: Պարոն Իվոնն իր «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը» գրքույքում բերում է ողբալի թշվառության այլ օրինակներ եւ ավելացնում․ «Բնակարանային ճգնաժամի պատճառն այն է, որ հեղափոխությունն ավելի հոգացել է «կապիտալիզմից անցնելու», հսկա գործարանների կառուցման եւ մարդկանց՝ արտադրության մեջ կենտրոնացնելու գործընթացի, քան նրանց բարօրության մասին։ Հեռվից վիթխարի առաջընթաց է թվում, մոտիկից՝ ահավոր ցավալի երեւույթ»։
:===III===
: Իմ գրքին արված ամենաարժանի կշտամբանքներից մեկն այն է, որ իբր ես չափազանց մեթ կարեւորություն եմ տալիս մտավոր խնդիրներին, որոնց պետք է առժամանակ հետին գիծ մղել, քանի դեռ այլ, ավելի հրատապ հարցեր մնում են չլուծված։ Դրա պատճառն այն է, որ ես անհրաժեշտ էի համարել վերարտադրել այնտեղ ասված իմ մի քանի ճառերը<ref>«Ճառ Մաքսիմ Գորկու մասին», «Ճառ ուղղված Մոսկվայի ուսանողներին», որոնք դուրս են մնացել գրքի «Հավելվածից», «Զինվորագրված գրականությունում» տեղադրելու համար։</ref>, որոնց շուրջ վեճեր էին ծավալվել։ Այդքան փոքր մի գրքում այդ ճառերը չափազանց մեծ տեղ են զբաղեցնում եւ ուշադրություն գրավում։ Ավելին, նրանք վերաբերում են իմ ճանապարհորդության սկզբնական շրջանին՝ մի ժամանակ, երբ դեռ կարծում էի (այո, ես այդքան միամիտ էի), որ ԽՍՀՄ֊ում կարելի էր լրջությամբ խոսել մշակույթի մասին եւ անկեղծորեն վիճաբանել, մի ժամանակ, երբ դեռ չգիտեի, թե որքան ուշացած ու ցավոտ էր հասարակական հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող լռել, երբ իմ խոսքերի մեջ ուզում են տեսնել ընդամենը մի ոմն գրողի բողոքարկումները։ Երբ խոսում էի մտքի ազատության մասին, դրա տակ թաքնված էր բոլորովին այլ բան։ Գիտությունը եւս անվանարկվում է սիրալիրությունների մեջ։
: Կկամենայի, որ այս հարցում սխալ պատկերացում չձեւավորվի։ Ես ցավով եմ ներկայացնում այս սարսափելի թվերը։ Այդքան ցավալի իրադրության համար ավելի շուտ պետք է ողբալ․ բայց ես վրդովվում եմ, երբ ձեր կուրությունը կամ անբարեխղճությունը փորձում է մեզ այդ խղճուկ արդյունքները ներկայացնել որպես հիացմունքի արժանի բաներ։
:===IV===
: Ձեր հերյուրանքների աներեւակայելի մեծությունն էր պատճառը, որ այդքան խոր եւ ցավագին եղավ իմ վստահության, հիացմունքի ու բերկրանքի կորուստը։ Ճիշտ այդպես էլ այն, ինչի համար ես կշտամբում եմ ԽՍՀՄ֊ին, ամենեւին էլ ավելի լավ արդյունքի չհասնելը չէ (եւ հիմա ինձ բացատրում են, որ նրանք ավելի շուտ չէին կարող հասնել այդ արդյունքներին, եւ որ ես պիտի դա հասկանայի)։ Ինձ բացատրում են, որ նա շատ ավելի ցածրից է սկսել, քան ես կարող էի ենթադրել, եւ որ այն թշվառ վիճակը, որի մեջ ներկայումս տառապում են հազարավոր բանվորներ, մի դրություն է, որի մասին նախկին վարչակարգի բազմաթիվ ճնշվածներ պիտի անհուսորեն երազեին։ Ո՛չ, ԽՍՀՄ֊ին ես հատկապես կշտամբում եմ այն բանի համար, որ մեզ համոզում են, թե բանվորների դրությունն այնտեղ նախանձելի է։ Իսկ մեր կոմունիստներին կշտամբում եմ միայն նրա համար (ա՜հ, ես չեմ խոսում խաբված ընկերների, այլ նրանց մասին, ովքեի գիտեին կամ պարտավոր էին իմանալ), որ խաբել են բանվորներին (գիտակցաբար թե անգիտակցաբար), եւ տվյալ դեպքում, քաղաքականությամբ։
: Այն, ինչ կոչվում է սիրտ, դատապարտված է դանդաղ մահվան<ref>Ես այդ բառը վերցրել եմ մարքսիստական բառապաշարից։ Այն գործածել է Լենինը իր «Պետություն եւ հեղափոխություն» գործում։ «Պետությունը մեռնում է» արտահայտությունը շատ հաջող է ընտրված, քանզի արտացոլում է միաժամանակ գործընթացի դանդաղությունն ու տարերայնությունը (Երկերի լիակատար ժողոժածու, XXI)։</ref> անգործության պատճառով։ Դրանից էլ գալիս է չափազանց հեշտությամբ մարդկանց տիրած այդ չորությունը․ համաշխարհային բարելավման արդյունքում տեղի ունեցած մի յուրահատուկ աղքատացում… Բայց այդ դիտարկումները շատ հեռու են տանում ինձ, թողնեմ դրանք։
:===V===
: Պարոն Ֆերնան Գրենիեն իր հավանությունը տալով՝ հիշատակում է իմ հետեւյալ միտքը․ «Գոնե կա մի ձեռքբերում․ ԽՍՀՄ֊ում այլեւս չկա մեծամասնության շահագործում հանուն մի քանիսի շահերի։ Դա հսկայական ձեռքբերում է»։ Եվ Գրենիեն լսարանի ծափահարությունների ներքո ավելացնում է․ «Հիրավի, ընկերնե՛ր, դա հսկայական ձեռքբերում է»։