Ավելացվել է 13 896 բայտ,
22:48, 30 Հուլիսի 2013 {{Վերնագիր
|վերնագիր = Մերոնք
|հեղինակ =[[Սերգեյ Դովլաթով]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Մերոնք»]]
}}
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ==
Մեր նախահայր Մովսեսը Սուխովո գյուղից էր։ Հրեա եւ գյուղացի. սա, պետք է ասել, բավական հազվադեպ համադրություն է։ Հեռավոր Արևելքում, սակայն, պատահում էր։ Մովսեսի որդի Իսահակն արդեն քաղաքում էր ապրում։ Ասել է թե՝ վերականգնել էր իրադարձությունների բնականոն ընթացքը։ Սկզբում Իսահակն ապրել է Խարբինում, որտեղ էլ ծնվել է հայրս։ Հետո բնակություն է հաստատել Վլադիվոստոկի կենտրոնական փողոցներից մեկում։ Սկզբում Իսահակ պապս զբաղվել է ժամացույցների ու կենցաղային այլ իրերի վերանորոգմամբ։ Հետո որոշ ժամանակ զբաղվել է տպագրական գործով։ Էջկապ էր, եթե չեմ սխալվում։ Իսկ երկու տարի հետո խորտկարան է գնում Սվետլանկա թաղամասում։ Խորտկարանի հարևանությամբ Զամարաևի «Նեկտար, բալզամ» գինու խանութն էր։ Պապս հաճախ էր լինում Զամարաևի մոտ։ Բարեկամաբար խմում ու փիլիսոփայական զրույցներ էին վարում։ Հետո գնում էին պապիս խորտկարանը՝ ուտելու։ Հետո նորից վերադառնում էին Զամարաևի մոտ...
― Մեծ հոգու տեր տղամարդ ես, ― սիրում էր կրկնել Զամարաեւը, ― չնայած որ ջհուդ ես։
― Հորս կողմից եմ միայն ջհուդ, ― ասում էր պապս, ― մորս կողմից նիդերլան եմ։
― Էլ ով դիմանա՞, ― գոհունակությամբ ասում էր Զամարաևը։ Մի տարում հաջողացնում են խմել գինու խանութն ու ուտել խորտկարանը։ Ծերացած Զամարաևը մեկնում է որդիների մոտ՝ Եկատերինբուրգ։ Իսկ պապս գնում է պատերազմ։ Ռուս-ճապոնական պատերազմն էր սկսվել։ Բանակային ստուգայցերից մեկի ժամանակ նրան նկատում է կայսրը։ Պապիս հասակը մոտ յոթ ոտնաչափ էր. խնձորը մի բերան էր անում, բեղերը հասնում էին ուսադիրներին։ Կայսրը մոտենում է պապիս ու, ժպտալով, մատը դնում է նրա կրծքին։ Պապիս անմիջապես փոխադրում են գվարդիա։ Այստեղ նա, երևի թե, միակ սեմիթն էր։ Նրան կցում են հրետանային մարտկոցին։ Երբ ձիերն ուժասպառ էին լինում, պապս էր ճահիճների միջից դուրս քաշում հրանոթը։ Մի անգամ մարտի ժամանակ պապս միանում է գրոհողներին։ Մարտկոցը
պետք է կրակով օգներ սրանց։ Սակայն թնդանոթները լուռ էին։ Պարզվում է, պապիս թիկունքը փակել էր հրետանավորների տեսադաշտը, հետն էլ՝ հակառակորդի ամրությունները։
Ռազմաճակատից պապս վերադառնում է երեք գծանի հրացանով ու մի քանի մեդալով։ Ս․ Գեւորգի խաչ էլ, կարծես թե, կար։ Ուղիղ մեկ շաբաթ խմում է։ Հետո աշխատանքի է տեղավորվում «Էդեմ» հաստատությունում՝ որպես ավագ մատուցող։ Մի օր վիճաբանություն է սարքում մատուցողներից մեկի հետ։ Սա ինչ֊որ բան դանդաղ կամ փնթի էր արել։ Պապս սկսում է գոռալ։ Բռունցքը խփում է սեղանին։ Այն հայտնվում է սեղանի գզրոցում։ Պապս տանել չէր կարողանում անկարգությունները։ Այդ պատճառով էլ բացասաբար ընդունեց հեղափոխությունը։ Ավելին՝ ինչ֊որ չափով դանդաղեցրեց հեղափոխության ընթացքը։
Այդպես է եղել։ Ծայրամասերի ժողովրդական զանգվածները հեղեղում են քաղաքի կենտրոնը։ Պապս կարծում էր, թե հրեաների հերթական ջարդն է։ Վերցնում է հրացանն ու բարձրանում տանիք։ Երբ զանգվածները մոտենում են, պապս սկսում է կրակել։ Նա Վլադիվոստոկի միակ բնակիչն էր, որ դիմադրել էր հեղափոխությանը։ Հաղթանակը, այնուամենայնիվ, բաժին է հասնում հեղափոխությանը։ Ժողովրդական զանգվածներն արդեն անարգել գրավում են քաղաքի կենտրոնը։ Հեղափոխությունից հետո պապս ընկճվում֊խաղաղվում է։ Դառնում է նույն համեստ արհեստավորը։ Ժամանակ առ ժամանակ, սակայն, հիշեցնւոմ է իր մասին։ Մի անգամ, օրինակ, պապս ոտնահարում է ամերիկյան «Մերխեր, Մերխեր եւ Ընկ․» ընկերության հեղինակությունը։ Ամերիկյան այս ընկերությունը Խաղաղ օվկիանոսով Հեռավոր Արեւելք էր բերել ծալովի մահճակալներ։ Թեեւ այդ անվանումն ավելի ուշ է ծնվել։ Այն տարիներին դա արտառոց մի նորույթ էր։ Կոչվում էր «Մեջիք բեդ»։ Այն օրերի ծալովի մահճակալը գրեթե չէր տարբերվում իր ժամանակակից տարբերակից։ Գունավոր բրեզենտ, զսպանակներ, ալյումինե հնոց․․․ Առաջընթաց ջատագով պապս գնում է հանրախանութ։ Մահճակալը դրված է լինում հատուկ բարձրահարթակի վրա։
― Ամերիկյան ընկերությունը ներկայացնում է նորույթ, ― ձայնում է վաճառողը։ ― Ամուրիի երազանք։ Ճանապարհորդի անփոխարինելի ընկեր։ Հարմարավետություն ու գրգանք։ Ցանականո՞ւմ եք փորձել։
― Ցանկանում եմ, ― ասում է պապս։
Ու, կոշիկները՝ առանց քուդերն արձակելու, հանելով, պառկում է։ Ինչ-որ ճայթյուն է լսվում, վնգստում են զսպանակները։ Պապս հայտնվում է հատակին։ Վաճառողը, սիրալիր ժպիտը դեմքին, բացում է մեկ այլ մահճակալ։ Նույն ձայներն ու նույն արդյունքը։ Պապս, քթի տակ հայհոյելով, մեջքն է տրորում։ Վաճառողը բացում է երրորդ ծալովի մահճակալը։ Այս անգամ զսպանակները դիմանում են։ Անձայն ճկվում են, սակայն, ալյումինե ոտքերը։ Պապս կրկին հայտնվում է հատակին՝ այս անգամ դանդաղ ու անցավ։ Շուտով ամբողջ դահլիճը լցվում է խեղված հրաշք-մահճակալներով։ Անօգնական ճոճվում են բրեզենտի լաթերը։ Խեղճացած փայլում են ծռմռված ալյումինե խողովակները։ Պապս, այդ ընթացքում, սակարկելով գնում է մի բուտերբրոդ ու ծամելով հեռանում։ Ամերիկյան ընկերության հեղինակությունը ոտնահարված էր։ Այս դեպքից հետո «Մերխեր, Մերխեր և Ընկ.»–ը զբաղվել է զուտ բյուրեղապակյա ջահերի առևտրով...
Իսահակ պապս չափազանց շատ էր ուտում։ Բոքոն հացը ոչ թե լայնքով էր կտրում, այլ երկայնքով։ Հյուր գնալիս Ռայա տատս միշտ ամաչում էր նրա փոխարեն։ Հյուր գնալուց առաջ պապս կուշտ ճաշում էր։ Դա էլ չէր օգնում։ Հացը զույգ կտորներով էր ուտում։ Օղին կրեմ-սոդայի բաժակով էր խմում։ Երբ մատուցում էին անուշեղենը, խնդրում էր, որ չտանեն դոնդողածածկ ձուկը։ Տուն վերադառնալով, խոնջացած ընթրում էր...
Պապս երեք որդի ուներ։ Կրտսերը՝ Լեոպոլդը, դեռ պատանի էր, երբ մեկնեց Չինաստան։ Այնտեղից՝ Բելգիա։ Նրա մասին առանձին կպատմեմ։ Ավագներին՝ Միքայելին ու Դոնաթին, հրապուրում էր արվեստը։ Սրանք լքում են գավառական Վլադիվոստոկը։ Հիմնավորվում են Լենինգրադում։ Հետագայում այստեղ են գալիս նաև պապս ու տատս։ Որդիներն ամուսնանում են։ Պապիս կողքին նրանք նվազ ու անօգնական տեսք ունեին։ Երկու հարսներն էլ անտարբեր չէին պապիս նկատմամբ։
Աշխատում էր որպես բնակշահագործման գրասենյակի պետ, կամ նման մի բան։ Աշխատանքից հետո ժամացույցներ ու էլեկտրական սալիկներ էր վերանորոգում։ Առաջվա նման անսովոր ուժի տեր էր։ Մի անգամ Շչերբակովի նրբանցքում մի բեռնատարի վարորդ կոպտում է նրան։ Հայհոյանքը վիրավորում է պապիս ազգային արժանապատվությունը («ջհուդի մռութ», կամ դրա պես մի բան)։ Պապս բռնում է մեքենայի թափքից։ Կանգնեցնում է մեկուկես տոննայանոց բեռնատարը։ Վարորդին դուրս է շպրտում խցիկից։ Գետնից պոկում է բեռնատարը։ Շրջելով այն, կասգնեցնում է փողոցի լայնքով։ Բեռնատարի քիթը հպվում է բաղնիքի պատին։ Թափքի ետնամասը՝ Շչերբակովյան պուրակի ցանկապատին։ Վարորդը, գիտակցելով կատարվախը, արտասվում է։ Լացը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է սպառնալիքներով։
― Գլուխդ թռցնելու եմ, ― ասում է վարորդը։
― Փորձի՛ր, ― պատասխանում է պապս։
Բեռնատարն այդպես կանգնած մնում է երկու օր։ Հետո վերամբար կռունկ են բերում․․․․
― Ինչո՞ւ պարզապես քիթ֊մռթին չհասցրիր, ― հարցրել էր հայրս։
Մի պահ մտածելուց հետո պապս ասել էր․
― Բա որ շատ ուժեղ ստացվե՞ր ․․․
Արդեն ասել եմ, որ պապիս կրտսեր որդին՝ Լեոպոլդը, հայտնվել էր Բելգիայում։ Մի անգամ նրա մոտից մարդ էր եկել։ Անունը Մոնյա։ Մոնյան պապիս համար սմոկինգ էր բերել ու փչովի ընձուղտ։ Պարզվեց, որ ընձուղտը գլխարկների կախիչ էր։ Մոնյան հայհոյեց կապիտալիզմը, հիացավ սոցիալիստական արդյունաբերությամբ, հետո վերադարձավ Բելգիա։ Պապիս շուտով ձերբակալեցին՝ որպես բելգիական լրտեսի։ Տասը տարի տվեցին։ Տարը տարի՝ առանց նամակագրության իրավունքի։ Դա նշանակում էր՝ գնդակահարություն․․․ Նա չէր էլ դիմանա այնտեղ։ Առողջ տղամարդիկ ծանր են տանում սովը։ Իսկ ավելի ծանր՝ կամայականությունն ու անպատկառությունը․․․
Քսան տարի անց հայրս սկսեց զբաղվել նրա արդարացման հարցով։ Պապիս արդարացրին, քանի որ բացակա էր հանցակազմը։ Հարց է առաջանում․ հապա ի՞նչն էր ներկա։ Ինչո՞ւ ընդհատեցին այդ անհեթեթ ու զվարճալի կյանքը։
Ես պապիս հաճախ եմ հիշում, թեեւ ծանոթ չեմ եղել։
Ընկերս, ասենք, զարմանում է․
― Ինչպե՞ս ես կարողանում ռոմը թեյի բաժակով խմել։
Անմիջապես պապիս եմ հիշում։
Կամ կինս է ասում․
― Երեկոյան հրավիրված ենք Դոմբրովսկիների մոտ՝ խնջույքի։ Դու պետք է նախապես ճաշես։
Եւ կրկին այդ մարդուն եմ հիշում։ Բանտում էլ նրան հիշել եմ․․․
Ես պահել եմ պապիս լուսանկարներից մի քանիսը։ Թոռներս շփոթելու են մեզ․․․