:==VI==
: Մեծ բան է այլեւս իրեն չշահագործված զգալը։ Բայց գիտակցել, որ դեռ շահագործված ես եւ չիմանալ՝ ում կողմից, չիմանալ՝ ով է մեղավոր քո թշվառության համար եւ ում մեղադրել… Վախենում եմ, որ Սելինն իրավացի է, երբ բողոքի ձայնի այդ բացակայությունն համարում է սարսափի գագաթնակետ։ Նա բացականչում է․
: Եվ այդ ժամանակ հարց ես տալիս, թե այսօր Կաուցկին չէ՞, որ ճիշտ է դուրս գալիս, եւ թե այսօր այդ երկուսից՝ Լինինից եւ նրանից, ո՞ր մեկին կձերբակալեր կամ կգնդակահարեր Ստալինը։
:==VII==
: Նոր Սահմանադրությունը մեկից ավելի հոդվածներում ասես հոգացել է նախօրոք պատասխանել այն քննադատություններին եւ կանխել այն գրոհները, որոնք հաստատապես պիտի վաստակեր։ Ղեկավարները հիանալի գիտեն, որ մեքենայի կառավարումը ժողովրդին չի պատկանում, եւ որ ժողովրդի ու նրա ենթադրյալ ներկայացուցիչների միջեւ խզված է ամեն մի իրական կապ։ Նրանց հենց դա է պետք։ Կարեւորն ուրեմն այն է, որ ստեղծեն այն պատրանքը, թե այդ կապը երբեք ավելի սերտ չի եղել, եւ որ պիտի «ուժեղացվի» զանգվածների վերահսկողությունը խորհրդային իշխանության մարմինների վրա եւ բարձրացվի «այդ մարմինների պատասխանատվությունը զանգվածների նկատմամբ», ինչպես ասում է մարտի 13֊ի Հյումանիտեն։ Թերթն այնուհետեւ ավելացնում է․ «Նոր ընտրական համակարգը կամրապնդի ժողովրդի ընտրյալների կապը ընտրողների զանգվածների հետ»։ Հրաշալի՜ է, այնքան հրաշալի, որ նույն հոդվածը կարող է այնուհետեւ բոլորովին չթաքցնել, որ նրանք մտադրություն ունեն «առաջնորդել ընտրությունները, քննադատել վատ թեկնածությունները եւ ընդդիմանալ առանց սպասելու գաղտնի քվեարկության ժամանակ նրանց ջախջախմանը», այնպես որ շատ էլ չես կարող հիանալ նրանց զգուշավոր շրջահայացությամբ։ Մնածեք միայն, որքան տհաճ կլիներ կրկնել 1934 թվականի հոկտեմբերի 19֊ի սխալը, երբ ժողովրդին թույլ տրվեց ընտրել (ինչպես, օրինակ, Կիեւի շրջանային կոմիտեի պլենումի ժամանակ) «այսօր դիմակազերծված այնպիսի մարդկանց, ինչպիսիք են կուսակցության թշնամիները»։ Այդտեղից էլ գալիս է շատ արագ ընտրություններից առաջ «կուսակցության ակտիվ կորիզի զարգացմանը խոչընդոտող ցանկացած բանի արգելման անհրաժեշտությունը»։ Որից հետո միայն ընտրությունները կարող են լինել «ազատ»։ Այդ իսկ պատճառով վախենում եմ, որ խիստ դաս կտան մի թերթի ոմն հրատարակչի, որի անունը զգուշանում եմ տալ՝ վախենալով նրան վնաս պատճառել, որը, չնայած ստալինյան ԽՍՀՄ֊ին եւ նոր Սահմանադրությանն իր նվիրվածությանը, համարձակվում է գովաստանքներին զուգահեռ անել հետեւյալ համեստ դիտողությունները․ «Մենք մտավախություն ունենք, որ ներկա համակարգում պետական մարմիններն այլեւս չեն շփվում աշխատավորական զանգվածների հետ, ինչպես Խորհուրդների համակարգում, այլ ընդհակառակը, միտում ունեն նրանցից տարանջատվելու։
: Ես այդ ամենից ոչ մի գաղափար չունեի, երբ ԽՍՀՄ֊ում էի, ոչ ավելի քան կոնցեսիոն ընկերություններից, եբր ճանապարհորդում էի Կոնգոյում։ Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ ես տեսնում էի աղետալի հետեւանքներ, որոնց պատճառները դեռ չէի կարող լավ հասկանալ։ Միայն ԽՍՀՄ֊ի մասին իմ գիրքը գրելուց հետո իմացա այդ մասին։ Սիտրայնը, Տրոցկին, Մերսիեն, Իվոնը, Վիկտոր Սերժը, Լեյը, Ռուդոլֆը եւ բազմաթիվ այլ գրողներ ինձ օգնեցին իրենց փաստագրություններով։ Այն ամենը, ինչ նրանք ինձ հայտնեցին եւ որոնց մասին ես միայն գուշակում էի, հաստատեց եւ ամրապնդեց իմ ուսումնասիրությունը։ Վաղուց ժամանակն է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը բաց անի իր աչքերը։ Կամ էլ, որ աշխատավոր ժողովուրդը հասկանա, թե խաբված է կոմունիստներից, ինչպես որ կոմունիստներն են այսօր խաբված Մոսկվայից։
:==VIII==
: Երեք տարվա ընթացքում ես չափից շատ էի գլուխս լցրել մարքսիստական գրվածքներով, որպեսզի ԽՍՀՄ֊ում ինձ օտար զգայի։ Մյուս կողմից չափազանց շատ էի կարդացել ճանապարհորդական նոթեր, խանդավառ նկարագրություններ, այլաբանություններ։ Իմ մեծագույն սխալը գովեստներին շատ մեթ հավատ ընծայելն էր։ Եվ այն պատճառով, որ այն ամենը, ինչ կարող էր ինձ նախազգուշացնել, ասվել էր այնպիսի զայրալից տոնով… Ես ավելի շատ հավատում եմ սիրուն, քան ատելությանը։ Այո, ես վստահում եւ հավատում էի։ Եվ այն, ինչ ինձ տհաճություն էր պատճառում, ոչ այնքան անկատարությունն էր, որքան այն, որ ինձ անմիջապես շրջապատեցին այնպիսի արտոնություններով, որոնցից կկամենայի խուսափել, եւ որոնց վաղուց ի վեր վերացած էի կարծում։ Ինձ, իհարկե, բնական էր թվում հյուրին հնարավորին չափ լավ ընդունելու եւ ամենուր լավագույնը ցույց տալու նրանց ցանկությունը։ Բայց ինձ զարմացնողը լավագույնի եւ հասարակ զանգվածների միջեւ եղած հսկայական հեռավորությունն էր, ծայրահեղ արտոնությունների առկայությունը միջակ կամ վատ սովորականի կողքին։
: Եվ նայեք՝ ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Այդ նոր կազմավորվող բուրժուազիան ունի մեր բուրժուազիայի բոլոր թերությունները։ Դեռ չհասցրած դուրս գալ թշվառությունից, արհամարհում է թշվառներին։ Ծարավ է այն ունեցվածքին, որից երկար ժամանակ զուրկ էր՝ նա գիտի ինչպես ձեռք բերել դա ու պահպանել։ «Արդյոք այս մարդի՞կ են արել հեղափոխությունը։ Ոչ, նրանք միայն օգտվում են դրանից», գրում էի ես իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում։ Նրանք կարող են բոլորն էլ մտնել կուսակցության շարքերը։ Նրանք կոմունիստական ոչինչ չունեն իրենց սրտում։
:==IX==
: Սակայն կա մի հանգամանք՝ ռուս ժողովուրդը երջանիկ է թվում։ Այս հարցում ես լիովին համամիտ եմ Վիլդրակի եւ Ժան Պոնսի վկայությունների հետ, որոնց ճանապարհորդական նոթերը ես ընթերցեցի ոչ առանց որոշակի կարոտի։ Քանզի ես դա եւս արել եմ․ ոչ մի այլ տեղ մարդիկ, ժողովուրդը, որին հանդիպում ես փողոցում (գոնե երիտասարդները), գործարանների բանվորները, որոնց այցելում ես, հանգստյան, մշակութային եւ ժամանցի վայրերում խառնված ամբոխը չունի նույն ժպտուն արտաքին տեսքը։ Ինչպես համատեղել այդ երջանիկ տեսքն այն սոսկալի թշվառության հետ, որի մեջ ներկայումս ինչպես հայտնի է, թաղված է մեծամասնությունը։