― Հը՜մ․․․ ― ասաց Պաշկան։ ― Պատահում է։ Իսկ ես այնտեղ մի մարդու օգնեցի, մեքենան էր նորոգում։
==Գլուխ առաջին==
Երբ Ռումատան անցավ սուրբ Միկայի գերեզմանի մոտով (որը թվով յոթերորդն էր և վերջինը այս ճանապարհին), արդեն մթնել էր։ Գովական խամախարյան հովատակը, որը դոն Տամեոյից ստացել էր թղթախաղում շահած գումարի դիմաց, լրիվ անպետք բան դուրս եկավ։ Ձին քրտնել էր և հազիվհազ առաջ էր գնում երերուն վարգով։ Ռումատան ծնկներով սեղմում էր նրա կողերը, ձեռնոցով խփում էր նրա ականջների մեջտեղը, բայց հովատակը միայն տրտում թափահարում էր գլուխը, առանց ընթացքն արագացնելու։ Ճանապարհի երկայնքով աճած թփերը աղջամուղջում նման էին քարացած ծխի քուլաների։ Անտանելիորեն բզզում էին մոծակները։ Պղտոր երկնքում դողդողում էին հատուկենտ դժգույն աստղերը։ Մերթ ընդ մերթ փչում էր մեղմ քամին, որը միաժամանակ և՛ տաք էր, և՛ սառը, ինչպես միշտ լինում է աշնանը տոթ, փոշոտ ցերեկներով և ցուրտ գիշերներով այս ծովափնյա երկրում։
Ռումատան ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ և սանձն ազատ թողեց։ Շտապելն իմաստ չուներ։ Մինչև կեսգիշեր կես ժամ էր մնում, իսկ Զկռտացող անտառն իր ատամնավոր, սև ուրվագծով արդեն երևում էր հորիզոնում։ Չորս կողմը փռված էին վարած դաշտերը, աստղերի տակ փայլփլում էին ճահիճները, որոնցից մեռած ժանտահոտ էր փչում, սևին էին տալիս բլուրները ու Ներխուժման ժամանակների փտած ցանկապատները։ Հեռու֊հեռվում ձախ կողմից բռնկվում ու մարում էր հրացոլքը։ Ըստ երևույթին, վառվում էր մի գյուղ՝ մեկն այն անհամար ու միօրինակ Մեռելավաններից, Կախաղանավաններից, Թալանավաններից, որոնք վերջերս Օգոստոսափայլի հրամանով վերանվանվել էին Երազավաններ, Լիավաններ ու Հրեշտակավաններ։ Հարյուրավոր մղոններով, Նեղուցի ափերից մինչև Զկռտացող անտառի սայվան, տարածվում էր այդ երկիրը՝ պարուրված մոծակների ամպերով, կտրտված ձորակներով, ողողված ճահիճներով, վարակված տենդով, ժանտամահով ու զազրահոտ հարբուխով։
Ճանապարհի ոլորանում թփերի մոտից անջատվեց մի սև կերպարանք։ Հովատակը խրտնեց, վեր տնկելով գլուխը։ Ռումատան իսկույն ձեռքն առավ սանձը, ըստ սովորության ուղղեց աջ ձեռքի ժանյակը, ափը դրեց թրի կոթին ու նայեց այդ կողմը։ Ճանապարհին հայտնված մարդը հանեց գլխարկը։
― Բարի երեկո, ազնվազարմ դոն, ― կամաց ասաց նա։ ― Ներեցեք, խնդրում եմ։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Ռումատան, լսելով նրան։
Անաղմուկ ծուղակներ չեն լինում։ Ավազակներին մատնում է աղեղնալարի ճտճտոցը, գորշ գրոհայինները չեն կարողանում զսպել զզվելի գարեջրից առաջացող զկռտոցը, բարոնի դրուժիննիկները ագահորեն ֆսսացնում են ու զրնգացնում երկաթե զենքերը, իսկ վանականները՝ ստրուկ որսացողները, աղմուկով քորվում են։ Երևում է, այս մարդը կապ չուներ դրանց հետ։ Եվ ընդհանրապես նա, համեստ թիկնոցով այդ փոքրամարմին, հաստլիկ քաղաքացին, նման չէր ստահակի։
― Թույլ տվեք վազել ձեր կողքից, ― ասաց նա խոնարհվելով։
― Խնդրեմ, ― ասաց Ռումատան, սանձը ձգելով։ ― Կարող եմ բռնել ասպանդակից։
Մարդը քայլեց նրա կողքից։ Նա գլխարկը պահել էր ձեռքում, և երևում էր նրա ճաղատ գագաթը։ Գործակատար է, մտածեց Ռումատոն։ Գնում է բարոնների կալվածքերն ու անասնավաճառների տները, վուշ ու մթերքներ գնում նրանցից։ Խիզախ գործակատար է, ոնց որ․․․ Իսկ գուցեև գործակատար չէ․․․ Գուցե ուսյալ է։ Փախստական։ Վտարված։ Հիմա դրանք շատացել են ճանապարհներին, ավելի շատ են, քան գործակատարները․․․ Իսկ գուցե լրտե՞ս է։
― Ո՞վ ես դու և որտեղացի՞, ― հարցրեց Ռումատան։
― Իմ անունը Կիուն է, ― տրտում ասաց քաղաքացին։ ― Ես Արկանարից եմ։
― Փախչո՞ւմ ես Արկանարից, ― ասաց Ռումատան, կռանալով դեպի նա։
― Փախչում եմ, ― տխուր համաձայնեց քաղաքացին։
Տարօրինակ մարդ է, մտածեց Ռումատան։ Կամ գուցե, այնուամենայնիվ, լրտե՞ս է։ Պետք է ստուգել։ Իսկ ինչո՞ւ։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ է դա պետք։ Ո՞վ եմ ես, որ ստուգեմ նրան։ Ու ոչ մի ցանկություն էլ չունեմ ստուգելու։ Ինչո՞ւ պիտի չհավատամ նրան։ Ահա նա, այս ուսյալը, փախչում է քաղաքից, որ փրկի կյանքը․․․ Նա մենակ է, նա վախենում է, նա թույլ է ու պաշտպանության կարիք է զգում․․․ Եվ ահա, ազնվական է հանդիպել նրան։ Ազնվականներն իրենց հիմարության ու գոռոզության պատճառով բան չեն հասկանում քաղաքականությունից, բայց երկար սրեր ունեն ու չեն սիրում գորշերին։ Ինչո՞ւ քաղաքացի Կիունը անշահախնդիր պաշտպանություն չխնդրի հիմար ու գոռոզ ազնվականից։ Եվ վերջ։ Ես ոչ մի բան էլ չեմ ստուգի։ Ես դրա կարիքը չունեմ։ Կխոսենք, ժամանակը շուտ կանցնի, ու բարեկամների պես կբաժանվենք իրարից․․․
― Կիուն․․․ ― ասաց նա։ ― Ես ճանաչում էի մի Կիունի։ Թիթեղյա փողոցում էր ապրում, ալքիմիկոս էր ու դեղավաճառ։ Դու հո նրա ազգականը չե՞ս։
― Ավա՜ղ, այո, ― ասաց Կիունը։ ― Ճիշտ է, ես նրա հեռավոր ազգականն եմ, բայց թե միևնույնն է․․․ մինչև տասներկուերորդ պորտը․․․
― Իսկ ո՞ւր ես փախչում, Կիուն։
― Մի որևէ տեղ․․․ Հեռու։ Շատերը Իրուկան են փախչում։ Ես էլ կփորձեմ այնտեղ ընկնել։
― Հա՜, ― ասաց Ռումատուն։ ― Ու դու մտածեցիր, որ ազնվազարմ դոնը քեզ կանցկացնի՞ ուղեկալից։
Կիունը չպատասխանեց։
― Կամ էլ, գուցե մտածում ես, որ ազնվազարմ դոնը չի՞ իմանում, թե ով է Թիթեղյա փողոցի ալքիմիկոս Կիունը։
Կիունը լուր էր։ Ոնց որ այն չեմ ասում, ինչ պետք է, մտածեց Ռումատուն։ Նա կանգնեց ասպանդակների վրա ու գոռաց, ընդօրինակելով Թագավորական հրապարակի մունետիկին․
― Մեղադրվում է աստծո, թագի և անդորրի դեմ գործած ահավոր ու աններելի հանցանքների համար։
Կիունը չէր պատասխանում։
― Իսկ եթե ազնվազարմ դոնը պաշտում է դոն Ռեբայի՞ն։ Եթե նա ամբողջ հոգով նվիրված է գորշ խոսքին ու գորշ գործի՞ն։ Թե՞ դու կարծում ես, որ դա անհնարին բան է։
Կիունը չէր պատասխանում։ Աջից մթության մեջ երևաց կախաղանի կոտրված ստվերը։ Ձողափայտից օրորվում էր գլխիվայր կախված մերկ մարմինը։ Է՛հ, միևնույն է, բան չի ստացվում, մտածեց Ռումատան։ Նա ձգեց սանձը, բռնեց Կիունի ուսից և դեմքով շրջեց իր կողմը։
― Իսկ եթե ազնվազարմ դոնը հենց հիմա քեզ կախի այս թափառաշրջիկի կո՞ղքը, ― ասաց նա, հայացքը գամելով սպիտակ դեմքին ու սև ակնախոռոչներին։ ― Հենց ես, իմ ձեռքով։ Արագ ու հմտորեն։ Արկանարյան պինդ պարանով։ Հանուն իդեալների։ Հը, ինչո՞ւ ես լռում, ուսյալ Կիուն։
Կիունը չէր պատասխանում։ Նրա ատամները իրար էին զարնվում, ու նա անզոր գալարվում էր Ռումատայի ձեռքի տակ, ոնց որ ճզմված մողես։ Հանկարծ ճամփեզրի առվի մեջ ինչ֊որ բան ընկավ շրմփոցով, և նույն պահին էլ, ասես այդ շրմփոցը խլացնելու համար, նա հուսակտուր գոռաց․
― Դե կախի՛ր։ Կախի՛ր, դավաճան։
Ռումատան խոր շունչ քաշեց ու բաց թողեց Կիունին։
― Ես կատակ արեցի, ― ասաց նա։ ― Մի՛ վախեցիր․․․
― Սուտ է, սուտ է․․․ ― հեծկլտալով փնթփնթաց Կիունը։ ― Ամենուրեք սուտ է․․․
― Լավ, մի՛ նեղացիր, ― ասաց Ռումատան։ ― Ավելի լավ է վերցրու գցածդ, կթրջվի․․․
Կիունը մի քիչ կանգնած մնաց, օրորվելով ու հեծկլտալով, ձեռքերով թփթփացրեց իր թիկնոցին ու մտավ առուն։ Ռումատոան սպասում էր, հոգնած, թամբի վրա կծկված։ Ուրեմն, այսպես է պետք, մտածում էր նա, ուրեմն այլ կերպ հնարավոր չէ․․․ Կիունը դուրս եկավ առվից, փաթեթը մտցնելով ծոցը։
― Գրքեր են, իհարկե, ― ասաց Ռումատան։
Կիունը տարուբերեց գլուխը։
― Ոչ, ― ասաց նա խռպոտ ձայնով։ ― Ընդամենը մեկ գիրք է։ Իմ գիրքը։
― Ինչի՞ մասին ես գրում։
― Կարծում եմ, որ դա ձեզ չի հետաքրքրի, ազնվազարմ դոն։
Ռումատան խոր հոգոց հանեց։
― Բռնիր ասպանդակից, ― ասաց նա։ ― Գնանք։
Երկար ժամանակ նրանք լուռ էին։
― Լսիր, Կիուն, ― ասաց Ռումատան։ ― Ես կատակ արեցի։ Մի՛ վախեցիր ինձանից։
― Փառահե՜ղ աշխարհ, ― խոսեց Կիունը։ ― Ուրա՜խ աշխարհ։ Բոլորը կատակում են։ Ու բոլորն էլ իրար նման են կատակում։ Նույնիսկ ազնվազարմ Ռումատան։
Ռումատան զարմացավ։
― Դու գիտե՞ս իմ անունը։
― Գիտեմ, ― ասաց Կիունը։ ― Ես ձեզ ճանաչեցի ճակատի ապարաշից։ Ու շատ ուրախացա, որ հանդիպեցի ճանապարհին․․․
Դե իհարկե, այ թե ինչը նա նկատի ուներ, որ ինձ դավաճան անվանեց, մտածեց Ռումատան։ Ու ասաց․
― Իսկ ես կարծեցի, թե դու լրտես ես։ Ես միշտ սպանում եմ լրտեսներին։
― Լրտես․․․ ― կրկնեց Կիունը։ ― Այո, իհարկե։ Մեր ժամանակներում շատ հեշտ ու օգտակար է լրտես լինելը։ Մեր արծիվը, ազնվազարմ դոն Ռեբան, պարտավոր է իմանալ, թե ինչ են խոսում ու մտածում թագավորի հպատակները։ Շա՜տ կուզեի լրտես լինել «Գորշ ուրախություն» պանդոկում, շարքային լրտես։ Շա՜տ լավ, շա՜տ պատվավոր գործ է։ Երեկոյան ժամը վեցին մտնում ես գարեջրատուն ու նստում իմ սեղանի մոտ։ Պանդոկապանը շտապ ինձ է մոտենում առաջին գավաթով։ Ինչքան ուզեմ , կխմեմ, գարեջրի համար վճարում է դոն Ռեբան, ավելի ճիշտ՝ ոչ ոք չի վճարում։ Ես նստում եմ, գարեջուր խմում ու ականջ դնում։ Երբեմն ձևացնում եմ, թե գրի եմ առնում խոսակցությունները, և լեղապատառ մարդուկները իսկույն ինձ են մոտենում իրենց բարեկամությունն ու քսակը առաջարկելով։ Նրանց աչքերում ես տեսնում եմ միայն իմ ուզածը՝ շնային հավատարմություն, հարգալից վախ ու մի սքանչելի անզոր ատելություն։ Ես անպատիժ կարող եմ ձեռք գցել աղջիկներին ու կսմթել կանանց՝ աժդահա ամուսինների աչքի առաջ, ու նրանք միայն ստորաքարշորեն կհռհռան․․․ Հրաշալի դատողություն է, չէ, ազնվազարմ դոն։ Ես սա լսել եմ մի տասնհինգամյա տղայից՝ Հայրենասիրական դպրոցի ուսանողից․․․
― Ու դու ի՞նչ ասացիր նրան, ― հետաքրքրվեց Ռումատան։
― Իսկ ի՞նչ կարող էի ասել։ Նա չէր հասկանա։ Ու ես նրան պատմեցի, որ երբ Վագա Անվի մարդիկ լրտես են բռնում, պատռում են նրա փորը ու մեջը պղպեղ լցնում․․․ Իսկ հարբած զինվորները լրտեսին խցկում են պարկն ու խեղդում արտաքնոցում։ Ու սա զուտ ճշմարտություն է, բայց նա չհավատաց ինձ։ Նա ասաց, որ դպրոցում նրանք այդպիսի բաներ չեն անցել։ Այդ ժամանակ ես մի թուղթ հանեցի ու գրեցի մեր խոսակցությունը։ Դա ինձ պետք էր գրքիս համար, իսկ նա, խղճուկը, որոշեց, որ ես դա գրում եմ մատնելու համար, ու վախից տակը թրջեց․․․
Թփերի միջից երևացին Կմախք Բակոյի պանդոկի լույսերը։
Կիունը կմկմաց ու լռեց։
― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Ռումատան։
― Այնտեղ գորշ պարեկներն են, ― շշնջաց Կիունը։
― Հետո ի՞նչ, ― ասաց Ռումատան։ ― Լսիր ևս մեկ դատողություն, պատվարժան Կիուն։ Մենք սիրում ու գնահատում ենք այդ հասարակ ու գռեհիկ ջահելներին, մեր գորշ մարտական անասունին։ Նրանք հարկավոր են մեզ։ Այսուհետև ռամիկը պետք է լեզուն քաշի իրեն, եթե չի ուզում ճոճվել կախաղանից։ ― Նա ծիծաղեց, որովհետև գերազանց արտահայտվեց՝ գորշ զորանոցների լավագույն ավանդույթներով։
Կիունը կծկվեց ու գլուխը քաշեց ուսերի մեջ։
― Ռամիկի լեզուն պետք է իմանա իր տեղը։ Աստված ռամիկին լեզու է տվել ոչ թե բարբառելու համար, այլ իր պարոնի կոշիկները լիզելու համար, քանզի պարոնին աստված է կարգել․․․
Պանդոկի մոտ կանգնած էին գորշ պարեկների թամբած ձիերը։ Բաց պատուհանից լսվում էր խռպոտ հայհոյանք ու վեգերի շրխկոց։ Դռան շեմին, հրեշավոր փորով ծածկելով մուտքը, կանգնած էր ինքը Կմախք Բակոն, հագին՝ թևքերը ծալած հնամաշ կաշվե բաճկոն։ Փռչոտ թաթով նա բռնել էր տապարը, երևում է, հենց նոր էր շներին մորթել ճաշի համար, ու հիմա քրտնել էր ու դուրս էր եկել հանգստանալու։ Աստիճաններին տրտում նստել էր մի գորշ գրոհային, մարտական կացինը դրած ծնկների արանքը։ Կացնի կոթը մի կողմ էր թեքել նրա մռութը։ Երևում էր, որ նրա սիրտը խառնում էր շատ խմելուց։ Նկատելով հեծյալին՝ նա փսլինքը կուլ տվեց ու խզխզան ձայնով գոռաց․
― Կը․․․ կանգնի՛ր։ Հե՜յ, ով ես․․․ Դու, ազնվազարմ․․․
Ռումատան կզակը վեր տնկելով, անցավ նրա կողքով, նույնիսկ չնակելով վրան։
― ․․․ Իսկ եթե ռամիկի լեզուն ուրիշ կոշիկ է լիզում, ― բարձր խոսում էր նա, ― ապա այդ լեզուն պետք է արմատախիլ արվի, քանզի ասված է․ «Քո լեզուն իմ թշնամին է․․․»
Կիունը թաքնվելով ձիու գավակի հետևում, լայն քայլերով գնում էր նրա կողքից։ Ռումատան աչքի պոչով տեսնում էր, թե ոնց է քրտնել նրա ճաղատը։
― Կանգնի՛ր, քեզ եմ ասում, ― գոռաց գրոհայինը։
Լսվում էր, ինչպես է նա, կացինը շրխկացնելով, գլորվում աստիճաններով ներքև, հայհոելով միաժամանակ և՛ աստծուն, և՛ սատանային, և՛ ամեն տեսակ ազնվազարմ տականքներին։
Հինգ հոգի կլինեն, մտածեց Ռումատան, վեր քաշերլով թևքածալերը։ Հարբած մսագործներ։ Անհեթեթություն է։
Նրանք անցան պանդոկի մոտով ու թեքվեցին դեպի անտառ։
― Եթե պետք է, ես կարող եմ ավելի արագ քայլել, ― ասաց Կիունը, անբնական վստահ ձայնով։
― Հիմարություն, ― ասաց Ռումատան, դանդաղեցնելով ընթացքը։ ― Շատ ձանձրալի կլիներ, որ այսքան ճանապարհ գնայինք ու ոչ մի անգամ չկռվեինք։ Մի՞թե դու երբեք կռվելու ցանկություն չես ունենում, Կիուն։ Միայն խոսում ես, խոսում․․․
― Ոչ, ― ասաց Կիունը։ ― Ես երբեք կռվելու ցանկություն չեմ ունեցել։
― Վատն էլ հենց դա է, ― ասաց Ռումատան, ետ շրջելով ձիուն ու դանդաղ հագնելով ձեռնոցները։
Ճանապարհի ոլորանից դուրս պրծան երկու հեծյալ և, տեսնելով նրան, միանգամից կանգ առան։
― Հե՜յ, դու, ազնվազա՜րմ դոն, ― գոռաց մեկը։ ― Հապա մի անցագիրդ ցո՛ւյց տուր։
― Լկտի՛, ― ապակե ձայնով խոսեց Ռումատան։ ― Դուք հո անգրագետ եք, անցագիրը ձեր ինչի՞ն է պետք։
Նա ծնկներով խթանեց հովատակին ու վարգով ընդառաջ գնաց գրոհայիններին։ Վախենում են, մտածեց նա։ Խեղճացել են․․․ Գոնե մի երկու ապատակ հասցնեի։ Ո՛չ․․․ Չի՛ լինի։ Ոնց է ուզում թափել օրվա ընթացքում կուտակված ատելությունը և, կարծես, բան չի ստացվի։ Մնանք մարդասեր։ Ներենք բոլորին ու խաղաղ լինենք աստվածների պես։ Թող նրանք կոտորեն ու պղծեն, մենք խաղաղ կլինենք աստվածների պես։ Աստվածները շտապելու տեղ չունեն, նրանց առջևում հավերժությունն է։
Նա կիպ մոտեցավ հեծյալներին։ Գրոհայինները վեհերոտ բարձրացրին կացիններն ու հետ֊հետ գնացին։
― Հը՞, ― ասաց Ռումատան։
― Դե ինչ, ուրեմն․․․ շփոթված ասաց առաջին գրոհայինը։ ― Ուրեմն, էդ դո՞ւք եք, ազնվազարմ դոն Ռումատա։
Երկրորդ գրոհայինը իսկույն շրջեց ձիու գլուխն ու մի կողմ սլացավ։ Առաջինը շարունակում էր հետ֊հետ գնալ, իջեցնելով կացինը։
― Ներող կլինեք, ազնվազարմ դոն, ― շուտասելուկի պես կրկնում էր նա։ ― Չճանաչեցինք։ Սխալվեցինք։ Պետական գործ է, սխալները միշտ հնարավոր են։ Տղերքը մի քիչ կոնծել են ու գլուխները տաքացրել․․․ Ինքներդ գիտեք, դժվար ժամանակներ են․․․ Բռնում ենք փախստական ուսյալներին։ Մենք չէինք ցանկանա, որ դուք բողոքեիք, ազնվազարմ դոն․․․
Ռումատան մեջքը դարձրեց նրա կողմը։
― Բարի ճանապարհ ազնվազարմ դոնին, ― թեթևացած ասաց գրոհայինը։
Երբ նա հեռացավ, Ռումատան կամացուկ կանչեց․
― Կիուն։
Ոչ ոք չպատասխանեց։
― Հե՜յ, Կիո՜ւն։
Ու նորից պատասխան չստացավ։ Լարելով լսողությունը՝ նա մոծակների բզզոցի միջից լսեց թփերի խշխշոց։ Կիունը արագ֊արագ դաշտի միջով գնում էր դեպի արևմուտք, որտեղ քսան մղոն հեռավորությամբ անցնում էր իրուկանյան սահմանը։ Ահա և բոլորը, մտածեց Ռումատան։ Ահա և ամբողջ խոսակցությունը։ Միշտ նույն բանն է։ Ստուգում, երկիմաստ առակների զգույշ փոխանակում․․․ Շաբաթներով զզվում ես հազարումի տականքների հետ խոսելուց, իսկ երբ իսկական մարդու ես հանդիպում՝ խոսելու ժամանակ չի լինում։ Պետք է թաքցնել նրան, փրկել, ապահով տեղ ուղարկել, և նա գնում է, այդպես էլ չհասկանալով՝ բարեկամի՞ էր հանդիպել, թե քմահաճ վիժվածքի։ Եվ դու ինքդ էլ ոչ մի բան չես իմանում նրա մասին։ Ի՞նչ է ուզում նա, ի՞նչ կարող էր անել, ինչո՞ւ է ապրում։
Նա հիշեց իրիկնային Արկանարը։ Գլխավոր փողոցի քարակերտ տները, գինետան կողքի բարեհամբյուր լապտերիկը։ Կուշտ ու բարեհոգի խանութպանները գարեջուր են խմում մաքուր սեղանների մոտ նստած ու խոսում են, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որ հացի գներն ընկնում են, իսկ զրահների գները բարձրանում են, դավադրությունները ժամանակին են մերկացվում, կախարդներին ու կասկածելի ուսյալներին ցից են հանում, թագավորը, ինչպես միշտ, մեծ է ու պայծառ, իսկ դոն Ռեբան անսահման խելոք է և աչալուրջ։ «Ինչ ասես չեն հորինի․․․ Աշխարհը կլոր է․․․ Է՜, ինձ որ մնա՝ թող քառակուսի լինի, բայց դու մարդկանց մտքերը մի պղտորի․․․» «Ամեն վատ բան գրքերից է գալիս, եղբայրներ»։ Իբր «երջանկությունը փողի մեջ չէ, իբրև գյուղացին էլ մարդ է, հետո ավելի վիրավորական ոտանավորներ են թխում, իսկ հետո էլ՝ խռովություն․․․», «Դրանց բոլորին ցից պետք է հանել, եղբայրներ․․․ Ես գիտե՞ք ինչ կանեի, դրանց մեկ֊մեկ կհարցնեի՝ գրագե՞տ ես։ Ցի՛ց հանել։ Ոտանավո՞ր ես գրում։ Ցի՛ց հանել։ Աղյուսակ գիտե՞ս։ Ցի՛ց հանել, շատ բան գիտի․․․», «Բինա՛, թմբլիկ, էլի երեք գավաթ գարեջուր բեր ու տապակած ճագար․․․»։ Ւսկ սալարկած խճուղու վրա պայտած կոշիկներով դխկդխկացնում են (դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ) գորշ շապիկներ հագած և աջ ուսերին ծանր կացիններ դրած հաղթանդամ կարմրամռութ ջահելները։ «Եղբայրներ, ահա նրանք, մեր պաշտպանները։ Մի՞թե սրանք թույլ կտան։ Ո՜նց չէ․․․ Իսկ իմը, իմը․․․ Աջ կողմում է։ Երեկ դեռ դնգսում էի նրան։ Հա, եղբայրներ, հիմա ձեզ համար խառը ժամանակներ չեն։ Գահի հաստատություն, բարեկեցություն, անխախտ խաղաղություն և արդարություն։ Ուռա՜, գորշ վաշտեր։ Ուռա՜, դոն Ռեբա։ Փա՜ռք մեր թագավորին։ է՜հ, տղերք, ի՞նչ հրաշալի կյանք է․․․»
Իսկ Արկանարի թագավորության մթին հարթավայրով, որը լուսավորվում էր հրդեհների հրացոլքով ու կրակի կայծերով, մոծակների խժռած ճանապարհներով ու արահետներով, արնաշաղախ ոտքերով, քրտնքի ու փոշու մեջ կորած, տանջված, ահաբեկված, հուսալքված, սակայն պողպատի պես ամուր իրենց միակ համոզմունքի մեջ, փախչում են նրանք, գնում են, շրջանցելով ուղեկալները, փախչում են օրենքից դուրս հայտարարված հարյուրավոր դժբախտներ, որովհետև նրանք կարող են և ուզում են բուժել ու սովորեցնել հիվանդություններից տառապող ու տգիտության մեջ խարխափող իրենց ժողովրդին, որովհետև նրանք էլ, աստվածների պես, կավից ու քարից արարում են երկրորդ բնությունը՝ զարդարելով գեղեցկությանն անտեղյակ ժողովրդի կյանքը, որովհետև նրանք թափանցում են բնության գաղտնիքների մեջ, կամենալով այդ գաղտնիքները ի սպաս դնել իրենց անփորձ, հազարումի անհեթեթությամբ ահաբեկված ժողովրդին։ Անպաշտպան, բարի, անգործնական, իրենց ժամանակից շատ առաջ քայլող մարդիկ․․․
Ռումատան հանեց ձեռնոցը ու թափով խփեց հովատակի ականջների մեջտեղին։
― Դե, սատկա՛ծ, ― ասաց նա ռուսերեն։
Արդեն կեսգիշեր էր, երբ նա մտավ անտառ։
Հիմա ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որտեղից հայտնվեց այս տարօրինակ անունը՝ Զկռտացող անտառ։ Պաշտոնական ավանդությունն ասում էր, որ երեք հարյուր տարի առաջ թագավորական մարշալ Տոցի՝ հետագայում Արկանարի անդրանիկ թագավորի երկաթե վաշտերը, հետապնդելով պղնձամորթ բարբարոսների հորդաներին, մտնում են սայվա և այստեղ դադար առնելիս, ապիտակ ծառերի կեղևից եփում են մի գարեջուր, որն անզուսպ զկռտոց էր առաջացնում։ Ըստ ավանդության, մի առավոտ ճամբարում շրջելիս մարշալ Տոցը, կնճռոտելով ազնվատոհմիկ քիթը, ասել է․ «Սա ինչ անտանելի բան է։ Ամբողջ անտառը զկռտում է ու գարեջրի հոտ փչում»։ Եվ իբր թե հենց այստեղից էլ անտառը ստացել է իր անունը։
Ինչևիցե, սա մի արտասովոր անտառ էր։ Այստեղ աճում էին ամուր, սպիտակ բներով վիթխարի ծառեր, որպիսիք կայսրությունում ուրիշ ոչ մի տեղ չէին աճում, ո՛չ Իրուկանի դքսությունում, ո՛չ էլ մանավանդ Սռան առևտրական հանրապետությունում, որը վաղուց իր բոլոր անտառները օգտագործել էր նավեր սարքելու համար։ Պատմում էին, որ Հյուսիսային Կարմիր լեռնաշղթայից այն կողմ, բարբարոսների երկրում, շատ կան այդպիսի անտառներ, բայց ինչ է, քի՞չ բաներ են պատմում բարբարոսների երկրի մասին․․․
Անտառով ձգվող ճանապարհը բացել էին երկու դար առաջ։ Այդ ճանապարհը տանում էր դեպի արծաթի հանքերը և ավատական իրավունքով պատկանում էր Պամպա բարոններին՝ մարշալ տոցի համախոհներից մեկի ժառանգներին։ Պամպա բարոնների ավատական իրավունքը տարեկան տասներկու փութ մաքուր արծաթ էր նստում արկանարյան թագավորների վրա, այդ պատճառով էլ յուրաքանչյուր նոր հերթական թագավոր գահ բարձրանալուն պես զորք էր հավաքում ու կռվի գնում բարոնների դեմ, որոնք բնակվում էին Բաու ամրոցում։ Ամրոցի պարիսպները շատ ամուր էին, բարոնները՝ կտրիճ մարդիկ, յուրաքանչյուր արշավանքը նստում էր երեսուն փութ մաքուր արծաթ, և ջախջախված բանակի վերադարձից հետո արկանարյան թագավորները կրկին ու կրկին հաստատում էին Պամպա բարոնների ավատական իրավունքը մի քանի արտոնությունների հետ միաին, ինչպես, օրինակ, թագավորական սեղանի մոտ նստած քիթ քչփորելը, Արկանարից արևմուտք ընկած վայրերում որս անելը և թագաժառանգներին անունով կոչելը՝ առանց տիտղոսներն ու կոչումները թվելու։
Զկռտացող անտառը լի էր խորհրդավոր գաղտնիքներով։ Առավոտյան այս ճանապարհով ձգվում էին հանքանյութով բեռնված սայլերը, իսկ գիշերները ճանապարհը ամայի էր, որովհետև շատ քիչ կտրիճներ էին համարձակվում այդտեղով քայլել աստղերի լույսի տակ։ Ասում էին, որ գիշերները Հայր ծառին նստած կռնչում է Սիու թռչունը, որին ոչ ոք չի տեսել, որովհետև նա սովորական թռչուն չէ։ Ասում էին, որ խոշոր փրչոտ սարդերը ճյուղերից ցատկում են ձիերի պարանոցներին, մի ակնթարթում կրծում երակները ու խմում նրանց արյունը։ Ասում էին, որ անտառում թափառում է մի հինավուրց վիթխարի գազան՝ Պեխը, որը ծածկված է թեփուկներով, սերունդ է տալիս տասներկու տարին մեկ անգամ, ունի տասներկու պոչ, որոնք թունավոր քրտինք են արտադրում։ Իսկ ոմանք էլ տեսել էին, թե ինչպես օրը ցերեկով այս ճանապարհով անցնում էր, փնթփնթալով իր գանգատները, լրիվ մերկ, անմազ վարազը, որին անիծել էր սուրբ Միկան․ այս կատաղած վարազին երկաթը չէր խոցում, իսկ ոսկորը միանգամից խոցում էր։
Այստեղ կարելի էր հանդիպել նաև փախստական ստրուկին (նրա թիակների մեջտեղում երևում էր ձյութով դրոշմված խարանը), որը լռակյաց էր և անողորմ՝ արյունախում փրչոտ սարդի պես։ Եվ երեք տակ ծալված կախարդին, որը խորհրդավոր սունկեր էր հավաքում իր կախարդական դեղերի համար, որոնց օգնությամբ կարելի էր դառնալ անտեսանելի, վերածվել տարբեր կենդանիների, կամ էլ ձեռք բերել երկրորդ ստվվերը։ Ճանապարհի երկայնքով քարշ էին գալիս ահարկու Վագա Անվի գիշերային ստահակները, և արծաթի հանքից փախած սպիտակ, թափանցիկ դեմքերով ու սև ափերով փախստականները։ Հեքիմները այստեղ էին հավաքվում գիշերով, իսկ բարոն Պամպայի լկտի որսորդները բացատում շամփուրների վրա էին անցկացնում գողացած ցուլերին և խորովում։
Անտառի թավուտում, ճանապարհից մեկ մղոն հեռավորության վրա, ծերությունից չորացած մի վիթխարի ծառի տակ հողի մեջ էր խրվել հսկայական գերաններից սարքված խրճիթը, որը շրջապատված էր սևացած ցանկապատով։ Խարխլված խրճիթն այստեղ կանգնած էր անհիշելի ժամանակներից, նրա դուռը միշտ փակ էր, իսկ փտած շեմի մոտ տնկված էին ամբողջական ծառաբներից քանդակված կուռքերը։
Այս խրճիթը Զկռտացող անտառի ամենավտանգավոր տեղն էր։ Ասում էին, որ տասներկու տարին մեկ այստեղ է գալիս զառամյալ Պեխը, որ ծնի իր ժառանգին, և իսկույն էլ սողալով խրճիթի տակ՝ շունչը փչում է, այնպես որ խրճիթի տակը լրիվ լցված է սև թույնով, իսկ երբ այդ թույնը դուրս կհոսի, այ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ կկործանվի։ Ասում էին, որ անձրևոտ գիշերներին կուռքերը դուրս են գալիս հողի միջից, մոտենում են ճանապարհին ու նշաններ տալիս։ Ու նաև ասում էին, որ երբեմն մեռյալ պատուհաններում վառվում է ոչ մարդկային մի լույս, ինչ֊որ ձայներ են լսվում, և ծխնելույզից դուրս եկող ծուխը սյան պես ձգվում է մինչև երկինք։
Վերջերս Բարեհուստ (ռամկավարի՝ Գեղջկավան) խուտորի չխմող խենթուկ Իրմա Կուկիշը հիմարավարի երեկոյան կողմ մոտեցել էր խրճիթին ու պատուհանից ներս նայել։ Նա տուն էր վերադարձել արդեն հիմարացած, իսկ երբ մի քիչ խելքը գլուխն էր եկել, պատմել էր, որ խրճիթում պայծառ լույս էր վառվում, և հասարակ սեղանի մոտ մի մարդ էր նստել, ոտքերը դրել էր նստարանին ու խմում էր տակառից, որը բռնել էր մի ձեռքով։ Այդ մարդու դեմքը հասնում էր համարյա գոտկատեղին ու ամբողջովին ծածկված էր ինչ֊որ բծերով։ Պարզ է, որ դա սուրբ Միկան էր, երբ չէր դավանում մեր հավատին, մի քանի կին էր պահում, հարբեցող էր ու զազրելի հայհոյող։ Վախդ պիտի զսպեիր, որ կարողանայիր նրա վրա նայել։ Պատուհանից փչում էր քաղցր ու թախծոտ մի հոտ, և շրջակա ծառերի վրա ստվերներ էին քայլում։ Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս լսելու խենթ Իրմայի պատմածը։ Իսկ դրա վերջն այն եղավ, որ գրոհայինները եկան ու, նրա ձեռքերը ոլորելով, տարան Արկանար քաղաքը։ Բայց մարդիկ շարունակում էին խոսել խրճիթի մասին և հիմա այն անվանում էին Հարբած Որջ․․․
Անցնելով վիթխարի ձարխոտի մացառների միջով, Ռումատան ձիուց իջավ Հարբած Որջի մոտ ու սանձը փաթաթեց կուռքերից մեկին։ Խրճիթում լույս էր վառվում, բայց դուռը կախված էր մեկ ծխնուց։ Հայր Կաբանին, ուժասպառ, նստած էր սեղանի մոտ։ Սենյակը պարուրված էր սպիրտի սուր հոտով, սեղանին թափված կրծած ոսկորների ու խաշած շաղգամի արանքում դրված էր մի հսկայական կավե գավաթ։
― Բարի երեկո, հայր Կաբանի, ― ասաց Ռումատան, շեմից ներս մտնելով։
― Ես ձեզ ողջունում եմ, ― արձագանքեց հայր Կաբանին իր խռպոտ ձայնով, որ նման էր մարտական եղջերափողի ձայնին։
Զրնգացնելով խթանները, Ռումատան մոտեցավ սեղանին, ձեռնոցները նետեց նստարանին ու նորից նայեց հայր Կաբանիին։ Հայր Կաբանին անշարժ նստել էր, կախ ընկած այտերով դեմքը ափերի մեջ առած։ Կիսաճերմակ փռչոտ հոնքերը կախվել էին այտերի վրա, ինչպես չոր խոտն է ցած կախվում ձորի պռնկից։ Ամեն անգամ շունչ քաշելիս ծակոտկին քթի ռունգերից սուլոցով դուրս էր թռչում օդը, որ հագեցված էր չմարսված ալկոհոլով։
― Ես ինքս եմ նրան հորինել, ― հանկարծ ասաց նա, մեծ ճիգով բարձրացնելով աջ հոնքը և ուռած աչքը հառելով Ռումատայի վրա։ ― Ես ի՞նքս։ Ինչու՞․․․ Նա այտի տակից հանեց աջ ձեռքն ու թափահարեց մազոտ մատը։ ― Եվ, այնուամենայնիվ, ես այստեղ ոչ մի մեղք չունեմ․․․ Ես եմ նրան հորինել․․․ ու ես ոչ մի գործ չունեմ, հա՞։ Ճիշտ է, ոչ մի գործ․․․ Ու ընդհանրապես մենք չենք մոգանում, այլ սատանան գիտի թե․․․
Ռումատան արձակեց գոտին ու գլխի վրայով հանեց ուսափոկը սրի հետ միասին։
― Դե, դե, ― ասաց նա։
― Արկղը՜, ― մռնչաց հայր Կաբանին ու երկար լռեց, տարօրինակ կերպով շարժելով այտերը։
Աչքը չկտրելով նրանից, Ռումատան նստարանի վրայով մեկնեց փոշոտ երկարաճիտք կոշիկներով ոտքերն ու նստեց, սուրը դնելով կողքը։
― Արկղը․․․ ― կրկնեց հայր Կաբանին ընկճված ձայնով։ ― Դա մենք ենք ասում, որ իբր մե՛նք ենք հորինում։ Իրականում այս բոլորը վաղուց, շատ վաղուց է հորինված։ Ինչ֊որ մեկը վաղուց հորինել է, դրել արկղի մեջ, կափարիչի վրա մի անցք է բացել ու ինքը թողել գնացել․․․ Գնացել է քնելու․․․ Իսկ հետո՞։ Հետո գալիս է հայր Կաբանին, փակում է աչքերն ու ձեռքը մտցնում անցքի մեջ։ ― Հայր Կաբանին նայեց իր ձեռքին։ ― Ձեռքը մտցնում է արկղի մեջ ու ա՛ռը հա․․․ Հորինե՜լ։ Ես ասում է, ես եմ այս ամենը հորինել․․․ Իսկ ով ինձ չի հավատում, ուրեմն հիմարի մեկն է․․․ Ձեռքս մտցնում եմ՝ մ֊մե՛կ։ Ի՞նչ է։ Փշալար։ Ինչի՞ համար։ Փարախը գայլերից պաշտպանելու համար․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երկո՛ւ։ Ի՞նչ։ Չտեսնված մի բան։ Մսաղաց է կոչվում։ Ի՞նչի համար։ Աղացած միսը շատ նուրբ է ստացվում․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երեք։ Դյուրավառ ջուր․․․ Ինչի՞ համար։ Որ խոնավ փայտերր վառենք․․․ Բա՞․․․
Հայր Կաբանին լռեց ու սկսեց առաջ թեքվել, ասես ինչ֊որ մեկը բռնել էր նրա վզից ու կռացնում էր ներքև։ Ռումատան վերցրեց գավաթը, նայեց մեջը, հետո մի քանի կաթիլ լցրեց ձեռքի վրա։ Կաթիլները մանուշակագույն էին և սիվուխայի հոտ ունեին։ Ռումատան ժանեկազարդ թաշկինակով սրբեց ձեռքը։ Թաշկինակի վրա յուղի բծեր մնացին։ Հայր Կաբանիի գզգզված գլուխը կպավ սեղանին ու իսկույն էլ վեր նետվեց։
― Նա, ով այդ բոլորը դրել էր արկղի մեջ, գիտեր, թե դրանք ինչի համար են հորինված․․․ Փշալար․․․ գայլերից․․․ Դա ես եմ, հիմարս․․․ գայլերից։ Հանքերը, հանքերը պետք է շրջապատել այդ փշալարերով․․․ Որ պետական հանցագործները չփախչեն հանքերից։ Իսկ ես չեմ ուզում․․․ Ես ինքս պետական հանցագործ եմ։ Իսկ ինձ հարցրե՞լ են․․․ Հարցրել են։ Ասում են՝ փշալա՞ր է։ Ասում են՝ գայլերի՞ց պաշտպանվելու համար է։ Գայլերից․․․ Լավ, ասում են, ապրես։ Հանքերը փշալարով պատեք․․․ Հենց ինքը դոն Ռեբան էլ պատեց։ Իմ մսաղացն էլ տարավ։ Ապրես, ասում է։ Ասում է՝ լավ գլուխ ունես․․․ Ու հիմա Ուրախ Աշտարակում լա՜վ միս է աղում․․․ Ասում են շատ է նպաստում․․․
Գիտեմ, մտածում էր Ռումատան։ Ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ ոնց էիր գոռում դոն Ռեբայի սենյակում, ոնց էիր ոտքերն ընկել ու պաղատում․ «Վերադարձրու, պետք չի»։ Արդեն ուշ էր։ Քո մսաղացն արդեն պտտվում էր․․․
Հայր Կաբանին նրա ձեռքից խլեց գավաթն ու տարավ դեպի մազմզոտ երախը։ Խմելով թունավոր խառնուրդը, նա մռնչաց վարազի նման, հետո բաժակը դրեց սեղանին ու սկսեց մի կտոր շաղգամ ծամել։ Արցունքները գլորվում էին նրա այտերի վրայով։
― Դյուրավառ ջուր, ― հայտարարեց նա խռպոտ ձայնով։ ― Խարույկները կպցնելու և զանազան զվարճալի օյինբազությունների համար։ Եվ դա ի՞նչ ջուր է, եթե կարելի է խմել։ Եթե գարեջրի հետ խառնենք՝ գարեջուրն անգին բան կդառնա։ Չեմ տա։ Ե՛ս ինքս կխմեմ․․․ Ու խմում եմ։ Ցերեկը խմում եմ։ Գիշերը խմում եմ։ Լրիվ ուռել եմ։ Անընդհատ ընկնում եմ։ Քիչ առաջ, չես հավատա, դոն Ռումատա, մոտեցա հայելուն ու․․․ վախեցա։ Նայում եմ, տե՜ր աստված, ո՞ւր է հայր Կաբանին։ Իսկը ծովային գազան՝ ութոտնուկ, հարյուր գույն եմ առնում։ Մեկ կարմրում եմ։ Մեկ՝ կապտում։ Ջուր եմ հորինել, այսպես ասած, օյինբազությունների համար․․․ ― Հայր Կաբանին թքեց հատակին ու ոտքով տրորեց։ Հետո հանկարծ հարցրեց․ ― Այսօր ի՞նչ օր է։
― Դահիճ բարեպաշտի նախօրյակը, ― ասաց Ռումատան։
― Իսկ ինչո՞ւ արև չկա։
― Որովհետև գիշեր է։
― Էլի գիշեր․․․ ― թախծոտ ասաց հայր Կաբանին և դեմքով ընկավ կերակրի մնացորդների մեջ։
Ատամների արանքից սուլելով, Ռումատան որոշ ժամանակ նայում էր նրան։ Հետո վեր կացավ սեղանի մոտից ու գնաց մառան։ Մառանում շաղգամի կույտի ու թեփի արանքում փայլփլում էին ապակե խողովակները, օղեթոր սարքը, որը բնածին ինժեներ, բնածին քիմիկոս և վարպետ֊ապակեգործ հայր Կաբանիի զարմանահրաշ ստեղծագործությունն էր։ Ռումատան երկու անգամ պտտվեց «դժոխային մեքենայի» շուրջբոլորը, հետո, մթության մեջ շոշափելով, գտավ նիգը և, հատուկ նշան չբռնելով, մի քանի անգամ ուժգին խփեց։ Մառանում զնգզնգոց, շրխկոց ու բլթբլթոց ընկավ։ Թթվված նստվածքի զզվելի հոտը դիպավ նրա քթին։
Կրունկներով տրորելով փշրված ապակու բեկորները, Ռումատան հասավ մյուս անկյուն ու վառեց էլեկտրական լապտերը։ Այնտեղ, հնոտիքի կույտի տակ սիլիկատե պահարանի մեջ դրված էր «Միդաս» փոքրիկ դաշտային սինթեզատորը։ Ռումատան մի կողմ նետեց հնոտիքը, սկավառակի վրա հավաքեց մի քանի թիվ ու բարձրացրեց պահարանի կափարիչը։ Նույնիսկ էլեկտրական սպիտակ լույսի տակ սինթեզատորը շատ արտառոց տեսք ուներ այդ աղբակույտի մեջ։ Ռումատան ձագարի մեջ մի քանի բահ թեփ լցրեց, և սինթեզատորը կամացուկ երգեց, ինքնաբերաբար միացնելով ինդիկատորային վահանը։ Ռումատան ժանգոտած դույլը կոշիկի քթով մոտեցրեց ելքի փողրակին։ Ու իսկույն լսվեց՝ զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, և ծռմռված դույլի թիթեղե հատակին թափվեցին Արկանարի թագավոր Պիցա Վեցերորդի ազնվական կիսադեմով ոսկե դրամները։
Ռումատան հայր Կաբանիին պառկեցրեց ճռճռան թաղտի վրա, ոտքերից հանեց կոշիկները, հետո նրան շրջեց աջ կողքի վրա ու ծածկեց վաղուց սատկած ինչ֊որ կենդանու մազաթափ մորթիով։ Հայր Կաբանին մի պահ արթնացավ, բայց ոչ շարժվել կարող էր, ոչ էլ որևէ բան հասկանալ։ Սահմանափակվեց նրանով, որ մի քանի տուն երգեց «Ես ոնց մի ալ ծաղիկ, քո ձեռքում փոքրիկ․․․» արգելված ռոմանսից, հետո խռխռոցը գցեց։
Ռումատան հավաքեց սեղանը, ավլեց հատակը ու մաքրեց միակ պատուհանի ապակին, որը սևացել էր կեղտից ու հայր Կաբանիի քիմիական փորձերից։ Ճաքճքած վառարանի հետևում նա գտավ սպիրտով լցված մի տակառ ու այն դատարկեց առնետի բնի մեջ։ Հետո ջուր ու վարսակ տվեց խամախարյան հովատակին, լվացվեց ու սկսեց սպասել, նայելով ձիթաճրագի մրոտ կրակին։ Արդեն վեց տարի նա ապրում էր այս տարօրինակ, երկակի կյանքով ու, թվում էր, թե վարժվել էր արդեն, բայց ժամանակ առ ժամանակ, ինչպես հիմա, հանկարծ սկսում էր մտածել, թե իրականում չկա և ոչ մի կազմակեպված գաժանություն ու ճնշող գորշություն, այլ տեղի է ունենում մի արտառոց թատերական ներկայացում, որի գլխավոր դերակատարն ինքն է՝ Ռումատան։ Որ հիմա, հատկապես իր հաջող խոսքից հետո, կթնդան ծափահարությունները, և Փորձարարական պատմության ինստիտուտի հասկացողները կգոռան․ «Ադեկվատնո՜, Անտոն։ Ադեկվատնո՜, Անտոն։ Կեցցե՛ս, Տոշկա՜։ Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ֊լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ֊շերտ մուր էր նստած։
Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը։ Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի։ Ռումատան, բերանը բաց, լսում էր այդ ձայնը։ Դռռոցը կտրվեց, աշտանակի վրա մոմի բոցը երերաց ու էլ ավելի պայծառ վառվեց։ Ռումատան վեր կացավ տեղից, և հենց այդ պահին էլ գիշերվա խավարից սենյակ մտավ դոն Կոնդորը՝ Սոան առևտրական հանրապետության Գերագույն դատավորն ու պետական մեծ կնիքների պահապանը, Տասներկու մեկենասների կոնֆերանսի փոխնախագահը և Գթասրտության Աջի կայսերական միաբանության ասպետը։
Ռումատան այնպես վեր թռավ տեղից, որ քիչ մնաց շուռ տար նստարանը։ Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ։ Դոն Կոնդորը գլխից հանեց հասարակ փետուրով թավշե բերետը ու, հապշտապ, ասես մոծակներ էր քշում, թափահարեց Ռումատայի կողմը, իսկ հետո, բերետը նետելով սեղանին, երկու ձեռքով քանդեց թիկնոցի օձիքի ճարմանդները։ Թիկնոցը դեռ դանդաղ սահում էր նրա մեջքից, իսկ նա արդեն նստել էր նստարանին՝ ոտքերը լայն չռած, ձախ ձեռքը կողքին կանթնած, իսկ աջ ձեռքով բռնել էր հատակի փտած տախտակների մեջ խրված ոսկեզօծ թրի դաստակը։ Նա փոքրամարմին էր, վտիտ, դուրս պրծած խոշոր աչքերով և երկար, նեղ դեմքով։ Սև մազերը բոլորված էին Ռումատայի Ոսկե ապարոշի պես հաստ ապարոշով, որի վրա, քթարմատի տեղում, փայլփլում էր խոշոր կանաչ քարը։
― Դուք մենա՞կ եք, դոն Ռումատա, ― հարցրեց նա կտրուկ։
― Այո, ազնվազարմ դոն, ― տխուր պատասխանեց Ռումատան։
Հանկարծ հայր Կաբանին բարձր ու սթափ ասաց․ «Ազնվազարմ դոն Ռեբա․․․ Դուք բորենի եք, ու վերջ»։
Դոն Կոնդորը շրջվեց նրա կողմը։
― Ես ուղղաթիռով եկա, ֊ ասաց նա։
― Հուսանք, որ ձեզ չեն տեսել․ ― ասաց Ռումատան։
― Մի առասպել ավել, մի առասպել՝ պակաս, ― ջղագրգիռ ասաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ձիով ճանապարհորդելու համար։ Ի՞նչ է պատահել Բուդախին։ Ո՞ւր է կորել։ Դե նստեք, դոն Ռումատա, խնդրում եմ։ Վիզս ցավում է։
Ռումատան հնազանդորեն նստեց աթոռին։
― Բուդախն անհետացել է, ― ասաց նա։ ― Ես նրան սպասում էի Ծանր Թրերի անտառում։ Սակայն հայտնվեց միայն մի աչքանի մի թափառաշրջիկ, ասաց նշանաբանը ու գրքերով պարկը հանձնեց ինձ։ Ես երկու օր էլ սպասեցի, հետո կապվեցի դոն Գուգի հետ, և դոն Գուգն ինձ հաղորդեց, որ Բուդախին ճանապարհել է մինչև սահմանը, և որ Բուդախին ուղեկցում է ոմն ազնվազարմ դոն, որին կարելի է վստահել, որովհետև նա մինչև վերջին շապիկը տարվել է թղթախաղում և հոգով ու մարմնով ծախվել է դոն Գուգին։ Հետևաբար, Բուդախն անհետացել է այնտեղ, Արկանարում։ Ինձ ահա այսքանն է հայտնի։
― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։
― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուր է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տալ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ․ ― Մի խոքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։
Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։
― Դու ինձ դուր չես գալիս, Անտոն, ― ասաց նա ռուսերեն։
― Ինձ էլ շատ բան դուր չի գալիս, Ալեքսանդր Վասիլեվիչ, ― ասաց Ռումատան։ ― Ինձ դուր չի գալիս, որ մենք կապել ենք մեր ոտնուձեռը հենց բուն պրոբլեմի դրվածքով։ Ինձ դուր չի գալիս, որ այն կոչվում է Անարյուն Ներգործման Պրոբլեմ։ Որովհետև իմ պայմաններում դա գիտականորեն հիմնավորված անգործություն է․․․ Ես գիտեմ ձեր բոլոր առարկությունները։ Ու ես գիտեմ տեսությունը։ Բայց այստեղ չկա ոչ մի տեսություն, այստեղ ամենաիսկական ֆաշիստական գործունեություն է, այստեղ ամեն րոպե գազանները սպանում են մարդկանց։ Այստեղ ամեն ինչ անօգուտ է՝ գիտելիքները չեն բավարարում, իսկ ոսկին կորցնում է իր գինը, որովհետև ուշանում է։
― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Մի՛ տաքացիր։ Ես հավատում եմ, որ Արկանարում դրությունը միանգամայն բացառիկ է, սակայն համոզված եմ, որ դու ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ չունես։
― Այո, ― համաձայնեց Ռումատան։ ― Ես կոնստրուկտիվ առաջարկներ չունեմ։ Սակայն մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ զսպում։
― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Այստեղ մենք ընդամենը երկու հարյուր հիսուն հոգի ենք։ Բոլորն էլ զսպում են իրենց, և դա բոլորի համար էլ դժվար է։ Ամենափորձառուներն այստեղ ապրում են արդեն քսաներկու տարի։ Նրանք այստեղ էին թռել ընդամենը որպես դիտորդներ։ Նրանց ընդհանրապես արգելված էր որևէ բան ձեռնարկել։ Հապա մի րոպե պատկերացրու՝ արգելվում է ընդհանրապես։ Նրանք նույնիսկ Բուդախին փրկելու իրավունք չունեին։ Նույնիսկ եթե Բուդախին ոտքի տակ գցեին ու ծեծեին հենց նրանց աչքի առաջ։
― Պետք չէ ինձ հետ այդպես խոսել, ես երեխա չեմ, ― ասաց Ռումատան։
― Դուք երեխայի պես անհամբեր եք, ― հայտարարեց դոն Կոնդորը։ ― Այնինչ պետք է շատ համբերատար լինել։
Ռումատան դառնորեն քմծիծաղեց։
― Մինչև մենք սպասենք, ― ասաց նա, ― մինչև հազարումի բաներ որոշենք, գազանները ամեն օր, ամեն րոպե կոչնչացնեն մարդկանց։
― Անտոն, ― ասաց դոն Կոնդորը։ ― Տիեզերքում կան հազարավոր մոլորակներ, որտեղ մենք դեռ չենք եղել, ու որտեղ պատմությունը գնում է իր ընթացքով։
― Բայց այստեղ հո արդեն եկել ենք։
― Այո, եկել ենք։ Սակայն եկել ենք, որպեսզի օգնենք այս մարդկությանը, այլ ոչ թե այն բանի համար, որ հագուրդ տանք մեր արդարացի զայրույթին։ Եթե դու թույլ ես՝ գնա։ Տուն վերադարձիր։ Ի վերջո, դու երեխա չես ու գիտեիր, թե այստեղ ինչ պիտի տեսնես։
Ռումատան լուռ էր։ Դոն Կոնդորը, մի տեսակ խեղճացած ու ասես միանգամից պառաված, քայլեց սեղանի մոտով՝ երախակալից բռնած քարշ տալով թուրը և տխուր տմբտմբացնելով քիթը։
― Ամեն ինչ հասկանում եմ, ― ասաց նա։ ― Չէ՞ որ այդ ամենը ես արդեն ապրել եմ։ Կար ժամանակ, որ անզորության ու սեփական ստորության զգացումն ինձ համար ամենասոսկալի զգացումն էր։ Ավելի թույլերը դրանից խելագարվում էին, նրանց հետ էին ուղարկում Երկիր և այնտեղ բուժում։ Աղավնյակս, տասնհինգ երկար տարիներ անցան, մինչև ես հասկացա, թե ինչն է ամենասոսկալին։ Սարսափելին, Անտոն, մարդկային կերպարանքը կորցնելն է։ Հոգին կեղտոտելը, դաժանանալը։ Մենք այստեղ աստվածներ ենք, Անտոն, և պետք է ավելի խելոք լինենք առասպելների աստվածներից, որոնց այստեղի մարդիկ մի կերպ արարում են ըստ իրենց պատկերի ու նմանության։ Եվ չէ՞ որ մենք քայլում ենք ճահճի եզրով։ Եթե քայլդ սխալ գցես՝ կընկնես ցեխի մեջ ու ամբողջ կյանքումդ էլ չես մաքրվի այդ կեղտից։ Գորան Իրուկանցին «Գալստյան պատմության» մեջ գրում էր․ «Երբ երկնքից իջաց աստվածը եկավ Պիտանյան ճահիճների ժողովրդի մոտ, նրա ոտքերը ցեխոտ էին։
― Ու դրա համար էլ Գորանին ողջ֊ողջ այրեցին, ― մռայլ ասաց Ռումատան։
― Այո, այրեցին։ Իսկ դա մեր մասին է ասված։ Ես արդեն տասնհինգ տարի այստեղ եմ։ Ես, աղավնյակս, հիմա նույնիսկ երազում էլ չեմ տեսնում Երկիրը։ Մի անգամ, թղթերումս ինչ֊որ բան փնտրելիս, պատահաբար գտա մի կնոջ լուսանկար ու երկար ժամանակ չէի կարողանում գլխի ընկնել, թե նա ով է։ Երբեմն հանկարծ սարափահար գիտակցում եմ, որ վաղուց արդեն Ինստիտուտի աշխատակիցը չեմ, այլ այդ Ինստիտուտի թանգարանի ցուցանմուշը՝ առևտրական ֆեոդալական Աոան հանրապետության գերագույն դատավորը, և որ այդ թանգարանում կա մի սրահ, որտեղ ինձ կտեղավորեն։ Այա թե ինչն է ամենից սարսափելին՝ դերի մեջ մտնելը։Մեզնից յուրաքանչյուրի մեջ ազնվազարմ ստահակը մարտնչում է կոմունարի հետ։ Եվ շուրջն ամեն ինչ օգնում է ստահակին, իսկ կոմունարը մեն֊մենակ է, մինչև Երկիր ընկած հազար տարի ու հազար պարսեկ։ ― Դոն Կոնդորը լռեց, հայացքը գցելով ծնկներին։ ― Այսպես, Անտոն, ― ասաց նա ամրապնդվող ձայնով։ ― Մնանք կոմունարներ։
Նա չի հասկանում։ Եվ ինչո՞ւ պիտի հասկանա։ Նրա բախտը բերել է, ու նա չգիտի, թե ինչ բան է գորշ տեռորը, ինչ բան է դոն Ռեբան։ Այն ամենը ինչին նա ականատես է եղել այս մոլորակում տասնհինգ տարի աշխատելու ընթացքում, այս կամ այն կերպ տեղավորվում է բազիսի տեսության շրջանակներում։ Ու երբ ես նրան ասում եմ ֆաշիզմի, գորշ գրոհայինների, քաղքենիության աշխուժացման մասին, նա դրանք ընկալում է որպես հուզական արտահայտություններ։ «Կատակ մի՛ արեք տերմինաբանության հետ, Անտոն։ Տերմինաբանական շփոթը հղի է վտանգավոր երևույթներով»։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ միջնադարյան գազանության մակարդակը՝ դա Արկանարի երջանիկ երեկն էր։ Նրա համար դոն Ռեբան հերցող Ռիշելիեի նման մի բան է, խելացի ու հեռատես մի քաղաքագետ, որը միապետությունը պաշտպանում է փախստական ճորտերից։ Ամբողջ մոլորակում միայն ես եմ տեսում այս երկրի վրա իջնող սոսկալի ստվերը, բայց հենց ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչի ստվերն է և ինչու․․․ Ու ոնց կարող եմ համոզել նրան, երբ այ հիմա (դա նրա աչքերից է երևում) ինձ էլ երկիր կուղարկի բուժվելու։
― Ինչպե՞ս է հարգարժան Սինդան, ― հարցրեց Ռումատան։
Դոն Կոնդորը դադարեց շաղափել նրան իր հայացքով ու մռթմռթաց․ «Լավ։ Շնորհակալություն»։ Հետո ասաց․
― Վերջապես պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ոչ դու, ոչ էլ ես, և մեզանից ոչ մեկը չի տեսնի իր աշխատանքի իրապես շոշափելի արդյունքները։ Մենք ֆիզիկոսներ չենք, մենք պատմաբաններ ենք։ Մեզ համար ժամանակի միավորը ոչ թե վայրկյանն է, այլ դարը, ու մեր գործերը նույնիսկ ոչ թր ցանքս են, այլ սոսկ միայն հողն ենք պատրաստում ցանքսի համար։ Թե չէ երբեմն Երկրից այստեղ են գալիս էնտուզիաստներ, գրողը տանի դրանց․․․ Հևասպառ լինող վազորդներ․․․
Ռումատան կծու քմծիծաղ տվեց ու հենց այնպես սկսեց ձգել երկարաճիտ կոշիկները։ Վազորդներ․․․ Այո, եղել են այդպիսիք։
Տասը տարի առաջ Ստեֆան Օռլովսկին, նույն ինքը դոն Կապադեն, նորին կայսերական մեծության նետաձիգների վաշտի հրամանատարը, Էստորցի տասնութ վհուկների հրապարակային խոշտանգման ժամանակ իր զինվորներին հրամայեց կրակ բացել դահիճների վրա, անձամբ սպանեց կայսերական դատավորին և երկու դատական պրիստավներին ու հետո ցից հանվեց պալատական պահակախմբի կողմից։ Հոգևարքի տանջանքների մեջ նա գոռում էր․ «Դուք հո մարդ եք։ Խփեք դրանց, խփեք», ― բայց նրա ձայնը շատ քչերին էր հասնում ամբոխի ոռնոցի միջից․ «Կրա՜կ, էլի՜ կրակ․․․»։
Մոտավորապես այդ ժամանակ մյուս կիսագնդում Կառլ Ռոզենբլյումը՝ Գերմանիայի և Ֆրանսիայի գյուղացիական պատերազմների խոշորագույն գիտակներից մեկը, նույն ինքը՝ բրդի առևտրով ղբաղվող Պանի֊Պան, գլխավորեց մուրիսյան գյուղացիների ապստամբությունը, գրոհով գրավեց երկու քաղաք և, երբ փորձում էր կասեցնել կողոպուտն ու թալանը, սպանվեց ծոծրակը խրված նետից։ Ռոզենբլյումը դեռ կենդանի էր, երբ ուղղաթիռով եկան նրա հետևից, բայց խոսել չէր կարողանում ու միայն մեղավոր ու շվարած նայում էր իր խոշոր, երկնագույն աչքերով, և արցունքները գլորվում էին նրա դեմքն ի վար․․․
Իսկ Ռումատայի այստեղ գալուց քիչ առաջ հոյակապ կերպով ծպտված նրա ընկերը՝ Կայսանի բռնակալի խորհրդապահը (հողային ռեֆորմների պատմության մասնագետ Ջերեմի Տաֆնատը), հանկարծ պալատական հեղաշրջում կազմակերպեց, գրավեց իշխանությունը, երկու ամսում փորձեց ստեղծել Ոսկե Դար, համառորեն չպատասխանելով հարևանների և Երկրի կատաղի հարցումներին, խելագարի համբավ նվաճեց, հաջողությամբ խուսափեց ութ մահափորձերից , վերջապես առևանգվեց Ինստիտուտի վթարային խմբի կողմից և սուզանավով ուղարկվեց Հարավային բևեռի մոտ գտնվող կղզիների բազան․․․
― Տե՜ս է, ― փնթփնթաց Ռումատան։ ― Մինչև հիմա ամբողջ Երկիրը երևակայում է, որ ամենաբարդ պրոբլեմներով զբաղվում է զրո֊ ֆիզիկան․․․
Դոն Կոնդորը բարձրացրեց գլուխը։
― Օ՜, վերջապես, ― ասաց նա ցածրաձայն։
Չրխկացին սմբակները, վրնջաց խամատակյան հովատակը և լսվեց մի թունդ հայհոյանք իրուկանյան առոգանությամբ։ Դռան շեմին հայտնվեց դոն Գուգը, Իրուկանի հերցոգի ավագ անկողնապետը՝ կարմրաթուշիկ, կտրիճավարի վեր ցցած բեղերով, մինչև ականջները հասնող ժպիտով և շականակագույն կեղծամի խոպոպների տակից ուրախ նայող փոքրիկ աչքերով մի հաստլիկ մարդ։ Ու նորից Ռումատան մի շարժում արեց առաջ նետվելու և գրկելու նրան, որովհետև չէ որ դա Պաշկան էր, բայց դոն Գուգը հանկարծ ձգվեց, հաստամռութ դեմքին հայտնվեց մի քաղցրումեղցր արտահայտություն, և նա թեթևակի խոնարհվեց, գլխարկը սեղմեց կրծքին ու շրթունքներն ուռցրեց։ Ռումատան մի թռուցիկ հայացք գցեց Ալեկսանդր Վասիլևիչի կողմը։ Ալեկսանդր Վասիլևիչը անհետացել էր։ Նստարանին նստած էր Գերագույն դատավորը և Մեծ կնիքների պահապանը՝ ոտքերը չռած, ձախ ձեռքը կողքին կանթաց, իսկ աջով ոսկեզօծ թրի երախակալը բռնած։
― Դուք շատ ուշացաք, դոն Գուգ, ― ասաց նա անդոր ձայնով։
― Հազար ներողություն, ― բացականչեց դոն Գուգը, արագ մոտենալով սեղանին։ ― Երդվում եմ իմ հերցոգի ռախիտով, ինձ խանգարեցին մի շարք չնախատեսված հանգամանքներ։ Չորս անգամ ինձ կանգնեցրեց նորին մեծության Արկանարի թագավորի պարեկությունը, և երկու անգամ կռվի մեջ մտա ինչ֊որ լկտիների հետ։ ― Նա նրբագեղորեն բարձրացրեց արնաթաթախ շորով փաթաթված ձախ ձեռքը։ ― Ի դեպ, ազնվազարմ դոներ, չե՞ք ասի, այդ ո՞ւմ ուղղաթիռն է կանգնած խրճիթի հետևում։
― Դա իմ ուղղաթիռն է, ― դժգոհ մրթմրթաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ճանապարհներին կռիվների մեջ մտնելու համար։
Դոն Դուգը սիրալիր ժպտաց և, հեծնելով նստարանին, ասաց
― Եվ այսպես, ազնվազարմ դոներ, մենք ստիպված ենք հավաստել, որ դոկտոր Բուդախը խորհրդավոր կերպով անհետացել է Իրուկանի ու Ծանր Թրերի անտառի սահմաններում ինչ֊որ տեղ․․․
Հանկարծ հայր Կաբանին շուռումուռ եկավ իր մահճում։
― Դոն Ռեբա, ― վշտահար ասաց նա, առանց արթնանալու։
― Բուդախին ինձ թողեք, ― հուսահատ ասաց Ռումատան, ― ու փորձեք, այնուամենայնիվ, հասկանալ․․․