Մորքանը։
:Նա սրտանց ծիծաղեց իր կատակի վրա, բայց Ֆրեդի Մալինսը շրջվեց ու ասաց.
:— Եվ նման հաճելի հայտնագործույթյուններ միշտ չէ. որ կարող եք անել, հավատացնում եմ ձեզ։ Միայն կարող եմ ասել, որ ես մինչև հիմա երբեք չէի լսել այդքան հաջող կատարում։ Եվ դա ճշմարտություն է։
:— Ես նույնպես չէի լսել,— ասաց միստր Բրաունը։— Նրա ձայնը շատ է լավացել։
:Մորաքույր Ջուլիան ուսերը թափ տվեց և ասաց համեստ եւ անսրտությամբ.
:— Երեսուն տարի առաջ ես լավ ձայն ունեի։
:— Ես միշտ Ջուլիային ասել եմ,— կրքոտորեն նկատեց մորաքույր Քեյթը,— որ ինքը իզուր տեղը կորչում է այդ երգչախմբում, բայց նա լսել անգամ չէր ուզում։
:Նա շրջվեց դեպի հյուրերը, ասես անհնազանդ երեխայի հետ էր վիճում և դիմում էր նրանց օգնությանը։ Մորաքույր Ջուլիան նայում էր ուղիղ իր առջև՝ դեմքին վերհուշի թույլ մի ժպիտ։
:— Այո,— շարունակեց մարաքույր Քեյթը,— նա ոչ մեկին չի ուզում լսել և տանջվում է այդ երգչախմբի պատճառով առավոտից երեկո և երբեմն, անգամ գիշերները։ Նոր տարվա առաջին օրը սկսում են ժամը վեցին, դե՛ պատկերացրեք։ Եվ հանուն ինչի՞։
:Մերի Ջեյնը շրջվեց բազկաթոռի վրա ու ժպտաց։
:— Հանուն Տիրոջը ծառայելու, մորաքույր Քեյթ, այնպես չէ՞։
:― Տիրոջը ծառայելը շատ լավ է, Մերի Ջեյն, ես լավ գիտեմ, բայց կցանկանայի իմանալ՝ արդյոք Հռոմի պապին պատի՞վ է բերում, երբ նա քշում է եկեղեցական երգչախմբից այն կանանց, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են այդ գործին և նրանց տեղը տալիս է փսլնքոտ տղաներին։ Ես գտնում եմ, որ եթե պապը վարվում է այդպես, դա եկեղեցու օգտին է։ Բայց ոչ Մերի Ջեյն. դա ճիշտ չէ և ոչ էլ արդարացի։
:Խոսակցությունը նրան բորբոքել էր եւ դեռ կշարունակեր պաշտպանել իր քրոջ ցավոտ հարցը, բայց Մերի Ջեյնը, տեսնելով, որ պարող զույգերը վերադառնում են հյուրասենյակ, հաշտեցնող տոնով ասաց.
:— Մորաքույր Քեյթ, ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում միստր Բրաունի ներկայությամբ, չէ՞ որ նա բողոքական է։
:Մորաքույր Քեյթը շրջվեց դեպի միստր Բրաունը, որը քմծիծաղում էր իր հավատի մասին արած ակնարկից, շտապով ասաց.
:— Աստծո՛ սիրուն, մի մտածեք, թե ես կասկածում եմ պապի իրավասության վրա։ Ես, պարզապես, մի հիմար պառավ եմ եւ նման բան երբեք չեմ համարձակվի ասել։ Բայց կան բաներ, ինչպիսիք են առօրյա քաղաքավարության ու երախտագիտության օրենքները, որ ես Ջուլիայի փոխարեն կասեի հայր Հիլիի երեսին...
:— Եվ բացի այդ, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը,— մենք բոլորս էլ քաղցած ենք, իսկ երբ մարդիկ քաղցած են, ապա նրանք տրամադրված են վիճելու։
:― Իսկ երբ մարդիկ ծարավ են, ապա նրանք նույնպես ցանկանում են վիճել,— ավելացրեց միստր Բրաունը։
:— Ուրեմն՝ եկեք սկզբում ընթրենք, իսկ քննարկումը հետո շարունակենք,— ասաց Մերի Ջեյնը։
:Հյուրասենյակ տանող միջանցքի դռան մոտ Գաբրիելը հանդիպեց իր կնոջը ու Մերի Ջեյնին, որոնք համոզում էին միսս Այվորսին, որ նա մնար ընթրիքին։ Բայց միսս Այվոոս որն արդեն դրել էր գլխարկը և կոճկում էր վերարկուն, ոչ մի կերպ չհամաձայնեց։ Նա ասաց, որ քաղցած չէ և որ իր ժամանակը սպառվել է։
:— Դե գոնե մի տասը րոպե, Մոլլի,— ասաց միսիս Քոնռոյը։— Չեք ուշանա։
:― Այդքան պարելուց հետո,— ասաց Մերի Ջեյնը,— լավ կլիներ, որ մի բան ուտեիք։
:— Ազնիվ խոսք, չեմ կարող,— ասաց միսս Այվորսը։
:— Դուք երևի ձանձրացաք,— վշտացած ասաց Մերի Ջեյնը։
:— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, ընդհակառակը,— ասաց միսս Այվորսը,— բայց խնդրում եմ հիմա ինձ թույլ տվեք գնալ։
:— Բայց մենակ ինչպե՞ս եք տեղ հասնելու,— հարցրեց միսս Քոնրոյը։
:— Այստեղից ընդամենը երկու քայլ է, կգնամ։
:Մի պահ տատանվելուց հետո Գաբրիելն ասաց.
:— Եթե դուք որոշել եք անպայման գնալ, ապա թույլ տվեք ձեզ ուղեկցել։
:Միսիս Այվորսը թափ տվեց ձեռքը։
:— Լսե՛լ անգամ չեմ ուզում,— բացականչեց նա։ Աստծո՛ սիրուն, գնացեք և ընթրեք, իմ մասին մի մտածեք։ Ես լավ տեղ կհասնեմ։
:— Դուք զվարճալի աղջիկ եք, Մոլլի,— անկեղծորեն ասաց միսիս Քոնրոյը։
:— Bennacht libh,— ծիծաղելով բացականչեց միսս Այվորսը եւ ցած իջավ աստիճաններով։ Մեր,ի Ջեյնը նրան նայեց դառնացած և տարակուսանքով, իսկ միսիս Քոնրոյը թեքվեց բազրիքի վրա և ականջ դրեց դռան շրխկոցին։ Գաբրիելի մտքով անցավ, գուցե ինքն Էր պատճառը, որ միսս Այվորսն այդպես շուտափույթ մեկնեց, բայց միսս Այվորսը գնալիս բոլորովին էլ տխուր չէր, նա ծիծաղում էր։ Գաբրիելը սառը հայացքով դեռ նայում էր սանդղավանդակի բաց տարածությանը, երբ հանկարծ ճաշասենյակից հայտնվեց մորաքույր Քեյթը։ Նա շտապում էր, սայթաքում և ձեռքերն անօգնական թափահարում։
:— Ո՞ւր է Գաբրիելը,— հարցրեց նա։— Ի սե՛ր աստծո, որտե՞ղ է կորել Գաբրիելը։ Ճաշաս՛ենյակում բոլորը հավաքվել են սեղանի շուրջը եւ չկա մեկը, որ սագը կտրտի։
:— Ես այստե՛ղ եմ, մորաքույր Քեյթ,— բացականչեց Գաբրիելը աշխուժանալով։— Եթե պետք է, կարող եմ սագերի մի ամբողջ երամ կտրտել։
:Ճարպոտ, կարմրացրած սագը դրված էր սեղանի ծայրին, իսկ մյուս սեղանին՝ ծալքավորված թղթի վրա՝ ազատքեղով շոգեխաշած ապխտած ազդր, որի կաշին հանել էին և մսի վրա լցրել ծեծած պաքսիմատ։ Ազդրոսկրի շուրջը թղթե ծոպերիզ կար, իսկ կողքին՝ համեմված ռոստբիֆ։ Այս երկու մրցակից ուտելիքների միջև, ողջ սեղանի երկայնքով, ձգվում էին փոքրիկ ափսեները։ Երկու ափսեներ, ասես երկու փոքրիկ տաճարներ՝ լիքն էին կարմիր ու դեղին մածիտներով, մի տափակ ափսե՝ սպիտակ դոնդողի խորանարդիկներով եւ քաղցրավենիքներով։ Սեղանին կար մի մեծ կանաչ սկուտեղ՝ տերևի նման, իսկ կոթը, ցողունի, որը ծանրաբեռնված էր մուգ֊կապտագույն չամիչով և մաքրած նշով։ Մի ուրիշ ափսե լիքն էր Զմյուռնիայի թդով։ Մանրացրած մշկընկույզ էր ցանած սաբոյանի սոուսով լեցուն ափսեի վրա։ Մի փոքրիկ ափսեում դասավորել էին կոնֆետներ ու շոկոլադներ, իսկ մի մեծ սկահակից ցցվել էին ազատքեղի մի քանի երկար ցողուններ։ Սեղանի կենտրոնում, մատուցարանի կողքին, որի վրա բարձրանում էին խնձորի ու նարնջի բրգեր, պահապանների պես կանգնած էին բյուրեղապակյա երկու ուռուցիկ ստվարներ, մեկը լցված էր պորտվեյնով, իսկ մյուսը՝ մուգ խերեսով։ Ռոյալի իջեցված կափարիչի վրա իր հերթին էր սպասում հսկա, դեղին ափսեի մեջ դրված պուդինգը, իսկ կողքին շարված էին շշերի երեք առանձին խմբեր՝ գարեջրով, եյլով և հանքային ջրով։ Շշերը խմբավորված էին ըստ իրենց համազգեստի գույների, առաջին երկուսը՝ սև, կարմիր և մոխրագույն պիտակներ ունեին, իսկ երրորդը՝ ամենաբազմաքանակը՝ շեղ և իրար հատվող սպիտակ ու կանաչ։ Գաբրիելը վստահորեն գրավեց իր տեղը սեղանի գլխին, նայեց դանակի շեղբին և պատառաքաղը վճռականորեն խրեց սագի մեջ։ Նա այժմ իրեն հոյակապ էր զգում, կարող էր վարպետորեն կտրտել տապակած սագը և անչափ սիրում էր նստել հենց այնպես, խորտիկներով ծանրաբեռնված սեղանի գլխին։
:— Միսս Ֆերլոնգ,— ասաց նա.— ի՞նչ կցանկանայիք՝ թև՝, թե՞ կրծքամիս։
:— Մի կտոր կրծքամսից։
:— Միսս Հիգինս, իսկ ձե՞զ։
:— Ինչ էլ տաք՝ ինձ համար միևնույն է։
:Մինչ Գաբրիելը և միսս Դելին հյուրերին կփոխանցեին սագի և ապխտի կտորները, Լիլին հերթով մոտենում էր հյուրերին՝ ձեռքին մի մեծ ափսե, որտեղ սպիտակ անձեռոցիկի մեջ տաք, փխրուն կարտոֆիլ կար։ Դա Մերի Ջեյնի նորարարությունն էր և հենց նա էլ ցանկանում էր սագի հետ մատուցել խնձորի սոուս, բայց մորաքույր Քեյթը ասաց, որ նա ողջ կյանքում կերել է տապակած սագ, առանց սոուսի և, թող աստված տա, որ միշտ այդպես լինի։ Մերի Ջեյնը հյուրասիրում էր իր աշակերտներին և հետևում, որ նրանց բաժին ընկնեին լավագույն կտորները, իսկ մորաքույր Քեյթը և մորաքույր Ջուլիան խցանահանում էին և սեղանին դնում գարեջրի ու էդի շշեր՝ տղամարդկանց համար, իսկ կանանց՝ հանքային ջրեր։ Դանակների, պատառաքաղների ու ապակյա բաժակների զրնգոցները միախառնվում էին հյուրերի ծիծաղին ու աղմուկին։ Հենց որ հյուրերը ստացան սագի առաջին բաժինը, Գաբրիելը կտրտեց երկրորդ բաժինը և իր ափսեում ոչինչ չդրեց։
:Ոմանք պահանջեցին, որ Գաբրիելն էլ ընթրի և նա, ի նշան համաձայնության, գինի խմեց, նրա կարծիքով սագի կտրտելը իսկապես ծանր գործ է։ Մերի Ջեյնը հանգիստ նստած ընթրում էր, բայց մորաքույր Քեյթն ու մորաքույր Ջուլիան վազվզում էին սեղանի շուրջը, իրար բախվում, տրորում մեկը մյուսի ոտքը, հրամաններ տալիս, և ոչ նա, և ոչ էլ մյուսը չէին կատարում հրամանները։ Միստր Բրաունը աղաչում էր, որ նրանք նստեն և ընթրեն, նույն բանն էր ասում Գաբրիելը, բայց նրանք պատասխանում էին, որ ուտելու ժամանակ կգտնեն։ Վերջապես Ֆրեդի Մալինսը վեր կացավ, բռնեց մորաքույր Քեյթի ձեռքը և ընդհանուր ծիծաղի ներքո, նստեցրեց աթոռին։
:Երբ ամեն ոք ստացավ իր բաժինը, Գաբրիելը ժպտալով ասաց.
:—Դե՛, եթե որևէ մեկը ցանկանում է, ինչպես ժողովուրդն է ասում, սագի լցուկից մի աման էլ, թող ասի։
:Հյուրերից մի քանիսը առաջարկեցին, որ Գաբրիելը նույնպես ընթրի, եւ Լիլին նրան մատուցեց այն երեք կարտոֆիլները, որ ինքը պահել էր նրա համար։
:— Հնազանդվում եմ,— սիրալիր ասաց Գաբրիելը և նորից գարեջուր խմեց,— խնդրում եմ, լեդիներ և ջենտլմեններ, մի քանի րոպե մոռանաք իմ գոյությունը։
:Նա սկսեց ուտել և չէր մասնակցում խոսակցությանը, որ ափսեների չխչխկոցի միջից հազիվ էր լսվում։ Խոսակցության թեման օպերային մի խմբի մասին էր, որ հյուրախաղերի էր եկել արքունական թատրոն։ Տենորը՝ միստր Բարթել Դ՚Արսին, որը նուրբ բեղով, թուխ մի երիտասարդ էր, շատ էր գովում առաջին կոնտրալտոն, բայց միսս Ֆերլոնգը գտնում էր, որ նրա կատարումը գռեհիկ է։ Ֆրեդի Մալինսը ասաց, որ մյուզիկհոլլի երկրորդ մասում ցեղապետի դերերգը կատարում է մի նեգր և նա հոյակապ տենոր է, լավագույնը բոլոր այն տենորներից, որ ինքը երբևէ լսել է։
:— Իսկ դուք նրան լսե՞լ եք,— հարցրեց նա միստր Բարթել Դ՚Արսիին։
:— Ոչ,— անփութորեն պատասխանեց միստր Բարթել Դ՚Արսին։
:— Գիտե՞ք ինչ,— բացատրեց Ֆրեդի Մալինսը,— ինձ շատ է հետաքրքրում ձեր կարծիքը։ Ինձ թվում է, որ նա հոյակապ ձայն ունի։
:— Ֆրեդին միշտ զարմանալի հայտնագործություններ է անում,— մտերմիկ քմծիծաղով ասաց միստր Բրաունը՝ դիմելով սեղանակիցներին։
:— Իսկ ինչ է, անհնա՞ր է, որ նա լավ ձայն ունենա, եթե նա սևամորթ է, ուրեմն լավ ձայն ունենալ չի՞ կարող։
:Ոչ ոք չպատասխանեց և Մերի Ջեյնը նորից խոսք բացեց դասական օպերայի մասին։ Նրա աշակերտներից մեկը նրան տվել էր «Մինյոնի» ներկայացման տոմս։ Ինչ խոսք, կատարումը հիանալի էր, բայց անկարելի էր չվերհիշել խեղճ Ջորջինե Բերնսին։ Միստր Բրաունը սկսեց վերհիշել իտալական այն հին խմբերը, որոնք մի ժամանակ գալիս էին Դուբլին։ Նա հիշեց Թիհթջենսին, Իլմա դե Մուրղկային, Կամաանինիին, մեծ Տրեբելլիին, Ջուլինիին, Ռավելիին, Արամբուրոյին։
:— Այդ օրերին,— ասաց նա,— Դուբլինում կարող էիր լսել իսկական երգիչների։
:Նա պատմեց նաև այն մասին, թե ինչպես հին թագավորական թատրոնի վերնասրահում ասեղ գցելու տեղ չկար, և թե ինչպես վերնասրահի տղաները պրիմադոննայի կառքի ձիերը արձակեցին և, իրենք լծվելով կառքին, տարան նրան մինչև հյուրանոց։ Նա հիշեց իտալական տենորին, որը հինգ անգամ կրկն՛եց «Որպ՛ես զինվոր թող մեռնեմ» արիան և ամեն անգամ կարողացավ վերցնել վերին սին։
:— Իսկ ինչո՞ւ հիմա ոչ ոք չի երգում հին օպերաներից,— հարցրեց միստր Բրաունը։ Ինչո՞ւ չեն խաղում «Դինորը», «Լուկրեցիա Բորջիան»։ Որովհետև վարպետ երգիչներ չկան։ Ահա՛ թե ինչու։
:— Դե,— ասաց միստր Բարթել Դ՚Արսին,— կարծում եմ, որ հիմա էլ կան երգիչներ, որոնք չեն զիջում հներին։
:— Որտե՞ղ են նրանք,— մարտահրավեր նետեց միստր Բրաունը։
:— Լո՛նդոնում, Փարիզո՛ւմ, Միլանո՚ւմ,— կրքոտորեև պատասխանեց միստր Բարթել Դ՚Արսին։— Օրինակ. Կարուզոն ձեր թված երգիչներից ոչ մեկին չի զիջում և անգամ բարձր է նրանցից։
:— Հնարավոր է,— ասաց միստր Բրաունը,— թեև ես խիստ կասկածում եմ։
:— Ա՜խ, ամեն ինչ կտայի՝ Կարուզոյին լսելու համար,— ասաց Մերի Ջեյնը։
:— Ինձ համար,— ասաց մորաքույր Քեյթը, մաքրելով ոսկորը մսից,— գոյություն ունի միայն մի տենոր, այսինքն, տենոր, որն ինձ դուր է գալիս։ Բայց, հավանաբար, ձեզանից ոչ ոք նրա մասին չի լսել։
:— Իսկ ո՞վ է նա,— միսս Մորքան,— քաղաքավարի հարցրեց միստր Բարթել Դ՚Արսին։
:— Նրա անունն է Պարկինսոն,— ասաց մորաքույր Քեյթը։— Ես նրան լսել եմ նրա տաղանդի ծաղկման ժամանակ։ Այդպիսի մաքուր տենոր ոչ մի տղամարդ դեռ չի ունեցել։
:— Տարօրինակ է,— ասաց միստր Բարթել Դ՚Արսին,— երբեք նրա անունը չեմ լսել։
:— Ո՛չ, ո՛չ, միսս Մորքանը ճիշտ է ասում,— ասաց միստր Բրաունը։— Վերհիշեցի, որ լսել եմ ծերուկ Պարկինսոնի անունը, բայց նա արդեն իմ հիշողությունից ջնջվել է։
:― Իսկական անգլիական տենոր էր, մաքո՜ւր, քնքո՛ւշ, փափո՛ւկ,— հիացած ասաց մորաքույր Քեյթը։
:Գաբրիելը նոր էր կերել տապական, երբ սեղանին դրեցին մի հսկա սլուդինգ։ Նորից զնգացին պատառաքաղներն ու գդալները։ Գաբրիելի կինը պուդինգը դնում էր ափսեների մեջ և փոխանցում հյուրերին, իսկ Մերի Ջեյնը ավելացնում էր ազնվամորու ու նարնջի ժելե, սպիտակ դոնդող ու մարմելադ։ Պուդինգը պատրաստել էր մորաքույր Ջուլիան եւ բոլորը գովեստով խոսեցին։ Բայց մորաքույր Ջուլիան գտնում էր, որ կեքսը մի քիչ հում է։
:— Հույս ունեմ, միսս Մորքան,— ասաց միստր Բրաունը,— որ ես հում չեմ, լավ եմ եփված։
:Տղամարդիկ, բացի Գաբրիելից, պուդինգ կերան, որ մորաքույր Ջուլիան չնեղանա։ Գաբրիելը քաղցրավենիք չէր ուտում, նրա համար թողեցին մի քիչ ազատքեղ։ Ֆրեդի Մալինսն էլ վերցրեց ազատքեղի ցողունը եւ կերավ պուդինգի հետ։ Նա իմացել էր, որ ազատքեղը շատ օգտակար է սակավարյանության համար, իսկ ինքը բուժվում էր այդ հիվանդությունից։ Միսիս Մալինսը, որ ընթրիքի ժամանակ չէր խոսում, ասաց, որ որդին մտադիր է շաբաթ օրը մեկնել Մելերեյան վանք։ Բոլորը խոսեցին այդ վանքի, նրա կենարար օդի և վանականների հյուրասիրության մասին, այն մասին, որ նրանք հաճախորդներից երբեք վարձ չեն պահանջում։
:— Դուք ու՛զում եք ասել,— կասկածանքով հարցրեց միստր Բրաունը,— որ հնարավոր է այնտեղ ապրել, ինչպես հյուրանոցում և այդ փառահեղ կյանքից հետո մեկնել ու ոչինչ չվճարե՞լ։
:— Իհարկե, ամեն ոք մեկնելուց առաջ վանքին նվիրաբերում է որևէ բան,— պատասխանեց Մերի Ջեյնը։
:― Ես կցանկանայի, որ նման մի հաստատություն էլ մեր եկեղեցին ունենար,— պարզասրտորեն ասաց միստր Բրաունը։ Նա շատ զարմացավ, որ վանականները չեն խոսում, վեր են կենում գիշերվա ժամը երկուսին եւ քնում են դագաղներում, հարցրեց, թե ինչու են նրանք այդպես անում։
:— Նրանք ապրում են համաձայն միաբանության օրենքի,— վճռականորեն պատասխանեց մորաքույր Քեյթը։
:— Պարզ է, բայց ինչո՞ւ,— հարցրեց միստր Բրաունը։ Մորաքույր Քեյթը կրկնեց, որ դա է կանոնադրությունը, եւ ուրիշ բացատրություն չկա։ Բայց միստր Բրաունը տարակուսում էր։ Ֆրեդի Մալինսը նրան մի կերպ բացատրեց, որ վանականները այդպես են վարվում հանուն այն մեղքերի քավության, որոնք գործել են աշխարհի բոլոր մեղսագործները։ Բացատրությունը հավանաբար այնքան էլ պարզ չէր, որովհետև միստր Բրաունը քմծիծաղելով ասաց.
:— Այդ ամենը շատ հետաքրքիր է, բայց ինչո՞ւ է դագաղը այդ գործին ավելի հարմար, քան զսպանակավոր ներքնակը։
:—Դագաղը,— ասաց Մերի Ջեյնը,— նրանց հիշեցնում է մահվան մասին։
:Չարագուշակ խոսակցությունից սեղանի շուրջ լռություն տիրեց, եւ այդ լռության մեջ լսվեց, թե ինչպես միսս Մալինսը շշնջոցով ասաց իր հարևանին.
:— Անչա՜փ հարգարժան մարդիկ են այդ վանականները, անչա՛փ աստվածավախ։
:Սեղանին դրեցին չամիչ, նուշ, թուզ, խնձոր, նարինջ, շոկոլադ ու քաղցրավենիք։ Մորաքույր Ջուլիան բոլորին առաջարկում էր պորտվեյն ու խերես։ Միստր Բարթել Դ՚Արսին սկզբում երկուսից էլ հրաժարվեց, բայց նրա հարևաններից մեկը հրեց նրան արմունկով, ինչ-որ բան շշնջաց, և նա թույլ տվեց լցնել բաժակը։ Բաժակները լցնելուց հետո խոսակցությունը չշարունակվեց և լռություն տիրեց, որը երբեմն խախտում էր գինու գլգլոցն ու աթոռների ճռճռոցը։ Միսս Մորքանները նայում էին սփռոցին։ Հանկարծ մեկը հազաց, հետո թեթևակիորեն թխթխկացրեց սեղանին և խնդրեց լռել։ Լռություն տիրեց, և Գաբրիելը մի կողմ հրեց աթոռն ու վեր կացավ։
:Ի նշան ուշադրության, թխթխկոցն ուժեղացավ և հետո լռեց։ Գաբրիելը իր տասը դողացող մատներով հենվեց սեղանին և ջղաձգորեն ժպտաց ներկաներին։ Նրա հայացքը, հանդիպելով նրանց դեմքերի շարքին, սահեց վերև, դեպի ջահը; Հյուրասենյակից լսվում էր վալսի մեղեդին։
:Գաբրիելին թվաց, թե լսում է նաև դռան հպվող շրջազգեստի շրշյունը։ Հավանաբար, ներքևում մարդիկ կային կանգնած, որոնք նայում էին լուսավորված պատուհաններին և ականջ դնում վալսի հնչյուններին։ Այնտեղ օդը մաքուր էր; Ավելի հեռու փռված էր պուրակը, ծառերը ձյան ծանրության տակ էին։ Վելլինգտոնի արձանը պսպղուն ձյունե գդակի տակ էր և լուսարձակում էր Տասնհինգ Ակրանոց սպիտակ դաշտը.
Գաբրիելը սկսեց։
:— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, ինձ բախտ է վիճակվել այս երեկո, ինչպես և անցած տարիներին, կատարել մի շատ հաճելի պարտականություն, բայց որի իրագործումը վախենում եմ անչափ դժվար լինի իմ ճարտասանական հնարավորությունների սահմանափակության պատճառով։
:— Ի՞նչ եք ասում, ո՛չ, ոչ,— ասաց միստր Բրաունը.
:— Եվ ինչպես էլ խոսեմ, խնդրում եմ դրանից հետևություն չանեք, որ ես թերանում եմ գործիս մեջ։ Խնդրում եմ, ուշադրության մի քանի րոպե հատկացնեք փորձիս՝ բառերով արտահայտել այն ամենը, ինչ ես զգում եմ այսօր։
:— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, առաջին անգամ չէ, որ մենք հավաքվում ենք այս հյուրասեր օջախի և այս հյուրասեր սեղանի շուրջ։ Առաջին անգամ չէ, որ մենք դառնում ենք հյուրասիրության զոհեր, մեզ հայտնի որոշ անձանց շնորհիվ։
:Գաբրիելը ձեռքով շրջան գծեց օդում ու լռեց։ Ոմանք ծիծաղեցին, ոմանք էլ ժպտացին տանտիրուհիներին, որոնք հաճույքից կարմրեցին։ Գաբրիելը ավելի վստահորեն շարունակեց։
:— Ամեն տարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր երկրի ավանդույթներից ամենահարգվածը և պահպանման արժանին՝ հյուրասիրության ավանդույթն է։ Եվրոպայի բոլոր երկրներից (իսկ ես եղել եմ բազմաթիվ երկրներում) միայն մեր հայրենիքում է պահպանված այդ ավանդույթը։ Ինձ կհակաճառեն, ասելով, որ դա ոչ թե արժանիք է, որով կարելի է հպարտանալ, այլ թերություն։ Բայց եթե անգամ այդպես է, ապա, իմ կարծիքով, դա արքայական թուլություն է, և հույս ունեմ, քւսնի դեռ այս տանիքի տակ կապրեն իմ հիշատակած երեք անձնավորությունները, իսկ ես ամբողջ սրտով ցանկանում եմ նրանց երկար տարիների կյանք, այնքան ժամանակ կհարատեւի մեր սրտաբաց, սիրալիր, պատրաստակամ իռլանդական հյուրասիրությունը, մի ավանդույթ, որ մեզ հանձնել է մեր հայրենիքը, և որը մենք պետք է փոխանցենք մեր երեխանեներին։
:Սեղանի շուրջ հավանության շշուկ բարձրացավ։ Գաբրիելը հանկարծ հիշեց, որ միսս Այվորսը այլևս հյուրերի մեջ չէ և որ նա արհամարհանքով թողեց սենյակը։ Գաբրիելը շարունակեց ավելի վստահ ձայնով.
:— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր։
:Այժմ մի նոր սերունդ է աճում, ոգևորված նոր գաղափարներով և նոր սկզբունքներով։ Եվ եթե անգամ այդ նոր գաղափարները սխալ են, եթե այդ խանդավառությունը ճիշտ ուղի չի ընտրել, նա, այդ նոր սերունդը, համենայն դեպս, անկեղծ է։ Բայց մենք ապրում ենք սկեպտիկ դարաշրջանում, թող ինձ թույլ տրվի ասել, մտատանջ դարաշրջանում, և ես երբեմն մտածում եմ, որ այդ կրթված և գերկրթված սերնդին պակասում են մարդասիրության, հյուրասիրության, բարեհոգի հումորի այն հատկությունները, որոնք բնորոշ էին հին սերնդի մարդկանց։ Այսօր, երբ մենք վերհիշում էինք անցյալի մեծ երգիչների անունները, ես մտածում էի, որ մենք ապրում ենք ոչ այնքան շռայլ ժամանակներում։ Այն օրերը կարելի էր առանց չափազանցության անվանել շռայլ օրեր, և եթե նրանք մեզանից հեռացել են ընդմիշտ, ապա եկեք հուսանք, որ գոնե այսպիսի հավաքույթներում մենք միշտ հպարտությամբ և սիրով կհիշենք նրանց և մեր սրտերում կպահպանենք հուշը այն մեծ նախնիների, որոնց անունն ու փառքը աշխարհը հեշտությամբ չի մոռանա։
:— Լսեցե՛ք, լսեցե՛ք,— բարձրաձայն ասաց միստր Բրաունը։
:— Բայց կան մռայլ մտքեր,— շարունակեց Գաբրիելը, և նրա ձայնի հնչերանգը մեղմացավ,— որոնք այսպիսի հավաքույթներին մեզ հաճախ են այցելում, մտքեր՝ անցյալի, ջահելության, փոփոխությունների և այն ընկերների մասին, որոնք այլևս չկան։ Մեր կյանքի ուղին ծածկված է այդպիսի հուշերով, և եթե մենք անվերջ նրանցով տարվենք, քաջություն չենք ունենա շարունակելու մեր աշխատանքը ապրողների շարքերում։ Իսկ մենք յուրաքանչյուր ապրողի նկատմամբ ունենք պարտականություն եւ կապվածություն, կյանքը իրավունք ունի, օրինական իրավունք, մեզնից պահանջելու, որպեսզի մենք նրանց նվիրենք մեր էության մեծագույն մասնիկը... Այդ իսկ պատճառով, երկար չեմ խոսի անցյալից։ Ես թույլ չեմ տա, որ խոսքս փոխվի մռայլ քարոզի։ Մենք հավաքվել ենք այստեղ, հեռու առօրյա սնափառությունից ու աղմուկներից, շատ կարճ ժամանակով։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ որպես ընկերներ, որպես գործընկերներ, և մեզ միավորել է ընկերական զգացումը, ինչպես նաև ճշմարիտ «camaraderie»–ի ոգին։ Մենք հավաքվել ենք այստեղ, եթե թույլ կտաք ինձ այդպես արտահայտվել, որպես Դուբլինի երաժշտական աշխարհի երեք նազելիների հյուրեր։
:Հյուրերը ծիծաղեցին և ծափահարեցին այդ ակնարկի համար։ Մորաքույր Ջուլիան իզուր էր խնդրում իր հարևաններին բացատրել Գաբրիելի խոսքերը։
:— Նա ասում է, որ մենք Երեք նազելիներ ենք.— ասաց Մերի Ջեյնը։
:Մորաքույր Ջուլիան չհասկացավ, բայց ժպտաց և նայեց Գաբրիելին, որը շարունակեց նույն ոգևորությամբ.
:— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, ես չեմ փորձի այսօր հանդես զալ Պարիսի դերում։ Ես չեմ փորձի ընտրել նրանցից որևէ մեկին, որովհետև դա անշնորհակալ արարք կլինի և, բացի այդ, վեր է իմ ուժերից։ Քանի որ, երբ նայում եմ նրանց՝ մեր ավագ տանտիրուհուն, որի բարի, անչափ բարի սիրտը հանրահայտ է բոլորին, ովքեր ճանաչում են նրան, կամ հավերժական գեղեցկությամբ օժտված նրա քրոջը, որի երգը այսօր մեզ համար հայտնություն էր, և, վերջապես, կրտսեր տանտիրուհուն՝ աշխատասեր, տաղանդավոր, կենսախինդ և բարեկամուհիներիցս ամենասիրելիին, ապա պետք է խոստովանեմ, լեդիներ և ջենտլմեններ, որ ես դժվարանում եմ առաջնությունը տալ նրանցից որևէ մեկին։
:Գաբրիելը Նայեց մորաքույրերին ու տեսնելով մորաքույր Ջուլիայի դեմքի լայն ժպիտը և արցունքներ մորաքույր Քեյթի աչքերում, շտապ ավարտեց իո խոսքը։ Նա բարձրացրեց պորտվեյնի բաժակը, իսկ հյուրերը, ինչ-որ բանի սպասելով, վերցրին իրենց բաժակները։ Գաբրիելը բարձրաձայն ասաց.
:— Եկե՛ք, խմենք երեքի կենացը միասին։ Ցանկանանք նրանց առողջություն, հարստություն, երկար տարիների կյանք, երջանկություն և բարօրություն։ Թող նրանք դեռ երկար զբաղեցնեն այն դիրքը, որ ձեռք են բերել իրենց մասնագիտության մեջ, ինչպես նաև հարգանքի և սիրո այն տեղը, որ պատրաստ է նրանց համար մեր սրտերում։
:Բոլոր հյուրերը բաժակները ձեռքներին ոտքի կանգնեցին և, շրջվելով դեպի տանտիրուհիները, միահամուռ կերպով երգեցին այն երգը, որը սկսել էր միստր Բրաունը.
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Ոչ ոք չի կարող ժխտել։
:Մորաքույր Քեյթը արդեն աչքերը սրբում էր թաշկինակով, եւ անգամ մորաքույր Ջուլիան հուզված էր։ Ֆրեդի Մալինսը պատառաքաղով խփում էր երգի տակտը, և երգողները իրար նայելով, ասես խորհրդակցելով միմյանց հետ՝ հաճույքով երգեցին։
:Քանի դեռ չի ստել,
:Քանի դեռ չի ստել։
:Հետո նորից շրջվելով դեպի տանտիրուհիները, երգեցին.
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Որ նրանք հոյակապ տղերք են,
:Ոչ ոք չի կարող ժխտել։
:Դրան հետևեցին աղմկոտ ծափահարություններ, որոնք շարունակեցին ճաշասենյակում հավաքված հյուրերը։ Դրանք պոռթկացին բւսզմիցս, մինչդեռ Ֆրեդի Մալինսը, բարձրացնելով պատառաքաղը, ցերեմոնիմայստերի պես չափ էր տալիս ուրախ երգին։
:Շունչ կտրող առավոտվա սուր օդը խուժեց դահլիճ, որտեղ կանգնած էին հյուրերը։ Մորաքույր Քեյթը բացականչեց.
:— Որևէ մեկը թող դուռը փակի։ Միսիս Մալինսը կմրսի։
:— Այնտեղ Բրաունն է, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը։
:— Որտեղ ասես, որ չի լինում Բրաունը,— քրթմնջաց մորաքույր Քեյթը, ձայնը իջեցնելով։
:Մերի Ջեյնը ծիծաղեց:
:— Դե, տեսնո՞ւմ ես,— ասաց նա խորամանկորեն,— իսկ նա այնքա՜ն ուշադիր է։
:— Բրաունը նույնն է, ինչ որ ձյունը՝ Ծննդյան տոնին,— ասաց մորաքույր Քեյթը,— ջրօրհնեքին նրանից չես կարող թաքնվել։
:Այս անգամ նա ինքը բարեսրտորեն ծիծաղեց, հետո արագ ասաց.
:— Ասա՛ սրան, Մերի Ջեյն, տուն մտնի եւ դուռը փակի։ Հուսով եմ, նա ինձ չլսեց։
:Այդ պահին նախամուտքի դուռը թափով բացվեց և շեմին հայտնվեց միստր Բրաունը, որ քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Նա հագել էր իր երկար կանաչ վերարկուն։ Օձիքը եւ թևնոցները արհեստական կարակուլից էին, գլխին դրել էր կլոր մորթե գլխարկ։ Նա ցույց տվեց ձյունածածկ առավոյան, որտեղից ավում էին երկարատև ու ականջ ծակող սուլոցներ։
:— Թեդին տեսեք ինչպես է ձայնը գլուխը գցել, կառք է կանչում Դուբլինով մեկ,— ասաց նա։
:Գրասենյակի ետևում գտնվող ներքնահարկից հայտնվեց Գաբրիելը։ Նա հագավ վերարկուն և, աչք ածելով դահլիճը, նարցրեց.
:— Գրետան դուրս չի՞ եկել։
:— Նա հագնվում Է.— ասաց մորաքույր Քեյթը։
:— Ո՞վ Է նվագում,— հարցրեց Գաբրիելը։
:― Ոչ ոք, բոլորը գնացել են։
:— Ոչ, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը,— Բարթել Դ՚Արսին և միսս Օ՛Քալահանը դեռ վերևում են։
:— Համենայն դեպս, ինչ-որ մեկը այնտեղ դաշնամուր Է տնկտնկացնում,— ասաց Գաբրիելը։
:Մերի Ջեյնը նայեց Գաբրիելին ու միստր Բրաունին և ուսերը ցնցելով ասաց.
:— Դող է անցնում մարմնովս, երբ նայում եմ ձեզ և տեսնում այդպես փաթաթված։ Ինչ էլ խոստանային, չէի համարձակվի ձեր փոխարեն դուրս գալ այսքան ուշ և այն էլ այս ցրտին։
:— Ես կգերադասեի,— հերոսաբար ասաց միստր Բրաունը,— հիմա թափառել քաղաքից դուրս, կամ էլ զբոսնել մի կրակոտ ձիով։
:— Մի ժամանակ մենք մի ձի ունեինք և մի սայլակ,— տխուր ասաց մորաքույր Ջուլիան։
:— Անմոռանալի Ջոնին,— ասաց Մերի Ջեյնը և ծիծաղեց։ Մորաքույր Քեյթը և Գաբրիելը նույնպես ծիծաղեցին։
:— Իսկ ինչո՞վ էր Ջոնին հայտնի,— հարցրեց միստր Բրաունը։
:— Լուսահոգի Պատրիկ Մորքանը՝ մեր պապը,— բացատրեց Գաբրիելը,— որ հայտնի էր կյանքի վերջին տարիներին ծեր ջենտլմեն մականունով, սոսինձ էր պատրաստում։
:—Աստծո սիրուն, Գաբրիել,— ասաց մորաքույր Քեյթը ծիծաղելով,— նա ուներ օսլայի գործարան։
:— Ես չգիտեմ, թե նա այնտեղ սոսինձ էր պատրաստում, թե օսլա,— ասաց Գաբրիելը,— բայց գիտեմ, որ ծեր ջենտլմենը Ջոնի անունով մի ձի ուներ։ Ջոնին աշխատում էր ծեր ջենտլմենի գործարանում։ Խեղճ կենդանին պտտվում էր շրջագծով և աշխատեցնում աղացաքարը։ Ամեն ինչ լավ էր, բայց հետո սկսվում է ողբերգությունը։ Մի գեղեցիկ օր ծեր ջենտլմենը որոշում է, որ վատ չէր լինի պուրակ մտնել բարձր խավի հասարակության հետ սեփական կառքով և հիանալ ռազմական շքերթով։
:— Աստված թողություն տա նրա հոգուն,— վշտացած ասաց մորաքույր Քեյթը։
:— Ամե՛ն,— ասաց Գաբրիելը։— Ուրելքն, ինչպես ասացինք, ծեր ջենտլմենը Զոնիին լծեց երկանիվ սայլին, ինքն էլ կապեց ամենալավ մետաքսե փողկապը և մեծ շուքով դուրս եկավ իր նախնիների տնից, որը եթե չեմ սխալվում, գտնվում էր Շուկայի փողոցի վրա։
:Բոլորը ծիծաղեցին, նույնիսկ միսիս Մալինսը, իսկ մորաքույր Քեյթն ասաց.
:— Ի՞նչ ես ասում, Գաբրիել, նա Շուկայի փողոցում չէր ապրում։ Նրա գործարանն էր այնտեղ։
:— Ջոնիին լծած,— շարունակեց Գաբրիելը,— նա դուրս եկավ իր նախնիների տնից։ Եվ ամեն ինչ հոյակապ էր ընթանում, քանի դեռ Ջոնին չէր տեսել թագավոր Բիլի արձանը, որովհետև կամ նրան դուր եկավ ձին, որի վրա նստած էր թագավորը, կամ էլ նրան թվաց, թե նորից գտնվում է գործարանում և ահա, առանց երկար-բարակ մտածելու, Ջոնին պտտվեց արձանի շուրջը։
:Ներկաների քրքիջի ուղեկցությամբ Գաբրիելը կրկնակոշիկները հագին մի պտույտ գործեց դահլիճում։
:— Նա պտույտ-պտույտի ետևից արեց,— ասաց Գաբրիելը,— իսկ ծեր ջենտլմենը, որ մի շատ փքուն ծերուկ էր, զայրույթից կապտեց։
:— Առա՛ջ, սըր, այս ի՞նչ խաղ եք խաղում, սը՛ր։ Ջո՛նի, Ջո՛նի։ Անչա՛փ տարօրինակ վարք։ Չեմ հասկանում, ի՞նչ պատահեց ձիուն...
:Գաբրիելը պատմում էր և ցույց տալիս կոմիկական վիճակը։ Հանկարծ ծիծաղն ընդհատվեց դռան ուժեղ թակոցից։ Մերի Ջեյնը վազեց դուռը բացելու և ներս թողեց Ֆրեդի Մալինսին։ Ֆրեդի Մալինսի գլխարկն ընկել էր ծոծրակին, իսկ ուսերը ցրտից ինքնաբերաբար սեղմվել էին դեպի ականջները։ Նա փնչացնում էր և ծանր շնչում.
:— Ես կարողացա միայն մի կառք գտնել,— ասաց նա։
:— Մեկն էլ կգտնենք գետափին,— պատասխանեց Գաբրիելը։
:—Այո,— ասաց մորաքույր Քեյթը,— շարժվեք, մի թողեք, որ միջանցիկ քամի դիպչի միսիս Մալինսին։
:Միստր Բրաունը և Ֆրեդին աստիճաններով ներքև տարան միսիս Մալինսին և, բարդ մանևրներից հետո, ներս խցկեցին կառքի մեջ։ Կառք մտավ Ֆրեդի Մալինսը և օգնեց մորը՝ տեղավորվելու, իսկ դրսից միստր Բրաունը խորհուրդներ տվեց։ Վերջապես, միսիս Մալինսին նստեցրին հարմար դիրքով, Ֆրեդի Մալինսը միստր Բրաունին հրավիրեց կառք նստել։ Երկարատև ու անորոշ խոսակցությունից հետո միստր Բրաունը կառք նստեց։ Կառապանը ոտքերը ծածկեց և գլուխը թեքելով, հարցրեց հասցեն։ Անորոշ ձայները վիճեցին էլ ավելի ուժգնությամբ և կառապանը Ֆրեդի Մալինսից, միստր Բրաունից, որոնք գլուխները հանել էին կառքի պատուհանից, միաժամանակ ստացավ երկու իրար հակասող հրամաններ։ Վիճում էին, թե որտեղ է իջնելու միստր Բրաունը։ Դռան մոտ կանգնած մորաքույր Քեյթը, մորաքույր Ջուլիան և Մերի Ջեյնը նույնպես մասնակցեցին այդ վեճին, ժխտելով որոշումները կամ հավանություն տալով դրանց։ Եվ այդ ամենը՝ ծիծաղի տարափի ներքո։ Ֆրեդի Մալինսը ծիծաղից չէր կարողանում խոսել։ Նա ամեն վայրկյան գլուխը դուրս էր հանում պատուհանից, տրորելով իր գլխարկը և մորը հաղորդում, թե ինչի մասին են վիճում, մինչև որ միստր Բրաունը ձայնն այնքան բարձրացրեց, որ լռեցրեց ընդհանուր ծիծաղը ու ասաց աղմուկից շշմած կառապանին։
:— Գիտե՞ք, թե որտեղ է Թրինիթի քոլեջը։
:— Այո, սըր,— ասաց կառապանը։
:— Դե՛, ուրեմն, քշեք,— ասաց միստր Բրաունը,— իսկ այնտեղ ձեզ կասեն, թե ուր գնալ։ Հասկացա՞ք։
:— Այո, սըր,— ասաց կառապանը։
:— Քշե՛ք, ինչքան ուժ ունեք, դեպի քոլեջ։
:— Լսո՛ւմ եմ, սըր,— ասաց կառապանը։
:Կառապանը ձին մտրակեց, և կառքը ծիծաղի ու հրաժեշտի բացականչությունների ուղեկցությամբ սլացավ առափնյա փողոցով։
:Գաբրիելը չմոտեցավ դռանը։ Նա կանգնել էր դահլիճի մոտ, անկյունում և նայում էր աստիճաններին։ Աստիճանների վերևում, մթության մեջ կանգնած էր մի կին։ Գաբրիելը նրա դեմքը չէր տեսնում, բայց կարող էր տարբերել նրա քրջազգեստի տերակոտե և դեղնավարդագույն շերտերը, որ մթության մեջ ասես սպիտակ ու սև լինեին։ Այդ կինը Գրետան էր։ Նա հենվել էր բազրիքին և ինչ-որ բան էր լսում։ Գաբրիելը զարմացավ նրա անշարժությունից և լարեց լսողությունը։ Նրա ականջին հասան ծիծաղի ու վիճաբանության ձայներ, դաշնամուրի մի քանի ակորդներ և երգող տղամարդու ձայն։ Ավելին նա չկարողացավ լսել։
:Գաբրիելը դահլիճի մթության մեջ անշարժ կանգնած նայում էր կնոջը և փորձում ունկնդրել մեղեդին, որ երգում էր ինչ-որ մեկը։
:Կնոջ կերպարանքում նա նշմարեց մի նազանք ու մի գաղտնիք, որոնք ասես խորհրդանշում էին ինչ-որ բան։ Գաբրիելը հարց տվեց իրեն, թե ինչի խորհրդանիշ վարող է լինել աստիճաններին կանգնած և հեռվից երաժշտություն ունկընդրող կինը։ Եթե ինքը նկարիչ լիներ, ապա կնկարեր կնոջն այդ կեցվածքով, խավար ֆոնի վրա երկնագույն թաղիքե գլխարկը կընդգծեր բրոնզագույն մազերը, եւ շրջազգեստի մուգ շերտերին կհաջորդեին լուսավոր շերտեր։ «Հեռավոր երաժշտություն»։ Ահա Նա այսպես կանվաներ նկարը, եթե նկարիչ լիներ։
:Դուռը փակեցին, եւ մորաքույր Քեյթը, մորաքույր Ջուլիան ու Մերի Ջեյնը ծիծաղելով վերադարձան դահլիճ։
:— Սարսափելի մարդ է այդ Ֆրեդին,— ասաց Մերի Ջեյնը,— ուղղակի սարսափելի։
:Գաբրիելը չպատասխանեց և մատնացույց արեց աստիճանները, որտեղ կանգնած էր կինը։ Այժմ, երբ նախամուտքի դուռը փակ էր, երգչի եւ ռոյալի ձայնը լսվեց ավելի հստակ։ Գաբրիելը բարձրացրեց ձեռքը և լռության նշան արեց։ Երգը կառուցված էր հին իռլանդական տոնայնությամբ, եւ երգիչը վստահ չէր ոչ բառերի, ոչ էլ իր ձայնի վրա։
:Երգչի ձայնը փոքր ինչ խռպոտ էր եւ տարածության մեջ հնչում էր աղիողորմ, մեղեդին գունազարդելով վիշտ արտահայտող բառերով։
:0՚, անձրևը թրջում է ծանր խոպոպներս,
:Իսկ ցողը հպվում է դեմքիս,
:Սառն է մարմինը փոքրիկիս...
:—Ա՜,— բացականչեց Մերի Ջեյնը,— երգում է Բարթել Դ՚Արսին։ Իսկ նա այսօր ոչ մի կերպ չհամաձայնեց երգել։ Դե՛, հիմա ես նրան կստիպեմ, որ գնալուց առաջ երգի։
:—Ստիպի՛ր, Մերի Ջեյն,— ասաց մորաքույր Քեյթը։
:Մերի Ջեյնը վազեց դեպի աստիճանները, բայց մինչ նա կբարձրանար աստիճաններով, երգը ընդհատվեց եւ լսվեց, թե ինչպես փակվեց կափարիչը։
:— Ա՜խ, հազա՜ր ափսոս,― բացականչեց Նա,― Գրետա, նա նե՞րքև է իջնում։
:Գաբրիելը լսեց, թե ինչպես կինը ասաց «այո» և տեսավ, որ նա նույնպես ներքև է իջնում աստիճաններով։ Նրա ետևից իջնում էին Բարթել Դ՚Արսին և միսս Օ՛Քալահանը։
:— Օ՚, միստր Դ՚Արսի,— բացականչեց Մերի Ջեյնը,— մի՛թե կարելի է այդպես վարվել՝ ընդհատել երգը այն ժամանակ, երբ մենք հիացած լսում էինք ձեզ։
:— Ես ողջ երեկոյի ընթացքում խնդրում էի նրան,— ասաց միսս Օ՛Քալահանը,— և միսս Քոնրոյը նույնպես, բայց միստր Դ՚Արսին ասաց, որ մրսել է և չի կարող երգել։
:— Ա՛հ, միստր Դ՚Արսի,— ասաց մորաքույր Քեյթը,— ինչո՞ւ ճիշտ չեք ասում։
:— Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ ես ագռավի պես խռպոտել եմ,— կոպտորեն պատասխանեց միստր Դ՚Արսին։
:Նա արագ մտավ ներքնահարկ և հագավ վերարկուն։ Նրա շփոթված խոսակիցները չիմացան ինչ պատասխանել։ Մորաքույր Քեյթը ունքերը կիտեց և ձեռքով հասկացրեց՝ այդ մասին այլևս պետք չէ խոսել։ Միստր Դ՚Արսին խնամքով փաթաթեց կոկորդը։ Նա մռայլ էր։
:— Պատճառը եղանակն է,— ասաց մորաքույր Ջուլիան։
:— Հիմա շատերն են մրսած,— պատրաստակամությամբ նրան պաշտպանեց մորաքույր Քեյթը,— համարյա բոլորը։
:— Ասում են,— ասաց Մերի Ջեյնը,— որ այսպիսի ձյուն վերջին երեսուն տարվա ընթացքում չէր եկել։ Ես կարդացել եմ այսօրվա թերթում, որ ամբողջ Իռլանդիայում ձյուն է եկել։
:— Ես սիրում եմ ձյունը,— տխրությամբ շշնջաց մորաքույր Ջուլիան։
:— Ես նույնպես,— ասաց միստր Օ՚Քալահանը,— առանց ձյան նոր տարին նոր տարվա նման չէ։
:— Խեղճ միստր Դ՚Արսին ձյուն չի սիրում,— ժպտալով ասաց մորաքույր Քեյթը։
:Վերարկուի մեջ փաթաթված ու կոճկված, միստր Դ՚Արսին դուրս եկավ ներքնահարկից ու մեղանչող տոնով պատմեց, թե ինչպես է մրսել։ Բոլորը նրան խորհուրդ տվեցին, ցավակցեցին և խնդրեցին զգույշ փնել, որովհետև գիշերվա օդը վնասակար է կոկորդին։ Գաբրիելը նայում էր կնոջը, որը չէր մասնակցում՝ խոսակցությանը։ Գրետան կանգնել էր պատուհանի դիմաց, և գազի լապտերի լույսը խաղում էր նրա վառ-բրոնզագույն մազերին։ Գաբրիելը հիշեց, թե ինչպես մի քանի օր առաջ նա չորացնում էր լվացած մազերը բուխարիկի առաջ։ Կանգնել էր այն նույն դիրքով և չէր լսում նրանց խոսակցությունը։ Վերջապես շրջվեց, եւ Գաբրիելը նկատեց նրա վարդագույն այտերն ու փայլող աչքերը։
:— Միստր Դ՚Արսի,— ասաց Գրետան,— ի՞նչ է այդ երգի անունը, որ դուք երգում էիք։
:— Երգը կոչվում է «Աուգրիմցի աղջիկը»,— ասաց միստր Դ՚Արսին,— բայց ես չկարողացա երգն ամբողջովին հիշել։ Իսկ դուք ծանո՞թ եք դրան։
:— «Աուգրիմցի աղջիկը»,— կրկն՛եց Գրետան,— չեմ հիշում երգի անունը։
:— Շատ հաճելի մեղեդի ունի,— ասաց Մերի Ջեյնը։– Ափսոս, որ այսօր ձեր կոկորդը մրսած է։
:— Մերի Ջեյն,— ասաց մորաքույր Քեյթը,— մի ձանձրացրեք միստր Դ՚Արսիին։ Ես այլևս թույլ չեմ տա նրան ձանձրացնել։
:Տեսնելով, որ հյուրերը պատրաստվում են դուրս գալ, մորաքույր Քեյթը ուղեկցեց նրանց մինչև դուռը, որտեղ և հրաժեշտ տվեցին միմյանց։
:— Բարի՛ գիշեր, մորաքույր Քեյթ և շնորհակալութուն, որ հաճելի երեկո անցկացրինք։
:— Բարի՛ գիշեր, Գաբրիել, բարի՛ գիշեր, Գրետա, բարի գիշեր, մորաքույր Քեյթ և շնորհակալություն, շնորհակալություն։ Բարի գիշեր, մորաքույր Ջուլիա։
:— Օ՚, բարի գիշեր, Գրետա, ես քեզ չնկատեցի։
:— Բարի՛ գիշեր, միստր Դ՚Արսի։ Բարի՛ գիշեր, միսս Օ՚Քալահան։
:— Բարի՛ գիշեր, միսս Մորքան։
:— Բարի՛ գիշեր, մի անգամ էլ։ Անփորձանք տեղ հասնեք։
:— Բարի՛ գիշեր, բոլորիդ։
:— Բարի՛ գիշեր։ Բարի՛ գիշեր։
:Առավոտը դեռ չէր բացվել։ Աղոտ, դեղին լույսը սփռվել էր տների ու գետի վրա և թվում էր, թե երկինքը կախվել է ներքեւում։ Մայթերին թաց ձյուն էր. ձյունը տեղ-տեղ նստել էր նաև տանիքներին, առափնյա եզրապատին ու ցանկապատերին։ Հագեցած օդում դեռ աղոտ կարմրին էին տալիս լապտերները, իսկ գետից այն կողմ, ծանր երկնի տակ սպառնալից կանգնած էր Չորս պալատների շենքը։
:Գրետան քայլում էր Գաբրիելի առջևից, միստր Բարթել Դ՚Արսիի կողքով։ Նրա թևի տակ թղթով փաթաթած կոշիկներ կային, իսկ մյուս ձեռքով բարձրացրել էր զգեստը, որ չցեխոտվի։ Նրա այն նազանքը կարծես անհետացել էր, բայց Գաբրիելի աչքերը դեռ փայլում էին երջանկությունից։ Արյունը երակներում վեր ու վար էր անում, իսկ ուղեղում կայծակի արագությամբ ծնվում ու անհետանում էին հպարտ, ուրախ, քնքուշ և համարձակ մտքեր։ Գրետան գնում էր առջևից այնքան թեթեւաքայլ և այնքան ձգված, որ Գաբրիելը ցանկացավ անաղմուկ մոտենալ նրան, բռնել ուսերից և զավեշտական ու քնքուշ բառեր շշնջալ ականջին։ Գրետան այնքան քնքուշ էր, որ Գաբրիելը ցանկացավ նրան պաշտպանել ինչ-որ բանից, իսկ հետո մենակ մնալ նրա հետ։ Նրանց անձնական կյանքի գաղտնի պահերը աստղերի պես բոցավառվեցին նրա հիշողության մեջ։ Գաբրիելը շոյում էր իր բաժակի մոտ սեղանին դրված բաց յասամանագույն ծրարը։ Բաղեղների մեջ թռչուններն էին ճռվողում, և վարագույրի արևոտ սարդոստայնը շողշողում էր հատակին, նա երջանկությունից չէր կարողանում ուտել։ Նրանք կանգնել էին բազմամարդ կառամատույցում, և Գաբրիելը խցկում էր տոմսը նրա տաք ձեռքի մեջ։ Նրանք կանգնել էին ցրտին և ցանցապատ պատուհանից նայում էին ոռնացող վառարանի մոտ կանգնած մարդուն, որ հալած ապակուց շշեր էր փչում։ Ցուրտ էր։ Օծանելիքներ բուրող Գրետայի դեմքը համարյա հպվում էր Գաբրիելի դեմքին։ Հանկարծ Գրետան հարցրեց վառարանի մոտ կանգնած մարդուն.
:— Կրակը տա՞ք է, սըր։
:Բայց վառարանի աղմուկը խլացրեց Գրետայի ձայնը։ Եվ լավ է, որ մարդը չլսեց, նա հավանաբար կոպիտ պատասխան կտար։ Մի ավելի քնքուշ ուրախության ալիք ծփաց նրա սրտում եւ տաք ավիշի պես հոսեց երակներով։ Ինչպես աստղերի մեղմ կրակներ, նրանց միասնական կյանքի այն պահերը, որոնց մասին ոչ ոք չգիտեր եւ չէր էլ իմանա, բոցավառվեցին, լուսավորելով նրա հիշողությունը։ Նա տենչում էր հիշեցնել կնոջը այդ պահերը, ստիպել նրան մոռանալ իրենց միասնական կյանքի դժգույն տարիները եւ հիշել միայն հոգեզմայլումի պահերը։ Նա զգում էր, որ տարիները չեն մարել իրենց հոգու կրակը։ Ոչ երեխաները, ոչ իր գրական աշխատանքը և ոչ էլ կնոջ ընտանեկան հոգսերը անկարող են եղել հանգցնել իրենց հոգու քնքուշ կրակը։ Մի անգամ իր նամակներից մեկում նա գրել էր կնոջը. «Ինչո՞ւ են այս բոլոր բառերը ինձ թվում այնքան տափակ ու անգույն։ Ինձ թվում է անկարելի է գտնել այնպիսի մի բառ, որը լիներ քո անվան պես քնքուշ»։ Իր նամակի բառերը որպես հեռավոր երաժշտություն, անցյալից նրան հասան։ Գաբրիելը ցանկացավ նրա հետ մենակ մնալ։ Երբ բոլորը կգնան, երբ ինքն ու կինը կհայտնվեն հյուրանոցի սենյակում, այնժամ նրանք միասին կլինեն եւ մենակ։ Գաբրիելը մեղմ կշշնջա.
:— Գրե՜տա։
:Հավանաբար, այդ շշուկը Գրետան չի լսի։ Նա զբաղված կլինի իր հագուստներով։ Հետո Գաբրիելի ձայնը նրան կզարմացնի։ Նա կշրջվի ու կնայի Գաբրիելին։
:Ուինթավերն սթրիթի անկյունում նրանք կառք նստեցին։ Գաբրիելը ուրախ էր, որ անիվների աղմուկը խանգարում էր նրանց խոսել։ Գրետան, որ հոգնած տեսք ուներ, նայում էր պատուհանից դուրս։ Մյուսները երբեմն խոսքեր էին փոխանակում՝ ցույց տալով որևէ շենք կամ փողոց։ Ձին ծուլորեն սնգսնգում էր առավոտվա մռայլ երկնքի տակ, իր ետևից քարշ տալով դղրդացող, փայտե հին տուփը։ Գաբրիելը նորից մտովի իրեն տեսավ կառքում Գրետայի հետ, որը սլանում էր դեպի շոգենավը, դեպի իրենց մեղրամիսը։
Երբ կառքը անցնում էր Օ՚Քոննելի կամրջով, միսս Օ՚Քալահանը ասաց.
:— Ասում են, որ երբ անցնում ես Օ՚Քոննելի կամրջով, անպայման սպիտակ ձի ես տեսնում։
:— Այս անգամ ես սպիտակ մարդ եմ տեսնում,— ասաց Գաբրիելը։
:— Ո՞րտեղ,― հարցրեց միստր Բաթլեր Դ՚Արսին։
:— Գաբրիելը ցույց տվեց արձանը, որ տեղ-տեղ ծածկված էր ձյունով։ Հետո Գաբրիելը մտերմորեն գլխով արեց ու ձեռքը թափահարեց։
:— Բա՛րի գիշեր, Դեն,— ուրախ ասաց նա։
:Երբ կառքը կանգ առավ հյուրանոցի առաջ, Գաբրիելը դուրս ցատկեց և, ուշադրություն չդարձնելով Բարթել Դ՚Արսիի բողոքներին, վճարեց կառապանին, թողնելով թեյանվեր՝ մեկ շիլլինգ։
:— Երջանիկ նոր տարի, սը՚ր։
:— Ձեզ նույնպես,— ջերմորեն ասաց Գաբրիելը։
:Երբ նրանք դուրս էին գալիս կառքից, Գրետան հենվեց նրա ձեռքին, և նրանք հրաժեշտ տվին մյուսներին։ Գրետան նույն թեթևությամբ, ինչպես մի քանի ժամ առաջ պարել էր Գաբրիելի հետ, հենվել էր նրա ձեռքին։ Պարելիս, Գաբրիելը երջանիկ էր ու հպարտ, որ նա պատկանում է իրեն, որ նա այնքան նազելի է ու կանացի։ Բայց հիմա, երբ Գաբրիելի մեջ ծնունդ էին առել բազմաթիվ հուշեր, կնոջ անուշաբույր, օտարացած ու եթերային մարմինը նրա մեջ արթնացրեց մի բուռն ցանկություն։ Կնոջ լռության քողի տակ Գաբրիելը ամուր սեղմեց նրա ձեռքը, և երբ նրանք կանգնած էին հյուրանոցի դռան, առաջ, զգաց, որ երկուսն էլ խույս են տվել իրենց կյանքից ու պարտականություններից, խուսափել են տնից, ընկերներից եւ թրթռացող ու գոհ սրտով վազել նոր արկածներին ընդառաջ։
:Դահլիճում, բարձրաթիկնակ բազկաթոռին ննջում էր մի ծերունի։ Նա գրասենյակում վառեց մոմը եւ նրանց առաջնորդեց աստիճաններով դեպի վեր։ Նրանք լուռ հետևեցին ծերունուն, անաղմուկ բարձրացան գորգապատ աստիճաններով։ Գրետան գլխահակ բարձրանում էր սպասավորի ետևից։ Նրա նիհար ուսերն ասես կքվել էին ծանրության ներքո, իսկ շրջազգեստը ամուր սեղմել էր իրանը։ Գաբրիելի մեջ ցանկություն առաջացավ գրկել նրա թևերը և սեղմել իր կրծքին։ Նրա ձեռքերը դողում էին այդ ցանկությունից։ Նա իր մարմնի կատաղի ցանկությունը կարողացավ զսպել՝ եղունգները խրելով ափի մեջ։ Ծերունին կանգ առավ աստիճանների վրա, որ ուղղի մարող մոմի պատրույգը։ Նրանք նույնպես կանգ առան։ Լռության մեջ Գաբրիելը լսեց մատուցարանի վրա կաթող մեղրամոմի ձայնը և իր սրտի բաբախումը։ Սպասավորը նրանց ուղեկցեց միջանցքով և բացեց դուռը։ Հետո նա երերուն մոմը դրեց արդուզարդի սեղանին ու հարցրեց, թե առավոտյան ո՞ր ժամին կարող է նրանց արթնացնել։
:— Ութին,— պատասխանեց Գաբրիելը։
:Սպասավորը ցույց տվեց էլեկտրական անջատիչը, ներողություն խնդրեց, որ անսարք է, բայց Գաբրիելը ընդհատեց նրան.
:—Մեզ լույս պետք չէ։ Փողոցի լույսը հերիք է։ Իսկ այդ զարդարանքը (նա ցույց տվեց մոմը) կարող եք տանել ձեզ հետ։
:Սպասավորը զարմացած նայեց, մոմը վերցնելով, բարի գիշեր քրթմնջաց ու դուրս եկավ։ Գաբրիելը բանալիով փակեց դուռը։
:Փողոցային լապտերի ոչ պայծառ լույսը պատուհանից երկար շերտով ձգվում էր դեպի դուռը։ Գաբրիելը գլխարկն ու վերարկուն նետեց բազմոցին, մոտեցավ պատուհանին։ Նա նայեց փողոցին այնքան ժամանակ, մինչև որ հուզմունքը մի քիչ հանդարտվեց։ Հետո շրջվեց և հենվեց զգեստապահարանին, նայելով դեպի լույսը։ Գրետան հանել էր գլխարկն ու վերարկուն և մեծ տրյումոյի առաջ արձակում էր իրանակալը։ Գաբրիելը, հետևելով նրա շարժումներին, սպասեց մի քանի րոպե և կանչեց.
:— Գրե՛տա։
:Գրետան դանդաղ շրջվեց հայելուց և հատակին ձգվող լուսե միջանցքով մոտեցավ Գաբրիելին։ Գրետայի դեմքը այնքան մտազբաղ էր ու հոգնած, որ Գաբրիելը չկարողացավ մի խոսք ասել։ Ոչ, դեռ ժամանակը չէր։
:— Դու հոգնած տեսք ունես,— ասաց նա։
:— Մի քիչ հոգնած եմ,― պատասխանեց Գրետան։
:— Վա՞տ ես զգում։ Գուցե հիվա՞նդ ես։
:— Ոչ, պարզապես, հոգնած եմ։
:Գրետան մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս։ Գաբրիելը դեռ սպասում էր և զգալով, որ իրեն համակում է շփոթմունքը, հանկարծ ասաց.
:— Ի դեպ, Գրետա։
:— Ի՞նչ։
:— Դու հիշո՞ւմ ես խեղճ Ֆրեդի Մալինսին։
:— Այո, հիշում եմ։ Ի՞նչ կա որ։
:— Պարզվում է, որ նա դեռ օրինավոր մարդ է,— շարունակեց Գաբրիելը կեղծ տոնով։— Վերադարձրեց իր պարտքը։ Իսկ ես հույս չունեի։ Ավտոս, որ նա ամբողջ ժամանակ այդ Բրաունի հետ է. ախր իր էությամբ նա վատ տղա չէ։
:Գաբրիելը դողում էր սրտնեղությունից։ Ինչո՞ւ է Գրետան այդքան ցրված։ Գաբրիելը չգիտեր ինչպես սկսել։ Գուցե նա նույնպես հիսաթափված է ինչ-որ բանից։ Երանի թե Գրետան շրջվեր նրա կողմը և իր կամքով մոտենար նրան։ Բայց այժմ այդ վիճակում նրան սիրելը կնմանվեր բռնության։ Ոչ, Գաբրիելը մինչ այդ պետք է ջերմություն տեսներ նրա աչքերում։ Նա տենչում էր իշխել կնոջ տարօրինակ տրամադրությանը։
:— Ե՞րբ ես նրան փող տվել,— հարցրեց Գրետան։
:Գաբրիելը հազիվ զսպեց իրեն, որ չհայհոյի այդ հիմար Մալինսին իր ոսկեդրամի հետ։ Նա իր ողջ էությամբ ձգվում էր դեպի կինը, տենչում կրծքին սեղմել նրա մարմինը, հնազանդեցնել նրան։ Բայց դրա փոխարեն ասաց.
:— Ծննդյան տոներին տվեցի, երբ Մալիևսը նոր տարվա բացիկների կրպակ բացեց Հենրի սթրիթի վրա։
:Գաբրիելը ցնցվեց տենդահարի պես, զայրույթից ու ցանկությունից։ Նա անգամ չնկատեց, թե ինչպես կինը հեռացավ պատուհանից։ Մի պահ կանգնեց Գաբրիելի առջև և նրան նայեց տարօրինակ հայացքով։ Հետո հանկարծ բարձրացավ ոտնաթաթերի վրա և ձեռքերը դնելով Գաբրիելի ուսերին, համբուրեց նրան։
:— Դու անչափ մեծահոգի ես, Գաբրիել,— ասաց նա։
:Գաբրիելը դողաց այդ հանկարծակի համբույրից և այդ տարօրինակ ֆրազից։ Նա ձեռքերը մոտեցրեց կնոջ մազերին ու սկսեց շոյել, հազիվ դիպչելով դրանց։ Մազերը լվանալուց հետո փայլուն էին ու մետաքսե։ Գաբրիելի սիրտը ծփաց երջանկությունից։ Հենց այն պահին, երբ տենչում էր կնոջը, նա ինքը մոտեցավ։ Միգուցե նրանց մտքերը այդ պահին ներդաշնակ էին։ Միգուցե Գրետան զգաց Գաբրիելի անկասելի ցանկությունը և համակվեց նույն զգացումով։ Այժմ, երբ Գրետան այդքան հեշտությամբ զիջեց իր դիրքերը, Գաբրիելին անհասկանալի թվաց սեփական շփոթությունը։
:Գաբրիելը պահում էր Գրետայի գլուխը իր ձեռքի մեջ։ Հետո նա արագ գրկեց նրա մարմինը մի ձեռքով եւ իրեն մոտեցրեց։ Գաբրիելը մեղմ հարցրեց.
:— Գրետա, սիրելիս, ինչի՞ մասին ես մտածում։ Գրետան չպատասխանեց ոչ հարցին, ոչ էլ գրկախառնությանը։
:Գաբրիելը նորից մեղմ հարցրեց.
:— Ասա ինձ, Գրետա, ի՞նչ է պատահել։ Ինձ թվում է՝ ես գիտեմ պատճառը, այդպես չէ՞։
:Գրետան անմիջապես չպատասխանեց։ Հետո հանկարծ հեկեկաց և ասաց.
:— Ես մտածում եմ «Աուգրիմցի աղջիկը» երգի մասին։
:Նա դուրս պրծավ Գաբրիելի գրկից և, վազելով դեպի մահճակալը, բռնեց թիկնակից ու դեմքը թաքցրեց։ Գաբրիելը մի պահ քարացավ զարմանքից, հետո մոտեցավ նրան։ Սենյակով անցնելիս նա հայելու մեջ տեսավ իրեն հասակով մեկ՝ իր վերնաշապիկի լայն, պինդ օսլայած կուրծքը, եւ ակնոցի փայլատակող ոսկյա շրջանակն ու դեմքը, որի անդրադարձումը միշտ զարմացնում էր իրեն։ Գաբրիելը կանգ առավ Գրետայից մի քանի քայլ հեռու և հարցրեց.
:— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդ երգը քեզ հուզում։ Գրետան բարձրացրեց գլուխը և երեխայի պես աչքերը սրբեց բռունցքով։ Գաբրիելի ձայնը հնչեց ավելի մեղմ, քան ինքը կցանկանար.
:— Գրե՛տա, ինչո՞ւ։
:— Ես հիշեցի մի մարդու, որը մի ժամանակ գոյություն ուներ եւ երգում էր այդ երգը։
:— Ո՞վ է այդ մարդը,— հարցրեց Գաբրիելը ժպտալով։
:— Մի անձնավորություն, որին ճանաչում էի դեռ Գալուեից, երբ ապրում էի տատիս մոտ,— ասաց Գրետան։
:Գաբրիելի դեմքից ժպիտն անհետացավ։ Կուտակվում էր մի խուլ զայրույթ, որը չարակամորեն փոթորկեց նրա երակներում։
:— Դու սիրահարվա՞ծ էիր նրան,— հեգնանքով հարցրեց նա։
:— Ոչ, ես նրա հետ ընկերություն էի անում,— պատասխանեց Գրետան,― նրա անունն էր Մայքլ Ֆյուրեյ։ Նա հաճախ էր երգում «Աուգրիմցի աղջիկը» երգը։ Նա վատառողջ էր։
:Գաբրիելը լուռ էր, չէր ցանկանում, որ Գրետան մտածի, թե իրեն հետաքրքրում է այդ հիվանդոտ տղան։
:— Ասես հենց հիմա աչքիս առաջ է, — ասաց Գրետան, մի պահ լռելուց հետո։— Ինչպիսի՛ աչքեր ուներ՝ մեծ, սև, եւ աչքերի ինչպիսի՛ արտահայտություն։
:— Օ, ուրեմն դու նրան սիրո՞ւմ էիր։
:— Մենք հաճախ էինք թափառում միասին, երբ ես Գալուեյում էի ապրում,— ասաց Գրետան։
:Հանկարծ Գաբրիելի գլխում միտք հղացավ։
:— Հավանաբար դա՞ է պատճառը, որ դու ցանկանում էիր այդ Այվորսի հետ մեկնել Գալուեյ,— սառը հարցրեց նա։
:Գրետան նրան նայեց զարմացած ու հարցրեց.
:— Ինչո՞ւ։
:Գրետայի հայացքից անհարմար զգալով, թափ տվեց ուսերը և ասաց.
:— Ի՞նչ իմանամ։ Հավանաբար, նրան տեսնելու։
:Գրետան շրջվեց ու լուռ նայեց պատուհանին, որտեղից սփռվում էր լույսի շերտը։
:— Նա մահացել է,— ասաց նա վերջապես։ Նա մահացավ, երբ տասնյոթ տարեկան էր։ Սարսափելի է, չէ՞, մեռնել այդքան ջահել։
:— Եվ ի՞նչ էր անում նա,— հեգնանքով հարցրեց Գաբրիելը։
:— Աշխատում էր գաջի գործարանում,— ասաց Գրետան։ Գաբրիելը իրեն նվաստացած զգաց, ոո իր հեգնանքը ոչ մի արդյունք չտվեց, եւ որ իր կինը մեռածների միջից ոգեկոչեց գաջի գործարանում աշխատող այդ տղայի պատկերը։ Երբ Գաբրիելը ուրախությամբ ու ցանկությամբ համակված էր իր և իր կնոջ կյանքի գաղտնի հուշերով, այդ պահին կինը մտովի նրան համեմատում էր մեկ ուրիշի հետ։ Նրան համակեց սեփական անձի ոչնչության զգացումը։ Նա իրեն զգաց որպես մի ծիծաղելի անձնավորություն, մորաքույրերի կամակատար մանչուկ, լավագույն ցանկություններով համակված մի սենտիմենտալ, դյուրազգաց մարդ, որը ճամարտակում է գռեհիկների առաջ եւ իդեալականացնում իր անասնական կրքերը, խղճուկ մի սինլքոր, որին մի պահ հենց նոր տեսավ հայելում։ Բնազդորեն նա շրջվեց դեպի լույսը, վախենալով, որ կինը կնկատի ամոթից վառվող իր դեմքը։
:Գաբրիելը դեռ վարձում էր պահել հարցաքննման իր սառը տոնը, բայց երբ խոսեց, ձայնը անտարբեր էր ու խոնարհ։
:— Գրետա, ես կարծում եմ, որ դու սիրահարված էիր Միջել Ֆյուրեին,— ասաց նա։
:Նրա ձայնը քոդարկված էր ու տխուր։ Գաբրիելը զգաց, որ այլևս հնարավոր չէ ստեղծել այն տրամադրությունը, որ նա կուզենար արթնացնել նրա մեջ, շոյեց Գրետայի ձեռքը և տխուր ձայնով հարցրեց.
:— Ինչի՞ց մահացավ այդքան երիտասարդ, թոքախտի՞ց։
:— Ինձ թվում է, պատճառը ես էի։
:Այդ պատասխանից տարտամ մի ահ համակեց Գաբրիելին։ Այն ժամին, երբ նա հույս ուներ հաղթանակել, նրա դեմ դուրս եկավ անշոշափելի ու վրիժառու մի էակ, որն իր աղոտ աշխարհում ուժեր էր հավաքում Գաբրիելի դեմ։ Բայց նա բանականության ուժով ետ մղեց ահը և շարունակեց շոյել նրա ձեռքը։ Գաբրիելը նրան այլես հարց չտվեց, որովհետև զգաց, որ Գրետան կպատմի ամեն ինչ։ Գրետայի ձեռքը տաք էր ու խոնավ, և չէր պատասխանում Գաբրիելի ձեռքի հպումներին, բայց Գաբրիելը շարունակում էր շոյել նրա ձեռքը, ինչպես մի ժամանակ, գարնանային մի առավոտ, շոյում էր Գրետայից ստացած առաջին նամակը։
:— Այդ դեպքը պատահեց, –ասաց Գրետան,— այն ձմռան սկզբին, երբ ես պետք է հեռանայի տատիս մոտից և մտնեի Դուբլինի կուսանոցը։ Իսկ նա այդ ժամանակ հիվանդ պառկած էր Գալուեյում և նրան արգելում էին տնից դուրս գալ։ Օթերարդում ապրող նրա ծնողները արդեն գիտեին նրա հիվանդության մասին։ Ասում էին, որ նա թոքախտավոր է, կամ դրա նման մի բան։ Ես մինչև հիմա հաստատ չգիտեմ։
:Գրետան մի պահ լռեց, հետո հոգոց հանեց։
:— Խե՜ղճ տղա,— ասաց նա։— Անչա՛փ սիրում էր ինձ եւ այնքա՜ն բարի էր։ Ինչպես ընդունված է գյուղական լիտրերում՝ մենք հաճախ էինք միասին զբոսնում։ Նա պատրաստվում էր երգել սովորել, որովհետև երգելը օգտակար էր նրա թոքերին։ Խե՛ղճ Մայքլ Ֆյուրեյ, նա հոյակապ ձայն ուներ։
:— Իսկ հետո,— հարցրեց Գաբրիելը։
:― Հետո ես պետք է մեկնեի Գալուեյից և մտնեի կուսանոց, իսկ այդ ժամանակ նրա առողջությունը վատացավ, և ինձ թույլ չտվեցին նրան այցելել։ Մայքլին գրեցի, որ մեկնում եմ Դուբլին, իսկ ամռանը կվերադառնամ ու ասացի, որ ամռանը նա կապաքինվի։
:Գրետան մի պահ հապաղեց, փորձեց տիրապետել իր ձայնին, հետո շարունակեց.
:— Մեկնելու նախօրեին ես տատիս մոտ էի, Նենս Այլեևդում, նրա տանը և դասավորում էի իրերս, երբ հանկարծ լսեցի, որ ինչ-որ մեկը խճաքարերով թեթևակի հարվածում է պատուհանին։ Պատուհանը այնքան թաց էր, որ ոչինչ չկարողացա տեսնել։ Սլացա ներքև, չհասցնելով փոխել շորերս և այգի մտա ետնամուտքից։ Այնտեղ, այգու խորքում, կանգնել էր Մայքը ու դողում էր ամբողջ մարմնով։
:— Դու նրան չասացիր, որ տուն վերադառնա. —հարցրեց Գաբրիելը։
:— Ես աղաչեցի նրան, որ անմիջապես հեռանա, ասացի, որ նա կմեռնի, եթե շարունակի մնալ անձրևի տակ– Բայց նա պատասխանեց, որ ապրել այլևս չի ուզում։ Օ՚, ես հիմա հիշում եմ նրա աչքերը, ասես կանգնած է կողքիս։ Նա կանգնել էր պատի մոտ, ծառի տակ։
:— Ե նա գնաց տո՞ւն,— հարցրեց Գաբրիելը։
:— Այո, նա տուն գնաց, իսկ երբ կուսանոց վերադարձա, մեկ շաբաթ անց նա մահացավ, և նրան թաղեցին Օթերարդում, որտեղ ապրում էին նրա հարազատները։ Ա՛խ, այն օրը, երբ ես իմացա, որ նա մահացել է...
:Գրետան խեղդելով արցունքները լռեց և այլևս չկարողանալով զսպել իրեն, նետվեց անկողնու վրա ու հեկեկացող դեմքը թաղեց վերմակի մեջ։
:Գաբրիելը չիմանալով ինչ ասել, դեռ որոշ ժամանակ ձեռքում պահեց կնոջ ձեռքը, հետո, չհամարձակվելով բռնանալ նրա վշտի վրա, այն զգույշ իջեցրեց և լուռ մոտեցավ պատուհանին։
:Գրետան խոր քնած էր։
:Արմունկին կռթնած, Գաբրիելը անվրդով նայում էր նրա խճճված մազերին, կիսաբաց բերանին և ականջ էր դնում կնոջ խոր շնչառությանը։ Ուրեմն, կնոջ կյանքում եղել է այդ ռոմանտիկ հիշողությունը՝ մի երիտասարդ մահացել է հանուն նրա։ Այժմ Գաբրիելն արդեն առանց որևէ ցավի մտածում էր, թե ինչպիսի խղճուկ դեր է խաղացել կնոջ կյանքում ինքը՝ նրա ամուսինը։ Նա նայում էր քնած կնոջը մի այնպիսի զգացումով, ասես նրանք երբեք ամուսիններ չեն եղել։ Գաբրիելը երկար ժամանակ հետաքրքրությամբ զննում էր նրա դեմքը, մազերը և փորձում պատկերացնել նրա ջահել տարիների գեղեցկությունը։ Տարօրինակ ու մտերմիկ մի խղճմտանք համակեց նրա հոգուն։ Գաբրիելը անգամ իր խղճի առաջ չէր ցանկանում խոստովանել, որ կնոջ դեմքը կորցրել է իր գեղեցկությունը, բայց նա գիտակցում էր, որ այդ դեմքը այլևս այն չէր, որի համար Մայքլ Ֆյուրեյը չվախեցավ մեռնել։
:Հավանաբար, Գրետան նրան ողջ ճշմարտությունը չպատմեց։ Գաբրիելը նայեց աթոռին, որի վրա ընկած էին կնոջ հագուստները։ Ներքնազգեստի երիզը կախվել էր աթոռից։ Կոշիկներից մեկը չէր շրջվել, միայն կակուղ վերնամասն էր ծալվել, իսկ մյուսն ընկած էր կողքի վրա։ Գաբրիելը զարմանքով հիշեց, թե զգացմունքների ինչպիսի փոթորիկ էր մի ժամ առաջ իր հոգում։ Ի՞նչն էր պատճառը, գուցե մորաքույրերի ընթրիքը կամ իր սեփական անհեթեթ ճառը, գինին ու պարերը, կատակներն ու սրախոսությունները, երբ նրանք հրաժեշտ տվեցին դահլիճում, և հետո երկար զբոսնեցին ձյունոտ գետափով։ Խե՛ղճ մորաքույր Ջուլիա։ Նա ինքն էլ շուտով ստվեր կդառնա, ինչպես Պատրիկ Մորքանը և նրա ձին։ Երբ նա երգում էր «Հարսանյաց հագուստով» երգը, Գաբրիելը նկատեց նրա դեմքի հոգնատանջ արտահայտությունը։ Գուցե շուտով սևազգեստ Գաբրիելը կնստի հենց այդ նույն հյուրասենյակում, մետաքսե գլխարկը՝ ծնկներին։ Լուսամուտները ծածկված կլինեն վարագույրներով, և մորաքույր Քեյթը, նստելով նրա կողքին, լաց կլինի, կմաքրի քիթն ու կպատմի, թե ինչպես մահացավ Ջուլիան։ Գաբրիելը մխիթարանքի բառեր կփնտրի և կգտնի միայն ոչինչ չասող ու անօգուտ ֆրազներ։ Այո, այո, շատ շուտով մահը վրա կհասնի։
:Սենյակը ցուրտ էր և Գաբրիելի ուսերը սառեցին։ Նա զգուշորեն պառկեց կնոջ կողքին, իր վրա քաշելով սավանը։ Նրանք հետզհետե դառնում էին ստվերներ։ Ավելի ճիշտ կլինի քաջաբար ոտք դնել մի այլ աշխարհ և մեռնել որևէ կրքի մոլուցքից, քան տարեցտարի թառամել ու ողորմելիորեն խամրել։ Գաբրիելը մտածում էր, որ կողքին պառկած կինը երկար տարիներ իր սրտում փայփայել է սիրած տղայի աչքերի պատկերը, այնպես, ինչպես նրանք կային այն պահին, երբ տղան ասաց, որ այլևս չի ցանկանում ապրել։
:Մեծահոգության արցունքներ հայտնվեցին Գաբրիելի աչքերում։ Դեռ երբեք նա այդպիսի զգացում չէր ապրել, և ոչ մի կին դեռևս այդպիսի զգացմունք չէր արթնացրել նրա հոգում, բայց նա գիտեր, որ այդ զգացումը կոչվում էր սեր։ Արցունքներից նրա աչքերը մթնեցին, և նրան թվաց, թե կիսախավարում տեսնում է երիտասարդի ստվերը այն ծառի տակ, որից դեռ կաթում էին անձրևի կաթիլները։ Նրա շուրջը ելնում էին այլ ստվերներ։ Գաբրիելի հոգին մոտենում էր մի աշխարհի, որտեղ բնակվում էր հանգուցյալների բազմությունը։ Եվ թեև Գաբրիելը անկարող էր նրանց ըմբռնել, բայց և այնպես, Նա զգում էր նրանց խաբուսիկ ու երերուն գոյությունը։ Նրա սեփական ինքնությունը անէանում էր նրանց գորշ, անշոշափելի աշխարհում։ Նյութական աշխարհը, որ այդ մեռյալները ինչ-որ ժամանակ ստեղծել էին և ապրել այնտեղ, հիմա հալչում էր եւ իմաստազրկվում։
:Ապակու վրա ընկնող ձյան փաթիլների մեղմ հարվածները, նրան ստիպեցին նայել պատուհանին։ Նորից ձյուն էր գալիս։ Նա քնկոտ հայացքով հետևեց փայլուն և գորշ փաթիլներին, որոնք շեղ ցած էին իջնում լամպի լույսի տակ։ Ժամանակն է արդեն ճանապարհորդել դեպի մայրամուտ։ Այո, թերթերը ճիշտ էին գրում, ձյուն էր գալիս ողջ Իռլանդիայով մեկ։ Ձյունը իջնում էր ամենուրեք՝ կենտրոնական հարթության վրա, ծառազուրկ բլուրներին։ Ձյունը փափուկ պառկում էր Ալեյան ճահիճների վրա և արևմուտքից այն կողմ մեղմ տարածվում Շանոնի մութ, ըմբոստացող ալիքների վրա։ Ձյունը իջնում էր նաև բլրի միայնակ գերեզմանոցին, որտեղ թաղված էր Մայքլ Ֆյուրեյը։ Ձյունը հաստ շերտով նստում էր ծռված խաչերի, տապանաքարերի, փոքրիկ դարպասների ճաղերի վրա և մերկ փշաթփերին։ Գաբրիելի հոգին դանդաղ անէանում էր ձյան շրշյունի ներքո, և ձյունը թեթև իջնում էր ողջ աշխարհի վրա որպես օրհասական ժամի հայտնություն, իջնում էր թեթև՝ բոլոր ապրողների ու մեռյալների վրա։
[[Կատեգորիա:արձակ]]