Ավելացվել է 11 971 բայտ,
21:40, 9 Սեպտեմբերի 2013 {{Վերնագիր
|վերնագիր = Աղախին Աննայի հոբելյանը
|հեղինակ = [[Յարոսլավ Հաշեկ]]
|թարգմանիչ = Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
|աղբյուր = [[«Շաֆրանեկի-ժառանգությունը»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատմվածք]]
Տնային աղախինների աշխատանքի պահպանման ընկերության նախագահ, խորհրդականի կին, պանի Կրաուզովան վաղվա համար նախատեսված հանդիսավոր ճառ էր պատրաստում։
Ընկերության քարտուղարի՝ կոմերցիայի խորհարդականի տիկինոջ՝ պանի Տիխայի ընտանիքում ահա արդեն հիսուն տարի աշխատում է մի աղախին, ոմն Աննա, որ Տիխինների երկու սերունդ էր աճեցրել։ Ընկերությունը որոշում է կայացրել՝ նրա կեսդարյա հավատարիմ ծառայությունը նշելու համար։ Աննան յոթանասունհինգ տարեկան է և միշտ աչքի է ընկել ամբասիր վարքով ու երբեք թաքուն չի օգտվել տիրոջ բուֆետի համեղ ուտելիքներից։
Վաղը հանդիսավոր նիստում Աննային հանձնվելու պարգևը՝ ոսկա մի խաչ, տասը կրոնանոց ոսկեդրամ, մի գավաթ շոկոլադ և երկու կանկանդակ։ Եվ սա դեռ բոլորը չե։ Նա դեռ լսելու է պանի Կրաուզովայի հոբելյանական ճառը, իսկ եզրափակիչ մասում պանի Տիխան աղոթագիրք է հանձնելու նրան։
Ախ, միայն թե ճառը պատրաստ լիներ։ Ուրախացնող բան են գտել․ խորհրդականի կին լինելով, պիտի գլուխ կոտրեր ինչ֊որ աղախնի համար։ Մի կույտ թուղթ էր արդեն գրոտել, բայց ճառը չէր ստացվում։
Խարհրդականի կինը քայլում էր սենյակի մի անկյունից մյուսը և մտորում։ Ինչի՞ մասին էի խոսելու։ Գուցե այն մասին, որ հիմա աղախիններն ընդգրկված են արհմիության մեջ և հասել են այն բանին, որ հանգստի օրվա և տիրոջ հաշվին ըներելու իրավունք ունեն։
Խորհրդականի տիկիը նստեց գրասեղանի մոտ և քունքերը շփեց գլխացավի մատիտով։
Օրինակների հետևից հեռու գնալու կարիք չկա։ Կարելի է վերցնել իր ներկայիս աղախնին։ այս անամոթը իրեն սիրահետող է ճարել, իսկ սա էլ նրան ամեն տեսակ գրքեր է բերում․․․ Պատկերացնում եք, այդ անպետքը ցանկանում է ուսյալ ու կրթյալ դառնալ։ Ամեն ինչ խորհրդականի տիկնոջն այնքան գարշելի թվաց, որ նորից ձեռքը գցեց գլխացավի մատիտին։
Ոչ, այսպես հնարավոր չէ ճառ պատրաստել, միայն իզուր տրամադրություն ես փչացնում։ Մինչդեռ քանի֊քանի անգամ է ճառ պատրաստել ու ելույթ ունեցել ընկերությունում։ Բայց հիմա ցանկանում է բացարձակապես նոր, թարմ որևէ բան ասել․․․
Դե, եթե սկսի տեր աստծուն հիշեցնելո՞վ։ Աստծո անունով գործը չես փչացնի․ աստված աղախինների համար շատ սազական է։ Աղոթիր ու տքնիր։ Իսկ սա լատիկներեն ինչպե՞ս են ասում։ Անպայման կհարցնեմ ամուսնուս, երբ վերադառնա հիմանրկից։ Ահա և ամենալավ սկիզբը՝ «Աղոթիր և տքնիր»։
Խորհրդականի կինը ոգեշնչված գրեց այս տողերը․ «Աղոթիր և տքնիր»։ Սքանչելի բառեր են։ Առանց աղոթելու աշխատանքում հնարավոր չէր հասնել հաջողության, առանց աղոթելու հնարավոր չէ բարոյական մարդ դառնալ։
Հարգարժան տիկնայք, այս ճշմարտությունն իր լավագույն արտահայտությունն է գտել մեր այսօրվա հոբելյարի ճակատագրում։
Աղախին Աննան հիսուն տարի շարունակ ջերմեռանդորեն աղոթել է աստծուն, և աստված կյանքի փորձությունների միջոց նրան հասցրել է բաղձալի նպատակին։ Այսօր մենք տոնում են անխոնջ աշխատանքի հիսուն տարին, որի համար բազում պարգևներ կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա։ Երկնքում՝ դա երկնային արքայությունն է, իսկ գետնի վրա՝ ոսկե խաչը, տասը կրոնանոց ոսկեդրամը, աղոթագիրքը, մի գավաթ շոկոլադ և երկու կարկանդակ։
Աղոթիր ու տքնիր։ Մեր հոբելյար Աննան առանց ձեռք ծալելու աշխատել է հիսուն տարի անընդմեջ և հիմա ճաշակելու է իր ջանքերի պտուղները։ Ինչպես ձեզ հայտնի է, հարգելի տիկնայք, տասը կրոնանաց ոսկեդրամն իր մեջ ամփոփում է հինգ հարյուր կրեյցեր։ Այսպիսով մեր պատվարժան հոբելյարը իր աշխատանքային ամեն տարվա համար պարգևատրվում է ամբողջ տասը կրեյցերով։
Որպեսզի Աննան արժանանար այսքան խոշոր պարգևի, հիսուն տարի աղոթել է, թատրոն չի գնացել, չի պարել, չի կարդացել ուղեղը թունավորող գրքեր։ Նա իմացել է միայն սուրբ գիրքը, որ նրա հոգին լցրել է իրեն վարձողների նկատմամբ սիրո և հարգանքի, անսահման հեզության ու բարեպաշտության զգացումով։
Աղոթիր ու տքնիր։ Մեր հոբելյար Աննան ամբողջ կյանքում հեռու է մնացել ամեն տեսակ խառնակիչներից, չի դատարկաբանել այլ ծառաների հետ, չի բամբասել տերերին, և սրբազան աղոթքը ուժ է տվել նրան՝ կյանքի ճամփան անցնելիս։
Պատվարժան տիկնայք, ապա հայացք գցեք այս պառավին։ Նա միշտ եղել է խոնարհ, համեստ ու լռակյաց։ Նրա հնազանդությամբ լի սիրտն ուղղված է եղել առ աստված։ Ազատ րոպեներին նա խորհել է կյանքի ունայնության, մահվան, ահեղ դատաստանի օրվա և գործած մեղքերի համար կրելիք պատժի մասին։ Իսկ ինչպիսի՜ ջերմեռանդությամբ է նա աղոթել քնելուց առաջ։ Մեր բոլորի կողմից հարգված կոմերցիայի խորհրդական պան Տիխիի տանը երկու սերունդ գնահատում են նրա հեզ, անտրտունջ բնավորությունը։ Այո, մեր հոբելյարը միշտ էլ աչքի է ընկել իր մաքուր սրտով ու անկեղծությամբ։ Նա միշտ շնորհակալ է եղել իրեն նվիրած ամեն պատառի համար և երախտագիտության պոռթկումների պահին համբուրել է իր տիրոջ ու տիրուհու ձեռքերը։ Ահա թե այդ տանն ինչպես է իրեն պահել հիսուն տարի շարունակ։ Այդ ամբողջ ժամանակ նա ոչ մի անգամ որևէ բան չի գողացել և աչքի լույսի պես պահել֊պահպանել է տերերի ունեցվածքը։
Աշխատանքի դիմաց յուրաքանչյուր ամիս ստանալով հինգ կրոն, նա շատ խոհեմաբար է վարվել փողի հետ և կարողացել է ոչ միայն ուտելիք գնել իրեն համար, այլև մի բան էլ հետ գցել, որպեսզի, տերերի թույլտվությամբ, ուրիշ բարեպաշտների հետ ուխտագնացություն կատարի Պրիշիբրամի մոտ գտնվող Սուրբ լեռը։ Այնտեղից բոլորի համար բերել է կրոնական հուշանվերներ, իսկ սա վկայում է, որ պատրաստ է հրաժարվել հաց ու ջրից, միայն թե աստծուն փառաբանելու հնարավորություն ունենա, և, կարծում եմ, որ հազար անգամ երջանիկ կլիներ, եթե չլինեին իր մեղսալից մարմնի նկատմամբ ունեցած հոգսերը․․․»։
Խորհրդականի տիկինը որոշեց փոքր֊ինչ հանգստանալ։ Ախ, վաղը ինչպիսի հաղթարշավ է իրեն սպասում։ Իր ճառը, անտարակույս, նշվելու է կաթոլիկական մամուլում։ Իսկ հետո վատ չէր լինի այն հրատարակել «Ուղերձ տնային աղախնուն» խորագիրը կրող առանձին գրքույկով։ Դրանից հետո երևի տերերի գդալներն այլևս չթաթախեն կեղտաջրի մեջ։
Ներս մտավ աղախինն ու զեկուցեց․ «Կոմերցիայի խորհըդականի տիկին, պանի Տիխան»։ Սենյակ խուժեց մի հուզված կին ու հեծկլտալով նետվեց ըներության նախագահի գիրկը։
― Ի՜նչ խայտառակ վիճակ։ Մեր հոբելյարը հրամայել է երկար ապրել։
Նա սրբեց արցունքներն ու սկսեց ջղայնացած պատմել։
― Երեկ նրան ուղարկեցի նկուղ՝ քարածուխ բերելու (հասկանալի է, երբ մարդ յոթանասունհինգ տարեկան է դարձել, այնուամենայնիվ խղճում ես նրան փողոց շպրտել, բայց քանի որ կերակրում ես, ապա ուզած֊չուզած պիտի աշխատացնես)։ Իսկ ի՞նչ եք կարծում։ Այդ անպետքը վերցրեց ու աստիճաններով ցած ընկավ, ընդորում՝ ծանր պարկը շալակին։ Այնպես էր ջարդուխուրդ եղել, որ այսօր առավոտյան շունչը փչեց։ Ի՜նչ խայտառակություն։ Եվ այդքան հասարակ բանից փչանում է մեր ողջ տոնը։ Իսկ ես արդեն այդ հանեսի համար հատուկ շորեր էի պատվիրել․․․ Բացի այդ, թաղումը երեսուն կրոնից պակաս չի նստելու, իսկ հանգուցյալի խնայդրամարկղի գրքույկում ընդամնեը քսան կրոն կար։
Պանի Կրաուզովան նորից քունքերը շփեց գլխացավի մատիտով, ապա, հայացք գցելով քիչ առաջ գրոտած էջերին, հառաչեց․
― Չէ, ինչ ուզում եք ասեք, նա կարծես դիտավորյալ է այդ բոլորն արել, որպեսզի ամեն ինչ փչացնի․․․