==ԳԼՈՒԽ 8==
Մի քանի օր անց, երբ մահապատիժների պատճառած սարսափը մարեց, անասուններից ոմանք հիշեցին, համենայն դեպս նրանց թվաց, թե հիշեցին, որ Վեցերորդ Պատվիրանն ազդարարում է՝ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի»։ Ու չնայած խոզերի կամ շների ներկայությամբ ոչ ոք հարկ չհամարեց նշել այդ փաստը, անասունները զգում էին, որ կատարված սպանությունները դրա հետ չեն համատեղվում։ Երեքնուկը Բենիամինին խնդրեց իր համար կարդալ Վեցերորդ Պատվիրանը, իսկ երբ Բենիամինն ըստ իր սովորության ասաց , որ նման գործերի չի խառնվում, նա խնդրեց այդ անել Մյուրիելին։ Մյուրիելը կարդաց․ «Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի առանց պատճառի»։ Չգիտես ինչու վերջին երկու բառը դուրս էին ընկել անասունների հիշողությունից։ Սակայն այժմ նրանք համոզվեցին, որ Պատվիրանը չի խախտված՝ պարզ էր, որ Ձնագնդու հետ դաշնակցած դավաճաններին սպանելու համար ծանրակշիռ պատճառներ կային։
Այդ ամբողջ տարին անասուններն աշխատեցին ավելի եռանդուն, քան նախորդին։ Հողմաղացի վերականգնումը նախկինից հաստ պատերով եւ նշանակված ժամկետին, չհաշված ֆերմայի առօրյա աշխատանքները, սաստիկ ծանր գործ էր։ Լինում էին պահեր, երբ անասուններին թվում էր, որ իրենք ավելի երկար են աշխատում եւ ուտում են, ոչ ավելին, քան Ջոնզի ժամանակներում։ Ամեն կիրակի առավոտ Զռանը, տոտիկով թղթի երկար մի թերթ սեղմած, բարձրաձայն թվեր էր կարդում, որոնք ապացուցում էին, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով։ Անասունները նրան չհավատալու պատճառ չունեին, մանավանդ որ ոչ ոք հստակ չէր հիշում, թե ինչպիսին էր եղել վիճակն Ապստամբությունից առաջ։ Չնայած դրան, լինում էին օրեր, երբ անասունները կնախընտրեին ավելի քիչ թվեր եւ ավելի շատ կեր ստանալ։