|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Երկիր։Ցպահանջ…»]], «Հայկական ժամանակ» 22.12.2001
}}
[[Category: Արձակ]]
Եվ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի։ Իսկական, որովհետեւ այս մեկը կարծես թե չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ «Պիտի որ չհավատա»,—ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։
2000-2001թթ․