Այո՛, հիմա շատ բան պարզ է, հիմա ճամբարային բնակիչները շատ լավ գիտեն, թե ինչ կարող է պատահել նման դեպքերում։ Անցան, այո՛, անցան խավար ժամանակները․․․
Կուլաևի դեպ քին դեպքին հաջորդեցին ևս մի քանի դեպքեր։ «Վառվեցին» գորկիական բեղերով Մավրինը, բաղնիքի վարիչ Բագիրբեկովը, սափրիչ Ծուլուկիձեն, խանութի վարիչ Բոշը, գրասենյակային և ուրիշ պատասխանատու աշխատողների բարաքի ավագ Շտրումը և․․․ և ուրիշներ։ Պատահեց և այնպես, որ ճամբարից փոխադրվեց նաև պատճառավոր բրիգադավարուհի Լիդա Չաուշենկոն, մի առույգ և հաղթահասակ ուկրաինուհի, բայց․․․ բայց մեջտեղ ոչ մի կալանավոր «չվառվեց»։ Երբ պետը հարցրեց նրան, թե ով էր իր հերոյը, այսինքն հերոսը, նա անգետ դուրս եկավ և միայն ուսերը թոթվեց։ Եվ իրավացի էր․․․
Դուլցինաները քշվեցին, բայց ո՞ւր․․․ հիմա պարզ է, թե ուր։ Առաջին ճամբարային կետը գտնվում է մեր ճամբարից տասներկու, գուցե մի քիչ ավելի, հնարավոր է նաև քիչ պակաս կիլոմետրի վրա։ Այնտեղ էլ կան կանայք, բայց, չգիտես ինչու, նրանք ապրում են ընդհանուր գոտում, տարբեր բարաքներում։ Ճամբարը փոքր է, ընդամենը՝ չորս բարաք, երևի այս է պատճառը, որ նպատակահարմար չեն համարել կիսել ճամբարը։ Բայց ճամբարն ունի իր առանձնացած կցորդը՝ հինգերորդ բարաքը, որը օրգանական կապ չունի մայր ճամբարի հետ, չնայած, որ մի պատով, այսինքն մի ցանկապատով միայն բաժանված է նրանից։ Կցորդն ապրում է իր ինքնուրույն, անկախ կյանքով, ունի իր խոհանոցը, բաղնիքը, անգամ տասը մահճակալանոց մի փոքրիկ շինություն, որը կոչվում է․․․ հիվանդանոց։ Սա է («ականջդ բեր, ասեմ») ծննդաբերական տունը։