— Ես գրագետ եմ, քաղաքացի պետ, — լսվեց կնոջ բարակ ու երգեցիկ ձայնը, — ես ավարտել եմ Բեռլինի նկարչական ակադեմիան… ես…
— Իսկ ո՞ւմ է պետք այդ քո նկարչությունը, մեջ նկարիդներից մեզ նկարիչներից ավելի ներկարարներ են հարկավոր, — ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական, — ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…
Վերջին նախադասությունը նա արտասանեց ասես որպես մեջբերում եւ ժպտաց։ Այստեղ պետք է նշել, որ Վասկա Բիչկոն նույնպես կալանավոր էր, սակայն՝ ազատ եւ արտոնյալ կալանավոր, որովհետեւ նա ոչ թե քաղաքական, այլ քրեական գործով էր նստած, դատապարտված էր ոչ մեծ ժամկետով եւ դրսում էլ պետ լինելու փորձով։ Նովոիվանովյան ճամբարային բաժանմունքի պետը՝ խստաբարո եւ մանրախնդիր Կուցենկոն չէր սխալվել իր ընտրության մեջ, Բիչկոն տանում էր գործը մեծ հմտությամբ եւ բանիմացությամբ։ Մոտ էր ճամբարային բոլոր պետերի հետ Վասկա Բիչկոն, եւ նրա խոսակցությունից կարելի էր իմանալ, թե վերջին ընդունելության ժամանակ վերջին պետն ինչ պատգամով է նրան ճանապարհ դրել։ Ահա թե ինչու նրա վերջին խոսքերը հնչեցին որպես մեջբերում։