Եվ այժմ, քանի որ մենք ընկերակցել ենք նրան մինչև այստեղ և պառավի հուղարկավորության վերաբերյալ բոլոր հարկավոր պատրաստությունները տեսել ենք, եկեք մի քանի հարցուփորձ կատարենք Օլիվեր Թվիստի մասին և ստուգենք, թե նա արդյոք դեռևս մնո՞ւմ է այն փոսի մեջ, որտեղ Թոբի Քրեքիթը թողեց նրան։
==Քսանութերորդ գլուխ==
Զվաղվում է Օլիվերով և շարունակում պատմել նրա արկածների մասին
― Գայլե՛րը գզեն ձեր կոկորդը, ― ատամները կրճտացնելով քրթմնջաց Սայքսը։ ― Երանի հիմա մոտս լինեիք․ այն ժամանակ ավելի խռպոտ կկաղկանձեիք։
Սայքսը իր կատաղի խառնվածքի ամբողջ թափով այս անեծքը ծոր տալուց հետո, վիրավոր տղայի մարմինը հանգչեցրեց իր կորացրած ծնկների վրա և իրեն հերապնդողներին նայելու համար գլուխը մի րոպե շուռ տվեց։
Խավարի ու մշուշի մեջ շատ քիչ բան էր զատորոշվում, բայց մարդկանց բարձրագոչ աղաղակները օդը թնդացնում էին, և ահազանգի սարսափազդու ձայնից գրգռված հարևան շների հաչոցները արձաքանք էին տալիս բոլոր կողմերից։
― Կանգնի՛ր, վախկո՛տ շուն, ― գոռաց ավազակը՝ բղավելով Թոբի Քրեքիթի հետևից, որը, իր երկար սրունքները լավագույնս օգտագործելով, արդեն բավականին հեռացել էր։ ― Կանգնի՛ր։
Այս խոսքի կրկնությունից հետո Թոբին քարացած մնաց իր տեղում։ Նա գժգոհությամբ տեսավ, որ գնդակի զոհ գնալու վտանգից այնքան էլ հեռու չէր։ Իսկ Սայքսը կատակ անելու տրամադրության մեջ չէր գտնվում։
― Արի օգնի՛ր, միասին տանենք տղային, ― գոռաց Սայքսը, ձեռքի կատաղի շարժումով ետ կանչելով նրան։ ― Վերադարձի՛ր։
Թոբին այնպես ձևացրեց, իբրև թե վերադառնում է, բայց դանդաղաքայլ առաջանալիս հանդգնեց կցկտուր ձայնով, որը շնչասպառության հետևանք էր, չկամություն արտահայտող ինչ֊որ բառեր քրթմնջալ։
― Շո՛ւտ շարժվիր, ― տղային իր ոտքերի առջև գտնվող չոր խոտի մեջ դնելով և գրպանից մի ատրճանակ հանելով գոռաց Սայքսը։ ― Դու քո խարդախությունը ինձ վրա մի բանեցնի, հասկացա՞ր։
Այդ պահին աղմուկը ավելի սաստկացավ։ Սայքսը նորից շրջվելով նկատեց, որ հետապնդողները արդեն մագլցում էին դեպի այն դաշտի դարպասը, որի մեջ կանգնած էր ինքը, և երկու շներ, նրանցից ավելի առաջ անցած, շտապում էին այդ կողմը։
― Ամեն ինչ վերջացած է, Բի՛լլ, ― գոչեց Թոբին, ― գցի՛ր այդ լակոտին ու փախի՛ր։ ― Այս խրատական հրաժեշտով, միստր Քրեքիթը, իր բարեկամի գնդակից մեռնելու հավանականությունը նախընտրելով վստահաբար թշնամու ձեռքն ընկնելու հեռանկարից, լքեց նրան և սկսեց ամբղջ ուժով վազել։ Սայքսը ատամները սեղմեց, մի րոպե շուրջը նայեց, երեսնիվայր պառկած Օլիվերի վրա գցեց այն թիկնոցը, որի մեջ նրան հապճեպ փաթաթել էին, հետևից եկողների ուշադրությունը տղայից այլ կողմ հրավիրելու համար ցանկապատի եզերքով վազ տվեց հակառակ ուղղությամբ, մի րոպե կանգ առավ մի ուրիշ ցանկապատի առաջ, որ նախորդի հետ ուղղանկյուն էր կազմում, ապա ատրճանակը օդի մեջ բարձր պահած կրակեց և մեկ ոստյունով մյուս կողմը ցատկելով՝ չքացավ։
― Հո՛, հո՛, հե՜յ, ― լսվեց մի դողդոջուն ձայն հետևից։ ― Պինչեր, Նեպտուն, շուտ այստեղ եկե՛ք։
Շները, որոնք, ըստ երևույթին, իրենց տերերի նման այնքան էլ մեծ հաճույք չէին զգում այս զբոսանքից, իսկույն հնազանդվեցին հրամանին։ Երեք տղամարդ, որոնք մինչ այդ դաշտի համարյա մեջտեղն էին հասել, կանգ առան խորհրդակցելու։
― Իմ կարծիքը կամ ավելի ճիշտ՝ իմ հրամանը, ― ասաց խմբի ամենագեր մարդը, ― այն է, որ մենք անմիջապես վերադառնանք տուն։
― Ինձ համար հաճելի է անել այն ամենը, որ հաճելի է միստր Ջայլսի համար, ― ասաց ավելի կարճահասակ մի մարդ, որը նույնպես բավականին գեր էր, շատ գունատ և չափազանց քաղաքավարի, ինչպես սովորաբար լինում են ահաբեկված մարդիկ։
― Ես չէի ցանկանա անքաղաքավարի գտնվել, ջենթլմեններ, ― ասաց երրորդը, որը շներին ետ էր կանչել։ ― Այդ միստր Ջայլսի գիտենալու բանն է։
― Անշուշտ, ― պատասխանեց կարճահասակ մարդը, ― միստր Ջայլսի ասածին չի կարելի ընդդիմանալ։ Ո՛չ, ո՛չ։ Փա՜ռք աստծո, ես գիտեմ, թե ինչ է պահանջում իմ դիրքը։ ― Ճշմարիտն ասած, փոքրիկ մարդը կարծես իրոք գիտակցում էր իր դիրքը և կատարելապես գիտեր, թե նախանձելի դրության մեջ չէր գտնվում, քանի որ խոսելիս ատամները կրճտում էին։
― Դու վախենում ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
― Ո՛չ, չե՛մ վախենում, ― ասաց Բրիտըլզը։
― Վախենում ես, ― պնդեց Ջայլսը։
― Դուք ստում եք, միստր Ջա՛յլս, ― ասաց Բրիտըլզը։
― Դու մի ստախոս ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
Այս վեճը առաջ եկավ միստր Ջայլսի կշտամբանքի պատճառով, իսկ միստր Ջայլսի կշտամբանքը բխում էր այն զայրույթից, որ նորից տուն վերադառնալու պատասխանատվությունը հարկադրաբար ընկնում էր իր վրա՝ հաճոյախոսության դիմակի տակ։ Երրորդ մարդը, սակայն, վեճը դադարեցրեց չափազանց փիլիսոփայորեն։
― Գիտե՞ք ինչ, ջենթլմեններ, ― ասաց նա, ― բոլորս էլ վախենում ենք։
― Դու մենակ քո անձի համար խոսիր, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը, որ խմբի ամենագունատ մարդն էր։
― Այդպես էլ անում եմ, ― պատասխանեց նա։ Տվյալ պայմաններում վախենալը շատ բնական և պատշաճ բան է։ Ես վախենում եմ, սը՛ր։
― Ես նույնպես վախենում եմ, ― ասաց Բրիտըլզը, բայց վերջ ի վերջո, չի կարելի այդպես միանգամից․․․
Այս անկեղծ արտահայտություններ մեղմացրին միստր Ջայլսի զայրույթը, և նա իսկույն ընդունեց, որ ինքը ևս վախենում էր, որից հետո երեքն էլ կատարյալ համերաշխությամբ վազեցին դեպի տուն։ Սակայն ճանապարհին միստր Ջայլսը շատ քաղաքավարի կերպով պնդեց, որ փոքր֊ինչ կանգ առնեն և երբ նրանք կանգ առան, նա իր վիրավորական խոսքերի համար խմբից ներողություն խնդրեց։
― Բայց զարմանալի է, թե մարդ ինչեր անելու ընդունակ չէ, երբ արյունը եռ է գալիս, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― Ես կարող էի ոճիր գործել, այո՛, իսկապես ոճիր գործել, եթե այդ ստահակներից մեկնումեկին բռնած լինեինք։
Քանի որ մյուս երկուսը նույնպես բաժանում էին միստր Ջայլսի կարծիքը, և քանի որ նրանք էլ միստր Ջայլսի նման կորցրել էին իրենց քաջությունը, հետևաբար, սկսեցին ենթադրություններ անել, թե տրամադրությունների այս հանկարծակի փոփոխության պատճառն ինչ էր։
― Ես գիտեմ, ― ասաց միստր Ջայլսը, ― պատճառը դարպասն էր։
― Բոլորովին զարմանալի չէ, եթե դարպասը լինի, ― բացականչեց Բրիտըլզը՝ կառչելով այդ մտքից։
― Վստահ եղե՛ք, ― ասաց Ջայլսը, ― որ այդ դարպասը կասեցրեց հուզումի հորձանքը։ Դարպասից վեր մագլցելիս ասես ինչ֊որ բան ցամաքեց իմ մեջ։
Զարմանալի զուգադիպությամբ մյուս երկուսը հենց նույն միջոցին համակվել էին այդ միևնույն տհաճ զգացողությամբ, ուստի բացահայտ էր, որ դարպասն էր պատճառը։ Մանավանդ, երբ կասկած չկար այն մասին, թե զգացումների փոփոխությունը երբ էր տեղի ունեցել, որովհետև երեքն էլ հիշում էին, թե ինչպես դարպասից մագլցելիս նրանք գողերին տեսել էին։
Այս խոսակցությունը տեղի էր ունենում գողերը հալածող երկու մարդկանց և մի շրջիկ թիթեղագործի միջև, որ գիշերել էր ինչ֊որ ցախանոցում, և որին զարթնեցրել էին իր երկու խառնածին շներով հետապնդմանը մասնակցելու համար։ Միստր Ջայլսը պառավ լեդիի ապարանքում ծառայում էր որպես սեղանապետ և մատակարարող։ Բրիտրլզը ընդհանուր մանր գործեր էր կատարում, և լեդիի մոտ շատ վաղ հասակից ծառայելու պատճառով նրա հետ վարվում էին որպես փոքրիկ խոստումնալից պատանու, չնայած արդեն երեսունն անց էր։
Թեև սյսպիսի խոսքերով իրար խրախուսում էին, այնուամենայնիվ, այդ երեքը քայլում էին իրար համարյա կպած, և ամեն անգամ, երբ սաղարթախիտ ծառերի միջով շաչում էր հողմակոծ քամին, նրանք ահաբեկված իրենց շուրջն էին նայում։ Վերջապես հասան այն ծառին, որի տակ թողել էին իրենց լապտերը, չկամենալով գողերին ցույց տալ, թե որ ուղղությամբ պետք է կրակել։ Լապտերը վերցնելով՝ արագ քայլերով ուղղվեցին դեպի տուն, և նույնիսկ երբ նրանց աղոտ կերպարանքները լուծվել էին խավարում, այդ երերուն լույսը տակավին առկայծում էր նրանց շրջապատող խոնավ ու մռայլ մթնոլորտում։
Մինչդեռ առավոտը համրաքայլ առաջանում էր, օդը ավելի ցրտեց, և մառախուղը ծխի խտացած ամպի նման ծածկեց շրջապատը։ Խոտը թաց էր, արահետներն ու դարուփոս վայրերը լցված էին տիղմով ու ջրով։ Ցրտաշունչ, խոնավ քամին խուլ հեծյունով անցնում էր դաշտերի վրայով։ Օլիվերը դեռևս անշարժ ու անզգա պառկած էր այնտեղ, ուր Սայքսը թողել էր նրան։
Օրը գնալով լուսանում էր, բայց երբ այգաբացի դժգույն շողերը, որոնք խոսում էին ավելի շուտ գիշերվա տխուր մահվան, քան նոր օրվա ծնունդի մասին, սկսեցին տարածվել երկնքում, օդը ավելի ցրտեց, և քամին դարձավ առավել սուր ու ծակող։
Մթության մեջ մռայլ ու սարսափելի թվոցող առարկաները ավելի ու ավելի որոշակի դարձան ու աստիճանաբար ընդունեցին իրենց նախկին սովորական տեսքը։ Անձրևը հեղեղի նման թափվում էր գետնին և աղմկում մերկացած թավուտների մեջ։ Իսկ Օլիվերը չէր զգում, թե ինչպես անձրևը հարվածում էր դեմքին, քանի որ դեռևս փռված էր բնության կավե անկողնու վրա՝ անօգնական և զգայազուրկ։
Վերջապես ցավի մի խուլ տնքոց խզեց տիրող լռությունը, և իր իսկ ձայնից տղան սթափվեց։ Ձախ թևը, որ անխնամ փաթաթված էր մի շալով, ծանրորեն և ընդարմացած կախ էր ընկած կողքից․ Վիրակապը արյունաթաթախ էր։ Նա այնքան թույլ էր, որ հազիվ կարողացավ նստած դիրք ընդունել և նստելուց հետո օգնություն հայցող հայացքով շուրջը նայելով՝ խոր հեծեծաց ցավից։ Մրսած և ուժասպառ, նա ամբողջ մարմնով դողում էր։ Ճիգ արավ ոտքի կանգնելու, բայց ոտից գլուխ սարսռալով ընկավ գետնին։
Երբ ուշաթափության երկրորդ տագնապը վերջացավ, որի նախընթացը այնքան երկար էր տևել, Օլիվերին համակեց չարագուշակ մի զգացում, ասես ինչ֊որ ներքին ձայն նախազգուշացնում էր նրան, որ եթե այդտեղ պառկած մնար, անպայման կմեռներ։ Ուստի տղան ոտքի կանգնեց և փորձեց քայլել։ Գլուխը պտտվում էր․ նա հարբածի նման ետ ու առաջ էր շարժվում։ Այնուհանդերձ, իրեն հազիվ պահելով, սայթաքելով ու տատանվելով և գլուխը կրծքին կախ գցած, շարունակեց քայլել, չիմանալով, թե ուր է գնում։
Եվ այժմ շփոթ ու խառնակ գաղափարների մի ամբողջ հույլ խճճվեց նրա մտքում։ Նրան այնպես թվաց, որ դեռևս քայլում էր Սայքսի ու Թոբի Քրեքիթի մեջտեղով, և նրանք բորբոքված վիճում էին, քանի որ նրանց արտասանած յուրաքանչյուր բառը հնչում էր նրա ականջներում․ երբ չընկնելու համար սաստիկ ճիգ գործադրելիս նա հանկարծ սթափվեց այդ մտքից, գտավ, որ բարձրաձայն խոսում էր նրանց հետ։ Հետո նրան այնպես թվաց, թե ինքը Սայքսի հետ առանձին էր, և իրենք քայլում էին ինչպես նախորդ օրը, թե իբրև խորհրդավոր ստվերներ իրենց մոտով անցնելիս ավազակը ասես նորից պինդ սեղմում էր նրա ձեռքը։ Հանկարծ նա ցնցվեց հրազենի ձայներից, օդը լցվեց ճիչերով ու աղաղակներով։ Նրա աչքերի առաջ լույսեր շողացին․ շուրջը ամեն ինչ խառնակ էր ու շփոթ․ ապա աներևույթ մի ձեռք շտապ հեռացրեց նրան այդտեղից։ Բոլոր այդ տեսիլների ընթացքում նա զգում էր բութ ու անբացատրելի մի ցավ, որ հոգնեցնում ու տանջում էր նրան։
Այսպես, նա երերալով շարունակեց քայլել, գրեթե մեքենաբար սողոսկելով դարպասների երկաթյա ձողերի արանքից կամ դժվարությամբ անցնելով ճանապարհին հանդիպած խրամատների միջով մինչև հասավ մի պողոտա։ Այստեղ անձրևը այնքան սաստկացավ, որ նա սթափվեց։
Նա նայեց շուրջը և շատ հեռվում մի ինչ֊որ տուն նկատեց։ Արդյոք չէ՞ր կարող այնտեղ հասնել։ Խղճալով իր վիճակին, գուցե կարեկցություն ցույց կտային․ նույնիսկ եթե հակառակը պատահեր, դարձյալ նախընտրելի է, ― մտածեց նա, ― մեռնել մարդկային արարածների մոտ, քան թե լայնատարած ամայության մեջ։ Ուստի նա լարեց իր բոլոր ուժերը մի վերջին անգամ և դողդոջուն քայլերով ուղղվեց դեպի այնտեղ։
Մոտենալով տանը, սակայն, ինչ֊որ տարօրինակ զգացում համակեց նրան, ասես առաջին անգամը չէր, որ տեսնում էր այդ շենքը։ Ներքին մանրամասնություններից ոչինչ չէր հիշում, բայց արտաքին տեսքն ու ձևը ծանոթ թվացին նրան։
Օ՜հ, այդ ցանկապատը։ Չէ՞ որ դեռ երեկ գիշեր, ցանկապատից այն կողմ, ներսում, նա ծունկի էր եկել խոտերի վրա և երկու ավազակներից շնորհ հայցել։ Մի՞թե դա հենց այն տունը չէր, որ նրանք փորձել էին կողոպտել։
Երբ Օլիվերը ճանաչեց այդ վայրը, այնպիսի սարսափ պատեց նրան, որ նա մի պահ նույնիսկ մոռացավ իր ցավերի սաստկությունը և մտածեց միայն փախչելու մասին։ Փախչե՜լ, բայց ինչպե՞ս, երբ դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում։ Այդ արդեն իր ուժերից վեր էր։ Նա հրեց պարտեզի դարպասը․ դուռը, կողպված չլինելով, լայնորեն բացվեց նրա առջև, և նա երերուն քայլերով ներս մտավ։ Ապա, մի կերպ քարշ գալով անցավ մարգը, սողոսկելով բարձրացավ աստիճաններից, հազիվ լսելի թակեց դուռը և հանկարծ բոլորովին թուլանալով՝ գրեթե անզգա ընկավ կամարակապ գավթի սյուներից մեկի կողքին։
Դիպվածն այնպես բերեց, որ համարյա նույն պահին միստր Ջայլսը, Բրիտլզը և թիթեղագործը, գիշերվա հոգնածությունից և սարսափներից հետո, խոհանոցում իրենց սպառած ուժերը վերականգնում էին թեյով և զանազան թխվածքներով։ Այստեղ պետք է ասել, որ միստր Ջայլսը սովորություն չուներ ստորադաս ծառաների հետ մոտիկ հարաբերության մեջ մտնելու։ Ընդհակառակն, նրանց հետ վերաբերվում էր այնպիսի գոռոզ սիրալիրությամբ, որ թեև գոհացնում էր նրանց, այնուամենայնիվ, պարզ զգացնել էր տալիս իր վերադաս դիրքը հասարակության մեջ։ Բայց մահ, հրդեհ, գողություն և այլ սարսափազդու երևույթներ մարդկանց հավասար են դարձնում, հետևաբար, միստր Ջայլսը, ոտքերը բուխարու երկաթյա վանդակորմին մեկնած և ձախ թևը հենած սեղանին, աջ ձեռքով ցուցադրում էր գողությունը իր բոլոր մանրամասնություններով, որին իր ունկնդիրները (մասնավորապես խոհարարուհին և սպասուհին) լարված ուշադրությամբ ականջ էին դնում։
― Ժամը համարյա երկուսն անց կես էր, ― ասաց միստր Ջայլսը, ― բայց չեմ կարող երդվել, որ երեքին ավելի մոտ չէր, երբ զարթնեցի և անկողնուս մեջ դառնալով, երևի այսպես (այստեղ միստր Ջայլսը շրջվեց իր աթոռի մեջ և սեղանի սփռոցի ծայրը իր վրա քաշեց, նմանեցնելով վերմակի), ինձ թվաց, որ աղմուկ լսեցի։
Պատմության այս կետում խոհարարուհին գունատվեց և խնդրեց սպասուհուն դուռը ծածկել․ սպասուհին իր հերթին խնդրեց Բրիտըլզից, նա խնդրեց թիթեղագործից, իսկ վերջինս ձևացրեց, իբրև թե չի լսում։
― Աղմուկ լսեցի, ― շարունակեց միստր Ջայլսը։ Սկզբում ասացի՝ «երևի պատրանք է» և այն է ուզում էի նորից քնել, երբ աղմուկը կրկնվեց առավել հստակ։
― Ի՞նչ տեսակ աղմուկ էր, ― հարցրեց խոհարարուհին։
― Պայթյունի պես մի աղմուկ, ― պատասխանեց միստր Ջայլսը՝ շուրջը նայելով։
― Ավելի շուտ մի աղմուկ, որ ստացվում է երկաթ խարտոցելիս, ― թելադրեց Բրիտըլզը։
― Քո լսած ժամանակ այդպես էր, սը՛ր, ― վրա տվեց միստր Ջայլսը, ― իսկ իմ լսած ժամանակ պայթյունի էր նման։ Վերմակը վրայիցս դեն նետեցի, ― շարունակեց միստր Ջայլսը՝ սփռոցը մի կողմ հրելով, ― նստեցի անկողնու մեջ ու ականջ դրեցի։
Խոհարարուհին և սպասուհին միաժամանակ «աստվա՜ծ» կանչեցին և աթոռները ավելի մոտեցրին իրար։
― Այժմ ես այդ աղմուկը լսում էի բացահայտ կերպով, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― «Մեկնումեկը, ― ասում եմ, ― աշխատում է ինչ֊որ դուռ կամ պատուհան խորտակել, ի՞նչ պետք է անել։ Գնամ այդ խեղճ տղային՝ Բրիտըլզին զարթնեցնեմ և փրկեմ նրան իր անկողնու մեջ սպանվելուց, այլապես նրա աջ ականջից մինչև ձախ ականջը կկտրեն, և նա երբեք էլ չի իմանա, թե ինչ կատարվեց։
Այս պահին բոլոր աչքերը նայեցին Բրիտըլզին, որը, բերանը լայն բաց արած, ծայրահեղ սարսափը դեմքին, սևեռուն հայացքով խոսողին էր նայում։
― Վերմակը մի կողմ հրեցի, ― ասաց Ջայլսը՝ սփռոցը դեմ շպրտելով և աչքերը հառելով սպասուհուն ու խոհարարուհուն, ― անշշուկ վեր կացա անկողնուց, հագնվեցի․․․
― Լեդիների ներկայությամբ չի կարելի նման բաներ ասել, միստր Ջայս, ― մրմնջաց թիթեղագործը։
― Հագա կոշիկնե՛րս, և ոչ թե ուրիշ բան, սը՛ր, ― ասաց Ջայլսը՝ շրջվելով նրա կողմը և մեծապես շեշտելով «կոշիկ» բառը։ ― Խլեցի փամփուշտով լցված ատրճանակը, որ ամեն գիշեր արծաթեղեն սպասների զամբյուղով վեր է բերվում և կամացուկ մտա նրա սենյակը․ «Բրիտըլզ, ասում եմ արթնացնելով նրան, «մի՛ վախենա»։
― Իսկ նա վախեցա՞վ, ― հարցրեց խոհարարուհին։
― Բոլորովի՛ն, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Նա այնքան քաջասիրտ էր․ ա՜հ, գրեթե իմ չափ քաջասիրտ։
― Եթե ձեր տեղը լինեի, անտարակույս վախից կմեռնեի, ― նկատեց սպասուհին։
― Դու կին ես, ― վրա տվեց Բրիտըլզը՝ մի քիչ սրտապնդվելով։
― Բրիտըլզը իրավացի է, ― ասաց Ջայլսը՝ գլխով հավանություն տալով, ― կանանցից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել։ Բայց մենք, լինելով տղամարդ, Բրիտըլզի բուխարու վրա գտնվող աղոտ լապտերը վերցրինք և թանձր մթության մեջ խարխափելով իջանք ներքև, մոտավորապես այսպես։
Համապատասխան շարժուձևով միստր Ջայլսը աթոռից վեր էր կացել և երկու քայլ առաջացել էր փակ աչքերով, երբ հանկարծ սաստիկ ցնցվեց, ինչպես ցնցվեցին նաև բոլոր մյուս անդամները, և շտապ վերադարձավ իր տեղը։ Խոհարարուհին և սպասուհին ճչացին։
― Դուռը թակեցին, ― ասաց միստր Ջայլսը՝ իրեն բոլորովին անվրդով ձևացնելով։ ― Մեկնումեկդ բա՛ց արեք։
Ոչ ոք տեղից չշարժվեց։
― Զարմանալի է, որ առավոտյան այս ժամին դուռը թակում են, ― ասաց միստր Ջայլսը շրջապատի գունատ դեմքերին նայելով և ինքն էլ սաստիկ վախենալով, ― բայց դուռը անպայման պետք է բացվի։ Լսո՞ւմ եք, մեկնումեկդ։
Միստր Ջայլսը խոսելիս Բրիտըլզին նայեց, բայց այդ երիտասարդը, լինելով համեստ խառնվածքի տեր մարդ, գուցե իրեն ոչնչություն համարեց և, հետևաբար, մտածեց, որ հարցը որևէ առնչություն չունի իր հետ, և այդ պատճառով էլ ոչ մի պատասխան չտվեց։ Միստր Ջայլսը աղերսող մի հայացք գցեց թիթեղագործի վրա, բայց նա հանկարծ քնել էր։ Կանայք հաշվից բոլորովին դուրս էին։
― Եթե Բրիտըլզը նախընտրում է դուռը բաց անել վկաների ներկայությամբ, ես պատրաստ եմ այդ վկաներից մեկը լինել, ― կարճ լռությունից հետո ասաց միստր Ջայլսը։
― Ես նույնպես, ― ասաց թիթեղագործը, նույնքան հանկարծակի զարթնելով, որքան հանկարծակի քնել էր։
Բրիտըլզը համաձայնվեց այս պայմաններին, և խմբի անդամները (փոքր ինչ սրտապնդված այն բանից հետո, երբ փեղկերը բացելով տեսան, որ արդեն լուսացել էր), շները իրենց առաջը գցած՝ բարձրացան վերև։ Խոհարարուհին և սպասուհին, վախենալով ներքևում մնալ, եկան վաշտի հետևից։ Միստր Ջայլսի խորհրդով, բոլորն էլ խոսում էին բարձրաձայն, որպեսզի չարամիտ անծանոթին նախազգուշացնեին, թե իրենք թվով շատ են։ Ապա, նույն այդ հանճարեղ ջենթլմենի ուղեղում ծագած դիվանագիտական ինչ֊որ մտահղացումով, նրանք շների պոչերը միջանցքում ուժեղ կսմթեցին, որպեսզի այդ կենդանիները կատաղորեն հաչեն։
Այս նախազգուշական միջոցները ձեռք առնելով, միստր Ջայլսը ամուր բռնեց թիթեղագործի թևից (որպեսզի նա չփախչի, ինչպես ինքը կատակով նկատեց) և հրամայեց, որ դուռը բանան։ Բրիտըլզը կատարեց հրամանը․ երբ խմբի անդամները մեկը մյուսի ուսի վրայով սարսափած նայեցին, զարմանքով տեսան ուժասպառ, խոսելու ընդունակությունը կորցրած խեղճ փոքրիկ Օլիվեր Թվիստին, որը, ծանրացող կոպերը հազիվ բարձրացնելով, լուռ գթություն էր հայցում նրանցից։
― Այս ի՞նչ տղա է, ― բացականչեց միստր Ջայլսը, թիթեղագործին հերոսաբար մի կողմ հրելով և առաջ անցնելով, ― ի՞նչ է պատահել նրան․․․ հապա՛, Բրիտըլզ, մի այստեղ նայիր․ չե՞ս ճանաչում։
Բրիտըլզը, որ դռան հետևն էր մտել՝ դուռը բանալու համար, Օլիվերին տեսավ թե չէ, բարձրաձայն ճչաց։ Միստր Ջայլսը, տղայի մի ոտից ու մի թևից բռնելով (բարեբախտաբար ոչ վիրավոր թևից), նրան քարշ տվեց միջանցք և ամբողջ հասակով մեկ փռեց հատակին։
― Նա՛ է, մեծապես հուզված և գլուխը դեպի աստիճանները երկարելով ճչաց Ջայլսը, ― գողերից մեկը այստեղ է, միսս։ Ահավասիկ մի գող, միսս։ Վիրավոր է միսս։ Բրիտըլզը լույսը պահեց, միսս, իսկ ես կրակեցի նրա վրա, միսս։
― Լապտերի լույս էր, միսս, ― ձայնը ավելի ուժեղ հնչեցնելու համար ձեռքը բերանի մի կողմը դնելով գոչեց Բրիտըլզը։
Երկու կին ծառայողները վազեցին վերև տեղեկացնելու, թե միստր Ջայլսը ինչ֊որ ավազակի է բռնել, մինչդեռ թիթեղագործը, վախենալով, որ նա կարող է մեռնել, առանց կախաղան բարձրանալու պատժին ենթարկվելու, աշխատեց Օլիվերին ուշքի բերել։ Այս աղմուկի և իրարանցման մեջ լսվեց կանացի քնքուշ մի ձայն, որն իսկույն հանդարտեցրեց փոթորիկը։
― Ջա՛յլս, ― աստիճանների վերևի հարթակից շշնջաց ձայնը։
― Այստեղ եմ, միսս, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Մի վախեցեք, միսս, ես այնքան էլ վնասված չեմ։ Նա չկարողացավ ուժեղ դիմադրություն ցույց տալ, միսս, նա տեսավ, որ ինձ հետ չի կարելի չափվել։
― Հանգի՜ստ, ― շշնջաց դեռատի լեդին, ― դուք մորաքրոջս այնքան եք վախեցնում, որքան գողերը։ Ծա՞նր է վիրավորված խեղճը։
― Սարսափելի ծանր, ― պատասխանեց Ջայլսը աննկարագրելի ինքնագովությամբ։
― Կարծես շունչը փչելու է, միսս, ― առաջվա նման բարձրաձայն ասաց Բրիտըլզը։ ― Չէի՞ք ցանկանա ներքև գալ, միսս, և չմեռած տեսնել նրան։
― Հանգի՜ստ, խնդրո՛ւմ եմ, ― ասաց լեդին։ ― Մի րոպե հանգիստ սպասեք, մինչև մորաքրոջս հետ խոսեմ։
Դեռատի լեդին իր ձայնի նման մեղմ ու եթերային քայլվածքով սահեց ու անհետացավ։ Փոքր անց նա վերադարձավ և, հաղորդելով նրանց մորաքրոջ կարգադրությունը, ասաց, որ վիրավորը ուշադրությամբ փոխադրվելու էր վերև, միստր Ջայլսի սենյակը, իսկ Բրիտըլզը ձին թամբելով, իսկույն գնալու է Չերթսի, որտեղից նա շատապ ուղարկելու էր մի ոստիկան ու մի բժիշկ։
― Գեթ մի անգամ չէի՞ք ցանկանա տեսնել նրան, միսս, ― հարցրեց միստր Ջայլսը այնպիսի պարծանքով, ասես Օլիվերը հազվագյուտ փետուրներով մի թռչուն լիներ, որին նա ձեռք էր բերել ճարտարությամբ կրակելով։ ― Գեթ մի փոքրիկ ակնարկ․ միթե ա՞յդ էլ մերժում եք, միսս։
― Ոչ այժմ, այդ անկարելի բան է։ Խե՜ղճ մարդ։ Օ՜հ, լավ վերաբերվեք նրա հետ, Ջա՛յլս, ի սեր իմ, լավ վերաբերվեք նրա հետ, ― ասաց դեռատի լեդին ու գնաց։
Ծերունի սպասավորը այնպիսի հիացմունքով ու հպարտությամբ նայեց նրա հետևից, ասես իր հարազատ երեխան լիներ։ Ապա կռանալով Օլիվերի վրա, կանացի հոգածությամբ օգնեց, որ նրան փոխադրեն վերև։