Ճագարն ու Դնչիկը նստել էին Վինի֊Թուխի տան շքամուտքի մոտ եւ լսում էին Ճագարին։ Վինի֊Թուխը նույնպես նրանց հետ էր։ Ամառային ալարկոտ կեսօր էր, եւ Անտառը լիքն էր խաղաղ ու քնկոտ հնչյուններով, որոնք կարծես ասում էին Թուխին․ «Մի լսիր Ճագարին։ Լսիր մեզ»։ Եվ Թուխը Ճագարին չլսելու ամենահարմար դիրքն ընդունեց ու փակեց աչքերը։ Երբեմն նա աչքերը բացում էր ու ասում․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ», իսկ հետո նորից փակում էր, ասելով․ «Ճի՛շտ է, ճի՛շտ է»։ Ինքը՝ Ճագարը, ամենալուրջ տեսքով շարունակ հարցնում էր․ «Դու հասկանո՞ւմ ես, թե ես ինչը նկատի ունեմ, Դնչիկ», իսկ Դնչիկը ոչ պակաս լրջությամբ գլխով էր անում, որպեսզի ցույց տա, թե ինքն ամեն ինչ֊ամեն ինչ հասկանում է։
— Մի խոսքով,— վերջապես իր միտքն ավարտեց Ճագարը,— վերջերս Վագրն այնքան Երեսառած է դարձել, որ ժամանակն է մտածել նրան հնազանդեցնելու մասին։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Դնչի՛կ։
Դնչիկն ասաց, որ վագրը իսկապես սարսափելի Երեսառած է, եւ եթե գտնեն նրան հնազանդեցնելու ձեւը, ապա դա կլինի Շատ Լավ Միտք։