Ավելացվել է 139 512 բայտ,
14:19, 27 Նոյեմբերի 2012 {{Վերնագիր
|վերնագիր = Արարչի ութերորդ օրը
|հեղինակ = [[Վահե Քաչա]]
|թարգմանիչ = Ա. Թոփչյան
}}
==*==
«Այդ տղայի անունը գրված էր ձյան վրա,
արևն այն հալեցրեց, իսկ ջուրը տարավ»:
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ==
Երկու շաբաթ անձրևելուց հետո արևը երևաց: Ես կնոջս ուղեկցում եմ կայարան: Նա գնացքով մեկնելու է Նիցցա, ուր մի շաբաթ հետո կմիանամ նրան, երբ Մորեստը Փարիզում կլինի ու կաշխատի կլինիկայում: Ամեն տարի այս ժամանակ իմ հիվանդներին վստահում եմ նրանև մեկ ամսով արձակուրդ եմ վերցնումև մեկնում դեպի Կոտ դ՝Ազյուր, որտեղ ամառանոց ունեմ: Մորեստը շնորհալի վիրաբույժ է, աշխատում է Լիոնի հիվանդանոցներից մեկում: Նա Փարիզը սիրում է օգոստոս ամսին: Աշխատանքն էլ ծանր չէ. երեսուն օրվա ընթացքում չորս կամ հինգ վիրահատություն:
Սյուզանը տեղավորվում է կուպեում: Նրան մի քանի թերթ եմ բերում. ճանապարհորդությունը երկար է: Մեծ ցանկություն ունեմ նրա կողքին մնալ, և թողնել, որ վագոնը ինձ հասցնի մինչև ծով: Եվս մեկ շաբաթ համբերություն, և ես մեքենայով կլինեմ այնտեղ: Սյուզանը ժամանակ կունենա բնակարանը կարգի բերելու: Նա կարող էր մինչև այս անձրևոտ շաբաթները գնալ, բայց գերադասեց մնալ ինձ հետ, և ես ասացի, որ բախտս բերում է: Քսան տարի է անցել մեր ամուսնությունից, բայց նրա աչքերի փայլը դեռ չի փոխվել: Մեր զգացմունքները՝ նույնպես: Քառասունութ տարեկան եմ, սակայն նույն ջերմությամբ եմ սիրում նրան:
- Դու միանգամի՞ց կգաս հիվանդանոց:
- Ժամը ութն է: Հինգ րոպեից քո գնացքը մեկնում է: Ես գոնե մեկ անգամ տիկին Կորբյեից առաջ կմտնեմ հիվանդանոց:
Տիկին Կորբյեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է ինձ հետ: Նա բոլոր վիրահատությունների ժամանակ օգնում է ինձ: Նրա ներկայությունը հուսադրող է:
- Մնաց երկու րոպե:
Օգոստոսի այս օրերին Լիոնի կայարանը լեփ-լեցուն է: Գնացքներն իրար ետևից մեկնում են: Ուղևորները լի են երջանիկ անհամբերությամբ: Լրագրավաճառուհին պաշարված է ճամպրուկներով և ճանապարհորդներով: Շուրջս տիրող այս եռուզեռը ի վերջո արբեցնում է ինձ: Ես նույնիսկ ներողամտորեն թույլ եմ տալիս, որ ինձ հրեն:
- Ցտեսությո՛ւն:
Վերջին անգամ սեղմում եմ Սյուզանի ձեռքը: Գնացքը դանդաղ սահում է ռելսերի վրայով: Եվս մի սուլոց, և ես նստած եմ իմ մեքենայի մեջ, հանգստացած գլխով ու երջանիկ, որ ապրում եմ: Մի շաբաթ հետո ես նորից կտեսնեմ ծովը և ինձ համար այնքան սիրելի ծովափը:
Իմ կլինիկան Բուլոնյան անտառի մոտ է: Ծանրաբեռնված երթևեկության պատճառով մեքենան դանդաղ եմ վարում: Կարծես բոլոր մեքենաներն այսօր ժամադրվել են Լիոնի կայարանի մոտ: Կես ժամ է պետք, որպեսզի հասնեմ Սեն-Լազար: Ես կանգնում եմ կրպակի առջև և մի գավաթ գարեջուր խմում: Արևը, որ երկու շաբաթ խռովել էր, այժմ բաց թողածը փայլուն կերպով լրացնում է: Ամեն ինչ տոնական տեսք ունի: Թուլացնող մթնոլորտ: Դյուպոնի մոտ վաղ առավոտից հոսում է գարեջուրը: Երիտասարդներն իրենց ճամպրուկներով հավաքվել են երաժշտական մեքենայի շուրջը: Նրանք սպասում են, որ մեկնելու ժամը հասնի: Շրթունքներս թրջում եմ փրփրոտ գարեջրով: Ինձ թվում է, թե քսան տարեկան եմ:
*
Ի~նչ համեմատություն փողոցների երթևեկության հետ: Այստեղ կատարյալ լռություն է: Բուժքույրերը քայլում են ոտքի ծայրերին, և երբեք նրանց ձայնն այսքան հեռավո չի թվացել, երբ կողքովս անցնելիս շշնջում են.
- Բարև, բժիշկ...
Մի դուռ եմ բացում: Հիվանդը, որին երկու օր առաջ եմ վիրահատել, ձեռքերը կրծքին խաչած, պառկած է: Նա սպասում է: Մենք սպասում են վերքի վերջնական սպիացմանը: Գանգի վնասված էր: Վիրահատումն օգնեց... Դուռը զգույշ ծածկում եմ: Երեք հիվանդ կողքի սենյակում են: Ես վախենում եմ նրանց արթնացնել, ուստի գնում եմ իմ աշխատասենյակը: Մի պահ թեքվում եմ պատուհանին: Աղջիկների մի խումբ մտնում է անտառ: Նրանց աղաղակներն արձագանքի պետս հասնում են ինձ և հազարավոր զգացումներ արթնացնում: Ըստ երևույթին, հիվանդանոցն այսօր ընկճեց ինձ: Արձակուրդի կարիք եմ զգում: Այս պահին Սյուզանը պետք է հասած լինի Սանս:
- Բարև, բժիշկ:
Տիկին Կորբյեն է: Նա զարմացած չէ, որ առավոտ շուտ իրեն աշխատասենյակում է տեսնում: Սովորաբար ես կլինիկա եմ գալիս կեսօրվա մոտ: Մեծ մասամբ, եթե անհրաժեշտություն չի լինում, վիրահատում եմ կեսօրից հետո, մոտ ժամը երկուսին:
- Տիկինը մեկնե՞ց:
- Հենց նոր ուղեկցեցի կայարան:
Տիկին Կորբյեն ծնվել է հիվանդապահ լինելու համար: Նա այդ գործի բոլոր տվյալներն ունի. կանոնավոր դիմագծեր, լավ առողջություն, մշտաժպիտ և նվիրված: Եկող շաբաթվանից մեկ ամիս արձակուրդ է վերցնելու:
- Առայժմ, բժիշկ:
Բաց պատուհանից ինձ են հասնում աղմուկն ու ծիծաղը: Մի սիգարեթ եմ վառում:
*
Նոր սիգարեթ վառելու պահին, մի ծանոթ աղմուկ ճեղքում է օդը. ոստիկանության ազդանշանն է: Հավանաբար դժբախտ պատահար է: Ես չեմ շարժվում՝ հուսալով, որ աղմուկը կհեռանա: Մեքենան կանգնում է: Ազդանշանը շարունակվում է: Մի քանի ոստիկան եմ նկատում: Մեքենան ներս թողնելու համար բացում եմ դարբասը:
- Բժի՛շկ:
Տիկին Կորբյեն բացում է դուռը: Ոստիկանական մեքենան կլինիկայի առջև հազվադեպ է կանգնում:
- Գալիս եմ:
Միջանցքում սպասում եմ բարձրացող վերելակին: Դռները բացվում են պատգարակի
վրա: Արյունոտ գլխով մի մարդ է պարկած:
- Ավտովթար է, - ասում է ոստիկանը: - Կարծում եմ, լուրջ է, անհետաձգելի: Եվ քանի որ ձեր կլինիկան ընկած էր մեր ճանապարհին...
Երկու հիվանդապահ ավտովթարի ենթարկվածին տանում են վիրահատման սրահ: Տիկին Կորբյեն գործիքներն արդեն պատրաստել է: Ես զննում եմ վիրավորին: Տղամարդ է, երեսունին մոտ: Նա տեսքից ամուր է, բայց լուրջ է վնասվածքը: Գանգի ճեղքվածք: Արյունը լերդացել է մազերին: Զննում եմ մոտիկից: Դեռ շնչում է: Պետք է բացել գանգը: Հարկավոր է շտապել: Հագնում եմ խալաթը, ձեռնոցները: Ես պատրաստ եմ: Անհրաժեշտ է մաքրել լերդացած արյունը, փոշին, փշրված ոսկորները ...
Գլուխս բարձրացնում են: Տիկին Կորբյեի հայացքը հանդիպում է ինձ: Մի անզոր շարժում: Մարդն արդեն մահացած է: Գործիքներն առանց օգտագործելու դնում եմ տեղը:
- Հայտնեք ոստիկաններին:
Ես նայում եմ վիրահատման սեղանին դրված այս անշարժ զանգվածին: Նայում եմ այս մահացած մարդուն ու մտածում կայարանի անցուդարձի և այն ծիծաղող աղջիկների մասին, որոնք վազում են անտառում: Կոպերը փակելուց առաջ, նկատում եմ, որ նրա աչքերը կապույտ են:
- Ոստիկանները գնացել են: Նրանց ասել էին, որ վիրահատությունը երկար կտևի:
Ես նույնիսկ չեմ բողոքում: Ի՞նչ օգուտ:
- Ընտանիքին հայտնեք:
Նրա փաստաթղթերը դրված են սեղանին, հեռախոսի մոտ: Թերթում եմ: Մարկ Դյուման, ծնվել է 1927 թվականի մարտի 2-ին, ինժիներ, բնակվում է Ալեզիա փողոցում: Հեռախոս՝ GOB-40-17:
Տիկին Կորբյեն արդեն հավաքում է համարը: Նրա մատները չեն դողում: Հեռախոսի սկավառակը դանակի պես չոր աղմուկով պտտվում է:
- Ալո, GOB-40-17 է՞:
Վերցնում է լսափողը: Պատասխանում է կանացի մի ձայն: Տիկին Կորբյեն հազում է: Նա հուզվում է ավելի, քան ենթադրում եմ:
- Տիկին Դյումա՞նն է լսում:
- Ես եմ:
- Դոկտոր Քերլյանի կլինիկայից է:
Հեռախոսալարի մյուս ծայրում ձայնը փոխվում է:
- Կլինիկայից: Ինչո՞ւ:
Տիկին Կորբյեն վարանում է:
- Կուզե՞ք հասցեն վերցնել: Բուլվար Մորիս Բարես, Նոյիյում:
- Ինչո՞ւ, ինչո՞ւ:
- Ձեր ամուսինը քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել: Կուզե՞ք այստեղ գալ:
- Մա՞րկը:
- Դուք հասցեն վերցրի՞ք: Ես կրկնում եմ:
- Վնասվածքը լո՞ւրջ է:
- Մենք ձեզ սպասում ենք:
- Մի՛ կախեքմ, ասե՛ք իձն... Ես հենց հիմա կգամ:
Տիկին Կորբյեն դանդաղ իջեցնում է լսափողը:
*
Պատուհանի մոտ տագնապով սպասում եմ տիկին Դյումանին: Կեսօր է: Սյուզանը պետք է հասած լինի Լիոն: Այս ժամին անցորդները հազվադեպ են փողոցում: Ծառուղիով մի քանի հեծյալներ են վարգում: Հանկարծ մի տաքսի է կանգնում կլինիկայի մոտ: Սրտի տրոփյունով տեսնում եմ, թե ինչպես մի կին է իջնում: Վարորդի հետ հաշիվը փակելիս հայացքը չի կտրում կլինիկայից: Նետվում է դեպի մուտքը: Տիկին Կորբյեն ընդունարանում սպասում է նրան: Բուժքրոջը խնդրել էի Մարկի վերքը մաքրել և գլուխը մաքուր վիրակապով փաթաթել: Անցնում է մի քանի րոպե: Ես հետևում եմ վերելակի աղմուկին: Ինչո՞ւ չի բարձրանում: Նրա ամուսնու մարմինը հարևան սենյակում է: Անվերջ թվացող հինգ րոպե: Հետո՛ քայլերի ձայն եմ լսում: Տիկին Կորբյեն է: Նա այլայլված է: Նրան երբեք այդ վիճակում չեմ տեսել:
- Ուզում էր ինքնասպանություն գործել:
Լռություն:
- Լուրը նրան ինչպե՞ս հայտնեցիք:
- Բերանս դեռ չէի բացել, արդեն գուշակեց: Կարծում եմ քույրերից մեկն է ասել: Ընդունարան մտնելուն պես նետվեց դեպի պատուհանը: Ես ճիշտ ժամանակին բռնեցի նրան: Ի՞նչ անենք: Նա ցնցված է ...
Լռեց: Ավելի լավ է ես խոսեմ հետը:
- Բերեք իմ աշխատասենյակը:
Քիչ հետո դուռը բացվում է: Տիկին Դյումանը ներս է մտնում: Երիտասարդ է, քսանհինգ տարեկան: Նա բռնել է ստամոքսը, շնչահեղձ է լինում: Նրա աչքերը չոր են: Ես խոսք չեմ գտնում ասելու:
- Ձեր ստամոքսը ցավո՞ւմ է:
Նա բացասաբար շարժում է գլուխը: Նրա վարքը տարօրինակ է թվում ինձ: Մոտենում եմ, շոշափում որովայնը: Մկանները կծկված են, ինչպես կույր աղիի նոպան բռնելիս: Տիկին Կորբյեն նայում է ինձ:
- Նստեցեք, խնդրեմ:
Նրա շրթունքները սեղմվում են.
- Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ:
Մնում է քարացած: Չի շարժվում: Բաց գույնի շրջազգեստով նման է արձանի: Դիմագծերը նուրբ են: Անշարժ աչքերը չեն լքում ինձ: Ժամանակն է, որ ես մի երկու խոսք ասեմ:
- Երեխաներ ունե՞ք:
Ոչ մի արձագանք: Տիկին Կորբյեն տարուբերում է գլուխը: Երեխաներ չունի: Կարիք կա՞ ճշմարտությունն ասելու: Հանկարծ մի անսովոր կայծ է փայլում նրա աչքերում: Այդ առկայծումը ծանոթ է ինձ: Ես համոզված եմ. լուրը լսելիս, այդ փխրուն կինը, որ ցավագին բռնել է փորը, ինքնասպանություն չի գործի: Իմ պատուհանը բաց է: Նրա մկանները կծկված են: Ես վախենում եմ նրա ջղերից: Կդիմանա՞ն արդյոք հարվածին: Ես լրջորեն վախենում եմ: Արդյոք դրանից հետո տիկին Կորբյեն ստիպված չի՞ լինի խելագար հանելու այս սենյակից: Հիմա ես միայն մի ելք եմ տեսնում: Մի քանի ժամից հետո կպարզվի, թե ինչ կլինի: Ես դժվարությամբ արտասանում եմ.
- Ձեր ամուսինը դեռ ողջ է:
*
Թեթևություն է իջնում: Նա ընկնում է բազկաթոռին: Վերցնում է իմ առաջարկած սիգարեթը: Ձեռքերը դողում են: Ես կուզեի նրան տեսնել արցունքներով ողողված: Լացը կթեթևացներ: Բայց նրա աչքերը մնում են չոր: Երբեմն-երբեմն չար բռնկումներ են երևում այնտեղ:
- Վիրահատե՞լ եք:
- Ոչ:
Խուզարկու հայացքով նայում է ինձ: Ավելացնում եմ.
- Կոմայի մեջ է:
- Կարո՞ղ եմ նրան տեսնել:
Մի պահ վարանում եմ:
- Ուզում եմ նրան տեսնել, բժիշկ:
- Եկեք:
Առաջնորդում եմ նրան միջանցք: Բացում եմ դուռը: Մարկը, փաթաթված գլխով, ընկած է մահճակալին: Ասես քնած լինի: Կինը մի քայլ է անում դեպի մահճակալը, կանգնում, դառնում է ինձ.
- Ե՞րբ եք մտադիր վիրահատել: Արդյոք անհրաժե՞շտ է:
Ճերմակ սավանները, մաքուր վիրակապը, Մարկի հագուստն այնպես է դասավորված աթոռին, որ կարծես պետք է օգտագործվեն և դրանով էլ հույս են ներշնչում:
Կինը թեթևացած վերադառնում է իմ աշխատասենյակը: Նորից հարցնում.
- Արդյոք վիրահատությունը անհարժե՞շտ է:
Մեղավո՞ր եմ ստելուս համար: Ինչպիսի՞ն կլինի հակազդեցությունը ճշմարտությունը լսելու պահին: Հակասական մտքերը բախվում են իմ ուղեղում: Քանի~ տարի է, որ չէի վարանել: Ճշմարտությո՛ւնը, իսկույնևե՛թ:
Մի մեծ հոգնություն պարուրում է ինձ: Ես խղճում եմ այս գեղեցիկ, երիտասարդ, սիրազեղ կնոջը: Անձրևին հաջորդած այս արևի հետ մահն ավելի ողբերգական է թվում: Ես պատասխանում եմ.
- Առայժմ վիրահատումը կարելի է հետաձգել: Բայց պետք է ձեզ հայտնեմ, որ նրա վիճակը լուրջ է:
- Բայց և այնպես դուք նրան կբուժեք: Նա դուրս կգա այդ վիճակից...
Լռում եմ:
- Մարկը երիտասարդ է և ամրակազմ: Այս առավոտ մեքենա նստելիս...
Նա հանկարծ լռում է:
- Լսեք: Վերադարձեք տուն: Ձեր հեռախոսի համարը գիտեմ: Այս երեկոյից սկսած ձեր
նորություններ կհայտնեմ:
Նա միանգամից վեր է կենում և կարծես գլխի ընկնելով, որ իմ աշխատասենյակը սպասասրահ չէ, ուղղվում է դեպի դուռը:
- Խոստանում եմ ձեզ զանգահարել:
Չեմ համարձակվում ավելացնել՝ «հանգիստ եղեք»:
- Ես չեմ կարո՞ղ Մարկի կողքին մնալ:
- Խոհեմ եղեք:
- Ես նրան չեմ անհանգստացնի:
- Անկարելի է:
Նա շարժում է շրթունքները, պտտում բռնակը: Մնում է միջանցքում, պատին կպած, Մարկի սենյակի դիմաց:
Մեկ ժամ հետո տիկին Կորբյեն մտնում է իմ աշխատասենյակ:
- Նա դեռ այնտեղ է, բժիշկ: Ի՞նչ անեմ:
- Դեռ համբերեք:
Գնում եմ հիվանդներին նայելու:
Միջանցքում կանգնած է տիկին Դյումանը՝ ձեռքերը մեջքին, պատին հենված: Նրա հայացքը դատարկ է: Ես անցնում եմ նրա կողքով, առանց որևէ ուշադրություն շարժելու:
Իմ ստուգայցը երկար չի տևում: Աշխատասենյակի մոտ տիկին Դյումանը դառնում է ինձ.
- Բժիշկ, դուք չե՞ք քննելու իմ ամուսնուն:
Մնում եմ տեղումս մեխված: Վերականգնում եմ սառնասրտությունս:
- Այսօր կեսօրից հետո նրան կնայեմ: Դուք չեք ուզո՞ւմ վերադառնալ տուն:
Չի պատասխանում:
- Եկեք միասին նախաճաշենք: Երկուսն անց է:
- Քաղցած չեմ:
Չեմ ստիպում: Առանց ախորժակի գնում եմ նախաճաշելու:
Ժամը չորսն է: Մի քանի նշումներ եմ կատարում 18-րդ դարի վիրաբուժության վերաբերյալ: Նոյեմբերին կայանալիք խորհրդակցության համար հարկավոր է տվյալներ ճշտել:
Փողոցում երթևեկությունն աշխուժացել է: Մեքենաներն շտապում են դեպի հարավային խճուղի: Բոլորը մեկնում են: Մի քանի օր հետո լքված Փարիզը կմնա տուրիստներին: Քիչ առաջ Լիոնից զանգահարեց Մորեստը: Հինգ օր հետո նա կլինի Փարիզում, և ես հնարավորություն կունենամ նախատեսված ժամկետից շուտ մեկնել:
Հանկարծ հիշում եմ տիկին Դյումանին: Արդյոք նա Փարիզում է մնալո՞ւ: Ազգականներ ունի՞: Վեր եմ կենում: Բացում եմ դուռը: Պետք է վերջ տալ այս ամենին: Արդյոք իմ կողմից ստորություն չէ՞ նրան զուր հույսերով սնելը: Նրա ամուսինը մեռած է: Ամեն ինչ վերջացած է: Ես նրան տեսնում եմ նախկին դիրքով, ոտքի վրա: Տիկին Կորբյեի տված ամսագրերը ընկած են աթոռին: Նրա հայացքն ինձ վախեցնում է:
- Կբարեհաճեի՞ք մտնել:
Ափսոսանքով անջատվում է պատից ու մտնում իմ աշխատասենյակը: Ցույց եմ տալիս բազմոցը: Նստում է:
- Դուք իմ գործը դժվարացնում եք:
- Ինչո՞ւ:
Իսկապես, ինչո՞ւ: Զգում եմ, որ տարվել եմ իմ ստով: Ես նրա հետ այնպես եմ խոսում,ասես ամուսինը դեռ կենդանի է: Փոխում եմ խոսելուս տոնը:
- Ծնողներ ունե՞ք Փարիզում:
- Ծնողներս մահացած են: Մարկից բացի ուրիշ ոչ ոք չունեմ:
Դարակում փնտրում եմ ծխամորճս: Առանց շտապելու լցնում եմ:
- Իսկ Մարկի ծնողնե՞րը:
- Նրանք Կանադայում են:
- Եղբայր, քույր ունե՞ք:
- Միայն Մարկը:
- Քանի՞ տարեկան էիք, երբ ձեր ծնողները մահացան:
- Ես շատ ջահել էի: Որոշ ժամանակ մնացի մորաքրոջս մոտ, հետո հանդիպեցի Մարկին:
Վառում եմ ծխամորճս: Ծուխը ծուլորեն ոլորվում է:
- Ձեր մորաքույրը դեռ ո՞ղջ է:
Հայացքը դանդաղ ուղղում է ինձ.
- Ինչո՞ւ եք այդ բոլորը հարցնում: Ես ամեն ինչ ասացի, Մարկը, ուրիշ ոչ ոք...
- Լսեք...
Ես չեմ ուզում նրան հանկարծակիի բերել, բայց անհրաժեշտ է որոշ ճշմարտություններ բացել:
- Մարկը մյուսների պես մի մարդ է: Նա էլ մսից ու արյունից է: Պատուհանից նայեք և հազարավոր մարդկանց կտեսնեք, որոնք Մարկի նման են: Դուք, ես, հիվանդապահները, բոլորս: Արյունից, մկաններից, նյարդերից, ուղեղից ենք: Մի գեղեցիկ մեքենա, բայց ենթակա առաջին իսկ պատահարին: Մենք անկարող ենք դրա դեմ: Ոմանք հասնում են վերջնակետին, ոմանք էլ ճանապարհին են մնում:
Իրեն Դյումանը համառորեն շարժում է գլուխը:
- Մարկը կբուժվի:
Դատարկում եմ ծխամորճս: Ծխախոտը դեռ առկայծում է մոխրամանում:
- Ենթադրենք, նա աղետի է ենթարկվել: Ես ձեզ ասացի, նրա վիճակը լուրջ է:
- Նա դուրս կգա այդ վիճակից: Այլապես...
- Այլապես ի՞նչ:
- Ոչինչ: Ես ուզում եմ նրան տեսնել:
- Ո՛չ: Բայց դուք կարող եք մնալ իմ աշխատասենյակում:
- Ես գերադասում եմ սպասասրահը:
Գնում է դուրս:
Կիսաբաց դռան միջով ես տեսնում եմ Իրեն Դյումանի կիսադեմը: Նա հրաժարվել է ամեն տեսակի սնունդից: Շարունակ ոտքի, ձեռքերը թիկունքին, մեջքը թեթևակի կքած, ասես պարմանուհի լինի: Նրա աչքերը սևեռված են այն սենյակի դռանը, որտեղ պառկած է Մարկը: Ես չեմ համարձակվում բացել այդ դուռը: Ես իրավունք չունեմ այդ աստիճան խաբելու: Տիկին Կորբյեին եմ ուղարկում: Նա մտնում է ու նորից դուրս է գալիս: Նրա այցելությունը հանգստացնում է Իռեն Դյումանին: Երկու ժամ հետո, այսինքն՝ կլինիկայից դուրս գալուց առաջ, հարկավոր է մի բան որոշել: Մահվան խնդիրը իմ գիտակցության մեջ երբեք այս կերպ չէր դրվել: Ես պրպտում եմ հուշերս: Քսան տարվա ընթացքում, այս կլինիկայի մեջ, ոչ ոք այնպես չէր վարվել, ինչպես այս կինը: Պատահել է, որ հաճախ մխիթարել եմ որևէ անհաջող վիրահատվածի ազգականներին, բայց երբեք չեմ ցուցաբերել այսպիսի թուլություն, որի դեմ այժմ պայքարել եմ փորձում:
Հոսող ժամերի հետ ջլատվեց նաև իմ կամքը: Բայց, աստվա~ծ իմ, այսօր եղանակն ինչո՞ւ է այսքան բարեհաճ: Անտառից ինձ հասնող ձայներն ինչո՞ւ են ուրիշ տեսակ հնչում: Արձակուրդների, մարդկանցով լցված կայարանների, անտառում զբոսնողների հետ մահվան գաղափարը չի խարսխվում իմ ուղեղում: Չեմ ուզում հավատալ, թե բավական է մի արյունահոսություն, որպեսզի կյանքի թելը կտրվի: Չեմ ուզում հավատալ, որ մի անզգույշ ակնթարթը մեքենայում՝ կարող է երկու սիրող էակներ անջատել: Այնուամենայնիվ, ես ստիպված եմ ընդունել, որ ինձնից ոչ հեռու մի մեռած մարդ կա, որը հարություն է առնում իմ ստով: Ես վճռում եմ.
Կլինիկայից դուրս գալուց հետո, Իռեն Դյումա՛ն, անհուսության ծանրությունը չեք զգա ձեր ուսերին: Ձեր սիրտը հավերժորեն չի փակվի: Դուք ինքնասպան չեք լինի: Ձեր նյարդերը կդիմանան այդ հարվածին: Դուք կվերագտնեք ձեզ: Ես իմ սուտը ժամանակավորապես կպնդեմ և կկարողանամ ձեզ հաշտեցնել կյանքին՝ առանց Մարկի:
Սյուզանը պետք է տեղ հասած լինի: Ամբողջ ձմեռվա ընթացքում տունը մնացել է փակ: Գործն անպակաս է: Բարձերը հարկավոր է պատշգամբ հանել, փոշին մաքրել, ճամպրուկները դասավորել: Սյուզանը սիրում է իր աշխատանքային օրակարգը: Եկած օրվանից սկսում է իր շուրջբոլորը կարգի բերել: Ես վաղ առավոտյան կզանգահարեմ նրան:
Այս որոշումն ինձ անմիջապես հանգստացնում է: Զգում եմ, որ չեմ սխալվում: Իրեն Դյումանը երիտասարդ է, նա կարող է վերակառուցել իր կյանքը, բայց պետք է որ հենարան տամ նրան: Պետք է, որ նոր աչքերով, առանց իր ամուսնու՝ վերագտնի կյանքը: Իմ անելիքը հեշտ չէ: Իրենը նման է մի վիրավոր գազանի: Ես ոչինչ չկարողացա անել նրա ամուսնուն փրկելու համար: Սակայն Իրենին ես կբուժեմ:
Միջանցքում, ինձ տեսնելով, նա շտկվում է: Նրա շրթունքները սեղմվում են: Առանց վարանելու բացում եմ դուռը և հայտնվում Մարկի սենյակում: Շերտափեղկերն իջեցված են: Սենյակում դատարկություն է բուրում: Ես թեքվում եմ դիակի վրա: Փոխում եմ մարմնի դիրքը: Հետո բացում եմ դուռը և Իրենին մոտենալու նշան անում: Մի աննշան մանրամասն ինձ տակնուվրա է անում. սենյակ մտնելուց առաջ Իրենը հենվում է բռնակին և հանում կոշիկները՝ ոտնաձայները խլացնելու համար: Ներս է մտնում բոբիկ ոտքերով և անկողնի առջև անշարժանում: Ծանր պատկեր է: Ձեռքս դնում եմ Իրենի ուսին և տանում միջանցք: Նա հագնում է կոշիկները: Արդյոք նրան բնակա՞ն է թվում Մարկի նոր դիրքը՝ աջ կողքին պարկած: Անշուշտ, քանի որ այդ մասին հարցեր չի տալիս:
- Բժիշկ, կարո՞ղ եմ ձեզնից մի շնորհ խնդրել:
Նա հիմա ավելի խաղաղ է թվում:
- Ասացեք:
- Ես կուզեի գիշերն ամուսնուս մոտ անցկացնել:
Ես այդ սպասում էի: Մտածում եմ:
- Մի պայմանաով: Նախ, կգաք ինձ հետ ճաշելու:
Նրա կոպերն իջնում են, կարծես պատրաստվում էր ասելու. «Ես քաղցած չեմ», բայց
համաձայնում է:
- Շնորհակալություն, բժիշկ:
*
Նա անխոս, պարապ հայացքով, կծկվեց մեքենայում: Որոշում եմ նրան ճաշելու տանել մի նավ-ճաշարան, հետո մտադրությունս փոխում եմ: Մենք կճաշենք Էյֆելյան աշտարակի ռեստորանում: Նրա կարծիքը չեմ հարցնում, քանի որ կռահում եմ պատասխանը: Նրա համար միևնույն է:
Լույսերով ողողված Շանզ-Էլիզեում մեծ բազմություն կա: Բոլոր տուրիստները ժամադրվել են Էտուալում: Իրենը ոչինչ չի նկատում, կարծես տափաստանով անցնելիս լինենք: Հասնում ենք Էյֆելյան աշտարակ: Նա ինձ հնազանդորեն հետևում է և վերելակում հարցնում.
- Հիվանդապահները գիտե՞ն, որ դուք այստեղ եք:
- Ես հիմա կզանգահարեմ կլինիկա: Անհրաժեշտության դեպքում նրանք ինձ կկանչեն:
Դա արդեն սովորություն է: Քսան տարուց ի վեր, ամեն երեկո ես իմ բացակայությունն այսպես եմ ապահովում:
Մենք տեղավորվում ենք մի խաղաղ անկյուն: Սրահը կիսով չափ դատարկ է: Իրենը աչք է ածում կերակրացանկը և դնում պնակի վրա:
- Ընտրեցի՞ք:
Նա բացասաբար շարժում է գլուխը:
- Քաղցած չեմ:
- Դուք երեխայի պես եք ձեզ պահում:
- Քաղցած չեմ:
Չեմ ընդդիմանում: Կանչում եմ մետր դ՝Օթելին:
- Տիկինը ճաշել է: Ինձ տվեք արտիշոյի միջուկներ, մի շերտ սաղմոն և տապակած հավ: Եվ մի շիշ շամպայն:
Ծխախոտի տուփը դնում եմ սեղանին: Մի՞թե իմ առաջին փորձը պիտի ձախողվի: Օ~, ես գիտեմ, որ մասնակցելով այս ճաշին, դրությունը չենք փոխի, բայց կուզենայի, որ նա ախորժաբեր խորտիկներ ճաշակեր, որպեսզի մի պահ շեղվեր ուշադրությունը: Բայց փորձությունների լանջին՝ հրել պետք չէ: Սաղմոնը համեղ է: Նրա վարքը հուսահատեցնում է ինձ, և ես խուսափում եմ երկրորդ անգամ հրավեր անել: Կարողանում եմ նրան մի փոքր շամպայն խմեցնել և վերջացնում եմ ճաշս: Մենք տերրաս ենք դուրս գալիս: Օդը հեշտալի է: Փարիզը մեր ոտքերի տակ նմանվում է մակետի: Լույսերն ամենուրեք թարթում են: Այցելուները հավաքվում են մեր շուրջ: Կարծես Բաբելոնի աշտարակը լինի: Իրենը նայում է աստղերին, թարձրացող շենքերին, որոնք քաղաքն են կազմում: Այս շենքերի անհամար լուսավոր պատուհանների ետևում ստվերներ են շարժվում: Արդյոք այս պատկերով չէ՞ր, որ ուզեցի նրան հողից կտրել: Ես, իհարկե, գործել եմ անգիտակցորեն: Իմ միակ հատուցումն էր նրա շրթունքների շարժվելը տեսնել:
- Ի~նչ փոքր է այս ամենը...
Ես նրան թողնում եմ խորհել այնքան, մինչև որ մեկը կանչում է ինձ: Հանդերձապահն է: Ես նրան նշան եմ անում:
- Բժիշկ Քերլյան, ձեզ սպասում են կլինիկայում:
- Շնորհակալ եմ:
Իրենը բռնում է ձեռքս: Նա համոզված է, որ գործը իր ամուսնուն է վերաբերում:
Ինչպե՞ս հասկացնեմ, որ ոչինչ չկա: Հանդերձապահը կապվեց կլինիկայի հետ և կախեց հեռախոսը:
- Գնանք տեսնենք:
- Ի՞նչ կարող է պատահած լինել նրան, բժիշկ:
Վստահեցնում եմ նրան: Գուցե գործը անցած օրվա վիրահատվածին է վերաբերում: Գուցե նրա վիճակը վատանում է: Արյունահոսություն:
Քառորդ ժամ անց հասնում ենք կլինիկա:
Վերելակից դուրս գալիս, նա բռնում է թևս:
- Դիմացն է, բժիշկ:
Մի բուժքույր ինձ հայտնում է, որ սպասում են վեցերորդ հիվանդասենյակում: Իրենը շունչ է քաշում: Ես նրան խնդրում եմ աշխատասենյակում սպասել և գնում եմ հիվանդին այցելելու:
Կես ժամ հետո նրան գտնում եմ միջանցքում:
- Լո՞ւրջ էր:
- Երբ գլխի վիրահատություն է, խնդիրը միշտ լուրջ է:
Ես կշռադատում եմ խոսքերս.
- Ամենափոքր վարակը, ամենափոքր արյունահոսությունը մահ է: Մենք անզոր ենք դրա դեմ:
Իրենը լարված դեմքով, համառորեն նայում է ինձ, հետո, մի քաղցր ձայնով, որ մինչ այդ չէի նկատել, ասում է.
- Մարկը դուրս կգա այդ վիճակից, այդպես չէ՞:
Հոգնաբեկ ես պատրաստվում էի ամեն ինչ խոստովանել, բայց այդ քաղցր ձայնը ինձ զինաթափում է.
- Մի կերպ դուրս կգանք:
Կեսգիշերն անց է: Վերցնում եմ պայուսակս և Իրենին տանում դեպի վերելակ:
- Դուք խոստացաք, որ ես Մարկի կողքին կմնամ:
- Ո՛չ այսօր, ո՛չ այս երեկո: Դուք նրան կխանգարեք: Վաղը...
Նրան նստեցնում եմ մեքենա: Հասնում ենք Ալեզիա փողոց՝ Իրենի տուն: Իջնում է, մի պահ կանգ առնում:
- Բարի գիշեր, բժիշկ: Շնորհակալություն:
Ես գլխով պատասխանում եմ, քանի որ խոսելու ցանկություն չունեմ: Վերադառնում եմ տուն: Սյուզանի բացակայությունն ինձ նեղում է:
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ==
Առավոտյան իմ վարքն ինձ թվում է անհեթեթ: Մահացել է մի մարդ: Կինը եկել է կլինիկա: Իմ պարտքն է նրան ասել ճշմարտությունը: Ես չեմ ակրող դիակը երկար ժամանակ պահել և հաստատել իմ սուտը: Գոնե հոգեվարքի մեջ լիներ, գոնե հազար հույսից մեկը լիներ... Բայց նա մեռած է, իսկապես մեռած: Կինը վաղ թե ուշ կիմանա այդ մասին: Գուցե նա նույնիսկ զայրանա՝ ճշմարտությունն իրենից թաքցնելու համար:
Բացում եմ փեղկերը, և արևը ողողում է սենյակը: Փակ պատուհաններով ավտոբուսը
պտտվում է Վիկտոր Հյուգոյի հրապարակում: Այս ժամին Սյուզանը պետք է որ տեղավորված լինի ծովահայաց պատշգամբում:
Ժամը ութն է: Սուրճս կխմեմ այստեղ: Ես մտածում եմ խոհանոցի մասին, այն մտադրությամբ, որ հեռախոսի մոտով անցնելիս մահվան լուրը հայտնելու համար, տիկին Դյումանի համարը կհավաքեմ: Ճիշտ չե՞մ միթե: Յուրաքանչյուր ընտանիքում մեկը մյուսից առաջ է մահանում: Պետք է կարողանալ հաշտվել դրան: Ես վերհիշում եմ համարը. GOB-40-17: Հեռանում եմ պատուհանից և հեռախոսի մոտ մի բուռ արև եմ տեսնում: Հեռախոսը հայելու պես փայելում է: Որոշում եմ խմել սուրճս:
Անկասկած արձակուրդի կարիք ունեմ, քանի որ գլխումս ներհակ մտքեր են պտտվում: Ամենապարզ լուծումը՝ նրան ճշմարտությունը հայտնելն է: Նա դրանից չի մահանա: Կխելագարվի՞ արդյոք: Ինքնասպանության փորձ կանի՞: Ես ինձ պատկերացնում եմ նրա վիճակում: Զանգ: Վերցնում եմ լսափողը: Ինձ հայտնում են կնոջս մահը: Առաջին հարց. ինչպե՞ս մահացավ: Հեռախոսի տարբերակը համարում եմ չեղյալ: Դա շատ ստոր է: Մեքենայի պատահար: Ինչպե՞ս: Կինս շատ զգույշ է վարում: Մի ուրիշ մեքենա է պատահարի պատճառ դարձել: Ընդունեցինք: Ի՞նչ են արել: Շտապ օգնության մի մեքենա եկավ, որ նրան կլինիկա տանի, բայց արդեն ուշ էր: Նա մահացած է:
Սուրճի բաժակը դնում եմ տեղը և նկատում, որ չնայած վիրահատման քսան տարվա իմ փորձին, կնոջս մահը չեմ կարողանում ընդունել: Կընդունեի՞ արդյոք, եթե անկողնում մահացած լիներ: Իհարկե, ավելի հեշտ, բայց պատահարն այնքա~ն անհեթեթ է: Տասնյակ հարցեր են ծնվում. ինչո՞ւ ավտոմեքենա նստաց: Եթե երկու րոպե ուշ գանցած լիներ... դա հանդուրժելի չէ: Սուրճս դառնացել է: Վերցնում եմ լսափողը:
- Ես կուզեի զանգահարել Նիցցա:
Նկատում եմ, որ քրտնել եմ: Տագնապով սպասում եմ հինգ րոպե, վստահ, որ մի օտար ձայն է ինձ պատասխանելու: Ոչ, դա Սյուզանի հանդարտ ձայնն է:
- Դո՞ւ ես, Անդրե:
Թողնում եմ, որ նա խոսի: Ըմբոշխնում եմ նրա մտերիմ ձայնի երանգը: Վերջացնելով
խոսակցությունը, ինձ գտնում եմ նույն կետում: Պե՞տք է արդյոք Իրեն Դյումանին հայտնել իր ամուսնու մահը, թե՞ մի փոքր էլ համբերել: Շարունակե՞լ սուտը, օր-օրի լրջացնելով նրա ամուսնու վիճակը, օր-օրի վրա հույսի մի բեկոր խլելով նրանից՝ հաշտեցնե՞լ մահվան մտքին: Գուցե:
*
Հասնելով կլինիկա Իրենին գտնում եմ միջանցքում: Նա հագել է ճերմակ, շատ պարզ մի շրջազգեստ: Գիշերը դեմքին նուրբ ակոսներ է փորել, որոնք ավելի են գեղեցկացրել նրան: Ես կարողություն չունեմ Իրենին խորհուրդներ տալու:
- Դուք նրան վիրահատելո՞ւ եք, բժիշկ:
- Առայժմ ոչինչ չեմ կարող ասել:
Ես կանչում եմ տիկին Կորբյեին, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Մի քանի գրառումներ եմ անում:
- Եկեք:
Իրեն Դյումանը մոտենում է: Ես նրան ցույց եմ տալիս Մարկի անկողինը՝ մի թափանցիկ վերմակով ծածկված: Գլուխը հազիվ է երևում ծածկոցի տակից: Մարմինը փայտացած է: Մեռելային գույնը Իրենը չի նկատի: Ասում եմ.
- Ես նրան թմրացրել եմ: Սա մի միջոց է, որը վերացնում է մարմնի հակազդումները նյարդաբախումների ժամանակ: Եթե նյարդաբախումը չափավոր է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե նյարդաբախումն ուժգին է, հակազդումը գերազանցում է մարմնի դիմադրողականությունը և ... ոչ ոք ոչինչ անել չի կարող:
Լռություն: Նա շարժում է շրթունքները:
- Մարկը կդիմադրի նյարդաբախմանը:
- Ես ձեզ ոչինչ չեմ կարող հավաստիացնել:
- Ես վստահ եմ:
Նա այդ խոսքերն այնպիսի համառությամբ է ասում, որ փշրում է սիրտս: Դուրս ենք գալիս սնեյակից: Ըստ սովորության, նրան թողնում եմ միջանցքում: Ես ետուառաջ եմ անում իմ աշխատասենյակում:
- Իրեն:
Նա առանց հանկարծակիի գալու, բարձրացնում է գլուխը: Ես նրան այնպես եմ ընտելացել այս քսանչորս ժամվա ընթացքում, որ որոշում եմ անունով կանչել:
- Դուք միջանցքում մնալ չեք կարող: Խանգարում եք սպասարկող կազմին: Առանց ուզելու, խանգարում եք նաև ինձ: Եկեք, դուրս գանք:
- Մենք կվերադառնա՞նք:
- Մենք կվերադառնանք:
Ես մտածում եմ նրան մորգ տանել և դիակներ ցույց տալ, ընտելացնել անշարժ նյութին, ստիպել, որ ձեռք տա Մարկի տարիքն ունեցող անկյանք, երիտասարդ, գեղեցիկ մարդու դեմքին: Այդպիսի մահ ամեն օր լինում է: Ի՞նչ պատճառ բռնել: Հանկարծ մտածում եմ կատակոմբների մասին և մեքենան ուղղում դեպի Դանֆեր-Ռոշըրոյի հրապարակը: Ցնցումն այնքան սաստիկ չի լինի:
- Հասանք:
Նա հնազանդորեն, առանց հարց տալու հետևում է ինձ: Նրան ամենուր կարող եմ առաջնորդել, պայմանով, որ վերադառնանք կլինիկա: Մուտքի մոտ տասներկու հոգի հերթի կանգանած սպասում են: Մի քանիսը զինված են գրպանի լապտերով: Անհոգ դեմք ունեն: Հետևում ենք գիդին՝ մի նիհար երիտասարդ, որը վզին թաշկինակ ունի փաթաթած: Իրենը քայլում է կողքիս: Ես նրան հարցնում եմ, թե մինչ այս եղե՞լ է կատակոմբներում: Նա բացասաբար շարժում է գլուխը: Երևում են առաջին ոսկրակույտերը: Նա կկոցում է աչքերը: Ռունգները կծկվում են: Ուշադրությամբ հետևում եմ նրան, չուզենալով ամենափոքր մանրամասն անգամ վրիպել: Մեզանից առաջ անցած գիդի ձայնը հազիվ ենք լսում: Շվեդացի մի տուրիստ լապտերը ման է ածում զարդերի պես շարված կոնքոսկրերի և գանգերի վրայով: Իրենը չի համարձակվում ինձնից մանրամասնություններ հարցնել: Ես նրան ասում եմ.
- Ցուրաքանչյուր քայլափոխին մենք անցնում ենք տասնյակ տղամարդկանց և կանանց մոտով, որոնք քայլել են, որոնք կերել են, որոնք սիրել են իրար: Որքա~ն վսեմ է, միաժամանակ որքան սովորական: Սրանք մարդիկ են, որոնք ապրել են Փարիզում, նրանք կոչվում էին Ֆիլիպ, Ռոլան, Ռոբեր, Մոնիկա կամ գուցե Իրեն, կամ գուցե Մարկ:
Մնում ենք մի կողմում, մթության մեջ: Նա մրմնջում է.
- Այո ... նրանք գոյություն են ունեցել. Ֆիլիպը, Ռոլանը, Ռոբերը, Մոնիկան, Իրենը... Մարկը:
- Եկեք, նրանք մեզանից առաջ են անցել:
Մեր քայլերն արձագանքում են այս չարաշուք միջանցքում: Վերջապես՝ ելքը: Լույսը վախով սահում է աստիճանների վրայով: Նա վերջին հայացքն է նետում ետ, հետո դանդաղ բարձրանում: Դրսում արևը կուրացնում է: Սրճարանում նստած մարդիկ ապերետիվ են խմում: Իրենը մտասույզ, լուռ քայլում է: Ինձ հետ մտնում է ռեստորան, նստում է և, երբ մենյուն եմ ներկայացնում նրան, ցնցվում է:
- Պատվիրեք ինձ համար: Ես քաղցած չեմ:
Պաղ կերակուրներ և գարեջուր եմ պատվիրում: Իր պատառաքաղով պոմիդորի մի շերտ է վերցնում, առանց ախորժակի տանում բերանը: Հետո մի ուրիշ շերտ է վերցնում: Մի պատառ հաց է կտրում, թաթախում ձեթի և քացախի մեջ, վերցնում գարեջրի բաժակը, կիսով չափ խմում, մաքրում շրթունքների փրփուրը և վերսկսում ուտել: Այս փոքրիկ մանրամասներն ինձ հուսադրում են: Նա լավ նախաճաշում է, խմում սուրճը, ընդունում իմ հրամցրած ծխախոտը: Ծխի երեք քուլա թողնելուց հետո ասում է.
- Մարկի մոտ ենք վերադառնո՞ւմ:
- Քիչ հետո: Մի պահ մոռացեք նրան:
Մարդիկ են անցնում, լողափի պայուսակներով: Հավանաբար, լողավազան են գնում: Իրենը, նախաճաշի ընթացքում հանդարտված, ընդհատում է ծխելը, խուսափող հայացք նետում հանքային ջրով լի իմ բաժակին:
- Գնում ենք:
Նա հանգցնում է ծխախոտը և վեր կենում: Մենք տեղավորվում ենք խիստ տաքացած մեքենայում:
- Երաժշտություն կուզե՞ք:
Նրան տալիս եմ տրանզիստորը, որը ընկերս է բերել Նյու-Յորքից և, որը ծխախոտի տուփից փոքր է: Նա պտտում է կոճակներից մեկը:
- Սա թողե՞մ:
Թեթև երաժշտություն է, ոչ տհաճ: Հարցնում եմ նրան, թե սիրո՞ւմ է դասական երաժշտություն: Նա մտածում է և ասում.
- Մոցարտ:
- Իսկ Բեթհովե՞ն, Բա՞խ...
- Մոցարտ:
Նա այդ ասում է նույն համառությամբ, երբ արտասանում էր.
- Մարկ:
Մոնպառնասում, ուղիղ գնալու փոխարեն, թեքվում եմ աջ: Անցնում եմ մի քանի փոքրիկ փողոցներ և կանգնում մի նրբանցքում, հիվանդանոցի առջև:
- Ընկերակցեք ինձ: Ես պետք է պաշտոնակցիս տեսնեմ:
Հնազանդորեն իջնում է մեքենայից: Կաթոլիկ քույրերի առաջնորդությամբ մտնում ենք հիվանդանոց: Միջանցքը տխուր է և մութ: Մտնում ենք վերելակ: Յուրաքանչյուր հարկում, ճաղերի արանքից նկատում ենք անկողիններին երկարած հիվանդների: Վերելակը հինգերորդ հարկում կանգնում է:
- Այստեղ է:
Իմ գործակիցը բացակա է: Ավելի լավ: Իրենին տանում եմ շենքի ձախ թևը: Կանգնցնում եմ մի մեծ սրահի առջև: Մոտ քսան մահճակալ: Ամեն տարիքի մարդ կա: Ոմանք պառկած են, ոմանք նստած իրենց անկողնին: Ես հեռվից բարեկամաբար ողջունում եմ լրագրեր բաժանող բուժքրոջը:
- Սա քաղցկեղով հիվանդների սրահն է:
Իրենի աչքերը կկոցվում են:
- Նրանք այդ գիտե՞ն:
- Մեծ մասը:
Հիվանդները մեր մուտքն ընդունում են առանց զարմանքի: Նրանիցի մի քանիսին ճանաչում եմ: Ես փնտրում եմ Դանիելի աչքերը՝ քսան տարեկան մի երիտասարդ՝ սպիտակարյունությամբ հիվանդ: Կռթնել է պատուհանին: Ձեռքս դնում եմ նրա մեջքին: Դանդաղ շրջվում է և, Իրենին տեսնելով, կարմրում:
- Ես քեզ ներկայացնում եմ Իրենին: Նրա ամուսինը մեքենայի վթարի է ենթարկվել: Նա իմ կլինիկայում է:
Դանիելը վեհերոտ մեկնում է ձեռքը: Իրենը չի ժպտում, սեղմում է մեկնած ձեռքը: Նրա աչքերը զննում են հիվանդի աղջկական դեմքը: Երևի Դանիելի սարսափելի հիվանդության տեսանելի հետքերն է փնտրում:
- Ազգականներդ այս քանի օրը եկա՞ն քեզ տեսության:
- Մորաքրոջս աղջիկը քիչ առաջ այստեղ էր:
Տասը ամիս է, ինչ հիվանդանոցում է: Սկզբում նրա ծնողներն ամեն օր տեսակցության էին գալիս: Այժմ քեռորդիների հերթն է: Մայրն ամեն անգամ այցելելիս, նրա նիհարությունը տեսնելով, հազիվ է զսպում արցունքները: Հայրն ու եղբայրները աշխատում են արվարձաններում: Իրենց կիրակին հերթով տրամադրում են նրան: Դանիելը մատներով հարդարում է մազերը:
- Կարծում էի, թե ամբողջ ամառ անձրևելու է...
Մի քանի րոպե խոսում եմ նրա հետ: Իրենը ոչինչ չի ասում: Դանիելը մտնում է անկողին և գիրք վերցնում ձեռքը:
Մի ծերուկ ինձ մոտենալու նշան է անում: Նա կոկորդի քաղցկեղ ունի: Աչքերը տարօրինակ կերպով փայլում են նրա դիակային դեմքին: Նա շշնջում է.
- Դե ինչ, ի՞նչ պետք է լինի ինձ հետ:
Նա խռխռացնում է, օդը ներս քաշում, մի քանի անգամ խոնարհելով գլուխը, որպեսզի օդի հոսանքն ավելի լավ խլի:
- Նրանք ինձ վիրահատել չեն ուզում, ինչո՞ւ:
Ուժասպառ ընկնում է բարձին, փակում աչքերը և կարծես մոռանում իմ ներկայությունը: Իրենին տանում եմ դեպի պատուհանը: Ինչ-որ սարսուռներ են անցնում նրա դեմքով: Նա հուզված է:
- Դանիելը բուժվելո՞ւ է:
- Դանիելը մահանալու է: Նա մոմի պես դանդաղ պիտի հանգչի, ինչպես բոլոր տղամարդիկ, որոնց այստեղ տեսնում եք:
Ինձ համար դժվար է այդպես խոսել, բայց պետք է նրան հաշտեցնել մահվան մտքին: Այս առավոտ նա կմախքներ տեսավ: Այժմ նա շփման մեջ է կենդանի կմախքների հետ: Քսան մարդ նրա հետ շնչում են նույն օդը: Կարող է նրանց հետ զրուցել, հարցեր տալ, դատարկ բաներից խոսել:
- Իրոք ոչ մի փրկություն չկա՞:
- Առայժմ՝ ոչ:
- Նրանք տանջվո՞ւմ են:
- Սրկսումներով հանգստացնում ենք:
- Դա անմարդկային է:
Լռություն:
- Նրանք գիտե՞ն, որ մեռնելու են:
- Հույսով են ապրում: Բայց մեծ մասը գիտե:
- Գնանք: Գնանք:
Երբ դուրս էինք գալիս հիվանդանոցից, նա ասաց.
- Երբ Մարկն առողջանա, Դանիելին տեսության կգանք:
*
Կլինիկայում տիկին Կորբյեն հարցնում է ինձ.
- Մարկ Դյումանի հետ ի՞նչ անենք:
Այս պատմությունը նրան վշտացնում է, բայց նա հասկանում է ինձ:
- Եվս մի քանի օր համբերեք:
Մարմինը սառույցի մեջ է: Մնում է վարչական գլխացավանքը: Ես դա կդասավորեմ:
- Ի՞նչ է անում տիկին Դյումանը:
- Առաջադիմում է: Նա վերջապես ուզեց նստել: Հանդեսներ է կարդում:
- Ասացեք, որ նրան ուզում եմ տեսնել:
Իրենը մտնում է աշխատասենյակ: Ձեռքին մի կիսացաբ հանդես ունի:
- Վեցն անց կես է: Երեք ժամ է, ինչ միջանցքում եք: Ձեր ներկայությունը Մարկին չի
բուժի:
Չի պատասխանում, դեմքին ոչ մի մկան չի շարժվում: Ես կուզեի, որ նա վերադառնար տուն, ընտելանար իր ամուսնու բացակայության մտքին:
- Գնացեք մի պտույտ արեք անտառում: Հետո... Հա... Շանզ-Էլիզեի թատրոնում այսօր համերգ կա: Կուզե՞ք ինձ ընկերանալ:
- Այնքան էլ չեմ ուզում, բժիշկ:
- Ես ուզում եմ: Հիմա մի տաքսի կկանչեմ, տուն կգնաք, զգեստը կփոխեք, իսկ ես երեկոյան ժամը իննին կգամ ձեր ետևից:
Ու որովհետև տատանվում է, ես վճռականորեն ավելացնում եմ.
- Հուսով եմ, որ չեք մերժի: Ես ճշտապահ կլինեմ:
Նա ծածկում է հանդեսը, պատրաստվում հեռանալ:
- Տաքսի մի կանչեք: Ուզում եմ զբոսնել:
- Կեցցեք: Մինչև երեկո:
Պատուհանից տեսնում եմ, որ դուրս է գալիս կլինիկայից: Դա արդեն հաջողություն է:
Այս ժամին Սյուզանը պետք է որ ծովափում լինի: Հավանաբար, հիմա ծովային հեծանիվ է քշում: Մի սիգարեթ եմ վառում ու խորասուզվում գրառումներիս մեջ: Այդ խորհրդակցությունն ինձ ավելի ու ավելի է ոգևորում: Հարյուր տարի առաջ ինչպե՞ս էին վիրաբույժներն առանց թմրեցման վիրահատում: Հիվանդին կապում էին, անդամահատում, մասնատում ու խարանում շիկացած երկաթով: Ես կխոսեմ Ժան Սիլվիայի մասին, որն առանց արյունահոսության միզափամփուշտից քարեր է հեռացրել:
Կես ժամ անց, տիկին Կորբյեն մտնում է աշխատասենյակ:
- Քիչ առաջ տիկին Դյումանին հարևան փողոցի բարում տեսա:
- Ի՞նչ էր անում:
- Ոչինչ: Կլինիկան էր հսկում:
- Քիչ հետո կխոսեմ նրա հետ: Ամեն ինչ կարգի՞ն է:
- «3»-ը այս առավոտ ոտքի կանգնեց: Թերթեր է պահանջում:
- Թող համբերի մի քանի օր: Ես նրան վաղն առավոտյան կնայեմ: Իսկ մյուսնե՞րը:
- Ոչ մի բարդություն: Ոմն պարոն Մ. դը Շահան զանգահարեց: Կարո՞ղ եք այս
շաբաթ ընդունել:
- Արձակուրդից հետո:
Շարունակում եմ իմ գրառումները:
*
Իննին տասնհինգ պակաս դուրս եմ գալիս կլինիկայից: Օդը քաղցր է, բուրավետ: Գիշերը համեստորեն ջնջում է ծառերը: Նստարանի վրա սիրահարները համբուրվում են: Ավտոմեքենա նստելիս, մտածում եմ Մարկ Դյումանի վթարահար մեքենայի մասին: Որտե՞ղ է: Իրենը այդ մասին չի մտահոգվում: Վաղը կզանգահարեմ ոստիկանություն, կիմանամ մանրամասները:
Ընթացքի եմ գցում մեքենան և թեքվում ձախ: Ահա և Իրենը: Նստած է մի դատարկ բաժակի առջև: Լավ եղանակին «Պուլենի» տերը սեղաններն ու աթոռները տեղավորում է մայթի վրա: Նրա այցլեուներն անգործ նու դյոււրին աղջիկներն են:
- Ինչո՞ւ տուն չգանցիք:
Բնազդաբար բարձրացնում եմ գլուխս: Այդպես էլ կասկածում էի: Մարկի սենյակի պատուհաններն այստեղից երևում են: Իրենը ելնում է:
- Չգիտեմ, - պարզ պատասխանում է նա:
Նախատինքի խոսքերը կուտակվում են շրթունքներիս: Սակայն լռում եմ: Ի՞նչ օգուտ: Գուցե ես էլ նրա պես վարվեի: Մի՞թե ես չեմ միակ մեղավորը: Ես նրան օրորում եմ իմ ստով: Նրա վերաբերմունքը բնական է:
- Նստեք:
Բացում եմ դուռը: Նստում է: Շարժվում ենք Շանզ-Էլիզեի ուղղությամբ: Նա զբոսնողներին, մեքենաներին, աֆիշներին ոչ մի ուշադրություն չի դարձնում. նստել է ուղիղ, խաչած ձեռքերով, չտեսնող աչքերով: Նրա անթափանց հայացքը ոչինչ չի արտահայտում, և դա անհանգստացնում է ինձ: Հասնելով նրա տուն, հարցնում եմ, թե չի ցանկանո՞ւմ արդյոք զգեստափոխվել:
- Չեմ ուզում ներս մտնել:
Չեմ ստիպում և բռնում եմ թատրոնի ճամփան: Համերգը կես ժամից հետո սկսվելու է: Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Մալեր: Չնայած արձակուրդներին, հոծ զանգված է շարժվում դեպի տոմսարկղը: Իրենին տանում եմ դիմացի բարը: Տղաները, մանեքենները սրահով մեկ ցրված ճաշում են: Տեղավորվում ենք մի անկյունում: Մեծ գոհունակությամբ նկատում եմ, որ Իրենը վերցնում է մենյուն և ուշադրությամբ զննում:
- Պոմիդորի սալաթ եմ ուզում և կանաչիով ձվածեղ:
- Եվ գարեջուր:
- Այո, մի գավաթ:
Նա հանգիստ, գլուխը հակած իր ափսեին, ճաշում է: Վերջացնելով բիֆշտեքսը, Իրենի հայացքն եմ բռնում՝ ուղղված մի մարդու: Նա սևեռուն նայում է, հետո ասում.
- Մարկի շարժումները հիշեցնող մի շարժում տեսա:
*
Համերգը սկսվում է Մալլերի չորրորդ սիմֆոնիայով, որը ես շատ եմ գնահատում: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Իրենը ուշադրությամբ լսում է, ասես հայտնության է սպասում: Առաջին մասը կարծես հետաքրքրում է նրան: Հետո, նա շարժվում է բազկաթոռի մեջ: Իսկապես, առաջին անգամ լսելով, Մալերին դժվար է հետևել մինչև վերջ: Երևի Բեթհովենն ավելի դուր կգա: Ընդմիջմանը նրան բար եմ հրավիրում: Նայելով անցնող դեկոլտեներին, ասում է.
- Գուցե պետք էր ուրիշ շրջազգեստ հագնել:
Նա շրթունքները թրջում է բաժակից և ավելացնում.
- Մինչև Մարկը կլինիկայից դուրս չգա, շրջազգեստս չեմ փոխի:
Վերադառնում ենք մեր տեղը: Բեթհովենը և Բախը նրան չեն հասնում: Այսպիսի
զգայուն էակի անտարբերությունը անհասկանլի է: Մի երկու հարց եմ տալիս: Պատասխանում է.
- Այս դահլիճում պետք է կենտրոնանալ: Բեթհովենից մի քանի կտորներ ոգևորում են, բայց չեն ցնցում: Մոցարտը, տանը լսելիս, հանգստացնում է: Նա ինձ բավարարում է:
Ուղեկցում եմ նրան շուկա: Մեքենան կանգնեցնում եմ և քայլում ենք: Արկղերը դարսված են մայթի վրա: Պտուղները շոգից փտում են: Տապակած կարտոֆիլը ճթմթում է ձեթի մեջ: Մի կլոշար, մայթին փռված, ձեռքը գլխի տակ, մեծ ախորժակով ախորժակով փտած պոմիդոր է ուտում և լեզվով որսում հոսող հյութը: Մեզ տեսնելով, նա ժպտում է մի խոսուն ժպիտով, ինչ-որ բան քրթմնջում և հռհռում:
Մտնում ենք միջանցքի նմանվող մի բիստրո: Բարձրախոսը խլացնող երաժշտություն է հաղորդում: Լաքայոտ շորերով մսագործները կարմիր գինի են հրամցնում իրար: Տիրուհին մի սանդվիչ է կրծում, միաժամանակ մատուցում այցելուներին: Բոլորը խոսում են բարձր և միասին: Այնպիսի մթնոլորտ է տիրում, որը գուցե թմերցնի Իրենին: Սակայն սխալվում եմ: Նա լարված նստում է, չի խմում, սպասում է: Հեռանում ենք:
- Վերադառնում եք կլինիկա՞:
- Գնում եմ տուն: Ուշ է:
- Կլինիկայի մոտ ինձ իջեցրեք:
Արագացնում եմ ընթացքը: Դեպի Ալեզիա: Նա ասում է:
- Այսօր առանց բողոքելու, ամենուր հետևեցի ձեզ: Այդ շնորհը ինչո՞ւ ինձ չեք տալիս: Ես չեմ ուզում տուն գնալ:
Հասնում ենք: Բացում եմ դռնակը: Փողոցն ամայի է:
- Խոհեմ եղեք, Իրեն:
Նա վարանում է, ապա իջնում:
- Բարի գիշեր: Վաղը կզանգահարեմ ձեզ:
Մեր բաժանումը մի քիչ անսպասելի է կատարվում: Շանզ-Էլիզեի վրա թույլ եմ
տալիս ինձ տերրասներից մեկը վայելելու: Ծխամորճի ժամն է: Տուն վերադառնալու համար,
բռնում եմ կլինիկայի ճամփան: Ամեն ինչ խաղաղ է: Լույսերը մարած են: Թեքվում եմ ձախ և, հանկարծ, «Պուլենում» նկատում եմ Իրենին: Նստել է մի դատարկ բաժակի առջև: Առանց զարմանքի նշույլ արտահայտելու տեսնում է, թե ինչպես եմ իջնում մեքենայից: Երկու կին, բարձր աթոռներին թառած, զրուցում են ինչ-որ ճաղատ մարդու հետ: Պարի հրապարակում մի ամերիկացի սպա պարում է մի շիկահեր աղջկա հետ: Բարմենը կոկտեյլ է պատրաստում:
- Ամբողջ գիշեր այստե՞ղ պիտի մնաք:
Ինձ չի պատասխանում, չի նայում անգամ:
- Երեխայի պես եք ձեզ պահում: Եկեք:
Նա բարձրացնում է գլուխը:
- Ես չեմ կարող տուն վերադառնալ: Չեմ կարող:
- Լսեք ինձ...
Ի՞նչ ասել նրան: Ինձ զիանթափված եմ զգում և ավելի ու ավելի մեղավոր:
Ստիպում եմ նրան մեքենա նստել և տանում եմ տուն:
- Դուք այստեղ կքնեք: Կլողանաք: Գրքեր կան: Սառնարանում միրգ կա: Ես
կվերադառնամ կլինիկա: Վաղն առավոտյան կգամ ձեր ետևից:
Մնում է սնեյակի մեջտեղը կանգնած, անորոշության մեջ: Ես նրան ժամանակ չեմ
տալիս մտածելու և հեռանում եմ:
Իմ աշխատասենյակում շատ հարմար մի բազմոց կա: Պառկելուց առաջ, վերհիշում
եմ օրվա անցածը:
Իրեն Դյումանը տեղի տվեց: Նա նախաճաշեց, ճաշեց, մասնակցեց համերգին: Շատ
փոքր արդյունք է, եթե նկատի առնենք այն, որ նա կարծում է, որ իր ամուսինը ողջ է:
Արդյոք ժամանա՞կն է ճշմարտությունը ասելու, թե պետք է մի քանի օր էլ սպասել:
Կմտածեմ:
Վաղը:
*
Ինձ համարձակ և միաժամանակ միամիտ է թվում կյանքի հաճույքների ծրագիր
կազմելը և այն որպես հենարան աստիճանաբար Իրենին առաջարկելը: Հիմա նրա միակ հաճույքը
Մարկի առողջանալն է: Այնուամենայնիվ, հույսս չեմ կտրում, որ մինչև մահվան լուրը հայտնելը,
կկարողանամ նրա գիտակցության մեջ վերականգնել կյանքի մանրուքները: Հույսս չեմ կտրում, որ
այս քանի օրվա ընթացքում նրան վերափոխված կտեսնեմ: Ուզում եմ, որ ամուսնու մահը չընդունի
որպես իր համար անդարմանելի մի բան: Կյանքի հաճույքները և հույսի արմատները կազմված են
հազար ու մի արտասովոր մանրուքներից. արևի մի ճառագայթ, մի կրկներգ, մի սովորույթ: Իրենը գուցե որևէ գիրք ընթերցելով գտնի կյնաքի իմաստը. գիտական մի սկզբունքի վերլուծման, աստղաբաշխության կամ մի պարտեզի մեջ: Երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակի կամ ավելի շուտ՝ մի սերմի զննությամբ, որը կարող է ծառ դառանլ:
*
Ժամը տասն է: Դուրս եմ գալիս կլինիկայից, որպեսզի գնամ փնտրեմ նրան: Դռնապանուհին Սյուզանի նամակն է տալիս ինձ: Հետո կկարդամ: Զանգում եմ: Ոչ ոք չի պատասխանում: Դեռ քնա՞ծ է: Երկրորդ անգամ եմ զանգում: Ապա որոշում եմ օգտվել իմ բանալիից: Ննջարանի դուռը բաց է: Ոչ ոք չկա: Իրենը գնացել է: Մահճակալի վրա դեռ մնացել են նրա մարմնի հետքերը: Հավաքում եմ համարը: Պատասխան չկա: Ուրեմն որտե՞ղ է: Կլինիկայո՞ւմ: Նորից նստում եմ մեքենա և նկատում, որ Ալեզիայիյ ուղղությամբ եմ վերցրել: Մի դատարկ փողոց եմ հասնում: Շանզ-Էլիզեից բացի, Փարիզն այս շրջանում լքված քաղաքի է նման:
- Տիկին Դյումանին, խնդրեմ:
- Երկրորդ հարկ, դեպի ձախ, - պատասխանում է դռնապանուհին:
Հնաոճ մի շենք է: Վերելակ եմ մտնում: Դռան վրա մի տախտակ է փակցված. «Մարկ
Դյուման, ինժեներ»: Զանգում եմ: Դուռը հանկարծակի բացվում է: Իրենը շնչահեղձ, ցավատանջ և
հույսով լի հայացքով նայում է ինձ, ասես շեմին իր ամուսնուն էր տեսնելու:
- Կարո՞ղ եմ ներս գալ:
Մտնում եմ կոկետորեն կահավորված մի սենյակ: Պատից նկարներ են կախված:
Հեռուստացույց: Երկու փափուկ բազկաթոռ: Մարկի լուսանկարը չկա: Սեղանի վրա մի մեծ
ծխամորճ կա, հսկայական մոխրաման, հրահան, ծխախոտ և «Auto-Journal»: Կարգուկանոն:
Միայն Մարկն է պակասում: Իրենը լուռ զննում է ինձ:
- Ինչո՞ւ եք փախել իմ մոտից:
- Վախեցա:
- Ինչի՞ց:
- Ձեր բնակարանից:
Լռում է, հետո հարցնում:
- Մարկը այս առավոտ լա՞վ էր:
- Վատ էր: Նրա վնասվածքը լուրջ է: Կարծում եմ, որ դուք մի փոքր համոզված եք
դրանում...
Ձեռքի բռնած թերթը ոլորում է, չար նայում ինձ, ասես ես եմ պատասխանատու այդ
վնասվածքի համար, ապա դուրս է գալիս սենյակից:
Երկու րոպե անց նրա ձայնը խոհանոցից է հնչում.
- Ձեզ համար սուրճ եմ պատրաստում:
Մի գավաթ սուրճ է բերում: նա հանգստացած դեմք ունի: Ես նրա ուշադրությունն եմ
հրավիրում հեռուստացույցի ծրագրի վրա:
- Այս ամիս առանձնապես մի բան չկա, - ասում է նա: - Անցյալ ամիս լավ
հաղորդումներ կային: Այս շաբաթվա ծրագիրը չեմ գնել, որովհետև արձակուրդ պետք է գնայինք:
Հագին նույն սպիտակ շրջազգեստն է:
- Դեպի Կոտ դ՝Ազյո՞ւր:
- Իսպանիա: Անցյալ տարի...
Լռում է: Ես նրան ասում եմ, որ իմ կինը Նիցցայում է և վեր եմ կենում:
- Դուք պետք է ձեր իրերի դասավորությունը փոխեք:
- Ինչո՞ւ:
- Ձեզ կթվա, թե նոր կահույք եք գնել:
Նա դիտում է սնեյակը:
- Այս դասավորությունը ինձ դուր է գալիս: Մենք օրեր ենք կորցրել յուրաքանչյուր
կահույքի տեղն ընտրելու համար:
Չեմ պնդում: Նա կարճ ժամանակով անհետանում է և վերադառնում մի փոքր
ճամպրուկով:
- Ես ձեզ հետ կգամ կլինիկա:
Ցույց է տալիս ճամպրուկը:
- Մարկի համար սպիտակեղեն եմ վրեցրել:
*
Մինչև կլինիկա հասնելը, նրան տանում եմ Մոնպառնասի մոտ գտնվող
հիվանդանոցը:
- Գնում ենք քաղցկեղով հիվանդներին տեսնելո՞ւ:
Հանկարծ նկատում եմ, որ սկսել է հարցեր տալ: Առաջին օրվա հարմությունը կորչում
է: Դա լավ նշան է:
Անցնում ենք նախասրահը:
- Երեկ դուք ընտելացաք մահվան պատկերին: Այսօր մի հուզող տեսարանի ներկա
կլինեք:
Դուռը հրում եմ և նրան դեմ առ դեմ բերում մի պառկած կնոջ, որը շնչահեղձ է լինում:
Նրա կողքին բուժքույր է նստած և մի երիտասարդ բժիշկ, որին ճանաչում եմ: Իրենը չի
հասկանում, բայց կնոջ արձակած ցավի առաջին իսկ աղաղակից նրա դեմքի մկանները կծկվում
են: Կինը, որ պետք է ծննդաբերի, երիտասարդ է՝ քսաներկու տարեկան: Քրտինքի խոշոր
կաթիլներ հոսում են նրա վզով: Իրենը բռունցքները սեղմած, հմայված նայում է նրան:
Բժիշկը քաշում է սավանը, նայում, դառնում ինձ: Գոհ է: Ամեն ինչ նորմալ է: Բուժքրոջ ձայնը խզում է լռությունը.
- Ուժ տո՛ւր:
Մի խռպոտ աղաղակ է դուրս թռչում ծննդաբերողի կոկորդից:
- Ուժ տուր, ուժ տուր...
Իրենը մեկ կնոջ դեմքին է նայում, մեկ ոտքերին: Հետո մի տագնապալի հայացք է
նետում ինձ: Ես շշնջում եմ.
- Հանգստացեք, ամեն ինչ լավ է գնում: Նայեք, ինչ արտասովոր է...
Բուժքույրը թաշկինակով սրբում է կնոջ դեմքը: Հետո սիրտ տաիս նրան.
- Ուժ տուր, ավելի ուժ տուր...
Իրենը հմայված է: Թերահավատության մի լույս է անցնում նրա աչքերով: այդ ուռած
փորը մարդ կծնի՞ արդյոք: Կինը գլուխն աջ ու ձախ է դարձնում: Նա ամբողջ ուժերը լարել է: Իրենը
շունչը կտրած տեսնում է, թե ինչպես է հայտնվում գլուխը, հետո ուսերը, հետո ոտքերը: Տղա է:
- Եկեք:
Տանում եմ սպասասրահ:
- Ինչ պարզ է, ինչ պարզ այս ամբողջը, - ասում է նա:
Ու հանկարծ որոշում է.
- Ես երեխաներ կունենամ:
Կլինիկայում ես զիջում եմ նրա համառությանը: Նա ուզում է Մարկին տեսնել: Ուրեմն
կտեսնի: Բացում եմ դուռը: Սենյակը թաղված է կիսախավարի մեջ: Արհեստական սառեցման
սիստեմը գործում է, որպեսզի մարմինը պահպանվի: Իրենը ճամպրուկը դնում է մի անկյունում և
մոտեցնում մահճակալին: Ամուսնու գլուխը՝ հսկայական վիրակապով փաթաթած, երևում է
ծածկոցի տակից: Անկողնի վրա թթվածնի բարձ կա: Ի զարմանս ինձ, նա ասում է.
- Ինձ թվում է, թե նա լավացել է:
Մի՞թե այդ աստիճան կույր է: Որքա~ն խելագար է հույսը: Եթե նույնիսկ Մարկի գլուխը կիսված լինի, բավական է, որ ես ասեմ, թե Մարկը ողջ է, որպեսզի նա հավատա:
- Դուրս գանք:
Նա մնում է սպասասրահում: Տիկին Կորբյեի ուղեկցությամբ գնում եմ հիվանդներին
տեսնելու: Նա հարցնում է, թե երկա՞ր եմ պահելու Մարկին, թե անարխորժություններ չեն լինի՞,
քանի որ պետք է հայտարարեինք մահվան մասին:
- Երկու օր էլ համբերենք:
Մտազբաղ, անցնում մեմ Իրենի առջևից: Մի հանդես ձեռքին, նա ննջում է: Կուրծքը
կանոնավոր իջնում և բարձրանում է: Դեմքը հանդարտված է: Հանկարծ հիշում եմ կնոջս:
Սյուզանին գնացքում ծանոթացա: Իրենի պես ննջում էր՝ ձեռքը դրած ոստիկանական վեպի էջին:
Իմ աշխատասենյակում Սյուզանի նամակն եմ կարդում: Նա նկարագրում է Նիցցայում
անցկացրած իր առաջին օրը: Մանրամասներով: Եղանակը, ծովը, կազինոն: Եկող չորեքշաբթի
նրա հետ կլինեմ:
Դուռը հանկարծ բացվում է: Հայտնվում է Իրենը՝ այլայլված դեմքով.
- Մարկը ...
Մի՞թե ճշմարտությունն է իմացել: Թուքը կուլ է տալիս ու շարունակում ավելի
հանգիստ տոնով.
- Բժի՛շկ, Մարկը վեր է կացել:
Սյուզանի նամակը դնում եմ դարակը և պատուհանը լրիվ բացում:
- Հենց նոր նկատեցի: Նա դուրս եկավ սենյակից: Եկեք:
- Նրան տեսա՞ք սենյակից դուրս գալիս:
- Հենց նոր: Նա դուռը կամաց փակեց:
- Գնանք տեսնենք:
Բռնակը պտտելիս մի անհեթեթ տագնապ է պատում ինձ: Արհեստական քուն...
ծիծաղելի է: Իսկապես, արձակուրդի կարիք ունեմ:
- Կտեսնեք, որ սխալվել եք:
Սենյակում ամեն ինչ կարգին է: Մարկը նույն դրությամբ պառկած է: Ամեն ինչ իր
տեղում է: Իրենը տարակուսանքի մեջ ասում է.
- Այնուամենայնիվ ես տեսա, որ անկողնազգեստով և գլուխը վիրակապով
փաթաթված մի մարդ դուրս եկավ: Նա քայլեց դեպի միջանցքի ծայրը...
- Դուք երազ եք տեսել, դա բնական է: Դուք ննջում էիք ձեր աթոռին նստած: Սակայն,
եկեք ինձ հետ:
Ես նրան տանում եմ սպասասրահի ծայրում գտնվող բուժքույրերի սենյակը:
Հիվանդանոցից մեկը, որին անցած շաբաթ վիրահատել էի, մրգահյութ է խմում և զրուցում
բուժքրոջ հետ: Այդպես էլ կարծում էի: Հենց այնտեղից դուրս գալիս էլ նրան տեսել է Իրենը:
- Իմ բոլոր հիվանդները գլխներին վիրակապ ունեն: Եկեք գնանք նախաճաշենք և
քայլենք: Դուք հանգստի կարիք ունեք:
Տարակուսած, անխոս և հնազանդ հետևում է ինձ:
***
Բայար փողոցի մեջտեղում կանգնում է:
- Այս փողոցը գիտեմ:
Նայում է տներին և շոտլանդական եկեղեցուն: Որոնում է: Բառերը խառնվում են նրա
շրթունքներին:
- Հիշում եմ ... անցած տարի էր... Մարկի հետ այս եկեղեցու դիմացն էինք:
Ձեռքը դնում է պատին:
- Ուրբաթ օր էր: Ի՞նչ էինք անում այստեղ: Հա՛, եկել էի Շանզ-Էլիզեի խանութներից
մեկում մի շրջազգեստ նալելու: Մարկին ժամադրություն էի նշանակել Ռոն-Պուանի վրա: Մենք դեռ
մեքենա չունեինք: Երկու ժամ էր անցել, և դեռ չէինք որոշել ռեստորան մտնել: Հետո պատահաբար
այս փողոցը մտանք: Սոված էինք, բայց ուզում էինք այս կողմերում մնալ: Մարկը մտավ մի
խանութ... Տեսե՛ք, խանութը դեռ բաց է:
Իտալական խանութ է: Քիանտիի շշերը տերողորմյայի պես շարված են:
- Հետո՞:
- Մարկը մտավ ներս: Ես սպասեցի դրսում: Նա գնեց երկու շերտ խոզապուխտ,
պանիր, վարունգ և նուշով կարկանդակ: Եվ մի շիշ քիանտի...
Նա կանգնում է սառած, անուժ, հիշողությունների մեջ կորած: Մի տարօրինակ միտք
է անցնում գլխովս: Մտնում եմ խանութ: Գնում եմ երկու շերտ խոզապուխտ, պանիր, վարունգ,
երկու կարկանդակ և մի շիշ քիանտի:
- Հետո՞:
Նա չի նկատում իմ ծանրաբեռնված ձեռքերը և շարունակում է.
- Մենք քայլեցինք, կանգ առանք հրապարակում:
Ես նայում եմ Ֆրանսուա Առաջինի հրապարակի շատրվաններին: Իրենը
շարունակում է.
- Հայկական եկեղեցին որտե՞ղ է: Այստեղ է... Չորս, թե հինգ եկեղեցի կա այս
հրապարակի շուրջը: Հետո քայլեցինք ... Մարկը ոչինչ չէր ասում... Նա շոգից հանել էր բաճկոնը:
Այժմն նա հույզով է խոսում: Ժան-Գուժոն փողոցը դատարկ է, արևից թուլացած:
- Կտրեցինք ավենյուն, որ հասնենք Սենայի ափ:
Ես նրան ուղեկցում եմ գետափ: Տուրիստներով լցված մի փոքր նավ սահում է ջրի
վրայով: Մի ջահել աղջիկ է վազում՝ ետևից իր հաճող շունը: Մի նկարիչ նկարում է: Իրենը ցույց է
տալիս նստարանը: Նստում ենք:
- Անցյալ տարի էր... Ժամանակը ի~նչ արագ է գնում... Մենք նախաճաշեցինք այս
նստարանի վրա:
Ես բացում եմ փոքրիկ փաթեթները: Նրան տալիս եմ մի շերտ խոզապուխտ:
Վերցնում է և մեքենայորեն ուտում: Մեկնում եմ շիշը: Խմում է շշից: Հետո, մի կտոր պանիր է
կրծում: Իսկ ես ուտում եմ առանց ախորժակի: Նա ելնում է:
- Մենք շիշը նետեցինք Սենա: Լողում էր ջրի երեսին...
Նա վերցրեց շիշը, բայց շպրտելու փոխարեն մոտեցավ ափին և նրբորեն դրեց ջրի
վրա:
- Հետո՞:
- Ու բռնեցինք նույն ճամփան:
Մենք նորից անցնում ենք Ժան-Գուժոն, Բայար փողոցներով, Մոնտեն ավենյուով,
Ռոն-Պուանով: Նա ոչինչ չի խոսում: Հասնելով մի կինոթատրոնի, ասում է.
- Ես մտա սրճարաններից մեկը: Նա գործնական ժամադրություն ուներ: Ես ուզում էի
Շանզ-Էլիզեում մնալ: Պայմանավորվեցինք, որ ժամը վեցին Մարինյանում կգա ինձ միանալու: Այդ
օրը մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ:
Ես նրան տանում եմ կինոթատրոն: Տոմս եմ վերցնում:
Նա մեքենայաբար մտնում է դահլիճ: Մի պահ մնում եմ անորոշության մեջ: Թվում է,
թե երազի մեջ եմ: Վերադառնում եմ կլինիկա:
***
Ժամը վեցին Իրենին գտնում եմ Մարինյանում: Սրահի խորքում նստած է:
- Եկեք տերրաս:
Ափսոսանքով թողնում է իր տեղը: Համարյա բոլոր սեղանները զբաղված են:
Ամերիկացի մի սպայի մոտ երկու աթոռ ենք գտնում: Հաճելի եղանակ է: Բազմամարդ ամբոխը
զբոսնում է Շանզ-Էլիզեով:
- Պաղպաղակ կուզե՞ք:
Գլխով է անում: Քառորդ ժամ հետո ես նրան հարցնում եմ.
- Դուք բարկացա՞ծ եք: Ինչո՞ւ չեք խոսում:
Նա մի ակնթարթ նայում է աչքերիս մեջ, հետո հայացքը շրջում, համառորեն մեխում
դիմացի թերթերի կրպակին: Ես մի թերթ եմ գնում և խորասուզվում ընթերցանության մեջ: Գլուխս
բարձրացնելով՝ նրա հայացքն եմ բռնում որղղված ինձ: Նա բերանը բաց է անում, կարծես ուզում է
ինչ-որ բան խոստովանել: Հետո հրաժարվում է: Ես մտածում եմ Մորեստի մասին, որը մի քանի օր
հետո գալու է Լիոնից: Հասնելով այստեղ, նա դիակը չի տեսնի: Որոշվա՛ծ է: Ելնում եմ: Քայլելու
ցանկություն ունեմ: Իրենը, որ հետևում է շարժումներիս, ասում է.
- Մի քիչ էլ մնացեք:
- Եկեք քայլենք:
Ելնում է: Զգում եմ, որ ուզում է խոստովանություն կատարել, բայց վարանում է: Չեմ
ստիպում:
- Այնցյալ տարի ի՞նչ արեցիք կինոյից հետո:
Նա փակում է աչքերը:
- Կինոյից հետո՞. Մարկը եկավ ինձ մոտ... Հետո... Եկեք...
Այս անգամ ես եմ հետևում նրան: Իջնում ենք Շանզ-Էլիզե: Հասնում ենք Կոնկորդ
հրապարակ: Ո՞ւր է տանում ինձ: Նա քայլում է արագ, լայն քայլերով, հպարտ տեսքով, որը
կոշտացնում է նրա դիմագծերը: Անցնում ենք կամուրջը, թեքվում ձախ: Նորից ձախ: Դելինյիի
լողավազանը: Առանց վարանելու մտնում է, մոտենում դրամարկղին և երկու տոմս ուզում:
Լողավազանը լցված է մարդկանցով: Աղջիկներն ու տղաները լողում են, պարում,
երգում: Իրենը ուղղվում է ռեստորան:
- Ահա՛:
Նստում ենք լողորդների դիմաց: Մարդիկ իրար հրմշտում են աշտարակի վրա: Իրենը
մի տեսակ կատաղած ասում է.
- Մենք այստեղ ճաշեցինք:
Հետո լռում է: Նա այլևս ոչ մի բառ չի ասի: Ժամը ութին վեր է կենում: Վերադառնում
ենք Շանզ-Էլիզե: Նա նստում է նստարանին և մի հայացք գցում ջրի ցայտերին: Հնազանդորեն
հետևում եմ: Այս երեկո ես նրան կհայտնեմ Մարկի մահը: Գաղտնինք ինձ ճնշում է:
Ժամը ինն անց կես ելնում է և ինձ տանում գնչուական մի կաբարե: Սրահը համարյա
դատարկ է: Մի քանի զույգ դեսուդեն նստած հանգիստ ճաշում են: Երաժիշտները նվագում են,
շատախոսում, հռհռում: Մետր դ՝օթելը նայում է ժամացույցին: Իրենը հրաժարվում է ճաշել, բայց
երեք գավաթ շամպայն է խմում:
Նորից նրա հայացքն եմ բռնում՝ ուղղված ինձ: Նվագախումբը մի գողջրիկ եղանակ է
նվագում: Ջութակները լալիս են: Սրահը լցված է ծխով: Իրենը գավաթը բռնել է ափերի մեջ:
- Մարկն իմ պատճառով վթարի ենթարկվեց:
Մի պահ լռելուց հետո շարունակում է.
- Մեքենան նոր էինք գնել: Ամեն օր մեքենայով գնում էր խճուղու վրա թափառելու:
Երբեմն ես նրան ուղեկցում էի: Այն առավոտ...
Այցելուներ եկան: Մետր դ՝օթելը նրանց մենյու է ներկայացնում:
- Այն առավոտ մենք մի փոքր վիճեցինք... դատարկ բանի վրա: Նա տնից դուրս եկավ
առանց ինձ համբուրելու: Ես նրան հետևում էի պատուհանից և, երբ տեսա, որ մեքենա է նստում,
նշան արեցի, որ սպասի... Դուք հիմա կծիծաղեք վրաս... Իջա, որ համբուրեմ նրան: Հետո նա
գնաց: Տեսնո՞ւմ եք, իմ մեղքով է: Եթե նրան չուշացնեի, հիմա ողջ և առողջ կլիներ:
Շամպայն եմ լցնում, որ խմի: Շատ թուլացած է երևում:
- Ձեր մեղքով չէ, Իրեն: Ճակատագիրն է:
Նա բարձրացրեց աչքերը.
- Այդպե՞ս եք կարծում...
- Համոզված եղեք: Եթե նա ուրիշ ճամփա բռներ... Եթե ծխախոտ գներ: Եթե ավելի
ուշ վեր կացած լիներ, եթե ավելի շուտ պառկած լիներ... մոռացեք այդ պատմությունը և ասեք, թե
այսօր ինչ եք տեսել:
Դանդաղ դատարկում է բաժակը: Երաժիշտները շրջապատում են մեզ:
- Ֆերնանդելի մասնակցությամբ մի կինոնկար:
- Դա անցյալ տարի էր:
- Այսօր ես մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ: Այնցյալ տարի նույնպես:
Հարբած է: Հիմա ես ներկայացումների ծրագիրը կնայեմ:
Նա հառաչում է.
- Ի~նչ լավ են նվագում: Լսեք... կարծես -ամանակը կանգնել է: Կարծես տարիներն
իրար են խառնվել: Կարծես հանց նոր հանդիպել եմ Մարկին: Կարծես զբոսնում ենք Սենայի
ափին: Շշից գինի ենք խմում և շիշը շպրտում Սենա: Կարծես...
Նա արդեն չափն անցնում է: Նյարդերը թուլացած, գլուխը ետ գցած, անշարժ նստել
է: Նրա շրթունքների միջով մի թույլ շշնոջոց է սահում, որը նախադասություն չի դառնում:
Երաժիշնտրեը մի ուրիշ սեղան են շրջապատում: Մի քանի զույգ մեղմորեն պարում են:
- Մարկ...
Տագնապած նայում եմ Իրենին: Քնած է: Հաշիվը փակում եմ և տանում դուրս: Ամուր
պահում եմ, որովհետև ոտքերը ծալվում են:
- Տաքսի՛:
Տալիս եմ նրա հասցեն: Մեքենայի մեջ գլուխը դնում է ուսիս և քնում: Իսկ ես ուզում
էի Մարկի մահը հայտնել: Վաղը կասեմ:
Բարձրանում եմ իր սենյակը: Ուշ է: Պայուսակից բանալին հանում եմ և դուռը
բացում: Նրա բնակարանում խոնավություն կա: Լույսը վառում եմ: Երկու բազկաթոռով,
ծխամորճով, Մարկի ամսագրով լցված այս սենյակը շատ տխուր է երևում ինձ: Իրենին թողնում եմ
բազկաթոռի վրա: Նա խորը քնի մեջ տնքում է: Մի դուռ եմ բացում: Ննջարանն է: Սենյակի
կենտրոնում բազմոց կա, կողքին՝ փոքրիկ սեղան: Բազկաթոռին տղամարդու գիշերազգեստ է
դրված: Կա նաև ծխամորճ և տեխնիկական թերթեր: Մարկն ամենուր է: Գլխովս մի միտք է
անցնում: Առանց երկար-բարակ մտածելու գործում եմ: Փոխում եմ բազմոցի տեղը: Փոքրիկ
սեղանը դնում եմ պատուհանի մոտ: Պահարանը հրում եմ մի անկյուն, ծխամորճը, թերթերը,
գիշերազգեստը վերցնում եմ և դասավորում դարակում, կարծես ուզում եմ վերացնել Մարկի
հետքերը:
Զգում եմ, որ կարգին քրտնել եմ: Սենյակում Իրենը նույն դիրքով քնած է: Զգուշորեն
վերցնում են նրան և պառկեցնում մահճակալին: Կոշիկները հանում եմ, սավանով ծածկում:
Գիշերվա ժամը մեկն է:
Կլինիկայում կքնեմ:
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ==
Մի մղձավանջային երազ խռովում է քունս: Մարկը մտնում է իմ աշխատասենյակը և
խնդրում, որ Իրենին փորձելու համար հայտնեմ իր մահվան լուրը: Զարթնում եմ քրտինքի մեջ
կորած: Արևը կուրացնում է: Սպասում եմ տիկին Կորբյեին: Նա ժամը տասին գալիս է կլինիկա:
Կանչում եմ նրան, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Վարչական գործերով
կզբաղվեմ վաղը: Իրենին կհայտնեմ: Պետք է մտածել դագաղի մասին: Տիկին Կորբյեն կզբաղվի
դրանով: Կաթոլիկ քույերերը աղջիկների մի խումբ են առաջնորդում դեպի ատնառ: Նրանց ծիծաղն
ու աղաղակները կարծես էկրանի միջով հասնեն ինձ: Սյուզանը սպասում է զանգի: Վաղը
կզանգահարեմ:
Նստում եմ սեղանիս առջև, որպեսզի մի երկար նամակ գրեմ Իրենին և հաղորդեմ
ամուսնու մահը: Վերցնում եմ գրիչը, բայց ձեռքս անշարժանում է սպիտակ թղթի վրա: Նամակ
գրելը, դրոշմանիշ կպցնելը, և փոստարկղի մեջ գցելը շատ հեշտ է: Հավաքում եմ նրա հեռախոսի
համարը և, նրա ձայնը լսելով, շատ եմ զարմանում:
- Գիշերը լավ քնեցի՞ք:
- Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից երեկվա համար: Շատ էի հոգնած: Կահույքի տեղը ինչո՞ւ եք փոխել:
- Այդպես ավելի լավ չէ՞: Տարիներ ի վեր դուք զարթնում եք միևնույն անկյունում:
Սովորույթը ձեզ կկործանի:
- Մարկն ինչպե՞ս է այս առավոտ:
- Վատ: Նրա վիճակը չի լավանում: Ո՛չ, կլինիկա մի եկեք: Այցելությունները արգելել
եմ: Ինձ սպասեք ձեր տանը: Քառորդ ժամից կլինեմ այդտեղ: Ես ձեզ կբացատրեմ:
***
Դուռը բաց է: Իրենը նստել է պատուհանի մոտ: Ինձ տեսնելով, դիրքը չի փոխում:
- Իսկապես ի՞նչ է կատարվում նրա հետ: Ինչո՞ւ որևէ բան չեք անում:
Նա խոսում է հանգիստ, գրեթե համակարպված մարդու ձայոնվ: Սիգարեթ եմ
վառում և ծուխը փչում առաստաղին: Նա շարունակում է.
- Ի վերջո, նա կառողջանա՛: Դուրս կգա՛ կլինիկայից:
Լռություն: Պատուհանի առջևից թռչուններն են անցնում: Հանգցնում եմ սիգարեթը:
- Ի՞նչ էիք անում նախքան Մարկի հետ ծանոթանալը:
Իմ ձայնը թեթևակի դողում է, բայց նա չի նկատում: Բարձրացնում է գլուխը, նայում
ինձ, հետո շրջում հայացքը:
- Մարկից առա՞ջ: Ոչինչ:
Եվ անմիջապես:
- Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս:
- Ես ձեզ ասել եմ: Մարկը ծանր վիճակում է: Դուք չէիք կարող մի որոշ ժամանակ...
մոռանալ նրան: Պատասխանեք ինձ, Իրեն: Մարկի հետ ծանոթանալուց առաջ դուք ի՞նչ էիք անում:
Նա բարձրանում է ձեռքը, կարծես բողոքելու համար, բայց անմիջապես իջեցնում է:
- Չգիտեմ:
- Ո՞ւմ էիք հանդիպում: Ի՞նչ կյանք էիք վարում: Դուք շարունակ նույն տանը չեք
ապրել՝ Ալեզիա փողոցում: Դուք ուրիշ մարդկանց եք ճանաչել... հիշեցեք:
- Ես մի մարդ գիտեի: Մեծահոգի, սիրալիր... Նա հաճախ միևնույն բառերն էր
գործածում... Երբ մտահոգեված էր լինում, ոտքը գցում էր ոտքին: Նրա անունն ինձ դուր էր գալիս.
Մարկ: Ուրիշ ի՞նչ եք ուզում իմանալ:
- Այդ Մարկին ճանաչելուց առաջ, դուք... Վերջապես աշխատե՞լ եք, եղե՞լ եք
բարեկամների շրջանում, մի որևէ թաղամասում:
Նա անտարբեր ասում է.
- Մոնպառնասում: Ես աշխատում էի մի հրատարակչությունում:
- Գնանք Մոնպառնաս: Ցույց տվեք ինձ այդ թաղամասը:
- Գնանք կլինիկա:
Նա ինձ զինաթափ է անում: Նայում եմ շուրջս և հանկարծ ինձ հարց տալիս.
խնայողություններ ունի՞ արդյոք: Ինչպե՞ս է ապրելու այսուհետ: Հավանաբար ստիպված կլինի
աշխատել:
- Ո՞ր հրատարակչի մոտ էիք:
- Ռընյեի: Մի տարի եմ աշխատել: Զբաղվում էի նկարազարդումներով:
Ռընյեն գիտական գրքերի հրատարակիչ է: Տնօրեներից մեկին ճանաչում եմ:
Բելլարին... Ալեն Բելլարին:
- Իրեն: Իսկ եթե ստիպված լինեք աշխատել...
- Ինչո՞ւ: Մարկը ինժեներ է: Նա լավ գործի վրա է և չի ոզում, որ ես աշխատեմ: Մենք
խնայողություններ չունենք, բայց ...
- Ենթադրենք, թե առաջիկա մի քանի ամիսը նա չկարողանա աշխատել: Ի՞նչ կանեք:
- Չգիտեմ: Գուցե աշխատեմ: Մեր խնայողություններով այդ մեքենան գնեցինք...
Նորից լռություն: Պատուհանից շրջիկ վաճառականներ են երևում: Նրանք վիճում են
իրար հետ: Գնորդները շատ հազվադեպ են:
Իրենը կանգնում է, արագ նայում է հայելուն, մատները քսում է աչքերի տակի
կնճիռներին, կարծես ուզում է ջնջել դրանք, և ասում.
- Ուզո՞ւմ եք Մոնպառնասը տեսնել: Եկեք...
Գնում ենք Մոնպառնաս: Նա ինձ առաջնորդում է մի փոքրիկ, արևոտ փողոց:
- Գրանդ Շոմիեր փողոցն է սա: Այստեղ եմ նկարել սովորել:
Մտնում ենք խավար և փոշոտ նախասրահը: Իրենը մի դուռ է բացում: Մոտ քսան
հոգի ածխամատիտով նկարում են: Երկյուղած լռություն է տիրում: Նա շշնջում է.
- Ես ամեն օր գալիս էի այստեղ: Այդ ժամանակ Մարկին դեռ չէի ճանաչում:
Ես նրան հարցնում եմ.
- Նկարելու ցանկություն չունե՞ք:
Մի քանի գլուխներ դառնում են մեր կողմը: Լում ենք:
- Շարունակ նույն բնորդուհին է:
Մոտ երեսուն տարեկան մի կին, ձեռքերը կրծքին խաչած, նստել է աթոռին:
- Ոչինչ չի փոխվել: Ոչինչ, ոչինչ...
Նա այդ ասում է մի տեսակ անհուսությամբ: Բացում է պայուսակը, գտնում մատիտը,
հենցում աթոռի մեջքին:
- Ձախ կողմը՝ լուսամուտի մոտ, թղթեր կային և մի ստվարաթուղթ:
Նա գլուխը չի շրջում: Ես նայում եմ ու տեսնում սպիտակ թղթերը և ստվարաթղթերը:
Երկու թերթ եմ վերցնում նրա համար: Թղթերը դնում է գրակալին: Ձեռքը վարանում է: Ուշադիր
դիտում է բնորդուհուն: Մատիտը սկսում է ցատկոտել թղթի վրա: Շուտով նա խորասուզվում է
աշխատանքի մեջ: Ես հեռու եմ քաշվում, որպեսզի չխանգարեմ նրան: Իրենը նյարդային
շարժումներով, արագ նկարում է: Քառորդ ժամ հետո նրա ձեռքը կանգ է առնում: Նա անշարժ է:
Արդյոք նորից կսկսի՞ նկարել: Նրա մեջքի ոչ մի մկանը չի դողում: Որոշում եմ մոտենալ: Բնորդուհու
մարմինը հարազատորեն վերարտադրված է. փոքրիկ կուրծքը, փոս ընկած որովայնը, ազդրերը,
խաչած թևերը, բայց գլուծը... Մարկի գլուխն է:
***
- Մենք ամեն օր խմբով գալիս էինք այստեղ:
«Գմբեթը»: Կապույտ ջինս հագած աղջիկները և մորուքավոր տղաները նստած
զովացուցիչ են խմում: Իրենը սպիտակ մազերով մի մարդու է ցույց տալիս, որը սեղանից սեղան է
շրջում և առաջարկում դիմանկարել:
- Նայեք նրան: Բոլորովին չի փոխվել: Ի՛նչ արագ է անցնում ժամանակը:
Բաժանը դնում է շրթունքներին:
- Ինձ թվում է, թե դեռ երեկ էր այն ամբողջ կյանքը, որ Մարկից առաջ ունեի ես:
Մարկի հետ ամուսնությունից հետո առաջին անգամ է, որ մտնում եմ այս թաղամասը, թեև
այստեղից հեռու չենք ապրում:
- Ձեզից է կախված ձեր անցյալի հետ կապ վերահաստատելը, նկարելը...
Նա շարժում է գլուխը.
- Առաջվա ոգևորությունն այլևս չեմ զգում: Երկու ժամ է զբոսնում ենք
Մոնպառնասում, և ինձ թվում է, թե կեղծում եմ: Այս թաղամասն այլևս ինձ չի պատկանում: Երբեմն
մի տեսակ կարոտ եմ զգում... Ո՛չ, իսկապես, ես այնքան հուզված չեմ, որքան կուզեի լինել:
Իհարկե, հիշատակները հորդում են, սակայն այստեղ վարած կյանքից հետո ես ուրիշ
ուրախություններ ապրեցի, ուրիշ հիշատակներ ամբարեցի: Գնա՞նք:
***
Այնուամենայնիվ «Գմբեթից» դուրս գալիս, կանգ է առնում մի պատկերասրահի առջև
և ասում.
- Այս պատկերասրահը...
Նա իր միտքը չի ավարտում: Մոնպառնասը որպես թակարդ առաջարկում եմ նրան,
հուսալով, որ մի քանի մանրուքով կկապեմ անցյալին: Վերջին անգամ, երբ կանգնել է այդ
պատկերասրահի առջև, Մարկին դեռ ծանոթ չի եղել: Նա երջանիկ է եղել, եռանդով լի: Ես
փորձարկումն անում եմ առանց հավատալու: Բայց, ո՞վ գիտե: Մարկի մահն իմանալով, գուցե
նորից գա այս թաղամասը, փորձի կապվել անցյալին, ինքն իրեն համոզի, որ Մարկից առաջ
երջանկ է եղել: Վերքն ավելի շուտ կսպիանա, ես համոզված եմ:
Նախաճաշում ենք նկարիչների ռեստորանում, հետո, պատահականորեն, հասնում
այն հրատարակչության շենքը, որտեղ նա աշխատում էր: Մտնում ենք բակ: Իրենը լիաթոք շնչում
է:
- Հնձած խոտի նույն բույրը:
Նա ցույց է տալիս առաջին հարկի պատուհանը:
- Սա իմ սենյակն էր: Ես նկարում էի և զբաղվում հրատարակման գործով:
- Չէիք ուզի՞ նույն տեղը գրավել:
Զարմացած նայում է ինձ.
- Ինչո՞ւ:
- Եթե դուք խնայողություններ չունեք, ստիպված կլինեք աշխատել:
- Իսկ Մա՞րկը:
- Նա առաջիկա ամիսներին չի կարող աշխատել...
Նրա դիմագծերը հանկարծակի կծկվում են:
- Չի խանգարի... գլխի վնասվածքը նրան չի խանգարի...
-Ո՞րն եք գերադասում: Խելագարվելը, թե՞ մահը:
- Ոչ... ոչ, նա լրիվ կբուժվի:
Հանկարծ Իրենը կորցնում է հավասարակշռությունը: Ոտքերը ծալվում են: Ճիշտ
ժամանակին պահում եմ նրան:
- Ձեզ ի՞նչ պատահեց: Հո երրեխա՞ չեք:
- Թողեք ինձ... Գնում եմ Մարկին տեսնելու: Աղաչում եմ ձեզ: Ուզում եմ հենց հիմա
տեսնել: Ես կարծեցի, թե նրա գլխի վնասվածքը... Ոչ, դա սարսափելի է, դա անհնար է: Մի բան
ասեք ինձ:
- Եկեք:
Դռան առջև, ինձ ծանոթ տնօրենը, ձեռքով նշան է անում մեզ: Ճանաչել է: Իրենը լուռ
է:
- Ինչպե՞ս եք, բժիշկ: Բայց սա մադմուազել Հիլերն է...
Երկու բառով բացատրում եմ նրա ամուսնուն պատահած աղետը: Նա մեզ
հրավիրում է իր սենյակը՝ մի-մի բաժակ խմելու: Իրենն անտարբեր նստում է աթոռին: Սեղանի վրա
թղթապանակներ և ձեռագրեր կան: Ալեն Բելլարը հանում է բաժակները և մի շիշ բացում:
- Դուք գիտե՞ք, որ նկարչի կարիք ունենք:
Քառորդ ժամ անց, Իրենը մտնում է գրքերով լցված իր նախկին սենյակը: Նստում է
սեղանի առջև, կարծես ուզում է անցյալը վերակենդանացնել: Մի մատիտ է վերցնում և նկարում:
Բելլարն ասում է նրան.
- Այստեղ մնալը միայն ձեզնից է կախված: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
Իրենը վերցնում է թղթապանակը, լայն բացում աչքերը, կարծես համոզվելու համար,
որ երազում չէ: Ես սեղանին եմ թողնում հեռուստատեսության ծրագիրը:
- Այս երեկո մի հետաքրքիր հաղորդում կա: Վաղն առավոտյան կզանգեմ:
==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ==
Զանգահարում եմ Ալեն Բելլարին: Ամեն ինչ լավ է: Այս առավոտ Իրենը ժամնը իննին
եկել է գործի և մի գծանկար ավարտելու վրա է: Շատ չի խոսում, բայց աշխատանքը կարծես
հետաքրքրում է նրան: Վաղը կհայտնեմ Մարկի մահը: Ի վերջո նա պետք է սպասեր դրան: Այս
օրերից հետո, հարվածն այնքան ուժեղ չի լինի: Տիկին Կորբյեն դագաղը պատվիրել է, կեսօրից
հետո պատրաստ կլինի: Վաղը կզանգահարեմ Սյուզանին: Իմ դերը գրեթե ավարտված է: Ինքս
ինձ հարց եմ տալիս, թե ինչու ընտրեցի այդ դերը, սակայն համոզված եմ, որ իրավունք ունեի
այդպես վարվելու:
Կեսօրին գնում եմ սրճարան՝ Իրենին հանդիպելու: Տեսնում եմ, թե ինչպես է դուրս
գալիս հրատարակչությունից: Միշտ միևնույն զգեստն է հագին: Վարանում եմ նրա աչքին երևալ:
Ինձ թվում է, ավելի լավ է նրան մենակ թողնել: Հեռվից հետևում եմ:
Նա թեքվում է փողոցը, կանգ առնում մի ռեստորանի առջև, կարդում մենյուն, հետո
շարունակում քայլել: Մտնում է մի խանութ և շաքարահաց գնում: Միայն թե դեպքերը,
աշխատանքը, պատասխանատվությունը կլանեն նրան: Նա երիտասարդ է, և ես համոզված եմ,
որ մեկ-երկու տարի հետո նորից կամուսնանա: Առայժմ, տեսնելով նրան Մոնպառնասում
դեգերելիս, անհուն կարեկցանք եմ զգում նրա նկատմամբ: Դիմադրում եմ նրան մոտենալու
գայթակղությանը:
Գրասենյակ չմտած, հեռախոսը զանգահարում է: Նախազգում եմ, որ Իրենն է:
Կանչում եմ տիկին Կորբյեին և խնդրում, որ պատասխանի: Իրենն է:
- Ոչ, տիկին, բժիշկն այստեղ չէ: Ուզո՞ւմ եք նրան որևէ բան հաղորդել: Այո՞:
Տիկին Կորբյեն դնում է լսափողը.
- Անջատեց:
***
Ժամը չորսին զանգահարում է Բելլարը:
- Տիկին Դյումաը չի վերադարձել:
- Կեսօրից հետո որևէ անհետաձգելի գործ ունե՞ր:
- Մի շատ հետաքրքիր և խիստ անհետաձգելի աշխատանք: Այս առավոտ
առաջարկեցի, որ մեկ ուրիշին վստահի: Հրաժարվեց: Ուզում էր մինչև երեկո ավարտել:
- Շնորհակալություն: Երբ որ գա, ինձ տեղեկացրեք:
Արդյոք որտե՞ղ է: Այս օրերին միայն կլինիկա գալու համար էր դուրս գալիս տնից:
Պետք է որ տանը լինի: Անհանգստացած, դուրս եմ գալիս կլինիկայից: Հարցնում եմ «Պուլենի»
տիրոջը, արդյոք չի տեսել Իրենին: Նա Իրենին ճանաչում է:
- Այստեղ էր:
- Ե՞րբ:
- Մոտ մեկ ժամ առաջ:
- Ինչպե՞ս էր տրամադրությունը:
- Սովորականի պես: Հանքային ջուր ուզեց և, առանց ձեռք տալու, գանց:
Զանգահարում հրատարակչին: Ոչ: Նա չի վերադարձել: Հավաքում եմ նրա համարը:
Զանգ: Մեկ անգամ: Երկու անագամ: Սպասում եմ: Ոչ մի ձայն: Արդյոք որտե՞ղ է: Որոշում եմ գնալ
Մոնպառնաս, փնտրել այնտեղ:
Շոգ է: Երկինքը ծածկվում է սպիտակ ամպերով: Մի քանի րոպեում հասնում եմ
Մոնպառնաս: Իրենը չկա: Ոչ «Գմբեթում», ո՛չ «Սելեկտում», ո՛չ «Գրանդ Շոմիերում»: Գնում եմ նրա
տուն: Մի փոքրիկ գրություն կսահեցնեմ դռան արանքից:
Վերելակում մտքովս անցնում է, որ իմացել է ամուսնու մահը: Դա մտահոգում է ինձ:
Զանգում եմ. մարդ չկա: Համառում եմ. ապարդյուն: Ականջս կպցնում եմ դռանը: Անորոշ աղմուկ
եմ լսում: Իրենը բնակարանում է: Բռունցքներով ուժգին խփում եմ դռանը:
- Բացե՛ք, Իրեն:
Ոտնաձայներ են լսվում: Նորից եմ թակում: Քայլերը մոտենում են:
- Բացե՛ք:
Քայլերը կանգ են առնում: Մի հոգնած ձայն.
- Թողեք ինձ, խնդրում եմ: Գնացե՛ք:
- Բացե՛ք...
- Ինչու ինձ հանգիստ չեք թողնում: Թողեք ինձ:
Նա բացում է դուռը: Այլայլված դեմք ունի: Բոլոր պատուհանները փակ են: Ինձ թվում
է, թե ժամանակին եմ հասել:
- Դագաղը Մարկի համար է, այնպե՞ս չէ:
Ուրեմն տեսել է: Դագաղը մեկ ժամ առաջ բարձրացրին ետնամուտքով, որը «Պուլենի»
դիմացն է:
- Այլևս փրկելու հույս չկա՞:
Բացում եմ պատուհաններից մեկը: Տաք քամի է ներս մտնում սենյակ: Իրենը
համառում է.
- Նրա վիճակը պետք է որ ծանր լինի:
Հանցավոր եմ, որ առաջին օրը ճշմարտությունը թաքցրեցի նրանից: Մի՞թե իմ բոլոր
ճիգերը ապարդյուն են անցել: Անկասկած, քանի որ իմ առջև խորտակված Իրենն է, որը միայն մի
ելք է տեսնում. ինքնասպանություն: Այնուամենայնիվ, չեմ ուզում հավատալ, թե միամիտ եմ
վարվել: Չեմ ուզում հավատալ, թե կյանքի հետ կապող ոչ մի զգայուն թել չկա Իրենի սրտում:
Որտե՞ղ է այդ լարը: Ինչպես ապացուցել, որ նա սխալվում է, որ կյանքը գեղեցիկ է, որ մի օր նա
կմոռանա Մարկին:
- Եկեք:
Հանկարծ մի անբացատրելի զայրույթ է հոսում իմ երակներում: Արյունը գլուխս է
խփում: Առարկաները շաղվում են աչքիս առջև: Կոպտորեն բռնում եմ Իրենի ձեռքը և իջեցնում
աստիճաններով: Նա սայթաքում է: Ի~նչ փույթ: Բարձրացնում եմ նրան և հրում մեքենայի մեջ: Իմ
վարվելակերպը նրան հանկարծակիի է բերում: Առանց մի բառ արտասանելու, ապշահար նայում է
ինձ: Ես այլևս չեմ ուզում մտածել, չեմ ուզում հարցեր տալ: Իմ բոլոր լարված զգայարանները
կենտրոնացել են միայն մեքենայի վրա. շարժիչի միացում, հաղորդիչ լծակի փոփոխում, սլաքի
թեքում: Մրրիկի պես մտնում եմ բուլվար Մոնպառնաս, Շանզ-Էլիզե, Բուլոնյան անտառ: Մի
հայացք անգամ չեմ գցում կլինիկայի կողմը: Ահա և խճուղին: Իմ ոտքը սեղմում է ստարտերը: 120,
130, 140: Նորից եմ սեղմում: Միջատները խփվում են ապակուն և ճզմվում: Իրենը, ապշահար, չի շարժվում: Քամին կտրում է շունչս: Ավելի եմ արագացնում: Արագությունով հարբած, անցնում եմ բոլոր մեքենաներից: Գյուղերը տողանցում են: Ինձ թվում է, թե ոտքս ձուլվել է ստարտերին: Ղեկն առանց դժվարության սահում է ձեռքերիս մեջ: Ոչ քամին, ոչ էլ արագությունը չեն մեղմում արտառոց կատաղությունը, որ վիրավոր գազանի պես ճանկռում է կուրծքս: Ո՞ւր ենք գնում: Չգիտեմ: Դողերը հետևում են անվերջ ճանապարհին, հաշվիչը լափում է կիլոմետրերը, բենզինն այրվում է շարժիչի մեջ՝ ինձ չտալով իմ որոնած թեթևությունը: Աղետի գաղափարը մի պահ մտահում է: Այսքան թեթևությամբ դեռ չէի վարել մեքենան: Նորից գյուղեր, ոլորաներ, ծառեր: Զգում եմ, որ մոտիկ է նպատակաը:
Դովիլին չհասած, առանձնատներով և այգիներով եզերված մի ճանապարհ եմ
բռնում: Ճանապարհի ծայրին, ծովի մոտ, մի հյուղ ունեմ: Շաբաթ և կիրակի օրերը գալիս ենք այստեղ ձուկ որսալու: Ոտքս վերցնում եմ ստարտերից և դնում արգելակիչի վրա: Անիվները ճռնչում են և անշարժանում: Ամբողջ ճանապարհի ընթացքում Իրենը չխոսեց:
Իջնում եմ մեքենայից: Երկինքը ծածկված է սպիտակ ամպերով և մի թեթև մշուշ է լողում ծովի վրա: Մեքենայի արկղիկի մեջ խրճիթի բանալին եմ փնտրում: Ի՞նչ եմ անելու այստեղ Իրենի հետ: Իմ ցասումը դեռ չի իջել: Բացում եմ դուռը: Մոտորանավակս անիվների վրա է: Ընդամենը երկու անգամ եմ գործածել: Ցասումը նորից է բռնում ինձ: Միայն մի ելք եմ տեսնում՝ արագություն: Երկու տակառիկ վառելիք եմ վերցնում և նավակը հրում դեպի ծովը:
***
Շարժիչը հազում է, հետո ամբողջ թափով սկսում աշխատել: Մակույկը սահում է ծովի վրայով: Իրենը փոքրիկ խցիկում նստած, նայում է ինձ: Նա սպասում է: Նավակը ջրի երեսին երկար ակոս է թողնում, որն անհետանում է մառախուղի մեջ: Շփոթված ճայերը ճեղքում են օդը և թռչում դեպի ափ: Մի տագնապալից լռություն է պարուրում մեզ: Ժամանակ առ ժամանակ ծովը բարձրացնում է մեր դյուրաբեկ նավակը և ալիքները չոր աղմուկով փշրվում են նրա իրանին:
Ես գործի եմ դնում վերջին փամփուշտը:
- Իրեն, հավատո՞ւմ եք աստծուն:
Լռություն: Նրա հայացքը խստանում է.
- Եթե Մարկը առողջանա, կհավատամ: Եթե ոչ...
Ես խոր շունչ եմ քաշում, կարծես ուզում եմ մեղմել իմ այս անըմբռնելի զայրույթը:
Սպասում եմ իմ ձայնին: Եվ այդ ձայնն անվրդով է.
- Մարկը մահացել է:
Իրենը անխոս նայում է ինձ: Հետո շրջում է հայացքը: Նա ելնում է և թեքվում,
որպեսզի դուրս գա խցիկից:
Ափն անհետացել է: Մենք մենակ ենք ծովի վրա: Նա անշարժանում է, նայում ջին, որը
եռում է պտուտակի տակ: Ես գոռում եմ, այս անգամ կատաղորեն.
- Մարկը մահացել է: Նա մահացած է և թաղված:
Ոչ մի շարժում: Լսեց ինձ: Ավելի ուժգին եմ գոռում.
- Մարկը մահացել է: Դուք նրան այլևս չեք տեսնի:
Նրա մեջքը դողում է, բայց նա չի շարժվում: Ես գոռում եմ.
- Ջուրը նետվելու համար էլ ինչի՞ եք սպասում: Նետվեցեք, չէ որ Մարկը մեռած է: Ես
ձեզ չեմ փրկի և ափն էլ հեռու է: Շուտ արեք, որ այլևս չխոսենք նրա մասին:
Ոչ մի ռեակցիա: Նրա բարակ սիլուետն այլևս չի դողում: Ես վեր եմ կենում, գլուխս
դիպչում է տախտակին, մոտենում եմ ու ցնցում նրան.
- Մեռած է և թաղված: Մեռած՝ ինչպես բոլորն են մեռնում: Դագաղը հենց նրա համար
էր: Հիմա նա հողի տակ է: Նա մեռած է, ինչպես միլիոնավոր մարդիկ, որ ծնվել և մեռել են: Ինչպես
միլիոնավոր մարդիկ, որ ծնվելու են, մեռնելու և փոշի դառնալու: Մահն ինչո՞ւ պիտի խնայեր
Մարկին: Ինչո՞ւ, ինչո՞ւ: Մարկն էլ մսից ու արյունից էր: Բացառիկ ի՞նչ ուներ: Այո, նա սիրում էր
ձեզ և դուք էլ նրան, հետո՞: Եվ հիմա, եթե կարծում եք, թե Մարկի մահով ամեն ինչ վերջացել է, է՛հ,
գնացեք և միացեք նրան: Եթե կարծում եք, թե աստված չկա, զուր է բույսի պես ապրելը: Եթե
կարծում եք, թե ավելի հեշտ է հավատալ առաջին մարդուն աշխարհ բերող հրաշքին
(օրինակներից մեկն էլ Մարկն էր), քան մահից հետո շարունակվող խորհուրդի գոյությանը, ջուրը
նետվեք անմիջապես: Եթե կարծում եք, թե անհնար է մահին մի հնարավորություն տալը, անհետացեք ալիքների մեջ: Նայեք ինձ, միթե՞ ես ապրող գաղտնիք չեմ: Ես շնչում եմ, խոսում եմ, մտածում եմ, հորինում եմ, կյանք եմ տալիս, ես իսկապես կենդանի եմ: Ես անհերքելի ապացույցն եմ մի գաղտնիքի, որը ոչ ոք չի լուծել: Ինչո՞ւ մահն էլ այդպիսին չլինի: Ինչո՞ւ ես մի հնարավորություն չշնորհեմ մահին: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես է մահացել առաջին մարդը, սակայն անկարող եմ պատմել, թե ինչպես է ծնվել նա: Տեսնո՞ւմ եք, որ մահը պակաս առեղծվածային է, քան կյանքը: Հավատացեք ինձ, Իրեն, Մարկն այնպես չի մահացել, ինչպես դուք եք կարծում: Նա իսպառ չի մահացել: Տարվա բոլոր շաբաթները կրկնվում են: Մարկը փակել է իր շաբաթը: Մի նոր օր է սկսվում նրա համար:
***
Իջնում է գիշերը: Շարժիչը կամաց խռխռում է: Վառելիքը սպառվել է: Խցիկում երկու
թիակ կա: Որտե՞ղ ենք: Չգիտեմ: Ջրի հսկայական տարածություն է մեր շուրջը՝ մառախուղով պարուրված: Իրենը կուչ է եկել խցիկի մի անկյունում: Նա լաց չի լինում: Դիմադրում է արցունքներին: Մի սիգարեթ է վերցնում, բայց չի կարողանում վառել: Ձեռքերը դողում են:
- Անցյալ շաբաթ այս ժամին Մարկը նստած էր իմ դիմաց: Մենք ճաշում էինք:
Ես չեմ շարժվում: Իմ ցասումն իջել է:
Չեմ պատասխանում: Նա ելնում է, նայում շուրջը:
- Քաղցած եմ:
Ոչ խմելու բան կա, ոչ ուտելու: Ճարելու հույս էլ չկա: Միայն թիակներ կան:
Նա ելնում է, փորձում աշխատեցնել շարժիչը: Ապարդյուն: Ցնցում է բենզինի
տակառիկները: Դատարկ են: Վհատված նորից նախկին դիրքն է ընդունում և փակում աչքերը:
***
Ամբողջ օրը մնում է պառկած: Երբեմն բացում է աչքերը, ձեռքերը զննում, փոխում
դիրքը:
Իջնում է երեկոն: Իրենը շշնջում է.
- Ծարավ եմ:
Նա զննում է շարժիչը: Դիտում է ծովն ու մշուշը: Պպզում է, նայում և վեր կենում: Մի
վերջին վարանումից հետո, վերցնում է թիակները և հարմարեցնում:
- Խմելու ոչինչ չկա՞:
Նա թիավարում է, բայց ծովը դիմադրում է: Հինգ րոպե անց դադարում է թիավարել:
***
Մեկ ժամ հետո մատները թրջում է ջրի մեջ և նորից թիավարում: Դիմագծերը
լարումից կծկված են: Մակույկն առաջ է շարժվում: Քառորդ ժամ հետո շնչասպառ, նորից է կանգ
առնում:
- Ի՞նչ եք կարծում՝ ափից հեռո՞ւ ենք:
Ես մի անորոշ շարժում եմ անում: Նորից է թիավարում: Բայց ծովը դիմադրում է: Նրա
շարժումները ոչ կանոնավոր են, ոչ էլ զորեղ: Նա դադարում է ու նորից սկսում: Սկզբում թիակները
հազիվ են քսվում ջրի մակերեսին, հետո, աստիճանաբար, խորանում են: Նա արդեն գիտի
գաղտնիքը: Մակույկը նվազ ճիգով, ներդաշնակ սահում է:
Մազերը քրտինքից կպել են դեմքին: Խոր շունչ է քաշում և շարունակում է թիավարել:
- Հասնելուց հետո կխմեմ:
***
Պետք է որ կեսգիշեր լինի: Իրենը թիակները գցում է, ուժասպառ ընկնում
նստարանին: Ես ելնում եմ, որպեսզի ոտքերիս թմրությունը ցրեմ: Իրենը նշան է անում:
- Չթիավարեք:
Չնայած ծայրահեղ հոգնածությանը, նստում է թիակների մոտ:
- Ես կհասնեմ:
Եվ կատաղորեն սկսում է թիավարել:
***
Որքա՞ն ժամանակ է, որ թիավարում է: Քանի անգամ նրա մկանները
լարվածությունից կծկվեցին:
Ես չէի կարծում, թե նա այսքան արիություն կունենա:
***
- Հենց որ Փարիզ հասնեմ, կփոխեմ կահույքի տեղը:
Թիակները խրվում են ջրի մեջ: Որպեսզի շնչասպառ չլինի, նա բերանը փակում է և արագ ու ընդհատ շնչում քթով:
- Ամեն շաբաթ համերգ կգնամ:
Քրտինքը ծորում է նրա դեմքով, մշուշելով աչքերը: Թիակները կատաղորեն ճեղքում
են ալիքները:
- Աշխատանք կգտնեմ:
***
Լուսաբաց է: Իրենը ամբողջ գիշեր թիավարում էր: Նա ելնում է, նայում մշուշից կծկված հորիզոնին: Ափը չի երևում: Անտրտունջ գրավում է իր տեղը, և ես նկատում եմ, որ նրա ձեռքերը արյունոտ են: Հետո ի՞նչ: Բռնում է թիակները և ուսերը շարժում: Մակույկը շարունակում է սահել:
- Մի օր էլ երեխաներ կունենամ:
Անկարող լինելով բռնել զույգ թիակը, նա այժմ մի թիակով է պայքարում: Եռանդով խրում է ջրի մեջ և ուժգին ետ քաշում:
Մի ժամ հետո մառախուղը սկսում է ցրվել: Պտտվում են ճայերը: Ափը մոտ է:
Իրենը թիակվարում է կանգնած: Երկու ժամ անց նա ճչում է.
- Ա՛փը:
Եվ մի շաբաթից ի վեր լարված նրա դեմքին բացվում է առաջին ժպիտը:
Ուզում եմ խոսել, բայց բառերը թաղված են մնում սրտումս:
1958