Չնայած դրան հակաֆրեդրիքյան տրամադրությունները շարունակում էին բորբոքվել։ Մի կիրակի Նապոլեոնն առավոտյան անձամբ եկավ ամբար եւ բացատրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել փայտանյութը Ֆրեդրիքին վաճառելու, ասելով, որ իր արժանապատվությունից ցածր է համարում նման սրիկաների հետ գործ բռնելը։ Ամենուր Ապստամբություն քարոզող աղավնիներին արգելվեց ոտք դնել Ֆոքսվուդ, իսկ նրանց «Մա՛հ մարդկությանը» կոչը փոխարինվեց մեկ ուրիշով՝ «Մա՛հ Ֆրեդրիքին»։ Ուշ ամռանը բացահայտվեց Ձնագնդու բանսարկություններից եւս մեկը։ Ցորենի արտը մոլախոտերով լի էր՝ պարզվեց, որ իր գիշերային այցերից մեկի ընթացքում Ձնագնդին մոլախոտի սերմեր է խառնել սերմացու ցորենին։ Դավադրությանը մասնակից մի սագ խոստովանել էր Զռանին եւ ինքնասպան եղել՝ թունավոր հատապտուղ կուլ տալով։ Անասունները նաեւ իմացան, որ Ձնագնդին երբեք, ինչպես իրենք էին մինչ այդ կարծել, առաջին կարգի «Հերոս Անասուն» չի ստացել։ Դա մի առասպել էր, որը Գոմի Ճակատամարտից հետո տարածել էր ինքը Ձնագնդին։ Նա ոչ միայն չէր պարգեւատրվել, այլեւ հանդիմանություն էր ստացել ճակատամարտում թուլամորթություն դրսեւորելու համար։ Անասուններից ոմանք այս անգամ էլ քիչ էր մնում զարմանային, բայց Զռանը նրանց շուտափույթ համոզեց, որ իրենց հիշողությունը կաղում է։
Աշնանը, սոսկալի ջանքերի գնով,— քանի որ պետք էր ապահովել նաեւ բերքահավաքը,— ավարտվեց հողմաղացի շինարարությունը։ Մնում էր տեղադրել մեքենաները, որոնց համար Վիմփըրն արդեն բանակցություններ էր վարում։ Ամեն դժվարության հակառակ, չնայած փորձառության պակասին, պրիմիտիվ գործիքներին, բախտի քմահաճույքներին եւ ի հեճուկս Ձնագնդու դավաճանությանը, աշխատանքներն ավարտվեցին ճիշտ նշանակված օրը։ Ուժասպառ, բայց հպարտ, անասուններն անդադար պտտվում էին իրենց գլուխգործոցի շուրջը, որն այժմ նրանց ավելի գեղեցիկ էր թվում, քան երբ կառուցվել էր առաջին անգամ։ Բացի այդ պատերն այժմ նախկինից կրկնակի հաստ էին՝ այս անգամ նրանց էլ ոչինչ չէր փլի։ Իսկ երբ անասունները մտածում էին, թե ինչ ծանր աշխատանք են իրենք թափել, ինչպիսի հիասթափություններ են հաղթահարել եւ ինչքան կփոխվի իրենց կյանքը, երբ հողմաղացի թեւերը պտտվեն ու աշխատի դինամոն, նրանք, հոգնածությունը թոթափելով, սկսում էին թչկոտել թռչկոտել կառույցի շուրջն ու ցնծագին ճիչեր արձակել։ Նապոլեոնը, շների եւ աքլորի ուղեկցությամբ, եկավ հողմաղացը զննելու եւ անձամբ շնորհավորեց անասուններին իրենց նվաճման առթիվ, հայտարարելով, որ կառույցը կկոչվի Նապոլեոնի Հողմաղաց։
Երկու օր անց անասուններին կանչեցին ամբար հատուկ ժողովի։ Նրանք զարմանքից շանթահար եղան, լսելով Նապոլեոնի հայտարարությունը, թե փայտանյութը վաճառվել է Ֆրեդրիքին։ Վաղը Ֆրեդրիքի ուղարկած սայլերով այն սկսելու էին տանել։ Փիլքինգտոնի հետ իր թվացյալ բարեկամության ամբողջ ընթացքում Նապոլեոնն իրականում գաղտնի համաձայնության մեջ է եղել Ֆրեդրիքի հետ։
==ԳԼՈՒԽ 9==
:Դմբուզի ճեղքված սմբակը երկար ժամանակ չէր ապաքինվում։ Հաղթանակի հանդիսությունների հաջորդ օրն եւեթ անասունները սկսեցին վերականգնել հողմաղացը։ Դմբուզը հրաժարվեց գեթ մեկ օրվա հանգիստ վերցնել եւ իր համար պատվի խնդիր դարձրեց ցավը թաքցնել։ Սակայն երեկոները նա Երեքնուկին խոստովանում էր, որ սմբակն իրեն շատ է նեղում։ Երեքնուկը սմբակին իր ծամած դեղաբույսերով թրջոցներ էր դնում եւ, Բենիամինի հետ միասին, համոզում էր նրան պակաս եռանդուն աշխատել։ «Ձիու թոքերը հավերժ չեն», ասում էր նա։ Բայց Դմբուզը չէր լսում։ Նա պատասխանում էր, որ իր կյանքում միայն մեկ իսկական նպատակ է մնացել՝ տեսնել հողմաղացի կառուցումը թոշակի անցնելուց առաջ։
Սկզբում, երբ Անասնաֆերրմայի Անասնաֆերմայի օրենքներն առաջին անգամ էին ձեւակերպվում, ձիերի եւ խոզերի թոշակի կարիքը տարիքը որոշվել էր տասներկու, կովերինը՝ տասնչորս, շներինը՝ ինը, ոչխարներինը՝ յոթ, իսկ հավերինն ու սագերինը՝ հինգ տարեկան։ Թոշակները նույնպես մեծահոգաբար էին հաստատվել։ Ոչ մի կենդանի դեռեւս թոշակի չէր անցել, բայց վերջերս այդ նյութը սկսել էին գնալով ավելի հաճախ շոշափել։ Այժմ, երբ այգու հետեւի հողամասը գարի էր ցանված, լուրեր էին շրջում, որ որպես զառամյալ անասունների հանգստավայր առանձնացվելու է մեծ արոտի մի անկյունը։ Ասում էին, որ ձիերի թոշակը լինելու է օրական հինգ ֆունտ հացահատիկ, իսկ ձմռանը՝ տասնհինգ ֆունտ հարդ, ինչպես նաեւ մեկական գազար կամ անգամ խնձոր տոն օրերին։ Դմբուզի տասներկու տարին լրանալու էր հաջորդ ամռան կեսին։
Իսկ մինչ այդ կյանքը շատ դժվարին էր։ Ձմեռը նույնքան ցրտաշունչ էր, ինչքան նախորդը, իսկ անասնակերն անգամ ավելի պակաս էր։ Վերստին կրճատվեցին բոլորի օրաբաժինները, չհաշված շներինն ու խոզերինը։ Օրաբաժինների չափից ավելի խիստ հավասարեցումը, ինչպես բացատրեց Զռանը, հակասում է Անասնիզմի սկզբունքներին։ Ամեն դեպքում նրա համար բոլորովին դժվար չէր մնացած անասուններին համոզել, որ իրականում, ինչ էլ որ թվա, նրանք կերի պակաս չեն զգում։ Առայժմ , իհարկե, անհրաժեշտ էր օրաբաժինները ժամանակավորապես շտկել (Զռանը միշտ ասում էր «շտկել» եւ ոչ թե՝ «կրճատել»), սակայն Ջոնզի ժամանակների համեմատ առաջընթացն անվիճելի էր։ Զիլ ձայնով շուտասելուկի պես կարդալով թվերը, Զռանը հանգամանորեն ապացուցում էր, որ նրանք ավելի շատ վարսակ, խոտ ու շաղգամ ունեն, քան Ջոնզի ժամանակ, որ նրանք այժմ ավելի քիչ են աշխատում, որ նրանց խմած ջուրն ավելի բարձրորակ է, կյանքի տեւողությունն՝ ավելի երկար, որ մատղաշների մահացությունը պակասել է, իսկ գոմերի ծղոտն՝ ավելացել, եւ, վերջապես, որ ոջիլներն այժմ ավելի քիչ են անհանգստացնում։ Անասունները հավատում էին դրա ամեն մի բառին։ Եթե ճիշտն ասենք, նրանց հիշողությունից արդեն ջնջվել էին Ջոնզն ու իր մարմնավորած ամեն ինչը։ Նրանք գիտեին, որ ներկայիս կյանքը դաժան է ու անպաճույճ, որ իրենք հաճախ մրսում ու մեծ մասամբ քաղցած են, եւ որ արթուն ժամանակ սովորաբար միշտ աշխատում են։ Սակայն կասկած չկար, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ է եղել։ Նրանք ուրախ էին հավատալ այդ մտքին։ Բացի այդ, նախկինում նրանք ստրուկ էին, իսկ այժմ՝ ազատ, եւ դրանում էր հիմնական առավելությունը։ Զռանը չէր մոռանում ամեն անգամ շեշտել այդ փաստը։
Կերակրելու բերաններն ավելացել էին։ Աշնանը չորս մերուն ցնկնել էին համարյա միաժամանակ, բոլորը միասին բերելով երեսունմեկ գոճի։ Գոճիները խայտաբղետ էին, բայց քանի որ Նապոլեոնը ֆերմայի միակ կինճն էր, հայրությունը հնարավոր էր գուշակել։ Այդ տարվա մեջ, ավելի ուշ, աղյուս ու տախտակներ գնելուց հետո, հայտարարվեց, որ տան հետեւի այգում դասասենյակ է կառուցվելու։ Իսկ մինչ այդ խոճկորների դաստիարակությամբ տան խոհանոցում կզբաղվի անձամբ Նապոլեոնը։ Խոճկորները վազվզում էին պարտեզում եւ խուսափում էին մյուս անասունների մատղաշների հետ խաղալուց։ Համարյա նույն ժամանակ օրենք դարձավ, որ, կածանի վրա խոզի հանդիպելով, մնացած անասունները պարտավոր էին ճանապարհը զիջել։ Բացի այդ խոզերին արտոնված էր կիրակի օրերին պոչին կանաչ ժապավեն կապել։
Տարին բավական հաջող անցավ, սակայն ֆերման շարունակում էր դրամի կարիք զգալ։ Դասասենյակի համար պետք էր աղյուս, ավազ ու կիր ձեռք բերել, անհրաժեշտ էր նաեւ կրկին միջոցներ կուտակել հողմաղացի սարքավորումների համար։ Բացի այդ տան համար լամպի յուղ եւ մոմեր էին պետք, իսկ Նապոլեոնի սեղանի համար՝ շաքար (նա մնացած խոզերին դա արգելել էր, պատճառաբանելով, որ շաքարը գիրացնում է), չհաշված սովորական պետքերը, ինչպես, օրինակ՝ գործիքներ, մեխեր, պարաններ, ածուխ, երկաթ եւ շների բլիթներ։ Խոտի մի դեզ եւ կարտոֆիլի բերքի մի մասը վաճառվեցին, իսկ ձվեր մատակարարելու պարտավորությունը բարձրացվեց շաբաթական վեց հարյուրի, այնպես որ այդ տարի հավերը հազիվ կարողացան պահպանել իրենց քանակը։
Դեկտեմբերին կրճատված օրաբաժինները փետրվարին կրճատվեցին նորից, եւ, յուղը խնայելու համար, գոմերում արգելվեց լույս վառել։ Սակայն խոզերն իրենց կարծես թե վատ չէին զգում եւ փաստորեն անգամ գիրանում էին։ Փետրվարի վերջին օրերից մեկի կեսին մի ջերմ, ախորժելի ու գրգռիչ բույր, որպիսին անասունները մինչ այդ երբեք չէին զգացել, տարածվեց բակով մեկ խոհանոցի հետեւի այն գարեջրանոցից, որը Ջոնզի օրոք չէր գործածվել։ Ինչ֊որ մեկն ասաց, որ այդպիսի հոտ գալիս է գարի եփելուց։ Քաղցած անասուններն անհամբեր հոտոտում էին օդը, կարծելով, թե ընթրիքին տաք լափ են ուտելու։ Սակայն ոչ մի լափ չեղավ, իսկ հաջորդ կիրակի հայտարարվեց, որ այդուհետեւ գարու ամբողջ բերքը վերապահվելու է խոզերի համար։ Այգու հետեւի արտն արդեն ամբողջովին գարի էր ցանված։ Շուտով նաեւ հայտնի դարձավ, որ ամեն խոզ օրական ստանում է մեկ փինթ գարեջուր։ Նապոլեոնին հասնում էր կես գալոն, որը նրան մատուցվում էր Արքայական Դերբի սպասքի ապուպամանով։ապուրամանով։
Բայց եւ այնպես բոլոր զրկանքները մասամբ հատուցվում էին նրանով, որ այդ օրերի կյանքում ավելի շատ արժանապատվություն կար։ Երգերը, ճառերն ու երթերը նախկինից ավելի շատ էին։ Նապոլեոնի հրամանով ամեն շաբաթ անց էին կացվում այսպես կոչված Ինքնաբուխ Ցույցեր, որոնց նպատակն էր փառաբանել Անասնաֆերմայի պայքարն ու նվաճումները։ Նշված ժամին բոլոր անասունները թողնում էին աշխատանքն ու շարքերով համաքայլ դոփում ֆերմայի շուրջը։ Առջեւից ընթանում էին խոզերը, ապա՝ ձիերը, կովերը, ոչխարներն ու թռչունները։ Շները քայլում էին կողքերից, իսկ ամենքի առջեւում գնում էր Նապոլեոնի սեւ աքլորը։ Դմբուզն ու Երեքնուկը միշտ երկու կողմից պահում էին կանաչ դրոշը, որի վրա, սմբակից ու պոզից բացի, կար նաեւ նշանաբան՝ «Կեցցե՛ ընկեր Նապոլեոնը»։ Երթից հետո արտասանվում էին Նապոլեոնին նվիրված բանաստեղծություններ, որին հետեւում էր Զռանի ճառը անասնակերի արտադրության ընթացիկ հաջողությունների մասին։ Վերջում ամեն անգամ պարպում էին հրացանը։ Ինքնաբուխ Ցույցերի ամենանվիրյալ մասնակիցները ոչխարներն էին, եւ երբ որեւէ մեկը տրտնջար (ինչպես ոմանք անում էին խոզերի ու շների բացակայությամբ), թե իզուր ժամանակ է վատնվում ցրտին կանգնելով, ոչխարներն իսկույն նրան լռեցնում էին իրենց զարհուրելի մկկոցով՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Սակայն, ընդհանուր առմամբ, անասուններն այդ ցույցերը վայելում էին։ Նրանք շոյվում էին, վերհիշելով, որ, վերջիվերջո, իրենք էին իրենց իսկական տերերը, եւ որ իրենց աշխատանքն ուղղված է սեփական բարօրությանը։ Վե այդպես՝ երգերի, երթերի, Զռանի թվերի, հրացանի կրակոցների, աքլորականչի եւ ծածանվող դրոշի օգնությամբ, նրանք մոռանում էին, որ իրենց ստամոքսը դատարկ է, համենայն դեպս՝ ժամանակի մեծ մասը։